հեղինակ՝ Կարել Չապեկ |
- Եվ մինչ նրանք գնում էին, ինքը մտավ մի
- մի գյուղ, և Մարթա անունով մի կին նրան
- ընդունեց իր տան մեջ։
- Եվ սա մի քույր ուներ, որի անունը Մարիամ
- էր, որ եկավ նստեց տիրոջ ոտքերի առաջ և
- լսում էր նրա խոսքերը։
- Իսկ Մարթան, որ զբաղված էր տան
- գործերով, եկավ կանգնեց նրա մոտ
- և ասաց․ «Տեր,քեզ փույթ չէ՞, որ
- քույրս ինձ մենակ է թողել տան գործերի
- մեջ․ այժմ ասա դրան, որ օգնի ինձ։»
- Հիսուսը պատասխանեց և ասաց․ «Մա՛րթա,
- Մա՛րթա, դու հոգս ես անում, և շատ բաներով
- ես զբաղված, բայց այստեղ քիչ բան է պետք․
- Մարիամը ընտրել է բարի մասը, որ նրանից
- չպիտի վերցվի»։
- («Ավետարան ըստ Ղուկասի, Ժ, 38-42)
Եվ նույն երեկոյան Մարթան մտավ իր հարևանուհի Թամարի՝ Յակուբ Գրյունֆելդի կնոջ մոտ, որը պառկել էր ծննդաբերությունից հետո։
Եվ տեսնելով, որ օջախի կրակը հանգում է, փայտեր դրեց և նստեց օջախի մոտ, որ կրակը բորբոքվի։ Եվ երբ կենդանի բոցը գալարվեց վերև, Մարթան նայեց կրակին ու լռեց։
Եվ այն ժամանակ տիկին թամարն ասաց․
― Մարթա, դուք լավ մարդ եք։ Այնպես եք հոգում բոլորի մասին, որ ես նույնիսկ չգիտեմ, ինչով վարձահատույց լինեմ ձեզ։
Բայց Մարթան ոչինչ չպատասխանեց ու աչքերը չհեռացրեց կրակից։
Այնժամ տիկին թամարը հարցրեց, ասելով․
― Մարթա, արդյոք ճի՞շտ է, որ այսօր Նազարեթցի րաբբին եղել է ձեզ մոտ։
Եվ Մարթան պատասխանեց․
― Եղել է։
Եվ տիկին Թամարը ծալեց ձեռքերն ու ասաց․
― Այ թե ուրախալի է ձեզ համար, Մարթա․ ես գիտեմ, Նա մեզ մոտ չէր գա, բայց դուք արժանի եք դրան, ախր դուք այնպիսի լավ տնտեսուհի եք․․․
Այնժամ Մարթան թեքվեց կրակին, արագորեն խառնեց փայտերն ու ասաց․
― Գիտեք, տիկին Թամար, ավելի լավ է այդ բանը չլիներ։ Մի՞թե իմ մտքով կանցներ, որ հենց այսօր, տոնի նախօրյակին․․․ Լավ, մտածում եմ, նախ լվացք կանեմ, ինքներդ գիտեք, թե մեր Մարիամի պատճառով ինչքան լվացք է հավաքվում։ Այդպես, ահա, կեղտոտ սպիտակեղենը հավաքում եմ մի տեղ, ու մեկ էլ․ «Բարի օր, աղջիկներ», ― Նա կանգնում է շեմքին։ Ես որ չբղավեցի՝ «Մարիա՛մ, արի այստեղ», ― որպեզի օգներ կեղտոտ սպիտակեղենը շուտով աչքից հեռացնելու, իսկ Մարիկան ներս ընկավ մազերը գզգզված և, հենց որ նրան տեսավ, բղավեց խելագարի նման․ «Ուսուցի՛չ, դուք մեզ մո՞տ եք եկել»։ Ու ― թը՜մփ, ― արդեն ծունկի է եկել նրա առաջ, հեկեկում է ու ձեռքերը համբուրում․․․ Այնպես ամաչեցի նրա փոխարեն, տիկին Թամար։ Ուսուցիչն ի՞նչ կարող էր մտածել, այնպիսի խելագար հիստերիկն է, իսկ չորս կողմ դեռ կեղտոտ քուրջերն են թափթփված․․․ Ես հազիվ կարողացա ասել, «նստեք Ուսուցիչ», ու սկսեցի սպիտակեղենը հավաքել, իսկ Մարիան քաշում է նրա ձեռքից ու հեծկլտում․ «Դե խոսեք, Ուսուցիչ, մի բան ասեք մեզ, րաբբոնի․․․»։ Մտածեք միայն, տիկին Թամար, նա նրան անվանում է «րաբբոնի»։ Եվ ամենուրեք անկարգություն, ինքներդ էլ գիտեք, թե լվացքի ժամանակ ոնց է լինում, նույնիսկ հատակն ավլած չի․․․ Տեսնես նա ի՞նչ էր մտածում մեր մասին։
― Բան էլ չէ, Մարթա, ― մխիթարում է տիկին Թամարը։ ― Տղամարդիկ փոքրիկ անկարգությունը չեն էլ նկատում։ Ես նրանց լավ գիտեմ։
― Թեկուզ այդպես, ― առարկեց Մարթան, խիստ փայլը աչքերում։ ― Բայց կարգ պետք է լինի։ Հասկանում եք, տիկին Գրյունֆելդ, այ երբ Ուսուցիչը ճաշում էր այն մաքսավորի մոտ, Մարիամը հնար գտավ արցունքներով լվանալու նրա ոտքերն ու սեփական մազերով չորացնելու։ Կասեմ ձեզ, տիկին Թամար, ես ոչ մի նման բան չէի համարձակվի անել, բայց շատ կուզեի, որ գոնե մաքուր հատակ լիներ նրա ոտքերի տակ։ Այս մեկը՝ հա։ Եվ կուզեի նրա առաջ փռել մեր փոքրիկ գեղեցիկ գորգը, որ, գիտեք, բերված է Դամասկոսից։ Եվ ոչ թե կեղտոտ սպիտակեղենը։ Արցունքով լվանալ նրա ոտքերն ու մազերով սրբել Մարիամը կարող է, բայց որ Նրա գալուն սանրվի կարգին կամ հատակը մաքրի՝ չես տեսնի։ Հազիվ միայն թրմփա Նրա ոտքերի առաջ ու աչքերը մեծ֊մեծ բանա՝ իբր, խոսիր, րաբբոնի։
― Եվ նա խոսե՞ց, ― անհամբերությամբ հարցրեց տիկին Թամարը։
― Խոսեց, ― դանդաղ ասաց Մարթան։ ― Ժպտում էր ու խոսում Մարիամի համար։ Իսկ ես, ինքներդ էլ գիտեք, ավելի շատ մտածում էի, թե սպիտակեղենն ինչպես շուտով հավաքեմ֊պարտկեմ ու գոնե այծի կաթ տամ Նրան մի պատառ հացի հետ։ Նա հոգնատանջ տեսք ունի՝ հոգնել է ճամփից․ հենց այն է լեզուս պտտվում էր, որ ասեմ՝ բարձ բերեմ, մի քիչ հանգստացեք, Ուսուցիչ, ննջեցեք, մենք սուսուփուս կմնանք, ինչպես մկնիկներ, նույնիսկ չենք շնչի․․․ բայց, տիկին Թամար, հասկանում եք, ո՞վ կուզենա ընդհատել Նրա խոսքը։ Եվ ահա ես քայլում էի մատներիս ծայրերի վրա, որպեսզի Մարիամը գլխի ընկներ չաղմկել, բայց ո՜ւր։ «Էլի խոսեք, դե, Ուսուցիչ, խնդրում եմ, խնդրում եմ ձեզ, էլի որևէ բան պատմեցեք»։ Իսկ նա, այնպես բարի, շարունակ ժպտում էր ու խոսում․․․
― Ա՜խ, ինչպես կուզեի լսել, թե նա ինչ էր ասում, ― հառաչեց տիկին Թամարը։
― Ես էլ, ― չոր֊չոր պատասխանեց Մարթան։ ― Բայց մեկը պետք է կաթը սառեցներ՝ նրան մատուցելու համար։ Եվ մեկը պետք էր, որ մի քիչ մեղր ճարեր՝ հացի հետ ուտելու։ Հետո վազեր Էֆրայիմի մոտ ― ախր ես խոստացել էի նրա կնոջը, որ երեխաներին կնայեմ, երբ նա շուկա գնա․․․ Այո, տիկին Թամար, ինձ նման պառաված օրիորդն էլ կարող է մի բանի պիտանի լինել։ Իսկ նա, առավոտյան որ տեսավ պատրաստվում եմ լվացքի, ասաց․ «Լավ, աղջկերք, ես չքանում եմ․ միայն տես, Մարթա, երբ այդ լիվանցի արմտիք վաճառողն անցնելիս լինի, աչքից բաց չթողնես, թեյ կգնես դոշիս համար»։ Տիկին Թամար, ախր մեր Ղազարոսը հիվանդ է ու գնալով ավելի ու ավելի է վատանում։ Ու ես մի գլուխ միտք էի անում՝ քանի ուսուցիչն այստեղ է, լավ կլինի Ղազարոսը վերադառնար։ Ես հավատում եմ, տիկին Թամար, Նա կբուժեր Ղազարոսին․ ու հենց որ տան մոտ ոտնաձայն էի լսում, դուրս էի թռչում ու ձայն տալիս ամեն պատահողի․ «Պարոն Աշեր, պարոն Լեի, պարոն Իսահար, թե որ պատահեք Ղազարոսին, ասեք, թող իսկույն տուն գա»։
Հետո էլ պիտի աչք պահեի, որ արմտիք ծոխողը չանցներ, ուղղակի չգիտեի՝ առաջ ինչին ձեռք զարկեմ։
― Այդ ինձ հայտնի է, ― ասաց տիկին Գրյունֆելդը։ ― Ընտանիքը շատ հոգս է պատճառում։
― Հոգսն ի՛նչ, ― ասաց Մարթան։ ― Բայց գիտեք, տիկին Գրյունֆելդ, ախր ամեն մեկն ուզում է Աստծո խոսքը լսել։ Ես ընդամենը հիմար կին եմ, աղախնի պես մի բան․․․ Ու ինքս ինձ միտք եմ անում․ ախր այս ամենը մեկը պիտի անի՝ ճաշ եփի, լվացք անի, չոր կարկատի հատակը լվանա, և քանի որ մեր Մարիայի բնավորությունն ուրիշ է․․․ Տիկին Թամար, նա արդեն այնքան գեղեցիկ չի, ինչքան առաջ, բայց առաջ այնպիսի մի գեղեցկուհի էր, որ․․․ որ ես պարզապես չէի կարող չծառայել նրան, հասկանո՞ւմ եք։ Իսկ բոլորը չգիտես ինչու կարծում են, որ ես չար եմ․․․ Բայց, տիկին Գրյունֆելդ, դուք հո գիտեք, որ դժբախտ ու չար կինը չի կարող լավ եփել֊թափել, իսկ ես ախր վատ խոհարարուհի չեմ․ ինչ արած, քանի որ Մարիան գեղեցիկ է, թող Մարթան համեղ ճաշ պատրաստի, ճիշտ չե՞մ ասում։ Բայց դուք, երևի, այդ էլ գիտեք, տիկին Թամար․ երբեմն մի րոպեով, միայն մի րոպեով ձեռքերդ ծալում ես ծնկներիդ, ու գլխումդ տարօրինակ մտքեր են պտտվում․ հանկարծ ու մեկը քեզ մի բան ասի կամ նայի քեզ այնպես․․․ ոնց որ թե ուզենա ասել․ «Աղջիկս, դու ախր այդ քո սերն ես մեզ տալիս, քեզ ամբողջովին զոհում ես, մարմնով հատակը սրբում ու այս ամբողջ մաքրությունը պահպանում հոգուդ մաքրությամբ․ ու ներս ենք մտնում քո տունը, ասես այդ տունը դու ինքդ ես, Մարթա, և դու յուրովի շատ ես սիրել․․․»։
― Օ՜, այդպես է, ― ասաց տիկին Գրյունֆելդը։ ― Եվ եթե դուք վեց երխա ունենայիք, Մարթա, ինչպես որ ես, այն ժամանակ ավելի լավ կհասկանայիք այդ։
Այնժամ Մարթան ասաց․
― Տիկին Գրյունֆելդ, երբ Նա՝ նազարեթցի Ուսուցիչը, այդպես անսպասելիորեն մեզ մոտ եկավ, ես ուղղակի սարսափեցի, հանկարծ․․․ Հանկարծ ու Նա եկել է, որպեսզի ասի, այն հիանալի խոսքերը, որոնց այսքան երկար սպասել եմ, ու բարությունը տես․․․ հենց այսպիսի անկարգ վիճակում։ Սիրտս ծուլ եղավ, գունդը դեմ է առել կոկորդիս ― խոսել չեմ կարող ― մտածում եմ միայն՝ սա կանցնի, ես պարզապես հիմար կին եմ, առայժմ սպիտակեղենը թրջեմ ու վազեմ Էֆրայի մոտ․ հետո մարդ ճամփեմ մեր Ղազարոսի ետևից, հավերին բակից քշեմ, որ չխանգարեն նրան․․ Ու հետո, երբ ամեն ինչ կարգի էր ընկել, հանկարծ հիանալի մի վստահություն զգացի․ հիմա պատրաստեմ Աստծու խոսքը լսելու։ Ու ես սուսիկ֊փուսիկ ներս մտա սենյակ, որտեղ Նա նստել ու խոսում էր։ Մարիան նստել էր նրա ոտքերի մոտ, աչքը նրանից չէր կտրում․․․ ― Մարթան չոր֊չոր ծիծաղեց։ ― Եվ մտածեցի, թե ինքս ինչ տեսք կունենայի, եթե այ այդպես աչքերս չռեի նրա վրա։ Տիկին Գրյունֆելդ, այստեղ նա նայեց ինձ այնպես պարզ ու սիրալիր հայացքով, ասես ուզում էր մի բան ասել։ Ու հանկարծ ես նկատեցի՝ աստված իմ, ի՜նչ նիհար է Նա։ Գիտեք, Նա ոչ մի տեղ կարգին չի ուտում, նույնիսկ մեղրով հացին համարյա ձեռք չտվեց․․ Ու մտքովս անցավ՝ աղավնիներ։ Ես նրա համար աղավնիներ կտապակեմ։ Մարիային կուղարկեմ Շուկա, իսկ Նա առայժմ փոքր֊ինչ կհանգստանա․․․ «Մարիա, ասում եմ, մի րոպեով խոհանոց արի»։ Իսկ Մարիան՝ ո՛չ մի ծպտուն, ասես խուլ ու համր է։
― Երևի չուզեց հյուրին մենակ թողնել, ― հանգստացնող տոնով նկատեց տիկին Թամարը։
― Ավելի լավ է մտածեր, թե ինչով կերակրի նրան, ― կոշտությամբ նկատեց Մարթան։ ― Հենց դրա համար էլ մենք կին ենք ծնվել, ճիշտ չէ՞։ Ու երբ տեսա, որ Մարիան տեղից չի շարժվում, միայն կախարդվածի պես նայում է նրան, այն ժամանակ․․․ տիկին Թամար չգիտեմ այդ ինչպես ստացվեց, միայն թե չկարողացա ինձ պահել։ «Տեր, ասացի, Քեզ փույթ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել տան գործերի մեջ․ այժմ ասա դրան, որ օգնի ինձ»։ Հենց այդպես էլ բերանիցս դուրս թռավ․․․
― Եվ նա ասա՞ց նրան, ― հարցրեց տիկին Գրյուֆելդը։ Արցունքները դուրս ցայտեցին Մարփայի վառվող աչքերից։
― «Մա՛րթա, Մարթա, դո հոգս ես անում և շատ բաներով ես զբաղված, բայց այստեղ քիչ բան է պետք․ Մարիամը ընտրել է բարի մասը, որ նրանից չպիտի վերցվի»։ Այսպիսի մի բան ասաց Նա ինձ, տիկին Թամար։
Մի րոպե լռություն տիրեց։
― Եվ ա՞յդ է ամենը, ինչ Նա քեզ ասաց, ― հարցրեց տիկին Թամարը։
― Որքան գիտեմ՝ այո, ― պատասխանեց Մարթան, թափով սրբելով արցունքները։ ― Հետո ես գնացի աղավնիներ գնելու, ― տիկին Գրյունֆելդ, շուկայի այդ վաճառականները մաքուր ավազակներ են, ― տապակեցի դրանք, ձեզ համար էլ աղավնու փորոտիքից սուպ եմ պատրաստել․․․
― Այո, գիտեմ, ― միջամտեց տիկին Թամարը։ ― Մարթա, դուք շատ լավն եք։
― Ոչ, ― համառորեն առարկեց նա։ ― Որ ուզում եք իմանալ, ես առաջին անգամ աղավնիները տապակեցի ոչ այնպես, ինչպես հարկն է։ Դրանք ղարթ էին․․ Բայց ես․․․ ձեռքիցս ամեն ինչ թափվում էր ցած։ Ախր ես անսահմանորեն հավատում եմ Նրան, տիկին Թամար։
― Ես էլ երկյուղածությամբ պատասխանեց տիկին Թամարը։ ― Իսկ նա ուրիշ ի՞նչ ասաց, Մարթա։ Ի՞նչ էր ասում Մարիային։ Ի՞նչ էր սովորեցնում։
― Չգիտեմ, ― պատասխանեց Մարթան։ ― Հարցրի Մարիամին ― ախր դուք գիտեք, թե ինչ խենթ ու խելառն է նա։ «Արդեն չեմ հիշում, ասում է, էն֊աստված, ոչ մի խոսքը միտս չի, բայց զարմանալի գեղեցիկ էր, Մարթա, և ես անսահման ուրախ եմ․․․»։
― Դե ինչ, նա արժանի է դրան, ― համաձայնեց տիկին Թամարը։
Այնժամ Մարթան քիթը մաքրեց, որպեսզի արցունքները թաքցնի, և ասաց․
― Տիկին Գրյունֆելդ, տվեք ես ձեր չարաճճիին․․․ բարուրեմ․․․