Վերջին թարմացում 24 Օգոստոսի 2015, 19:06

Նվիրվում է Շվեյցարիային

19:06, 24 Օգոստոսի 2015 տարբերակ, Մազութի Համո (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Նուիրւում է Շուեյցարիային

հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ
թարգմանիչ՝ Նինա Ա․ Ջաղինյան (բնագրից)
աղբյուր՝ «Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր»

Միստր Ուիլլերի զուարճութիւնները Մոնտրէում։

Կայարանի բուֆետում տաք էր ու լուսաւոր։ Ջանադրաբար մաքրուած փայտէ սեղանները փայլում էին․ դրանց վրայ թղթէ տոպրակներով աղի գալեթներ էին դրուած։ Աթոռները քանդականախշ էին, ժամանակի ընթացքից՝ մաշափայլ, բայց եւ այնպէս՝ հարմար նստատեղով։ Պատից կախուած էր փայտէ փորագրանախշ մի ժամացոյց, իսկ սենեակի խորքում բուֆետի դիմհարն էր։ Դրսում ձիւն էր գալիս։

Ժամացոյցի տակի սեղանի մօտ երկու բեռնակիր մաճառ էին խմում։ Երրորդ բեռնակիրը մաւ ներս ու ասաց, որ Սեն֊Մորիսից ժամանող արեւելա֊սիմպլոնեան ճեպընթացը մէկ ժամ կուշանայ։ Միստր Ուիլլերի սեղանիկին մօտեցաւ մատուցողուհին։

— Ճեպընթացը մէկ ժամ ուշանում է, սը՛ր,— ասաց նա։— Միգուցէ սո՞ւրճ խմէիք։

— Իսկ չէ՞ք կարծում, որ յետոյ չեմ քնի։

— Ներեցէք, ի՞նչ,— հարցրեց աղջիկը։

— Բերէ՛ք սուրֆը,— ասաց միստր Ուիլլերը։

— Խնդրե՛մ, սըր։

Մատուցողուհին խոհանոցից բերեց սուրճը, իսկ միստր Ուիլլերը շրջուեց պատուհանի կողմն ու սկսեց դիտել ձեան յուշիկ ընթացքը լուսավառ կառամատոյցին։

— Դուք էլի՞ ինչ֊որ լեզուներ գիտէք, բացի անգլերէնից,— հարցրեց նա մատուցողուհուն։

— Իհա՛րկէ, սը՛ր։ Գերմաներէն, ֆրանսերէն, նաեւ՝ տեղական բարբառներ։

— Որեւէ բան կը խմէ՞ք հետս։

— Ո՛չ, ի՜նչ էք ասում, սը՛ր։ Յաճախորդների հետ մեզ չի թոյլատրւում։

— Միգուցէ սիգա՞ր ծխէք։

— Ո՛չ, ի՜նչ էք ասում, սը՛ր։ Ես չեմ ծխում։

— Լա՛ւ է,— ասաց միստր Ուիլլերը։ Նա կրկին պատուհանից դուրս նայեց, խմեց սուրճն ու սկսեց ծխել։

— Fräulein!,— կանչեց նա։ Մատուցողուհին մօտեցաւ սեղանիկին։

— Ի՞նչ կը ցանկանայիք, սըր։

— Չե՛զ,— ասաց նա։

— Կատա՞կ էք անում, սըր։

— Ո՛չ։

— Այդ դէպքում պէ՛տք չի նման բաներ ասել։

— Եկէք ժամանակ չկորցնե՛նք,— ասաց միստր Ուիլլերը։— Գնացքի գալուն մնացել է քառասուն րոպէ։ Եթէ ինձ հետ վերեւ գաք, ձեզ հարիւր ֆրանկ կը տամ։

— Ինչպէ՜ս կարելի է էդպիսի բաներ ասել, սըր։ Ես բեռնակի՛ր կը կանչեմ։

— Ինձ բեռնակիր հարկաւոր չի,— ասաց միստր Ուիլլերը։— Ինձ ո՛չ բեռնակիր է հարկաւոր, ո՛չ ոստիկան, ո՛չ էլ ծխախոտ ծախող։ Ինձ դո՛ւք էք հարկաւոր։

— Եթէ դուք էս ամէնին վերջ չտաք, սը՛ր, ստիպուած կը լինէք հեռանալ էստեղից։ Էստեղ նման խօսակցութեան տեղ չի։

— Բա էդ դէպքում ինչի՞ էք էստեղ կանգնել։ Եթէ կանգնած չլինէիք, ես ձեզ հետ չէի կարող զրոյցի բռնուել։

Մատուցողուհին հեռացաւ։ Միստր Ուիլլերը սկսեց հետեւել՝ արդեօք աղջիկը բեռնակիրներին կը մօտենա՞յ։ Չմօտեցաւ։

— Mademoiselle![1],— ձայնեց նա։ Մատուցողուհին մօտեցաւ։— Մի շիշ սիոնեա՛ն, խնդրեմ։

— Հիմա՛, սըր։

Միստր Ուիլլերը նայեց նրա ետեւից։ Երբ կինը վերադարձաւ ու գինին դրեց նրա առջեւ՝ սեղանիկին, տղամարդը նայեց ժամացոյցին։

— Ես ձեզ երկո՛ւ հարիւր ֆրանկ կը տամ,— ասաց նա։

— Խնդրո՛ւմ եմ, վե՛րջ տուէք, սըր։

— Երկու հարիւր ֆրանկ՝ ահագին փող է։

— Վե՛րջ տուէք էդպէս խօսելուն։— Յուզմունքից կինը շփոթել սկսեց օտար բառերը։ Միստր Ուիլլերը հետաքրքրութեամբ դիտում էր նրան։

— Երկու հարիւր ֆրա՛նկ։

— Ի՜նչ նողկալի մարդ էք։

— Բա էլ ինչի՞ էք էստեղ կանգնած։ Եթէ էստեղ չլինէիք, ձեզ հետ խօսքի չէի բռնուի։

Մատուցողուհին հեռացաւ եւ ուղղուեց բուֆետի կեան կողմը։ Միստր Ուիլլերը խմեց գինին ու ժպտաց ինքն իրեն։

— Mademoiselle!,— փոքր ինչ յապաղելով կանչեց նա։ Մատուցողուհին ձեւացրեց, թէ չի լսում։— Mademoiselle!,— կրկին ձայնեց տղամարդը։

Մատուցողուհին մօտեցաւ։

— Ձեզ որեւէ բա՞ն է հարկաւոր։

— Էն էլ ինչքա՜ն։ Ձեզ երե՛ք հարիւր ֆրանկ կը տամ։

— Դուք գարշելի՛ էք։

— Երեք հարիւր շուեյցարակա՛ն ֆրանկ։

Կինը հեռացաւ։ Միստր Ուիլլերը նայեց նրա հետեւից։ Դռների մէջ յայտնուեց բեռնակիրը։ Այն նոյնը, որին միստր Ուիլլերն իր ուղեբեռը յանձնեց։

— Գնացքը գալիս է, սը՛ր,— ասաց նա ֆրանսերէն։ Միստր Ուիլլերը վեր կացաւ տեղից։

— Mademoiselle!,— կանչեց նա։ Մատուցողուհին մօտեցաւ սեղանիկին։— Ինչքա՞ն պիտի վճարեմ գինու համար։

— Եօ՛թ ֆրանկ։

Միստր Ուիլլերը հաշուեց ութ ֆրանկ եւ դրեց սեղանին։ Յետոյ վերցրեց գլխարկը, հագաւ վերարկուն եւ բեռնակրին հետեւելով բարձրացաւ կառամատոյց, որին դեռ ձիւն էր իջնում։

— Au revoir[2], Mademoiselle!,— ասաց նա։ Մատուցողուհին նայեց նրա ետեւից։

«Ա՛յ քեզ այլանդակ,— մտածեց նա։— Այլանդակ ու՝ ինչքան էլ գարշելի։ Նման դատարկ բանի համար երե՜ք հարիւր ֆրանկ։ Քանի անգամ եմ դա ձրի արել։ Տեղ էլ չկայ ախր էստեղ։ Եթէ գոնէ մի փոքր ուղեղն աշխատեր, կհասկանար, որ տեղ չկայ էստեղ։ Հա՛մ տեղ չկայ, հա՛մ էլ ժամանակ։ Երե՜ք հարիւր ֆրանկ։ Համա՜ թէ տարօրինակ են, հա՜, էս ամերիկացիք»։

Իր բեռների մօտ, կառամատոյցի ասֆալտին կանգնած, ձեան փաթիլների միջով հայեացքն ուղղելով դանդաղ մօտեցող գնացքի լոյսերին՝ միստր Ուիլլերը խորհում էր այն մասին, թէ այդ զուարճութիւնն ինչքան էժան նստեց վրան։ Ճաշից բացի նա ընդամէնը ութ ֆրանկ ծախսեց գինու եւ թեյանուէրի վրայ։ Գուցէ թէ եօթանասունհինգ սենթն էլ էր բաւարար։ Իզո՛ւր չսահմանափակուեց եօթանասունհինգ սենթով։ Մէկ շուեյցարական ֆրանկը համարժէք է հինգ ֆրանսիականի։ Միստր Ուիլլերը ուղեւորւում էր Փարիզ։ Նա շատ հաշուենկատ էր, եւ կանայք նրան չէին հետաքրքրում։ Այս կայարանում նա առաջներում էլ էր եղել ու գիտէր, որ վերեւում ոչ մի նման շինութիւն էլ չկայ։ Միստր Ուիլլերը կեանքում երբեք ռիսկի չէր դիմում։

Միստր Ջոնսընը վեւեում մտերմիկ զրոյց է անում

Կայարանի բուֆետում տաք էր ու լուսաւոր։ Ջանադրաբար մաքրուած փայտէ սեղանները փայլում էին․ մի քանիսի վրայ ճերմակ ու կարմիր շերտերով ծածկոցներ կային, իսկ միւսներին՝ ճերմակ ու կապոյտ շերտերով․ դրանց բոլորի վրայ զամբիւղներ էին դրուած, մէֆը՝ թղթէ տոպրակներով աղի գալեթներ։ Աթոռները փայտից էին՝ փորագրանախշ, ժամանակի հեւքից՝ մաշափայլ, բայց եւ՝ հարմար նստոցով։ Սրահի պատից ժամացոյց կար կախուած, խորքում՝ բուֆետի ցինկապատ սիւնն էր, իսկ պատուհանից դուրս յուշիկ իջնում էր ձիւնը։ Ժամացոյցի տակի սեղանիկին երկու բեռնակիր նստած գինու մաճառ էին ըմպում։

Սրահ մտաւ երրորդ բեռնակիրն ու ասաց, որ Սեն֊Մորիսից ժամանող արեւելա֊սիմպլոնեան ճեպընթացը մէկ ժամ ուշանում է։ Միստր Ջոնսընի սեղանին մօտեցաւ մատուցողուհին։

— Ճեպընթացը մէկ ժամ ուշանում է, սը՛ր,— ասաց նա։— Միգուցէ սո՞ւրճ կուզէիք։

— Եթէ դժուար չի։

— Ներեցէք, ի՞նչ,— հարցրեց մատուցողուհին։

— Լա՛ւ, մի բաժակ սուրճ տուէք։

— Խնդրե՛մ, սըր։

Կինը սուրճը բերեց խոհանոցից, իսկ միստր Ջոնսընը շրջուեց պատուհանի կողմն ու սկսեց հետեւել լուսավառ կառամատոյցին իջնող ճերմակ ձեան ընթացքին։

— Ասում էք, ուրիշ լեզունե՞ր էլ գիտէք, բացի անգլերէնից, հա՞,— հարցրեց նա մատուցողուհուն։

— Իհա՛րկէ, սըր։ Գիտեմ գերմաներէն, ֆրանսերէն, նաեւ՝ տեղական բարբառներ։

— Որեւէ բան կը խմէ՞ք։

— Ո՛չ, ի՜նչ էք ասում, սը՛ր։ Յաճախորդների հետ չի թոյլատրւում։

— Միգուցէ՝ սիգա՞ր։

— Ո՛չ, ի՜նչ էք ասում, սը՛ր,— ժպտաց կինը։— Ես չեմ ծխում։

— Ես է՛լ,— ասաց միստր Ջոնսընը։— Բայց դէ յիմար սովորութիւն է, ի՞նչ արած։

Մատուցողուհին հեռացաւ սեղանից, իսկ միստր Ջոնսընը ծխեց, ու սկսեց սուրճ խմեց։ Պատի ժամացոյցով տասից տասնհին էր պակաս։ Իր ժամացոյցը մի քիչ առաջ էր։ Գնացքը պիտի այստեղ լինէր տասն անց երեսունին, իսկ մի ժամ ուշացումը նշանակում է՝ տասնմէկն անց երեսուն։ Միիստր Ջոնսընը մօտ կանչեց մատուցողուհուն։

— Signorina!։

— Ի՞նչ էք ցանկանում, սը՛ր։

— Չէի՞ք համաձայնի հետս մի քիչ զուարճանալ,— հարցրեց միստր Ջոնսընը։

Մատուցողուհին կարմրեց։

— Ի՜նչ էք ասում, սըր։

— Մտքիս վատ բան չկա՛յ։ Դուք ինձ չէի՞ք ընկերակցի՝ գնանք֊տեսնենք գիշերային Վիեննան։ Եթէ ուզում էք, կարող էք ձեր ընկերուհուն էլ բերել։

— — Ես չե՛մ կարող հեռանալ էստեղից,— ասաց մատուցողուհին։— Ախր ծառայութեան մէջ եմ։

— Գիտե՛մ,— ասաց Ջոնսընը։— Բայց միգուցէ որեւէ մէկին ձեր փոխարէն կանգնեցնէ՞ք։ Քաղաքացիական պատերազմի տարիներին էդպէս նոյնիսկ զօրացրուածների հետ էր պատահում։

— Ո՛չ, սըր։ Ես անձա՛մբ պիտի էստեղ լինեմ։

— Անգլերէնը որտե՞ղ էք սովորել։

— Բերլիցի դասընթացներին, սը՛ր։

— Ինձ պատմէ՛ք այդ մասին,— ասաց Ջոնսընը։— Երեւի էնտեղ իսկական անբաններ էին սովորում, հը՞։ Երեւի թէ կպչում էին աւելորդ քնքշութիւններով… Դրանց մէջ շա՞տ էին պճնամոլները։ Երեւէ հանդիպե՞լ էք Սքոթ Ֆիցջերալդին։

— Ներեցէք, ի՞նչ ասացիք։

— Կուզէի իմանալ՝ ուսանողական տարիները արդեօք համարո՞ւմ էք ձեր կեանքի լաւագոյն շրջանը։ Իսկ անցեալ աշնանը Բերլիցի դասընթացները ի՞նչ թիմ էին հանել։

— Կատա՞կ էք անում, սը՛ր։

— Մի քի՛չ,— ասաց Ջոնսընը։— Դուք հրաշալի՛ աղջիկ էք։ Դէ, ինչ, չէ՞ք ուզում մի քիչ հետս զուարճանալ։

— Ո՛չ, ո՛չ, սը՛ր։ Էլի՞ ինչ֊որ բան բերեմ։

— Այո՛,— ասաց Ջոնսընը։— Խնդրեմ, բերէ՛ք գինիների տեսականին։

— Ա՛յս րոպէին, սը՛ր։

Տեսականին ձեռքին Ջոնսընը ուղղուեց դէպի այն սեղանը, ուր նստած էին բեռնակիրները։ Վերջիններս նրան նայեցին։ Երեքն էլ տարեց մարդիկ էին։

— Wollen Sie trinken?[3],— հարցրեց Ջոնսընը։ Նրանցից մէկը գլխով արեց ու ժպտաց։

— Oui, monsieur[4]։

— Եւ ի՞նչ պիտի խմենք։ Connais vous des champagnes?[5]

— Non, monsieur[6]։

— Faut les connaître[7],— նկատեց Ջոնսընը։— Fräulein!,— ձայն տուեց նա մատուցողուհուն։— Մենք շամպայն ենք խմելու։

— Որի՞ց կը կամենաք, սըր։

— Ամենալա՛ւը,— ասաց Ջոնսընը։— Էստեղ ո՞րն է ամենալաւը,— դիմեց նա բեռնակիրներին։

— Le meilleur?[8],— հարցրեց այն մէկը, որն առաջինը խօսել սկսեց։

— Անպմամա՛ն։

Բեռնակիրը գրպանից հանեց ոսկերիզ ակնոցն ու սկսեց աչքի անցկացնել խմիչքի տեսականին։ Նրա մատները դանդաղ իջան խմիչքի անունների եւ գների մեքենագրուած չորս տողերի վրայով։

— «Sportsman»[9],— ասաց նա։— «Sportsman»՝ ամենալաւը սա՛ է։

— Համաձա՞յն էք, պարոնա՛յք,— հարցրեը Ջոնսընը միւս բեռնակիրներին։ Նրանցից մէկը գլխով արեց։ Միւսը ֆրանսերէն ասաց․

— Անձամբ չեմ փորձել, բայց դրա մասին շատ եմ լսել։ Լա՛ւ գինի է։

— Մի շիշ «Sportsman»,— ասաց Ջոնսընը մատուցողուհուն։ Նա գնին նայեց՝ տասնմէկ շուեյցարական ֆրանկ։— Դէ լաւ, երկու շիշ։ Ոչի՞նչ, որ ես ձեզ հետ նստեմ,— հարցրեց նա «Sportsman» առաջարկող բեռնակրին։

— Խնդրե՛մ։ Այ էստե՛ղ նստէք։— Բեռնակիրը ժպտաց նրան։ Յետոյ հանեց ակնոցն ու դրեց պատեանը։— Հո monsieur֊ի ծնո՞ւնդը չի էսօր։

— Չէ՛,— ասաց Ջոնսընը։— Դէ առանձնապէս տօնելու բա՛ն էլ չկայ։ Կինս ապահարզան է պահանջել ինձնից։

— Ի՞նչ էք ասում,— ասաց բեռնակիրը։— Չի՛ կարող պատահել։— Միւս բեռնակիրը օրորեց գլուխը։ Երրորդը, ինչպէս երեւում է, լսողի դերում էր։

— Դէ՛, դա սովորական բան է, իհա՛րկէ,— ասաց Ջոնսընը։ Ոնց որ, ասենք, գնաս ատամնաբոյժի մօտ առաջին անգամ, կամ թէ ջահել աղջկայ լուրջ տկարութեան պէս մի բան, բայց դէ էդ ամէ՛նը ինձ հունից հանեց։

— Դէ՛, դա լրի՛ւ հասկանալի է,— ասաց բեռնակիրներից աւագը։— Հասկանում եմ ձեզ։

— Պարոնա՛յք, ձեզնից որեւէ մէկը ամուսնալուծուած կա՞յ,— հարցրեց Ջոնսընը։ Նա արդեն դադարեց միտումնաւոր աղաւաղել բառերը ու հիմա խօսում էր սահուն ֆրանսերէնով։

— ՉԷ՛,— ասաց «Sportsman»֊ը կարեւորող բեռնակիրը։— Էստեղ ամուսնալուծութիւններ քիչ են լինում։ Ի՛նչ խօսք, պատահում են էդպիսի տղամարդիկ, բայց՝ քիչ։

— Մեզ մօտ ուրի՛շ է,— ասաց Ջոնսընը։— Համարեայ թէ բոլորը բաժանւում են։

— Ինչ որ ճիշտ է՝ ճիշտ,— հաստատեց բեռնակիրը։— Էդ մասին թերթում կարդացել եմ։

— Ես ի՛նքս մի քիչ ուշացայ էդ հարցում,— շարունակեց Ջոնսընը,— առաջին անգամն է։ Իսկ ես արդեն երեսունհինգ տարեկան եմ։

— Mais vous êtes encore jeunu[10],— ասաց բեռնակիրը։— Monsieur nʼа que trente cinq ins[11],— բացատրեց նա միւս երկուսին։ Նրանք ի պատասխան գլխով արեցին։

— Նա բոլորովին ջահել է,— ասաց նրանցից մէկը։

— Իսկ դուք իրօ՞ք առաջին անգամն էք բաժանւում,— հարցրեց բեռնակիրը։

— Իրո՛ք,— ասաց Ջոնսընը։— Բացէ՛ք, խնդրեմ, շիշը, mademoiselle։

— Իսկ բաժանուելը թա՞նկ է նստում։

— Տասը հազար ֆրանկ։

— Շուեյցարակա՞ն։

— Չէ՛, ֆրանսիական։

— Ըհը՛։ Ուրեմն, շուեյցարականով կանի երկու հազար։ Յամենայն դէպս՝ էժան չի։

— Հա՛։

— Ինչի՞ համար է պէտք դա անել։

— Որովհետեւ պահանջում են էդ։

— Իսկ ինչի՞ են պահանջում։

— Որպէսզի ուրիշ մէկի հետ ամուսնանան։

— Ախր դա յիմարութի՛ւն է։

— Լիովի՛ն համաձայն եմ,— ասաց Ջոնսընը։

Մատուցողուհին չորսի համար էլ գինի լցրեց։ Նրանց բարձրացրին բաժակները։

— Prosit![12],— ասաց Ջոնսընը։

— A votre santè, monsieur[13],— ասաց բեռնակիրը։

Միւս երկուսն էլ աւելացրին․— Salut։

Շամպայնը հենց քաղցր մրգաջրի համ ունէր։

— Էդ ի՞նչ է, շուեյցարական սովորո՞յթ է, որ ուրիշ լեզուով էք պատասխան տալիս,— հարցրեց Ջոնսընը։

— Չէ՛,— ասաց բեռնակիրը։— Ֆրանսերէն մի տեսակ աւելի քաղաքավարի է ստացւում։ Բացի էդ էլ, չէ՞ որ էս ֆրանսիական Շուեյցարիան է։

— Բայց դուք գերմաներէն էք խօսում։

— Հա՛,— մեր գիւղում գերմաներէն են խօսում։

— Պա՛րզ է,— ասաց Ջոնսընը։— Ուրեմն դուք ոչ մի անգամ չէ՞ք բաժանուել։

— Չէ՛։ Էդ շատ թանկ բան է։ Յետոյ էլ՝ ոչ մի անգամ ամուսնացած չեմ եղել։

— Ահա թէ ի՜նչ,— ասաց Ջոնսընը։— Իսկ էս պարոնա՞յք։

— Նրանք՝ հա՛։

— Գո՞հ էք, որ ամուսնացած էք,— հարցրեց Ջոնսընը երկրորդ բեռնակրին։

— Ինչ ասացի՞ք։

— Լա՞ւ է, որ ամուսնացած էք։

— Oui․ Cʼest normal[14]։

— Է՛դ է որ կայ,— ասաց Ջոնսընը։— Et vous, monsieur[15]։

— Ça va[16],— ասաց երրորդ բեռնակիրը։

— Pour moi,— ասաց Ջոնսընը։— Ça ne va pas[17]։

— Monsieur֊ը պատրաստւում է բաժանուել կնոջից,— բացատրեց առաջին բեռնակիրը։

— Օ՜,— ասաց երկրորդ բեռնակիրը։

— Ըհը՛,— ասաց երրորդը։

— Դէ՛,— ասաց Ջոնսընը,— թեման, երեւում է, սպառուեց։ Ձեզ հետաքրքիր չի իմ վշտերը լսել,— դիմեց նա առաջին բեռնակրին։

— Չէ՛, ինչի՞,— առարկեց բեռնակիրը։

— Եկէ՛ք մի ուրիշ բանից խօսենք, հը՞։

— Խնդրե՛մ։

— Ինչի՞ մասին։

— Սպորտով զբաղւո՞ւմ էք։

— Չէ՛,— ասաց Ջոնսընը։— Իսկ, ա՜յ, կինս մարզուհի է։

— Իսկ դուք ո՞նց էք զուարճանում։

— Ե՞ս, գրող եմ։

— Լա՞ւ գին են տալիս դրան։

— Չէ՛, բայց յետոյ, երբ արդեն յայտնի ես դառնում՝ հա։

— Հետաքրքի՛ր է։

— Չէ՛,— ասաց Ջոնսընը,— բոլորովին էլ հետաքրքիր չի։ Շա՛տ եմ ցաւում, պարոնայք, բայց պիտի հրաժեշտ տամ ձեզ։ Խնդրում եմ, երկրորդ շիշն էլ միասին խմէք։

— Բայց չէ՞ որ գնացքը երեք քառորդ ժամից շուտ չի գայ։

— Գիտե՛մ,— ասաց Ջոնսընը։

Մատուցողուհին մօտեցաւ, եւ նա վճարեց գինու ու ճաշի համար։

— Գնո՞ւմ էք, սըր,— հարցրեց կինը։

— Այո՛,— ասաց Ջոնսընը։— Ուզում եմ մի քիչ քայլել։ Ճամպրուկներս էստեղ եմ թողնում։

Նա հագաւ վերարկուն, գցեց շարֆն ու դրեց գլխարկը։ Կառամատոյցին թանձր փաթիլներով իջնում էր ձիւնը։ Նա ետ նայեց եւ պատուհանից տեսաւ երեք բեռնակիրներին, որոնք դեռ նստած էին սեղանի մօտ։ Մատուցողուհին նրանց բաժակները լցնում էր բացուած շշի տակի մնացած գինին։ Չբացուած շիշը նա ետ տարաւ։ «Դրանցից նրանք մի երեք ֆրանկ կամ թէ աւել հանում են»,— մտածեց Ջոնսընը։ Նա շրջուեց ու սկսեց քայլել կառամատոյցի երկայնքով։ Երբ բուֆետում էր նստած, իրեն թւում էր, թէ հոգու ցաւը կը բթանայ, եթէ սկսի խօսել այդ մասին, բայց չէ, այդպէս չեղաւ, այ, հոգու խորքում ինքը մի տեսակ վատ էր զգում։

Աշխարհագրական ընկերութեան անդամի որդին Տերիտէում

Տերիտէ կայարանի բուֆետում չափից դուրս տաք էր․ բուֆետը՝ վառ լուսաւորուած, սեղանիկները՝ փայլելու աստիճան մաքուր։ Դրանց վրայ՝ զամբիւղների մէջ, թղթէ փաթեթներով աղի գալեթներ կային, ինչպէս նաեւ՝ կարտոնէ տակդիրներ՝ գարեջրի գաւաթների համար, որ դրանց պստիկ տակերը փայտի վրայ հետք չթողնեն։ Սեղանները փայտից էին, փորագիր, ժամանակի հեւքից՝ մաշափայլ, բայց եւ՝ շատ հարմար նստոցներով։ Պատին ժամացոյց կար, սենեակի խորքում բուֆետի սիւնն էր, իսկ դրսում ձիւն էր գալիս։ Ժամացոյցի տակ, սեղանիկի մօտ մի ծերունի սուրճ էր ըմպում ու կարդում եկերոյեան լրագիրը։ Ներս մտաւ բեռնակիրն ու ասաց, որ արեւելա֊սիմպլոնեան ճեպընթացը Սեն֊Մորիսից մէկ ժամ ուշացումով է ժամանում։ Միստր Հերիսի սեղանիկին մօտեցաւ մատուցողուհին։ Միստր Հերիսը հենց նոր էր աւարտել իր ճաշը։

— Ճեպընթացը մէկ ժամ ուշանում է, սը՛ր,— ասաց նա։— Միգուցէ սո՞ւրճ կը խմէիք։

— Ինչպէս հարմար էք գտնում։

— Ներեցէ՛ք, ի՞նչ,— հարցրեց մատուցողուհին։

— Այո՛, բարի՛ եղէք,— ասաց միստր Հերիսը։

— Խնդրե՛մ, սը՛ր,— ասաց կինը։

Մատուցողուհին խոհանոցից բերեց սուրճը։ Միստր Հերիսը սուրճի մէջ շաքար գցեց, խառնեց գդալով եւ շրջուելով դէպի պատը՝ սկսեց դիտել ձեան յուշիկ ընթացքը լուսավառ կառամատոյցին։

— Բաց անգլերէնից դուք ուրիշ լեզունե՞ր էլ գիտէք,— հարցրեց նա կնոջը։

— Իհա՛րկէ, սըր։ Գիտեմ գերմաներէն, ֆրանսերէն, նաեւ՝ տեղական բարբառները։

— Դրանցից ո՞րն է ձեզ առաւել դուր գալիս։

— Դրանք իրար խիստ նման են, սըր։ Չեմ կարող ասել, թէ դրանցից որեւէ մէկն է ինձ աւելի դուր գալիս։

— Կուզէի՞ք որեւէ բան խմել, ասենք՝ գինի կամ մի գաւաթ սուրճ։

— Ոչ, ի՜նչ էք ասում, սը՛ր։ Յաճախորդների հետ մեզ չի թոյլատրւում։

— Իսկ միգուցէ սիգա՞ր կը կամենաք։

— Ո՛չ, ի՜նչ էք ասում, սը՛ր,— ծիծաղեց կինը։— Ես չեմ ծխում։

— Ես էլ,— ասաց Հերիսը։— Ես համաձայն չեմ Դեյւինդ Բելասկոյի հետ։

— Ներեցէք, ի՞նչ ասացիք։

— Բելա՛սկո։ Դեյւիդ Բելա՛սկո։ Նրան միանգամայն հեշտ է ճանաչել, քանի որ նրա վերնաշապկի բոլոր օձիքները մի տեսակ առաջ են տնկուած։ Բայց ես համաձայն չեմ նրա հետ։ Բացի այդ էլ՝ նա հիմա հանգուցեալ է։

— Կարո՞ղ եմ գնալ, սը՛ր,— հարցրեց մատուցողուհին։

— Անկասկա՛ծ,— ասաց Հերիսը։ Նա առաջ հակուեց ու սկսեց պատուհանից դուրս նայել։

Սրահի խորքի սեղանիկին նստած ծերունին ցած դրեց ձեռքի լրագիրը։ Նա նայեց միստր Հերիսին, յետոյ վերցրեց սուրճի գաւաթն ու քայլերն ուղղեց նրա կողմը։

— Խնդրում եմ ներէ՛ք անհանգստացնելու համար,— ասաց նա անգլերէն,— մտքովս անցաւ, թէ միգուցէ դուք «Ազգային աշխարհագրական ընկերութեան» անդամ էք։

— Նստեցէ՛ք, խնդրե՛մ,— ասաց Հերիսը։

Ծերունին նստեց նրա կողքին։

— Միգուցէ մի գաւա՞թ էլ սուրճ խմէիք կամ թէ՝ լիկյոր։

— Ո՛չ, շնորհակալ եմ,— պատասխանեց տարեց ջենտլմենը։

— Այդ դէպքում թոյլ տուէք ձեզ մի գաւաթ կիրշ հիւրասիրել։

— Թերե՛ւս։ Սակայն թոյլ տուէք ե՛ս հիւասիրեմ ձեզ։

— Ո՛չ, թոյլ տուէք՝ ես։— Հերիսը կանչեց մատուցողուհուն։

Ծեր ջենտլմեըն ծոցագրպանից հանեց լայն ռետինէ կապով կաշուէ դրամապանակը։ Թուլացնելով կապը՝ նա միջից մի քանի քարտ հանեց, ընտրեց դրանցից մէկն ու պարզեց Հերիսին։

— Ահա՛ իմ անդամատոմսը,— ասաց նա։— Դուք Ամերիկայում ճանաչո՞ւմ էիք միստր Ֆրեդերիկ Ջորջ Ռասըլին։

— Կարծես՝ չէ։

— Ինձ թւում էր, թէ այնտեղ նա շան յայտնի դէմք է։

— Իսկ նա որտեղի՞ց է։ Ո՞ր քաղաքից։

— Իհա՛րկէ Վաշինգտոնից։ Մի՞թէ Ընկերութեան գլխաւոր խորհուրդն այնտեղ չի գտնւում։

— Երեւի թէ էնտե՛ղ է։

— Երեւի՞։ Դրանում համոզուած չէ՞ք։

— Ես արդեն վաղուց է, ինչ Նահանգներում չեմ եղել,— ասաց Հերիսը։

— Ուրեմն դուք Ընկերութեան անդամ չէ՞ք։

— Ո՛չ։ Բայց հայրս անդամակցում է դրան արդեն քանի՜ տարի։

— Այդ դէպքում երեւի ճանաչում է Ֆրեդերիկ Ջորջ Ռասըլին։ Նա Ընկերութեան ղեկավարներից է։ Համարձակւում եմ ձեզ յիշեցնել, որ հենց միստր Ռասըլն է ինձ երաշխաւորել։

— Հաճելի է դա լսել։

— Շա՛տ ափսոս, որ Ընկերութեան անդամ չէք։ Բայց ձեր հայրը հո՞ կարող էր ձեզ երաշխաւորել։

— Թերե՛ւս,— ասաց Հերիսը։— Հենց որ վերադառնամ՝ դրանով կը զբաղուեմ։

— Իսկապէս խորհուրդ կը տայի այդ անել։ Իհա՛րկէ, ամսագիր կարդում էք։

— Անկասկա՛ծ։

— Տեսե՞ք էք այն համարը, որ ամբողջովին նուիրուած է հիւսիսամերիկեան ֆաունային՝ գունաւոր նկարազարդումներով։

— Այո՛։ Այդ համարն ունեմ, Փարիզում է։

— Իսկ Ալյասկայի հրաբուխների համայնապատկերով համա՞րը։

— Բացարձա՜կ սքանչելիք։

— Ես գերագոյն հաճոյքով էի դրա մէջ դիտում Ջորջ Շայրըս Երրորդի արած վայրի կենդանիների լուսանկարները։

— Այո՛։ Իսկապէս հոյակա՛պ գազանիկներ էին։

— Ներեցէ՛ք, ո՞նց ասացիք։

— Հիանալի՛ նկարներ էին։ Էդ շատ սիրելի Շայրըսը…

— Դուք նրան սիրելի՞ էք համարում։

— Մենք հին ընկերներ ենք։

— Ահա՜ թէ ինչ։ Ուրեմն ծանօ՞թ էք Ջորջ Շայրըս Երրորդի հետ։ Հաւանաբար հետաքրքի՞ր մարդ է։

— Էն էլ ո՜նց։ Էդպիսի հետաքրքիր մարդկանց յաճախ չես հանդիպի։

— Իսկ Ջորջ Շայրըս Երկրորդի՞ն էլ գիտէք։ Նա է՞լ է էդպիսի հետաքրքիր մարդ։

— Ո՛չ, նա էնքան էլ հետաքրքիր չի։

— Իսկ ես կարծում էի, թէ նա, երեւի, շատ հետաքրքիր մարդ է։

— Պատկերացրէք, որ՝ ոչ։ Գիտէ՞ք, նոյնիսկ մի տեսակ տարօրինակ է։ Նա բոլորովին էլ էդպիսին չի։ Շատ յաճախ զարմանում էի, թէ ոնց է, որ էդպէս է։

— Հը՜մ,— ասաց տարեց մարդը,— Ա՛յ, ինձ թւում էր, թէ այդ ընտանիքում բոլորն անխտիր հետաքրքիր պիտի լինէին։

— Իսկ դուք յիշո՞ւմ էք Սահարա անապատի համայնապատկերը,— հարցրեց Հերիսը։

— Սահարա անապատի՞։ Դա չէ՞ որ մի տասնհինգ տարի առաջ էր։

— Միանգամայն ճի՛շտ է։ Է՛դ նկարը յատկապէս շատ էր հօրս դուր եկել։

— Մի՞թէ աւելի ուշ շրջանի համարները նրան աւելի քիչ էին դուր գալիս։

— Ո՛չ, երեւի ո՛չ պակաս։ Բայց Սահարայի հենց ա՛յդ պատկերը նրան անչափ դուր էր գալիս։

— Հոյակա՛պ լուսանկար է ստացուել։

— Բայց կարծում եմ, որ դրա գեղարուեստական արժէքը ստուեր է գցում գիտականի վրայ։

— Ա՛յ, դա արդեն չգիտեմ,— ասաց Հերիսը։— Էդ քարայրը եւ ուղտով արաբը ծնկած աղոթելիս՝ դէմքով դէպի Մեքքա…

— Յիշո՛ւմ եմ, արաբը կանգնած էր այդպէս՝ ուղտի սանձը բռնած…

— Իհա՛րկէ ճիշտ էք,— ասաց Հերիսը։— Ես էդ խառնեցի գնդապետ Լոուրենսի գրքի հետ։

— Բայց Լոուրենսի գիրքը կարծես Հաբեշստանին է նուիրուած։

— Անտարակո՛յս,— ասաց Հերիսը։— Նկարի արաբը ինձ իմ տեսակ էդ գիրքը յիշեցրեց։

— Գնդապետը, թերեւս, շատ հետաքրքիր անձնաւորութիւն է։

— Անկասկա՛ծ։

— Հիմա նա ինչո՞վ է զբաղուած, տեղեակ չէ՞ք։

— Թագաւորական օդային նաւատորմի շարքերն է համալրել։

— Նրա ինչի՞ն է դա պէտք։

— Սի՛րտն է ուզել, ա՛յ թէ ինչ։

— Տեղեակ չէ՞ք, նա «Ազգային աշխարհագրական ընկերութեան» անդա՞մ է, թէ ոչ։

— Ա՛յ, էդ մէկը չեմ կարող ասել։

— Նա շատ օգուտ կարող էր տալ Ընկերութեանը։ Հենց նման մարդիկ են մեզ հարկաւոր։ Ես նրան ուրախութեամբ կերաշխաւորէի, եթէ կարծում էք, որ նրա թեկնածութիւնը հաւանութեան կարժանանայ։

— Օ՜,— ես դրանում համոզուա՛ծ եմ։

— Ես Վեվեյից մի գիտնականի, մէկ էլ իմ լոզանցի գործընկերոջն եմ երաշխաւորել, ու երկուսն էլ ընտրուել են։ Կարծում եմ, որ եթէ գնդապետ Լոուրենսին երաշխաւորեմ, այն հաստատ հաւանութեան կարժանանայ։

— Հոյակա՛պ միտք է,— ասաց Հերիսը։— Դուք էստեղ՝ կայարանի բուֆետում յաճա՞խ էք լինում։

— Այստեղ գալիս եմ ճաշից յետոյ՝ մի գաւաթ սուրճ խմելու։

— Համալսարանո՞ւմ էք դասաւանդում։

— Ես արդեն պրակտիկ աշխատանքով չեմ զբաղւում։

— Իսկ ես, ա՛յ, գնացքի եմ սպասում,— ասաց Հերիսը։— Հիմի Փարիզ եմ գնում, յետոյ էլ Հաւրով՝ Նահանգներ։

— Ես ո՛չ մի անգամ Ամերիկայում չեմ եղել։ Բայց շա՜տ կուզենայի գեթ մի անգամ յայտնուել այնտեղ։ Միգուցէ դեռ հնարաւոր լինի այնտեղ Ընկերութեան նիստերին մասնակցել։ Շատ ուրախ կը լինեմ ծանօթանալու ձեր հայրիկի հետ։

— Նրան, երեւի, հիացմունք կը պատճառեր այդ ծանօթութիւնը, բայց նա անցեալ տարի մահացել է։ Պատկերացնո՞ւմ էք՝ ինքնասպան եղաւ։

— Շա՛տ ցաւալի է այդ լսել։ Չեմ կասկածում, որ դա, իրօ՛ք, մեծ կորուստ է ոչ միայն մերձաւորների, այլեւ գիտական աշխարհի համար։

— Գիտական աշխարհը տոկուն կերպով տարաւ այդ կորուստը։ Ահա՛ իմ քարտը,— ասաց Հերիսը։— Սրանք անվանս սկզբնատառերն են՝ Է․ Դ․, իսկ նրանն էլ Է․ Ջ․ է։ Համոզուած եմ, որ նրան անպայման մեծ հաճոյք կը պատճառէր էդ ծանօթութիւնը։

— Ի՛նձ համար էլ խիստ հաճելի կը լինէր դա։

Տարեց ջենտլմենը դրամապանակից հանեց այցէքարտն ու մեկնեց Հերիսին։ այնտեղ գրուած էր․

Դ֊ր Սիգիզմունդ Վայեր

Փիլիսոփայութեան դոկտոր

Ազգային աշխարհագրական ընկերութեան անդամ

Վաշինգտոն, Կոլումբիա, ԱՄՆ

— Ես շա՛տ խնամքով կը պահեմ սա,— ասաց Հերիսը։
  1. mademoiselle (ֆր․)— օրիորդ
  2. Au revoir (ֆր․) — ցտեսութիւն
  3. Wollen Sie trinken? (գերմ․) — Խմել ուզո՞ւմ էք։
  4. Oui, monsieur (ֆր․)— Այո՛, պարոն։
  5. Connais vous des champagnes? (աղաւաղուած ֆր․)— Շամպայնի տեսակներին ծանօ՞թ էք։
  6. Non, monsieur (ֆր․) — Ո՛չ, պարոն։
  7. Faut les connaître (ֆր․)— Պիտի իմանալ։
  8. Le meilleur? (ֆր․) — Ամենալա՞ւը։
  9. «Sportsman» (անգլ․)— գինու անուն։
  10. Mais vous êtes encore jeunu (ֆր․)— Դէ դուք դեռ ջահել էք։
  11. Monsieur nʼа que trente cinq ins (ֆր․)— Պարոնն ընդամէնը երեսունհինգ տարեկան է։
  12. Prosit! (անգլ․)— Ձեր կենա՛ցը։
  13. A votre santè, monsieur (ֆր․)— Ձեր կենա՛ցը, պարոն։
  14. Oui․ Cʼest normal (ֆր․)— Այո՛, նորմալ է։
  15. Et vous, monsieur (ֆր․)— Իսկ ձեզ մօտ ո՞նց է պարոն։
  16. Ça va (ֆր․)— Ամէն ինչ լաւ է։
  17. Ça ne va pas (ֆր․) — Իսկ ինձ մօտ՝ ոչ։