Վերջին թարմացում 14 Սեպտեմբերի 2015, 14:56

Թռչունների հեքիաթը

14:56, 14 Սեպտեմբերի 2015 տարբերակ, Ժան (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Թռչունների հեքիաթը

հեղինակ՝ Կարել Չապեկ
թարգմանիչ՝ Խաչիկ Հրաչյան ռուսերենից
աղբյուր՝ Կարել Չապեկ


Է՜հ, երեխաներ, դուք երևի չգիտեք էլ, թե թռչուններն ինչի մասին են խոսում։ Իսկ նրանք չէ՞որ նույնպես խոսում են մարդկային լեզվով, բայց այդ խոսակցությունը կարելի է լսել միայն շատ վաղ, արևածագին, երբ դուք դեռ քնած եք լինում։ Ավելի ուշ, ցերեկը, նրանք արդեն մարդկային լեզվով խոսելու ժամանակ չեն ունենում, ինքներդ էլ հո գիտեք, որ նրանք հոգսից գլուխ չեն հանում՝ այստեղ հարկավոր է հատիկ քաղել, այնտեղ փորել, հանել անձրևորդը կամ էլ օդում ինչ֊որ տեղ որսալ մժղուկին։ Խեղճ հայրիկ թռչունի թևերն ուղղակի ջարդվում են․ չէ՞ որ մայրիկ֊թռչունը տանը նստած, դաստիարակում է ձագուկներին։ Դրա համար էլ թռչունները խոսում են միայն վաղ առավոտյան, երբ բաց են անում բների պատուհանները, փետրաներքնակները փռում են օդափոխվելու և նախաճաշ են պատրաստում։

― Էհե՜յ, ողջո՛ւյն, ― ձայն է տալիս սև կեռնեխը, որի բույնը սոճու վրա է, հարևան ճնճղուկին, որն ապրում է ջրհորդանի մեջ։ ― Վեր կենալու ժամն է։

― Ճիշտ է, ճիշտ է, ճիշտ է, ― ասում է ճնճղուկը։ ― Հիմի կթռչեմ, տեսնեմ, թե որտեղ մի բան ճարեմ, ― ճը՛թ, ճը՛թ, ճը՛թ, ― ուտելու համար։ Ճի՞շտ է։

― Այո, այո, ― մնչում է աղավնին տանիքում, ― դժվար է ապրել, եղբայր, դժվար է։ Աղուն չկա, աղուն չկա։

― Ճիշտ է, ճիշտ է, ― արձագանքում է ճնճղուկը, դուրս գալով անկողնուց։ Եվ բոլորի մեղավորն այդ ավտոմոբիլներն են։ Քանի ձիերը շատ էին, ամեն տեղ հատիկը թափված էր, իսկ հիմի։ Հիմի ավտոն թռչում անցնում է, ոչ մի բան չթողնելով իր ետևից։ Ճը՛թ, ճը՛թ, ճը՛թ․․․

― Միայն հոտում է, միայն հոտում, ― տրտնջում է աղավնին։ ― Ոչ թե կյանք է, այլ տանջանք, ղղղ․․․ Քիչ է մնում ամեն բան թողնես ու փախչես, եղբայր։ Ինչքան եմ ես պտտվում ու գլուխկոնծի տալիս, և ինչ եմ ստանում աշխատանքիս դիմաց։ Ոչ մի բուռ հատիկ։ Գրողի ծոցն անցնի ամեն ինչ։

― Կարծում ես ճնճղուկներիս վիճակն ավելի լա՞վ է, ― փետուրները ցցեց ճնճղուկը։ ― Ասեմ քեզ՝ թե որ ընտանիքս չլիներ, ես գլուխս կառնեի ու մի կողմի վրա կթռչեի։

― Ինչպես այն դեյվիցցի ճնճղուկը։ ― Ես այնտեղ մի ծանոթ ունեմ, անունը Ֆիլիպ։

― Էդ նա չի, ― ասաց ցախսարեկը։ ― Էն թռած ճնճղուկի անունը Պեպիկ էր։ Դա բբռեճի մեկն էր։ Մեկ էլ տեսար ոչ կարգին լվացվեց, ոչ սանրվեց, մենակ ողջ օրը ճթճթում է, թե Դեյվիցում ձանձրույթ է ու տխրություն, իսկ ահա, իբրև, մյուս թռչունները ձմռանը թռչում են հարավ, ասենք թե Ռիվյերա կամ Եվրոպա, ― վերցնենք թեկուզ սարյակներին, ծիծեռնակներին, սոխակներին, արագիլներին, ― միայն ճնճղուկն է իր ողջ կյանքը Դեյվիցում տանջվում։

«Իսկ ես չեմ ուզում էսպես ապրել, ― ճչում է Պեպիկ անունով ճնճղուկը։ ― Եթե անկյունում ապրող ինչ֊որ ծիծեռնակ թռչում է Եգիպտոս, ապա ինչո՞ւ ես էլ չեմ կարող թռչել, եղբայրներ։ Ես էլ, ա՛յ, դիտմամբ վեր կկենամ ու կթռչեմ, թող հայտնի լինի ձեզ։ Միայն ունեցած֊չունեցածս հավաքեմ՝ ատամի խոզանակս, գիշերաշապիկներս, ձեռնափայտս և թենիսի գնդակները․․․ Սպասեցեք, ես դեռ էնտեղ բոլորին թենիսում մի լա՜վ կխաբեմ։ Ես արդեն ամեն տեսակ օյիններ եմ մտածել։ Օրինակ, էնպես կձևանամ, իբրև թե խփում եմ գնդակին, իսկ դրա փոխարեն ինքս կթռչեմ, ի՞նչ կասեք, ինչ, ինչ․․․ Իսկ երբ բոլորին տանեմ, Վալդշտեյնովյան պալատը կգնամ ու նրա կտուրին բույն կշինեմ ինձ համար, բայց ոչ թե ինչ֊որ հասարակ խոտից, այլ մաքուր բրնձի ցողունից, ծխախոտից, ձիու մազից ու սկյուռի պոչերից, ի՞նչ կասեք, ինչ, ինչ․․․»։

Այսպես այդ ճնճղուկը պարծենում էր ու ամեն առավոտ ճչում, թե մինչև կոկորդը կուշտ է Դեյվիցից և թռչելու է Ռիվյերա։

― Եվ թռա՞վ, ― հարցրեց կեռնեխը սոճու վրայից։

― Թռավ, ― շարունակեց ցախսարեկը։ ― Մի առավոտ նա ճամփա ընկավ դեպի հարավ։ Բայց ախր ճնճղուկները երբեք հարավ չեն թռչում և ճամփեն էլ մի կարգին չգիտեն։ Մեկ էլ որ նա տիփ֊տկլոր էր, այսինքն, նույնիսկ հյուրանոցի փող չուներ։ Ինքներդ էլ գիտեք, ճնճղուկներն ի ծնե պրոլետարներ են, որովհետև ամբողջ օրերով մի տեղից մյուսն են թռչում։ Կարճ ասած, ճնճղուկ Պեպիկը հասավ միայն Կարդաշովա Ռեչիցա, և այլևս չկարողացավ ճամփան շարունակել՝ ոչ մի գրոշ չմնաց մոտը։ Դեռ ուրախացավ էլ, որ Կարդաշովա Ռեչիցայի ճնճղուկների ավագը բարեկամաբար ասաց իրեն․

«Ա՛խ դու, էսպես֊էնպես, անբան, շրջմոլիկ, կարծում ես մեզ մոտ, Կարդաշովա Ռեչիցայում, ձիախնձորների ու այծընկույզների պաշարնե՞ր են դիզված թափառաշրջիկների, ձրիակերների ու պարապ֊սարապ թրևողների համար։ Թե ուզում ես, որ մենք քեզ գրանցենք Կարդաշովա Ռեչիցայում, չհամարձակվես հատիկներ կտցել ոչ հրապարակում, ոչ հյուրանոցի մոտ, ոչ ճամփի վրա, ինչպես մենք՝ հին բնակիչներս, այլ միայն շրջակայքում ու կալերում։ Իսկ ինձ տրված իշխանությամբ ես քեզ բնակարան կհատկացնեմ համար հիսունյոթ տան մարագի մի բուռ դարմանի մեջ։ Լրացրու հասցեաթերթիկը, ստորագրիր ահա այստեղ ստացման մասին, և հեռացիր, որ էլ կերպարանքդ չտեսնեմ»։

Ահա այսպես դեյվիցից ճնճղուկ Պեպիկը, Ռիվյերայի փոխարեն, ընկավ Կարդաշովա Ռեչիցա, ու այնտեղ էլ մնաց։

― Հիմա է՞լ նա այնտեղ է, ― հարցրեց աղավնին։

― Հիմա էլ, ― ասաց ցախսարեկը։ Կարդաշովա Ռեչիցայում ես մի մորաքույր ունեմ, որն ինձ պատմել է նրա մասին։ Այնտեղ էլ ծիծաղում է միայն Կարդաշովա Ռեչիցայի ճնճղուկների վրա և աղմկում որ, իբրև, ճնճղուկների համար այնտեղ լոկ ձանձրույթ է ու տխրություն, այն չէ, ինչ Դեյվիցում, տրամվայ չկա, մեքենաները քիչ են, ֆուտբոլի մրցություն չկա «Սպարտակ» և «Սլավիա թիմերի միջև, մի խոսքով, բոլորովին բան չկա, և որպես թե, նրա մտքով անգամ չի անցնի ձաձրույթից խեղդվել Կարդաշովա Ռեչիցայում, ինքը հրավիրված է Ռիվյերա և, որպես թե, սպասում է միայն, թե երբ Դեյվիցից փող կստանա։ Եվ նա այնքան ճտվտաց այնտեղ Դեյվիցի ու Ռիվյերայի մասին, որ Կարդաշովա Ռեչիցայում էլ ճնճղուկներն սկսեցին հավատալ, որ մի այլ տեղում իրենց համար ավելի լավ կլինի, ուստի սկսեցին այլևս սննդի մասին չհոգալ, այլ միայն ճտվտում էին, աղմկում, ինչպես աշխարհի բոլոր ճնճղուկները, և ասում էին․

«Ամեն տեղ ավելի լավ է, քան մեզ մոտ, ճի՛շտ, ճի՛շտ, ճի՛շտ»։

― Այո, ձայն տվեց փշաթփին նստած երաշտահավը, ― լինում են այդպիսի տարօրինակ թռչուններ։ Այստեղ, Կոլինի մոտերքում, այս հարուստ վայրերում, ապրում էր մի ծիծեռնակ։ Նա թերթերում կարդացել էր, իբրև թե մեզանում ամեն ինչ վատ է, իսկ այ, Ամերիկայում, սիրելիներս, ուրիշ բան՝ կյանք չէ, այլ հրա՜շք։ Եվ ահա այդ ծիծեռնակը գլուխը մտցրել էր, որ անպայման պիտի տեսնի այդ Ամերիկան, ու մեկնեց այնտեղ։

― Ինչպե՞ս, ― արագ հարցրեց ցախսարեկը։

― Այդ չգիտեմ, ― ասաց երաշտահավը։ ― Ավելի շուտ՝ նավով։ Գուցե և օդանավով։ Չէ՞ որ նա կարող էր օդանավի փորին իր համար բույն կամ էլ, ոնց են ասում, խցիկ պատրաստել լուսամուտով, որպեսզի կարելի լինի գլուխը դուրս հանել կամ էլ թքել ներքև։ Մի խոսքով, մի տարի հետո նա ետ եկավ ու սկսեց պատմել, որ եղել է Ամերիկայում և այնտեղ ամեն ինչ էլ այնպես չէ, ոնց որ մեզ մոտ։ «Ի՜նչ համեմատություն»։ Այնտեղ ամեն ինչում էլ մեծ առաջադիմություն է նկատվում։ Տներն այնքան բարձր են, որ եթե ճնճղուկը տանիքում բույն ունենար և այդ բնից նրա ձվիկը ցած ընկներ, այդ ձուն այնքան երկար ցած կընկներ, որ ճամփին նրա միջից դուրս կգար մի պստիկ ճնճղուկ, այդ պստլիկ ճնճղուկը կմեծանար, կամուսնանար, մի կույտ երեխաներ կունենար, կծերանար ու կմեռներ զառամյալ տարիքում, այնպես որ ճնճղուկի ձվի փոխարեն մայթին կընկներ ծեր, սատկած մի ճնճղուկ։ Ահա թե ինչպիսի բարձր տներ են։ Այդ ծիծեռնակը պատմում էր նաև, որ Ամերիկայում ամեն ինչ շինում են բետոնից և որ նա ինքն էլ է սովորել բետոնից տուն շինել։ Ու թող միայն, որպես թե, բոլոր ծիծեռնակները գան նայելու, և նա նրանց ցույց կտա, թե ոնց ծիծեռնակի բույն շինել բետոնից և ոչ թե ինչ֊որ ցեխից, ինչպես մինչև հիմա անում էին հիմար ծիծեռնակները․․․

Եվ ահա, պատկերացնո՞ւմ եք, ծիծեռնակները թռան եկան Մնիհովա Հրադիշչայից, Չասլավից, Պշելոուչից, Չեխական Բրոդից, Նիմբուրկից և անգամ Սոբոտկայից ու Չելակովիցիից։ Այնքան ծիծեռնակ հավաքվեց, որ մարդիկ հարյուր քառասունինը մետր երկարությամբ հեռախոսային ու հեռագրական լարեր էին քաշել, որպեսզի այդ ծիծեռնակները նստելու տեղ ունենային։ Իսկ երբ արդեն բոլոր ծիծեռնակները հավաքվել էին, այդ ամերիկյան ծիծեռնակն ասաց․

«Եվ այսպես, լեդիներ և ջենտլմեններ, խնդրում եմ ուշադրություն։ Տեսեք, թե Ամերիկայում ոնց են բներ կամ տներ շինում։ Առաջին հերթին պետք է ցեմենտ բերել։ Հետո՝ ավազ։ Հետո դրանց վրա ջուր են լցնում, և ստացվում է մի տեսակ շիլա, ու հենց այդ շիլայից էլ պատրաստում են ժամանակակից բներ։ Իսկ եթե դուք ցեմենտ չունեք, ապա կարելի առանց դրա յոլա գնալ։ Այդ դեպքում շիլան պատրաստեցեք կիր ու ավազից, միայն թե կիրը պետք է հանգցրած լինի։ Հիմա ես ձեզ ցույց կտամ, թե կիրն ինչպես են հանգցնում։

Ասաց ու թը՜ռ ― թևին տվեց, գնաց դեպի այն շինարարությունը, որտեղ քարհատներն էին աշխատում։ Նա մի հատիկի չափ այրած կիր առավ կտուցով և թը՜ռ ― թռավ, ետ եկավ։ Բայց քանի որ կտուցը միշտ էլ խոնավ է լինում, կիրն սկսեց հանգել նրա բերանում, թշշալ ու այրել։ Ծիծեռնակը վախեցավ, կիրը բաց թողեց բերանից ու բղավեց․

«Այ, տեսնո՞ւմ եք, թե կիրը ոնց է հանգչում։ Օ՛յ, տեր իմ, ինչպե՜ս է վառում։ Մայրիկ ջան, ո՜նց է, վա՛յ֊վա՛յ֊վա՛յ, ա՛խ, գրողը տանի, օ՛հ, վվվվ, գետինը մտնես, ա֊լա֊լա՛ բըռռռ, օգնեցե՜ք, ա՛խ֊ա՛խ֊ա՛խ, ֆֆֆֆ, փո՛ւհ, փո՛ւհ, փո՛ւհ, է՛խ֊է՛խ, փրկեցե՜ք, հար֊րա֊զատնե՛րս, ո՛ւֆ, օ՛ֆ, ա՛խ, գետինը մտնես, հա՛֊հա՛֊հա՛, օ՛յ֊օ՛յ֊օ՛յ, դե, ինչ կարող ես անել, պի՛ն֊պի՛ն֊պի՛ն, օ՛յ, հա֊րա֊ զատնե՜րս, ավաղ ու վայ, անե՛ծք, ուուուուո՜ւ, ախր այս ի՞նչ բան է, տը՛ց֊տը՛ց֊տը՛ց․ այայա՜յ, թո՛ւ֊թո՛ւ֊թո՛ւ, ահա թե կիրը ոնց է հանգում»։

Սակայն մնացած ծիծեռնակները, լսելով, թե նա ինչպես է հեծեծում, հայհոյում ու անեծքներ կարդում, առանց երկար մտածելու թափահարեցին պոչիկներն ու թռան դեպի տուն։

«Ա՜յդ էր պակաս, որ մենք էլ կտուցներս այրնեք», ― ասացին նրանք։

Այդ պատճառով մինչև հիմա էլ ծիծեռնակներն իրենց բները շինում են ցեխից, և ոչ թե բետոնից, ինչպես սովորեցնում էր Ամերիկայից եկած այն ծիծեռնակը․․․ Դե, հերիք շատախոսեմ, բարեկամներ, ես պիտի թռչեմ գնումներ կատարելու։

― Խնամի երաշտահավ, ― ձայն տվեց նրան պանի կեռնեխուհին, ― քանի որ թռչում եք շուկա, վերցրեք, խնդրում եմ, ինձ համար մի կիլոգրամ անձրևորդ, միայն տեսեք, որ լավերը լինեն, երկարները, թե չէ ես այսօր ժամանակ չունեմ՝ պիտի երեխաներին թռչել սովորեցնեմ։

― Մեծ սիրով կօգնեմ ձեզ, հարևանուհի, ― ասաց երաշտահավը։ ― Սիրելիս, ես որ լավ գիտեմ, թե որքան պիտի տանջվել, մինչև որ երեխաներին կսովորեցնես կարգին թռչել։

― Իսկ դուք գիտե՞ք, թո ով է մեզ, թռչուններիս, թռչել սովորեցրել, ― ասաց կեչու ճյուղին նստած սարյակը։ ― Այդ դեպքում պատմեմ ձեզ։ Ես այս բանն իմացել եմ կարլշտայնցի մի ագռավից, որը թռել եկել էր այստեղ, երբ մեծ սառնամանիքներ էին, հիշո՞ւմ եք։ Այդ ագռավն արդեն հարյուր տարեկան է։ Նա այդ բոլորը լսել էր իր պապից, որին պատմել էր նրա ապուպապը, նրան էլ՝ մորական տատի քեռու քեռին, այնպես որ այս բոլորը զուտ ճշմարտություն է։ Այսպես, ահա, ինչպես գիտեք, երբեմն գիշերը երևում է, թե ոնց է որևէ աստղ ցած ընկնում։ Բայց վայր ընկնող աստղերի որոշ մասը բոլորովին էլ աստղեր չեն, դրանք երկնային ոսկե ձվեր են։ Ու մինչդեռ այդպիսի ձուն ցած կընկնի, նա ճամփին շիկանում ու լույս է արձակում կրակի պես։ Այս ամենը սուրբ ճշմարտություն է, որովհետև ինքը՝ կարլշտայնցի ագռավն է պատմել ինձ։ Միայն թե մարդիկ այդ երկնային ձվերը մի տեսակ ուրիշ կերպ են անվանում՝ «մետըր», «մոնտյոր» կամ էլ «մոտոր», մի խոսքով, դրա նման մի բան․․․

― Մետեոր, ― ասաց կեռնեխը։

― Ճիշտ է, ― համաձայնեց սարյակը։ ― Այսպես ահա, այն ժամանակ թռչունները դեռևս թռչել չգիտեին, այլ հավերի պես վազում էին գետնի երեսով։ Եվ երբ նրանք տեսան, թե ոնց է այդպիսի ձուն երկնքից ցած ընկնում, մտածեցին, որ լավ կլիներ թուխս նստել ու տեսնել, թե ինչ թռչուն դուրս կգա դրանից։ Այս ամենը զուտ ճշմարտություն է, չէ՞ որ այսպես էր ասում ագռավը։ Ու մի անգամ երեկոյան նրանք հենց այդ մասին էին խոսում, երբ հանկարծ բոլորովին մոտիկ, անտառի ետևում ― շրը՜մփ ― երկնքից սուլոցով ցած ընկավ մի փայլուն ոսկե ձու։ Դե, բոլորը նետվեցին այն կողմը, իսկ բոլորի առջևից՝ արագիլը, չէ՞ որ նրա ոտքերը ամենաերկարն էին։ Արագիլը գտավ այդ ոսկե ձուն, առավ ճանկերի մեջ, բայց ձուն այնպես էր շիկացել, որ արագիլն իր երկու ճանկն էլ այրեց, մինչև որ այն կհասցներ մնացած թռչուններին։ Այն ժամանակ նա ― հո՛պ ― ցատկեց ջրի մեջ, որպեսզի վառված տոտիկները սառեցնի։ Այդ օրվանից էլ բոլոր արագիլները շրջում են ջրերում։ Այս բանն ինձ պատմեց ինքը՝ կարլշտայնցի ագռավը։

― Իսկ հետո նա ի՞նչ պատմեց, ― հարցրեց ցախսարեկը։

― Հետո, ― շարունակեց սարյակը, ― օրորվելով եկավ վայրի սագը ու նստեց այդ ձվի վրա։ Բայց ձուն դեռ այնքան տաք էր, որ սագն իր ամբողջ փորն այրեց, և ստիպված եղավ նետվել լճակը, որպեսզի փորը սառեցնի։ Այդ պատճառով սագերը մինչև հիմա էլ լողում են այդպես՝ ամբողջ փորները ջրի մեջ։ Իսկ հետո բոլոր թռչուններն սկսեցին իրար ետևից գալ ու նստել երկնային ձվի վրա, որպեսզի տեսնեն, թե նրանից ինչ դուրս կգա։

― Ցախսարեկը նույնպե՞ս, ― հարցրեց ցախսարեկը։

― Նույնպես, ― պատասխանեց սարյակը։ ― Աշխարհի բոլոր, բոլոր թռչունները նստեցին այդ ձվին, բոլորը տաքացրին այն։ Միայն երբ հավին ասացին, որ հիմա նրա հերթն է, նա բողոքեց․

«Էդ ո՞նց, էդ ո՞նց։ Ես գո՛֊գործ չունեմ, գը՛֊գը՛֊գնացեք հիմար գը՛֊տե՛ք»։

Եվ չուզեց երկնային ձվի վրա նստել։ Եվ ահա, երբ արդեն բոլոր թռչունները նստել էին այդ ձվի վրա, նրա միջից գլուխը դուրս հանեց աստծու հրեշտակը։ Երբ նա դուրս եկավ, ոչ սկսեց կուտ ուտել, ոչ ճվճվալ ուրիշ ճտերի վրա, այլ թևին տվեց ու բարձրացավ ուղիղ դեպի երկինք ու երգեց․ «Ալելույա» իսկ հետո ասաց․

«Թռչնակներ, ահա թե ոնց շնորհակալ կլինեմ ձեզանից, որ դուք ինձ լույս աշխարհ դուրս բերեցիք․ այսօրվանից դուք կթռչեք երկնքում։ Տեսեք, հարկավոր է ահա այսպես թափահարել թևերը և հո՜պ ― արդեն թռչում եք։ Եվ այսպես, ուշադրություն․․․ Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք»։

Նոր էր նա երեք ասել, և բոլոր թռչունները օդ բարձրացան ու մինչև օրս էլ թռչում են։ Միայն հավը թռչել չի կարող, որովհետև չուզեց երկնային ձվի վրա նստել։ Եվ այս բոլորը զուտ ճշմարտություն է, քանի որ կարլշտայնցի ագռավն էր այսպես պատմում։

― Եվ այսպես, ուշադրությո՜ւն, ― ասաց կեռնեխը։ ― Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք․․․

Այստեղ բոլոր թռչնակները պոչիկները շարժեցին, թափահարեցին թևերն ու թռան, ամեն մեկն իր երգը կտուցին և իր գործի ետևից։