հեղինակ՝ Ռուբեն Տեր֊Գասպարյան |
Երկու խոսք
Հայոց հիմնած ու հոգածությամբ խնամած Շուշի քաղաքը, Կարսի ու Կարինի, Վանի ու Բաղեշի նման, հայաթափ էր էր եղել, բայց այսօր Շուշին նորից բնակեցված է հայերով, կյանքը ընթանում է իր հունով։ Տասնամյակներ առաջ արդեն սկսվել էր քաղաքի էթնիկական նկարագրի «սրբագրությունը»՝ յուրացնելով ոչ միայն հայերի տներն ու ստեղծած արդյունքները, այլեւ պատմությունն իսկ։ Լիովին կարելի է պատկերացնել, թե ինչ կսկիծ ու հիասթափություն պիտի ապրեին դարասկզբին Շուշիում հասակ առած եւ հարկադրական խորթություն ապրող շուշեցի մտավորականները։ Եվ, այնուամենայնիվ, նրանցից մեկը՝ աշխարհագետ, պատմաբան֊բանասեր Ռուբեն Տեր֊Գասպարյանը (1892—1966), տոհմիկ համբերություն է ցուցաբերում հայրենի քաղաքի պատմության այս համառոտ ուրվագիծը ներկայացնելիս։ Նա բնավ նպատակ չի ունեցել մենագրական հետազոտության ենթարկելու Շուշիի անցյալին վերաբերող բոլոր խնդիրները, այլ՝ ծանոթացնել նրա կազմավորման հիմնական շրջաններին, հետեւել քաղաքի տնտեսական ու մշակութային առաջխաղացումներին ու մանավանդ՝ իբրեւ ականատես ու մասնակից, վկայել Շուշիի նոր պատմության ելեւէջները։ Այդ իսկ առումով սույն աշխատությունն ավելի սկզբնաղբյուր է, քան նրա վրա կառուցված վերլուծություն։ Հիշյալ պարագան չի վրիպել գրքի առաջին ընթերցող ու գրախոս, նույնպես բնիկ շուշեցի Աշոտ Հովհաննիսյանի ուշադրությունից, որի ամփոփ հանձնարարականն այստեղ ներկայացվում է։
Գիրքը հրատարակվում է բարեփոխությամբ թելադրվող որոշ կրճատումներով, գործածությունից դուրս եկող առանձին տերմինների արդիականացմամբ։
- Պարույր Մուրադյան
Հանձնարարական
Բարեբախտություն պիտի համարել, որ իր կյանքի վերջին շրջանում հանգուցյալ Ռուբեն Տեր֊Գասպարյանը անհրաժեշտ է գտել զբաղվելու Շուշի քաղաքի պատմությունը ուսումնասիրելու խնդրով։ Իրա հայրենի քաղաքի անցյալին նվիրած նրա հմտալից ուսումնասիրությունը հիրավի արժեքավոր ներդրում է անդրկովկասյան քաղաքների զարգացման պատմահամեմատական հետազոտության մարզում։ Զբաղվելով հայ, ադրբեջանական եւ եվրոպական համապատասխան սկզբնաղբյուրների եւ եղած գրական ուսումնասիրությունների քննական տեսության հարցով, հեղինակը գրել է մի աշխատություն, որի անհապաղ հրապարակումը կարող է զգալապես նոսրացնել պատմական ուսումնասիրության վատառողջ այն մթնոլորտը, որը խորհրդային պատմագիտության մեջ հակագիտական ու սպառնալից ընթացք է ստացել մանավանդ վերջերս, Զիա Բունիաթովի եւ Ֆ․ Շուշինսկու հիմնազուրկ ու միտումնավոր «ուսումնասիրությունների» խորքի վրա։
Ռ․ Տեր֊Գասպարյանը մոտեցել է Շուշի քաղաքի անցյալին վերաբերող սկզբնաղբյուրների հետազոտության խնդրին՝ իրենից վանելով ազգայնական եւ սուբյեկտիվիստական ամեն տեսակի հակագիտական մղումները։
Նրա մշակած նյութի բովանդակության վրա հարկ չեմ համարում ծանրանալ հանգամանորեն, որչափ հեղինակի աշխատությունը համեստ ծավալ ունի եւ կարող է հետաքրքրությամբ կարդացվել հարցասեր ընթերցողի կողմից։ Այնքանը միայն անհրաժեշտ եմ համարում ասել, որ ուսումնասիրությունը հեղինակը սկսում է քաղաքի բնակլիմայական միջավայրի բնութագրումից եւ նրա հիմնադրման մասին պատմաբան Լեոյի եւ իմ կողմից արած նորագույն դիտողություններից հանած ճիշտ եզրահանգումից։ Հետաքրքրությամբ է կարդացվում մանավանդ Շուշի քաղաքի XVIII—XIX դարերի սոցիալ֊տնտեսական զարգացման պրոցեսին հեղինակի տված լուսաբանությունը։ Բնութագրելով Շուշին որպես XIX դարի կեսերին կազմավորված «տիպական միջնադարյան քաղաք»՝ հեղինակի համոզիչ եզրակացության է հանգում XIX դարի վերջին եւ XX դարի սկզբում այդ քաղաքի վերապրած հետընթացի մասին, տալով ընդսմին իր արած դիտողությունների եւ եզրակացությունների գիտականորեն հիմնավորված եւ համոզիչ պարզաբանությունը։
Մեծ հետաքրքրությամբ ծանոթանալով հեղինակի գործին, իմ կողմից անհրաժեշտ գտա հեղինակի մեքենագրված բնագրում անել որոշ շտկումներ, հապավումներ, ոճական եւ ուղղագրական բարեփոխումներ, որոնք, իմ կարծիքով, կարող են միայն նպաստել բարեխղճորեն մշակված այս աշխատությունը տպագրության համար հասունացնելու գործին։
Իմ կարծիքով, Ռ․ Տեր֊Գասպարյանի ժառանգների կողմից առաջարկվող նրա այս աշխատության տպագրությունը ամենախստապահանջ ընթերցողն անգամ կարող է ընկալել որպես հրատարակչության կողմից արված դրական նախաձեռնություն։ Հեղինակի հայերեն բնագրի հետ մեկտեղ ողջունելի կլիներ լույս ընծայել նաեւ գրքի ռուսերեն թարգմանությունը, որը կարեւոր կլիներ, մանավանդ, ռուս եւ ադրբեջանական ընթերցողների համար։
Գիրքը բազմաթիվ ընթերցողներ կունենա ինչպես մեզանում, այնպես նաեւ Ադրբեջանում եւ մանավանդ՝ Լեռնային Ղարաբաղում։
- Աշոտ Հովհաննիսյան
1969, դեկտեմբերի 17։
Ներածություն[1]
Վաղուց ի վեր ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, որ ես պարտավոր եմ որեւէ աշխատություն գրել այն քաղաքի մասին, որտեղ ծնվել ու անց եմ կացրել մանկությունս, պատանեկությունս եւ երիտասարդությունս, որտեղ ստացել եմ տարրական եւ միջնակարգ կրթություն, ուր հինգ տարի շարունակ դասավանդել եմ միջնակարգ ուսումնական հաստատություններում եւ ապրել բազում ուրախ ու վշտալի օրեր մինչեւ 1920 թվականը, երբ իմ քաղաքի հայկական մասը ենթարկվեց ավերման, հետո քայքայիչ անկում ապրեց նաեւ քաղաքի մյուս՝ ադրբեջանական մասը։ 1920 թվականից հետո ես բազմիցս այցելել եմ այդ ավերված քաղաքը, որը մի ժամանակ եղել է Անդրկովկասի նշանավոր քաղաքներից ու մշակութային կենտրոններից մեկը, իր գեղեցկությամբ հռչակված նրա բնակավայրը։
Չնայած նրա ավերակների ինձ վրա թողած ծանր ու ճնշող տպավորությանը եւ դառն հիշողությանը, այդ քաղաքը միշտ էլ գրավել է ինձ եւ միշտ էլ խորը տպավորություն է թողել ինձ վրա իր անմոռանալի բնության հիասքանչ ու դյութական տեսարաններով։ Մանկության ու պատանեկության տարիների հիշողությունը եւ իմ գիտակցական կյանքի առաջին տարիներն այդ քաղաքում մնացել են անջինջ հիշողությանս մեջ… Չեմ հիշում, որ երբեւիցե երազում անգամ տեսած լինեմ մի այլ բան, բացի իմ սիրելի հայրենի տան ու քաղաքի հիասքանչ պատկերները։
Ես ինձ պարտավորված էի զգում որեւէ բանով արդարացնել իմ զգացմունքներն այդ քաղաքի հանդեպ, գրել նրա մասին եւ ասել իմ սրտի խոսքը։ Դեպի այդ միտքն են հղել նաեւ իմ ընկերներից շատերը, մանավանդ իմ սրտակից ընկեր Խորեն Սարգսյանը, որը շարունակ համոզում էր գրել Շուշու մասին, պատճառաբանելով, որ բոլոր այն սերնդի մարդիկ, որոնք գիտեն այդ քաղաքը, հետզհետե հրաժեշտ են տալիս այս աշխարհին, եւ քանի գնա՝ այնքան դժվար կլինի որեւէ արժեքավոր բան գրել այդ քաղաքի մասին, որն արժանի է, որ չմոռացվի ու մնա գալիք սերնդի հիշողության մեջ։
Գլուխ I — Շուշի քաղաքի բնաաշխարհագրական բնութագրությունը
Քաղաքի աշխարհագրական դիրքը
Շուշին տեղադրված է հյուսիսային լայնությամբ 39° 46 եւ արեւելյան երկարությամբ 46° 45 վրա։
Գտնվելով Փոքր Կովկասի լեռների շրջանում, նա փռված է Շուշու սարահարթի համեմատաբար դժվար մատչելի վայրում, ծովի մակերեսից 1300—1500 մետր բարձրության վրա[2]։
Շուշին գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի նախալեռներում՝ շրջապատված բարձրադիր լեռներով, որոնք հասնում են ծովի մակերեւույթից ավելի քան 2500 մետր բարձրության եւ պաշտպանում են քաղաքն ուժեղ քամիներից։
Քաղաքից 18 կիլոմետր դեպի հարավ֊արեւմուտք գտնվում է Թթու ջրի լեռնանցքը (Лысогорский перевал 2100 մ), որի վրայով անցնում է Զանգեզուր (Գորիս) տանող խճուղին։
Լեռնանցքը մի քանի հարյուր մետր Շուշուց ավելի բարձր է։ Շուշուց դեպի հարավ֊արեւմուտք գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի հարավային մասի ամենաբարձր լեռնագագաթը՝ Մեծ Քիրսը (2746 մետր)։ Քաղաքին արեւմուտքից, հարավից եւ արեւելքից երեւացող լեռնային մասիվները եւ շղթաները նույնպես Շուշուց ավելի բարձր են եւ միայն դեպի հյուսիս տեղանքը կտրուկ կերպով ցածրանում է, եւ Շուշի֊Եվլախ խճուղուց բազմաթիվ զիգզագներով իջնում է դեպի Ստեփանակերտ ու Կարկառ գետը, որը գոյանում է Շուշուց մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա Քարին տակ եւ Խայֆալու (Ղայբալու) գետերի միախառնումից։ Այս գետերից առաջինը հոսում է խորը ձորում, Շուշուց դեպի հարավ֊արեւելք, իսկ երկրորդը առաջացնում է ավելի պակաս խորության ձոր, որն ընկած է Շուշուց արեւմուտք։
Թթու ջրի բարձր լեռներից պարզ երեւում է, թե ինչպես քաղաքը օղակված է քարե գոտիով, որը կտրուկ կերպով ցած է իջնում դեպի այդ գետերի հովիտները՝ մի քանի հարյուր մետր ուղղահայաց գիծ կազմելով դեպի հիշյալ ձորերը։ Քարին տակ գետի հովիտը առանձնապես անդնդախուր է, եւ գետի հոսանքի ուղղությամբ գնալով ձորը ավելի խորանում է Հոնոտ գյուղի ջրաղացների մոտ։ Այսպիսով, ուղղահայաց ժայռերի «քարի գոտին» երեք կողմից (հյուսիսից, արեւմուտքից եւ հարավից), իսկ ամրոցի (Շուշու բերդի) հզոր պատերը (արեւելքից եւ հարավ֊արեւմուտքից) քաղաքը պաշտպանում էին արտաքին հարձակումներից եւ նրան դարձնում անառիկ միջնադարյան բերդ։
Այն բարձրավանդակը, որի վրա կառուցված է Շուշի քաղաքը, այնպիսին է, որ թեքված է հարավից եւ արեւմուտքից դեպի հյուսիս֊արեւելք։ Քաղաքի տեղն ընդհանրապես անհարթ է, մակերեսը՝ կտրտված ձորակներով, փողոցները, որ XVIII—XIX դարերում են կառուցված, խիստ նեղ են։ Գնխավոր Երեւանյան փողոցը, որի վրայով անցնում է «Ներքեւի դարբասից» դեպի «Վերին դարբաս» (նախկին Երեւանյան) եւ ապա դեպի Զանգեզում տանող ճանապարհը, այնքան նեղ է, որ նրա վրայով միաժամանակ երկու սայլ հազիվ կարողանային անցնել։ Այդ փողոցը բավականին զառիվայր է, ինչպես նաեւ շատ այլ փողոցներ։ Բերդի քարե հաստ պատերի մնացորդները այժմ էլ կարելի է նկատել քաղաքի հյուսիսային մասում, որը բնականից ավելի թույլ է պաշտպանված, նաեւ արեւմտյան մասում, որտեղ քաղաքը բացվում է դեպի Զանգեզուր։ Բերդի պատերի մեջ քաղաքից դեպի հյուսիս եւ արեւելք գտնվում է Աղ֊օղլանի (Ամարասի) դարբասը, իսկ արեւելք՝ Գանձակի դարբասը՝ սայլերի համար։ Սա բերդի ստորին դարբասն է։
Անցյալում, երբ քոչվորները սար էին բարձրանում կամ լեռներից իջնում քաղաքի միջով, Երեւանյան փողոցը էլի (քոչվորների) ճանապարհն էր հանդիսանում[3]։
Շուշի քաղաքի բնակելի տարածությունը խիստ սահմանափակ է։ Հյուսիսում եւ հյուսիս֊արեւելքում նրան սահմանափակում են բերդի պաշտպանության համար կառուցված պատերը, որոնցից հետո սկսում է զառիվայր իջնել ձորը։ Բնակարաններ կառուցելու համար խիստ սահմանափակ են նաեւ քաղաքից դեպի արեւմուտք եւ հարավ ընկած տարածությունները (այստեղ խանգարում է տեղանքը եւ պլատոյի ծայրը)։ Դեռեւս 1852 թվականին հաշվված է եղել, որ Շուշի քաղաքում շենքեր կարելի է կառուցել 369 դեսյատին տարածության վրա, որից շենքերով արդեն զբաղված էր 200 դեսյատին տարածություն։ «Շենքեր չեն կառուցված զառիվայր բարձրության վրա՝ քաղաքի հարավային մասում, որն ընկած է նեղ շերտով արեւմուտքից դեպի արեւելք, որտեղ կառուցումներ կատարելուց հետո քաղաքը տեղ չունի մեծանալու»[4]։
Քաղաքի հարավային մասի թեք լանջերը հետագայում զգալի չափով կառուցապատվում եւ բնակեցվում են։ Քաղաքի աճի տեսակետից բնակելի տարածության խիստ սահմանափակ լինելը հետագայում (1923 թ․) հանդիսացավ պատճառներից մեկը, որ Լեռնային Ղարաբաղի վարչական կենտրոն դարձավ Ստեփանակերտը, եւ ոչ թե Շուշու ավերումների զերծ մնացած քաղաքամասը (թեեւ այդ հիմնական պատճառը չէր)։
Պետք է նկատել, որ Շուշու բարձրավանդակը, որի վրա առաջացել, զագրացել եւ այժմ էլ գոյություն ունի Շուշի քաղաքը, իր երկրաբանական կառուցվածքով ներկայացնում է մեզոնյան շրջանի կրաքարային պլատո։ Շուշու կրաքարային բարձրավանդակը դարեր շարունակ տվել է քաղաքին հրաշալի շինանյութ բնակարաններ կառուցելու, փողոցները քարահատակելու, բերդի պատերը կանգնեցնելու եւ արժեքավոր ճարտարապետական հուշարձաններ, երեղեցիներ ու մեչիդներ կառուցելու համար։ Կրաքարը ծառայել է նաեւ կիր արտադրելու համար։ Շուշու շրջակայքում եղած բազմաթիվ քարայրները վկայում են ուժեղ զարգացած կարստային երեվույթների մասին։ Կրաքարի հարուստ շերտերը ուժեղ լուծման են ենթարկվել ստորերկրյա եւ երկրի երեսին առատ հոսող ջրերի ներգործության տակ։
Շուշու կլիման
Շուշի քաղաքի կլիմայական պայմանների մասին կարելի է դատել նրա օդերեւութաբանական կայանի տվյալների հիման վրա։ Ինչպես երեւում է 1915 թվականի «Кавказский календарь»֊ի ցուցմունքից[5], Շուշու օդերեւութաբանական կայանն աշխատել է 1848—51 թվականներին, այնուհետեւ 1872 թ․ մինչեւ 1874 թ․, իսկ 1888 թ․ սկսած նա անդադար աշխատել է մինչեւ 1920 թ․, այսինքն մինչեւ քաղաքի հայկական մասի ավերումը։ Մինչեւ 1920 թ․, վերջին առնվազն 15 տարվա ընթացքում, օդերեւութաբանական կայանը գտնվում էր Շուշու ռեալական դպրոցին կից։ Օդերեւութաբանական կայանը սպասարկում էին Շուշու ռեալականի ուսուցիչները դպրոցի բարձր դասարանի աշակերտների հետ։ Նրանք ամեն օր ամփոփագիր էին հաղորդում Թիֆլիսում գտնվող կենտրոնական օդերեւութաբանական վարչությանը[6]։ 1920 թ․ հետո կայանը տեղափոխվում է ադրբեջանական մաս՝ ռուսական եկեղեցու մոտ, քաղաքի ստորին դարբասից ոչ հեռու, որտեղ գտնվում է առայժմ։
Ինչպես երեւում է բերված տվյալներից, Շուշու օդերեւութաբանական կայանը պատկանում է Անդրկովկասում վաղուց աշխատող փոքրաքանակ կայանների թվին, որը մի քանի տասնամյակների ընթացքում վստահելի տվյալներ է տվել Շուշու օդերեւութաբանական պայմանների մասին, Կովկասի նշանավոր կլիմայաբան պրոֆեսոր Ի․ Ֆիգուրովսկին իր արժեքավոր աշխատության մեջ բարձր գնահատական է տվել Շուշու օդերեւութաբանական կայանի տվյալներին[7]։ Շուշին գտնվում է վերին գոտու անտառային շրջանում, որը համեմատաբար լավ պահպանվել է քաղաքի մոտակա շրջակայքում, լեռների լանջերին եւ ունի չափավոր խոնավ եւ համեմատաբար մեղմ կլիմա։ Ըստ պրոֆ․ Ֆիգուրովսկու հաշվառման, որը կատարված է օդերեւութաբանական բազմամյա տվյալների հիման վրա, Շուշու միջին տարեկան ջերմաստիճանը հավասար է +8,5, միջին հունվարյան (ամենացուրտ ամսվա) ջերմաստիճանը հավասար է —2,2, իսկ միջին հուլիսյանը (ամենատաք ամսվա)՝ +19,3։
Այսպիսով, ջերմաստիճանների միջին տարեկան տարբերությունը (ամպիլտուդը) հավասար է 21,5, որը կարելի է համարել ցամաքային երկրների համար խիստ չափավոր։ Սա բացատրվում է ինչպես ամառվա, այնպես էլ ձմեռվա ընթացքում քաղաքը շրջապատող անտառային շրջանի չափավորող ազդեցությամբ։
Շուշում, ըստ տարվա եղանակների, միջին ջերմաստիճանները հավասար են, ձմեռը՝ —9,8, գարնանը՝ +7,4, ամառը՝ +18,2, աշնանը՝ +9,5։ Բացասական ջերմաստիճանները Շուշում լինում են միայն հունվարին եւ փետրվարին, թեեւ սառնամանիքներ եւ ձյուն Շուշում կարող են լինել եւ հունվարից առաջ, բայց այս քաղաքում մինչեւ 1926 թվականի սեպտեմբերը նշվում է միայն մի ցուրտ օր (0֊ից ցածր ջերմաստիճանով) ամբողջ 30 տարվա ընթացքում, բայց նոյեմբերից սկսած նրանք հաճախ են լինում մինչեւ մարտ ամիսը ներառյալ, ապրիլ ամսում սառնամանիքներն հազվադեպ են, իսկ մայիսին նրանք հանդիպում են բացառիկ տարիներում։
Ձմեռվա մեղմության պատճառով Շուշում հնարավոր է զբաղվել այգեգործությամբ, բանջարաբուծությամբ եւ այլ գյուղատնտեսական կուլտուրաների աճեցմամբ։
Առհասարակ, Շուշու ջերմային պայմանները չափազանց նպաստավոր են, որպեսզի նա դառնա Անդրկովկասի խոշոր առողջարան։ Քաղաքի սքանչելի թեթեւ եւ մաքուր լեռնային օդը, չափավոր տաք ամառը, ձմեռային սառնամանիքների բացակայությունը, ջերմաստիճանի չափավոր տատանումները ըստ ամիսների, հրաշալի աշնան առաջին ամիսները, որոնք զգալի չափով ավելի տաք են, քան գարնան ամիսները, դարձնում են Շուշին մեր երկրի բնական առողջարանը։ Խոսելով Փոքր Կովկասի լեռնային շրջանի բնական զոնայի մասին, որտեղ տեղադրված է Շուշին, պրոֆեսոր Ի․ Ֆիգուրովսկին գրում է․ «Չափավոր տաք, նույնիսկ հով ամառը, որը միաժամանակ համեմատաբար պարզ է եւ չոր, դարձնում է այդ զոնան առհասարակ Անդրկովկասի ամենալավ կլիմայական կայաններից մեկը եւ ամենալավը ամբողջ Արեւելյան Անդրկովկասում։ Շուշին եւ Թթու ջուրը այս տեսակետից վաղուց ի վեր հայտնի են, ինչպես եւ Դիլիջանը, ամառը այստեղ իր ջերմաստիճանով նմանվում է Ցյուրիխին, Բերնին, Ժնեւին եւ այլ Շվեյցարական եւ Տիրոլյան վայրերին»[8]։
Շուշու առողջարանի առավելությունները, այլ նշանավոր առողջարանների համեմատությամբ, աշխարհագրական դիրքի բարձրությունը (հաշված ծովի մակերեսից), աշխարհագրական լայնության աստիճանի եւ ջերմաստիճանի բարձրությունը ձմռան ամիսներին (նոյեմբեր֊մարտ)[9]։
- Աղյուսակ 1
Ամփոփված (ընդհանրացրած)
Առողջաբանների անունները |
Բարձրությունը ծովի մակարդակից |
Աշխարհագրական լայնության աստիճանը |
Միջին ամսական ջերմաստիճանները ձմռան ամիսներին
|
|||||
Կիվլովոդսկ |
800—1000 |
41—43 |
|
|||||
Աբասթուման |
1260 |
43—54 |
|
|||||
Դիլիջան |
1258 |
43—26 |
|
|||||
Տերերդա |
1300 |
40—44 |
|
|||||
Դավոս |
1454—1560 |
46—47 |
|
|||||
Շուշի |
1400—1600 |
39—46 |
|
Եզրակացություն․—Շուշին բոլոր թվարկած կուրորտներից ավելի հարավ է, առանձնապես Դասովից եւ զգալի չափով ավելի տաք է ձմռան ամիսներին։ Ձմեռը արեգակը ավելի բարձր է եւ կեսօրին ավելի ինտենսիվ է տաքացնում։ Ցերեկն ավելի երկար է, ջերմաստիճանը 0°֊ից ցածր է Շուշում միայն երկու ամիս, ավելի պակաս, քան մյուս թված առողջարաններում, մանավանդ Դավոսում, որտեղ տեւում է հինգ ամիս։ Ինչպես պարզ է երեւում բերած տվյալներից եւ մեր ուսումնասիրություններից, աշունը Շուշում զգալի չափով ավելի տաք է, քան գարունը։
Ինչ վերաբերում է օդի խոնավության աստիճանին եւ տեղումների քանակին, Շուշում օդի միջին տարեկան բացարձակ խոնավությունը հավասար է 7 մմ, մինիմումը՝ հունվարին (3 մմ), մաքսիմումը՝ հունիսին, հուլիսին եւ օգոստոսին (11 մմ)։ Միջին տարեկան հարաբերական խոնավությունը հավասար է 67%, ըստ որում մաքսիմումն ընկնում է ապրիլ (73 %) եւ մայիս (74 %) ամիսներին, նաեւ աշնանային ամիսներին (10 — 71 %, 10 — 73 %, 10 — 70 %), իսկ մինիմումը՝ ամառային եւ ձմեռային ամիսներին (7 — 54 % , 8 — 59 % , 12 — 63 % , 1 — 63 % , 2 — 65 % )։
Մաքսիմալ ամպամածությունը Շուշում նույնպես լինում է գարնանը (երկինքը 50 % ծածկվում է ամպերով) եւ աշնանը (ամպերը ծածկում են երկնքի 54 %), իսկ մինիմալ ամպամածությունը լինում է ամռանը (45 %) եւ ձմռանը (50 %)։ Ըստ ամիսների ամպամածության մաքսիմումը լինում է մայիսին (62 %) եւ մարտին (59 %), մինիմումը օգոստոսին (42 %)։ Միջին տարեկան ամպամածությունը հավասար է 53 %։ Շուշում մթնոլորտային տեղումների տարեկան քանակը հավասար է 639 մմ, ընդ որում ըստ ամիսների տեղումների մաքսիմումը ընկնում է գարնան ամիսներին եւ հունիսին, երկրորդ մաքսիմումը՝ աշնան առաջին ամիսներին, մինիմումը՝ հուլիս եւ օգոստոս ամիսներին եւ ձմեռվա ամիսներին։
Ըստ ամիսների տեղումների մաքսիմումը լինում է մայիսին (127 մմ), մինիմումը դեկտեմբերին (20 մմ)։ Տեղումների գումարը Շուշում գարնան ամիսներին (մարտ, ապրիլ, մայիս), հունիսի ընթացքում եւ աշնան երկու առաջին ամիսների ընթացքում (սեպտեմբեր, հոկտեմբեր) հավասար է 468 մմ, իսկ տարվա մնացած 6 ամսվա ընթացքում (հուլիս, օգոստոս, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար), այսինքն՝ գլխավորապես ձմեռվա եւ ամառվա ամիսների ընթացքում հավասար է 171 մմ[10]։
Տարվա եղանակների տեղումներ տվող օրերի թիվը Շուշում հավասար է՝ ձմռանը 20 օր, գարնանը—41, ամռանը 25 օր, աշնանը—26։ Տարվա տեղումներով աղքատ եղանակը (թե օրերի թվով եւ թե տեղումների քանակով) ձմեռն է, որ շատ նպաստավոր է Շուշին նաեւ ձմեռային առողջարան դարձնելու համար։[11]
Այսպիսով, Շուշու կլիման միջին տարեկան տեղումների գումարով եւ նրա բաշխումով ըստ տարվա եղանակների կարելի է համարել չափավոր խոնավ եւ բարենպաստ՝ մարդու առողջության համար։ Շուշու համար բնորոշ է նաեւ այն, որ նա տարվա ընթացքում չունի ոչ մի չոր ամիս, այսինքն այնպիսի ամիս, երբ տեղումներ բերող օրերի թիվը ամսվա ընթացքում 6 օրից պակաս է։ Չոր ամիսների առկայությունը հատուկ է անապատային վայրերին։ Նրանց բացակայությունը Շուշում նույնպես պետք է համարել բարենպաստ կլիմայական գործոն։
Շուշում հաճախ են մառախուղները, այստեղ տարվա ընթացքում մառախլապատ օրերի թիվը հավասար է 70֊ի։ Մառախուղները ամենից հաճախ լինում են հոկտեմբերին (10 օր), մարտին (9 օր), ապրիլին եւ նոյեմբերին (8֊ական օր), այսինքն՝ գարնանը եւ աշնանը, իսկ ամենից քիչ՝ հուլիսին (1 օր) եւ օգոստոսին (2 օր)։ Ըստ տարվա եղանակների մառախլապատ օրերի թիվը հավասար է՝ ամռանը 7 օրվա, գարնանը 21 օրվա, աշնանը—25, ձմռանը—17 օրվա։ Մառախլապատ օրերի թիվը Շուշում ավելի է, քան Աբասթումանում, բայց այստեղ մառախուղները երկարատեւ չեն եւ նրանք չեն նսեմացնում Շուշու առողջարանային֊կլիմայական նշանակությունը[12]։
Շուշում գարնանը հաճախ տեղատարափ անձրեւներ են լինում։ Ըստ պրոֆեսոր Ֆիգուրովսկու, Շուշում 32 տարվա դիտումների ընթացքում տեղատարափ անձրեւների թիվը (երբ օրական տեղումների գումարը 40 մմ֊ից ավելի է) հավասար է 21 օրվա, որը զգալի չափով ավելի է, քան Փոքր Կովկասի օդերեւութաբանական դիտումների այլ կետերում, ընդ որում դիտված տեղատարափ անձրեւներից ամենաուժեղը տեղի է ունեցել 1906 թ․ մայիսին, երբ տեղումների քանակը հավասար է եղել 90 մմ (սա ամենաշատն է համեմատած Փոքր Կովկասի բոլոր կայաններում եղած դիտումներից)։
Շուշու համար խիստ բնորոշ են նաեւ ամպրոպները։ Ամպրոպային օրերի քանակը միջին հաշվով հավասար է տարվա ընթացքում 25 օրվա եւ ամբողջ Ադրբեջանական ԽՍՀ միայն մի քանի կայաններ ավելի ամպրոպային օրեր ունեին, քան Շուշին (Զուռնաբաժը՝ 34, Զաքաթալան՝ 29, Ալիաբադը՝ 26)[13]։
Ձմեռը Շուշում մթնոլորտային տեղումները սովորաբար ձյան ձեւով են լինում։ Առաջին ձյունը Շուշում կարող է լինել նույնիսկ սեպտեմբերին (բազմամյա դիտումներով ամենավաղ ձյունը տեղացել է սեպտեմբերի 19֊ին, ամենաուշը՝ մայիսի 30֊ին), բայց սրանք բացառիկ դեպքեր են, իսկ սովորաբար ձյունը տեղում է նոյեմբերից մինչեւ մարտ ամիսները, այն էլ ոչ անընդհատ։
Սառնամանիքային օրերի թիվը Շուշում միջին հաշվով հավասար է 143֊ի, ընդ որում ձյան ծածկը միանգամից չի հաստատվում հենց առաջին եկած ձյան օրից եւ անհետանում է վերջին տեղած ձյունից առաջ։ Ձյան տեղման օրերի մաքսիմումը հոկտեմբերին հավասար է 7֊ի, նոյեմբերին—12֊ի, դեկտեմբերին—12֊ի, հունվարին—11֊ի, փետրվարին—13֊ի, մարտին—17֊ի, ապրիլին—10֊ի, մայիսին—2֊ի, սեպտեմբերին—1֊ի, բայց դա մաքսիմումն է։
Ձյան ծածկույթի հաստությունը Շուշում միջին հաշվով հավասար է 20—30 սմ, բայց կան տարիներ, երբ այն զգալի չափով ավելի է լինում։
Շուշու կլիմայի առանձնահատկությունների պատճառներից մեկն էլ այն է, որ քաղաքի բնակեցված մասկ պատված է բարձր լեռներով։ Բոլոր կողմերից լավ պաշտպանված է քամիներից եւ քաղաքում սովորաբար տիրում է խաղաղ եղանակ։
Հրաշալի է ձյան օրերին, երբ եղանակը խաղաղ է, պարզ ու արեւոտ։ Այսպիսի օրերին հաճելի է փայլուն եւ փափուկ ձյան միջով բարձրանալ «քերծի գլուխը», դեպի Քարին տակ տանող ճանապարհը։
Մոտակա լեռների եւ բլուրների բարձր լանջերին, որոնք մտնում են Շուշու պլատոյի մեջ, օրինակ, նախկին զբոսայգուց այն կողմ բարձրացող բարձր ժայռերի վրա՝ այսպես կոչված «քերծի գլխին» կամ Ջըդըր Դյուզիում շատ հաճախ լինում են ուժեղ քամիներ։
Շուշում տիրապետող քամու ուղղությունը տարվա բոլոր եղանակներին հարավարեւելյանն է, հազվագյուտ դեպքում՝ արեւելյանը, երբեմն էլ հարավային ուղղությունը։ Քամու ուժը տարվա բոլոր ամիսներին խիստ չափավոր է եւ հավասար է մի վայրկյանում մեկ մետրից (հոկտեմբեր) մինչեւ 1,5 մետր (փետրվար)։ Քամու միջին արագությունը մի վայրկյանում ոչ մի ամիս 1,5 մետրից չի գերազանցում, որ հազվագյուտ երեւույթ է Ադրբեջանի օդերեւութաբանական կայանների մեջ[14]։
Ավելորդ չի լինի նշել, որ Շուշին Անդրկովկասի այն քաղաքներից է, որտեղ ձմռան ընթացքում շատ հաճախ են ֆյոները։ Շուշում նոյեմբերից մինչեւ ապրիլ ամիսները այստեղ միջին հաշվով ամսական 7 օր փչում են ֆյոն տիպի քամիներ։ Այդ օրերին օդի ջերմաստիճանը բարձրանում է 4,6°֊ից (դեկտեմբեր) մինչեւ 6,6°֊ը (հունվար) նորմայից ավելի, եւ օդի խոնավությունը խիստ ցածրանում է։ «Ֆյոները խիստ ցածրացնում են ձմռան դաժանությունը, խանգարում են ցրտերի սկսվելուն եւ արագացնում են գարնան ընթացքը»[15]։
Ամփոփելով մեր խոսքը Շուշու կլիմայական առանձնահատկությունների մասին, նշենք, որ քաղաքի թե՛ ջերմային պայմանները (համեմատաբար հով ամառը, մեղմ ձմեռը, տարվա ընթացքում ջերմաստիճանների խիստ տատանումների բացակայությունը) եւ թե՛ օդի խոնավության առանձնահատկությունները (օդի հարաբերական խոնավության ոչ բարձր աստիճանը, ցածր ամպամածությունը, մանավանդ ձմռան ամիսներին, տարվա ընթացքում տեղումների չափավոր քանակը, մանավանդ նոյեմբերից մինչեւ փետրվարը, արեւոտ օրերի մեծ քանակը նույն ամիսների ընթացքում), ինչպես նաեւ մեղմ, ոչ քամոտ եղանակի գերակշռությունը, կամ թույլ ամիսների գերակշռությունը, քաղաքին պոտենցիալ հնարավորություն են տալիս ամբողջ Անդրկովկասում դառնալ հրաշալի առողջարան, որը շատ տեսակետներից գերազանցում է ԽՍՀՄ եւ Արեւմտյան Եվրոպայի հռչակված լեռնային առողջարաններին։ Եթե Շուշի քաղաքի հիշչալ կլիմայական առանձնահատկություններին ավելացնենք եւ այն, որ նա ավելի հարավային աշխարհագրական դիրք ունի եւ այդ պատճառով զգալի չափով ավելի տաք է, քան Եվրոպայի համապատասխան լեռնակլիմայական առողջարանները, որ նա ծովի մակերեւույթի համեմատությամբ բարձր աշխարհագրական դիրք է գրավում, նրա օդը թեթեւ է, մաքուր ու պարզ, նա աննման լեռնային տեսարան ունի, հարուստ անտառային եւ լեռնամարգագետնային բուսականությամբ, քաղաքի շրջապատը իր օդով ու բուսականությամբ բարենպաստ ազդեցություն են թողնում թե՛ հիվանդների, եւ թե՛ առողջ մարդկանց հոգեկան վիճակի վրա, նաեւ ի նկատի ունենանք, որ Շուշուց ոչ հեռու գտնվում են մի շարք բուժիչ հանքային աղբյուրներ (Թթու ջուրը Շուշուց 18 կմ հեռավորության վրա, Շիրլանի հանքային աղբյուրը՝ 20 կմ, հեռավորության վրա, (եւ մի շարք աննման սովորական ոչ հանքային) լեռնային աղբյուրներ, որոնք հայտնի են իրենց համեղ ու մաքուր ջրով (Բոխի աղբյուր—Ղարաբուլաղ, Ցեխի աղբյուր, Շոշռան եւ այլն), այս բոլորը միասին վերցրած ավելի են բարձրացնում Շուշի քաղաքի առողջարանային հնարավորությունները։
Ջրամատակարարման հարցը Շուշիում
Շուշի քաղաքի համար հետաքրքիր եւ կարեւոր հարց է բնակչությանը եւ քաղաքին ջուր մատակարարելը, որը սերտորեն կապված է քաղաքի կլիմայական պայմանների, ինչպես նաեւ առողջարանային շինարարության հետ։
Ներկայումս (ինչպես նաեւ մինչեւ 1920 թվականը) քաղաքը ջուր ստանում է թե՛ քաղաքում փորած ջրհորներից[16] եւ թե՛ ջրատար խողովակների միջոցով, որոնցով ջուր են բերում քաղաքից դուրս գտնվող տեղերից։ Անտարակույս 1752 թվականից հետո քաղաքը հիմնականում կարող էր սնվել միայն ջրհորների ջրով, որովհետեւ այնքան էլ հեշտ բան չէր քաղաքին ջուր հասցնել հարեւան գետերից կամ քաղաքից դուրս գտնվող աղբյուրներից ջրատար խողովակների միջոցով, որովհետեւ այդ գետերը եւ աղբյուրները քաղաքի գծից դուրս էին գտնվում եւ տեղադրված էին ձորերում։ Շուշուց ոչ հեռու գտնվող գետերը հոսում են խորը ձորերում, որտեղից ջուրը քաղաք բարձրացնելը XVIII եւ նույնիսկ XIX դարի սկզբին տեխնիկական պայմաններում անհնարին էր, իսկ քաղաքի մոտ գտնվող աղբյուրները այնքան սակավաջուր էին, որ դրանցից քաղաքին ջուր մատակարարելը իմաստ չուներ։ Քաղաքի գծից ներս աղբյուրի ջուր ըստ երեւույթին չի եղել, համենայն դեպս մենք ոչ մի տեղ նրանց հետքերին չենք հանդիպել եւ գրականության մեջ նրանց գոյության մասին ոչինչ չենք գտել (եթե չհաշվենք Միրզա—Ջամալ Ջիվանշիրի վերը բերած հիշատակումը)։
Ինչ վերաբերում է ջրհորներին, ապա նրանց թիվը Շուշում չափազանց շատ էր եւ այժմ էլ քիչ չէ[17]։ Մենք ենթադրում ենք, որ քաղաքը հիմնադրվելուց հետո բավական երկար ժամանակ բնակիչներին խմելու ջուր էին մատակարարում ջրհորներից, բայց XIX դարի վերջերին Շուշում կառուցվում է ջրատար խողովակ Քարին տակ գետի վերին մասից, որը սկսվում է քաղաքից մոտ 20 կիլոմետրից բարձր։ Այնուհետեւ քաղաքը սկսում է կանոնավոր ջուր ստանալ։ Այդ ջրատարը կառուցված է եղել Թադեւոս Թամիրյանի միջոցներով[18]։
Քաղաքում XIX դարում կար եւս մի ուրիշ ջրատար՝ խանի կամ խանի աղջկա ջրմուղը, որը ջուր էր մատակարարում քաղաքի ներքեւի (ադրբեջանական) մասին։ Նրանով աղբյուրի մաքուր ջուր էր գալիս (եւ ոչ թե գետի պղտոր ջուր, ինչպես Քարին տակ գետից) Բոխի աղբյուրի անտառների շրջանից։ Մենք բազմիցս Բոխի աղբյուրի ճանապարհին ականջ էինք դնում գետնի տակից հոսող ջրի քչքչոցին, որը կավաշեն խողովակների միջով հոսում էր դեպի քաղաք։ Տեսել ենք նաեւ այդ խողովակները եւ ջուրը։ Թամիրյանների ջրատար երկաթե եւ հզոր ջրմուղի համեմատությամբ, խանի աղջկա ջրանցքը աննշան քանակությամբ ջուր էր տալիս քաղաքի երկու֊երեք աղբյուրներին, քաղաքի ադրբեջանական մասում։ Աղբյուրներից մեկը գտնվում էր Շեյթան բազարում, մյուսը՝ քաղաքի Ներքեւի դարբասի մոտ, գուցե եւ, ինչպես ասում էին, հանգստյան տան մի ծորակով նույնպես հոսում էր Խանի աղբրի ջուրը։
Վերջին տասնամյակների ընթացքում ջրհորների ջուրը Շուշում այլեւս խմելու պիտանի չէր, այն գործ էր ածվում ծառերը, այգիները, բոստանները ջրելու համար։ Ջրհորները լցվում էին ստորերկյա ջրերով եւ նրանց ջրի մակարդակը առանձնապես բարձրանում էր այն ամիսների ընթացքում, երբ ամենից շատ մթնոլորտային տեղումներ էին լինում։ Մայիս ամսվա ընթացքում նրանց մակարդակը համարյա հասնում էր հողի երեսին։ Ամառվա վերջին եւ ձմռան ընթացքում այն խիստ իջնում էր։ Ջրհորների խորությունը տարբեր էր եւ հասնում էր 10—15 մետրի, նույնիսկ ավելին։
Բացի սովորական ջրհորներից, Շուշում մի քանի տներում կառուցված էին ցեմենտապատ ջրամբարներ, որոնք սնվում էին ոչ թե ստորերկրյա ջրերով, այլ նրանց մեջ անձրեւաջուրը խողովակների միջոցով հավաքվում էր թիթեղյա տանիքներից։ Այս ջուրն արդեն մեծ մասամբ գործ էր ածվում լվացքի եւ գլուխ լվանալու համար։ Հիշյալ ջրամբարները շինվում էին ավելի փոքր խորությամբ (մինչեւ 4—5 մետր խորությամբ), բայց ավելի լայն էին լինում, նրանց մեջ հավաքվում էր ջրի կեղտը, տիղմը (կտուրների եւ խողովակների փոշուց), որը ժամանակ առ ժամանակ մաքրում էին։
Քաղաքի խմելու ջուրը, որը ստացվում էր Քարին տակ գետից սկիզբ առնող ջրմուղով (Թամիրյանների կառուցած ջրմուղով), հորդ անձրեւների օրերին այնքան պղտորվում էր, որ նրանցից ջուր խմելը անդուրեկան էր դառնում։ Այդպիսի օրերին ունեւոր քաղաքացիները ջուրը գնում էին ջրկիրներից (սուչիներից), որոնք ավանակներին բարձած տափակ փայտի տակառներով աղբյուրի ջուր էին բերում Ղարաբուլաղից, Ցեխի աղբրից, Ռուսի աղբրից (սպանդանոցի մոտից), վաճառելով քաղաքացիներին բեռը (երկու տակառը) 5 կոպեկով[19]։
Այն քաղաքացիները, որոնք միջոց կամ ցանկություն չունեին հորդ անձրեւների օրերին ջրկիրներից մաքուր աղբրի ջուր գնել, նրանք պղտոր ջուրը լցնում էին կավի մեծ կարասների մեջ, նրանց մեջ գցում էին շիբ կամ մի քանի կտոր ածուխ, որոնք օգնում էին ջուրը մաքրելուն։
Հողը, բուսականությունը եւ կենդանի աշխարհը
Շատ դժվար է որոշակի խոսք ասել Շուշու բնական լանդշաֆտի եւ նրա հողաբուսական ծածկույթի մասին։ Այստեղ գործ ունենք մի քաղաքի հետ, որի բնական լանդշաֆտը եւ մասնավորապես նրա հողաբուսական ծածկույթը մի քանի դարերի ընթացքում խիստ կերպով փոխվել է մարդու գործունեության ազդեցության ներքո։ Փոխվել է տեղի բուսական ծածկույթը եւ բնական բուսականության տեղ առաջ են եկել այգիներ, բանջարանոցներ, զբոսայգիներ, բնական ծառերի փոխարեն աճել են այգիներ եւ պտղատու ծառեր, թթենիներ, ակացիա, լորենիներ, թփեր (վարդեր, հաղարջ, մարդու կամքին հակառակ տարածվել են մոշուտները, որոնք ծածկում էին 1920 թվականին քաղաքի ավերված մասը), եղնջուտներ եւ մոլախոտեր։ Բնական բուսական ծածկույթի փոփոխման եւ այգիների ու բանջարանոցների առաջացման զուգահեռ (իսկ այդ այգիները եւ բանջարանոցները գտնվում էին շուշեցիների համարյա ամեն մի տան մոտ) փոխվել է քաղաքի հողի ծածկույթը, իսկ հողի մանրակրկիտ վերլուծության բացակայությունը հնարավորություն չի տալիս դատելու Շուշու սարահարթի թե հողային եւ թե բուսական ծածկույթի մասին մինչեւ այստեղ քաղաք հիմնելը։
Առավել եւս արմատական փոփոխության է ենթարկվել քաղաքի կենդանական աշխարհը, որովհետեւ անհետացել են վայրի կենդանիները եւ բազմացել ընտանի կենդանիները։ Այդ պատճառով Շուշու անցյալի բնական հողաբուսական ծածկույթի եւ կենդանական աշխարհի մասին մենք ստիպված ենք դատել կողմնակի տվյալների հիման վրա (քաղաքը շրջապատող վայրերի, տեղանքի հողերի, բուսականության եւ կենդանական աշխարհի հիման վրա կամ հարցի պատասխանը փնտրել անցյալի պատմական աղբյուրների մեջ)։
Դժբախտաբար, քաղաքի շրջակայքի տվյալները բոլորովին նույնը չեն, ինչ վերաբերվում է Շուշու սարահարթին եւ հաճախ շրջակայք ասելով վերցնում են ավելի լայն ուղղահայաց տարածքներ, իսկ Շուշու անցյալին վերաբերող հողաբուսական ծածկույթի մասին պատմական աղբյուրները չափազանց քիչ են։ Եթե դատելու լինենք Շուշու բարձրության մասին ծովի մակերեւույթի համեմատությամբ, մանավանդ որ՝ այն գտնվում է 1300֊ից մինչեւ 1500 մետր բարձրության վրա եւ հաշվի առնենք, որ Փոքր Կովկասի սահմաններում անտառային գոտին տարածվում է մինչեւ 1800—1900 մետր բարձրությունը եւ միաժամանակ ի նկատի ունենանք, որ Շուշու շրջակայքում շատ կան համատարած խառն անտառներ, այդ դեպքում պետք է համարել, որ Շուշին ամբողջապես ընկած է խառն անտառների գոտում եւ չի բարձրանում մինչեւ մերձալպյան մարգագետինների գոտին։ Բայց այդ դեպքում ինչո՞վ կարելի է բացատրել, որ քաղաքի բնակեցված մասից ավելի բարձր ընկած լեռների լանջերը այժմ բոլորովին անտառազուրկ են[20]։
Մի շարք ցուցմունքների համաձայն (որոնց ճշտության մեջ ես վստահ չեմ) այն տեղը, որտեղ իբր թե 1752 թվականին հիմնադրվել է Շուշի քաղաքը, մինչեւ այդ եղել է Շոշ (Շուշիքենդ) գյուղի արոտատեղին, ուրեմն, նա անտառազուրկ է եղել դարեր շարունակ՝ քաղաքի հիմնադրումից առաջ եւս[21]։
Բայց ինչո՞ւ Շուշու բարձրության վրա այժմ չկան եւ դարեր առաջ չն եղել անտառներ, մինչդեռ Շուշու դիմաց ընկած լեռների լանջերին (Քարին տակ գյուղից վեր) անտառներ կան՝ նույնիսկ ավելի բարձր ընկած լեռների լանջերին։ Արդյո՞ք դա լեռների տարբեր տեղադրման հետեւանք չէ։ Կամ գուցե դա բացատրվում է Շուշու պլատոյի երկրաբանական կազմվածքով, այն հանգամանքով, որ նա կրաքարի շերտերից է, որոնք մեծ խորությամբ ներս են ծծում հողի վերին շերտերի մակերեսային ջրերը, ջրազուրկ անում այդ շերտերը եւ նրանց անպետք դարձնում անտառների աճման համար, իսկ խոտի ծածկույթը այնտեղ առկա է։ Գուցե այստեղ ծառերի աճին խանգարում են չափազանց աննշան բուսահողի շերտը եւ նրա տակ գտնվող ժայռոտ բնահողը։ Կամ գուցե Շուշու սարահարթի լանջերին մինչեւ բերդի հիմնադրումը (կամ նրանից հետո), այնուամենայնիվ, անտառներ են եղել, իսկ հետո կտրտել[22]։ Այդ կարող էր լինել նույնիսկ քաղաքի հիմնադրումից առաջ, խաշնարածների ձեռքով։
Մեր այստեղ առաջադրած հարցերը պահանջում են քննել եւ պարզաբանել, որը կարելի է անել մանրակրկիտ հետազոտության միջոցով, մասնավորապես Շուշու պլատոյի անտառազուրկ լանջերին հողային ծածկույթի մանրամասն հետազոտության միջոցով։ Գործին կօգնի նաեւ երկրաբանական, հողային եւ բուսական անալիզը Կլոր թմբի շրջանում («Պյուլուր թումբ»), քաղաքից վերեւ գտնվող ուղեկալի մոտ, դեպի Բոխի աղբյուր տանող ճանապարհին, նաեւ քաղաքից ցածր գտնվող ժայռերի վրա, որոնք նույնպես անտառազուրկ են (Շուշուց ցած իջնող խճուղու զիգզագների վրա)։
Գլուխ II — Շուշին անցյալում, հիմնադրման տարեթիվը, զարգացման եւ անկման պատմական փուլերը
Շուշին հին քաղաք չէ։ Համաձայն ադրբեջանական աղբյուրների[23], նա հիմնադրվել է XVIII դարի կեսերին Փանահ֊խանի կողմից որպես բերդաքաղաք Շուշու բարձրավանդակի վրա։ Շուշու բարձրավանդակը անմատչելի դիրք ուներ, որը հարեւան հայկական Շոշու (Շուշիքենդ) գյուղի վարելատեղն եւ արոտավայրերն էր ներկայացնում։ Վարանդայի հայ Մելիք Շահնազարը նվիրել էր այն իր դաշնակից Փանահ Ալի֊խանին՝ այնտեղ բերդ հիմնելու համար։ Նոր կառուցած բերդաքաղաքը կոչվում էր սկզբում Փանահաբադ, իսկ հետո վերանվանվեց Շուշի, կամ ավելի ճիշտ՝ տեղական ժողովրդական լեզվով «Շոշվա ղալա»։
Շուշու բերդաքաղաքի հիմնադրման եւ բնակեցման ճշգրիտ տարեթվի մասին մեր պատմության մեջ սկզբում փոքր տարաձայնություն կար, բայց ընդհանրապես Շուշու հիմնադրումը համարում էին XVIII դարի հիսունական թվականները[24]։
Դեռեւս Լեոն Ղարաբաղի հայոց թեմական դպրոցի 75֊ամյակին նվիրված իր աշխատության մեջ գրում է․ «Անհավանական է, որ քաղաքը Շուշի անունը՝ «Շոշվա֊ղալա» ստացել է Շուշու հայաբնակ փոքր գյուղի անունից, այլ, ընդհակառակը, հավանականորեն գյուղը բերդից ստացած պիտի լինի իր անունը, իսկ բերդը, հավանականորեն, գոյություն է ունեցել հին ժամանակներում»[25]։
Կ․ Ա․ Էզովի հրատարակած փաստաթղթերի ժողովածուում, որ քաղված են արտաքին գործերի մինիստրության Մոսկվայի, Պետերբուրգի եւ մի շարք այլ արխիվներից, գտնվում է մի փասթաթուղթ (կազմած 1725 թ․ դեկտեմբերի 17֊ին, № 281), որտեղ խոսվում է այն մասին, որ քյոխվա Չելեբին նախորդ տարին ուղարկված է եղել հանձնելու ռուսաց կառավարության պատասխանը հայ մելիքներին եւ յուզբաշիններին։ Չելեբին հաղորդում է, որ կատարել է այդ հանձնարարությունը, հանդիպելով Ավան յուզբաշու հետ Շոշ գյուղի մոտ, որը «շրջապատված է քարե լեռներով»[26]։ Իր մի այլ աշխատույան մեջ Լեոն նորից պնդում է իր՝ 1914 թ․ Ղարաբաղի թեմական դպրոցի պատմության մեջ ասածները․ «Անհավանական է թվում,— ասում է նա, որ (Շուշի) բերդի տեղն ամայի եւ անբնակ էր մինչեւ Փանահ խանի երեւան գալը։ Ինչպես գիտենք, այս կողմերում էր գտնվում հայոց Փոքր Սղնախը եւ հայ զինվորությունն, անշուշտ, չէր կարող անուշադիր թողնել այդ ամուր բարձրությունները»[27]։
Հենվելով Էզովից մեր բերած փաստաթղթերի վրա, Լեոն ավելացնում է․ «Այս ցուցումը կասկած չի թողնում, որ Շուշին Ավան յուզբաշու ժամանակ գտնվում էր այն ժայռապատ բարձրության վրա, որ հետո դարձավ «Շոշվա ղալա», հետեւաբար այժմյան Շուշու գյուղն իր անունը բերդից է ստացել, քան թե անուն է տվել նրան»։
Լեոյից հետո այդ հարցին է անդրադառնում ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը, որը մի շարք նոր փաստաթղթերի հիման վրա հաստատում է, որ Շուշին անշուշտ գոյություն է ունեցել Փանահ֊խանից առաջ։ 1959 թվականին լույս տեսած իր երկհատորանոց աշխատության մեջ Ա․ Հովհաննիսյանը գրում է հետեւյալը[28]․ «Հին մի ժամանակագիր հաղորդում է, թե Ավան յուզբաշին եկավ «Շոշվա քարն մտավ սահբ խուրուշ իլավ ՌՃԿԶ թ․ (1717 թ․)»։ Խոսքն այն մասին է, որ այդ տարում, ամրանալով Շոշվա ղալայում, որ սկզբնապես «Քարի գլուխ» էր կոչվում, Ավան յուզբաշին կարող էր Շիրվանից Ղարաբաղ անցած լինել այդ թվականից ավելի առաջ»[29]։ Այստեղից հետեւում է, որ Շուշին («Քարի գլուխը») որպէս բնակավայր գոյություն ունի 1717 թվականից, եթե ոչ ավելի առաջ։
Ավան յուզբաշին ամրացնում է այդ բնակավայրը՝ հարձակումներից պաշտպանվելու համար։ Եվ հիրավի, 1726 թվականին, «Քարի գլխի» (հետագայի Շուշու) վրա հարձակում են գործում տաճիկները եւ, ներխուժելով այդ բերդը, դուրս են քշում այնտեղից Ավան յուզբաշու ջոկատները, իսկ Ավան յուզբաշին քաշվում է իր եղբոր՝ Թարխան յուզբաշու սղնախը։
Այսպիսով, Ա․ Հովհաննիսյանի վկայակոչած փաստաթղթերը հաստատում են Լեոյի այն ենթադրությունը, որ Շուշին որպես բնակավայր ու բերդ չէր կարող գոյություն չունենալ մինչեւ Փանահ֊խանի այդ քաղաքում հաստատվելը, այլ եղել է Փանահ֊խանի հանդես գալուց առնվազն մի քանի տասնյակ տարի առաջ։ Անհավանական չի լինի ենթադրել, որ Շուշին գոյություն է ունեցել նույնիսկ 1717 թվականից ավելի առաջ։
Խիստ ուշագրավ է նաեւ մի ցուցում, որ կապված է Շուշու հիմնադրման ժամանակը որոշելու հարցի հետ։
«Ադրբեջանի ճարտարապետական հուշարձաններ»[30] գրքի երկրորդ հատորում, որ կազմված է հատուկ արշավախմբի նյութերի հիման վրա, ճարտարապետներ Ալիզադեի եւ Սարգսյանի զեկուցման մեջ կա մի էջ, որտեղ ասված է, որ Շուշին պաշտպանող պարիսպներից ներս, «քաղաքի հարավ արեւելյան մասում, գտնվում են երկու կառուցվածք որոնք իրենց պլանով որոշ նմանություն ունեն․ դա Իբրահիմ խանի ամրոցն է եւ նրա աղջկա՝ Կարա Բոյուք խանումի ամրոցը։ Իբրահիմ խանի ամրոցը չորս կողմից փակված է բերդի պատերով ու աշտարակներով։ Բոյուք խանումի ամրոցի պատերում եղել են հրակնատներ։ Գլխավոր մուտքի միացման կամարի վրա տրված է ամրոցի կառուցման թվականը՝ հիջրիի 1121 թ․, այսինքն՝ մեր թվականության 1709—1710 թթ․»։ «Կարա Բոյուք խանումի եւ Իբրահիմ խանի ամրոցները կառուցված են եղել քաղաքի բերդից առաջ»։
Թե ինչպես կարող է այդ պատահել, շատ տարօրինակ է ու մեզ անհասկանալի։ Չէ որ Շուշի բերդի հիմնադիրը համարվող Ղարաբաղի Փանահ֊խանը մտել է Շուշի առաջին անգամ XVIII դարի 50֊ական թվականներին, իսկ Իբրահիմ խանը նրա որդին է, որի խանությունը սկսվել է միայն 1759 թ․ եւ շարունակվել մինչեւ 1806 թվականը։
Իբրահիմ Խալիլ խանի եւ նրա դուստր Կարա Բոյուք խանումի ամրոցների հիմնադրմանը վերաբերող տարօրինակ թվականության արձանագրության մասին գրված է նաեւ «Ադրբեջան (պատմական եւ տեսարժան վայրեր)» գրքույկում, որտեղ նույնպես ասված է, որ Իբրահիմ Խալիլ խանի եւ նրա դուստր Կարա Բոյուք խանումի ամրոցները «կառուցված են XVIII դարի սկզբներին, այսինքն 1709/10 թվականին», ինչպես երեւում է մուտքի միացման կամարի վրա մնացած արձանագրությունից[31]։ Նույն բանը կրկնվում է նաեւ Սովետական մեծ հանրագիտարանի երկրորդ հրատարակության 48֊րդ հատորում (1957 թ․), որտեղ գրված է, որ Շուշի քաղաքի հարավարեւելյան մասում գտնվում են երկու որոշ չափով իրար նմանվող ամրոցներ, որոնք կառուցված են XVIII դարի սկզբներին[32]։
Մեր բերած վկայություններից երկու վերջինները, ըստ երեւույթին, բխում են առաջին վկայությունից («Ադրբեջանի ճարտարապետական հուշարձանները» գրքից), հետեւապես կարիք կա ստուգել Շուշու հարավարեւելյան մասում գտնվող երկու ամրոցների կառուցմանը վերաբերվող արձանագրության տարեթիվը, եթե միայն նա պահպանվել է։
Շուշին Ղարաբաղի խանության կենտրոն դարձնելը, ինչպես եւ Շուշում խանական ամրոցներ կառուցելը չէին կարող XVIII դարի 50֊ական թվականներից առաջ կատարված լինել, քանի որ դա հակասում է պատմական բազմաթիվ աղբյուրների տվյալներին, սակայն Շուշու անցյալի պատմությունը լուսաբանելու դեռեւս շատ խնդիրներ կան, որոնցով պետք է զբաղվեն մեր պատմաբանները։ Մի բան պարզ է, որ Շուշին գոյություն է ունեցել Փանահ֊խանից առաջ՝ սկզբում որպես գյուղական բնակավայր, իսկ Ավան յուզբաշու ժամանակ որպես բերդ կամ բերդաքաղաք։ Իր գոյության այս առաջին շրջանում նա եղել է համեստ բնակավայր եւ ունեցել է աննշան քանակությամբ բնակչություն[33], ունեցել է իր զինվորությունը։ Հավանական է, որ այդ ժամանակ Շուշու բնակիչները զբաղվել են նաեւ երկրագործությամբ եւ խաշնարածությամբ։ Շուշու բերդը Փանահ֊խանի ձեռքն անցնելուց հետո (XVIII դարի հիսունական թվականներից) սկսվում է նրա պատմական զարգացման երկրորդ շրջանը։ Պարիսպներով եւ բուրգերով ամրացված Փանահ֊խանի նոր ամրոցը արագորեն բնակեցվում է Շահբուլաղից եւ այլ խանական նախկին բերդերից Շուշի տեղափոխված ռայաթներով եւ բեկերի, զինվորականների, ծառայողների, մելիքների, տանուտերերի ընտանիքներով։ Շուշին միանգամից դառնում է Ղարաբաղի խաների՝ Փանահ֊խանի (մինչեւ 1758—59 թվականը), Իբրահիմ խանի (մինչեւ 1806 թ․) եւ Մեհթի֊Կուլի խանի (մինչեւ 1823 թ․) աթոռանիստ քաղաքը։
Շուշին զարգանում է նաեւ որպես Ղարաբաղի վարչական, առեւտրական եւ արհեստավորական կենտրոն։ XVIII դ․ երկրորդ կեսին ընդլայնվում է Ղարաբաղի խանությունը, աճում նրա հզորությունը եւ վերածվում միջնադարյան ֆեոդալական մի միավորի։ Այդ շարունակվում է մինչեւ 1806թ․ (այսինքն մինչեւ Իբրահիմ խանի սպանվելը, որից հետո փաստորեն հաստատվում է ռուսական տիրապետությունը)[34]։
Շուշու պատմության երկրորդ շրջանում դանդաղորեն զարգանում էին տնայնագործությունը, արհեստները, առեւտուրը, թեեւ Ղարաբաղի խանության գլխավոր հոգսերը պատերազմական գործողություններն էին, խանության ամրապնդումը։
1806 թվականից հետո Շուշին մտնում է իր զարգացման երրորդ շրջանի մեջ, երբ Ղարաբաղում եւ Արեւելյան Անդրկովկասում հաստատվում է ռուսական իշխանությունը եւ շուտով խաղաղ զարգացման կյանք է ստեղծվում Անդրկովկասում։ Քաղաքում զարգացում են ստանում առեւտրական հարաբերությունները՝ թե երկրի ներսում եւ թե օտար պետությունների հետ, զարգանում են արհեստները, տնայնագործական արտադրությունը։ Դրան նպաստում է Շուշի քաղաքի հաղորդակցության ուղիների եւ կենտրոնների նկատմամբ հարմար տեղադրությունը, քաղաքն աստիճանաբար զգալի առեւտրական հարաբերություններ է սկսում անդրկովկասյան, ռուսական եւ արտասահմանյան շուկաների հետ։ Շուշին որպես քաղաք աստիճանաբար բարեփոխվում է, տարածվում եւ աճում, գրավելով բավականին պատկառելի դիրք Անդրկովկասի այլ քաղաքների շարքում։
Այս շրջանում Շուշին հիմնականում ոչ թե բերդ է կամ խանության նստոց, նրա հիմնական ֆունկցիան ոչ թե պատերազմներ մղելն է, թեեւ պատերազմական գործողություններ դեռեւս տեղի են ունենում, այլ Շուշին առեւտրական եւ արհեստների կենտրոն է, լայն կապերով կապված է այլ քաղաքների հետ, նա դեռեւս չի ավարտել իր միջնադարը, բայց տնտեսական զարգացման լայն ուղի է դուրս եկել։ Զգալի չափերի է հասել եւ նրա բնակչության քանակը, փոխվել է ազգային կազմը, ավելացել է քաղաքի բնակչության մեջ հայերի տոկոսը, թեեւ դեռ գերակշռում են մահմեդականները։
XIX դարի երկրորդ կեսը ներկայացնում է Շուշի քաղաքի զարգացման չորրորդ շրջանը, որը նախախորհրդային Շուշու տնտեսական եւ կուլտուրական աճի բարձրագույն աստիճանն է, երբ քաղաքի բնակչության քանակը հասնում է իր բարձրակետին։ Քաղաքի տնտեսությունը նույնպես խիստ աճում է, բայց այդ աճը արտահայտվում է հիմնականում առեւտրի եւ տնայնագործության, բայց ոչ արդյունաբերական արտադրության մեջ։
Անդրկովկասում սկսում են զարգանալ ուրիշ հզոր տնտեսական, մասնավոր արդյունաբերական կենտրոններ, ինչպես օրինակ, Բաքուն (մանավանդ 70֊ական թվականներից), Թիֆլիսը եւ ուրիշները, որով Շուշի քաղաքի տեսակարար կշիռը Անդրկովկասի քաղաքների մեջ սկսում է ընկնել։ Միաժամանակ սկսում են նշմարվել այլ առեւտրական ուղիներ, նոր հաղորդակցության միջոցներ, որոնք Շուշուց հեռու են մղում նախկին բեռնաշրջանառությունը թե դեպի հեռավոր եւ թե դեպի մոտավոր կենտրոնները։
XX դարի առաջին երկու տասնամյակներին Շուշի քաղաքը, զգալի չափով կորցնելով իր տեսակարար կշիռը Անդրկովկասում եւ Ղարաբաղում, հասնում է լիակատար անկման։ 1905—1906 թվականներին հայ֊ադրբեջանական ազգամիջյան ընդհարումներին ու 1918—1920 թվականների արյունոտ դեպքերը հասցնում են Շուշի քաղաքի հայկական մասի լիակատար ավերմանը, Շուշին դատարկվում, քայքայվում եւ անճանաչելի է դառնում։
Շուշու հասարակական կյանքը եւ տնտեսական զարգացումը
Շուշու բնակչության հարցը եւ նրա զարգացման դինամիկան ըստ պատմական էտապների քննելուց հետո անցնենք այն խնդրին, թե ինչպիսի քաղաքական եւ տնտեսական զարգացման շրջաններ է ունեցել Շուշի քաղաքն իր ծագման սկզբից մինչեւ մեր օրերը, պահպանելով քաղաքի պատմության նույն ժամանակագրությունը, որ մենք նշել ենք նախորդ էջերում։
ա) Շուշին մինչեւ Ղարաբաղի խանության կենտրոն դառնալը
Շուշին մինչեւ Ղարաբաղի ադրբեջանական խանության կենտրոն դառնալը գոյություն է ունեցել, լինելով ավելի շուտ որպես բերդ, այդ մենք կասկածից դուրս ենք համարում, որովհետեւ այդ բնակավայրի գոյության մասին ունենք մի շարք պատմական վկայություններ, որոնց մասին արդեն խոսել ենք նախորդ գլուխներում։ Շուշին անցյալում հավանականորեն Ղարաբաղի փոքր բերդերից մեկն է եղել, մինչեւ նրա՝ Փանահ֊խանի խանության կենտրոն դարձնելը։ Պետք է ենթադրել, որ նա ունեցել է զինվորական կազմակերպություն, այնտեղի բնակչությունը, անշուշտ, խաղաղ տարիներին ունեցել է իր տնտեսական զբաղմունքները, որոնք ամենայն հավանականությամբ ավելի մոտ պետք է լինեին գյուղացիական զբաղմունքներին։
բ) Քաղաքի հասարակական եւ տնտեսական կյանքը Ղարաբաղի խանության քաղաքական կենտրոն դառնալուց հետո
XVIII դարի հիսնական թվականներին Շուշին դառնում է ուժեղ բերդաքաղաք, շրջապատված ամուր պարիսպներով ու բուրգերով եւ պատրաստվում է հենց առաջին հարկ եղած դեպքում դեմ առնել Ղարաբաղի նոր հիմնադրված, ավելի ճիշտ իր վարչական կենտրոնը Բայաթից, ապա Շահբուլաղից Շուշի փոխադրած խանության բազմաթիվ թշնամիներին։ Պաշտպանության համար հարմար եւ անառիկ բնական դիրք ունենալով, ամրություններով ու պարիսպներով շրջապատված քաղաքը դառնում է Ղարաբաղի խանության վարչական կենտրոնը, որը համառ պայքար է մղում իր տարածքն ընդլայնելու եւ հզորությունը ամրապնդելու համար։
Քաղաքներն այն ժամանակ տիպիկ միջնադարյան քաղաք֊ամրոցներ էին, որոնք ծառայում էին պաշտպանությանը, իսկ հաջողության դեպքում՝ հիմք դառնում հարձակողական գործողություններ սկսելու համար։ Ուստի բնական է, որ այն ժամանակ կամ նրանից առաջ ծագած համարյա բոլոր քաղաքները բերդաքաղաքներ էին, ամբողջապես շրջապատված պարիսպներով, խանդակներով եւ պաշտպանողական այլ կառույցներով կամ ունեին իրենց միջնաբերդը քաղաքի ներսում։ Այդպիսի քաղաքներ էին Նուխին, Շամախին, Բաքուն, Գանձակը, Երեւանը, Գյումրին (Ալեքսանդրապոլը), Թիֆլիսը, Գորին, Ախալցխան, Քութայիսը եւ շատ ուրիշներ։
Շուշին բազմաթիվ այլ բերդաքաղաքների մեջ ավելի ուշ է սկիզբ առել, բայց շնորհիվ իր բնական ամրության ու Ղարաբաղի խաների առաջին պատերազմական հաջողությունների, խիստ բարձրանում է հարեւան խանությունների մեջ եւ առաջնակարգ դիրք գրավում նրանց համեմատությամբ։ Շուշին որպես բերդաքաղաք առանձնապես մեծ ծառայություն է մատուցել Ղարաբաղի առաջին խաներին՝ Փանահ֊խանին, Իբրահիմ Խալիլ խանին, Խամսայի՝ Լեռնային Ղարաբաղի հայ մելիքների դեմ մղված պայքարում։
Բերդաքաղաք Շուշին պետք է ունենար միջնադարյան քաղաքի եւ այլ տիպիկ հատակագծեր։ Խաների տիրապետության ժամանակ Շուշին ավելի շուտ պիտի նմանվեր գյուղի, որն ուներ որոշ տարածությամբ ցանքսեր, այգիներ եւ արոտավայրեր։ Ճիշտ է, այդպիսի գյուղատնտեսական հողահանդակները Շուշի քաղաքում չէին կարող մեծ տարածություն գրավել, որովհետեւ քաղաքի տարածքը, որը տեղադրված էր ծովի մակերեւույթից 1300—1500 բարձրության վրա եւ խիստ սահմանափակ տարածություն էր գրավում լեռնային պլատոյի գագաթին, գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար շատ քիչ հարմարություններ ուներ, այնուամենայնիվ՝ այն ժամանակ, բերդաքաղաքի գոյության առաջին շրջանում, երբ նրա մշտական բնակչությունը դեռ սահմանափակ էր եւ ազատ ու չբնակեցված տարածությունները համեմատաբար շատ, քաղաքի բնակչության մի մասի գյուղատնտեսությամբ զբաղվելը կասկածից դուրս պետք է համարենք, բայց, անտարակույս սահմանափակ չափերով։
Սակայն Շուշու բնակչության հիմնական զբաղմունքը արհեստն էր, իսկ հետագայում նաեւ առեւտուրը։ Նախ եւ առաջ, Շուշին որպես բերդաքաղաք պահանջում էր մեծ քանակությամբ կառուցող բանվորական ուժեր՝ քարտաշներ, որմնադիրներ, ատաղձագործներ եւ այլ արհեստավորներ, որոնք աշխատում էին բերդի շրջապատը, բուրգերը, պալատները, բնակելի տները, բաղնիքները, եկեղեցիները, մեչիդները եւ այլ շենքեր կառուցելու համար։ Միրզա Ջամալ Ջիվանշիրը իր «Ղարաբաղի պատմություն» գրքի վերջում հատուկ գլուխների մեջ, որ կոչվում են «Հանգուցյալ Փանահ֊խանի եւ Իբրահիմ խանի կառուցած հուշարձանների եւ շենքերի մասին», թվում է այն հուշարձանները, որոնք կառուցվել են այդ խաների ժամանակ[35], ընդ որում նա Փանահ֊խանին վերագրում է «Բայաթ ամրոցի կառուցումը իր շուկայով, պարիսպներով եւ շենքերով, որ շինված է թրծած աղյուսից եւ Շահբուլաղ ամրոցի կառուցումը աղբյուրի մոտ շինված մեչիդով, բաղնիքով, քաղաքի շենքերով եւ շուկայով, որոնք շինված են քարով ու կրով»։
Միրզա Ջամալ Ջիվանշիրը վերը նշած գրքում հաղորդում է, որ Փանահ֊խանը կառուցել է նաեւ «նախկին Շուշու բերդի պատերը եւ այն շենքերը, որ այժմ օգտագործվում է որպես հացահատիկների պահեստ», «զորքերի համար», իսկ «Իբրահիմ խանը 1182 մուսուլմանական թվականին (մեր թվարկության 1768—69 թթ․) կառուցել է Շուշու մեչիդը, եւ երբ վերջինս հնացել է, Իբրահիմ խանի դուստր Գյովար խանումը այն վերականգնել է, եւ առաջվանից ավելի գեղեցիկ է դարձել»։ Այնուհետեւ Միրզա Ջամալը հաղորդում է, որ Իբրահիմ խանը կառուցել է Շուշի բերդաքաղաքի պատերը (1783—1784 թթ․), իսկ Շուշի քաղաքից դուրս էլ մի շարք պարիսպներ (Ասկերանում, խանի ղաշում՝ Խանաբադում, Աղդամում, Խազնա կոչված վայրում եւ այլն)։ Բացի Միրզա֊Ջամալ Ջիվանշիրի վկայությունից, մենք այժմ էլ Շուշում գտնում ենք այդ բերդաքաղաքի կիսավերված փլատակների մնացորդները, որոնք մի ժամանակ շրջապատում էին քաղաքը, նաեւ Շուշին պաշտպանող բուրգերն ու դարբասները։ Քաղաքի շրջապատի պարիսպների բարձրությունը հասնում էր 6—8 մետրի։ Պահպանվել են նաեւ Իբրահիմ խանի եւ նրա դուստր Կարա Բոյուք խանումի ամրոցների մնացորդները, նաեւ մի շարք այլ հուշարձաններ, որոնք վերաբերում են Ղարաբաղի առաջին խաների ժամանակներին։
Կանգ չառնելով XVIII դարի երկրորդ կեսում Շուշի քաղաքի կառուցողական արվեստի գնահատության խնդրի վրա, անցնենք մեր անմիջական հարցին՝ բնակչության պրոֆեսիոնալ կազմին եւ զբաղմունքին։
Չունենալով անմիջական ստույգ տվյալներ Շուշու բնակչության պրոֆեսիոնալ կազմի քանակի մասին Ղարաբաղի խանության օրերին, մենք, այնուամենայնիվ, մի քանի հանրածանոթ փաստերի հիման վրա կարող ենք եզրակացնել, որ քաղաքի բնակչությունը պետք է կազմված լիներ հետեւյալ հիմնական խմբերից․
1․ Առաջին խմբի մեջ մտնում են խանն ու նրա մերձավորները, խանական վարչության ծառայողները, զինվորականները, բեկերն ու աղալարները, նոքյարները եւ այլն։ Այս խումբը չէր կարող կազմել Շուշի քաղաքի մշտական բնակչության զգալի մասը, թեեւ երբեմն նա կարող էր աճել զգալի քանակությամբ (պատերազմական գործողությունների, արշավանքների օրերին եւ ալյն)։
2․ Պաշտամունքի սպասավորները (մահմեդական, քրիստոնյա) կազմում էին անաշխատ բնակչության երկրորդ խումբը, որ նույնպես ինքնըստինքյան բազմամարդ լինել չէին կարող։
3․ Ղարաբաղի խանության ժամանակաշրջանում Շուշու բնակչության մեծ մասը կազմում էին արհեստավորները, որոնց վրա ծանրանում էին հիմնական աշխատանքները։ Նրանք պետք է կառուցեին բերդի պարիսպներն ու բուրգերը, պալատներն ու սովորական շենքերը, թե տիրող դասակարգի եւ արտոնյալների եւ թե հասարակ զինվորականների ու բերդում բնակվողների համար, նրանք պետք է ճանապարհներ շինեին զորքի փոխադրության համար, պետք է զենք մատակարարեին, ծառայեին գյուղական բնակչության կարիքներին։ Նոր քաղաք կառուցելը, նրա համար նորանոր կապեր հաստատելը, խանության մոտավոր ու հեռավոր շրջանների հետ Ղարաբաղի խանության նոր կենտրոնի առաջ դնում էին նորանոր խնդիրներ։ Այս բոլորը պետք է կատարվեր արհեստավորների ձեռքերով։ Քաղաքում բնակություն հաստատած արհեստավորությունը Շուշում գտավ աշխատանքի մեծ պահանջ եւ անհրաժեշտ շինանյութեր՝ բերդերը կառուցելու, պարիսպներով շրջապատելու եւ հոյակապ պատեր բարձրացնելու, շնորհիվ այն կրաքարի, որից կազմված էր Շուշու սարահարթը, որը հիմք էր ծառայում կիր ստանալու համար, իսկ անհրաժեշտ փայտանյութերը կարելի էր ստանալ շրջակա անտառներից։
Շուշու հիմնադրման սկզբնական շրջանում բնակչության արհեստավորական մասսան գլխավորապես պետք է զբաղված լիներ կառուցողական աշխատանքներով, այսինքն պետք է կազմված լիներ քարտաշներից, որմնադիրներից, ատաղձագործներից, փականագործներից, դարբիններից եւ այլն, իսկ ժամանակի ընթացքում, երբ ավելանում էր քաղաքի բնակչությունը եւ բազմանում նրա պահանջները, արհեստները պետք է բազմազան դառնային եւ առաջնային նորանոր մասնագիտացումներ, օրինակ, կաշեգործներ, գլխարկագործներ, դերձակներ, պղնձագործներ, կլայեկչիներ, թամբագործներ, ոսկերիչներ եւ այլն։ Պատկերացնել թե ինչպիսի արհեստներով է զբաղվել Շուշու բնակչությունը այդ ժամանակաշրջանում, մեզ օժանդակում է XIX դարի հիսնական թվականների մեր ձեռքի տակ գտնվող արհեստավորների պրոֆեսիոնալ կազմի ցուցակը եւ արհեստներով զբաղվողների քանակը։ Ցուցակի մեջ դժվար է մատնանշել մի արհեստ, որը գոյություն չունենար XVIII դարի երկրորդ կեսում[36]։
Սակայն դրանցից բացի, անշուշտ, մենք ուղղակի տվյալներ ունենք, որ վերաբերում են XVIII դարի երկրորդ կեսին եւ վկայում են Շուշու արհեստավորների կազմի մասին։
Րաֆֆու «Խամսայի մելիքությունները»[37] աշխատության մեջ մենք հանդիպում ենք մի պատմություն՝ ոսկերիչ Մելքումի մասին, որը առասպելական պայքար է մղում Ղարաբաղի խաների տիրապետության դեմ եւ որի մասին ասված է, որ նա շուշեցի էր (էջ 252)։ Մեզ համար այդ փաստը նշանակալից է այն տեսակետից, որ Իբրահիմ խանի ժամանակ Շուշում եղել են ոսկերիչներ։
Ղարաբաղի խաները դրամահատման իրավունք ունեին եւ իրենք հատում էին արծաթե եւ պղնձե դրամներ (ոսկե դրամների հատման իրավունքը վերապահվում էր միայն շահին)[38]։
Թե ինչպիսի ներքին կազմակերպություն է ունեցել Շուշու արհեստավորությունը Ղարաբաղի խաների տիրապետության ժամանակ, դժվար է հաստատ ասել, բայց պետք է ենթադրել, որ արհեստավորների այն համքարական կազմակերպությունը, որ եղել է Շուշում ցարական կառավարության ժամանակ, մոտավորապես նույն պատկերն է ունեցել, ինչ որ եղել է Ղարաբաղի խանության օրերին։
Ինչպես պարզ երեւում է հայկական աղբյուրներից, որոնք հաղորդում են Շուշում բնակություն հաստատած հայերի կազմի եւ զբաղմունքների մասին, դրանք գլխավորապես արհեստներով եւ վաճառականությամբ զբաղվողներ էին, ղազանչիներ, այսինքն կաթսաներ պատրաստող պղնճագործներ, որ եկել էին Շահկերտ գյուղից եւ, ինչպես Լեոն է ասում, «նշանավոր էին իրենց ընդունակություններով»[39], կային ագուլիսեցիներ, այսինքն Ագուլիսից գաղթածներ, այն վայրից, որը «Հին Ջուղայից (Ջուլֆայից) հետո ամենախոշոր առեւտրական համայնքն է ներկայացնում»[40] եւ մեղրեցիներ, որոնք նույնպես հայտնի էին իրենց արհեստներով եւ վաճառականությամբ
Եւ ահա տեղափոխված հայերը զբաղվում էին արհեստներով եւ առեւտրով, եւ թեեւ առեւտուրը Շուշու Ղարաբաղի խանության օրերին չէր կարող հասնել մեծ չափերի, բայց եւ այնպես նա սկսում է աստիճանաբար ծավալվել, իսկ ռուսական տիրապետության ժամանակ նա այնպիսի չափերի է հասնում, որ ապահովում է առեւտրականների գերակշռությունը մնացած հասարակական խավերի նկատմամբ, եւ Շուշին արդարացի կերպով ստանում է առեւտրական կենտրոնի հռչակ[41]։
Այն, որ մենք ասացինք Ղարաբաղի խանության ժամանակ Շուշում հաստատված առաջին հայ բնակչության մասին, նույնը մասամբ արդարացի է նաեւ Շուշու մահմեդական բնակչության նկատմամբ։ Անշուշտ, արհեստներն ու առեւտուրը XVIII դար երկրորդ կեսին պետք է սկսեին զարգանալ նաեւ քաղաքի մահմեդական բնակչության մեջ, թեեւ XVIII դարի վերջերին նրանք մահմեդականների մոտ չէին հասել այնպիսի չափերի, ինչպես հայերի։
Այսպես թե այնպես Շուշին խանության տիրապետության շրջանում ներկայացնում էր տիպիկ միջնադարյան քաղաք, որտեղ բնակչությունը բաժանվում էր համապատասխան դասերի, որտեղ իշխող էր խաների, բեկերի, աղալարների տիրապետող դասը, այնուհետեւ հետեւում էր հոգեւորականների դասը եւ վերջապես արհեստավորների եւ վաճառականների այսպես կոչված երրորդ դասը, որը աստիճանաբար կազմակերպվում էր եւ զորեղանում[42]։
XIX դարի ընթացքում, արդեն ռուսական տիրապետության ներքո, առանձնապես ուժեղանում էին առեւտրականները, որոնք իրենց ձեռքն են հավաքում գերիշխանության սանձը, որքան դա հնարավոր էր ցարական ինքնակալության պայմաններում։
Այսպիսով, XIX դարի սկզբում Շուշին իրենից ներկայացնում էր միջնադարյան քաղաքի յուրահատուկ արեւելյան առանձնատեսակը, որտեղ պահպանվում էին հին դասերի իրավունքներն ու արտոնությունները, բայց միաժամանակ ծնվում եւ ուժեղանում էին նոր հասարակական խավեր, իսկ քաղաքն աստիճանաբար դառնում էր արհեստի եւ առեւտրի կենտրոն, որը սկսում էր կարեւոր դեր խաղալ նույնիսկ Ղարաբաղի խանության սահմաններից դուրս։
գ) Հասարակական կյանքը եւ տնտեսությունը XIX դարի առաջին կեսում
Երբ XIX դարի սկզբում Արեւելյան Անդրկովկասը եւ դրա հետ նաեւ Շուշի քաղաքը, անցան ռուսական կառավարության կազմի մեջ, այդ հանգամանքը նշանակալից եղավ այն տեսակետից, որ Անդրկովկասում շուտով դադարեցին անվերջ պատերազմական գործողությունները։ Ռուսական հզոր իշխանության ներքո Ղարաբաղում եւս հաստատվեց խաղաղ կյանք, որը բարենպաստ էր երկրի տնտեսական զարգացման համար[43]։
Շուշում ռուսական գերիշխանության հաստատումից հետո (1805 թ․) միայն մի քանի տարի էր անցել, եւ մենք տեսնում էինք, որ առեւտրական կապիտալը Շուշում այնպիսի խոշոր ուժ էր ներկայացնում, որ հայ հասարակական գործիչ եւ պատմագիր Մեսրովբ Թաղիդյանը նրա մասին հիացմունքով է խոսում։ Թաղիդյանը, 1821 թվականին Եփրեմ կաթողիկոսի հետ գտնվելով Շուշի քաղաքում, պատմում է, որ Շուշում այն ժամանակ բնակվում էին երկու վաճառաշահ տներ, որոնք խոշոր կապիտալների տեր էին եւ ահագին գործարքներ էին կատարում։ Այդ առեւտրական տներից մեկը Հախումյանների տունն էր, որը ռուսական կայսրության գանձարանում մոտ մեկ միլիոն ռուբլի փող ուներ եւ առեւտուր էր անում Իրանի, Սիբիրի եւ Եվրոպայի քաղաքների հետ, ուներ մեծ քանակությամբ գործակատարներ։ Երկրորդ վաճառաշահ տունը եղբայրք Զոհրապ եւ Մեսրովբ Թառումյանների տունն էր, որը արտոնություններ ուներ Կասպից ծովի ձկնորսության եւ նավագնացության մեջ եւ ոչ պակաս առեւտրական գործեր էր վարում, քան Հախումյանների տունը։ Եղբայրք Թառումյանները իրենց հաշվին Շուշում կառուցել են Ագուլյաց եկեղեցին, թեեւ իրենք Ղազանչեցվոց ծխին էին պատկանում[44]։
Թառումյանի մահվանից հետո նրան թաղում են «մեծ պատվով, ինչպես Արտաշես Արշակունի թագավորին», գրում է Թաղիդյանը, «հայոց կաթողիկոսի, եպիսկոպոսների եւ ժողովրդի ահագին բազմության ներկայությամբ»։
Այս ամենը վկայում է, որ վաճառական խավը արդեն իսկ 1821 թվականին Շուշում այնքան էր ուժեղացել, որ միլիոնավոր կարողությունների տեր էր համարվում, վայելում մեծ պատիվ ու հարգանք եւ իր գաղափարախոսությունը պատվաստում բնակչության որոշ խավերին։ Բնակչության վաճառական խավը, գոնե հայերի մեջ, այնքան էր աճել, որ նրա համար արդեն նեղ են դարձել ոչ միայն սեփական քաղաքի, այլ նույնիսկ Անդրկովկասի սահմանները, եւ Շուշու դրամատերերը իրենց առեւտրական գործարքներով արդեն անցել են Սիբիրի, Իրանի եւ Եվրոպայի շուկաները[45]։ Շուշու վաճառականների առեւտրական կապիտալը ներդրումներ է կատարում նորանոր ձեռնարկությունների մեջ՝ ձկնորսական, նավագնացության գործում, եւ ալյն։
Հետագայում Շուշու ձեռներեց վաճառականության համար պահանջվում են գործունեության ավելի լայն ասպարեզներ, եւ նրանցից շատերը իրենց ձեռնարկները տեղափոխում են Անդրկովկասի, Ռուսաստանի եւ արտասահմանի նորանոր վայրեր, այդ նոր վայրերն են տեղափոխվում եւ իրենք ու միայն ժամանակ առ ժամանակ, մեծ մասամբ ծերության հասակում, վերադառնում են իրենց հայրենի քաղաքը «ապրելու իրենց վերջին օրերը որպես քաղաքի հայրեր ու իշխաններ»։
Ժամանակի ընթացքում խոշոր առեւտրականները իրենց ընտանիքներով վերջնականապես հեռանում են Շուշուց, բնակություն հաստատում այդ քաղաքից դուրս։ Նրանց տեղը բռնում են նոր եկվորները, որոնք գալիս են գյուղերից, արհեստներ սովորում ու գործ սկսում եւ գնում նույն ճանապարհով, ինչպես եւ առաջինները։ Շուշին յուրահատուկ իջեվան էր, որտեղ պատրաստվում էին այն տարրերը, որոնք այնուհետեւ ցրվում էին Ռուսաստանի եւ այլ երկրների տարբեր կողմերը։ «Առեւտրական դասակարգը Ղարաբաղի ազգաբնակչությանը հաղորդակից էր անում շահի եւ հարստանալու գաղափարին», իսկ առեւտրական եւ արդյունաբերական կենտրոնները դառնում էին հարստանալու ասպարեզ։ «Շարժումը տարերային դարձավ» եւ «միմյանց հետեւից սկսեցին գնալ եւ արհեստավորը, եւ երկրագործը, եւ մտավորականը»։ «Որտեղ հա», այնտեղ կա»», այս վաճառականական սկզբունքը ամենից մեծ չափով կատարվեց Ղարաբաղում»[46]։ Այս բառերով է նկարագրում պատմաբան Լեոն վաճառական դասակարգի զարգացման եւ տարաբաշխման պրոցեսը եւ դրա հետ միասին Շուշու բնակչության այլ հասարակական խմբերի նոր տեղաշարժերը[47]։
Չծանրանալով Ղարաբաղի հայ բնակչության զանազան երկրներում տարաբաշխման բարդ խնդիրների վրա, մատնանշենք, որ այստեղ միանգամայն ճիշտ է նկատվում առեւտրական դասակարգի արագ զարգացումը Շուշու հայ բնակչության մեջ եւ բուրժուական գաղափարախոսության ուժեղ ազդեցությունը բնակչության լայն խավերի վրա։
XIX դարում անշուշտ կատարվում է Շուշու բնակչության եւ նրա տնտեսության արագ աճը։ XIX դարի կեսերին Շուշին դառնում է Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկը։
Շուշի քաղաքը, որը դեռեւս 1846 թվականին կոչվում էր Կասպիական մարզի Ղարաբաղի գավառի քաղաք («уездный город Карабахского уезда Каспийской области») արդեն 1852 թվականին Կովկասի օրացույցում[48] կոչվում էր Շամախի նահանգի գավառական քաղաք։ Իր բնակչության քանակով Շուշին 1852 թվականին Անդրկովկասի քաղաքների շարքում 4֊րդ տեղն էր գրավում, զիջելով միայն Թիֆլիսին, Շամախուն եւ Նուխուն։ Շուշին ուներ 12774 բնակիչ, որոնցից 6356 հոգին տղամարդ էին, իսկ 6418 հոգին կանայք։ Քաղաքում կային 1846 քարաշեն տներ, 576 խանութ, 11 սալուղիներով իրար հետ կապված փողոցներ, 6 հրապարակ, 4 քարե եւ 2 փայտե կամուրջներ։
Բնակիչներն իրենց կազմով ներկայացնում էին՝
Ուղղափառ կրոնի հոգեւորականներ |
1 հոգի |
Հայ֊լուսավորչական |
37 հոգի, կին 38 հոգի |
Եկեղեցական ծառայողներ |
19 հոգի »» 33 հոգի |
Մուսուլման հոգեւորականներ |
26 հոգի »» 40 հոգի |
Ազնվականներ խանական ընտանիքից |
16 հոգի »» 22 հոգի |
»» մելիքներ |
10 հոգի »» 18 հոգի |
Ազնվականներ, բեկեր եւ չինովնիկներ |
10 հոգի »» 8 հոգի |
քաղաքացիական չինովնիկներ |
742 հոգի »» 780 հոգի |
Արքունական գյուղացիներ |
3076 հոգի »» 3035 հոգի |
Կալվածատիրական գյուղացիներ |
2381 հոգի »» 2452 հոգի[49] |
Այսպիսով, Շուշու բնակչության հիմնական զանգվածը պատկանում էր գյուղացիական դասին, բայց այստեղ խոսքը ծագման մասին է։ Կոնտորովիչը Շուշու մասին գրած հոդվածում ուղղակի նշում է, որ «Շուշու բնակիչները, հնարավորություն չունենալով զբաղվելու ոչ վար ու ցանքով եւ ոչ էլ այգեգործությամբ, բացառապես նվիրված են արհեստներին ու առեւտրին» (էջ 434)։
Արհեստների տարածումը Շուշում 1852 թվականին հետեւյալ պատկերն էր ներկայացնում՝
Ատաղձագործներ |
7 հոգի, |
կաշեգործներ |
27 հոգի |
հյուսներ |
42 » |
դերձակներ |
52 » |
որմնադիրներ |
38 » |
գդակագործներ |
28 » |
դարբիններ |
27 » |
թամբատակ պատրաստ․ |
7 » |
փականագործներ |
20 » |
թաղեգործներ |
12 » |
պայտառներ |
19 » |
սափրիչներ |
25 » |
պղնձագործներ եւ կլայեկներ |
13 » |
ներկարարներ |
15 » |
արծաթագործներ |
24 » |
հացթուխներ |
21 » |
ժամագործներ |
2 » |
շուկաների խոհ․ |
12 » |
թամբագործներ |
44 » |
տեղ․ հրուշակ․ |
6 » |
մաշկակարներ |
40 » |
Արհեստների եւ արհեստավորների ամփոփագրից պարզ երեւում է, որ արհեստները Շուշի քաղաքում 1852 թվականին շատ կարեւոր տեղ էին գրավում, իսկ արհեստավորների քանակը հասնում էր 481 հոգու։ Ահա, այստեղից է պարզվում միջնադարյան Շուշի քաղաքի տիպը։
Շուշում լայնորեն զարգացած էին արհեստները, մինչդեռ քաղաքը զուրկ էր խոշոր արդյունաբերական արտադրությունից։ «Շուշին չի կարող պարծենալ իր ֆաբրիկաներով։ Շուշու ֆաբրիկաները տարեկան արտադրում են հազար հատից ավելի մետաքսի եւ կիսամետաքսի կտորներ, որոնք կոչվում են «դարայի» եւ «կասաբի» եւ վաճառվում են տեղում»։ «Շուշում կա 4 հատ կաշվեգործական, դաբաղխանա, 2 աղյուսի գործարան, 3 հատ հատ ներկարաններ, ֆաբրիկաների եւ գործարանների համար նյութեր ձեռք են բերում գավառում, իսկ արտադրանքը վաճառում տեղական բնակիչներին»[50]։
Մինչդեռ արդյունաբերական արտադրանքը Շուշում աննշան չափեր է ունեցել։ Բնորոշ է, որ Ղարաբաղի ներսում հաղորդակցության ուղիների թույլ զարգացման պատճառով առեւտուրն ընթանում է արտաքին առեւտրի ուղիներով։ «Թավրիզից Շուշի են ներմուծվում բամբակամանվածքային հյուսվածքներ, մետաքսի կտորեղեն, մահուդ, թավշյա շալեր, դիպակ, (պարչա) Բաղդադից եւ Բուխարայից սմուշկաներ (նորածին գառան մորթի), ծխախոտ եւ այլն։ Նիժնի Նովգորոդից ներմուծում են մահուդներ, բամբակե եւ մետաքսե կտորեղեն, փոքր քանակությամբ ճենապակե եւ ապակե ամանեղեն, երկաթ, երկաթե եւ պղնձե շինվածքներ, սկյուռի մորթեղեն, ստեորինի մոմեր, թուղթ եւ այլն։ Թիֆլիսիսց ներմուծում են շաքար։ Իրան արտահանվում են հնչեղ դրամ, Ռուսաստան՝ քիչ քանակությմբ մետաքս, աղվեսի եւ կզաքիսի մորթեղեն։ Շուշու բնակիչները, բացառությամբ արհեստավորների եւ ազնվական բեկերի, զբաղվում են տարբեր տեսակի առեւտրով։ «Կան հարուստ վաճառականներ,— գրում է Կոնտորովիչը,— որոնք շրջանառության մեջ ունեն 100—200 հազար եւ ավելի ռուբլի արծաթե դրամ։ Նրանք տրանզիտային առեւտուր են վարում Լայպցիգի, Կոստանդնուպոլսի եւ Թավրիզի միջեւ, եւ շատերը մետաքսի առեւտուր են անում Մոսկվայի հետ»։
Շուշի քաղաքի բնակչության զբաղմունքների եւ նրա տնտեսության պատկերը 1852 թվականին, ինչպես տեսնում ենք, շատ ցայտուն է ստացվում։ Շուշին XIX դարի կեսերին ներծկայանում է մեզ որպես տիպիկ միջնադարյան քաղաք, որտեղ հին արտոնյալ դասակարգերի՝ խաների, բեկերի, ազնվականների ւե հոգեւորականների կողքին լայն զարգացում է ստացել արհեստավորական, տնայնագործական արտադրությունը՝ խոշոր արդյունաբերական ֆաբրիկա—գործարանային արտադրության համարյա լրիվ բացակայության պայմաններում, եւ առեւտուրը, որ ստեղծել է հարուստ վաճառականների ուժեղ խումբ եւ մեծ քանակությամբ մանր առեւտրականներ։ Խոշոր առեւտուրը ստացել է արտաքին առեւտրի բնույթ, Ռուսաստանի (Մոսկվայի, Նիժնի Նովգորոդի եւ այլ քաղաքների), Անդրկովկասի (Թիֆլիսի) եւ արտասահմանյան շուկաների (Թավրիզի, Պոլսի, Լայպցիգի) հետ։
Շուշու վաճառականները, որոնք լայն առեւտուր են անում արտաքին շուկաներում, ընդհանրապես շատ քիչ են արտահանում այն նյութերից, ինչ արտադրում էր Շուշի քաղաքը կամ Ղարաբաղը, այլ առեւտրի մեջ միջնորդի դեր են խաղում, կուտակելով ավելի եւ ավելի միջոցներ, որոնք շատ չնչին չափով են հատկացվում քաղաքի կամ գավառի արտադրության լայնացման գործին։
1852 թ․ վերաբերյալ տվյալները միանգամայն հաստատում են Մ․ Թաղիադյանի ասածները Շուշում առեւտրական կապիտալի զարգացման մասին, որ վերաբերում են XIX դարի 20֊ական թվականներին, թեեւ Թաղիադյանը գուցե եւ քիչ չափազանցնում է Շուշու խոշոր հայ վաճառականների կապիտալի գումարները, հաշվելով այն միլիոններով։ Շուշու վաճառականների կուտակած կապիտալը XIX դարի 20֊ական թվականներից մինչեւ նույն դարի հիսնական թվականները հազիվ պակասած լինի եւ միլիոններից հասած մի քանի հարյուր հազարների, այսինքն այն թվերի, որ բերում է Կոնտորովիչը, այլ ընդհակառակը, պետք է ավելացած լինի եւ, որ գլխավորն է, խոշոր առեւտրականների քանակը, անշուշտ, մինչեւ XIX դարի կեսերը պետք է ավելացած լինի շնորհիվ այն բարենպաստ պայմանների, որ ստեղծված էին չունեւոր բնակչության շահագործման համար ցարական ինքնակալության լծի տակ։ Ազգաբնակչության առեւտրական եւ արհեստավորական խավերի մեջ սոցիալական հակասությունները նույնպես աճել էին, մինչդեռ քաղաքի արհեստավորները, ինչպես եւ մանր վաճառականները, ավելի եւ ավելի քայքայվում էին, խոշոր առեւտրականները գնալով ավելի էին ուժեղանում, իրենց ձեռքը հավաքելով քաղաքը կառավարելու սանձերը եւ նրա կուլտուրական հիմնարկները։
Դ) Շուշու տնտեսությունը եւ հասարակական կյանքը XIX դարի երկրորդ կեսին
XIX դարի երկրորդ կեսին Շուշին շարունակում էր մնալ Անդրկովկասի ամենախոշոր քաղաքներից մեկը, 80֊ական թվականներին իր բնակչությամբ զիջելով միայն Թիֆլիսին եւ Բաքվին։ Շուշին նույնիսկ ավելի բնակիչներ ուներ, քան իր նահանգական կենտրոնը՝ Գանձակը (Ելիզավետպոլը)։
Շուշու բնակչության զգալի աճին զուգահեռ XIX դարի երկրորդ կեսին անկասկած տեղի է ունենում նաեւ նրա տնտեսության աճը։ Ծավալվում են շինարարական աշխատանքները, կառուցվում են նոր ու բարեկեցիկ բնակելի շենքեր, աճում է քաղաքային տնտեսությունը, անց է կացվում կոյուղի։ Գնալով ընդարձակվում են քաղաքի առեւտրական կապերը։ Շուշուց խճուղի է անցկացվում մինչեւ Եվլախ երկաթուղային կայարանը, հաղորդակցության նոր ճանապարհներով կապվում է Զանգեզուրի, Նախիջեւանի եւ Ղափանի հետ։ Շուշու վրայով քարավանային ճանապարհ է անցնում, որով քաղաք են տեղափոխվում Նախիջեւանի աղը եւ Ղափանի պղինձը, քաղաքում ստեղծվում են բազմաթիվ խանութներ եւ առեւտրական տներ։
Ինչպես երեւում է Բաքվի արքունական պալատի գործից, քաղաքի առեւտրի ընդհանուր ստուգման մատյանի համաձայն (սկսված է 1877 թվականի դեկտեմբերի 3֊ից եւ վերջացրած 1880 թ․ ապրիլի 12֊ին), Շուշի առաջին մասում (հայկական թաղամասում) կա 371 առեւտրական եւ արդյունաբերական ձեռնարկություն, իսկ երկրորդ մասում (մահմեդական) 581 ձեռնարկություն, միասին վերցրած 952 առեւտրական եւ արդյունաբերական ձեռնարկություններ[51]։
Բացի դրանից, Շուշի գավառի Ջրաբերդ (Челябюрт) տեղամասի համար (челябюртский участок Шушинского уезда) բերված են գործատերերի 28 անուն֊ազգանունը եւ նրանց ձեռնարկությունների բնույթը։
Այս գործը, ինչպես եւ Բաքվի արքունական պալատի մի այլ գործ, որ վերաբերվում է Շուշու գավառին եւ սկսված է 1876 թվականի դեկտեմբերի 15֊ին եւ վերջացված 1877 թ․ հունվարի 24֊ին՝ ուղղված Շուշու գավառապետի կողմից Բաքվի արքունական պալատը[52], որոշ պատկերացում է տալիս այն մասին, թե Շուշի քաղաքում որքան առեւտրական եւ արդյունաբերական (ավելի շուտ արհեստավորական) ձեռնարկություններ կան, մատնանշելով նրանց տերերի անուն֊ազգանունները եւ ձեռնարկությունների բնույթը։ Քաղաքի ձեռնարկությունների ցուցակը քիչ թե շատ լրիվ է, ինչ վերաբերում է քաղաքից դուրս գտնվող ձեռնարկություններին, ապա նրանց ցուցակը թերի է։ 1877—80 թվականներին վերաբերվող ցուցակներում խոսվում է միայն Շուշի գավառի Ջրաբերդ տեղամասի վերաբերյալ, իսկ մյուս տեղամասի նկատմամբ ոչինչ չի ասվում։
Համենայն դեպս՝ մի բան պարզ է, որ 1880 թվականին Շուշի քաղաքում կան մոտ 950 առեւտրական եւ արդյունաբերական ձեռնարկություններ, իսկ 1876—77 թվականներին՝ դրանցից մի քիչ ավելի։ Ճիշտ է, այս ձեռնարկությունները արհեստավորական֊տնայնագործական են, իսկ առեւտրական ձեռնարկությունների մեջ շատերը՝ մանր խանութներ, բայց առեւտրական ձեռնարկությունների տերերի մեջ կային նաեւ խոշոր մանուֆակտուրիստներ, գալանտերիայի առեւտրականներ, այլեւս չեմ խոսում այն մասին, որ կային նաեւ գործարանատերեր եւ ֆաբրիկանտներ։
Շուշին XIX դարում առեւտրական բազմաթիվ կապերով կապված էր Ռուսաստանի եւ արտասահմանյան շուկաների հետ։ Առեւտրական եւ արհեստավորական ձեռնարկությունների շարքերը ձգված էին Շուշու հիմնական մագիստրալ գծով՝ Երեւանյան փողոցով դեպի ցած, սկսած Վերին դարբասից (զորանոցից) փոստի մոտով դեպի Չերքիզենց խանութները, Թոփխանան, Ղափանը, Ղազանչեցոց եւ Ագուլյաց եկեղեցիները, այնուհետ դեպի քաղաքի մահմեդական մասը՝ Շեյթանբազարը, իսկ այդ շարքերի առանձին ճյուղերը անցնում էին դեպի հայկական թեմական դպրոցը, գնում ցաթ, անցնում Շուշու քաղաքային դպրոցի մոտով եւ նորից մտնում մահմեդական թաղամասը։ Առեւտրական եւ արհեստավորական 952 ձեռնարկությունները Շուշի քաղաքի համար, անշուշտ, մեծ թիվ է նույնիսկ, եթե նրանց մեջ գերակշռում էին մանր ձեռնարկությունները։ Դրանք աշխատում էին ոչ միայն քաղաքի համար, ապրանքները եւ արհեստավորների արտադրանքը գնում էին Լեռնային եւ Դաշտային Ղարաբաղի գյուղացիները, ներառյալ եւ Ղարաբաղի քոչվոր անասնապահները, որովհետեւ ամբողջ Ղարաբաղում չկար մի այլ քաղաք, որը ավելի մեծ արտադրություն կամ վաճառելու ապրանքներ ունենար եւ կարողանար բավարարել Ղարաբաղի բնակչության սպառողական պահանջները, քան Շուշին։ Բացի դրանից, հաշվի առնենք եւ այն հանգամանքը, որ Շուշու ձեռնարկությունների ապրանքները վաճառվում էին նաեւ Ղարաբաղի սահմաններից դուրս (Զանգեզուրում, Ղափանում եւ այլուր) եւ նույնիսկ արտասահմանյան շուկաներում։ Ղարաբաղի գյուղերում նույնպես բացվում էին մանուֆակտուրա վաճառող խանութներ, մանավանդ կենտրոնական գյուղերում, որտեղով անցնում էին քոչի ճանապարհները (Աղդամում, Բարդայում, Խաչենում (Առաջաձորում), Աղջաբադիում եւ շատ այլ կետերում)։ Այդ վաճառական ձեռնարկությունները բացողը կամ նրանց ապրանքներ մատակարարողը հաճախ շուշեցի առեւտրականներ էին։
Միաժամանակ Շուշին դառնում է համեմատաբար խոշոր արդյունաբերական արտադրության, մանավանդ մետաքսագործության կենտրոն։ Ճիշտ է, մետաքսի թել քաշող եւ ոլորող գործարանները մեծ մասամբ տեղավորվում էին ոչ թե բուն Շուշի քաղաքում, այլ Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերում (Խնձորեստանում, Կրկժանում, Քարին տակ գյուղում, Դաշբուլաղում, Սղնախում, Չանախչիում, Ղշլաղում եւ այլ գյուղերում)[53]։ Մետաքսագործական արդյունաբերական ձեռնարկությունների տերերը մեծ մասամբ շուշեցի կապիտալիստներն էին (Հարունովները, Ներսեսովները, Տեր֊Գրիգորյանները, Տեր֊Մկրտչյանները եւ այլն), ձեռնարկությունների վարչության կենտրոնները գտնվում էին Շուշում։ Մեզ հաջողվել է ձեռք բերել 1915 թ․ Շուշու գավառում եղած մետաքսի թել մանող եւ թել ոլորող գործարանների պաշտոնական ցուցակը, որ կազմված եւ ստորագրված է այդ գործարանների ավագ տեսուչների կողմից, որտեղ կան մանրամասն տեղեկություններ 22 այդպիսի գործարանների մասին, սկսած 1915 թւ հունվարի մեկից մինչեւ 1916թ․ հունվարի մեկը[54]։ Նրանց արտադրանքն ուղարկվում էր Շուշի, Մոսկվա, Վարշավա, Մարսել։
Մեր հիշատակած փաստաթղթի տվյալները վերաբերում են 1915 թվականին Լեռնային Ղարաբաղի մետաքսամանվածքային եւ մետաքսակարժային գործարաններին, բայց երբ ի նկատի ենք առնում, թե երբ են հիմնվել այդ գործարանները, պարզվում է, որ նրանցից մոտավորապես կեսը հիմնադրված է XIX դարի 80֊ական թվականներին, հետեւապես այդ մասին տված տեղեկությունները իրավունք են տալիս դատելու, որ սխալ չի լինի այդ տվյալները վերագրել XIX դարի վերջին տարիներին, այսինքն մեզ հետաքրքրող ժամանակաշրջանին եւ համարել, որ մետաքսի գործարանները Լեռնային Ղարաբաղում արդեն ամուր հիմքերի վրա էին դրված։
Մեր ասածները հաստատվում են 1893 թ․ «Կովկասյան օրացույցում» տպագրված լրացուցիչ տվյալների շնորհիվ եւ անմիջապես վերաբերում են բնութագրվող ժամանակաշրջանին[55]։ Աղյուսակ №2 տեղեկություն է տալիս, թե որքան ֆաբրիկա եւ գործարան կա Գանձակում, Նուխում, Շուշում ու Շուշու գավառում, որքան բանվորներ են այնտեղ աշխատում եւ ինչ գումարի արտադրանք են տալիս։
Աղյուսակ №2
Քաղաքներ |
Ֆաբրիկաների եւ գործարանների քանակը |
Բանվորների քանակը |
Արտադրանքի գումարը |
Գանձակում |
102 |
220 |
40960 ռ․ |
Նուխում |
230 |
1839 |
526314 ռ․ |
Շուշում |
11 |
32 |
10000 ռ․ |
Շուշի գավառում |
74 |
862 |
330115 ռ․ |
Իհարկե, շատ դժվար է երաշխավորել այս թվերի ճիշտ լինելը։ Սակայն այստեղ հաստատվում է մի բան․ Շուշին XIX դարի վերջում հեռու էր ֆաբրիկա֊գործարանային կենտրոն լինելուց, փաստորեն նա առեւտրական եւ արհեստավորական արտադրության կենտրոն էր։ Բերված փաստերի հիման վրա դժվար է ասել, թե ինչպիսի ձեռնարկություններ են Շուշու գավառի 74 ֆաբրիկա֊գործարանները, բայց կասկածից դուրս է, որ նրանց զգալի քանակը մետաքս մանելու եւ ոլորելու գործարաններ են։ Այդ մասին վկայում է նաեւ Նուխու գերակշռող տեղը աղյուսակում ձեռնարկությունների, բանվորների քանակի եւ արտադրանքի գումարի նկատմամբ։ Չէ որ Անդրկովկասում XIX դարի երկրորդ կեսին մետաքսագործությունը նշանավոր տեղ էր գրավում, իսկ Նուխին այդ ժամանակ նրա արտադրության ամենանշանավոր կենտրոններից մեկն էր համարվում։
Շուշում նշանավոր էր նաեւ գորգերի արտադրությունը։ Բրոկհաուզ եւ Եֆրոնի հանրագիտական բառարանում Շուշու մասին մենք կարդում ենք․ «Շուշին Կովկասում գորգագործության ամենախոշոր կենտրոնն է, որի արտադրությունը սպառվում է նահանգի սահմաններից դուրս շատ հեռու եւ հասնում է Մոսկվա եւ Պետերբուրգ։ Գորգերի արտադրությունը տնայնագործական է։ Գորգագործությամբ զբաղվում են հայերը եւ մանավանդ թաթարները (կանայք)։ Կան մի քանի մետաքս մանող գործարաններ։ Մետաքսի եւ գորգերի աշխույժ առեւտուր է գնում, որը համարյա բացառապես գտնվում է տեղի հայերի ձեռքին»[56]։
Եթե Բրոկհաուզ եւ Եֆրոնի հանրագիտական բառարանի ասածները, որոշ վերապահությամբ, վերագրենք XIX դարի վերջին, մենք այն ժամանակվա Շուշին կարող ենք համարել Անդրկովկասի խոշոր առեւտրական կենտրոններից մեկը, որտեղ համեմատաբար թույլ էր զարգացած ֆաբրիկա֊գործարանային արտադրությունը։ Նույնիսկ գորգագործությունը, որով ըստ Բրոկհաուզի եւ Եֆրոնի բառարանի, Շուշին համարվում է Անդրկովկասի ամենախոշոր կենտրոնը, եւ նույնպես տնայնագործական բնույթ է կրում։
Առհասարակ XIX դարի վերջին Շուշին չի կորցրել միջնադարյան քաղաքի իր բնույթը։ Բնակչության արհեստավորական խավերը դեռեւս շարունակում են պահպանել համքարային կազմակերպության գծերը։ Քաղաքից դուրս կազմակերպվող համքարական տոներն ու զբոսանքները դեռեւս շարունակվում են, գոյատեւում է արհեստավորների բաժանումն ըստ համքարությունների, մնում են միսկյարների, ատաղձագործների, կոշկակարների եւ այլ համաքարությունները։ Համքարության ներսում մնում են վարպետները, ենթավարպետները եւ աշակերտները, բայց այս հին կազմակերպությունը աստիճանաբար գնում է դեպի անկում, եւ զարգացող կապիտալիզմը քաղաքի «հայրեր» է դարձրել առեւտրականներին, որոնք գերակշռություն են ստացել քաղաքային վարչության մեջ։ Արդեն կապիտալիստական մրցությունը հնձում է թուլազոր արհեստավորներին եւ մանր խանութպաններին եւ ուժեղացնում է խոշոր առեւտրականների զորությունը։ Խոշոր առեւտրականների համար քանի գնում այնքան ավելի նեղ են թվում հարազատ քաղաքի շրջանակները, եւ նրանք շարունակում են գործադրել իրենց ունակությունները եւ միջոցները նոր ավելի խոշոր ձեռնարկությունների մեջ։
XIX դարի վերջը Շուշի քաղաքի բնակչության եւ նրա տնտեսության ամենամեծ աճի ժամանակն է, բայց եւ միաժամանակ դառնում է նրա անկման շրջանի սկիզբը։ Քաղաքի բնակչության քանակը XIX դարի վերջից համարյա բոլորովին դադարում է աճել։ Չունենալով տնտեսական նախադրյալներ, քաղաքը չի դառնում արդյունաբերական կնետրոն։ Առեւտրական զարգացման ուղիները քաղաքի համար նեղանում են, առեւտրական կապերի նոր ուղիներ են հայտնվում, որոնք Շուշին թեքում են իր կենտրոնական դիրքերից, իսկ վրա հասնող ազգամիջյան ընդհարումները արագացնում են քաղաքի անկումը, հասցնելով նրան աննշան քաղաքի կացություն։
Ե) Շուշու տնտեսական կյանքը եւ հասարակական վիճակը XX դարի առաջին երկու տասնամյակում
XX դարի առաջին տասնամյակները Շուշի քաղաքի տնտեսության աստիճանական անկման պատկեր են ներկայացնում։ Եթե այդ տարիները Անդրկովկասի քաղաքների, մանավանդ Բաքվի եւ Թիֆլիսի արագ աճման տարիներ են, ապա Շուշին, ընդհակառակը աստիճանաբար կորցնում է իր բնակչությունը եւ Անդրկովկասի մի շարք փոքր քաղաքները՝ Երեւանը, Քութայիսը, Բաթումը եւ այլ քաղաքներ իրենց բնակչությամբ Շուշուց առաջ են անցնում։ Հայ֊ադրբեջանական արյունոտ ընդհարումները 1905 եւ 1906 թվականներին, իսկ ավելի ուշ 1914 թվականին սկսած առաջին համաշխարհային պատերազմը, այնուհետեւ քաղաքացիական պատերազմը, մուսավաթականների պրովոկացիոն քաղաքականությունը, տաճիկների եւ իմպերիալիստական պետությունների ինտերվենցիան Ղարաբաղ եւ հայ բնակչության արյունոտ կոտորածը Շուշի քաղաքում եւ նրա շրջակայքում չէին կարող քաղաքը չհասցնել լիակատար անկման։
Ակամայից հարց է ծագում, ո՞րն է այն հիմնական պատճառը, որ Շուշի քաղաքը հասցրեց անկում ապրող քաղաքների շարքը Լեռնային Ղարաբաղում խորհրդային իշխանության հաստատման նախօրյակին։ Արդյո՞ք դրա պատճառը քսաներորդ դարի միայն քաղաքական դեպքերն են եւ ազգամիջյան կոտորածները, որոնք ոչնչացրին քաղաքի բնակչության զգալի մասը։
Մեր կարծիքով, XX դարի սկզբի քաղաքական դեպքերը եւ ազգային կոտորածները, անշուշտ, խիստ արագացրին Շուշի քաղաքի անկման պրոցեսը, սակայն քաղաքի աստիճանական ու դանդաղ տնտեսական անկման պրոցեսը համեմատած Անդրկովկասի այլ քաղաքների հետ կախված էր նաեւ զուտ տնտեսական պատճառներից։
Իրոք, ի՞նչ ուղղությամբ պետք է ընթանար Շուշու տնտեսական զարգացումը XIX դարի վերջին եւ XX դարի սկզբին։ Կարո՞ղ էր արդյոք Շուշին ընթանալ խոշոր արդյունաբերության զարգացման ուղիով․ իհարկե ո՛չ։ Դրա համար նա չուներ համապատասխան նախադրյալներ։ Նրա աշխարհագրական դիրքը (տարածությամբ խիստ սահմանափակ լեռնային պլատոյի վրա), որտեղ տեղ չկար ընդարձակվելու ոչ միայն խոշոր արդյունաբերական արտադրության համար, այլ նույնիսկ սովորական բնակարանային շինարարության համար, նրա բարձրությունը ծովի մակերեսից, որտեղ դժվար է երկաթուղի անցկացնել, որտեղ ջրային ռեսուրսները խիստ սահմանափակ են, այսպիսի պայմաններում Շուշին հազիվ թե կարողանար արդյունաբերական քաղաք դառնալ։ Մինչդեռ Անդրկովկասի այլ քաղաքներում արդյունաբերությունը սկսել էր զարգանալ, իսկ նրանցից մի քանիսում (Բաքվում, Թիֆլիսում, Բաթումում) նույնիսկ շատ արագ։ Անդրկովկասի շատ քաղաքներին մոտենում էին երկաթուղիները, եւ նրանց համար ստեղծվում էին ինդուստրացման պայմաններ՝ XIX դարի 80֊ական թվականներին կառուցվում է Անդրկովկասի երկաթգիծը, որը միացնում է Բաքուն, Եվլախը, Գանձակը, Թիֆլիսը, Քութայիսը, Բաթումը, իսկ XX դարի սկզբներին երկաթուղին Թիֆլիսը միացնում է նաեւ Ալեքսանդրոպոլի, Երեւանի, Նախիջեւանի եւ Ջուլֆայի հետ։
Շուշին՝ մնում էր երկաթգծերից հեռու։ Ամենից մոտ տեղադրված երկաթուղային կայանը՝ Եվլախը գտնվում էր ավելի քան 100 կիլոմետր հեռավորության վրա, իսկ ապրանքները խճուղով Շուշի տեղափոխելը կարելի էր միայն ֆուրգոններով կամ գոմշի սայլերով։ Ճիշտ է, Եվլախ երկաթուղային կայանը Շուշու համար մեծ նշանակություն ուներ որպես փոխաբեռնման կետ, որի միջոցով քաղաքը կապվում էր Անդրկովկասի եւ Ռուսաստանի այլ երկաթուղային կայանների հետ, բայց եւ այնպես Շուշու տնտեսաաշխարհագրական դիրքը իր հարմարության տեսակետից չէր կարող համեմատվել Անդրկովկասի խոշոր քաղաքների հետ, որոնք անմիջապես գտնվում էին երկաթուղիների վրա։
Այսպիսով, Շուշին XIX դարի վերջին եւ XX դարի սկզբին չէր կարող դառնալ արդյունաբերական քաղաք։ Նրա տնտեսաաշխարհագրական դիրքի բոլոր պայմանները աննպաստ էին դրա համար, նույնիսկ արդյունաբերական ձեռնարկությունները, այսինքն՝ մետաքս մանող եւ մետաքսի թել ոլորող ֆաբրիկաները (ինչպես այն ժամանակ էին անվանում գործարանները), տեղադրված էին, ինչպես մենք տեսանք, ոչ թե Շուշի քաղաքում, այլ մեծ մասամբ քաղաքից դուրս, Լեռնային Ղարաբաղի գյուղերում։
XIX դարի վերջին եւ XX դարի սկզբին քաղաքի հետագա զարգացումը չէր կարող ընթանալ հին ճանապարհով, այսինքն առեւտրի եւ արհեստների զարգացման ուղղությամբ, որովհետեւ հնարավորությունը եւս Շուշի քաղաքի առաջ խիստ սահմանափակված էր։ Նախ արհեստավորական արտադրությունը ապրում էր իր անկման վիճակը, այն դեպքում, երբ Ռուսաստանում սկսել էր զարգանալ ֆաբրիկա֊գործարանային խոշոր արտադրությունը։ Մյուս կողմից Շուշու, որպես առեւտրական կենտրոնի նշանակությունը անշուշտ նույնպես պետք է թուլանար։ Չէ որ Շուշին, որը առաջ գտնվում էր հաղորդակցության եւ առեւտրական հիմնական ուղիների վրա, Ղարաբաղում, Զանգեզուրում, Ղափանում, Նախիջեւանում եւ նշված տարածքի սահմաններում միակ խոշոր առեւտրական կենտրոնն էր, այժմ նա աստիճանաբար կորցնում էր իր այդ նշանակությունը։ Սկսում էին զարգանալ Դաշտային Ղարաբաղի բնակավայրերը՝ Աղդամը, Բարդան, Կարյագինը, կառուցվեցին նոր խճուղիներ եւ սայլուղիներ, որոնք իրար հետ կապեցին Դաշտային Ղարաբաղի գյուղերն ու բնակավայրերը, իսկ այդ հանգամանքը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ Շուշու առեւտրի զարգացման վրա։ Մյուս կողմից, շնորհիվ XX դարի երկաթուղային նոր կառուցումների, Նախիջեւանը, Ջուլֆան եւ Արաքսի հովտի այլ կետերը նոր առեւտրական կապեր ստացան եւ ելք ստեղծեցին դեպի Անդրկովկասի կենտրոնները։
Պարզ է, որ քաղաքի հետագա զարգացման ու աճի հնարավորությունը, նրա կարեւոր տնտեսական նշանակության պահպանման ճանապարհը Անդրկովկասում XIX դարի վերջում արդեն զգալի չափով փակված էր։ Բայց, իհարկէ, Շուշի քաղաքի կատաստրոֆիկ անկումն, անշուշտ, կապված է այն քաղաքական դեպքերի եւ ազգային կոտորածների հետ, որոնք տեղի ունեցան 1905 եւ 1906 թվականների ամառը, իսկ հետո 1918—20 թվականներին։
Շուշի քաղաքն առաջին ուժեղ հարվածը ստացավ 1905 թվականի ամռանը (օգոստոսին) հայ֊ադրբեջանական ազգային կոտորածների հետեւանքով, երբ հրդեհի ենթարկվեց հայկական թաղամասի ստորին հատվածը, որը գտնվում էր Ղազանչեցոց եկեղեցուց եւ Թոփխանայից ցածր, այրվեցին նաեւ մի շարք տներ քաղաքի այլ մասերում։ Այս տեղամասում էին գտնվում ամենալավ տներն ու խանութները Թոփխանայից եւ քաղաքի Ղանթարից սկսած մինչեւ Ագուլյաց եկեղեցին եւ ավելի ցած հրդեհի էր մատնված նաեւ ադրբեջանական թաղի մի հատված քաղաքի ստորին մասում եւ մի փոքր ադրբեջանական թաղ֊քաղաքի վերին, ռուսական զորանոցի մոտ, որտեղ գտնվում էին կաթնավաճառ Նասիրի տունը եւ մի քանի այլ տներ։ Այրվել էր եւ Խանդամիրյանի թատերական դահլիճը։ Քաղաքի այրված մասը հետագայում չի վերակառուցվել, մինչեւ որ այդ ավերած ու այրված մասին 1920 թվականին միանում է համարյա ամբողջ ավերված հայկական քաղաքամասը։
1905 թվականի ազգամիջյան կոտորածներին, 1906 թվականի ամռանը հետեւում են նոր արյունահեղ դեպքեր։ Այս կոտորածների հետեւանքով Շուշու բնակչության քանակը զգալի չափով պակասում է։ Տեղական բուրժուազիան հեռանում է Շուշի քաղաքից եւ հաստատվում այլ վայրերում, հեռանում է նաեւ չքավոր բնակչության մի մասը՝ աշխատանք եւ ապրուստ փնտրելու։ Այնուամենայնիվ, Շուշին շարունակում էր մնալ արհեստավորների եւ վաճառականների քաղաք, բայց վաճառականները դարձել էին մանր վաճառականներ, արհեստավորները աղքատացել էին, մի խոսքով քաղաքը աղքատիկ էր դարձել, մինչեւ որ նա ստացավ իր վերջին հարվածը խորհրդային իշխանության հաստատման նախօրյակին՝ 1920 թ․ մարտի 22֊ին։
Շուշի քաղաքի եւ Լեռնային Ղարաբաղի տնտեսական կացության մասին որոշ պատկերացում են տալիս այն տվյալները, որ վերաբերում են մետաքսի թել մանող եւ ոլորող գործարաններին, որ 1915 թվականին գտնվում էին Լեռնային Ղարաբաղի գյուղերում։ Մետաքսի թել մանող եւ ոլորող ֆաբրիկաների («գործարանների») մասին Շուշու գավառում կազմել ենք հետեւյալ ընդհանրացրած եւ որոշ չափով կրճատած աղյուսակը, որի հիմքում գրել ենք Գանձակի նահանգի ավագ տեսչի զեկուցագիր այդ գործարանների մասին[57]։
Ըստ կարգի |
Գործարանատերերի անուն, ազգանուններ |
Որտեղ է գտնվում ձեռնարկը |
Հիմնադրման տարեթիվը |
Բանվորների քանակը
|
Վերածված աշխատավարձի 1/1—1915 1/1—16 թվակ․ |
Որտեղ է արտահանվում արտադրանքը |
Ծանոթություն |
|||||||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
||||||||||||||
1 |
Համբարձում Գաբրիելի Հարունյան ժառանգների հետ
(մետաքս մանելու գործ) |
Քոլաթաղ |
1907 |
— |
— |
2 |
26 |
9 |
62 |
11 |
88 |
7240 ռուբ․ |
Մոսկվա Մարսել |
մեկ շոգեկաթսա |
||||||||||||||
2 |
Գրիգոր Հովհաննեսի Ալավերդյան (մետաքս մանելու
գործ) |
Խնձորեստան |
1911 |
— |
12 |
— |
16 |
2 |
6 |
2 |
34 |
3000 |
Մոսկ․ Մար․ չի արտադր․ |
» |
||||||||||||||
3 |
Դանիել Գաբրիելի Հարունյան (մանելու եւ
ոլորելու գործ․) |
Կրկժան |
1873 |
— |
— |
— |
— |
31 |
45 |
31 |
45 |
5411 |
Մոսկվա Մարսել |
» |
||||||||||||||
4 |
Նույնը (մետաքս մանելու եւ ոլորելու գործարան) |
Խանքենդ |
1900 |
— |
— |
— |
— |
8 |
40 |
8 |
40 |
5097 26կ․ |
Մոսկ․ Մարսել Եվլախով |
» |
||||||||||||||
5 |
Նույնը (մետաքս մանելու եւ ոլոր․ գործարան) |
Քարին տակ գ․ |
1880 |
— |
— |
— |
— |
17 |
60 |
17 |
60 |
2624 66կ․ |
Մոսկվա Մարսել |
» |
||||||||||||||
6 |
Նույնը (մետաքսի թել մանելու եւ ոլորելու
գործարան) |
Ղարաբուլաղ |
1880 |
— |
— |
— |
— |
6 |
20 |
6 |
20 |
1722 93կ․ |
Մոսկվա Մարսել |
» |
||||||||||||||
7 |
Նույնը (մետաքսաթել մանելու եւ ոլորելու գործ․) | Սղնախ | 1882 | — |
— |
— |
— |
6 |
15 |
6 |
15 |
399 02կ․ |
Մոսկ․ Մարսել Եվլախով | » |
||||||||||||||
8 |
Նույնը (մետաքսաթել մանելու եւ ոլորելու գործ․) |
Չանախչի |
1882 |
— |
— |
— |
— |
8 |
60 |
8 |
60 |
3356 ռ․ 95կ․ |
Մոսկ․ Մարսել Եվլախով |
» |
||||||||||||||
9 |
Բաբաջան Մկրտչի Ղազարյան |
Դաղբուլաղ |
1905 |
— |
22 |
— |
12 |
3 |
11 |
3 |
45 |
2620ռ․ |
Մոսկ․ արտասահ․ Շուշի |
» |
||||||||||||||
10 |
Դավիթ Սերգեյի Ներսեսով (մետաքս մանելու
գործարան) |
Խնձորեստան |
1900 |
— |
12 |
— |
12 |
2 |
24 |
2 |
48 |
3200 ռ․ |
Մոսկվա Վարշավա |
» |
||||||||||||||
11 |
Նույնը (մետաքս մանելու գործարան) |
Կիշլա |
1890 |
— |
12 |
— |
20 |
2 |
24 |
2 |
56 |
3480 ռ․ |
Մոսկվա Շուշի |
» |
||||||||||||||
12 |
Դանիել Սերգեյի Ներսեսով (Դավիթ Ներսեսովիչին
պատկանող մետաքս մանող գործ․ վարիչ) |
Ղայրալիքենդ |
1900 երկ․ անգ հրդ․ հ․ 1912 |
— |
10 |
— |
15 |
4 |
12 |
4 |
87 |
2700 ռ․ |
Մոսկվա Վարշավա |
» |
||||||||||||||
13 |
Դանիել Սերգեյի Ներսեսով֊մետաքս մանող
գործարանի վարիչ |
Շուշիքենդ |
1885 |
— |
5 |
— |
12 |
2 |
22 |
2 |
39 |
3280 ռ․ |
Մոսկվա Վարշավա |
» |
||||||||||||||
14 |
Տեր֊Կրիկորով Բեգլյար Հակոբի (մետաքս մանող
գործ) |
Կայարալի |
1901 |
— |
15 |
— |
15 |
4 |
10 |
4 |
40 |
1231 ռ․ |
Մոսկվա |
» |
||||||||||||||
15 |
Ն․ եո Ա․ Տեր֊Մկրտիչեւներ (մետաքս մանող
գործարան) |
Զարգանաշեն |
1905 |
— |
— |
— |
— |
7 |
30 |
7 |
30 |
1048 ռ․ 23 կ․ |
Մոսկվա Մարսել |
» |
||||||||||||||
16 |
Նույնը (մետաքսաթել մանելու գործարան) |
Տող կապ․ Շուշու միջոցով |
— |
— |
— |
— |
8 |
8 |
30 |
8 |
38 |
3479 |
Մոսկվա Մարսել |
» |
||||||||||||||
17 |
Նույնը (մետաքսաթել մանելու գործարան) | Թաղլար |
— |
— |
— |
— |
— |
8 |
50 |
8 |
50 |
4341 ռ․ |
Մոսկվա Մարսել |
» |
||||||||||||||
18 |
Համբարձում Գաբրիելի Հարունյան (մետաքսյա թել
մանող գործ․) |
Խնածախ |
1892 |
— |
— |
2 |
30 |
10 |
76 |
12 |
106 |
16840 |
Մոսկվա Մարսել |
երկ․ շոգ․ կաթսա |
||||||||||||||
19 |
Համբարձում Գաբրիելի Հարունյանի ժառանգները |
Բալլուջա |
1888 |
— |
— |
3 |
48 |
17 |
91 |
20 |
139 |
21960 | Մոսկվա Մարսել |
մեկ շոգեկաթսա |
||||||||||||||
20 |
Բաբաջան Մկրտչի Ղազարյան (մետաքսաթել մանող
գործ․) |
Կարաքեթուկ |
Հայտնի չէ գն․ է |
— |
16 |
— |
16 |
2 |
8 |
2 |
40 |
2500 |
Մոսկվա արտասահ․ |
» |
||||||||||||||
21 |
Կոնստանդին Ավետիսի Հովակիմյան (թել մանող
գործ․) |
Սեյգիշեն |
1899 |
— |
15 |
1 |
22 |
2 |
15 |
3 |
52 |
3700 |
Մոսկվա եւ տեղում |
» |
||||||||||||||
22 |
Ալեքսանդր Շամիլի Տեր֊Իսրայելյան (վարձակալ․ Հ․
Հարունյանի ժառ․ կողմից (մանվածքային) գործարան) |
Բաղարա |
1901 |
— |
— |
2 |
25 |
8 |
70 |
10 |
95 |
15020 |
Մոսկվա Մարսել |
» |
1915 թ․ մետաքսի արդյունաբերության նկատմամբ մեր ներկայացրած այս տվյալներից, որ տալիս է գործարանների տեսուչը Շուշու գավառի մասին, պարզ երեւում է, որ մետաքսի արդյունաբերությունը Լեռնային Ղարաբաղում դեռեւս խոշոր տեղ է գրավում։ Նա ներկայացնում է 22 մետաքսի թել մանող գործարան, որից 6֊ն ունեին նաեւ մետաքսի թել ոլորելու ձեռնարկություններ։
Գործարաններում աշխատող բոլոր բանվորների քանակը հասնում էր 1341 հոգու, որոնցից 1177 հոգի կանայք են, իսկ 164 հոգի՝ տղամարդ։ Կանանց աշխատանքը այս գործարաններում պարզապես գերակշռում է, որովհետեւ նրանց աշխատանքը գործարանատերերի կողմից անհամեմատ ավելի ցածր է գնահատվում։ Բոլորովին աննշան էր անչափահաս եւ դեռահաս կանանց աշխատանքի վարձատրությունը, ուրեմն եւ բանվորուհիների թիվը այդ հասակում բավական մեծ քանակ է կազմում։ Գործարաններում աշխատող անչափահաս (12֊ից մինչեւ 15 տարեկանից պակաս հասակ ունեցող) աղջիկների թիվը հավասար էր 119 հոգու, իսկ դեռահաս (15—17 տարեկան) բանվորուհիների թիվը՝ 295 հոգու։
Բոլոր գործարանները, բացառությամբ մեկի (ցուցակում 18) օգտվում են մեկական շոգեկաթսայով։
Լեռնային Ղարաբաղի 22 գործարաններում աշխատող բանվորների տարեկան աշխատավարձը հասնում էր 112, 268 ռուբլու (չհաշված կոպեկները)։ Շուշու գավառի գործարաններն իրենց արտադրանքը բացառապես արտահանում են Մոսկվա, Մարսել, Վարշավա կամ արտասահմանյան այլ քաղաքներ, սպառվում էր նաեւ Շուշիում։ Արտասահման ուղարկվող արտադրանքը մեծ մասամբ անցնում էր Եվլախով։
1915 թվականին վերաբերող մեջ բերած տվյալները մնացին Շուշու անցյալ փառքի եւ գալիքի անկման կենդանի վկայություններ։ Վրա էին հասնում Շուշու վերջնական անկման տարիները։
1918—20 թվականներին իմպերիալիստական պետությունների եւ Ադրբեջանի ազգայնական կուսակցությունների դրդումով ու անմիջական մասնակցությամբ արյունալի կոտորածներ են սկսվում Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում, որոնք վերջանում են 1920 թ․ մարտի 22֊ին Շուշի քաղաքի հայկական մասի լիակատար ավերումով ու հրդեհումով։ Դրան հետեւում է այն, որ քաղաքը դատարկվում է իր բնակչությունից։ Նախ քաղաքից փախչում է հայ բնակչությունը, ապա սկսում են հեռանալ նաեւ ադրբեջանցիները։
Շուշին դադարում է լինել Ղարաբաղի խոշոր առեւտրական եւ արհեստավորական կենտրոնը, նա շուտով կորցնում է նաեւ Ղարաբաղի վարչական կենտրոն լինելու իր իրավունքը։ Նրա տեղը գրավում է Ստեփանակերտը, որը շնորհիվ իր մի շարք առավելությունների, 1923 թվականից դառնում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վարչական կենտրոնը։
Գլուխ III — Շուշու բնակչությունը XVIII դարից մինչեւ մեր օրերը
Յուրաքանչյուր քաղաքի տնտեսական, քաղաքական ու մշակութային աճի, մասնավորապես նրա զարգացման էտապներիեւ բեկումնային պահերի մասին հաճախ կարելի է դատել նրա բնակչության թվի փոփոխությամբ։ Բնակչության դինամիկան քաղաքի ծագման օրերից սկսած կարող է միաժամանակ նրա պատմական զարգացման ճիշտ պարբերացման չափանիշ հանդիսանալ։
Դառնալով Շուշի քաղաքին, նկատենք, որ միշտ չէ, որ մենք բավարար տվյալներ ունենք այդ քաղաքի բնակչության թվի ու կազմի մասին՝ նրա զարգացման բոլոր էտապներում։ Դա առավելապես վերաբերում է Շուշու զարգացման սկզբնական էտապներին, թեեւ հետագա շրջաններում էլ բնակչության թվին վերաբերող տվյալները հաճախ ստույգ չեն։
Շուշու բնակչության թիվը որոշելու հարցում մեզ համար աղբյուրներ են հանդիսացել․
1) Հին նշանավոր ճանապարհորդների ցուցումները․
2) Շուշում ըստ ընտանիքների կազմած կամերալ ցուցակները, որտեղ նշված են ընտանիքների բոլոր անդամները — (посемейные списки)․
3) 1897 թվականի համառուսական 1921, 1926 եւ 1959 թ․ համամիութենական մարդահամարների տվյալները։
4) «Кавказский календарь», պաշտոնական օրացույցի տվյալները[58]։
5) Առանձին ուսումնասիրություններում հանդիպած թվերը։
Վերոհիշյալ աղբյուրները համարժեք չեն․ նրանցում բերվում են հակասական տվյալներ, որոնք ճշգրտման կարիք ունեն։ Համենայն դեպս, մեզ հայտնի աղբյուրներն որոշ քննադատական մոտեցումով հնարավորություն են տալիս պատկերացում կազմել Շուշու բնակչության թվի եւ ազգային կազմի մասին[59]։
Թե որքան բնակչություն է ունեցել Շուշին մինչեւ Փանահ խանին ենթարկվելը եւ Ղարաբաղի խանության կենտրոն դառնալը, մեզ հայտնի չէ։ Միայն կարելի է ենթադրել, որ նա շատ բնակչություն ունենալ չէր կարող, այլապես այդ մասին այս կամ այն կերպ հայտնի կլիներ։
Փանահ խանի ժամանակ, XVIII դարի հիսնական թվականներին Շուշին դառնում է բերդաքաղաք եւ խանի բնակության վայրը։ Որպես Ղարաբաղի խանության կենտրոն, Շուշին արագորեն սկսում է աճել, գնալով ավելանում է նրա բնակչությունը։
Երբ բերդի կառուցումն ավարտվելուց մի տարի հետո Իրանի Մահմեդ Հասան խան Ղաջարը (Աղա Մահմեդ շահ Ղաջարի հայրը), հարձակվում է Շուշու վրա, նրա դեմ ընդհանուր ուժերով դուրս են գալիս մահմեդականներն ու հայերը եւ մեծ վնաս հասցնում նրա բանակին։ Մահմեդ Հասան խանը չի էլ կարողանում մոտենալ քաղաքի պարիսպներին եւ հետ է նահանջում։ Պարզ է, որ Շուշին իր կառուցման հենց առաջին օրերից դարձել էր հզոր բերդաքաղաք եւ չէր կարող առանց զգալի պաշտպանողական ուժերի լինել։ Այդ մասին Ջամալ Ջիվանշիրը գրում է, որ Փանահ խանը, հիմնելով Շուշի բերդը, «այնտեղ է տեղափոխել Շահբուլաղում բնակվող բոլոր ռայաթներին, նաեւ ազնվական մարդկանց ընտանիքներին, մելիքներին, ծառայողներին եւ քեդխոդաներին (գյուղական տանուտերերին) եւ նրանց տեղ է հատկացրել բերդի մեջ բնակվելու համար»[60]։
Ղարաբաղի խաները քաղաքի պաշտպանության համար չէին կարող վստահել միայն բերդի անառիկությանը եւ նորակառույց ամուր պարիսպներին, ուստի ամեն կերպ աշխատում են ավելացնել քաղաքի բնակչությունը։ Ըստ երեվույթին, Շուշու հայ բնակչությունը սկզբում կազմում էր պարիսպներ ու շենքեր կառուցող բանվորների եւ արհեստավորների հիմնական մասը, որոնց շուտով միանում են նաեւ առեւտրով զբաղվողները[61]։
Մեզ հայտնի է, որ Շուշու նորակառույց բերդի առաջին բնակիչներից էին խանի բարեկամ եւ հավատարիմ դաշնակից Մելիք Շահնազարն եւ նրա մարդիկ։ Շուտով Շուշի են տեղափոխվում զգալի թվով հայեր նաեւ Արաքսի շրջանի գյուղերից՝ Նախիջեւանի խանության սահմաններից։ Դեռեւս մինչեւ Ղարաբաղը ռուսական տիրապետության տակ անցնելը, այսինք Ղարաբաղի խանության ժամանակաշրջանում, Շուշու հայերը բաժանվում էին ղազանչեցոց (Շահկերտից եկած), ագուլեաց (Ագուլիսից եկած) եւ ղարաբաղցոց (հետագայում Թազա ժամի) եկեղեցական ծխերի։ Ըստ Լեոյի, այս հայերը Շուշի էին տեղափոխվել բնակվելու բերդի հիմնադրման հենց առաջին տարիներից[62]։ Մի քանի տասնյակ տարի հետո Շուշում բնակություն են հաստատում նաեւ մեղրեցիները, կազմելով առանձին եկեղեցական համայնք[63]։
Բացի Շահկերտի, Ագուլիսի եւ Մեղրու Շուշի գաղթած հայերից, քաղաքի բնակչության մեջ հետզհետե աճում էր նաեւ Ղարաբաղի գյուղերից քաղաք տեղափոխված հայերի թիվը, մանավանդ XIX դարի ընթացքում, երբ Ղարաբաղում հաստատվում է Ռուսաստանի տիրապետությունը։ Սակայն որքա՞ն էր Շուշու բնակչությունը XVIII դարի վերջերին, երբ գոյություն ուներ Ղարաբաղի խանությունը, եւ այդ բնակչության քանի՞ տոկոսն էին կազմում հայերը։ Այդ հարցին ճիշտ պատասխանելու համար մենք թեեւ անմիջական սկզբնաղբյուրներ չունենք, բայց XIX դարի քսանական թվականներին Շուշում եղած ճանապարհորդների ցուցումները եւ մի շարք այլ տվյալները հիմք են տալիս պնդելու, որ Ղարաբաղի խաների տիրապետության օրերին, այսինքն XVIII դարի վերջին եւ XIX դարի սկզբին Շուշու մշտական բնակչությունը հասնում էր մի քանի հազարի։ Ադրբեջանում կան պատմաբաններ, որոնք հակված են չափազանցնելու Շուշու բնակչության թիվը, համարելով 10 հազարից շատ ավելի, համեմատելով այն XVI դարի Շամախի քաղաքի բնակչության հետ[64]։ Սակայն այդ պնդումը մենք անհիմն ենք համարում։ Խանական տիրապետության տարիներին Շուշու մշտական բնակչության թիվը հազիվ թե հասներ 10 հազարի։ Ճիշտ է, պատերազմական իրադարձությունների ժամանակ քաղաքում կարող էր հավաքվել համեմատաբար մեծ բազմութիւն, պաշտպանություն փնտրելով բերդի ամուր պարիսպների մեջ, բայց մեզ հետաքրքրում է քաղաքի մշտական բնակչությունը։
Պրոֆեսոր Ի․ Պետրուշեւսկին իր «Ադրբեջանի խանությունները XVIII դարի երկրորդ կեսին» հոդվածում գրում է, որ միայն հինգ քաղաքներ՝ Դերբենդը, Ղուբան, Բաքուն, Գանձակը եւ Շուշին ունեին յուրաքանչյուրը 5 հազարից մի քիչ ավելի բնակիչ[65]։ «Ադրբեջանի պատմության» մեջ[66] ասված է, թե Շուշին պաշտպանելու համար հավաքվել էր 15 հազար հոգի, սակայն այս թիվը եւս քաղաքի մշտական բնակչության վկայությունը չէ, մանավանդ, որ նույն գրքի 380 էջում պարզորոշ գրված է, որ «XVIII դարի վերջին Հյուսիսային Ադրբեջանի եւ ոչ մի քաղաք 6 հազարից ավելի բնակիչ չուներ»։
XIX դարի 20֊ական թվականներին Շուշու բնակչության մասին որոշ տեղեկություններ են տալիս հայտնի ճանապարհորդներ Մեսրովբ Թաղիադյանը եւ անգլիացի Գեւորգ Կեպպելը։ Առաջինը Շուշում եղել է 1821 թ․ Եփրեմ կաթողիկոսի հետ, այն ժամանակ, երբ Ղարաբաղը փաստորեն արդեն գտնվում էր ռուսական տիրապետության տակ, իսկ Մեհտի խանն էլ դեռ պահպանում էր խանության որոշ արտոնություններ։ Թաղիադյանը գրում է, որ Շուշում բնակվում են հայեր եւ թուրքեր։ Հայերը Շուշում ունեն երեք եկեղեցի՝ «Ագուլեցվոց, Ղարաբաղցվոց եւ Ղազանչվոց» եւ կազմում են 500 տուն (ծուխ)[67]։ Եթե ընդունենք, որ յուրաքանչյուր ծուխ բաղկացած էր մոտավորապես հինգ հոգուց, քաղաքի հայ բնակչության թիվը կկազմեր մոտ 2500 հոգի։
Երկրորդ նշանավոր ճանապարհորդը՝ անգլիացի Գեւորգ Կեպպելը իր գրքում[68] պնդում է, որ 1824 թվականին, երբ նա եղել է Շուշում, այդ քաղաքում բնակվում էին 2 հազար տուն (այսինքն մոտավորապես 10 հազար հոգի), որոնց 3/4֊ը կազմում էին թաթարները։ Այսպիսով, Շուշու բնակչությունը XVIII դարի վերջի համեմատությամբ զգալի չափով աճել էր, որ միանգամայն հավանական է ռուսական տիրապետության օրերին, երբ երկրում խաղաղություն էր տիրում։
Մի այլ պատմական աղբյուրում[69], որ վերաբերում է XIX դարի 30֊ական թվականներին եւ պաշտոնական հրատարակություն է, մենք գտնում ենք Անդրկովկասի մի քանի քաղաքների բնակչությանը վերաբերող հետեւյան թվերը, որոնց համաձայն կարելի է որոշել Շուշու բնակչության թիվը եւ նրա տեղը Անդրկովկասի այլ խոշոր քաղաքների շարքում։
- Աղյուսակ № 4
№ |
Քաղաքներ |
Տների (ծխերի) քանակը |
|
||||||||||||||
1. |
Թիֆլիս |
4936 |
9447 |
1947 |
187 |
— |
11581 |
||||||||||
2. |
Նուխի |
2791 |
827 |
— |
6558 |
— |
7385 |
||||||||||
3. |
Երեւան |
2750 |
2148 |
— |
3752 |
— |
5900 |
||||||||||
4. |
Շամախի |
2233 |
566 |
— |
5000 |
— |
5566 |
||||||||||
5. |
Շուշի |
1698 |
2392 |
— |
2667 |
— |
5059 |
||||||||||
6. |
Բաքու (ֆորշտատի հետ) |
1358 |
184 |
— |
3709 |
— |
3893 |
||||||||||
7. |
Նախիջեւան |
1330 |
988 |
— |
1882 |
— |
2870 |
||||||||||
8. |
Ղուբա |
645 |
— |
— |
1984 |
— |
1984 |
||||||||||
9. |
Օրդուբադ |
804 |
84 |
— |
1684 |
— |
1768 |
Մեր բերած աղյուսակի թվերը բացարձակ ճիշտ համարել չի կարելի, քանի որ կազմված են առանց ստույգ մարդահամարի, վերաբերում են միայն քաղաքաբնակ գլխավոր ազգություններին եւ այլն, սակայն այս մոտավոր թվերի հիման վրա կարելի է հանգել հետեւյալ եզրակացության․
1․ XIX դարի 30֊ական թվականներին Շուշին իր բնակչության թվով Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկն էր, գրավում էր 5֊րդ տեղը Թիֆլիսից, Նուխուց, Երեւանից, Շամախուց եւ զգալի չափով գերազանցում էր Անդրկովկասի մյուս քաղաքներին։ Այդ բանը հաստատվում է նաեւ մյուս աղբյուրներով։
2․ Շուշու բնակիչների թիվը պետք է հաշվել ոչ թե 5059 շունչ, այլ դրա կրկնակին, այսինքն մոտավորապես 10 հազար շունչ, որովհետեւ աղյուսակում նշված են միայն արական սեռին պատկանողները, ինչպես այդ արվում էր այն ժամանակ։ Մեր բերած թիվը (10 հազար բնակիչ) համապատասխանում է Շուշու բնակչության մասին Կեպպելի վերոհիշյալ տեղեկանքին։
3․ Հայերն այդ շրջանում Շուշու բնակչության փոքրամասնությունն էին կազմում, սակայն մահմեդականների թիվը հայերից այնքան էլ մեծ չէր։
Շուշում բնակվող հայերի թվի մասին տվյալներ է բերում Լեոն իր «Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի պատմության» մեջ՝ Ղարաբաղի կոնսիստորիայի № 15 գործի հիման վրա։ Ըստ այդ փաստաթղթի Շուշու հայերը ըստ եկեղեցական ծխերի կազմում էին[70]։ (Աղ․ № 5)
- Աղյուսակ № 5
Եկեղեցական ծխեր |
Ծխերի թիվը |
|
||||||||
Ագուլյաց եկեղեցի |
447 |
1304 |
1174 |
2478 |
||||||
Ղազանչեցոց » |
367 |
1221 |
1014 |
2237 |
||||||
Մեղրեցոց » |
102 |
241 |
217 |
458 |
||||||
Ընդամենը |
916 |
2766 |
2405 |
5171 |
Աղյուսակից երեւում է, որ Շուշու հայերը 1840 թվականին կազմում էին 5171 շունչ։ Քաղաքաբնակ մահմեդականների հետ միասին 1840 ․ Շուշու բնակչության ընդհանուր թիվը 10 հազարից ավելի պետք է լիներ, որովհետեւ մահմեդականները դեռեւս մեծամասնություն էին կազմում։
1852 թվականին «Кавказский календарь»֊ում բերվում են Անդրկովկասի քաղաքների բնակչության թվին վերաբերող մի շարք տվյալներ, որոնք օգնում են որոշելու Շուշու բնակչության ազգային կազմը եւ նրա տեղը Անդրկովկասի քաղաքների շարքում[71]։
- Աղյուսակ № 6
Եկեղեցական ծխեր |
Ծխերի թիվը |
|
||||||||
Ագուլյաց եկեղեցի |
447 |
1304 |
1174 |
2478 |
||||||
Ղազանչեցոց » |
367 |
1221 |
1014 |
2237 |
||||||
Մեղրեցոց » |
102 |
241 |
217 |
458 |
||||||
Ընդամենը |
916 |
2766 |
2405 |
5171 |
Այս թվերից պարզ երեւում է, որ Շուշու բնակչությունը 1840 թվականից հետո բավական աճել է, հասնելով 12731֊ի, իսկ քաղաքում բնակվող հայերի եւ մահմեդականների թիվը 1852 թ․ համարյա հավասարվել։
Հետաքրքիր է, իր բնակիչների թվով, Շուշու գրաված տեղն Անդրկովկասի այլ քաղաքների շարքում, որ երեւում է «Кавказский календарь»֊ի 1852 թ․ տվյալների հիման վրա մեր կազմած հետեւյալ աղյուսակից․
- Աղյուսակ № 7
Քաղաքներ | Բնակչության թիվը |
Թիֆլիս |
34,888 |
Շամախի | 19,558 |
Նուխի (1854 թ․) | 17,943 |
Շուշի | 12,774 |
Երեւան | 12,603 |
Ախալցխա | 12,374 |
Դերբենդ | 12,216 |
Ալեքսանդրոպոլ | 11,280 |
Գանձակ (1854 թ․) | 10,938 |
Ղուրա | 9,143 |
Բաքու | 7,431 |
Նախիջեւան | 4,889 |
Քութայիս | 2,723 |
Ինչպես երեւում է աղյուսակից, Շուշին 1852 թ․ եղել է Անդրկովկասի ամենամեծ քաղաքներից մեկը՝ իր բնակչությամբ գրավելով 4֊րդ տեղը։ Շուշուց ավելի բնակչություն ունեին միայն Թիֆլիսը՝ Անդրկովկասի ամենախոշոր քաղաքը, Շամախին եւ վերջապես Նուխին։ Շուշին երկու անգամ ավելի բնակիչ ուներ, քան Բաքուն, ավելի մեծ էր, քան Գանձակը, Երեւանը, Ախալցխան, Դերբենդը, Ալեքսանդրապոլը, երեք անգամ ավելի՝ քան Նախիջեւանը, իսկ Քութայիսը Շուշու համեմատությամբ աննշան բնակավայր էր։
Երկու տարի անց Շուշու բնակչության թիվը հասնում է արդեն 15194 հոգու[72], իսկ 1860 թվականին, համաձայն Շուշում կազմած ընտանեկան ցուցակների, քաղաքում բնակվում էր 17,484 մարդ, որ կազմում էին 2966 ընտանիք (ծուխ)։ Առաջին (հայկական) քաղաքամասում բնակվում էին 9533 շունչ, իսկ երկրորդում (մահմեդականների) — 7951 շունչ, այսինքն առաջինից 1582 հոգով պակաս։ Այսպիսով Շուշու բնակչությունը 6 տարվա ընթացքում ավելացել էր ավելի քան 2 հազար շնչով, իսկ հայերն արդեն կազմում էին քաղաքի բնակչության մեծամասնությունը[73]։
1873 թ․ Շուշում կազմած ընտանեկան ցուցակների համաձայն[74], Շուշու բնակչության թիվը հասել էր 22,086֊ի, այսինքն 1860 թվականի համեմատությամբ աճել էր համարյա 5 հազարով։ Աննշան չափով տարբերվում է նույն թվականի համարում տպագրված Կոնտորովիչի բերած թվերից, որ չի խանգարում ընդհանուր առումով որոշելու Շուշու տեղը մնացած քաղաքների շարքում։
Այսպիսով, 70֊ական թվականներին եւս Շուշու բնակչությունը ուժեղ թափով շարունակում էր աճել, եւ Շուշին մնում էր Անդրկովկասի մեծ քաղաքների շարքում։ Բնակչության ազգային կազմի մեջ ավելի եւս հաստատվում է հայերի մեծամասնությունը։
XIX դարի վերջին տասնամյակներում Շուշում բնակվողների թվի մասին քիչ թե՝ շատ վստահելի տվյալներ մեզ տալիս են 1886 թվականի կազմած ընտանեկան ցուցակները, որոնց համաձայն քաղաքում բնակվում էր 26,806 հոգի (տղամարդ 15,768, կին՝ 11,020)։
- ↑ Շուշու մասին այս աշխատությունը սկսել եմ գրել, երբ դեռեւս աշխատում էի Բաքվի Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետում, որպես դասախոս։ Աշխատանքը սկսել եմ 1959 թվականից արխիվային նյութերի եւ փաստաթղթերի ժողովումով, որքան հաջողվել է այն կատարել, եւ հավաքած նյութերն ու փաստերը շարադրել մաս֊մաս, առաջնորդվելով աշխատության ընդհանուր ծրագրով։
- ↑ Շուշու բարձրության մասին տարբեր աղբյուրներում եղած որոշ հակասական տվյալները բխում են նրանից, որ հաշվի չեն առնում քաղաքի վերին եւ ստորին մասերի բարձրությունների տարբերությունը։
- ↑ Սակայն XX դարի սկզբից քաղաքից ներքեւ, դեպի Ղայբալուշեն տանող սարի լանջով քոչվորների համար կառուցված է այլ ճանապարհ (քաղաքը էլից ազատ պահելու նպատակով), որը հիմա էլ գոյություն ունի եւ հարմար ճանապարհ է Թթու ջուր, Գորիս եւ Բոխի աղբյուրը գնալու համար։ Այդ ճանապարհը քաղաքի հայկական մասի ավերվելուց հետո դառնում է ադրբեջանական մասից դեպի Զանգեզուր տանող հիմնական ուղին։
- ↑ Кавказский календарь на 1852 г., стр. 430—435.
- ↑ «Ընդհանուր մաս», էջ 57—89
- ↑ Շուշու ռեալական դպրոցի նոր շենքը կառուցվել է XX դարի սկզբներին Առափելյանի աջակցությամբ։ Դպրոցը 1907—1908 թթ․ սեպտեմբերից տեղափոխվում է այդ նորակառույց շենքը։
- ↑ Շուշու կլիմայական պայմանների բնութագրման համար մենք տվյալները վերցրել ենք՝ И. Ц. Фигуровский, Материалы по районированию Азерб. ССР., т. 1. вып. 1, часть 1 и 2, Баку, 1926, որոնք թեեւ վերաբերվում են մինչեւ 1925 թվականին, բայց հետագա տարիների տվյալներից շատ քիչ են տարբերվում։
- ↑ И. Ц. Фигуровский, Материалы по районированию Азерб. ССР, т 1, вып. 1, часть 2, стр. 135, Баку, 1926.
- ↑ Эйвазов Б. А., Курорт Шуша, Баку, 1956. Фигуровский И., “Зимние климатические курорты Азерб.", Азерб. мед. журнал № 1, 1930 г., Сагиян Г. М., Дилиджан, 1934.
- ↑ Շուշում տեղումների քանակը աշնանացան մշակույթների վեգետացիայի ժամանակաշրջանում (սեպտեմբերից մինչեւ հունիս) հավասար է 568 մմ, իսկ գարնանացան մշակույթների վեգետացիայի ժամանակաշրջանում (ապրիլից մինչեւ սեպտեմբեր) հավասար է 445 մմ։
- ↑ Տեղումներ տվող օրերի թիվը Շուշիում համարյա հավասար է Կիսլովոդսկի օրերի քանակին եւ ավելի պակաս է, քան Աբասթումանում։
Эйвазов Б. А.-Курорт Шуша, Баку, 1956.
Ըստ պրոֆ․ Ֆիգուրովսկու նման օրերի թիվը Շուշում ներկայացված է հետեյալ կերպ․
Դեկտեմբերին
— 6 օր
հունիսին
—13 օր
Հունվարին
— 7 օր
հուլիսին
— 6 օր
Փետրվարին
— 7 օր
օգոստոսին
— 6 օր
Մարտին
—10 օր
սեպտեմբերին
— 9 օր
Ապրիլին
—14 օր
հոկտեմբերին
—10 օր
Մայիսին
—17 օր
նոյեմբերին
— 7 օր
- ↑ Մառախլապատ օրերի թվով «Շուշին համարյա նույն մարակդարի վրա է կանգնած, ինչ շվեյցարական հայտնի առողջարան Արոզան» (68 օր տարվա ընթացքում, տե՛ս Էյվազով, նշվ․ աշխ․, էջ 20
- ↑ Ահռելի պատկեր էին ներկայացնում ամպրոպները, կարկտահարումը եւ տեղատարափ անձրեւները Շուշում, որ ինձ վիճակված է եղել դիտել իմ մանկության, պատանեկության եւ երիտասարդության տարիներին։ Երեւանյան փողոցը, որի 71 տանը ես ապրել եմ տարիներ շարունակ, ծայրից ծայր լցվում էր կատաղի արագությամբ հոսող ջրերով, որոնք գլորվում էին քաղաքի հարավային եւ հարավարեւմտյան մոտակա բարձրություններից (գլխավորապես այսպես կոչված Ուզին բախչայից, զորանոցի շրջանից եւ ցած սլանում սարսափելի արագությամբ) փողոցի զառիվայր թեքությամբ, պատրաստ լինելով ամեն ինչ սրբել իրենց ճանապարհին։ Հետիոտնի համար անհնար էր անցնել այդպիսի ջրի հոսանքի վրայով փողոցի մյուս կողմը։ Այդպիսի կատաղի հոսող ջրերի աղմուկը, տեղացող կարկտի հատիկների դղրդոցը երկաթի թիթեղներով պատած տանիքներին, միացած որոտի եւ կայծակի ահռելի աղմուկին, կենդանական սարսափ էին ազդում մարդու վրա։ Միաժամանակ այս դժոխային աղմուկը հիասքանչ տպավորություն էր թողնում մեր մատաղ «փոթորիկ փնտրող սրտերում»։
- ↑ Այդ չի խանգարում, որ երբեմն (ճիշտ է—հազվագյուտ դեպքերում) քաղաքի վրայով անցնեն արտակարգ ուժի քամիներ։
- ↑ Фигуровский И. В., Матер. по районир. Азерб. ССР. том 1. вып. I, часть 2, ст. 154. Խոսելով Ադրբեջանում Փոքր Կովկասի լեռնային շրջանի արեւելյան լանջերում ֆյոնանման քամիների տարածման մասին, պրոֆեսոր Ֆիգուրովսկին ավելացնում է․ «Սրանք տեղական կլիմայի չափազանց բնորոշ առանձնահատկությունն են կազմում, որը մոտավորապես նույնպիսի չափերով դիտվում է Շվեյցարիայում, Տիրոլում, Արեւմտյան Վրաստանում եւ Աջարիայում» (Ֆիգուրովսկի, նույն տեղում, էջ 153)։
- ↑ Քաղաքում փորած ջրհորների մասին մանրամասն պատմում է XIXդ․ Միրզա Ջամալ Ջիվանշիրը, որը իր գրքում Мирза Джамал Дживаншир Карабахский, «Карабах наме» (История Карабаха) Изд. Инститыта истории АН Азерб. ССР. Баку, 1959, стр. 72, նշում է, որ Փանահ֊խանը 1750 թվականին նախքան Շուշու բերդի հիմնադրումը իր մերձավորներից մի քանի փորձված ու տեղյակ մարդ է ուղարկում տեղում հարցը քննելու, որոնք հաստատում են, որ այդ բերդի ներսում «երեք փոքրիկ աղբյուրներից բացի ուրիշ հոսող ջրեր չկան, որոնք չեն կարող ապահովել մեծ քանակությամբ հավաքվող ժողովրդի եւ բերդի բնակիչների կարիքը»։ Այդ պատճառով խանի ուղարկած մարդիկ մի քանի տեղ ջրհորներ են փորել եւ հաստատել, որ շատ ուրիշ տեղերում նույնպես կարելի է հորեր փորել եւ ջուր ստանալ։ Հետաքրքիր է պարզել, թե Շուշում որտեղ կարելի է գտնել այդ երկու֊երեք աղբյուրները։ Մոտ 100 տարուց հետո, 1895 թվականի «Կովկասի օրացույցում», Շուշուն նվիրված իր ժողովածվում Կոնտորովիչը գրում է, որ Շուշում պակասում է լավ ջուրը, քաղաքում միայն հազվագյուտ տներ են, որոնք ջրհորներ չունեն, բայց այդ ջրհորներում ջուրը դառն է, խմելու համար ոչ պիտանի։ «Լավ ջուրը քաղաք են բերում բեռներով, փայտի տակառների մեջ, այն աղբյուրներից, որոնք գտնվում են ձորերում»։
- ↑ Քաղաքի նախկին հայկական մասում 1920 թվականին համարյա բոլոր ջրհորները քանդված են եղել, հողով լցված եւ կեղտոտված (նրանց մեջ լցված են եղել մարդկանց դիակներ), իսկ քաղաքի ադրբեջանական մասում նրանք պահպանվել են։
- ↑ Թամիրյանները կառուցել են մի քանի բաժին ունեցող ջրամբար, որտեղից մաքրված ջուրը բաշխվում էր քաղաքի թե՛ հայկական եւ թե՛ ադրբեջանական մասում։ Այսպես, օրինակ, հայկական մասում կառուցված աղբյուրները կային Երեւանյան փողոցում՝ զորանոցի մոտ, կար Վանքի աղբյուրը (Կուսանոցի եկեղեցու մոտ), Սեյրանենց աղբյուրը՝ թեմականի մոտ, Ռեալականի մոտ գտնվող աղբյուրը եւ ուրիշներ։ Մի քանի աղբյուրներ կային ադրբեջանական մասում։ Հիշատակենք եւ այն, որ նախքան զորանոցի ջրամբարը եւ Երեւանյան փողոցի վերին մեծ, 4 ծորականոց աղբյուրը կառուցելը, նախ կառուցված է եղել մի փոքր աղբյուր զորանոցի դիմաց՝ Երեւանյան փողոցի վերին մասում, նրա ձախ կողմում, որտեղից մենք դեռեւս իմ մանկության տարիներին ջուր էինք բերում։ Հավանականորեն դա նախապատրաստական աշխատանք էր Թամիրյանների ջրամբարը եւ աղբյուրները կառուցելուց առաջ։ Հետո այդ աղբյուրը փոխադրվել է փողոցի աջ կողմը։ Թամիրյան Թադեւոսի մարմարե հուշարձանը 1920 թվականից հետո երկար տարիներ գտնվում էր Ղազանչեցոց եկեղեցու բակում։
- ↑ Ռուսի աղբյուրի ջուրը ջրկիրները վաճառում էին, խաբելով քաղաքացիներին, որ այդ ջուրը բերել են ձորերում գտնվող ուրիշ մաքուր աղբյուրներից։ Ջկրիկներին ձեռնտու էր ջուրը բերել Ռուսի աղբրից, որը քաղաքի Վերին (Երեւանյան) դարբասին շատ մոտ էր եւ հարմար ճանապարհ ուներ (գտնվում էր հենց քաղաքից դուրս տանող խճուղու վրա), իսկ մնացած աղբյուրները ձորերում էին եւ անհարմար ճանապարհների վրա։ Ռուսի աղբյուրը սպանդանոցի մոտ էր գտնվում, քաղաքի հայկական մասի Վերին գերեզմանատան տակ, նրա ջուրը մաքուր չէր համարվում, հավաքվում էր գերեզմանատան շրջանից։ Ռուսի աղբյուր էր կոչվում, որովհետեւ զորանոցում բնակվող ռուս զինվորները ջուրը այնտեղից էին վերցնում։
- ↑ Ի նկատի ունեմ եւ քաղաքի նախկին հայկական մասը՝ մինչեւ 1920 թվականը զբոսայգուց վերեւ ընկած տարածությունը, որտեղով անցնում է դեպի Քարին տակ գյուղը տանող լեռնային ճանապարհը («Քերծի գյուղ») եւ այն բարձրությունները, որոնք ընկած են 1400—1600 մետր բարձրությամբ, օրինակ, Ջըդըր դուզի մոտակայքը։
- ↑ Мирза Дживаншир Карабахский, Карабах-наме (История Карабаха)в Баку, 1959, стр. 73.
- ↑ 1920—21 թվականների օրինակը ցույց է տալիս, որ վառելիք ձեռք բերելու դժվարությունները ստիպեցին ավերումից ողջ մնացած տների տերերին (հայերին) քանդել իրենց տները եւ շալակով փայտը կրել ադրբեջանական մասը, այնտեղ որպես վառելիք վաճառելու համար, 1920 թ․ քաղաքի ավերման ժամանակ կտրտված էին հայկական մասի բոլոր ծառերը եւ այն վառելանյութի վարածած։
- ↑ Мирза Джамал Дживаншир Карабахский, История Карабаха, Баку, 1959, стр. 73.
- ↑ Այսպես, ըստ պատմաբան Լեոյի (Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի, Թիֆլիս, 1914 թ․) Շուշին հիմնվել է 1750—1752 թթ․, ըստ նրա մյուս աշխատության (Պատմություն հայոց, հատոր 3, Ե․, ՀՍՍՀ գիտ․ ակադ․ հրատ․, 1946) —1752—54 թթ․ ըստ Միրզա֊Ջամալ Ջիվանշիրի (Ղարաբաղի պատմություն, Բաքու, 1959) եւ Միրզա Ադիգյոզալ Բեկի (Мирза Адигезалйбек Карабахский, История Карабаха, Баку, 1950ф. (1756—57 թթ․) մուսուլմանական 1170), ըստ Ադրբեջանի պատմության I հատորի (История Азербайджана I-oм, изд. Ак. Н. Азерб. ССР. 1958 թ․) Փանահաբադի (Շուշու) բերդի կառուցումը սկսված է 1750 թ․խ ավարտված—1756—1757 թթ․
- ↑ ԼԵՈ․ Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի, 1838—1913 թթ․։ Հրատարակություն նույն դպրոցի հոգաբարձության, Թիֆլիս, 1912, էջ 60։
- ↑ Эзов. К. А., Сношения Петра Великого с армянским народом, 1898, Санкт-Петербург, с. 429.
- ↑ ԼԵՈ, Պատմություն հայոց, հատոր 3֊րդ, Երեւան, ՀՍՍՀ գիտ․ ակադ․ հրատ․, 1946, էջ 758։
- ↑ Ա․ Հովհաննիսյան, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, Երեւան, 1959, գիրք երկրորդ, էջ 609։
- ↑ Հմմտ․ Խաչիկ Վարդապետ Դադյան․ Ցուցակ հայերեն ձեռագրաց։
- ↑ «Памятники архитектуры Азербайджана», том II, Баку, 1950. Али-Заде А. М. и Саркисов А. В., О некоторых архитектурных памятниках Шуши (по материалам экспедиций, проведенных Управлением по делам архитектуры при Совете Министров Аз. ССР и АН Азерб. ССР, стр. 120—129․)
- ↑ «Aзербайджан» (исторические и достопримечательные места)․ Под редакцией М. А. Казнева, Баку 1960.
- ↑ Большая Советская Энциклопедия, 1957. том 48, статья о Шуше.
- ↑ Եթե Շուշին մեծ բնակավայր լիներ եւ շատ բնակչություն ունենար, նրա գոյության մասին մենք ավելի շատ տեղեկություն կունենայինք։
- ↑ Մեհթի֊Կուլի խանի իշխանությունը ձեւական բնույթ էր կրում 1806 թվականից հետո մինչեւ 1823 թվականը, երբ նա վերջնականապես ընկնում է։
- ↑ Мирза Джамал Дживаншир Карабахский, Карабах-наме (История Карабаха). Изд. инст. Истории АН Азерб. ССР, Баку, 1959, стр. 101—102․
- ↑ «Кавказский календарь на 1852 г.» Կոնտորովիչի հոդվածը Շուշիի մասին, էջ 430—435․
- ↑ Րաֆֆի, Երկեր, հ․ 10, Հայպետհրատ, Երեւան, էջ 240, 248, 252։
- ↑ Ղարաբաղի խաները ահագին կարողության տեր էին եւ մեծ եկամուտ էին ստանում իրենց ունեցվածքից։ Միրզա Ջամալ Ջիվանշիրը «Ղարաբաղի պատության» մեջ Իբրահիմ խանի եկամուտների մասին գրում է հետեւյալը․ «Հիշում եմ, մի անգամ հաշիվ տեսնելուց պարզվեց, որ խանը այնքան անասուն ու գութաններ ունի, որքան Ղարաբաղի ամբողջ բնակչությունը միասին վերցրած եւ նույնիսկ երկու զույգով ավելի, քան նա» (էջ 103)։ Իբրահիմ խանի մոտ «կային 3—4 հազար գլուխ մատակ ձի եւ համապատասխան քանակությամբ զտարյուն արտադրողներ, իսկ ոչխարների, կովերի եւ էգ գոմեշների քանակը այնքան մեծ էր, որ հաշվի չէր ենթարկվում» (էջ 104)։
- ↑ Լեո, Պատմություն հայոց, հ․ 3, էջ 762։
- ↑ Լեո, «Պատմություն Ղարաբաղի հայոց հոգեւոր թեմական դպրոցի», Թիֆլիբ, 1914, գլ․ 3 («Շոշվա ղալա»)։
- ↑ «1826 թվականի ռուս֊պարսկական պատերազմից առաջ Շուշին ստացել էր վաճականական քաղաքի հոչակ» գրում է Լեոն իր նույն աշխատության մեջ («Պատմություոն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի», գլուխ 3֊րդ, «Շուշջե ղալա»)։
- ↑ Այստեղ չենք խոսում գյուղացիական աշխատանքներով (հողագործությամբ, անասնապահությամբ եւ այլն) զբաղվողների սակավաթիվ բնակիչների մասին, որոնց հիշատակել ենք վերը եւ որոնք Շուշում քաղաքային պայմաններում բազմամարդ լինել չէին կարող։
- ↑ Ճիշտ է, 1826—28 թվականներին նորից վերսկվեցին ռուս֊պարսկական եւ ռուս֊տաճկական պատերազմները, բայց նրանք ավելի ամրապնդեցին ռուսական զենքի հզորությունը։
- ↑ Մ․ Թաղիդյան, Ճանապարհորդություն ի Հայս, Կալկաթա, 1847։ Մեսրովբ Թաղիդյանը նկարագրում է Մարկոս Թառումյանի մահը։ Սա մահվան մահճի վրա կարգադրում է բերել զանազան մարդկանց պարտամուրհակները, դրանց թվում նաեւ էջմիածնի պարտամուրհակը, որը 4000 ռուբլու մուրհակ էր ոսկով, բերել է տալիս նաեւ երկու քսակ ոսկի, դնում է այդ իր ուռած ոտի վրա եւ ասում․ «Ով դու մոլորության չաստված, եթե ույժ ունիս, բժշկիր», եւ այնուհետեւ պարտամուրհակները վերադարձնում է պարտապաններին, իսկ ոսկին հրամայում է բաժանել աղքատներին։
- ↑ Լեո, Պատմություն Ղարաբաղի հայոց հոգեւոր թեմական դպրոցի, էջ 66 եւ հետեւյալները։
- ↑ Նույն տեղում։
- ↑ Նույն տեղում։
- ↑ Кавказский календарь на 1853 г. стр. 430—435․ (Կոնտորովիչի հոդվածը)։
- ↑ Կոնտրովիչի Շուշու բնակչության քանակի մասին բերած թվերի հանրագումարը իր մանրամասնությունների մեջ չի համընկնում։ Ստացվում է մի քանի տասնյակ հոգու տարբերություն, որը չի կարող ազդել մեր եզրակացությունների վրա Շուշու էկոնոմիկայի բնույթի նկատմամբ եւ բացատրվում է նրանով, որ XIX դարի 50֊ական թվականների վիճակագրությունը ստույգ վիճակում չէ։ Այսպես, ըստ դասերի, Շուշու բնակիչների թիվը ստացվում է 6318 տղամարդ, 6426 կին, ընդամենը 12744 հոգի, ըստ կրոնի ստացւում է 6310 տղամարդ, 6421 կին, ընդամենը 12731 հոգի, բացի դրանից, մի այլ տեղ Շուշու բնակչության մշտական քանակը հաշշված է տղամարդիկ 6356 հոգի, կանայք 6418 հոգի, ընդամենը՝ 12774 շունչ։
- ↑ Տե՛ս Կոնտրովիչի նույն հոդվածը Շուշու մասին։
- ↑ Архив Министерства внутренних дел, отдел исторический, фонд 43, опись 43—1, единица хранения 309 մահմեդական (երկրորդ) թաղամասում ձեռնարկությունների թիվը ավելի է ստացվում, որովհետեւ հայկական թաղամասում մենք հանդիպում ենք միայն մի մահմեդական ազգանունի (№ 336, բաղնիքի տեր), իսկ քաղաքի երկրորդ մասում ձեռնարկատերերի մեջ կան բազմաթիվ հայկական ազգանուններ (№№ 514, 520, 523, 524, 533, 576, 578, 579, 580 եւ ուրիշներ)։
- ↑ См. Архив Министерства внутр. дел Азерб. ССР, отдел исторический, фонд 43, отдел I, № 273․ Գործում Շուշում 970 ձեռնարկության անուն է բերված, տրված է ձեռնարկությունների տերերի անուն, ազգանունները, համարյա բոլոր անունների մոտ գրված է «շուշեցի» եւ «Շուշու բնակիչ»։ Բայց հարց է ծագում, թե արդյոք բոլոր ձեռնարկությունները գտնվում են քաղաքում, թե նաեւ Շուշու գավառում։
- ↑ Հայ գյուղացիության թշվառ վիճակը, բանվորական ուժի էժան, համարյա ձրի օգտագործումը, բանվորական ուժի շահագործման նկատմամբ պետական վերահսկողության բացակայությունը, գյուղերում վառելափայտի ավելի էժան լինելը, քան թե Շուշի քաղաքում, եւ ջրի առատությունը գավառում, որ անհրաժեշտ էր մետաքսամանվածքային արդյունաբերության համար, այս բոլորը մետաքսի արդյունաբերությունը քաշում էր դեպի գյուէեր եւ ոչ թե Շուշի քաղաքը։
- ↑ Архив министерства внутр. дел Азерб. ССР, отд. исторический, фонд 875, опись 1֊ая, един. хранение 1, сведение о шелко-материальных и шелкокрутильных заводах в Шушинском уезде в 1915 г. (с 1 янв. 1915 г. по 1 янв. 1916 г.) по данным старшего фабричного инспектора Елисаветпольской губернии.
- ↑ Кавказский календарь на 1883 г.
- ↑ Энциклопедический словарь Брокгауза и Ефрона, 1904, книга 79, тем 40, стр. 25.
- ↑ Архив Министерства Внутренних дел Аз. ССР, исторический отдел, фонд 975, опись 1, единица хранения 1, «сведения о шелкомотальных и шелкокрутильных заводах в Шушинсков уезде с 1-го января 1915 г. по 1 января 1916 г., составленные старшим фабричным инспектором Елисаветпольской губернии».
- ↑ Այդ օրացույցները հրատարակվել են Թիֆլիսում, սկսած XIX դարի քառասունական թվականներից մինչեւ 1916 թվականը եւ մեծ մասամբ տալիս են Շուշում կազմված ընտանեկան ցուցակների թվերը։
- ↑ Այս տեսակետից բնորոշ է «Ազգագրական հանդեսի» առաջին համարում (Թիֆլիս, 1897 թ․) լույս տեսած Երվանդ Լալայանի «Վարանդա» աշխատության եւ Է․ Աթարբեկյանի «Վիճակագրական տեղեկություններ» վերնագիրը կրող հոդվածի այն ցուցումը, որտեղ հեղինակը, նշելով իր աղբյուրները, մասնավորապես 1886 թվականի ընտանեկան ցուցակների հիման վրա կազմած «Свод статистических данных о населении Закавказья» աղբյուրը գրում է․ «Այս հիմնարկությունների հավաքած նյութերի ձեռնահասությունը վիճակագրության գործում չափազանց կասկածելի է», «նրանց նյութերի վրա հիմնվող մեր տեղեկությունները բնականաբար միայն մոտավորապես ճիշտ են», բայց «այդ թվերը եւս ընդունակ են ընդհանուր գծերով ցույց տալ» վիճակագրական մի քանի երեւույթների զարգացումը Շուշու գավառում։ Նույն համարում Ղազար Տեր֊Ղազարյենը «Տնտեսական դրույթներ Վարանդայում» հոդվածում (էջ 77—100), խոսելով «Кавказский календарь»֊ի մասին (որի մի քանի համարների վրա նա հենվում է), ասում է․ «Անկարելի է այնտեղից արտագրել թվեր, անհոգ մնալով նրանց ճշտության նկատմամբ»։
- ↑ Տե՛ս Mирза Джемал Дживаншир, «История Карабаха» изд. АН Азерб. ССР Баку, 1959, стр. 72 и след.
- ↑ Մահմեդական բնակչության մեջ գերակշռում էին ռայաթները, քոչվորությամբ զբաղվողները, նոքարները, բեկերը, զինվորական դասը։
- ↑ Լեո, Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի, Թիֆլիս 1914, էջ 61—63։
- ↑ Այս ծխերի մասին խոսում է XIX դարի քսանական թվականների նշանավոր պատմագիր Մ․ Թաղիադյանը իր «Ճանապարհորդություն ի Հայս» գրքի մեջ, չհիշատակելով մեղրեցոց եկեղեցին։ Ըստ երեւույթին մեղրեցիները Թաղիադյանի այցելությունից հետո են տեղափոխվել Շուշի։
- ↑ Տե՛ս Ф. Алиев, Города Северного Азербайджана во второй половине XVIII века (диссертацион. работа). Баку, 1957 г,, см. Архим института истории АН Азерб. ССР, инв. № 510.
- ↑ Տե՛ս Архив института истории Академии наук Азерб. ССР, Баку, 1958
- ↑ Տե՛ս История Азербайджана, т. I, изд. Акад. наук Азерб. ССР, Баку, 1958.
- ↑ Տե՛ս Մեսրովբ Թաղիադյան, ճանապարհորդություն ի Հայս, Կալկաթա, 1847, էջ 286։
- ↑ Кеппель Г., Личный рассказ о поездке из Индии в Англию в 1824 г. Շուշի քաղաքինի վերաբերող հատվածի անգլիական բնագրից կատարած ռուսերեն թարգմանությոնը տես Ադրբեջանական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի արխիվում, № 878։
- ↑ «Обозрение Росийский владений Закавказом в статистическом, этнографическом, топографическом и финансовом отношениях», т. IV, Санкт-Петербург, 1836, стр. 361—370․
- ↑ Տե՛ս Լեո, Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի, էջ 64։ Այս ցուցակի թվերի հանրագումարը մեր կազմածն է։
- ↑ Տե՛ս «Кавказский календарь» на 1852 г., статья Конторовича «Шуша», стр. 430—435․ Շուշու բնակչության թիվը "Кавказ. календарь"֊ի 1851 թվականի տված ցուցակում աննշան չափով տարբերվում է նույն թվականի համարում տպագրված Կոնտորովիչի բերած թվերից, որը չի խանգարում ընդհանուր առումով որոշելու Շուշու տեղը մնացած քաղաքների շարքում։
- ↑ Տե՛ս «Кавказский календарь» на 1854.
- ↑ Տե՛ս «Камеральное описание города Шуша за 1860 г.» Архив министерст. внут. дел. Азерб. ССР, фонд 10, ед. хран. 48, лист 1—1025 ուր տրված են առաջին եւ երկրորդ քաղաքամասերում բնակվող ընտանիքների անվանական ցուցակները, կազմված 1860 թ․ հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին։ Այս ցուցակները վավերացված են բազմաթիվ ստորագրություններով։ Գրքի մեջ կանանց անունները չեն բերված, ցույց է տրված միայն նրանց թիվը։
- ↑ Տե՛ս «Камеральное описание города Шуша за 1873 г.» Архив министер. внутр. дел Азерб. ССР, фонд 43, опись 1, 9, 13.» Այս ընտանեկան ցուցակները կազմված են Շուշում 1873 թվականին, սակայն գրքի մեջ 557 թերթից մինչեւ 565 թերթը եւ 939 թերթից մինչեւ 997 թերթը ավելացված են նոր ընտանիքներ, որոնք բնակութչուն են հաստատել քաղաքում 1837 թ․ ցուցակները կազմելուց հետո։ Հավելումն ի նկատի առնելով, քաղաքի բնակիչների թիվը՝ հասնում էր 24,014 հոգու։ Մեր կազմած աղյուսակում հաշվի են առնված միայն 1873 ․ հիմնական ցուցակները։