Վերջին թարմացում 3 Օգոստոսի 2015, 16:03

Վարձու մարդասպանները

16:03, 3 Օգոստոսի 2015 տարբերակ, Չգիտեմ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Վարձու մարդասպանները

հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ
թարգմանիչ՝ Նինա Ա․ Ջաղինյան (բնագրից)
աղբյուր՝ «Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր»

Հենրիի խորտկարանի դուռը բացուեց, ներս մտան երկու հոգի ու նստեցին վաճառասեղանի մօտ։

— Ի՞նչ էք պատուիրում,— հարցրեց Ջորջը։

— Չգիտեմ,— ասաց նրանցից մէկը։— Դու ի՞նչ ես ուզում, Է՛լ։

— Չգիտեմ,— ասաց Էլը։— Չգիտեմ՝ ինչ ուտեմ։

Դրսում մութն ընկնում էր։ Փողոցում՝ պատուհանի մօտ, վառուեց լապտերը։ Վաճառասեղանի մօտ երկու յաճախորդներ նայում էին ճաշացանկը։ Նիք Էդըմսը վաճառասեղանի միւս կողմից նայում էր նրանց։ Այնտեղից կանգնած նա խօսում էր Ջորջի հետ, երբ սրանք ներս մտան։

— Ինձ խնձորի սոուսով ու կարտոֆիլի պիւրէով խոզի ֆիլս բեր,— ասաց առաջինը։

— Դեռ պատրաստ չի։

— Բա էլ ո՞ւր էք ճաշացանկի մէջ մտցրել, անիծեա՛լ լինէք։

— Դա ճաշին կը լինի,— բացատրեց Ջորջը։— Կարող էք ժամը վեցին պատուիրել։

Ջորջը նայեց վաճառասեղանի ետեւի պատի ժամացոյցին։

— Ժամը հինգն է դեռ։

— Հինգն անց է քսան,— ասաց երկրորդը։

— Էդ քսան րոպէ առաջ է։

— Գրողի ծո՛ցը գնա ձեր ժամացոյցը,— ասաց առաջինը։— Ի՞նչ ունէք ուտելու։

— Ամէն տեսակի սենդուիչ էլ ունենք,— ասաց Ջորջը։— Խոզապուխտով, խոզի ճարպով ձուածեղ, լեարդ՝ խոզի ճարպով, բիֆշտեքս էլ։

— Ինձ՝ կանաչ ոլոռով ու կարտոֆիլի պիւրէով բիֆշտեքս։

— Դա ճաշին կը լինի։

— Ինչ ուում ենք՝ ճաշին հա՛ ճաշին։ Համա՜ թէ սպասարկում էք, հա՜։

— Կարող եմ խոզապուխտով, խոզի ճարպով ձուածեղ տալ, լեարդ էլ…

— Ինձ՝ խոզապուխտով ձուածեղ,— ասաց նա, որի անունը Էլ էր։

Նա կոշտ գլխարկ էր դրել, հագել կրծքի մասում պինդ կոճկած սեւ վերարկու։ Դէմքը փոլքր էր ու գունատ, շրթունքը՝ պինդ սեղմած։ Ձեռնոցներով էր, վզին՝ մետաքսէ շարֆ։

— Իսկ ինձ՝ խոզի ճարպով ձուածեղ,— ասաց միւսը։

Նա գրեթէ Էլի հասակին էր։ Դէմքով էին տարբեր, բայց այնպէս էին հագնուած, ասես երկուորեակներ լինէին։ Երկուսի վերարկուն էլ չափազանց կիպ էր մարմնին։ Նրանք նստել էին առաջ թեքուած, արմունկները հենած վաճառասեղանին։

— Խմելու ի՞նչ կայ,— հարցրեց Էլը։

— Գարէջուր «Սիլուեր», լիմոնադ, օշարակ,— ասաց Ջորջը։

— Հարցնում եմ՝ ի՞նչ կայ խմելու։

— Ինչ որ ասացի։

— Ա՛յ թէ քաղաք է, հա՜,— ասաց միւսը։— Անունն ի՞նչ է։

— Սամմիթ։

— Լսած կա՞ս,— հարցրեց Էլը ընկերոջը։

— Չէ՛,— պատասխանեց ընկերը։

— Իրիկուններն էստեղ ի՞նչ էք անում,— հարցրեց Էլը։

— Ճաշում են,— ասաց ընկերը։— Բոլորն էստեղ են գալիս ու մի լաւ ուտում։

— Էդպէս էլ կա՛յ,— ասաց Ջորջը։

— Ուրեմն էդպէ՞ս ես կարծում, հա՞,— հարցրեց Էլը Ջորջին։

— Իհա՛րկէ։

— Խելքդ գլխիդ տղայ ես, չէ՞։

— Իհա՛րկէ,— ասաց Ջորջը։

— Համա՜ թէ փչում ես, հա՜,— ասաց միւս փոքրամարմինը։— Ճիշտ չի՞, Էլ։

— Հաստագլխի մէկն է,— ասաց Էլը։ Նա թեքուեց Նիքի կողմը։— Անունդ ի՞նչ է։

— Էդըմս։

— Սա՛ էլ է խելքը գլխին,— ասաց Էլը։— Էդպէս չի՞։ Մաքս։

— Էս քաղաքը լի՛քն է էդպիսիներով,— ասաց Մաքսը։

Ջորջը խոզապուխտով ու ճարպով ձուածեղի երկու ափսէները դրեց վաճառասեղանին, կարտոֆիլի պիւրէով գարնիրը՝ ափսէների մէջ, ու ծածկեց խոհանոցի դուռը։

— Ձերը ո՞րն էր,— հարցրեց նա Էլին։

— Չե՞ս յիշում, ի՛նչ է։

— Խոզապուխտով ձուածեղը։

— Ճի՛շտ որ խելքդ գլխիդ է,— ասաց Մաքսը։ Նա կռացաւ ու վերցրեց ափսէն։ Երկուսն էլ ուտում էին առանց ձեռնոցները հանելու։ Ջորջը նայում էր նրանց։

— Դո՛ւ ի՞նչ ես աչքերդ չռել,— Մաքսը նայեց Ջորջին։

— Չէ՛, բան չկայ։

— Անիծուե՛ս դու։ Աչքերդ վրես էիր չռել։

— Կարող է տղեն հենց էնպէս՝ հանաքի համար, Մա՛քս,— ասաց Էլը։

Ջորջը ծիծաղեց։

— Ի՞նչ ես ծիծաղում,— ասաց Մաքսը։— Դո՛ւ որ չպիտի ծիծաղես, հասկացա՞ր։

— Լա՛ւ, լա՛ւ,— ասաց Ջորջը։

— Ուրեմն նա համաձա՛յն է։— Մաքսը շրջուեց Էլի կողմը։— Նա համաձայն է։ Ա՛յ, դա արդեն լա՜ւ է։

— Տես, է՜, գլուխն աշխատում է,— ասաց Էլը։ Նրանք շարունակեցին ուտել։

— Էն ներքեւի խելօք տղի անունը ի՞նչ է,— Էլին հարցրեց Մաքսը։

— Է՜յ, ա՛յ խելօք,— ասաց Մաքսը Նիքին։— Հլա մի ընկերոջդ մօտ՝ վաճառասեղանի ետեւն անցի, տեսնեմ։

— Ի՞նչ կայ որ,— հարցրեց Նիքը։

— Ո՛չ մի բան։

— Լաւ կանես՝ շրջուես, ա՛յ խելօք,— ասաց Էլը։

Նիքն անցաւ վաճառասեղանի ետեւը։

— Ի՞նչ է եղել,— հարցրեց Ջորջը։

— Դո քո գործը չի՛,— ասաց Էլը։— Խոհանոցում ո՞վ կայ։

— Նեգրը։

— Ո՞նց թէ՝ նեգրը։

— Նեգր խոհարարը, էլի՛։

— Ասա՛, թող ներս գայ։

— Ի՞նչ կայ։

— Թող գա՛յ, ասում եմ։

— Գիտէ՞ք՝ դուք որտեղ էք։

— Շատ էլ լա՛ւ գիտենք,— ասաց Մաքս կոչուածը։— Ի՞նչ է, յիմարի նմա՞ն ենք։

— Յիմա՛ր բաներ ես դուրս տալիս,— ասաց նրան Էլը։— Գրո՛ղը տանի, ինչ ես վիճում էս էրեխի հետ։ Հլա լսի՛,— դիմեց նա Ջորջին,— էդ նեգրին ասա էստե՛ղ գայ։

— Նրա՛ն ի՞նչ էք ուզում անել։

— Ո՛չ մի բան։ Գլխիդ զո՛ռ տու, խելքի՛ պուտուկ։ Մենք ի՞նչ կանենք նեգրին։

Ջորջը բացեց խոհանոց տանող դուռը։— Սե՛մ,— ձայնեց նա։— Հլա մի րոպէ էստե՛ղ արի։

Դուռը բացուեց, ու նեգրը ներս եկաւ։— Ի՞նչ կայ,— հարցրեց նա։ Վաճառասեղանի մօտ նստածները նայեցին նրան։

— Դէ՛, ուրեմն նե՛գր կանգնի ա՜յ հենց էստեղ,— ասաց Էլը։

Սեմը գոգնոցը հագին կանգնած նայում էր վաճառասեղանի մօտ նստած մարդկանց։

— Եղա՛ւ, սըր,— ասաց նա։

Էլն իջաւ աթոռից։

— Նեգրի ու էս խելօքի հետ խոհանոց եմ գնում,— ասաց նա։— Խոհանոցդ գնա, ա՛յ նեգր։ Դո՛ւ էլ, խելօք։— Փոքրամարմինը Նիի եւ խոհարարի ետեւից գնաց դէպի խոհանոց։ Դուռը փակուեց նրանց ետեւից։ Մաքս կոչուածը նստեց վաճառասեղանի մօտ՝ Ջորջի դիմաց։ Նա Ջորջին չէր նայում, այլ՝ վաճառասեղանի ետեւի պատի հայելուն։ Նախկինում այդ խորտկարանը գեղեցկութեան սրահ է եղել։

— Դէ՛, խելօ՛ք,— ասաց Մաքսը՝ հայելու մէջ նայելով,— էդ ինչի՞ բան չես խօսում։

— Էս ամէնը ի՞նչ է նշանակում։

— Հե՜յ, Է՛լ,— ձայնեց Մաքսը,— էս խելօքն ուզում է իմանալ, թէ էս ամէնն ի՞նչ է նշանակում։

— Իսկ ինչի՞ չես ասում,— Էլի ձայնը լսւում էր խոհանոցից։

— Ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ է նշանակում։

— Ես ի՞նչ գիտեմ։

— Ամէն դէպքո՛ւմ։

Խօսելու ամբողջ ընթացքում Մաքսի հայեացքը հառած էր հայելուն։

— Չե՛մ կարող ասել։

— Հե՜յ, Է՛լ, էս խելօքն ասում է, թէ չի կարող ասել, թէ էս ամէնն ի՞նչ է նշանակում։

— Ի՞նչ ես գոռում, լա՛ւ եմ լսում,— ձայնեց Էլը խոհանոցից։ Նա բաց էր թողել այն դռնակը, որտեղից ուտելիքը խոհանոց էին տանում, եւ տոմատի շիշը հենել դրան։— Հլա լսի՛, ա՛յ խելօք,— խոհանոցից նա ձայն տուեց Ջորջին։— Հլա մի քիչ բարից հեռու գնա։ Դո՛ւ էլ մի քիչ ձախ թեքուիր, Մա՛քս։— Նա այնպէս կանգնեցրեց նրանց, ասես լուսանկարիչ լիներ՝ խմբային պատկեր հանելիս։

— Հլա ասա՛, խելօ՛ք տղա,— ասաց Մաքսը։— Ի՞նչ ես կարծում, ի՞նչ ենք ուզում անել։

Ջորջը ոչինչ չպատասխանեց։

— Դէ որ էդպէս է՝ կասեմ,— ասաց Մաքսը։— Մենք մի շուեդի ենք ուզում սպանել։ Ճանաչո՞ւմ ես Օլէ Անդրեսոն անունով մի բոյով շուեդի։

— Հա՛։

— Ամէն իրիկուն էստեղ ճաշելու է գալիս, չէ՞։

— Հա՛, երբեմն։

— Ժամը վեցին է գալիս էստեղ, չէ՞։

— Եթէ, իհա՛րկէ, գալիս է։

Մենք էդ բոլորը գիտենք, ա՛յ խելօք,— ասաց Մաքսը։— Արի ուրի՛շ բանից խօսենք։ Կինո գնո՞ւմ ես։

— Մէկ֊մէկ։

— Դու պիտի աւելի շուտ֊շուտ կինո գնաս։Կինոն հենց քե՛զ պէս խելօք տղի համար է։

— Օլէ Անդրեսոնին ինչի՞ էք ուզում սպանել որ։ Ձեզ ի՞նչ է արել։

— Ո՛չ մի բան էլ չի արել։ Իսկի մեզ տեսած էլ չկայ։

— Ու մենակ մի՛ անգամ կը տեսնի,— ասաց Էլը խոհանոցից։

— Բա էլ ինչի՞ էք ուզում նրան սպանել,— հարցրեց Ջորջը։

— Մի ընկեր է խնդրել, գիտե՞ս։ Ուղղակի ընկերական ծառայութիւն է, խելօ՛ք տղայ։

— Լռի՛, հա՞,— ձայնեց Էլը խոհանոցից։— Շա՛տ ես խօսում, գրո՛ղը տանի։

— Դէ՛, էս խելօքին ուրախացնում եմ։ Չէ՞, խելօ՛ք տղայ։

— Ինչքա՜ն շատ ես խօսում, գրո՛ղը տանի,— կրկնեց Էլը։— Էս նեգրն ու տղեն իրանց֊իրանց ուրախանում են։ Իրար հետ կապել եմ, ոնց որ՝ կուսանոցի սանուհիներ։

— Մենաստանում եղած կա՞ս։

— Ի՞նչ իմանաս։

— Խեդերում[1] ես եղել։ Ա՛յ թէ որտեղ։

Ջորջը նայեց վեր՝ ժամացոյցին։

— Եթէ մարդ ներս մտնի, ասա, որ խոհարարն էստեղ չի, եթէ չգնա, ասա՝ ե՛ս կսարքեմ։ Գլխի ընկա՞ր, խելօ՛ք տղայ։

— Եղա՛ւ,— ասաց Ջորջը։— Բա յետոյ մե՞զ ինչ պիտի անէք։

— Հլա կը տեսնե՛նք,— ասաց Մաքսը։— Էդ էնպիսի բան է, որ վաղօրօք չես իմանայ։

Ջորջը նորից նայեց պատի ժամացոյցին։ Վեցն անց էր քառորդ։

Փողոցի կողմից դուռը բացուեց, ու մի վարորդ ներս մտաւ։

— Հելլո՜, Ջորջ,— ասաց նա։— Կարո՞ղ եմ մի բան ուտել։

— Սեմն էստեղ չի,— ասաց Ջորջը։— Մօտ կէս ժամից կը գայ։

— Աւելի լաւ է ուրիշ տեղ գնամ,— ասաց վարորդը։ Ջորջը նայեց ժամացոյցին։ Վեցն անց էր քսան րոպէ։

— Ա՛յ, լա՜ւ էր, խելօ՛ք տղայ,— ասաց Մաքսը։— Կարգին պստիկ ջենտլմեն ես։

— Գիտեր, որ գլուխը ցրի՛ւ կը տայի,— խօսեց Էլը խոհանոցից։

— Չէ՛,— ասաց Մաքսը։— Է՛դ չի պատճառը։ Էս խելօքը լա՛ւն է։ Լա՛ւ տղայ է։ Ինձ դուր է գալիս։

Վեցն անց յիսունհինգին Ջորջն ասաց․

— Նա չի՛ գայ։

Այդ ընթացքում երկու մարդ եւս խորտկարան մտան։ Մէկը տուն տանելու համար սենդուիչ պատուիրեց, եւ Ջորջը խոհանոց գնաց՝ խոզապուխտով ու ձուով պատրաստելու։ Խոհանոցի ներսում նա տեսաւ Էլին՝ կոշտ գլխարկը ետ թեքած, կարճափող հրացանը հենած դռնակի գոգին։ Նիքն ու խոհարարը մէջք֊մէջքի կապուած պառկած էին անկիւնում՝ բերանները սրբիչ խցկած։ Ջորջը պատրաստեց սենդուիչը, իւղաթղթով փաթաթեց, դրեց տոպրակի մէջ ու տուեց յաճախորդին, սա վճարեց ու հեռացաւ։

— Դէ, տե՜ս, որ ասում եմ խելօք է՝ խելօ՛ք է, էլի,— ասաց Մաքսը։— Ձեռքից ամէն ինչ էլ գալիս է, եփել֊թափել՝ ամէն ինչ։ Կինդ, երեւում է, տնարար ամուսնեակ է ունենալու։

— Երեւի,— ասաց Ջորջը։— Իսկ ձեր դ ընկեր Օլէ Անդրեսոնը ոնց որ թէ չի գալու։

— Մի տա՛ս րոպէ էլ տանք իրան,— ասաց Մաքսը։

Մաքսը մէկ հայելուն էր նայում, մէկ՝ ժամացոյցին։ Սլաքները ցոյց էին տալիս ժամը եօթը, յետոյ էլ՝ եօթն անց հինգ։

— Գնա՛նք, Է՛լ,— ասաց Մաքսը։— Աւելի լաւ է գնա՛նք։ Երեւում է՝ չի գալու։

— Մի հի՛նգ րոպէ էլ տանք դրան,— պատասխանեց Էլը խոհանոցից։

Այդ հինգ րոպէների ընթացքում եւս մի յաճախորդ ներս մտաւ, եւ Ջորջն ասաց, թէ խոհարարը հիւանդացել է։

— Գրո՛ղը տանի, ինչի՞ չէք ուրիշի վարձում,— զայրացած հարցրեց մարդը։— Էս խորտկարա՞ն է, թէ՞ աստուած գիտի՝ ինչ։— Նա դուրս եկաւ։

— Գնա՛նք, Է՛լ,— ասաց Մաքսը։

— Բա էս երկուսին ու նեգրին ի՞նչ անենք։

— Ո՛չ մի բան, թո՛ղ դրանց։

— Էդպէ՞ս ես կարծում։

— Դէ, իհա՛րկէ։ Էստեղ էլ բա՛ն չկայ անելու։

— Էս ինձ դուր չի՛ գալիս,— ասաց Էլը։— Գործը մաքուր չարինք։ Դու էլ գլուխս տարար։

— Է՜հ, բան էլ չի, հա՜,— ասաց։— Մի քիչ պիտի ուրախանայինք, չէ՞։

— Ամէն դէպքում, ահագին դո՛ւրս տուիր,— ասաց Էլը։ Նա դուրս եկաւ խոհանոցից։ Կիպ կպած վերարկուն գօտկատեղի մօտ մի թեթեւ ուռել էր՝ զգանելով տակի երկփող հրացանի գոյութիւնը։ Նա ձեռնոց հագած մատներով ուղղեց վերարկուն։

— Դէ՛, յաջո՛ղ, խելօ՛ք տղայ,— ասաց նա Ջորջին։— Բախտդ լա՛ւ բերեց։

— Ինչ որ ճի՛շտ է՝ ճի՛շտ,— ասաց Մաքսը։— Դու պիտի որ հիմի դրսում վազվզէիր։

Նրանք փողոց դուրս ելան։ Ջորջը կանգնած պատուհանից նայում էր, թէ ինչպէս անցան լապտերի կողքով ու կտրեցին փողոցը։ Իրենց կիպ վերարկուներով ու կոշտ գլխարկներով նրանք ասես վոդեւիլի դերասաններ լինէին։ Ջորջը ետ գնաց խոհանոց եւ արձակեց Նիքի ու խոհարարի կապերը։

— Դէ, արդեն հե՛րիք է,— ասաց խոհարար Սեմը։— Դէ հե՛րիք է, ասեցի։

Նիքը վեր կացաւ։ Կեանքում դեռ ոչ մի անգամ նրա բերանը սրբիչ չէին խցկել։

— Լսի՛,— ասաց նա։— Ի՞նչ ես նւնւում, գրո՛ղը տանի։— Նա փորձում էր ձեւացնել, թէ իսկի էլ չի վախեցել։

— Նրանք ուզում էին սպանել Օլէ Անդրեսոնին,— ասաց Ջորջը։— Խփել, երբ ճաշի գար։

— Օլէ Անդրեսոնի՞ն։

— Հենց նրա՛ն։

Նեգրը խոշոր մատներով սրբեց բերանի անկիւնները։

— Հիմի ինչ՝ գնացի՞ն,— հարցրեց նա։

— Հա՛,— ասաց Ջորջը։— Գնացին։

— Էս հե՛չ ինձ դուր չի գալիս,— ասաց խոհարարը։— Հե՛չ դուրս չի գալիս։

— Հլա լսի՛,— ասաց Ջորջը Նիքին։— Միգուցէ գնաս Օլէ Անդրեսոնի մօտ։

— Եղա՛ւ։

— Լաւ կը լինի չխառնուե՛ս էդ գործին,— ասաց Սեմը։— Աւելի լաւ է դրանից հեռո՛ւ մնաս։

— Եթէ չես ուզում, մի՛ գնա,— ասաց Ջորջը։

— Դրանից լաւ հոտ չի գալիս,— ասաց խոհարարը։— Հեռո՛ւ մնա։

— Կը գնա՛մ,— ասաց Նիքը Ջորջին։— Որտե՞ղ է ապրում։

Խոհարարը շրջուեց։

— Դէ արի էս ջահելներին խօ՛սք հասկացրու,— փնթփնթաց նա։

— Նա վարձով ապրում է Հիրշի տանը,— ասաց Ջորջը Նիքին։

— ԴԷ՛, ես գնացի։

Դրսում աղեղնալապտերը փայլփլում էր մերկացած ճիւղերի արանքից։ Նիքը քայլեց տրամուայի գծերի ուղղութեամբ իսկ յաջորդ լապտերի մօտ թեքուեց դէպի նրբանցք։ Անկիւնից չորրորդ տանը Հիրշի կահաւորուած վարձու սենեակներն էին։ Նիքը երկու աստիճան բարձրացաւ ու ձգեց զանգի թելիկը։ Մի կին բացեց դուռը։

— Օլէ Անդրեսոնն էստե՞ղ է ապրում։

— Ուզում էք տեսնե՞լ նրան։

— Այո՛, եթէ տանն է։

Կնոջ ետեւից Նիքը վեր բարձրացաւ ոլորուն աստիճաններով ու գնաց դէպի երկար միջանցքի ծայրը։ Նա թակեց դուռը։

— Ո՞վ է։

— Էստեղ մէկը ձեզ է հարցնում, մի՛ստր Անդրեսոն,— ասաց կինը։

— Նիք Է՛դըմսն է։

— Նե՛րս արի։

Նիքը բացեց դուռն ու մտաւ ներս։ Օլէ Անդրեսոնը հագուստներով պառկած էր անկողնուն։ Նա ժամանակին ծանրաքաշային բարձրակարգ բռնցքամարտիկ էր եղել, ու մահճակալը հիմա խիստ կարճ էր հասակի համար։ Պառկած էր՝ գլուխը դրած երկու բարձերին։ Նա չնայեց էլ Նիքին։

— Ի՞նչ կայ,— հարցրեց։

— Հենրիի խորտկարանում էի,— ասաց Նիքը,— եւ երկու հոգի եկան, ինձ ու խոհարարին կապեցին, ասացին թէ ուզում են սպանել ձեզ։

Նրա ասածը մի տեսակ անհեթեթ հնչեց։ Օլէ Անդրեսոնը ոչինչ չասաց։

— Նրանք մեզ խոհանոց տարան,— շարունակեց Նիքը։— Նրանք մտադիր էին ձեզ խփել, երբ ճաշի գայիք։

Օլէ Անդրեսոնը լուռ նայում էր պատին։

— Ջորջն ուղարկեց ինձ ձեզ զգուշացնելու։

— Ի՞նչ կարող ես անել,— ասաց Օլէ Անդրեսոնը։

— Ուզո՞ւմ էք ասեմ՝ ինչպիսին էին նրանք։

— Չէ՛, չե՛մ ուզում իմանալ,— ասաց Օլէ Անդրեսոնը։ Նա շարունակ պատին էր նայում։— Շնորհակա՛լ եմ, որ եկար զգուշացնելու։

— Չարժէ՛։

Նիքը շարունակ նայում էր մահճակալին պառկած յաղթանդամ մարդուն։

— Ուզո՞ւմ էք ոստիկանութիւն գնամ։

— Չէ՛,— ասաց Օլէ Անդրեսոնը։— Դրանից ի՞նչ օգուտ։

— Ինչ֊որ բանով կարո՞ղ եմ ձեզ օգնել։

— Չէ՛։ Էս հարցում ոչի՛նչ չես կարող անել։

— Կարող է էդ ուղղակի կատակ է։

Օլէ Անդրեսոնը կողքի շուռ եկաւ։

— Ցաւը նրանո՛ւմ է,— ասաց նա՝ նայելով պատին,— որ ոչ մի կերպ չեմ կարողանում որոշել ու դուրս գալ էստեղից։ Ամբողջ օրն ա՛յ էսպէս պառկած եմ։

— Միգուցէ գնայի՞ք քաղաքից։

— Չէ՛,— ասաց Օլէ Անդրեսոնը։— Արդեն զզուել եմ նրանցից փախչելով։

Նա շարունակ պատին էր նայում։

— Հիմի որ ոչինչ չե՛ս կարող անել։

— Իսկ չի՞ կարելի ինչ֊որ բան անել։

— Չէ՛, հիմի որ ուշ է,— նա խօսում էր նոյն անկենդան ձայնով։— Ոչինչ չե՛ս կարող անել։ Մի քիչ կպառկեմ, իսկ յետոյ ինձ կհաւաքեմ ու դուրգ կը գամ։

— Դէ, ես ուրեմն գնամ Ջորջի մօտ,— ասաց Նիքը։

— Մնաս բարեա՛ւ,— ասաց Օլէ Անդրեսոնը։ Նա չնայեց Նիքի կողմը։։— Շնորհակա՛լ եմ, որ եկար։

Նիքը դուրս եկաւ։ Դուռը ծածկելիս նա նայեց Օլէ Անդրեսոնին՝ շորերը հագին պառկած, դէմքը պատն արած։

— Ա՛յ, էսպէս ամբողջ օրը սենեակից դուրս չի եկել,— ասաց տանտիրուհին, երբ տղան իջաւ ներքեւ։— Վախենամ թէ լաւ չի զգում իրեն։ Ես նրան ասացի․ «Միստր ԱՆդրեսոն, միգուցէ դուրս գայիք, զբօսնէիք, տեսէք՝ ի՜նչ լաւ օր է», բայց նա՝ ոնց որ դրա հաւէսը չունէր։

— Նա տնից չի՛ ուզում դուրս գալ։

— Ցաւում եմ, որ լաւ չի զգում,— ասաց կինը։— Հոյակա՜պ տղայ է։ Գիտէ՞ք, որ բռնցքամարտիկ է եղել։

— Գիտեմ։

— Դէմքից էլ է հասկացւում,— ասաց կինը։ Նրանք խօսում էին հենց մուտքի շեմին կանգնած։— Էդքա՜ն սիրալիր տղայ։

— Դէ, բարի գիշե՛ր, միսիս Հի՛րշ,— ասաց Նիքը։

— Միսիս Հիրշը ես չեմ,— ասաց կինը։— Նա տանտիրուհին է։ Ես միայն ծառայում եմ նրա մօտ։ Ես միսիս Բելլն եմ։

— Դէ՛, բարի գիշե՛ր, միսիս Բե՛լլ,— ասաց Նիքը։

— Բարի գիշե՛ր,— պատասխանեց կինը։

Նիքը մութ նրբանցքով քայլեց դէպի անկիւնի լապտերը, այնուհետեւ տրամուայի գծերով գնաց խորտկարան։ Ջորջը ներսում էր՝ վաճառասեղանի ետեւում։

— Հը՛, Օլէին տեսա՞ր։

— Հա՛,— ասաց Նիքը։— Սենեակում պառկած է ու չի՛ ուզում դուրս գալ։

Նիքի ձայնը լսելով՝ նեգրը բացեց խոհանոցի դուռը։

— Էդ մասին լսե՛լ անգամ չեմ ուզում,— ասաց նա ու շրխկացրեց դուռը։

— Նրան ամէն ինչ ասացի՞ր,— հարցրեց Ջորջը։

— Բա ո՛նց։ Պատմեցի, բայց ինքն էլ գիտէր այդ մասին։

— Իսկ ի՞նչ է մտածում անել։

— Ոչ մի բան։

— Նրանք կը սպանե՛ն նրան։

— Երեւի՝ հա։

— Կարող է ինչ֊որ պատմութեան մէ՞ջ է ընկել Չիկագոյում։

— Երեւի,— ասաց Նիքը։

— Ահաւո՛ր է։

— Սոսկալի՛ է,— ասաց Նիքը։

Նրանք լռեցին։ Ջորջը կռացաւ, մի սրբիչ վերցրեց ու սկսեց վաճառասեղանը սրբել։

— Տեսնես՝ ինչ կը լինի արած,— ասաց Նիքը։

— Ինչ֊որ պայման է խախտել երեւի։ Դրանց մօտ էդպիսի բանի համար սպանում են։

— Կգնա՛մ էս քաղաքից,— ասաց Նիքը։

— Հա՛,— ասաց Ջորջը։— Լաւ կը լինի հեռանալ էստեղից։

— Գլխիցս դո՛ւրս չի գալիս, թէ նա ոնց է էնտեղ՝ սենեակում պառկել, երբ գիտի, որ վերջը եկել է։ Մտածելն անգամ ահաւոր է։

— Դէ՛,— ասաց Ջորջը,— իսկ դու էդ մասին մի՛ էլ մտածի։
  1. Խեդեր— սինագոգին կից դպրոց