Վերջին թարմացում 22 Փետրվարի 2014, 01:38

Անծանոթ ինքնակենսագրություն

Անծանոթ ինքնակենսագրություն

հեղինակ՝ Ռուբեն Ֆիլյան
աղբյուր՝ «Քո երկրի դեսպանը»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում



Անծանոթ ինքնակենսագրություն

/հեքիաթներ մեծահասակների համար/

Նախաբանի փոխարեն

Մի օր /մի քանի օր, ամեն ամիս/ մարդը հոգնած /առույգ, տխուր, ուրախ, հուզված, էլի տխուր/ եկավ տուն /իր ունեցած-չունեցած բոլոր տները/ ու սկսեց նամակ գրել /նամակներ, հեքիաթներ, արձակ, բանաստեղծություններ/: «ՈւՄ» հարցի կողքին ծրարի վրա դրեց սովորական փողոցի ու քաղաքի անուն /բոլոր քաղաքների անունները, մեր երկրի, մեր երկրագնդի՝ հետաքրքիր է, ի՞նչ է մեր երկրագնդի անունը/ եւ մի անունազգանուն /մի քանի ազգանուն, բոլոր անունները/: Հետո կպցրեց նամականիշը, որի վրա պատկերված էր հենց ինքը, գնաց փոստ եւ որքան որ հնարավոր էր՝ ուղարկեց ամենաշտապ ձեւով:

Մի քանի ամիս հետո, փոստարկղը բացելիս նա տեսավ, որ չվող թռչունի պես իր նամակը /նամակները, հեքիաթները, արձակը, բանաստեղծությունը/ հետ է եկել:

Նա բաց արեց այն ու սկսեց կարդալ…

Հեքիաթ փուչ ընկույզների մասին

Քաղաքային շուկայի մի անկյունում, որտեղ մեծ-մեծ տառերով, շատ հասկանալի ձեռագրով գրված է՝ «Փուչ պոպոք», թաքցված է փակ կամերան ու միկրոֆոնը, իսկ վաճառասեղանի ետեւում կանգնած է մի ծերունի` ավստրիացու դիմագծերով, խոշոր հայկական աչքերով, մաքուր սափրված ու կոկիկ հագնված: Դեմքին, կարծես մշտական դարձած, բանիմաց, վստահ ու խորամանկ ժպիտն է, եւ անունն էլ Ռաֆայել է, ու ոչ ոք նրան Ռաֆիկ չի ասում: Նույնիսկ թոռը նրան ասում է՝ Ռաֆայել պապի: Եւ նրա ժպիտի մեջ կարծես հենց իր իսկ փուչ ընկույզների պատմությունն է թաքնված, եւ թվում է, որ հենց այդ պատմությունն է հաղորդում նրան այս բանիմաց ու խորամանկ տեսքը: Եւ պտտվում է այդ պատմության ժապավենը: Եւ ժպիտից այն կողմ, խոշոր պլանով երեւում են նրա տասներկու ընկուզենիները, որոնք այնքան շատ են բերք տալիս` կարծես ստիպում են հավաքել ու տանել շուկա, կարծես հասկացնում են, որ այս փուչ պոպոքը միայն իրենը չի: Եւ նա կնոջ առաջարկով սկզբից որոշում է հարեւաններից միանգամից էժան, շատ գնել, հետո խառնել իր փուչ պոպոքների հետ ու վաճառել: Բայց չի կարողանում խղճի դեմ գնալ ու մտածում է` եթե Աստված այս է ուղարկում, ուրեմն այս էլ պիտի վաճառեմ: Դե՛, իրեն ու կնոջն էլ յոլա գնալու համար շատ փող պետք չի: Իսկ ընկուզենիները օր օրի ավելի շատ են բերք տալիս` այնքան, որ ինքն ու կինը չեն հասցնում հավաքել: Բայց` բոլորն էլ փուչ: Սկզբից մտածել են` երեւի ընկուզենիները ինչ-որ հիվանդություն ունեն, ու սրսկել են տարբեր դեղանյութեր: Ոչինչ չի օգնել, իսկ տասներկու հսկա ընկուզենի սղոցելն ու քոքահան անելը ահավոր դժվար գործ է, ու հետո այդ կողմերում միայն լավ ընկույզ է աճում` ստուգված բան է դարերով: Եւ նա, կարծես, ստիպված վերցնում է մի պարկ իր ընկույզից ու առաջին անգամ, 4 տարի առաջ, բերում շուկա: Սկսում է եռակի էժան վաճառել ու քաշվելով ասել, որ էժան տալու պատճառը պոպոքների փուչ լինելն է: Իսկ կողքի վաճառողները բոլորը ծիծաղում են ու ասում` ցնդած է: Առաջին հաճախորդը իր տարիքի մի ծերունի է եղել: Հետն ահագին զրուցել է, հետո մի կիլոգրամ հենց այնպես գնել ու հեռացել: Ու մեկ էլ չի երեւացել` լավ մարդ էր, բայց՝ հիվանդ, ասել է՝ սիրտս լավ չէ: Իսկ նա ամեն առավոտ կանոնավոր եկել է շուկա, վճարել տեղի ու կշեռքի համար ու կանգնել իր տեղում: Կողքի վաճառողները` տեսնելով, որ համենայն դեպս նա մի փոքր առեւտուր է անում, նորից ծիծաղել են ու ասել, թե կշեռքի համար ինչո՞ւ է իզուր փող տալիս` թող աչքաչափով ուղղակի տա: Նա ոչինչ չի ասել ու շարունակել է իր առեւտուրը: Եւ կամաց-կամաց սկսել են նրան նկատել, ու շատ շուտով այնպես է ստացվել, որ ամբողջ շուկայում ամենաշատ վաճառվել է իր ապրանքը, եւ նա ամենաշուտն է հանձնել կշեռքը ու գնացել տուն: Եւ իր գործը ավելի հեշտացնելու համար, որ ամեն մեկին չբացատրի էժան վաճառելու պատճառը` նա գրել է այդ մասին մեծ-մեծ տառերով: Եւ քիչ հեռու տեղադրված փակ կամերան պարզորոշ ցույց է տալիս` փուչ պոպոք ամենաշատը սիրում են 6-7 տարեկան երեխաները, որոնք մի կերպ կարդում են` «փուչ պոպոք», ու զարմացած աչքերով սկսում են քաշել մայրիկների փեշերից, որ նրանք գնեն:

Նրանք էլ գնում են` իրենց փոքրիկին չնեղացնելու համար: Շատ են գնում նաեւ սրամիտ մարդիկ: Նրանք միանգամից մի քանի կիլոգրամ են գնում եւ հյուրեր են հրավիրում տուն: Հյուրերը գալիս-նստում ու սկսում են կոտրել պոպոքները, իսկ տանտերերը ծիծաղում են, զվարճանում: Մի քիչ չարչարվելուց հետո ծիծաղում են նաեւ հյուրերը: Եւ տանտերերը հաճույքով տեղեկացնում են նրանց, ու շատ են սիրում այդ մասին ասել բոլորին` տալով նրանց այդ փուչ պոպոքները, նրանք բացում են գաղտնիքը՝ հայտնելով, որ միեւնույն է, դրանք բոլորն էլ փուչ են, մենք արդեն փորձել ենք, մենք գիտենք: Եւ փակ կամերան մաքուր տեսագրում է այն պահը, թե ինչպես է զարմանում հայտնի, շատ հայտնի բուսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսորը: Եւ նա իր ասիստենտի հետ գնում է նրա ամբողջ երկու պարկ պոպոքը ու տանում ստուգման: Հետո մյուս օրը, ավելի համոզվելու համար, նա այցելում է այդ այգին եւ ուսումնասիրում 12 ընկուզենիները: Եւ այդպես էլ ծառերի տակ, զարմացած ուտում է խորովածը ու խմում գինին: Իսկ ծերունին ժպտում է: Եւ դրանից հետո նա իր հաճախորդների հետաքրքրությունը բավարարելու համար ավելի հաճախ է այդպես ժպտում ու իր վաճառասեղանի մի անկյունում պոպոքները ջարդել-ստուգելու համար հատուկ քար է պահում: Եւ նրան հաճախ են մոտենում մարդիկ, որոնք իրենց առեւտուրն արել-վերջացրել են հիմնականում, եւ արդեն շատ քիչ փող է մնացել: Եւ նրանք գնում են մեկ կիլոգրամ, քանի որ խոստացել են ընկույզ տանել տուն, ու չեն հավատում, որ մեկ կիլոգրամի մեջ գոնե կես կիլոգրամ առողջ չլինի:

Համալսարանական իր թոռը երբեմն ընկերների հետ այցելում է նրան ու բոլորին մի-մի բուռ պոպոք է տալիս` բոլորը ուրախ ժպտում են, բոլորն էլ գոհ են մնում: Ինքն էլ է ժպտում, եւ այդ ժպիտից այն կողմ նշմարվում է մի երիտասարդ զույգի պատմություն: Եւ մաքուր ձայնագրությունից լսելի է, թե ինչպես աղջիկը տղային ասում է` արի երկու կիլոգրամ գնենք, ու եթե այդքանի մեջ գոնե երկու առողջ ընկույզ գտնվի, ուրեմն մեր բախտն է դա:

Ու նա շփոթվում է, նա վստահ է, որ իր պոպոքները բոլորն էլ փուչ են, ու դա նրան դրդում է գողության: Նա աննկատ երկու առողջ ընկույզ է թռցնում հարեւան վաճառողից ու խառնում իր վաճառած ապրանքին, եւ տղան ու աղջիկը գնում են: Եւ այդ տղան արդեն տարուց ավելի ամեն շուկա գալուց իր պոպոքից ձեռի հետ մի կես կիլո առնում է ու հարցնում, թե ինչպես են Ռաֆայել պապի գործերը: Եւ այսպես, հիմնականում առեւտուր անողները ժպտալով կես կիլո, մի կիլո գնում են ու գոհ հեռանում, մինչեւ այժմ ոչ մեկը դեռ չի բողոքել, բացի մեկից: Այս մարդը մի օր եկել ու սկսել է կռիվ անել, պարզվում է, որ տարել, հյուրասիրել է իր հյուրերին, ու մի պոպոք առողջ է դուրս եկել, եւ ինքն է շփոթվել դրանից:

Նա բացատրում է, որ այդպիսի բան լինել չի կարող, կամ խառնվել է այդ մի հատը, կամ կողքի վաճառողն է դիտմամբ նետել իր տոպրակը, որովհետեւ տարիներով ստուգված է իր բերքը, իր պոպոքները բոլորն էլ փուչ են: Եւ եթե ուզում է, թող վերցնի քարը ու ինչքան ուզում է ջարդի: Մարդը բարկացած մի կիլոգրամի չափ ջարդել է, հետո ներողություն է խնդրել եւ ուրախ-ուրախ նորից հինգ կիլոգրամ գնել: Իսկ նա հիմա ուշադիր հետեւում է, որ կողքից մեկը հանկարծ առողջ ընկույզ չնետի իր պարկը: Մի երկու անգամ կողքի ընկույզ վաճառողները փորձել են նրանից էժան գնել ու խառնել իրենցին, բայց նա շուտով գլխի է ընկել, ու հիմա ինչ էլ անեն, նրանց չի վաճառի: Հետո այդ ընկույզ վաճառողները գնացել են շուկայի տնօրենի մոտ բողոքի, բայց տնօրենն ասել է, որ դա արգելված ապրանք չէ, ու նա իրավունք ունի վաճառելու, մանավանդ, որ վաճառում է եռակի էժան ու չի թաքցնում, որ իր պոպոքը փուչ է: Իսկ մի օր նրա կողքի վաճառողը որոշել է իր առողջ ընկույզները վաճառել եռակի էժան` կարծելով, որ նրանից այլեւս չեն գնի: Հարեւանից, իհարկե, սկսել են շատ գնել, բայց իր հաճախորդների թիվը էլի չի պակասել դրանից, որովհետեւ, կամերայի կարծիքով, իր եւ նրա հաճախորդները տարբեր են, միմյանց հետ կապ չունեն:

Նրա ժպիտը երբեմն ավելի բանիմաց ու խորամանկ է դառնում` դա այն օրերին է, երբ բոլոր վաճառողների ապրանքները պարտադիր սանիտարական ստուգում են անցնում, պարտադիր բժշկական ուսումնասիրության են ենթարկվում: Դե, նրա ապրանքը չեն ստուգում` կարծես արդեն ամեն ինչ պարզ է: Ու առավոտ ծեգին շուկա եկած հատուկենտ շտապող մարդիկ տեսնում են, որ իր վաճառասեղանի ետեւում հանգիստ, ժպտադեմ կանգնած է Ռաֆայելը ու վաճառում է իր փուչ պոպոքները: Պատկերացնո՞ւմ եք` բոլոր դարակները դատարկ են, ու միայն մի տեղ ընկույզ է դրված ու վրան գրված`«փուչ»: Եւ չնայած այդ շտապող մարդիկ նրանից ոչինչ չեն գնում, բայց, համենայն դեպս, դա մի խոսուն փաստ է, նրա առավելությունը, փակ կամերայի ամենահաջողված կադրերից մեկը:

Եւ, ետ պտտելով ժապավենը, պտտելով պատմությունը, ժպիտի ձեւավորման ընթացքը` պարզ երեւում է, որ ոմանք էլ ուղղակի դեսուդեն անցնելով ու շրջելով, առանց գրածը նկատելու, մոտենում հարցնում են, թե ինչ արժի ընկույզը: Նա անմիջապես տեղեկացնում է, որ իր պոպոքը փուչ է, իսկ նրանք կամ չեն հավատում, որ հնարավոր է` բոլորն էլ փուչ լինեն, ու ժպտալով գնում են մի քանի կիլոգրամ, կամ փողը մեկնելուց հետո արդեն ամաչում են ետ վերցնել ու ոչինչ չգնել, կամ էլ արդեն առաջանում են որոշակի հետաքրքրություններ: Նա ասում է, բացատրում` ջարդեք-նայեք, բոլորն էլ փուչ են, բայց գնում են ու ասում` պետք չէ ստուգել, դու կշռի: Եւ ինքն էլ ստիպված կշռում է: Իսկ երբ վաճառասեղանին են մոտենում 16-17 տարեկան տղաներ` ուրեմն ամեն ինչ պարզ է:

Մոտիկ փակցված բարձրախոսի մաքուր ձայնագրությունը տեղեկացնում է, որ նրանց մայրը կամ հայրը տվել են որոշակի գումար եւ ուղարկել շուկա` հատուկ ցուցակով, թե ինչ պետք է գնել: Բայց նրանց հարկավոր է տնտեսել մի քիչ դրամ` կինոյի կամ սիգարետի համար: Ու Ռաֆայել պապը նրանց էժան վաճառում է մեկ կիլոգրամ փուչ պոպոք: Եւ քանի որ փուչ պոպոքի մեկ կիլոգրամը համարյա կրկնակի տեղ է գրավում առողջի հետ համեմատած, այսինքն` քանի որ թեթեւ է, շատ է երեւում, տղաները մի կես կիլո էլ առողջ ընկույզ են գնում եւ խառնում փուչի հետ: Դե, իսկ ծնողներն էլ տանը երեւի ասում են` ոչինչ, երեխան անփորձ է, առնելու փորձ չունի, դրա համար գնացել է, անորակ ընկույզ է գնել: Ու դրանից հետո անմիջապես հաջորդում է մի այլ ձայնագրություն, եւ համապատասխան ժապավենի հետ երեւում է հետեւյալ պատկերը` ակնոցավոր մարդը մոտենում ու հարցնում է ոգեւորված` ուրեմն բոլորն էլ փո՞ւչ են, դատա՞րկ, ուրեմն, ինչքան ուզում ես ջարդի, բաց արա, նայի, դատա՞րկ է` հանճարեղ է, հոյակապ: Ու նա գնում է յոթ կիլոգրամ ու սկսում ջարդել: Բավական ջարդելուց հետո պարզվում է, որ բոլորն էլ փուչ են, բայց նա մի կողմ է քաշվում եւ շարունակում ջարդել, ու ժապավենի վրա երեւում են միայն նրա ջարդող ձեռքերը, հետո մի փոքր էլ է հեռանում, ու այլեւս ոչինչ չի երեւում:

Նա դուրս է մնում, ու միայն շարունակվում է դատարկ, փուչ պոպոքի ջարդվելու ձայնը, եւ կադրի մեջ է մտնում մի այլ մարդ: Նա մոտենում է Ռաֆայել պապին ու մեկնում նրան խոշոր թղթադրամ: Փուչ պոպոքների ջարդվելու ձայների հետ մի կերպ ձայնագրության մեջ լսելի է դառնում, որ նա այդ պոպոքների վրա մեծ գրազ է շահել, ու որպես հատուցում՝ բերել է այդ փողը` ինչ ուզում է թող գնի այդ փողով իր համար: Փողը զոռով խոթում է նրա գրպանը ու հեռանում: Իսկ Ռաֆայել պապի համար ապրանքափոխանակության շուկայական օրենքը գոյություն չունի: Մյուս վաճառողները ընկույզ են տալիս ու կանաչի վերցնում փոխարենը, ընկույզ են տալիս ու պանիր վերցնում, եւ երբ սովածանում են, ուտում են: Իսկ նա միայն դրամով կարող է գնել նրանցից որեւէ ուտելու բան: Չնայած մի օր կանաչի վաճառողը հաջող առեւտրից հետո չի դիմացել գայթակղությանը ու մի կիլոգրամ գնել է այդ փուչ պոպոքից: Եւ փակ կամերայի տեսանկյունից երեւում է մի կիսախելագարի կերպար, որն առավոտյան շուտ օգնում է վաճառողներին իրենց ծանր պարկերը բերել-հասցնել վաճառասեղանների մոտ, ու դրա համար ստանում նրանց ապրանքից մի բան` խնձոր, պանիր, լավաշ, բողկ, ընկույզ կամ որեւէ այլ բան:

Բայց այդուհանդերձ, նա ամենահաճույքով տեղափոխում է փուչ պոպոքի տոպրակները եւ ոչինչ չի պահանջում` ուղղակի վերցնում է մի քանի բուռ այդ պոպոքից, դնում քիչ հեռու ու սկսում ջարդել` միաժամանակ ուտելով վաստակած լավաշն ու պանիրը: Եւ, անկախ իրենից, մեկ նայում է թաքնված կամերային, մեկ էլ իր ջարդած փուչ պոպոքներին, եւ ուրախանում: Ու թվում է, թե միայն նա գիտի թաքցված կամերայի մասին: Ժապավենը ավելի ուշադիր ուսումնասիրելով` կարելի է որոշ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկել: Այդ որոշ մարդիկ շրջում են շուկայով մեկ ու սրանից մի խնձոր են թռցնում, նրանից` մի քանի ընկույզ, մի դեղձ, մի վարունգ: Բայց Ռաֆայել պապից ոչ մեկը ոչինչ չի թռցնում` երեւի արդեն համոզվել են, որ փուչ է:

Կրկեսի աշխատողները շատ ինքնատիպ պահվածք ունեն, ու կադրի մեջ ընկնելով, անմիջապես տարբերվում են մյուսներից: Նրանցից մեկն արդեն մշտական հաճախորդ է դարձել, ու հաճախ հենց նույն տեղում, այդ փուչ պոպոքները գնելիս, ցույց է տալիս իր մշակած ֆոկուսը, որն, ըստ երեւույթին, ավելի հեշտ է անել թեթեւ փուչ պոպոքներով: Եւ հյուրախաղերի մեկնելուց առաջ նա միշտ մեծ քանակությամբ գնում է: Եւ ժապավենը հոգեբանական վերլուծության ենթարկելիս՝ պարզվում է, որ հիմնական հաճախորդներ են նաեւ երիտասարդ, առողջ տղամարդիկ: Եւ մանավանդ կնոջ ներկայությամբ մի քանի կիլոգրամ գնում են ժպտալով, երեւի հիշելով ընկույզի որոշակի հատկությունները: Եւ միկրոֆոնը հապաղում է, բայց որակյալ փակ կամերան անմիջապես տարբերում է, երբ նրանց խառնվում է մի անառողջ, ծերացող տղամարդ: Դա հատկապես զգացվում է նրանց մոտեցումից, թե ինչպես են նրանք ուզում ցույց տալ, որ փուչ պոպոք գնելը, մանավանդ՝ կնոջ ներկայությամբ, միայն առողջության նշան է: Ու նրանք հպարտորեն գնում են այն` ցույց տալով, հասկացնելով, որ իրենց բնավ պետք չէ առողջ պոպոք, իսկ սա գնելը ուղղակի փոքրիկ առողջ հումոր է:

Կադրի մեջ հաճախ ընկնում են նաեւ արտասահմանցիներ: Մանրամասն ուսումնասիրություններից ու ձայնագրություններից պարզվում է, որ արտասահմանցի հյուրերի մեջ, որպես կանոն, ամերիկացիները միշտ կես կիլո կամ մեկ կիլո գնում են այդ փուչ պոպոքից: Իսկ դեռ լույսը չբացված, երբ շուկայում ոչ ոք չկա, բայց թաքցված կամերան աշխատում է` այդ վաճառասեղանի վրա դրված է լինում փուչ պոպոքների մի փոքրիկ բլրակ: Հավաքարարը Ռաֆայել պապի պատահմամբ այս ու այն կողմ գցած պոպոքները հավաքում ու դարսում է նրա վաճառասեղանի վրա` դե պարզ է, հո տուն չի՞ տանի: Եւ սրանից անմիջապես հետո ժապավենը ենթարկվում է սոցիոլոգիական ուսումնասիրության: Պարզվում է, որ, չգիտես ինչու, ո՛չ, ոչ թե՝ չգիտես ինչու, այլ՝ բոլորիս համար էլ շատ պարզ է, թե ինչու, նրանից ոչ մի անգամ պոպոք չեն գնում զինվորականները: Նոր տարվա նախօրյակին Ռաֆայել պապի առեւտուրը վատ է գնում` չնայած այդ օրերին մի քանի անգամ ավելի շատ մարդ է այցելում շուկա: Բայց դրա փոխարեն նկատելի է, որ ամենահաջող առեւտուրը լինում է մարտի 8-ին ու մանավանդ ապրիլի 1-ին: Հետո թաքցված կամերայի մեջ երեւում է այդպիսի մի կամերա, եւ թվում է, թե կամերան ինքն իրեն է նկարել` խոշոր պլանով, բայց հետո պարզվում է, որ այդ կամերան թաքցված չի ու կախված է ինչ-որ մեկի ուսից: Այդ մարդը կինոյի աշխատող է: Եւ նա որոշել է մի տեսարան նկարել, որտեղ պարկը շրջվում է, եւ միջի ամբողջ ընկույզը թափվում է ասֆալտին: Եւ ձայնագրությունից իմանում ենք, որ նա կարծում է, թե փուչ ընկույզի թափվելու ձայնը ավելի հնչեղ է ու լավ: Եւ նա գնում է միանգամից ամբողջ մի պարկ: Այդպես պարկ-պարկ է գնում նաեւ մի մարդ, որի ով լինելը շատ դժվարությամբ է պարզվում:

Կենտրոնից հաղորդում են, որ այդ մարդը հուշանվերների արտադրամասի վարիչն է, եւ նա այդ փուչ պոպոքներից փոքրիկ տիկնիկներ է պատրաստում, նաեւ ներկում է դրանք, ասես, հարմարեցնում վրան եւ, տեղադրելով հատուկ պատվանդանի վրա` այն դարձնում մանկական փոքրիկ գլոբուս: Եւ պարզվում է, որ այդ փուչ պոպոքները շատ ուշ են փչանում, ու ասեղի վրա հեշտությամբ են պտտվում, ու նաեւ ներկը երկար ժամանակ չի թափվում վրայից` մի խոսքով, փաստորեն, առեւտուրը պետական հիմքերի վրա է դրված:

Եւ պատահմամբ ժապավենի վրա հայտնվում են տեսարաններ պատերազմից` ռումբեր, կրակոցներ ու անմիջապես դրանից հետո` Ռաֆայել պապը, իր փուչ պոպոքները վաճառելիս: Ինչ անհեթեթ տեսարան: Երեւի սխալմամբ ուրիշ ժապավեն են մոնտաժել: Պետք է կտրել այդ անկապ հատվածը, դեն նետել:

Եւ կամերան, կարծես որսաշուն, մեզ տանում է ժամանակակից կերպարվեստի թանգարան, եւ կանգ ենք առնում երիտասարդ նկարչի նատյուրմորտի կողքին ու նայում: Խորունկ շրջանակի մեջ ամրացված է կանգնած ժամացույց, երկու չորացած ձուկ, եւ այդ ամենը շրջապատված է փուչ, դիմացկուն պոպոքներով: Եւ մի պահ Ռաֆայելի ժպիտը չքանում է, ու ձայնագրությունն էլ անհաջող է ստացվել այդ պահին: Եւ թվում է, որ կամերայի ու միկրոֆոնի կարծիքները չեն համընկնում: Պարզվում է` նրանից ինչ-որ մեկը ուզում է պոպոք գնել ուղղակի խղճալով: Եւ քանի որ ձայնագրություն չկա, մի կերպ Ռաֆայել պապի ձեռքի շարժումներից հասկացվում է, որ նա բացատրում է այդ մարդուն իր ընկույզների առանձնահատկություններն ու կարծես խնդրում, որ, եթե նա գնում է հենց այնպես, խղճալով, եթե իրեն պետք չեն այդ ընկույզները, ապա թող չգնի, պետք չի: Եւ երբ նա ցույց է տալիս մյուս ընկույզ վաճառողներին` պետք է հասկանալ, թե նա հասկացնում է այդ մարդուն, որ իր ընկույզն ամենալավն է վաճառվում, եւ ամենաշուտը շուկայում ինքն է իր առեւտուրը վերջացնում: Բայց այդ համառ մարդը շարունակում է տխուր ժպտալ, գնում է մի քանի կիլոգրամ ու, իրեն լավ զգալով, շոյված, գոհ հեռանում:

Եւ երեխաների կամ առողջ տղամարդկանց այցելությունից հետո միայն ժպիտը կամաց-կամաց վերականգնվում է ու ստանում իր բնորոշ տեսքը: Եւ ճապոնական, գնդասեղի մեծության միկրոֆոնը, որն ամրացված է նրա շապիկից, մեզ է հասցնում մի քանի ձայնագրություն, ու, չնայած ժապավենի բացակայությանը, ձայներից հասկանալի է դառնում, թե ով է խոսում, նույնիսկ ինչ շարժումներ է անում, ու նրա ժպիտը ինչ փոփոխություններ է կրում այդ պահին: Սա, ըստ երեւույթին, տղան է, ամոթանք է տալիս հորը, թե` խայտառակ ես անում, անհարմար է: Իսկ հայրը, ամենայն հավանականությամբ, կիսաբարկացած, կեսաշխույժ ժպտում է ու բացատրում, որ նախ`իրենք ընկուզենիներով իրենց գոյությունը կպահպանեն, եւ երկրորդ` եթե մարդիկ այդ պոպոքները գնում են, նշանակում է՝ ինչ-որ բանի համար նրանց պետք են դրանք: Եւ այդ խոսակցությունից հետո համարյա ոչինչ չի լսվում՝ դրանից բացի: Առաջ ենք պտտում ձայնագրությունը, ու լսվում է խոսակցություն` շապիկն արդեն հագել է, դուրս է գալիս, եւ պարզ է, որ կինն է հարցնողը, թե կարո՞ղ է այսօր հետը մի քանի կիլոգրամ պոպոք բերել` ուտելու համար:

Եւ լռում է Ռաֆայել պապը, եւ այդ ձայնագրված լռությունից պարզ հասկանալի է դառնում, որ նա մտածում է` այդքան մարդ ինձնից է ընկույզ գնում, ես ուրիշի՞ց պիտի գնեմ: Եւ այստեղ օգնության է հասնում ժապավենի մի փոքրիկ հատված` նա հարեւան վաճառողից ընկույզ է գնել ու բերել տուն: Ինքն ու կինը ջարդում-ուտում են, եւ գնածների մեջ մեկ-մեկ փուչ է պատահում, եւ նա, ժպիտը դեմքին, լուռ բարկանում է` ցույց տալով, որ սա ուրիշ փուչություն է, իրենն`ուրիշ, ու հետո մրթմրթում է, որ սրիկան խաբել, փուչ պոպոքը սաղացրել է վրաներս: Կինը շարունակում է լուռ մնալ, ու նրա լռությունը այն մասին է, որ շատ ես երեւակայում քեզ, իբր դու ոչ մի կապ չունես փուչ պոպոք սաղացնելու հետ, իբր մերն ուրիշ է, նրանցը` ուրիշ: Եւ մոտենում է ժապավենի վերջին հատվածը, այսինքն` հայտնի չէ, թե արդյոք սա՞ է վերջինը` գուցե վերջինը վաղուց նայվել է:

Բայց, ինչեւէ, այս հատվածը շատ հաջող է տեսագրվել, ու ձայնագրությունն էլ միշտ համընկնում է ու նույնպես հաջող է ստացվել: Ու կարծես եւ՛ միկրոֆոնը, եւ՛ թաքցված կամերան համամիտ են այդ պատկերին: Ու քանի որ սա, փաստորեն, վերջին հատվածն է, այսինքն` սրանից հետո այլեւս ժապավեն ու ձայնագրություն չկա` ակամայից ավելի ենք լարվում եւ ուշադիր հետեւում, օրվա վերջն է, շուկան այնքան էլ բազմամարդ չէ, բայց չորս կողմում դեռ աշխույժ առեւտուր է գնում: Լավաշ վաճառողը սպասում է վերջին հաճախորդին, որ մնացած մի քանի կիլոգրամը էժան տա ու տուն գնա: Ռաֆայելն էլ ուր որ է կավարտի իր առեւտուրը ու կամաց-կամաց նախապատրաստվում է: Նրան է մոտենում երկար մազերով միջին տարիքի, բերետով, թավ, սեւ մորուքով, արտիստիկ կեցվածքով մի մարդ: Մարդը մի փոքր օրորվում է, կարծես քեֆը լավ է: Մոտենում է ու վստահ հարցնում է, թե ինչ արժի փուչ պոպոքը: Իմանալուց հետո նորից հարցնում է, թե ինչո՞ւ է կիլոգրամը երկու ռուբլի, եւ ոչ յոթ` հնարավոր չի՞ կիլոգրամը յոթ ռուբլով գնել: Ռաֆայելի ժպիտը մի պահ փոխակերպվում է, բայց հետո նորից վերականգնվում է, երբ այդ մարդը բարձրաձայն, հրավիրելով կողքի վաճառողների ու հաճախորդների ուշադրությունը, հայտարարում է.

―Հայրիկ, ախր դու չգիտես, քո ընկույզները աշխարհի լավագույն ընկույզներն են․․․

Հեքիաթ թռչող ձիու, պինգվինների ու երեխաների մասին

․․․Եւ մի օր աշխարհի բոլոր պինգվինները ձանձրացան մրսելուց ու օրորվելով եկան անտառապահի տուն, հավաքվեցին տաք վառարանի շուրջ, տաքացան, տաքացան ու հալվեցին։ Սկսվեց մի ջրհեղեղ, որի ջուրը սառն էր եւ որը տապալեց բոլոր տներն ու առագաստանավերը․․․

Երեխան փշաքաղվեց այդ ջրհեղեղի սառը ջրից, հագավ վերնաշապիկը։

―Իսկ ի՞նչ եղավ անտառապահը,֊ հարցրեց նա պապիկին։

―Թագավորը որոշեց գնդակահարել անտառապահին՝ աշխարհի սակավաթիվ ու հազվագյուտ կենդանիներին ոչնչացնելու համար։

―Իսկ որտե՞ղ էր թագավորը ջրհեղեղի ժամանակ։

―Ջրհեղեղի ժամանակ թագավորը հենց անտառապահի տան կողքին էր։

―Իսկ թռչող սպիտակ ձին այնտեղ չէ՞ր, որպեսզի փախցներ նրան։

―Ոչ, թռչող սպիտակ ձին կարեւոր գործով գնացել էր Աֆրիկա․․․

Հաջորդ օրը ծերունին տեսավ, թե ինչպես իր թոռնիկը հավաքել է բոլոր երեխաներին, ինչ֊որ բան է պատմում, եւ բոլորն էլ կարծես ցրտից իրար կպած լաց են լինում։

Նա մոտեցավ ու հարցրեց, թե ինչու են լալիս։ Եւ նրանք պատասխանեցին արտասվելով՝ լաց են լինում, քանի որ թագավորը հենց անտառապահի տան կողքին էր եւ թռչող սպիտակ ձին էլ չկար․․․

Ծերունին հեռացավ՝ ինքն իրեն փնթփնթալով․

―Ոչ մի կարգին հեքիաթ չկա այս աշխարհում․․․

Բայց կարգին հեքիաթը, իհարկե, այստեղ ոչ մի կապ չուներ։ Ուղղակի թոռնիկն իր պապից ժառանգել էր հորինելու եւ պատմելու վարպետությունը՝ ինքն էլ հուզվում էր իր պատմածից ու անկեղծ հավատում։ Նա պատմում էր երեխաներին, թե ինչպես գնդակահարեցին բարի աչքերով անտառապահին, թե ինչքան սառն էր ջրհեղեղի ջուրը եւ ինչպես այդ սառը ջուրը տապալեց փոքրիկ տներն ու գեղեցիկ առագաստանավերը։ Թե ինչ վատ ստացվեց, որ այդ պահին մոտերքում չէր թռչող սպիտակ ձին, որ փրկեր աշխարհի լավագույն անտառապահին․․․

Հաջորդ օրը արդեն երեխաները հուզված քայլում էին փողոցով եւ նորից լաց էին լինում։ Այդ պահին մի ականավոր ժուռնալիստ մոտեցավ եւ իր մոտ կանչեց երեխաներից մեկին։ Մոտիկից պարզ երեւում էր՝ բոլոր երեխաները կրծքներին ամրացրել էին իրենց լուսանկարները՝ շրջանակված սեւ ժապավեններով։

―Կարելի՞ է մի քանի հարց տալ,֊ ասաց ժուռնալիստը՝ մոտ բերելով միկրոֆոնը։

―Ըհը,֊ ասաց երեխան լացակումած ձայնով։

―Ասացեք, խնդրեմ, ինչու՞ եք ձեր լուսանկարը պատել սեւ ժապավենով ու ամրացրել ձեր կրծքին։

―Որովհետեւ ամեն րոպե մեռնում ենք,֊ ասաց այդ ամաչկոտ երեխան, ու լացը ավելի սաստկացավ։

Ականավոր ժուռնալիստը շփոթմունքը թաքցնելու իր առանձնահատուկ վարպետությամբ հանեց ծոցատետրը եւ ինչ֊որ նշումներ արեց, հետո, ինքնավստահ, միկրոֆոնը նորից մոտեցրեց ու հարցրեց։

―Իսկ այդ ու՞ր եք գնում եւ վերջապես ինչու՞ եք լալիս․․․

―Լաց ենք լինում, որովհետեւ․․․ Ախր ինչու՞ սպանեցին մեր անտառապահին, իսկ հիմա․․․ գնում ենք թռչող սպիտակ ձիուն գտնելու,֊ շտապ֊շտապ ասաց նա ու վազեց, որ հասնի ընկերներին ու գրավի իր տեղը։

Ժուռնալիստը անմիջապես թագավորին տեղյակ պահեց այս ամենի մասին, եւ թագավորը շփոթվեց։ Պալատականները իսկույն հավաքվեցին ու սկսեցին ելք որոնել։ Առաջարկությամբ հանդես եկավ նրանցից մեկը․

―Երեխաները մեր ապագան են, եւ մենք ջանք ու եռանդ չպետք ա խնայենք նրանց բարօրության համար։ Այսօր մեր առջեւ կարեւորագույն խնդիր է դրված՝ փրկել երեխաներին գալիք վտանգից․․․

Ամենավերջում նա ասաց, որ նրանց փրկության համար պետք է գտնել մի սպիտակ ձի եւ այդ ձիուն ամրացնել աֆրիկյան սպիտակ արծվի թեւեր, ու ամեն ինչ կընթանա իր նախկին հունով։ Բուռն ծափահարությունների ներքո առաջարկությունն անցավ միաձայն։ Անմիջապես մարդիկ ուղարկվեցին գազանանոց։ Սպիտակ ձի չլինելու պատճառով նրանք չալպտուրիկ ձիուն ներկեցին սպիտակ ներկով։ Սպանեցին գազանանոցի միակ աֆրիկյան արծվին եւ թեւերը պոկելով՝ ամրացրին ձիու մեջքին։ Հետո այդ արծվաձիուն, կամ նույն ինքը՝ սպիտակ թռչող ձիուն բերեցին հրապարակ ու կապեցին ցայտաղբյուրից։ Իսկ թագավորը, ամեն ինչից գոհ, մոտիկ մի տեղում թաքնվեց ու անհամբեր սպասեց․․․

―Դե, իսկ որտե՞ղ կարելի է գտնել սպիտակ թռչող ձիուն՝ իհարկե գազանանոցում,֊ մտածեցին երեխաները ու առանց տոմսերի ներխուժեցին գազանանոց։ Նրանք, վանդակից վանդակ շտապելով, անցնում էին ու փնտրում։ Այնտեղ էին մեծ ու փոքր արջերը, առյուծն ու շնիկը, Ռոսինանտն ու Սանչոյի ամենամոտ բարեկամներից մեկը։ Այնտեղ էին նաեւ ծուռթաթ բադիկը, կոկորդիլոս Գենան, վովա փղիկը եւ աղվեսը, որի դունչը խաղողին չէր հասել․․․ Բոլորն այնտեղ էին, բացի թռչող սպիտակ ձիուց, եւ մեկ էլ աֆրիկյան արծվից, որի վանդակի վրա գրված էր, թե նա ծանր հիվանդ է։

Դե, իհարկե, երեխաները այդ առիթով ոչինչ չկասկածեցին եւ շարունակեցին որոնումները․․․

Եւ մինչեւ ձին իր անսովոր թեւերից կաշկանդված յոթ ցայտաղբյուրներից ջուր էր խմում, երեխաներն արդեն Սիրահարների փողոցով աղմուկ֊աղաղակով ցած էին իջնում։ Զինվորների մի խումբ հատուկ հրահանգով նրանց խաղաղ ուղեկցում էր դեպի հրապարակ։ Եւ երբ երեխաները բավականին մոտեցան ապագա դեպքի վայրին, անմիջապես ճանաչեցին թռչող սպիտակ ձիուն, ինչպես մարդիկ կճանաչեին Քրիստոսին, եթե նա գար․․․ Ձին նույնպես ճանաչեց նրանց, ինչպես կճանաչեր անտառապահին, եթե ինքն այնտեղ լիներ գնդակահարելու պահին․․․

Եւ այդ ժամանակ հանկարծակի սկսվեց հորդառատ մի անձրեւ։ Մռայլ երկնքից ջրհեղեղի նման թափվում էր անձրեւը, որը լվաց, սրբեց֊տարավ ձիու սպիտակ գույնը։ Եւ երեխաները մի պահ տարակուսեցին՝ տեսնելով չալպտուրիկ ձիուն։ Եւ ձին զգաց, թե ինչքան է պետք իրեն այժմ թռչել ՝ թեկուզ իր առաջին սխալն ուղղելու համար․․․

Եւ թագավորի զարմացած հայացքի ու մի հանդիսավոր հիմնի ներքո ձին թռավ՝ իր հետ տանելով երեխաներին դեպի Աֆրիկա, դեպի ջունգլիները, որտեղ կոկորդիլոսները անտառապահի շիրիմի մոտ արտասվում են կոկորդիլոսի արցունքներով, որտեղ գտնվում են աշխարհի ամենահուզող կենդանիները եւ որտեղ գտնվում են աշխարհի բոլոր ամենաները, որոնք հնարավոր են կապույտ երկնքի դեպքում․․․

Հեքիաթ սպիտակ պոչով շան մասին

Հեքիաթի թվաբանությունը՝ 1+1+1=1

Երեք մարդ դանդաղ մոտենում էին դաշտի մեջ արածող ձիերին։ Նրանցից մեկը մի կաղ ծերունի էր, մյուսը աշխույժ ու ջլատ մի թզուկ էր, իսկ երրորդը՝ խիստ աղջկական շարժումներով մի երիտասարդ։ Նրանցից մեկը ինչ֊որ բան էր պատմում։

Ձիերը խելացի կենդանիներ են․․․

Երիտասարդը անընդհատ իր բթամատն ու ցուցամատը բերանի ծայրերից իջեցնում եւ միացնում էր կզակի վրա։ Մյուս ձեռքում նա մի թղթի կտոր էր բռնել, որի վրա հավասարումներ էին գրված։ Ծերունին մռայլ կարդում էր։ Հավասարումը բոլոր անհատյներով էր, ու զարմանալին այն էր, որ ինչ անհայտ էլ տեղադրում էին՝ լուծումը ճիշտ էր ստացվում։ Իսկ թզուկը, այս թզուկն անգրագետ էր ու վայրենի հայացքով նայում էր երկնքի ու դաշտի միացման գծին, կարծես փնտրում էր հորիզոնը եւ կարծես երբեմն գտնում էր․․․

Քիչ հեռու ձիերից մեկը առանձնացել ու հոտոտում էր տետրակների մի կույտ։ Ծերունին անհաջող օգտագործելով իր գավազանը՝ առաջ գնաց, երիտասարդը աղջկական շարժումներով հետեւեց նրան, եւ նրանք երկուսով սկսեցին թերթել այդ տետրերը։ Դրանց մեջ գրված էին ինչ֊որ լեզվի քերականության կանոններ, ու բոլոր տետրերը կարծես արտագրված էին իրարից։ Երիտասարդը անմիջապես հանեց գրիչը ու սկսեց իր մոտ նախադասություններ արտագրել, իսկ ծերունին դեռ դժգոհ ընթերցում էր ու կարեւոր բաներ էր փնտրում։

Թզուկը հեռվում կանգնած դիտում էր։ Նրա համար ամեն մի տետրը մի աղյուս էր։ Այս թզուկը հին թզուկ էր եւ մասնակցել էր Բաբելոնի աշտարակաշինությանը ու նա հիմա մտքում նորից կառուցում էր այն։ Ամեն ինչ ճիշտ էր լինում, քանի որ տետրերի կույտը հեռվից նման էր աղյուսացած մի ալիքի․․․

Վերջապես ծերունին գտավ իր ուզածը՝ մահվան մասին այնտեղ ոչինչ չկար գրված։ Երիտասարդի մատները, որոնք գրիչն էին բռնել, վաղուց արդեն գտնվում էին բերանի ծայրերում։ Իսկ թզուկը ձանձրացել էր իր աշտարակը անընդհատ վերակառուցելուց։

Գավազանի պարտականությունները ծերունին նորից սխալ օգտագործեց ու վայր ընկավ։ Նրան անմիջապես օգնեցին, բայց այդպես լռությունը ավելի շեշտվեց, ու երիտասարդը ասաց․

―Մարդիկ տարբե՞ր են իրարից․․․

Թզուկը մի տեսակ անհուսալիորեն վարից վեր նայեց նրա վրա, կարծես հենց նոր էր կորցրել հորիզոնը։ Իսկ ծերունին իմաստունի դիրք ընդունեց ու ասաց․

―Այո։ Մարդիկ կարող են իրար նման լինել, բայց մարդն ինքն իրենից շատ է տարբեր․․․

Պատասխանը ոչ մեկին դուր չեկավ։ Թզուկի հայացքից երեւում էր, որ տանել չի կարողանում ծերունուն ու, մանավանդ, նրա դատողությունները կյանքի ու մահվան մասին։

Իսկ երիտասարդը ժպտում էր քնուշ արհամարհանքով։

Ծերունին ավելի շփոթվեց այդ հայացքներից ու սկսեց համոզել նրանց, որ վերջապես պիտի ինչ֊որ տեղ կանգ առնել ու կառուցել մի լավ տուն, հենց թեկուզ այստեղ։ Նա հուզված պատմում էր, թե ինչպես իրենք կվարեն հողը ու կցանեն տարբեր տեսակի բույսեր եւ կապրեն այդպես իրենց հարազատ տանը հանգիստ ու խաղաղ կյանքով։

Թզուկն այդ բոլորը լսում էր վայրենի անտարբերությամբ, բայց երիտասարդին դա հետաքրքիր էր թվում, եւ նրանք սկսեցին գերաններ որոնել։ Իհարկե, գերանները գտան ու քարշ տվին այնտեղ, որտեղ պիտի լիներ իրենց ապագա հարազատ տունը։

Թզուկն առույգ ու վստահ տեղադրում էր առաջին գերանը, իսկ երիտասարդը հոգնել էր այդ տղամարդկային աշխատանքից։ Նրանց հայացքները պատահմամբ բախվեցին իրար ու ձուլվեցին։ Դա վերջին անգամ էր։

Նրանք վերվրեցին մի գերան ու խաչաձեւ մեխեցին առաջին գերանին։ Քիչ հեռվում գերանները սղոցող ծերունին տեսնելով այդ՝ սկսեց բղավել, որ նրանք սխալ են ամրացնում, որ այդպես չպիտի լինի։ Բայց հետո տեսավ, որ նրանք չեն շարժվում իրենց տեղից՝ ինքը մոտեցավ, ձեռքը երկարեց, որպեսզի պոկի սխալ ամրացված գերանը։ Թզուկը շատ ճկուն մի շարժումով բռնեց նրա ձեռքը ու մեխեց գերանին։ Ծերունին ցավից թուլացած՝ մռնչաց․․․

Հետո երիտասարդը նուրբ շարժումներով օգնեց նրան մեխել ծերունու մյուս ձեռքն ու ոտքերը։ Այդ ողջ արարողությունից հետո ծերունին մի պահ ուշքի եկավ եւ ուզեց ինչ֊որ բան ասել։ Երեւի ուզեց ասել, որ մարդը չափազանց տարբեր է ինքն իրենից, կամ ուրիշ մի շատ կարեւոր բան, բայց չկարողացավ, եւ թուլացած նրա գլուխն ընկավ աջ ուսի վրա․․․

Նրանք արդեն ուզում էին հեռանալ, երբ նկատեցին քիչ հեռու ընկած գավազանը։ Թզուկը բարձրացրեց այն գետնից ու ինչքան ուժ ուներ շպրտեց արածող ձիերի կողմը։ Ձիերը մի պահ անհանգստացած բարձրացրին գլուխները, հետո նորից իջեցրին ու շարունակեցին հանգիստ արածել․․․

Թզուկը հանկարծ ավելի աշխուժացավ, իրեն ավելի ազատ ու անկաշկանդ զգաց եւ առույգ ու վայրենի նայեց աշխարհի վրա։ Նա սկսեց վազվզել, բայց ծաղիկներ չգտավ ու ընտիր հասկերից մի փունջ կազմեց, հետո փունջը դեն շպրտեց, մեջքի վրա պառկեց խոտերի մեջ, ձեռքերը երկարեց ու շատ նմանվեց խաչված ծերունուն՝ կարծես ինքն իրեն։ Սակայն չդիմացավ, նորից կանգնեց ու նորից սկսեց վազել այս ու այն կողմ։

Զարմացած ու հիացած երիտասարդը գրպանից հանեց իր թղթերը, ուզեց դեն շպրտել ու վազել նրա ետեւից, բայց մի սովորական հոգնություն զգաց իր մեջ եւ թղթերը խնամքով ծալեց ու դրեց մյուս գրպանը․․․

Եւ ահա պարզվեց, որ այն անգամը վերջինը չէր, երբ նրանք նայեցին իրար։ Նորից բախվեցին նրանց հայացքները, բայց չձուլվեցին, ու երիտասարդը շփոթվեց։ Եւ ինչպես միշտ լինում էր նրա հետ շփոթվելիս՝ խոսեց․

―Ես ուզում եմ «դու» լինեմ, հասկանու՞մ ես, ոչ թե ուզում եմ փոփոխվեմ ու վերածվեմ քեզ, այլ ուզում եմ «դու» լինեմ․․․

Իհարկե թզուկը ոչինչ չհասկացավ, բայց բնազդաբար ինչ֊որ բան զգաց ու շուռ եկավ՝ մի կերպ զսպելով տետրերի ու գավազանների նկատմամբ ունեցած իր ատելությունը․․․

Երիտասարդը զգույշ պառկեց խոտերի վրա, կտրեց աջ ձեռքի երակը ու երկարեց։ Հետո մյուս ձեռքի բթամատն ու ցուցամատը մոտեցրեց բերանի ծայրերին, փակեց աչքերը ու պատկերացրեց դաշտի միջով վազող միլիոնավոր քրիստոսների․․․

Իսկ թզուկն այդպես էլ շուռ չեկավ, նա հայացքով փնտրում էր հորիզոնը ու կարծես գտավ եւ վայրենի բղավոցներով վազեց դեպի այն։

Հեռվում արածող ձիերը նույնիսկ գլուխները չբարձրացրին․ կարծես վազողները ոչ թե երեքն էին, այլ մեկը։

Ձիերը խելացի կենդանիներ են․․․

Հեքիաթ Լոպե Դե Վեգայի «16֊րդ սիմֆոնիայի» մասին

―Լոպե դե Վեգա, Լոպե դե Վեգա․․․․ Որտեղի՞ց ընկավ անունը միտքս։ Երեւի դա ֆրանսիացի հանճարեղ երաժիշտ է, տասնվեց սիմֆոնիաների հեղինակ։ Լոպե դե Վեգա, Լոպե դե․․․

Նա հիմա այնպիսի տրամադրություն ուներ, որ եթե փողոցում ծառ կար ու ծառի կողքին էլ սյուն, ուրեմն ամեն ինչ լավ է․․․

Մի խումբ մարդիկ կանգնել ու վերեւ էին նայում։ Եւ իսկապես զարմանալի է։ Փողոցի ծառերից մեկը այս աշնան կեսին, ու այն էլ կիրակի օրը, ծաղկել էր։ Նա նույնպես մոտեցավ, դրանք փոքրիկ, սպիտակ ծաղիկներ էին, իսկ դա չծաղկող ծառ էր․․․

Նրան մոտ կանգնած մարդը մի ուրիշի պատմում էր, որ քիչ առաջ այնտեղ է եղել բուսաբանական գիտությունների թեկնածու այսինչ այսինչյանը։

Մի մարդ, որը երեւի վաղուց էր այդտեղ ու մտազբաղ նայում էր գետնին՝ մրմնջաց․

―Էհ, կարեւորը մարդս մարդ լինի,֊ու հեռացավ։

Բոլորը ինչ֊որ բաներ էին ասում, ու ոչ ոք չէր ուզում հավատալ, որ դա գուցե պատահականություն է․․․

Մի ծերունի շատախոսում էր իր մանկության մասին ու պատմում, թե ինչպես երեսունչորս տարի առաջ իրենց բակի բարդին ծաղկել էր ձմռանը եւ․․․

Կարծես դա մի վայր էր, ուր մարդիկ եկել էին պատմելու իրենց տեսած արտասովոր դեպքերը եւ վերջապես իմանալու դրանց գաղտնիքը։

Թե ինչպես մի մարդ վախից թռել է տասներկու մետրանոց գետը, կամ՝ ինչպես սոված գայլը խնամել է իրենց հարեւանի ծծկեր երեխային, ինչպես իր մորաքրոջ տղան ունեցել է քառասուներեք աստիճան տաքություն․․․

Շատերը մոռացել էին ծաղիկների մասին ու ծիծաղելի դեպքեր էին պատմում։ Ոմանք էլ իրենք իրենց հարց էին տալիս՝ գուցե այսպես էլ պիտի լինե՞ր․․․

Իսկ նա կանգնել էր այդ բոլորի մեջ ու մտածում էր, որ վաղը այն բուսաբանական գիտությունների թեկնածուն կբացահայտի գաղտնիքը եւ բոլորը ուրախ կլինեն, քանի որ դա պատահականություն չի լինի։ Սակայն կարելի է այս գիշեր սղոցել ծառը ու տնկել իմ պատուհանի առաջ։ Շառը կսկսի չորանալ։ Իսկ ինչքան են հարկավոր մեզ այս ծաղիկները․․․

Պարզվեց, որ այստեղ կար նաեւ մի շնորհալի հռետոր, որն ավելի շատ խոսում էր ձեռքերով․

―Խեղճ ծառ։ Նա ձանձրացել է՝ միշտ տեսնելով այս փողոցը, այս մարդկանց ու այս երկինքը․․․ Իսկ ի՞նչ ենք անում մենք, երբ ձանձրանում ենք։ Անում ենք արտակարգ, անսովոր մի բան։ Դե, նա էլ ստիպված ծաղկել է։ Եւ ճիշտ է արել։ Հասարակությունը․․․

Նա արդեն չէր լսում ու մտածում էր, թե ինչ պիտի պատասխանի մայրը, երբ երեխան հարցնի այս ծառի մասին։ Մոր համար դժվար չի լինի ու նա այս բոլորը կկապի Ձմեռ պապի, կամ չարություն անելու հետ։

―․․․․ծառը բողոքում է․․․,֊ բղավում էր շնորհալի հռետորը ու ձեռքերով բողոք էր նկարում․․․

―Իսկ դուք որտեղի՞ց գիտեք․․․,֊ հարցրեց մի մարդ, որն ըստ երեւույթին ծաղկավաճառ էր։ Բոլորը ծիծաղեցին։ Հետո միանգամից լռեցին։ Խմբին էր մոտենում մի կույր ծերունի՝ գավազանը ձեռքին։ Երեւի նրան պատմել էին այս մասին։ Նա, իր գավազանը թխկթխկացնելով, վերջապես գտավ ծառը ու սկսեց շոշափել։ Հետո գավազանը հենեց ծառին ու սկսեց խոսել դանդաղ, բայց ոչ աղերսող ձայնով։

―Ես չեմ տեսնում այս ծառը ու չգիտեմ՝ հիմա աշուն է, թե գարուն։ Բայց ես հավատում եմ Ձեզ։ Վերջապես ծաղկել է։ Դուք ճիշտ եք, ճիշտ է։ Ես հավատում եմ Ձեզ։ Ուրեմն՝ լինում են հրաշքներ։ Ծաղկել է, վերջապես ծաղկել է․․․

Նրա կոկորդի վրա շեշտված խնձորակը դժվարությամբ վեր բարձրացավ ու իջավ։ Նա ուզեց գնալ։ Մի քանի քայլ արեց։ Հետո հիշեց, ետ դարձավ, շոշափելով գտավ գավազանը ու թխկթխկացնելով հեռացավ։

Մի քանի րոպե բոլորը լուռ էին։ Հետո կամաց֊կամաց սկսեցին աղմկել։ Քիչ անց շնորհալի հռետորը սթափվեց ու շարունակեց․

―․․․Այնտեղ պատերազմ է,֊ բղավում էր նա, ցույց տալով դիմացի շենքը,֊ իսկ այս ծառը չգիտես ինչու ծաղկել է․․․

Նա կանգնել էր խմբից քիչ հեռու եւ ոչինչ չէր ասում։ Մտածում էր այն մասին, թե ինչ կլիներ, եթե մի խուլ ու համր գար ու տեսներ այս ամենը։ Երեւի նա երկար կնայեր վերեւ եւ գուցե կսկսեր հոտոտել, գործի դնելով իր ունեցած զգայարանները․․․

Մի փոքր աղջիկ եկավ, իր տարիքի համեմատ մի ճյուղ պոկեց ծառից, հոտոտեց ու վազելով հեռացավ։ Մի պահ բոլորը նայեցին նրա ետեւից, հետո նայեցին իրար, ինչ֊որ բաներ հիշեցին ու սկսեցին պոկոտել ծառի ճյուղերը եւ անաղմուկ հեռացան։

Պոկեց այն մարդը, որը ծաղկավաճառ էր։ Պոկեց նաեւ շնորհալի, չափազանց շնորհալի հռետորը․․․

Եւ դրանք մարդիկ էին, որոնց բոլոր զգայարանները գործում էին անթերի․․

Ուշ գիշեր էր։ Իսկ նա միայնակ կանգնած էր ծառի դիմաց ու չէր հիշում Լոպե դե Վեգային։

Հեռվում, պատի տակ նստած կույր մարդը ժպտում էր․․․

Հեքիաթ այն մասին, թե ինչ տխուր է մութ սենյակում

Հեքիաթ չվող թռչունների մասին

Հեքիաթ֊ֆիլմ՝ վերջին գնացքը

Հեքիաթ տարիքային առանձնահատկությունների մասին

Հեքիաթ կույր լուսատիտիկների մասին

Հեքիաթ՝ Անծանոթ ինքնակենսագրության 1

«Գիրքը բոլոր տարիքների համար է» 2

3