Վերջին թարմացում 4 Նոյեմբերի 2015, 22:35

Սենթ֊Փանկրասն ու Քինգզ֊Քրոսը

22:35, 4 Նոյեմբերի 2015 տարբերակ, Չգիտեմ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Սենթ֊Փանկրասն ու Քինգզ֊Քրոսը

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Լոնդոնում միեւնույն հրապարակի վրա ապրում էին երկու կայարան։ Նրանց անուններն էին Սենթ֊Փանկրաս եւ Քինգզ֊Քրոս։ Նրանք ապրում էին իրար կողքի ու միշտ վիճում, թե իրենցից ով է ավելի լավը։

— Իսկ իմ կառամատույցի մոտ կանգնում են ոչ միայն շոգեքարշեր, այլեւ ջերմաքարշեր,— պարծենում էր Սենթ֊Փանկրասը։

— Ինչ անենք։ Ինձ մոտ էլ են կանգնում,— չէր ուզում զիջել Քինգզ֊Քրոսը։

— Ես ռեստորան էլ ունեմ,— ասում էր Սենթ֊Փանկրասը։

— Ես էլ։

— Իմը կիրակի օրերն էլ է բաց։

— Իմն էլ։

— Ինչ անենք։— Քինգզ֊Քրոսը մի քիչ մտածեց հարմար պատասխալ գտնելու համար։— Ես հո տասը կառամատույց ունեմ, իսկ քոնը յոթ հատ է։

— Բայց իմ կառամատույցներն ավելի երկար են,— պատասխանեց Սենթ֊Փանկրասը։— Իսկ քո ժամացույցը միշտ ետ է ընկնում։

Քինգզ֊Քրոս կայարանի ժամացույցը շատ զայրացավ ու սկսեց տկտկալ ավելի արագ, որպեսզի հասնի վազող ժամանակի ետեւից։ Նա այնքան շտապեց, որ քիչ անց ետ ընկավ Սենթ֊Փանկրաս կայարանի ժամացույցը եւ, որպեսզի հասնի հարեւանին, սա էլ սկսեց ավելի արագ ու արագ տկտկալ։ Հիմա արդեն երկու ժամացույցներն էլ շատ էին շտապում․ գնացքներն էլ ստիպված եղան շտապել, որպեսզի առանց ուշացման տեղ հասնեն։ Ժամացույցները վազում էին առաջ, գնացքներն էլ էին սուրում առաջ՝ ետ չմնալու համար։ Ու, վերջապես, նրանք այլեւս բոլորովին ժամանակ չէին կորցնում կանգնելու եւ ուղեւորներին իջեցնելու համար։ Հենց որ հասնում էին կայարան, անմիջապես շտապում էին ետ։ Ուղեւորները շատ էին բարկացել եւ պատուհաններից թափահարում էին իրենց հովանոցները։

— Հե՜յ, կանգնեք,— գոչում էին նրանք։

Բայց գնացքները չէին ուզում լսել։

— Չենք կարող,— պատասխանում էին նրանք։— Կուշանանք։ Հապա, ժամացույցին նայեք։

Այո՜, ժամացույցներն հիմա այնքան արագ էին աշխատում, որ դեռ չէին հասցնում ցույց տալ առավոտը, երբ արդեն ցույց էին տալիս ուշ երեկո։

Արեւը շփոթվեց։

— Երեւի ես եմ ետ մնում,— մտածեց նա ու երկնակամարում սկսեց սուրալ ավելի ու ավելի արագ։

Լոնդոնցիների վիճակն էլ մի բանի նման չէր։ Նրանք վեր էին ցատկում անկողիններից եւ նույն պահին էլ դարձյալ պառկում էին քնելու։ Բայց, չէին էլ հասցնում փակել աչքերը, երբ նորից վեր էին թռչում ու շտապում աշխատանքի։ Իսկ երեխաները վազում էին դպրոց ու չհասցնելով պատասխանել, թե ինչի է հավասար երկու անգամ երկու, նորից ետ էին վազում տուն։

Ի վերջո, Լոնդոնի քաղաքապետը թագուհուն ասաց․

— Ձերդ մեծություն, այսպես շարունակվել չի կարող։ Ես առաջարկում եմ Հյուսթոնյան կայարանին շքանշան տալ։ Այդ դեպքում մեր մյուս կայարանները նախանձից կդադարեն իրար հետ վիճել։

— Հիանալի գաղափար է,— ասաց թագուհին։

Եվ նա լորդ֊քաղաքապետի, հեծյալ գվարդիայի եւ գվարդիական փողային նվագախմբի ուղեկցությամբ դուրս եկավ Բուքինհեյմյան պալատից։ Նրանց առջեւից քայլում էր պրեմիեր֊մինիստրը եւ տանում էր թավշե կարմիր բարձիկի վրա դրած ոսկե շքանշանը։

Երբ արքայական շքախումբը հասավ Քինգզ֊Քրոսին, կայարանները դադարեցին վիճել ու հայացքներով հետեւում էին խմբին։

— Այս ի՜նչ եմ տեսնում, Սենթ֊Փանկրաս,— գոչեց Քինգզ֊Քրոսը։— Դու էլ տեսնո՞ւմ ես։

— Այո,— պատասխանեց Սենթ֊Փանկրասը։— Այդ շքանշանը հանձնելու են Հյուսթոնյան կայարանին, որովհետեւ նա տասնհինգ կառամատույց ունի։ Ինչպիսի՜ անարդարություն։ Դու հո ատ ավելի լավն ես, քան Հյուսթոնը։

— Դու էլ ես նրանից լավը, Սենթ֊Փանկրաս,— ասաց Քինգզ֊Քրոսը։

Սենթ֊Փանկրասը զարմացավ, բայց մտածեց, որ վատ խաղաղությունը ավելի լավ է, քան լավ կռիվը, եւ ասաց․

— Բարեկամներ լինենք, Քինգզ֊Քրոս։

— Լինենք,— պատասխանեց Քինգզ֊Քրոսը։

Այսպես նրանք բարեկամացան ու դադարեցին այլեւս վիճել։ Նրանց ժամացույցները էլ չէին շտապում, հետեւաբար գնացքներն էլ սկսեցին չշտապել։ Բոլորն էլ գոհ էին։

— Դու խելացի մարդ ես, լորդ֊քաղաքապետ,— ասաց թագուհին։

— Շնորհակալություն, ձերդ մեծություն,— պատասխանեց լորդ֊քաղաքապետը։