Վերջին թարմացում 24 Օգոստոսի 2015, 19:50

Օտար մի երկրում

19:50, 24 Օգոստոսի 2015 տարբերակ, Մազութի Համո (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Օտար մի երկրում

հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ
թարգմանիչ՝ Նինա Ա․ Ջաղինյան (բնագրից)
աղբյուր՝ «Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր»

Աշնանը պատերազմը դեռ շարունակւում էր, բայց մեզ համար այն այլեւս չկար։ Միլանում աշնանը ցուրտ էր, ու շատ վաղ էր մթնում։ Վառւում էին էլեկտրական լոյսերը, եւ հաճելի էր թափառել փողոցներում՝ նայելով ցուցափեղկերին։ Խանութների դրսի մասում կախուած էին մեծ քանակութեամբ թռչուններ, աղուէսի մորթիների վրայ ձիւն էր մաղուած, ու քամին ուռցնում էր դրանց պոչերը։ Փորոտիքը հանած եղնիկի սառեցուած մսեղիքը ծանր կախ էր ընկած, քաշքշում էր դրանց փետուրները։ Ցուրտ աշուն էր, եւ քամին լեռներից վար էր իջել։

Մենք բոլորս ամէն օր կէսօրին հիւանդանոցում էինք լինում։ Քաղաքի միջով հիւանդանոց կարելի էր հասնել տարբեր ճամփեքով։ Երկու ճամփայ ձգւում էր ջրանցքի երկայնքով, բայց այդպէս շատ էր հեռու Հիւանդանոց կարելի էր ընկնել միայն ջրանցքի վրայ ձգուող որեւէ կամրջով։ Կամուրջները երեքն էին։ Դրանցից մէկի վրայ մի կին բոված շագանակ էր վաճառում։ Նրա թաւայի մօտ տաք էր։ Եւ շագանակը գրպանիդ մէջ դեռ երկար ջերմութիւն էր արձակում։ Հիւանդանոցի շէնքը շատ հին էր ու շատ գեղեցիկ, եւ մենք մտնում էինք մի դարպասից, անցնում բակի միջով, դուրս գալիս միւսից՝ հակառակ կողմում։ Բակում գրեթէ միշտ ականատես էինք լինում թաղման թափորի։ Հին շէնքի ետեւում կային նոր աղիւսէ առանձնաշէնքեր, եւ այնտեղ մենք հանդիպում էինք ամէն օր ու շատ սիրալիր էինք միմեանց հանդէպ․ իրար որպիսութիւն էինք հարցնում, հեծնում սարքերին, որոնց հետ այնքա՜ն հոյսեր էինք կապում։

Սարքին, որին նստած էի, մօտեցաւ բժիշկն ու հարցրեց․

— Ինչ՞վ էիք հրապուրուած պատերազմից առաջ։ Սպորտով զբաղւո՞ւմ էիք։

Ասացի․— Այո՛, ֆուտբոլ էի խաղում։

— Հրաշալի՛ է,— ասաց նա։— Էլի՛ կարող էք խաղալ, առաջուանից էլ լաւ։

Ծունկս չէր ծալւում, ոտքս չորացել էր մինչեւ կոճս, եւ սարքը պիտի ծունկս ծալեր ու շարժել տար, ինչպէս հեծանիւ քշելիս։ Բայց այն դեռեւս չէր ծալւում, իսկ սարքն էլ ամէն անգամ ցնցւում էր, երբ բանը հասնում էր ծալուելուն։ Բժիշկն ասաց․— էդ բոլորը կանցնի։ Բախտդ բերել է, երիտասարդ։ Շուտով նորից չեմպիոնի պէս կը խաղաս։

Կողքի սարքին մի մայոր էր նստած, որը մի շատ պստլիկ ձեռք ունէր՝ ասես երեխայի լինէր։ Նա ինձ աչքով արեց, երբ բժիշկը սկսեց զննել ձեռքը՝ դրդուած երկու կաշուէ փոկերի արանքին, որոնց վեր ու վար էին անում ու հարուածում ընդարմացած մատներին, յետոյ հարցրեց․

— Իսկ ես էլ ֆուտբոլ կը խաղա՞մ, բժիշկ։

Նա շատ յայտնի սուսերամարտիկ էր, իսկ պատերազմից առաջ՝ լաւագոյնը ողջ Իտալիայում։

Բժիշկը գնաց իր աշխատասենեակն ու փայտացած ձեռք պատկերող մի լուսանկար բերեց, որ բուժումից առաջ նոյնքան փոքրիկ էր, որքան մայորինը, եւ որը յետոյ փոքր֊ինչ մեծացել էր։ Մայորը առողջ ձեռքով վերցրեց նկարը եւ ուշի֊ուշով նայեց վրան։

— Վիրաւորուա՞ծ է,— հարցրեց նա։

— Դժբախտ պատահար գործարանում,— ասաց բժիշկը։

— Շա՛տ հետաքրքիր է, շատ հետաքրքիր,— ասաց մայորն ու նկարը վերադարձրեց բժշկին։

— Հիմա համոզուեցի՞ք։

— Ո՛չ,— ասաց մայորը։

Գրեթէ իմ տարիքի երեք տղաներ կային, որ այստեղ գալիս էին ամէն օր։ Երեքն էլ Միլանից էին․ նրանցից մէկը պատրաստւում էր փաստաբան դառնալ, միւսը՝ նկարիչ, երրորդը՝ զինուորական։ Եւ բուժումն ընդունելուց յետոյ մենք երբեմն միասին գնում էինք «Cafè Cova», որ «La Scala»֊ի մօտ էր։ Եւ քանի որ չորսով էինք, գնում էինք ամենակարճ ճամփով՝ բանուորական թաղամասի միջով։ Տեղացիները ատում էին մեզ այն բանի համար, որ սպա էինք, եւ յաճախ, երբ անցնում էինք նրանց մօտով, գոռում էին գինետներից․ «A basso eli ufficiali!»[1]։ Մեզ հետ երբեմն հոսպիտալ եկող չորրորդ տղայի դէմքը կապուած էր սեւ մետաքսէ թաշկինակով․ նա քիթ չունէր, ու դէմքը կարգի պիտի բերէին։ Նա ճակատ էր մեկնել զինուորական ակադեմիայից եւ վիրաւորուել այնտեղ ընկնելուց մի ժամ անց։ Հետագայում նրա դէմքը կարգաւորել էին, սակայն նա սերում էր շատ հին մի գերդաստանից, իսկ նրա քթին այդպէս էլ չէին կարողացել պատշաճ ձեւ տալ։ Նա մեկնեց Հարաւային Ամերիկա ու ծառայութեան մտաւ ինչ֊որ բանկում։ Բայց դա յետոյ էր, իսկ այն ժամանակ մեզնից ոչ ոք չգիտէր, թէ կեանքն ինչպիսի ընթացք կը ստանայ այնուհետ։ Մենք միայն գիտէինք, որ պատերազմը դեռեւս շարունակւում է, սակայն մեզ համար այն այլեւս աւարտուած էր։
  1. A basso eli ufficiali! (իտալ․) — Կորչե՛ն սպաները։