Վերջին թարմացում 25 Փետրվարի 2013, 17:34

Հեղինակներ Ե

Լեոնիդ Ենգիբարյան

(1935 - 1972)




Ստեղծագործություններ

Դու, ես ու իմ տխրությունը

Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։
Մնում ենք միայն դու, ես ու իմ տխրությունը։
Ներիր, գիտեմ, որ ուզում էիր երկուսով լինենք այսօր, բայց ինձ հետ է իմ տխրությունը․․․
Ըհը՜, դու արդեն զայրանում ես, զանգել ես ուզում։ Հասկանում եմ։ Շտապ է։
Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։
Մնում ենք երկուսով, ես ու դու, իմ տխրություն։
թ․՝ Ս․ Պետրոսյան

Աղջնակին, որ թռչել գիտի

Միայն մի վախեցիր։ Քեզ երբեք ոչինչ չի պատահի, որովհետեւ դու երկու սիրտ ունես։
Եթե օդում մի վայրկյանով մեկը կանգ առնի, կողքից մյուսը կզարկի։
Դրանցից մեկը մայրդ է տվել քեզ։
Նա կարողացավ դա անել, որովհետեը տասնինը տարի առաջ կարողացավ սիրել, սիրել․․․ Մի ծիծաղիր, սիրելը բարդ է։
Իսկ երկրորդ սիրտդ տվել եմ ես։ Պահիր կրծքումդ իմ խենթ սիրտը։
Ու ոչնչից մի վախեցիր։
Նրանք կողք կողքի են, թե մեկը կանգ առնի, մյուսը կզարկի։
Միայն ինձ համար, մի անհանգստացիր, ինձ թեթեւ է քայլել գետնի վրայով,
դա հասկանալի է յուրաքանչյուրին։
Իմ սիրտը՝ քո կրծքում։
թ․՝ Ս․ Պետրոսյան

Չէ ու հա

Ես անդունդի եզրին եմ՝ «Ոչ»֊ի ու «Այո»֊ի արանքում։ Քո Ոչ֊ից ես իմ Այո֊ին եմ հասնում ցանկությունից, ամաչկոտությունից ու սիրուց հյուսված պարանով։ Այն ցնցվում է, ճոճվում, ու ինձ վրա կախված է Միայնությունը եւ Այո֊ն, որ այնքան գրավիչ ու մոտ էր թվում, հիմա անհասանելի է։
Բայց ես քայլում եմ, Հպարտությունը պահում է հավասարակշռությունս։
Նաեւ հին ու բարի Հույսի վալսը, որ հնչում է բարդ համարների կատարման ժամանակ, ինձ ուժ է տալիս։
Ես գալիս եմ․ փորձելով չնայել ներքեւ, ու չմտածել, որ հանկարծ, մինչ ես գալիս եմ դեպի քո Հա֊ն ինչ֊որ մեկը արդեն հասել է քեզ, օգտագործելով Բարեկեցության աստիճանը։
Ինձ գնալով ավելի ու ավելի բարդ է․ ճոճում է հուսահատության քամին, ու երբ այդ ճոճքը անտանելի է դառնում, դու անսպասելի գալիս ես ինձ ընդառաջ։
Ես գցում եմ ծանր ձողը, դու գրկում ես ինձ, ու մենք ընկնում, կամ էլ թռչում ենք՝ ինչ տարբերություն, պայծառ աստղերից մեկի վրա, որ օսոստոսյան գիշներների անսահմանությունում սպասում են մեզ վառված։
―Սիրելիս, ― ասում ես շոյելով մազերս, ― ինչպե՞ս կարելի էր այդպես ռիսկի դիմել։ Դու կարող էիր սայթաքե սարսափելի Միայնության մեջ։ Հիմարիկ, ինչի՞ համար էր այդ ամենը։
― Բայց դու ինքդ սկզբում ասացիր Չէ, ու ես ստիպված եղա ռիսկի դիմել։
― Մի՞թե ասել եմ, ― զարմացար դու, ― ինչ֊որ չեմ հիշում։
թ․՝ Ս․ Պետրոսյան

Մի քանի խոսք Երեւանի մասին

Մի անգամ, երբ աշունը իջնելով լեռներից քաղաքի փողոցները դարձրեց շագանակաոսկեգույն, քաղաք եկավ ծաղրածուն։
Չգիտեմ, գուցե նա սիրահարվեց երկարոտն ու թուխ աղջկան, կամ գուցե դա հեքիաթ է․․․
Բայց ճիշտ է, որ նա աչքերում աշնանային անձրեւները լի հեռացավ։
թ․՝ Ս․Պետրոսյան