հեղինակ՝ Կարել Չապեկ |
Դժբախտ դոնյա Էլվիրայի մահվան վրեժը լուծվեց․ դոն Խուան Տենորիոն խոցված կրծքով պառկած էր Պոսադա դը լաս Ռեինասում ու մեռնում էր։
― Թոքերի էմֆիզեմա, ― փնթփնթաց տեղի բժիշկը։ ― Մեկ ուրիշը մի կերպ դուրս կպրծներ, բայց այնպիսի գզգզված caballero , ինչպիսին դոն Խուանն է․․․ Դժվար բան է, Լեպորելլո․ ճիշտն ասած, նրա սիրտը դուր չի գալիս ինձ։ Ասենք, այդ հասկանալի է․ վառ արտահայտված ուժասպառություն՝ այդպիսի in venere[1] արկածներից հետո, պարոնայք։ Լեպորելլո, ես քո փոխարեն համենայն դեպս քահանա կհրավիրեի․ միգուցե տերդ դեռ ուշքի կգա, չնայած գիտության ներկա վիճակը․․․ դե, չգիտեմ։ Պատիվ ունեմ ողջունելու, caballieros.
Այնպես պատահեց, որ պադրե Խասինտոն նստեց դոն Խուանի ոտքերի մոտ ու սկսեց սպասել, թե պացիենտը երբ ուշքի կգա, իսկ ինքն այդ միջոցին աղոթում էր այդ անուղղելի մեղավոր մարդու հոգու համար։ «Ա՛խ, եթե ինձ հաջողվեր փրկել այս արմատացած մեղավոր հոգին, ― մտածում էր բարի քահանան։ ― Երևում է սրան մշակել են հիմնավորապես, միգուցե դա խորտակի սրա գոռոզությունն ու հարկադրի խոնարհ ապաշխարության։ Ամեն մեկին բախտ չի վիճակվում այսքան նշանավոր ու անխիղճ մի անառակի խոստովանեցնել․ այո, եղբայրս, այսպիսի հազվագյուտ դեպք Բուրգոսի եպիսկոպոսին էլ չի պատահել։ Մարդիկ կսկսեն փսփսալ իրար՝ տեսեք, տեսեք ահա գալիս է պադրե Խասինտոն, նա ինքը, որ փրկեց դոն Խուանի հոգին․․․»։
Պադրեն ցնցվեց ու խաչակնքեց․ մի կողմից ուշքի եկավ հպարտության սատանայական գայթակղությունից, մյուս կողմից նկատեց, որ մահամերձ դոն Խուանը իր վառվող ու ասես հեգնական հայացքը հառել է նրան։
― Սիրելի որդյակդ իմ, ― որքան կարելի է սիրալիր տոնով արտաբերեց արժանավոր պադրեն, ― դու մեռնում ես․ շատ շուտով կներկայանաս բարձրագույն դատավորի սեղանին, բեռնավորված քո նողկալի կյանքի ընթացքում կատարած մեղքերով։ Խնդրում եմ քեզ մեր տեր աստծու սիրույն, վերցրու վրայիցդ այդ մեղքերը, քանի դեռ ժամանակ կա, քեզ վայել չէ մեկնել այն աշխարհ երկրային գործերի կեղտով ապականված, արատների անմաքուր քուրձով։
― Լավ, ― պատասխանեց դոն Խուանը, ― կոստյումը կարելի է մի անգամ էլ փոխել։ Պադրե, ես միշտ աշխատել եմ հանգամանքներին համապատասխան հագնվել։
― Վախենում եմ, որ դու այնքան էլ լավ չհասկացար ինձ, ― նկատեց պադրե Խասինտոն։ ― Ես հարցնում եմ՝ արդյոք չե՞ս ուզում զղջալ ու մեղքերդ խոստովանել։
― Խոստովանեմ, ― խուլ ձայնով խոսեց դոն Խուանը։ ― Մի լավ սևացնեմ ինձ․․․ Ա՛խ, տեր հայր, դուք չեք էլ պատկերացնում, թե դա ինչպես կազդի կանանց վրա։
Խուան, ― խոժոռվեց բարի պատերը, ― դադարիր երկրայինի մասին մտածելուց․ հիշիր՝ դու պետք է զրուցես քո արարչի հետ։
― Գիտեմ, ― պարկեշտությամբ առարկեց դոն Խուանը։ ― Գիտեմ նաև՝ պատշաճությունը պահանջում է, որ մարդ իբրև քրիստոնյա մեռնի։ Իսկ ես, տեր հայր, հույժ ջանացել եմ պահպանել պատշաճությունը․․․ հնարավորին չափ։ Երդվում եմ պատվովս․ առանց ավելորդ խոսքերի ամեն ինչ կանեմ․ քանզի, առաջին, ես այնքան թույլ եմ, որ չեմ կարող երկար խոսել, իսկ երկրորդ, իմ սկզբունքը եղել է միշտ նպատակին հասնել ուղիղ, կարճ ճանապարհով։
― Ես պատշաճն եմ մատուցում քո վճռականությանը, ― ասաց պադրե Խասինտան։ ― Բայց նախ, սիրելի որդյակդ իմ, պատրաստվիր ինչպես հարկն է, հարցում արա խղճիդ, խոնարհ ափսոսանք արթնացրու մեջդ, քո արարքների հանդեպ։
Դրանից հետո դոն Խուանը աչքերը փակեց ու սկսեց հարցում անել իր խճին․ իսկ պադրեն սկսեց կամացուկ աղոթել, զի աստված զորավիգ ճամփեր ու լուսավորեր նրան։
― Ես պատրաստ եմ, հայր, ― որոշ ժամանակ հետո խոսեց դոն Խուանը և սկսեց իր խոստովանությունը։
Պադրե Խասիտոն գոհունակությամբ գլուխն էր օրորում․ խոստովանությունը թվում էր անկեղծ ու սպառիչ․ դրանում ստի ու սրբապղծության, սպանությունների, ուխտադրժության, գոռոզության, խաբեության ու մատնության պակասություն չէր զգացվում․․․ Իսկապես որ դոն Խուանը մեծ մեղսագործ էր։ Բայց հակարծ նա լռեց, ասես հոգնելով, ու փակեց աչքերը։
― Հանգստացիր, սիրելի որդյակ, ― համբերությամբ արձագանքեց քահանան, ― իսկ հետո կշարունակես։
― Ես վերջացրի, արժանապատիվ հայր, ― պատասխանեց դոն Խուանը։ ― Իսկ եթե ինչ֊որ բաներ մոռացա, հավանորեն դատարկ բաներ են։ Տեր աստված ողորմաբար կների դրանք։
― Ինչպե՞ս թե, ― բղավեց պադրե Խասինտոն։ ― Դու այդ անվանում ես դատարկ բա՞ն։ Հապա շնացումները, որ դու կատարել ես ամեն քայլափոխի, ամբողջ կյանքումդ, հապա կանայք, որոնց գայթակղել ես, հապա անմաքուր կրքերը, որոնց տրվել ես այնպես անզուսպ կերպով։ Ո՛չ, եղբայր, հաճիր խոստովանել ինչպես հարկն է, անառա՛կ, քո անամոթ արարքներից ոչ մեկը անտես չի մնա աստծու աչքից։ Ավելի է լավ զղջաս քո զազրելիություններն ու մեղավոր հոգիդ թեթևացնես։
Դոն Խուանի դեմքին տանջանքի ու անհամբերության նշաններ երևացին։
― Ես արդեն ասացի ձեց, հայր, որ վերջացրի, ― համառորեն կրկնեց նա։ ― Պատվովս եմ երդվում, որ այլևս խոստովանելիք չունեմ։
Այդ րոպեին Պոսադա դը լաս Ռեինաս հյուրանոցի տերը հուսահատ մի ճիչ լսեց վիրավորի սենյակից։
― Տեր ընդ մեզ, ― բացականչեց նա, խաչակնքելով, ― ինձ այնպես է թվում, թե պադրե Խասինտոն սատանային դուրս է քշում խեղճ սենյորի միջից։ Տեր աստված, այնքան էլ սրտովս չի, երբ իմ հյուրանոցում այդպիսի բաներ են կատարվում։
Վերոհիշյալ ճիչը բավական երկար շարունակվեց ― այդ ժամանակամիջոցում կարելի էր բակլա խաշել․ մերթ ընդ մերթ այն անցնում էր խուլ, համառ հորդորների, հետո հնչում էր վայրի ոռնոցը։ Հանկարծ վիրավորի սենյակից դուրս թռավ պադրե Խասինտոն՝ հնդկահավի պես կարմիր և, տիրամորն օգնության կանչելով, նետվեց դեպի եկեղեցի։ Դրանից հետո հյուրանոցում լռություն տիրեց․ միայն ընկճված Լեպորելլոն անաղմուկ ներս մտավ իր տիրոջ սենյակը, որտեղ դոն Խուանը, աչքերը փակ պառկած, տնքում էր։
Ճաշից հետո քաղաք ժամանեց Հիսուսյանների Ընկերության անդամ պադրե Իլդենֆոնսոն․ նա, ջորի հեծած, Մադրիդից գնում էր Բուրգոս․ և քանի որ օրը շատ շոգ էր, պադրե Իլդեֆոնսոն ճգնավորի տեսք ուներ, չորացած, ոնց որ հին երշիկ, և այնպիսի թանձր հոնքերով, ոնց որ պաշտոնաթող հեծելազորայինի թևատակի մազերը։
Տանտիրոջ հետ թան խմելով, ճիզվիտը հայացքը հառեց հայր Խասինտոյի վրա, որն իզուր էր ջանում թաքցնել, որ մի բանից նեղվում է։ Այնպիսի լռություն էր, որ ճանճերի տզզոցը թվում էր ամպի որոտ։
― Այ թե բանն ինչ է, ― վերջապես խոսեց տանջահար պադրե Խասինտոն։ ― Այստեղ մեզ մոտ մի մեծ մեղսագործ կա, որը վերջին շնչումն է։ Դոն Իլդեֆոնսո, դա այն նույն տխրահամբավ դոն Խուան Տենորիոն է։ Այստեղ նա ինչ֊որ վեճ կամ մենամարտ է սարքել, ― կարճ ասած, գնացի նրան խոստովանեցնելու․ սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում․ խոսք չունեմ, շատ լավ էր խոստովանում․ բայց երբ բանը հասավ վեցերորդ պատվիրանին, ասես կալանդի մեջ առան, և ես այլևս ոչ մի խոսք չկարողացա պոկել նրանից։ Ասում է՝ զղջալու բան չունի։ Աստվա՜ծ իմ, այն էլ այդպիսի ապերասան մարդը։ Որ մտածում եմ, թե նա երկու Կաստիլիացիների մեծագույն անառակն է․․․ հավասար չունի ո՛չ Վալենսիայում, ո՛չ Կադիքսում․․․ Ասում են, վերջին տարիների ընթացքում նա գայթակղել է վեց հարյուր իննսունյոթ կուսանք․ դրանցից հարյուր տասներեքը գնացել են կուսանոց, մոտ հիսունը զոհ են գնացել հայրերի կամ ամուսինների արդարացի զայրույթին և մոտավորապես նույնքանի էլ սիրտը պայթել է վշտից։ Եվ ահա, պատկերացրեք, դոն Իլդենֆոնսո, այդպիսի հեշտասերը մահվան մահճում երես առ երես պնդում է, իբրև թե շնության in puncto[2] խոստովանելու բան չունի։ Դուք ի՞նչ կասեք սրան։
― Ոչինչ, ― պատասխանեց ճիզվիտը։ ― Եվ դուք նրա մեղքերին թողություն չտվի՞ք։
― Իհարկե ոչ, ― պատասխանեց վշտահար պադրե Խասինտոն։ ― Բոլոր հորդորներն ապարդյուն անցան։ Այնպես էի խոսում, որ քարերն էլ կզղջային, բայց այդ անբանների պետի վրա ոչինչ չի ազդում։ «Մեղավոր եմ հա՛յր, ― ասում է, ― գողության մեջ, երդումներն էլ եմ խախտել և էլի ինչ ուզեք, բայց ինչի մասին հարցնում եք՝ բան չունեմ ասելու»։ Եվ գիտե՞ք դժվարությունը որն է, դոն Իլդեֆոնսո, ― հանկարծ պոռթկած պադրեն ու արագ խաչակնքեց։ ― Ես կարծում եմ, որ նա կապված է եղել սատանայի հետ։ Ահա թե ինչու չի կարողանում խոստովնել այդ։ Դա եղել է անմաքուր կախարդանք։ Նա կանանց հրապուրել է դժոխքի իշխանությամբ։ ― Հայր Խասինտոն ցնցվեց։ ― Դուք միայն տեսնեիք նրան, դոմինե։ Ես կասեի՝ այդ երևում է նրա աչքերից։
Դոն Իլդեֆոնսոն, անդամ Հիսուսյանների Ընկերութայն, լուռ մտածում էր։
― Եթե ուզում եք, ես կտեսնեմ այդ մարդուն, ― վերջապես ասաց նա։
Դոն Խուանը ննջում էր, երբ հայր Իլդեֆոնսոն անաղմուկ մտավ սենյակ ու ձեռքի շարժումով Լեպորելլոյին դուրս հրավիրեց․ հետո ճիզվիտը նստեց անկողնու գլխավերևում դրված աթոռին ու սկսեց զննել մեռնողի նիհարած դեմքը։
Երկար լռությունից հետո վիրավորը տնքաց ու բացեց աչքերը։
― Դոն Խուան, ― մեղմությամբ սկսեց ճիզվիտը, ― երևի դժվարությամբ եք խոսում։
Դոն Խուանը թույլ գլխով արավ։
― Այդ կարևոր չէ, ― շարունակեց ճիզվիտը։ ― Սենյոր Խուան, ձեր խոստովանությունը մի կետում մնաց մութ։ Ես ձեզ հարցեր չեմ տա, բայց, թերևս, դուք հասկացնել կտաք՝ համաձա՞յն եք նրան, ինչ ես կասեմ ձեր մասին։
Վիրավորի աչքերը համարյա վախով ուղղվեցին կուսակրոնի անշարժ դեմքին։
― Դոն Խուան, ― համարյա աշխարհիկ տոնով սկսեց պադրե Իլդեֆոնսոն։ ― Ես վաղուց եմ արդեն լսել ձեր մասին ու մտածել եմ, թե ինչու եք դուք մի կնոջից մյուսին նետվում, մեկ սիրուց՝ մյուսին, ինչու երբեք չեք կարողացել լինել և մնալ երանության ու հանգստի այն վիճակում, որ մենք, մարդիկս, երջանկություն ենք անվանում․․․
Դոն Խուանը տխուր քմծիծաղով մերկացրեց ատամները։
― Մեկ սիրուց՝ մյուսին, ― հանգիստ շարունակեց դոն Իլդեֆոնսոն։ ― Ասես նորից ու նորից կամենում էիք մեկնումեկին համոզել, ― երևում է, ինքներդ ձեզ, ― որ դուք արժանի եք սիրո, որ դուք հենց այն տղամարդկանցից եք, որոնց կանայք սիրում են ― դժբա՜խտ դոն Խուան։
Վիրավորի շրթունքները շարժվեցին, թվաց, թե նա կրկնում է վերջին բառերը։
― Մինչդեռ դուք երբեք տղամարդ չեք եղել, դոն Խուան, ― բարեկամական տոնով շարունակեց կուսակրոնը։ ― Միայն ձեր ոգին էր տղամարդու ոգի, և այդ ոգին ամաչում էր, սենյոր, և հուսահատորեն աշխատում թաքցնել, որ բնությունը ձեզ զրկել է այն բանից, ինչը շնորհված է ամեն մի կենդանի արարածի․․․
Մեռնողի անկողնուց լսվեց մանկական հեծկլտոց։
― Ահա թե ինչու դուք պատանեկությունից տղամարդու դեր եք խաղացել, դոն Խուան․ դուք եղել եք խելահեղորեն քաջ, արկածախնդիր, հպարտ ու սիրել եք ձեզ ի ցույց դնել ― և այդ ամենը լոկ նրա համար, որպեսզի ձեր մեջ խեղդեք այն ստորացուցիչ գիտակցությունը, որ ուրիշները ձեզանից լավ են, որ նրանք ավելի են տղամարդ, քան դուք․ և դրա համար էլ շռայլորեն ապացույցներ էիք կուտակում իրար վրա․ ոչ ոք չէր կարող ձեզ հետ համեմատվել, որովհետև ձևացնում էիք միայն, անպտուղ էիք ― և դուք ոչ մի կին էլ չեք գայթակղել, դոն Խուան։ Դուք երբեք չեք իմացել ինչ է սերը, միայն յուրաքանչյուր հանդիպմանը հմայիչ ու ազնիվ կնոջ հետ տենդագին կերպով ձգտել եք կախարդել նրան ձեր ոգով, ասպետությամբ, ձեր կրքով, որ ինքներդ եք ներշնչել ձեզ․ այդ ամենը դուք կարողանում էիք անել կատարելապես, քանզի դեր էիք խաղում։ Բայց ահա վրա էր հասնում այն պահը, երբ կնոջ ոտքերը ծալվում են ― օ՜, դոն Խուան, դա, երևի, դժոխք էր ձեզ համար․ այո, դժոխք, քանզի այդ պահին դուք զգում էիք ձեր չարաբաստիկ հպարտության նոպան ու միաժամանակ ամենաահավոր ստորացումը։ Եվ դուք ստիպված էիք դուրս պրծնել այն գրկից, որ նվաճել էիք կյանքի գնով, ու փախչել, դժբախտ դոն Խուան, փախչել նվաճված կնոջից, այն էլ ինչ֊որ գեղեցիկ ստով այս հաղթական շուրթերին։ Դոն Խուան, դա հավանորեն դժոխք էր։
Վիրավորը երեսը դարձրած դեպի պատը, արտասվում էր։
Դոն Իլդեֆոնսոն ոտքի ելավ։
― Խե՜ղճ, ― ասաց նա։ ― Նույնիսկ սուրբ խոստովանությանը ամաչում էիք ընդունել այդ։ Տեսնում եք, ամեն ինչ վերջացավ, բայց ես չեմ ուզում պադրե Խասինտոյին զրկել զղջացող մեղսագործից։
Եվ նա ճամփեց քահանայի ետևից․ երբ հայր Խասինտոն եկավ, դոն Իլդեֆոնսոն ասաց նրան․
― Ահա թե ինչ, տեր հայր, նա ամեն ինչ ընդունեց ու արտասվեց։ Անկասկած, նրա զղջումն անկեղծ է․ թերևս, մենք կարող ենք նրա մեղքերին թողություն շնորհել։