հեղինակ՝ Կարել Չապեկ |
Արդեն շատ ջուր է հոսել այն ժամանակներից, երբ Հեյշովինա լեռան վրա կախարդի իր արհեստով էր զբաղվում կախարդ Մագիաշը։ Ինչպես գիտեք, լինում են բարի կախարդներ, որոնց անվանում են հմայողներ և չար կախարդներ, որոնց անվանում են վհուկներ կամ գրբացներ։ Մագիաշը մի տեսակ, ոնց ասեմ, ոչ այս էր, ոչ այն։ Երբեմն նա այնպես բարի էր լինում, որ բոլորովին չէր կախարդում, իսկ մեկ֊մեկ էլ այնպես սարսափելի էր կախարդում, որ ամպրոպը որոտում էր, կայծակը փայլատակում․ մեկ֊մեկ նրա խելքին փչում էր քարե կարկուտ տեղալ երկրի վրա, իսկ մի անգամ էլ նույնիսկ փոքրիկ գորտերի անձրև թափեց։
Մի խոսքով, ինչ ուզում ես ասա, այնքան էլ հաճելի չէ այդպիսի հարևան ունենալը։ Նույնիսկ նրանք, ովքեր երդվում էին աստծու անունով, թե ոչ մի կախարդի չեն հավատում, աշխատում էին հեռվից շրջանցել Հեյշովինան։ Չնայած այդ մարդիկ հավատացնում էին, թե ճամփան ծռում են, որովհետև այդտեղ ճանապարհը խիստ թեքությամբ է բարձրանում դեպի լեռը, բայց դա սոսկ պատրվակ էր։ Չէին ուզում ազնվորեն խոստովանել, որ վախենում են Մագիաշից։
Այդպես ահա, մի անգամ Մագիաշը նստել էր իր քարայրի առաջ և սալոր էր ուտում՝ մեծ֊մեծ կապտավուն, կարմիր խավով ծածկված սալորներ։ Այդ պահին նրա օգնական պեպենոտ Վինցեկը, ― իսկականից նրան կոչում էին զլիչկացի Վինցեկ Նեհլիչեկ, ― խառնում էր կրակի վրա եռացող կաթսան, որի մեջ եփվում էր ձյութից, ծծումբից, շաղգամից, պառավախոտից ու սատանի արմատից, այլև իմբիրից, այծնընկույզից, բոռի խայթերից, դժոխաքարից, առնետի բեղերից, կիկիմորայի թաթիկներից, փուչումուչ բաներից և դրանց նման ուրիշ֊ուրիշ հրաշագործ խոտերից ու արմատներից բաղկացած կախարդական ապուրը։ Իսկ Մագիաշը նայում էր միայն, թե պեպենոտ Վինցեկն ինչպես է աշխատում և իր սալորն էր ուտում եռանդով։
Բայց, ինչպես երևում է, խեղճ Վինցեկը մոռացել էր, որ հարկավոր է ապուրը խառնել․ նա տարվել էր մի ուրիշ բանով թե ինչ, միայն թե դեղը եռաց, բարձրացավ, դուրս թափվեց չորս կողմից, այրվեց, տակն առավ, որից մի զարհուրելի գարշահոտություն տարածվեց շուրջը։
«Ա՜խ, դու, ողորմերլի՜ բացբերան, ― ուզեց ձայն տալ Մագիաշը, բայց, ինչպես երևում է, շտապելուց բղավեց ոչ կոկորդից կամ էլ սալորը չընկավ այն կոկորդը, ― մի խոսքով, Մագիաշը ուղղակի կորիզի հետ միասին կուլ տվեց սալորը, և այդ կորիզը դեմ առավ մնաց նրա բկին՝ ոչ այս կողմ, ոչ այն։ Մագիաշը կարողացավ միայն վրա բերել «Ա՛խ դու, ողոր․․․» ― և ուրիշ ոչինչ։ նա խռխռացնում ու ֆշշացնում էր, ինչպես գոլորշին եռացող կաթսայում։ Նրա դեմքը լցվեց արյունով, նա ձեռքերն էր թափահարում, խեղդվում, իսկ կորիզը՝ ոչ դես, ոչ դեն, ամուր ու հիմնավորապես նստել էր կոկորդում։
Հենց որ Վինցեկը տեսավ այդ, սարսափելի վախեցավ, թե չլինի հանկարծ տերը խեղդվի, և ասաց․
― Պան շեֆ, սպասեք հենց հիմի թռչեմ Հրոնով բժշկի ետևից։
Եվ Հեյշովինայի բարձունքից ցած սլացավ։ Ափսոս, որ այդտեղ ոչ ոք չկար ժամը նշելու։ Ամենայն հավանականությամբ դա երկար տարածության վազքի համաշխարհային ռեկորդ էր։
Երբ Վինցեկը հասավ Հրոնով, բժշկի մոտ, սկզբում չէր կարողանում շունչը ետ բերել, բայց մի փոքր հանգստանալով, վրա տվեց․
― Պան դոկտոր, շուտ արեք, ինչքան կարելի է շուտ, հարկավոր է իսկույն օգնության հասնել պան կախարդ Մագիաշին, թե չէ՝ նա կխեղդվի․․․ Ախ, տե՜ր իմ, ոնց եմ հալից ընկել։
― Հեյշովինայո՞ւմ ապրող Մագիաշի, ― մրթմրթաց բժիշկը։ ― Թո՛ւ, սատանան տանի, այ թե որտեղ ոչ մի պայմանով չէի ուզենա գնալ։ Բայց քանի որ անհրաժեշտ է, ինչ կարող եմ անել․․․
Եվ սկսեց պատրստվել։
Բանն այն է, որ բժիշկը ոչ ոքի չի կարող իր օգնությունը մերժել, թեկուզ կանչելիս լինեն ավազակ Զզվելիոյի կամ էլ հենց իրեն՝ սատանի մոտ։ Այդպես է այդ պրոֆեսիան՝ բժշկությունը։
Եվ այսպես, բժիշկը վերցրեց իր բժշկական պայուսակը, որի մեջ դրված էին դանակներ ու ատամի աքցաններ, վիրակապ, փոշիներ, սպեղանի, ջարդվածքները կապելու ձողեր, բժշկական այլ ու այլ գործիքներ, և Վինցեկի հետ ճամփա ընկավ դեպի Հեյշովինա։
― Միայն թե չուշանանք, ― հուզվում էր պեպենոտ Վինցեկը։
Քայլում էին նրանք՝ մեկ֊երկու, մեկ֊երկու, անտառներով ու լեռներով, մեկ֊երկու, ճահիճներով ու մարգագետիններով, մեկ֊երկու, բլուրներով ու հովիտներով, մինչև որ պեպենոտ Վինցեկն ասաց․
― Դե, պան դոկտոր, ահա և հասանք։
― Պան Մագիաշ, ձեր խոնարհ ծառան, ― ասաց Հրոնովոյի բժիշկը։ ― Ասացեք, ձեր ի՞նչն է ցավում։
Պատասխանի փոխարեն Մագիաշը միայն խռխռացրեց, ֆսֆսացրեց, սվսվացրեց ու ցույց տվեց կոկորդը՝ իբրև թե, այստեղ դեմ է առել։
― Աա՜, ուրեմն ձեր կոկորդն է ցավում, ― ասաց բժիշկը։ ― Դե֊դե, հիմա կտեսնենք․․․ Բացեք ինչպես հարկն է, ձեր բերանը, պան Մագիաշ և ասացեք «ա՜֊ա՜֊ա՜»։
Կախարդ Մագիաշը ետ տարավ իր սև բեղերը և բերանը ամբողջ լայնությամբ բացեց, բայց «ա֊ա֊ա՜» ասել չկարողացավ, որովհետև ընդհանրապես ոչ մի ձայն հանել չէր կարող։
― Դե֊դե, ասացեք «ա՜» ― խրախուսում էր բժիշկը։ ― Ախր դա այնքան հեշտ է։
Բայց ոչինչ դուրս չեկավ։
Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, ― գլուխն օրորեց բժիշկը, որը պետք է ասել աղվեսի մեկն էր, փորձված թռչուն և ընդհանրապես ծեր գայլ, նրա վերնահարկը տեղն էր և, մի խոսքով, ինչպես ասում են, գլխի մեջ մի բան կար։ ― Ա՛յ֊ա՛յ֊այ, պան Մագիաշ, ուրեմն բանը շատ վատ է, եթե դուք «ա» ասել չեք կարող։ Հը՜մ, հը՜մ, վատ է, վատ է․․․
Եվ նա սկսեց քննել Մագիաշին, թխթխկացնել, հաշվել զարկերակը, նայել լեզուն, թարթիչների տակ, հայելիով լուսավորել նրա ականջներն ու քիթը և միաժամանակ քթի տակ լատիներեն բառեր քրթմնջալ։
Երբ բժիշկը վերջացրեց այս բոլոր արարողությունները, դեմքին մի սարսափելի լուրջ արտահայտություն տվեց ու ասաց․
― Պան Մագիաշ, չափազանց լուրջ դեպք է։ Այստեղ ոչինչ չի օգնի, բացի շտապ ու անհետաձգելի վիրահատումից։ Բայց ես չեմ կարող ու չեմ համարձակվում մենակ անել այդ․ դրա համար ինձ ասիստենտներ են հարկավոր։ Եթե դուք համաձայն եք վիրահատության ենթարկվել, ապա ոչինչ անել չես կարող, պետք է ուղարկել Ուպիցեի, Կոստելցեի, և Հորժիչկիի իմ բժիշկ կոլեգաների ետևից, իսկ երբ նրանք կգան, մենք բժշկական խորհուրդ կամ կոնսիլիում կսարքենք, և միայն հասուն կերպով ծանր ու թեթև անելուց հետո կարող ենք կատարել անհրաժեշտ բժշկական միջամտություն կամ operatia operandi: Լավ մտածեցեք այս մասին, պան Մագիաշ, և եթե կընդունեք իմ առաջարկությունը, անհապաղ մարդ ուղարկեցեք իմ իմ մեծարգո և գիտնական պարոն կոլեգաների ետևից։
Ի՞նչ կարող էր անել Մագիաշը։ Նա գլխով արավ պեպենոտ Վինցեկին, իսկ Վինցեկը ոտքը երեք անգամ գետնին խփեց, որպեսզի հեշտ վազի, և ահա արդեն Հեյշովինայից ցած է թռչում։ Առաջին հերթին՝ Հորժիչկի։ Հետո՝ Ուպիցե։ Իսկ այնտեղից՝ Կոստելցե։ Դե, թող նա առայժմ վազի։
- Սուլթան Սուլեյմանի դստեր մասին