Վերջին թարմացում 13 Հունիսի 2015, 12:49

Հաղթական կամար - IX գլուխ

12:49, 13 Հունիսի 2015 տարբերակ, Մանվել (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հաղթական կամար
◀ Հաղթական կամար - VIII գլուխ Հաղթական կամար - X գլուխ ▶


Ռավիկը վերադարձավ հյուրանոց։ Առավոտյան Ժոան Մադուն դեռ քնած էր, երբ նա գնաց։ Իր հաշիվներով մի ժամից հետո ինքը պետք է վերադառնար։ Բայց վերադառնում էր երեք ժամ ուշացումով։

— Ալլո, բժիշկ,— ձայն տվեց նրան ինչ֊որ մեկը երկրորդ և երրորդ հարկի միջև ընկած աստիճանների վրա։

Ռավիկը շրջվեց ձայնի կողմը։ Գունատ մի դեմք, վայրի խռիվ մազերի սև մի դեզ, ակնոց։ Նրան բոլորովին անծանոթ մի մարդ։

— Ալվարես,— ասաց անծանոթը։ Խաիմե Ալվարես։ Չե՞ք հիշում։

Ռավիկը գլուխն օրորեց։

Անծանոթը կռացավ և վեր քաշեց շալվարի թայը։ Սրունքի երկարությամբ երկար մի սպի էր ձգվում։

— Իսկ հիմա ճանաչեցի՞ք։

― Ե՞ս եմ վիրահատել։

Անծանոթը գլխով արեց։

— Խոհանոցի սեղանի վրա, ճակատում։ Արանխուեսի մոտ գտնվող ժամանակավոր լազարեթում։ Մի փոքրիկ սպիտակ վիլլա էր, նշենիների պուրակում։ Հիմա հիշեցի՞ք։

Ռավիկը հանկարծ զգաց ծաղկող նշենիների թանձր բուրմունքը։ Թվում էր, թե այդ հոտը մութ աստիճաններով բարձրանում է վերև, մի տեսակ քաղցրավուն, փոքր-ինչ նեխած, խառնված արյան ավելի քաղցր ու սիրտ խառնող հոտի հետ։

— Այո,— ասաց Ռավիկը։— Հիշում եմ։

Վիրավորները շարք-շարք պառկած էին լուսնի լույսով ողողված պատշգամբում։ Նրանք բոլորը վիրավորված էին գերմանական ու իտալական մի քանի ինքնաթիռների ռմբակոծությունից։ Մանուկներ, կանայք, գյուղացիներ — բոլորը ծվատվել էին ռմբաբեկորներից։ Երեսը վրայից պոկված մի երեխա, մինչև կուրծքը ճղճղված ու խառնշտորված փորով մի հղի կին, մի ծերունի, որն իր ձեռքի կտրված մատները սարսափահար և ամուր բռնել էր մյուս ձեռքում, կարծելով, թե դրանք կարելի է նորից կարել։ Եվ այդ բոլորի վրա — գիշերային մի թանձր բուրմունք ու արցունքի նման վճիտ գիշերային ցող։

— Հիմա ոտքդ ինչպե՞ս է, լա՞վ է,— հարցրեց Ռավիկը։

— Ընդհանրապես՝ ոչինչ, միայն թե մինչև վերջը չի ծալվում։— Ալվարեսը ժպտաց։— Համենայն դեպս, կարողացավ անցնել Պիրինյան լեռները։ Գոնսալեսը սպանվեց։

Ռավիկը մոռացել էր, թե ով է Գոնսալեսը։ Բայց լավ հիշում էր մի երիտասարդ ուսանողի, որն իր օգնականն էր։

— Չգիտե՞ք Մանոլան ինչ եղավ։

— Գերի ընկավ։ Գնդակահարեցին։

— Իսկ Սերնա՞ն, բրիգադի հրամանատարը։

— Սպանվեց։ Մադրիդի մատույցներում։

Ալվարեսը նորից ժպտաց։ Սակայն դա մի մեռած, մեխանիկական ժպիտ էր, որը հանկարծ հայտնվեց և որի մեջ ոչ մի զգացում չկար։

— Մուրան ու Լա Պենյան գերի ընկան։ Նրանք էլ գնդակահարվեցին։

Ռավիկն արդեն մոռացել էր, թե ովքեր են Մուրան ու Լա Պենյան։ Նա Իսպանիայում ընդամենը վեց ամիս մնաց։ Իսկ երբ ճակատային գիծը ճեղքեցին, ու զինվորական լազարեթը ցրվեց, ինքը մեկնեց այնտեղից։

— Կառներոն, Օրտան և Գոլդշտայնը հիմա համակենտրոնացման ճամբարում են,— ասաց Ալվարեսը,— Ֆրանսիայում։ Բլացկին նույնպես փրկվեց։ Սահմանի մոտ է թաքնված։

Ռավիկը հիշում էր միայն Գոլդշտայնին։ Մյուսներին արդեն մոռացել էր։

— Դուք հիմա այստե՞ղ եք ապրում, հյուրանոցում,— հարցրեց նա։

— Այո։ Երեկ չէ մյուս օրն ենք եկել։ Այնտեղ ենք,— Ալվարեսը ցույց տվեց երրորդ հարկի սենյակները։— Մենք երկար մնացինք սահմանային ճամբարում։ Եվ վերջապես բաց թողին։ Մեր ձեռքին դեռ փող կար։— Նա նորից ժպտաց։— Իսկ այստեղ մահճակալ կա։ Իսկական մահճակալեր են։ Նույնիսկ պատերին մեր ղեկավարների նկարներն ենք կախել։

— Հը՜մ,— ասաց Ռավիկը, առանց հեգնանքի։— Դա պետք է որ հաճելի լինի՝ այնտեղ քաշածից հետո։

Նա հրաժեշտ տվեց Ալվարեսին ու գնաց իր սենյակը։


Սենյակն հավաքած էր և դատարկ։ Ժոանն արդեն գնացել էր։ Ռավիկը նայեց շուրջը։ Ոչինչ չէր թողնված։ Ասենք, ինքը որևէ բանի չէր էլ սպասում։

Ռավիկը սեղմեց զանգի կոճակին։ Քիչ հետո հայտնվեց աղախինը։

— Մադամը գնաց,— ասաց նա, չսպասելով Ռավիկի հարցին։

— Ես ինքս էլ եմ այդ տեսնում։ Դուք ի՞նչ գիտեք, թե այստեղ մարդ կար։

— Այդ ի՞նչ եք ասում, մեսյո Ռավիկ,— վրա բերեց աղախինը, առանց որևէ բան ավելացնելու և դեմքի այնպիսի արտահայտությամբ, կարծես մեկը խոր վիրավորած լիներ։

— Նա նախաճաշե՞ց։

— Ոչ։ Ես նրան չեմ տեսել։ Այլապես կհոգայի այդ մասին։ Չէ՞ որ ես հիշում էի նրան... դեռ այն առավոտից։

Ռավիկը նայեց նրա երեսին։ Աղախնու վերջին խոսքերը նրան դուր չեկան։ Նա գրպանից հանեց մի քանի ֆրանկ և խրեց աղախնու գոգնոցի գրպանը։

— Դե լավ,— ասաց նա,— հաջորդ անգամ էլ նույն ձևով վարվեք։ Նախաճաշ բերեք միայն այն դեպքում, երբ ես ձեզ ինքս կխնդրեմ։ Եվ մի՛ եկեք սենյակը հավաքելու այնքան ժամանակ, քանի դեռ համոզված չեք, որ ներսը ոչ ոք չկա։

Աղախինը վստահեցնող ժպտաց։

— Շատ լավ, մեսյո Ռավիկ։

Ռավիկը մի տեսակ տհաճորեն նայեց նրա հետևից։ Նա գիտեր, աղախինն ինչ է մտածում։ Նրան թվում էր, թե Ժոանը ամուսին ունի և չի ուզում, որ իրեն տեսնեն։ Առաջ ինքը կարող էր դրա վրա միայն ծիծաղել, իսկ հիմա դա պարզապես տհաճ է։ Էհ, դա սովորական բան է, մտածեց նա և, ուսերը վեր քաշելով, մոտեցավ լուսամուտին։ Հյուրանոցը հյուրանոց է։ Մարդ չի կարող այստեղ ոչինչ փոխել։

Նա լուսամուտը բացեց։ Դրսում տների վրա կախվել էր ամպամած կեսօրը։ Տանիքներին ճտճտում էին ճնճղուկները։ Ներքևի հարկում երկու հոգի կռիվ էին անում։ Ըստ երևույթին, Գոլդբերգ ամուսիններն էին։ Ամուսինը, որ Բրեսլաուցի հացահատիկի մեծածախ վաճառական էր, կնոջից քսան տարով մեծ էր։ Կինը սիրային գաղտնի հարաբերությունների մեջ էր էմիգրանտ Վիզենհոֆի հետ և կարծում էր, որ ոչ ոք դա չգիտի։ Մինչդեռ միակ մարդը, որ այդ մասին իսկապես էլ չգիտեր, դա իր ամուսինն էր — Գոլդբերգը։

Ռավիկը լուսամուտը փակեց։ Առավոտյան նա ինչ-որ մեկի լեղապարկն էր վիրահատել։ Դա Դյուրանի համար արված լեղաարկի մի անոնիմ վիրահատություն էր։ Անհայտ տղամարդու որովայնի մի կտոր, որի դիմաց նա երկու հարյուր ֆրանկ էր ստանալու։ Դրանից հետո այցելության էր գնացել Կետ Հեգստրեմին։ Կետը ջերմություն ուներ։ Չափազանց բարձր ջերմություն։ Մի ամբողջ ժամ նա մնացել էր այնտեղ։ Կետ Հեգստրեմի քունը վերին աստիճանի անհանգիստ էր, սակայն սպառնացող ոչինչ չկար։ Այնուամենայնիվ, առանց դրան շատ ավելի լավ կլիներ։

Ռավիկը փակած լուսամատից դուրս էր նայում։ Ամեն անգամվա «հետո»-ի դատարկության տարօրինակ զգացում։ Մահճակալ, որ ոչինչ այլևս չէր ասում։ Այսօր, որին անողորմաբար ծվատում էր երեկը, ինչպես շնագայլն է ծվատում այծեղջերուի մորթին։ Սիրո անտառները, որոնք կարծես կախարդանքով աճել են գիշերային խավարի մեջ, այժմ նորից են երևում հեռավոր հեռվում որպես ժամանակի անապատում կախված միրաժ...

Նա հայացքը հեռացրեց լուսամուտից: Սեղանի վրա դրված էր Լյուսիեննա Մարտինեի հասցեն։ Նրան վերջերս էին դուրս գրել հիվանդանոցից, բայց նրա շուրջը պտտվող մտքերը հանգիստ չէին տալիս Ռավիկին։ Նա ընդամենը երկու օր առաջ էր եղել Լյուսիեննայի մոտ։ Կրկին այցելելու ոչ մի անհրաժեշտություն չկար։ Բայց քանի որ անելիք չուներ, որոշեց գնալ։


Տունը, որտեղ ապրում էր Լյուսիեննա Մարտինեն, գտնվում էր Կլավել փողոցի վրա։ Տան առաջին հարկում մսի մի խանութ կար, որտեղ վիթխարի մի կին, կացինը ճարպկորեն գորձի դրած, միս էր վաճառում։ Կնոջ հագին սգավորի զգեստ էր։ Երկու շաբաթ առաջ նրա ամուսինը մահացել էր։ Եվ հիմա խանութի գործերը նա վարում էր մի երիտասարդ գործակատարի օգնությամբ։ Ռավիկը խանութի կողքով անցնելիս հայացքով տնտղեց մսավաճառի այրուն։ Նա, ըստ երևույթին, պատրաստվել էր հյուր գնալու, քանի որ գլխին երկար, սև շղարշով գլխարկ էր դրել, բայց ծանոթներից մեկի խնդրանքով համաձայնվել էր սիրալիր գտնվել և արագ կտրել ու նրան տալ կախած խոզերից մի բուդ։ Սգո շղարշը ծածանվում էր մսի վրա, իսկ փայլփլուն սուր կացինը հեշտությամբ մխրճվում էր խոզի բուդը։

— Ահա և քո ուզածը,— գոհունակությամբ ասաց այրին ու խոզի ոտքը նետեց կշեռքի նժարին։

Լյուսիեննան ապրում էր տանիքի տակ գտնվող վերնահարկի մի փոքրիկ սենյակում։ Նա մենակ չէր։ Սենյակի կենտրոնում, աթոռի վրա ծուլորեն փլված, նստել էր մոտ քսանհինգ տարեկան մի երիտասարդ, որի գլխին երկար հովարով հեծանվորդի գլխարկ էր դրած։ Նրա բերնին ցցված էր սեփական ձեռքով փաթաթած մի ծխախոտ, որը խոսելու ժամանակ, երբ նա բերանը բաց էր անում, վերևի շրթունքից կպած կախվում էր։ Երբ Ռավիկը ներս մտավ, երիտասարդը տեղից նույնիսկ չշարժվեց էլ։

Լյուսիեննան պառկած էր անկողնում։ Ռավիկին տեսնելով, նա շփոթված կարմրեց։

— Բժի՞շկ... ես չգիտեի, որ դուք այսօր ինձ մոտ կգաք,— ասաց Լյուսիեննան և, նայելով երիտասարդին, ավելացրեց — սա է․․․

— Կարևոր չէ, թե ով է,— կոպտորեն ընդհատեց նրան երիտասարդը։— Ինչո՞ւ զուր տեղը անուններ տալ։— Նա ետ ընկավ աթոռի թիկնակին:— Ուրեմն, դո՞ւք եք բժիշկը։

― Հը՞, Լյուսիեննա, ինչպե՞ս եք,— հարցրեց Ռավիկը, ուշադրություն չդարձնելով երիտասարդին։— Այ խելացի եք վարվել, որ մնացել եք անկողնում։

— Նա վաղուց կարող էր անկողնուց վեր կենալ,— վրա բերեց երիտասարդը։— Նրան ի՞նչ է եղել... Չի գնում աշխատելու, բայց փողերը իրար հետևից հալվում են։

Ռավիկը շրջվեց նրա կողմը։

— Դուրս գնացեք այստեղից,— ասաց նա։

— Իի՞նչ։

— Սենյակից դուրս գնացեք։ Ես քննելու եմ Լյուսիեննային։

Երիտասարդը փառ֊փառ ծիծաղեց։

— Դա կարող եք իմ ներկայությամբ էլ անել։ Մենք այնքան էլ քնքուշներից չենք։ Եվ առհասարակ ի՞նչ եք քննում։ Ընդամենը մի օր առաջ եք եղել էստեղ։ Դուրս է գալիս, որ մի այցելության համար էլ ավելորդ պետք է վճարվի։

— Ձեզ հետ եմ, երիտասարդ,— հանգիստ ասաց Ռավիկը,— ես չեմ կարծում, թե փողը ձեր գրպանից է գնում։ Եվ առհասարակ, փող կվերցնեմ թե չեմ վերցնի, դա ձեր գործը չէ։ Ռադ եղեք այստեղից։

Երիտասարդը անպատկառորեն քմծիծաղեց ու ավելի ամուր նստեց տեղում, սրածայր լաքե կոշիկներով ու մանուշակագույն գուլպաներով ոտքերը ավելի լայն տարածելով շուրջը։

— Խնդրում եմ, Բոբո,— մեջ մտավ Լյուսիեննան,— սա ընդամենը մի վայրկյան է տևելու։

Բոբոն նրան ուշադրություն չդարձրեց։ Նրա ուշադրությունը կենտրոնացած էր Ռավիկի վրա։

— Շատ լավ է, որ դուք էստեղ եք,— ասաց Բոբոն։— Ես հիմի ձեզ կբացատրեմ, ոնց որ պետքն է։ Եթե դուք կարծում եք, սիրելիս, որ կարող եք կլինիկայի, վիրահատության և նման բաների դիմաց մեզ հաշիվ ներկայացնել... իմացեք, որ սխալվում եք։ Մենք ձեզանից չենք պահանջել, որ դուք նրան հիվանդանոց պառկեցնեք։ Իսկ ինչ վիրահատությանն է վերաբերում, ապա էդ մասին նույնիսկ խոսք էլ չի եղել։ Էնպես որ, մնաս բարով ասեք ձեր սպասած մեծ փողերին։ Դեռ շնորհակալ եղեք, որ մենք վնասի դիմաց ձեզանից բան չենք պահանջում, հարկադրական վիրահատության համար։— Նա ցույց տվեց իր զզվելի ատամների շարքը։ Հը, կերա՞ք։ Դե լավ իմացեք։ Բոբոն էդ գործերից լավ է գլուխ հանում։ Նրան խաբելը դժվար է։

Երիտասարդն իրեն խիստ բավարարված էր զգում։ Նրան թվում էր, թե ինքը փայլուն կերպով դուրս եկավ ստեղծված վիճակից։ Լյուսիեննան ամբողջովին գունատվել էր։ Նա սարսափած հայացքը մերթ Բոբոյին էր գցում, մերթ Ռավիկին։

— Հասկացա՞ք,— հաղթանակող տոնով հարցրեց Բոբոն։

— Սա նա՞ է,— հարցրեց Ռավիկը Լյուսիեննային։

Լյուսիեննան լուռ էր։

— Ուրեմն, նա է,— ասաց Ռավիկը և ոտից գլուխ զննեց Բոբոյին։

Լողլող վտիտ մի ապուշ, արհեստական մետաքսե շարֆը փաթաթած բարալիկ վզին, որի վրա ադամախնձորը անվերջ վերուվար էր թռչկոտում։ Բութիկ, քիթը չափազանց երկար, դեգեներատի կզակով — արվարձանային սուտենյորի իսկական տիպ։

— Ի՞նչ է նշանակում «նա» է։— Կռվելու տրամադրությամբ հարցրեց Բոբոն։

— Ես կարծում եմ, ձեզ բավական պարզ ասացի, որ դուք դուրս պետք է գնաք։ Ես պետք է քննեմ Լյուսիեննային։

— Կեղտոտ,— քթի տակ փնթփնթաց Բոբոն։

Ռավիկը դանդաղ գնաց դեպի նա։ Բոբոն համբերությունից արդեն հանել էր նրան։ Երիտասարդը տեղից ցատկեց ու ետ զնաց։ Հանկարծ նրա ձեռքին մոտ մի մետրանոց բարալիկ թոկ հայտնվեց։ Ռավիկն իսկույն կռահեց նրա մտադրությունը։ Բոբոն մտադիր էր, երբ Ռավիկը մոտենա իրեն, ինքը ճարպկորեն ցատկի մի կողմ, հետևի կողմից թոկը գցի Ռավիկի վիզը և սկսի խեղդել։ Դա վատ մտադրություն չէ, եթե հակառակորդը գաղափար չունի դրանից և ձգտում է բռնցքամարտի մեջ մտնել։

— Բո՜բո,— բղավեց Լյուսիեննան,— Բո՜բո, չանես։

— Ախ դու փսլնքո՛տ,— ասաց Ռավիկը։— Դա ողորմելի և հին տրյուկ է։ Էլ ուրիշ ոչինչ չգիտե՞ս։— Ռավիկը ծիծաղեց։

Մի րոպե Բոբոն իրեն կորցրեց։ Աչքերը շփոթահար այս ու այն կողմ վազեցին։ Ճարպիկ մի շարժումով Ռավիկը նրա չկոճկած պիջակը ցած քաշեց արմունկներին, զրկելով նրան ձեռքերը շարժելու հնարավորությունից։

— Սա դու արդեն, երևի, չգիտես,— ասաց Ռավիկը, վայրկենապես բացեց դուռը և բավական կոպիտ դուրս շպրտեց գլուխը կորցրած երիտասարդին։— Կռիվ անել ես սիրում, գնա զինվոր դարձիր։ Իսկ քանի դեռ կռվել չգիտես, տեղդ վեր ընկիր և մի կպչի հասունացածներից։ Ապո՛ւշ։

Եվ ներսից դուռը փակեց։

— Իսկ հիմա, Լյուսիեննա,— ասաց Ռավիկը,— եկեք տեսնենք ինչպես է ձեր վիճակը։

Լյուսիեննան դողում էր։

— Հանգստացեք, հուզվելու կարիք չկա։ Ամեն ինչ արդեն անցավ։

Ռավիկը վերցրեց բումազեի կիսամաշ ծածկոցը և դրեց աթոռին։ Հետո ետ գցեց կանաչ վերմակի ծայրը։

― Դուք պիժամայո՞վ եք պառկած։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ դրանով շարժվելը հարմար չէ։ Դուք դեռ իրավունք չունեք վեր կենալու, Լյուսիեննա։

Լյուսիեննան մի վայրկյան ոչինչ չասաց։

— Ես սա միայն այսօր եմ հագել,— անհամարձակ ասաց նա։

— Դուք գիշերանոց չունե՞ք։ Ես կարող եմ երկու հատ հիվանդանոցից ուղարկել։

― Չէ։ Դրա համար չէ։ Ես դա հագա, որովհետև գիտեի, որ...— նա հայացքը գցեց դռան կողմը և ձայնը ցածրացնելով շշնշաց,— գիտեի, որ գալու է։ Նա անընդհատ ինձ ասում է, որ ես արդեն առողջ եմ։ Էլ չի ուզում համբերել։

— Ի֊ի՞նչ։ Ափսոս որ ես մինչև այդ դա չգիտեի։ Ռավիկը կատաղած նայեց դռան կողմը։— Այն էլ ո՜նց կհամբերի։

Լյուսիեննան, ինչպես բոլոր անեմիկ կանայք, վերին աստիճանի սպիտակ ու թափանցիկ մաշկ ուներ, որի տակից երևում էին կապույտ երակները։ Նա լավ կազմվածք ուներ, ոսկորները բարակ էին, ինքը նրբիրան էր, սակայն ոչ նիհար։ Ինչքա՜ն այսպիսի աղջիկներ կան, մտածեց Ռավիկը։ Այդպիսիներին տեսնելիս մարդ ակամայից իրեն հարցնում է, թե ինչու է բնությունը սրանց այսքան քնքուշ ու նուրբ ստեղծում, երբ մարդ նախապես չգիտի, որ դրանք բոլորն էլ ժամանակի ընթացքում ծանր աշխատանքի, անկանոն և անառողջ կյանքի հետևանքով հյուծվելու են ու դառնալու այլանդակ արարածներ։

— Ձեզ անհրաժեշտ է մի շաբաթ ևս պառկած մնալ, Լյուսիեննա։ Երբեմն կարող եք վերկենալ, սենյակում մի քիչ այս ու այն կողմ գնալ։ Բայց պետք է չափազանց զգույշ լինեք, ծանրություններ չվերցնեք և աստիճաններով վերև չբարձրանաք։ Որևէ խնամող ունե՞ք, բացի այս Բոբոյից։

— Սենյակը վարձով տվող կինն է։ Բայց նա էլ է սկսել արդեն փնթփնթալ։

— Իսկ էլ ուրիշ ոչ ոք չկա՞։

— Ոչ։ Առաջ Մարին էր գալիս։ Նա մահացավ։

Ռավիկը աչքի անցկացրեց Լյուսիեննայի անշուք, բայց տեղը տեղին հավաքած մաքուր սենյակը։ Լուսամատի գոգին դրված էին ֆուքսիաներով մի քանի թաղար։

— Իսկ Բոբո՞ն,— հարցրեց Ռավիկը։— Հենց որ ամեն ինչ վերջացավ, նա իսկույն նորից հայտնվեց, հա՞...

Լյուսիեննան պատասխան չտվեց։

— Դուք ինչո՞ւ չեք նրան վռնդում կորչի։

— Նա այնքան էլ վատը չի, բժիշկ։ Միայն վայրենի է․․․

Ռավիկը նայեց Լյուսիեննային։ Սեր է, մտածեց նա։ Սա նույնպես սեր է։ Հավիտենական հրաշք։ Նա երազանքի ծիածանով լուսավորում է ոչ միայն առօրյայի գորշ երկինքը, այլև կարող է ռոմանտիկական լուսապսակով զարդարել կեղտերի կույտը... Հրաշք և խայտառակ ծաղր։ Հանկարծ Ռավիկին տարօրինակ մի զգացում համակեց, նրան թվաց, թե այս ամենում հեռավոր կերպով հանցանք ունի նաև ինքը։

— Դե լավ, Լյուսիեննա,— ասաց նա,— մի մտածեք։ Աշխատեք առողջանալ, դա ամենակարևորն է։

Լյուսիեննան, թեթևացած, գլխով արեց։

— Իսկ ինչ փողին է վերաբերում,— ամաչելով ու արագ վրա բերեց նա,— Բոբոյի ասածը ճիշտ չէ։ Նրան մի հավատաք։ Հենց այնպես ասաց։ Ինքս կվճարեմ բոլորը։ Մաս-մաս։ Ես ե՞րբ կարող եմ արդեն աշխատել։

— Մոտավորապես երկու շաբաթից հետո, եթե, իհարկե, հիմարություն չանեք։ Ոչ մի Բոբո։ Բացարձակ ոչինչ չանեք, հասկանո՞ւմ եք, Լյուսիեննա։ Այլապես կարող եք կյանքից զրկվել։

― Հասկանում եմ,— ասաց նա,— առանց ներքին համոզման։

Ռավիկը վերմակով ծածկեց աղջկա բարալիկ մարմինը։ Եվ հանկարծ նկատեց, որ նա լալիս է։

— Իսկ ավելի շուտ չի՞ կարելի,— հարցրեց Լյուսիեննան։— Ես կարող եմ նստած աշխատել։ Ես պետք է...

— Գուցե հնարավոր լինի, կտեսնենք։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե դուք ինչպես կպահեք ձեզ։ Իսկ հիմա դուք ինձ պետք է ասեք այն մանկաբարձուհու անունը, որը ձեզ աբորտ է արել, Լյուսիեննա։

Ռավիկը նրա աչքերում դիմադրելու ցանկություն տեսավ։

— Ես ոստիկանություն չեմ հայտնի,— ասաց նա։— Խոսք եմ տալիս։ Ես պարզապես ուզում եմ փորձել նրանից ձեր տված փողը ետ վերցնել։ Այն ժամանակ դուք ձեզ բոլորովին հանգիստ կզգաք։ Ինչքա՞ն եք վճարել։

— Երեք հարյուր ֆրանկ։ Բայց դուք նրանից երբեք չեք կարող փող ետ վերցնել։

— Կփորձենք։ Ի՞նչ է անունը և որտե՞ղ է ապրում։ Այդ մանկաբարձուհին երբեք այլևս ձեզ պետք չի գա, Լյուսիեննա։ Դուք այլևս երեխա չեք ունենա։ Իսկ նա ձեզ ոչինչ անել չի կարող։

Աղջիկը լռում էր։

— Այնտեղ է, արկղի մեջ,— ասաց նա վերջապես։— Աջ կողմից։

— Այս գրած թո՞ւղթը

— Այո։

— Լավ։ Ես այս քանի օրը կգնամ նրա մոտ։ Դուք մի վախեցեք։— Ռավիկը վերարկուն հագավ։— Ի՞նչ պատահեց.— հարցրեց նա։— Ինչո՞ւ եք ուզում վեր կենալ։

— Բոբոն... Դուք նրան չգիտեք։

Ռավիկը ժպտաց։

— Պառկեք, պառկեք։ Ձեզ չի կարելի վեր կենալ։ Ես ավելի վատերին եմ տեսել։ Այսօրվա քննությունը ցույց տվեց, որ վտանգն արդեն անցել է։ Ցտեսություն, Լյուսիեննա։ Ես շուտով մի անգամ էլ կգամ։

Ռավիկը բանալին պտտեց և նույն րոպեին, սեղմելով բռնակը, դուռը բացեց։ Սանդղահարթակին ոչ ոք չկար։ Նա այդպես էլ գիտեր։ Բոբոների տիպը նա լավ էր ճանաչում։

Մսի խանութում այժմ մնացել էր միայն գործակատարը, դեղնած մի մարդ, որը հեռավոր կերպով անգամ չուներ իր սիրուհու եռանդն ու կիրքը։ Նա ծուլորեն կացնով խփում էր մսին։ Տիրոջ մեռնելուց հետո գործակատարը նկատելի կերպով ուժասպառվել էր։ Բայց տիրուհու հետ ամուսնանալու ամենաչնչին հեռանկարն անգամ չուներ։ Այդ մասին բարձրաձայն հայտարարեց խոզանակ պատրաստող մի մարդ, որը նստած էր դիմացի բիստրոյում, ավելացնելով, որ տիրուհին մինչև գործակատարի հետ ամուսնանալը նրան ավելի շուտ գերեզման կհասցնի։ Խեղճի վրա այլևս հալ չէր մնացել։ Իսկ այրին ավելի էր փարթամացել ու փթթել։ Ռավիկը մի բաժակ սև հաղարջի հյութ խմեց ու վճարեց։ Նա կարծում էր, թե Բոբոն բիստրոյում կլինի, բայց այստեղ Բոբոյի հետքն անգամ չկար։


Ժոան Մադուն դուրս եկավ «Շեհերազադե»֊ից։ Նա բացեց տաքսու դուռը, որի մեջ Ռավիկը սպասում էր իրեն։

— Գնանք,― ասաց Ժոանը։— Գնանք այստեղից։ Թող տանի ուղիղ քեզ մոտ։

— Որևէ բա՞ն է պատահել։

— Ոչ։ Ոչինչ չի պատահել։ Ես ուղղակի զզվել եմ այս գիշերային ռեստորաններից։

— Մի րոպե,— Ռավիկը գլխով արեց մուտքի մոտ կանգնած ծաղկավաճառ կնոջը։— Մայրիկ,— ասաց նա։— Քո ունեցած բոլոր վարդերը տուր ինձ։ Ի՞նչ արժեն։ Միայն թե խելքդ չթռցնես։

— Վաթսուն ֆրանկ։ Ջեզ համար։ Քանի որ դուք ինձ ռևմատիզմի դեղի ռեցեպտ եք տվել։

— Իսկ դեղն օգնե՞ց:

― Չէ։ Եվ չի էլ օգնի, քանի դեռ գիշերները ոտիս վրա էս թաց տեղերը կանգնած եմ։

— Դուք իմ կյանքում հանդիպած ամենագիտակից հիվանդն եք։— Ռավիկը վարդերը վերցրեց։— Ահա ես ինչով կարող եմ մեղքերս քավել։ Չէ՞ որ դու այսօր առավոտյան արթնացել ես մենակ և գնացել առանց նախաճաշի,— ասաց նա ժոանին և վարդերը դրեց մեքենայի հատակին։— Ուզո՞ւմ ես որևէ բան խմել։

— Ոչ։ Գնանք քեզ մոտ։ Վարդերը վերցրու հատակից դիր նստիքին։

— Վարդերի համար հատակը նույնպես վատ չէ։ Մարդ պետք է ծաղիկը սիրի, բայց ավելորդ նրբախնդրություններ չպետք է ցուցաբերի ծաղկի նկատմամբ։

Ժոանը միանգամից գլուխը շրջեց նրա կողմը։

— Դու ուզում ես ասել, որ սիրել կարելի է, իսկ երես տալ չի՞ կարելի...

— Ոչ։ Ես միայն ուզում եմ ասել, որ գեղեցիկից ողբերգություն չպետք է սարքել։ Իսկ տվյալ դեպքում, ավելի լավ է, որ մեր միջև ոչինչ չլինի, նույնիսկ ծաղիկ։

Ժոանը մի վայրկյան կասկածանքով նայեց նրան, որից անմիջապես հետո դեմքը իսկույն պայծառացավ։

— Դու գիտե՞ս այսօր ես ինչ եմ արել։ Ապրել եմ։ Նորից եմ ապրել։ Նորից եմ շնչել։ Նորից եմ ինձ զգացել երկրի վրա։ Ինչպես առաջին անգամ։ Նորից եմ զգացել իմ ձեռքերի, աչքերի շրթունքների գոյությունը։

Տաքսու վարորդը, զգուշորեն մանևրելով մեքենաների միջև, դանդաղ շարժվում էր նեղ փողոցի երկարությամբ։ Հանկարծ պոկվեց ու սլացավ առաջ։ Անսպասելի ցնցումը Ժոանին գցեց Ռավիկի վրա։ Ռավիկը մի պահ գրկեց նրան ու զգաց նրա ներկայությունը։ Թվաց, թե դա մի գոլ քամի էր, որից հալվում էր օրվա ընթացքում գոյացած սառույցը, ցնդում էր ինքնապաշտպանության այն թեթևակի սառնությունը, որը Ռավիկն զգում էր իր մեջ... Իսկ ժոանը նստել էր նրա կողքին ու խոսում, հափշտակված իր զգացմունքով և իրենով։

— Ամբողջ օրն իմ շուրջն այնպիսի քչքչոցներ էին լսվում, կարծես ամենուրեք աղբյուրներ լինեին, կարծես ջրի շիթերը մտրակում էին ծոծրակիս ու կրծքիս, թվում էր, թե ես ուր որ է կսկսեմ կանաչել, ծածկվել տերևներով ու ծաղիկներով... Ջրապտույտն ինձ քաշում էր ավելի ու ավելի ներս... ավելի ու ավելի խորը... Եվ ահա ես այստեղ եմ... Եվ դու...

Ռավիկը նայեց Ժոանին։ Փոքր-ինչ առաջ կռացած, նա նստել էր մեքենայի կաշվե կեղտոտ նստիքին, իսկ իրիկնային սև շրջազգեստի միջից սպիտակին էին տալիս մերկ ուսերը։ Ժոանն անկեղծ էր, անխոհ և, առանց ամաչելու, ասում էր այն ամենը, ինչ զգում էր։ Ռավիկը նրա կողքին թվում էր ողորմելի և չոր։

Ես վիրահատություն ունեի, մտածեց նա։ Քեզ մոռացության էի տվել։ Գնացել էի Լյուսիեննայի մոտ։ Սավառնում էի ինչ-որ տեղ անցյալի գրկում։ Առանց քեզ։ Իսկ երբ մթնեց, կամաց-կամաց ջերմություն եկավ։ Ես քեզ մոտ չէի։ Կետ Հեգստրեմի մասին էի մտածում։

— Ժոան,— ասաց Ռավիկը և բռնեց նրա ձեռքից, որով Ժոանը հենվել էր նստիքին։— Մենք հիմա չենք կարող ուղիղ ինձ մոտ գնալ։ Ես պետք է մի անգամ էլ կլինիկա մտնեմ։ Ընդամենը մի քանի րոպեով։

— Այն կնոջը տեսնելու, որին վիրահատե՞լ ես։

— Ոչ թե նրան, որին այսօր եմ վիրահատել։ Մի ուրիշին։ Կարո՞ղ ես որևէ տեղ սպասել ինձ։

— Դու հենց հիմա՞ ես գնալու։

— Լավ կլիներ հիմա։ Չեմ ուզում, որ ավելի ուշ կանչեն։

— Ես կարող եմ քեզ մոտ սպասել։ Այդքան ժամանակ չե՞ս ունենա, որ ինձ հասցնես քո հյուրանոցային համարը։

— Ինչո՞ւ չէ։

— Այն դեպքում գնանք։ Ես այնտեղ կսպասեմ, իսկ դու հետո կգաս։

— Լավ։

Ռավիկը վարորդին ասաց իր հասցեն։ Հետո մեղքով ետ ընկավ ու գլուխը դրեց նստիքի թիկնակին։ Նրա ձեռքը դեռ մինչև հիմա դրված էր Ժոանի ձեռքին։ Ռավիկն զգում էր, որ Ժոանն իրենից դեռ ինչ-որ բան է ուզում լսել։ Ինչ֊որ բան՝ իր և նրա մասին։ Սակայն ասելու բան չուներ։ ժոանն արդեն չափազանց շատ էր ասել։ Ավելին, քան պետք էր, մտածեց նա։

Մեքենան կանգ առավ։

— Դու գնա,— ասաց Ժոանը։— Մնացածը ինքս կանեմ։ Ես չեմ վախենում։ Միայն թե բանալիդ ինձ տուր։

— Բանալին ներսում է, դռնապանի մոտ։

— Դե լավ, ուրեմն, ես նրանից կվերցնեմ։ Դա էլ է անհրաժեշտ սովորել։— ժոանը ծաղիկները հավաքեց մեքենայի հատակից։— Սովորել մի մարդուց, որը հեռացավ, երբ ես քնած էի, և վերադարձավ, երբ չէի սպասում... թերևս այստեղ ես սովորելու շատ բան ունեմ։ Այնպես որ, ավելի լավ է հենց հիմա սկսել։

— Ես քեզ կտանեմ վերև։ Պետք չէ չափազանցությունների մեջ ընկնել։ Առանց այն էլ ցավալի է, որ ես հենց հիմա քեզ մենակ եմ թողնելու։

ժոանը ծիծաղեց։ Նա զարմանալի երիտասարդ տեսք ուներ։

― Խնդրում եմ մի րոպե սպասեք,— ասաց Ռավիկը վարորդին։

Վարորդը խորամանկորեն մի աչքը փակեց։

— Երկու էլ կսպասեմ։

— Բանալին ինձ տուր,— ասաց Ժոանը, երբ աստիճաններով բարձրանում էին։

— Ինչո՞ւ։

— Տուր։— Ժոանը բացեց դուռը և կանգնեց շեմին։— Սքանչելի է,— ասաց նա, խոսքերն ուղղելով դեպի սենյակի խավարը, որի լուսամուտից երևում էր ամպերի մեջ լողացող լերկ լուսինը։

— Սքանչելի՞ է։ Այս ողորմելի խո՞ւցը։

— Այո, սքանչելի է։ Ամեն ինչ սքանչելի է։

— Գուցե դա հիմա՞ է այդպես թվում, Քանի դեռ մութն է։ Իսկ եթե...— Ռավիկը ձեռքը մեկնեց դեպի լույսի կոճակը։

— Գործ չունես։ Ես ինքս կվառեմ։ Իսկ հիմա գնա։ Բայց աշխատիր նորից վաղը ճաշից հետո չվերադառնալ։

ժոանը կանգնած էր խավարում՝ դռան շեմին։ Լուսամուտից նրա ուսերին ու գլխին էին ընկնում լուսնի արծաթյա շողերը։ Նա համակված էր անորոշ, խորհրդավոր ու փոթորկուն մի զգացումով։ Մանտոն դանդաղորեն ձեռքից սահեց գետին և սև փրփուրի նման կուտակվեց ոտքերի մոտ, Ժոանը հենվեց պատին և ձեռքով բռնեց միջանցքից ներս ընկնող լույսի մի երկար շող։

— Գնա և շուտ վերադարձիր,— ասաց ժոանը և դուռը փակեց։


Կետ Հեգստրեմի ջերմությունն իջել էր։

— Հը, ինչպե՞ս է։ Արթնացե՞լ է,— հարցրեց Ռավիկը քնաթաթախ բուժքրոջը։

— Այո, Ժամը տասնմեկին։ Ձեզ էր հարցնում։ Ես ասացի այնպես, ինչպես դուք էիք կարգադրել։

— Վիրակապի մասին որևէ բան հարցրե՞ց։

— Այո։ Ես ասացի, որ դուք ստիպված եղաք վիրահատել։ Որ դա բարդ վիրահատություն չէ։ Եվ որ դուք վաղը ամեն ինչ իրեն կբացատրեք։

— Հենց ա՞յդ։

― Այո։ Ասաց, որ եթե դուք դա ճիշտ եք համարել, ուրեմն, անհանգստանալու կարիք չկա։ Ինձ խնդրեց, որ ձեզ հաղորդեմ իր ողջույնը, եթե հանկարծ գիշերը գաք իրեն տեսնելու, և ասեմ, որ ինքը լրիվ վստահում է ձեզ։

― Այդպես․․․

Ռավիկը բավական ժամանակ այդպես կանգնել ու նայում էր բուժքրոջ սև ուղիղ սանրած մազերին։

— Քանի՞ տարեկան եք,— հարցրեց նա քրոջը։

Բուժքույրը զարմացած գլուխը բարձրացրեց։

— Քսաներեք։

— Քսաներեք... Եվ ինչքա՞ն ժամանակ է, ինչ քույր եք աշխատում։

— Երկուս ու կես տարի։ Հունվարին երկուս ու կես տարի կլինի։

— Սիրո՞ւմ եք ձեր աշխատանքը։

Ժպիտը տարածվեց քրոջ խնձորի նման կլոր երեսին։

— Ինձ դուր է գալիս,— զրուցասիրությամբ պատասխանեց նա։— Ճիշտ է, մեկ֊մեկ ծանր բնավորությամբ հիվանդներ են պատահում, բայց մեծ մասամբ շատ հաճելի են։ Մադամ Բրիսսոն երեկ ինձ շատ գեղեցիկ, համարյա նոր, մետաքսե մի շոր նվիրեց։ Իսկ անցած շաբաթ էլ մադամ Լերներից մի զույգ լաքե կոշիկ ստացա։ Հիշո՞ւմ եք Լերներին, նա, որ տանը մահացավ։— Բուժքույրը նորից ծիծաղեց։— Ես հագուստեղենի վրա համարյա փող չեմ ծախսում։ Միշտ մեկնումեկը մի բան տալիս է։ Իսկ եթե վրաս մեծ է լինում կամ փոքր, տանում եմ ընկերուհուս մոտ, փոխում, նա խանութ ունի։ Այնպես որ, ես վատ չեմ ապրում։ Մադամ Հեգստրեմը նույնպես շատ առատաձեռն է։ Նա փող է տալիս։ Վերջին անգամ հարյուր ֆրանկ տվեց։ Ընդամենը տասներկու օրվա համար։ Նա ինչքա՞ն է այս անգամ պառկելու այստեղ, բժիշկ։

— Բավական երկար։ Մի քանի շաբաթ։

Բուժքույրը իրեն երջանիկ էր զգում։ Նա իր պայծառ, անկնճիռ ու ողորկ ճակատի հետևում հաշվում էր, թե ինքը դրանից դեռ ինչ կունենա։ Ռավիկը նորից խոնարհվեց Կետ Հեգստրեմի վրա։ Կետի շնչառությունը հանգիստ էր։ Վերքի թույլ հոտը խառնվում էր նրա մազերից բուրող օծանելիքի սուր բուրմունքի հետ։ Ռավիկը հանկարծ զգաց իր վիճակի անտանելիությունը։ Կետը լրիվ վստահում է իրեն։ Վստահում է։ Բարալիկ, ամբողջովին կտրտված որովայնը, ուր թափանցել ու լափում է գազանը։ Եվ նա նորից խնամքով կարեց, ի վիճակի չլինելով որևէ բանով օգնել։ Վստահո՜ւմ է։

— Բարի գիշեր, բուժքույր,— ասաց Ռավիկը։

— Բարի գիշեր, բժիշկ։

Կլորերես քույրը նստեց սենյակի անկյունում դրված բազկաթոռին, լապտերը հիվանդի կողմից վարագուրեց, որպեսզի լույսը նրան չխանգարի, ոտքերը ադյալով փաթաթեց ու վերցրեց ժուռնալը։ Դա դետեկտիվ պատմություններով ու կինոդերասանների լուսանկարներով՝ պատկերազարդ էժանագին ժուռնալներից էր։ Հարմար տեղավորվելով բազկաթոռին, նա սկսեց կարդալ։ Նրա կողքին, փոքրիկ սեղանի վրա, դրված էր շոկոլադի մի բացած տուփ։ Դուրս գնալիս Ռավիկը նկատեց, թե բուժքույրն ինչպես, առանց ընթերցանությունից կտրվելու, ձեռքը մեկնեց ու մի հատ վերցրեց։ Երբեմն մարդ ամենապարզ բաներն անգամ չի կարողանում հասկանալ, մտածեց նա։ Սենյակում երկու մարդ կա։ Մեկը մահամերձ է, իսկ մյուսին դա բոլորովին չի էլ հետաքրքրում։ Ռավիկը փակեց դուռը։ Բայց մի՞թե ես նույնը չեմ։ Մի՞թե ես այդ նույն սենյակից չեմ գնում մի ուրիշը, որտեղ...


Սենյակը մութ էր։ Լոգասենյակի մինչև վերջը չփակած դռան ճեղքից երևում էր, որ այնտեղ լույսը վառվում է։ Ռավիկը ոտքը կախ գցեց։ Նա չգիտեր, Ժոանը լոգասենյակում է թե՞ արդեն դուրս է եկել։ Հանկարծ նրա ականջին հասավ Ժոանի շնչառության ձայնը։ Նա իսկույն քայլերն ուղղեց դեպի լոգասենյակ, լուռ, առանց որևէ բառ արտասանելու։ Այժմ արդեն Ռավիկը գիտեր, որ ժոանն իր կողքին է և արթուն։ Բայց լուռ էր նաև Ժոանը։ Հանկարծ սենյակը լցվեց անսահման լռությամբ ու լարված սպասումով... Նորից ջրապտույտ, որտեղից դուրս է լողում մի ամպ, իր հետ բերելով գլխապտույտ ու բոսորագույն մի թմբիր։

Ռավիկը փակեց լոգասենյակի գուռը։ Սպիտակ լապտերների պայծառ լույսի տակ ամեն ինչ կրկին սովորական ու ծանոթ թվաց։ Նա բացեց ցնցուղի ծորակը։ Դա միակ ծորակն էր ամբողջ հյուրանոցում, որը Ռավիկը ինքն էր պատրաստել տվել իր միջոցներով։ Նա գիտեր, որ իր բացակայության ժամանակ հյուրանոցի տիրուհին այդ ցնցուղը ցույց է տալիս իր ծանոթներին ու հարազատներին որպես հյուրանոցի տեսարժան երևույթներից մեկը։ Տաք ջուրն առատորեն թափվում էր մերկ մարմնին։ Կողքին, ուղղակի պատի հետևը, պառկած էր Ժոան Մադուն և սպասում էր նրան... Ժոանը ողորկ, նուրբ մաշկ ունի, մազերն ալիքի նման փռվել ու ողողել են բարձը։ Թեև սենյակը մութն է, բայց աչքերը շողշողում են, կարծես բռնվելով ու արտացոլելով լուսամուտից դուրս գտնվող ձմեռային աստղերի աղքատիկ լույսը։ Ժոանը պառկած է, ճկուն, փոփոխական, գրգռիչ, քանի որ ընդամենը մի ժամ առաջ իր տեսած կնոջից հետք անգամ չկա։ Հիմա նա լցված էր անասելի մի կախարդանքով, սքանչելի էր, ինչպես կարող է սքանչելի լինել այն կինը, որը քեզ չի սիրում։ Հանկարծ Ռավիկը մի թեթև զզվանք զգաց դեպի Ժոանը — անբարյացակամության նման մի բան, խառնված սուր և ուժեղ տենչանքի հետ։ Նա իրենից անկախ նայեց շուրշը. եթե լոգասենյակը ելքի մի ուրիշ դուռ ունենար, նա, թերևս, անմիջապես հագնվեր ու դուրս թռչեր խմելու։

Ռավիկը սրբվեց և մի պահ մնաց կանգնած։ Տարօրինակ է, այդ ի՞նչ զգացում էր, որ այդպես համակեց նրան։ Ստվեր․․․ գիշեր... գուցե այս ամենի պատճառը Կետ Հեգստրեմին այցելե՞լն էր։ Եվ կամ տաքսու մեջ ասած Ժոանի խոսքե՞րը։ Արագ ու հեշտ է ամեն ինչ հաջողվում։ Գուցե գաղտնիքը նրանում է, որ ոչ թե ինքն է սպասում, այլ սպասում են իրե՞ն։ Դառը քմծիծաղը ծամածռեց Ռավիկի շրթունքները։ Նա դուռը բացեց։

― Ռավիկ,— ասաց Ժոանը սենյակի մթից։— Կալվադոսը պատուհանի մոտի սեղանին է։

Ռավիկը կանգ առավ։ Նա հանկարծ զգաց, որ ինքը մինչև հիմա ինչ-որ լարված վիճակում էր։ Այդ րոպեին Ժոանը ինչ էլ որ ասեր Ռավիկի համար, միևնույն է, անտանելի կլիներ։ Բայց Ժոանը գտավ միակ ճիշտ խոսքերը։ Եվ լարվածությունը իսկույն, անհետացավ, լուծվելով մեղմ ու հանգիստ համոզվածության մեշ։

― Շիշը դու գտե՞լ ես,― հարցրեց Ռավիկը նրան։

— Դա այնքան էլ դժվար չէր։ Ուղղակի դրված էր այնտեղ։ Բայց ես բերանը բացել եմ։ Քո իրերի մեջ մի խցանհանիչ գտա։ Մի բաժակ էլ ինձ լցրու։

Ռավիկը երկու բաժակ կալվադոս լցրեց, որոնցից մեկը բերեց Ժոանին։

— Վերցրու...

Ի՜նչ լավ էր զգալ խնձորի վճիտ օղու բուրմունքը, խնձորի ոգին։ Ի՜նչ լավ էր, որ Ժոանը գտավ միակ ճիշտ խոսքերը։

Ժոանը գլուխը ետ գցեց ու խմեց։ Մազերը թափվեցին նրա ուսերին, թվում էր, թե այդ րոպեին Ժոանի համար կալվադոսից բացի աշխարհում ոչինչ այլևս գոյություն չուներ։ Ռավիկը դեռ առաջ էր նկատել, որ ժոանը ամբողջովին տրվում է այն գործին, ինչով տվյալ րոպեին զբաղված է։ Նրա գլխում իսկույն մի միտք առկայծեց, որ դա ոչ միայն իր հմայքն ունի, այլև ունի իր վտանգը։ Նա ինքը խմիչք էր՝ խմելու ժամանակ, դառնում էր սեր՝ սիրելու պահին, նա փոխվում էր հուսահատության, երբ սկսում էր հուսահատվել, նա ինքը մոռացություն էր՝ մոռացության մատնելիս։

ժոանը բաժակը ցած դրեց և հանկարծ սկսեց ծիծաղել։

— Ռավիկ,— ասաց նա,— ես գիտեմ, դու ինչ էիր մտածում։

— Իսկապե՞ս։

— Այո։ Դու քեզ կիսով չափ ամուսնացած էիր համարում։ Իսկ ես էլ ինձ՝ կիսով չափ մարդու գնացած։ Առանձնապես մի հաճելի բան չէ, երբ մարդու լքում են ուղղակի դռան առաջ։ Մանավանդ վարդերն էլ ձեռքին։ Փառք աստծո, կալվադոս գտնվեց։ Մի դողա շշի վրա, լցրու, խմենք։

Ռավիկը բաժակները լցրեց։

— Դու հիանալի կին ես,— ասաց նա։— Ճիշտ ես ասում։ Քիչ առաջ, երբ ես լոգասենյակում էի, չգիտեմ ինչու, քո հանդեպ ոչ մի համակրանք չէի զգում։ Իսկ հիմա ուղղակի հիացած եմ քեզանով։ Սալյո՜ւտ։

— Սալյո՜ւտ։

Ռավիկը խմեց իր կալվադոսը։

— Երկրորդ գիշերն է,― ասաց Ռավիկը։— Դա վտանգավոր է։ Անծանոթ նորության հմայքն արդեն անցել է, իսկ հավատարմության հմայքը դեռ չկա։ Բայց մենք կդիմանանք նաև այս գիշերին։

Ժոանը իր բաժակը ցած դրեց։

— Ինչպես երևում է, դու այդ գործերում շատ բան գիտես։

— Ոչինչ էլ չգիտեմ։ Պարզապես դատարկ խոսքեր են։ Եվ առհասարակ մարդ ոչինչ էլ չգիտե։ Ոչինչ միևնույն ձևով չի լինում։ Ամեն ինչ միշտ փոփոխվում է։ Այդպես էլ հիմա է։ Սա ամենևին էլ երկրորդ գիշերը չէ։ Երկրորդ գիշեր չի էլ լինում։ Լինում է միշտ առաջին գիշեր։ Իսկ եթե երկրորդ գիշեր է լինում, նշանակում է դա վերջն է։

— Տեր իմ աստված։ Հետաքրքիր է, մեզ ո՞ւր կբերի քո այդ թվաբանությունը։ Ավելի լավ է արի ինձ մոտ։ Իմ քունը դեռ չի տանում։ Ես ուզում եմ քեզ հետ խմել։ Ապա նայիր, այնտեղ վերևում մերկ աստղերը սառել են ցրտից։ Ինչքան շուտ է մարդ մրսում, երբ մենակ է։ Նույնիսկ շոգ ժամանակ։ Իսկ երկուսով՝ երբեք։

— Երկուսով նույնպես կարելի է մրսել։

— Մենք երկուսով չենք մրսի։

— Իհարկե, ոչ,— ասաց Ռավիկը, և ժոանը չնկատեց նրա դեմքի վրայով սահող արտահայտությունը։— Մենք՝ ոչ մի դեպքում։