Վերջին թարմացում 27 Հոկտեմբերի 2015, 15:35

Պետեր Շլեմիլի զարմանալի պատմությունը

Պետեր Շլեմանի զարմանալի պատմությունը

հեղինակ՝ Ալդելբերտ Շամիսո

Հին բարեկամիս՝ Պետեր Շլեմիլին

Տարիներ հետո ձեռագիրդ հանկարծ
Իմ ձեռքը ընկավ, և ես հիշեցի
Մեր ընկերության օրերը անցած,
Երբ աշխարհը մեզ դարձավ ուսուցիչ։
Ես ծեր եմ հիմա, մազս ճերմակած,
Քեզնից պահելու էլ չունեմ ոչինչ,
Դու բարեկամս ես՝ ինչպես որ առաջ,
Եվ ինքս էլ միշտ քեզ՝ հավատարիմ աջ։

Իմ խեղճ բարեկամ, չարիքն իմ հանդեպ
Չեղավ այնքան նենք, քո հանդեպ որքան ―
Ես երազեցի կապույտն ակընդետ,
Ավաղ, ինձ տրվեց կյանքում շատ քիչ բան։
Զուր էր Սատանան հպարտանում, թե
Գնել է նա իմ ստվերը այնժամ ―
Իմ ծնված օրից ստվերս ունեմ,
Եվ ես ամենուր, միշտ նրա հետ եմ։

Թեև մանկան պես եղել եմ արդար,
Բայց ծաղրվել եմ հաճախ մարդկանցից, ―
Արդյո՞ք նման ենք մենք այդքան իրար, ―
«Ստվերդ ո՞ւր է»,― կանչում էին ինձ։
Ցույց էի տալիս ստվերս՝ անբառ,
Ու ծայր էր առնում մի դաժան քրքիջ։
Մարդուն տրվում է ուժ համբերության,
Երբ անմեղ է նա ու անապական։

Ի՞նչ է ստվերը, ― ուզում եմ հարցնել,
Թեև այդ հարցը լսել եմ այնքան,
Այս աշխարհը չար շատ չի՞ հանել վեր
Ստվերը՝ տալով բարձր գին նրան։
Մեր տարիները՝ գնացած հավետ
Պարգևեցին մեզ լույսն իմաստության․
Առաջ ստվերն էինք մենք գոյ դարձրել,
Իսկ այժմ գոյը՝ խաբուսիկ ստվեր։

Եվ այսպես՝ ձեռք տանք միմյանց, Շլեմիլ,
Քայլենք, թող լինի ողջն առաջվա պես,
Անցածի համար բնավ մի տրտմիր,
Չէ՞ որ հին սերն է նորից կապում մեզ։
Մոտեցել ենք մեր իղձին վաղեմի,
Թող մեր շուրջ սարքեն ծաղրանքի հանդես,
Հողմերից հետո նավահանգստում
Մենք, այնպե՜ս հոգնած, կառնենք քաղցր քուն։

Ադելբերտ ֆոն Շամիսսո
Բեռլին, օգոստոս, 1934 թ․


Հուլիոս Էդուրարդ Հիթցիգին

Ադելբերտ ֆոն Շամիսսոյից

Էդուարդ, դու ոչ ոքի չես մոռանում և, իհարկե, դեռ հիշում ես ոմն Պետեր Շլեմիլի, որին անցած տարիների ընթացքում հանդիպել ես ինձ մոտ։ Մի չորուկ ու լողլող տղա էր և անճարակ, որովհետև դանդաղաշարժ էր, նաև ծույլ էր, որովհետև ճարպիկ չէր։ Նա ինձ դուր էր գալիս։ Դու իհարկե չես մոռացել, թե ինչպես մի նագամ մեր «կանաչ» ժամանակաշրջանում նա խույս տվեց սոնետներ գրելու փորձից․ ես նրան բերեցի մի ուրիշ բանաստեղծական հավաքույթի՝ թեյի սեղանի շուրջ, ուր նա քնեց հենց գրելու ընթացքում՝ առանց սպասելու բանաստեղծությունների ընթերցանությանը։ Հիշում եմ նաև, թե դու ինչպես սրամտեցիր նրա հասցեին։ Մինչ այդ, պատված գիտի որտեղ և երբ, դու տեսել էիր նրան՝ հին, սև բաճկոնով, որը նա հագել էր նաև այդ անգամ։ Եվ դու ասացիր․ «Այս տղան կարող էր իրեն երջանիկ համարել, եթե նրա հոգին իր բաճկոնի կեսի չափ անմահ լիներ»։ Բոլորդ այսպիսի վառ կարծիք ունեիք նրա մասին։ Իսկ նա ինձ դուր էր գալիս։

Ահա հենց այդ Շլեմիլից, որին երկար տարիներ կորցրել եմ իմ տեսադաշտից, մնացել է այս տետրը, որ ուզում եմ վստահել քեզ։ Միայն քեզ, Էդուարդ, իմ սրտագին ընկերոջը, իմ լավագույն «ես»֊ին, որից ոչ մի գաղտնիք չունեմ։ Միայն քեզ եմ վստահում և, իհարկե, մեր Ֆուկեին, որն իմ սրտում քեզ նման տեղ ունի, բայց լոկ՝ որպես ընկեր, ոչ որպես բանաստեղծ։ Դուք հասկանո՞ւմ եք, որքան ինձ համար տհաճ կլինի, եթե մի անկեղծ մարդ, որը վստահել է իմ ընկերությանն ու ազնվությանը՝ գրական ստեղծագործության մեջ անարգվի, կամ եթե նույնիսկ ընդհանուր առմամբ նրան վերաբերվեն ոչ բավական հարգանքով, որպես մի մարդու, որի հետ չի կարելի և հնարավոր չէ կատակել։ Ճիշտ է, պիտի խոստովանել, ցավում եմ, որ այս պատմությունը, դուրս գալով մի բարի մարդու գրչի տակից՝ հնչում է անհեթեթ․ եթե սա գրվեր մեկ ուրիշ՝ շնորհալի ձեռքով, կարտահայտեր իր ողջ կոմիկական ուժը։

Ի՜նչ կստեղծեր սրանից Ժան Պոլը։ Ի դեպ, սիրելի ընկեր, այս պատմության մեջ, հնարավոր է, հիշատակվում են նաև այժմ ապրող մարդիկ․ դա նույնպես պետք է նկատի ունենալ։

Մի քանի խոսք էլ այն մասին, թե ինչպես ձեռքս ընկան այս թերթերը։ Ստացա երեկ՝ վաղ առավոտյան, երբ հենց նոր արթնացել էի․ տարօրինակ տեսք ունեցող մի մարդ՝ երկար, ալեխառն մորուքով, հագած հնամաշ սև բաճկոն, ուսին մի բուսաբանական պահպանակ, և, չնայած անձրևային եղանակին կոշիկների վրայից մուճակներ, դիմեց ինձ և մոտս թողեց տետրը։ Նա Բեռլինից էր ժամանել։

Կուներսդորֆ, 27 սեպտեմբերի, 1813 թ․
Ադելբերտ ֆոն Շամիսսո

Հ․Գ․

Ուղարկում եմ քեզ մի ուրվանկար․ այն կատարել է հմուտ վարպետ Լեոպոլդը, որն այդ պահին կանգնած էր պատուհանի մոտ և ապշել էր այդ անսովոր երևույթով։ Իմանալով, որ ես բարձր եմ գնահատում նկարը, նա հաճույքով նվիրեց ինձ։

***

Բարեհաջող, թեև ինձ համար սաստիկ դժվարին ճանապարհորդությունից հետո, վերջապես հասանք նավահանգիստ։ Երբ թիանավակն ինձ ափ հասցրեց, շուտափույթ հավաքեցի մանր֊մունր իրերս և խառնիխուռն ամբոխի հրմշտոցի միջով շարժվեցի դեպի մոտակա արտաքուստ աննշան տունը, որի վրա հյուրանոցի ցուցանակ էր փակցված։ Պահանջեցի սենյակ։ Սպասավորը հայացքով չափեց ինձ և առաջնորդեց ձեղնահարկ։ Այնուհետև սառը ջուր ուզեցի, միաժամանակ խնդրեցի հանգամանորեն բացատրել, թե ինչպես կարելի է գտնել պարոն Թոմաս Ջոնին։

― Հյուսիսային դարապասից այն կողմ, աջ թևի վրա առաջին վիլլան է․ մեծ, նոր տուն է՝ կառուցված կարմիր ու սպիտակ մարմարից։

Շատ լավ։ Դեռ վաղ էր։ Ես անմիջապես քանդեցի կապոս, հանեցի երեսը նոր շուռ տված սերթուկս, հագա ամենալավ շորերս, գրպանս դրեցի հանձնարարական նամակը և գնացի այն մարդու մոտ, որի հովանավորությամբ պիտի իրականանային իմ համեստ հույսերը։ Երկար ու ձիգ Հյուսիսային փողոցը կտրելուց և դարպասն անցնելու հետո միայն տեսա կանաչի մեջ շողշողացող սյունաշարը։ «Սա է, որ կա»― մտածեցի ես։ Թաշկինակով սրբեցի կոշիկներիս փոշին, փողկապս ուղղեցի և աստծո անունը տալով իժհնչեցրի զանգը։ Դուռը բացվեց։ Նախասենյակում ինձ իսկական հարցաքննության ենթարկվեցին։ Դռնապանը կարգադրեց հայտնել իմ մասին և ես պատիվ ունեցա հրավիրվել պարտեզ, որտեղ պարոն Ջոնը զբոսնում էր մի խումբ բարեկամների հետ։ ՆՐան ես անմիջապես ճանաչեցի դեմքի ինքնագոհ արտահայտությունից։ Նա ինձ շատ լավ ընդունեց՝ ինչպես հարուստը՝ մի խեղճ ու կրակ աղքատի, նույնիսկ թեքվեց իմ կողմ, իհարկե չանջատվելով մարդկանցից, և ձեռքիցս վերցրեց նամակը։

― Այդպես, այդպես, իմ եղբորից․ երկար ժամանակ նրանից լուր չունեի։ Ուրեմն նա առո՞ղջ է։― Այնտեղ,― առանց պատասխանի սպասելու շարունակեց նա՝ դիմելով հյուրերին և նամակը բռնած ձեռքով ցույց տվեց բլուրը,― ա՜յ այնտեղ կկառուցեմ նոր շինությունը։

Նա ծրարը բացեց, առանց դադարեցնելու խոսակցությունը, որ այժմ վերաբերում էր հարստությանը։

― Ով գոնե կես միլիոն չունի, ներեցեք արտահայտությանս, առնվազն ստահակ է։

― Օ, ճշմարիտ է,― բացականչեցի ես անկեղծությամբ։

Դա հավանաբար նրան դուր եկավ, նա ժպտաց ինձ և ասաց․

― Մնացեք այստեղ, սիրելի բարեկամ, հետո, գուցե ես ժամանակ գտնեմ ձեզ հետ զրուցելու սրա մասին։

Նա ցույց տվեց նամակը, որն անմիջապես դրաեց գրպանը և նորից զբաղվեց հյուրերով։ Ապա թևանցուկ արեց մի դեռատի տիկնոջ։ Մյուս պարոնները պտտվում էին մնացյալ գեղեցկուհիների շուրջը։ Նրանցից յուրաքանչյուրը գտավ մեկին, և բոլորը թևանցուկ քայլեցին դեպի վարդերով ծածկված բլրակը։

Ես դանդաղ հետևում էի նրանց՝ աշխատելով չանհանգստացնել որևէ մեկին, և ոչ ոք այլևս չէր նկատում իմ ներկայությունը։ Հյուրերը զվարթ տրամադրության մեջ էիին, անվերջ խենթություններ ու կատակներ էին անում, երբեմն լրջորեն խոսում թեթևամիտ բաների, հաճախ՝ թեթևամտորեն, լուրջ բաների մասին և ընդգծված հանգստությամբ սրամտում բացակայող ընկերների ու նրանց վարքի մասին։ Ես լավ չէի հասկանում, թե նրանք հիմնականում ինչի մասին են խոսում․ այդ խմբի մեջ ինձ օտար էի զգում, սրտնեղած, ինքնամփոփ։ Ամեն ինչ հանելուկ էր, որը չէր հասնում գիտակցությանս։

Մենք մոտեցանք վարդի թփուտներին։ Գեղեցկուհի Ֆանին, որը երևում է օրվա թագուհին էր, ցանկացավ ինքն անձամբ մի ծաղկած ճյուղ կտրել։ Փուշը ծակեց նրա մատը և թվաց, թե ալ կարմիրը վարդերից կաթեց նրա նուրբ ձեռքի վրա։ Այս դեպքը անհանգստություն պատճառեց ներկաներին։ Սկսեցին որոնել անգլիական պլաստիր։ Մի լռակյաց, նիհար, չոր, բարձրահասակ, տարեց մարդ, որը մինչ այդ իմ տեսադաշտից աննկատ էր մնացել, ձեռքն անմիջապես տարավ գորշ ֆրակի կողքի գրպանը, հանեց մի փոքրիկ թղթապանակ և, ջերմեռանդ երկրպագությամբ պահանջվածը մատուցեց տիկնոջը։ Վերջինս վերցրեց առանց ուշադրություն դարձնելու և առանց շնորհակալություն հայտնելու։ Վերքը կապեցին և խումբը շարունակեց քայլել բլրակով, վայելելու համար բարձունքից տարածվող բնապատկերը՝ պուրակի կանաչ լաբիրինթոսով և անսահման օվկիանոսով։

Տեսարանն արդարև վեհաշուք էր և սքանչելի։ Հորիզոնում, մութ ալիքների ու երկնքի կապույտի միջև հայտնվեց մի լուսավոր կետ։

― Հեռադիտա՛կ,― գոչեց Ջոնը։

Եվ մինչև ծառաները կշարժվեին տեղից, գորշ զգեստով մարդը ձեռն արդեն տարել էր գրպանը, որտեղից հանեց մի գեղեցիկ դոլլոնդ և հանձնեց պարոն Ջոնին։ Վերջինս անմիջապես աչքին դրեց հեռադիտակը և խմբին հայտնեց, որ այդ լուսավոր կետը նավ է․ այն դեռ երեկ էր խարիսխը բարձրացրել, սակայն դիմահար քամու պատճառով չէր կարողացել բաց ծով դուրս գալ։ Հեռադիտակը ձեռքից֊ձեռք անցավ ու չվերադարձավ տիրոջը։ Իսկ ես զարմացած նայում էի այդ մարդուն և չէի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է այդքան մեծ գործիքը դուրս գալ փոքրիկ գրպանից։ Բայց մյուսների համար կարծես ոչինչ տարօրինակ չէր, և ինչպես ես, այնպես էլ գորշ մարդը նրանց համար մնում էինք աննկատ։

Թանկարժեք սկուտեղների վրա մատուցեցին ըմպելիքներ և հազվագյուտ մրգեր՝ բերված հողագնդի տարբեր ծայրերից։ Պարոն Ջոնը հյուրասիրում էր անբռնազբոս սիրալիրությամբ։ Այստեղ երկրորդ անգամ նա դիմեց ինձ․

― Համեցեք, փորձեք, ծովային ճամփորդության ժամանակ դուք չէիք կարող սրանցից ճաշակել։

Ես խոնարհվեցի, բայց նա արդեն ինձ չէր նայում, խոսում էր մեկ ուրիշի հետ։

Խումբը մեծ հաճույքով հանգիստ կառներ զառիթափի մարգագետնում, որի դիամց ընդարձակ տեսարան էր բացվում, բայց հողի խոնավությունը վախեցնում էր։ Խմբից մեկը նկատեց, որ հրաշալի կլիներ այդտեղ թուրքական գորգ փռել։ Նա դեռ խոսքը չէր ավարտել, երբ գորշ բաճկոնով մարդը ձեռքը տարավ գրպանը և համեստորեն, նույնիսկ քծնանքով, սկսեց այնտեղից դուրս քաշել մի շքեղ, ոսկեթել թուրքական գորգ։ Առանց երկար֊բարակ մտածելու, կարծես ամեն ինչ այդպես էլ պետք է լիներ, խումբը տեղավորվեց գորգի վրա։ Ես նորից տարակուսանքով նայեցի մերթ գորշ զգեստով մարդուն, մերթ նրա գրպանին, մերթ գորգին, որն ուներ քսան քայլ երկարություն, տասը քայլ լայնություն, և աչքերս շփեցի՝ չիմանալով ինչ մտածել այս ամենի մասին, մանավանդ որ ոչ մեկը այստեղ տարօրինակ բան չէր տեսնում։

Ես շատ էի ուզում իմանալ, թե ով է այդ մարդը, բայց չգիտեի ում դիմել, որովհետև ավելի շատ երկյուղ եմ կրում պարոն ծառաներից, քան ծառա պարոններից։ Վերջապես սրտապնդեցի և մոտեցա մի երիտասարդի, որն ավելի մեղմ տեսք ուներ, քան մյուսները և ամբողջ ժամանակ խմբից առանձնացած էր։ Ես նրան շշուկով հարցրեցի, թե ո՞վ է այն գորշ հագուստով մարդը։

― Նա՞, որ նման է դերձակի ասեղի ծակից դուրս պրծած թելի։

― Այո, նա, որ կանգնած է մենակ։

― Չեմ ճանաչում։― Պատասխանեց նա և շրջվեց։

Ինչպես ինձ թվաց, նա խուսափում էր մեր հետագա զրույցից և սկսեց մեկ ուրիշի հետ խոսել ինչ֊որ դատարկ բաների մասին։

Արեգակն արդեն սկսել էր այրել, և տիկնանց համար անտանելի շոգ էր։ Գեղեցկուհի Ֆաննին անփութորեն մոտեցավ գորշ հագուստով մարդուն, որի հետ, որքան ես գիտեմ, ոչ մեկը դեռ չէր խոսել, և թեթևամիտ մի հարց տվեց, թե արդյո՞ք նրա մոտ չի ճարվի վրան։ Նա գեղեցկուհուն պատասխանեց այնպիսի խորին հարգանքով, կարծես թե ինքը արժանի չէր այդքան ուշադրության և հենց այդ պահին ձեռքը գրպանը տարավ, ու աչքիս առաջ այնտեղից հանեց կտոր, ցցեր, պարան, երկաթյա հենքեր՝ մի խոսքով, այն ամենը, ինչ հարկավոր էր մի շքեղ վրանի համար։ Երիտասարդ պարոնները օգնեցին վրանը խփելու, որը ամբողջովին ծավալվում էր գորգի վրա․ և այստեղ նույնպես ոչ ոք չզարմացավ։

Ես արդեն վաղուց տագնապի մեջ էի, նույնիսկ սարսափած, և ի՜նչ զգացում ունեցա, երբ ի պատասխան հաջորդ բարձրաձայն արտահայտած ցանկության, նա գրպանից հանեց երեք հեծկան ձի, ես քեզ ասում եմ երեք գեղեցիկ, մեծ, սևաթույր, սանձերը բերանին, թամբած ձիեր տեսա գրպանից հանելիս։ Պատկերացրու երեք թամբած ձի և այդ բոլորը այն նույն գրպանից, որտեղից արդեն դուրս էին եկել թղթապանակը, հեռադիտակը, քսան քայլ երկարություն և տասը քայլ լայնություն ունեցող գորգը, այդ չափսի վրանը՝ բոլոր անհրաժեշտ ցցերով ու ձողերով։ Եթե ես քեզ երդմամբ չհավաստեի, որ այդ ամենը տեսել եմ իմ սեփական աչքերով, դու իհարկե կարող էին ինձ չհավատալ։

Այդ մարդը թվում էր այնպես ամոթխած և համեստ, ուրիշները այնքան քիչ ուշադրություն էին դարձնում նրան, և նրա գունատ տեսքը, որից չէի կարողանում հայացքս կտրել, այնպես սարսափելի էր, որ ես այլևս չկարողացա դիմանալ։

Զգալով իմ աննշան դերը այդ հասարակության մեջ՝ որոշեցի աննկատ հեռանալ և դա առանձնապես մի դժվար բան չէր թվում։ Ուզում էի քաղաք վերադառնալ, հաջորդ առավոտյան բախտս կրկին ձորձել պարոն Ջոնի մոտ, և եթե քաջությունս բավականացներ՝ հարցնել պարոն Ջոնին այդ տարօրինակ, գորշ զգեստ հագած մարդու մասին։ Երևանի թե բախտ ունենայի այդպտեղից դուրս պրծնել։

Վարդը թփուտների միջով հաջողությամբ հասա մինչև բլրակի ստորոտը և հայտնվեցի մի ազատ, փոքրիկ մարգագետնում, բայց վախենալով, որ անցել եմ ոչ թե ճանապարհով, այլ խոտերի միջով, սկսեցի զննել շուրջս։

Հանկարծ այնպես սարսափեցի, երբ տեսա գործ զգեստ հագած մարդուն՝ ինձ հետևելիս։ Նա անմիջապես հանեց գլխարկը և իմ առջև այնպես ակնածանքոով խոնարհվեց, ինչպես մինչ այդ ոչ մեկը ինձ չէր խոնարհվել։ Անկասկած, նա ուզում էր զրուցել ինձ հետ և իմ կողմից անքաղաքավարություն կլիներ հրաժարվելը։ Ես նույնպես հանեցի գլխարկս, խոնարհվեցի ու գլխաբաց կանգնեցի արևի տակ՝ քար կտորածի պես անշարժ։ Ես սարսափով, ապշած նայում էի նրան, ինչպես թռչունը, որ գերվում է օձի հայացքից։ Նա նույնպես հուզված էր երևում, չէր բարձրացնում աչքերը, ապա, կրկին անգամ խոնարհ գլուխ տալով, մոտեցավ և սկսեց խոսել ինձ հետ մեղմ, անվստահ, աղաչական տոնով։

― Պարոն, ես իմ համարձակության համար ներողություն եմ խնդրում, որ ձեզ հետ անծանոթ լինելով, զբաղեցնում եմ։ Մի խնդրանք ունեմ ձեզնից։ Եթե թույլ կտա ձերդ ողորմածությունը․․․։

― Այստծու սիրուն, պարոն,― սարսափած ընհատեցի ես,― ի՞նչ կարող եմ անել մի մարդու համար, որը․․․։

Երկուսս էլ շփոթվեցինք, և, ինչպես ինձ թվաց, կարմրեցինք։

Մի ակնթարթ լռելուց հետո նա կրկին խոսեց․

― Կարճ ժամանակի ընթացքում, երբ ես երջանկություն ունեցա ձեր մտերիմների հետ լինելու, պարոն, մի քանի անգամ,― թույլ տվեք դա ձեզ հայտնել,― զմայլվեցի իսկապես գեղեցիկ ստվերով, որը դուք, արևի տակ կանգնած, ինքներդ էլ չնկատելով, նետել էիք ձեզանից, ես կասեի մի իսկական ազնիվ քամահրանքով։ Ահա ես հիացա ձեր ոտքերի մոտ ընկած այդ հոյակապ ստվերով։ Խնդրում եմ պահանջը չհամարեք հանդուգն, դուք չէի՞ք համաձայնի ձեր ստվերը վաճառել ինձ։

Նա լռեց, իսկ ես գլխապտույտ ունեցա։ Ի՞նչ կարող էի անել այդպիսի տարօրինակ առաջարկության դիմաց․ վաճառել սեփական ստվերը։ «Նա խելագար կլինի»― մտածեցի ես և բոլորովին ուրիշ տոնով, որը սազում էր նրա հնազանդ խոսելաձևին, պատասխանեցի․

― Է՜, բարեկամս, մի՞թե ձեր սեփական ստվերը բավական չէ ձեզ։ Ես կասեի, որ այդ գործարքը շատ տարօրինակ է։

Բայց նա ձեռք չէր քաշում։

― Ես իմ գրպանում ունեմ որոշ բաներ, որոնք կարող են ձեզ պիտանի լիներ․ այսպիսի թանկարժեք ստվերի համար ես առաջարկում եմ մեծ գին։

Նրա գրպանի մասին հիշելով՝ մարմնովս սարսուռ անցավ, և չիմացա, թե ինչպես նրան բարեկամ անվանեցի։ Ես կրկին խոսեցի՝ աշխատելով հնարավորին չափ ուղղել խոսքերիս անճշտությունը և քաղաքավարի երևալ։

― Բայց, պարոն, ներեցեք ձեր խոնարհ ծառային, ես կարծես լավ չհասկացա ձեզ, ինչպե՞ս կարող եմ իմ ստվերը․․․

Նա կտրեց խոսքս․

― Ես խնդրում եմ միայն, ձերդ ողորմածություն, հենց այստեղ, այս րոպեին թույլ տաք վերցնել գետնից այդ թանկարժեք ստվերը և պահել իմ գրպանում։ Թե ինչպես դա կանեմ՝ արդեն իմ գործն է։ Փոխարենը, իբրև երախտագիտության ապացույց, առաջարկում եմ ընտրել իմ գանձերից ցանկացածը, որոնք ես կրում եմ իմ գրպանում․ իսկական հրաշք֊խոտ, մարդախոտի արմատ, ինքն իրեն բազմացող պֆենիգ, վաստակող թալեր, զինակիր Ռոլանդի հրաշք սփռոցը, շշով ջին։ Բայց սա այն բոլորը չէ, որ կարող է ձեզ բավարարել, ուզո՞ւմ եք շատ ամուր, բոլորովին վերջերս նորոգված ֆորտունատիի կախարդական գլխարկը, կամ ֆորտունատիի կախարդական տոպրակը։

― Տվեք ֆորտունատիի կախարդական տոպրակը,― կտրեցի ես նրա խոսքը, և, որքան էլ մեծ էր իմ սարսափը, այդ մեկ բառով նա գրվեց իմ ուշքն ու միտքը։ Գլուխս սկսեց պտտվեց։ Աչերիս առջև սկսեցին փայլփլել ոսկե դուկատները։

― Բարեհաճեցեք, պարոն, թույլ տալ տեսնել և փորձել, թե այդ ինչ տոպրակ է։

Նա ձեռքը տարավ՝ գրպանը և հանեց միջին մեծության երկու ամուր քուղերով մի տոպրակ՝ կարված պինդ սաֆյանից և հանձնեց ինձ։ Ես անմիջապես ձեռքս մտցրեցի տոպրակի մեջ և հանեցի տասը ոսկի, դարձյալ՝ տասը ոսկի, դարձյալ՝ տասը։ Անմիջապես ձեռքս մեկնեցի նրան․

― Եղավ։ Պայմանավորվեցինք։ Այս տոպրակի դիմաց տալիս եմ ստվերս։ Մենք միմյանց ձեռք տվեցինք՝ իբրև համաձայնության նշան։ Նա անհապաղ ծնկի իջավ, տեսա, թե ինչպես իմ ստվերը՝ գլխիցս մինչև ոտքերս, զարմանալի հմտությամբ զգուշորեն խոտերից պոկեց, բարձրացրեց, ծալեց ու դրեց գրպանը։

Ապա ոտքի կանգնեց, նորից խոնարհաբար գլուխ տվեց ու աներևութացավ վարդի թփերի ետևոմ։ Ինձ թվաց, թե թփուտների միջից լսեցի նրա խուլ քրքջոցը։ Ակամա ամուր սեղմեցի տոպրակի քուղերը։ Շուրջ բոլորս ողողված էր արևի հրով, իսկ ես դեռ ուշքի չէի եկել։

***

Վերջապես սթափվեցի և շտապեցի հեռանալ այդ վայրից, որտեղ, ըստ էության, այլևս ոչինչ չունեի անելու։

Առաջինը զգացի այն, որ գրպաններոս լիքն են ոսկով, տոպրակի կապերը ամուր հանգուցեցի, դրեցի ծոցս։ Ապա աննկատ դուրս եկա պարտեզից ու քայլեցի դեպի քաղաք։ Երբ մտքերով տարված մոտեցել էի դարպասներին, թիկունքիցս լսեցի մի ձայն․ «Երիտասարդ, ա՛յ երիտասարդ, լսեցեք»։ Նայեցի շուրջս, մի ծեր կին էր կանչողը․

― Պարոն, զգուշացեք, դուք կորցրել եք ձեր ստվերը։

― Շնորհակալություն, մայրիկ։ ― Ես նրան մի ոսկի գցեցի բարի խորհրդի համար ու քայլեցի ծառերի տակով։

Դարպասի մոտ լսեցի պահնորդի ձայնը․

― Պարոնը որտե՞ղ է կորցրել իմ ստվերը։

Եվ այդ խոսքի հետ տարածվեց ինչ֊որ կանանց ախուվախը․

― Հիսուս Քրիստոս, խեղճ մարդը ստվեր չունի։

Դա արդեն ինձ զայրացնում էր։ Աշխատեցի խուսափել արևոտ տեղերից։ Բայց հո դա միշտ հանարվոր չէր։ Օրինակ, ուզեցի անցնել Լայն փողոցը և հենց այդ ժամանակ, ի դժբախտություն ինձ, դպրոցից վերադառնում էին երեխաները։ Մի անիծյալ կուզիկ,― նա հիմա էլ աչիքս առաջ է,― այդ պահին նկատեց, որ ես ստվեր չունեմ։ Ահագին աղմուկով սկսեց իմ դեմ գրգռել փողոցի բարձրակիրթ երիտասարդներին, որոնք անմիջապես չարախինդ ճչոցներով և աղբակտորներ նետելով թափվեցին վրաս․

― Կարգին մարդիկ տնից դուրս գալիս իրենց ստվերը վերնում են հետը։

Ինձնից հեռացնելու համար մի բուռ ոսկի նետեցի նրանց, ապա բարեսիրտ ուղևորների օգնությամբ ցակտեցի կողքովս անցնող կառքը։ Նստելով կառք՝ դառնորեն արտասվեցի։ Իրոք, մեջս արդեն արթնանում էր այն գիտակցումը, որ չնայած աշխարհում ոսկին ավելի թանկ է գնահատվում մարդկային արժանիքներից ու առաքինություններից, այնուամենայնիվ, ստվերը ավելի է հարգի, քան ոսկին․ և այնպես, ինչպես առաջ ես խիղճս գերադասում էի հարստույթյունից, այնպես էլ հիմա հրաժարվել էի ստվերիցս լոկ հանուն ոսկու։ Ինչո՞վ կվերջանար այս ամենը, ինչպե՞ս էր դասավորվելու կյանքս։

Այդպիսի մոլոր մտքերի մեջ էի, երբ կառքը կանգ առավ իմ նախկին հյուրանոցի մոտ․ ես սարսափեցի այն մտքից, որ կրկին մտնելու եմ ձեղնահարկի իմ թշվառ սենյակը։ Կարգադրեցի ցած տանել իրերս, արհամարհալից կեցվածքով վերցրեցի խղճուկ կապոցս, մի քանի ոսկի նետեցի սեղանին և հրամայեցի կառապանին՝ ինձ տանել ամենաթանկարժեք հյուրանոցը։

Նոր հյուրանոցի պատհուանները նայում էին դեպի հյուսիս, այնպես, որ արևից կարող էի չվախենալ։ Ես շռայլորեն վարձատրեցի կառապանին և կարգադրեցի ինձ տալ լավագույն սենյակը, ուր ներս մտնելով՝ անմիջապես դուռը փակեցի իմ ետևից։

Ի՞նչ ես կարծում, ի՞նչ արեցի։ Օ, սիրելի Շամիսսո, անգամ քեզ խոստովանելիս կարմրում եմ։ Ծոցիցս հանեցի այդ չարաբաստիկ տոպրակը ու մելոգնությամբ որը բոցավառ հրդեհի նման սրտումս շարունակ մեծանում էր, սկսեցի դուրս թափել ոսկիները։ Ոսկի, ոսկի, ոսկի էր հեղում հատակին, քայլում էի ոսկու միջով, լսում էի, թե ինչպես է ոսկին զնգում և արբելով նրա փայլով ու զնգոցով, ավելի ու ավելի շատ էի թափում հատակին այդ ազնիվ մետաղից, մինչև որ ի վերջո ուժասպառ ընկա հարուստ մահճիս վրա․ երանությամբ ընկղմվեցի ոսկու մեջ ու գլորվում էի նրա վրա։ Այդպես անցավ ամբողջ օրը․ անգամ նաև երեկոն, դուռը չէի բացել․ գիշերն ինձ գտա ոսկու մեջ պառկած և հենց այդպես էլ ոսկիների մեջ քուն մտա։

Երազում քեզ տեսա։ Իբրև թե կանգնել էի քո փոքրիկ սենյակի ապակե դռան ետևում ու նայում էի քեզ․ դու նստած էիր գրասեղանի առաջ՝ ինչ֊որ կմախքի ու մի խուրձ չոր բույսերի միջև։ Քո դիմաց դրված էին Հալլեի, Հումբոլդտի, Ինեի բաց գրքերը, բազմոցի վրա Գյոթեի հատորներից մեկն էր և «Կախարդական մատանին»։ Երկար նայեցի քեզ և քո սենյակի բոլոր իրերը, կրկին աչքերս հառեցի քեզ, բայց դու չէիր շարժվում, չէիր շնչում․ դու մեռած էիր։ Արթնացա։ Դեռ շատ վաղ էր։ Ժամացույցս կանգնել էր։ Մարմինս ջարդված էր, քաղցած էի ու ծարավ։ Երեկ առավոտվանից ոչինչ չէի կերել։ Զայրույով ու տհաճությամբ ինձնից հեռու էի հրում ոսկին, որից արդեն ձանձրացել էի, իսկ քիչ առաջ իմ ունայն սիրտն էի հագեցնում։ Ոսկին այժմ ինձ ջղայնացնում էր, չգիտեի ինչ անել։ Հո չէր մնալու հատակին թափված, իսկ ինչ, եթե կրկին լցնեի պարկի մեջ։ Անհնար էր։ Իմ պատուհաններից ոչ մեկը չէր բացվում դեպի ծովը։ Ստիպված էի մեծ չարչարանքով, քրտինքի մեջ կորած, քարշ տալ ամբողջ ոսկին խորդանոց և տեղավորել այնտեղ դրված մեծ պահարանում։ Ինձ մոտ թողեցի միայն մի քանի դուկատ։ Երբ այդ գործը վերջացրի, ուժասպառ նստեցի աթոռին ու սպասեցի մինչև որ շենքում սկսեն շարվժել։ Առաջին իսկ հանարվոր պահին պատվիրեցի ուտելիք բերել և կանչել հյուրանոցի տիրոջը։

Ես նրա հետ քննարկեցի իմ ապագա շքեզ սենյակի պայմանները։ Նա իմ անձը խնամելու համար ներկայացրեց ոմն Բենդելի, որի նվիրվածությունն ու շնորհակալություն արտահայտող արտաքինը գրավեց ինձ։ Այնպիսի մարդ էր, որի հետ կապվելով՝ հետագայում շատ անգամ եմ սփոփվել կյանքի թշվառությունների մեջ։ Ամբողջ օրն անցկացրի իմ սենյակում՝ գործազուրկ ծառաների, կոշկակարների, դերձակների հետ․ կահավորանք ձեռք բերեցի և սկսեցի գնել թանկարժեք իրեր, հատկապես աշխատում էի գնել շատ ակնեղեն, որ գոնե մի քիչ պակասեր ամբարած ոսկին։ Բայց կարծես ոսկու կույտը միտք չուներ փոքրանալու։

Ստեղծված վիճակը սկսել էր վախեցնել ինձ։ Ես ոչ մի քայլ չէի հեռանում տնից և մնում էի խավարում նստած այնքան ժամանակ, մինչև որ իմ դահլիճում սկսում էին վառվել քառասուն մոմե լամպերը։ Նողկանքով էի հիշում իմ և դպրոցականների միջև եղած պատահարը։ Սակայն վերջ ի վերջո որոշեցի, որքան էլ սարսափելի լիներ, մեկ անգամ ևս փորձել հասարակական կարծիքը։

Այդ ժամանակ պարզկա գիշերներ էին․ ուշ երեկոյան երկար վերարկու հագա, գլխարկը իջեցրի մինչև աչքերս, հանցագործի պես կամաց դուրս եկա։ Հենց տների ստվերներից, որոնց մեջ պաշտպանվել էի երկար ժամանակ, դուրս եկա հեռու մի տեղ, լուսնի լույսի տակ, վերջապես որոշեցի դատավճիռս լսել անցորդների բերանից։ Փրկիր ինձ սիրելի ընկեր, այն բոլոր մահացու չարախոսություններից, որոնք ստիպված էի տանել։ Կանայք տեսնելով ինձ՝ խորը կարեկցանք էին հայտնում, բայց նրանց կարեկցանքը խոցում էր սիրտս, ոչ պակաս, քան երիտասարդների ծաղրուծանակն ու տարեց տղամարդկանց արհամարանքը, որոնք ավելի հաճախ հաստամարմին էին, կուշտ կերած և ունեին երկար ստվերներ։ Մի սքանչելի, հրապուրիչ աղջիկ էր անցնում՝ մտախոհ հայաքը գետնին հառած, հանկարծ նրա շողշողուն աչքերը առան ինձ։

Տեսնելով, որ ես ստվեր չունեմ, նա նկատելիոերն վախեցավ, գեղեցիկ դեմքին իջեցրեց քողը և լռությամբ անցավ կողքովս։

Ես չկարողացա երկար դիմանալ։ Աղի արցունքները հոսեցին աչքերիցս, և ջարդված սրտով խավարի միջով վերադարձա ետ։ Գնում էի տների պատերից բռնելով, որպեսզի վայր չընկնեմ։ Բավական ուշ հասա կացարանս։

Գիշերն անցկացրի անքուն։ Հաջորդ օրը իմ առաջին հոգնսը գործ վերարկուով մարդուն փնտրելն էր։ Գուցե ինձ հաջողվեր նրան գտնել, և ինչ երջանկություն կլիներ, եթե նա էլ զղջացած լիներ մեր անմիտ արարքի համար։ Կանչեցի Բեդելին, երևում էր նա բավական ուշիմ էր և ճարպիկ։ Նկարագրեցի այն մադրուն, որը տիրացել էր մի գանձի, առանց որի իմ կյանքը տանջանքի էր վերածվել։

Ասացի ժամանակը, տեղը, որտեղ նրան հանդիպել եմ, նկարագրեցի բոլորին, ովքեր գտնվել էին այնտեղ, ավելացրի ևս մեկ նշան՝ կարողանալ տեղեկություններ իմանալ հեռադիտակի, ոսկեզօծ թուրքական գորգի, շքեղ վրանի և, վերջապես, երեք սևաթույր ձիերի մասին, որոնք ինչ֊որ ձևով (իսկ թե ինչպես՝ դժվար է ասել) կապված են խորհրդավոր անծանոթի հետ, որի հայտնվելը կործանեց իմ անդորրն ու երջանկությունը, թեպետ ուրիշների վրա նա ոչ մի տպավորություն չէր գործում։

Վերցնելով խոսքս, բերեցի այնքան ոսկի, որ հազիվ կարողանում էի բարձրացնել, ավելացրի նաև մեծ քանակությամբ թանկարժեք քարեր։

― Բենդել,― ասացի,― սա կհարթի շատ ճամփաներ և շատ բաներ կհեշտացնի, որոնք թվում են անհնարին։ Չզլանաս, ինչպես ես չեմ զլանում։ Գնա և ուրախացրու քո տիրոջը բարի լուրով, որին նա սպասում է մեծ հույսով։

Բենդելը մեկնեց։ Վերադարձավ ուշ։ Տխուր էր։ Պարոն Ջոնի մարդկանցից, նրա հյուրերից ոչ մեկը,― նա հարցրել էր բոլորին,― տեղեկություն չունեին։ ՆՐանք հիշել էին միայն գորշ բաճկոն հագած մարդու հեռանալը։ Նոր հեռադիտակը այնտեղ էր, և ոչ ոք չգիտեր, թե ով է բերել։ Գորգը փռված էր այնտեղ, վրանը նույնպես՝ խփված այն բլրակի վրա։ Ծառաները գովաբանում էին իրենց տիրոջ հարստությունը և նրանցից ոչ ոք չգիտեր, թե որտեղից են հայտնվել այդ նոր գանձերը։ Պարոն Ջոնն ինքը նույնպես գոհ էր այդ ամենից, թեպետ դարձյալ չգիտեր, թե որտեղից ունի դրանք։ Նժույգները ձիանոցում էին՝ երիտասարդների մոտ, որոնք այն օրը զբոսնել էին դրանցով և մեծարում էին պարոն Ջոնի առատաձեռնությունը՝ նրանից այդ նժույգները պարգև ստանալու համար։ Ահա այն ամենը, ինչ հայտնի դարձավ Բենդելի պատմածից․ թեպետ նրա ջերմ եռանդն ու խելամիտ գործելակերպը անարդյունք մնացին, այնուամենայնիվ արժանացան իմ գովասանքին։ Ես՝ մռայլված, ձեռքով շարժում արեցի, որ ինձ մենակ թողնի։

― Տեր իմ,― սկսեց նա նորից,― ես ձեզ տեղեկացրի այն ամենի մասին, ինչ ձեզ համար ամենակարևորն էր։ Ինձ մնում է կատարել ևս մեկ հանձնարարություն, որն ստացա այսօր առավոտյան մի անծանոթ մարդուց։ Նրան հանդիպեցի այս մուտքի մոտ, երբ գնում էի առաջադրանքս կատարելու։ Ահա բառ առ բառ այդ մարդու խոսքերը․ «Ասացեք Պետեր Շլեմիլին, որ նա ինձ այլևս այստեղ չի տեսնի, ես անցնում եմ ծովից այն կողմ․ արդեն փչում է համընթաց քամին և ինձ նավահանգիստ կանչում։ Բայց ուղիղ մեկ տարի և մեկ օր անց ինքնս նրան կփնտրեմ և պատիվ կունենամ առաջարկել նրան մի նոր, թերևս, ընդունելի գործարք։ Հաղորդեցեք նրան իմ խոնարհագույն ողջույնները և իմ ընդմիշտ երախտագիտությունը»։ Ես նրան հարցրեցի, թե ո՞վ է ինքը, նա ասաց, որ դուք ճանաչում եք իրեն։

― Ինչպիսի՞ն էր նա,― բացականչեցի ես՝ գուշակելով, որ նա է եղել։ Եվ Բենդելը կետ առ կետ, բառ առ բառ նկարագրեց գորշ վերարկուով մարդուն ճիշտ այնպես, ինչպես նախորդ պատմելու ժամանակ նկարագրեց այն մարդուն, որի մասին բոլորին հարցուփորձ է արել։

― Դժբա՛խտ,― գոչեցի ես՝ ձեռքս խփելով սեղանին,― նա հենց ինքն է եղել։

Իսկ Բենդելի աչքերից ասես քող ընկավ։

― Այո, նա էր, իսկապես նա էր,― բացականչեց վախեցած։― Եվ ես՝ կույրս, ես՝ հիմարս, նրան չճանաչելով՝ իմ տիրոջը դավաճանեցի։

Բարձրաձայն հեկեկալով, նա կշտամբում էր իրեն։ Հուսահատությունը, որ պատել էր Բենդելին, շարժեց իմ կարեկցանքը։ Ես սկսեցի մխիթարել նրան, վստահեցնելով, թե չեմ կասկածում իմ հավատարմությանը և ուղարկեցի նավահանգիստ, որպեսզի, եթե հնարավոր լինի, գտնի այդ տարօրինակ մարդու հետքերը։ Բայց հենց այդ առավոտ շուտ նավեր էին դուրս եկել ծով, որոնց նավահանգստում էր պահել հանդիպական քամին, և նրանք բոլորը ուղևորվել էին աշխարհի տարբեր կողմեր, տարբեր ափեր և գորշ հագուստով մարդը ստվերի նման անհետացել էր։

***

Ի՞նչ օգուտ այն թևերից, որոնք գամված են երկաթյա շղթաներով։ Նրանք կարող են միայն ավելի շատ հուսահատեցնել մարդուն։ Ինչպես ֆաֆներ վիշապն իր գանձերի մոտ՝ հեռու մարդկանցից, ես ուժասպառ էի լինում ոսկիներիս մեջ, բայց սիրտս ոսկիներին չէր կպչում, ու ես անիծում էի իմ հարստությունը, որի պատճառով կտրվել էի կյանքից։ Ես իմ մեջ էի պահում մռայլ գաղտնիքս, վախենում էի անգամ ծառայիցս, միևնույն ժամանակ նախանձում էի նրան, որովհետև նա ստվեր ուներ և կարող էր ազատ փողոց դուրս գալ։ Իմ սենյակում ես միայնակ տխրում էի գիշեր ու զօր, և թախիծը կրծում էր սիրտս։

Աչքերիս առջև տառապում էր ևս մեկը․ իմ հավատարիմ Բենդելը չէր դադարում իրեն շարունակ կշտամբելուց, որ չի արդարացրել իր բարի տիրոջ վստահությունը և չի ճանաչել նրան, որի համար ուղարկվել է, և որի հետ, իր կարծիքով, կապված է իմ տխուր բախտը։ Բայց ես չէի կարող նրան մեղադրել, գիտեի, որ ամեն ինչի պատճառը անծանոթի խորհրդավոր էությունն էր։

Որպեսզի փորձված լինեի բոլոր միջոցները, ես մի անգամ Բենդելին տվեցի մի թանկարժեք ադամանդե մատանի և ուղարկեցի քաղաքի հռչակավոր վարպետին ինձ մոտ հրավիրելու։

Վարպետը եկավ․ ես հեռացրի իմ մարդկանց, փակեցի դուռը, նստեցի։ Նրա արվեստը հավուր պատշաճի գովելուց հետո, ծանր սրտով անդրադարձա բուն գործին՝ նախապես նրանից երդում ստանալով, որ խստագույնս կպահի գաղտնիքը։

― Պարոն պրոֆեսոր,― սկսեցի ես,― կարո՞ղ եք դուք նկատել մի մարդու արհեստական ստվերը, որը նա կորցրել է դժբախտ պատահականությամբ։

― Դուք նկատի ունեք այն ստվերը, որ առարկանե՞րն են նետում։

― Այո, ես նկատի ունեմ այդ ստվերը։

― Բայց ինչ անխելք, ինչ անլուրջ պետք է լինի մարդը, որ կորցնի իր ստվերը։

― Թե ինչպես է պատահել,― ընդհատեցի ես,― ձեզ համար միևնույն է։ Բայց թողեք պատմեմ։ Անցած ձմեռ, սաստիկ սառնամանիքի ժամանակ նա ճանապարհորդել է Ռուսաստանում,― սկսեցի հորինել ես,― գետնի վրա նրա ստվերը այնպես ամուր է սառել, որ այլևս չի կարողացել ետ վերցնել։

― Եթե ես նկատեմ նրա արհեստական ստվերը,― պատասխանեց պրոֆեսորը,― միևնույն է, նա այն կկորցնի առաջին իսկ շարժումն անելու դեպքում, արդեն ձեր պատմածից երևաց, որ նա քիչ է նշանակություն տվել ծնված օրից իրեն տրված մեծագույն պարգևին՝ ստվերին։ Ով ստվեր չունի՝ չպետք է դուրս գա արևի տակ։ Դա կլինի խելացի և ճիշտ։

Նա ոտքի կանգնեց և հեռացավ՝ ինձ վրա նետելով մի զննող հայացք, որին չդիմացա։ Ես կրկին ընկա բազկաթոռին և դեմքս առա ափերիս մեջ։

Այդ դիրքով գտավ ինձ Բենդելը, երբ ներս եկավ։ Նա տեսավ իր տիրոջ վիշտը և ուզեց անձայն ու հարգալից հեռանալ։

Ես բարձրացրեցի հայացքս, ուժասպառ էի եղել վշտիս ծանրության տակ, ուզում էի այն կիսել մեկի հետ։

― Բենդել,― բացականչեցի,― Բենդել, դու միակն ես, որ տեսնում ես ու հարգում իմ վիշտը, և չես հետաքրքրվում՝ իմանալու այն, այլ լռությամբ և հեզաբարո կարեկցում ես ինձ։ Մոտեցիր, Բենդել ու եղիր իմ սրտակիցը։ Ես իմ ոսկու գանձերը չեմ թաքցնում քեզնից, չեմ ուզում թաքցնել նաև տառապանքիս գանձերը։ Բենդել, մի լքիր դու ինձ։ Բենդել, տեսնո՞ւմ ես, ես հարուստ եմ, առանտաձեռն, բարեհոգի, դու ենթադրում ես, թե ողջ աշխարհը պետք է ինձ մեծարի, բայց դու տեսնում ես՝ ես փախչում եմ բոլորից, թաքնվում։ Բենդել, աշխարհը դատապարտել է ինձ և վտարել իրենից, հնարավոր է, որ ինքդ էլ հեռանաս, երբ իմանաս իմ սարսափելի գաղտնիքի մասին։ Բենդել, ես հարուստ եմ, առատաձեռն, բարեհոգի, բայց, աստված իմ, ես ստվեր չունեմ։

― Ստվե՞ր չունեք,― սարսափած գոչեց բարի պատանին, նրա վճիտ աչքերից արցունքներ հոսեցին,― վայ ի՜նձ, մի՞թե ես ծնվեցի, որ ստվեր չունեցող տիրոջ ծառայեմ։

Նա լռեց, իսկ ես դեմքս պահել էի ափերիս մեջ։

― Բենդել,― վերջապես ասացի ես դողացող ձայնով,― քեզ վստահեցի, հիմա դու կարող ես ինձ դավաճանել։ Գնա և մատնիր ինձ։

Զգացվում էր՝ նրա մեջ ուժեղ հոգեկան պայքար էր տեղի ունենում։ Հետո նա ծունր իջավ իմ առջև, վերցրեց ձեռքերս՝ ողողելով իր արցունքներով․

― Ոչ, իմ բարի տեր,― բացականչեց նա,― ինչ էլ որ մտածի աշխարհը ձեր մասին, ես ինչ֊որ ստվերի համար չեմ լքի իմ բարեհոգի տիրոջը, ես լսում եմ սրտին և ոչ թե բանականությանը, ես կմնամ ձեզ մոտ, ժամանակավորապես կտամ ձեզ իմ ստվերը, կօգնեմ ձեզ, երբ կարողանամ, երբ չկարողանամ՝ կարտասվեմ ձեզ հետ։

Ես փաթաթվեցի նրա պարանոցին, ապշած այդպիսի վեհանձնությունից, հավատացած լինելով, որ նա փողի համար չի անում։

Այդ պահից ինչ֊որ չափով փոխվեցին իմ բախտն ու ապրելաձևը։ Ուղղակի անհնար է նկարագրել, թե ինչ հմտությամբ էր Բենդելը թաքցնում իմ թերությունը։ Ամենուր նա ինձ հետ էր լինում՝ կամ իմ առջևից, կամ ինձ հետ, ամեն ինչ կանխատեսում էր, կանխամտածում և երբ որևէ վտանգ էր սպասվում՝ նա անմիջապես ինձ առնում էր իր ստվերի մեջ, չէ՞ որ նա ավելի հաղթանդամ էր և ուժեղ, քան ես։ Կրկին որոշեցի լինել մարդկանց մեջ և աշխարհում սկսել մի նոր դեր խաղալ։ Իհարկե, ստիպված էի ինձ թույլ տալ շատ տարօրինակություններ ու չարաճճիություններ։ Բայց հարուստներին դրանք ձանձրացրել էին, և այժմ, քանի որ ճշմարտությունը մնում էր թաքնված, ես կարող էի բերկրանք ապրել այն հարգանքից և ուշադրությունից, որ մատուցվում էին իմ հարստությանը։ Ես արդեն հանիգստ սպասում էի, որ մի տեղում չպետք է երկար մնամ, ուր արդեն նկատել են, որ ստվեր չունեմ, կարող եմ հեշտությամբ մատնվել։ Բացի այդ, մտաշում էի, թե ինչպես ընկա պարոն Ջոնի մոտ․ այդ հիշողությունը տանջում էր ինձ, և իմ այստեղ գնտվելը ես համարում էի փորձություն։ Ավելի հանգիստ ու վստահությամբ կարող էի հանդես գալ արդեն ուրիշ տեղերում։ Սակայն ինձ որոշ ժամանակ այնտեղ պահեց մի հանգամանք, որը վիրավորում էր իմ սնաձառությունը, մի զգացում, որը հատկապես ամուր խարիսխ ունի մարդու մեջ։