Նախաբան
1
Լենինականի հին թաղերից մեկում՝ Ձորի Բողազում, որն ամենայն իրավամբ դեռ կարող էր կրել Գյումրի անունը, իր փոքրիկ տան մեջ մեռնում էր աղբյուրների հռչակավոր վարպետ ուստա Մկրտիչը։
Թեև նա արդեն վաթսունհինգ տարեկան էր, բայց ծերությունը չէր նրա մահվան պատճառը, որովհետև նա դեռ ամրակազմ էր և առողջ։ Այնքան ամրակազմ էր նա և այնքան առողջ, որ թվում էր, թե ահա վեր կկենա, կհագնի իր ավանդական արխալուղը, կգնի իր ավանդական շափխան և մի անգամ շփելով իր պայծառ ճակատը, դուռը բաց կանի և նորից դուրս կգնա դեպի աշխարհ։ Սակայն նա պառկել էր և մեռնում էր մահապարտի անխուսափելի և զնհետաձգելի մահով։ Նա մեռնում էր, որովհետև հասել էր իր նպատակին, որովհետև վերջացրել էր իր հաշիվներն աշխարհի հետ։ Նա դրսում այլևս ոչինչ չուներ անելու։
Իր վարպետության ողջ քառասուն տարիների ընթացքում նա ճիշտ այդպես էլ համոզված էր, որ երբ ավարտի իր քառասուներորդ աղբյուրը՝ պիտի մեռնի։ Նա դիտմամբ էր նպատակ դրել այդպիս ի մեծ թիվ, որպեսզի հնարավորին չափ հեռու հրեր իր կյանքի վերջում կանգնած մթին ստվերը՝ մահը։
Երբ նա դեռ քսանվեց տարեկան էր և ավարտեց առաջին աղբյուրը՝ քառասունը նրան թվաց այնքա՛ն շատ և այն իրականացնելու վերջին կետն այնքա՛ն հեռու։ Կառուցելով ևս չորս աղբյուր, նրան նույնիսկ թվաց, թե ինքը երբեք չի հասնի վերջինին, թե իր նպատակը կմնա կիսակատար։ Եվ նա սկսեց զղջալ, որ իր վարպետության շեմքի վրա երդվել էր կառուցել քառասուն աղբյուր և ոչ թե յոթ կամ տասներկու․․․
Սակայն տարիներն ու աղբյուրներն աննկատելի շարվեցին, և նա մի օր մեծ զարմանքով նկատեց, որ արդեն կառուցել է քսաներորդ աղբյուրը, ուրեմն և, արդեն կիսով չափ կատարել է իր նպատակը։
Երեսունչորսերորդի վրա նա հիվանդացավ և հույսը կտրեց։ Կարծում էր, թե դա վերջինը կլինի։ Բայց հետո առողջացավ։ Իսկ երբ առողջացավ, Նա ամենայն պայծառությամբ գիտակցեց, որ այժմ արդեն կառուցելու քիչ բան է մնացել և որ այլևս հարկ չկա շտապելու։
Եվ նա փորձեց չշտապել։ Փորձեց, բայց ապարդյուն։ Երեսունչորս աղբյուրի վրա նա միևնույն արագությամբ էր շարժել ուղեղն ու ձեռքերը և այժմ անհնար էր շարժման արագությունը փոխել։ Ինչպես անցյալում, այնպես և ապագայում, նա պետք է կանգնեցներ տարեկան մի աղբյուրի որպես դեպի մահ տանող իր ճանապարհի ուղենիշ։
Երբ այդ գիտակցեց՝ նա հլու ենթարկվեց ճակատագրին։ Տեսավ ու զգաց, որ անկարող էր փոխել իր մահվան ժամկետը, որը սակայն նա ինքն էր սահմանել իր համար․․․
Եվ նա շարունակեց կառուցել ու ափսոսալ, որ իր կյանքի երիտասարդ տարիներին նպատակ էր դրել քառասուն աղբյուր և ոչ թե յոթանասունյոթ կամ հարյուր ու մեկ։ Այժմ նա համոզված էր, որ եթե նույնիսկ եռապատկեր աղբյուրների թիվը, դարձյալ կիրականացներ այն։ Եվ նույն ներշնչումը, որը պահպանել էր նրա կյանքը քառասուն աղբյուրի համար, կպահպաներ նաև հարյուր քսանի համար։
Բայց այժմ այդ միտքն այլևս իզուր էր և միայն մի բան էր մնում ուստա Մկրտչին՝ մեռնել։ Եվ նա մեռնում էր հանդարտ, տխուր և խորիմաստ մահով։
Այդ մահն սկսվեց վերջին աղբյուրը կառուցելուց անմիջապես հետո։ Երբ կառուցումը լիովին ավարտվեց, ուստա Մկրտիչը հանկարծ զգաց, թե ինչպես պաղեց արյունն իր երակներում, և այնտեղ՝ իր ներսում, կոտրվեց մի բան՝ երևի կյանքի զսպանակը։ Նա եկավ տուն, հանվեց, պառկեց, որպեսզի այլևս երբեք վեր չկենա․․․
Լենինականի հին թաղերից մեկում՝ Ձորի Բողազում, որն ամենայն իրավամբ դեռ կարող էր կրել Գյումրի անունը, իր փոքրիկ տան մեջ մեռնում էր աղբյուրների հռչակավոր վարպետ ուստա Մկրտիչը։
Տանը գտնվում էին նա և իր հարսը։ Հարսն էր, որ բարձը դրել էր ուստայի մեջքի ետևը, և այժմ ուստան այդ բարձին հենված, լուսամուտից նայում էր դուրս՝ դեպի այն աշխարհը, որից ինքը շուտով պետք է հեռանար։
Նրա տունը կանգնած էր Ձորի Բողազի՝ այդ ոչ խոր ձորակի մեջ մի լանջի վրա, և այժմ նա լուսամուտից տեսնում էր իր տան առջևի անպարիսպ բակը և երկարահասակ բարդիների շարքը բակի առջևամասում։ Բարդիների արանքներով նա տեսնում էր ցածրում գտնվող երկու այլ տների տափակ կտուրները, և կտուրներից այն կողմ՝ նորից բարդիների արևոտ գագաթները, որ խոյացել էին կտուրներից բարձր և ստվերի պատառներ էին գցել դրանց վրա։ Այդ երկու տների արանքով նա տեսնում էր ձորակի տափակ ու լայն հատակի մի ընդարձակ պատառ՝ այնտեղով հոսող սակավաջուր առվակով։ Այս ափի վրա երևում էր մի կին, որ ջրի վրա կռացած, կարպետ էր լվանում։ Երևում էին կնոջ սպիտակ, լիքը ոտները։ Ուստային թվում էր, թե նա նկատում էր նույնիսկ ծնկածալերի երկայնակի զույգ փոսիկները։ Ուստան նայում էր դրանց, և նրա սիրտը լցվել էր անհույս մի կարոտ։ Այդ առույգ ու գեղեցիկ ոտները հենց ինքը կյանքն էր, որ այլևս չէր վերաբերում նրան։ Նայում էր ուստան և ցանկանում էր իր վերջին հայացքը դրանց վրա հառել մեռնելու պահին։
Բայց ահա և մի ձի, որ արածելով կարճ խոտը, մտնում էր նրա տեսողության շրջանակի մեջ։ Ձիու յուրաքանչյուր շարժումից արևը խաղում էր նրա կրծքի և գավակի վրա։ Ի՜նչ պիրկ և փայլուն մարմին, ի՜նչ ուժեղ ձի․․․ Ահա փայլատակեցին նրա սպիտակ ատամները։ Ահա նա թափահարեց գլուխը վեր ու վար, և նրա բաշը ցնցվեց։ Ի՜նչ գեղեցիկ բաշ․․․ Ոչ, ոչ թե կնոջ ոտներին, այլ այդ ձիու մկաններին պետք է հառել վերջին հայացքը՝ մեռնելու պահին։
Դիմացի լանջի վրա նույնպես տներ կային։ Վերևում դրանք ձգվում էին երեք երկար փողոցներով, իսկ ներքևում կանգնած էին առանձին-առանձին, և դրանցից յուրաքանչյուրի առջևում նույնպես կային անպարիսպ բակեր և բակերի առջևամասերում՝ բարձր ու ոսկեգագաթ բարդիների շարքեր։ Յուրաքանչյուր բակի մի ծայրում ջրհորն էր, մյուսում՝ հավաբունը, իսկ մեջտեղում, երկար շղթայով մի ծառից կապված, նիրհում էր հավատարիմ գամփռը։
Նայում էր ուստա Մկրտիչը մորմոք կարոտով այդ աշխարհին։ Նա այդտեղ էր ծնվել և ահա այդտեղ էլ մեռնում էր։ Նա այդտեղ էր սկսել իր վարպետությունը։ Ահա լուսամուտից երևում է նրա կառուցած առաջին աղբյուրը․․․
Կառուցված էր այդ աղբյուրը մի հովասուն ուռենու տակ, դիմացի փողոցներից մեկի եզրին։ Մի մեծ խորանարդ քար կազմում էր աղբյուրի գլուխը, և խողովակը դուրս էր գալիս դրա միջից։ Կարճ, լայն, փայլուն խողովակ էր դա, որից ահա քառասուն տարի էր, որ հորդ հոսում էր ամենավճիտ ջուրը և թափվում էր իր առջևի քարե գուռի մեջ։ Գլխաքարը ձեռքերի շփումից, և գուռը՝ ջրի հպումից հղկվել էին ու փայլում էին ձյութածի պես։ Գլխաքարը կարմրավուն լեռ քար էր, և թվում էր, թե գյումրուհիների ձեռքերի ջերմությունից էր այն կարմրել, իսկ գուռը կապտավուն լեռ քար էր, և թվում էր, թե ջրի սառնությունից էր այն կապտել։
Ուստա Մկրտիչը չէր կարող ասել, թե ինչն էր տեսնում և ինչն էր հիշում, բայց ահա այդ ամենն իր աչքի առջև էր՝ վառ ու կենդանի․․․
Դիմացի լանջի վերևում, փողոցներից մեկում, փոշի բարձրացավ։ Բարձրացավ փոշին և արագ առաջացավ դեպի այն կողմ, որտեղ ձորը հետզհետե ցած բանալով, աննկատելի ձուլում էր իր փողոցները քաղաքի փողոցներին։ Ի՞նչ փոշի էր դա, երբ քամի չկար, և անշարժ էին բարդիների գագաթները։ Դա, իհարկե, ավտո էր անցնում սրընթաց։
Եվ իրոք, ահա տների արանքով մի վայրկյան երևաց այն, լսվեց դրա ճչակը, որ նախազգուշացնում էր փողոցի մեջտեղում խաղացող երեխաներին․— Հեռո՜ւ․․․ Կընկնեք ավտոյի տակ, կմեռնեք․․․ Ծանր, անդառնալի բան է մահը, հեռո՜ւ, հեռո՜ւ․․․
Նա դեռ անթարթ նայում էր լուսամուտից դուրս և նրա աչքերի առջև դեռ աշխարհն էր, երբ դրսում՝ նրա տան նախասենյակում, լսվեցին խոսակցության շտապ ձայներ և անմիջապես սենյակ լցվեցին նրա հին ընկերները։
— Մկրտի՞չ․․․
Ուստա Մկրտիչը նայեց նրանց։
— Այ մարդ, էս ի՞նչ կէնես, ընչի՞ ես պառկե․․․
— Վերջի պառկն է, ներող էղեք,— ասաց ուստան․— նստեք։ Հարս ջան, աթոոք տու․․․
Հարսն աթոռները մոտեցրեց անկողնին և ինքը նորից դուրս գնաց։ Ըստ երևույթին, նախասենյակում կամ մյուս սենյակում նա աշխատում էր։
— Դուն իմ քովս նստի, հաջի,— դիմեց ուստան մեկին, որ պատրաստվում էր նույնպես նստել աթոռի վրա։
Տիրեց հանկարծակի լռություն։ Բոլորը հասկացան, որ իրոք մեռնում է ուստան, եթե նա ներեց այդ մարդուն և հրավիրեց իր անկողնի վրա։
Եվ երբ հաջին նստեց, ուստան դիմեց բոլորին․
— Ու էդ մասին՝ էլ հեչ խոսք չէղնի․․․ Է, ի՞նչղ է ձեր քեֆը, ախպեր տղեք․․․
— Մեր քեֆն ի՞նչ, դուն քուկդ ըսա,— պատասխանեց Ավետիքը, որի կյանքն անցել էր կամուրջներ կառուցելով։— Ըսել է՝ պառկար, էլի, Մկրտիչ ախպեր․․․ Է՜, մենք էլ ահան կլսենք ուղտի նռռոցը։ Կուգա, օր էգվան էլ մեր դռանը չոքի․․․
— Պառկա․․․․ նպատակս կատարված է․․․ Մնալն ավելնորդ է․․․
Ուստան վերմակի տակից հանեց իր սպիտակած ձեռքը, որ նկատելի դողդողում էր, և շարունակեց․
— Ես հլը ջաել վախտս երդմունք էի կերե, օր քառսուն ախպուր պիտի շինեմ։ Սեդրակը տեղակ էր՝ լուս իջնի էնոր գերեզմընին։ Գևորն էլ էր տեղակ՝ ասպած օղորմի ազիզ Գևորիս հոգուն։ Միխակն էլ գիտեր՝ Ֆռնճոնց Միխակը։ Սիմավոնին էլ էի ըսե․․․
Հանկարծ ուստան հենվեց մի թևի վրա և տեղից բարձրացավ․
— Ի՞նչ բան է, հե՞չ մեկը չէ մնացե, բոլորն էլ մեռա՞ն․․․
— Ես էլ եմ տեղակ,— շշնջաց մեկը։
Ուստան հանգստացած իջավ դեպի բարձը․
— Դուն էլ ես տեղակ, Ավետիք, ճշմարիտ է․․․
Նա լռեց մի քիչ, ապա ավելացրեց․
— Ու էսպեսով, իմ ախպուրս էլ ցամքավ․․․
Կարոն, որի կյանքն անցել էր տներ կառուցելով, ծանր հառաչեց ու խոսեց․
— Աշխըրքի օրենքն է էդպես, Մկրտիչ։ Բոլորի ախպուրն էլ մե օրըմ պիտի ցամքի։ Հմը մարդ կա, օր իրան ետևեն հիշատակ ունի, մարդ կա, օր չունի։ Քու ախպուրդ ցամքավ, հմը քառսուն հատ կա քու տեղակդ։ Էնոնք քեզի կօրշնեն քառսուն բերնով։ Ջրեդ խմող ամմեն մարդ քեզի պիտի հիշե հուր֊ավիտյան․․․
Սակայն ուստա Մկրտիչը չէր լսում նրան։ Անշարժ հայացքը մի կետի հառած և ուշադրությամբ ուրիշ տեղ վերացած, նա կրկնեց ինքնիրեն․
— Իմ ախպուրս էլ ցամքավ Հեղնար ախպուրի պես․․․
Բոլորը քարացան։ Տիրեց հանկարծահաս, երկարատև լռություն։ Վաղուց, շատ վաղուց էր, որ նրանք չէին արտասանել և չէին լսել Հեղնար աղբյուրի անունը։ Եվ այժմ նրանց աչքի առջև վերակենդանացավ հեռու անցյալը․․․
Հեղնար աղբյուրը․․․ Այն չէր մտնում ուստայի կառուցած քառասուն աղբյուրների շարքը և չէր էլ կարող մտնել՝ այնքա՛ն արտասովոր, այնքա՛ն զարմանալի և այնքա՛ն անհասկանալի էր այն․․․ Եվ այդպես անհասկանալի էլ նա մնացել էր անցյալին, որովհետև Հեղնար աղբյուրն այլևս համարյա գոյություն չուներ աշխարհի վրա։ Համենայն դեպս, դրա հրաշքը, որ տեղի էր ունեցել քսան տարի առաջ, վերացել էր նույն օրը և այնուհետև չէր կրկնվել երբեք։
— Հեղնար ախպուրը,— շշնջաց Բագրատը,— հաստատ օր, ախպըտինք, Հեղնար ախպուրը․․․
Դրա պատկերը բոլորի ուղեղներում հանկարծ վերակենդանացավ պայծառ ու որոշակի, և նրանք զարմացան շատ ավելի, քան այն օրը, երբ հրաշքը տեսնում էին աչքերի առաջ։ Այն ժամանակ մարդիկ հավատում էին գերբնական երևույթների, և հրաշքի հայտնվելը բնական էին համարում։ Իսկ այժմ դա թվում էր այնքա՛ն անհավանական․․․
Աղասին, որի կյանքն անցել էր ջրհորներ փորելով, վեր կացավ աթոռից և նստեց մահճակալի վրա՝ հաջու մոտ։
— Մկրտիչ ախպեր,— ասաց նա,— մենք ամմենքս էլ քու ախպեր տղեքդ ենք ու օտար մարդ չկա իստեղ։ Իսկ դուն, վո՞վ գիտե, գուցցե թե իսկապես, պիտի նստիս դռանդ չոքած ուղտի վրա ու էրթաս խառնվիս ավիտենական քյարվընին։ Ըսա մեզի, Մկրտիչ ախպեր, գոնյա հիմի ըսա, թե էդ ի՞նչղ էղավ, օր հրաշքը պատահավ։ Չէ՞ օր դուն ինքդ էիր շինե Հեղնար ախպուրը։ Իսկ հրաշքն ախր ասպածային բան է․․․
Ուստա Մկրտիչը նկատելիորեն մռայլվեց։ Ու մինչդեռ բոլորն անակնթարթ սպասում էին, նա սկսեց երկար, շատ երկար մտածել։ Մի պահ թվաց, թե նա բոլորովին էլ չէր մտածում և երբեք էլ չէր պատասխանելու այդ հարցին։ Բայց նա վերմակի տակից նորից հանեց ձեռքը, որն այժմ ավելի էր դողդողում, և ասաց․
— Ախպուրը ձեռացագործ է, հրաշքը՝ անձեռացագործ։ Իմ շինածս մեննակ սովորական ախպուրն էր, հմը անսովոր հրաշքն ասպած ինքն էր դրե էնոր մեջ։ Ես ի՞նչ ըսեմ ձեզի, ախպեր տղեք, եբ օր ես ինքս էլ մեննակ էդքանը գիտեմ։ Ոնչ ասպած կրնա ախպուր շինե, ոնչ մարդը՝ հրաշք։ Ես հողածին եմ, ես կրնամ պարզե մեննակ իմ ախպուրս, ասպած էլ թող պարզե իրան հրաշքը՝ թե օր կամենա․․․
— Ու թե օր մենք արժանանանք էնոր տեսութանը,— ավելացրեց Սարգիսը՝ հառաչելով։— Ամմեն մեկիս մե ուսի վրա մե բեռըմ մեղք կա կամա, մեկել ուսի վրա մե բեռըմ մեղք՝ ակամա․․․
— Իսկ իմ մեջքիս վրա մեննակ մե բեռըմ մեղք կա,— ծանր արտասանեց հաջին, որ մինչ այդ լուռ էր և այժմ շատ գունատված,— հմը էդ մե բեռն աշխըրքի մեղքը կկշռքե․․․
Ուստա Մկրտիչն իր ձեռքը դրեց նրա ձեռքի վրա․
— Մեղավորը ես եմ, հաջի։ Ես ինքս ըսի, օր էդ մասին խոսել հարկավոր չէ, հմը ինքս էլ բացի էս խոսակցութունը։ Ներող էղի․․․
Ապա թախիծով ժպտաց և շարունակեց․
— Մարդու սիրտը տան պես է։ Ընձի իմաց են տվե, օր տունս շուտով պիտի քանդըվի։ Իմաց են տվե, օր էրեխոցս դուս հանեմ։ Է՛, ես քառսուն էրեխա ունիմ, էնոնք էլ դուսն են։ Էլ վո՞վ է մնացել նեսը․․․ նես աշեմ, տեսնիմ՝ լիքն են։ Էդոնք իմ խոսքերս են, օր հնարք չեմ ունեցե դուս բերելու։ «Դուս հանե էրեխոցդ,— կըսեն ընձի,— տունդ քարուքանդ պիտի էղնի, ուստա Մկրտիչ»․․․ Է՛, ես որի՞ն դուս հանեմ, ժամանակ չէ մնացե։ Տե՛, ես էլ դուս հանեցի իմ ամմենքեն սիրած, հիվանդ ու վիրավոր էրեխիս։ Ներող կէղնիս, հաջի․․․
Որպեսզի խոսակցությունը մի այլ կողմ թեքի և հաջուն դուրս հանի ծանր վիճակից, Օնեսը հարցրեց․
— Էրեխա ըսիր, միտս ընկավ՝ տղեդ չպիտի՞ արժանանա քու տեսութանդ․․․
— Հարսս հեռագիր էր տվե։ Պատասխանն ստացանք։ Ճամփա է ընկե։ Կհասնի՞, թե չի հասնի՝ ասպած գիտե։ Մասկվայից մինչև իստեղ չորս օրվա ճամփա է, հմը իստից մինչի երկինք՝ չորս րոպվա․․․
— Մկրտի՜չ,— հանդիմանական և հարցական դիմեց նրան Աղասին,— ի՞նչ ես գլուխդ քցե՝ մեռնիմ, հա մեռնիմ։ Մե գուցցե ասպած տվեց, վեր ելար․․․
Ուստան անհույս կերպով ձեռքը թափահարեց և լուռ մնաց։ Նրա շնչառությունը հազիվ էր նկատվում։ Մի քանիսը վեր կացան, մոտեցան լուսամուտին, բացեցին այն, սկսեցին ծխել և կիսաձայն խորհրդակցել, թե որքան կյանք է մնացել ուստային։ Ապա Օնեսը գնաց դեպի դուռը և կանչեց հարսին։
— Լսե, աղջիկ ջան,— ասաց Օնեսը նրան, բայց նկատելով նրա կարմրած աչքերը, ընդհատեց ասելիքն ու խրատեց,— մի լա, բնութան օրենքն է էդպես, իսկ Մկրտիչն էլ վենձ մարդ է։ Ընչի՞ կտանջվիս։ Գնա, գնա լվացվի, արի հիվընդի քովը։ Մենք հիմի կէրթանք։ Իրիկվա կողմը նորից կուգանք։ Հմը, բան է, եթե մինչի էդ ուստի դրութունը գեշըցավ, դրկցի մանչու հետ մեզի իմաց տու, մենք բոլորս էլի ինտեղ ենք՝ շինութան վրա․․․
Լենինականի հին թաղերից մեկում՝ Ձորի Բողազում, որն ամենայն իրավամբ դեռ կարող էր կրել Գյումրի անունը, իր փոքրիկ տան մեջ մեռնում էր աղբյուրների հռչակավոր վարպետ ուստա Մկրտիչը։
Երբ այցելության եկած նրա ընկերները գնացին, նա շարունակեց պառկած մնալ անզգա, անշարժ։ Թեև նա չէր կորցրել իր գիտակցությունը, բայց անտարբեր էր դարձել դեպի աշխարհը։ Այլևս ոչ մի միտք չէր հուզում նրան, ոչ նույնիսկ հեղնար աղբյուրի հուշը։ Այժմ նրա ուղեղի փակվող դարպասից ներս էր սպրդում միայն այն, ինչ որ գտնվում էր անմիջապես նրա տեսողության դաշտում, նրա աչքերի առջև։ Իսկ այնտեղ գտնվողն այժմ արդեն ոչ թե դրսի ամբողջ տեսարանն էր, այլ լոկ աղբյուրը՝ նրա ուղեղի և ձեռքերի առաջին գործը․․․
Հինգ տարի ուրիշ վարպետի մոտ աշակերտություն անելուց հետո քսանվեց տարեկան երիտասարդ Մկրտիչն ավարտեց այն որպես իր առաջին ինքնուրույն աշխատանքը։ Հավաքվեցին Գյումրու հռչակավոր վարպետները, զննեցին աղբյուրը, ցնցեցին գլխաքարը՝ ամո՞ւր է արդյոք, խմեցին ջրից՝ սա՞ռն է արդյոք, ապա նրանցից մեկը ձեռքով փակեց խողովակի բերանը՝ ջուրը «ետ չի՞ խփի», չի ընդհատվի արդյոք։
Փակել աղբյուրը, ինչպես հայտնի է, ծանր մեղք է, բայց ոչ ուստաների համար, որոնք ստուգում են աշկերտի աշխատանքը։ Եվ երբ ուստան իր ձեռքը ետ տարավ խողովակից, բոլորը տեսան, որ ջուրն այնտեղից շարունակեց հոսել հանգիստ և հավասար․․․ Մկրտչին ձեռնադրեցին ուստա։ Հենց աղբյուրի մոտ էլ, գետնի վրա, նորընծա ուստան բաց արեց սփռոց, ճոխ հրավերք սարքեց նվագով ու օղիով, նշանավորեց իր վարպետության առաջին օրը․․․
Մկրտչի մայրը վաղուց էր որոշել, որ երբ որդին դառնա ուստա՝ իսկույն ամուսնացնի նրան։ Տարիների ընթացքում նա հաճախ էր ընտրել, աչքի տակ առել ձորիբողազցի այս կամ այն աղջկան, բայց կանգ չէր առել ոչ մեկի վրա։ Վերջապես նա վճռել էր, որ աղջկա ընտրությունը ոչ թե կատարի ինքը, այլ թողնի աստծու կամքին։ Ուստի և, աղբյուրի գոյության առաջին օրը, վաղ առավոտյան, մայրը Մկրտչին ուղարկեց աղբյուրի մոտ՝ տեսնելու, թե աղջիկներից ով է առաջինը ջուր վերցնելու այնտեղից։ Ով որ լինի առաջինը՝ թող նա էլ, աստծու կամքով, դառնա ուստայի կինը։
Հեղնարը, որի վրա վաղուց աչք ուներ Մկրտիչը, եկավ երրորդը։ Երիտասարդ ուստան ծանր հառաչեց և վերադարձավ տուն։ Առաջին աղջիկը տգեղ էր, տգեղ էին Մկրտչի համար Ձորի Բողազի բոլոր աղջիկները՝ բացի Հեղնարից։ Բայց այդ էր նրա բախտը, այդպես էր կամեցել աստված․․․
— Վո՞վ է,— հարցրեց մայրը։
Մկրտիչը լռեց մի պահ և ապա, ինքն էլ չիմանալով, թե ինչպես, ասաց հանկարծակի․
— Հեղնարն է, մայրիկ․․․
Ասաց և սարսափեց իր կատարած հանցանքից։ Խաբել մորը, չհնազանդվել աստծու կամքին․․․ Կպատժի աստված նրան այդ բանի համար, երջանկություն չի ունենա նա կյանքում․․․
Բայց խոսքը նման է նետված քարի, թռած թռչունի ― ետ չի դառնա․․․
Երկու օր հետո ուստայի մայրն իր բարեկամ մի քանի կանանց հետ միասին գնաց Հեղնարին ուզելու։ Աղջկա ծնողները, գեղեցկուհի Հեղնարի համար սպասելով ավելի լավ փեսացուի, մերժեցին տալ նրան դեռ անհայտ ապագայի տեր ինչ֊որ երիտասարդի։
Սոսկալի վիրավորված, Մկրտչի մայրը վերադարձավ տուն՝ արդեն ճանապարհին մտածելով, թե ինչ կերպ վրեժ լուծի ամբարտավաններից։
Չանցավ նույնիսկ մի օր, և ամբողջ Ձորի Բողազով տարածվեց նորությունը․— Մկրտչի մայրը գնացել է Հեղնարին ուզելու իր տղայի համար, բայց նկատել է, որ աղջիկը հիվանդ է «բարակ ցավով», և վերադարձել է առանց ուզելու․․․
Հեղնարի անունը միանգամից կոտրվեց։ Հարսնախոսների անընդհատ հոսանքը նրանց տուն կտրուկ ընդհատվեց։ Հեղնարը, ի ծնե թախծոտ և զգայուն, ծանր ազդվեց այդ դեպքից և իրոք հիվանդացավ, պառկեց մի քանի ամիս։
Մկրտչի մայրն այլևս չհամարձակվեց ուրիշ աղջիկ ընտրել աստծու ընտրածի փոխարեն։ Մկրտիչը գոհ էր դրա համար և պատրաստ էր ամուրի մնալ իր ամբողջ կյանքում, որովհետև ոչ ոքի չէր ուզում՝ բացի Հեղնարից։ Իսկ Հեղնարին մերժել էին տալ նրան։ Երևի դա աստված էր պատժում նրան՝ նրա ոտի համար․․․
Անցավ երեք տարի։ Այդ ժամանակամիջոցում ուստայի մոր բարկությունն իջավ և նա նորից սկսեց մտածել դատողաբար։ Ոչ կարելի է աստծու կամքից դուրս գալ, ոչ էլ երիտասարդ տղային ընդմիշտ թողնել ամուրի․․․
Նորից հավաքելով իր բարեկամ կանանց, նա գնաց երկրորդ անգամ Հեղնարին ուզելու․ այժմ հաստատ համոզված լինելով, որ «անունը կոտրված» և «տանը մնացած» աղջկա ծնողներն այլևս չեն համարձակվի մերժել նրան։ Նա մեծ շնորհ է անում՝ նրանց հիվանդոտ աղջկան ուզելով, իսկ դրա միակ պատճառն այն է, որ Հեղնարը Մկրտչի բախտն է, աստծու որոշածը։ Եթե դա չլիներ, տղայի մայրը չէր էլ հիշի այդ նիհար ու տխուր աղջկան․․․
Եվ իրոք, Հեղնարի ծնողներն այս անգամ չմերժեցին, այլ իսկույն տվեցին իրենց համաձայնությունը։ Հեղնարը դարձավ ուստա Մկրտչի կինը․․․
Ահա թե որքան հուշեր էր առաջացնում այդ աղբյուրը՝ նրա ուղեղի և ձեռքերի այդ առաջին գործը․․․
Ջուրն այնտեղ հոսում էր զարմանալի վճիտ, ավելի վճիտ, քան երբևէ։ Թվում էր, թե ջրի փոխարեն ուստա Մկրտչի կյանքն էր հոսում այնտեղ, և ահա այդ էր պատճառը, որ ուստան սպառվել էր ու մեռնում էր։ Բայց փակել խողովակը՝ նա չէր ցանկանում՝ նույնիսկ այդ րոպեին։
Իսկ հետո թվաց, թե այնտեղ հոսողը բոլորովին էլ իր կյանքը չէր, այլ երկրի ուժը, որ նշանակված էր նրա զավակների երակները կյանք լցնելու համար։ Իսկ ինքը՝ ուստա Մկրտիչը, մի սովորական գյումրեցի էր, որին սակայն վիճակվել էր բաց անել այդ ուժի քառասուն ակունքներն իր ժամանակակիցների համար, իր երկրակիցների համար։ Եվ նա գոհ էր այդ մեծ, այդ բարձր պատվից․․․
Վերջնականապես փակվելուն արդեն բոլորովին մոտ, հանկարծ նորից, գուցե միայն մի քանի րոպեով, ետ գնացին ուստա Մկրտչի ուղեղի դարպասափեղկերը և ուստան իր առաջին աղբյուրից հետո հիշեց նաև ճամփակեսի՝ քսանմեկերորդ աղբյուրը և վերջին՝ քառասուներորդ աղբյուրը, որոնք նույնպես, նրա կյանքի համար ունեցել էին կարևոր նշանակություն։
Քաղաքի գլխավոր փողոցներից մեկի վրա գտնվում էր մի շենք՝ մյուսներից տարբեր։ Մինչդեռ բոլոր մյուս շենքերը կանգնած էին միահավասար շարքով, այդ մեկը գտնվում էր ավելի ետ՝ խորն ընկած։ Շենքի առջևում գոյացած արձակ տարածությունը փորված էր մի հարկի խորությամբ, շարված էր սևաքար պատերով և մայթի պռունգից մի քարե սանդուղք իջնում էր դեպի այդ քառանկյունի փոսը։ Փոսում, սանդուղքի վերջին աստիճանների դիմաց, խուլ պատի միջից հանված էր մի խողովակ։
Դա ուստա Մկրտչի քսանմեկերորդ աղբյուրն էր։
Փոսի հատակն ամբողջովին, աղբյուրի դուռն էր՝ ջրով լի, որը մշտապես թրջում էր սանդուղքի վերջին աստիճանը։
Երբ ջուր խմելու համար ներքև իջած անցորդը նայեր վերև, նա կտեսներ տախտակե պատշգամբը, որը շենքից ձգվելով դեպի մայթ, առաստաղի պես ձածկել էր այդ փոսը կիսով չափ։
Աղբյուրի ճակատին, սևաքար պատի մեջ, դրված էր մի կարմիր քար՝ փորագրված տառերով։ Այնտեղ տանտերը թողություն էր խնդրում իր մեղքերին և աղերսում էր անցորդներին՝ բարեմաղթել իր հոգու համար։ Աղերսի տակ աղբյուրի փայլուն, դեղին խողովակն էր, որի ներսն արծաթավուն էր կարծես ջրով զօծված։ Խողովակը մեջտեղում ուռուցիկ էր, արմատի ու բերանի մոտ՝ նեղ, իսկ պռունգները՝ լայն երկճեղքված, խողովակը նմանեցնելով գոյություն չունեցող կենդանու բերանի։ Ջուրն այնտեղից թափվում էր բուդխ, և զգացվում էր, թե ինչպես ջրի հետ միասին, խողովակից դուրս էր գալիս նաև ցուրտ թարմությունը։
Դա միակ աղբյուրն էր, որի կառուցման համար հետագայում այնքա՛ն զղջացել էր ուստան։ Աշխատելիս նա չէր ըմբռնել, թե ինչ է կառուցում, որովհետև տան և աղբյուրի ձևը հնարել էր ոչ թե ինքը, այլ տան տերը։ Իսկ երբ ըմբռնել էր՝ այլևս ուշ էր եղել։ Եվ ուստային մնացել էր միայն անիծել, որ աղբյուրի ջրի նման երկար լիներ տանտիրոջ ոչ թե կյանքը, այլ կյանքի դառնությունը, որ անցորդներն աղբյուրի ճակատին կարդային ոչ թե աղերսի խոսքեր, այլ հայհոյանք, որ աստված նրանցից լսեր ոչ թե բարեմաղթություններ, այլ նզովք․․․ Իսկ երբ իջել էր ուստայի բարկությունը, նա դադարել էր անօգուտ անիծելուց և թքելով այդ տան ճակատին, այլևս չէր անցել դրա մոտով․․․
Եվ իրոք, ջուր խմելու իջնող ամեն անցորդի այնպես էր թվում, թե նա հանում է այդ հանդիսավոր տան հպատակության տակ։ Ջուր խմելու թեքված ամեն անցորդի այնպես էր թվում, թե նա խոնարհվել է երկրպագության։ Ջուր խմող ամեն անցորդի այնպես էր թվում, թե նա ծծում է հնազանդության թույնը։ Եվ ջուր խմած ամեն անցորդի այնպես էր թվում, թե նա դատապարտված է անդառնալի։
Հեղափոխությունից հետո, ազատագրության առաջին իսկ օրը, ուստան վերցրել էր իր սրածայր մուրճը և շտապել էր այնտեղ ոչնչացնելու աղբյուրի գլխագիրը։ Բայց հասնելով տեղ, նա տեսել էր, որ իրենից առաջ, ո՛վ գիտե ովքեր, արդեն ոչ միայն ջնջել էին գլխագիրը, այլև կտրել, վերացրել էին ատելի պատշգամբը։ Տասնհինգ տարուց հետո առաջին անգամ արևը խազում էր ոսկեդեղին խողովակի հետ։
Եվ ահա այդ էր եղել պատճառը, որ ուստան ազատագրության առաջին իսկ օրվանից գնացել էր՝ ուր որ կանչել էին նրան, և աշխատել էր։ Աշխատել էր, կառուցել էր իր վերջին աղբյուրները, և երբ մնացել էր միայն ամենավերջինը, նա մի օր, կարմիր քարափոշով ծածկված գոգնոցը հագին, ներկայացել էր տեքստիլ գործարանի վարչությանը։
Տեքստիլ գործարանի թաղամասում բոլոր բնակարաններն ու հիմնարկներն ունեին ջրի ծորակներ։ Ուստա Մկրտիչն ինքն էր կավե լայն խողովակներով ջուրը բերել թաղամաս և թողել, որ ուրիշ, նոր արհեստավորներ, երկաթեե նեղ խողովակներով բաժանեն ջուրը բոլոր շենքերին։ Եվ բոլոր շենքերը ջուրն ստացել էին լիուլի։
Բայց, չնայած դրան, ուստան միտք էր հղացել մի սովորական աղբյուր կանգնեցնել դրսում, փողոցներից մեկի անկյունում։ Վարչությունը, աշխատելով չվիրավորել սիրված վարպետին, զգույշ մերժել էր նրա առաջարկը՝ աղբյուրը համարելով ավելորդ։
— Ավելնորդս ո՞րն է,— վրդովվել էր ուստան,— թող ջուրն իրան հմար վազզե, ձեզնեն ի՞նչ կէրթա։ Ճամփորդ կանցնի՝ կխմե, վռազ մարդ կանցնի՝ կխմե, վառված սիրահար կանցնի՝ կխմե․․․ Էդոնք խո չե՞ն կրնա ամմեն րոպպե մտնի տները ժանգոտ ջուր խմելու․․․
Վարչության մեջ Ժպտացել էին ուստայի հայտնի արհամարհանքի վրա երկաթե խողովակների ու ծորակների հանդեպ, բայց պնդել էին մերժումը՝ առարկելով, որ չկա ավելորդ գումար՝ ճամփորդների, վռազ մարդկանց և սիրահարների համար աղբյուր կառուցելու։
Այդ ժամանակ ուստան հայտնել էր, որ ինքր կաշխատի մեն֊մենակ, արտաժամյա, առանց որևէ վարձատրության, բայց աղբյուրն անպայման կկառուցի։ Եվ նա սկսել էր աշխատել բանթողի ժամերից մինչև մութն իջնելը՝ աշխատանքի ընթացքում հետզհետե ավելի համոզղելով, որ այդ աղբյուրն այդպես էլ պետք է կառուցվեր՝ միայն իր աշխատանքով, բոլորովին ձրի, իբրև նվեր․․․ Չէ՞ որ դա իր վերջին, ամենավերջին աղբյուրն էր․․․
Ինչպես իր բոլոր մյուս աղբյուրների, նույնպես և այդ վերջինի գլխաքարի վրա ուստան իր ձեռքով էր քանդակել բառերը։ Պսակազարդ շրջանակի մեջ նա վիմագրել էր․— «Կառուցավ հաղբյուրս այս ի արտա ժամու, վասն շնչո փրկութան՝ ուստա Մկրտիչը»։
Գործարանի վարիչի այն խորհրդին, թե բանվորներն այդ չեն հասկանա և ավելի լավ կլիներ գրել աշխարհաբար, ուստան խրատական֊հանդիմանական խիստ տոնով պատասխանել էր․
― Թող էդ մե էրկու խոսքն էլ գրաբառ սորվին, բերընները չի ցավի, իրանց պապերու լիզուն է․․․
«Վասն շնչո փրկութան»֊ը նույնպես ուներ իր պատմությունը։ Ինչպես բոլոր նման դեպքերում, ուստան պատրաստվում էր գրել «Վասն հոգվո փրկութան», սակայն շտապ վրա հասած բազմաթիվ երիտասարդ բանվորներ և բանվորուհիներ խնդրեցին նրան՝ այդ բանը չանել։ Բացատրել էին, որ հոգի չկա, որ մարդու մեջ եղածը շունչ է, և որ դա բնությունից է և ոչ թե աստծուց։ Ուստան լսել էր ուշադիր, առանց հակաճառելու, ապա թախիծով պատասխանել էր․
— Մարդու մեջ մե բանըմ կա, օր իրան հետ չպիտի մեռնի, օր մարդու մեռնելեն ետև պիտի փրկրվի։ Կուզեք՝ հոգի ըսեք էդոր, կուզեք՝ անուն, կուզեք՝ գործ, կուզեք՝ շունչ․․․ Ես ախպուրս կշինեմ էդ մե բանի փրկութան հմար․․․
Եվ հենց իսկույն, բոլորի ներկայությամբ, ավանդական «հոգու» փոխարեն նա քանդակել էր իր «շունչ»-ը։
Եվ ահա, ուստայի պառկելուց միայն մի օր առաջ, բոլորովին պատրաստ կանգնել էր նրա վերջին՝ քառասուներորդ այդ աղբյուրր։ Կյանքի ճանապարհը, որ անցել էր ուստան և ավարտել, այժմ լրիվ լուսավորված էր քառասուն ջահերով՝ նրա քառասուն անապակ աղբյուրներով, որոնք այնքա՛ն պատմել էին և դեռ այնքա՛ն պիտի պատմեին հռչակավոր ուստայի մասին, որոնք վառ պիտի պահեին նրա գործն ու անունը։
Բայց հանկարծ նրան այնպես թվաց, որ իր հետ միասին մեռնելու էին թե՛ իր գործը և թե՛ անունը, և դրա պատճառը լինելու էր մի հին, վաղուց անցած բան․․․ Այդ միտքն այնպիսի ուժգնությամբ շանթեց-մեխվեց նրա ուղեղում, որ նա ցնցվեց, սթափվեց և տագնապով ձայն տվեց դեպի դուռը․
― Հա՛րս, ա՛յ հարս․․․
Հարսն արագ մտավ ներս․
— Ի՞նչ, հայրիկ․․․
— Արի։
Հարսը մոտեցավ և վախն աչքերի մեջ՝ կանգնեց նրա մահճակալի մոտ․
— Նստի։ Մարդ խո չկա՞ էն սենյակը։
— Գևորի մերն է։
― Էկել է, օր մեննակ չմնաս,— հասկացավ ուստան։— Լավ է էրե։ Ըպը քովս ընչի՞ չի գա՝ իրանեն բարև տանիմ մորս․․․
— Դուն քնած էիր։ Կուզե՞ս կանչեմ։
— Քնած չէի, հմը էլ մի կանչե։ Ես քեզի բան պիտի ըսեմ․․․ Նստի՛․․․
Հարսը նստեց ուստայի մահճակալի վրա՝ լարված, սպասողական, իսկ մինչ այդ, ուստայի դեմքի վրա ակնհայտ նկատվում էր անվճռականությունը՝ խոսե՞լ, թե ոչ։ Դեռ գուցե կգա՞ իր տղան․․․
— Չէկա՞վ,— հարցրեց նա՝ երկար լռությունից հետո։
— Հլը գնացքի վախտը չէ։
— Իսկ իմ գնացքիս վախտն է․․․ Է՜, չէղավ, հարս․․․
Դուռը կիսաբաց եղավ և մի պառավ գլուխը թեքեց դեպի ներս։ Հարսը ձեռքով նշան արեց նրան, որ չմտնի, որից հետո դուռն իսկույն ծածկվեց։
Ուստա Մկրտիչը չնկատեց այդ և շարունակեց․
— Դուն շատ լավ գիտես, օր ես նեղեցած եմ իմ տղիցս ու քու մարդուցդ։ Էնիկ գոռոզ էղավ, էնիկ չհավնավ իմ գիտութանս, գնաց, օր ախպուր շինելու արեստն ուրիշներեն սորվի, ոնչ թե ընձնեն։ Լավ չէրավ․․․
― Հայրիկ, ախր էնտեղ պրաֆեսորները դաս կուտան էնոր․․․
— Պրաֆեսորնե՞րը․․․
Ուստան ձեռքը հանեց վերմակի տակից և դողդողացող մատները բռունցք հավաքելով, ուժեղ խփեց իր կրծքին․
— Ե՛ս եմ ամենավենձ պրաֆեսորը։ Թող սորվի ումեն օր կուզե, հմը առանց իրան հոր գիտութանը՝ էնոր ուսմունքն արժենք չունի․․․
Ուստան նկատելիորեն հուզվեց, կակազեց և խոսքն ընդհատեց։ Ըստ երևույթին նա դժվարանում էր շարունակել՝ վախենալով ծանր խոսքեր ասել որդու հասցեին։ Բավական ժամանակ մնաց լուռ, իսկ երբ նորից խոսեց, նրա ձայնը խաղաղ էր, վախեցնելու չափ խաղաղ։
— Թե օր գար, թե օր հասներ, ես ինքս կխոսեի հետը, կսորվեցնեի ամմեն բանը։ Թող հիմի բանի տեղ չդներ, հմը էգվան առանց էդոր յոլա էրթալ չպիտի կրնընար․․․ Ժամի քա՞նիսն է, հարս․․․
Հարսը վեր կացավ և մոտեցավ կոմոդին, որի վրա, ընտանեկան հին լուսանկարների, թղթե ծաղիկների, գիպսե կատվի և նապաստակի միջև տկտկում էր սեղանի ժամացույցը։
— Ետ արի, հարս, հարկավոր չէ,— շտապ կանչեց ուստան,— ես իմացա ժամը, իրեք րոպպե է պակաս․․․
Երբ հարսը վերադարձավ ու նստեց՝ չհասկանալով ուստայի խոսքերի իսկական իմաստը, նա շարունակեց․
— Տղիս կըսես, օր եթե, վո՞վ գիտե, մե դժվարութանըմ հանդըպի, թող քանդե իմ քառսուն ախպուրներես որն օր կուզենա ու թող սորվի էնոր հնարքները։ Կըսես, օր թող չխնդա իրան հոր վրա ու մտեհան չէնե էնոր։ Կըսես, օր մեռնելուս րոպպեին իմ սիրտս խռոված չէր էնոր հետ։ Վերջի մնաս բարովն ու պռոշտիս մտեհան չէնես․․․
Ուստան լռեց։ Հարսը սարսափած նայեց նրան, բայց նա դեռ չէր մեռել։ Նա մտածում էր։ Եվ հանկարծ, անսպասելի զգաստությամբ, նա նստեց, տագնապով լի աչքերն ուղղեց հարսի վրա և ամուր բռնեց նրա ձեռքը․
― Հարս, պարտականութուն կդնեմ վրեդ․․․ Տղիս ըսա, օր ինչքան գեշ բան էնե աշխըրքի վրա, ես էնոր կներեմ, հմը իմ ավիաենական նզովքս ու անեծքս կուտամ, եթե մե օրըմ ձեռք տա Հեղնար ախպուրին․․․
― Ի՞նչ կըսես, հայրիկ,— սարսռաց հարսը։
― Թող քանդե թեկուզ իմ քառսուն ախպուրներս էլ, էդոր մեջ սրբապղծութուն չկա, հմը հեղնար ախպուրն ուրիշ է, էնոր տակը գերեզման կա․․․
― Արար-աշխարք գիտե էդ բանը։ Ընչի՞ պիտի քանդե, հայրիկ․․․
― Վո՞վ գիտե․․․ Գուցցե թե հրաշքի հմար քանդե։ Իմ ժամանակս մարդ էդպես բան մտքեն էլ չէր անցընե, հմը հիմի․․․ Հիմի մարդն ստուգել կուզե ասպածային հրաշքը․․․
― Ախր հրաշք չկա, հայրիկ, սուտ բան է։
— Հրաշքը կա ավտըցողի հմար,— էդպես էլ կըսես իրան,— հմը չավտցողը հրաշք չի տեսնի։ Կըսես տղիս, օր Հեղնար ախպուրի հրաշքը ոնչ թե չոր քարի կամ թաց հողի մեջն էր, այլ իմ Ժամանակվաս մարդոց հավատացյալ հոգու․․․․ Իսկ քեզի, ազիզ հարս ջան, հազար մնաս բարով․․․
Նույն վայրկյանին դրսում աղմուկ լսվեց։ Հարսն արագ դուրս վազեց։ Նախասենյակում լսվեց տղամարդու ձայն, ապա հարսի լացակումած ձայնը, որ շտապ ինչ֊որ բան էր հաղորդում, որից հետո դուռը շրխկալով բատցեց և սենյակ մտավ ուստա Մկրտչի որդին։
Ուստան արդեն մեռած էր։
2
Խաղաղ ու բաց֊կապույտ` բացվեց առավոտն ուստա Մկրտչի սենյակում։ Առավոտվա պես հանդարտ և անշշուկ՝ Գալուստն արթնացավ, կարծես քնի մեջ նա երկար ժամանակ ունկնդրել էր լռությանը։
Այն սենյակից, որտեղ մի օր առաջ նրա հայրն էր մեռել, նա նայեց դեպի լուսամուտի նուրբ, անիրական կապույտը։ Երեկոյան Մանանը մոռացել էր փեղկերը ծածկել, և Գալուստն այժմ գոհ էր այդ մոռացության համար․ նա տեսնում էր Ձորի Բողազի առավոտը,— առաջինն այն առավոտներից, որոնք այլևս չէր տեսնելու նրա հայրը․․․
Տան առջևամասում, աղջամուղջի միջից, գծագրվել էր բարդիների սպիաակավուն բների շարքը։ Բների այդ սյունաշարից այն կողմ՝ վերևում, որտեղ դիմացի լանջի ամենավերին փողոցն էր, լուսացող երկինքն ատամնավոր հորիզոնով իջել էր բնակարանների բարձր ու ցածր պատերի դեռ մութ շարքի վրա։ Դռների վերևում դեռ պլպլում էին փողոցը լուսավորող նավթի լապտերները և փողոցում դեռ կատարյալ գիշեր էր։
Բների այդ սյունաշարից այն կողմ՝ ներքևում, որտեղ երկու տների արանքից երևում էր ձորի տափակ ու լայն հատակը, դեռ լրիվ խավարի մեջ հոսում էր սակավաջուր առվակի շարժուն խավարը։
Նայում էր Գալուստը սենյակի տաք կիսախավարից և զգում էր, թե ինչպես բարդիների գագաթներից իջնում էր զովությունը և առվակի ջրից բարձրանում էր զովությունը։
Մանանի մահճակալից լսվում էր քնածի հանդարտ շնչառությունը։ Թվում էր, թե դրանից էր սենյակի և՛ խաղաղ ջերմությունը, և՛ խաղաղ կիսախավարը։
Եվ հանկարծ, սենյակն իր պատերի գորգերով և հատակի գորգերով, և գունատ-կապույտ և գունատ֊կարմիր վերմակներով, անկյան փոքրիկ սեղանի վրա դեռ պլպլացող գիշերաճրագով Գալուստին թվաց դրսի հետ այնքա՛ն չառնչվող, այնքա՛ն ներփակ։ Եվ առաջին անգամ, սրտի ծանր ճնշումով, նա զգաց դրսի նույն կարոտը, որն զգացել էր նրա հայրը՝ մեռնելուց առաջ, նույն սենյակից նայելով դեպի լուսամուտի այն կողմը․․․ Գալուստն անմիջապես վեր կացավ, անշշուկ հագնվեց և բաց անելով դուռը, դուրս ելավ դեպի, աշխարհ։
Հազիվ դուռը բաց արած, նա լսեց ծառերի ու ջրի համատարած մեղմ խշշոցը զով լռության մեջ։ Առավոտը, որ սենյակից երևում էր բաց֊կապույտ և երազային, այժմ գունաթափ էր և իրական։ Այստեղ ու այնտեղ, լուսաբացի սառնության մեջ, դեռ փայլում էին փոքրիկ լապտերները՝ արդեն անճառագայթ, ինքնամփոփ։ Մի բարձր սյան վերևում միայնակ վառվում էր էլեկտրական մեծ լապտերը, որ թեթև օրորվում էր՝ երևի քաղաքի վրայով անցնում էր փոքրիկ քամի։
Լուսամուտափեղկերը, դռներն ու դարպասները դեռ փակ էին։ Տների առջևի անպարիսպ բակերում և փողոցներում դեռ ոչ ոք չկար։ Ծառերի ու ջրի համատարած մեղմ խշշոցը, որ լսվել էր առաջին վայրկյանին, այժմ դարձել էր անլսելի։ Ամեն ինչ լուռ էր։ Միայն փողոցներից մեկի անկյան ետևում մեկն ավլում էր մայթը։ Մի կառապանի կտուրից հստակ բուրում էր խոտի դեզը, որի մի կողմում դեռ կծկվել էր վերջացած գիշերը։
Ինչ-որ հեռու, շատ հեռու փողոցից լսվեց երկաթե փականքի պաղ հնչյուն՝ բացվեց մի դարպաս։ Ապա վերահաստատված լռության մեջ լսվեց դաուլի անշաապ, ընդհատ կտկտոցը։ Վաղ լուսաբացի անդորրության մեջ այդ գվագը փափուկ էր և դուրեկան, որովհետև դաուլչին ոչ թե փայտերով, այլ մատներով էր խփում նվագարանի մաշկին։ Նվագը մոտենում էր դանդաղաքայլ կառքի ընթացքով։ Չտեսնելով անգամ, կարելի էր պատկերացնել նվագողին՝ կառքում նստած, կարմիր կողերով դաուլը գոգն առած, ողորկ ու կիսաթափանց մաշկին խփելիս։
Մի քիչ անց, հազիվ լսելի, հասան նաև զուռնաների հնչյունները՝ տոն պահողի միալար մեղեդին և դրա եղանակային ոլորտում՝ բուն զուռնայի ելևէջի։ Եվս մի քիչ անց, փողոցի սալահատակի վրա լսվեցին ձիապայտերի մաքուր, անշտապ հնչյունները՝ կլանչ․․․ կլունչ․․․ Ըստ երևույթին, դանդաղ գալիս էին երկու կառքեր։ Երբ դրանք ավելի մոտեցան, ձիապայտերի հնչյունները հանկարծ կտրվեցին՝ խլանալով դաուլի կտկտոցների մեջ, որոնք այժմ շրջապատված էին զուռնաների ախորժալուր հնչյուններով։
Անկյան ետևից երևաց առաջին կառքը, իսկ մի պահ հետո՝ միայն մի քայլ ետ ընկած, կողքով եկող երկրորդ կառքը։ Մեկում նստած էին դաուլ-զուռնաչիների եռյակն ու երկու այլ մարդիկ, իսկ մյուսում՝ ևս երեքը։ Բաց-կապույտ գույնի հաստ համազգեստ հագած կառապանները զվարթ նայում էին լուսաբացին։ Կառքերի եկած փողոցներում, անշուշտ, քաղցր կիսարթնացել էին մարդիկ և այժմ հեռացող կառքերի ետևում նորից քնում էին՝ նվագով օրորված։
— Կայնի՛․․․
Կառապանները սանձերը ձգեցին։ Այն կառքից, որտեղ նվաղողներն էին նստած, մեկը վար իջավ և մոտեցավ մի տան լուսամուտներին, որոնց փակ փեղկերը երկնագույն էին՝ լուսաբացի նման։
— Օնե՛ս․․․
Նա ձեռքով թխթխկացրեց տախտակը։ Մի վայրկյան դեռ պատասխան չեղավ։
— Օնե՛ս, բղավեցին նաև կառքերի միջից, ապա մեկը դիմեց ներքևում գտնվողին․— ամուր զարկ, Աղասի․․․
Նույն րոպեին, սենյակից լսվեց շրշոց, ապա շարժվեց լուսամուտափեղկի նիգը, որի կեռ ունեցող ծայրն ամրացված էր ներսում։ Աղասին դուրս քաշեց այն և փեղկերը ետ ծալեց։ Արձակ ու սև մազերով մի կին շրջանակներից մեկը բացեց դեպի ներս և դեմքը մոտեցրեց երկաթավանդակին։
— Բարի լուս, քուր,— ողջունեց Աղասին,— Օնեսը տո՞ւնն է։
— Դո՞ւն ես, եխպայր, ասսու բարին, տունն է,― շշնջաց կինը նոր արթնացածի խաղաղ, լուսաբացային շշունջով և հեռացավ դեպի սենյակի խորքի մթությունը։ Այնտեղից լսվեց, թե ինչպես նա արթնացնում էր ամուսնուն ցածր ձայնով՝ մյուս քնածներին չխանգարելու համար․
— Օնե՛ս, զարթի՛, Օնե՛ս, Աղասի եխպայրը քեզի կուզե։
— Չէկա՞վ,— անհամբերացան կառքերում։
— Կուգա,— հայտնեց Աղասին,— մեկէլ կողքի վրա դարցավ․․․
Սպիտակեղենով և քնաթաթախ աչքերով, լուսամուտին մոտեցավ Օնեսը և խռպոտ հարցրեց․
— Վո՞վ է։
— Օնես, ես քու հոգուդ մեռնեմ,— աղմկեցին կառքերից,― դուս արի՝ ազիզ ջան։ Տո՜ւշ․․․ Տո՜ւշ՝ Օնեսի հմար․․․
— Արփաչայ կէրթանք,— բացատրեց Աղասին։— Հագի՛։ Իրիկվրնե տեյմոր հիմի Ավետիքենց տունը քեֆ կէնեինք։
Օնեսը երկաթավանդակից նայեց դուրս․
— Ավետի՛ք։
— Ջան,— բացականչեց նվագողների մոտ նստածը՝ ձեռքով անելով․― շուտ էրա։
Օնեսն սկսեց հագնվել՝ լուսամ ուտից չհեռանալով։
— Էլ վո՞վ կա,— հարցրեց նա։
― Սարգիսն է, Կարոն, Բագրատը։
— Ըսել է՝ բոլորդ իստեղ եք,— եզրակացրեց Օնեսը։
Սպասելով իրենց ընկերոջը, կառքում սկսեցին նվագել մեկն այն եղանակներից, որոնցով բացվում է լույսը Գյումրիում։ Դաուլն այդ նվագի ընթացքում մնում է լուռ, և եղանակը ծորում է մեղմ ու անուշ, կարծես մեկը քթի տակ երգ է ասում առանց բառերի և խորը։ Երբեմն զուռնան սահուն բարձրացնում է ձայնը և նույն կերպ նորից իջեցնում, որից հետո եղանակն ավելի խորն է դառնում և կարծես նիրհում է։
Նվագի ընթացքում Օնեսը հագնվեց, լվացվեց և դուրս ելավ փողոց։
— Բարի լուս,— դիմեց նա բոլորին։
― Ասսու բարին։ Նստի՛, Օնես ջան, ուշացանք,— շտապեցրին կառքերից։
Բագրատը վար ցատկեց, գրկեց Օնեսին, համբուրեց և տարավ իր նստած կառքը։
— Արի՛, ազիզ ընկեր, արի՛,— հրավիրեց Կարոն՝ տեղ անելով նրան փափուկ նստելատեղում։ Ապա կանգնեց կառքի մեջ և ձայն տվեց․— քշե՛ք․․․
Կառքերը շարժվեցին։ Նվագը ցնցվեց և տեղահան լինելով, սկսեց նվագել։ Մի րոպե թվաց, թե դա ոչ թե տարածությունը, այլ ժամանակն էր կուլ տալիս դաուլ֊զուռնայի ձայնը․․․
Գալուստը դուրս ելավ ինքնասույզ վիճակից, նայեց հեռացող կառքերի ետևից, և նրա սիրտը սեղմվեց վշտի այն ծանր զգացումով, որ ահա գնում են իր հոր ամենամտերիմ և ամենավերջին ընկերները, իսկ իր հայրը չկա նրանց հետ․․․
Երբ վերջապես մեղեդին սուզվեց լռության մեջ՝ Ձորի Բողազի վաղ առավոտը նորից դարձավ համատարածորեն խաղաղ, անձայն։ Գալուստը նայեց բարդիների համարյա անշարժ գագաթներին և չլսեց դրանց սոսափը, նայեց ջրին և չլսեց դրա կարկաչը։ Եվ չհամարձակվելով խախտել լուսաբացի այդ հրաշալի պահը, վախենալով անգամ իր ոտնաձայներից, նա զգույշ քայլերով իրով ջրափ, անցավ սակավաջուր առվակը քարից քար, և բարձրացավ դեպի իր հոր կառուցած առաջին աղբյուրը։
Ջուրն այնտեղ հոսում էր զարմանալի վճիտ, ավելի վճիտ, քան երբևէ։ Անշարժ կամարով այն ձգվել էր փայլուն խողովակից մինչև գուռ։ Թվում էր, ուստա Մկրտչի կյանքն էր այն՝ անհայտությունից եկած և դեպի անհայտություն գնացած․․․
Ձորի Բողազում դեռ ոչ ոք չէր երևում։ Առանձին կանգնած տները՝ ներքևում, և երկար փողոցները՝ վերևում, դեռ քնած էին անշշուկ։ Ինչ֊որ տեղից լսվեցին ճնճղուկների խուռն, գործունյա կանչերը, ապա բազմաթիվ թևերի մանր փռռոցները․ երևի նրանք նստել էին դեռ դատարկ փողոցներից մեկում՝ հավաքելու համար այն գարին, որ դեղին երիզով ծորացել էր գիշերով անցած սայլերից, բայց այժմ ինչ֊որ բանից անհանգստացած, նրանք թռան։ Ջրափից քիչ բարձր գտնվող տներից մեկի անպարիսպ բակում զնգաց շան շղթան, ապա իր տախտակե բնի մեջ շունը լայն հորանջեց և ատամների ամուր շրխկոցով բերանը նորից փակեց։ Այնտեղ, բակի առջևամասի ծառերից մեկի տակ, երեկոյից ի վեր, ինչ֊որ երեխա մոռացել էր իր խաղալիքը։ Ջրհորի վրա ամրացված ճախարակն անշարժ էր, բայց պարանի ազատ կախված ծայրը թեթև օրորվում էր մարդու համար աննկատելի հովից։
Մի տան դուռ բացվեց, դուրս ելավ կիսահագնված, արձակ մազերով մի հասած աղջիկ՝ մոր ոտնամանները ոտքերը գցած, և լուսամուտների կարմիր փեղկերը ետ ծալեց։ Երկաթավանդակների և ապակիների ետևից ժպտացին ծաղկամանները՝ բացված ծաղիկներով։ Աղջիկը գնաց ներս։
Հանկարծ ամենաբարձր բարդիների գագաթները պայծառացան։ Ըստ երևույթին, ձորից այն կողմ, քաղաքից էլ այն կողմ, ինչ֊որ հեռու տեղում, ծագեից արևը։ Նրա լույսի տակ, սաղարթները, որ թաց էին, փայլեցին բազում ոսկիների պես։ Իսկ երբ արևածագի պահին հանկարծակի փչող և իսկույն ընդհատվող քամուց շարժվեցին տերևները, և արևի լույսը փոխնեփոխ ընկավ դրանց այլևայլ բազմությունների վրա, թվաց, թե բարդիներից ոսկի է թափվում աշխարհին, ոչ սովորական ոսկի, այլ այնպիսի, որը եղել է բոլոր ձորիբողազցիների երազը։ Ձորի լռությունը, թեև չխախտված, այժմ լի էր ինչ֊որ անըմբռնելի խլրտումով․ դա՝ բնակարաններում արթնացել և կամ արթնանում էին մարդիկ։
Աննկատելի անցնում էր ժամանակը։ Այժմ արևը ծառերի գագաթներով հոսել էր ավելի վար՝ օծելով համարյա բոլոր սաղարթները։ Դրանից փողոցների և տների տեսարանը ներքևում թվում էր ավելի մուգ։
Եվ հանկարծ, այդ աշխարհի համատարած ստվերի մեջ, արևն ընկավ կտուրներից մեկի պռունգին կանգնած կարմիր և դեղին փետուրներով աքաղաղի վրա։ Աքաղաղը վառվեց հրդեհի պես։ Տների դեռ ստվերոտ ֆոնի վրա նա միակ պայծառ կետն էր։ Երբ տաք ճառագայթներից աշխուժացած նա հեռացավ կուտ որոնելու, թվաց, թե արևն ինքն էր, որ մտավ ամպերի տակ, փողոցը նորից կորավ համատարած ստվերի մեջ։ Բայց աքաղաղը երևաց հարևան կտուրի վրա՝ ավելի պայծառ, հետո երրորդ կտուրի վրա, չորրորդի․․․ Կարծես մի խուրձ բոց, նա շրջում էր արևով հրդեհելու Ձորի Բողազը։
Եվ հանկարծ, անսպասելիորեն մոտիկ և բոլորովին անակնկալ, որոտաց գործարանային շչակը։ Ձայնը շվալով անցավ ձորն ի մեկ՝ վերջնականապես արթնացնելով ու զգաստացնելով այն։ Շչակի ձայնի ետևից, ինչպես բաց արված ճանապարհով, ներս հոսեց արևը և հեղեղեց Ձորի Բողազը։
Առավոտը վերջացավ։
3
Հոսում էր նվիրական Ախուրյանն իր հավիտենական խաղաղությամբ։։ Ոչ խորն էր այն՝ մարդակուլ խորությամբ, ոչ լայն էր՝ անանցանելի լայնությամբ և ոչ սրընթաց՝ գահավեժ արագությամբ։ Այն չէր աղմկում և դուրս չէր գալիս իր ափերից։ Լուռ, ծանր ու մտասույզ, ձգվել էր նվիրական Շիրակի դաշտով դրա վճիտ ջուրը։ Այն առաջ էր շարժվում դանդաղ ու հանդիսավոր՝ իր հեռավոր ակունքը խրած հին հազարամյակների մեջ և ձգվելով դեպի նոր հազարամյակներ։
Հոսում էր քաղաքի արևմուտքում՝ մի երկարանիստ բլուրով քաղաքից պատնեշված։ Բլուրը, սակայն, մի տեղով ճեղքված էր, և այդ ճեղքով էր քաղաքից դեպի Ախուրյան տանող ճանապարհը։ Երբ խրախճանքի գնացողների կառքերը հասնում էին բլուրի այդ կտրվածքին, նվիրական գետի տեսարանը բացվում էր միանգամից։ Նրանց աչքերի առաջ, բլուրի լանջից սկսած, լայն դաշտն աննկատելի վայրէջքով գնում֊հասնում էր մինչև գետը, որը հոսում էր առանց դիք ափերի, միանգամայն հարթ տարածության վրա՝ ջուրն ափերի հարթությանը հավասար։
Գետի մյուս ափի վրա, դաշտի մի նեղ շերտից այն կողմ, կար մի ցածրիկ, քարքարոտ և երկարավուն բլրակ։ Բայց դա շատ երկար չէր և միայն առջևումն էր փակում տեսարանը։ Բլրակի մի ծայրում փռված էր արևով ողողված լայն դաշտը։ Դրա պայծառության վրա, մոտիկ ու հեռու, իրարից անջատ գալարումներով, փայլում էին գետի արծաթե կտորները։ Ջրափերի վրա, արևով ողողված։ երևում էին բազմաթիվ բոստաններ։ Իսկ բլրակի մյուս ծայրում երևում էին բազմակուտակ լեռներ, առջևինները՝ ցածր, ետևինները՝ բարձր, ապա ավելի բարձր, և ավելի, և ավելի, մի ամբողջ լեռնաշխարհ՝ կապույտով շղարշված։ Բայց թվում էր, թե այդ կապույտը ոչ թե տարածությունն էր, այլ ժամանակը։ Թվում էր, թե այնտեղ կանգնած էր պատմությունը, որ նայում էր դարերի մշուշից։ Այդպիսի լեռնաստան չկար ուրիշ ոչ մի տեղ և այն թողնում էր հին մագաղաթի վրա նկարված աշխարհի տպավորություն։
Մարդիկ կառքերի միջից նայում էին այդ կապտավուն լեռնաստանին՝ բլրակի մի ծայրում, և ոսկեպայծառ դաշտին՝ մյուս ծայրում, ապա ուղիղ դիմացը՝ բլրակին։ Բլրակի լանջն ի վեր փռված էր մի գյուղ՝ աստիճանաձև դասավորված տնակներով։ Տնակների գորշության մեջ, այստեղ ու այնտեղ, գտնվում էին բազմաթիվ կալերի շրջանաձև արձակ տարածությունները՝ կալսելու համար գետնով մեկ փռված ոսկե հասկերով։ Դրանց աչք կուրացնող պայծառ դեղին սկավառակների վրա, արևով ողողված, շրջանաձև քայլում էին դեղնակարմիր եզների զույգերը՝ իրենց ետևից քարշ տալով կամի տախտակներ։ Կամերի վրա կանգնած ոտաբոբիկ աղջիկները, որ սպիտակ լաչակներ ունեին գլխներին կապած, ճիպոտների թույլ շարժումներով շտապեցնում էին եզներին։ Կարծր քարի կտորները, տախտակների մեջ խրած, մանրում էին գետնի վրա հաստ շերտով փռված հասկերը։
Կալերի մոտ վեր էին խոյացել բարդիները։ Դրանց խիտ սաղարթների կանաչը և գետնին ընկած ստվերներն ավելի պայծառ էին դարձնում ոսկեղեն կալերի տեսարանը։
Գյուղի ներքևում, ջրափին, ամբողջապես ուռիների թանձր ստվերում թաքնված, ճյուղերի արանքներով հազիվ էր երևում ջրաղացը՝ միշտ խոնավ՝ մամուռից կանաչագույն դառած տախտակե խողովակներով։
Նվիրական գետի ափերն անծառ էին, ցերեկային արևի տակ արձակորեն ձգված։ Միայն մի քանի տեղում կանգնած էին փոքրիկ ծառաստաններ, որ կարծես կանաչի, ստվերի ու զովի կղզյակներ լինեին շրջապատի դեղնած խոտերի, արևային լույսի և ջերմության մեջ։
Եվ դանդաղ մտրակում էին կառապաններն իրենց ձիերին, որոնք ծանրաքայլ իջնում էին գեղեցիկ հովիտը։
Կառքերը վերադարձան քաղաք, իսկ արհեստավորները սփռոց բաց արեցին առանձնակի կանգնած մի հով ուռենու ստվերում։ Ջուրը հոսում էր սփռոցի մոտով՝ թրջելով արևի տակ դուրս պրծած դրա մի ծայրը։
Դաուլ-զուռնաչիների նստելու համար գտան-բերեցին երեք քար։ Նրանց առջև դրեցին ուտելիք, օղի և բաժակներ։ Իսկ իրենք բոլորվեցին սփռոցի շուրջը՝ ծալապատիկ, տափակ։ Բացակա ուստա Մկրտչին հատկացրին ամենալավ տեղը՝ սփռոցի գլխին՝ ծառի բնի տակ։ Նրա կողքերին նստեցին Օնեսն ու Կարոն, սփռոցի մի կողմում՝ Բագրատն ու Սարգիսը, մյուս կողմում՝ Ավետիքն ու Աղասին։ Շարեցին յոթ բաժակ, օղի լցրեցին։ Ուստա Մկրտչի բաժակի մոտ դրեցին խորովածի և այլ խորտիկների ամենալավ պատառները։ Մնացին լուռ, գլխահակ։ Գլխահակ լսեցին դաուլ-զուռնայի լացող եղանակը։ Ապա, երբ նվագի վերջին հնչյունները մարեցին ծառի զով սաղարթներում, Աղասին վերցրեց իր բաժակը, խփեց ուստայի բաժակին և ասաց․
— Ամմեն անգամվա պես առաջի կենացը կենացդ էղնի, ազիզ։ Կյանքդ էնքան երկան էղնի, ինչքան օր, ափսոս, մահն է երկան․․․
Օնեսը նույնպես բաժակ վերցրեց․
— Մշտական մեր սուփրի գլխուն նստած էղնիս, ախպեր։ Ձեններս կտրենք, լսենք քեզի, լսենք ու չկշտանանք․․․
Կարոն նույնպես բաժակ վերցրեց․
— Կյանքի մեջ մեզնեն վենձը դուն էիր, Մկրտիչ։ Մահվան մեջ էլ մեզնեն վենձը դուն էղար։ Կենացդ․․․
Բագրատը նույնպես բաժակ վերցրեց․
— Գործդ արծըթե քառսուն ախպուր էղավ, ուստա։ Վով անցավ՝ էնոնց ջուրը խմեց, ում տղեն անցավ՝ էնոնց ջուրը խմեց, ում թոռն անցավ՝ էնոնց ջուրը խմեց։ Ում ծոռն անցնի՝ էնոնց ջուրը պիտի խմե։ Ամմենքը կանցնին, գործդ չի անցնի, ուստա․․․
Սարգիսը նույնպես բաժակ վերցրեց․
— Կյանքդ մե օսկեցե ախպուրմ էղավ, ուստա։ Էդ ախպուրիդ գլխու քարը մեռավ, գռի քարը մեռավ, հմը օսկեցե ջուրդ էլի ավիտենական կամար է կապե աղեղնակի պես․․․
Ավետիքը նույնպես բաժակ վերցրեց․
— Քու անմահութունիցդ, Մկրտիչ ախպեր, հիմի մահվան հրեշտակն ինքը մեռավ։ Էլ վո՞վ պիտի մեր հոգիները վերցնե․․․
Բոլորը բաժակ խփեցին ուստայի բաժակին և խմեցին։ Հետո Ավետիքը վերցրեց ուստայի օղին, շպրտեց նվիրական գետը։ Ջուրն օղին տարավ։
Բաժակները նորից լցրեցին։
— Ախպըրտինք,— դիմեց Աղասին նվագողներին,— ուստիս սիրական երգը երգեք․․․
Եվ նորից խոնարհվեց իր բաժակի վրա։
Ծառի տակ, ստվերի մեջ, բուրում էր զով կանաչը։ Հեռվում, արևի տակ, ջուրն էին մտել թուխ երեխաներ։ Երբ նվագը լռեց՝ մոտակա փոքրիկ ծառաստանից լսվեց ինչ֊որ թռչունի երազկոտ կանչը և իսկույն մարեց՝ հո՛֊պո՛․․․
Երբ էլ նայեիր նվիրական գետին, ջուրը գնում էր ու գնում՝ անկանգ, անվերադարձ։ Երբեմն այն իր հետ բերում էր կանաչ մի տերև, երբեմն այնտեղից պսպղալով վեր էր ցատկում մի ձկնիկ և նորից ընկնում էր ետ։ Դիմացի ափից մի ծառ իր ստվերն էր կախել արևոտ ջրի հոսանքի վրա․․․
Բագրատը նորից օղի լցրեց բոլորին և լուռ մնաց։ Խոսք վերցրեց Ավետիքը, որի կյանքն անցել էր կամուրջներ կառուցեղով․
— Ես էլ, Մկրտիչ ջան, քեզի պես նպատակ էի դրե, օր կյանքիս մեջ տասներկու կարմունջ պիտի շինեմ։ Էդ բանը քեզի էլ էր հայտնի, էս ախպրտանցս էլ․․․ Հիմի տասնմեկը շինել եմ, հըմը տասներկուսին ձեռքս չի էրթա․․․ Ախր կյանքն անուշ բան է, ես էդ վերջի կարմունջն ի՞նչղ շինեմ․․․
Բոլորը լսում էին անշարժ, ինքնամփոփ։
— Էս ափի վրա՝ կյանքն է։ Ես գիտեմ, թե էն մեկել ափի վրա ինչ կա ընձի համար։ Կարմունջն օր շինեմ, ուզեմ, թե չուզեմ, առաջի անգամ ես ինքս պիտի անցնիմ էնոր վրայով․․․
Նա շփեց ճակատը և շարունակեց․
— Էդիկ իմ հին սովորութքս է, ղուն լավ գիտես, Մկրտիչ ախպեր։ Առաջի կարմունջս օր շինեցի, հեչ մարդ չվստահացավ՝ անցնի վրայով։ Ես գերդաստանս նստեցուցի կարմընջի տակը՝ չայ խմելու, ինքս ֆայտոն նստած, գնացի֊անցա։ Տասնմեկ կարմընջի վրայեն խնդումով անցա, հըմ էս վերջինը սիրտս մահվան դող է քցե․․․
Նա անակնթարթ նայում էր օղուն․
— Հմը ի՞նչ էնես, կարմունջ է հարկավոր․․․ Ջրանցքն էկել է, արտերով կանցնի, կտրել է սելերու ճամփեն։ Էն օրն էլի էկան քովս, խնդրեցին, զարմացան․ էս ընչի՞ չես շինե, ուստա, էս ընչի՞ ես կանգ առե։ Էս մեկն էլ շինե՝ էլ հարկավոր չէ։ Էս մեկն էլ օր շինես՝ վաստակդ հերիք կհաշվենք, ձեռներես էկած փողը կուտանք քեզի, սրտներես անցած պատիվը, օր դուն նստիս, քու սօրվեցուցած աշկերտներուդ գործին աշես, ուրախանաս․․․
Ավետիքը թախիծով ժպտաց․
— Աշեցի երեսներուն՝ ձեն չհանեցի։ Ի՞նչ գիտնային, օր կարմունջն ուզելով՝ գերեզմանս կուզեին․․․ Աշեցի, աշեցի ու խոսք տվի․․․
Նա վերցրեց բաժակը․
― Հիմի, Մկրտիչ ջան, դուն ընձի օրինակ էղնիս, օր սրտի հանգստութունով էս վերջի կարմունջս էլ վերջացնեմ․․․
Բոլորը նորից խմեցին, և վարպետի օղին նորից հանձնեցին նվիրական ջրին։
Զուռնաչիներն սկսեցին նվագել կիսաձայն, դաուլչին դաուլը խփեց կամացուկ և սկսեց երգել մի երգ, որ խրախճացողները լսել էին իրենց երիտասարդ հասակում, լսել էին պատանի հասակում, լսել էին մանուկ հասակում․․․
Հեռվում, արևի տակ, դեռ լողանում էին երեխաները․․․
Արևն իջավ։
Երբ Օնեսը նայեց վեր՝ դեպի աննկատելիորեն բարձրացող դաշտը, դրա բարձրում ձգված բլուրի կտրվածքում երևացին խրախճացողներին տանելու համար վերադարձող երկու կառքերը։
Աղասին բաժակների մեջ լցրեց վերջին օղին․
— Ամմեն անգամվա պես վերջի կենացը կենացդ էղնի, ազիզ։ Վո՞վ գիտե, մեկ էլ էսպես սեղան կնստի՞նք օխտը հոգով։ Ինչքան օր մեր ճակտի վրա քրտինք կար՝ տվինք աշխըրքին։ Հիմի մեր էրթըլու էսօր-էգուցն է։ Էսօր հլը վեց բաժակ կվերցնենք քու կենացդ, հմը էգուց, կընա էղնի, օր էդոր կեսն էլ չմնա։ Քանի օր հլը սաղ ենք ու կենդանի՝ կենացդ, ազիզ, քառսուն ախպուրներուդ կենացը, օր պիտի ապրին հուր֊ավիտյան․․․
Գլուխ առաջին
1
Քաղաքի բնակիչների նախահայրերը տասնյակ տարիներ առաջ եկել էին Փոքր Ասիայի քաղաքներից և իրենց հետ բերել էին յուրաքանչյուրն իր ծննդավայրի պատկերը,— հայերը՝ Կարինի, հույները՝ Իզմիրի և թուրքերը՝ Պոլսի։ Յուրաքանչյուրն իր թաղամասը կառուցել էր այդ պատկերի համաձայն։
Փողոցներն ուղղաձիգ էին ու լայն, շենքերը միհարկանի էին՝ սևաքար պատերով, որ ունեին դռների ու լուսամուտների կարմրաքար զարդաշրջանակներ։ Յուրաքանչյուր սև քարի սահմանները երիզված էին սպիտակ բարակ գծերով և այդպիսով պատի սևությունն առնված էր զվարթ սպիտակ ցանցի մեջ։ Մանր փոշին, ժամանակի ընթացքում ներծծվելով ծակոտկեն քարերի մեջ, դրանց երբեմնի թարմ սևությունը դարձրել էր գունաթափ և նույնպես զվարթ։
Դռները նեղ էին և բարձր, միափեղկ և կամարաձև։ Կամարն իրենից ներկայացնում էր գռան վերևում տեղավորված կիսաշրջանաձև լուսամուտ՝ միջանցքը լուսավորող։ Դռներից շատերի առջև կար սալահատակված փոքրիկ բարձրություն՝ քարե երկու-երեք աստիճաններով։
Բնակարանների լուսամուտները նույնպես կամարաձև էին, ունեին գունավոր ներկված արտաքին փեղկեր, դրանց ետևում՝ երկաթավանդակներ։ Լուսամուտների շրջանակափեղկերը բացվում էին դեպի ներս։
Բնակարանի դռան կողքին բակի դարպասն էր՝ մեծ ու երկփեղկանի, փեղկերից մեկի վրա փոքրիկ դռնակով։ Բայց ավելի հաճախ բնակարանի դուռը գտնվում էր ոչ թե դարպասի կողքին, այլ ներսում՝ բակում։
Տարբերությունները տների միջև աննշան էին։ Եկվորները, յուրաքանչյուրն իր հետ բերած լինելով իր ծննդավայրի պատկերը, բոլորով միասին բերել էին համարյա նույն պատկերը։ Եվ ահա, այնտեղ, որտեղ առաջ մի հնադարյան գյուղ էր ընկած, փռվել էր եկվորների քաղաքը, որի միասնական անունն էր Գյումրի։ Այնտեղ հայերը բռնում էին քաղաքի մեծ մասը, իսկ հույներն ու թուրքերը՝ մեկական թաղամաս։
Անցել էին երկար տարիներ, մեռել էին եկվորները, աճել ու մեծացել, ծերացել ու մեռել էին նաև նրանց հետ եկած զավակները, որոնց հիշողության մեջ ելից աշխարհը լոկ տարտամ, մանկական պատկեր էր։ Իսկ թոռները, որ ծնվել էին այդ նոր քաղաքում, չունեին նույնիսկ այդ տարտամ պատկերը։ Նրանք արդեն իսկական գյումրեցիներ էին։ Նրանք ելից աշխարհի մասին լսել էին լոկ իբրև ինչ-որ հին պատմության՝ իրենց չվերաբերող, իրենցից այնքան հեռու, որքան որ հազար ու մեկ գիշերները։ Իսկ նրանց զավակներն ու թոռներն արդեն այնքանն էլ չգիտեին, որ ապրում էին Կարինին, Իզմիրին և Պոլսին շատ նմանվող թաղամասերում։
Ցարական չինովնիկները, որ տիրում էին քաղաքը, երբեք չէին կարողացել թափանցել դրա կյանքի խորքը, չէին կարողացել իրենց գորշ երանգը սրսկել դրա մեջ։ Իսկ այն, որ փողոցներում կանգնած էին ոստիկաններ և քաղաքի շրջակա զորանոցներում և բերդում կային զորքեր, դա միայն օղակ էր՝ կյանքի շուրջը հագցված։ Դրա մեջ Գյումրին ուներ իր սեփական գույնը, որը և համառորեն պահպանում էր։
Քաղաքի հարավ-արևելքում կտրուկ վերջանում էին բոլոր փողոցները և սկսվում էր մի ճանապարհ, որը ձգվում էր երկու երկար, քարե պատերի միջև։ Պատերն անընդհատ էին, և դրանց վրա, իրարից բավական հեռու, կային միայն դարպասներ, համարյա միշտ փակ։ Դրանցից մի քանիսի կողքին, քառանկյունի խորության մեջ, կային աղբյուրներ։ Պատերի անմիջապես ետևում, պատերին զուգահեռ, կանգնած էին բարձր բարդիների շարքեր, իսկ բարդիների ետևում փռված էին բոստանները։
Այդ ճանապարհը ոլորապտույտ գնում էր դեպի դիմացի բարձրավանդակը, որի լանջի մոտ բոստաններն ու դրանց պատերը վերջանում էին։ Այնուհետև ճանապարհն արձակ լանջով բարձրանում և գնում էր դեպի հեռու գերեզմանոցը, որը չէր երևում, լանջն իր բարձրությամբ ծածկում էր այն։
Այդ լանջի վրա, որտեղ այժմ ոչինչ չկար, մի ժամանակ փռված էր քաղաքի թուրքական թաղամասը։ Համաշխարհային պատերազմի ժամանակ ցրիվ էին եկել դրա բնակիչները, իսկ հետագայում հետզհետե քանդվել էին շենքերը, և քաղաքը զրկվել էր մի ամբողջ թաղամասից։ Այժմ այնտեղ, քարքարոտ հողի վրա, բսնում էր կարճ, դեղնավուն խոտը և հետք անգամ չէր մնացել նախկին բնակավայրից։ Եվ դատարկ լանջն այժմ թվում էր այնքան փոքր, որ անհնար էր պատկերացնել, թե առաջ այդտեղ փռված էր եղել մի ողջ թաղամաս՝ իր տներով, բակերով, փողոցներով․․․
Իր առանձին, փակ կյանքով ապրող թաղամաս էր դա։ Ցերեկները դրա խաղաղ փողոցներում մարդիկ քիչ էին երևում։ Երբեմն միայն հայտնվում էր չադրայով փաթաթված մի կին, որ մոտենում էր որևէ դռան և չխկչխկացնում էր երկաթե թակը կամ մի ահագին բանալի էր պտտեցնում դրա ժանգոտ փականքի մեջ։ Դուռը կիսաբաց անելով, կինը մտնում էր ներս և իսկույն փակում։
Երբեմն տներից մեկից դուրս էր գալիս մի աղջիկ՝ նույնպես չադրայով փաթաթված։ Նրա ձեռքից կախված էր լինում պղնձե ջրաման գյուգյումը՝ երկար և կեռ խողովակով։ Գյուգյումի դուրսը դեղին էր լինում, ինչպես գունատ ոսկի, իսկ ներսը՝ գորշ, ինչպես գունատ արծաթ։ Պատահում էին նաև գյուգյումներ մուգ բրոնզե, որոնց վրա արաբական տառերով խիտ փորագրված էին լինում խոսքեր՝ ջրի, սիրո և աշխարհի մասին։
Փոքր ու կլոր փափախները դեպի աչքերր թեքած, թաղամասի փողոցներով անցնում էին թուրքերը։ Նրանք քայլում էին տների զույգ շարքերի միջով, ապա հանկարծ, մի թևի վրա, ընդհատվում էր տների մի շարքը, մի քանի հարկերով իրարից ցած երևում էին թաղամասի մյուս փողոցների տափակ կտուրներր, ավելի ներքևում՝ բոստաններր, ապա հեռվում՝ քաղաքը, որն սկսվելով բոստանների մոտից, տարածվում էր լայն ու հեռու։ Բոստանների մեջտեղով անցնող ճանապարհը, թեքվելով, դուրս էր գալիս քաղաքի առաջին փողոցի վրա, որը թուրքական շուկան էր։ Այնտեղ էին գտնվում նաև թուրքերի աշխանաները, չայխանաները և ղայֆախանաները։
Ինչպես քաղաքի մյուս շուկաներում, այնպես և այնտեղ շարունակ խռնված էին լինում հայեր, հույներ, թուրքեր։ Նրանք աշխատում էին, վաճառում, թեյ կամ սուրճ խմում, նարդի խաղում և խոսում Գյումրու երեք լեզուներից որով էլ ցանկանային, բայց մեծ մասամբ՝ հայերեն։ Հատուկ աչք էր հարկավոր՝ հայերին, հույներին և թուրքերին իրարից զանազանելու համար։ Իսկ զանազանելիս տարբերությունները լինում էին անկարևոր, աննշան։ Նրանք բոլորր մի Ժողովուրդ էին՝ գյումրեցի արհեստավորների ժողովուրդը։ Ուստա Մկրտիչը թուրքերի մոտ «Մկրտիչ ախպեր» էր, թուրք Ռահմանը հայերի մոտ՝ «Ռահման ջան», իսկ հույն Աթանասը բոլորի մոտ՝ «տնկոզ Աթո»։ Սակայն մի թուրք՝ Իբրահիմ անունով, իր ղայֆախանան բացել էր ոչ թե շուկայում, այլ իրենց թաղամասում, որտեղ միայն բնակարաններն էին։ Նա այդ ղայֆախանան բացել էր, իհարկե, միայն թուրքերի համար և դա չէր թաքցնում ոչ հայերից, ոչ հույներից։
— Է , դուք խո գիտե՞ք, ախպըրտինք,— բացատրում էր նա,— օր մենք մեր Գյումրի քաղաքը մզկիթ չունինք։ Վո՞վ իմանա, մեկ էլ տեսար, մոլլեն ուզեցավ, օր կրոնքից խոսի, յա թե չէ՝ շարիաթին հակառակ գնացող մե մուսուլմանիմ դատը պիտի կտրենք։ Լավ կէղնի՞, օր բազարի մեջ ձեզի ըսենք՝ ախպըրտինք, դուս էկեք խայֆախանեցեն, առանձին գործ ունինք․․․ Էդոր հմար էլ, մեր մայլի մեջ էդ տեսակ մի տեղըմ մեզի հարկավոր էր․․․
Եվ նայում էր Իբրահիմը հանցավորի նման։ Բայց ոչ միայն նա, այլն նրա զրուցակից հայերն ու հույներն էին կախում գլուխները։ Ամաչո՞ւմ էին նրանք, թե՞ լուծում էին փնտրում, թե այդ ինչի՞ց էր, որ չնայած իրենց այդքան մտերմությանը, այնուամենայնիվ հարկավոր էր առանձին հավաքատեղ ունենալ, անհրաժեշտ էր տարբեր թաղամասերում ապրել, և իրար հետ չէին կարող ամուսնանալ ոչ միայն մահմեդական թուրքն ու քրիստոնյա հայը, այլև հույնն ու հայը, որոնք երկուսն էլ քրիստոնյա էին։ Ավելին՝ իրար հետ չէին կարող ամուսնանալ երկու հայեր, եթե նրանցից մեկը լուսավորչական էր, իսկ մյուսը՝ կաթոլիկ․․․ Ամաչո՞ւմ էին նրանք, թե լուծում էին փնտրում, թե այդ ինչի՞ց էր, որ թուրքը չէր ուտում հայի մորթած միսը, հայը՝ թուրքի պատրաստած պանիրը, մինչդեռ նույն թուրքն ու հայը խմում էին նույն սուրճը, ուտում էին նույն լավաշը․․․ Միաժամանակ, նրանք խորշում էին միմյանց ամանից ջուր խմել, իրարից ջրաման չէին վերցնում և չէին տալիս, չպղծելու համար, իրենց համոզմունքով՝ իրենց շրթունքները, ամանի տիրոջ համոզմունքով՝ ամանինը․․․ Այդ ամենը նրանց տարօրինակ էր թվում, բայց քանի որ նրանք վաղ մանկությունից էին սովորել դրանց, ուստի և, թուրքի պանիր ուտելու լոկ միտքը տհաճություն էր պատճառում նրանց, իսկ թուրքի հաց չուտելու միտքը՝ զարմանք․․․
Թուրքական թաղամասը, լանջի երկարությամբ ձգվելով, բոստանների վերևում իր մի ծայրով միանում էր հունական թաղամասին և հայկական քաղաքին։ Միացման այդ կետում գտնվում էր քաղաքի ամենամեծ բաղանիքը, որտեղ նորից նույն անիմաստ խտրության շունչն էր։
Բաղանիքն արևելյան սովորական բաղանիք էր՝ սևաքար պատերով, հանդերձարանի և լողարանի վրա երկու մեծ գմբեթներով։ Արտաքին դուռն ուղղակի բացվում էր հանդերձարանի վրա, որի կենտրոնում, բարձր գմբեթի մանրիկ լուսամուտների մեղմ լույսի տակ, սևաքար կլոր ավազանն էր՝ բարձր պատերով և կենտրոնում՝ ջուր հորդող կարմրաքար գուռով։ Պատերի, տակ կային բարձր ու լայն թախտեր, որ շրջանակել էին հանդերձարանը և ընդհատվում էին միայն դռների մոտ։ Թախտերի առջևամասերից վեր էին բարձրանում փայտե սյուներ, սյուներից մինչև պատ կապված էին պարաններ, որոնց վրա միասին բաղանիք եկած կանանց խմբերը կամ ընտանիքները կախում էին սավաններ՝ այդպիսով թախտի մասերը դարձնելով առանձին օթյակներ։ Դրա մեջ իհարկե վատ բան չկար։ Վատը և անհեթեթն այն էր, որ դա միայն հայերի և հույների հանդերձարանն էր։ Թուրքերն ունեին իրենց հանդերձարանը, որի դուռը գտնվում էր լողարանի դռան դիմաց։ Սենյակը նեղ էր ու երկար և ձգվում էր դռնից դեպի աջ և ձախ։ Այնտեղ, բացի երկու երկար թախտերից, որոնք առանձին մասերի չբաժանված, մերկ և միապաղաղ ձգվում էին ծայրեծայր, ուրիշ ոչինչ չկար։ Սենյակն իր լույսն ստանում էր ծայրի պատերի լուսամուտներից, բայց հայերի և թուրքերի հանդերձարաններն իրարից բաժանող պատի վրա, դռան երկու կողմերում, համարյա անկյունների մոտ, կային երկու ցածր ու լայն բացվածքներ։ Լույսի համար չէին դրանք անշուշտ, որովհետև թուրքերի հանդերձարանն ուներ սենյակի մերկությունն ավելի ընդգծող առատ լույս, իսկ հայերի հանդերձարանի գեղեցիկ կիսախավարին հարկավոր չէր ուրիշ լուսավորություն։ Ինչի՞ համար էին դրանք՝ չէր կարելի ասել։ Հայ երեխաներն իրենց հանդերձարանի թախտերի վրայից, և թուրք երեխաներն՝ իրենց, հանվելիս կամ հագնվելիս հաճախ նստում էին այդ բացվածքների գոգը և խաղ էին անում իրար հետ։ Այդպիսի դեպքերում արագ մոտենում էր նրանցից մեկնումեկի մայրը և իր երեխային քաշում էր հեռու։ Քիչ հետո, նույն երեխան, թախտի վրա չոքած, արմունկները բացվածքի գոգին հենած, լուրջ ու մտազբաղ նայում էր այն կողմ, որտեղ մայրը հագցնում էր նրա հասակակցին։ Նայում և իր մանկական ուղեղում գուցե արդեն հարց էր տալիս, թե արդյոք ինչո՞վ են իրենից տարբերվում նրանք, ովքեր գտնվում են այդ անիմաստ պատի մյուս կողմում․․․
Այս կողմում մի հայ կին երգում էր։ Իսկ այն կողմում, թուրք երեխայի տատը, հանվելիս քթի տակ կամացուկ ձայնակցում էր նրան, և երբ ուժ էր անում՝ բոխչան քանդելու և թասն այնտեղից հանելու համար, նրա երգի անորոշ մրմունջից բարձրաձայն թռչում էին նույն հայերեն բառերը։ Թե այն կողմում և թե այս, նույն փարխաջներն էին՝ «դեղին», «փախր» կամ «թութիա», նույն փեշտըմալները, նույն նալընները, նույն շիրին֊չայը, որ վաճառում էր մեծ հանդերձարանի մի օթյակում իր ինքնաեռն ու բաժակ-ափսեները ցուցադրած չայչի կինը, նույն գաթան էր, հալվան, փախլավան, որ կանայք բերում էին իրենց հետ, տնից՝ նույնանման բոխչաների մեջ կապած․․․
Լողարանում նույնպես թրքուհիներն ունեին առանձին սենյակ։ Մեծ լողարանի մի թևի վրա գտնվում էին տախտակե երկու բարձր ու նեղ դռներ՝ խնամքով ծածկված։ Դրանցից մեկի ետևում գոլորշու երկար ու նեղ սենյակն էր, իսկ մյուսը, նույնպես երկար ու նեղ՝ թուրքերի լողարանը։
Հանդերձարանից մտնելով մեծ լողարան, թրքուհիները գլխակախ գնում էին դեպի իրենց դուռը՝ չհասկանալով, թե ինչո՞ւ էր այդ այդպես։ Իսկ հայուհիներն ու հույն կանայք, գուռերի մոտ կամ գյոբակ֊դաշու՝ կենտրոնի շրջանաձև տափակ մեծ քարի վրա նստած, նույնպես տարակուսում էին և գլուխները կախում։ Վերևից, բարձր գմբեթի քրտնած քարերից, մի սառը կաթիլ ընկնում էր որևէ կնոջ վարդագույն, լիքը ուսի վրա և փլչում, բայց նա, մտքերով տարված, չէր էլ զգում այդ և չէր սրսփում։
Եվ այդպես ապրում էին կողք-կողքի հայերը, հույները, թուրքերը՝ այնքա՛ն բանով իրար մոտ, բայց և այնքա՛ն բանով իրարից հեռու․․․
2
Բոստանների մեջտեղով անցնող ճանապարհով դեպի թուրքական թաղամաս էր գնում չադրայով փաթաթված մի թրքուհի։ Արևոտ, շոգ կեսօր էր, և կինն ըստ երևույթին հոգնել էր։ Չադրայի նուրբ ծածկոցի տակ նրա գեղեցիկ մարմնաձևերը փխրվում և նորից էին գոյանում խոնջացած շարժումներով և միաժամանակ՝ անհանգստությամբ։ Բայց երբեմն թվում էր, թե ճանապարհն ու շոգը չեն նրան տանջողը, այլ մի ուրիշ, ներքին պատճառ։ Անհավանական էր թվում, որ նրա գեղեցիկ և ամուր սրունքները հոգնած լինեին, թեկուզև նա եկած լիներ քաղաքի մյուս ծայրից։ Նաև անհավանական էր թվում, որ նրա ջահել, առույգ կազմվածքը նվաղեր այդ ավելի շուտ հաճելի, քան թե այրող արևից։ Իսկ այն, որ նա խմել էր ուզում և շարունակ շուրջն էր նայում՝ աղբյուր գտնելու, նույնպես ապացուցում էր նրա ոչ թե մարմնական, այլ հոգեկան տապը, որովհետև նա փնտրում էր չափազանց տենդահար, չափազանց հուսահատ։
Վերջապես նա տեսավ մի սովորական աղբյուր՝ պատի քառանկյունի խորության մեջ։ Արագ մոտենալով և չադրան երեսից ետ տանելով, նա ձգվեց դեպի խողովակը։ Բայց հազիվ էին նրա շրթունքները հպվել փայլուն մետաղին, երբ ջուրը կտրվեց։ Կինը ճչաց և սարսափած ետ քաշվեց։
Նույն րոպեին աղբյուրի կողքին գտնվող դարպասի դռնակը բացվեց և մի հայ տղամարդ դուրս եկավ այնտեղից։
― Մի վախենա, բաջի,— ասաց նա թուրքերեն,― ախպուրը ես կտրեցի։ Ջուրը դարցուցի, օր բոստանս ջրեմ։ Ներող էղի, բաջի, ես չիտեի, թե խմող կար։ Ահան կերթամ՝ կբանամ
— Պետք չէ․․․— ասաց թրքուհին և նոր միայն զգաց, որ իր երեսը բաց է։ Նա արագ վրա քաշեց չադրան, չադրայի եզրերը բռնեց իր նուրբ ձեռքերով և շտապ հեռացավ։
Բոստանչին մնաց իր տեղում կանգնած՝ թրքուհու ետևից նայելով։ Նրան կայծակնահար էր արել կնոջ սքանչելի գեղեցկությունը։ Նույն երեկո նա իր մոտ հրավիրեց աղբյուրների հռչակավոր վարպետ ուստա Մկրտչին և չափազանց առատ վարձատրելով նրան, խնդրեց ուրիշ ջուր բերել իր բոստանի համար, որպեսզի աղբյուրը դրսում հոսի անընդհատ և հավիտենական։
3
Թուրքական թաղամասի մի խաղաղ անկյունում, որտեղ երեք կողմից երեք խուլ պատեր շրջապատել էին մի փոքրիկ հրապարակ, իսկ չորրորդ կողմից փողոցն էր անցնում, սաղարթախիտ մի քանի ծառերի տակ կանգնած էր թաղամասի աղբյուրը։ Դա սևաքար մի փոքրիկ շինություն էր՝ ութանկյուն և գմբեթածածկ։ Ութ պատերից մեկի վրա աղբյուրի խողովակն էր իր պայծառ ջրով, իսկ խողովակի վերևում, մի կարմիր քարի վրա, հայկական, հունական և արաբական տառերով փորագրված էր ուստա Մկրտչի անունը։ Մյուս յոթ պատերի վրա արաբական տառերով փորագրված էին յոթ իմաստություններ։
Թրքուհիներն աղբյուր էին գալիս թեթևաքայլ ու հանդարտ՝ կարծես երազի անմարմին էակներ։ Ջուր լցնելիս նրանք չէին խոսում իրար հետ, լուրջ էին և մտասևեռ։ Եվ աղբյուրը նույնպես, հոսում էր խաղաղ ու անձայն՝ զգուշանալով խախտել համատարած անդորրը։
Թրքուհին, որ ավելի հոգնած ու ծարավ էր երևում, քան քիչ առաջ, եթևաց փողոցի ծայրում։ Տեսնելով աղբյուրը, նա եկավ դեպի այն։ Երբ նա մոտեցավ, կանայք հարգանքով ետ քաշվեցին և մեկը նրան ջրաման առաջարկեց։ Թրքուհին ջրամանը չվերցրեց։ Շրթունքները մոտեցրեց խողովակին՝ խմելու, բայց հանկարծ ճչաց ու ետ քաշվեց։
— Ի՞նչ էղավ,— վախեցան բոլորը,— ի՞նչ էղավ, խանում․․․
Թրքուհին կանգնել էր սփրթնած ու դողահար։ Նա անթարթ նայում էր աղբյուրին, որից ջուրը շարունակում էր հոսել վճիտ ու պայծառ։
— Ի՞նչ էղավ, խանում,— կրկնեց հարցն առանց ջրամանի կանգնած մի տարիքոտ թրքուհի, և նրա աչքերում կար ոչ այնքան հետաքրքրություն, որքան պահանջ։
— Հեչ, վենձ բաջի․․․ Ես մտածմունքի մեջ էի․․․ Էդոր հմար էլ, երբ աշքս ընկավ ախպուրի վրա ուստի անվանը, ընձի էնպես թվաց, թե էնտից ընձի տղամարդ աշեց․․․
Եվ մեծ ճիգով փորձեց ժպտալ։
— Կպատահի,— ասաց տարիքոտ կինը։— Կրնա էղնի՝ հիվա՞նդ ես։
Այս անդամ թրքուհին ժպտաց անբռնազբոսիկ և թախծոտ։
― Սրտի հիվրնդութուն ունիմ, վենձ բաջի․․․
— Ըշտը վախենալդ էդորեն է,— բացատրեց տարիքոտ կինը։— Հմը դու շատ մի մտածե։ Ում սիրտն օր բարակ է, էնիկ շատ չպիտի մտածե՝ կըսե շարիաթը։
— Գիտեմ․․․ — հառաչեց թրքուհին, շնորհակալություն հայտնեց և գնաց։
Բոլորը նայեցին նրա ետևից։
— Վո՞վ է,— հարցրեց մեկը։
— Ես մեր բոլոր կնկտոց գիտեմ, հմը էդոր չեմ ճանչե,— ասաց երկրորդը։
— Էդիկ իրեք օր առաջ էկավ,— հաղորդեց տարիքոտ կինը։— Ես բաղնեցեն կուգայի, հանդըպավ Իբրահիմի ղայֆախանեցեն քիչըմ իսդին ու հարցուց, թե կրնա՞ մեր թաղի մեջ քրեհով մե տունըմ բռնե։ Ես ձեռաց մտքես անցուցի Հաբիբեի տունը․․․
— Հաբիբեի տո՞ւնը,— սարսափած բացականչեցին կանայք։
— Հա, մեղքս ի՞նչ ծածկեմ։ Գնացի մոլլիս քովը։ «Մոլլա,— ըսի,— էս քա՞նի տարի է, որ Հաբիբեի դուռը փակ է, ու մենք կսպասենք էնոր ետ գալուն»։ «Տասսը տարի»։ «Ախր, մոլլա, Մեքքա էրթալ֊գալը մե տարիմ էլ չպիտի քաշեր։ Ըսել է՝ էնիկ մեռել է։ Լավ բան չէ, օր էնոր գուռն էսքան տարի փակ է մնացե։ Մեր կնկտիք հնարել են, թե Հաբիբեն գողտուց ետ է դարցե ու տարեցեմ ավել է, օր գողտուց կապրի իրան տունը։ Իբրև թե, գիշերներն էնոր դռան ետևեն ձեն կուգա։ Բանալ է հարկավոր ու մարդ բնակըռցնել»․․․
— Հաբիբեի տո՞ւնը,— բացականչեցին կանայք։
— Լսեք վերջը։ «Քրեհը կբաժանենք աղքըտներուն,— ըսի,— կամ թե չէ կհավաքենք ու էդով մեկիմ Մեքքա կղրկենք։ Համ կերթա ուխտ կէնե, համ էլ, վո՞վ գիտե, գուցե Հաբիբեին գտնի ու հետը ետ բերե»․․․ Մոլլես համաձայնվավ․․․
― Համաձայնվա՞վ մոլլեն․․․
— Հա։ Էդ կնիկը հիմի էնտեղ կապրի։
Գյուգյումն ընկավ մի կնոջ ձեռքից, և ջուրը թափվեց, Բոլորը քարացան։ Մեկը միայն, հազիվ շշնջաց․
— Ալլահի դեմ գործ է․․․ Թե օր խեղճ կնիկն իմանա իրան տան պատմութունը, լեղին պիտի պատռի։ Ինքն էլ էնքան վախլուկ․․․
— Իմացավ։ Խնդաց։
― Խնդա՞ց․․․— չհավատալով, կրկնեցին բոլորը։
— Հա։ Հանաք էրավ։ Ըսավ՝ ճիշտ է, Հաբիբեն ետ է եկե, Հաբիբեն ես եմ, Ալլահն իմ ուխտս կատարել է․․․
Բոլորը հանգստացած շունչ քաշեցին։
— Իգիթ կնիկ,— բացականչեց մեկը։
— Քա՞նի տարեկան կէղնի,— հարցրեց մյուսը։
— Եռսընչորս֊եռսընհինգ,— ենթադրություն արեց տարիքոտ կինը։
— Անունն ի՞նչ է։
— Էլի Հաբիբա։
4
Հաբիբայի շենքը թուրքական թաղամասում ոչնչով նման չէր Գյումրու այլ շինություններին։ Այն ոչ թե սև քարից էր, այլ կարմիր աղյուսից և ուներ բոլորովին այլ կառուցվածք։ Դրա անպատուհան և խուլ պատի վրա մշտապես փակ էր փոքրիկ, ամուր դարպասը։ Այնպես էր թվում, թե այն երբևէ չէր կարող բացվել։ Թվում էր, որ եթե բացվեր էլ, դրա ետևում ոչ թե մուտք էր լինելու, այլ նույնպիսի խուլ պատ։
Այն փողոցը, որի վրա գտնվում էր Հաբիբայի տունը, շատ կարճ էր և շարունակ անմարդ, որովհետև ուրիշ ոչ մի բնակարանի դուռ չէր բացվում այնտեղ։ Փողոցն իր երկու ծայրերով դուրս էր գալիս երկու այլ փողոցների ոչ բանուկ մասերի վրա։
Երբեմն, պատահաբար այդ փողոցով անցնելիս, փոքրիկ երեխաները զվարճության համար չխկչխկացնում էին Հաբիբայի դարպասի փակը։ Հարվածների հնչյունները տարածվում էին թնդուն ու խուլ, ինչպես մամռապատ ջրի մեջ նետված ծանր քարերի ձայներ։ Երեխաները վախենում էին դրանից և երկրորդ անգամ այլևս թակը ձեռք չէին վերցնում։
Ինչպես երեխաները, այնպես և մեծերը, առաջվա նման դեռ այժմ էլ շարունակում էին խուսափել այդ տանը մոտենալուց։ Այն, որ հիմա այնտեղ ապրում էր ջահել Հաբիբան՝ ոչինչ չէր փոխել։ Նա նույնքան փակ ու խորհրդավոր կյանք էր վարում, որքան և անցյալում նրա նախորդը։ Ոչ ոք չգիտեր, թե ե՞րբ էր նա տանը լինում, ի՞նչ էր անում, ե՞րբ էր բացակայում, ո՞ւր էր գնում․․․
Ճիշտ է, այդ ամենն այլևս չէին վախեցնում մարդկանց և իհարկե վախը չէր նրանց հեռու մնալու պատճառը։ Այժմ բնակիչները հեռու էին մնում պարզապես այն պատճառով, որ միևնույնն էր, այնտեղ բնակվող թրքուհին անհուսորեն անմատչելի էր նրանց համար։ Թե կանայք, թե մանավանդ տղամարդիկ, այրվում էին հետաքրքրությունից, բայց միջոցներ չգտնելով որևէ բան տեղեկանալու, դադարել էին փորձելուց։ Այն քիչ բանը, որ գիտեին նրանք, վերաբերում էր բնակարանին։ Դուրս էր եկել, որ պառավ Հաբիբան հարուստ կին էր եղել և թողել էր ընտիր կահ-կարասի, զարդեր, հագուստեղեն․․․ Ո՞վ էր եղել նա և ե՞րբ էր եկել Գյումրի՝ ոչ ոք չէր կարող ասել։ Վաղուց մնացած մի ավանդություն էր շրջում մարդկանց մեջ, թե իբր Հաբիբան եղել էր մի հարուստ հնդիկի այրի և ո՞վ գիտե ինչ հեռուներից և ինչի համար էր թողել֊եկել այդ քաղաքում իր վերջին տարիներն անցկացնելու։ Մոլլան նոր բնակչուհուն պատմել էր այդ ավանդությունը, որը նրան շատ էր դուր եկել։ Նա գնել էր Հաբիբայի տան ամբողջ սարքուկարգը և արդուզարդը, որով պարզվել էր, որ նա ևս, իր նախորդի նման, հարուստ էր։
Այդքանը միայն։
Եվ նորից խուլ էր պատը, և նորից փակ էր դարպասը։
Բայց ահա, արագ քայլերով այդ փողոցը մտավ մի երիտասարդ։ Թեև նա թուրք տղամարդկանց նման փափախ էր դրել և ոչ թե շափխա, բայց ուշադիր նայելիս կարելի էր նկատել, որ հայ էր։ Նա մտավ փողոց, կանգ առավ մի րոպե, ձևացրած անտարբերությամբ նայեց դեսուդեն, և ապահովվելով, որ ոչ ոք իրեն չի նկատել և չի հետևում, շտապ մոտեցավ Հաբիբայի դարպասին և չորս անգամ թակեց։ Սպասեց մի պահ, ապա նորից թակեց չորս անգամ։ Դարպասը կիսաբաց եղավ, երիտասարդը մտավ ներս, դարպասը փակվեց։
5
Երիտասարդն իրեն զգաց լիակատար մթության մեջ։ Դարպասը, որով նա ներս էր մտել, արդեն խուլ փակված էր, և դրա շատ նեղ մի քանի ճեղքերից սպրդել էին միայն արևային բարակ երիզներ, ինչպես նուրբ ոսկեթելեր՝ մթության մեջ կախված, առանց լուսավորելու որևէ բան։
— Ի՞նչըղ գտար տունը, ազիզ ջան,— վախեցած շշուկով հարցրեց թրքուհին։ Նա հայերեն էր խոսում, և խոսում էր նույնքան լավ, որքան և թուրքերեն։
— Քու անուշ հոտովդ գտա, անուշ ջան, քու ամուր քաշելովդ գտա, քաշող ջան․․․
— Չէ, դուն ըսա, թե ի՞նչըղ գտար տունը․․․
— Աշքերս խփի՝ սերդ ընձի բերեց, անկըջներս խփի՝ ձենդ ընձի բերեց․․․
— Չէ, չէ, դուն ըսա, թե ի՞նչըղ գըտար տունը։
― Ի՞նչըղ չգտնեի։ Քու քաղցր լիզվի նկարագրութունով գտա։ Դուն օր ըսիր, թե մեր գաղտնիքի պես փակ տունըմ է՝ էդիկ ընձի հերիք էր։
Նույն րոպեին դարպասի թակն ուժեղ չխչխկաց մի քանի անգամ։ Թրքուհին վախեցած ճիչ արձակեց և կպավ տղային։ Տղան ամուր գրկեց նրան և նրանք շնչները պահեցին։ Բայց թակողը երեխաներ էին, որոնք թակի հնչյուններից վախեցած, շտապեցին հեռանալ ձայն տալով միմյանց։
— Զուր տեղը վախեցար, ազիզ․․․
— Շատ կվախենամ, ազիզ․․․ Քիչմ առաջ, ճամբու վրա, ծարվըցա։ Մոտեցա ախպուրին՝ ջուր խմելու, ախպուրը ցամքավ։ Մեր բռնած գործն ասսու սրտովը չէ․․․
— Մի մտածե, անուշ ջան, դարտակ բան է։
Թրքուհին ձայն չհանեց։
― Էրթանք նես,— ասաց երիտասարդը զվարթ ձայնով,— տեսնինք մեր սիրու տունը․․․
Թրքուհին նորից ձայն չհանեց։
— Էրթանք․․․ — կրկնեց երիտասարդը։
— Չէրթանք, անուշ ջան․․․․
Եվ թրքուհին աղերսական բռնեց երիտասարդի ձեռքը։
― Չէրթանք, ազիզ,— կրկնեց նա,— ես կվախենամ․․․ Գեշ բան կէղնի․․․
— Ի՞նչ գեշ բան էղնի,— բացականչեց տղան,— ես սաղ եմ քեզի հմար։ Վո՞վ կրնա բան էնե։ Էրթանք․․․
— Ես առաջ մեննակ մարդոցից կվախենայի, հմը հիմի ասսուց էլ կվախենամ։ Վո՞վ է տեսե, որ մարդ ունեցող կնիկը սիրական պաե․․․
Պատասխանելու փոխարեն երիտասարդը նրան վերցրեց իր թևերի վրա, սեղմեց կրծքին և մթության մեջ խարխափելով, փորձեց գտնել դուռը։ Երկու անգամ նրա ձեռքը կպավ դարբասին։ Ոչ, այդ չէր պետք։ Իսկ կողքի պատերը որոնց վրա նա փնտրեց սենյակի մուտքը՝ խոնավ էին ու խուլ։
— Ո՞ւրտեղ է դուռը․․․
Կինը սարսափից կարկամած, փորձեց ազատվել նրա գրկից։
— Ո՞ւրտեղ է դուռը, ազիզ․․․
— Չիտեմ, մի հարցընե․․․
Վերջապես դիմացի պատի վրա տղայի ձեռքը շոշափեց երկաթե մի ունկ։ Տղան քաշեց այն և զարմացավ անսպասելիությունից․ այնտեղ, որտեղ նա սենյակ էր ենթադրում, տեսավ տան պարտեզը։
Փոքրիկ, քառակուսի բակ էր այն։ Պատերի տակ կային սպիտակասալ մայթեր։ Մեջտեղում, մայթերի պռունգներից սկսած, բուսել էին ցածրահաաակ և սաղարթախիտ ծառեր։ Դրանց ճյուղերն այնպես խիտ էին գրկել իրար, որ ամբողջ բակի վկա գոյացել էր կանաչ, խիտ ծածկ։ Տասը տարվա թափված տերևներն իրենց գույնը կորցրած և հողի երանգ ստացած, հաստ ու փափուկ գորգով ծածկել էին ողջ գետինը։ Դրանք թափթփվել էին նաև սպիտակ մայթերի վրա, որոնց վերևում ևս, ծառերն իրենց սաղարթներն էին տարածել։ Բայց սաղարթներն այդտեղ խիտ չէին, և արևի պայծառ ու խոշոր պատառներն ընկել էին մայթերի վրա՝ ավելի շեշտելով կենտրոնի կանաչավուն կիսախավարը։
Պարտեզի կենտրոնում կար սև քարե մի քառակուսի ավազան՝ գետնին հավասար պռունգներով։ Դրա կենտրոնից, կարմրաքար գուռից, բուղխ հորդում էր ջուրը և թափվում ավազան։ Երևում էր, որ ջուրը փակ էր եղել, և թրքուհին նոր էր բացել այն, որովհետև ջուրն ավազանում թարմ էր և չմամռակալած։ Ավազանի շուրջը նկատվում էին ծաղիկների մարգերի հետքեր, որոնք նույնպես ծածկված էին մեռած տերևներով։
Բնակարանը բռնում էր դիմացի ողջ պատը, որ զվարթ֊նարնջագույն աղյուսից էր։ Պտտի կենտրոնում, քառանկյունի խորության մեջ, դուռն էր, դեպի որը բարձրանում էին քարե մի քանի աստիճաններ։ Մուտքի մի կողմում պատն ուներ սպիտակ շրջանակներով երեք սովորական լուսամուտներ, իսկ մյուս կողմում համարյա ողջ պատը բռնել էր մի քառակուսի մեծ լուսամուտ՝ բազմաձև գույնզգույն ապակիներով։
Բակի մյուս պատերն ևս նարնջագույն աղյուսից էին։ Կողքերի պատերի տակ օժանդակ սենյակներն էին՝ նեղ դռներով։ Փողոցի վրայի պատը՝ դարպասի երկու կողմերում, ուներ սրածայր կամարներով երեքական որմնախորշեր՝ սպիտակ սվաղած։ Այդ որմնախորշերում դրված էին տարբերաձև վեց խոշոր սափորներ, որոնց բրոնզն ամբողջովին փորագրված էր արաբական բառերով։
— Սաղ Գյումրին էլ օր ոտի կայնի, անուշ, էլի չպիտի կրնընա գտնի մեր ոիրու տունը,— բացականչեց տղան։— Հեչ մի վախենա։
Թրքուհին փաթաթվեց նրա պարանոցով։ Տղան իր գրկից բաց չթողնելով նրան, քայլեց դեպի բնակարանի դուռը։
6
Հատակն ամբողջ ծածկված էր գորգերով։ Երեք պատերը, մինչև իրենց բարձրության կեսը, նույնպես ծածկված էին գորգերով։ Իսկ գորգերից մինչն առաստաղ՝ նուրբ մանրանկարներ էին, որոնք տեղ֊տեղ ընդհատվում էին սրածայր կամարաձև որմնախորշերով։ Պարտեզի որմնախորշերի նման, այդտեղ ևս, շարված էին սափորներ, բայց ավելի փոքր, և ոչ միայն բրոնզից, այլև գունազարդ կավից, ճենապակուց, արծաթից։
Առջևի պատն ամբողջովին՝ բազմագույն ապակիներով լուսամուտն էր։ Այնտեղ կային հազար ու մի չափի օղակներ, աստղեր, արևներ, ծաղիկներ՝ բաղկացած մանր ու մեծ ապակիների խայտաբղետ ներդաշնակությունից։ Այնքան բազմագույն էր այդ լուսամուտն իր բազմաձև ապակիներով, որ թվում էր հիանալի մանրանկար, որտեղ վառվող գույները կարծես պայծառ ներկեր լինեին և ոչ թե դրսից թափանցող արևի լույսը։
Առաստաղի չորս անկյուններում կային ուռուցիկ քանդակներ՝ բաղկաղած եռանկյունիներից, որոնք ծածկված էին հայելու կտորներով։ Հայելու նույնպիսի կտորներով էր ծածկված նաև առաստաղի կենտրոնը, որտեղից կախված էր բրոնզե մի մեծ ջահ։
Թե՛ լուսամուտի, թե՛ գորգերի, թե՛ պատերի մանրանկարներն այդ բեկբեկուն հայելիների մեջ անդրադառնում էին գույների ու ձևերի ամենաանհնար կոտրատումներով։
Սենյակի խորքում, գորգերից մեկի վրա թեք ընկած և թևն ասեղնագործ մետաքսե մի բարձի հենած, այդ հայելիներին էր նայում երիտասարդը։ Նրա մոտ, ամոթից շառագունած և ավելի գեղեցկացած, գլխահակ նստել էր թրքուհին։ Վերևից անշարժ կախվել էր ջահը, որի վրա մոմերը չէին վառվել ահա տասը տարի։ Հատակին, կնոջ խոնարհած հայացքի ներքո, փռվել էին գորգի անիմանալի նկարները։
Հանկարծ երիտասարդը նայեց դեպի լուսամուտը և բազմաբղետ լույսն արտացոլվեց նրա աչքերում։ Առանց նայելու կնոջը, նա ձեռքը դրեց նրա ձեռքի վրա և շշնջաց․
— Ես կիստըկեմ այգին տասսը տարվա մեռած տերևներեն, ազիզ, թող ուրախ էղնի մեր սիրու տունը։ Ես կնորոգեմ մարգերն ու նորից ծաղիկներ կցանեմ էնտեղ, ազիզ, թող զվարթ էղնի մեր սիրու տունը։ Ես կնոսըրցնեմ ծառերու ճուղքերն արևի հմար, ազիզ, թող պայծառ էղնի մեր սիրու տունը․․․
— Հարկավոր չէ, ազիզ, չկամեցողը երդիք կելնի, էնտից կնկատե քեզի։ Թող էսպես մնա․․․
— Ես ծառ ու ծաղկի ուստա կկանչեմ, զարդարել կուտամ այգին, ազիզ։ Թող մեր սերը լավ անցնի ու լավի մեջ անցնի․․․
— Հարկավոր չէ, ազիզ։ Առանց էն էլ դուն շատ ես մխսե։ Ընչի՞ հմար։ Ես տասսը տարով քեզնեն վենձ եմ։ Դուն ջաել տղա ես, դուն ընձի շուտ պիտի մտեհան էնես․․․ Էսքանն էլ օր էրիր ընձի հմար՝ էքսանն էլ հերիք է․․․
Երիտասարդը ձեռքով փակեց նրա շրթունքները, որ նա այլևս չշարունակի, ապա գրկեց նրան և նայեց նրա մաքուր֊սպիտակ ճակատին։
— Դուն տասսը երկնքով ընձնեն բանձր ես, անուշ։ Տասսը տերև բացած ծաղիկ ես դուն։ Տասսը գարուն տեսած աղունիկ ես դուն․․․
Թվաց, թե երիտասարդը մեծ տղամարդ էր, իսկ փարթամ ու լիքը կինը փոքրիկ աղջիկ։ Մնալով մի քիչ այդպես գրկախառնված, կինը հանկարծ տագնապով դուրս եկավ տղայի թևերի միջից, ձեռքը դրեց սրտին և մրմնջաց․
— Գեշ բան պիտի էղնի, ազիզ, սիրտս անհանգիստ է։ Մեր սերը երկան տևել չի կրնա։ Կնիկ արարածն էսքան երջանիկ էղնելու իրավունք չունի․․․
— Մի խոսի, մի ըսե․․․
— Դուն պզտիկ ես, դուն չիտես, գեշ բան պիտի էղնի, հոգի․․․
Տղան մռայլվեց։ Նա իր մազերի գանգուրը ետ տարավ ճակատից, նայեց ջահերի հանգած մոմերին և շշնջաց․
— Ընչի՞ մեր սերը հալածված ջեյրանի պես էս տունը մտներ։ Ընչի՞ ամընչեինք մարդոցից ու աշխըրքից։ Ընչի՞, ախր ընչի՞․․․
Կնոջ աչքերը թրջվեցին արցունքից։ Տղան շարունակեց․
— Աշխարքը կթքե մարդուց բաժնըվող կնկա երեսին։ Աշխարքը կթքե էդ կնկան առնող մարդու երեսին։ Մենք իրավունք չունինք իրար հասնելու, մեր սերը գողութուն է․․․
— Ընչի՞, ախր ընչի՞․․․
7
Քաղաքի հեռուներից հասան եկեղեցիների զանգերի ձայները։ Կինը ցնցվեց․
— Գնա, հոգի, գնա։ Հիմի բոլոր տղամարդիկ բազարից տուն կուգան։ Էնոնք չպիտի նկատեն չէ թե էս տնեն քու դուս գալդ, չպիտի տեսնին էս մայլից էրթալդ։ Դուն ձախ կողմի դարտակ փողոցով իջի բոստընները։ Էդ կողմեն քեզի մարդ չի տեսնի․․․
— Կէրթամ, հոգի, կէրթամ․․․
— Չէ, հիմի գնա, ազիզ, ախր ես էլ պիտի էրթամ, ուշ է։
Տղան վեր կացավ, դրեց փափախը։
— Մեկ էլ ե՞բ կուգաս, անուշ,— դիմեց նա կնոջը։
— Էլի կիրակի օրը։
— Օր ես մեռնի՞մ մինչի կիրակի, անգութ։ Գոնյա ուրբաթ օր։
— Ուրբա՞թ,— ներողամիտ Ժպտաց կինը․— թուրքի կիրակի՞ն։ Բոլոր տղամարդիկ էդ օրը մայլեն կէղնին, բոլոր ապրողներըհ տներեն դուս, փողոցները կէղնին․․․
— Գոնե շաբաթ օրը․․․
― Չէ, ազիզ,— հառաչեց կինը։— Օր շուտ֊շուտ գամ՝ մեր տնեցիք կնկատեն։ Օր շուտ-շուտ հանդըպինք՝ աշխարքը մեզի շուտ կբաժնե իրարուց․․․ Ես մեննակ կիրակի օրերը տնեն դուս գալու պատճառ ունիմ․․․
Տղան գլխիկոր դուրս ելավ թրքուհու հետ։ Երկու դարպասների մութ միջլանցքում նա համբուրեց կնոջը և ետ քաշեց փողոցի դարպասի փակը։ Թրքուհին գլուխը հանեց դուրս, նայեց աջ ու ձախ։
— Մարդ չկա, ազիզ, գնա․․․
Երիտասարդի գնալուց հետո սպասելով մոտ քառորդ Ժամ, կինը նույնպես դուրս ելավ, մեծ բանալիով կողպեց դարպասը և նույնպես ձախ կողմի անմարդ փողոցով իջավ դեպի բոստանների միջով անցնող ճանապարհը։
Նրան ևս ոչ ոք չնկատեց։
8
Քաղաքի փողոցներում վերջալույս էր։
Դռների մոտ դրված քարերի վրա նստել էին հասակավոր գյումրուհիները և գուլպա էին գործում։ Մատների մեքենայական շարժումներով ճաղերն աշխատեցնելով, նրանք նայում էին անցորդներին կամ պարզապես դեպի փողոցի մի ծայրը։
Այն փողոցները, որոնք ձգված էին հյուսիսից֊հարավ, արդեն գտնվում էին աղջամուղջի մեջ։ Միայն դրանց անկյուններում մայթերը լուսավորվել էին ոսկե եռանկյունիներով, ցույց տալով, որ հատող փողոցները դեռ ողողված էի արևի վերջին լույսով։
Որքա՛ն պայծառ էր երևում արևի վերջին այդ լույսը գրոհող ստվերների մեջ։ Արևմուտքից֊արևելք ձգված փողոցներում որքա՛ն համառ էին կառչել ճիգից կարմրած ճառագայթներն ապակիներին, պատերի կարմիր քարերին և բարդիների գագաթներին․․․
Արևի մեջ նստած գյումրուհիները թվում էին վերջալույսային էակներ, և թվում էր, թե շողերի մարվել-հանգչելու հետ միասին պիտի լուծվեին ու չքանային նաև նրանք՝ դռների մոտի քարերը թողնելով դատարկ․․․
Կանանց ձեռների ջերմությունից տաքացած, ճաղերը շարժվում էին արագ, գուլպաների կարճ փողերը երկարում էին քիչ առ քիչ։ Բայց երբ փողոցով փչում֊անցն ում էր մարմնի համար չզգացվող մի հով՝ ճաղերը սառչում էին կանանց ձեռքերի մեջ և կարծես կարծրանում։
Կանանց կողքերին նստել էին երեխաները՝ խելոք, մտասույզ, վերջալույսի պահից տագնապած։
Գյումրուհիները, ուշադրություններն արդեն դեպի գործվող գուլպան, մինչև մութն ընկնելը վերջացնելու համար, շրթունքների մեքենայական շարժումներով պատմում էին երեխաներին հին պատմություններ, նրանց ավանդում էին հռչակավոր գյումրեցիների կյանքն ու վարքը։
Պատմում էին նրանք մի գյումրեցու մասին, որն իր տունը կառուցելիս հիմքի չորս անկյուններում դրել էր ուրագ, օղի, մատանի և խաչ։ Եվ պատմում էին մի այլ գյումրեցու մասին, որը քառասուն տարի ապրել էր մի մեռած աղջկա սիրով և այդպես էլ մեռել։ Եվ պատմում էին մի գյումրեցու մասին, որն ամբողջ կյանքում շրջել էր իր պատանն ուսին գցած, մտախոհ ու համրաքայլ։ Եվ պատմում էին մի գյումրեցու մասին, որը վաղուց ի վեր պատրաստել էր տվել իր գերեզմանաքարը՝ վրան փորագրել տալով ամեն հարկ եղածը՝ բացի մահվան թվականից։ Եվ պատմում էին մի գյումրեցու մասին, որը եղել էր քաղաքի ամենաբարձր եկեղեցու՝ Կաթուղիկեի վրա խաչն ամրացնողը, որի համար ստացել էր Արդար մականունը։ Եվ պատմում էին մի գյումրեցու մասին, որը բազմաթիվ անգամներ մերձիմահ հիվանդացած, հագնվել էր մի կերպ, դուրս էր եկել տնից և օրորվելով գնացել օղետուն, խմել էր խեղդվելու չափ, վերադարձել էր տուն՝ կրկնակի օրորվելով, և հաջորդ օրն արթնացել էր նորից առողջ։ Եվ պատմում էին մի գյումրեցու մասին, որի եղբայրն աքսորված էր և որը հինգ տարի շարունակ, ամեն երեկո, սեղան էր պատրաստում, վառում էր տան բոլոր լամպերը, գնում էր կայարան՝ նրան դիմավորելու, և վերադառնում էր մենակ։ Եվ պատմում էին մի գյումրեցու մասին, որը եղել էր նշանավոր որմնադիր և ստեղծել էր համատարած հռչակ։ Թագավորը Գյումրի այցելելիս հիացել էր նրա պատերի յուրահատուկ շարվածքով և ցանկացել էր տեսնել նրան։ Բայց երբ գնացել էին նրա ետևից, նա եղել էր սարսափելի հարբած և քնած։ Թագավորը վերադարձել էր, բախտն անցել էր վարպետի մոտով՝ առանց նրան քսվելու․․․
Պատմության մի կետում կանայք նկատում էին շուկայից տուն վերադարձող իրենց ամուսիններին կամ զավակներին և վեր էին կենում։ Երբ տղամարդիկ մոտենում էին և բարի երեկո մաղթում, կանայք հեզ պատասխանում էին բարևին և նրանց ետևից մտնելով ներս՝ դուռը փակում։
Գլուխ երկրորդ
1
Բոստանչին, որի աղբյուրն այժմ հոսում էր անընդհատ ու միշտ, նստել էր փողոցում՝ իր բոստանի դարպասի մոտ և նայում էր անցնող֊դարձող մարդկանց։ Պայծառ կիրակի ցերեկ էր և շատ գյուղացիներ, սայլերով կամ հետիոտն, գալիս֊անցնում էին գյուղերից դեպի քաղաք՝ շուկաները։ Իսկ քաղաքի կողմից գերեզմանոց էին գնում սև հագած կանանց փոքր ու մեծ խմբեր։
Նայում էր բոստանչին նրանց բոլորին, բայց ըստ երևույթին նրան ոչինչ չէր հետ աքրքրում, նրա միտքը ոչինչ չէր զբաղեցնում։
Ինչո՞ւ էր մնացել նա այդտեղ կիրակի օրով։ Ինչո՞ւ չէր գնացել քաղաք, որտեղ իրենց խանութների փակ դռների մոտ հավաքված կամ ղայֆախանաներում նստոտած, զրույց էին անում ծանոթ արհեստավորները։ Նա կարող էր գնալ քաղաքի հյուսիսում գտնվող Ձիթողցոնց Զաբոր կոչվող զբոսավայրը, որտեղ կիրակի օրերը համարյա ողջ քաղաքն էր լինում։ Նա կարող էր գնալ նվիրական Ախուրյանի ափը, որտեղ հովասուն ծառերի տակ խնջույք էին անում իր հասակակից արհեստավորները, և լողանում էին գեղեցիկ կազմվածքով երեխաներ։ Վերջապես նա կարող էր գնալ տուն, որտեղ նրան սպասում էր նրա ընտանիքը։ Բայց նա չէր գնում ոչ մի տեղ, և նրա դեմքը թախծոտ էր։ Ըստ երևույթին նա ծանր մտքեր ուներ և ուզում էր մնալ մենակ։
Քաղաքի կողմից երևաց մահվան թափոր։ Ժողովուրդը, բոստանների զույգ պատերի միջև սեղմված, գալիս էր դանդաղաքայլ և բերում էր մի թանկարժեք դագաղ։ Թափորի առջևից դալիս էին յոթ քահանաներ՝ ոսկեկար դեղին և կարմիր շուրջառներով։ Երկու տիրացուներ բուրվառում էին, շատ այլ տիրացուներ բերում էին խաչվառներ, սրբապատկերներ։
Բոստանչին նայեց թափորի կողմը և փորձեց հիշել, թե ո՛վ պիտի լիներ արդյոք այդ հարուստ մեռելը։ Երբ հիշեց՝ նա արհամարհանքով շարունակեց նստած մնալ և նույնիսկ շափխան չհանեց։ Գլխավոր քահանան, որ մյուս քահանաների հետ միասին սաղմոս էր երգում, բոստանչու մոտով անցնելիս աչքերը բարկացած չռեց նրա վրա և ավելի բարձր երգեց։ Տիրացուն սպառնագին բուրվառեց բոստանչու երեսն ի վար և առաջ անցավ։ Բայց բոստանչին ուշադրություն չդարձրեց նրանց վրա։ Իսկ երբ նրա մոտով անցկացրին դագաղը, նա բարձրաձայն հորանջեց և ասաց՝ «փառք ասսու»՝ ինչպես ասում են հորանջելիս։
Դագաղի ետևից գալիս էին լացող տիկիններ՝ սև վուալներով և մինչև արմունկները հասնող սև ձեռնոցներով, գալիս էին փոդպատավոր պարոններ՝ շլյապաներ դրած։ Նրանց ետևից գալիս էին գործակատարներ և ընդհանրապես հասարակ ժողովուրդ։ Թափորի ետևից գալիս էին մուրացկաններ՝ չդաբաղած կաշվե տոպրակները փոկերով մեջքներից կախած։ Իսկ ամենից վերջում, զույգ-զույգ, գալիս էին բազմաթիվ դատարկ կառքեր։
Երբ մուրացկաններն անցան և կառքերի առաջին զույգը հավասարվեց բոստանչուն, նա վեր կացավ աթոռից և ձայն տվեց մուրացկաններին․
— Մելքոն, Ավետիս, Առաքել հայրիկ․․․
Մի ծեր և երկու խեղանդամ ետ նայեցին։
— Ձեզի հետ եմ։ Էն ախպորս էլ իմաց տվեք, էն քուրոջս էլ։ Ետ դարցեք էկեք, բան պիտի ըսեմ․․․
Մուրացկանները մոտեցան և բարևեցին։
— Ամոթ չէ՞, ախպրրտինք, մարդ էլ էդոնց դագաղի ետևեն էրթա՞։
— Ի՞նչ էնենք, Երանոս ախպեր,— արդարացավ երկու աչքով կույր ու ծաղկատար մի երիտասարդ,— ուրախութան օրը մեզի մտեհան կէնեն, ըսինք գոնյա սգի վախտը մտներն ընկնինք․․․
— Հաստատ օր ջաել ես,— ներողամիտ ձպտաց բոստանչին։— Տե, ախպրտինք, էսօր դուք իմ ղոնախս եք։ Մտեք բոստանս, քաղեք՝ ինչ օր սրտներդ կուզե։ Ում տոպրակն օր լիքը լցված չէղավ՝ էնոր դուս չեմ թողնե։
— Ասպած քեզի երկան արև տա, Երանոս որդի,— սկսեց օրհնել ծերը,— ջուխտ ապրիս, մե բարձի ծերենաս․․․
Բոստանչին ծանր հառաչեց․
— Էդպես մի ըսե, հայրիկ։ Դուն էլ քույրիկ, էդպես մի ըսե։ Դուք ամմենքդ էլ ձեր արդար բերնով մե֊մե բերան ասսուն աղաչեք, օր մուրազս կատարե։ Ուրիշ բան չեմ ուզե։ Տե, մտեք նես․․․
Մուրացկանները մտան բոստան, իսկ Երանոսը մնաց իր տեղում կանգնած, աչքերը գետնին հառած, անորոշ մտածելով։ Փողոցի դեղնավուն փոշու մեջ խորը դրոշմվել էին մարդկանց և ձիերի խառնիխուռն ոտնահետքերը։ Եվ հանկարծ այդ փոշու միջով արագ մոտեցան մի գույգ ոտքեր։ Երանոսը ճանաչեց կանացի կանաչագույն կիսակոշիկները, ցնցվեց և նայեց վերև։
Գալիս էր թրքուհին։
Երանոսը կտրեց նրա առաջը․
— Բաջի՛․․․
Թրքուհին, չադրայով խուլ փաթաթված, կտրուկ կանգ առավ, ապա իսկույն, արագ ու բարկացած շարժումով, առաջ անցավ։ Երանոսը վերադարձավ դեպի պատը և փլվեց աթոռի վրա։
Քիչ հետո դարպասի դռնակը բացվեց և մուրացկանները դուրս ելան։
— Ձեզի չըսի՞ օր տոպրըկներդ լիքը լցնեք․․․
— Լավ, Երանոս ախպեր, ըպը նամո՞ւսն ինչ կըսե։ Մենք շնորակալ ենք քեզնեն։ Էսքանն էլ մեզի շատ֊շատ է։ Ասպած թող․․․
— Ես էլ եմ շնորակալ, բարով էրթաք։ Հմը կէրևնա, ասպած վրես շատ է հերսոտե․ զուր տեղը միք օրշնե․․․
Մուրացկանները տարակուսած նայեցին նրան և դանդաղաքայլ հեռացան դեպի քաղաք։
2
Շուկայի փողոցներից մեկի փակ խանութների աոջևով լուրջ ու մտասևեռ անցնում էր ուստա Մկրտիչը։ Բարձրահասակ, արխալուղը հագին, նա մահուդե շափխան թեքել էր դեպի ծոծրակը՝ բաց անելով իր լայն ճակատը։ Նա նայում էր հեռու, առջևում ինչ-որ տեղ, և կարծես տեսնում էր մի բան, որը միայն նրան էր տրված տեսնելու, որը չէր տեսնում նրանից բացի ոչ ոք։
Խանութների մոտ հավաքված մարդիկ բառի կեսի վրա ընդհատելով խոսակցությունը, ակնածանքով բարևում էին նրան՝ շափխաներն արագ հանելով, ապա, միայն նրա անցնելուց հետո՝ դանդաղ ծածկելով։ Ուստան պատասխանում էր գլխի աննկատելի շարժումով՝ համարյա չնայելով նրանց։
Ցերեկը մի քիչ էր անց, դեռ շոգ էր և ուստայի լայն ճակատի վրա կային քրտնքի մարգարիտներ։ Նա կանգ առավ, ետ տարավ արխալուղի փեշը, ձեռքը տարավ դեպի գոտին, վերցրեց այնտեղից կախված և իր մի ծայրով համարյա գետնին քսվող մեծ, վառ-կարմիր թաշկինակը՝ սպիտակ պուտերով, սրբեց ճակատը և նորից թաշկինակն իր տեղը կախեց։ Ապա արխալուղի գրպանից հանեց չիբուխն ու թութունի քիսան, թուլացրեց քիսայի ղայթանը, և չիբուխի գլուխը կոխեց թութունի մեջ։
Դիմացի ղայֆախանայից մարդիկ հետևում էին ուստայի շարժումներին։ Նա չիբուխը լիքը լցրեց թութունով, բթամատով սեղմեց-տեղավորեց այն, ապա բարակ ծխափողի ծայրն առավ բերանը։ Անմիջապես ղայֆախանայից դուրս թռավ քսանհինգ տարեկանի չափ մի երիտասարդ և դեռ մյուս մայթի վրա լուցկին վառելով, կտրեց փողոցը, մոտ վազեց ուստային։
Ուստան նրա վրա ուշադրություն չդարձրեց։ Նույն քիսայից հանեց չախմախն ու չախմախաքարը, հանեց խավաթելը, դրեց քարի վրա և պողպատը խփեց քարին։ Թելի ծայրը մխաց, ուստան այն դրեց թութունի վրա և ֆստֆստացնելով, օդը ներս քաշեց։
Թութունը վառվեց։ Նույն վայրկյանին լուցկին այրվեց-վերջացավ երիտասարդի մատների միջև և խանձեց նրա մաշկը։ Նա, առանց ցավն արտահայտելու, կամացուկ վար գցեց այրված լուցկին և շարունակեց մնալ անշարժ կանգնած։
— Ո՞ւմ տղեն ես,— չափազանց խիստ հարցրեց ուստա Մկրտիչը՝ գործն ավարտելուց հետո։
— Օսկերիչ Վաղինակի։
― Վարոս մա՞նչն ես։
— Հրամանք կէնես։
— Ի՞նչ կէնեիր ղայֆախանեն։
Տղան ձայն չհանեց։
— Ամոթ է, ամընչե, հորդ հարստութունը կերար, խեղճ մարդն ավուր հացի կարոտ պիտի մեռնի։ Հերիք չէ՞ ղայֆախանեքն ու միկիտընները քաշ գաս։
— Հորեխպայր,— փորձեց արդարանալ Վարոսը,— ես միկիտան ոտք չեմ դրե, իսկ ղայֆախանեն էլ՝ գործով մտա։ Դռան քովը նստած, աչքս ճամբուն, ըսկորս կսպասեի․․․
— Un՛ւս․․․— Եվ ուստան չիբուխը հանեց բերանից։— Սալախանա՛։ Ափսոս էն հերը, օր դուն ունիս։
Վարոսը գլուխը կախեց։
Ղայֆախանայում տիրեց լռություն։
― Ի՞նչ արեստի ես։
— Արեստ չունիմ, հորեխպայր։
— Ապրիս։ Օսկերչութունը թևդ կցավցնե՞։
Վարոսն ամենայն խոնարհությամբ լուռ մնաց։
— Քեզի հարկավոր է դամըրչի Բաղդասարի քովը ղրկել, օր օսկըռներդ ջնջխե։ Համ արեստի ղադրը կիմանաս։ Համ փողի․․․ Տե ռադ էղի աշքես, անառակ․․․
Եվ ուստան շարունակեց ճանապարհը։
Բարկությամբ գլուխը ցնցելու ժամանակ ուստայի չիբուխի արծաթե կափարիչը փակվել էր։ Նա միայն այժմ նկատեց այդ և բաց արեց։ Չիբուխի գլխի մոտից կարճ շղթայիկով կախված ձողիկը պտղուցի մեջ առնելռվ, նա սկսեց խառնել թութունը։ Երբ նորից կրակը բորբոքվեց, ուստան թողեց ձողիկը և թեքվեց դեպի բոստանների մեջտեղով անցնող ճանապարհը։
3
Որքան որ խուլ ու սեղմված էր բոստանների մեջտեղով անցնող ճանապարհը, այնքան ընդարձակ և լայնահորիզոն էին բոստանները։ Մտնելով դրանցից մեկի դարպասով, մարդ իրեն անմիջապես կզգար այլ աշխարհում, որտեղ չկային դեղին, թանձր փոշի և երկնքի կապույտը սահմանափակող բարձր պատեր։ Բացվում էր բոստանների լայնարձակ տեսարանը, որ փռված էր մինչև հեռու դաշտերը։ Բոստաններն իրարից սահմանագծված էին միայն խոպան հողի նեղ շերտերով, որոնք միաժամանակ իշասայլակների ճանապարհներ էին։ Այդ ճանապարհների երկու եզրերին ցանցառ շարված էին հովասուն ուռիներ և բարձրահասակ բարդիներ։ Ուռիներ և բարդիներ կային նաև բոստանների մեջ՝ այստեղ֊այնտեղ։ Յուրաքանչյուր բոստանի կենտրոնում կանգնած հոլիկն ևս, երեք կողմից շրջապատված էր ծառերով՝ բաց ունենալով միայն ճակատի կողմը։ Հոլիկներից յուրաքանչյուրի ետևում կանգնած էր մի փոքրիկ սայլակ, որի մոտ կապված, արածում էր մի էշ։ Ծառերի զույգ շարքերի միջև, արխով հոսում էր ջուրը և գնում դեպի հարևան բոստանները։
Բոստանների ետևում՝ հեռու, շատ հեռու, սկսվում էր խոպան դաշտը, որտեղ քաղաքի աղբն էր թափվում կույտերով։ Այնտեղ արևի տակ պսպղում էին ապակու մանր կտորներ։ Մի քանի տարի հետո, աղբով պարարտացած հողի վրա, պիտի աճեին նորանոր բոստաններ և ծառեր, իսկ աղբասայլակների ճանապարհն ավելի պիտի երկարեր։
Բոստանների միակ պատերը նշանակված էին գյուղերից դեպի քաղաք տանող ճանապարհը պատնեշելու համար, որպեսզի անցորդները, գլխավորապես գյուղացիները, չմտնեին բոստան։
Այժմ նորից էին անցնում նրանք իրենց սայլերով, վերադառնում էին գյուղ։ Դեռ հազիվ էր կոտրվել կեսօրը, և նրանք, իհարկե, արևով կհասնեին տեղ։
Գյուղացիներից մեկը վար ցատկեց սայլի վրայից, մոտեցավ պատի մեջ շինված մի աղբյուրի, գյուղացու ահագին կումերով շտապ կուլ տվեց ջուրը և գետնագործ շալե չուխայի թևքով սրբելով թաց բեղերը, վազեց հասնելու իր սայլին։
Երբ վերջին սայլն անհետացավ պատերի ոլորի ետևում, քաղաքի կողմից երևաց ուստա Մկրտիչը։ Դեռ հեռվից տեսնելով դատարկ աթոռը Երանոսի դարպասի մոտ, նա վերցրեց, իր հետ տարավ ներս, դրեց պատի տակ և գնաց դեպի հեռու հոլիկը։
— Բարի օր, Երանոս։
— Ասսու բարին, ուստա Մկրտիչ,— անակնկալ այցելությունից ուրախացած, ասաց բոստանչին՝ արագ դուրս գալով հոլիկից, մի ձեռքին՝ դանակ, մյուսին՝ բահի կոթը։— Էս ինչըղ լավ բան էրիր, օր էկար։ Համմեցի, համմեցի։
— Գործդ էրա, գործդ էրա,— ասաց ուստան՝ տեսնելով, որ Երանոսը վար է դնում դանակն ու բահի կոթը։
— Ամենավենձ գործը քու հրամանքիդ ծառայելն է, ուստա Մկրտիչ։
Ուստան նստեց հոլիկի պատի տակ դրված թախտի վրա և շափխան հանեց։ Լայն ճակատից վերև նա ուներ խիտ, սև մազեր։
— Էս ի՞նչըղ միտքդ քցիր, ուստա ջան։ Բանձր նստի։ Կեցի բարձ բերեմ։
— Բարձ չեմ ուզե։ Ճամբու թոզը հոգի հանեց։
Եվ չուստերը հանելով, ուստան թափ տվեց դրանց մեջ լցված հողը, ապա բրդե գուլպաների կապերը շալվարի փողերի վրա ամրացնելուց հետո ոտնամանները նորից հագավ։
— Ի՞նչ բանի ես, Երանոս։
— Ուստա ջան, մե խորովածմ էնեմ։
— Չեմ ուզե, ես շնորակալ եմ։
— Ուստա ջան, դեմ մի էղնի։ Օրեցեն մե օրըմ բոստանս ես էկե։
― Թե րախի ունիս՝ բե։ Ուրիշ բան պետք չէ։
― Րախին իրան կարգին։ Ըպը զակուսկի՞։
― Բոստանդ կուտենք։
Երանոսը հոլիկից բերեց գավով լիքը օղի և կավե գավաթներ, ապա մտավ վարունգի և պոմիդորի մարգերը, քաղեց, բերեց։
— Մե քան իմ հատ էլ կծու տաքդեղ բե։
— Աշքիս վրա, ուստա։
Երանոսի գնալուց հետո ուստան վերցրեց դանակը, որով բոստանչին բահի կոթն էր տաշում, և սկսեց վարունգներն ու պոմիդորները կտրատել։ Վարունգների կլեպները փռեց և ուտելիքը կտրատեց վրան։
— Էս տպրի լոբիդ ի՞նչղ է,— հարցրեց նա մոտեցող Երանոսին։
— Շատ լավ է։
Եվ բոստանչին կանաչ տաքդեղները դրեց ուտելիքի մոտ։
— Հմը, ուստա ջան, զուր տեղը չթողիր մե խոըովածմ էնեի։
— Նստի։ Բանը մե անգամ կըսեն։
Երանոսը ժպտաց․
— Բարձի խոսքն է՞լ չէնեմ։
― Չէ։
Ուստան վերցրեց տաքդեղներից մեկը, կիսեց։ Տաքդեղը կիսվեց շրխկալով, և նրա միջից բուրեց սուր կծվությունը։
― Լավ տաքդեղ ունիս։
― Շնորհակալ եմ, իմ հողս տաքդեղի ու լոբու հող է։
Երանոսը նստեց, օղի լցրեց և վերցրեց իր գավաթը․
― Տե, ուստա ջան, բարով ես էկե։ Կենացդ։ Շատ էի իմացե քու մասիդ՝ լավն էի իմացե։ Հմը հետդ ծանոթութուն չունեի։ Անցած շաբթուն օր ծանոթացա՝ լավեն էլ լավը տեսա։ Ես մե երջանիկ մարդմ եմ, օր բոստընիս ջուր բերելեն ետև դուն չգնացիր ու գնացիր, այլ էսօր ընձի միտքդ քցիր ու էկար։ Հիմի ես մե նպատակմ ունիմ, օր մեր բարեկամութունն էս րախու պես կարճ չէղնի, այլ էն ախպուրի պես երկան։ Սաղ էղնիս, ուստա ջան, հազար տարի ապրիս, հազարն էլ հազար բարիքով ապրիս․․․
Երանոսը մի ումպով դատարկեց օղին և վերցրեց մի կտոր վարունգ։
― Ես, Երանոս ջան,— սկսեց ուստա Մկրտիչը՝ գավաթ վերցնելով,— շատ մարդու չեմ հավնի։ Վո՞վ գիտե, մարդն ինչքա՞ն պիտի լավն էղնի, օր ես հետն էրթամ֊գամ։ Հմը, ուղիղն ըսած, էն օրը, եբ օր դուն ընձի կանչեցիր, թե՝ բոստնիս հմար ուրիշ ջուր բե, օր ախպուրս վազե ամմեն ժամանակ, դուն ընձի դուր էկար։ Քա՞նի տարեկան ես։
― Եռսընիննը։
― Ես եռսընհինգ կսեպեի։ Ինչորա, էլի քեզնեն վեց տարով վենձ եմ ու դուն ընձնեն չպիտի նեղենաս։ Ըսելս էն է, օր քու մե բանըդ հեչ դուրըս չէկավ։ Էդ էն էր, օր դուն ընձի էնքան առատ վճարեցիր։ Ես կվերցնեմ, իմ թևս չի ցավի, հմը տվողն իրան փողի ղադրը պիտի իմանա։ Քեֆ կէնես՝ բան մի խնաե, բազար կէնես՝ լիզու֊բերան մի խնաե,— վենձանաց խոսք է։ Հիմի, թե ասպած տվեց ու դուն իմ ըսածս մարդը դուս էկար՝ ուստա Մկրտիչը քեզի ծառա։ Թե օր փուչ դուս էկար՝ ասպած քեզի հետ, ասպած էլ ընձի հետ։ Սաղ էղնիս․․․
Օղին խմելուց հետո ուստան վերցրեց մի տաքդեղ, թաթախեց աղի մեջ և առանց կոպն անգամ թարթելու, կերավ։
Թեև բոստանների ու դաշտերի լայնարձակ տեսարանի վրա դեռ պայծառ արևն էր, բայց թախտի վրա փռված ջեջիմի վառ նախշերն արդեն խունացել էին հոլիկի պատի ստվերից։
Երանոսը նորից օղի լցրեց։
― Ուստա ջան, հրաման տու պատմեմ քեզի, թե ընչի բոստրնիս ջուրն ու ախպըրիս ջուրը ջոկ էնել տվի։ Օր պատմութունս իմանաս, էլ ընձի չես մեղդըրե շռայլութան հմար։ Էրածս բանը մատղի պես բանմ էր, իսկ մատղի հմար, դուն ընձնեն լավ գիտես, օր փող չեն խնաե․․․
Ուստա Մկրտիչը գոտկի ետևից հանեց չիբուխը և գրպանից՝ թութունի քիսան, դրեց կողքը և սկսեց լսել։
― Ուստիս օր ըսեմ, մե օրըմ, օրն էլ ցորեկ էր, աշեմ տեսնիմ՝ կոտեմս ջրել է հարկավոր։ Տե, դուն ընձնեն լավ գիտես, օր մենք բոստըններեն վազզող առվի ջրով մեննակ կարտոֆիլը, լոբին, դդումն ու էդ տեսակ բաները կջրենք։ Հմը կոտեմի և առհասարակ կանընչի հմար, թե օր կուզես կանանչըդ լավն էղնի՝ խմելու ջուր է հարկավոր։ Մե խոսքով, գնացի, օր ախպուրս դարց ընեմ դեպի մարգը։ Հլը նոր էի ջուրր փակե, եբ օր դսեն մեկը ճչաց։ Դուս թռա, տեսնիմ՝ մե թուրքիմ կնիկ, գույնը քցած, կայնե ու ցամքած ախպըրին կաշե։ Վո՞վ իմանար, թե ի՞նչ կանցներ մտքեն։ Դուն լավ գիտես, ուստա ջան, օր էդ թուրք միլլաթը, մեզնեն շատ չէղնի՝ մեզի չափ կրոնքապաշտ է։ Գուցցե կմտածեր, թե էս ախպուրն օր կտրավ՝ ասսանից էր։ Ըսել է՝ ասպած իրեն վրեն նեղեցեր է։ Էդտեղ, ուստա ջան, ես մի տեսակմ էղա։ Ջուրը մարդն է կտրե, հմը էնիկ ասսու էրածը կսեպե։ Մեղավորը ես էի․․․
Ուստան, որ չիբուխ էր պատրաստում, ընդհատեց գործը․
— Սխալ ես։ Մարդու ջուր կտրելն էլ ասսու կամքով կէղնի։ Կրնա էղնի, օր էդ րոպպեին ասպած ինքն էր քու ձեռքիդ հրամանք էնողը։
― Մենք, ուստա ջան, մեղավոր մարդիկ ենք։ Թե ասպած մե անգամըմ մեր ձեռքին ճամբա ցույց տա, սատանեն տասս անգամ ցույց կուտա։ Կրնա էղնի, օր ինքը սատանեն էր էդ գործն էնողը, օր անմեղ կնիկը վախենար․․․
Ուստան չախմախ խփեց։
― Մտածեցի,— շարունակեց Երանոսը,— ավելի լավ չի՞ էղնի, օր ջուրը միշտ վազզե ու մարդու մեղավոր ձեռքը չդիպնի էնոր։ Թե ասպած չուզենա, օչ մե մարդմ իրան ջրեն խմե՝ թող ինքն իրան հրաշքով կտրե էդ ջուրը։
Ուստան ծուխը ներս քաշեց, ապա մտածկոտ դուրս փչեց և սկսեց երկար մտածել։ Երանոսն անթարթ նայում էր նրան։
— Վերցու թասդ, Երանոս,— ասաց վերջապես ուստան։— Էս էլ թող քու կենացդ էղնի։ Թող ասպած քու բարիդ հիշե, չարըդ մտահան էնե։ Ապրիս շատ, չապրիս վատ։ Քու էրածիդ նպատակն ընձի հեչ դուր չէկավ։ Տա ասպած, օր էդ սխալմունքդ վերջի սխալմունքդ էղնի։ Ես քսան տարվա ուստա եմ, քսան ախպուր եմ շինե, հմը հեչ չեմ տեսե, օր ասպած իրան սեփական ձեռքով ջուր կտրե։ Քու էդ մտածմունքդ ասսուն փորցել կնշանակե։ Ասպած կգործե մարդու ձեռքով։ Ճիշտ է, սատանեն էլ կգործե մարդու ձեռքով, հմը էնտեղ էլ ասսու մատը խառն է։ Էնպես օր, էդ րոպպեին քու ջուր կտրելդ մե երկնային նշանմ է էղե։ Ասպած չէ ուզեցե, օր էդ կնիկը ջուր խմե։ Տա ասպած թողութուն թե էնոր մեղքերուն, թե քու, թե իմ ու թե առհասարակ աշխրքի։ Կենացդ։
Ուստան խմեց, կերավ մի տաքդեղ և շարունակեց ծխել։
— Շնորակալ եմ, ուստա ջան,— պատասխանեց Երանոսը,— օր դուն ընձի խրատ տվիր, օր դուն իմ կենացս խմեցիր։ Քու ըսածդ խոսքն իմ գլխուս էլ պառկավ։ Ճիշտ է, ես սխալմունք եմ էրե։ Հմը ախպուրն ասսուն հաճելի գործ է։ Թե իմ ախպուրս առաջ տասէրկու ժամ կվազզեր, հիմի քսանչորս ժամ կվազզե։ Առաջվա տասէրկու մարդու տեղակ հիմի քսանչորս մարդ կխմե էնոր ջրեն։ Առաջվա տասէրկու բերնի տեղակ հիմի քսանչորս բերան թողութուն կխնդրե իմ մեղքերուս հմար։ Տա ասպած, օր էնոնց բարեմաղթութունն իմ էդ մեղքս էլ ջնջե։
― Ամմեն,— մրմնջաց ուստան։
Երանոսն իր դատարկած գավաթը վար դրեց և մի կտոր պոմիդոր կերավ։ Հետևյալ երեք գավաթը նրանք խմեցին լուռ՝ ամեն մեկն իր մտքերի հետ։ Արևն արդեն իջնում էր դեպի վերջալույս։
― Ի՞նչ գերդաստան ունիս, Երանոս։
— Էրկու պզտի ախպըրտինքս, նշանածս, վեց տարեկան աղջիկս։ Մե օրըմ մեր տուն համմեցէ, ուստա ջան։ Ասպած սաղ պաե, դո՞ւն ինչ ունիս։
― Մերս, նշանածս, ութ տարեկան տղես։ Առջինեկս օր չմեռներ, հիմի տասնութ տարեկան էր։ Ես էլ վենձ գերդաստան չեմ։
― Ասպած վենձըցընե։
— Ամմեն։
4
Խմիչքը նկատելի ազդել էր Երանոսի վրա։ Նա դարձել էր ավելի թախծոտ, բայց միևնույն ժամանակ աշխուժացել էր։ Շուտ֊շուտ օղի էր լցնում, վերցնում էր իր գավաթը և երկար նայում էր հեռու հորիզոնին, ուր իջնում էր արեգակը։ Մի անգամ այդպես նայելով, նա գավաթ բռնած իր ձեռքով շոշափեց, գտավ ուստայի գավաթը, իր գավաթը չխկացրեց դրան և սկսեց խոսել՝ կարծես ինքն իր հետ կամ դիմելով արեգակին․
― Ես շատ կզարմանամ աշխըրքի վրա։ Եռսընիննը տարի է, օր կապրիմ, հմը էլի կզարմանամ։ Էս ի՞նչ տեսակ հրաշք բան է աշխարքը, ո՞ւրտից է ծագե։ Կսեն՝ ասպած է ստեզծե։ Տե, ես էնոր զորութանը մատաղ էղնիմ, հմը «ասպած է ստեղծե» խոսքը շատ կարճ է, ես էլ անհասկըցող մարդ եմ։ Կուզեմ, օր մեկը նստի ու ընձի երկան֊բարակ բացատրե, թե վո՞վ ենք մենք, ընչի կապրինք ու էդոր մեջ ի՞նչ տեսակ նպատակ կա։ Ընչի՞, օրինակի հմար, իմ ծնողքս ընձի այսինչ աղջկա հետ նշանեցին, ոնչ թե այնինչ։ Ինչո՞ւց է, որ հայ ու թուրք կա ու էդոնց մեջ խտրութուն կա։ Ինչո՞ւց է, օր մարդու սիրտը մեկին չկպավ՝ չի կպնի, կպավ՝ չի պոկվի։ Ինչո՞ւց է, օր ադաթ կա, օրենք կա ու մարդն իրան ուզածի պես ազատ չէ․․․
Նա գավաթը դրեց վար, նայեց ուստա Մկրտչին, որ լուռ ծխում էր և ուշադիր լսում։
― Մարդը, ուստա ջան, կրնա ամմեն րոպպե ընկնի մեռնի։ Օրինակի հմար, բահի կոթը տաշել ես ու դանակը դրել ես մարգի պռնգին։ Մեկ էլ, ոտքդ քարին դիպավ կամ թե թաց հողի վրա սլըքտաց, ընկար, մտավ սիրտդ։ Ասսու գործն է։ Հմը ես շատ կուզեմ ապրիլ ու իմանալ, թե, օրինակ, մարդն ի՞նչըղ պիտի ապրի մե եռսուն֊քառսուն տարի ետև, վո՞վ պիտի նստի էս թախտի վրա, ո՞ւր պիտի աշե, ի՞նչ պիտի մտածե․․․ Մեկ էլ կսեմ՝ աշես էն վախտ պիտի էղնի՞ն էս թախտը, էս հոլիկը, էս բոստանը, էս ադաթն ու օրենքը․․․
― Ամմեն բան կէղնի, Երանոս, դուն թասդ դարտըկե։
Հանկարծ բոստանչին դիմեց ուստային․
— Դաուլ֊զուռնա բերել տա՞մ, ուստա ջան։
― Չէ, ուշ է, էրթըլու վախտ է։
Խաթրս մի կոտրե։
— Չէ, Երանոս ջան, մութն ընկավ, պիտի էրթամ։
― Լավ, ուստա ջան, հլը շուտ է, քիչմ էլ նստինք։
Երանոսը գավի մեջ մնացած օղին դատարկեց գավաթները և մտավ հոլիկ։
— Երանո՛ս։
— Համմե։
― Էլ չբերես։
― Մե գավըմ, ուստա ջան, մեննակ մե գավըմ։
― Խո չպիտի՞ հարբինք, Երանոս, պետք չէ։
Բոստանչին կոտրված դուրս ելավ հոլիկից։ Նա մի քիչ օրորվում էր։
— Էս անգամ էլ խաթրս կոտրեցիր, ուստա ջան։
― Պզտի ախպոր խաթրը վենձի ծառան է։ Նստի՛։
Արևն ամբողջովին իջավ։ Անմիջապես դարձավ երեկո։ Ուստան վերցրեց իր գավաթը, նայեց բոստանչուն, հետո հանկարծ նայեց ավելի ուշադիր ու երկար, և առանց խմելու, գավաթը նորից տեղը դրեց։
― Տխուր ես, Երանոս։
Բոստանչին ձայն չհանեց։
— Դարդ ունիս։
Բոստանչին նորից ձայն չհանեց և խոնարհեց գլուխը։
— Րախու մեջ թաթխած դարդը չի խեղդի։ Դարդն ստեղծված է ընկոր հետ կիսելու հմար։ Ես քու վենձ ախպերդ եմ․․․
Երանոսը շուռ եկավ դեպի ուստան, բայց դարձյալ լուռ մնաց։ Նրա դեմքի վրա խաղում էր անվճռականությունը։
Ուստան իր գավաթը խփեց նրա գավաթին, խմեց։
Երանոսն իր օղուն ձեռք չտվեց։
― Սեր է ընկե սիրտս, ուստա․․․
― Ի՞նչ․․․
Տաքդեղը ցած ընկավ ուստա Մկրտչի ձեռքից։ Նա արագ վեր կացավ, դրեց շափխան, վերցրեց չիբուխն ու թութունի տոպրակը։
― Թքե՛լ եմ քու աղ ու հացիդ վրա։
Եվ շտապ քայլերով դիմեց դեպի հեռու պատի կողմը։
― Ուստա՛ Մկրտիչ,— սարսափած բացականչեց Երանոսը և կտրեց նրա առաջը։
― Հեռո՞ւ քաշվի, աննամուս։ Թյո՛ւ․․․ Ըպը տարի՞քդ, գերդաստա՞նդ, նամո՞ւսդ․․․ Է՞ս ինչ էր՝ լսեցի․․․
― Ուստա ջան, ես քո հոգուդ մատաղ, մի նեղենա, ներե։ Եմ ուզածս էլ ըշտը էն է, օր դուն ընձի մե խրատըմ տաս, թե ի՞նչըղ էդ սատանական սերը պոկեմ սրտես, քցեմ գիշերվա քամուն, օր չտեսնիմ էլ, թե ուր տարավ․․․ Ետ էրթանք․․․ Շատ կխնդրեմ․․․
― Էլի ես պիտի համբիրեմ,— ասաց ուստան տարակուսած և ետ դարձավ դեպի հոլիկը։— Տես հլը ինչ դուս էկավ։ Ես էլ գիտեի՝ պատվով, նամուսով մարդ ես․․․
― Ուստա ջան, առ էս դանակն ու սիրտս խրե, հմը էդպես մի խոսի։ Ամմեն մարդ աշխըրքի երեսը գոնյա մե անգամըմ սիրելու իրավունք ունի։ Ում սիրտն օր սեր կա՝ էլ ուրիշ կնիկարմատ չի կրնա մտնի ինտեղ։ Հմը ում սիրտն օր սիրուց դարտակ է՝ էնոր սիրտը քու խավաթելիդ պես է, կայծ ընկավ՝ կմխա․․․
― Ըպը նշանա՞ծդ,— շշնջաց ուստան՝ կարծես ինքն իր ձայնից վախենալով։
― Ասպած օղորմի ծնողացս հոգուն։ Ես էնոնց խոսքին չհակառակվելու հմար եմ առե էնոր․․․
― Լավ ես էրե։
― Հմը, աղջկաս ազիզ արևը վկա, ուստա ջան, տասսը տարվա մեջ ես էնոր հեչ մե օրըմ չեմ սիրե․․․
― Un՛ւս, Երանոս, ամոթ է, ջաել տղա չես։ Սե՞րս որն է։ Քուրըս ծնողացդ կամեցածը չէ՞։ Սուրբ պսակով հետդ կապվածը չէ՞։ Էն մատղաշ անասունի ծնողը չէ՞։ Տասսը տարի քու առաջդ ծառայե՞լ է, թե չէ։ Ըսիր, որ քեզնեն պզտի ջուխտ ախպեր ունիս։ Էնոնց շահել֊պաե՞լ է, թե չէ։ Հեռի իրանից, աշքը հո դուսը չէ՞, կամ բնութունը խո փուչ չէ՞։ Թե էդպես բան կա՝ ըսա։
― Չէ, ուստա ջան, ես երկնքե֊գետին շնորակալ եմ թե էնոր բարքեն, թե բնութենեն։
— Ի՞նչ կուզես։
Երանոսը ձայն չհանեց։
― Մարդը, օր հեռի լսողաց՝ լիրբ կնիկ էլ ունենա, էլի պիտի սիրե ու հետն ապրի, քանի օր գեշ կնիկն էլ ասսու տվածն է։ Գե՞շ է կնիկը՝ խրատ տու, ծեծե, հմը էնիկ էլի քուկդ է ու ասսու պսակն ավիտենական է։ Ուղղըվա՞վ՝ շատ լավ, չուղղըվա՞վ՝ պիտի քաշես ասսու պատիժը։ Օրենքն էդ է։ Լավ է, թե գեշ է՝ կնիկը մարդու բախտն է։ Մեննակ մահն իրավունք ունի էնոնց բաժանելու, իսկ մահեն ետև, մարդ լավ կէնե, օր նորից աշխարք չմտնի։ Դուն վենձ մարդ ես, Երանոս, էս ամմեն բանը պիտի գիտնայիր․․․
― Գիտեմ․․․ Ըշտը էդոր հմար էլ սիրտս արուն կուլա․․․
― Ամոթ է, Երանոս, խմած ես, չիտես ինչ խոսիս։ Օր այեղնաս՝ գետինը պիտի մտնիս ըսածներուդ հմար։
Նրանք լռեցին։ Հեռվում, հարևան հոլիկների լուսամուտներում, երևացին կրակներ։ Բոստաններից մեկում մի էշ կանչեց երկար ու աղեկտուր։ Երբ նա լռեց, լսվեց շատ հեռու մի շան անընդհատ, միապաղաղ հաչոցը։ Հետո դարձավ զարմանալի լուռ և խաղաղ։
― Իսկ ի՞նչ լրբի վրա ես սեր քցե։
― Էդպես բան մի ըսե, ուստա ջան, ես քու հոգուդ մեռնիմ։ Սիրտս մի ջարդե։ Խեղճ անասունը հետս լիզու էլ չէ թաթխե․․․․
― Ո՞ւմնոցեն է․․․
― Պատմածս թուրքի կնիկն է, ուստա․․․
― Թուրքի՞ կնիկ է․․․
Ուստան կատաղեց։ Նրա լայն ճակատի վրա ուռեցին երակները։ Նա համարյա գոռաց․
― Էն էլ թուրքի՞ կնկա վրա ես սեր քցե։
— Ուստա՛․․․
― Սո՛ւս, Երանոս։ Ոտքս կոտրեր, ես քու շեմքեդ նես չդնեի։ Արի, արի դարպազդ ցուց տու էրթամ։ Մութն է, չեմ գտնի։
Երանոսը թախտի վրայից արագ վերցրեց դանակը, դրեց ուստայի ձեռքը և քանդեց իր կրծքի կոճակները․
― Ահան դարպազս․․․ Բաց էրա, գնա, ուստա ջան, ձեռքդ դալարի․․․
Ուստա Մկրտիչը դանակը դրեց թախտի վրա։
― Թողութուն կէնես, Երանոս, ես քու բոստընիդ մեջ քու հետդ էդ տեսակ խոսելու իրավունք չունեի։ Հմը մեղքն իմս չէ։ Ես չլսած բաներ լսեցի, չտեսած բաներ տեսա․․․ Բարի գիշեր․․․
― Ուստա՛․․․
— Համմե։
― Էդ ծանտր խոսքերո՞վ կհեռենաս․․․
― Ի՞նչ կուզես։
― Խորուրդ չունի՞ս տալու, ուստա ջան։ Չէ՞ օր ես խորըրդի հմար բացի էս խոսքը։ Դուն իմ վենձ ախպերս ես․․․
Ուստա Մկրտիչը կանգ առավ։
— Խորո՞ւրդ․․․
Երանոսի խոսքերը հասան նպատակին։
Տիրեց երկարատև լռություն։ Խավարի մեջ ոչինչ չէր երևում։ Հանկարծ չխկչխկաց ուստայի կայծաքարը, և մանր կայծեր թռան։ Ուստան ծխեց։
― Լավ ըսիր, Երանոս, քեզի խորուրդ է հարկավոր։ Ես իրավունք չունիմ էս տեսակ հեռենալու։ Հմը իմ խորուրդս էն գլխուց պիտի քեզի հայտնի էղներ․— սիրտդ իստըկե էդ աղտից․․․
― Ի՞նչըղ իստըկեմ, ուստա․․․
― Գերդաստանեդ հեռու մի մնա, մեննակ մի մնա, պատվով֊նամուսով բարեկըմտիք ունեցի, լավ ընկերտանք ունեցի, ուրիշի սերը տես, բարի նախանձով նախանձե, ինքդ էլ սիրե, ադաթ ու օրենք ճանչըցի։ Գալով թուրքին, իհարկե, թուրքն էլ մեզի պես ասսու ստեղծածն է, էնոր ասպածն էլ էն է, ինչ օր մերը։ Հմը էնոր կրոնքն էլ է ուրիշ, ազգն էլ։ Ի՞նչըղ կրնա էղնի, օր քրիստոնա միլլաթը մահմեդականի հետ կապվի։ Էդ բանը ոնչ հայը կէնե, ոնչ թուրքը, ոնչ էլ մե ուրիշը։ Թե օր մեկն ու մեկն իրան կրոնքն ու ազգը փոխե, ետև նշանվի՝ էդ հլը կարելի է։ Հմը վո՞վ կփոխե։ Հայը փոխե՝ հայերն էնոր կսըպանեն, թուրքը փոխե՝ թուրքերը․․․
Թեև ուստա Մկրտչի վերջին խոսքերը հնչեցին շատ դաժան, բայց նրա ձայնը մեղմ էր և նա ըստ երևույթին այլևս բարկացած չէր Երանոսի վրա։
― Ամմեն գեղի օսկոռ գեղի շանը պիտի հասնի՝ հին օրենք է,— շարունա կեց նա․— թուրքը թուրքի հմար է ծնվե, հայը՝ հայի․․․
Երանոսը կանգնել էր գլխիկոր և ընկճված։
— Լավ, այ ախպեր, հայն ու թուրքն օր իրար առնին, էնոնց զավակն ի՞նչ ազգի ու կրոնքի պիտի էղնի։ Դուն ինքդ ըսա․․․
Բոստանչին լուռ էր։
― Առանց ազգի մարդ կէղնի՞․․․
Եվ մի քանի վայրկյան պատասխանի սպասելուց հետո, նորից հարցրեց․
― Առանց կրոնքի մարդ կէղնի՞․․․
Նա չիբուխը թխկթխկացրեց ծառի բնին, թափ տվեց մոխրից և դրեց գրպանը։ Այժմ նա խղճաց իր առջև կանգնած վշտաբեկ մարդուն։ Եվ նայելով մթությամբ պարուրված նրա կերպարանքին, ուստա Մկրտիչը հանկարծ ժպտաց իր սեփական երջանկության գիտակցությունից։ Խրատներից ավելի ահա թե ինչը կարող էր ներգործել Երանոսի վրա։ Եթե նա տեսներ սրբազան ավանդների պահապան իր մորը, ամուսնացած կնոջ հրաշալի տիպար իր Հեղնարին, տան ուրախություն ու զարդ ութ տարեկան իր Գալուստին, եթե նա գոնե մի անգամ լիներ իր ընտանեկան խաղաղ հարկի տակ և տեսներ, թե որքան բախտավոր կարող է լինել մարդը, նա անպայման կնախանձեր բարի նախանձով և կազատագրվեր այդ չլսված կախարդանքից։ Երանոսը լավ մարդ է և ափսոս է նա։
― Էրթանք, Երանոս, ես քեզի զինի պիտի պատվեմ։
— Ուստա ջան, ես շատ շնորակալ եմ։ Հիմի ախպերս պիտի գա։ Ընձի օր իստեղ չտեսնի, անհանգիստ կէղնի։ Մարդ է, մտքեն հազար բան կրնա անցընե։ Էղավ չորս օր, օր տուն չեմ գնացե։ Մնա մե ուրիշ անգամըմ կուգամ․․․
Ուստան հանկարծակիի եկավ․
― Պատիվս չե՞ս ընդունե․․․
Բոստանչին զգաստացավ, զգաց, որ վիրավորում է ուստային և ստիպվեց համաձայնվել։
― Լավ, ես մե քիչըմ ետև կուգամ, վենձ ախպեր։ Ներող էղի․․․
― Էդ կարելի է։ Իսկ թուրքի կնկա վրա ըսածդ խոսքերն անցած հաշվենք․ հարբած էիր․․․ Տունս՝ Ձորի Բողազն ում օր հարցնես՝ քեզի ցուց կուտա․․․
Հազիվ Երանոսն ուստա Մկրտչին ճանապարհ էր դրել և վերադառնում էր, երբ նրա հոլիկում վառվեց նավթի լամպը։ Եկել էր միջնեկ եղբայրը։
― Էսօր ընչի՞ տուն չէկար, ախպեր ջան,— հարցրեց նա մոտեցող Երանոսին։
― Մարդ կար քովս։ Ի՞նչ կա֊չկա տունը։
― Ի՞նչ պիտի էղնի, լավ է։ Մեննակ թե հարս-խանումը շատ անհանգիստ էղավ։ Կերակուր է ղրկե։
― Ես կուշտ եմ, անուշ ջան։ Իսկ հիմի տեղ պիտի էրթամ։ Դուն իստե՞ղ պիտի քնիս։
— Չէ, կանանչ պիտի տանիմ քաղաք։
― Հոլիկը հարուր դաստա թարխուն կա՝ էն էլ տար։ Տե, արի դարպազը փակե։ Բարի գիշեր․․․
― Բարի գիշեր, ախպեր ջան․․․
Երանոսը գնաց։
5
Երանոսը քայլեց արագ, որ հասնի ուստայի ետևից։ Ճանապարհը կորած էր մթության մեջ և բոլորովին անմարդ էր։ Տեղ-տեղ, մերթ մի կողմի պատի խոռոչում, մերթ մյուս, խաղաղաձայն հոսում էին աղբյուրները։ Դարպասները փակ էին, և պատերի ետևում անշշուկ էին ծառերը։
Երանոսը քայլերն ավելի արագացրեց։ Ճանապարհից թեքվելով դեպի թուրքական շուկայի փողոցը, նա հանկարծ նկատեց իր առջևից գնացող մեկին։ Հարբածությունի՞ց էր, թե խավարից, նրան այնպես թվաց, թե դա թրքուհին էր։
Երանոսը համարյա վազեց, որ մոտենա և ստուգի, բայց դեռ մի քանի քայլ չարած, առջևից գնացողը նայեց ետ և տեսնելով, որ մարդ է գալիս, չադրան վար առավ գլխից և անհետացավ մի դարպասի ետևում։ Երանոսը նետվեց այնտեղ։
Դա քաղաքի պանդոկներից մեկն էր։ Դրա բակում, մթության մեջ, կանգնած էին հայ գյուղացիների սայլեր, թուրք գյուղացիների արաբաներ, ռուս գյուղացիների ֆուրգոններ՝ անկարգ, խառնիխուռն, խիտ։ Ոչ ոք չկար։ Մարդիկ չայխանայումն էին և գիշերելու սենյակում, որոնք գտնվում էին ձախ պատի տակ՝ դրա ամբողջ երկարությամբ, իսկ եզները, գոմեշներն ու ձիերն ախոռումն էին, որը գտնվում էր աջ պատի տակ՝ նույնպես դրա ողջ երկարությամբ։
Պանդոկում իհարկե ոչ մի կին չէր իջևանում, և թրքուհին ոչ մի դեպքում չէր կարող մտած լինել շենքերը։ Եվ որքան էլ որ նա չադրան վար առած լիներ՝ մթության մեջ տղամարդու նմանվելու համար, բոստանչին իսկույն կնկատեր նրան լծարձակ սայլերի միջև։ Բայց Երանոսը, որ շատ լավ գիտեր պանդոկի ելումուտը, հասկացավ, որ թրքուհին պանդոկ մտավ ոչ թե թաքնվելու, այլ ետևի դռնով դուրս պրծնելու համար։ Եվ նա իսկույն նետվեց դեպի այդ դռնակը, որ բացվում էր զուգահեռ փողոցի վրա։ Այնտեղով դուրս գալով փողոց, բոստանչին արագ նազեց շուրջը։
Փողոցը դատարկ էր։ Ոչ ոք չկար։
Ո՞ւր կարող էր անհետացած լինել թրքուհին այդքան արագ․․․ Հատող փողոցները պանդոկի դռնակից բավական հեռու էին և հազիվ թե կինն արդեն հասած և թեքված լիներ դրանցից այն կողմ․․․ Իսկ շուրջը միայն փակ խանութներ էին։
Հանկարծ Երանոսը կռահեց, որ կինը կարող է մտած լինել եկեղեցի, որը գտնվում էր պանդոկի դռնակից ոչ այնքան հեռու։ Նա արագ անցավ փակ խանութների կողքով և մոտեցավ եկեղեցուն, բայց իսկույն անդրադարձավ, որ այդ ուշ ժամին բաց չի լինում ոչ մի եկեղեցի։
Գուցե թվացե՞լ էր նրան, գուցե չէ՞ր եղել ոչ մի թրքուհի։ Եվ իրոք, ի՞նչ գործ ուներ նա այդ ժամին իրենց թաղամասից դուրս։ Եվ ո՞ւր կարող էր գնալ իրենց թաղամասի հակառակ ուղղությամբ․․․
Մթության մեջ, խանութների դեղին, կապույտ կամ կարմիր փեղկերը երևում էին միանման մուգ գույնով։ Երանոսը քայլեց դրանց խուլ ու մութ շարքերի միջով դեպի քաղաքի գլխավոր փողոցը։
Այնտեղ, գլխավոր փողոցում, վառվում էին էլեկտրական լույսեր և բաց խանութներից գազի լամպերի պայծառ լույսը դուրս էր հորդել փողոց՝ առատ լուսավորելով այն։ Իսկ փակ խանութներն այդ փողոցում ունեին ոչ թե տախտակե փեղկեր, այլ երկաթե ճաղեր, և ներսում շարունակում էր վառվել լույսը, որի պատճառով այդ փակ խանութները նույնպես, թողնում էին զվարթ տպավորություն։ Խանութների վրա կային երկրորդ հարկեր, որ բնակարաններ էին՝ պայծառ լուսավորված գեղեցիկ լուսամուտներով։
Այդ փողոցը շքեղ էր, խանութները՝ ճոխ, բնակարանները՝ հարուստ։ Մայթերով անցուդարձ էին անում շլյապավոր ու փողպատավոր տղամարդիկ՝ ռեդիկյուլավոր և կորսետավոր կանանց հետ թևանցուկ, զբոսնում էին ռուս, երբեմն նաև հայ սպաներ՝ իրենց սիրուհիների հետ, օրորվում էին տուն վերադարձող հարբած գյումրեցիները, անցնում էին կառքեր՝ մերթ կենտ֊կենտ, որ սլանում էին արագ և մարդկանց տանում էին կայարան, երեկույթ կամ այլ տեղ, մերթ զույգ-զույգ և երեք֊երեք, որ գնում էին դանդաղ, կողք-կողքի։ Դրանց մեջ նստած էին լինում հարսանիքավորներ կամ պարզապես խնջույք անողներ, անպայման նվագում էր դաուլ-զուռնան, և բացականչում էր կառքի մեջ կանգնած մեկը՝ թափահարելով մի ձեռքում բռնած շիշը և մյուսում՝ բաժակը։ Փողոցների խաչկետում կանգնած ոստիկանը բեղերն էր ոլորում բավականությունից, բայց լրջանում էր՝ իսկույն և թշերն ուռեցնելով, ծակող սուր ձայնով փչում էր սուլիչը, որպեսզի դադարեցնեն նվագն ու բացականչություններն այդ վայելուչ փողոցում։
Երանոսը նայում էր կանանց՝ թրքուհուն գտնելու հույսով։ Թեև նա միայն մի անգամ էր տեսել նրա դեմքը և այն էլ՝ ընդամենը մի քանի վայրկյան, բայց չէր կասկածում, որ իսկույն կճանաչեր նրան։ Իսկ կինը, որ շարունակ չադրայի մեջ փաթաթված, նույնպես մի անգամ էր նայել բոստանչուն, և այն էլ նայել էր իր չափազանց շփոթված վիճակում, այժմ հազիվ թե ճանաչեր նրան։ Ուստի և, բոստանչին վստահ էր, որ կինն իրենից խույս չէր տա։
Բայց թրքուհին չկար։
Երանոսը, որ մութ փողոցում կնոջ չադրան վար առնելու և խուսափելու ժամանակ չէր կարողացել որոշել նրա հագուստը, այժմ իզուր շտապում էր այս ու այն մենակ կնոջ ետևից և նայում էր նրա դեմքին։ Անցորդները զարմանում էին նրա վրա և երբեմն նույնիսկ վախենում։
Փնտրելով իզուր, նա կտրեց֊անցավ գլխավոր փողոցի լուսառատ և բազմամարդ մասը։ Այժմ նրա երկու կողմերում կային միայն միհարկանի բնակարաններ, որոնց լուսամուտափեղկերն այդ ուշ ժամին արդեն ծածկված էին։ Միայն մի բնակարանի լուսամուտներն էին բաց, և այն էլ, հենց որ Երանոսը մոտեցավ՝ փակվեցին։ Կինը, որ փողոց էր ելել փեղկերը ծածկելու, վրա բերեց կեռերը և զարմացած նայեց բոստանչուն։
Երանոսն զգաց, որ հուզված կամ շփոթված տեսք ունի և զգաստացավ։ Դիմացը Ձորի Բողազն էր և ուստա Մկրտչի տունը հավանաբար հեռու չէր։ Հարկավոր էր կարգի բերել իրեն։
Երևաց մի կառք՝ առանց ձիերի, կառապանի դռան առջև կանգնած։ Մի դարպասի դռնակից դուրս ելան երկու մարդ, նրանցից մեկը բարի գիշեր մաղթեց մյուսին և գնաց, իսկ մյուսը նորից մտավ ներս և դռնակը փակեց։ Հանդիպեց ու ետ մնաց փողոցի անկյունում կանգնած մի աղբյուր՝ նույնպես ուստա Մկրտչի կառուցածը։ Լսելի դարձավ Ձորի Բողազով դեպի քաղաք հոսող Գյումրի֊չայի մեղմ խշշոցը։ Երանոսի ոտքերի մոտ գետակը մտնում էր կամարակապ գետնուղին և հոսելով տների ու փողոցների տակով, դուրս էր գալիս քաղաքի մյուս ծայրը՝ բոստանները։
Հասնելով գետակի բաց մասին, Երանոսն իր աջ և ձախ կողմերում, ջրի ափերից մինչև երկնքի բարձր երիզները, տեսավ լանջերի վրա պլպլացող բազմաթիվ կրակներ, որ չէին լուսավորում ոչինչ, և լսեց մի շան տխուր, միակերպ հաչոցը։
Սկսվում էր Զորի Բողազը։
6
Երանոսն ուռիներից մեկից մի ճյուղ պոկեց՝ շների հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար, և առաջ անցավ։ Մի քանի տնից այն կողմ, քարե մի նեղ սանդուղք ջրափից դիք բարձրանում էր լանջն ի վեր՝ կտրատվելով փողոցների եզրերին և վերջանալով ամենաբարձր փողոցի վրա։ Այնտեղ, իր շրջակա շենքերից ցայտուն զանազանվելով, կանգնած էր երկհարկանի մի բարձր տուն՝ կապույտ ներկած քարաշեն պատերով և ամբողջ երկրորդ հարկի երկարությամբ փայտյա գեղեցիկ, ծածկված պատշգամբով։ Տունը պատկանում էր ոսկերիչ Վաղինակին։ Երանոսը գիտեր այդ տունը և բարձրացավ դեպի այն՝ ուստա Մկրտչի տան տեղն այնտեղից իմանալու համար։
Տան առաջին հարկի մի անկյունը մանրավաճառքի խանութ էր, որ նույնպես պատկանում էր ոսկերիչ Վաղինակին։ Խանութը դեռ բաց էր և այնտեղ պայծառ լույս կար։ Բոստանչին մտավ։ Վաճառասեղանի ետևում նստած էր ոսկերչի կինը։
― Բարի իրիկուն, հարս֊աբլա,— ողջունեց Երանոսը։
— Ասսու բարին, ախպեր։
― Ուստա Մկրտչի տունը ո՞րն է։
Ոսկերչի կինն իր արժանապատվությունից ցած համարելով այդպիսի հասարակ ուստայի տան տեղն իմանալը, դեմքը ծռմռեց․
― Ես չիտեմ։ Մեր տան դուռը ծեծե, տղիս հարցու, գուցցե իմանա։
Նույն րոպեին խանութ մտավ տղան։
― Վարոս ջան, ուստա Մկրտչի տունը նշանց տու էս ախպորը,— դիմեց մայրը նրան։
Վարոսը ոտից-գլուխ չափեց բոստանչուն և առանց խանութից դուրս գալու, բացատրեց․
― Կիջնիս, կէրթաս ուղիղ՝ մինչի Ջուխ տախպուրը, էնտից էն կողմ՝ վրա չորս տունն է։
Երբ Երանոսը դուրս ելավ խանութից և գնաց, խանութում վառվող մեծ լամպի լուսավորությունից հետո հեռու և մոտիկ պլպլացող կրակները նրան թվացին այնքան մանր, և դրանցով լուսավորվող Ձորի Բողազն այնքա՛ն մութ․․․
7
Ուստա Մկրտիչը դուռը բացեց․
― Նես համմեցի, Երանոս ախպեր։ Տունս խո դժվար չգտա՞ր։
― Չէ, ընչի՞։
Փոքրիկ նախասենյակում, դեմ-դիմաց, գտնվում էին երկու դռներ։ Ուստան բաց արեց դրանցից մեկը և հյուրի հետ մտավ ներս։ Ներսում նա երկու ձեռքով ետ տարավ դռան կանաչ մահուդե ծանր վարագույրները և նորից կրկնեց․
— Համմեցի։
Բոստանչին շափխան դրեց նարդու սեղանի վրա՝ դռան մոտի անկյունում, և առաջ գնալով, նստեց։
― Յա՛,— զարմացավ ուստան,— էդ չէղավ։ Առաջի անգամ աթոռքի վրա նստող ղոնախը վերջի անգամ տանտիրոջ գլխուն կնստի։ Համմեցի, համմեցի թախտի վրա։
― Լավ է, նեղութուն մի քաշե, ուստա ջան։
― Է, ե՞ս եմ տանտերը, թե դուն,— կատակեց ուստան։— Իմ տանս մեջ ուրիշի կարգադրութուն չէղնի։
Երանոսը ժպտաց և տեղափոխվեց թախտի վրա։ Հենվեց մութաքաներից մեկին և գրպանից թաշկինակը հանելով, սրբեց ճակատը։
― Շուն խո վրա չհասա՞վ։
― Չէ, լավ պրծա։
Ուստան գնաց դուրս։
Մնալով մենակ, Երանոսը նայեց բուրջը։
Սենյակի մեջտեղում դրված էր ծալովի մեծ սեղանը, որի մի փեղկը բաց էր։ Սեղանի վարդագույն նախշերով սպիտակ սփռոցի վրա առատ լույս էր հորդում առաստաղից կախված չուգունե լամպը՝ սպիտակ մեծ լուսամփոփի տակ։ Լուսամփոփից վերև, սենյակում հաճելի կիսախավար էր։ Երկու լուսամուտների միջև, պատի վրա, չուգունե ոսկեգույն լամպակալով ամրացված էր ևս մի լամպ, որը վառված չէր։ Լուսամուտները ծածկված էին ժանյակավոր սպիտակ վարագույրներով, իսկ անմիջապես ապակիները՝ գունատ-կանաչավուն քողով։ Դուռը ծածկված էր կանաչ մահուդե ծանր վարագույրներով։ Դռան մոտի մի անկյունում նարդու սեղանն էր, որի վրա Երանոսն իր գլխարկն էր դրել, մյուս անկյունում՝ կլոր սեղանը՝ ծածկված ծաղկենկար կարմիր շալով, որի կախ ընկած ծոպերի հետ լուռ խաղում էր կատուն։ Խորքի մի անկյունում դրված էր բուֆետ֊պահարանը։ Բոլոր պատերը ծածկված էին գորգերով, որոնց վրա խփված էին ընտանեկան լուսանկարներ և այլ նկարներ։
Սենյակում կային ուրիշ շատ առարկաներ, շատ մանր֊մունր բաներ, որոնք գեղեցիկ և հաճելի էին դարձնում այն, բայց Երանոսը չզբաղվեց դրանցով։ Ճանապարհին նրան հանդիպած և անհետացած կերպարանքի պատճառով նա դեռ շփոթված էր և մտացրիվ։
Միջանցքում լսվեց ուստա Մկրտիչի ձայնը, որն ինչ֊որ կարգադրություններ էր անում, հետո մեղմ ճռնչաց մյուս սենյակի դուռը։
Երանոսը գրպանից հանեց հորից հիշատակ մնացած սև, փայլուն թութունի տուփը՝ բազմաճառագայթ արևի ոսկեգույն նկարով՝ կափարիչի վրա, և պատրաստվեց ծխախոտ փաթաթել, բայց նույն րոպեին սենյակի դուռը բացվեց ու ծածկվեց, կանաչ վարագույրները հանդարտ գնացին աջ ու ձախ, և դրանց միջև, ոտից գլուխ նույնպես կանաչագույն հագած, երևաց թրքուհին․․․ Երանոսը ցնցվեցի անակնկալից կայծակնահար։ Մի վայրկյան նրան թվաց, թե դա տեսիլ է, կանաչ տեսիլ դռան կանաչ վարագույրների միջև հայտնված։ Սակայն կինն առաջ շարժվեց, և որովհետև Երանոսի հետ դեռ ծանոթ չէր, ապա միայն անցողակի բարևեց գլխով և մոտեցավ պահարանին։
― Թե չար ես՝ խափանվի,— ասաց Երանոսը մտքի մեջ սառած հայացքը կնոջից չկտրելով։ Նա շատ էր լսել, որ հաճախ սատանան հրաշալի թրքուհու կերպարանք առած, գալիս է խելքից հանելու մարդկանց, բայց երբեք իր աչքով չէր տեսել այդ և երբեք չէր էլ հավատացել։ Սակայն այժմ, ահա նա կանգնած է իր աչքի առաջ․․․ Թե՞ հարբածությունից էր թվում այդ նրան և սենյակում ոչ ոք չկար․․․― Եթե չար ես՝ խափանվիր, խափանվիր․․․
Բայց եթե մի վայրկյան հնար լիներ ենթադրել, թե դա տեսիլ չէր, այլ ինչ-որ հրաշքով թրքուհին ինքն էր, ապա նա չճանաչեց բոստանչուն, որի շփոթմունքն անշուշտ վերագրեց իր անթերի գեղեցկության թողած տպավորությանը։ Նա նոր էր վերադարձել տուն, որովհետև դեռ դրսի հագուստով էր։ Նա հագել էր վառ֊կանաչ մահուդե երկար ջուբբա՝ մուգ-կանաչ կրծկալով։ Գլուխը ծածկել էր մետաքսե կանաչ թաշկինակով, որի ծայրերը նա թույլ կապել էր ծոծրակի վրա։ Թաշկինակի եզրից ներքև, նրա լայն ճակատը ծածկվպծ էր կանաչ թավիշե ճակատակալով՝ թանթանայով, որը զարդարված էր բազմագույն շալե թելերի քմահաճ շաղ եկած մանր կտորտանքով և որի երկու ծայրերը, քունբերի վրա, վերջանում էին երկու ուռուցվածքներով։ Թանթանայից ներքև, դրա ողջ երկայնքով, գնում էին մարգարիտների մի քանի շարքեր, իսկ դրանցից ներքև՝ երկու շարք ոսկեդրամ՝ յուրաքանչյուր շարքում այնքան խիտ իրար վրա շարած ոսկիներով, որ դրանցից ամեն մեկը հազիվ էր երևում մի նեղ կիսալուսնով։ Քունքերի մոտ, ոսկու համահավասար շարքերի ծայրերին, կախվել էին երկու մեծ ոսկեդրամ, իսկ ճակատի մեջտեղում՝ ավելի մեծը։
Գյումրուհ ու այդ ողջ գլխազարդը ծածկել էր նրա ճակատի միայն վերին մասը՝ ոսկիների և հոնքերի միջև թողնելով ճակատի մի հրաշալի, նեղ շերտ։ Կնոջ վզից, ոսկե նուրբ շղթայով կախված էր մի փոքրիկ ժամացույց՝ նույնպես ոսկե։ Շղթան շատ երկար էր, և կինը մի քանի անդամ այն փաթաթել էր իր բարձր, սպիտակ պարանոցի շուրջը։ Այժմ, երբ նա խոնարհվել էր դեպի պահարանը, ժամացույցը կախ էր ընկել և ճոճվում էր։ Երբ նա շարժում էր՝ գլուխը, նրա գլխի մետաքսե թաշկինակը հուրհրատում էր մերթ կանաչ, մերթ կա պույտ փաղփաղյունով։
Ուշքի գալով, Երանոսն սկսեց տրամաբանել։ Դե, իհարկե, դա ուստա Մկրտչի կինն էր, որ սենյակ էր մտել գործով։ Միայն թե, նա չափազանց նման, էր թրքուհուն․․․
«Իսկ եթե հանկարծ սա թրքուհին ի՞նքն է»,— անցավ Երանոսի մտքով և նա սարսափեց։ Մեծ է զորությունդ, աստված, այս ի՞նչ մեղավոր մտքեր են անցն ում նրա գլխով։ Վաղը նա կգնա Յոթ-վերք Աստվածածնի եկեղեցին, յոթ մոմ կվառի, յոթանասունյոթ մոմ կվառի իր պղտոր մտքերի մեղքը քավելու համար։ Ինչպե՞ս կարող է ուստա Մկրտչի ընտանեկան սուրբ հարկի տակ ապրող անբիծ կինը լինել նույն այն թրքուհին։ Չէ՞ որ եթե այդ այդպես է, ուրեմն նա թրքուհի է ձևանում և թուրքական թաղամաս է գնում անհասկանալի և անհավատալի գործերի համար․․․ Մեղա՛, մեղա՛ քեզ, աստված․․․
Բայց ինչո՞ւ նստել, տարակուսել և մեղանչել։ Երանոսը կարող է ջուր խնդրել նրանից և փոխանակ դիմելու հայերեն «քուր» բառով, դիմել թուրքերեն «բաջի» բառով։ Եթե «բաջի» խոսքի վրա կինն ինքնիրեն մատնեց, ուրեմն․․․ Մեղա, մեղա քեզ, աստված, հանիր այդ կասկածը Երանոսի սրտից և թույլ մի տա նրան՝ ստուգել իր մեղավոր միտքն ու այդպիսով ավելի մեղանչել․․․
Կինը պահարանի մոտ վերջացրեց իր գործը և ետ դարձավ։ Երբ նա անցավ Երանոսի մոտով, Երանոսը հազիվ կարողացավ տիրապետել իր հարբած ուղեղին՝ չկտրելու համար նրա առաջը՝ ինչպես ցերեկով, և չբղավելու՝ «բաջի՛»․․․ Լավ էր, որ կինն արագաքայլ մոտեցավ դռանը, ետ տարավ կանաչ վարագույրները և անհետացավ դրանց ետևում՝ ինչպես կանաչ տեսիլ․․․
Համարյա անմիջապես դրանից հետո դուռը բացվեց և այս անգամ ներս մտավ ուստա Մկրտիչն իր ութ տարեկան տղայի հետ։
— Երանոս ախպեր, ծանոթացի ժառանգիս հետ, իմ ամենաբանձր, ամենավենձ ախպուրիս հետ։ Գալուստ, ձեռքդ տու հորեխպայրին․․․ Էդպես, հիմի, Երանոս ախպեր, ես հաստատ գիտեմ, օր դուն լավ մարդ ես։ Իմ Գալուստս մինչի հիմի հեչ մե գեշ մարդում ձեռք չէ տվե, քովը չէ գնացե։ Իմ անմեղ էրեխիս հոգին իմ որոշիչ աստըղս է․․․
Երանոսն այնքան ցրված էր, որ չհասկացավ՝ կատա՞կ էր անում ուստան, թե՞ լուրջ էր ասում։ Նա նայեց երեխային և շոյեց նրա գլուխը։
― Հիմի, Գալուստ ջան, մե քիչըմ խոսի հորեխպայրի հետ։ Մե քանիմ րոպպե ընձի նորից ներե, Երանոս ախպեր․․․
Եվ ուստա Մկրտիչը նորից ելավ դուրս։
Երանոսը գրկեց երեխային։ Ուրեմն այն կինը տեսիլք չէր, այլ իրականություն․․․ Ահա և նրա տղան՝ նրան անչափ նման։ Երանոսը ձեռք է տալիս նրա սև մազերին, շոշափում է սպիտակ մորթը, նայում է սև աչքերի մեջ։ Եթե իրական է այդ երեխան, ուրեմն իրական է նաև նրա մայրը։ Դրանում կարելի էր բոլորովին չկասկածել, բայց այնքա՛ն անակնկալ էր հանդիպումը, այնքա՛ն կարճատև էր կնոջ այցելությունը և այնքա՛ն մթագնած էր Երանոսի գիտակցությունը։ Զարմանալի մի լույս սփռվել էր սենյակում, իսկ այդ լույսի մեջ կանգնել էր սքանչելի կինը․․․
8
Ուստա Մկրտիչը բացեց ճոխ սեղան։ Նրա մայրը նստել էր թախտի վրա, Երանոսի կողքին։ Ինքը՝ ուստան նստել էր աթոռին՝ մեջքով դեպի դուռը։ Երեխան կլոր սեղանի տակ խաղ էր անում կատվի հետ։
Հեղնարը, ուստայի խնդրով, չէր փոխել իր դրսի հագուստը։ Նա շարունակ ներս ու դուրս էր անում՝ սպասարկելով սեղանը, բայց հետո, երբ դրա վրա ամեն ինչ իր տեղն էր, եկավ և նստեց ամուսնու կողքին՝ Երանոսի դիմաց։
Այժմ վառվում էր նաև պատի լամպը։ Ուժեղ լույսի տակ Երանոսն սկսեց ուշադիր դիտել Հեղնարին։ Կինը հազիվ լիներ երեսունհինգ տարեկան։ Ուներ լիքր մարմին և փոքրիկ, նուրբ ձեռքեր։ Երբ նա խոսում էր ամուսնու հետ, թվում էր, թե ուստան նրա հայրն է, թեև ընդամենը տասը տարվա տարբերություն կար նրանց միջև։
Բոստանչին Հեղնարին նայում էր անվայել չափով երկար՝ անկարող քողարկել իր հիացմունքը։ Ուստան և մայրը կամ չէին նկատում այդ, կամ չնկատել էին ձևացնում, իսկ Հեղնարն անկասկած զգում էր նրա հայացքը, բայց չէր շփոթվում՝ հյուրի ուշադրությունն անշուշտ վերագրելով իր գեղեցկության թողած տպավորությանը։ Եվ նա զարմանալի նման էր թրքուհուն, ավելի նման, քան առաջին անգամ սենյակ մտնելիս․․․
Ուստա Մկրտիչը գինի լցրեց և վերցնելով բաժակը, դիմեց հյուրին․
― Երանոս ջան, կենացդ։ Դուն բարով ես էկե իմ տունս։ Ցանկանք և հուսանք, որ մեր բարեկամութունը երկարատև էղնի։
— Կենացդ, ախպեր,— ասաց Հեղնարը և բաժակ բարձրացրեց։
Երանոսը նայեց նրա բաժակին, ապա ակներով ոսկե մատանիներ հագած նուրբ մատներին, հետո ջուբբայի լայն թևքին, որի միջից երևում էր կնոջ ձյունափայլ թևը, նայեց դաստակի վրա հագած ոսկե ապարանջանին, որն իր գունատ դեղինով զարդարել էր նրա մաշկի սպիտակությունը։ Երանոսին թվում էր, թե հիմա ինքը վար կշպրտի բաժակը, «բաջի» կբացականչի և կընկնի նրա ոտները։
― Կենացդ, օղուլ,— լսվեց ուստա Մկրտչի մոր ձայնը։
Բոստանչին սթափվեց և հայացքը շուռ տվեց այն կողմ։
— Ամմենքեդ էլ շնորակալ եմ ձեր քաղցր հյուրասիրութան հմար։ Մկրտիչ ախպեր, շնորակալ եմ քու բանձր պատվիդ հմար, օր դուն ընձի ցուց կուտաս․․․
Երբ բոստանչին սկսեց խոսել, Հեղնարն իսկույն լարվեց, կենտրոնացավ, կարծես ուզում էր ճանաչել հյուրի ձայնը, բայց և իսկույն հանդարտվեց։
Խոսելիս բոստանչին մի քանի անգամ նայեց նրան և սոսկաց, թե հանկարծ, ո՞վ գիտե, գուցե իրոք, նա թրքուհին է։ Ուստի և նա վախով էր սպասում, թե երբ էր ուստա Մկրտիչը նրան ներկայացնելու իր ընտանիքին՝ հիշատակելով, իհարկե, նրա բոստանչի լինելը։ Չուզենալով ճանաչվել Հեղնարի կողմից, նա պատրաստվում էր ընդհատել ուստայի խոսքը։ Սակայն ուստան ոչինչ չէր ասում։ Ըստ երևույթին դեռ սեղան նստելուց առաջ էր նա իր մորը հայտնել հյուրի ով լինելու մասին, իսկ Հեղնարին հարկ չէր համարել հայտնել ոչինչ։
Երկրորդ բաժակն առաջարկեց ինքը՝ Երանոսը։ Նա գնաց կլոր սեղանի մոտ, բերեց այնտեղից երեխային, նստեցրեց իր ծնկանը և ասաց․
— Ես էս անմեղի կենացը կխմեմ ամմենեն առաջ։ Դուն, խանում֊աբլա, էս տան վենձն ես ու բազում տարի քուկդ է էղե ամենավենձ պատիվը։ Պատիվը հիմի էլ է քուկդ, հմը էգվանն էս մարդունն է։ Էգվան մարդիկ բոլորիս մտեհան պիտի էնեն, էսոր պիտի պատվեն։ Ուստա Մկրտիչ, թե դուն քու շնորքեդ էսոր մեջ բան դրած ունիս, ուրեմն իմացի, օր էսոր հարգողը քեզի հարգած կէղնի։ Հեղնար քուր, թե դուն քու սիրունութենեդ էսոր մեջ բան դրած ունիս, ուրեմն իմացի, օր էսոր էրնակ տվողը քեզի էրնակ տված կէղնի։ Ծնողքը պիտի ապրի իրան զավակի մեջ։ Գալուստ ջան, ես քու անվանդ միտքն ըսեմ քեզի, հմը մտեհան չկնես․ Գալուստ՝ էդ էն է, օր պիտի գա․․․
Երեխան ժպտաց և նայեց մորը։ Մայրը խանդաղատանքով վեր կացավ տեղից, մոտեցավ թախտին և ամուր գրկեց նրան։ Կնոջ թևը մի վայրկյան շփվեց Երանոսի ձեռքին։ Երանոսը ցնցվեց կնոջ ջերմությունից և բաժակը դրեց վար։
— Քուր․․․
Բոստանչին կարկամեց։ Բառը դուրս էր թռել ինքնաբերաբար։ Ինչո՞ւ դիմեց նրան, ի՞նչ ուներ ասելու․․․
― Քուր,— կրկնեց նա այնուամենայնիվ՝ բաժակը նորից վերցնելով,— Մկրտիչ ախպերս առավոտվընե-իրիկուն տունը չէ, մերս էլ պառավ կնիկ է․․․
Հեղնարը հանկարծ գունատվեց։ Ո՞վ գիտե, ի՞նչ վերջավորություն էր սպասում նա հյուրի խոսքերին․․․․
― Դուն ինքդ պիտի վենձըցընես էս ճուղը,— շարունակեց Երանոսը։― Էնպես էրա, օր էնիկ միշտ դալար մնա ու պտուղ տա․․․
Հեղնարը Ժպտաց, համաձայնաբար գլխով արեց և ի շնորհակալություն՝ ակնածանքով նայեց ամուսնուն։ Ուստան պայծառացավ։ Երանոսը նայեց նրան և իր ամբողջ հոգով նախանձեց նրա երջանկությանը և իր ամբողջ հոգով ցավակցեց նրա դժբախտությանը․․․
9
Եկավ ժամանակը, երբ պետք էր խմել Հեղնարի կենացը։ Երանոսը նայեց լիքը բաժակին և մտքի մեջ ընկավ։ Ի՞նչ ասել բաժակի վրա․․․ Ակնարկե՞լ Հեղնարին, որ ինքն այն բոստանչին է, որը գիտե նրա գաղտնիքի մի կեսը և գուշակում է մյուս կեսը։ Կամ գուցե հասկացնե՞լ տալ ուստա Մկրտչին, որ նրա կինն ունի մի սոսկալի գաղտնիք, չլսված ու չտեսնված մի մութ պատմություն․․․
Բայց ինչպե՞ս․․․ Չէ՞ որ Երանոսը դեռ ինքն էլ չի կարողանում հավատալ այդ բանին, թեև Հեղնարը մի կաթիլ ջրի պես նման է թրքուհուն։ Կարող է պատահել, որ դա հրաշք է։ Հրաշքն ավելի է հավատալի, քան այդպիսի չլսված խայտառակությունը․․․ Իսկ ինչպե՞ս հավատալ հրաշքի հիմա, երբ ողջ կյանքում ոչ տեսել ես, ոչ հավատացել․․․
Գուցե ստուգելն ավելի՞ լավ է․․․
Սակայն այդ միտքը նորից սարսափեցրեց Երանոսին։ Եվ դեռ ոչ մի որոշում չընդունած, նա վերցրեց բաժակն ու ոտքի կանգնեց։ Մի րոպե մնաց լուռ, աչքերը փակ, ապա շշնջաց․
― Ընտանիքի պատիվը սուրբ է․․․ Հմը սերն էլ է սուրբ․․․ Ո՞րն է ավելի սուրբ՝ ասպած գիտե․, Վով ընտանիքի պատվի հմար իրան սերը սըպանե՝ իրան կսրպանե․․․ Վով սիրու հմար ընտանիքի պատիվը սըպանե՝ ընտանիքը կսպանե․․․ Տա ասպած, օր ամմեն տեղ ընտանիքն ու սերն իրար բռնեն, իրար հետ էղնին․․․
Ուստա Մկրտիչը բոստանչուն լսում էր մեծ գոհունակությամբ։ Նրա մայրը նույնպես, գլխի մերթ ընդ մերթ շարժումներով, տալիս էր Երանոսին իր հավանությունը։
— Ընտանիքի պատիվն արեստավորի պես է,— շարունակեց Երանոսը, արեստավորի ճակտի պես բաց է, սրտի պես ազնիվ, ձեռքի պես հալալ․․․
Երանոսր հարգանքով լի հայացք գցեց ուստայի կողմը, լռեց մի վայրկյան, ապա շարունակեց․
― Հմը սերը թուրքի կնկա պես է․․․
Հեղնարը կայծակի արագությամբ գունատվեց և ողջ մարմնով սպասողականորեն ձգվեց դեպի հյուրը․
― Թուրքի կնկա պես, սերն էլ չադրի տակ է, օր ոնչ տեսնել է կարելի, ոնչ իմանալ․․․
Ոչ ոք չէր նկատել Հեղնարի գունատվելը։ Երանոսի վերջին խոսքերից հետո, տեսնելով, որ թուրքի կնոջ հիշատակությունն իրեն չէր վերաբերում, այլ միայն համեմատության համար էր, Հեղնարը հանգստացավ և սկսեց խաղալ երեխայի մազերի հետ։
― Ուստա Մկրտիչ,— դիմեց բոստանչին նրան,— դուն իմ վենձ ախպերս ես։ Թե ըսածիս մեջ սխալմունք էնեմ՝ ներող էղի։ Հմը, ինչքան օր իմ խելքս կհասնի, ես իսպես գիտեմ․— տղամարդն ընտանիքի սունն է, իսկ կնիկը՝ երդիկը։ Սունն իրան գլխու վրա պիտի պահե երդիկը, հմը երդիկն էլ պիտի արգիլե, օր ոնչ թե մեննակ անձրևը չլցվի տունը, այլ նաև օտար աշքը նես չաշե․․․
― Ճշմարիտ է, Երանոս ջան,— հաստատեց ուստան, բայց իսկույն դարձավ դեպի մայրը՝ հավանության ակնկալությամբ։
Մայրը ժպտաց և գլխով համաձայնության նշան արեց։
Երանոսը կտրուկ դարձավ դեպի Հեղնարը, բարձրացրեց բաժակը և ասաց․
― Կենացդ, բաջի՛․․․
Մի ուժեղ ճիչ խռովեց սեղանի խաղաղությունը։ Ուստան նետվեց դեպի կինը։ Երանոսը վար գցեց չդատարկված բաժակը։ Ուստայի մայրը թախտից արագ իջավ վար, ոտքը շփոթված քսքսելով հատակի վրա՝ շոշափեց-գտավ բաբուջները, հագավ և նույնպես մոտեցավ Հեղնարին։ Երեխան կանգնել էր մոր մոտ և նայում էր զարմացած։
— Անհանգիստ մի էղնի, Երանոս,— դիմեց ուստա Մկրտիչը նրան,— կանցնի։ Էս մէ ամիսմ է, օր Հեղնարս իսպես է՝ մեկ-մեկ կճչա ու գույնը կքցե։ Վախեցած կէրևնա։ Նստի, ես հիմի կուգամ․․․
Նա չափազանց մեղմ ու զգույշ բռնեց կնոջ ուսերից, վեր բարձրացրեց նրան և տարավ։ Դռան մոտից նա ետ նայեց մորը, որ նույնպես գնում էր երեխայի հետ։
— Էրթանք, մայրիկ, վախը բռնե․․․
Դատարկված սենյակում մենակ մնացած Երանոսը նորից լսեց ննջասենյակի դռան ձայնը, որից հետո ամեն ինչ լռեց։ Կատուն անշշուկ անցավ հատակին փռված գորգի վրայով, գնաց նստեց դրա մի անկյունում և աչքերը կիսախուփ, սկսեց մտածել․․․
Երբ ուստա Մկրտիչը նորից մտավ սենյակ, Երանոսն արդեն ծածկել էր շափխան։
― Ո՞ւր, ախպեր։
― Էրթամ, ուստա ջան։ Համ ուշ է, համ էլ քուրըս․․․
Ուստան չպնդեց։ Դրսի դռան մոտ նա սեղմեց բոստանչու ձեռքը և ասաց․
― Ներող կէղնիս, Երանոս ախպեր, պատահմունք է։ Մե ուրիշ անգամըմ ավելի ուրախ բարի գիշեր կսենք իրար․․․
Հեռվում, Ձորի Բողազի բոլորովին անլույս մի անկյունում, մի շուն հաչում էր տխուր, խուլ և միակերպ։ Թվում էր, թե դա արձագանք է, և ոչ թե իսկական հաչոց։
Երանոսը գնաց։
10
Առավոտյան Երանոսին գտան իր հոլիկի դռան առջև, թախտի վրա պառկած, դանակը կրծքի մեջ։ Քրեական և բժշկական քննությունն այդ դեպքն արձանագրեց իբրև անհայտ պատճառներից դրդված ինքնասպանություն։