հեղինակ՝ Ֆյոդոր Դոստոևսկի |
ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ
Ներածություն
Սիբիրի հեռաստաններում[1], տափաստանների, սարերի կամ անանցանելի անտառների մեջ մեկ֊մեկ հանդիպում են փոքր քաղաքներ, հազար, ամենաշատը՝ երկու հազար բնակիչներով, երկու եկեղեցիներով, մեկը՝ քաղաքում, մյուսը՝ գերեզմանոցում, փայտաշեն ու աննշան, ավելի շատ նման մերձմոսկովյան մի գյուղի, քան քաղաքի։ Սովորաբար, դրանք բավականաչափ շատ ունեն իսպրավնիկներ, ատենակալներ և մնացյալ սուբալտերն[2] աստիճանավորներ։ Ընգհանրապես, Սիբիրում, չնայած ցրտին, ծառայելը չափաղանց ջերմ է։ Ապրում են հասարակ, ոչ֊ազատական մարդիկ, կարգերը հին են, ամուր, դարերով սրբագործված։ Աստիճանավորները, որոնք արդարացիորեն խաղում են սիբիրյան ազնվականության դերը, կամ բնիկներ են՝ արմատակալած սիբիրցիներ, կամ եկվորներ են Ռուսաստանից, մեծ մասամբ մայրաքաղաքներից, հրապուրված հաշվից դուրս վճարվող ռոճիկներով, կրկնակի ուղեծախսերով և ապագայի գայթակղիչ հույսերով։ Նրանցից կյանքի հանելուկը վճռել կարողացողները մշտապես մնում են Սիբիրում և հաճույքով արմատներ գցում։ Հետագայում դրանք բերում են առատ և քաղցր պտուղներ։ Սակայն մյուսները՝ թեթևամիտ և կյանքի հանելուկ վճռել չկարողացողները, շուտով ձանձրանում են Սիբիրից ու տրտմագին հարց տալիս իրենք իրենց. ինչի՞ համար են եկել֊հասել այստեղ։ Անհամբերությամբ օր են հաշվում ծառայության օրինական ժամկետից՝ երեք տարի, և լրանալուն պես մտահոգվում իրենց տեղափոխմամբ ու ետ գնում իրենց ճամփով, փնովելով Սիբիրը և ծաղրելով դա։ Անիրավացի են նրանք․ ոչ միայն ծառայողական, այլ նույնիսկ շատ տեսակետներից Սիբիրում կարելի է երանավետ ապրել։ Սքանչելի կլիմա ունի, շատ են նշանակալի հարուստ և աղուհացով վաճառականները, շատ կան արտակարգ ինքնաբավ այլազգիներ։ Օրիորդները փթթում են վարդի պես և բարոյական են վերին աստիճանի։ Որսի թռչունը լի է փողոցներում և ինքն է գալիս որսորդին ավար։ Շամպայն է խմվում անբնական շատ։ Խավիարն է զարմանալի։ Որոշ տեղերում բերքը լինում է մեկին տասնհինգ... Ընդհանրապես, օրհնյալ հող է։ Հարկ է միայն օգտագործել կարողանալ։ Սիբիրում կարողանում են։
Այդպիսի զվարթ և իրենից գոհ, ամենահամակրելի բնակչությամբ գյուղաքաղաքներից մեկում, որի մասին հիշողությունն անջնջելի կմնա իմ սրտում, հանդիպեցի Ալեքսանդր Պետրովիչ Գորյանչիկովին։ Աքսորաբնակ էր, Ռուսաստանում ծնված ազնվական և կալվածատեր, հետո դարձած երկրորդ կարգի աքսորյալ տաժանապարտ՝ իր կնոջը սպանելու համար, և օրենքով սահմանված տասնամյա տաժանակրությունն ավարտելուց հետո, խոնարհ ու անաղմուկ իր կյանքն էր ապրում Կ. գյուղաքաղաքում, որպես աքսորաբնակ։ Իրականում նա կցված էր ենթաքաղաքային մի վոլոստի, բայց ապրում էր քաղաքում, հնարավորություն ունենալով գոնե ինչ-որ բան վաստակել ուսուցչությամբ։ Սիբիրյան քաղաքներում հաճախ են հանդիպում աքսորաբնակներից ուսուցիչներ՝ նրանցից չեն խորշում։ Իսկ նրանք գերազանցապես ուսուցանում են ֆրանսերեն՝ այնքան անհրաժեշտ կյանքի ասպարեզներում, և որի մասին, առանց նրանց, Uիբիրի հեռավոր ծայրերում պատկերացում անգամ չէին ունենա։ Ալեքսանդր Պետրուվիչին առաջին անգամ հանդիպեցի մի հնամենի, վաստակաշատ, հյուրասեր աստիճանավոր Իվան Իվանիչ Գվոզդիկովի տանը, որն ուներ տարբեր տարիքի հինգ դուստր, հիանալի հույսեր ներշնչող։ Ալեքսանդր Պետրովիչը շաբաթը չորս անգամ դասավանդում էր նրանց, ամեն դասի համար երեսուն արծաթ կոպեկով։ Նրա արտաքինն ինձ հետաքրքրեց․ չափից ավելի գունատ և նիհար մարդ էր, դեռևս ոչ տարեց, երեսունհինգ տարեկան, փոքրամարմին և տխեղծ։ Հագնվում էր մշտապես շատ մաքուր, եվրոպական ոճով։ Եթե խոսքի բռնվեիք նրա հետ, ձեղ կնայեր չափազանց ակնդետ և ուշադիր, խստահայաց բարեկրթությամբ կլսեր ձեր յուրաքանչյուր բառը, կարծես մտորելով դրա շուրջ, կարծես ձեր հարցով խնդիր էիք առաջարկել իրեն կամ ուզել ինչ֊որ գաղտնիք կորզել, և ի վերջո, կպատասխաներ հստակ ու հակիրճ, սակայն այն աստիճան ծանրութեթև անելով իր պատասխանի ամեն բառը, որ չգիտես ինչու, անհարմար կզգայիք նաև դուք, վերջապես, ինքներդ ուրախանալով խոսակցության ավարտով։ Հենց այն ժամանակ էլ հարցուփորձ արեցի Իվան Իվանիչին և իմացա, որ Գորյանչիկովն ապրում է անթերի և բարոյական չափանիշներով և որ այլապես ինքը չէր հրավիրի նրան դուստրերին ուսուցանելու համար, և որ նա ահավոր մարդախույս է, թաքնվում է բոլորից, չափազանց է ուսյալ, շատ կարդում է, սակայն խոսում է շատ քիչ, և որ նրա հետ բավականին դժվար է խոսակցություն սկսել։ Ոմանք պնդում էին, որ նա իսկապես ցնորված է, թեև գտնում էին, որ ըստ էության, այնքան էլ մի կարևոր թերություն չէ, որ քաղաքի պատվավոր անդամներից շատերը պատրաստ են ըստ ամենայնի գոհացնել Ալեքսանդր Պետրովիչին, որ նա կարող է նույնիսկ օգտակար լինել խնդրագրեր և այլ թղթեր գրելով։ Ենթադրում էին, որ պիտի կարգին բարեկամություն ունենա Ռուսաստանում, գուցե և ոչ վերջին մարդիկ, սակայն գիտեին, որ աքսորման սկզբից ևեթ նա հաստատակամորեն խզել է բոլոր կապերը նրանց հետ, մի խոսքով, վնասում է ինքն իրեն։ Բացի դրանից, մեզ մոտ բոլորը գիտեին նրա պատմությունը, գիտեին, որ սպանել է կնոջը՝ ամուսնության առաջին տարում, սպանել է խանդից և ինքն է հայտնել արածի մասին (ինչը շատ է թեթևացրել նրա պատիԺը)։ Իսկ նման հանցագործություններին միշտ նայում են որպես դժբախտություն և ափսոսում դրա համար։ Սակայն չնայած այդ ամենին, այդ խենթը համառորեն խուսափում էր բոլորից և մարդամեջ հայտնվում միայն դասավանդելու։
Սկզբում ես առանձին ուշադրություն չէի դարձնում նրա վրա, սակայն ինքս էլ չգիտեմ ինչու, նա կամաց֊կամաց սկսեց հետաքրքրել ինձ։ Հանելուկային մի բան ուներ։ Հետը խոսքի բռնվելու նվազագույն իսկ հնարավորություն չկար։ Իհարկե, հարցերիս միշտ պատասխանում էր, նույնիսկ այնպիսի տեսքով, ասես համարում էր իր առաջնահերթ պարտականությունը, բայց նրա պատասխաններից հետո նեղվում էի շարունակել հարցուփորձս, ու նման խոսակցություններից հետո, նրա դեմքին միշտ երևում էր մի տեսակ տառապանք ու հոգնություն։ Հիշում եմ, մի անգամ, ամառային սքանչելի երեկո էր, գալիս էինք Իվան Իվանիչի մոտից։ Հանկարծ մտքովս անցավ տուն հրավիրել նրան մի րոպեով, միասին ծխելու։ Չեմ կարող նկարագրել, թե ի՜նչ սարսափ գծագրվեց նրա դեմքին, լիովին շփոթվեց, սկսեց ինչ֊որ անկապ բաներ մրմնջալ ու մեկեն, չարացած նայելով ինձ, նետվեց հակառակ ուղղությամբ։ Նույնիսկ ղարմացա։ Այդ օրվանից, հանդիպելիս ինձ էր նայում կարծես մի տեսակ վախով։ Սակայն ես չհանգստացա, ինչ֊որ բան ինձ ձգում էր նրա կողմը, և մի ամիս անց, հենց այնպես անառիթ, մտա Գորյանչիկովի մոտ։ Հարկավ, հիմարություն և աննրբանկատություն էր արածս։ Նա բնակարան էր վաձում քաղաքի ամենածայրամասում, պառավ մի քաղքենուհու տանը, որը թոքախտավոր մի աղջիկ ուներ, սա էլ՝ ապօրինածին դստրիկ, տասնամյա սիրունիկ, ուրախ֊զվարթ աղջնակ էր։ Ալեքսանդր Պետրովիչը նստած էր նրա հետ և կարդալ էր սովորեցնում, երբ ներս մտա։ Ինձ տեսնելով, այնպես շշկլվեց, կարծես բռնել էի նրան ինչ֊որ հանցանքի վրա։ Կատարելապես շփոթվեց, վեր թռավ աթոռից ու ինձ էր նայում աչքերը չռած։ Վերջապես նստեցինք, նա ակնդետ հետևում էր իմ հայացքին, կարծես յուրաքանչյուր հայացքի մեջ որևիցե հատուկ խորհրդավոր իմաստ էր կասկածում։ Կռահեցի, որ կասկածամիտ է խելահեղության աստիճան։ Ատելությամբ ինձ էր նայում, համարյա թե հարց տալով. «Շո՞ւտ ես գնալու այստեղից»։ Խոսք բացեցի մեր գյուղաքաղաքից, ընթացիկ նորություններից։ Նա լսում էր ու չարախինդ ժպտում։ Պարզվեց, որ ոչ միայն չգիտե ամենասովորական, բոլորին հայտնի քաղաքային նորությունները, այլ նույնիսկ չի էլ հետաքրքրվում, որ իմանա։ Հետո սկսեցի խոսել մեր երկրամասի, նրա պահանջմունքների մասին։ Լսում էր լուռ, և այնքան տարօրինակ նայում աչքերիս, որ ի վերջո խիղճս տանջեց մեր խոսակցության համար։ Ի դեպ, քիչ էր մնացել, զայրացնեի նրան նոր գրքերով ու ամսագրերով, որոնք իմ ձեռքին էին՝ հենց նոր ստացված փոստից, առաջարկեցի նրան՝ դեռևս էջերը չկտրատած։ Մի ագահ հայացք նետեց դրանց վրա, բայց տեղնուտեղը փոխեց մտադրությունը և մերժեց առաջարկս, պատճառ բռնելով ազատ ժամանակ չունենալը։ Վերջապես հրաժեշտ տվեցի և գուրս գալով նրա մոտից, զգացի, որ անտանելի մի ծանրություն ընկավ սրտիցս։ Ամաչում էի, և չափազանց հիմար բան թվաց ձեռ չքաշելը մի մարդուց, որն իր գլխավորագույն խնդիրն է համարում հնարավորինս հեռու թաքնվել ամբողջ աշխարհից։ Բայց եղածը եղած էր։ Հիշում եմ, համարյա ոչ մի գիրք չնկատեցի նրա մոտ, ուստիև անարդարացի էին խոսում նրա մասին, թե շատ է կարդում։ Բայց և այնպես, մի երկու անգամ շատ ուշ գիշերով նրա պատուհանների մոտով անցնելիս, ներսում լույս տեսա։ Ի՞նչ էր անում նա, նստած մինչև լուսաբաց։ Չէ՞ր գրում, արդյոք։ Իսկ եթե այդպես է, ի՞նչ հատկապես։
Հանգամանքներն ինձ հեռացրին երեք ամսով մեր քաղաքից։ Տուն դառնալով արդեն ձմռանը, իմացա, որ Ալեքսանդր Պետրովիչը մահացել է աշնանը, մահացել է մենության մեջ և նույնիսկ ոչ մի անգամ բժիշկ չի կանչել։ Քաղաքում համարյա մոռացել էին նրա մասին։ Բնակարանը մնացել էր դատարկ։ Ես անմիջապես ծանոթացա հանգուցյալի տանտիրուհու հետ՝ մտադիր նրանից իմանալ. հատկապես ինչո՞վ էր զբաղվում նրա կենվորը և ինչ֊որ բան չէ՞ր գրում արդյոք։ Քսան կոպեկի դիմաց նա մի ամբողջ զամբյուղ թղթեր բերեց՝ մնացած հանգուցյալից հետո։ Պառավը խոստովանեց, որ երկու տետր արդեն բանեցրել է։ Խոժոռ ու քչախոս պառավ էր, խելքը գլխին որևէ բան դժվար էր նրանից կորզել։ Իր կենվորի մասին առանձնապես նոր ոչինչ չկարողացավ ասել ինձ։ Նրա ասածով, համարյա երբեք ոչինչ չէր անում կենվորը, ամիսներով գիրք չէր բացում ու գրիչ չէր առնում ձեռքը, փոխարենը գիշերներ շարունակ ետուառաջ էր քայլում սենյակում, ինչ֊որ բան մտածելով, երբեմն էլ խոսում ինքն իր հետ, որ շատ էր սիրել և շատ էր գուրգուրում իր թոռնուհուն՝ Կատյային, հատկապես այն օրից ի վեր, երբ իմացավ, որ Կատյա է անունը և որ Կատերինայի օրվան, ամեն անգամ գնում էր ինչ֊որ մեկի հոգեհանգիստը մատուցելու։ Հյուր տանել չէր կարողանում, տնից ելնում էր միայն դասեր տալու համար։ Խեթում էր նույնիսկ իրեն՝ պառավին, երբ նա շաբաթը մեկ անգամ, մտնում էր նրա սենյակը քիչումիչ հավաքելու, և երբեք մի խոսք անգամ չխոսեց իր հետ, երեք տարի շարունակ։ Ես հարցրի Կատյային, թե հիշո՞ւմ է իր ուսուցչին։ Աղջնակն ինձ նայեց լուռ, շրջվեց գեպի տատն ու լաց եղավ։ Ուրեմն, այդ մարդը կարող էր գեթ մեկին ստիպել՝ սիրել իրեն։
Ես վերցրի նրա թղթերն ու ամբողջ օրը ջոկջկում էի։ Թղթերի երեք քառորդը փուչ, աննշան պատառիկներ էին կամ աշակերտական վարժություններ՝ ուղղումներով։ Բայց կար նաև բավական ծավալուն մի տետր, գրված մանրատառ և անավարտ, գուցեև մի կողմ դրված ու մոռացված հեղինակի իսկ կողմից։ Ալեքսանդր Պետրովիչի կրած տասնամյա տաժանակրության նկարագրությունն էր, թեև անկապակցված։ Տեղ-տեղ այդ նկարագրությունն ընդմիջվում էր մեկ ուրիշ պատմությամբ, ինչ֊որ արտառոց, զարհուրելի հիշողություններով՝ գրված անհամաչափ, ջղաձիգ, ասես ինչ֊ինչ հարկադրանքով։ Մի քանի անգամ կարդացի այդ հատվածները և համարյա թե համոզվեցի, որ դրանք գրված են խելագարության մեջ։ Սակայն տաժանավայրի հիշողությունները՝ նոթերը «Տեսարաններ Մեռյալ տնից», ինչպես ինքն էր կոչել դրանք ձեռագրում, ինչ֊որ տեղ, ամենևին էլ անհետաքրքիր չթվացին ինձ։ Բացարձակապես նոր աշխարհ, մինչ այդ անծանոթ, առանձին փաստերի արտառոցություն, առանձնահատուկ նոթեր՝ կործանված մարդկանց մասին, հափշտակեցին ինձ և որոշ բաներ կարդացի հետաքրքրությամբ։ Հարկավ, կարող եմ նաև սխալվել։ Փորձելու համար սկզբից ընտրում եմ երկու֊երեք գլուխ՝ թող հասարակությունը դատի․․․
Մեռյալ տուն
Մեր բանտը բերդի եզրին էր, հենց հողապատնեշի մոտ։ Պատահած կնայեիր ցանկապատի արանքներից լույս աշխարհին՝ որևէ բան կտեսնե՞ս, և կտեսնեիր միայն երկնքի մի պատառիկ և մոլախոտով պատած բարձր հողապատնեշը, իսկ դրա վրայով օրուգիշեր գնում֊գալիս են Ժամապահները, տեղնուտեղը մտածում ես, որ կանցնեն տարիներ ու տարիներ, իսկ դու ճիշտ նույնպես կգաս նայելու ցանկապատի արանքներից և երկնքի նույն պատառիկը, նույն հողապատնեշը, նույնպիսի Ժամապահները ոչ թե բանտից վեր երկնքի, այլ մեկ ուրիշ, հեռավոր, ազատ երկնքի։ Պատկերացրեք մի մեծ բակ, երկու հարյուր քայլ երկարությամբ և հարյուր հիսուն քայլ լայնքով, շուրջանակի եզերված անհավասարակող վեցանկյուն կազմող բարձր ցցապատով, այն է՝ գերանակապ (խանձացցերից), գետնի մեջ խոր խրված կողերով միմյանց կպած, խոտորնակի ամրացված շրիշակներով, ծայրերը սրած պարսպով՝ ահա և բանտի դրսի պարիսպը։ Մի կողմում ամրակուռ դարպասն է՝ մշտապես փակ, մշտապես օրուգիշեր հսկվող։ Դա բացում էին ըստ պահանջի, աշխատանքի դուրս թողնելիս։ Այդ պարսպսից այն կողմ լուսաշատ, ազատ աշխարհն էր, ապրում էին մարդիկ, ինչպես բոլորը։ Բայց դարպասից այս կողմ այն աշխարհը պատկերացնում էին որպես անիրականալի մի հեքիաթ։ Այստեղ իրենց առանձնահատուկ աշխարհն էր, որ նման չէր ուրիշ և ոչ մի աշխարհի, իրենց առանձնահատուկ օրենքները կային, իրենց հագուստները, իրենց բարքերն ու սովորույթները, և կենդանի-կենդանի Մեռյալ տուն էր, կյանքն՝ ինչպես ուրիշ և ոչ մի տեղ, մարդիկ էլ առանձնահատուկ։ Ահա, հենց այդ առանձնահատուկ անկյունն էլ ձեռնարկում եմ նկարագրել։
Ցցապարսպից ներս մտնելով, մի քանի շինվածք կտեսնեիք։ Ներքին ընդարձակ բակի երկու կողմով ձգվում էին միհարկանի երկարուկ փայտաշեն խրճիթներ։ Բանտասենյակներն էին։ Այստեղ են ապրում բանտարկյալները՝ տեղաբաշխված ըստ կարգերի։ Ապա, պարսպի ծայրին նույնպիսի խրճիթ էլ կար՝ խոհանոցը, բաժանված երկու արտելի։ Էլի կային շինվածքներ, ուր մի տանիքի տակ տեղավորված էին նկուղները, մարագները, պահեստները։ Բակի մեջտեղը բաց էր բավական ընդարձակ հրապարակ էր։ Այստեղ են շարվում բանտարկյալները, կատարվում է ստուգումն ու ներկա֊բացական՝ առավոտյան, կեսօրին և երեկոյան, երբեմն էլ օրական մի քանի անգամ, ըստ պահախմբի կասկածամտության և արագ հաշվելու նրանց կարողության։ Չորսբոլորը, շինվածքների և ցցապատի արանքում բավական տարածություն էր մնում։ Այստեղ, շինվածքների ետևում, բանտարկյալներից ոմանք՝ բնավորությամբ ավելի մարդախույս ու մռայլ, սիրում են քայլել գործից ազատ ժամանակ, բոլորի աչքից հեռու, իրենց միտքն անելու։ Այդ զբոսանքների ժամանակ, հանդիպելով նրանց, սիրում էի զննել այդ մռայլ ու խոժոռ, խարանված դեմքերը և կռահել, թե ինչ են մտածում։ Մի աքսորական կար, ում սիրած զբաղմունքր ցցերը հաշվելն էր ազատ ժամանակ։ Մեկուկես հազար էին, բոլորն էլ նրա հաշվի մեջ ու աչքի տակ։ Յուրաքանչյուր ցից օր էր նշանակում, ամեն օր մեկական գերան էր հաշվում֊հանում, և գերանների մնացած թվով կարող էր տեսնել, թե քանի օր է մնացել բանտում մնալու, մինչև աշխատելու ժամկետը։ Անկեղծորեն ուրախանում էր, երբ ավարտվում էր վեցանկյան որևէ կողմը։ Դեռ շատ տարիներ ուներ սպասելու, սակայն բանտում համբերությանն ընտելանալու ժամանակ կար։ Մի անգամ տեսա, թե ինչպես էր ընկերներին հրաժեշտ տալիս բանտարկյալը, որը տաժանակրության մեջ էր քսան տարի և վերջապես ազատ էր արձակվել։ Կային մարդիկ, ովքեր հիշում էին, ինչպես էր նա բանտ մտել առաջին անգամ՝ ջահել, անհոգ, ոչ իր հանցանքի, ոչ էլ պատժի մասին մտածող։ Նա գնում էր ալեհեր ծերունի դարձած, մռայլ ու թախծադեմ։ Լուռ շրջեց մեր բոլոր վեց բանտասենյակներում։ Ամեն մեկը մտնելիս, աղոթում էր սրբապատկերներին, հետո գոտկահաս խոնարհվում ընկերներին, խնդրելով վատը չհիշել։ Հիշում եմ նաև, ինչպես մի անգամ, կալանավորներից մեկին՝ նախկինում սիբիրցի ունևոր մուժիկ, իրիկնադեմին կանչեցին դարպասի մոտ։ Դրանից կես տարի առաջ նա լուր էր ստացել, որ նախկին կինն ամուսնացել է ու սաստիկ տխրել էր։ Հիմա կինն ինքն էր եկել բանտի դուռը, կանչել ու բան֊ման էր տվել։ Նրանք խոսեցին մի երկու րոպե, երկուսն էլ լաց եղան և հրաժեշտ տվին առհավետ։ Ես տեսա նրա դեմքը, երբ ետ եկավ բանտասենյակ... Այո, այս վայրում կարելի էր համբերության սովորել։
Երբ մթնում էր, բոլորիս քշում էին բանտասենյակները, ուր և փակում էին ամբողջ գիշեր։ Ինձ համար միշտ ծանր էր բակից մեր բանտասենյակը վերադառնալը։ Երկարուկ, ցածրառաստաղ ու հեղձուկ սենյակ էր՝ աղոտ լուսավորված ճարպամոմերով, ծանր, խեղդող օդով։ Հիմա չեմ հասկանում, թե ինչպես եմ այդտեղ ապրել տասը տարի։ Թախտաշարի վրա ես երեք տախտակ ունեի՝ իմ տեղն էր։ Այդ թախտաշարերին մենակ մեր սենյակում երեսուն հոգի մարդ էինք։ Ձմռանը վաղ էին փակում, մի չորս ժամ պետք էր սպասել, մինչև բոլորը կքնեին։ Իսկ մինչ այդ աղմուկ, աղաղակ, քրքջոց, հայհոյանք, շղթաների զնգոց, ծուխ ու մուր, խուզած գլուխներ, խարանված դեմքեր, պատառոտված շորեր, ամեն ինչ անարգված, խայտառակված... այո՛, տոկուն է մարդը։ Մարդս ամեն ինչի վարժվող արարած է, և կարծում եմ, սա նրա լավագույն բնորոշումն է։
Մեր բանտում կար ընդամենը երկու հարյուր հիսուն հոգի՝ համարյա մշտական մի թիվ։ Ոմանք գալիս էին, մյուսներն ավարտում պատժաժամկետն ու գնում, երրորդները մեռնում։ Եվ ով ասես, չկար։ Կարծում եմ, Ռուսաստանի ամեն նահանգ, ամեն շերտ իր ներկայացուցիչներն ուներ այնտեղ։ Այլազգիներ էլ կային, մի քանի աքսորական նույնիսկ կովկասյան լեռնցիներից։ Այդ ամենը ստորաբաժանված էր ըստ հանցանքի աստիճանի, հետևաբար, հանցանքի համար որոշված տարիների քանակով։ Հարկ է ենթադրել, որ չկար մի հանցանք, որն իր ներկայացուցիչը չունենար այստեղ։ Բանտային բնակչության գլխավոր հիմքը կազմում էին քաղաքացիական կարգի աքսորատաժանապարտները (թունդակիրները), ինչպես միամտորեն արտաբերում էին իրենք՝ կալանավորները։ Կացության ամենայն իրավունքից կատարելապես զրկված, հասարակությունից պոկված շերտեր, խարանված դեմքերով՝ հավերժական վկայությունն իրենց մերժվածության։ Նրանք ուղարկվում էին աշխատելու ութից տասներկու տարվա պատժաժամկետներով և հետո ուղարկվում սիբիրյան ինչ֊ինչ վոլոստներ՝ բնակեցման։ Կային նաև զինվորական կարգի հանցագործներ, կացության իրավունքներից չզրկված, ինչպես ռուսական կալանավորական վաշտերում էր ընդհանրապես։ Նրանք ուղարկվում էին կարճ ժամկետներով, իսկ ավարտելուց հետո ուղարկվում այնտեղ, որտեղից եկել էին, որպես զինվոր, սիբիրյան գծային գումարտակներ։ Նրանցից շատերը համարյա անմիջապես ետ էին գալիս բանտ՝ կրկնակի կարևոր հանցանքների համար, բայց արդեն ոչ կարճ պատժաժամկետներով, այլ քսան տարով։ Այդ կարգը կոչվում էր «մշտական»։ Սակայն «մշտականները» դեռևս ոչ կտրականապես էին զրկվում կացության բոլոր իրավունքներից։ Վերջապես, ամենասարսափելի հանցագործների մի հատուկ կարգ էլ կար, գերակշռորեն զինվորականներ, բավականին մեծաքանակ։ Դա կոչվում էր «հատուկ բաժանմունք»։ Ամբողջ Ռուսաստանից հանցագործներ էին ուղարկվում այստեղ։ Իրենք էին իրենց համարում հավերժական և իրենց պատժաժամկետները չգիտեին։ Ըստ օրենքի, նրանց աշխատանքային կետարքները պիտի կրկնապտակեին և եռապատկեին։ Նրանք պահվում էին բանտում, ընդհուպ մինչև ամենածանր տաժանակիր աշխատանքները կհիմնեին Սիբիրում։ «Ձերը՝ կետարքով, մերը՝ ծերից ծեր»,— ասում էին նրանք մյուս կալանավորներին։ Հետագայում լսեցի, որ այդ կարգը ոչնչացված է։ Դրանից բացի, մեր բերդում ոչնչացվեց քաղաքացիական կարգը ևս, իսկ ստեղծվեց մեկ ընդհանուր զինվորական-կալանավորական վաշտ։ Ուրեմն, ես նկարագրում եմ հինը, վաղուց անցած-գնացած օրերի գործեր...
Վաղուց էր դա, այդ ամենը հիմա երազիս է գալիս, երազի պես է։ Հիշում եմ, ինչպես մտա բանտ։ Երեկո էր, դեկտեմբեր ամսին։ Արդեն մթնում էր, մարդիկ վերադառնում էին աշխատանքից, պատրաստվում ստուգման։ Բեղավոր ենթասպան վերջապես բացեց այդ տարօրինակ տան դուռը, ուր պիտի մնայի այնքա՜ն տարի, կրեի բազում այնպիսի՜ զգացողություններ, որոնց մասին, իսկականից չապրելով դրանք, նույնիսկ մոտավոր ըմբռնում ունենալ չէի կարող։ Օրինակ, ոչ մի կերպ չէի կարող պատկերացնել, թե ինչ մի սարսափելի և տանջալի բան կա, որ իմ տաժանակրության բոլոր տասը տարիների ընթացքում ոչ մի անգամ, ոչ մի րոպե մենակ չեմ լինելու։ Գործատեղում միշտ հսկողության տակ, տանը՝ երկու հարյուր ընկերների հետ և ոչ մի անգամ, ոչ մի անգամ՝ մենակ։ Ասենք, մենակ դրա՞ն պիտի ընտելանայի։
Այստեղ կային մարդասպաններ՝ դիպվածով և մարդասպաններ՝ արհեստով, ավազակներ ու ավազակների պարագլուխներ։ Կային պարզապես խաբեբաներ և շրջմոլիկներ՝ հարամ փողերով ու վաշխառությամբ գործ անողներ։ Կային և այնպիսիք, ում մասին դժվար էր որոշել, թե տեսնես՝ ինչի՞ համար կարող էին ընկնել այստեղ։ Այնինչ, ամեն մեկն ուներ իր պատմությունը՝ խառնիխուռն և ծանր, ինչպես երեկվա հարբածության մրուրը։ Ընդհանրապես, իրենց անցյալի մասին նրանք քիչ էին խոսում, չէին սիրում պատմել և հավանորեն, ջանում էին չմտածել անցածի մասին։ Նրանց մեջ ես գիտեի նույնիսկ մարդասպանների՝ այնքան ուրախ, այնքան երբեք չմտորող, որ կարելի էր գրազ գալ, որ նրանց խիղճը երբեք և ոչ մի խայթ չի զգացել։ Սակայն կային նաև մռայլադեմներ, համարյա միշտ լուռումունջ։ Ընդհանրապես, իր կյանքը հազվադեպ որևէ մեկը պատմեր, և հետաքրքրասիրությունն ընդունված չէր, մի տեսակ սովորության մեջ չէր, հարգի չէր։ Թերես հազվադեպ, մեկնումեկը խոսք բացեր՝ անգործությունից, իսկ մյուսը սառնարյուն ու մռայլված լսեր։ Այստեղ ոչ ոք ոչ ոքի չէր կարող զարմացնել։ «Մենք գրագետ ժողովուրդ ենք»,— ասում էին նրանք հաճախ, մի տեսակ տարօրինակ ինքնագոհությամբ։ Հիշում եմ, ինչպես մի անգամ մի ավազակ, գինովցած (աքսորում երբեմն կարելի էր և հարբել), սկսեց պատմել, թե ինչպես է սպանել հնգամյա մի տղեկի, ինչպես է սկզբում խաբել խաղալիքով, ապա տարել մի դատարկ մարագ, այնտեղ էլ մորթել։ Ամբողջ բանտասենյակը, որ մինչ այդ խնդում էր նրա կատակների վրա, մի մարդու պես բղավեց, և ավազակը ստիպված էր լռել։ Զայրույթից չէ, որ գոռաց բանտասենյակը, այլ որովհետև պետք չէր խոսել դրա մասին, քանի որ դրա մասին խոսել ընդունված չէր։ Իմիջիայլոց, նշեմ, որ այդ ժողովուրդն իսկապես գրագետ էր և նույնիսկ ոչ փոխաբերական, այլ բառիս բուն իմաստով։ Հավանորեն, նրանց կեսից ավելին կարող էր կարդալ ու դրել։ Ուիիշ որտե՞ղ, ուր ռուս ժողովուրդր խմբվում է հոծ զանգվածներով, կառանձնացնեք երկու հարյուր հիսուն հոգանոց խումբ, որի կեսը գրագետ է։ Լսեցի հետագայում, թե ինչ-որ մեկն այդպիսի տվյալներից սկսել է հետևություններ անել, որ գրագիտությունը կործանում է ժողովրդին։ Սխալ է. միանգամայն ուրիշ են պատճառները, թեև չի կարելի չհամաձայնել, որ գրագիտությունը Ժողովրդի մեջ ինքնավստահություն է զարգացնում։ Սակայն չէ որ թերություն չէ դա ամենևին։ Բոլոր կարգերը զանազանվում էին հագուստով․ ոմանց բաճկոնների կեսը մուգ դարչնագույն էր, իսկ մյուս կեսը՝ մոխրագույն, նույնը՝ շալվարները. մի ոտքը մոխրագույն, մյուսը դարչնագույն։ Մի անգամ գործատեղում, կալանավորներին մոտեցած կալաչ ծախող աղջնակը երկար զննում էր ինձ, հետո հանկարծ քրքհաց. «Փո՛ւհ, ի՜նչ գեշ է,— ղժղժում էր նա,— ոչ մոխրագույն մահուդն է հերիքել, ոչ՝ սևը»։ Կային և այնպիսիք, ում բաճկոնն ամբողջ մոխրագույն մահուդից էր, միայն թևքերն էին մուգ դարչնագույն։ Գլուխն էլ էին խուզում տարբեր ձևերով. ոմանց գլխի կեսը խուզված էր գանգի առջևից ետ, մյուսներինը՝ կողքից կողք։
Առաջին հայացքից կարելի էր նկատել որոշ ցայտուն ընդհանրություն այդ համակ օտարոտի ընտանիքում։ Նույնիսկ ամենաթափով, ամենաինքնօրինակ անհատականությունները, որոնք ակամա իշխում էին ուրիշների վրա, նրանք էլ էին ջանում ընկնել ամբողջ բանտի ընդհանուր եղանակի մեջ։ Իսկ ընդհանրապես կասեմ, որ այդ ամբողջ ժողովուրդը, բացառությամբ սակավաթիվ որոշ անսպառ-զվարթաբարո մարդկանց, ինչի համար էլ համընդհանուր արհամարհանքի արժանացած, խոժոռադեմ էին, քինոտ, ահավոր սնափառ, պարծենկոտ, նեղացկոտ և ծայրաստիճան ձևապաշտ։ Ոչնչից չզարմանալու ընդունակությունը մեծագույն առաքինություն էր։ Բոլորը խելքները թռցրած էին արտաքնապես իրենց զսպելու վրա։ Սակայն հաճախ ամենագոռոզ տեսքը կայծակի արագությամբ փոխարինվում էր ամենափոքրոգիի։ Կային մի քանի իսկապես ուժեղ մարդիկ, որոնք պարզհոգի էին և ձևեր չէին թափում։ Բայց տարօրինակ մի բան. իսկապես ուժեղ այդ մարդկանցից մի քանիսը սնափառ էին՝ վերին աստիճանի, համարյա հիվանդության աստիճան։ Ընդհանրապես, սնափառությունը, արտաքինն առաջին պլանում էին։ Մեծամասնությունն այլասերված էր և ահավոր ապականված։ Բամբասանքն ու ասեկոսեներն անընդմեջ էին՝ դժոխք էր դա, անթափանց խավար։ Սակայն բանտի ներքին կանոնների և ընդունված սովորույթների դեմ ոչ ոք չէր համարձակվում ըրնդվզել, բոլորն էին ենթարկվում։ Խիստ արտահայտված բնավորություններ էին լինում, դժվարությամբ, ճիգով ենթարկվող, բայց և այնպես ենթարկվում էին։ Բանտ էին գալիս և այնպիսիք, որոնք այլևս լրիվ դուրս էին չափ ու սահմանից, դրսում անչափ շատ էին խախտած ամեն ինչ, այնպես որ կարծես ոչ ինքըստինքյան, կարծես չիմանալով ինչու, իրենց հանցանքներն էլ վերջում գործել էին կարծես զառանցանքի մեջ, մշուշված վիճակում՝ հաճախ ծայրաստիճան բորբոքված սնափառությունից։ Սակայն մեզ մոտ նրանց անմիջապես տեղն էին դնում, չնայած ոմանք, նախքան բանտ մտնելը, ամբողջ գյուղերի և քաղաքների սարսափն էին։ Չորսդին նայելով, նորեկը շուտով նկատում էր, որ իր իմացած տեղը չէ, որ այստեղ արդեն ոչ մեկին չես զարմացնի, և աննկատելիորեն զգաստանում էր ու ընդհանուր տոնը բռնում։ Այդ ընդհանուր տոնն արտաքնապես կազմվում էր ինչ֊որ առանձնահատուկ սեփական արժանապատվությունից, որով տոգորված էր բանտի համարյա յուրաքանչյուր բնակիչ։ Ճիշտ, կարծես իրականում, տաժանապարտի, դատապարտյալի կոչումը դառնում էր որևիցե մի աստիճան, այն էլ դեռ պատվավոր։ Ամոթի կամ զղջման և ոչ մի դրսևորում։ Իմիջիայլոց, ինչ֊որ մի արտաքին խոնարհություն էլ կար, այսպես ասած՝ պաշտոնական, մի տեսակ հանդարտ խրատաբանություն։ «Մենք կործանված մարդիկ ենք,— ասում էին նրանք,— չկարողացար ազատ ապրել, հիմա բեռդ քաշիր, օրերդ հաշվիր»։ «Չլսեցիր ծնող հորդ ու մորդ, հիմա թմբուկի ձայնը լսիր»։ «Չուզեցար հագնել ոսկեկար, հիմա մուրճդ առ, ջարդիր քար»։ Այս ամենն ասվում էր հաճախ, որպես խրատ և սովորական առակների և ասացվածքների ձևով, բայց երբեք լրջորեն։ Այդ ամենը սոսկ խոսք էր։ Հազիվ թե գոնե մեկնումեկը ներքուստ խոստովաներ իր անօրենությունը։ Ոչ տաժանապարտներից մեկնումեկը թող փորձեր կշտամբել կալանավորին՝ գործած հանցանքի համար, նախատել նրան (թեև, իմիջիայլոց, ռուսական ոգուն հարիր չէ նախատել հանցագործին), հայհոյանքներին վերջ չէր լինի։ Իսկ հայհոյանքի ի՜նչ վարպետներ էին բոլորն էլ։ Հայհոյում էին նրբավայել, գեղարվեստորեն։ Ուշունցը վերածել էին գիտության, ջանում էին խոցել ոչ այնքան վիրավորական բառով, այլ վիրավորական իմաստով, ոգով, գաղափարով՝ իսկ դա առավել նրբին է, թունալի։ Նրանց միջև անվերջանալի վեճերն էլ ավելի էին զարգացնում այդ գիտությունը։ Բոլոր այդ մարդիկ աշխատում էին մահակի տակ, ուստիև անբան էր ամեն մեկը, ուստիև այլասերվում էր. եթե նախկինում այլասերված էլ չէր, ապա աքսորում այլասերվում էր։ Բոլորն այստեղ էին հավաքվել ոչ իրենց կամքով, բոլորը խորթ էին միմյանց։
«Սատանան երեք ոտնաման է մաշել, մինչև մեզ խմբել է մի տեղ»,— ասում էին իրենք իրենց մասին, ուստիև բամբասանքները, խարդավանքները, կնիկական անեծքները, նախանձը, կռվշտոցը, չարությունը միշտ առաջին գծում էին այդ զարհուրելի աշխարհում։ Ոչ մի կնիկ ի վիճակի չէր լինել այնքան կնիկ, քան այդ մարդասպաններից ոմանք։ Կրկնում եմ, նրանց մեջ կային նաև ուժեղ մարդիկ, անհատականություններ, ընտելացած ամբողջ կյանքում հարգել ու հրամայել, կոփված, աներկյուղ։ Մի տեսակ ակամա հարգում էին նրանց, իսկ իրենց կողմից, թեև հաճախ ու շատ էին խանդոտ իրենց փառքի նկատմամբ, սակայն ընդհանրապես աշխատում էին ուրիշներին նեղություն չտալ, փուչ վեճուկռվի չէին բռնվում, իրենց պահում էին անսովոր արժանապատվությամբ, կշռադատ էին և համարյա մշտապես հնազանդ ղեկավարությանը՝ ոչ հնազանդության սկզբունքից, ոչ պարտականությունների գիտակցումից, այլ այնպես, կարծես ինչ֊որ պայմանագրով, փոխադարձ օգուտն երը գիտակցելով։ Իմիջիայլոց, նրանց հետ էլ զդուշորեն էին վարվում։ Հիշում եմ, ինչպես նման կալանավորներից մեկին՝ անվախ ու վճռական, իր գազանային հակումներով ղեկավարությանը հայտնի մի մարդու, մի անգամ կանչեցին պատիժը կրելու ինչ֊որ հանցանքի համար։ Ամառ օր էր, ոչ աշխատանքային։ Շտաբ-սպան, բանտի ամենամերձ և ամենաանմիջական պետը, ինքն էր եկել կորդեգարդիա, որն ուղիղ մեր դարպասի մոտ էր, ներկա գտնվելու պատժին։ Այդ մայորը մի տեսակ ճակատագրական էակ էր կալանավորների համար, նրանց հասցրել էր այն վիճակին, որ սարսռում էին իրենից։ Խելագարության աստիճան խիստ էր, «վրա էր պրծնում մարդկանց», ինչպես ասում էին տաժանապարտները։ Ամենից ավելի սարսափում էին նրա թափանցող, լուսանային հայացքից, որից ոչինչ չէր լինի թաքցնել։ Նա տեսնում էր մի տեսակ առանց նայելու։ Բանտ մտնելով, արդեն գիտեր, թե ինչ է կատարվում հակառակ ծայրին։ Կալանավորները նրան կոչում էին ութաչքանի։ Նրա որդեգրած կարգը խաբուսիկ էր։ Նա միայն չարացնում էր արգեն չարացած մարդկանց իր կատաղի, չարամիտ արարքներով, և եթե նրանից վեր չլիներ պարետը՝ վեհանձն ու կշռադատ, ենթակայի վայրի արարմունքները զսպող մեկը, ապա իր կառավարմամբ նա մեծ փորձանքների կհանգեցներ։ Չեմ հասկանում, ինչպես կարող էր նա բարեհաջող ավարտել․ պաշտոնաթող եղավ ողջ և առողջ, թեև, իմիջիայլոց, դատի տրվեց։
Կալանավորր գունատվեց, երբ նրան կանչեցին։ Սովորաբար, նա լուռ և վճռական պառկում էր ճիպոտահարվելու, լուռ դիմանում էր պատժին ու դրանից հետո ոտքի ելնում գզգզվածի պես, սառնարյուն և փիլիսոփայորեն նայելով կատարված փորձանքին։ Ի դեպ, նրա հետ միշտ զգուշորեն էին վարվում։ Բայց այս անգամ, չգիտես ինչու, իրեն արդար էր համարում։ Նա գունատվեց, և պահակներից ծածուկ, հասցրեց թևքի մեջ մտցնել կոշկակարի անգլիական սուր գանակը։ Դանակներ ու ամեն տեսակի սուր գործիքներ խստիվ արգելված էին բանտում։ Խուզարկությունները հաճախակի էին և բավականին լուրջ, պատիժները՝ դաժան։ Բայց քանի որ դժվար է գողի մոտ որևէ բան գտնել, երբ նա առանձնապես որոշել է ինչ֊որ բան թաքցնել, և քանի որ դանակներն ու գործիքները մշտապես անհրաժեշտ էին բանտում, ապա չնայած խուզարկություններին, դրանք չէին վերանում։ Իսկ եթե վերցնում էլ էին, ապա անմիջապես նորերն էին հայտնվում։ Ամբողջ կալանավայրը խռնվել էր ցանկապատի մոտ և խանձացցերի արանքներից նայում էր՝ շունչը պահած։ Բոլորը գիտեին, որ Պետրովն այս անգամ չի ուզենա պառկել ճիպոտների տակ, և որ մայորի վերջն եկել է։ Բայց ամենավճռական պահին մեր մայորը նստեց կառքն ու հեռացավ՝ պատժի ի կատար ածումը հանձնարարելով մեկ ուրիշ սպայի։ «Աստված փրկեց»,— հետո ասում էին կալանավորները։ Իսկ ինչ վերաբերում է Պետրովին, նա շատ հանգիստ դիմացավ պատժին։ Նրա զայրույթը չքացավ մայորի գնալուն պես։ Կալանավորը հլու և հնազանդ է մինչև որոշակի աստիճան, բայց կա մի սահման, որը պետք չէ անցնել։ Իմիջիայլոց, ավելի հետաքրքրական ոչինչ չի կարող լինել անհնազանդության և ընդվզման այդ արտառոց պոռթկումներից։ Հաճախ մարդը հանդուրժում է մի քանի տարի, հնազանդվում է, կրում դաժանագույն պատիժներ ու հանկարծակի պոռթկում մի փոքր, դատարկ բանի վրա, համարյա թե հենց այնպես։ Ուրիշ հայացքով, կարելի է դա նույնիսկ խելագարություն կոչել, այդպես էլ անում են։
Արդեն ասել եմ, որ տարիներ շարունակ այդ մարդկանց մեջ չեմ տեսել ոչ զղջման նվազագույն արտահայտություն, ոչ ծանր մտորումների հատիկ՝ իրենց գործած հանցանքի շուրջ և որ նրանց մեծ մասն իրեն ներքուստ միանգամայն արդար է համարում։ Դա փաստ է։ Հարկավ, սնափառությունը, վատ օրինակները, կտրիճությունը, կեղծ ամոթը մեծապես պատճառ են դրան։ Մյուս կողմից, ո՞վ կարող է ասել, թե պեղել է այդ տարաբախտ սրտերի խորքը և կարդացել այնտեղ մի խորհրդավոր բան համակ աշխարհից։ Սակայն չէ որ կարելի էր այդքան տարիների ընթացքում գեթ մի բան նկատել, բռնել, որսալ այդ սրտերում, գեթ որևէ մի գիծ, որ կվկայեր ներքին տրտմություն, տառապանք։ Բայց դա չկար, ամենևին չկար։ Այո, հանցագործությունը կարծեմ թե չի կարող իմաստավորվել տվյալ, պատրաստի տեսակետներից, և դրա փիլիսոփայությունը որոշակի չափով ավելի դժվարին է, քան ենթադրում են։ Անշուշտ, բանտերը և հարկադիր աշխատանքի համակարգը չեն ուղղում հանցագործին, դրանք սոսկ պատժում են և ապահովում հասարակության հանգստությունը՝ չարագործի հետագա ոտնձգություններից։ Իսկ հանցագործի մեջ բանտը և ամենախստացրած տաժանակիր աշխատանքը զարգացնում են սոսկ ատելություն, արգելված վայելքների ծարավ ու ահավոր թեթև ամտություն։ Սակայն ես հաստատ համոզված եմ, որ նշանավոր խցային համակարգը հետապնդում է լոկ շինծու, խաբուսիկ, արտաքին նպատակ։ Դա քամում է մարդու կենսական հյութը, բթացնում նրա հոգին, թուլացնում, վախեցնում է նրան, հետո էլ բարոյապես սմքած մումիային, կիսախելագարին ներկայացնում որպես ուղղման և զղջման նմուշ։ Իհարկե, հասարակության դեմ ելած հանցագործն ատում է նրան, միշտ իրեն է արդարացի համարում, իսկ հասարակությանը՝ մեղավոր։ Բացի դրանից, նա արդեն պատիժ կրել է հասարակության կողմից, իսկ համարում է իրեն դրանից մաքրված, հաշիվը փակած։ Վերջապես, նման տեսակետներով կարելի է դատել, թե համարյա ստիպված ես արդարացնել հանցագործին։ Սակայն, չնայած հնարավոր բոլոր տեսակետներին, յուրաքանչյուր ոք կհամաձայնի, որ կան հանցանքներ, որոնք միշտ և ամենուրեք, ամենատարբեր օրենքներով, աշխարհի սկզբից իսկ համարվում են աներկբա հանցանքներ և այդպիսին կհամարվեն այնքան ժամանակ, քանի դեռ մարդը մարդ է մնում։ Միայն բանտում ես լսեցի պատմություններ ամենազարհուրելի, ամենաանբնական արարքների մասին, ամենահրեշավոր սպանությունների մասին՝ պատմված ամենաանզուսպ, ամենամանկական զվարթ ծիծաղով։ Հիշողությանս մեջ հատկապես մնացել է մի հայրասպան։ Ազնվականներից էր, ծառայում էր և իր վաթսունամյա հոր մի տեսակ անառակ որդին էր։ Կատարյալ անբարո վարք ուներ, խրվել էր պարտքերի մեջ։ Հայրը սահմանափակում էր նրան, հորդորում, սակայն հայրը տուն ուներ, ագարակ, ենթադրվում էր՝ փող, և... որդին սպանել էր նրան, ժառանգության ծարավով։ Հանցանքը բացահայտվել էր միայն մեկ ամիս անց։ Մարդասպանն ինքն էր հայտնել ոստիկանությանը, որ հայրն անհետացել է՝ չգիտեն որտեղ։ Ամբողջ այդ ամիս իրեն պահել էր անչափ անառակավարի։ Վերջապես, նրա բացակայությամբ, ոստիկանությունը գտել էր դիակը։ Բակում, ամբողջ երկայնքով, աղտեղությունների հեռացման համար առու կար՝ տախտակներով ծածկված։ Մարմինն այդ առվի մեջ էր։ Հագցված, պատրաստված էր, ալեհեր գլուխը լրիվ կտրած ու դրված մարմնի վրա, իսկ գլխի տակ մարդասպանը բարձ էր դրել։ Նա չէր խոստովանել, զրկվել էր ազնվականությունից, աստիճանից և տաժանակրության ուղարկվել քսան տարով։ Ամբողջ Ժամանակ, ինչքան ապրեցի նրա հետ, շատ հիանալի և զվարթ հոգեվիճակի մեջ էր։ Երեսառած, թեթևամիտ, վերին աստիճանի անկշռադատ մարդ էր, թեև ամենևին ոչ անխելք։ Նրա մեջ երբեք չեմ նկատել առանձնահատուկ որևէ դաժանություն։ Կալանավորներն արհամարհում էին նրան ոչ թե հանցանքի պատճառով, որի մասին խոսք իսկ չկար, այլ որովհետև իրեն պահել չէր կարողանում։ Խոսքի մեջ հանկարծ կհիշեր հորը։ Մի անգամ, ինձ հետ խոսելով իրենց ընտանիքում ժառանգական առողջ կազմվածքի մասին, ավելացրեց. «Ահա, իմ ծնող հայրն, օրինակ, մինչև մեռնելը, չի բողոքել որևէ մի հիվանդությունից»։ Այդպիսի գազանային անզգայնություն, անշուշտ, հնարավոր չէ։ Ֆենոմեն է սա, կառուցվածքի որևիցե արատ, մարմնական և հոգեկան ինչ-որ այլանդակություն՝ դեռևս անհայտ գիտությանը, և ոչ թե սովորական հանցանք։ Իհարկե, ես չէի հավատում այդ հանցագործությանը։ Բայց նրա համաքաղաքացիները, ովքեր պիտի իմանային նրա պատմության բոլոր մանրուքները, ինձ պատմեցին ամբողջ գործը։ Փաստերն այնքան էին հստակ, որ անհնար էր չհավատալ։
Կալանավորները լսել էին, ինչպես էր նա բղավել երազում մի գիշեր. «Բռնի նրան, բռնի։ Գլուխը կտրի, գլուխը, գլուխը...»։
Համարյա բոլոր կալանավորները խոսում էին գիշերով ե զառանցում։ Հայհոյանք, գողական խոսքեր, դանակներ, կացիններ՝ ավելի հաճախ էին խոսք դառնում զառանցանքի մեջ։ «Ծեծված ժողովուրդ ենք մենք,— ասում էին նրանք,— մեր ներսն է ջնջխված, դրանից էլ գոռում ենք գիշերով»։
Պետական տաժանակիր ճորտական աշխատանքը զբաղմունք չէր, այլ պարտականություն. կալանավորն աշխատում-լրացնում էր իր կետարքը, կամ լրացնում աշխատանքի՝ օրենքով սահմանված ժամերը և ետ էր գալիս բանտ։ Աշխատանքին նայում էին ատելությամբ։ Առանց իր առանձնահատուկ, սեփական զբաղմունքի, որին կնվիրվեր ամբողջ մտքով, իր համակ հաշվարկով, մարդը բանտում ապրել չէր կարող։ Եվ էլ ի՞նչ եղանակով այդ ամբողջ բազմությունը՝ զարգացած, եռանդով ապրած և ապրել կամեցող, բռնությամբ կիտված այստեղ, բռնությամբ կտրված հասարակությունից և նորմալ կյանքից, կարող էր համակերպվել այստեղ կանոնավոր և նորմալ, իր կամքով և ցանկությամբ։
Միայն պարապությունից այստեղ նրա մեջ կզարգանային այնպիսի հանցավոր հատկություններ, որոնց մասին նախկինում պատկերացում իսկ չուներ։ Առանց աշխատանքի և առանց օրինական, նորմալ սեփականության, մարդը չի կարող ապրել, կայլասերվի, կվերածվի գազանի։ Դրա համար էլ բանտում ամեն ոք, ի հետևանք բնական պահանջմունքի և ինքնապահպանման ինչ-որ զգացմունքի, ուներ իր արհեստն ու զբաղմունքը։ Ամռան երկար օրը համարյա ծայրեծայր լցված էր պետական աշխատանքով, կարճ գիշերին հազիվ հասցնում էին քուններն առնել։ Բայց ձմռանն, ըստ կանոնագրքի, մթնշաղն ընկնելուն պես կալանավորը պիտի փակվեր բանտում։ Իսկ ի՞նչ անել ձմռան երեկոյի երկար ու ձիգ, տաղտուկ ժամերին։ Այդ պատճառով էլ համարյա յուրաքանչյուր բանտասենյակ, չնայած արգելքին, վերածվում էր հսկայական արհեստանոցի։ Որպես այդպիսին՝ աշխատանքը, զբաղմունքն արգելված չէին, սակայն խստիվ արգելված էր բանտում, իր մոտ գործիքներ ունենալ, իսկ առանց դրանց, գործ անել չէր լինի։ Սակայն սուսուփուս աշխատում էին, և թվում է, ղեկավարությունը որոշ դեպքերում շատ աչալուրջ չէր հետևում դրան։ Շատ կալանավորներ բանտ էին գալիս՝ ոչինչ չգիտենալով, բայց սովորում էին մյուսներից և հետո ազատվում որպես լավ արհեստավորներ։ Այստեղ կային թե սապոգ ու ոտնաման կտրուղներ, թե դերձակներ, թե ատաղձագործներ ու փականագործներ, դրվագողներ, ոսկերիչներ։ Մի հրեա կար՝ Իսայ Բումշտեյնը, ոսկերիչ էր, միաժամանակ և վաշխառու։ Բոլորն էլ աշխատում էին և քիչումիչ վաստակում։ Աշխատանքի պատվերներ ձեռք էին բերվում քաղաքից։ Փողը կոփածո ազատություն է, ուստի ազատությունից կատարելապես զրկված մարդու համար, դա տասնապատիկ թանկ էր։ Եթե միայն փող էր զնգզնգում գրպանում, կալանավորն արդեն կիսով չափ սփոփված էր, թեև չէր կարող ծախսել։ Սակայն փողը միշտ և ամենուրեք կարելի է ծախսել, առավել ևս, որ արգելված պտուղը կրկնակի քաղցր է։ Իսկ տաժանավայրում նույնիսկ խմիչք կարելի էր ունենալ։ Ծխամորճերը խստագույնս արգելված էին, բայց բոլորր ծխում էին։ Փողը եւ ծխախոտը փրկում էին լնդաախտից և ուրիշ հիվանդություններից։ Իսկ աշխատանքը փրկում էր հանցանքներից, առանց աշխատանքի կալանավորները կուտեին միմյանց, ինչպես սարդերն ապակյա ամանի մեջ։ Չնայած դրան՝ թե աշխատանքը, թե փողն արգելված էին։ Հաճախ հանկարծակի խուզարկություններ էին արվում գիշերով, արգելված ամեն ինչ խլում էին, ու ինչպես էլ թաքցված լիներ փողը, այնուամենայնիվ, երբեմն ընկնում էր խուզարկուների ձեռքը։ Մասամբ ահա թե ինչու փողը չէին հավաքում, այլ շուտափույթ խմելու տալիս, ահա թե ինչու բանտում խմիչք էլ կար։ Ամեն խուզարկությունից հետո, մեղավորը, բացի որ զրկվում էր ամբողջ ունեցվածքից, սովորաբար պատժվում էլ էր ցավաշատ։ Սակայն, ամեն խուզարկությունից հետո, տեղնուտեղը լրացվում էր պակասը, անհապաղ ձեռք էին բերվում նոր իրեր, և ամեն ինչ ընթանում էր հնի պես։ Թե՛ ղեկավարությունը դիտեր դա, թե՛ կալանավորները չէին տրտնջում պատիժներից, թեև այդպիսի կյանքը նման էր Վեզուվի վրա բնակայթյուն հաստատածների կյանքին։
Ով արհեստ չուներ, գործում էր այլ կերպ։ Բավական ինքնօրինակ միջոցներ կային։ Օրինակ, ոմանք զբաղվում էին միայն վերավաճառքով, իսկ երբեմն վաճառվում էին այնպիսի իրեր, որոնք բանտի պատերից դուրս, մեկնումեկի մտքով իսկ չէր անցնի ոչ միայն գնել ու վաճառել դրանք, այլև իր համարել։ Սակայն տաժանավայրը շատ էր չքավոր և չափազանց արդյունաբերող։ Վերջին լաթը գին ուներ և մի տեղ բանեցվում էր։ Հենց չքավորության պատճառով էլ փողը բանտում միանգամայն ուրիշ արժեք ուներ, քան դրսում։ Մեծ ու բարդ աշխատանքի դիմաց գռոշներ էին վճարում։ Ոմանք հաջողությամբ վաշխառություն էին անում։ Ունեցածը վատնած կամ սնանկացած կալանավորն իր վերջին իրերը կտաներ վաշխառուի մոտ և մի քանի պղնձադրամ կստանար նրանից՝ սարսափելի տոկոսով։ Եթե ժամանակին ետ չգներ, այդ իրերն անհապաղ և անողոքաբար կծախվեին։ Վաշխառությունն այնպես էր ծաղկել, որ գրավ էին ընդունում նույնիսկ պետական, հսկվող բաները, այն է՝ բանտի սպիտակեղեն, կոշիկ կտրելու հումք և այլն, իրեր, որոնք կալանավորին պետք էին ամեն պահի։ Սակայն նման գրավների դեպքում պատահում էր նաև գործի մեկ ուրիշ շրջվածք, ի դեպ, ոչ լրիվ անսպասելի. գրավ դրած և փողն ստացածն իսկույն գնում էր ավագ ենթասպայի՝ բանտի ամենամերձ պետի մոտ, մատնում հսկվող իրերը գրավ վերցնելու մասին, և դրանք տեղնուտեղը վաշխառուից ետ էին խլվում, նույնիսկ առանց վերադաս ղեկավարությանը զեկուցելու։ Հետաքրքրական է, որ այդ դեպքում երբեմն նույնիսկ վեճ չէր լինում. վաշխառուն, լուռ, ու մռայլված, ետ էր տալիս ինչ հարկն էր և նույնիսկ կարծես ինքն էլ էր սպասում, որ այդպես է լինելու։ Գուցեև, չէր կարող ինքն էլ չգիտակցել, որ գրավատուի տեղն ինքն էլ այդպես կաներ։ Ուստի, եթե երբեմն նույնիսկ հետո հայհոյում էլ էր, ապա առանց որևէ չարացածության, այլ այնպես, հոգու հանգստության համար։
Ընդհանրապես, բոլորը գողանում էին իրարից ահավոր չափերով։ Համարյա յուրաքանչյուրն իր սնդուկն ուներ՝ կողպեքով, բանտի իրերը պահելու համար։ Դա թույլատրվում էր, բայց սնդուկները չէին փրկում։ Կարծում եմ, կարելի է պատկերացնել, թե ի՜նչ վարպետ գողեր կային այնտեղ։ Ինձ անկեղծորեն նվիրված մի կալանավոր (ասում եմ առանց որևէ ավելորդաբանության), ինձնից գողացավ Աստվածաշունչը, միակ գիրքը, որ թույլատրվում էր ունենալ տաժանավայրում։ Նույն օրն ինքն ինձ խոստովանեց ոչ թե զղջալով, այլ խղճալով ինձ, որովհետև երկար ժամանակ փնտրում էի։ Օղեվաճառներ կային, որոնք խմիչքի առևտուր էին անում և արագ հարստանում։ Այս վաճառքի մասին երբևէ կասեմ առանձնապես, բավականաչափ հետաքրքիր է։ Բանտում շատ կային մաքսանենգության համար նստածներ, ուստի զարմանալու հարկ չկա, թե նման զննումների և պահախմբերի առկայությամբ, ինչպես էր խմիչք բերվում բանտ։ Իմիջի այլոց, մաքսանենգությունն իր բնույթով, մի տեսակ առանձնահատուկ հանցանք է։ Օրինակ, կարելի՞ է, արդյոք, պատկերացնել, որ փողը, շահն այս կամ այն մաքսանենգի համար երկրորդական դեր են խաղում, երկրորդ տեղում են։ Այնինչ, հենց այդպես է լինում։ Մաքսանենգը գործում է կրքով, ըստ կոչման։ Մասամբ պոետ է նա։ Նա վտանգում է ամեն ինչ, գնում է ահավոր սպառնալիքի, խորամանկում է, հորինում, դուրս է պրծնում, երբեմն նույնիսկ գործում ինչ-որ ոգեշնչմամբ։ Այդ մոլուցքը նույնքան զորեղ է, ինչքան և թղթախաղը։ Բանտում մի կալանավոր գիտեի՝ վիթխարահասակ, սակայն այնքան հեզ, սուսուփուս, խոնարհ, որ պատկերացնել չէր լինի, թե ինչպես է հայտնվել բանտում։ Այն աստիճան անչար էր և հանդուրժող, որ բանտում եղած ամբողջ ժամանակ ոչ մեկի հետ վեճի մեջ չմտավ։ Բայց նա արևմտյան սահմանից էր, նստել էր մաքսանենգության համար և, իհարկե, չէր կարող դիմանալ ու սկսեց խմիչք անցկացնել։ Քանի անգամ պատժեցին նրան դրա համար, և ինչպես էր վախենում ճիպոտներից։ Եվ խմիչք ներս բերելն էլ ամենաողորմելի եկամուտ էր բերում։ Խմիչքից հարստանում էր միայն մի անտրեպրենյոր։ Խենթը սիրում էր արվեստն արվեստի համար։ Կնկա պես լալկան էր և քանի-քանի անգամ, պատժվելուց հետո, երդվում ու խոստանում էր մաքսանենգություն չանել։ Արիությամբ ինքն իրեն դիմադրում էր երբեմն ամբողջ մի ամիս, բայց և ի վերջո, չէր դիմանում այնուամենայնիվ... Հենց այդ անձանց շնորհիվ էլ խմիչքը չէր պակասում բանտում։
Վերջապես, մի եկամուտ էլ կար, որը թեև չէր հարստացնում կալանավորներին, սակայն մշտական էր և բարեշնորհ։ Ողորմությունն էր։ Մեր հասարակության բարձր դասը պատկերացում չունի, թե «թշվառականների» համար ինչպես են հոգում վաճառականները, քաղքենիները և համարյա ամբողջ ժողովուրդը։ Ողորմությունը լինում է համարյա անընդմեջ և համարյա միշտ՝ հացով, բլիթներով, կալաչներով, շատ ավելի սակավ՝ փողով։ Առանց այդ ողորմությունների, շատ տեղերում կալանավորների, հատկապես ենթադատների համար, ովքեր ավելի խիստ պայմաններում են, քան դատապարտվածները, չափից ավելի դժվար կլիներ։ Ողորմությունը կրոնավայել հավասար էր բաժանվում կալանավորների միջև։ Եթե չէր հերիքում բոլորին, կալաչները կտրատվում էին հավասար, երբեմն վեց մասի, և յուրաքանչյուրն անպայման ստանում էր իր բաԺինը։ Հիշում եմ, ինչպես առաջին անգամ դրամական ողորմություն ստացա։ Դա եղավ բանտ գալուց ոչ շատ ուշ։ Վերադառնում էի առավոտյան աշխատանքից մենակ, պահնորդի հետ։ Դիմացիցս անցան մայր ու աղջիկ, դստրիկը տասը տարեկան կլիներ, հրեշտակի պես սիրունիկ։ Մի անդամ արդեն տեսել էի նրանց։ Մայրը զինվորի այրի էր։ Ամուսինը՝ երիտասարդ զինվոր, դատի տակ էր եղել և վախճանվել հոսպիտալում, կալանավորական հիվանդասենյակում, այն ժամանակ երբ ես էլ էի հիվանդ պառկած այնտեղ։ Կինն ու դուստրը եկել էին հրաժեշտ տալու, երկուսն էլ ահավոր լալիս էին։ Ինձ տեսնելով, աղջնակը շառագունեց, ինչ֊որ բան շշնջաց մորը, որն իսկույն կանգ առավ, պայուսակի մեջ քառորդ կոպեկ գտավ ու տվեց դստերը։ Աղջնակը վազեց իմ ետևից. «Առ, թշվառական, վերցրու կոպեկը Քրիստոսի սիրուն»,— բղավում էր նա, առաջ վազելով ինձնից և կոպեկը ձեռքս խոթելով։ Ես վերցրի նրա կոպեկանոցը, և աղջնակը մոր մոտ գնաց միանգամայն գոհ։ Այդ քառորդ կոպեկանոցը երկար ժամանակ պահում էի մոտս։
Առաջին տպավորություններ
Բանտային իմ կալանքի առաջին ամիսն ու սկիզբն՝ ընգհանրապես, հիմա պատկերվում են հիշողությանս մեջ։ Բանտային հետագա տարիներն իմ հիշողություններում շատ ավելի աղոտ են ցոլցլում։ Որոշ բաներ կարծես լրիվ խունացել են, թողնելով մեկ ընդհանուր տպավորություն՝ ծանր, միապաղաղ, հեղձուցիչ։
Բայց այն ամենն, ինչ ապրեցի իմ տաժանակրության առաջին օրերին, ինձ են պատկերվում ասես երեկ կատարված։ Այդպես էլ պիտի լինի։
Հստակ հիշում եմ, որ այդ կյանքում առաջին իսկ քայլից ինձ ապշեցրեց, որ կարծես թե դրա մեջ առանձնապես ոչ մի ապշեցնող, անսովոր, կամ ավելի լավ է ասել անսպասելի բան չգտա։ Այդ ամենը կարծես նախկինում էլ էր ցոլցլացել երևակայությանս մեջ, երբ Սիբիրի ճանապարհին ջանում էի կռահել առաջիկայում ինձ վիճակվածը։ Սակայն շուտով ամենաարտառոց անսպասելիությունների, ամենահրեշավոր փաստերի վիհն ինձ ստիպեց կանգ առնել համարյա ամեն քայլափոխի։ Եվ արդեն միայն հետագայում, արդեն բավական երկար ապրելով բանտում, լիովին իմաստավորեցի այդօրինակ գոյության համակ բացառիկությունը, համակ անսպասելիությունը և ավելի ու ավելի զարմանալ դրանից։ Խոստովանում եմ, որ այդ զարմանքն ուղեկցեց իմ տաժանակրության ամբողջ տևական պատժաժամկետի ընթացքում։ Երբեք չկարողացա հաշտվել դրա հետ։
Բանտ մտնելուն պես, առաջին իմ տպավորությունն ընդհանրապես ամենանողկալին էր, բայց և այնպես՝ տարօրինակ բան. ինձ թվաց, թե բանտում ապրելը շատ ավելի հեշտ է, քան երևակայում էի ճանապարհին։ Կալանավորները, թեև կալանդներով, ազատ շրջում էին ամբողջ բանտում, կռվշտում էին, երգեր երգում, իրենց համար գործ անում, ծխամորճեր ծխում, խմիչք օգտագործում (թեև շատ քչերը), իսկ գիշերը ոմանք թղթախաղն էին սկսում։ Բուն աշխատանքն, օրինակ, ինձ թվաց ամենևին ոչ ծանր տաժանակիր, և սոսկ շատ հետո կռահեցի, որ այդ աշխատանքի ծանրությունն ու տաժանակրությունը ոչ այնքան դժվարության և անդադարության մեջ են, որքան որ դա հարկադրական է, պարտադիր, մահակի տակ։ Դրսում մուժիկն աշխատում է թերևս անհամեմատ ավելի, երբեմն նույնիսկ գիշերները, հատկապես ամռանը, բայց նա աշխատում է իր համար, բանում է խելամիտ նպատակով, և նրա համար անհամեմատ դյուրին է, քան տաժանապարտին՝ հարկադիր և իր համար միանգամայն անօգուտ աշխատանքում։ Մի անգամ մտքովս անցավ, որ եթե կամենային լիովին ճզմել, ոչնչացնել մարդուն, ամենասարսափելի պատիժը տալ նրան այնպես, որ ա մենազարհուրելի մարդասպանը սարսռար նման պատժից և վախենար դրանից նախապես, ապա հարկ կլիներ միայն այդ աշխատանքին տալ կատարելապես, բացարձակապես անօգտակարության և անիմաստության բնույթ։ Եթե ներկայիս տաժանակիր աշխատանքը թե անհետաքրքիր, թե ձանձրալի է տաժանապարտի համար, ապա ինքնըստինքյան, որպես աշխատանք, խելամիտ է. կալանավորն աղյուս է կտրում, հող է փորում, սվաղ է անում, կառուցում։ Այդ աշխատանքի մեջ իմաստ և նպատակ կա։ Տաժանապարտ աշխատողը երբեմն նույնիսկ հափշատկվում է գործով, ուզում աշխատել ավելի հմտորեն, կարգին, ավելի լավ։ Բայց եթե ստիպես նրան, օրինակ, ջուրը մի տակառից լցնել մյուսը, մյուսից՝ առաջինը, ավազ ծեծել, մի տեղից հող կրել մյուսն ու ետ տանել, կարծում եմ, կալանավորը կկախվեր մի քանի օր անց կամ հազար ու մի հանցանք կգործեր, որ գոնե մեռնի, բայց պրծնի այդպիսի ստորասումից, ամոթից և տանջանքից։ Անշուշտ, այդպիսի տանջանքը կվերածվեր կտտանքի, վրեժխնդրության և կդառնար անիմաստ, քանի որ ոչ մի ողջամիտ նպատակ չէր ունենա։ Բայց քանի որ նման կտտանքի, անիմաստության, ստորացման և ամոթի մի մաս անպայման կա ամեն տեսակ հարկադրյալ աշխատանքի մեջ, ապա և տաժանակիր աշխատանքն անհամեմատ տանջալի է ամենայն ազատ գործից հենց նրանով, որ հարկադրյալ է։
Իմիջիայլոց, ես բանտ մտա ձմռանը, դեկտեմբեր ամսին ու դեռևս պատկերացում չունեի ամառային, հնգապատիկ ծանր աշխատանքի մասին։ Իսկ ձմռանը մեր բերդում բանտային աշխատանքներն ընդհանրապես քիչ էին։ Կալանավորները գնում էին Իրտըյչ՝ պետական հնացած նավակները կոտրատելու, աշխատում էին արհեստանոցներում, պետական շենքերի մոտ բքերից կիտված ձյունն էին մաքրում, ալաբաստր թրծում ու մանրում և այլն, և այլն։ Ձմռան օրը կարճ, գործը շուտ էր վերջանում, և մերոնք բանտ էին վերադառնում, ուր համարյա անելիք չկար, եթե որևիցե սեփական գործ չլիներ։ Բայց դրանով զբաղվում էր կալանավորների գուցեև մեկ երրորդը միայն, իսկ մյուսները ջուր էին ծեծում, անհարկի թափառում բանտի բոլոր սենյակներում, կռվշտում, միմյանց մեջ խարդավանքներ, պատմություններ սարքում, խմում, երբ քիչումիչ փող էր ընկնում ձեռքները։ Գիշերները թղթախաղով տարվում էին վերջին շապիկը, և այդ ամենն անձկությունից, պարապ֊սարապությունից, անգործությունից։ Հետագայում ես հասկացա, որ բացի ազատազրկումից, բացի հարկադիր աշխատանքից, տաժանապարտ կյանքում ևս մի տանջանք կա, մյուս բոլորից համարյա թե ուժեղագույնը։ Դա հարկադրված ընդհանուր համակեցությունն է։ Ընգհանուր համակեցություն, հարկավ, ուրիշ տեղերում էլ կա, բայց դե, բանտ են գալիս այնպիսի մարդիկ, որ ոչ ամեն մեկը կկամենա համատեղ ապրել նրանց հետ, և ես վստահ եմ, որ յուրաքանչյուր տաժանապարտ զգում էր այդ տանջանքը, թեև իհարկե, մեծ մասամբ անգիտակցաբար։
Ուտելիքը նույնպես ինձ բավականաչափ թվաց։ Կալանավորները հավատացնում էին, որ նման բան չկա եվրոպական Ռուսաստանի կալանավորական վաշտերում։ Այդ մասին դատել չեմ ուզում՝ այնտեղ չեմ եղել։ Բացի դրանից, շատերը հնարավորություն ունեին սեփական ուտելիքն ունենալ։ Տավարի միսը մեզ մոտ արժեր ֆունտը մի գռոշ, ամռանը երեք կոպեկ։ Բայց սեփական ուտելիք պահում էին միայն նրանք, ում մոտ մշտապես փող էր լինում, իսկ կալանատեղի մեծամասնությունը պետականն էր ուտում։ Իմիջիայլոց, պարծենալով իրենց ուտելիքով, կալանավորները խոսում էին միայն հացի մասին և օրհնում հենց այն, որ հացը մեզ մոտ ընդհանուր էր և ոչ թե քաշով էին տալիս։ Վերջինը նրանց սարսափեցնում էր․ քաշով բաժանելու դեպքում, մեկ երրորդը քաղցած կմնար, իսկ խմբական՝ բոլորին հերիքում էր։ Մեր հացը մի տեսակ հատկապես համեղ էր ու դրանով հռչակված էր քաղաքում։ Դա վերագրում էին բանտի փռերի հաջող շինվածքին։ Իսկ շչին շատ էր ջրիկ։ Եփվում էր ընդհանուր կաթսայում, մի քիչ ձավար էին լցնում, և սովորական օրերին ավելի ջրիկ էր, անյուղ։ Ինձ սարսափեցնում էր շչիի մեջ ուտիճների վիթխարի քանակությունը։ Իսկ կալանավորները ոչ մի ուշադրություն չէին դարձնում։
Առաջին երեք օրը աշխատանքի չգնացի, այդպես էր ամեն նոր տեղ հասածի՝ համար թողնում էին հանգստանալ ճանապարհից։ Բայց հենց հաջորդ օրը ստիպված էի դուրս գալ բանտից՝ կալանդները վերակոփելու համար։ Իմ կալանդները համազգեստային չէին, այլ՝ օղավոր, «զրնգապակաս»՝ ինչպես անվանում էին կալանավորները։ Դրանք դրսից էին հագցվում։ Իսկ բանտային, համազգեստային, աշխատելուն հարմարեցված կալանդները ոչ թե օղերից էին կազմված, այլ երկաթյա, համարյա մատի հաստության չորս ձողերից, իրար միացված երեք օղակներով։ Դա կարելի էր հագնել շալվարի տակից։ Մեջտեղի օղակին գոտի էր կապվում, որն իր հերթին ամրացվում էր ուղղակի շապկի վրայից կապվող մեջքագոտուն։
Հիշում եմ իմ առաջին առավոտը բանտասենյակում։ Կորդեգարդիայում, բանտի դարպասի մոտ, թմբուկը լուսաբաց զարկեց, և մի տասը րոպե անց պահախմբի ենթասպան սկսեց բացել բանտասենյակները։ Սկսեցին արթնանալ։ Վեցանոց ճարպամոմի աղոտ լույսի տակ ելնում էին կալանավորներն իրենց թախտաշարերից, ցրտից սրթսրթալով։ Մեծ մասը լուռ ու մռայլ էր՝ քնից հետո։ Հորանջում էին, ձգմգվում, կնճռոտում խարանված ճակատները։ Ոմանք խաչակնքվում էին, մյուսները արդեն սկսում կռվշտել։ Ահավոր հեղձուկ էր։ Ձմեռային թարմ օդը դռնից ներս խուժեց՝ հենց բացեցին, և գոլորշու գնդերով սփռվեց սենյակում։ Ջրի դույլերի մոտ խռնվեցին կալանավորները, հերթով վերցնում էին շերեփը, ջուր առնում բերանը և ձեռք ու երես լվանում բերանի ջրով։ Ջուրը երեկոլից հավաքում էր պառաշավորը։ Ամեն սենյակում, ըստ կանոնագրքի, արտելի ընտրած մի կալանավոր կար, սենյակում սպասավորություն անելու համար։ Նրան կոչում էին պառաշավոր, և նա աշխատանքի չէր գնում։ Նրա գործն էր հետևել բանտասենյակի մաքրությանը, թախտաշարերը և հատակը լվալ ու քերել, գիշերամանը տանել, դատարկել ու բերել, երկու դույլ թարմ ջուր կրել, առավոտյան լվացվելու, ցերեկը՝ խմելու համար։ Շերեփի պատճառով, որը մի հատ էր, անմիջապես վեճեր էին սկսվում։
― Ո՜ւր ես խցկվում, նախշած ճակատ,— փնթփնթում էր մռայլադեմ ու բարձրահասակ մի կալանավոր, չորչորուկ ու թխամաշկ, մի տեսակ տարօրինակ ուռուցքներով՝ ածիլած գանգին, հրմշտելով մյուսին հաստլիկ ու կարճլիկ, զվարթ ու կարմրերես կալանավորին,— համբերի։
― Ի՛նչ ես գոռում։ Համբերանքի համար մեզ մոտ փող են տալիս։ Ինքդ թոզ գնա։ Մոնումենտիս տեսեք։ Ասել կուզեմ, ախպերներ, որ նրա մեջ ոչ մի ֆարտիկուլտյապ էլ չկա։
«Ֆարտիկուլտյապը» որոշ տպավորություն գործեց, շատերր ծիծաղեցին։ Հենց դա էլ պետք էր զվարթ հաստլիկին, որն ակներևաբար, կամավոր ծաղրածուի պես մի բան էր բանտասենյակում։ Բարձրահասակ կալանավորը նրան նայեց խորագույն արհամարհանքով։
― Կոլոտ կովի մեկը,— մրթմրթաց նա, կարծես ինքն իրեն,— տես է, վիզն է հաստացրել բանտի մաքուր հացով։ Ուրախ է, որ թաթախմանը տասներկու խոճկոր են բերելու։
Հաստլիկը վերջապես բարկացավ։
― Ախր, տեսնեմ դու էդ ի՞նչ թռչուն ես,— բղավեց նա հանկարծ, կամրատակած։
― Ո՞նց թե ինչ թռչուն։
― Ի՞նչ տեսակ։
― Էդ տեսակ։
― Էդ ի՞նչ տեսակ։
― Էդպիսի մի խոսք կա։
― Ի՞նչ խոսք։
Երկուսն էլ աչքերը չռեցին իրար վրա։ Հաստլիկը պատասխանի էր սպասում և սեղմել էր բռունցքները, ասես ուզում էր տեղնուտեղը կռվի նետվել։ Ես իսկապես կարծում էի, թե կռիվ է լինելու։ Ինձ համար այդ ամենը նորություն էր և նայում էի հետաքրքությամբ։ Սակայն հետագայում իմացա, որ նման տեսարանները չափազանց անմեղ են և խաղարկվում են, ինչպես կատակերգության մեջ, ընդհանուր հաճույքի համար։ Իսկ բանը կռվի չէր հասնում համարյա երբեք։ Այդ ամենը խիստ բնորոշական էր և պատկերում էր բանտի բարքերր։
Բարձրահասակ կալանավորը կանգնած էր հանգիստ և ծանրումեծ։ Նա զգում էր, որ իրեն են նայում և սպասում՝ կխայտառակվի՞, արդյոք, իր պատասխանով, թե՝ ոչ, որ հարկ է պաշտպանել իրեն, ապացուցել, որ ինքն իսկապես թռչուն է և ցույց տալ, թե հատկապես ինչ թռչուն։ Անպատմելի արհամարհանքով նա խեթեց հակառակորդին, ջանալով առավել վիրավորելու համար նրան նայել մի տեսակ ուսի վրայով, վերից վար, ասես զննում է նրան, որպես մի մժեղի, և դանդաղ ու հստակ արտաբերեց.
― Կագան...
Այսինքն, թե ինքը, կագան թռչուն է։ Քրքիջի հուժկու թնդյուն ողջունեց կալանավորի հնարամտությունը։
― Սրիկա ես դու, ոչ թե կագան,— ոռնաց հաստլիկը՝ զգալով, որ շշպռվել է բոլոր առումներով, ծայրաստիճան կատաղած։
Բայց հենց վեճը լրջացավ, կռվազաններին անմիջապես զսպեցին։
― Ինչ ղժղժացիք,— նրանց վրա գոռաց ամբողջ բանտասենյակը։
― Ավելի լավ կանեք իրար տաք, քան կոկորդ պատռեք,— բղավեց մեկն անկյան ետևից։
― Չէ հա, իրար տան,— հնչեց ի պատասխան։— Մերոնք անվախ ու կռվարար ժողովուրդ են, յոթ հոգով մեկից չենք վախենում...
― Երկուսն էլ իրար արժեն։ Մեկը մի ֆունտ հացի համար է բանտ ընկել, էն մեկն էլ՝ կճուճի անառակ, մի կնկա մածունն է կերել, դրա համար էլ ճիպտածեծ եղել։
― Դե, դե, դե, վերջացրեք,— բղավեց վետերանը, որը կարգուկանոնի համար ապրում էր բանտասենյակում և քնում անկյունում հատուկ մահճակալի վրա։
― Պըրծ, տղերք։ Նեվալիդ Պետրովիչը զարթնեց։ Նեվալիդ Պետրովիչին, մեր հարազատ ախպորը՝ բարիլուս։
― Ախպե՜ր... Ես քեզ ի՞նչ ախպեր։ Իրար հետ մի ռուբլու բան չենք խմել, ու հանկարծ՝ ախպեր,— մրթմրթաց վետերանը, շինելը վրան քաշելով թեքերից...
Պատրաստվում էին ներկա֊բացակայի։ Սկսել էր լուսանալ։ Խոհանոցում հոծ բազմություն էր հավաքվել, անցնելու տեղ չկար։ Կալանավորներն, իրենց կիսամուշտակներով և երկկտոր գլխարկներով, խռնվել էին հացի մոտ, որը նրանց համար կտրատում էր խոհարարներից մեկը։ Խոհարարներն ընտրվում էին արտելի կողմից, ամեն խոհանոցում երկու հոգի։ Նրանց մոտ էր պահվում նաև խոհանոցի դանակը՝ հաց ու միս կտրատելու համար, ամբողջ խոհանոցում՝ մի հատ։
Բոլոր անկյուններում և սեղանների մոտ տեղավորվել էին կալանավորները՝ գլխարկներով, գոտկատեղերը կապած կիսամուշտակներով, պատրաստ հիմա աշխատանքի գնալու։ Մի քանիսի առաջ փայտյա ամաններ կային՝ կվասով։ Հացը մանրում էին կվասի մեջ ու խպշտում։ Աղմուկ-աղաղակն անտանելի էր, բայց մի քանիսը խելամտորեն ու անաղմուկ զրուցում էին անկյուններում։
― Հալիվոր Անտոնիչին աղուհացով բարաջողում,— ասաց ջահել մի կալանավոր, տեղ անելով ու նստելով խոժոռված ու անատամ կալանավորի կողքին։
― Է, բարաջողում, թե հանաքի չես տալի,— պատասխանեց մյուսը, աչքերը բարձրացնելով և ջանալով ծամծմել հացն ատամնազուրկ լնդերով։
― Անտոնիչ, բայց ախր ես կարծում էի, թե մեռել ես, ճիշտ որ։
― Ջէ, աջաջուց դու մեռի, հետո՝ ես...
Նստեցի նրանց մոտ։ Ինձնից աջ զրուցում էին երկու լրջադեմ կալանավոր, ջանալով մեկը մյուսի առաջ պահպանել իր կարևորությունը։
― Իմ մոտից չիլնի, որ գողանան,— ասում էր մեկը,— ախպերս, ինքս եմ վախում, որ հանկարծ մի բան չթռցնեմ։
― Հա, ինձնից էլ հեռու մնա, կդաղեմ։
― Ինչ դաղել, ինչ բան։ Մեզ պես բռնավոր ես, ուրիշ անուն չկա մեզ... Քեզ կկլպի, բարև էլ չի տա։ Էստեղ իմ կոպեկն էլ չքվեց, ախպերս։ Օր առաջ ինքն իր ոտով էր եկել։ Ի՞նչ անեի։ Դահիճ Ֆեդկայից սկսեցի խնդրել, նրա տունը ֆորշտադտում էր, քոսոտ Սոլոմոնից էր առել, ջհուդից, որ հետո խեղդվեց...
― Գիտեմ։ Մեզ մոտ երեք տարի օղի ծախող էր, մականունն էլ՝ Գրիշկա Մութ գինետուն։ Գիտեմ։
― Բան էլ չգիտես։ Մութ գինետունն ուրիշ էր։
― Ո՞նց թե ուրիշ։ Ուրեմն, լավ չգիտես։ Ես քեզ էնքան իմացող բերեմ որ...
― Կբերես։ Դո՞ւ ով, ես՝ ով։
― Ով։ Քեզ ծեծել էլ եմ, գլուխ չեմ գովում, թե չէ՝ դո՜ւ ով․․․
― Ծեծե՜լ ես։ Ինձ ծեծողը հլա չի ծնվել, ով էլ ձեռ է բարձրացրել, հողի տակ պառկած է։
― Բենդերի ժանտախտ։
― Սիբիրի ցավ գա վրեդ։
― Թուրքի թրի տակ ընկնես...
Ու ձգվեց֊գնաց կռվշտոցը։
― Դե՛֊դե՛֊դե՛։ Ձենները գլուխները գցին,— բղավեցին չորս կողմից։— Դրսում չեն կարացել ապրել, ուրախ են, որ էստեղ ցորենի մաքուր հաց է ընկել ձեռները...
Տեղնուտեղը կհանգստացնեն։ Կռվշտել, լեզվակռիվ տալ թույլ է տրվում։ Մասամբ դա զբաղմունք է բոլորի համար։ Բայց միշտ չեն թողնի, որ բանը ծեծուկռվի հասնի, միայն բացառիկ դեպքերում կծեծվեն ախոյանները։ Կռվի մասին կմատնեն մայորին, կսկսվեն փնտրտուքները, ինքը մայորը կգա, մի խոսքով, բոլորի համար էլ վատ կլինի։ Դրա համար էլ չեն թողնի ծեծվեն։ Ասենք, ախոյանների լեզվակռիվն էլ ավելի շատ զբաղմունքի համար էր, խոսքի վարժանք։ Հաճախ իրենք իրենց են խաբում, սկսում են ահավոր եռանդով, կատաղությամբ... կարծում ես, ուր որ է, կհարձակվեն իրար վրա, բայց ամենևի՛ն՝ կհասնեն մի հայտնի կետի և իսկույն կբաժանվեն։ Այդ ամենն ինձ չափազանց զարմացրել էր սկզբում։ Դիտավորյալ մեջբերեցի բանտային ամենասովորական խոսակցություններից մի օրինակ։ Սկզբում չէի կարողանում պատկերացնել, թե ինչպե՞ս կարելի է կռվշտել հաճույքից՝ դրա մեջ գտնելով զվարճանք, սրտամոտ վարժանք, դուրեկան բան։ Ի դեպ, պետք չէ մոռանալ նաև սնափառությունը։ Դիալեկտիկ֊կռվշտողը հարգանք էր վայելում։ Սոսկ չէին ծափահարում նրան, ինչպես դերասանին։
Դեռ երեկ երեկոյից նկատել էի, որ ինձ խեթ են նայում։
Արդեն բռնել էի մի քանի մռայլ հայացք։ Հակառակը, ուրիշ կալանավորներ չուրջս պատվում էին, կասկածելով, թե հետս փող եմ բերել։ Անմիջապես սկսեցին ծառայություններ անել, սովորեցրին ինչպես կրեմ նոր կալանդները, ինձ համար, իհարկե փողով, մի փոքր սնդուկ գտան՝ փակով, որ դրա մեջ պահեմ արդեն ինձ տված բանտային իրերը և մի քանի ձեռք սպիտակեղենը, որ հետս էի բերել բանտ։ Հաջորդ իսկ օրը դրանք գողացան ինձնից ու խմելու տվին։ Նրանցից մեկը հետագայում դարձավ ինձ ամենանվիրված մարդը, թեև չէր դադարում գողանալ իրերս ամեն հարմար դեպքում։ Դա անում էր նվազագույնս չքաշվելով, համարյա անգիտակցաբար, կարծես պարտականությամբ, նրա վրա անհնար էր բարկանալ։
Իմիջիալյոց, նրանք սովորեցրին, որ պիտի իմ թեյն ունենամ, որ վատ չի լինի նաև թեյնիկ ձեռք բերել, իսկ առայժմ օգտագործելու բերեցին ուրիշինը և երաշխավորեցին մի խոհարարի, ասելով, որ ամիսը երեսուն կոպեկով ինձ համար կեփի ինչ ուզեմ, եթե կուզենամ հատուկ ուտել ու մթերք գնել ինձ համար... Անշուշտ, փող պարտք արեցին և յուրաքանչյուրն առաջին մեկ օրվա ընթացքում մի երեք անգամ եկավ՝ պարտք վերցնելու։
Նախկին ազնվականների վրա տաժանավայրում ընդհանրապես խոժոռ ու անբարյացակամ են նայում։
Չնայած, որ նրանք արդեն զրկված են իրենց կեցության իրավունքներից և լիովին հավասարեցված մնացած կալանավորներին, վերջիններս երբեք որպես ընկերներ չեն ընդունում նրանց։ Անկեղծորեն ընդունում էին մեզ որպես ազնվականներ, չնայած հենց իրենք էլ սիրում էին մեզ բարկացնել՝ մեր անկմամբ։
― Չէ, հերիք եղավ։ Առաջ էր, որ Պյոտրը Մոսկվան էր ոտատակ տալիս, հիմի էդ Պյոտրի ոտն իր հյուսած պարանին է փաթ գալիս,— և նման այլ սիրալիրություններ։
Նրանք սիրով էին հետևում մեր տառապանքներին, որոնք ջանում էինք ցույց չտալ նրանց։ Սկզբում առանձնապես տանջվում էինք գործատեղում, քանի որ նրանց ուժը չունեինք և չէինք կարողանում լիուլի օգնել նրանց։ Ավելի դժվար ոչինչ չկա, քան ժողովրդի վստահությունը շահելը (հատկապես այդպիսի ժողովրդի) և նրանց սերը վաստակելը։
Տաժանավայրում մի քանի հոգի կային ազնվականներից։ Նախ և առաջ, մի հինգ հոգի լեհ։ Նրանց մասին երբևէ կասեմ հատկապես։ Տաժանապարտներն անասելի չէին սիրում լեհերին, նույնիսկ ավելի, քան մյուս ազնվական աքսորյալներին։ Լեհերը (ես խոսում եմ քաղաքական հանցագործների մասին) իրենց պահում էին մի տեսակ նրբին, վիրավորական քաղաքավարությամբ, ծայրաստիճան անհաղորդակից էին և ոչ մի կերպ չէին կարողանում կալանավորներից թաքցնել իրենց նողկանքր նրանց հանդեպ, իսկ վերջիններս շատ լավ հասկանում էին դա և փոխադարձում համարժեք։
Ինձ պետք եկավ համարյա երկու տարի ապրել բանտում, որոշ տաժանապարտների բարեհաճությունը ձեռք բերելու համար։ Սակայն նրանց մեծ մասն ի վերջո սիրեց ինձ և ճանաչեց որպես «լավ» մարդ։
Ռուս ազնվականներից ևս չորս հոգի կային, ինձնից բացի։ Մեկը նսեմ ու ստոր արարած էր, ահավոր այլասերված, լրտես ու մատնիչ արհեստով։ Նրա մասին լսել էի դեռևս նախքան բանտ մտնելս և առաջին իսկ օրերից կտրեցի բոլոր տեսակի հարաբերությունները նրա հետ։ Մյուսը հենց այն հայրասպանն էր, ում մասին արդեն ասել եմ նոթերում։ Երրորդն Ակիմ Ակիմիչն էր, նրա նման խենթ հազվադեպ եմ տեսել։ Շատ հստակ է մնացել հիշողությանս մեջ։ Բարձրահասակ էր, լղարիկ, ցանցառամիտ, ահավոր անգրագետ, արտակարգ խրատամոլ և գերմանացու պես ճշտակատար։ Տաժանապարտները ծիծաղում էին նրա վրա, բայց մի քանիսը նույնիսկ վախենում էին գործ ունենալ նրա հետ՝ մանրախնդիր, պահանջկոտ ու կռվազան բնավորության համար։ Առաջին իսկ քայլից իրեն պահել էր մտերմավարի, կռվշտում էր նրանց հետ, նույնիսկ ծեծկռտվում։ Բացառիկ ազնիվ էր։ Անարդարություն նկատելուն պես իսկույն կխառնվեր, թեև իր գործը չլիներ։ Միամիտ էր ծայրաստիճան, օրինակ, կալանավորների հետ լեզվակռիվ տալիս, երբեմն կկշտամբեր դիմացիններին, որ գողեր են և լրջորեն կհամոզեր գողություն չանել։ Ծառայ ել էր Կովկասում, որպես պրապորշչիկ։ Մտերմացանք առաջին իսկ օրվանից, և նա տեղնուտեղը պատմեց իր գործը։ Սկսել էր հենց Կովկասում, նախ՝ որպես յունկեր, հետևակ գնդում, երկար ժամանակ լուծ քաշել, ի վերջո, սպա կարգվել, ուղարկվել ինչ֊որ ամրություն, որպես ավագ պետ։ Հարևան մի խաղաղ իշխանիկ հրդեհել էր նրա ամրոցը և գիշերային հարձակում գործել, որը չէր հաջողվել։ Ակիմիչը խորամանկել և ցույց չէր տվել անգամ, թե գիտե՝ ով է չարագործր։ Եղածը բարդեցին ոչ խաղաղների, իսկ մեկ ամիս անց Ակիմ Ակիմիչը բարեկամաբար հյուր կանչեց իշխանիկին։ Սա եկավ, ոչինչ չկասկածելով։ Ակիմ Ակիմիչը շարեց իր ջոկատը, բոլորին ի տես մերկացրեց և կշտամբեց իշխանիկին, ապացուցեց նրան, որ ամրոցներ կրակ տալն ամոթ է։ Հենց տեղում էլ շատ հանգամանալի խրատ կարդաց նրան, թե ինչպես պիտի իրեն պահի խաղաղ իշխանն առաջիկայում և ավարտին գնդակահարեց նրան, ինչի մասին հանգամանորեն զեկուցեց ղեկավարությանը՝ ամենայն մանրամասնությամբ։ Այդ ամենի համար նրան դատեցին, դատապարտեցին մահապատժի, սակայն մեղմեցին վճիռը և տասներկու տարով աքսորեցին Սիբիր, երկրորդ կարգի տաժանակրության, բերդերում։ Նա լիովին գիտակցում էր, որ սխալ է գործել, ասում էր ինձ, թե դա դիտեր և նախքան իշխանիկին գնդակահարելը գիտեր, որ խաղաղ մարդուն պետք էր դատել օրենքով, սակայն, չնայած գիտեր, կարծես ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ իր մեղքն իսկապես
― Բայց ողորմած եղեք։ Չէ որ նա հրդեհել էր իմ ամրոցը։ Ի՞նչ է դրա համար պիտի խոնարհվեի՞ նրա առաջ,— ասում էր ինձ, պատասխանելով առարկություններիս։
Բայց չնայած, որ կալանավորները խնդմնդում էին Ակիմ Ակիմիչի խենթությունների վրա, այնուամենայնիվ, հարգում էին նրան ճշտակատարության և հմտության համար։
Չկար մի արհեստ, որ չգիտենար Ակիմ Ակիմիչը։ Ատաղձագործ էր, կոշկակար, սոլկար, ներկարար, ոսկեջուր անող, փականագործ, և այդ ամենը սովորել էր արդեն տաժանավայրում։ Ամեն ինչ անում էր ինքնուս եղանակով, մի անգամ կնայեր ու կաներ։ Սարքում էր նաև զանազան արկղներ, զամբյուղներ, լապտերիկներ, մանկական խաղալիքներ ու վաճառում դրանք քաղաքում։ Այդպիսով, քիչումիչ փող ունենում էր և անմիջապես ծախսում ավելորդ ձեռք սպիտակեղենի, ավելի փափուկ բարձի վրա, ձեռք բերեց ծալովի ներքնակ։ Ինձ հետ նույն բանտասենյակում էր տեղավորվել, և տաժանակրությալ առաջին օրերին շատ ծառայություններ մատուցեց ինձ։
Բանտից գործի գնալիս, կալանավորները շարվում էին կորդեգարդիայի առաջ, երկու շարքով, կալանավորների առջևից և ետևից շարվում էին պահախմբի զինվորները՝ լցված զենքերով։ Հայտնվում էին՝ ինժեներական սպան, ավագ ենթասպան, ինժեներական մի քանի ստորին աստիճանավորներ, աշխատանքը հսկող պրիստավներ։ Ենթասպան հաշվում էր կալանավորներին և խումբ֊խումբ ուղարկում աշխատելու՝ ուր պետք էր։
Մյուսների հետ մեկտեղ գնացի ինժեներական արհեստանոց։ Քարաշեն ցածրիկ շինություն էր, զանազան նյութերով լցված աշխատաբակում։ Այստեղ էին դարբնոցը, փականադործական, ատաղձագործական, ներկարարական և ուրիշ արհեստանոցները։ Ակիմ Ակիմիչը գալիս էր այստեղ և աշխատում ներկարարանոցում, օլիֆ եփում, ներկերը խառնում և սեղաններին ու կահույքին տալիս ընկուզեփայտի տեսք։
Վերակոփմանը սպասելիս, խոսքի բռնվեցի Ակիմ Ակիմիչի հետ՝ բանտում իմ առաջին տպավորությունների մասին։
― Այ֊յո՛, ազնվականներին չեն սիրում,— նշեց նա,— հատկապես քաղաքականներին, ուրախությամբ կխժռեին, զարմանալի չէ։ Նախ և առաջ, դուք մի ուրիշ ժողովուրդ եք՝ իրենց ոչ նման, իսկ երկրորդը՝ նախկինում բոլորն էլ եղել են կամ կալվածատիրոջ ճորտեր, կամ զինվորական կոչումներովներինը։ Ինքներդ դատեք, կարո՞ղ են ձեզ սիրել։ Էստեղ, ձեզ ասեմ, ապրելը դժվար է։ Իսկ ռուսաստանյան կալանավորական վաշտերում ավելի է դժվար։ Մեզ մոտ կան էնտեղներից, մեր բանտով շատ են պարծենում, կարծես դժոխքից դրախտ են ընկել։ Ցավը գործը չէ։ Ասում են, էնտեղ, առաջին աստիճանի տակ, ղեկավարությունը լրիվ զինվորական է, համենայն դեպս֊ս, մեզ մոտից ուրիշ ձևով է վարվում֊մ։ Ասում են, էնտեղ աքսորվածը կարող է ապրել իր տնակում։ Ես չեմ եղել, էդպես ասում են։ Չեն թրաշում, մունդիրով չեն, որ ասենք, մեզ մոտ լավն էն֊ն է, որ մունդիրով են ու թրաշած։ Ինչ էլ ասես, կարգուկանոնը շատ է, աչ֊չքի համար էլ է դուրեկան։ Մենակ թե դա նրանց դուրը չի գալիս։ Տեսեք, թե ինչ թափ֊փթ֊թփուկներ են հավաքվել։ Մեկը կանտոնական է, մյուսը՝ չերքեզ, երրորդն՝ աղանդավոր, չորրորդն՝ ուղղափառ մուժիկ՝ ընտանիքը, սիրած երեխեքին տանը թողած, հինգերորդը՝ ջհուդ, վեցերորդը՝ գնչու, յոթերորդը՝ հայտնի չէ, թե ով, ու էդ բոլորը միասին պիտի յոլա գն֊նան՝ ինչ ուզում է լինի, իրար հետ հաշտ լինեն, մի ամանից ուտեն, մ֊մի թ֊թախտի վրա քնեն։ Ազատություն ասածդ էլ ինչ է՝ ավել պատառը կարող ես մենակ թաքուն ուտել, ամեն գռոշ սապոգիդ մեջ պահես, ու եղած֊չեղածն էն է, որ բանտ է ու բանտ... Ուզած֊չուզած, ախ֊խմախություն կլցվի գլուխդ։
Բայց դա արդեն գիտեի։ Հատկապես ուզում էի հարցուվարձ անել մեր մայորի մասին։ Ակիմ Ակիմիչը ծածկամտություն չէր անում, և հիշում եմ, տպավորությունս ամենևին դուրեկան չէր։
Սակայն դեռ երկու տարի ինձ վիճակված էր ապրել նրա ղեկավարության տակ։ Այն ամենն, ինչ նրա մասին պատմեց Ակիմ Ակիմիչը, միանգամայն իրավացի էր, այն տարբերությամբ սոսկ, որ իրականության տպավորությունը միշտ ավելի ուժեղ է, քան պարզ պատմության տպավորությունը։ Զարհուրելի էր այդ մարդը հենց այն պատճառով, որ նման մարդը պետ էր համարյա անսահմանափակ իշխանությամբ՝ երկու հարյուր հոգու վրա։ Ինքնըստինքյան, դա մի խառնիխուռն, չարահոգի մարդ էր, ուրիշ ոչինչ։ Կալանավորներին նայում էր որպես բնական թշնամիների, և դա նրա առաջին ու գլխավոր սխալն էր։ Իրապես, մի քանի ընդունակություն ուներ։ Սակայն ամեն բան, նույնիսկ լավը, նրա մեջ ներկայանում էր այդպիսի խեղաթյուրված տեսքով։ Անզուսպ, չարացած՝ նա բանտ էր խուժում երբեմն նույնիսկ գիշերով, իսկ եթե նկատեր, որ կալանավորը քնած է ձախ կողի վրա կամ բերանքսիվայր, ապա առավոտյան կպատժեր նրան. «Կքնես սջ կողիդ, ինչպես ես եմ հրամայել»։ Բանտում նրան ատում էին և վախենում, ինչպես ասես ժանտախտից։ Դեմքը կարմրատակած էր, չարացած։ Բոլորը գիտեին է որ նա իր սպասյակ Ֆեդկայի բռի մեջ է։ Իսկ ամենից շատ նա սիրում էր իր Տրեզորկա պուդել շանը և քիչ էր մնացել խելագարվեր, երբ շունը հիվանդացավ։ Ասում են, հեկեկում էր շան վրա, ինչպես հարազատ որդու։ Վռնդեց մի անասնաբույժի և, սովորության համաձայն, քիչ էր մնացել կռվեր հետը, և Ֆեդկայից լսելով, որ բանտում մի կալանավոր կա՝ ինքնուս անասնաբույժ, որը բուժում է արտակարգ հաջող, անմիջապես կանչել տվեց նրան.
― Փրկիր։ Քաշով մեկ ոսկի կտամ, բուժիր Տրեզորկային,— բղավեց նա կալանավորի վրա։
Սա մի սիբիրցի մուժիկ էր, խորամանկ, խելացի, իրոք, շատ հմուտ անասնաբույժ, բայց մուժիկ էր որ կար։
― Նայեցի էդ Տրեզոբկային,— հետագայում պատմում էր նա կալանավորներին, ի դեպ, մայորի մոտ գնալուց ահագին ժամանակ անց, երբ ամբողջ պատմությունը մոռացված էր արդեն,— տեսնեմ, պառկած է շունը բազմոցի վրա, սպիտակ բարձերին, ու տեսա, որ բորբոքում է, պետք էր արյուն քաշեի, ու կբուժվեր շունը, ճիշտ եմ ասում, բայց ինքս ինձ մտածեցի. «Իսկ ի՞նչ, որ չբուժ եմ, կսատկի, չէ՞»։ «Չէ, ասի, ձերդ բարձր բարեծնություն, ուշ եք կանչել, թե որ երեկ լիներ, կամ առաջին օրը, էս ժամին, կբուժեի, իսկ հիմա չեմ կարող, բուժել չի լինի...»։
Այդպես էլ սատկեց Տրեզորկան։
Ինձ մանրակրկիտ պատմեցին, ինչպես էին կամեցել սպանել մեր մայորին։ Բանտում մի կալանավոր կար։ Արդեն մի քանի տարի մեզ մոտ էր ապրում և աչքի էր ընկնում իր խոնարհ վարքով։ Նկատել էին նաև, որ երբեք չի խոսում ոչ մեկի հետ։ Այդպես էլ մի տեսակ կրոնախևի տեղ էին դրել նրան։ Գրագետ էր ու վերջին ամբողջ տարին Աստվածաշունչ էր կարդում մշտապես, գիշեր ու ցերեկ։ Երբ բոլորը քնում էին, կեսգիշերին վեր էր կենում, վառում եկեղեցական ճարպամոմը, բարձրանում վառարանի վրա, բացում գիրքն ու կարդում էր մինչև լույս։ Մի օր էլ գնաց ու հայտնեց ենթասպային, որ չի ուզում գործի գնալ։ Զեկուցեցին մայորին, սա փրփրեց և անմիջապես եկավ վազեվազ։ Կալանավորը նետվեց նրա վրա, նախապես մոտը պահած աղյուսով, սակայն վրիպեց։ Նրան բռնեցին, դատեցին և պատժեցին։ Ամեն ինչ կատարվեց շատ արագ։ Երեք օր անց նա մահացավ հիվանդանոցում։ Մեռնելիս ասել էր, որ ոչ մեկի դեմ ոխ չուներ, այլ ուզում էր սոսկ տառ պել։ Ի դեպ, ոչ մի հերձվածողական աղանդի չէր պատկանում։ Բանտում նրան հիշում էին հարգանքով։
Վերջապես ինձ վերակոփեցին։ Այդ ընթացքում արհեստանոցում, մեկը մյուսի ետևից, հայտնվեցին մի քանի կալաչ ծախող կանայք։ Նրանցից ոմանք լրիվ դեռատի աղջնակներ էին։ Մինչև հասուն տարիքը նրանք սովորաբար կալաչներով էին գալիս-գնում, մայրերը թխում էին, նրանք՝ վաճառում։ Հասունանալով, շարունակում էին գալ, բայց առանց կալաչի արդեն՝ միշտ այդպես էր լինում։ Կային և ոչ աղջնակներ։ Կալաչը մի գռոշ արժեր և համարյա բոլոր կալանավորները գնում էին։
Ես նկատեցի մի կալանավորի՝ ատաղձագործ էր, արդեն ալեխառն մազերով, սակայն կարմրաթուշ և սիլի-բիլի էր անում կալաչ ծախողների հետ։ Նրանց գալուց հենց առաջ նոր ալ-կարմիր թաշկինակ էր փաթաթել վզին։ Թխամաշկ և կատարելապես ծաղկատար դեմքով մի կնիկ նրա դազգահի վրա դրեց իր վաճառատուփը։ Նրանց միջև իսկույն խոսակցություն սկսվեց։
― Էդ ինչի՞ երեկ չեկաք էստեղ,— հարցրեց կալանավորն ինքնագոհ ժպիտով
― Ասեմ։ Ես եկել էի, բայց ձեր իզութոզը չկար,— պատասխանեց ժիր կնիկը։
― Մեզ կանչեցին, թե չէ անպատճառ տեղում կլինեինք... Բայց ինձ մոտ երեկ չէ մեկել օրը ձերոնք լրիվ եկան։
― Էդ ո՞վ ու ո՞վ։
― Մարյաշկան էր եկել, Խավրոշկան էր եկել, Չեկունդա՛ն էր եկել, Երկգռոշանոցն էր եկել...
― Սա ի՞նչ բան է,— հարցրի Ակիմ Ակիմիչին,— մի՞թե...
― Լինում է,— պատասխանեց նա, ամոթխած իջեցնելով աչքերը, քանի որ արտակարգ ողջախոհ մարդ էր։
Իհարկե, դա լինում էր, բայց շատ հազվադեպ և մեծագույն դժվարություններով։ Ընդհանրապես, ավելի շատ ցանկացողներ կային, օրինակ, փողը խմելու տալու, քան նման գործի համար, չնայած հարկադրյալ կյանքի համակ բնական ծանրությանը։ Կին ձեռ գցելը դժվար էր։ Պետք էր ժամանակն ընտրել, տեղ գտնել, պայմանավորվել, ժամադրություններ նշանակել, առանձնացած տեղ որոնել, ինչն հատկապես դժվար էր համաձայնեցնել պահապաններին, ինչն ավելի դժվար էր, և ընդհանրապես՝ ահագին փող ծախսել՝ եթե համեմատաբար դատենք։ Բայց և այնպես, ինձ հաջողվեց հետագայում, երբեմն վկա լինել նաև սիրային տեսարանների։ Հիշում եմ, մի անգամ ամռանը երեքով էինք ինչ֊որ մարագում, Իրտըյշի ափին, ինչ-որ թրծող վառարան էինք կարգի գցում։ Պահակները բարեսիրտ մարդիկ էին։ Վերջապես, հայտնվեցին երկու «սուֆլյոր», ինչպես անվանում են նրանց կալանավորները։
― Հը՞, էս ո՞ւր էիք մնացել։ Վայ թե Զվերկովների մո՞տ,— դիմավորեց վաղուց սպասող կալանավորը, ում մոտ եկել էին նրանք։
― Էդ ե՞ս էի նստել-մնացել։ Էդ երեկ էի ճյուղին թառած կաչաղակից շատ վեր ընկել էնտեղ,— զվարթ պատասխանեց աղջիկը։
Ամենաանմաքուր աղջիկն էր աշխարհում։ Հենց նա էր Չեկունդա՛ն։ Նրա հետ էր եկել նաև Երկգռոշանոցը։ Սա արդեն դուրս էր որեէ նկարագրությունից։
― Ձեզ էլ վաղուց չենք հանդիպել,— շարունակեց կնամոլը, դիմելով Երկգռոշանոցին,— ինչի՞ եք էդքան նիհարել։
― Կարող է պատահի։ Առաջներում կարգին չաղ էի, հիմի է՝ ոնց որ ասեղ կուլ տված։
― Էլի զինվոր տղերքի մո՞տ։
― Չէ հա, էդ մեկը ձեզ չարալեզու մարդիկ են բստրել, բայց որ ասենք՝ հետո՞ ինչ։ Կող ու փոր չունենաս, զինվոր տղին կսիրես։
― Բաց թողեք դրանց ու մեզ սիրեք, մենք փող ունենք...
Ի լրումն տեսարանի, պատկերացրեք այդ կնամոլին՝ գլուխը խուզած, կալանդները ոտքերին, շերտավոր և պահախմբի հսկողության տակ։
Հրաժեշտ տվեցի Ակիմ Ակիմիչին և իմանալով, որ ինձ կարելի է բանտ վերադառնալ, ուղեկցորդ վերցրի ու գնացի տուն։ Ժողովուրդն արդեն հավաքվում էր։ Բոլորից շուտ գործից գալիս են կետարքով աշխատողները։ Կալանավորին աշխատել ստիպելու միակ միջոցը նրան կետարքով գործ հանձնարարելն է։ Երբեմն հսկայական կետարքներ են հանձնարարվում, բայց և այնպես դրանք ավարտվում են երկու անգամ ավելի շուտ, քան եթե ստիպեին աշխատել ընդհուպ մինչև ճաշի թմբկազարկը։ Վերջացնելով կետարքը, կալանավորն անարգել գնում է տուն, և ոչ ոք արդեն նրան չի կանգնեցնում։
Ճաշում են ոչ միասին, այլ ինչպես պատահի, ով շուտ եկավ, խոհանոցն էլ տեղ չէր անի բոլորին մեկտեղ։ Ես շչի փորձեցի, բայց սովոր չէի և չկերա, ինձ համար թեյ եփեցի։ Տեղավորվեցինք սեղանի ծայրին։ Մի ընկեր էլ կար հետս, ինձ պես, ազնվականներից։
Կալանավորները մտնում էին, դուրս գալիս։ Ի դեպ, դեռևս շատ տեղ կար, բոլորը չէին հավաքվել։ Հինգ հոգիանոց մի խումբ նստեց առանձին, մեծ սեղանի մոտ։ Խոհարարը նրանց երկուական բաժին շչի լցրեց ու սեղանին դրեց մի ամբողջ մատուցարան՝ տապակած ձկով։ Ինչ֊որ բան էին տոնում նրանք և ուտում էին իրենցը։ Մեզ խեթ֊խեթ էին նայում։ Ներս եկավ մի լեհ ու նստեց մեր կողքին։
― Տանը չեմ եղել, բայց ամեն ինչ գիտեմ,— բարձրաձայն բղավեց երկարահասակ մի կալանավոր, մտնելով խոհանոց և հայացքը սահեցնելով բոլոր ներկաների վրա։
Հիսուն տարեկան կլիներ, մկանուտ և չորչորուկ։ Դեմքին մի տեսակ խորամանկ, միաժամանակ զվարթ բան կար։ Առանձնապես նկատելի էր ներքևի հաստ, կախ շրթունքը, որը նրա դեմքին ինչ-որ արտակարգ ծիծաղելի արտահայտություն էր տալիս։
― Հա, շատ զիլ քնեցինք։ Ինչի՞ չեք բարև տալիս։ Հարգանք֊պատիվ մեր կուրսկեցիներին,— ավելացրեց նա, նստելով իրենց ճաշն արդեն վերջացնողների մոտ,— աղուհացով մնաք։ Դիմավորեք հյուրին։
― Ախպեր, ախր մենք կուրսկեցի չենք։
― Թե՞՝ տամբովցիներին։
― Տամբովցի էլ չենք։ Մեզնից օգտվելու բան չունես, ախպեր։ Գնա մի հարուստ մուժիկի մոտ, նրանից խնդրի։
― Ախպեր տղերք, էսօր փորս վեց֊վեց էլ է անում, յոթ-յոթ էլ։ Ձեր ասած էդ հարուստ մուժիկը որտե՞ղ է ապրում։
― Հրեն, Գազինը հարուստ մուժիկ է, նրա մոտ էլ գնա։
― Գազինն էսօր քեֆի մեջ է։ ՈւնԵցած֊չունեցածը խմելու է տալու։
― Մի քսան հատ մանեթնոց կա,— նշեց մյուսը։— Ձեռնտու գործ է օղի ծախելը։
― Ուրեմն, ի՞նչ, հյուր չեք ընդունում։ Էհ, պետականն էլ հուպ կտանք։
― Դու լավ կանես, գնաս թեյ ուզես։ Հրեն, խմում են ունևորները։
― Ի՞նչ ունևոր, էստեղ ունևոր չկա, նույնն են, ինչ ամենքս,— մռայլ մրթմրթաց անկյունում նստած մի կալանավոր։ Մինչ այժմ ոչ մի բառ չէր արտասանել։
― Մի բոլ թեյ կխմեի, մենակ թե խնդրելն ամոթ է՝ գոռոզ մարդիկ ենք,— նշեց հաստաշուրթ կալանավորը, բարեհոգաբար մեզ նայելով։
― Եթե ուզում եք, ես կտամ,— ասացի, հրավիրելով կալանավորին,— կուզե՞ք։
― Կուզե՞մ։ Էն էլ ոնց կուզեմ։— Նա մոտեցավ սեղանին։
― Տես է, տանը շչին ձեռով էր խպշտում, էստեղ թեյի գինն էլ իմացավ, պարոնների խմելիքն է սրտովը,— բռբռաց մռայլ կալանավորը։
― Մի՞թե այստեղ ոչ ոք թեյ չի խմում,— հարցրեցի նրան, սակայն պատասխանի չարժանացրեց։
― Ըհը, կալաչներն էլ բերին։ Ուրեմն, կալաչիկի էլ արժանացրեք։
Ներս բերին կալաչները։ Երիտասարդ մի կալանավոր լրիվ կապուկ էր բերել ու վաճառում էր բանտի ներսում։ Կալաչ ծախող կինը նրան էր թողնում ամեն տասներորդ կալաչը, հենց դա էլ կալանավորի ուզածն էր։
― Կալա՜չ, կալա՜չ,— բղավեց նա, խոհանոց մտնելով,— մոսկվայական, տաք֊տաք։ Ինքս կուտեի, բայց փողով է։ Դե, տղերք, մնաց վերջինը, ո՞րդ է ծնողի զավակ։
Ծնողական սիրուն ուղղված այդ կոչը զվարճացրեց ամենքին, և մի քանի հատ վերցրին նրանից։
― Ի՞նչ անեմ, տղերք,— ասաց նա,— ախր, մեր Գազինն էսօր քեֆը փորձանք է սարքելու գլխին։ Աստված վկա։ Քեֆի ժամանակ է գտել։ Մեկ էլ տեսար, ութաչքանին եկավ։
― Կթաքցնեն։ Իսկ ինչ է, լավ հարբա՞ծ է։
― Էլ ո՜ւր։ Ջղայնացած, կպչում է սրան֊նրան։
― Ուրեմն, մինչև քոթակ ուտելը քեֆ կքաշի...
― Այդ ո՞ւմ մասին են խոսում,— հարցրի կողքս նստած լեհից։
― Գազինի, կալանավոր է։ Այստեղ օղի է վաճառում։ Հենց փող հավաքեց, տեղնուտեղը խմելու է տալիս։ Դաժան ու չար մարդ է, չնայած լուրջ ժամանակ հանգիստ է, բայց հենց հարբեց, ամեն ինչ երևան է գալիս, վրա է պրծնում մարդկանց դանակով։ Այստեղ արդեն նրան հանգստացնում են։
― Իսկ ինչպե՞ս են հանգստացնում։
― Վրա են հասնում մի տասը կալանավորով ու սկսում շատ վատ ծեծել, այնքան ժամանակ, մինչև, կորցնի բոլոր զգացողությունները, այսինքն՝ կիսամեռ են անում։ Այդ ժամանակ պառկեցնում են թախտաշարին ու ծածկում կիսամուշտակով։
― Բայց չէ որ կարող է սպանեն։
― Ուրիշը լիներ, կսպանեին, բայց նրան չէ։ Ահավոր ուժեղ է, նրանից ավելի ուժեղ բանտում չկա, ու պինդ կազմվածք ունի։ Հաջորդ առավոտ վեր է կենում լրիվ ողջ ու առողջ։
― Ասացեք, խնդրեմ,— շարունակեցի հարցուփորձ անել լեհին,— չէ որ նրանք էլ են իրենց ուտելիքն ուտում, իսկ ես թեյ եմ խմում։ Այնինչ, նրանք նայում են, կարծես նախանձում են այդ թեյին։ Սա ի՞նչ է նշանակում։
― Դա թեյի համար չէ,— պատասխանեց լեհը։— Նրանք չարանում են ձեզ վրա, որովհետև ազնվական եք և նման չեք իրենց։ Նրանցից շատերը կկամենային կպչել ձեզնից։ Շատ կուզեին ձեզ վիրավորել, նսեմացնել։ Դեռ շատ տհաճ բաներ կտեսնեք այստեղ։ Այստեղ ահավոր ծանր է բոլորիս համար։ Ամենքից ծանրը մեզ համար է բոլոր առումներով։ Բավական շատ անտարբերություն է պետք՝ դրան վարժվելու համար։ Դուք դեռ շատ տհաճությունների և կռվշտոցի կհանդիպեք թեյի և հատուկ սննդի համար, չնայած, որ այստեղ շատերր և շատ հաճախ իրենց պարենն են ուտում, ոմանք էլ մշտապես թեյ են խմում։ Նրանց կարելի է, մեզ՝ ոչ։
Ասելով սա, նա վեր ելավ ու հեռացավ սեղանից։ Մի քանի րոպե անց կատարվեցին նաև նրա խոսքերը։
Առաջին տպավորություններ
Առաջին տպավորություններ
Առաջին ամիսը
Առաջին ամիսը
Նոր ծանոթություններ։ Պետրովը
Վճռական մարդիկ։ Լուչկան
Իսայ Ֆոմիչը։ Բաղնիք։ Բակլուչինի պատմածը
Քրիստոսի ծննդյան տոնը
Ներկայացում
ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ
Հոսպիտալ
Շարունակությունը
Շարունակությունը
Ակուլկայի ամուսինը (պատմվածք)
Ամռան օրեր
Տաժանավայրի կենդանիները
Հայցապահանջ
Ընկերները
Փախուստ
Ելք տաժանակրությունից
Ծանոթագրություններ
- ↑ Սիբիրի հեռաստաններում․․․ ― Պատիժների մասին 1822 թ․ Օրենսգրքում, վերաբնակեցման աքսորը բաժանվում էր երկու կարգի՝ «հեռավորագույն վայրերում» (Արևելյան Սիբիր) և «ոչ այնքան հեռավոր վայրերում» (Արևմտյան Սիբիր և Անդրկովկաս)։
- ↑ ․․․ իսպրավնիկներ․․․ սուբալտերն աստիճանավորներ․․․ ― Իսպրավնիկը գավառական ոստիկանապետն է, ցարական բանակում սուբալտերն աստիճանավորներ էին կոչվում կրտսեր սպաները (գերմ․ Subaltern Offiziers), այստեղ՝ մասնր աստիճանավորներ։