Վերջին թարմացում 18 Նոյեմբերի 2015, 18:22

Հացի փշրանքները

18:22, 18 Նոյեմբերի 2015 տարբերակ, Չգիտեմ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Հացի փշրանքները

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Մի անգամ Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում ճաշում էին հարյուր աղավնի։ Ինչպես միշտ, ճաշին միայն ցորենի հատիկներ էին։

Քիչ անց ուրիշ աղավնիներ էլ մոտեցան նրանց։

— Այդ ի՞նչ եք ուտում,— հարցրին աղավնիները։

— Ցորենի հատիկներ… Ը՜ռռ֊ը՜ռռ…

Հետո ուրիշ աղավնիներ էլ մոտեցան։

— Ինչ լավ է, —ուրախացան նրանք։— Այսօր ցորենի հատիկներ ենք ուտելու։

Հետո Արթուր անունով մի աղավնի էլ մոտեցավ։

— Նորից ցորենի հատիկնե՞ր են,— դժգոհեց նա։— Արդեն ձանձրացել ել։

Թեւերը թափահարելով, նա թռավ դեպի վեր ու նստեց այն սյան կատարին, որի վրա կանգնած է ծովակալ Նելսոնի արձանը։

— Մի՞թե սա կյանք է, միլորդ,— բողոքեց Արթուրը Նելսոնին։— Ամեն օր ցորենի հատիկներ ու ցորենի հատիկներ… Այլեւս անհնար է հանդուրժել։

— Իսկ դու ի՞նչ ես սիրում,— հարցրեց ծովակալ Նելսոնը։

— Հացի փշրանքներ,— պատասխանեց Արթուրը։— Սպիտակ հացի փշրանքներից ավելի համեղ բան չկա։

Ծովական Նելսոնը վերցրեց հեռադիտակն ու նայեց Ուայթհոլլ փողոցի կողմը։

— Ես մի մանչուկի եմ տեսնում,— ասաց նա։— Սպիտակ բուլկի ուտելով, նա քայլում է փողոցում։ Հիմա արդեն հասավ Թագավորական գվարդիայի շենքին։

Արթուրը ճախրեց դեպի Ուայթհոլլ փողոցն ու մանչուկին հետեւեց այնքան ժամանակ, քանի դեռ նա ուտում էր սպիտակ բուլկին։ Բայց Արթուրին ոչ մի փշրանք չհասավ։

Խեղճ Արթուրը նույնիսկ չկարողացավ զսպել իր արցունքները։ Նրա մոտով անցնող ոստիկանը շատ զարմացավ։

— Այս ի՜նչ հրաշք է,— ասաց նա։— Առաջին անգամ եմ լացող աղավնի տեսնում։

Վշտացած Արթուրը վերադարձավ Նելսոնի սյան մոտ։

— Այո՜, գործերդ վատ են,— հառաչեց ծովակալ Նելսոնը։— Ոստիկանը ի՞նչ ասաց։

— Ասաց, որ դեռ երբեք չէր տեսել լացող աղավնի։

— Ուրեմն՝ այդպե՜ս,— ասաց ծովակալ Նելսոնը։

— Փշրանքների համար իզուր լաց եղա,— ասաց Արթուրը։

— Ճիշտ խոսքին ի՞նչ ասես,— համաձայնեց ծովակալ Նելսոնը։— Լացը չի օգնի։ Իհարկե, չի օգնի։ Բայց ես ուրիշ բան մտածեցի։ Հապա, նայիր իմ համազգեստի գրպանը։ Կարծեմ երեքպենսանոց պիտի ունենամ։ Բանվորներից մեկն էր դրել գրպանս, երբ կանգնեցնում էին իմ… այսինքն Նելսոնյան սյունը։ Դրել էր, որպեսզի բախտը բանի։ Հիմա դու…— եւ ծովակալը ինչ֊որ բան շշնջաց Արթուրի ականջին։

— Հիանալի գաղափար է,— ասաց Արթուրը։— Շնորհակալ եմ, միլորդ։

Նա ծովակալի գրպանից վերցրեց երեքպենսանոցը, թռավ դեպի Սթրենդի անկյունում գտնվող հրուշակի խանութը եւ երեքպենսանոց բուլկի գնեց իր համար։ Հետո նստեց հրուշակի խանութի լուսամուտագոգին եւ սկսեց ուտել։ Նրան նայելով անցորդներն ասում էին․

— Երեւում է, աղավնուն դուր է եկել բուլկին։ Ուրեմն, թարմ է։— Եվ շատերը մտնում էին խանութ ու թեյի համար բուլկի գնում։

Հրուշակագործը շատ գոհ էր։

— Դու ամեն օր եկ այստեղ,— ասաց նա Արթուրին։— Ես քեզ միշտ բուլկի կտամ։ Խանութիս համբավի համար ավելի լավ միջոց դժվար թե լինի։ Իսկ այսօրվա համար վերցրու այս բուլկին։

Արթուրը կտուցով բռնեց բուլկին եւ թռավ դեպի ծովակալ Նելսոնը։

Համը տեսեք, միլորդ,— ասաց նա եւ ծովակալ Նելսոնին տվեց բուլկու կեսը։

— Շնորհակալ եմ,— ասաց ծովակալ Նելսոնը։

— Հապա, այն աղավնիներին նայեք, միլորդ,— ասաց Արթուրը։— Նրանք նորից ցորեն են ուտում։ Իսկ ես գերադասում եմ բուլկիներ։

— Ես էլ,— պատասխանեց ծովակալ Նելսոնը։