Վերջին թարմացում 20 Օգոստոսի 2015, 12:09

Բնավ ոչ տեղին

12:09, 20 Օգոստոսի 2015 տարբերակ, Մազութի Համո (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Բնաւ ոչ տեղին

հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ
թարգմանիչ՝ Նինա Ա․ Ջաղինյան (բնագրից)
աղբյուր՝ «Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր»

Չորս լիրայով, որ վաստակեց հիւրանոցի այգին փորելով, Պեդուցցին լրիւ հարբեց։ Նա տեսաւ ծառուղիով անցնող երիտասարդ ամերիկացուն ու սկսեց խորհրդաւոր ձեւով խօսել հետը։ Երիտասարդը պատասխանեց, թէ ինքը դեռ չի նախաճաշել, բայց հաճոյքով հետը կը գայ, հենց որ աւարտի ուտելը։ Ասենք՝ քառասուն րոպէից կամ մի ժամից, ոչ ուշ։

Cantina[1]֊ում՝ կամրջի մօտ Պեդուցցիին պարտքով եւս երեք բաժակ grappa[2] տուեցին․ չէ որ նա այնքան համոզուած ու բազմանշանակ էր խօսում իր առաջին վաստակի մասին։ Օրը քամոտ էր, եւ արեւը դուրս էր լողում ամպերի տակից, թաքնւում, յետոյ սկսեց անձրեւ կաթկթել։ Հրաշալի օր էր կարմրախայտ բռնելու համար։

Երիտասարդ ամերիկացին դուրս եկաւ հիւրանոցից, եւ Պեդուցցիին հարցրեց, թէ կեռիկներն ինչ անի։ Հարկ կա՞յ, որ կինը կեռիկներով առանձին գայ։

— Հա՛,— ասաց Պեդուցցին,— թող Signora֊ն առանձին գայ։

Երիտասարդը վերադարձաւ հիւրանոց եւ խօսեց կնոջ հետ։ Նա ու Պեդուցցին ճամփայ ելան։ Ամերիկացու ուսին musette[3] կար։ Պեդուցցին տեսաւ նրա կնոջը՝ լեռնագնայ կօշիկներով ու կապոյտ բերետ դրած։ Արտաքինից նա ամուսնու պէս երիտասարդ էր երեւում։ Կինը գնում էր այդ երկուսի հետեւից՝ ձեռքին ձկան քանդած կարթեր։ Պեդուցցիին դուր չէր գալիս, որ նա այդքան հեռու է իրենցից քայլում։

— Signorina[4],— ձայնեց նա՝ երիտասարդին աչքով անելով,— հլա մօտ եկէք ու հետներս քայլէք։ Signorina, էստե՛ղ եկէք։ Եկէք միասի՛ն գնանք։

Պեդուցցին ուզում էր, որ երեքով միասին անցնեն Կորտինոյի փողոցներով։


Կինը նրանց ետեւից քայլում էր անբաւական տեսքով։

— Signorina,— քնքուշ ձայնով կանչեց Պեդուցցին,— եկէ՛ք, հետներս քայլենք։

Ամուսինը ետ նայեց եւ ինչ֊որ բան գոռաց նրան՞ Վերջինս արագացրեց քայլերն ու հաւասարուեց նրանց։

Աւանի գլխաւոր փողոցով անցնելիս իրենց հանդիպած բոլոր մարդկանց Պեդուցցին եռանդով խոնարհւում էր՝ հանելով գլխարկը։

— Buonʼdi, Arturo![5]

Բանկի ծառայողը, ֆաշիստներով լեցուն սրճարանի շեմին կանգնած, հայեացքը յառեց նրան։ Մի չորս֊հինգ մարդ խանութների առջեւ կանգնած՝ եւս սկսեցին դիտել այդ երեքի ընթացքը։ Նոր կառուցուող հիւրանոցի բանուորները՝ փոշոտ բլուզներ հագին, մի պահ կանգ առած զննեցին նրանց։ Ոչ ոք չէր խօսում նրանց հետ կամ խոնարհւում նրանց, բացի քաղաքում շրջող նիհար, թքից թաց֊թաղկած մորուքով մուրացիկ ծերունուց, որ բարձրացրեց գլխարկը, երբ եռեակը հաւասարուեց իրեն։

Պեդուցցին կանգ առաւ մի խանութի առջեւ, որի պատուհանին բազմաթիւ շշեր կային, եւ իր մաշուած զինուորական շինելի ներսի գրպանից հանեց grappa֊ի դատարկ շիշը։

— Մի պուտ գինի, մի քիչ էլ մարսալա Signora֊ի համար, խմելու ինչ֊որ բան։— Նա թափահարում էր շիշը։— Համա թէ օր է, հա՜։ Մարսալա, մարսալա սիրո՞ւմ էք, Signorina։ Մի քիչ մարսալա՞։

Կինը անբաւական տեսք ունէր։

— Շատ պէ՞տքդ էր սրա հետ կապուելը,— ասաց նա ամուսնուն։ — Ասածից բան չեմ հասկանում։ Խմած է, չէ՞։

Երիտասարդը ձեւացրեց, թէ չի լսում Պեդուցցիին, բայց միեւնոյն միջոցին մտածում էր․ «Ո՞ր սատանան դրդեց ինձ մարսալա բառը բերանից թռցնելու։ Չէ՞ որ դա Մաքս Բիրբոումի[6] սիրած խմիչքն է»։

— Geld[7],— ի վերջոյ արտաբերեց Պեդուցցին՝ բռնելով երիտասարդի թեւքից։— Լի՛րա։— Նա ժպտաց՝ չհամարձակուելով համառ երեւալ, բայց եւ ցանկանալով ստիպել երիտասարդին գործելու։

Երիտասարդը գրպանից հանեց դրամապանակն ու նրան մեկնեց տասը լիրա։ Պեդուցցին աստիճաններով խանութ բարձրացաւ, որի ցուցանակին գրուած էր՝ «Տեղական եւ արտասահմանեան գինիների վաճառք»։ Խանութը փակ էր։

— Փակ է մինչեւ ժամը երկուսը,— ծաղրական տոնով ձայնեց մի անցորդ։ Պեդուցցին աստիճաններով իջաւ ցած։ Նա ցաւ զգաց։ «Բա՛ն չկայ,— ասաց ինքն իրեն,— «Կոնկորդիայից» կառնենք»։

Նրանք երեքով անցան փողոցով՝ ուղղուելով դէպի «Կոնկորդիա»։

Դրա շեմքին, ուր այս ու այն կողմ ժանգոտած սահնակներ էին թափթփուած, երիտասարդ վաճառողը հարցրեց նրան․

— Was wollen Sie?[8]

Պեդուցցին մի քանի տակ ծալուած տասը լիրանոցը մեկնեց նրան։

— Ո՛չ մի բան,— ասաց նա,— Դէ, հա՜, մի բան, էլի։

Նա մի տեսակ շփոթուած էր։

— Միգուցէ՝ մարսալա։ Չգիտեմ։ Մարսալա՝ երեւի։

«Կոնկորդիայի» դուռը ծածկուեց ամերիկացու եւ կնոջ ետեւից։

— Երեք բաժակ մարսալա,— ասաց ամերիկացին վաճառասեղանի ետեւում կանգնած աղջկան։

— Ուզում էք ասել՝ երկո՞ւսը,— հարցրեց նա։

— Ո՛չ,— ասաց երիտասարդը,— երե՛քը, մէկը vecchio[9]֊ի համար։

— Օ՜,— ասաց վաճառողուհին,— vecchio֊ի համար,— եւ ծիծաղեց՝ հանելով շիշը։ Յետոյ պղտոր հեղուկը լցրեց երեք բաժակների մէջ։

Կինը նստած էր պատի մօտ, որից լրագրեր կային կախուած։ Ամուսինը բաժակը դրեց նրա առջեւ։

— Դո՛ւ էլ խմիր մի քիչ։ Կարող է լաւ զգաս։

Կինը լուռ նայում էր բաժակին։ Երիտասարդը Պեդուցցիի համար լցրած բաժակը ձեռքին դուրս եկաւ սենեակից, բայց չգտաւ նրան։

— Չգիտեմ՝ ուր գնաց,— բաժակը ձեռքին սենեակ ետ դառնալով՝ ասաց նա։

— Նա մէկ քառորդ լիտր էր ուզում,— ասաց կինը։

— Իսկ էդ քառորդ լիտրը ինչքա՞ն արժի,— հարցրեց երիտասարդը վաճառողուհուն։

— Bianco?[10]֊ն։ Մի լիրա։

— Չէ՛, մարսալայի՛նը։ Էս երկո՛ւսն էլ,— ասաց նա՝ մեկնելով նրան իր ձեռքինն ու այն, որ Պեդուցցիի համար էր լցրել։ Աղջիկը ձագարով լցրեց գինին։— Հիմի շշի մէջ լցրէք, որ հետներս տանենք,— ասաց ամերիկացին։

Վաճառողուհին գնաց շիշ փնտրելու։ Այս ամէնը շատ էր զուարճացնում նրան։

— Շա՛տ եմ ցաւում, որ տրամադրութիւնդ փչացաւ, Թա՛յնի,— ասաց ամուսինը։— Շա՛տ ափսոս, որ նախաճաշին էդ ձեւով հետդ խօսեցի։ Ըստ էութեան նոյն բանից էինք խօսում, միայն թէ տարբեր տեսանկիւններից։

— Ի՞նչ տարբերութիւն,— ասաց կինը։— Ի վերջոյ, էդ ինձ համար ո՛չ մի նշանակութիւն չունի։

— Շա՞տ ես մրսում,— հարցրեց ամուսինը։— Մի հատ էլ սուիտեր հագնէիր, էլի՛։

— Հագիս առանց էդ էլ երեք հատ կայ։

Վաճառողուհին ներս մտաւ մի նեղլիկ մուգ շիշ ձեռքին ու մարսալան լցրեց դրա մէջ։ Երիտասարդը եւս հինգ լիրա վճարեց։ Ամուսինները դուրս եկան։ Այդ ամէնը վաճառողուհուն զուարճացնում էր։ Պեդուցցին, կարթաձողերը ձեռքում սեղմած, վեր ու վար էր անում փողոցի ծայրին, ուր այնքան էլ քամոտ չէր։

— Գնացի՛նք,— ասաց նա։— Ե՛ս կը տանեմ սրանք։ Հե՛չ բան էլ չկայ, եթէ մեզ մարդ տեսնի։ Մեզ բան էլ չեն անի։ Կորտինայում ինձ նեղացնող չկա՛յ։ Municipio[11]֊ում մարդ չկայ, որ չիմանամ։ Ես նախկին զինուոր եմ։ Էս քաղաքում բոլորն էլ սիրո՛ւմ են ինձ։ Ես գորտ եմ ծախում։ Ի՞նչ է, արգելուա՞ծ է ձուկ բռնելը։ Թքա՛ծ ունեմ։ Ախմախութի՛ւն։ Բան էլ չկա՛յ։ Ա՛յ, ձեզ ասում եմ, խոշոր ձկներ կան՝ ինչքան ուզէք։

Նրանք բլրից գետն իջան։ Քաղաքն արդեն ետեւում մնաց։ Արեւն այլեւս թաքնուել էր տամուկ երկնքում, ու անձրեւ էր մաղում։— Ա՜յ, հրե՛ն,— ասաց Պեդուցցին՝ ցոյց տալով այն նոյն տան շեմին կանգնած աղջկան, որի կողքով անցան իրենք։ «Աղջի՛կս է»։

— Ի՞նչ բժիշկ,— հարցրեց ամերիկուհին,— ուզում է մեզ իր բժշկի՞ն ցոյց տալ։

— Նա ասում է՝ «daughter»,— ասաց ամուսինը։

Աղջիկը, որին մատնացոյց արեց Պեդուցցին, տուն մտաւ։

Նրանք իջան բլուրն ի վար դաշտի միջով, յետոյ շրջուեցին ու քայլեցին ափի երկայնքով։ Պեդուցցին արագ էր խօսում՝ բազմանշանակ աչքով անելով։ Նրանք կողք կողքի էին քայլում, եւ կինն զգաց Պեդուցցիից փչող գինու հոտը։ Մի անգամ ծերուկը նոյնիսկ արմունկով բոթեց նրան։ Նա մէկ խօսում էր Ampezzo[12]֊ի, մէկ էլ գերմանա֊տիրոլեան բարբառով։ Նա ոչ մի կերպ գլխի չէր ընկնում, թէ դրանցից որն են իր երիտասարդ ուղեկիցները հասկանում, ուստի երկուսն էլ գործ էր ածում։ Բայց երբ ամերիկացին ասաց՝ Ja, Ja[13], Պեդուցցին արդեն որոշեց անցնել տիրոլեանին։ Երիտասարդն ու կինը ոչինչ չհասկացան։

— Երբ անցնում էինք քաղաքով, բոլորն էլ մեզ տեսան՝ կարթերը ձեռքներիս։ Երեւի հիմի արդեն գետապահպան ջոկատը հետեւում է մեզ։ Երանի էս գրողի տարած պատմութեան մէջ չխրուէինք։ Էս հարբած ապուշն էլ՝ գլխներիս մի ուրի՛շ կրակ։

— Իսկ քեզ, իհա՛րկէ, քաջութիւնդ չի հերիքում, որ ուղղակի ետ դառնաս ու՝ վերջ,— ասաց կինը։— Անպայման պիտի շարունակես հետը գնալ։

— Բա դո՛ւ ինչի՞ չես ետ դառնում։ Գնա՛, Թա՛յնի։

— Ես մնո՛ւմ եմ քեզ հետ։ Դէ՛, եթէ բանտ ընկնելու լինես, գոնէ երկուսով կը լինենք։

Նրանք կտրուկ ցած իջան ափով, եւ Պեդուցցին կանգ առաւ՝ ձեռքերով յուսահատ շարժումներ անելով ու ցոյց տալով գետը։ Նրա վերարկուն ուռել էր քամուց։ Ջուրը կեղտոտ էր ու պղտոր։ Ափի աջ կողմում աղբ էր կիտուած։

— Դէ՛, իտալերէն խօսէք, էլի՛,— ասաց երիտասարդը։

— Unʼ mezzʼ ora. Piu dʼunʼ mezzʼ ora.[14]

— Ասում է, թէ առնուազն մի կէս ժամ էլ դեռ կայ գնալու։ Լաւ է գնա՛ս, Թա՛յնի։ Դու առանց էդ էլ էս քամուն լաւ սառեցիր։ Զզուելի եղանակ է, ու մէկ է՝ ոչ մի հետաքրքիր բան էլ չի լինի։

— Լա՛ւ,— պատասխանեց կինը եւ սկսեց բարձրանալ խոտածածկ ափով։ Պեդուցցին ներքեւում էր՝ գետի մօտ, եւ միայն այն ժամանակ նկատեց կնոջը, երբ վերջինս արդեն անցնում էր բլրի կատարից։— Frau![15],— գոռաց նա։— Frau, Fräulein![16]։ Էդ ի՞նչ է, գնո՞ւմ էք։

Ամերիկուհին չքացաւ բլրի ետեւում։

— Գնա՛ց,— ասաց Պեդուցցին։ Նա յուզուած էր։

Նա քանդեց ռետինէ քուղերը, որոնցով կապուած էին կարթաձողերն, ու սկսեց հաւաքել դրանցից մէկը։

— Բայց չէ՞ որ ասացիք, որ մի կէս ժամ էլ կայ գնալու։

— Հա՛, հա՛։ Էնտեղ շատ լաւ է։ Բայց էստե՛ղ էլ վատը չի։

— Իսկապէ՞ս։

— Բա ո՜նց։ Էստե՛ղ էլ է լաւ, էնտե՛ղ էլ։

Երիտասարդը նստեց ափին, հաւաքեց կարթաձողը, հարմարեցրեց կոճն ու ձգեց կարթաթելը օղակի միջով։ Նա մի տեսակ անհանգիստ էր ու վախենում էր, թէ ամէն պահի կարող է յայտնուել գետապահպան ջոկատը, կամ թէ ափին կյայտնուի տեղացիների ամբոխը։ Նա տեսնում էր քաղաքի տներն ու կամպանիլլան՝ բլրի ծայրին։ Նա բացեց կարթաթելերի տուփը։ Պեդուցցին կռացաւ, այնտեղ մտցրեց գոսացած մատն ու ցուցամատը եւ իրար միացրեց թաց կարթաթելերը։

— Իսկ դուք սուզագնդիկ ունէ՞ք։

— Չէ՛։

— Դուք դրանից պիտի՛ ունենաք։— Պեդուցցին յուզուած էր։— Առանց piombo[17]֊ի հնարաւոր չէ։ Piombo։ Ընդամէնը մի քանի գնդակ։ Հրե՜ս, ա՛յ։ Ա՛յ, էստեղ հենց կեռի տակ, թէ չէ խայծը կը լողայ ջրի երեսին։ Անպայման piombo է պէտք։ Թէկուզ մի պուճուռ կտոր։

— Իսկ ձեզ մօտ կա՞յ։

— Չէ՛։— Նա սկսեց տենդագին տնտղել գրպանները։— Մի հատ էլ չկայ։ Առանց piombo֊ի չի՛ լինի։

— Դէ, ուրեմն, որսալ չի՛ լինի,— ասաց երիտասարդը ու քանդեց կարթաձողը՝ ետ տալով կարթաթելը օղակի միջով։— Piombo կը ճարենք ու ձուկն էգուց կը բռնենք։

— Բայց, հլա լսէ՛ք, caro[18], ձեզ մօտ պիտի որ piombo լինի։ Թէ չէ կարթաթելը կը լողայ ջրի երեսին։— Պեդուցցիի աչքի առաջ ամէն ինչ խորտակւում էր։— Ձեզ մօտ պիտի՛ որ piombo լինի։ Մի՛ կտորն էլ հերիք է մեզ։ Կարթաթելերը լրիւ նոր են, իսկ, ա՛յ, արճի՛ճ չկայ։ Ինձ որ մնար՝ ես կը բերէի։ Բա դուք ասում էիք, թէ ձեզ մօտ ամէն ինչ կայ։

Երիտասարդը նայում էր հալչող ձիւնից պղտոր դարձած հոսանքին։— Դէ ի՞նչ,— ասաց նա,— մի քիչ արճիճ կճարենք ու էգուց որսի դուրս կը գանք։

— Ասում էք՝ առաւօտը, ո՞ր ժամին։ Հլա ասէ՛ք։

— Եօթին։

Արեւը դուրս ելաւ։ Օրը տաք ու հաճելի դարձաւ։ Երիտասարդը մի տեսակ թեթեւութիւն զգաց։ Նա այլեւս ոչ մի օրէնք էլ չէր խախտում։ Նստելով ափին՝ նա գրպանից հանեց մարսալայի շիշն ու մեկնեց Պեդուցցիին։ Պեդուցցին ետ տուեց այն։ Ամերիկացին մի կում արաւ ու փոխանցեց Պեդուցցիին։ Սա կրկին այն տուեց երիտասարդին։— Խմէ՛ք,— ասաց նա,— խմէ՛ք։ Ձեր մարսալան է սա։— Մի կում եւս անելով՝ ամերիկացին շիշը մեկնեց նրան։ Պեդուցցին ուշադիր զննում էր, յետոյ շտապով վերցրեց այն ու գլխին քաշեց։ Վզի ծալքերի ճերմակ մազմզուկները թրթռացին, երբ նա խմում էր գինին՝ աչքերը նեղլիկ գորշ շշին հառած։ Նա շիշը լրիւ դատարկեց։ Քանի դեռ խմում էր, արեւը սկսեց շողալ։ Հրաշալի էր շուրջը։ Յամենայն դէպս յաջող օր էր։ Սքանչելի՜ օր։

— Senta, caro։ Ուրեմն, էգուց՝ առաւօտը եօթին։ Նա երիտասարդին մի քանի անգամ caro ասաց, ու լաւ էլ ստացուեց։ Ա՛յ թէ լաւ մարսալա է, հա՜։ Էդպիսի օրեր առջեւում դեռ էնքա՜ն կան, իսկ սկիզբը վաղն է, ժամը եօթին։

Նրանք սկսեցին բլրով բարձրանալ՝ քաղաքի ուղղութեամբ։ Ամերիկացին առջեւից էր գնում։ Նա գրեթէ բլրի կատարին էր, երբ Պեդուցցին ձայն տուեց․

— Լսէ՛ք, caro։ Բարի չէի՞ք լինի ինձ հինգ լիրա տալ։

— Էսօրուա՞յ համար,— խոժոռուած հարցրեց երիտասարդը։

— Չէ՛, էսօրուայ համար չէ։ Էսօր տուէք էգուցուայ համար։ Կառնեմ ինչ որ պէտք է։ Pane salami, formaggio, լաւ նախաճաշ կը լինի երեքիս համար էլ։ Դուք, ես ու Signora֊ն։ Խայծ, մատղաշ օձաձուկ, հո միայն որդերը չեն։ Կարող է՝ մի քիչ էլ մարսալա ճարեմ։ Ու էդ բոլորը՝ հինգ լիրայով։ Հինգ լիրա, հը՞, սինյոր։

Երիտասարդը փորփրեց դրամապանակը եւ հանեց երկու լիրանոց մէկ թղթադրամ ու երկու հատ էլ մեկանոց։

— Շնորհակա՛լ եմ, caro։ Շնորհակա՛լ եմ,— ասաց Պեդուցցին այնպիսի տոնով, որով խօսում են «Կարլտըն Քլաբի» անդամները՝ հարեւանի ձեռքից «Մորնինգ փոստը» վերցնելիս։ Ա՜յ թէ կեանք է, հա՜։ Դէ էլ հերի՛ք եղաւ եղանով հիւրանոցի բակի սառած աղբը փորփրել։ Կեա՜նք է բացւում իր առջեւ։

— Դէ՛, ուրեմն մինչեւ ժամը եօ՛թը, ca՛ro,— ասած Պեդուցցին՝ թփթփացնելով երիտասարդի ուսը։— Ուղի՛ղ եօթին։

— Ես երեւի թէ չգամ,— ասաց երիտասարդը եւ դրամապանակը նորից գրպանը դրեց։

— Ո՞նց,— հարցրեց Պեդուցցին,— ես օձաձուկ կը բերեմ, Signor։ Salami, ամէն ինչ։ Դո՛ւք, ե՛ս ու Signora֊ն։ Էս երե՛քս։

— Ես երեւի թէ չգամ,— կրկնեց երիտասարդը,— ամենայն հաւանականութեամբ՝ չէ։ Հիւրանոցի Padrone֊ից կիմանաք էդ մասին։
  1. cantina (իտալ․) — փոքրիկ պանդոկ, գինետուն
  2. grappa (իտալ․) — խաղողի օղի
  3. musette (իտալ․) — պայուսակ
  4. Signorina (իտալ․) — սինյորինա
  5. Buonʼdi, Arturo! (իտալ․) — Բարի օր, Արթուր։
  6. Մաքս Բիրբոու (1872—1956) — անգլիայի քննադատ եւ ծաղրանկարիչ
  7. das Geld (գերմ․) — դրամ
  8. Was wollen Sie? (գերմ․)— Ի՞նչ էք ուզում։
  9. vecchio (իտալ․) — ծերունի
  10. bianco (իտալ․)— այստեղ՝ սպիտակ գինի
  11. Municipio (իտալ․) — քաղաքապետարան
  12. dʼAmpezzo — իտալերէն լեզուի բարբառ
  13. Ja, Ja (գերմ․) — Հա՛, հա՛։
  14. Unʼ mezzʼ ora. Piu dʼunʼ mezzʼ ora (իտալ․) — Կէս ժամ։ Կէս ժամից շատ։
  15. Frau (գերմ․) — տիկին
  16. Fräulein! (գերմ․) — օրիորդ
  17. piombo (իտալ․) — արճիճ, կապար
  18. caro (իտալ․) — սիրելի