Վերջին թարմացում 29 Օգոստոսի 2015, 18:45

Դերասան Բենդայի անհետացումը

18:45, 29 Օգոստոսի 2015 տարբերակ, Ժան (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Դերասան Բենդայի անհետացումը

հեղինակ՝ Կարել Չապեկ
թարգմանիչ՝ Խաչիկ Հրաչյան ռուսերենից
աղբյուր՝ Կարել Չապեկ


Սեպտեմների երկուսին անհետ կորավ դերասան Բենդան, մաեստրո Յան Բենդան, ինչպես սկսեցին անվանել նրան, երբ նա գլխապտույտ արագությամբ հասավ թատերական փառքի գագաթնակետին։ Իսկապես ասած, սեպտեմբերի երկուսին ոչինչ տեղի չունեցավ․ աղախինը, մորաքույր Մարեշովան, որ առավոտյան ժամը իննին եկել էր Բենդայի բնակարանը հավաքելու, գտավ այն սովորական անկարգ վիճակում։ Անկողինը ճմռթված էր, իսկ տերը բացակայում էր։ Բայց քանի որ դրանում ոչ մի առանձին բան չկար, ապա աղախինը կարգի բերեց սենյակներն ու գնաց իր բանին։ Լավ։ Բայց այդ պահից Բենդան ասես գետնի տակ անցավ։

Մորաքույր Մարեշովան դրան էլ չզարմացավ։ Իսկապես, դերասանները գնչուների պես են։ Երևի, գնացել է մի տեղ խաղալու կամ քեֆ անելու։ Բայց սեպտեմբերի տասին Բենդան պետք է թատրոնում լիներ, որտեղ սկսվում էին «Արքա Լիր»֊ի փորձերը։ Երբ նա չներկայացավ ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ փորձին, թատրոնում անհանգստացան ու զանգեցին նրա բարեկամ դոկտոր Գոլդբերգին՝ արդյոք տեղյակ չէ՞, թե ինչ է պատահել Բենդային։

Դոկտոր Գոլդբերգը վիրաբույժ էր ու լավ էր վաստակում կույր աղիքի վիրահատություններից՝ (այդպիսին է արդեն հրեաների մասնագիտությունը)։ Դա լիքը֊լիքը մի մարդ էր՝ հաստ ապակիներ ունեցող ոսկե ակնոցով, և նրա սիրտն էլ էր ոսկի։ Նա հրապուրվում էր արվեստով, իր բնակարանի բոլոր պատերին նկարներ էր կախ տվել ու պաշտում էր Բենդային, իսկ սա նրան վերաբերվում էր բարեկամական քամահրանքով ու ողորմածաբար թույլ տալիս ռեստորաններում վճարել իր փոխարեն, որը, ի միջի այլոց, մանրուք չէր։ Մարդանապալյան կերուխումների ու վայրի֊էսկապադների ժամանակ, որոնք մեծ դերասանի փառքի հակառակ երեսն էին, հաճախ կարելի էր կողք֊կողքի տեսնել Բենդայի՝ ողբերգական դիմակի նմանվող դեմքը և դոկտոր Գոլդբերգի շողշողուն կերպարանքը, որը բացի ջրից ուրիշ ոչինչ չէր խմում։

Եվ այսպես, թատրոնից Բենդայի հարցով զանգեցին դոկտորին։ Նա պատասխանեց, որ պատկերացում չունի, թե որտեղ է Բենդան։ Բայց կփնտրի նրան։ Դոկտորը չասաց, որ, համակված աճող անհանգստությամբ, նա արդեն մի շաբաթ է, ինչ բոլոր պանդոկներում ու քաղաքամերձ հոթելներում փնտրում է իր բարեկամին։ Նրան տանջում էր այն նախազգացումը, որ Բենդային մի վատ բան է պատահել։ Որքան հաջողվեց պարզել, ըստ երևույթին ինքը՝ դոկտոր Գոլդբերգը, վերջին մարդն էր, որ տեսել էր Բենդային։ Օգոստոսի վերջին նրանք գիշերային հաղթական երթ կազմակերպեցին Պրագայի պանդոկներում։ Սակայն պայմանավորված օրը Բենդան չներկայացավ տեսակցության։ Երևի, տկար է, մտածեսց Գոլդբերգը ու մի երեկո անցավ Բենդայի մոտ։ Դա սեպտեմբերի մեկին էր։ Զանգին ոչ ոք չպատասխանեց, բայց ներսից խշխշոց էր լսվում։ Ուղիղ հինգ րոպե դոկտորը զանգեց։ Վերջապես լսվեցին քայլեր, և դռների մոտ երևաց Բենդան՝ խալաթը հագին ու այնպիսի սարսափելի տեսքով, որ Գոլդբերգը վախեցավ․ նիհարած, կեղտոտ, մազերը գզգզված ու կպած, մորուքն ու բեղերը առնվազն մի շաբաթ չսափրած։

― Ա՜յ, այդ դո՞ւք եք, ― անսիրալիր ասաց Բենդան։ ― Ինչո՞ւ եք բարեհաճել։

― Աստված իմ, ձեզ ի՞նչ է պատահել, ― զարմացած բացականչեց դոկտորը։

― Ոչինչ, ― մռթմռթաց Բենդան։ ― Ես ոչ մի տեղ էլ չեմ գա, պա՞րզ է։ Հանգիստ թողեք ինձ։

Եվ դուռը շրխկացրեց Գոլդբերգի քթին։ Հաջորդ օրը նա անհետացավ։

Դոկտոր Գոլդբերգը ընկճված նայեց հաստ ակնոցի միջից։ Այստեղ ինչ֊որ վատ բան կա։ Տան բարապանից, որտեղ ապրում էր Բենդան, դոկտորը շատ քիչ բան իմացավ․ մի անգամ, գիշերվա ժամը երեքի մոտ ― գուցե, ― հենց սեպտեմբերի երկուսին ― տան առաջ մի ավտոմոբիլ կանգ առավ։ Այնտեղից ոչ ոք դուրս չեկավ, բայց լսվեց կլաքսոնի ձայնը, ինչպես երևում է՝ ազդանշան տանը գտնվող մեկին։ Հետո լսվեցին քայլեր, մեկը դուրս եկավ ու շքադուռը ծածկեց ետևից։ Մեքենան հեռացավ։ Ի՞նչ ավտոմոբիլ էր դա։ Բարապանն ի՞նչ իմանա։ Հո չգնաց նայելու։ Այդ ո՞վ է առավոտյան ժամը երեքին առանց պատճառի դուրս գալիս անկողնուց։ Բայց այդ ավտոմոբիլն այնպես էր սուլում, ասես մարդիկ խիստ անհամբեր էին ու չէին կարող ոչ մի րոպե սպասել։

Մորաքույր Մարեշովան հայտնեց, որ մաեստրոն ամբողջ շաբաթ նստած էր տանը, միայն գիշերն էր դուրս գալիս, չէր սափրվում ու, տեսքից դատելով, երևի չէր էլ լվացվում։ Պատվիրել էր ճաշը և ընթրիքը բերել տուն, կոնյակ էր կոնծում ու փռվում բազմոցին, ահա, կարծես, և բոլորը։

Այժմ, երբ Բենդայի դեպքը հայտնի էր բոլորին, Գոլդբերգը նորից անցավ մորաքույր Մարեշկովայի մոտ։

― Լսեցեք, մայրիկ, ― ասաց նա, ― չե՞ք հիշում, թե տնից հեռանալիս Բենդան ինչ էր հագել։

― Ոչ մի բան, ― ասաց մորաքույր Մարեշկովան։ ― Հենց այդ է, որ ինձ դուր չի գալիս, պարոն։ Ոչինչ էլ չէր հագել։ Ես նրա բոլոր կոստյումները գիտեմ, և բոլորն էլ կախված են զգեստապահարանում։

― Մի՞թե սպիտակեղենով է գնացել, ― մտահոգ խորհրդածում է դոկտորը։

― Ի՜նչ սպիտակեղեն, ― ասաց մորաքույր Մարեշկովան։ ― Եվ առանց կոշիկների։ Այստեղ բանը վատ է։ Ես նրա սպիտակեղենը հինգ մատիս պես գիտեմ, ամեն ինչ գրած է ինձ մոտ, ախր ես էի միշտ շապիկ֊ոտաշորը լվացքատուն տանում։ Հենց նոր ստացա բոլորը, որ լվացքատանն էր, դասավորեցի մի տեղ ու հաշվեցի։ Տեսնեմ՝ տասնութ շապիկ մինչև վերջինը։ Ոչինչ չի կորել, ամեն ինչ իր տեղում է մինչև վերջին թաշկինակը։ Չկա միայն փոքրիկ ճամպրուկը, որ միշտ հետն էր վերցնում։ Թե որ խեղճը իր կամքով է գնացել, ուրեմն բոլորովին տկլոր է եղել, փոքրիկ ճամպրուկը ձեռքին․․․

Դոկտոր Գոլդբերգի դեմքը մտահոգ արտահայտություն ստացավ։

― Մայրիկ, ― հարցրեց նա, ― երբ դուք սեպտեմբերի երկուսին եկաք նրա մոտ, որևէ առանձնահատուկ անկարգություն չնկատեցի՞ք։ Որևէ բան ցած գցած կամ դռները ջարդված չէի՞ն․․․

― Անկարգությո՞ւն, ― առարկեց մորաքույր Մարեշովան։ ― Անկարգություն, իհարկե, կար։ Ինչպես միշտ։ Պարոն Բենդան խիստ անմաքրասեր մարդ էր։ Բայց ինչ֊որ հատուկ անկարգություն չնկատեցի․․․ Ասացեք, խնդրեմ, և ո՞ւր կարող էր գնալ, եթե շապիկ էլ չուներ հագին։

Դոկտոր Գոլդբերգն այդ մասին ավելին չգիտեր, քան աղախինը, և ամենամռայլ տրամադրությամբ գնաց ոստիկանատուն։

― Լավ, ― ասաց ոստիկանական պաշտոնյան, լսելով Գոլդբերգին։ ― Կսկսենք որոնումները։ Բայց, դատելով ձեր ասածից, եթե նա ամբողջ շաբաթ նստած էր տանը, չսափրված ու անլվա, թավալվում էր բազմոցին, կոնյակ կոնծում, իսկ հետո փախել է տկլոր վայրենու նման, ապա դա նման է․․․

― Սպիտակ տենդի՜, ― բացականչեց դոկտոր Գոլդբերգը։

― Այո, ― հետևեց պատասխանը։ ― Այսպես ասենք․ ինքնասպանություն՝ անմեղսագիտակցության վիճակում։

― Բայց այդ դեպքում դիակը կգտնվեր, ― անվստահորեն առարկեց դոկտոր Գոլդբերգը։ ― Եվ հետո որքա՞ն հեռու կարող էր գնալ մերկ վիճակում։ Եվ այդ փոքրիկ ճամպրուկը նրա ինչի՞ն էր պետք։ Իսկ ավտոմոբիլը, որը եկել էր նրա ետևի՞ց։ Ոչ, դա ավելի շուտ նման է փախուստի։

― Իսկ ինչ, նա պարտքե՞ր ուներ, ― հանկարծ հարցրեց չինովնիկը։

― Ոչ, ― հապճեպ պատասխանեց դոկտորը։ Չնայած Բենդան միշտ պարտքերի մեջ թաղված էր, բայց դա նրան երբեք չէր վշտացնում։

― Կամ, օրինակ, որևէ անձնական ողբերգություն․․․ դժբախտ սեր, կամ սիֆիլիս, կամ ուրիշ մի բան, որը կարող է մարդուն ցնցել։

― Որքան ինձ հայտնի է, ոչ մի այդպիսի բան, ― ասաց դոկտորը առանց տատանման, հիշելով մեկ֊երկու դեպք՝ որոնք, սակայն, հազիվ թե կարող էին կապ ունենալ Բենդայի հանելուկային անհետացման հետ։

Բայց և այնպես, հավաստիացում ստանալով, որ «ոստիկանությունը կանի այն ամենը, ինչ իրենից կախված է» և, վերադառնալով տուն, դոկտորը հիշեց, ինչ֊որ իրեն հայտնի էր անհետացած բարեկամի կյանքի այդ կողմի մասին։ Տեղեկություններն աղքատիկ էին։

1. Արտասահմանում ինչ֊որ տեղ Բենդան օրինական կին ուներ, որի մասին, անշուշտ, չէր հոգում։ 2. Բենդան ինչ֊որ աղջիկ էր պահում, որն ապրում էր Հոլեշովիցեում։ 3. Բենդան կապ ուներ խոշոր ֆաբրիկանտ Կորբելի կնոջ՝ Գրետայի հետ։ Այդ Գրետան երազում էր արտիստական կարիերայի մասին, ուստի Կորբելը ֆինանսավորում էր ինչ֊որ ֆիլմեր, որոնցում նրա կինը, իհարկե, խաղում էր գլխավոր դերերը։ Մի խոսքով, հայտնի էր, որ Բենդան Գրետայի սիրեկանն է, և կինը գնում էր նրա մոտ, արհամարհելով տարրական զգուշությունը։ Սակայն Բենդան երբեք չէր ծավալվում այդ թեմայի շուրջ։ Կանանց նա վերաբերվում էր մերթ ասպետական ազնվությամբ, մերթ այնպիսի ցինիզմովմ, որից Գոլդբերգը տհաճություն էր զգում։

― Ոչ, ― անհուսալիորեն ձեռքը թափ տվեց դոկտորը, ― Բենդայի անձնական գործերից սատանան էլ գլուխ չի հանի։ Ինչ ուզում ես ասա, իսկ ես գլուխս կտրել կտամ, որ այստեղ ինչ֊որ մութ պատմություն կա։ Սակայն, այժմ այդ հարցով կզբաղվի ոստիկանությունը։


Գոլդբերգը, անշուշտ, չգիտեր, թե ոստիկանությունն ինչ է ձեռնարկում և ինչպիսի հաջողություններ ունի։ Նա միայն աճող տագնապով էր սպասում լուրերի։ Բայց անցավ մի ամիս, իսկ նորություններ չկային, և Յան Բենդայի մասին սկսեցին խոսել անցյալ ժամանակով։

Մի անգամ երեկոյան դոկտոր Գոլդբերգը փողոցում հանդիպեց ծեր դերասան Լեբդուշկային։ Զրույցի բռնվեցին, և, իհարկե, խոսք բացվեց Բենդայի մասին։

― Ա՛խ, ի՜նչ դերասան էր, ― հիշեց ծեր Լեբդուշկան։ ― Հիշում եմ նրան, երբ նա դեռևս քսանհինգ տարեկան էր։ Ինչպիսի՜ Օսվալդ էր խաղում նա, այդ մանչուկը։ Գիտեք, բժիշկ֊ուսանողները գալիս էին մեր թատրոն՝ տեսնելու, թե ինչ տեսք ունի կաթվածահար մարդը։ Հապա Արքա Լիրը, որ նա առաջին անգամ էր խաղում այն ժամանակ։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես էր խաղում, որովհետև ամբողջ ժամանակ նայում էի նրա ձեռքերին։ Դրանք ոնց որ ութսունամյա ծերունու ձեռքեր լինեին՝ նիհար, չորացած, մրսած, խղճալի․․․ Մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե նա ինչպես էր անում այդ։ Ախր ես էլ գիտեմ գրիմի արվեստը։ Բայց ինչ֊որ կարող էր անել Բենդան, ուրիշ ոչ ոք չի կարող։ Միայն դերասանը կարող է իսկականից գնահատել նրան։

Դոկտոր Գոլդբերգը տխուր գոհունակությամբ լսում էր այդ պրոֆեսիոնալ մահախոսականը։

― Այո, խստապահանջ դերասան էր, ― հառաչանքով շարունակեց Լեբդուշկան։ ― Ինչպե՜ս էր երբեմն քշում թատրոնի դերձակին։ «Ես այսպիսի քաղքենիական ժանյակներով թագավոր չեմ խաղա, բղավում էր։ Տվեք ուրիշները։ Բուտաֆորական խալտուրան տանել չէր կարող։ Հիշում եմ, երբ ձեռք զարկեց Օթելլոյի դերին, բոլոր անտիկվարային խանութները ոտքի տակ տվեց, գտավ այն դարաշրջանի հին մի մատանի և խաղալիս դրանից չէր բաժանվում։ «Ես, ասում էր, ավելի լավ եմ խաղում, երբ որևէ իսկական բան եմ կրում»։ Չէ, դա խաղ չէր, դա վերամարմնավորում էր․․․ ― անվստահորեն ասաց Լեբդուշկան, կասկածելով ընտրած բառերի ճշտությանը։ ― Ընդմիջումներին մռայլ էր լինում, ոնց բվեճ, փակվում էր իր հարդարասենյակում, որպեսզի ոչ ոք ոգեշնչումը չփչացնի։ Խմում էր միայն նրա համար, որովհետև խաղում էր միայն ջղերով, ― մտածկոտ ավելացրեց Լեբդուշկան։ ― Դե, ես գնացի կինո, ― ասաց նա, հրաժեշտ տալով։

― Ես կգամ ձեզ հետ, ― առաջարկեց Գոլդբերգը, չիմանալով ժամանակն ինչպես սպանել։

― Կինոյում ինչ֊որ ֆիլմ էր գնում ծովային ճանապարհորդների մասին, սակայն դոկտոր Գոլդբերգը համարյա էկրանին չէր նայում։ Համարյա արցունքն աչքերին նա լսում էր Լեբդուշկայի շաղակրատանքը Բենդայի մասին։

― Դերասան չէր, այլ իսկական սատանա, ― պատմում էր Լեբդուշկան։ ― Մի կյանքը քիչ էր նրա համար, այ թե բանն ինչ է։ Ապրում էր խոզի պես, դոկտոր, բայց բեմում իսկական թագավոր էր կամ իսկական շրջմոլիկ։ Կարողանում էր այնպիսի վեհությամբ ձեռքով նշան տալ, ասես ողջ կյանքում նստել էր գահին ու հրամաններ արձակել։ Բայց ախր ընդամենը թափառաշրջիկ դանակ֊մկրատ սրողի որդի էր։ Նայեք էկրանին․ լա՜վ նավաբեկյալ է։ Ապրում է անմարդաբնակ կղզում, իսկ եղուգները կտրած են։ Ապուշի մեկը։ Հապա մորո՞ւքը։ Իսկույն երևում է, որ կպցրած է։ Չէ, եթե այդ դերը Բենդան խաղար, իսկական մորուք կթողներ, իսկ եղունգների տակ իսկական կեղտ կլիներ․․․ Ի՞նչ եղավ ձեզ, դոկտոր։

― Ներեցե՜ք, ― քրթմնջաց դոկտոր Գոլդբերգը, արագ վեր կենալով տեղից, ― հիշեցի մի պացիենտի։ Շնորհակալություն ենկերակցության համար։

Եվ նա աճապարանքով դուրս եկավ կինոյից, ինքն իրեն կրկնելով․ «Իսկական մորուք կթողներ․․․ Նա այդպես էլ արել է։ Ինչպե՞ս է, որ առաջ մտքովս չէր անցել»։

― Ոստիկանական վարչությո՛ւն, ― բղավեց նա, թռչելով առաջին իսկ պատահած տաքսին։

Ներս ընկնելով հերթապահ սպայի մոտ, Գոլդբերգն սկսեց աղմուկով խնդրել, որ ինչպես ուզում է լինի, որքան կարելի է արագ, անհապաղ իրեն հայտնեն, թե արդյոք սեպտեմբերի երկուսին կամ ավելի ուշ որևէ տեղ ― միևնույն է որտեղ ― անհայտ շրջմոլիկի դիակ չի՞ գտնվել։ Հակառակ բոլոր սպասումների, հերթապահ սպան գնաց ինչ֊որ տեղ նայելու կամ հարցնելու։ Նա այդ արավ ավելի շուտ պարապությունից կամ հետաքրքրությունից։ Դոկտոր Գոլդբերգը նստած էր, ամբողջովին սառը քրտինքի մեջ, մտքում ծագած ահավոր ենթադրությունից շանթահար։

― Այսպես ահա, ― ասաց վերադարձող սպան, ― սեպտեմբերի երկուսի առավոտյան Կրշիվոկլատսկի անտառապահը հայտնաբերել է մոտ քառասուն տարեկան անհայտ մի շրջմոլիկի դիակ։ Սեպտեմբերի երեքին Լիտոմերժիցեի մոտ, Լաբայում, հանել են երեսնամյա անճանաչ մի տղամարդու դիակ, որն ամենապակասը երկու շաբաթ մնացել էր ջրում։ Սեպտեմբերի տասին՝ Գերմանական Ծանծաղուտում հայտնաբերվել է կախված մի մարդ, որի ինքնությունը չի պարզված։ Անձնասպանը մոտ վաթսուն տարեկան է․․․

― Անտառի շրջմոլիկի մասին մանրամասնություններ կա՞ն, ― շունչը պահած, հարցրեց Գոլդբերգը։

― Սպանություն է, ― ասաց հերթապահը, ուշադիր նայելով հուզված բժշկին։ ― Համաձայն ոստիկանական պոստի զեկուցագրի, հանգուցյալի գանգը ջախջախված է բութ գործիքով։ Դիահերձման տվյալները․ ալկոհոլիկ, մահը վրա է հասել ուղեղի վնասվածքի պատճառով։ Ահա լուսանկարը, ― ավելացրեց հերթապահը գիտակի տեսքով։ ― Լա՜վ են մշակել։

Նկարում Գոլդբերգը տեսավ մի դիակ, լուսանկարված մինչև գոտկատեղը, հագած քուրջեր, օձիքն արձակ, քաթանե շապիկով։ Աչքերի ու ճակատի տեղում արնաթաթախ մի խյուս էր։ Միայն փշփշոտ մազերով ծածկված կզակի ու կիսաբաց շրթունքների մեջ ինչ֊որ մարդկային բան կար։ Գոլդբերգը դողում էր, ասես տենդից։ Մի՞թե դա Բենդան է։

― Ինչ֊որ հատուկ նշաններ եղե՞լ են, ― դժվարությամբ հարցրեց նա։

Սպան նայեց թղթերին։

― Հը՜մ․․․ Հասակը հարյուր յոթանասունվեց սանտիմետր, մազերը ալեխառն, ատամները փտած․․․

Դոկտոր Գոլդբերգը աղմուկով շունչը ետ բերեց։

― Ուրեմն, այդ նա չէ։ Բենդայի ատամները վագրի ատամներ էին։ Այդ նա չէ։ Ներողություն եմ խնդրում, որ նեղություն տվեցի ձեզ, բայց այդ չի կարող նա լինել։ Բացառվում է․․․

― Բացառվում է, ― տուն վերադառնալիս կրկնում էր նա թեթևությմաբ։ ― Միգուցե Բենդան ողջ է։ Միգուցե հիմա նստած է «Օլիմպիայում» կամ «Սև բացում»․․․

Գիշերը դոկրոր Գոլդբերգը ևս մի արշավ կատարեց Պրագայում։ Եղավ բոլոր պանդոկներում և խրախճանատեղերում, աչք ածեց բոլոր անդորր անկյունները, բայց Բենդան ոչ մի տեղ չկար։ Առավոտյան հանկարծ դոկտորը գունատվեց, ասաց իրեն, որ ապուշ է, և նետվեց դեպի գարաժ։ Շուտով նա արդեն քաղաքամերձ շրջաններից մեկի վարչությունում էր և պահանջեց արթնացնել պետին։ Բարեբախտաբար պարզվեց, որ նա Գոլդբերգի պացիենտն է, մի ժամանակ դոկտորը սեփական ձեռքով կտրել էր նրա կույր աղիքը և սպիրտի մեջ դրած հանձնել նրան՝ ի հիշատակ։ Այդ ոչ բնավ մակերեսային ծանոթությունը օգնեց դոկտորին առանց ձգձգումների դիահանման թույլտվություն ստանալ, և երկու ժամ հետո արդեն նա, այդ բանից դժգոհ շրջանային բժշկի հետ միասին, ներկա էր անհայտ շրջմոլիկի դիակը գերեզմանից հանելու արարողությանը։

― Ասում եմ ձեզ, կոլեգա, ― փնթփնթում է շրջանային բժիշկը, ― որ նրանով հետաքրքրվել է արդեն Պրագայի ոստիկանությունը։ Բոլորովին բացառվում է, որ այդ լքված, կեղտոտ շրջմոլիկը կարող է Բենդան լինել։

― Իսկ վրան ոջիլներ կայի՞ն, ― հետաքրքրությամբ հարցրեց դոկտոր Գոլդբերգը։

― Չգիտեմ, ― եղավ բարկացկոտ պատասխանը։ ― Բայց մի՞թե հիմա կարելի է նրան ճանաչել, կոլեգա։ Ախր նա ամբողջ մի ամիս թաղված է եղել հողում։

Երբ գերեզմանը բացեցին, Գոլդբերգը ստիպված ուղարկեց օղի բերելու, այլապես անհնար էր գերեզմանափորներին համոզել հանելու և դիարան տանելու այն անասելի ահավոր, պարկի մեջ կարած բանը, որ պառկած էր գերեզմանի հատակին։

― Գնացեք, ինքներդ նայեք, ― նետեց Գոլդբերգին շրջանային բժիշկն ու մնաց փողոցում, թունդ սիգար ծխելով։

Մի րոպե հետո դիարանից օրորվելով դուրս եկավ սարսափելի գունատ Գոլդբերգը։

― Գնացեք, տեսեք, ― խռպոտ ձայնով ասաց նա ու նորից վերադարձավ դիակի մոտ։ Ցույց տալով այն տեղը, որը մի ժամանակ գլուխն էր եղել, նա պինցետով ձգեց շրթունքների մնացորդները, և երկու բժիշկներն էլ տեսան փչացած ատամները։

― Լավ նայեք, ― ասաց Գոլդբերգը, պինցետը մտցնելով ատամների արանքը ու հանելով նրանց վրայից սև շերտը։ Բացվեցին երկու միանգամայն ամուր կտրիչներ։ Գոլդբերգն այլևս չդիմացավ և, գլուխը բռնելով, դուրս փախավ դիարանից։

Շուտով նա վերադարձավ, գունատ և անասելի ընկճված։

― Ահա դրանք՝ այդ «փտած ատամները», ― կամացուկ ասաց նա։ ― Սև ձյութ, որ դերասանները ծերունիների և շրջմոլիկների դերեր խաղալիս քսում են ատամներին։ Այս քրջոտը դերասան էր, կոլեգա․․․ Մե՜ծ դերասան, ― ավելացրեց նա, ձեռքը հուսահատորեն թափ տալով։


Նույն օրն ևեթ դոկտոր Գոլդբերգը այցելեց ֆաբրիկանտ Կորբելին, ծանրակզակ, խոշոր մի տղամարդու։

― Պարոն, ― ասաց նրան դոկտոր Գոլդբերգը, կենտրոնացած նայելով ակնոցի հաստ ապակիների տակից։ ― Ես ձեզ մոտ եմ եկել դերասան Բենդայի գործով․․․

― Ա՜, ― արձագանքեց ֆաբրիկանտն ու ձեռքերը դրեց մեջքին։ ― Ուրեմն գտնվե՞լ է։

― Մասամբ։ Կարծում եմ, որ դա ձեզ կհետաքրքրի թեկուզ այն պատճառով, որ դուք կամենում էիք ֆիլմ նկարահանել նրա մասնակցությամբ․․․ ավելի ճիշտ, ֆինանսավորել էիք այդ ֆիլմը։

― Ի՞նչ ֆիլմ, ― անտարբերությամբ հարցրեց վիթխարի տղամարդը։ ― Ես այդ մասին ոչինչ չգիտեմ։

― Ես ասում եմ այն ֆիլմի մասին, ― համառորեն շարունակեց Գոլդբերգը, ― որի մեջ Բենդան պետք է կատարեր շրջմոլիկի դերը․․․ Իսկ ձեր կինը՝ կանացի գլխավոր դերը։ Իսկապես, այդ բոլորն արվում էր տիկին Կորբելովայի համար, ― անմեղորեն ավելացրեց նա։

― Իսկ դուք ոչ մի գործ չունեք այդտեղ, ― մռմռաց Կորբելը։ ― Երևի, Բենդան է դուրս տվել․․․ Դատարկ խոսակցություններ են։ Միգուցե այդպիսի մի բան ենթադրվում էր․․․ Բենդան պատմել է ձեզ, այո՞։

― Ոչ, ախր դուք հրամայել էիք նրան լռել։ Ամեն ինչ խիստ գաղտնի էր պահվում։ Բայց բանն այն է, որ Բենդան իր կյանքի վերջին շաբաթվա ընթացքում մորուքն ու մազերը թողել էր, որ նմանվի իսկական թափառաշրջիկի։ Այդպիսի մանրամասնությունների նկատմամբ նա պահանջկոտ էր, այնպես չէ՞։

― Չգիտեմ, ― կտրեց ֆաբրիկանտը։ ― Ուրիշ ի՞նչ եք կամենում ասել։

― Այդպես ահա, ֆիլմը պետք է նկարահանեին սեպտեմբերի երկուսին, ճի՞շտ է։ Առաջին նկարահանումը նշանակված էր լուսաբացին, Կրշիվոկլատեսկի անտառում։ Շրջմոլիկն արթնանում է անտառի եզրին․․․ առավոտյան մշուշի մեջ․․․ թափ է տալիս վրայից տերևներն ու փշերը, որ կպել էին քուրջերին․․․ Պատկերացնում եմ, թե Բենդան ինչպիսի վարպետությամբ կխաղար այդ։ Նա հագել էր ամենազզվելի ցնցոտիներ, որոնք գտնվում էին չարդախի զամբյուղում։ Դրա համար էլ անհետանալուց հետո նրա բոլոր զգեստները տեղում էին։ Զարմանում եմ, ինչո՞ւ ոչ ոք դրա վրա ուշադրություն չդարձրեց։ Կարելի էր հուսալ, որ նա ճշտությամբ կպահպանի շրջմոլիկի կոստյումը, ընդհուպ մինչև գոտու փոխարեն թոկը։ Հագուստի ճշգրտությունը նրա սիրած բանն էր։

― Հետո՞ ինչ, ― հարցրեց բարձրահասակ տղամարդը ավելի ու ավելի քաշվելով ստվերի մեջ։ ― Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք այդ ամենը պատմում ինձ։

― Որովհետև սեպտեմբերի երկուսի առավոտյան ժամը երեքին դուք մեքենայով գնացիք նրա ետևից, ― համառորեն շարունակեց դոկտոր Գոլդբերգը։ ― Հավանաբար, դա ձեր սեփական մեքենան չէր, այլ վարձու և, անկասկած, լիմուզին։ Ինձ թվում է, մեքենան վարում էր ձեր եղբայրը, նա սպորտսմեն է և հուսալի համախոհ։ ― Մոտենալով տանը, դուք ինչպես պայմանավորվել էիք Բենդայի հետ, չբարձրացաք նրա բնակարանը, այլ ազդանշան տվիք։ Դուրս եկավ Բենդան․․․ Ավելի ճիշտ, կեղտոտ ու մազակալած մի ցնցոտիավոր։ «Շտապենք, ― ասացիք դուք, ― օպերատորն արդեն պետք է տեղում լինի»։ Եվ դուք մեկնեցիք Կրիշվոկլատսկի անտառ։

― Ըստ երևույթին մեքենայի համարը ձեզ անհա՞յտ է, ― հեգնանքով հարցրեց ստվերի մեջ մտած մարդը։

― Եթե ես իմանայի, դուք արդեն նստած կլինեիք վանդակաձողերի ետևում, ― հատ֊հատ ասաց դոկտոր Գոլդբերգը։ ― Լուսաբացին տեղ հասաք։ Այնտեղ հիանալի բնապատկեր է՝ անտառի ծայր, դարավոր կաղնիներ։ Ձեր եղբայրը, իմ կարծիքով մնաց մեքենայի մոտ ու սկսեց զբաղվել շարժիչով, իսկ դուք Բենդային տարաք ճամփից մի կողմ։ Մի չորս հարյուր քայլ անցնելով, դուք ասացիք․ «Այստեղ է» ― «Իսկ ո՞ւր է օպերատորը», ― հարցրեց Բենդան։ Այդ րոպեին դուք առաջին հարվածը հասցրիք նրան։

― Ինչո՞վ, ― լսվեց ստվերի ձայնը։

― Կապարե լախտով, ― ասաց Գոլդբերգը։ ― Ավտոմոբիլը գործի գցելու բանալին շատ թեթև էր նման գանգի համար։ Եվ հետո ձեզ անհրաժեշտ էր դեմքն այլանդակել անճանաչելիության աստիճան։ Սպանելով նրան, դուք վերադարձաք մեքենայի մոտ։ «Պատրա՞ստ է, ― հարցրեց ձեր եղբայրը, բայց դուք, հավանաբար, ոչինչ չպատասխանեցիք, ― ախր մարդ սպանելն այդքան էլ հեշտ չէ։

― Դուք խելագարվել եք, ― մռթմռթաց ստվերի մարդը։

― Ոչ, ես հիշեցնում եմ միայն, թե հավանաբար, բանն ինչպես է եղել։ Դուք ուզեցիք Բենդային վերացնել, ձեր կնոջ հետ ունեցած պատմության պատճառով։ Ձեր կինն սկսել էր արդեն խիստ բացահայտ․․․

― Է՛յ, դուք, քոսոտ ջհուդ, ― մռնչաց բազկաթոռում նստած մարդը, ― ինչպե՞ս եք համարձակվում․․․

― Ես ձեզանից չեմ վախենում, ― ասաց Գոլդբերգը, ուղղելով ակնոցը, որպեսզի ավելի խիստ տեսք ունենա։ ― Դուք ինձ վրա իշխանություն չունեք, չնայած ձեր ողջ հարստությանը։ Ի՞նչ կարող եք անել ինձ։ Չեք կամենա ինձ մոտ վիրահատվե՞լ։ Դե, անկեղծորեն ասած, ես ձեզ խորհուրդ էլ չէի տա։

Ստվերի մարդը կամացուկ ծիծաղեց։

― Լսեցեք, դուք, ― ասաց նա տարօրինակ ուրախ ձայնով, ― եթե դուք կարողանայիք ապացուցել թեկուզ տասներորդ մասն այն ամենի, ինչ այստեղ դուրս տվիք, ապա ոչ թե ինձ մոտ կբարեհաճեիք, այլ կգնայիք ուղիղ ոստիկանատուն, այնպես չէ՞։

― Ճիշտ այդպես, ― շատ լուրջ տոնով պատասխանեց Գոլդբերգը։ ― Եթե ես կարողանայի ապացուցել թեկուզ տասներորդ մասը, դուք հիմա այստեղ չէիք լինի։ Վախենում եմ, որ այս ամենը երբեք էլ չի ապացուցվի։ Այժմ չի կարելի նույնիսկ ապացուցել, որ այն նեխած շրջմոլիկը Բենդան է։ Հենց դրա համար էլ ես եկել եմ ձեզ մոտ։

― Շանտաժի՞ ենթարկելու, ― հարցրեց բազմոցում նստած մարդը և ձեռքը պարզեց զանգին։

― Ոչ, վախ ներշնչելու։ Պարոն, դուք այնքան էլ զգայուն խիղճ չունեք։ Ձեր հարստության տեր մարդը զերծ է լինում այդ թուլությունից։ Բայց այն գիտակցությունը, որ մեկ ուրիշն էլ գիտե այդ սարսափելի ոճրագործության մասին, գիտե, որ դուք և ձեր եղբայրը մարդասպաններ եք, որ դուք եք սպանել դերասան Բենդային, դանակ֊մկրատ սրողի որդուն, ծաղրածուին, դուք՝ երկու ֆաբրիկանտներդ, ― այդ գիտակցությունն ընդմիշտ կխախտի ձեր իշխանական հավասարակշռությունը։ Քանի ես ողջ եմ, դուք երկուսդ էլ հանգիստ չեք ունենա։ Ես կուզեի ձեզ տեսնել կախաղանի վրա։ Բայց եթե դա հնարավոր չէ, ես կշարունակեմ թունավորել ձեր կյանքը։ Բենդան դյուրին մարդ չէր, ես որ նրան լավ գիտեի։ Բայց նա արվեստագետ էր։ Ձեր բոլոր միլիոնները չեն կարող ծածկել այդ կորուստը։ Ձեր բոլոր միլիոններով դուք ընդունակ չեք այն արքայական ժեստին․․․ ― Դոկտոր Գոլդբերգը հուսահատորեն ձեռքերն իրար զարկեց։ ― Ինչպե՞ս սիրտ արիք։ Դուք երբեք հանգիստ չեք ունենա, երբե՛ք։ Ես թույլ չեմ տա մոռանալու այդ ոճրագործությունը։ Մինչև մահ կհիշեցնեմ ձեզ․ «Հիշո՞ւմ եք Բենդային, մեծ Բենդային։ Մեծ արտիստ Բենդային»։