հեղինակ՝ Ֆրանսուա Ռաբլե |
Նախերգանք
Սիրելի բարեկամներ, գիտե՞ք արդյոք, թե ով էր Սոկրատը։ Սոկրատը նշանավոր հույն իմաստուն էր։ Ասում են, որ նա արտաքուստ նման է եղել սիլենի։[1] Իսկ սիլեն հին ժամանակ կոչվում էին այն տուփերը, որոնց մեջ հարուստները պահում էին իրենց թանկարժեք իրերը։ Այս տուփերը զարդարված էին լինում զանազան նկարներով՝ կոտոշավոր նապաստակներով, թամբած բադերով, թևավոր այծերով․․․ Եվ այնքան ծիծաղաշարժ էին այդ նկարները, որ տեսնողը չէր կարողանում ծիծաղը զսպել։ Ոչ ոքի մտքով անգամ չէր անցնի, որ այդ տուփերում պահված են հազվագյուտ և թանկարժեք իրեր։ Եվ իրոք, դրանց մեջ պահում էին մատանիներ, մանյակներ, թանկագին քարեր ու զանազան անուշահոտ համեմունքներ, ինչպես անանուխ, հել, մուշկ։
Ասում են, որ Սիլենի նման է եղել և Սոկրատը։ Արտաքուստ նա մի ծիծաղելի ու անճոռնի ծերուկ է եղել։ Քիթը կարտոֆիլի նման, աչքերը՝ եզան աչքերի, հագնվել է, ինչպես պատահի, բանն ու գործն էլ ուրիշին ծաղրելն է եղել։ Կարճ ասած՝ ցանցառ մարդ է եղել նա, իսկ հայտնի է, թե ցանցառից ինչ խելոք բան կարելի է սպասել։
Բայց այդպես թվացել է միայն նրան առաջին անգամ տեսնելիս։ Սոկրատը, իրոք, ամենաիմաստուն մարդն է եղել իր ժամանակի բոլոր իմաստունների մեջ։ Ծաղր ու կատակով նա այնպիսի խոր մտքեր է արտահայտել, որոնք մինչ այդ ոչ ոքի մտքով չէին անցել։ Բացի այդ, Սոկրատը միշտ ուրախ է եղել, միշտ անվրդով և միանգամայն դատարկ ու անարժեք է համարել շատ ու շատ այնպիսի բաներ, որոնց համար մարդիկ այնքան չարչարվում են, ծովեր են կտրում֊անցնում, պատերազմներ են մղում․․․
Երևի դուք կմտածեք, թե ինչի՞ համար են իմ այսքան երկար ու բարակ դատողությունները։ Նպատակս այն է, սիրելի բարեկամներ, որ այս գիրքը կարդալիս չկարծեք, թե գրածներս լոկ կատակ են ու զանազան զվարճալի հեքիաթներ։ Դուք էլ անշուշտ կասեք, թե «մարդուն հագուստով չեն ճանաչում»։ Իմ գրքի մասին էլ մի դատեք, միայն նրա զվարճալի արտաքինով։ Հեքիաթը֊հեքիաթ, բայց հեքիաթներից բացի դուք այս գրքում ուրիշ ավելի լուրջ բան էլ կգտնեք։
Տեսած կա՞ք արդյոք, երբ շունն աղբանոցում լավ ոսկոր է գտնում։ Տեսեք, թե ինչպես է շունն այդ ոսկորը պահում, պահպանում, ինչպես է պինդ բռնում ատամներով, ինչպիսի զգուշությամբ է կծում, ծակում ու համբերությամբ կրծում այդ ոսկորը և ինչպես մաքուր է ծծում նրա միջի ծուծը։ Ինչո՞ւ է շունն այդպես վարվում։ Ի՞նչ է ուզում ստանալ այդ կեղտոտ ու բոլորի համար անպետք ոսկորից։ Պարզ է, թե ինչ, շունն ուզում է ծծել ոսկորի միջի ծուծը։ Ամենքին հայտնի է, թե դա որքան համեղ բան է։
Ես էլ ահա կուզեի, սիրելի բարեկամներ, որ դուք նմանվեիք այդ խելացի, կռահող ու համբերատար շանը։ Դուք պետք է նախ լավ հոտոտեք իմ գիրքը, որպեսզի զգաք նրա ներքին իմաստը։ Հետո, ազատ ժամերին, մտածեք նրա մասին, ջարդեք ոսկորը և ծծեք միջի ուղեղը։ Իմացեք, որ ես միայն ձևի համար եմ ձեզ զանազան զվարճալի հեքիաթներ պատմում, իսկ իրոք խոսքս տերտերների, վարդապետների, թագավորների, դատավորների և ուրիշ շատ ու շատ բաների մասին է։
Դեհ, գործի անցնենք, սիրելի բարեկամներ։ Կարդացեք իմ գիրքը և զվարճացեք որքան քեֆներդ կուզի։ Միայն լսեցեք, չարաճճիներ, թե ինչ եմ ասում․ երբ կարդալիս կլինեք գրքիս վերջին էջը, չմոռանաք հիշել ինձ և մի բարի խոսք ասել իմ մասին։
Առաջին մաս
Պանտագրյուելի Հայր Մեծ Գարգանտյուայի զարմանալի սխրագործությունների մասին
Գլուխ I
Այն մասին, թե ինչպես է ծնվում Գարգանտյուան
Կար ժամանակ, երբ հսկա Գրանգուզիեն[2] շատ ուրախ մարդ էր և լավ ուտող։ Նրա մառաններում միշտ անպակաս էին լինում խոզապուխտը, տեսակ֊տեսակ երշիկներ, աղը դրած և մանանեխով համեմված միսը, խավիարը և յուղալի նրբերշիկները։ Գրանգուզիեն հասակն առած էր, երբ պսակվեց Գարգամելի հետ, որ մի սիրուն ու առողջ աղջիկ էր, իսկ մի տարի հետո ծնվեց Գարգանտյուան, հենց այն Գարգանտյուան, որը հետագայում փախցրեց Փարիզի Աստվածամոր տաճարի զանգը և մի զարհուրելի կռվում հաղթեց Պիկրոշոլ թագավորին։
Արու զավակ ունենալու առթիվ Գրանգուզիեն մի այնպիսի խնջույք է սարքում, որի նմանը վաղուց չէին տեսել այդ կողմերում։ Հենց այդ ժամանակ մորթում են 367014 չաղ արջառ, որոնց միսը պետք է աղեին ու պահեին մինչև գարուն։ Հնարավոր չէ նկարագրել, ինչքան շատ փորոտիք, երիկամներ ու լյարդ էր ստացվել, այն էլ այնքան լավ ու յուղալի, որ մարդ մատները հետը կուտեր։ Բայց որտե՞ղ և ինչպես պահեին այդքան հարստությունը, որ չհոտեր։ Մի ճար կար միայն՝ բոլորը միանգամից խժռել վերջացնել։ Դրա համար հրավիրում են շրջակայքի կտիճներին, որոնք բոլորն էլ ուտող֊խմող և աննման կեգլի խաղացողներ էին։
Խնջույքն իսկապես որ փառահեղ էր։ Շշերը ձեռքից ձեռք էին անցնում, խոզապուխտները խլխլում միմյանց ձեռքից, բաժակները տեղներում չէին մնում, և գավաթները զնգզնգում էին։ Ի՜նչ ասել կուզի, որքան երիկամ ու թոք կար, բոլորը փառավորապես մաքրազարդեցին֊պրծան։ Ինքը՝ Գրանգուզիեն, քեֆի ժամանակ կերավ տասնհինգ տակառ, երկու դույլ և վեց թաղար երիկամ ու թոք։ Փորն այնպես էր ուռել, որ քիչ էր մնում պայթի։
Ճաշից հետո գնացին անտառ և այստեղ դալար ու թավ խոտի վրա պարում էին պարկապզուկների ու սրինգների նվագի տակ, և այն էլ այնպիսի էշխով, որ տեսնողի քեֆն էր գալիս։
Քեֆի ամենաթունդ պահին Գրանգուզիեի ականջին հասավ նորածին տղայի ճիչը։
― Խմե՜լ, խմե՜լ, խմե՜լ, ― ճչում էր մանուկը։
― Գը գրան տյուա՜, ― բացականչեց բարեսիրտ Գրանգուազիեն, ― այդ ինչ մեծ կոկորդ ունես։[3]
― Ինչ եմ ասել ճշմարիտ խոսքին, ― ասացին հյուրերը, ― թող ուրեմն այսուհետև տղան կոչվի «Գարգանտյուա»՝ նրա հոր առաջին խոսքի համաձայն։
Գրանգուզիեին այդ անունը շատ դուր եկավ։ Երեխան հանգստացնելու համար նրան մի կուշտ գինի խմեցրեց, հետո տարավ եկեղեցի և մկրտեց քրիստոնեական օրենքի համաձայն։
Երբ Գարգանտյուան մի փոքր մեծացավ, նրա համար պատրաստել տվին մի գեղեցիկ սայլակ։ Այդ սայլակով երկու եզներ ման էին ածում նրան և բոլոր մարդիկ զարմանում էին, երբ տեսնում էին այդ սքանչելի երեխային։ Եվ պատճառ էլ կար զարմանալու։ Գարգանտյուայի դեմքը իր տասը ծալքանի կզակով իսկապես որ զարմանալի էր։ Բացի այդ, այն էլ պետք է ասել, որ նա շատ քիչ էր ճչում, բայց ուտում էր յուրաքանչյուր րոպե։
Երբ Գարգանտյուան մի քիչ մեծացավ, նրա համար շքեղ հագուստ կարեցին։ Գուցե դուք ուզենայիք իմանալ, որքան կտոր պետք եղավ նրա հագուստի համար։ Դա ես ճշգրիտ կերպով կարող եմ ասել, որովհետև այդ մասին մանրամասն գրված է հին գրքերում։
Նրա համար որպես շապկացու հարկավոր եղավ 900 կանգուն լավագույն ֆրանսիական քաթան, բացի այդ հարկավոր եղավ ևս 200 կանգուն քաթան քառակուսի կտորներ դարձնելու և որպես ուսաստառ օգտագործելու համար։ Բաճկոնի համար վերցրին 813 կանգուն սպիտակ ատլաս, իսկ վարտիքի համար՝ 1105 կանգուն բրդե սպիտակ կտոր։ Վարտիքները կարված էին սյունանման, ետևի կողմից շերտավոր էին և ատամնավոր, և պետք է ասել որ երեխան շատ գեղեցիկ ոտքեր ուներ, որոնց երկարությունը միանգամայն համապատասխանում էր նրա հասակին։ Նրա կոշիկների համար հարկավոր եղավ 406 կանգուն բաց կապտավուն թավիշ։ Ներբանների համար հազիվ հերիքեց հազարավոր կովերի կաշին։ Կոշիկները կարված էին սրածայր։
Վերնազգեստի համար օգտագործեցին 1800 կանգուն վառ կապույտ թավիշ՝ եզրերը ասեղնագործած ոսկեթել տերևներով, իսկ գոտու համար՝ 300 ½ կանգուն կերպաս, որի կեսը սպիտակ էր, կեսը բաց կապույտ։
Նրա քսակը շինված էր փղի կաշվից, իսկ գլխարկը կարված էր թավշից։ Գլխարկի վրա փողփողում էր փետուրների մի հրաշալի փունջ, որ կազմված էր ջրային թռչունների փետուրներից։
Որպեսզի Գարգանտյուայի համար ձեռնոցներ կարեն, քերթեցին տասնհինգ չարքերի կաշին, և այդ նյութից պատրաստեցին ձեռնոցները՝ ընդունված կանոնների համաձայն։
Ինչպես տեսնում եք, Գարգանտյուայի զգեստը երկու գույնի էր՝ սպիտակ և բաց կապույտ։ Գրանգուզիեն դրանով ուզում էր ցույց տալ, որ տղայի ծնունդը երկնային ուրախություն է իր համար, որովհետև սպիտակ գույնը նշան է բերկրանքի, զվարթության ու բախտավորության, իսկ բաց կապույտ գույնը նշան է մի ինչ֊որ երկնային բանի։ Ես շատ լավ եմ հասկանում, որ այս տողերը կարդալիս դուք ծիծաղելիս կլինեք ինձ վրա ու կասեք․ «Ինչեր է դուրս տալիս գլխից այս ծերուկը, ինչո՞ւ պետք է սպիտակ ու բաց կապույտ գույները նշան լինեին երկնային բերկրության»։ Ինչ արած, որքան ուզում եք ծիծաղեցեք։ Իմ այս բոլոր պատմությունները զուտ ճշմարտություն են։
Գիտե՞ք արդյոք, որ հին ժողովուրդների կյանքում սև գույնը նշան էր վշտի, իսկ սպիտակը՝ ուրախության։ Հին հույները իրենց երջանիկ օրերը նշում էին սպիտակ քարերով, իսկ տխուր օրերը՝ սև քարերով։ Երբ հռոմեացի զորավարները հաղթանակած տուն էին վերադառնում, նրանք նստած էին լինում սպիտակ ձիեր լծած հաղթակառքում։ Այս բոլորից հետո մի՞թե պարզ չէ, որ սպիտակ գույնը նշան է ուրախության։ Իսկ ինչ վերաբերում է բաց կապույտ գույնին, մի լավ նայեցեք երկնքին, մի՞թե նրա գույնը բաց կապույտ չէ։ Տեսնում եք, ուրեմն, որ բաց կապույտը երկնային է, իսկ սպիտակն ու բաց կապույտը նշանակում են երկնային ուրախություն։
Երեքից մինչև հինգ տարեկան հասակը Գարգանտյուային սնում ու դաստիարակում էին ինչպես կարգն է։ Անց էր կացնում նա իր ժամանակն այնպես, ինչպես բոլոր փոքր երեխաները՝ խմում էր, ուտում ու քնում․ ուտում էր, քնում ու խմում․ քնում էր, խմում և ուտում։ Կուզե՞ք իմանալ, թե ուրիշ էլ ինչ էր անում նա։ Լսեցեք ասեմ ձեզ։
Թավալվում էր ցեխի մեջ օրնիբուն,
Քիթն ու պռունկը կեղտոտում,
Պարապ֊սարապ օրն անցկացնում,
Ամեն ծակ ու ծուկ մտնում։
Փայտե կոշիկով ատամները սրում,
Ձեռքերը ապուրով լվանում,
Բաժակով մարմինը քորում,
Երկու աթոռների միջև նստում,
Օճառի պղպջակներ բաց թողնում,
Քիթն էլ ամեն տեղ խոթում։
Մի խոսքով՝ ապրում էր քեֆով։ Էլի ասե՞մ։
Դատարկապորտ կյանք էր վարում,
Ինքն իրեն խուտուտ ածում,
Մաղով ջուր էր վերցնում,
Կռունկ որսում երկնքում։
Կարպետի չափ ոտն էր մեկնում,
Կացնից իր համար ապուր եփում,
Ոչ մի հոգս ու դարդ չէր իմանում։
Որպեսզի երեխան ձի հեծնել սովորի, նրան փայտե մի մեծ ձի նվիրեցին։ Գարգանտյուան քշում էր իր ձին համրաքայլ, վարգաքայլ, ստիպում էր ընթանալ սրարշավ, գնալ իշաերիշ կամ ուղտի նման։ Ժամանակ առ ժամանակ նա ներկում էր իր ձին զանազան գույներով՝ մեկ նրա ձին աշխետ գույն էր ունենում, մեկ շիկակարմիր, մեկ մոխրագույն, մեկ խայտաբղետ կամ բաց դեղին․․․
Նա իր համար մի որսի ձի շինեց հաստ կոճղից, իսկ զբոսանքի ձի՝ դատարկ տակառից։ Բացի այդ, նա ուներ յոթ պահեստի ձի և յոթ փոստային ձի։ Եվ այդ բոլոր ձիերին գիշերը կանգնեցնում էր իր մահճակալի մոտ։
Մի օր պարոն Պենանսակը[4] շքեղ շքախմբով այցելության եկավ նրա հորը։ Նույն օրը եկան նաև դուքս դը Ֆրանրեպան[5] և կոմս դը Մույևանը։ Ճիշտն ասած՝ այդքան մարդկանց դժվար էր տանը տեղավորել, շատ նեղվածք էր, մանավանդ ախոռներում։ Պարոն Պենանսակի ավագ սպասավորն ու ախոռապետը չէին իմանում, որտեղ կապեն իրենց ձիերը։
― Չկա՞ արդյոք ձեզ մոտ մի ուրիշ ազատ ախոռ, ― հարցրին նրանք Գարգանտյուային։
― Կա, ― պատասխանեց Գարգանտյուան, ― հետևեցեք ինձ, ես ձեզ ցույց կտամ տեղը։
Նա տարավ նրանց մեծ սանդուղքով դեպի վեր, անցկացրեց դահլիճով մեծ սրահը, որ տանում էր ուղիղ դեպի աշտարակը։
― Այս լակոտը, երևի, մեզ խաբում է, ― ասաց ախոռապետը աշտարակի սանդուղքով վեր բարձրանալիս, ― ո՞վ է տեսել, որ վերին հարկերում ախոռ լինի։
― Գուցե մյուս կողմից իջնելու տեղ կա, ― պատասխանեց ավագ սպասավորը, ― բայց ավելի լավ է հենց իրեն՝ երեխային հարցնենք։
― Տղաս, ― ասաց նա Գարգանտյուային ― մեզ ո՞ւր ես տանում։
― Ախոռ, ― պատասխանեց Գարգանտյուան, ― այնտեղ են գտնվում իմ մեծ ձիերը։ Մենք շուտով կհասնենք, պետք է միայն այս սանդուղքով վեր բարձրանանք։
Եվ տարավ նրանց իր սենյակը, որտեղ գտնվում էին փայտե ձիերը։
― Սա է ախոռը, ― ասաց Գարգանտյուան, ― այ սա իմ իսպանական երիվարն է, սա էլ հունգարականը, սա էլ իմ արագավազ ձին է։
Հետո մեծ կոճղը մոտեցրեց նրանց ու ասաց․
― Ձեզ եմ նվիրում այս որսի ձին, որը ստացել եմ Ֆրանկֆուրտից։
― Սուրբ Հովհաննեսը վկա, սա մեզ հիմարի տեղ է դնում, ― ծիծաղելով ասաց ավագ սպասավորը։
― Հիմար մարդը մի վերստից կերևա, ― ասաց Գարգանտյուան։
― Սրա՜ն տես է, ― ասաց ավագ սպասավորը, ― լեզուն կարծես ածելի լինի։ ― Տերը ձեզ հետ, լեզվանիկ պարոն, երևում է խոսքի տակ մնացող չեք։
Այսպես խոսելով նրանք ցած իջան ներքևի դահլիճը, որտեղ ընթրում էր շքախմբի մի մասը։ Այնտեղ պատմեցին իրենց գլխին եկածը և այնպիսի ծիծաղ բարձրացրին, որ քիչ էր մնում խեղճ հյուրերի փորը ծիծաղից պայթեր։
Գլուխ II
Այն մասին, թե ինչպես էր մետր[6] Տյուբալ Օլոֆերնը Գարգանտյուային գրել֊կարդալ սովորեցնում
Մինչև հինգ տարեկան դառնալը Գարգանտյուան իր հորը շատ քիչ էր տեսնում․ այդ ժամանակ Գրանգուզիեն պատերազմ էր մղում հարևանների դեմ։ Երբ պատերազմից տուն վերադարձավ, նա այցելեց իր տղային։ Երեխային համբուրելիս Գրանգուզիեն հարցնում էր դայակներին, սովորեցրե՞լ են արդյոք նրան մաքրասիրություն։ Այդ հարցին պատասխանեց ինքը Գարգանտյուան, թե ինքը լավ կարգեր է հաստատել և այժմ ամբողջ երկրում իրենից ավելի մաքուր տղա չկա։
― Ինչպե՞ս թե չկա, ― հարցրեց Գրանգուզիեն։
― Որովհետև, ― պատասխանեց Գարգանտյուան, ― ես հնարել եմ քիթ սրբելու ամենից հարմար ձևը։
― Իսկ այդ ի՞նչ ձև է, ― հարցրեց Գրանգուզիեն։
― Այս րոպեիս բացատրեմ, ― ասաց Գարգանտյուան։ Մի անգամ քիթս սրբեցի մի օրիորդի շարֆով և դա շատ հաճելի էր, որովհետև շարֆը գործված էր շատ նուրբ ու փափուկ մետաքսից։ Երկրորդ անգամ ցանկացա գլխարկով սրբել քիթս, սակայն գլխարկի վրա կարված ոսկե գնդակները քերծեցին դեմքս։ Բայց ինչքա՜ն դուր եկավ, երբ քիթս սրբեցի մի ուրիշ գլխարկով, որ զարդարված էր փափուկ փետուրներով։
― Բայց այդ ձևերից ո՞րն է ամենահարմարը, ― հարցրեց Գրանգուզիեն։
― Հենց հիմա կասեմ, ― պատասխանեց Գարգանտյուան։ ― Ես սրբել եմ քիթս թասակով, բարձով, հողաթափով, զամբյուղով։ Հետո պատահել է, որ քիթս սրբել եմ հավով, աքլորով, հավի ճուտով,հորթի կաշվով, աղավնիով ու նապաստակով։ Բայց պետք է ձեզ ասեմ, որ քիթը սրբելու համար ամենալավ բանը աղվամազով ծածկված սագի ճուտն է։ Երբ նրան կպցնում ես քթիդ, ինչքան էլ քիթդ սառած լինի, իսկույն տաքանում է։
Երբ տղայի այս խոսքերը լսեց, բարի Գրանգուզիեն հիացավ ու ասաց Գարգանտյուայի դայակներին․
― Իսկ դուք գիտե՞ք, թե ինչպես է Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպը իմացել, որ իր որդի Ալեքսանդրը[7] զարմանալի խելքի տեր է։ Լսեցեք, ես ձեզ պատմեմ այդ պատմությունը։
«Թագավորը մի ձի ուներ, բայց այդ ձին այնքան անզուսպ էր ու սարսափելի, որ ոչ ոք սիրտ չէր անում հեծնելու։ Շատ շատերին էր ոտնատակ տվել ու հաշմանդամ դարձրել այդ ամեհի երիվարը։ Մեկի վիզն էր կոտրել, մյուսի ոտքերը, երրորդի՝ գանգը, չորրորդի՝ ծնոտը։ Մի անգամ, երբ դաշտում վարժեցնելիս էին լինում ձիերին, Ալեքսանդրը նկատում է, որ այդ ձիու կատաղելու պատճառն այն է, որ վախենում է իր սեփական ստվերից։ Ալեքսանդրը թռչում հեծնում է ձին և քշում երեսը դարձրած դեպի արեգակը, այնպես որ ստվերը ոչ թե առաջից, այլ ետևից է լինում։ Ձին միանգամից հնազանդում է։ Երբ Ֆիլիպն իմանում է այդ, վճռում է, որ Ալեքսանդրը շատ ավելի խելոք է, քան պիտի լիներ իր տարիքի համեմատ, և նրա համար ուսուցիչ է հրավիրում Արիստոտելին,[8] որն ամենաիմաստունն էր բոլոր իմաստուններից»։
― Այսօր, ― շարունակեց բարի Գրանգուզիեն, ― մենք բոլորս տեսանք, թե որքան խելոք ու սրամիտ երեխա է իմ Գարգանտյուան։ Կարծում եմ, որ եթե ինչպես հարկն է դաստիարակենք ու գիտություններ սովորեցնենք նրան, այս երեխան, անշուշտ, ժամանակին նշանավոր մարդ կդառնա։ Այսպես ուրեմն, ես ցանկանում եմ նրա համար ուսուցիչ հրավիրել մի որևէ գիտնական մարդու։
Շուտով գտնվեց մի այդպիսի գիտնական մարդ։ Դա նշանավոր մետր Տյուբալ Օլոֆերնն էր։ Տյուբալ Օլոֆերնը այնպես լավ սերտել տվեց Գարգանտյուային այբուբենը, որ նա կարող էր բերանացի ասել, առանց կանգ առնելու, սկզբից մինչև վերջ, վերջից մինչև սկիզբը և ինչպես կուզեք։ Դրա վրա Գարգանտյուան հինգ տարի ու երեք ամիս ժամանակ կորցրեց։ Ա՜յ դա գիտություն է։
Հետո նույն ձևով Գարգանտյուան բերանացի սերտեց լատիներեն քերականությունը, աղոթագիրքը և եկեղեցական օրացույցը․ դրա վրա էլ նա տասներեք տարի, վեց ամիս ու երկու շաբաթ ժամանակ կորցրեց։
Պետք է ասել, որ այն ժամանակներում չգիտեին գիրք տպագրել, այդ պատճառով էլ Գարգանտյուան գրագիտություն սովորելուց հետո պետք է ինքը իր ձեռքով արտագրեր իր համար բոլոր գրքերը, այն էլ շատ գեղեցիկ ձեռագրով։
Գարգանտյուան գրենական բոլոր պիտույքները մի տուփի մեջ պահած՝ սովորաբար ման էր ածում հետը իր գոտուց կախ։ Այդ տուփն այնքան մեծ էր, որ կարծես եկեղեցու սյուն լիներ։ Երկաթե հաստ շղթայով կախված թանաքամանը նման էր ահագին տակառի։
Երբ Գարգանտյուան ուրիշ շատ իմաստուն գրքեր էլ բերանացի արեց, Գրանգուզիեն վերջապես գլխի ընկավ, որ նրա սովորելուց բան դուրս չի գալիս։ Գարգանտյուան ինչքան շատ էր սովորում, այնքան ավելի էր հիմարանում։
Այդ հանգամանքն ստիպեց նրան գանգատվելու իր բարեկամ դոն Ֆիլիպին։
― Դա ամենևին զարմանալի չէ, ― ասաց դոն Ֆիլիպը, ― նրա դաստիարակն ինքը հիմարների թագավորն է։ Նրա իմացած ամբողջ գիտությունը հիմարություն է, իսկ բոլոր գրքերը տխմար բաներ են։ Եթե ինձ չեք հավատում, կաչեցեք այն երեխաներից մեկին, որոնք սովորում են մեր ուսուցիչ Պոնոկրատի՝[9] մոտ և համեմատեցեք նրան ձեր տղայի հետ, այն ժամանակ կտեսնեք, թե նրանցից որն է ավելի խելոք։
Գրանգուզիեին այդ խորհուրդը դուր եկավ, և նա հրամայեց, որ այդպես էլ անեն։
Երեկոյան ընթրիքի ժամանակ դոն Ֆիլիպն իր հետ բերեց մանկլավիկ Եվդեմոնին։[10] Եվդեմոնի գլուխը այնպես լավ էր սանրված, նա այնպես լավ էր հագնված, այնպես քաղաքավարի էր բարևում ու ժպտում, որ ավելի շատ նման էր հրեշտակի, քան մարդու։
― Տեսնո՞ւմ եք այս տղային, ― ասաց դոն Ֆիլիպը, ― նա տասներկու տարեկան է։ Իսկ հիմա կտեսնենք, թե ինչ է սովորել։ Պոնոկրատի մոտ ընդամենը երկու տարվա ընթացքում։
Գրանգուզիեն տվեց իր համաձայնությունը լսել Եվդեմոնին և պատվիրեց նրան սկսել իր ճառը։
Այն ժամանակ Եվդեմոնը վեր կացավ, գլխարկը ձեռքին բռնեց և քաղցր ժպտալով իր վարդակարմիր շրթունքներով, սկսեց ճառել։ Դարձնելով հայացքը դեպի Գարգանտյուան, սկսեց գովել ու գովաբանել նրան նախ՝ որ բարեհամբյուր է, երկրորդ՝ որ խելոք է, երրորդ՝ որ ազնիվ է, չորրորդ՝ որ գեղեցիկ է, հինգերորդ՝ Եվդեմոնը քաղցրությամբ ու հեզությամբ սկսեց համոզել նրան ավելի ևս սիրել ու հարգել իր հորը, որը ոչ մի ջանք չի խնայում որպեսզի լավ կրթություն տա իր որդուն։ Եվդեմոնը վերջացրեց իր խոսքը, հայտնելով Գարգանտյուային, որ իրեն համարում է նրա խոնարհ ծառան և ոչ մի բան այնքան չի ցանկանում, որքան այն, որ իր նոր տիրոջ առաջ սևերես չմնա։
Եվ այս բոլորը նա արտասանեց այնպիսի հաճելի շարժուձևերով, այնպիսի զարմանալի պերճախոսությամբ և այնպիսի գեղեցիկ լատիներենով, որ ավելի նմանվեց Ցիցերոնին,[11] քան ժամանակակից ֆրանսիացի պատանու։
Իսկ երբ հերթը հասավ Գարգանտյուային, նա գլուխը կախեց իր գլխարկի մեջ և իշի զռռոց գցեց։ Եվ ինչ արեցին֊չարեցին, նրա բերանից ոչ մի խոսք դուրս չեկավ։
Հայրն այնքան էր բարկացել, որ ուզում էր Տյուբալ Օլոֆերնին տեղն ու տեղը սպանի։ Բարեբախտաբար, դոն Ֆիլիպը ժամանակին միջամտեց և հանգստացրեց խեղճ Գրանգուզիեին։ Գրանգուզիեն հրամայեց լրիվ վճարել Տյուբալ Օլոֆերնի ռոճիկը և դուրս արեց նրան իր տնից։
Երբ Տյուբալ Օլոֆերնը հեռացավ, Գրանգուզիեն վճռեց իր տղայի համար ուսուցիչ նշանակել Պոնոկրատին, այն ուսուցչին, որի մոտ սովորել էր Եվդեմոնը։ Բացի այդ, նա վճռեց Գարգանտյուային Եվդեմոնի և նոր ուսուցչի հետ Փարիզ ուղարկել, որ տեսնեն, թե այնտեղ ֆրանսիացի պատանիներին ինչպիսի կրթություն են տալիս։[12]
Գլուխ III
Այն մասին, թե ինչպես Գարգանտյուային ուղարկեցին Փարիզ։
Հենց այդ ժամանակ Գրանգուզիեն Աֆրիկայից նվեր է ստանում մի ահագին ձի։ Այդ ձիու նման մեծ ձի՝ աշխարհում ոչ ոք չէր տեսել։
Նա վեց փղի չափ կլիներ։ Նրա ոտքերը մատներ ունեին, ականջները Լանգեդոկի այծերի[13] ականջների նման կախ էին ընկած, իսկ ետևից մի փոքրիկ եղջյուր ուներ։ Գույնը գորշակարմրավուն էր, տեղ֊տեղ մոխրագույն բծերով։ Բայց ամենից սարսափելին նրա պոչն էր, որը սյան պես հաստ էր և ամբողջովին ծածկված էր փշերով։
Ձին բերել էին ծովով՝ երեք լաստանավերով և մի նավով։ Ձիուն տեսնելիս Գրանգուզիեն բացականչել էր․
― Լավ ժամանակին հասավ այս ձին, իմ տղային Փարիզ կտանի։ Հիմա որ գործը հաջող կգնա ու ժամանակին տղաս մեծ գիտնական կդառնա։
Մյուս օրը կուշտ ուտելուց հետո Գարգանտյուան ճանապարհ ընկավ իր նոր ուսուցիչ Պոնոկրատի, մանկլավիկ Եվդեմոնի և ուրիշ ուղեկիցների հետ։ Եղանակը հիանալի էր, և մեր ճամփորդները ուրախ ու զվարթ, լավ ուտելով ու խմելով, գնում էին իրենց ճանապարհով մինչև Օռլեան հասնելը։ Այնուհետև ճանապարհն անցնում էր մի խիտ անտառով, որի երկարությունը երեսունհինգ վերստ էր, լայնությունը՝ մոտ տասնյոթ վերստ։ Անտառում անչափ բոռ ու բորեխ կար, որոնք կատարյալ պատիժ են ձիերի համար։ Բայց Գարգանտյուայի ձին վճռել էր բոռերի հախից գալ իր ուզած եղանակով։ Եվ նա իրոք իր կծոտված ցեղակիցների վրեժը հանեց բոռերից։
Հենց որ մեր ճամփորդները անտառ մտան և նրանց վրա հարձակվեցին բոռերը, Գարգանտյուայի ձին այնպես էր շարժում պոչը, որ բոռերը կույտերով վայր էին գլորվում։ Ձին շարժում էր պոչը աջ ու ձախ, այս ու այն կողմ, և այնպես էր հնձում ծառերը, ինչպես խոտհատը հնձում է խոտը։ Քիչ ժամանակ անց անտառի բոլոր ծառերը գետին էին տապալվել։ Չորս կողմը ջարդված ծառեր էին ընկած։ Հասկանալի է, իհարկե, որ դրանից հետո ոչ մի բոռ չմնաց անտառում։
Ճամփորդները շարունակեցին իրենց ճանապարհը և մի քանի օր հետո ողջ և առողջ հասան Փարիզ։
Գլուխ IV
Այն մասին, թե ինչպես է Գարգանտյուան փախցնում Փարիզի Աստվածամոր տաճարի զանգը
Մեր բարեկամները լավ հանգստանալուց հետո գնացին քաղաքը դիտելու։ Բայց հենց փողոց դուրս եկան թե չէ, պարապ֊սարապ մարդկանց ահագին խմբեր շրջապատեցին Գարգանտյուային։ Ոմանց զարմացնում էր նրա բարձր հասակը, մյուսներին՝ նրա տարօրինակ հաստությունը, ուրիշներին՝ նրա գեղեցիկ հագուստը։ Հայտնի է, որ փարիզեցիք ամենաթեթևամիտ մարդիկ են աշխարհում։ Նրանց, ինչպես ասում են, կարելի է զրկել հացից, բայց ոչ երբեք որևէ ձեռնածուի կամ փողոցային երգչի նայելու բավականությունից։ Նրանց շատ դուր եկավ Գարգանտյուայի նման կտրիճը։ Եվ մի այնպիսի համառությամբ էին հետապնդում Գարգանտյուային, որ նրանցից ազատվելու համար Գարգանտյուան ստիպված եղավ բարձրանալ Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակը։
Աշտարակից նայելով ժողովրդի ահագին բազմությանը, Գարգանտյուան ասաց ինքն իրեն․
― Երևի այդ պորտաբույծները ցանկանում են, որ ես նրանց ինչպես հարկն է ողջունեմ։ Շատ լավ։ Այժմ ես նրանց այնպես կողջունեմ, որ քանի կենդանի են, չմոռանան ինձ։
Այդ ասելով նա այնքան օդ ներշնչեց և հետո այնպես ուժգին փչեց դեպի ներքև, որ քաղաքում չտեսնված մրրիկ բարձրացավ։ Այդ մրրիկը գետին տապալեց 260.418 մարդ, չհաշված կանանց ու երեխաներին։
Բոլորը շնչասպառ փախան։ Նրանք քրտնաթաթախ ու հազալով՝ վազեվազ մի կերպ հասան մինչև համալսարան և այնտեղ սկսեցին ամեն տեսակ հայհոյանքներ թափել բերաններից։
― Կարիմարի՜֊կարիմարա՜, ― գոչում էին նրանք, ― քիչ էր մնում այդ սրիկան մեզ բոլորիս հաշմանդամ դարձնի։
Իսկ Գարգանտյուան ժողովրդին փախցնելուց հետո պարապությունից դիտում էր տաճարի աշտարակներում կախած ահագին զանգերը և ապա սկսեց ձգել դրանցից կապած պարանները։ Զանգերի ղողանջը տարածվեց ամբողջ քաղաքում։ Հենց այդ ժամանակ Գարգանտյուայի գլխում միտք է ծագում զանգերը վերցնել տանել և բոժոժների փոխարեն կախել իր ձիուց։ Այդպես էլ անում է։
Մեկը մյուսի ետևից արձակում է զանգերը ու տանում։
Ամբողջ քաղաքն իրար է անցնում։ Քաղաքացիք հավաքվում են Նել[14] աշտարակի մոտ և խորհուրդ անում, թե ինչպես ետ ստանան զանգերը։ Երկար վիճաբանությունից հետո վճռում են պատգամավորություն ուղարկել Գարգանտյուայի մոտ՝ մետր Յանոտուսի գլխավորությամբ, որը հայտնի գիտնական էր ու ճոռոմաբան։
Մետր Յանոտուսը կուշտ նախաճաշելուց և մի կերպ սափրվելուց հետո գնում է Գարգանտյուայի մոտ։ Նրան ուղեկցում էին երկու կարմրադեմ տիրացուներ և թուղթ մրոտող ու երեսները թանաքոտած հինգ֊վեց գրչակներ։
Տան դարպասի առաջ նրանց դիմավորեց Պոնոկրատը։ Սկզբում նա կարծեց, թե դրանք ծպտյալներ են։ Բայց երբ իմացավ, որ ծպտյալներ չեն, այլ քաղաքացիների կողմից ուղարկված պատգամավորություն, վազեց Գարգանտյուայի մոտ և հայտնեց նրան։
Մեր բարեկամները խորհրդակցեցին, թե ինչ անեն։ Բոլորն այն կարծիքին էին, որ նախ և առաջ Յանոտուսին պետք է տանել բուֆետ և այնտեղ լավ խմեցնել նրան։ Իսկ որպեսզի այդ անվերջ հազացող ծերուկը հետո չկարծի, թե հափշտակված զանգերը ինքն է վերադարձրել Փարիզին, վճռվեց մարդ ուղարկել քաղաքապետի, ֆակուլտետի ռեկտորի և եպիսկոպոսի ետևից ու նրանց հանձնել զանգերը, նախքան հանդես կգա Յանոտուսը իր ճառով։
Ինչպես վճռեցին, այնպես էլ արին։ Զանգերը սուսուփուս դուրս տարան, իսկ հրավիրվածներին ներս տարան դահլիճ, որտեղ Յանոտուսը հազալուց ու կոկորդը մաքրելուց հետո արտասանեց հետևյալ ճառը․
― Ըը՜ պարոն, ըը՜ պարոններ, շատ լավ կլիներ, որ վերադարձնեիք մեր զանգերը, որովհետև դրանք մեզ շատ հարկավոր են։ Մի ժամանակ դրանց համար մեզ մեծ գին էին տալիս, նկատի ունենալով դրանց տարրական էության հնչունային բնույթը։[15] Այդ պատճառով դրանց բաղադրյալ մասերի հնչունային բնույթն այնպես է, որ ետ է մղում ամեն տեսակ փոթորիկներ ու վատ եղանակներ մեր, այսինքն ոչ թե մեր, այլ ընդհանրապես շրջակա այգիներից։
― Ըը՜, ըը՜, էխե՜եյ, եթե դուք վերադարձնեք զանգերը, հարգելով իմ խնդիրքը, ես պարգև կստանամ վեց կապոց երշիկ և մի հատ էլ լավ վարտիք, որը իմ ոտքերը կպաշտպանի մրսելուց։ Ա՜խ, աստված վկա, պարոն, լավ վարտիքը շատ լավ բան է։ Ամեն կարիք ունեցող վարտիքի տեր չի դառնում։ Այդպիսի բաները խելքս լավ է կտրում։ Պետք է իմանաք, պարոն, որ տասնութ օր է, ինչ ես պատրաստում եմ իմ այս գեղեցիկ ճառը։ «Տվեք կայսրինը կայսրին և աստծունը՝ աստծուն»։[16] Ազնիվ խոսք եմ ասում, պարոն, եթե ինձ հետ ընթրել եք ցանկանում, մենք մի լավ քեֆ կանենք։ Ես խոզ եմ մորթել և մի փոքր տակառ էլ ձեր ճաշակի գինի ունեմ։ Ուրեմն, վերադարձրեք մեր զանգերը։ Լսեք ինչ եմ ասում, ես խոստանում եմ ձեզ մեր ֆակուլտետի կողմից եկեղեցական քարոզների մի հրաշալի գիրք, միայն թե դուք վերադարձնեք մեր զանգերը։ Կուզե՞ք ձեր բոլոր մեղքերի համար թողություն ստանալ։ Երդվում եմ աստծու անունով, որ դուք թողություն կստանաք և դա ձեզ վրա ոչ մի կոպեկ չի նստի։[17] Ըը՜, ըը՜, հիմա ես կապացուցեմ ձեզ, որ դուք պարտավոր եք վերադարձնել մեզ մեր զանգերը։ Տեսեք ինչ եմ ասում․ զանգակատան ամեն մի լավ զնգացող զանգ իր զնոգոցով ստիպում է զնգացնողին ավելի լավ զնգացնել։ Հա՜, հա՜, հա՜։ Հույս ունեմ, վերջին ասածս ձեզ լրիվ համոզեց։ Համա ինչ հրաշալի եմ խոսում։ Ազնիվ խոսք, պարոն, կար ժամանակ, երբ բան ու գործս միայն ճառելն էր։ Իսկ հիմա կուզեի լավ գինի, կուզեի մեջքս դեմ արած լինի կրակին, որ տաքանա, իսկ փորս կպած լինի սեղանին, որի վրա դրած կերակուրների գոլորշին քուլա֊քուլա բարձրանա։ Է՜հ, պարոն, դեհ վերադարձրեք զանգերը վերջանա գնա։ Չէ՞ որ քաղաքն առանց զանգերի նույնն է, ինչպես կովն առանց բոժոժների։ Ես վերջացրի։ Ողջ լինեք։
Այդ փառապանծ գիտնականը հենց իր ճառը վերջացրեց, Պոնոկրատն ու Եվդեմոնը ծիծաղից թուլացան։ Նրանց հետ ծիծաղում էր ինքը մետր Յանոտուսը։ Եվ նրանք երեքով այնքան ծիծաղեցին, որ հալից ընկան։
Երբ դադարեցին ծիծաղելուց, Պոնոկրատն առաջարկեց մեկ էլ հյուրասիրել այդ փառավոր ճարտասանին, որ այդպես զվարճացրել էր իրենց, և պարգև տալ նրան։
Տասը կապոց երշիկ,
մի վարտիք,
երեք հարյուր կտոր փայտ,
քսանհինգ տակառ գինի,
անկողին՝ սագի փետրից պատրաստած երեք ներքնակով, և մի մեծ ապուրաման։
Այդ բոլորը կատարվեց, միայն վարտիքի փոխարեն Գարգանտյուան հրամայեց տալ մետր Յանոտուսին յոթ արշին սև մահուդ և երեք արշին աստառացու կտոր։ Դրա պատճառն այն էր, որ Գարգանտյուան չգիտեր, թե ինչպիսի վարտիք է սիրում գիտնական ճարտասանը՝ ժապավենը ետևի՞ց, թե առաջից, այնպիսի՞ վարտիք, որ հագնում են նավորդները, թե փողկապով, կամ պոչով՝ ձողաձկան պոչի նման, որպեսզի երիկամունքները շատ չտաքանան։
Եվ այդպես՝ այդ ամբողջ գիտական պատգամավորությունը պարգևներով ծանրաբեռնված տուն վերադարձավ։
Սակայն դրանով գործը չվերջացավ։ Բանից պարզվեց, որ մետր Յանոտուսը, այդ հազացող ծերունին, որն այնքան ճոխ պարգևներ էր ստացել Գարգանտյուայից, չբավականացավ դրանով և պահանջեց, որ տան իրեն խոստացած պարգևները։ Երբ քաղաքային իշխանությունը մերժեց նրա պահանջը, Յանոտուսը դիմեց դատարանին։
― Ա՜յ դուք, խաբեբաներ, ― աղաղակում էր Յանոտուսը, ― ուզում եք իմ գլխին խաղ խաղալ, ինչպես մի ժամանակ ես էլ ձեզ հետ ուրիշների գլխին էի խաղեր խաղում։ Երդվում եմ աստծով, որ ձեր արաքների մասին կհայտնեմ թագավորին։ Եվ թող ես երկու աչքով կուրանամ, եթե նա չհրամայի ձեզ որպես խաբեբաների, դավաճանների և աստծու թշնամիների ողջ֊ողջ այրել։
Այդ խոսքերի համար քաղաքային իշխանությունը գանգատվեց Յանոտուսի դեմ։ Կարճ ասած՝ դատական այդ գործը այնպիսի խճճված մի բան դարձավ, որ մինչև օրս դեռ չի վերջացել։ Յանոտուսն ու նրա օգնականները երդվել են չլվացվել ու քթները չսրբել, մինչև չստանան իրենց խոստացած պարգևները։ Եվ նրանք մինչև այսօր ման են գալիս կեղտոտ ու փսլնքոտ։
ԳլուխV
Այն մասին, թե ինչպես էր Գարգանտյուան ապրում Փարիզում
Երբ զանգերն իրենց նախկին տեղը կախվեցին, Գարգանտյուան ցանկացավ աշխատանքի կպչել։ Բայց Պոնոկրատը վճռեց նախ իմանալ, թե ինչ է սովորեցրել նրան առաջվա դաստիարակը, և պատվիրեց Գարգանտյուային ապրել այնպես, ինչպես առաջ։ Գարգանտյուան այդպես էլ արեց։
Եվ ահա թե ինչպես էր անցկացնում նա իր ժամանակը։ Առավոտները զարթնում էր ժամը ութին֊ինին, մի կես ժամ մնում էր անկողնում պառկած, հետո հագնվում էր և սանրվում իր սեփական հինգ մատներով։ Այդպես էր սովորել նա մանկությունից, որովհետև նրա նախկին ուսուցիչը այն կարծիքին էր, որ գլուխ սանրելը, լվացվելը և մաքրվելը թանկագին ժամանակի ապարդյուն կորուստ է։
Դրանից հետո Գարգանտյուան հորանջում էր, թքում, հազում, փռշտում, խնչում, ճիշտ ավագ սարկավագի պես, հետո նախաճաշին ուտում էր տապակած երիկամներ ու միս, խոզապուխտ և որևէ ջրալի ու յուղալի կերակուր։
Կուշտ նախաճաշելուց հետո Գարգանտյուան գնում էր եկեղեցի, և նրա ետևից տանում էին մի ահագին զամբյուղի մեջ դրած աղոթագիրքը, որը կազմի ու ճարմանդների հետ միասին կշռում էր տասնմեկ փութ ու վեց գրվանքա։ Եկեղեցում Գարգանտյուան քսանվեց կամ երեսուն պատարագ էր լսում։ Նրա հետ միասին եկեղեցի էր գալիս նաև տնային քահանան, որը հագնված էր լինում ինչպես հոպոպ և նրանից սաստիկ գինու հոտ էր փչում։
Նրա հետ Գարգանտյուան քթի տակ մռթմռթում էր իր աղոթքները և դա այնպիսի խնամքով էր անում, որ ոչ մի խոսք բաց չէր թողնում։
Երբ Գարգանտյուան դուրս էր գալիս եկեղեցուց, եզները նրա ետևից բերում էին սայլի վրա բարձած սուրբ Կլավդիոսի ահագին տերողորմյաները։ Այդ տերողորմյայի յուրաքանչյուր հատիկը մարդու գլխի չափ կլիներ։ Գարգանտյուան տերողորմյան ձեռքն էր առնում և ջերմեռանդությամբ տերողորմյա գցելով զբոսնում էր վանքի պարտեզում, ու սրահներում։ Այդ ժամանակ նա ավելի շատ աղոթքներ էր կարդում, քան տասնվեց ճգնավորներ կարող էին կարդալ։
Հետո նա մոտ կես ժամ սովորում էր՝ աչքերը գրքի էջերին հառած, բայց նրա ուշքն ու միտքը խոհանոցում էր, որտեղ այդ ժամանակ նախաճաշ էին պատրաստում։ Նախաճաշին Գարգանտյուան ուտում էր մի քանի դյուժին խոզապուխտ և երշիկ։ Խոզապուխտը Գարգանտյուան ուտում էր մանանեխով, որը չորս աժդահա խոհարարներ ահագին գդալներով լցնում էին նրա բերանը։ Շատ չանցած ճաշն էր սկսվում, և Գարգանտյուան ինչքան ասես ուտում էր ամեն տեսակ մսեղեն ու ջրալի կերակուրներ և ուտելը վերջացնում էր այն ժամանակ միայն, երբ փորն սկսում էր ուռչել։
Ճաշից հետո Գարգանտյուան մեկնվում էր ու խռմփացնում, իսկ երբ զարթնում էր, մի տակառ գինի էր դնում մոտը և խմում էր, որքան քեֆն ուզում էր։
Այդպես էր անցնում նրա օրը մինչև երեկո։ Ընթրելուս էր Գարգանտյուան այնքան էր ուտում, որ քիչ էր մնում պայթի։ Հետո զառ էր խաղում և ապա պառկում քնում էր մինչև առավոտվա ժամը ութը։
Գարգանտյուայի կյանքը լավ ուսումնասիրելուց հետո Պոնոկրատը հասկցավ, թե ինչու է նա այդպես հիմար ու անպետք մարդ դարձել, և վճռեց նոր սովորություններ մշակել։
Պոնոկրատը իր սանին արթնացնում էր առավոտյան ժամը չորսին և դեռ չնախաճաշած՝ նրա հետ գնում էր զբոսնելու։ Զբոսանքից հետո Գարգանտյուային հագցնում ու գլուխը սանրում էին, և այդ ժամանակ Պոնոկրատը կրկնում էր նրա հետ նախորդ օրվա դասերը։ Այդպես պարապում էին նրանք երկու֊երեք ժամ անընդհատ, որից հետո Պոնոկրատը նրան նոր դաս էր տալիս։ Այնուհետև նրանք դարձյալ գնում էին զբոսնելու։ Մտնում էին հրապարակը, այնտեղ գնդակ էին խաղում, գնդաթի և ուրիշ խաղեր, որպեսզի զարգացնեն իրենց մկանները։ Երբ վերադառնում էին տուն, շփում էին իրենց մարմինները, փոխում շապիկները և նստում ճաշելու։ Ճաշելիս բարձրաձայն մի քանի զվարճալի պատմություններ էին կարդում հին դյութազունների սխրագործությունների մասին և ուրախ զրուցում միմյանց հետ։
Ճաշից հետո Գարգանտյուան քնար էր նվագում, տավիղ և գերմանական սրինգ, հետո նորից սկսում էր սովորել, այսինքն կրկնում էր առավոտվա դասը, կարդում որևէ գիրք, գրում էր և գրելիս աշխատում էր ամեն մի տառը որքան կարելի է գեղեցիկ գրել։
Հետո Գարգանտյուան Գիմնաստի հետ միասին գնում էր ձի հեծնել սովորելու։ Նա ձի էր նստում ոտից մինչև գլուխ զինված և զանազան ռազմական վարժություններ էր անում։ Շուտով նա այնպես սովորեց ձի կառավարել, նիզակ խաղացնել և անհրաժեշտ դեպքում սուսերամարտել, որ նմանը չկար Փարիզում։
Բացի այդ, Գարգանտյուան հաճախ որսի էր գնում, գնդակ էր խաղում, մենամարտում էր, վազում, ցատկում, լողում էր փորի վրա, մեջքի վրա, մի կողքի վրա։ Նա այնպես լավ էր լողում, որ կարողանում էր անցնել գետի մի ափից մյուսը միայն ոտնալող տալով և մի ձեռքը բարձր գլխավերևում պահած։ Հաճախ նա ձեռքին բռնած մի որևէ գիրք էր անցկացնում մյուս ափը և գրքի վրա ոչ մի կաթիլ ջուր չէր լցնում։
Մարմնամարզության մեջ նա առաջնակարգ վարպետ էր։ Պատահում էր որ մի բարձր աշտարակի ծայրից թոկ էին կապում, որի մյուս ծայրն իջեցնում էին մինչև գետին։ Գարգանտյուան թոկից բռնած բարձրանում էր աշտարակի ծայրը, հետո իջնում էր ներքև ու թռչում խոտի վրա։ Կամ երկու միմյանցից քիչ հեռու ծառերի վրա մի հաստ փայտ էին դնում, և Գարգանտյուան այդ փայտից կախ ընկած ու առանց ոտքերը գետնին կպցնելու մի ծառից մյուսն էր անցնում այնպիսի արագությամբ, որ ոչ մի արագավազ չէր կարողանում հասնել ետևից։
Մարմնամարզական վարժություններից հետո Գարգանտյուան լվացվում էր, մարմինը շփում, շորերը փոխում և նստում էր ընթրելու։ Պետք է ասել, որ Գարգանտյուայի ճաշն այժմ շատ համեստ էր լինում, նա այնքան էր միայն ուտում, որ սովածություն չզգա, բայց ընթրիքը լինում էր շատ ճոխ ու համեղ։ Ընթրիքից հետո նախքան քնելը Գարգանտյուան իր ուսուցչի հետ դուրս էր գալիս պատշգամբ՝ ուսումնասիրելու աստղազարդ երկինքը։
Այնտեղ նրանք դիտում էին գիսավոր աստղերը, ընկնող աստղերը և ուսումնասիրում էին լուսատուների տեղադրությունը։ Հետո Գարգանտյուան մի անգամ ևս կրկնում էր այն բոլորը, ինչ սովորել էր այդ օրը և պառկում էր քնելու։
Ժամանակ առ ժամանակ Պոնոկրատն իր աշակերտին տանում էր զբոսանքի։ Գարգանտյուան մտնում էր այն արհեստանոցները, որտեղ մետաղ էին հալում և թնդանոթներ ձուլում, ալքիմիկոսների աշխատանոցները, դրամահատարանը, մանածագործական գործարանները, որտեղ մետաքսե կտորներ ու թավիշ էին գործում, և ամեն տեղ դիտում, ուսումնասիրում էր աշխատանքները։ Գնում էր նաև նայելու լարախաղացներին և ձեռնածուներին, իսկ երբեմն պարզ և լավ եղանակին գնում էր քաղաքից դուրս և ամբողջ օրն անցկացնում այնտեղ՝ երգեր ասելով և խոտերի վրա թավալվելով։ Պանոկրատը հասկանում էր, որ երբ մարդ եռանդուն աշխատանքներ է կատարում, ժամանակ առ ժամանակ պետք է լավ հանգստանա, ուստի չէր խանգարում իր աշակերտին որոշ օրեր իր ուզածի պես զվարճանալ։
Գլուխ VI
Այն մասին, թե ինչպես Լերնե քաղաքի կարկանդակագործներն ընդհարվեցի Գրանգուզիեի հովիվների հետ
Գարգանտյուայի հայրենիքում մոտենում էր խաղողաքաղի ժամանակը։ Գրանգուզիեի հովիվները պահպանում էին խաղողը, որ սարյակները չկտցահարեն։ Մի օր էլ, երբ հովիվները այգու մոտ նստած զրույց էին անում, մեկ էլ տեսնում են, սայլեր են անցնում ճանապարհով, իսկ սայլերի ետևից քայլում էին հարևան Լերնե քաղաքի կարկանդակագործները։ Պետք է ասել, առաջին անգամը չէր, որ կարկանդակագործներն անցնում էին այդ ճանապարհով, նրանք հաճախ ապրանք էին տանում քաղաք ծախելու։ Այս անգամ էլ տասներկու սայլ էր անցնում կարկանդակներով բեռնված, այն էլ ինչ կարկանդակ՝ թարմ, համեղ, փռից նոր հանած ու բոլորովին տաք։
― Մենք ումից ենք պակաս, ― ասացին հովիվները, ― որ այդ կարկանդակի համը չտեսնենք։ Է՜յ, կարկանդակագործներ, ձեր ապրանքից մի քիչ ծախեցեք մեզ։
― Ձե՞զ ծախենք։ Դուք ո՞վ եք, որ ձեզ ապրանք ծախենք։ Դուք ի՞նչ կարկանդակ ուտողներ եք, շատախոսներ, ծույլեր, տգետներ, մուրացկաններ։ Մի սրանց շնորհքին նայեք։ Ձերպեսների համար չեն մեր կարկանդակները։ Ավելի լավ է գնացեք ձեր գարու հացը կրծեցեք, այդ էլ ձեզ շատ է։
― Այ մարդիկ, այդ ինչ է պատահել ձեզ, որ մեզ այդպես կոպիտ խոսքեր եք ասում, ― զարմացած հարցրեց հովիվ Ֆորժյեն, որ մի բարեսիրտ ու շատ ազնիվ մարդ էր, ― առաջներում դուք ուրախությամբ մեզ կարկանդակ էիք ծախում, իսկ հիմա այդպես կոպիտ ձևով մերժում եք։ Չէ՞որ դուք էլ մեզ մոտ ցորեն գնելու եք գալիս, պատահե՞լ է, որ մենք ձեզ մերժենք։ Իսկ եթե դուք վճռել եք, որ մենք թշնամիներ դառնանք, շատ լավ, ժամանակին մենք էլ ձեզ հետ այդպես կվարվենք։ Լավ հիշեցեք ասածներս։
― Դու ինչո՞ւ կռվարար աքլորի պես մեջտեղ ընկար, Ֆորժյե, ― ծիծաղելով ասաց Մարկեն, որ կարկանդակագործների գլխավորն էր, ― չլինի՞ կոնծել ես։ Դե լավ, մոտ արի, ես քեզ կարկանդակ կտամ։
Բայց երբ Ֆորժյեն միամտաբար մոտեցավ կարկանդակագործին և ուզում էր գոտու տակից հանել դրամը, Մարկեն մտրակով այնպիսի հարված հասցրեց Ֆորժյեին, որ խեղճի մարմինը կապտեց։
― Օգնեցե՜ք, այստեղ մարդ են սպանո՜ւմ, ― աղաղակեց Ֆորժյեն և ձեռքի մահակով որքան ուժ ուներ հարվածեց Մարկեին։ Հարվածը կպավ Մարկեի գլխին, և տմարդի կարկանդակագործը տապալվեց գետնին։
Աղմուկի ձայնը լսելով, չորս կողմից վրա հասան ագարակատերերը, որոնք մոտերքում աշխատում էին․ նրանք երկար ձողերով ընկույզ էին թափ տալիս։ Ագարակատերերը մի կողմից սկսեցին ծեծել կարկանդակագործներին, հովիվները՝ մյուս կողմից։ Կարկանդակագործները տեսան, որ իրենց բանը բուրդ է։ Հովիվները նրանցից զոռով հինգ դյուժին կարկանդակ առան։ Բայց դա ամենևին կողոպուտ չէր, որովհետև տերերին վճարեցին վերցրած կարկանդակների գինը և որպես վերադիր տվեցին հարյուր հատ ընկույզ և երեք կողով սպիտակ խաղող։ Կարկանդակագործներն օգնեցին Մարկեին ձին հեծնելու և վերադարձան Լերնե։ Ամբողջ ճանապարհին ի՜նչ հայհոյանք ասես, որ չէին թափում հովիվների գլխին և սպառնում, որ շուտով նրանց հախիցը կգան։
Իսկ հովիվներն իրենց հերթին անուշ էին անում կարկանդակները, հետո ճաշակում հիանալի խաղողը և սրտանց ծիծաղում մեծախոս ու պարծենկոտ կարկանդակագործների վրա։ Ֆարժյեն ինքը խաղողի հյութով տրորեց մտրակի հարվածից կապտած տեղը, և շատ շուտով ցավը բոլորովին անցավ։
Գլուխ VII
Այն մասին, թե ինչպես Պեկրոշոլ[18] թագավորը պատերազմ է հայտարարում Գրանգուզիեին
Երբ կարկանդակագործները վերադարձան Լերնե, սոված֊ծարավ վազեցին դղյակը Պիկրոշոլ թագավորի մոտ։ Նրանք գանգատվում էին, լաց էին լինում, ցույց էին տալիս իրենց ջարդված զամբյուղները, պատառոտված շորերը, տրորված կարկանդակները, իսկ որ գլխավորն է, վիրավորված Մարկեին, և ասում էին, որ այդ բոլորը Գրանգուզիեի հովիվների ու ագարակատերերի գործն է։
Թագավորը կատաղությունից խելքը կորցրեց և առանց քննելու, թե ով է արդար և ով մեղավոր, հրաման տվեց հայտարարել ամբողջ երկրում, որ բոլոր տղամարդիկ պարտավոր են ուղիղ կեսօրին զինված գալ քաղաքի հրապարակը, չեկողները մահապատժի կենթարկվեն։
Թագավորի հրամանը դուրս գալուն պես ամբողջ քաղաքում տարածվեց թմբակահարության ձայնը։ Ինքը՝ արքա Պիկրոշոլը, մինչև ճաշի պատրաստ լինելը, գնաց կարգի բերելու իր հրետանին։ Անմիջապես թնդանոթները դրեցին սայլերի վրա, պաշար ու ռազմամթերք բարձեցին բազմաթիվ սայլերի վրա, փողոցներում սկսեցին ծածանվել դրոշակները։
Ճաշի ժամանակ թագավորը նշանակեց հրամանատարներ։ Առաջապահ զորագնդի հրամանատար նշանակվեց պարոն Տրեպելյուն։[19] Պարոն Տրեպելյուի զորագնդում հաշվվում էին մինչև 16014 հրացանակիրներ և 30011 վարձկան զինվորներ։ Հրետանու հրամանատար նշանակվեց պարոն Տուկդիլիոնը,[20] և նրա հրամանատարության ներքո կար 914 թնդանոթ, բոմբարդ[21] մորտիր,[22] բազիլիկներ[23] և այլ ծանր թնդանոթներ։
Ինքը թագավորը և իշխանազունները նույնպես միացան զորքին։ Երբ ամբողջ զորքը հավաքվել և պատրաստ էր արշավելու, թեթև հեծելազորի մի ջոկատ ուղարկեցին հետախուզության, թե չկա՞ն արդյոք մոտերքում դարանակալ թշնամիներ։ Հետախույզները եկան հայտնեցին, որ ոչ մի տեղ դարանակալություն չկա և չորս կողմը կատարյալ հանգստություն է տիրում։
Այն ժամանակ Պիկրոշոլը հրամայեց զորքին շարժվել։ Եվ ահա այդ ամբողջ զորաբանակը առանց որևէ կարգ ու կանոնի, ցաք ու ցրիվ առաջ շարժվեց, ջարդելով ու փչացնելով այն ամենը, ինչ որ ճանապարհին պատահում էր։ Ոչ մի բան չէին խնայում զինվորները։ Կով էր պատահում նրանց, կովն էին մորթում, ոչխար էր պատահում՝ ոչխարն էին քաշ տալիս տանում։ Հավ, ճուտ, բաց, սագ, խոզ խոճկոր, ինչ պատահում էր, բոլորը բռնում տանում էին։ Ամեն ծառապտուղ՝ ընկույզ, խաղող, տանձ, խնձոր, բոլորը պոկոտում, ուտում, փչացնում էին, իսկ ծառերը ջարդում։
Բնակիչները ոչինչ չէին կարողանում անել, թալանողների ու ավերողների դեմ։ Նրանք անձնատուր էին լինում առանց դիմադրության և միայն խնդրում, աղաչում էին այդքան ավազակություն չանել։
― Մենք ձեզ ոչ մի վատություն չենք արել, ― ասում էին նրանք զինվորներին, ― ինչո՞ւ եք այդքան վնասներ հասցնում։
Իսկ զինվորները պատասխանում էին նրանց միայն ծիծաղով։
― Մենք ձեզ ցույց կտանք, թե ինչպես պետք է ուտել մեր կարկանդակները, ― պատասխանում էին նրանք և շարունակում իրենց կողոպուտը։
Գլուխ VIII
Այն մասին, թե ինչպես է մի վարդապետ խաղողի այգին ազատում թշնամիների հարձակումից
Այդպիսի բարբարոսություններ կատարելով զորքը հասավ մինչև Սելիե քաղաքը։ Սեիլիե քաղաքն էլ նրանք հիմնահատակ կործանեցին և առաջ գնացին ու հասան մի վանքի։ Բայց վանքի դռները փակ էին և պարիսպները լավ պահպանված։
Այն ժամանակ զորաբանակի գլխավոր մասը առաջ շարժվեց դեպի Վեդի հունը, իսկ վանքի մոտ թողեցին յոթ հետևակ ջոկատ և երկու հարյուր տեգավորներ։ Զինվորներն իսկույն սկսեցին քանդել այգին շրջապատող քարե պատերը։
Խեղճ վարդապետները չէին իմանում, սրբերից որին խնդրեն, որ ազատի իրենց այս փորձանքից և, համենայն դեպս, այնպիսի ուժով սկսեցին խփել վանքի զանգերը, որ բոլոր ագռավներին խրտնեցրին։ Դրանից հետո նրանք սաղմոս ու շարական երգելով հանդիսավոր թափոր կազմեցին։
Այդ ժամանակ վանքում ապրում էր մի վարդապետ, որի անունը Խորտակող Ժան էր։ Դա մի առողջ ու ամրակազմ մարդ էր, միշտ ուրախ, ժիր ու ճարպիկ և այնպիսի ուժեղ ձայն ուներ, որ մարդու ականջ էր խլացնում, իսկ որ գլխավորն է, ձեռքից ամեն սատանայություն գալիս էր։ Նա այնպիսի արագությամբ էր պատարագ մատուցում և երեկոյան հսկում կատարում, որ վարդապետները մի անգամ երեսները չխաչակնքած՝ ժամերգությունն արդեն վերջացած էր լինում։ Կարճ ասած՝ դրա նման վարդապետ աշխարհում չէր եղել։
Ահա հենց այդ վարդապետը, երբ լսում է խաղողի այգուց եկող աղմուկը, բակ է դուրս գալիս իմանալու, թե ինչ է կատարվում։ Իսկ զինվորներն այդ ժամանակ պատը քանդել և մտել էին այգին, ուր մեծ ավերածություններ էին կատարում և փչացնում այն խաղողը, որից վարդապետները իրենց համար գինի էին պատրաստում։ Միաբան Ժանը, տեսնելով, որ գործերը վատ են, իսկույն վազեց մտավ եկեղեցին, որտեղ վարդապետները աղոթում էին ու ծոր տալով երգում։
― Տո կորեք գնացեք դուք էլ, ձեր աղոթքներն էլ, ― գոչեց հայր Ժանը, ― ավելի լավ չէր լինի, որ երգեիք՝ «Մնաք բարով կողովներ, խաղողաքաղը վերջացավ»։ Ով գիտի թշնամին արդեն քարուքանդ է արել մեր այգին։ Մենք մե՞ղք չենք, հապա մենք ի՞նչ ենք խմելու։ Մնաս բարով հավիտյան, իմ բարի գինու գավաթ։
― Այդ ինչեր է գլխիցը դուրս տալիս այս գինեմոլը, ― ասաց վանահայրը, ― շտապ հեռացրեք դրան այստեղից և մութ սենյակում փակեցեք, որ չխանգարի ժամերգությանը։
― Իսկ որ գինի չլինի, ի՞նչ անենք, ― առարկեց հայր Ժանը, ― չէ՞ որ դուք էլ, պատվարժան վանահայր, ինձնից պակաս չեք խմում կուշտ ճաշելուց հետո։ Ոչ մի կարգին մարդ չպետք է հրաժարվի կոնծաբանելուց, երբ լավ գինի կա՝ այդպես է մեր վանքի կանոնը։ Թողեք ձեր աղոթքը և լսեցեք ինչ եմ ասում․ ով գինու սիրահար է, թող գա իմ ետևից։ Երդվում եմ սուրբ Անտոնիուսի անունով, մենք էլ գինու համ չենք տեսնի, եթե չփրկենք մեր այգին։
Այս ասելուց հետո հայր Ժանը մի կողմ շպրտեց իր վերարկուն, մի ահագին խաչափայտ առավ ձեռքը, որ մարդու բռունցքի հաստություն ուներ և նիզակի չափ երկար էր։ Այդ փայտը ձեռքին դուրս վազեց եկեղեցուց և այնպիսի հարվածներ սկսեց տեղալ զինվորների գլխին, որ նրանք գլուխները բոլորովին կորցրին։ Զարմանալու բան չկա այստեղ։ Զինվորները իրենց զենքերը վայր էին դրել, որ կարողանան որքան կարելի է շատ խաղող քաղել և ուտել։ Թմբկահարները ծակել էին իրենց թմբուկները և լիքը լցրել քաղցր խաղողով։ Նույն էին արել շեփորահարները, իրենց շեփորները լիքը լցնելով հասած ու համեղ խաղողով։
Այսպես ուրեմն, մեր հայր սուրբը ըստ հին սովորության աջ ու ձախ գանակոծելով ջարդում էր կողոպտիչների գլուխները և նրանց հարյուրներով գետին տապալում։
Խաղողի վազերի տակ թաքնվածները հարված էին ստանում վզակոթերին, փախչողներին հարված էր հասցնում մեջքներին, ծառերը բարձրացողներին հարվածում էր փայտի ծայրով, և ոչ մի մարդու չէր խնայում։ Իսկ եթե մեկը գոչում էր՝ «Հայր սուրբ, ես անձնատուր եմ լինում, խնայիր ինձ», ― նա պատասխանում էր՝ «Անձնատուր եղիր, բայց էլի ես քո հոգին սատանի փայ կանեմ», և վերջացնում էր նրա հետ իր հաշիվները։
Դա իսկապես որ մի սարսափելի և նմանը չունեցող տեսարան էր։
Մեկը գոռում էր՝ «Սուրբ Վառվարե՜», մյուսը՝ «Գևո՜րգ», երրորդը՝ «Աստվածամա՜յր, ազատիր մեզ սրա ձեռքից։ Եվ այնպիսի մի աղաղակ էր բարձրացել չորս կողմը, որ վարդապետները վազեվազ դուրս եկան եկեղեցուց և սկսեցին խոստովանեցնել վիրավորներին։ Իսկ միաբանության ավելի ստորին անդամները և աբեղաները վերարկուները հանեցին, կախ արին ցանկապատից, մի֊մի մեծ դանակ առան ձեռքները և առանց երկար մտածելու Ժան վարդապետին օգնության հասան։ Դրանք էլ ետևից հարձակվեցին զինվորների վրա։ Շուտով թշնամի զորքերը ջախջախվեցին։ Այսպիսով շնորհիվ հայր սուրբ Ժանի զարմանալի քաջության, այդ օրը թշնամի զինվորներից կոտորվեցին13.622 հոգի, և վանքի այգին ազատվեց ավերումից։
Գլուխ IX
Այն մասին, թե ինչպես է Գրանգուզիեն պատրաստվում պատերազմելու Պիկրոշոլի հետ
Այդ նույն ժամանակ անեն բանից բոլորովին անտեղյակ բարեսիրտ Գրանգուզիեն բուխարու մոտ նստած՝ խանձված փայտի ծայրով խզբզում էր հատակի վրա և, տասներորդ անգամ պատմելով իր կնոջն ու տնեցիներին անցած֊գնացած ժամանակի պատմություններ, սպասում էր, որ շագանակները բուխարիում խորովվեն։
Հանկարծ ներս է մտնում Պիլո անունով մի հովիվ և ամեն բան պատմում նրան։ Ասում է, թե Պիկրոշոլ թագավորը ավերել է ամբողջ երկիրը, անվնաս է մնացել միայն մի այգի, որ փրկել է հայր սուրբ Ժանը։ Այժմ Պիկրոշոլ թագավորը անցել է արդեն Վեդու հունը, գրոհ տալով վերցրել է Լայ֊Ռոշ֊Կլերմո քաղաքը, որտեղ և ամրացել է իր զորքով։
― Ա՜յ, ա՜յ, բարի մարդիկ, այդպես էլ բան կլինի, ― ասաց Գրանգուզիեն, ― Պիկրոշոլը իմ հին բարեկամն ու դաշնակիցը հարձակվում է ինձ վրա, դա հնարավո՞ր բան է։ Ո՞ւմ խորհրդով է նա դա անում։ Ո՜հ, տեր իմ, օգնիր ինձ, մի ճանապարհ ցույց տուր, ի՞նչ անեմ։ Ախր Պիկրոշորլին ես ոչ մի վատ բան չեմ արել, ընդհակառակը, միշտ օգնել եմ նրան թե՛ փողով, թե՛ խորհրդով և թե զորքով։ Մի՞թե ես պետք է այժմ իմ ծերության օրոք պատերազմի դուրս գամ։ Մի՞թե ես պետք է այժմ իմ հոգնած մարմինը զրահով պատեմ և դողդոջուն ձեռքս նիզակ առնեմ իմ երկիրը պաշտպանելու համար։ Ո՛չ, ո՛չ, պետք է ամեն միջոց գործ դնել, որ այս գործը խաղաղությամբ վերջանա, այսպես է իմ հաստատուն վճիռը։
Այնուհետև Գրանգուզիեն խորհրդի նիստ հրավիրեց և հայտնեց վիճակը։ Վճռվեց մի բանիմաց և զգույշ մարդ ուղարկել Պիկոշորլի մոտ իմանալու, ինչու է նա այդպես անակնկալ խախտել խաղաղությունը և ներխուժել ուրիշի երկիրը։ Բացի այդ, որոշեցին Փարիզից ետ կանչել Գարգանտյուային, որ հարկ եղած դեպքում օգնի Պիկրոշոլի հախից գալու։
Գարգանտյուային մի երկար նամակ գրեցին, իսկ Պիկրոշոլի մոտ որպես դեսպան ուղարկեցին Ուլրիխ Գալլեին, որ մի իմաստուն ու համեստ մարդ էր և որին շատ անգամ էր ապավինել Գրանգուզիեն իր կյանքի ամենադժվար րոպեներին։ Այդ բարի մարդը անմիջապես ճանապարհ ընկավ, բարեհաջող անցավ գետն ու հարցուփորձ արավ այնտեղի ջրաղացպանին, թե ինչ է պատահել այդ կողմերում։
― Ինչ ասեմ, ― պատասխանեց ջրաղացպանը, ― վայն եկել է մեզ տարել, այդ անիծվածները ինձ մոտ ոչ աղ են թողել, ոչ մաղ, ինչ կար չկար, բոլորը տարել են։ Հիմա նրանք փակվել նստել են Լյա֊Ռոշ֊Կլերմո քաղաքում և ձեզ խորհուրդ չէի տա գիշերով գնալ այնտեղ։ Կարող եք պահակի հանդիպել և ձեր գլխին մեծ փորձանք բերել։
Գալլեն գիշերեց ջրաղացպանի մոտ և առավոտյան իր փոխհարի հետ միասին մոտեցավ բերդի դարպասին։ Փողհարը փչեց փողը, և Գալլեն պահանջեց, որ իրեն թույլ տան գնա Պիկրոշոլի մոտ մի շատ կարևոր գործով։ Թագավորը, սակայն, թույլ չտվեց, որ բերդի դարպասը բանան, նա ինքը դուրս եկավ պարսպի վրա և հարցրեց դեսպանից։
― Ի՞նչ նոր բան կա, ի՞նչ եք ուզում ինձ ասել, ասացեք։
Դեսպանը պատասխանեց թագավորին մի երկար ճառով, որի մեջ համոզում էր Պիկրոշոլին խելքի գալ և վերջ դնել իր տմարդի վարմունքին։ Դեսպանը հավատացնում էր Պիկրոշոլին, որ Գրանգուզիեն ո՛չ խոսքով և ո՛չ էլ գործով նրան ոչ մի վնաս չի հասցրել, եղել է միշտ լավ բարեկամ ու լավ հարևան և նրա համար չի խնայել ոչ մի բան։ Դեսպանը վերջացրեց իր խոսքը պահանջելով, որ Պիկրոշոլը անմիջապես վերադառնա իր երկիրը, իսկ պատերազի պատճառած վնասների համար վճարի Գրանգուզիեին հազար ոսկի։ Հինգ հարյուր ոսկին դեսպանն առաջարկում էր վճարել վաղը, իսկ մնացած հինգ հարյուրը՝ եկող մայիսին։ Որպես պատանդ Գալլեն պահանջում էր դուքս դը Տուրնեմուլին[24] և իշխան դը Գրատելին։[25]
Երբ Ուլրիխ Գալլեն լռեց, նրա ամբողջ ճառին Պիկրոշոլը միայն մի պատասխան տվեց։
― Շատ լավ, եկեք ստացեք, եկեք ստացեք, ձեզ այնպես ստանալ ցույց կտանք, որ եկած ճամփաներդ մոռանաք և այնպիսի կարկանդակ ուտեցնենք, որ կոկորդներումդ կմնա։
Գալլեն դատարկաձեռն վերադարձավ իր թագավորի մոտ։
― Ի՞նչ կասես, բարեկամ, ի՞նչ լուր ես բերել ինձ համար, ― հարցրեց նրան Գրանգուզիեն։
― Դժվար է նրան բան հասկացնել, ― պատասխանեց Գալլեն, ― կարծես խելքը կորցրել է։
― Երևում է, որ կորցրել է, ― տրտում ու տխուր ասաց Գրանգուզիեն, ― բայց իմացա՞ք գոնե, ինչու է մեզ վրա հարձակվել։
― Դրա մասին նա ոչինչ չասաց, ― պատասխանեց Գալլեն, ― միայն ինչ֊որ կարկանդակների մասին մի բան ասաց։ Չլինի՞ թե մեկն անպատվել է նրա կարկանդակագործներին։
― Այդ մենք պետք է պարզենք, ― մտախոհ ասաց Գրանգուզիեն, ― անկարելի բան է, որ առանց պատճառի նա հարձակվեր մեզ վրա։
Քննությունն սկսեցին, և պարզվեց, որ իսկապես Պիկրոշոլի կարկանդակագործներից զոռով հինգ դյուժին կարկանդակ են առել, թեև այն էլ պետք է ասել, որ կարկանդակների գինը վճարել են և Մարկեն առաջինն ինքն է մտրակով հարվածել խեղճ Ֆորժիեին։
Խորհուրդը վճռեց, որ Գրանգուզիեն պետք է պաշտպանվի։
Բայց Գրանգուզիեն պատասխանեց․
― Քանի որ հարցը մի քանի կարկանդակների մասին է, ես կաշխատեմ գործը խաղաղությամբ վերջացնել։ Ոչ մի ցանկություն չունեմ ծերությանս հասակում պատերազմ վարել։
Նույն այդ գիշեր Գրանգուզիեն հրամայեց հինգ սայլ շատ լավ կարկանդակ պատրաստել և դրա համար գործածել ամենալավ յուղը և ուզածի չափ ձվի դեղնուց ու շաքար։
Մարկեի վերքերն կապող սափրիչներին վարձատրելու համար Գրանգուզիեն հատկացրեց 700.003 ոսկի, իսկ իրեն՝ Մարկեին, պարգևեց Լյա֊Պոմարդիեր ավանը, որպես մշտական սեփականություն։
Գալլեն էլ նորից հրաման ստացավ կարկանդակները հետն առած գնալ Պիկրոշոլի մոտ, որպեսզի գործը խաղաղությամբ վերջացնի։
Ճանապարհին Գալլեն կարգադրեց ծառի կանաչ ճյուղեր կտրտել և յուրաքանչյուր սայլապանի ձեռքը մի֊մի ճյուղ տալ։ Մի ճյուղ էլ ինքը Գալլեն վերցրեց։ Դրանով նա ուզում էր ցույց տալ, որ եկել են խաղաղություն խնդրելու և ոչ մի ցանկություն չունեն պատերազմելու։
Երբ հասան քաղաքի դարպասի մոտ, Գալլեն նորից խնդրեց, որ իրեն թույլ տան գնա Պիկրոշոլի մոտ։
Բայց այս անգամ Պիկրոշոլն ամենևին չցանկացավ խոսել Գալլեի հետ և հրամայեց ասել նրան, որ ինչ ասելիք ունի թող ասի կապիտան Տուկդիլիոնին, որն այդ ժամանակ պարսպի վրա թնդանոթներ էր լցնում։
― Պարոն, ― ասաց Գալլեն Տուկդիլիոնին, ― իմ տերը, Գրանգուզիեն, չի ցանկանում, որ կարկանդակների պատճառով մեր և ձեր մեջ թշնամություն լինի։ Այն հինգ դյուժին կարկանդակների փոխարեն, որ մեր հովիվները զոռով առել են ձեզանից, մենք վերադարձնում ենք ձեզ ամբողջ հինգ սայլ ամենալավ տեսակի կարկանդակներ։ Ահա այս կարկանդակները, բարեհաճեցեք ընդունել։ Բացի այդ, մենք առաջարկում ենք ձեզ 700.003 ոսկի, իսկ վիրավորված կարկանդակագործին պարգևում ենք Լյա֊Պոմարդիներ ավանը։ Եկեք հաշտվեք ու խաղաղ ապրենք։ Թողեք մեր բերդը և գնացեք ձեր տները, մենք առաջվա պես լավ բարեկամներ կլինենք։
Տուկդիլիոնը զեկուցեց Պիկրոշոլ թագավորին Գալլեի ասածը։
Զեկուցելիս Տուկդիլիոնը բարձր ծիծաղելով ասում էր․
― Այդ ողորմելի ռամիկները, աստված վկա, վախից սրտաճաք են եղել, իսկ Գրանգուզիեն, այդ խղճուկ հարբեցողը, ահ ու սարսափից գլուխը բոլորովին կորցրել է։ Կոնծելում նա շատ քաջ է, բայց երբ բանը հասնում է կռվի, շատ է խեղճանում։ Չգիտեմ դուք ինչպես կհրամայեք, տեր արքա, իսկ ես այն կարծիքին եմ, որ կարկանդակները պետք է վերցնենք, իսկ պատերազմը իր կարգով շարունակենք։ Մի՞թե նրանք իսկապես կարծում են, թե կարող են մեզ խաբել իրենց մի քանի կարկանդակներով։ Ինչպես երևում է, նրանք ոչ մի հարգանք չունեն ձեր նկատմամբ։
― Այդպես հա՞, ― պատասխանեց թագավորը, ― սուրբ Հակոբը գիտենա, ես նրանց փոշին քամուն կտամ։ Ինչպես ասացիք, այնպես էլ արեք։
― Բայց ես պետք է ձեզ նախազգուշացնեմ, տեր արքա, ― ասաց Տուկդիլիոնը, ― որ պարեն քիչ ունենք, եթե Գրանգուզիեն բերդը պաշարի, գործներս շատ վատ կլինի։
― Եղած պարենը բավական է, ― պատասխանեց Պիկրոշոլը, ― մենք այստեղ պատերազմելո՞ւ ենք ելել, թե ուտելու։
― Իհարկե, պատերազմելու, ― ասաց Տուկդիլիոնը, ― բայց սոված փորով պատերազմել չի լինի։
― Վերջ տվեք ձեր շատախոսությանը, ― ասաց Պիկրոշոլը, ― գնացեք, ինչ բերել են վերցրեք։
Եվ այսպես էլ արեցին։ Հինգ սայլի բեռները ամբողջապես վերցրին, վերցրին նաև ոսկին, իսկ մարդկանց ազատ արձակեցին, խստորեն պատվիրելով մյուս անգամ բերդին չմոտենալ։ Այսպես ուրեմն, Ուլրիխ Գալլեն երկրորդ անգամ լուր բերեց Գրանգուզիեին, թե ոչ մի հույս չկա խաղաղությունը վերականգնելու և թե անհրաժեշտ է Պիկրոշոլի դեմ կյանքի ու մահու պատերազմի դուրս գալ։
Գլուխ X
Այն մասին, թե ինչպես Պիկրոշոլ թագավորը որոշում է տիրել ամբողջ աշխարհը
Երբ կարկանդակները սայլերից իջեցրին, Պիկրոշոլին մոտեցան դուքս դը Տերնեմուլը, արքայազն դը Գրատելն ու կապիտան Մերդայլը և ասացին․
― Տեր արքա, մենք ուզում ենք ձեզ դարձնել աշխարհի ամենաբախտավոր և ամենաքաջ թագավորը։
― Խնդրեմ, խնդրեմ, միայն գլուխներդ ծածկեցեք։[26]
― Մեծապես շնորհակալ ենք, ― պատասխանեցին նրանք։ ― Ահա թե ինչ ենք ուզում առաջարկել ձեզ։ Այս բերդը պահպանելու համար այստեղ մի փոքր զորամաս թողեք որևէ կապիտանի հրամանատարությամբ, իսկ մնացած բանակը բաժանեցեք երկու մասի։ Մի մասը կարշավի Գրանգուզիեի վրա և, իհարկե, առանց դժվարության նրա դատաստանը կտեսնի։ Մենք այդ ստոր արարածից շատ փող կառնենք։ (Մենք նրան «ստոր արարած» ենք անվանում, որովհետև միայն ստոր արարածներն են կարողանում փող դիզել, իսկ ազնվազարմ թագավորները սովորաբար ոչ մի կոպեկ չեն ունեում)։ Զորաբանակի մյուս մասը կմոտենա ծովին և առանց մի որևէ դիմադրության հանդիպելու կվերցնի բոլոր քաղաքները, ամրոցներն ու բերդերը։ Հետո նավ կնստեն և, նավարկելով Պորտուգալիայի ափերի երկարությամբ, կկողոպտեն բոլոր ծովափնյա քաղաքները մինչև Լիսաբոն։ Ո՞վ սիրտ կանի մեր դեմ դուրս գալ։ Իսպանիան էլ մեզ պետք է հպատակվի, որովհետև նրա բնակիչները բոլորը ապուշներ են։ Հետո դուք կանցնեք Ջիբրալտարի նեղուցով, որն ի հիշատակ ձեր քաջագործության այնուհետև կկոչվի Պիկրոշոլի ծով։ Դրանից հետո Աֆրիկայի ավազակապետ Բարբարոսսան[27] ձեր գերին կդառնա։
― Ես նրան կներեմ, ― ասաց Պիկրոշոլը։
― Շատ լավ կանեք, ― ասացին նրանք, ― այն դեպքում միայն, եթե նա համաձայնի մեր հավատն ընդունել։ Այնուհետև դուք կտիրեք Ալժիրը, Թունիսը, Կորսիկա և Սարդինիա կղզիները, կվերցնեք Ջենովան, Ֆլորենցիան, հետո հերթը կհասնի և Հռոմին։ Երևի խեղճ պապը երկյուղից լեղապատառ կլինի։
― Ազնիվ խոսք եմ ասում, ես նրա հողաթափերը[28] համբուրողը չեմ, ― ասաց Պիկրոշոլը։
― Երբ ամբողջ Իտալիան տիրած կլինեք, ― շարունակեցին նրանք, ― մենք մեր ձեռքը կգցենք Միջերկրական ծովի բոլոր կղզիները և հետո կանցնենք Ասիա։ Այն ժամանակ, տեր, դու պահպանես Երուսաղեմը, ― Սուլթանը ստիպված կլինի ընդմիշտ հրաժեշտ տալու Երուսաղեմին։
― Ես այնտեղ կկառուցեմ Սողոմոնի[29] տաճարը, ― ասաց Պիկրոշոլը։
― Ոչ, դեռ դրա ժամանակը չէ, ― պատասխանեցին նրանք։ ― Նախ մենք պետք է տիրենք ամբողջ Փոքր Ասիան և հասնենք մինչև Եփրատ գետը։
― Ազնիվ խոսք, դուք բոլորովին խելքներդ թռցրել եք, ― ասաց Պիկրոշոլը։
― Ինչո՞ւ, ― հարցրին նրանք։
― Չէ՞որ այնտեղ անապատից զատ ուրիշ բան չկա, և մենք բոլորս ծարավից կկոտորվենք։
― Մենք դրա մասին էլ ենք մտածել, ― ասացին նրանք։ ― 9014 մեծ֊մեծ նավեր, որոնք բարձված կլինեն ամենալավ և աշխարհումս նմանը չունեցող գինով, Միջերկրական ծովով կգան Յավա, որտեղ սպասելիս կլինեն 220.770 ուղտ և1600 փիղ։ Փղերին կբռնենք որս անելիս։ Փղերը և ուղտերը գինին կբերեն մեր ետևից։ Մի՞թե այդքան գինին չի բավականացնի ձեզ։
― Իհարկե ոչ, ― պատասխանեց Պիկրոշոլը, ― չէ՞ որ այնտեղ սաստիկ շոգ է։
― Էհ, ինչ եք ասում, ― պատասխանեցին նրանք, ― այնպիսի մի աշխարհակալ, ինչպիսին դուք եք, մի՞թե չի կարող իր համար ամեն տեսակ հարմարություններ ստեղծել։
― Ասենք այդ էլ ճիշտ է, ― պատասխանեց Պիկրոշոլը։ ― Բայց ի՞նչ պիտի անի այդ ժամանակ մեր այն զորքը, որ արդեն հաղթած կլինի այդ գարշելի գինեմոլ Գրանգուղիեին։
― Ինչ ասել կուզի, որ նրանք էլ ձեռները ծալած, պարապ չեն նստի։ Մենք շատ շուտով նրանց կհանդիպենք։ Նրանք այդ ժամանակ նվաճած կլինեն Ֆրանսիան, Հոլանդիան, անցած կլինեն Հռենոս գետը, և մենք այդտեղ կհանդիպենք իրար, որովհետև ծովային հաղթանակներից հետո արդեն վերադարձած կլինենք։ Այնուհետև միացյալ ուժերով հարձակում կգործենք Պրուսիայի, Լեհաստանի, Լիտվայի ու Ռուսաստանի վրա, ու այդ բոլոր երկրները մինչև Սառուցյալ օվկիանոսը մեր ձեռքում կլինեն։
― Պրուսիան, Լիտվան և Լեհաստանը ես ձեզ կտամ ձեր կատարած ծառայությունների համար, ― ասաց Պիկրոշոլը։
― Ախ, տեր արքա, որքան վեհանձն եք։ Ընդունեցեք մեր անհուն երախտապարտությունը։ Աստված ձեզ երկար կյանք տա։
Այս խոսակցությանը ներկա էր մի հին ռազմիկ Եխեֆրոն[30] անունով։
― Վախենում եմ, որ դուք արջին չսպանած՝ նրա կաշին բաժանելու մասին եք խոսում այժմ։ Ձեր ինչի՞ն է պետք այդքան երկրներ տիրելը և ի՞նչ պիտի լինի դրա վերջը։
― Այն կլինի, ― պատասխանեց Պիկրոշոլը, ― որ երբ տուն վերադառնանք, փառավորապես կհանգստանանք։
― Այո, եթե վերադառնաք, ― ասաց Եխեֆրոնը, ― բայց չմոռանաք, որ ձեր ծրագրած ճանապարհը և՛ երկար է, և՛ վտանգավոր։
― Գայլերի երկյուղից անտառ չմտնենք, ի՞նչ է, ― ասացին զորավարները, ― ուրեմն ձեռքներս ծալած տանը նստենք ու բուխարու մոտ տաքանանք։ Փառք աստծո, մենք պառավ տատիներ չենք։
― Բավական է, ― ասաց Պիկրոշոլը, ― վերջ տվեք վեճերին։ Մի բան միայն ինձ մեծ երկյուղ է պատճառում՝ որ այդ անիծված Գրանգուզիեն մեզ թիկունքից չխփի, երբ մենք Ասիայում լինենք։
― Այդ ցավին հեշտ է դարման անել, ― ասաց կապիտան Մերդայլը։ ― Մենք խիստ հրաման կուղարկենք մոսկովցիներին,[31] և նրանք մեզ օգնության կուղարկեն 450.000 ընտիր զորք։ Եթե միայն ինձ փոխարքա նշանակեք, այն ժամանակ ես ցույց կտամ, թե ով եմ։ Ես բոլոր թշնամիներին ատամներով կկրծոտեմ, ոտնատակ կտամ, կկոտորեմ, թոզը քամուն կտամ, բոլորին, բոլորին ջարդուփշուր կանեմ։
― Լա՛վ, լա՛վ, բավական է, ― ասաց Պիկրոշոլը։ ― Այլևս չհետաձգենք գործը, ով սիրում է ինձ, թող գա իմ ետևից։[32]
Գլուխ XI
Այն մասին, թե ինչպես է Գարգանտյուան շտապում օգնելու իր հորը
Ուղիղ նույն ժամին, երբ Պիկրոշոլ թագավորը ծրագրում էր տիրել ամբողջ աշխարհը, Գարգանտյուան հոր նամակը կարդալուց հետո Փարիզից մեկնեց հայրենիք։ Գարգանտյուան գնում էր իր մեծ ձին հեծած, իսկ Պոնոկրատը, ախոռապետ Գիմնաստը, Եվդեմոնը և մնացած ամբողջ շքախումբը գնում էին նրա ետևից սովորական ձիեր հեծած և սայլերի վրա բարձած հետները տանում էին իրենց տիրոջ գրքերն ու գիտական պարագաները։
Նրանք շուտով հասան Պարիլյի։ Այստեղ ագարակատիրոջից իմացան, որ Պիկրոշոլը Լյա֊Ռոշ֊Կլերմոնն ամրացրել է ու այնտեղ նստել, իսկ կապիտան Տրիպեն շրջակայքում ինչ ուզում անում է և պատահողին կողոպտում։
Որպեսզի իմանա մոտերքում թշնամիներ կան թե ոչ, Գարգանտյուան հետախույզներ ուղարկեց։ Գիմնաստն էլ ցանկացավ հետախուզության գնալ։ Գարգանտյուան թույլ տվեց։ Եվ Գիմնաստը ճանապարհ ընկավ տեղացիներից մեկի հետ, որ այդ կողմերին շատ լավ ծանոթ էր։
Երկու վերստ հազիվ գնացած լինեին, երբ հանկարծ նրանց շրջապատեցին թշնամիները։
― Կանգնի՛ր, ― ձայն տվեցին նրանք Գիմնաստին։
― Պարոններ, ― ասաց Գիմնաստը, մոտենալով զինվորներին, ― ես մի խեղճ սատանա եմ, խնդրում եմ խնայեք ինձ։ Մոտս մի քիչ փող կա, եկեք գնանք միասին կոնծենք, բացի այդ, իմ ձին էլ ծախենք ու փողը մեր մեջ հավասար բաժանենք։ Լավ կլիներ ինձ էլ ընդունեիք ձեր ջոկատի մեջ։ Ես էլ ձեզանից պակաս չեմ։ Ոչ ոք ինձանից լավ չի կարող հավ բռնել, փետրահան անել, տապակել և ուտել։ Ուրեմն, խմում եմ ձեր կենացը։
Այս ասելով նա իր ուղեսրվակի բերանը բաց արեց և սրվակը մոտեցրեց բերանին։
Զինվորները բերանը բաց նայում էին Գիմնաստին, բայց հենց այդ րոպեին վազելով մոտեցավ կապիտան Տրիպեն տեսնելու, թե ինչ է պատահել։
― Խմեցեք, պարոն կապիտան, ― ասաց Գիմնաստը, առաջարկելով նրան իր ուղեսրվակը, ― ես արդեն համը տեսա, հիանալի գինի է։
Այս ի՞նչ բան է, ― գոչեց Տրիպեն, ― այս սրիկան մեզ վրա ծիծաղո՞ւմ է, ինչ է։ Ասա ի՞նչ մարդ ես։
― Ես մի խեղճ սատանա եմ, ― պատասխանեց Գիմնաստը։
― Առաջին անգամն եմ տեսնում, ― ասաց կապիտան Տրիպեն, ― որ խեղճ սատանան այսպիսի գեղեցիկ ձի հեծած լինի։ Ուստի, պարոն խեղճ սատանա, ձիուցդ վար իջիր, ձիդ պետք է ես վերցնեմ։ Իսկ եթե ձիդ չուզենա, որ հեծնեմ իր վրա, այն ժամանակ քեզ կթամբեմ ու քեզ վրա կնստեմ։ Ես առհասարակ շատ եմ սիրում, որ սատանաները ինձ ման ածեն։
Երբ զինվորները այդ խոսքերը լսեցին, կարծեցին, որ նա իրոք սատանա է, միայն ծպտված, քանի որ ինքը կապիտանը նրան սատանա էր կոչում։ Նրանցից շատերը սկսեցին երեսները խաչակնքել, իսկ ազատ հրաձիգների կապիտան բարեսիրտ Ժակը հանեց գրպանից աղոթագիրքը և որքան կարող էր բարձր գոռաց։
― Դե, չքվի՛ր, կեղտոտ արարած։
Բայց Գիմնաստը չչքվեց։ Զինվորները շշկլվեցին և նրանցից շատերը փախան։
Այդ ժամանակ Գիմնաստը վեր ցատկեց, շուռ եկավ ու կանգնեց ձիու թամբի վրա՝ ետևն արած դեպի թշնամիները։
― Վա՜յ֊վա՜յ֊վա՜յ, ― ասաց նա, ― վատ են գնում գործերս, վատ են գնում գործերս։
Այդ ասելուց հետո սկսեց պտտվել մի ոտի վրա առանց հավասարակշռությունը կորցնելու։
― Իսկապես որ սրա արածը մարդու գործ չի, ― ասաց Տրիպեն։
― Իսկ ես էլի սխալվեցի, ― պատասխանեց Գիմնաստը։
Այդպես խոսելով նա աջ ձեռքի բութ մատով հենվեց թամբին, միանգամից ոտները վեր բարձրացրեց և մնաց գլխի վրա կանգնած։ Այդ դիրքով նա երեք անգամ պտույտ եկավ իր շուրջը, ապա հանկարծ նորից շուռ եկավ և կնավարի նստեց ձիու վրա։ Այնուհետև ոտքը գցեց ձիու մյուս կողմը, գլուխկոնծի տվեց և նստեց թամբին։ Դրանից հետո նա նորից կանգնեց թամբի վրա, թևերը պարզեց երկու կողմ, սկսեց պտույտ գալ և որքան ուժ ուներ գոռալ․
― Ես դիվոտել, կատաղել եմ, հեյ սատանաներ, կատաղել եմ, բռնեցեք, բռնեցեք ինձ։
Իսկ նրա շուրջը կանգնած հիմարներն ասում էին միմյանց․
― Ազնիվ խոսք, սա անպատճառ կամ սատանայի ծնունդ է, կամ ծպտված սատանա։ Տեր, դու ներիր մեզ, մեղավորներիս։
Սրանք էլ մեկը մյուսի ետևից ծլկում գնում էին զանազան կողմեր։
Գիմնաստն այս որ տեսավ, հանկարծ ձիուց ցած թռավ, սուրը պատյանից հանեց և հարձակվեց թշնամիների վրա։ Որին տեսավ՝ խփեց, գետին տապալեց։ Ոչ ոք սիրտ չէր անում նրա վրա հարձակվել, կարծելով, որ նա մարդ չէ, այլ կատաղած դև։ Միայն Տրիպեն փորձեց թրի հարվածով նրա գլուխը մեջտեղից կես անել, բաց Գիմնաստի սաղավարտն այնքան ամուր էր, որ թրի հարվածը միայն նրա գլուխը ցնցեց առանց որևէ վնաս հասցնելու։ Գիմնաստը ետ դարձավ և լախտով անպես խփեց Տրիպեի գլխին, որ սա անշնչացած գետին գլորվեց։
Այնուհետև Գիմնաստը թռավ ձիու վրա և ընկերոջ հետ սրարշավ վերադարձավ Գարգանտյուայի մոտ։
Գլուխ XII
Այն մասին, թե ինչպես Գարգանտյուան կործանեց Վեդի ամրոցը
Հենց որ Գարգանտյուան իմացավ, որ թշնամու ամբողջ զորքը բաղկացած է ավազակներից ու կողոպտիչներից, որոնց մեջ ոչ մի կարգ ու կանոն չկա, իսկույն նստեց իր ձին և համարձակ առաջ գնաց թշնամիների դեմ։ Ճանապարհին տեսավ մի կաղնի, որ աճել էր անհիշելի ժամանակներից և չորս կողմի բոլոր ծառերից ամենաբարձրն էր։
― Այ, իմ ուզածն էլ հենց սա էր, ― ասաց Գարգանտյուան և առանց դժվարության դուրս քաշեց կաղնին ու հանեց գետնից իր արմատներով։ Հետո ճյուղերն ու արմատները պոկեց դեն գցեց և իր համար մի լավ մահակ շինեց։
Այդ ժամանակ նրա ձին այնպես միզեց, որ չորս կողմը յոթ վերստանոց մի ահագին լիճ գոյացավ։ Այդ բոլորը գնաց թափվեց Վեդի հունը, որից գետը վարարեց, դուրս եկավ ափերից, և թշնամիների ամբողջ ոհմակը ջրասույզ եղավ։ Կարողացան ազատվել միայն նրանք, ովքեր մի կերպ փախան դեպի ձախակողմյան բլուրները։
Գարգանտյուան մոտեցավ Վեդի անտառին և իմացավ, որ ամրոցում մնացել են թշնամիների երկու ջոկատ։
― Է՜յ, ովքե՞ր կաք այդտեղ, ― գոչեց նա ամբողջ կոկորդով մեկ, ― ամրոցում մարդ կա թե ոչ, թե կա, դուրս եկեք ջհանդամի ծոցը կորեք, քանի ուշ չէ, թե չէ վայն եկել է ձեզ տարել։
Այդ ժամանակ թնդանոթաձիգ ավազակներից մեկը նշան բռնեց և կրակեց։ Արկը կպավ ուղիղ Գարգանտյուայի քունքին։
― Այս ի՞նչ բան է, ― զարմացած հարցրեց Գարգանտյուան, ― այս ո՞վ է խաղողի կորիզներ շպրտում ինձ վրա։ Ես հիմա ցույց կտամ, թե ում հետ ինչպիսի կատակ կարելի է անել։
Բայց այդ ժամանակ բոլոր թնդանոթաձիգները կանգնած էին արդեն իրենց թնդանոթների մոտ և այնպիսի կրակ բաց արին, որ կարճ ժամանակում 9025 անգամ թնդանոթ արձակեցին։ Եվ նրանք բոլորը նշան էին բռնում Գարգանտյուայի գլխին։
― Պոնոկրատ, սիրելի բարեկամ, ― գոչեց Գարգանտյուան երկու ձեռքով պաշտպանվելով ամեն կողմից իր վրա թռչող արկերից, ― որտեղի՞ց են գալիս այս անիծված ճանճերը։ Այդ ուռենուց մի ոստ կտրիր, տուր, որ դրանց քշեմ, թե չէ դրանց հախից ոչ մի կերպ չեմ կարողանում գալ։
Բայց երբ Պոնոկրատը նրան ասաց, որ դրանք ճանճեր չեն, այլ թնդանոթներից արձակված արկեր, Գարգանտյուան սաստիկ զայրացավ և իր մահակով այնպիսի ուժով խփեց ամրոցի պատերին, որ հենց առաջին հարվածից երկու աշտարակ հիմնովին կործանվեց։ Այնուհետև Գարգանտյուան սկսեց աջ ու ձախ հարվածել իր մահակով, մինչև որ ամբողջ ամրոցը վերածեց ավերակների, և բոլոր թշնամիները ոչնչացան ավերակների տակ։
Թշնամիներին այդպիսի դաս տալուց հետո նրանք անարգել անցան Վեդի հունով գետի մյուս ափը և շտապ շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Գրանգուզիեի դղյակը։
Գլուխ XIII
Այն մասին, թե ինչպես էին Գարգանտյուայի մազերից թնդանոթի արկեր թափվում
Հոր հետ ողջագուրվելուց հետո Գարգանտյուան գնաց իր սենյակը ճանապարհի շորերը փոխելու և գլուխը սանրելու։ Սանրվելու համար Գարգանտյուան գործ էր ածում մի ահագին սանր, որի երկարությունը կլիներ մոտ հարյուր սաժին, իսկ ատամները շինված էին փղի ամբողջական ժանիքներից։ Գարգանտյուան գլուխը սանրեց թե չէ, թնդանոթի արկերն սկսեցին թափվել սեղանի վրա։ Գրանգուզիեն սարսափեց, կարծելով թե դրանք միջատներ են։
― Աստված իմ, ― գոչեց նա, ― որդիս, չլինի թե այդ թռչունները դու Մոնտեգլյուից ես բերել մեզ մոտ։ Ես չէի էլ մտածում, որ Պոնոկրատը այդ զզվելի դպրոցն է տվել քեզ։
― Տեր իմ, արքա, ― ասաց Պոնոկրատը, ― մի՞թե կարծում եք, ես թույլ կտայի, որ իմ սանը մտնի մի այդպիսի զազրելի տեղ։ Այն ժամանակ ավելի լավ կլիներ, որ նա ժամանակն անցկացներ ամենակեղտոտ մուրացիկների շրջանում, քան հաճախեր Մոնտեգլյուի դպրոցը։ Պետք է իմանաք, որ այդ դպրոցում ուսուցիչները աշակերտների հետ շատ ավելի վատ են վարվում, քան դուք ձեր շների հետ։ Ճշմարիտն ասած՝ այդ դպրոցն ավելի բանտի է նման, քան դպրոցի։ Ես որ Փարիզի թագավորի տեղը լինեի, այդ դպրոցի բոլոր ուսուցիչներին իրենց դիրեկտորի հետ միասին կկախեի միևնույն գերանից՝ նրանց գործած դաժանությունների համար։
Այս ասելուց հետո Պոնոկրատը բարձրացրեց արկերից մեկն ու ավելացրեց՝
― Այս այն ռումբերն են, որոնցով ռմբակոծել են ձեր որդուն Վեդի անտառում։ Թշնամու վրա, ճիշտ է, դա շատ թանկ է նստել, բայց նա վերջնականապես դեռ հաղթված չէ։ Մենք պետք է հալածենք թշնամուն և թույլ չտանք, որ նա շունչ քաշի, եթե ոչ նա շուտով կարող է նորից ուժեր հավաքեել և մեր դեմ դուրս գալ։
― Դա շուտ լինելու բան չէ, ― ասաց Գրանգուզիեն, ― այդ պատճառով ես ուզում եմ ձեզ հյուրասիրել, չէ՞ որ դուք իմ ամենացանկալի հյուրն եք։
Եվ ահա թե ինչ պատվիրեց Գրանգուզիեն խորովել ընթրիքի համար․
16 եզ, 3 երինջ, 32 հորթ, 63 ուլ, 96 ոչխար, 300 խոճկոր, 320 կաքավ, 700 կտցար, 400 աքլոր, 1700 հավ, 6000 հավի ճուտ, 6000 աղավնի, 600 սալամբ, 1400 նապաստակ, 300 բադ, 1700 լոր։
Բացի այդ պատրաստել էին նաև բազմաթիվ զանազան ապուրներ, իսկ գինին մատակարարում էին Ժանոն, Միքելը և Վերենեն, որոնք իրենք էլ պակաս կոնծողներ չէին, թեև այդ նրանց չէր թույլատրվում ի պաշտոնե։- ↑ Ըստ հին հունական դիցաբանության, Սիլենը եղել է գինեգործության և այգեգործության աստված Դիոնիսի դաստիարակը և մշտական ուղեկիցը։ Սիլենին միշտ պատկերում էին ճաղատ, հաստլիկ ու հարբած ծերուկի տեսքով։
- ↑ Գրանգուզիե ֆրանսերեն նշանակում է «մեծ կոկորդ»։ Գրանգուզիեի կնոջ անունը՝ Գարգամել, նույնպես նշանակում է «կոկորդ»։ Այդ երկու անունները ցույց են տալիս, որ հսկան և նրա կինը հայտնի շատակեր են եղել։
- ↑ Դը գրան տյուա նշանակում է՝ «ինչ մեծ կոկորդ ունես»։
- ↑ Պենանսակ նշանակում է՝ «Հացը՝ պարկի մեջ»։ Որպես ծաղր այդպես էին Ֆրանսիայում անվանում շատ աղքատ մարդկանց։
- ↑ Ֆրանրեպա նշանակում է՝ անվճար ճաշ։ Ֆրանսերեն դարձվածքը՝ «անվճար ճաշ ուտել», ― նշանակում է «ճաշել, առանց կերածի համար վճարելու»։
- ↑ Մետր ֆրանսերեն նշանակում է ուսուցիչ։ Գարգանտյուայի ուսուցչի անունը բաղկացած է աստվածաշնչային երկու անուններից՝ Տյուբալ, որն ըստ աստվածաշնչային առասպելաբանության Կայենի սերնդին է պատկանում և եղել է մետաղագործության հիմնադիրը, և Օլոֆերն, որը Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի զորավարներից մեկի անունն է։
- ↑ Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ 2֊ի (379―336 մթ․ առաջ) որդի Ալեքսանդրը, (356―323 մթ․առաջ) մեծագույն աշխարհակալներից մեկն է։
- ↑ Արիստոտելը (384―322 մթ․ առաջ) խոշորագույն հույն գիտնականներից և փիլիսոփաներից մեկն է։ Ճիշտ է, որ Ֆիլիպը հրավիրել էր նրան Մակեդոնիա որպես թագաժառանգի դաստիարակ։
- ↑ Պոնկրատ հուներեն նշանակում է «անխոնջ», «ուժեղ»։
- ↑ Եվդեմոն հունարեն նշանակում է «բախտավոր»։
- ↑ Ցիցերոն, Մարկոս Տուլիոս (106―46 մթ․ առաջ) հին հռոմեական հռետոր, քաղաքական գործիչ և փիլիսոփա։ Նրա ճառերը համարվում էին հռետորական արվեստի և կլասիկ լատիներենի կատարելության օրինակ։
- ↑ Երկրորդ գլխում Ռաբլեն քննադատում է միջնադարյան կրթությունը, որը դեռևս իշխում էր նրա ժամանակ, և հին ձևի կրթությունը հակադրում էր նոր մանկավարժությանը։ Միջին դարերում կրթությունը լիովին գտնվում էր հոգևորականության ձեռքում։ Բացառապես կրոնական բնույթ ուներ։ Ահա հենց այդպես էր կրթում Գարգանտյուային Տյուբալ Օլոֆերնը (դրանով է բացատրվում նրա աստվածաշնչային անունը)։ Բոլորովին այլ համոզմունքի տեր էր Գարգանտյուայի մյուս ուսուցիչը՝ Պոնոկրատը։ Պանոկրատը ժամանակակից մանկավարժ էր։ Նա իր սաներին սովորեցնում էր աշխատել թե ֆիզիկապես և թե մտավորապես (սրանից էլ առաջացել է նրա անունը)։
- ↑ Լանգեդոկը Ֆրանսիայի հարավային նահանգներից մեկն է։ Լանգեդոկի այծերի ականջները կախ են ընկած, մինչդեռ սովորկան այծերի ականջները վեր են ցցված և սրածայր են։
- ↑ Նել աշտարակը մեկն է Փարիզի չորս մեծ աշտարակներից, ավերվել է XVII դարում։
- ↑ Յանոտուսի ճառը ծաղրական նմանողություն է միջնադարյան փիլիսոփաների դատողություններին։ Ռաբլեն ծաղրում է միջնադարյան այն փիլիսոփաներին, որոնք ամենապարզ հարցերը դարձնում էին վերամբարձ ու վերացական խնդիրներ։
- ↑ Ավետարանական հայտնի դարձվածք է։
- ↑ Միջին դարերում մեղքերի թողություն կարելի էր գնել դրամով։ Եկեղեցիներում և վանքերում ծախվում էին այսպես կոչված ինդուլգենցիաներ, որոնք մի տեսակ շնորհագրեր էին։ Դրանցում նշված էին լինում այն մեղքերը, որոնց համար թողություն կարող էր ստանալ գնորդը։
- ↑ Պեկրոշոլ (Պիկրոխոլ) հուներեն նշանակում է «դյուրագրգիռ», «չար»։
- ↑ Տրեպելյու ֆրանսերեն նշանակում է «քրջոտ», «մուրացիկ»։
- ↑ Տուկդիլիոն ֆրանսերեն նշանակում է «պարծենկոտ», «սնապարծ»։
- ↑ Բոմբարդ՝ հին թնդանոթ, որը լցնում էին քարե ռումբերով։
- ↑ Մորտիր՝ կարճ և մեծ տրամաչափի թնդանոթ, որի արձակած ռումբերը աղեղնաձև էին սլանում օդի մեջ, այդ պատճառով կարողնում էին ամենաբարձր պարիսպների վրայից անցնել և հարվածել հակառակորդին։
- ↑ Բազիլիկ՝ XVI դարի թնդանոթ, որի արձակած ռումբերը երկաթից էին և 75 ֆունտ ծանրություն ունեին։ Այս թնդանոթը բազիլիկ անունն էր կրում, որովհետև նրա վրա կար առասպելական հրեշի՝ բազիլիկի նկարը։ Դա մի օձ էր, որի գլխի մաշկի ծալքերը թագի ձև ունեին։ Ըստ հին ավանդության, բազիլիկի միայն հայացքն սպանում էր մարդկանց ու կենդանիներին, իսկ նրա սուլոցը բոլորին փախուստի էր մատնում։
- ↑ Տուրնեմուլ ֆրանսերեն նշանակում է «ջրաղացքար դարձնող» (անշնորհք, ծանրաշարժ)։
- ↑ Գրատել ֆրանսերեն նշանակում է «քոսոտ», «զզվելի»։
- ↑ Թագավորի ներկայությամբ գլխարկ կրելու իրավունք ունեին միայն ամենաբարձր անձինք։ Երբ Պիկրոշոլը թույլ էր տալիս իր մերձավորներին գլխարկները չհանել, դրանով ուզում էր ցույց տալ, որ գոհ է նրանցից։
- ↑ Բարբարոսսա (Կարմրամորուս)։ Ալժիրի տիրակալ Կայիր Էդգինի մականունն էր (1476―1546):
- ↑ Կաթոլիկական սովորության համաձայն պապին ներկայանալիս պետք է համբուրեին նրա հողաթափը։
- ↑ Երուսաղեմի տաճարն ըստ Աստվածաշնչի ավանդության կառուցել է եբրաեցիների թագավոր Սողոմոնը։
- ↑ Եխեֆրոն հունարեն նշանակում է «զգույշ», «խելամիտ»։
- ↑ ամբողջ արևմտյան Եվրոպայում մինչև XVIII դարը ռուսական պետությունը կոչվում էր Մոսկվա կամ Մոսկովիտիա, իսկ ռուսներին կոչում էին մոսկովցիներ»
- ↑ Այն գլուխներում, որտեղ նկարագրված է Գրանգուզիեի մղած պատերազմը Պիկրոշոլի դեմ, Ռաբլեն ծաղրում է դատաստանական գործը, որը սկսել էր նրա հայր Անտուան Ռաբլեն իր հարևան կալվածատեր Սենտ֊Մարտի դեմ։