Վերջին թարմացում 29 Օգոստոսի 2015, 20:51

Պրոմեթեոսի պատիժը

20:51, 29 Օգոստոսի 2015 տարբերակ, Ժան (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Պրոմեթեոսի պատիժը

հեղինակ՝ Կարել Չապեկ
թարգմանիչ՝ Խաչիկ Հրաչյան ռուսերենից
աղբյուր՝ Կարել Չապեկ


Երկար ու ձանձրալի դատական քննությունից հետո, հազալով ու տնքալով, սենատորները հավաքվեցին արտակարգ խորհրդակցության, որն ընթանում էր սրբազան ձիթենիների հովանու ներքո։

― Եվ այսպես, պարոնայք, ― հորանջեց սենատի նախագահ Հիպոմեթեոսը, ― որքա՞ն ձգձգվեց այս անիծյալ քննությունը։ Ես կարծում եմ, որ նույնիսկ ամփոփելու հարկ չկա, բայց որպեսզի ձևական մանրախնդրության տեղիք չտանք․․․ Եվ այսպես, մեղադրյալ Պրոմեթեոսը, տեղիս բնակիչ, դատական պատասխանատվության ենթարկված նրա համար, որ գտել է կրակը և դրանով իսկ կարծես․․․ հը՛մ, հը՛մ․․․ խախտել գոյություն ունեցող կարգը, խոստովանեց, որ նա, առաջին, իսկապես գտել է կրակը, երկրորդ, որ երբ ուզենա՝ կարող է քարերն իրար զարկելով առաջ բերել այդ կրակը, երրորդ, որ նա համապատասխան ձևով չի թաքցրել այդ դատապարտելի գյուտի գաղտնիքը և նույնիսկ համապատասխան իշխանություններին տեղյակ չի պահել, այլ ինքնագլուխ կերպով մատնել է այն, կամ, այլ կերպ ասած, հանձնել է հասարակ մարդկանց օգտագործման, ինչպես երևում է մեր կողմից հարցաքննված վկաների ցուցմունքներից․․․ Ես կարծում եմ, որ այդ միանգամայն բավական է, և մենք կարող ենք անհապաղ քվեարկել և որոշում կայացնել Պրոմեթեոսի մեղավորության ու պատժի մասին։

― Ներեցեք, պարոն նախագահ, ― առարկեց ատենակալ Ապոմեթեոսը, ― ես գտնում եմ, որ հաշվի առնելով այս արտակարգ նիստի լրջությունը, թերևս, ավելի հարմար կլիներ վճիռ կայացնել հանգամանալից և, այսպես ասած, բազմակողմանի քննարկումից հետո միայն։

― Ինչպես կամենաք, ― հանդիսավորությամբ ասաց Հիպոմեթեոսը։ ― Չնայած գործը պարզ է, բայց եթե ձեզանից որևէ մեկն ուզում է էլի ինչ֊որ բան ավելացնել, խնդրեմ։

― Ես ինձ թույլ կտայի հիշեցնել, ― խոսեց երդվյալ Ամեթեոսը և հիմնավորապես հազաց֊պրծավ, ― որ, ըստ իս, այս ամբողջ գործի մեջ անհրաժեշտ է հատկապես ընդգծելու դրա մի կողմը։ Ես ի նկատի ունեմ, պարոնայք, հարցի կրոնական ասպեկտը։ Ի՞նչ բան է քարից պոկված այդ կայծը։ Հենց իր Պրոմեթեոսի խոստովանությամբ, դա ոչ այլ ինչ է, բայց եթե կայծակ, իսկ կայծակը, ինչպես բոլորին հայտնի է, շանթառաք աստծու ուժի դրսևորումն է։ Պարոնայք, բարի եղեք, բացատրել ինձ, թե ոմն Պրոմեթեոս ինչպե՞ս հասավ աստվածային կրակին։ Ի՞նչ իրավունքով տիրացավ նրան։ Ընդհանրապես, որտեղի՞ց վերցրեց։ Պրոմեթեոսն ուզում է մեզ համոզել, որ պարզապես հայտնաբերել է այն, բայց դա դատարկ բան է․ եթե այդքան հեշտ լիներ այդ, ապա ինչու, օրինակ, կրակը չհայտնաբերեց մեզանից մեկնումեկը։ Ես համոզված եմ, պարոնայք, որ Պրոմեթեոսը այդ կրակը պարզապես գողացել է մեր աստվածներից։ Նրա ուրացումներն ու խորամանկությունները չեն կարող մեզ խաբել։ Ես այդ հանցագործությունը կորակեի մի կողմից իբրև ամենասովորական գողություն, մյուս կողմից իբրև չարամիտ անարգանք ու սրբապղծություն։ Ուստի ես կողմ եմ, որպեսզի ամենախիստ կերպով պատժենք նրան իր անաստված հանդգնության համար, դրանով իսկ պահպանելով մեր ազգային աստվածների սրբազան սեփականությունը։ Ահա այն ամենը, ինչ ես ուզում էի ասել, ― վերջացրեց Ամեթեոսը ու քիթն աղմուկով մաքրեց փեշի մեջ։

― Լավ է ասված, ― համաձայնեց Հիպոմեթեոսը։ ― Ուրիշ ո՞վ է կամենում խոսել։

― Ներողություն եմ խնդրում, ― ասաց Ապոմեթեսը, ― բայց ես չեմ կարող համաձայնել հարգելի կոլեգայիս եզրակացությունների հետ։ Ես տեսա, թե հիշյալ Պրոմեթեոսն ինչպես կրակ վառեց, և անկեղծորեն կասեմ, պարոնայք, ― մեր մեջ մնա, իհարկե, ― այդտեղ ոչ մի դժվարություն չկար։ Կրակը կարող է հայտնաբերել ուզածդ ծույլը, անբանն ու այծարածը․ մենք այդ չենք արել լոկ այն պատճառով, որ մեզ նման լուրջ մարդիկ, անշուշտ, ոչ ժամանակ ունեն, ոչ էլ ցանկություն՝ զվարճանալու կայծ առաջ բերող ինչ֊որ քարերով։ Ես կոլեգա Ամեթեոսին հավատացնում եմ, որ դրանք ամենասովորական բնական ուժեր են, որոնցով զբաղվելն անարժան է մտածող մարդուն, և առավել ևս՝ աստծուն։ Ըստ իս, կրակն այնքան չնչին բան է, որ հազիվ թե որևէ կերպ մեր սրբությունները վիրավորի։ Սակայն ես պետք է իմ կոլեգաների ուշադրությունը հրավիրեմ հարցի մյուս կողմի վրա։ Այդ այն է, որ ըստ երևույթին կրակը խիստ վտանգավոր և նույնիսկ վնասակար տարերք է։ Դուք լսեցիք վկաների ցուցմունքները, որոնք ասում էին, որ, փորձարկելով Պրոմեթեոսի տղայական գյուտը, ծանր այրվածքներ են ստացել, իսկ որոշ դեպքերում տուժել է նույնիսկ ունեցվածքը։ Պարոնայք, եթե Պրոմեթեոսի մեղքով կրակի օգտագործումը տարածում գտնի, իսկ դրան արդեն, դժբախտաբար, չի կարելի խանգարել, ապա մեզանից ոչ ոք չի կարող վստահ լինել իր կյանքի և նույնիսկ ունեցվածքի անվթարության համար, իսկ դա, պարոնայք, կարող է նշանակել ողջ քաղաքակրթության վախճանը։ Բավական է ամենաչնչին մի անզգուշություն, և ի՞նչը կարող է կանգնեցնել այդ անհնազանդ տարերքին։ Պարոնայք, Պրոմեթեոսը պատժի արժանի թեթևամտությամբ կյանքի է կոչել այդ վտանգավոր երևույթը։ Ես նրան կմեղադրեի այնպիսի հանցագործության մեջ, որ իր հետ բերում է մի շարք ծանր խեղումներ և սպառնում հասարակական անվտանգությանը։ Ի նկատի առնելով այս ամենը, ես առաջարկում եմ Պրոմեթեոսին ցմահ ազատազրկել, դրան ավելացնելով խիստ ռեժիմն ու շղթաները։ Պարոն նախագահ, ես վերջացրի։

―Դուք միանգամայն իրավացի եք, կոլեգա, ― փնչացրեց Հիպոմեթեոսը։ ― Հարց է ծագում, պարոնայք, ընդհանրապես մեր ինչի՞ն է հարկավոր այդ կրակը։ Մի՞թե մեր նախնիները օգտվում էին կրակից։ Այդպիսի բան առաջարկել՝ կնշանակե անհարգալիր վերաբերմունք ցույց տալ դարեր ի վեր հաստատված կարգուկանոնի նկատմամբ, այդ․․․ հըմ․․․ նշանակում է զբաղվել քայքայիչ գործունեությամբ։ Հենց կրակի հետ խաղե՜րն էին պակաս․․․ Ի նկատի ունեցեք նաև, պարոնայք, թե դա ինչի կհանգեցնի․ մարդիկ չափից դուրս կմեղկանան կրակի մոտ, կգերադասեն պառկել կողքի վրա, փոխանակ․․․ դե, փոխանակ կռվելու և նման բաներ։ Դրանից առաջ կգան փափկացում, բարքերի անկում և, հըմ․․․ ընդհանրապես անկարգություններ ու նման բաներ։ Կարճ ասած, պարոնայք, անհրաժեշտ է ինչ֊որ միջոցներ ձեռնարկել նման անառողջ երևույթների դեմ։ Ընդհանրապես ժամանակները լուրջ են։ Ահա թե ինչ կուզենայի հիշեցնել։

― Միանգամայն ճիշտ է, ― բացականչեց Անտիմեթեոսը։ ― Մենք բոլորս, անշուշտ, համաձայն ենք մեր պարոն նախագահի հետ, որ Պրոմեթեոսի կրակը կարող է չնախատեսված հետևանքներ ունենալ։ Պարոնայք, եկեք մեզանից չթաքցնենք՝ կրակը վիթխարի կարևորություն ունեցող գործ է։ Ինչպիսի՜ նորանոր հնարավորություններ են բացվում նրանց առաջ, ովքեր տիրում են կրակին։ Միայն մեկ օրինակ․ կրակը կարող է այրել թշնամու ցանքսը, հրկիզել նրա ձիթենու պուրակները և այլն։ Կրակը, պարոնայք, մեզ, մարդկանցս, տալիս է նոր ուժ և նոր զենք․ կրակի օգնությամբ մենք համարյա կհավասարվենք աստվածներին, ― շշնջաց Անտիմեթեոսը ու հանկարծ բղավեց․ ― Ես Պրոմեթեոսին մեղադրում եմ, որ նա այդ աստվածային ու անպարտելի տարերքը վստահել է հովիվներին, ստրուկներին և բոլոր նրանց, ովքեր դիմել են նրան, որ նա այդ կրակը չի հանձնել ընտրյալների ձեռքը, որոնք կպահպանեին այն իբրև պետական գանձ ու կտիրեին նրան։ Ես Պրոմեթեոսին մեղադրում եմ, որ հրապարակել է կրակի հայտնաբերման գաղտնիքը, որը պետք է պատկաներ երկրի կառավարիչներին։ Ես Պրոմեթեոսին մեղադրում եմ, ― վրդովված գոչեց Ամտիմեթեոսը, ― որ նա օտարերկրացիներին սովորեցրեց կրակից օգտվելու եղանակը, որ նա չթաքցրեց այն մեր թշնամիներից։ Պրոմեթեոսը կրակը գողացավ մեզանից, որովհետև տվեց բոոլրին։ Ես Պրոմեթեոսին մեղադրում եմ հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործության մեջ։ ― Անտիմեթեոսն այնպես էր բղավում, որ սկսեց հազալ։ ― Ես առաջարկում եմ մահապատժի ենթարկել նրան, ― վերջացրեց նա։

― Եվ այսպես, պարոնայք, ― ասաց Հիպոմեթեոսը, ― ուրիշ ո՞վ է ուզում խոսել։ Այդ դեպքում, համաձայն դատարանի կարծիքի, մեղադրյալ Պրոմեթեոսը մեղավոր է ճանաչվում, առաջին՝ չարամիտ անարգանքի ու սրբապղծության մեջ, երկրորդ՝ մարդկանց ծանր ֆիզիկական վնասվածքներ պատճառելու և ուրիշների ունեցվածքը կորստի մատնելու, այլև հասարակական անվտանգությունը խախտելու մեջ, երրորդ՝ պետական դավաճանության մեջ։ Պարոնայք, ես առաջարկում եմ նրան դատապարտել ցմահ ազատազրկման, խիստ ռեժիմով ու շղթաներով, կամ մահվան։ Հըմ․․․

― Կամ մեկը և մյուսը՝ միաժամանակ, ― երազկոտ տոնով ասաց Ամեթեոսը։ ― Որպեսզի երկու տեսակետներն էլ բավարարված լինեն։

― Ինչպե՞ս։ Միաժամանակ երկու պատի՞ժ, ― հարցրեց նախագահը։

― Ես հենց այդ մասին եմ մտածում, ― մռթմռթաց Ամեթեոսը։ ― Կարելի է թեկուզ այսպես անել․․․ Պրոմեթեոսին ցմահ շղթայել ժայռին և․․․ թող ուրուրները քրքրեն նրա անաստված լյարդը։ Հասկանալի՞ է, պարոնայք։

― Լիովին հնարավոր է, ― գոհունակությամբ խոսեց Հիպոմեթեոսը։ ― Պարոնայք, դա կլիներ իր տեսակի մեջ միակ պատիժը․․․ հը՜մ․․․ հանցագործ արարքի համար, այնպես չէ՞։ Որևէ մեկը առարկություն չունի՞։ Եվ այսպես, որոշված է։

― Հայրիկ, ինչո՞ւ մահվան դատապարտեցիք այդ Պրոմեթեոսին, ― ընթրիքի ժամանակ հարցրեց Հիպոմեթեոսին նրա որդի Էպիմեթեոսը։

― Քո խելքի բանը չի, ― փնթփնթաց Հիպոմեթեոսը, խոյի բուդը կրծելով։ ― Այս խորոված բուդը շատ ավելի համեղ է, քան հումը։ Ուրեմն, ահա թե կրակը ինչի՜ համար է պետք գալիս։ Հասկանո՞ւմ ես, իսկ մենք հաշվի առանք հասարակական շահերը։ Ուր կհասներ, եթե յուրաքանչյուր ստահակ համարձակվեր անպատիժ կերպով նոր ու մեծ հայտնագործություն կատարել։ Այնպես չէ՞։ Բայց այնուամենայնիվ այս մսին մի բան պակասում է․․․ Հա՛, իմացա՜, ― ուրախ բացականչեց նա։ ― Խորոված ոտքին անհրաժեշտ է աղ ցանել ու սխտոր քսել։ Այ թե բանն ինչ է։ Սա էլ է հայտնագործություն, տղաս։ Պրոմեթեոսի խելքը սրան չէր հասնի։