Վերջին թարմացում 25 Փետրվարի 2013, 18:57

Ուխտագնացություն դեպի երկիր

Ուխտագնացություն դեպի երկիր

հեղինակ՝ Ռոբերտ Շեքլի
թարգմանիչ՝ Ջուլիետա Ղազարյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Ուխտագնացություն դեպի երկիր»

Ալֆրեդ Սայմոնը ծնվել էր Կազանգա 4-ում, Արկտուրից ոչ հեռու գտնվող գյուղատնտեսական մի ոչ մեծ մոլորակում, և այստեղ իր կոմբայնն էր վարում ցորենի արտերում, իսկ խաղաղ երեկոներին լսում էր Երկրի սիրային երգերի ձայնագրումները։

  Կյանքը վատ չէր Կազանգայում։

  Աղջիկներն այստեղ սիրունիկ էին, ուրախ, չէին կոտրատվում, հրաշալի ընկեր էին, կյանքի հավատարիմ ընկերուհի։ Եվ բնավ էլ ռոմանտիկներ չէին։ Զվարճանում էին Կազանգայում բացեիբաց, աշխույժ և կենսախինդ։ Սակայն, բացի զվարճանքից, ուրիշ բան չկար։

  Սայմոնն զգում էր, որ այդ հանգիստ գոյությունը իրեն չի բավարարում։ Եվ մի անգամ նա հասկացավ, թե հատկապես ի՛նչն է իրեն պակասում։

  Գրքերով բեռնված իր քրքրված տիեզերանավով Կազանգա եկավ մի վաճառական։ Նա շատ նիհար էր, ճեփ֊ճերմակ մազերով ու մի քիչ էլ ցնդած։

  Ի պատիվ նրա հանդիսություն սարքեցին, որովհետև հեռավոր աշխարհներում սիրում էին նորություններ։

  Վաճառականը պատմեց բոլոր վերջին նորությունները՝ Դետրոյտ II֊ի և Դետրոյտ III֊ի միջև գների համար մղվող պատերազմի, Ալանում կատարվող ձկնորսության մասին, պատմեց ինչ է հագնում Մորացիայի պրեզիդենտի կինը և ինչ ծիծաղելի են խոսում Դորան V֊ի մարդիկ։

  Եվ վերջապես ինչ-որ մեկը հարցրեց,

  — Պատմեք մեզ Երկրի մասին։

  — 0՛,— ասաց վաճառականը, վեր բարձրացնելով հոնքերը։— Դուք ուզում եք լսել մայր մոլորակի մասին։ Դեհ ինչ ասեմ, ամբողջ Տիեզերքում չկա մի այնպիսի տեղ, որը նման լինի ծերուկ Երկրին։ Երկրում, բարեկամներ, ամեն ինչ թույլատրելի է, ոչ մի արգելք չկա։

  — Ո՞չ մի,— հարցը կրկնեց Սայմոնը։

  — Նրանք այդ հաշվով իրենց օրենքներն ունեն,— քմծիծաղի տալով բացատրեց վաճառականը,— և մինչև հիմա ոչ ոք չի խախտել դրանք։ Երկրի վրա ամեն ինչ ուրիշ է, բարեկամներ։ Դուք մասնագիտանում եք գյուղատնտեսության գծով։ Իսկ Երկիրը մասնագիտանում է ամեն տեսակ անհեթեթությունների գծով խելահեղության, գեղեցկության, պատերազմի, արբեցման, անմեղության, սարսափի և այլն, ու մարդիկ տասնյակ լուսատարիներ ճանապարհ են գնում, որ դրանց համը տեսնեն..․

  — Նաև սիրո՞,— հարցրեց կանանցից մեկը։

  — Իհարկե, սիրելիս,— քնքշորեն ասաց վաճառականը,— Երկիրը միակ վայրն է Գալակտիկայում, որտեղ մինչև հիմա սերը գոյություն ունի։ Այ, Դետրոյտ II֊ը և Դետրոյտ III֊ը փորձեցին սերը տարածել իրենց մոտ, բայց տեսան, որ շատ թանկ բավականություն է։ Ալան մոլորակում որոշեցին չպղտորել մարդկանց մտքերը, իսկ Մորացիա և Ղորան ներմուծելու համար՝ ժամանակ չկար։ Բայց, ինչպես արդեն ասացի, Երկիրը մասնագիտանում է անհեթեթությունների գծով, և դրանք մեծ եկամուտներ են բերում։

  — Եկամուտնե՞ր,— կրկնեց մի հաստլիկ ագարակատեր։

  — Իհարկե։ Երկիրը զառամյալ մոլորակ է, նրա հողն ու ընդերքը ամբողջովին հյուծված են։ Գաղութները այժմ անկախություն են ձեռք բերել, այնտեղ ապրում են մեզ նման սթափ մարդիկ։ Նրանք ուզում են շահավետորեն ծախել իրենց ապրանքները։ Եվ հիմա էլ ինչ կարող է վաճառել զառամյալ Երկիրը, եթե ոչ դատարկ բաներ, հանուն որոնց արժե ապրել։

  — Իսկ դուք սիրե՞լ եք Երկրի վրա,— հարցրեց Սայմոնը։

  — Սիրել եմ,— մի տեսակ մռայլված պատասխանեց վաճառականը։— Սիրել եմ, իսկ հիմա ճանապարհորդում եմ։ Բարեկամներ, այս գրքերը... Սոսկալի թանկ գնով Սայմոնը ձեռք բերեց հնագույն պոեզիայի մի ժողովածու և, կարդալով, երազում էր լուսնի ստվերում կրքոտ ու խելահեղ սիրո մասին, ծովի ափին գրկախառնված մարմինների մասին, ալեբախության շաչյունից խլացած, խենթ սիրահարների չորացած շուրթերին խաղացող արևի վաղորդյան ճառագայթների մասին։

  Եվ սա հնարավոր է միայն Երկրում։ Որովհետև, ինչպես ասում էր վաճառականը, տիեզերքի տարբեր ծայրերը հասած Երկրի զավակները ստիպված են շատ աշխատել, որ մյուս մոլորակներին հարկադրեն գոյության միջոցներ տալ իրենց։ Կազանգայում աճեցնում են եգիպտացորեն և ցորեն, իսկ Դետրոյտ II֊ում և III֊ում՝ գործարաններ։ Ալանի ձկնորսությունը հռչակված է ողջ Հարավային աստղային գոտում։ Մորացիայում վխտում են վտանգավոր գազանները, իսկ Դորան V֊ի վայրի տարածությունները դեռևս նվաճված չեն։ Եվ ամեն ինչ այնպես է, ինչպես որ պիտի լիներ։

  Նոր աշխարհներում ապրում էին մանրակրկիտ կերպով ծրագրված, առաքինի, խստաբարո կյանքով։ Բայց ինչ-որ մի բան կորած էր տիեզերքի մեռյալ տարածություններում։ Սերը գոյություն ուներ միայն Երկրում։

  Ահա ինչու էր Սայմոնն աշխատում, փող հավաքում և երազում։ Եվ քսանինը տարեկանում նա վաճառեց ագարակը, մաքուր վերնաշապիկները դրեց ճամպրուկի մեջ, հագավ իր ամենալավ կոստյումն ու կոշիկները և հայտնվեց Կազանդա֊Մետրոպոլիա տիեզերաթիռում։

  Վերջապես հասավ Երկիր, որտեղ պետք է իրականանային նրա երազանքները, քանզի դա երաշխավորում էր օրենքը։

  Նյու Յորքի տիեզերակայանում Սայմոնը շատ արագ անցավ մաքսատնից և մերձքաղաքային ստորերկրյա գնացքով հասավ մինչև Թայմս֊սկվեր։ Այստեղ նա դուրս եկավ քաղաք, աչքերը կկոցելով արևի պայծառ լույսից և ամուր սեղմելով ճամպրուկի բռնակը, որովհետև նրան զգուշացրել էին գրպանահատների և այդ քաղաքի նմանատիպ այլ բնակիչների մասին։

  Շունչը պահած՝ նա զարմանքով նայում էր շուրջբոլորը։

  Առաջին բանը, որ ապշեցրեց նրան, երկու, երեք, չորս չափումներով բազմաթիվ ատրակցիոն հաստատություններն էին։ Եվ այն էլ ինչպիսի՜ ատրակցիոններ։

  Նրանից աջ գտնվող վիթխարի տաղավարի ցուցանակն ազդագարում էր. «Կանաչ դժոխքի բնակիչների սեքսուալ կյանքի փաստագրական կադրեր։ Ցնցող մերկացումներ»։

  Նա ուզեց ներս մտնել։ Սակայն փողոցի մյուս կողմում ցույց էին տալիս պատերազմական և արկածային ֆիլմեր։ Ռեկլամը ճչում էր. «Արեգակներ խժռողները։ Նվիրվում է տիեզերական տորմիղի կտրիճներին։ Տարզանը գոտեմարտում է Սատուռնի վամպիրների հետ»։

  Նա հիշեց, որ գրքերում Տարզանի մասին խոսվում էր որպես Երկրի հեթանոսական հերոս։ Այս ամենը զարմանալի էր, բայց աոջևում դեռ շատ արտասովոր բաներ էին սպասում նրան։ Նա տեսավ ոչ մեծ հաստատություններ, որտեղ կարելի էր գնել բոլոր աշխարհների և Երկրի ամենաբազմազան կերակրատեսակները՝ պիցա, սպագետի, տաք նրբերշիկ և այլն։ Հենց այստեղ էլ կային կրպակներ, որտեղ վաճառվում էին տիեզերանավերի հանդերձանքի ավելցուկներ, և կային կրպակներ, որտեղ միայն խմիչքներ էին վաճառում։

  Սայմոնը չգիտեր ինչից սկսեր։ Հանկարծ իր ետևում նա լսեց գնդացրային կրակահերթի որոտ և կտրուկ շրջվեց։

  Դա եղած֊չեղած հրաձգարան էր՝ ուրախ նկարներով պատված մի երկար ու նեղլիկ սրահ, բարձր վաճառասեղաններով։ Հրաձգարանի տերը՝ կզակին փայլող փոսիկով թուխ ու գեր մի մարդ, նստել էր բարձր աթոռին և ժպտում էր Սայմոնին։

  — Բախտդ փորձի՛ր։

  Սայմոնը ներս մտավ և տեսավ, որ սովորական նշանակետերի վախարեն, սրահի մյուս ծայրում, գնդակներով ծակծկված աթոռներին նստած էին շատ թեթև հագնված չորս կին։ Նրանցից յուրաքանչյուրի ճակատին և կրծքին մի-մի խնձոր էր նկարված։

  — Մի՞ թե դուք իսկական գնդակներով եք կրակում,— հարցրեց Սայմոնը։

  — Իհարկե,— ասաց տնօրենը,— Երկրի վրա գոյություն ունի մի օրենք, որն արգելում է ցուցադրել այն ապրանքը, որն ընկերությունը չի կարող վաճառել։ Իսկական գնդակներ և իսկական աղջիկներ։ Կանգնեք ու խփեք մեկին։

  — Դե, սկսիր, բարեկամս։ Գրազ կգամ, որ դու չես կարող ճիշտ նշան բռնել ինձ վրա,— բացականչեց աղջիկներից մեկը։

  — Նա իսկի տիեզերաթիռին չի խփի,— վրա տվեց մյուսը։

  — Շատ չեղա՞վ։ Հապա մի տեսնենք քեզ․․․

  Սայմոնը շփեց ճակատը և փորձեց իրեն այնպես պահել, իբր բոլորովին չի զարմանում այս ամենից։ Չէ որ ի վերջո սա Երկիրն է, որտեղ ամեն ինչ թույլատրելի է, երբ դա են պահանջում առևտրի շահերը։

  — Իսկ կա՞ն այնպիսի հրաձգարաններ, որտեղ կրակում են տղամարդկանց վրա,— հարցրեց նա։

  — Իհարկե,— ասաց տնօրենը,— բայց գուք հո տղամարդ սիրող չեք, հը՞։

  — Իհարկե, ո՛չ։

  — Դուք ուրիշ մոլորակից եք։

  — Այո։ Ինչպե՞ս իմացաք։

  — Ձեր կոստյումից։ Ես միշտ իմանում եմ կոստյումից։— Գիրուկը փակեց աչքերը և ծոր տալով ասաց,— Դեհ, այստեղ կանգնեք ու սպանեք այս կնոջը։ Մի՛ զսպեք ձեր ազդակները։ Սեղմեք ձգանը և կզգաք ինչպես է ցնդում ձեր միջից վաղուց կուտակված զայրույթը։ Դա մասաժից էլ լավ է։ Թունդ հարբելուց էլ լավ է։ Կանգնեք, կանգնեք և սպանեք կնոջը։

  — Իսկ դուք այդպես մեռած էլ մնո՞ւմ եք, երբ ձեզ սպանում են,— հարցրեց Սայմոնը աղջիկներից մեկին։

  — Հիմար֊հիմար մի խոսեք,— ասաց աղջիկը։

  ― Բայց․․․

  — Ավելի վատ էլ է լինում,— ավելացրեց աղջիկը ուսերը թոթվելով։

  Սայմոնն ուզում էր հարցնել, թե ավելի վատը որն է, բայց տնօրենը վաճառասեղանի վրայով ձգվեց դեպի նա ու մտերմիկ տոնով ասաց.

  — Էյ, ջահել։ Հապա մի տես ինչ ունեմ։

  Սայմոնը նայեց վաճառասեղանի ետևը և տեսավ մի փոքրիկ ավտոմատ։ — Ծիծաղդ կգա, այնքան որ էժան է,— ասաց տնօրենը։— Ես սա կտամ քեզ, որ կրակես։ Որտեղ ուզում ես կրակիր, ջարդուփշուր արա ամեն ինչ, մաղի պես ծակծկիր պատերը։ Քառասունհինգ տրամաչափի է, ամեն մի գնդակից մեծ֊մեծ անցքեր կառաջանան։ Երբ ավտոմատով ես կրակում, նոր զգում ես, որ իսկապես կրակում ես։

  — Հետաքրքիր չէ,— համոզված ասաց Սայմոնը։

  — Կարող եմ նռնակ առաջաբկել, նույնիսկ երկուսը։ Եթե դու իրոք ուզում ես․․․

  ― Ոչ։

  — Լավ գին տալու դեպքում կարող ես կրակել ինձ վրա,— ասաց տնօրենը,— եթե ճաշակդ դա է, չնայած կարծում եմ, որ դա քեզ չի հետաքրքրում։

  — Ո՛չ, ո՛չ։ Երբե՛ք, Սոսկալի է...

  Տնօրենը նայեց նրա աչքերի մեջ։

  — Տրամադրություն չունես հիմա։ Լավ։ Իմ հաստատությունը բաց է գիշերուզօր։ Հետո՜ կհանդիպենք, այ ջահել։

  — Երբեք,— ասաց Սայմոնը՝ դուրս գալով հրաձգարանից։

  — Մենք քեզ սպասում ենք, սիրելիս,— նրա ետևից գոռաց աղջիկներից մեկը։

  Սայմոնը մոտեցավ խմիչքներով բեռնված վաճառասեղանին և մի բաժակ կոկա կոլա պատվիրեց։ Նա տեսավ, որ ձեռքերը դողում են։ Կամքի լարումով ստիպելով իրեն հանգստանալ՝ նա սկսեց դանդաղ խմել։ Սայմոնը հիշեցրեց իրեն, որ Երկրի մասին չպետք է դատել սեփական մոլորակի նորմաներով։ Եթե Երկրի մարդկանց դուր է գալիս սպանելը, և զոհերն իրենք չեն առարկում, ապա ինչո՞ւ է ինքը բողոքում։

  Կամ գուցե․․․

  — Ողջույն, սիրելիս,— կողքից լսվեց մի ձայն, որը նրան հանեց մտազբաղությունից։

  Սայմոնը շրջվեց և տեսավ լուրջ ու բազմանշանակ դեմքով մի կարճլիկի, որը կանգնել էր կողքը իր վրայով մեծ վերարկուի մեջ փաթաթված։

  — Տեղացի չե՞ք,— հարցրեց կարճլիկը։

  — Ոչ,— պատասխանեց Սայմոնը։— Ինչի՞ց իմացաք։

  — Կոշիկներից։ Ես իմանում եմ կոշիկներից։ Հը, դուրդ գալիս է մեր պստլիկ մոլորակը։

  — Նա․․․ արտասովոր է,— զգուշորեն ասաց Սայմոնը։― Ուզում եմ ասել, որ չէի սպասում․․․ դե․․․

  — Իհարկե,— ասաց կարճլիկը,— դու իդեալիստ ես։ Հենց որ մի հայացք գցեցի քո ազնիվ դեմքին, իսկույն դա հասկացա, բարեկամս։ Դու Երկիր ես եկել որոշակի նպատակով։ Ես ճիշտ եմ, չէ՞։

  Սայմոնը գլխով արեց։

  — Ես գիտեմ քո նպատակը,— շարունակեց կարճլիկը։ — Դու ուզում ես մասնակցել պատերազմին, որը չգիտես ինչից փրկում է աշխարհը, և դու ժամանել ես հենց այնտեղ, որտեղ պետք է։ Մեզ մոտ մշտապես տեղի է ունենում վեց պատերազմ, և ամեն ոք կարող է ցանկացած պահին կարևոր դեր խաղալ այդ պատերազմներից մեկնումեկում։

  — Ներեցեք, բայց...

  — Եվ հենց հիմա,— պատկառազդու ասաց կարճլիկը։― Խիլայի ճնշված բանվորները հուսահատ հեղափոխական պայքար են մղում։ Ընդամենը մեկ մարդ է պետք, որ կշեռքի նժարը թեքվի մեր կողմը։ Եվ դուք, բարեկամ, կարո՛ղ եք լինել այդ մարդը։

  Տեսնելով Սայմոնի դեմքի արտահայտությունը՝ կարճլիկն իսկույն ուղղեց իրեն։

  — Սակայն կարելի է բավականին թվով փաստարկներ բերել նաև հօգուտ կրթյալ արիստոկրատիայի։ Խիլայի իմաստուն և ծեր տիրակալը, փիլիսոփա֊տիրակալը, այս բառի խորագույն՝ պլատոնյան իմաստով, քո օգնության կարիքն է զգում։ Նրա ոչ մեծաթիվ շրջապատը՝ գիտնականները, հումանիստները, շվեյցարական գվարդիան, ազնվականությունը և գյուղացիները սոսկալիորեն տառապում են դավադրությունից, որ հրահրել են օտարերկրյա տերությունները։ Մեկ մարդը...

  — Ինձ դա չի հետաքրքրում,— ասաց Սայմոնը։

  — Միգուցե քեզ գրավում են ոչ մեծ խմբերը, ինչպես, օրինակ, ֆեմինիստները, չոր օրենքի կողմնակիցները և այլն։ Մենք կարող ենք դասավորել...

  — Ես պատերազմ չեմ ուղում,— ասաց Սայմոնը։

  — Ինձ հասկանալի է քո զզվանքը,— ասաց կարճլիկը, արագ֊արագ տմբտմբացնելով գլուխը։— Պատերազմը սարսափելի բան է։ Այդ դեպքում դու Երկիր ես ժամանել հանուն սիրո։

  — Ինչպե՞ս իմացաք,— հարցրեց Սայմոնը։

  Կարճլիկը համեստորեն ժպտաց։

  — Սեր ու պատերազմ,— ասաց նա,— ահա երկրային առևտրի երկու հիմնական առարկաները։ Հնուց ի վեր դրանք ամենամեծ եկամուտն են տալիս։

  — Իսկ շա՞տ դժվար է սեր գտնելը,— հարցրեց Սայմոնը։

  — Գնա Բրոդվեյ, այստեղից մի երկու թաղամաս այն կողմ է— աշխուժորեն պատասխանեց կարճլիկը։— Կողքով չանցնես։ Այնտեղ կասես, որ Ջոն է քեզ ուղարկել...

  — Բայց դա անհնարին բան է։ Հո չի կարելի այդպես գնալ ու...

  — Դու ի՞նչ գիտես սիրո մասին,— հարցրեց Ջոն։

  — Ոչ մի բան։

  — Իսկ մենք այդ գործում գիտակներ ենք։

  — Ես գիտեմ միայն այն, ինչ ասում են գրքերը,— ասաց Սայմոնը։— Կրքոտ սեր․․․ խելահեղ լուսնի ներքո․․․

  — Եվ, իհարկե, ծովափին գրկախառնված մարմիններ, որ, ալեբախության շաչյունից խլացած, տրվում են խենթ սիրո վայելքին․․․

  — Դուք կարդացե՞լ եք այդ գիրքը։

  — Դա սովորական ռեկլամային բրոշյուր է։ Լավ, ես պետք է գնամ արդեն։ Այստեղից երկու թաղամաս այն կողմ։ Չանցնես։

  Եվ հարդալից խոնարհվելով, Ջոն անհետացավ բազմության մեջ։

  Սայմոնը խմեց իր կոկա-կոլան ու քայլեց Բրոդվեյով։

  Նա խորասուզվեց մտքերի մեջ, բայց հետո որոշեց ոչ մի եզրակացություն չանել նախապես։

  Հասնելով 44֊րդ փողոց, նա տեսավ պայծառորեն շողշողացող վիթխարի նեոնե ցուցանակը։ Նրա վրա գրված էր․ «Սեր ինկորպորեյտեդ»։

  Ավելի մանր նեոնային տառերը հայտնում էին. «Բաց է գիշեր֊ցերեկ»։

  Ներքևում գրված էր՝ «Երկրորդ հարկ»։

  Սայմոնը խոժոռվեց գլխում ծագած սոսկալի կասկածից։ Բայց և այնպես աստիճաններով բարձրացավ երկրորդ հարկ ու մտավ ճաշակով կահավորված ընդունարանը։ Այնտեղից նրան ուղարկեցին մի երկար միջանցք, հայտնելով սենյակի համարը։

  Պատկառազդու գրասեղանի առաջ նստած էր մի գեղեցիկ, ճերմակահեր տղամարդ։ Նա վեր կացավ, ձեռքը մեկնեց Սայմոնին և ասաց.

  — Բարև ձեզ։ Ի՞նչ կա Կազանգայում։

  — Իսկ ինչպե՞ս իմացաք, որ ես Կազանգայից եմ։

  — Ձեր վերնաշապիկից։ Ես միշտ իմանում եմ վերնաշապիկից։ Իմ անունը միստր Թեյտ է, և ես նստած եմ այստեղ, որ ձեզ համար անեմ այն ամենը, ինչ թույլ կտան ուժերս... Դուք...

  — Սայմոն։ Ալֆրեդ Սայմոն։

  — Խնդրեմ նստեք, միստր Սայմոն։ Սիգարեթ ուզո՞ւմ եք։ Խմել չե՞ք ուզում։ Դուք չեք ափսոսա, որ մեզ եք դիմել։ Մենք ամենահին ձեռնարկությունն ենք սիրային բիզնեսի բնագավառում և շատ ավելի խոշոր, քան մեր մոտակա մրցակիցը՝ «Կիրք» բաժնետիրական ընկերությունը։ Բացի այդ, սպասարկման արժեքը մեզ մոտ շատ ավելի չափավոր է, և ապրանքն էլ՝ առաջնակարգ։ Թույլ տվեք հարցնել, թե ինչպես իմացաք մեր մասին։ Դուք տեսե՞լ եք «Թայմս»֊ում մեր մեծ ռեկլամը։ Թե․․․

  — Ինձ Ջոն է ուղարկել,— ասաց Սայմոնը։

  — Ա՜, եռանդուն մարդ է,— ասաց միստր Թեյտը, ուրախ տմբտմբացնելով գլուխը։— Դե, սըր, գործը հետաձգելու պատճառ չունեք։ Դուք վիթխարի ճանապարհ եք կտրել հանուն սիրո, և դուք կունենաք սեր։

  Նա ձգվեց դեպի զանգի կոճակը, որ սարված էր սեղանի մեջ, բայց Սայմոնը կանգնեցրեց նրան, ասելով․

  — Ես չեմ ուզում անքաղաքավարի լինել, բայց...

  — Լսում եմ ձեզ,— ասաց միստր Թեյտը խրախուսիչ ժպիտով։

  — Ես բան չեմ հասկանում,— արագ֊արագ վրա տվեց Սայմոնը, կաս֊կարմիր կտրելով։ Քրտինքի կաթիլները ծածկեցին նրա ճակատը։— Կարծես, սխալ տեղ եմ ընկել։ Ես այս երկար ճանապարհը կտրեցի ու Երկիր եկա ոչ այն բանի համար, որ․.. Ուզում եմ ասել, որ դուք իրականում չեք կարող սերը վաճառել։ Չե՛ք կարող։ Ամեն ինչ կարող եք վաճառել, բայց ո՛չ սերը։ Ես ուզում եմ ասել, որ դա իսկական սեր չէ։

  — Ի՞նչ եք ասում։ Իհարկե, իսկական է,— զարմանքից վեր կենալով տեղից, ասաց միստր Թեյտը։— Հենց բանն էլ դա է։ Սեքսուալ հաճույքները մատչելի են բոլորին։ Աստված իմ, չէ որ համայն Տիեզերքում դա ամենաէժան բանն է մարդկային կյանքից հետո։ Բայց սերը հազվադեպ բան է, սերը յուրահատուկ ապրանք է, միայն Երկրում կարելի է գտնել իսկական սեր։ Դուք կարդացե՞լ եք մեր գրքույկը։

  — «Մարմինները մթին ծովափի՞ն»,— հարցրեց Սայմոնը։

  — Այո, հենց դա։ Ես եմ գրել։ Այնտեղ խոսվում է զգացմունքների մասին, չէ՞։ Այդ զգացմունքը հնարավոր չէ տածել ամեն մեկի նկատմամբ, միստր Սայմոն։ Այդ զգացմունքը կարելի է տածել միայն այն մարդու նկատմամբ, ով սիրում է ձեզ։

  — Եվ այնուամենայնիվ, մի՞թե դուք իսկական սեր եք առաջարկում,— մտախոհ ասաց Սայմոնը։

  — Իհարկե, իսկական։ Եթե մենք կեղծ սեր վաճառեինք, հենց այդպես էլ անունը կդնեինք։ Երկրի վրա ռեկլամի օրենքները շատ խիստ են, հավատացնում եմ ձեզ։ Ինչ ասես կարելի է ծախել, միայն թե գնորդներին չխաբեք։ Դա էթիկայի հարց է, միստր Սայմոն։

  Թեյտը շունչ քաշեց ու ավելի հանգիստ շարունակեց.


  — Ոչ, սըր, այստեղ ոչ մի սխալ չկա։ Մենք փոխարինիչներ չենք առաջարկում։ Դա հենց այն զգացմունքն է, որ հազարամյակներ շարունակ գովերգում են բանաստեղծները։ Ժամանակակից գիտության հրաշալիքների օգնությամբ մենք կարող ենք այդ զգացմունքը տրամադրել ձեզ, երբ կցանկանաք՝ հաճելի փաթեթավորմամբ և ծիծաղելիորեն էժան գնով։

  — Ես կարծում էի, որ սերը... մի ավելի անսպասելի բան է։

  — Անսպասելիության մեջ էլ մի առանձին հմայք կա,― համաձայնեց միստր Թեյտը։— Մեր հետազոտական լաբորատորիաներն աշխատում են այդ պրոբլեմի վրա։ Հավատացեք ինձ, չկա մի այնպիսի բան, որ գիտությունը չկարողանա ստեզծել, քանի դեռ պահանջարկը գոյություն ունի։

  — Այդ ամենը ինձ դուր չի գալիս,— ասաց Սայմոնը, վեր կենալով աթոռից։— Ավելի լավ է կինո գնամ։

  — Սպասե՛ք,— գոռաց միստր Թեյտը։— Դուք կարծում եք, թե մենք ուզում ենք ինչ-որ բա՞ն պարտագրել ձեզ։ Դուք կարծում եք, թե մենք ձեզ կծանոթացնենք մի աղջկա հետ, որն իրեն այնպես կպահի, թե իբր սիրում է ձեզ, մինչդեռ իրականում կձևացնի միայն, չէ՞։

  — Թերևս, այդպես։

  — Մինչդեռ բոլորովին էլ այդպես չէ։ Նախ, դա չափազանց թանկ կլինի։ Երկրորդ, աղջկա ամորտիզացիան վիթխարի կլինի։ Այդպիսի մասշտաբի կեղծիքով լցված կյանքը նրան կհասցներ հոգեկան խանգարման։

  — Հապա ինչպե՞ս եք դա անում։

  — Մենք օգտագործում ենք մարդկային մտածողության օրենքների վերաբերյալ մեր գիտելիքները։

  Սայմոնի համար դա չինական քերականություն էր։ Նա ուղղվեց դեպի դուռը։

  — Մի խոսք,— ասաց միստր Թեյտը։— Տեսքից՝ խելքը գլխին մարդ եք երևում։ Մի՞թե չեք կարող իսկական սերը զանազանել շինծուից։

  — Իհարկե, կարող եմ։

  — Ահա և ձեզ երաշխիք։ Եթե դուք բավարարված չլինեք, ոչ մի ցենտ մի վճարեք մեզ։

  — Կմտածեմ։

  — Ինչո՞ւ եք հետաձգում։ Մեր առաջատար հոգեբաններն ասում են, որ իսկական սերը ամրապնդում է նյարդային համակարգը և վերականգնում է հոգեկան հավասարակշռությունը, հանգստացնում է վիրավորված ինքնասիրությունը, կարգավորում է հորմոնների գործողությունը և լավացնում է դեմքի գույնը։ Մեր վաճառած սիրո մեջ կա ամեն ինչ՝ խոր և մշտական կապվածություն, բուռն կիրք, լրիվ նվիրվածություն, ոչ միայն ձեր առավելությունների, այլև թերությունների պաշտամունք, ձեզ համար հաճելի բան անելու անկեղծ ցանկություն։ Եվ ի լրումն այս ամենի, միայն «Ինկորպորեյտեդ սերը» կարող Է ձեզ վաճառել անզսպելի առաջին կայծը, առաջին իսկ հայացքից սիրելու շլացուցիչ ակնթարթը։

  Միստր Թեյտը սեղմեց կոճակը։ Դեռևս տատանվող Սայմոնը խոժոռվեց։ Դուռը բացվեց, ներս մտավ մի աղջիկ, և Սայմոնը դադարեց մտածել։


  Նա բարձրահասակ Էր ու սլացիկ։ Մազերը շագանակագույն էին՝ շիկավուն երանգով։ Սայմոնը չէր կարող ոչ մի բան ասել նրա դեմքի մասին՝ աչքերը լցվեցին արցունքով։ Ու եթե նրան հարցնեին աղջկա կազմվածքի մասին, նա կսպաներ հարցը տվողին։

  — Միսս Պենի Բրայթ,— ասաց միստր Թեյտը,— ծանոթացեք միստր Ալֆրեդ Սայմոնի հետ։

  Աղջիկը ուզեց խոսել, բայց ոչ մի բառ չկարողացավ արտասանել։ Սայմոնը նույնպես կորցրեց խոսելու ընդունակությունը։ Աղջկա վրա գցած առաջին իսկ հայացքից նա ամեն ինչ հասկացավ։ Նա սրտով հասկացավ, որ սիրված է իսկական, անկեղծ եւ ինքնամոռաց սիրով։

  Նրանք իսկույն դուրս եկան իրար ձեռք բռնած, նստեցին ռեակտիվ ուղղաթիռ և վայրէջք կատարեցին մի փոքրիկ սպիտակ քոթեջի մոտ, որը գտնվում էր սոճիների պուրակում և պատուհաններով նայում էր ծովին։ Նրանք խոսում էին, ծիծաղում և գուրգուրում իրար, իսկ հետո մայր մտնող արևի բոսորագույն ճառագայթների տակ Պենին հրեղեն աստվածուհի թվաց Սայմոնին։ Կապտավուն աղջամուղջում նա իր խոշոր սև աչքերով նայեց Սայմոնին, և աղջկա ծանոթ մարմինը նորից դարձավ առեղծվածային։ Լուսինը դուրս եկավ՝ պայծառ ու խելացնոր, մարմինը վերածելով ստվերի, և աղջիկը, հեկեկալով, իր փոքրիկ բռունցքներով խփում էր նրա կրծքին, ու Սայմոնը նույնպես լաց էր լինում՝ ինքն էլ չիմանալով ինչու։ Եվ վերջապես լույսը բացվեց, արևի թույլ ու տագնապալի շողերը խաղում էին նրանց պապակած շուրթերին և իրար փարված մարմիններին, իսկ կողքը շառաչող ալեբախությունը շշմեցնում, արբեցնում, խելահեղության էր հասցնում նրանց։


  Կեսօրին նրանք վերադարձան «Ինկորպորեյտեդ սեր» ձեռնարկության գրասենյակը։ Պենին ամուր սեղմեց նրա ձեռքը և անհետացավ դռան ետևում։

  — Դա իսկակա՞ն սեր էր,— հարցրեց միստր Թեյտը։

  — Այո։

  — Ու դուք լիովին բավարարվա՞ծ եք։

  — Այո։ Դա սեր էր, ամենաիսկական սեր։ Բայց ինչո՞ւ էր Պենին պնդում, որ մենք վերադառնանք։

  — Վրա է հասել ետհիպնոսացման վիճակը,— ասաց միստըր Թեյտը։

  — Ի՞նչ։

  — Իսկ դուք ի՞նչ էիք կարծում։ Ամեն մարդ էլ սեր է ուզում, բայց շատ քչերը կարող են գնել այն։ Խնդրեմ, ահա ձեր անդորրագիրը, սըր։

  Սայմոնը ջղագրգիռ հաշվեց դրամը։

  — Դրա անհրաժեշտությունը բոլորովին չկար,— ասաց։ — Ես, անշուշտ, կվճարեի մեզ ծանոթացնելու համար։ Որտե՞ղ է հիմա Պենին։ Ի՞նչ արեցիք դուք նրան։

  — Խնդրում եմ, աշխատեք հանգստանալ,— համոզում էր նրան միստր Թեյտը։

  — Ես չեմ ուզում հանգստանալ,— գոռում էր Սայմոնը։ — Ես ուզում եմ տեսնել Պենիին։

  — Դա անհնարին է,— սառցե տոնով ասաց միստր Թեյտը։― Բարի եղեք վերջ տալու այս տեսարանին։

  — Դուք ուզում եք ինձնից ավելի շա՞տ փող կորզել,— գոռում էր Սայմոնը։— Լավ, ես վճարո՛ւմ եմ։ Ինչքա՞ն պիտի տամ, որ Պենիին պոկեմ ձեր ճանկերից։

  Ու Սայմոնը հանեց դրամապանակը և նետեց սեղանին։ Միստր Թեյտը ցուցամատով ետ հրեց նրա դրամապանակր։

  — Ձեր գրպանը դրեք սա,— ասաց նա։— Մենք հին ու հարգված ձեռնարկություն ենք։ Եթե մեկ անգամ էլ բարձրացնեք ձեր ձայնը, ես ստիպված կլինեմ վռնդել ձեզ այստեղից։

  Սայմոնը դժվարությամբ զսպեց զայրույթը, դրամապանակը դրեց գրպանն ու նստեց։ Խոր շունչ քաշելով՝ հանգիստ ասաց,

  — Ներեցեք։

  — Այ հիմա լավ է։ Ես թույլ չեմ տա գոռալ ինձ վրա։ Բայց եթե դուք ձեզ վայելուչ պահեք, ես կլսեմ ձեզ։ Դե, ի՞նչ է եղել։

  ― Ի՞նչ.․․ — նորից ձայնը բարձրացրեց Սայմոնը, հետո ջանաց տիրապետել իրեն ու ասաց,— նա սիրում Է ինձ։

  — Իհարկե։

  — Հապա ինչո՞ւ եք մեզ բաժանում։

  — Իսկ դա ինչ կապ ունի մեկը մյուսի հետ,— հարցրեց միստր Թեյտը։— Սերը մի սքանչելի միջերգ Է, ոգեշնչում, որն օգտակար Է ձեր ինտելեկտի, ձեր «ես»֊ի, ձեր հորմոնների հավասարակշռության, ձեր դեմքի գույնի համար։ Հազիվ թե որևէ մեկը ցանկանա շարունակել սերը, չէ՞։

  — Ես կցանկանայի,— ասաց Սայմոնը։— Դա մի արտասովոր, եզակի սեր էր.․․

  — Բոլորն էլ այդպիսին են,— ընդհատեց նրան միստր Թեյտը։― Եվ ինչպես հայտնի է ձեզ, դրանք բոլորն էլ ստեղծվում են միևնույն եղանակով։

  — Ի՞նչ։

  — Դուք, իհարկե, գիտեք սիրո արտադրության մեխանիկայի մասին։

  — Ոչ,— ասաց Սայմոնը։— Ես կարծում էի, որ դա եզակի, միակ․․. Միստր Թեյտը տարուբերեց գլուխը։

  — Մենք մի քանի դար առաջ ենք հրաժարվել բնական ընտրությունից՝ տեխնիկական հեղափոխությունից հետո։ Բնական ընտրությունը չափազանց դանդաղ է և ձեռնտու չէ առևտրի համար։ Ինչի՞ է պետք այն, եթե ուղեղի որոշակի կենտրոնների խթանման և մարզանքի միջոցով մենք կարող ենք առաջացնել ցանկացած զգացմունքը։ Եվ ինչպիսի՞ն է լինում արդյունքը։ Պենին մինչև ականջների ծայրը սիրահարվեց ձեզ։ Ձեր սեփական հակվածությունը հատկապես նրա մարմնական տիպի նկատմամբ, ինչպես մենք հասկացանք, այդ զգացմունքը դարձրեց ավելի կատարյալ։ Մենք միշտ օգտագործում ենք մթին ծովափը, խելացնոր լուսինը, գունատ այգաբացը․․․

  — Եվ նրան կարելի է ստիպել, որ սիրի ում ասե՞ս, — դանդաղ ասաց Սայմոնը։

  — Կարելի է համոզել, որ սիրի ում ասես,— ուղղեց նրան միստր Թեյտը։

  — Աստված իմ, ինչպե՞ս է նա համաձայնվել այդ սոսկալի աշխատանքը կատարել,— հարցրեց Սայմոնը։

  — Ինչպես բոլորը։ Նա եկավ ու ստորագրեց պայմանագիրը։ Աշխատանքը շատ լավ է վարձատրվում։ Եվ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո մենք նրան վերադարձնում ենք իր սկզբնական անհատականությունը։ Անփոփոխ վիճակում։ Բայց ինչո՞ւ եք դուք այս աշխատանքն անվանում սոսկալի։ Սիրո մեջ ոչ մի դատապարտելի բան չկա։

  — Դա սեր չէր։

  — Ոչ, սեր էր։ Ապրանքը կեղծած չէր։ Չշահագրգռված գիտական ձեռնարկությունները կատարել են որակական ստուգումը, այն համեմատելով բնական զգացմունքի հետ։ Բոլոր ստուգումները ցույց են տվել, որ մեր սերը ավելի խորն է, ավելի կրքոտ, բուռն և ինքնամոռաց։

  Սայմոնը մռայլվեց, փակեց աչքերը, հետո բացեց ու ասաց.

  — Լսեք ինձ։ Ես թքել եմ ձեր գիտական ուսումնասիրությունների վրա։ Ես սիրում եմ նրան, նա էլ ինձ է սիրում, իսկ մնացածը ոչ մի նշանակություն չունի։ Թույլ տվեք խոսել նրա հետ։ Ես ուզում եմ ամուսնանալ նրա հետ։

  Միստր Թեյտը զզվանքից կնճռոտեց քիթը։

  — Բավական է, երիտասարդ։ Դուք ուզում եք ամուսնանալ այդպիսի աղջկա հետ։ Եթե ձեր նպատակը ամուսնությունն է, ապա մենք այդպիսի գործերով էլ ենք զբաղվում։ Ես կարող եմ ձեզ առաջարկել մի հրաշալի ամուսնություն՝ առաջին իսկ հայացքից սիրահարությամբ և այն էլ կույսի հետ, որին զննել է կառավարական հսկողության պաշտոնյան․․․

  — Ոչ։ Ես սիրում եմ Պենիին։ Գոնե թույլ տվեք խոսել նրա հետ։

  — Դա բացարձակապես անհնարին է,— ասաց միստր Թեյտը։

  — Ինչո՞ւ։

  Միստր Թեյտը սեղմեց կոճակը։

  — Ինչե՞ր եք հնարում։ Մենք արդեն ջնջել ենք նախկին ներշնչումը։ Պենին հիմա ուրիշին է սիրում։

  Ու այդժամ Սայմոնը ամեն ինչ հասկացավ։ Միգուցե հենց հիմա, հենց այս պահին Պենին նայում Է մի ուրիշ տղամարդու այն նույն կրքոտությամբ, որն զգաց ինքը, սիրում Է այդ ուրիշ տղամարդուն նույն նվիրվածությամբ և անկեղծությամբ, որը չշահագրգռված գիտական ձեռնարկությունները կհամարեին շատ ավելի ուժեղ, քան հնամոլ, առևտրական տեսակետից ոչ ձեռնտու բնական ընտրությունը, և հիմա նրանք գտնվում են հենց այն մթին ծովափին, որ հիշատակվում Է ռեկլամային գրքույկում․․․

  Սայմոնը նետվեց առաջ, որ խեղդի միստր Թեյտին, բայց երկու աժդահա աշխատակիցներ, ներխուժելով սենյակ, բռնեցին նրան և տարան դեպի դուռը։

  — Հիշեցե՛ք,— գոռաց նրա ետևից միստր Թեյտը։— Սա բնավ չի արժեքազրկում այն ամենը, ինչ դուք զգացիք։

  Չնայած իր ողջ կատաղությանը, Սայմոնը հասկացավ, որ Թեյտը ճշմարտությունն ասաց։


  Եվ հետո նա հայտնվեց փողոցում։

  Սկզբում միայն մեկ ցանկություն ուներ՝ փախչել Երկրից, որտեղ առևտրական անհեթեթություններն ավելի շատ են, քան իրեն կարող Է թույլ տալ կանոնավոր մարդը։ Նա շատ արագ Էր քայլում, բայց Պենին գնում Էր կողքից, ու նրա դեմքը ապշեցուցիչ գեղեցիկ Էր Սայմոնի, և մի ուրիշի, և Էլի մի ուրիշի ու Էլի ուրիշի նկատմամբ տածած սիրուց․․․

  Եվ, իհարկե, նա եկավ հրաձգարան։

  — Ուզո՞ւմ ես փորձել բախտդ,— հարցրեց տնօրենը։

  — Հապա մի կանգնեցրեք ղրանց,— ասաց Ալֆրեդ Սայմոնը։