Վերջին թարմացում 31 Հոկտեմբերի 2016, 18:32

Դեպք ինտերնատում

Դեպք ինտերնատում[1]

հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ
թարգմանիչ՝ Գ․ Վիրապյան
աղբյուր՝ «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»

Բեյքըր֊ստրիտի մեր համեստ բեմին հայտնի էին շատ դրամատիկական էպիզոդներ, բայց ես չեմ հիշում ոչինչ ավելի անսպասելի եւ շշմեցուցիչ, քան Տորնիկրոֆտ Հակսթեյբլի՝ արվեստի մագիսրտի, փիլիսոփայության դոկտորի[2] եւ այլ եւ այլի առաջին հայտնվելը այնտեղ։ Այցետոմսը, որը չափազանց փոքր էր թվում գիտական աստիճանների այդպիսի բեռի համար, մի քանի վայրկյանով նրանից շուտ էր եկել, որից անմիջապես հետո հայտնվեց եւ ինքը՝ մի բարձրահասակ, պատկառելի, հոյակազմ մարդ — ոգու տոկունության եւ կայունության մարմնացում։ Եվ ահա դեռ դուռը չէր փակվել նրա հետեւից, երբ նա ձեռքով հենվեց սեղանին, դանդաղորեն հատակին նստեց եւ, կորցնելով գիտակցությունը, իր ամբողջ հզոր հասակով մեկ փռվեց բուխարիկի առջեւ գցած արջի մորթու վրա։

Մենք տեղներիցս վեր ցատկեցինք եւ մի րոպե լուռ, զարմացած նայեցինք կործանման այդ պատկառելի բեկորին, որին մեզ մոտ էր գցել հեռվում, ինչ֊որ տեղ, կյանքի անափ օվկիանոսում բարձրացած փոթորիկը։Հետո Հոլմսը մի բարձ դրեց նրա գլխի տակ, իսկ ես նրա շուրթերին մոտեցրի մի ըմպանակ կոնյակ։ Անծանոթի ամբողջապես գունատ դեմքը խոր կնճիռներ էին ակոսել․ ուռած աչքերի տակ առաջացել էին կապտավուն ստվերներ, կիսաբաց բերանի անկյունները վշտագին կախ էին ընկել․ կրկնակի կզակը ծածկված էր կոշտ մորուքով։ Ինչպես երևում էր, նա հեռվից էր եկել, քանի որ օձիքն ու վերնաշապիկը կեղտոտված էին, չսանրված մազափնջերը թափվել էին լայն և գեղեցիկ ճակատին։ Մեր առջև ընկած էր մի մարդ, որին մի ինչ֊որ մեծ դժբախտություն էր պատահել։

― Ի՞նչ է եղել սրան, Ուոտսըն, ― հարցրեց Հոլմսը։

― Ուժերի լրիվ անկում․․․ հավանորեն, քաղցից ու հոգնածությունից, ― պատասխանեցի ես, պահելով մատներս նրա դաստակի վրա, որտեղ շատ բարակ, հազիվ շոշափելի թելի պես բաբախում էր կյանքը։

― Վերադառնալու իրավունքը մինչև Մեկլտոնն է։ Դա գտնվում է Անգլիայի հյուսիսում, ― ասաց Հոլմսը, նրա ժամացույցի գրպանից հանելով գնացքի տոմսը։ Հիմա դեռ ժամը տասներկուսը չկա։ Մի տեսեք, թե որքան էլ շուտ է դուրս եկել։

Մեր հյուրի ուռած կոպերը ցնցվեցին, և նրա մոխրագույն աչքերը անմիտ հայացքով սևեռվեցին մեզ վրա։ Մի րոպե հետո նա դժվարությամբ ոտքի ելավ, ամոթից ամբողջապես կարմրած։

― Ներեցեք ինձ, միստր Հոլմս։ Այս ուշագնացությունը ներվային ցնցման հետևանք է։ Ո՛չ, շատ շնորհակալ եմ․․․ մի բաժակ կաթ պաքսիմատի հետ, և ամեն ինչ կանցնի։ Միստր Հոլմս, ես այստեղ եմ եկել, որպեսզի ձեզ հետս տանեմ։ Ինձ թվաց, որ ոչ մի հեռագիր ձեզ լրիվ պատկերացում չի տա այդ գործի անհետաձգելիության մասին։

― Երբ դուք վերջնականապես ձեզ լավ զգաք․․․

― Ես ինձ հրաշալի եմ զգում։ Պարզապես չեմ հասկանում, թե այս ինչ տեղի ունեցավ ինձ հետ։ Միստր Հոլմս, խնդրում եմ ձեզ հենց առաջին գնացքով ուղևորվել Մեկլտոն։

― Իմ կոլեգան, դոկտոր Ուոտսընը, կհաստատի, որ մենք շատ զբաղված ենք։ Ֆերրերի կորած փաստաթղթերի գործը հետախուզելու համար ես արդեն ավանս եմ ստացել, և, բացի դրանից, մոտ օրերս պետք է լսվի Աբերգավեննիում կատարված սպանության գործը։ Դուրս գալ Լոնդոնից ինձ կարող է ստիպել միայն որևէ արտակարգ կարևոր բան։

― Արտակա՜րգ կարևոր։ ― Մեր հյուրը վեր բարձրացրեց ձեռքերը։

― Մի՞թե դուք չեք լսել հերցոգ Հոլդերնեսսի միակ որդու առևանգման մասին։

― Հերցոգ Հոլդերնեսսի՞։ Նախկին մինիստրի՞։

― Այո՛, այո՛։ Մենք ամեն ուժ գործադրեցինք, որպեսզի դա թերթերի մեջ չընկնի, բայց երեկվա «Գլոբուսում» արդեն որոշ բաներ հայտնվել են։ Ես կարծեցի, թե այդ ձայները ձեզ էլ են հասել։

Հոլմսը մեկնեց իր իր երկար ու նիհար ձեռքը և գրքի դարակից վերցրեց հանրագիտական տեղեկատուի «Հ» տառի հատորը։

― «Հոլդերնեսս վեցերորդ հերցոգ, կապիչի օրդենի կավալեր, Գաղտնի ընկերության անդամ․․․» ու անսահմանորեն և այլն։ «Բարոն Բովերլի, կոմս Կարստոն․․․»։ Աստված իմ, ինչքա՜ն են տիտղոսները։ «Հելլեմշիր կոմսության դատարանի նախագահ (1900 թվից)։ Ամուսնացած է Չարլզ Էպպլդորի դստեր Էդիտի հետ (1888)։ Միակ որդին ու ժառանգորդը լորդ Սալտարն է։ Երկու հարյուր հիսուն հազար ակր հողի տեր։ Հանքահորեր ունի Լանկաշիրում և Ուելսում։ Հասցեն․ Կարտոն֊Հաուս֊Տերրաս․ Հոլդերնես֊հոլլ․ Հելլեմշիր․ ամրոց Կարլստոն, Բանգոր, Ուելս։ Ծովային վարչության լորդ[3] (1872), մինիստր․․․» մի խոսքով, հայտնի մարդ է, թերևս մեր երկրում ամենահայտնի մարդկանցից մեկը։

― Ամենահայտնիներից և, գուցե, ամենահարուստներից մեկը։ Որքան ես գիտեմ, միստր Հոլմս, դուք ձեր բնագավառում արհեստավոր չեք և ամենուրեք գործ եք ստանձնում հենց իրեն՝ գործի սիրույն։ Բայց թույլ տվեք ասել ձեզ, որ նորին պայծառափայլությունը խոստանում է հինգ հազար ֆունտի չեկ տալ նրան, ով ցույց կտա նրա որդու տեղը, հազար ֆունտ էլ լրացուցիչ, եթե ցույց տան առևանգողին կամ առևանգողներին։

― Առատաձեռն վարձատրություն է, ― ասաց Հոլմսը։ ― Ուոտսըն, թերևս, մենք դոկտոր Հակսթեյբլի հետ ուղևորվենք Անգլիայի հյուսիսը։ Իսկ դուք, դոկտոր, կաթ խմեք, ապա պատմեք մեզ, թե ինչ է եղել, երբ է եղել, որտեղ է եղել և վերջապես ի՞նչ առնչություն ունի այդ գործի հետ դոկտոր Տորնիկրոֆտ Հակսթեյբլը՝ Մեկլտոնի մոտ գտնվող ինտերնատի դիրեկտորը, և ինչո՞ւ է նա կատարված դեպքից երեք օր հետո միայն (որ երևում է ձեր չսափրված կզակից) դիմում ինձ, հավատալով իմ համեստ ունակություններին։

Մեր հյուրը մի բաժակ կաթ խմեց և տաքացած, ոչ մի մանրամասնություն բաց չթողնելով, սկսեց իր պատմությունը։ Նրա հայացքը իսկույն ևեթ վերակենդանացավ, այտերը շառագունեցին։

― Ձեզ պետք է զեկուցեմ, ջենտլմեններ, որ ես Մեկլտոնի մոտ գտնվող դպրոց֊ինտերնատի հիմնադիրն ու դիրեկտորն եմ։ Հակսթեյբլի կողմից կազմած «Կոմենտարներ Հորացիոսի մասին»[4] աշխատությունը գուցե ձեզ հիշեցնի իմ ով լինելը։ Տղաների համար իմ ինտերնատը անկասկած Անգլիայի ամենալավ և ամենաարտոնյալ ուսումնական հաստատությունն է։ Լորդ Լևերստոուկը, կոմս Բլեքուոտերը, սըր Կետկարտ Սոումը ― ահա ովքեր են ինձ վստահում իրենց զավակներին։ Բայց փառքի գագաթնակետին իմ դպրոցը հասավ երեք շաբաթ առաջ, երբ լորդ Հոլդերնեսը իր քարտուղարի՝ միստր Ջյեմս Ուայդըրի միջոցով ինձ հաղորդեց, որ տասնամյա լորդ Սոլտայրը՝ նրա միակ որդին ու ժառանգորդը, պետք է սովորի մեր դպրոցում։ Կարո՞ղ էի արդյոք այն ժամանակ ես մտածել, թե ահա այն նախերգանքը, որին հաջորդելու է իմ կյանքի ամենամեծ դժբախտությունը։

Լորդ Սոլտայրը եկավ մայիսի մեկին, առաջին կիսամյակի սկզբին։ Այդ սքանչելի երեխան շատ շուտ ընտելացավ մեր կանոններին։ Ես պետք է նշեմ ― և, հուսով եմ, որ ոչ ոք ինձ չի մեղադրի անհամեստության մեջ, քանի որ այդ մասին լռելը անմտություն կլիներ, ― երեխայի կյանքը տանը այնքան էլ լավ չէր։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հերցոգի ամուսնական կյանքը մնում էր աննախանձելի, և փոխադարձ համաձայնությամբ ամուսինները բաժանվեցին, ընդ որում հերցոգուհին բնակություն հաստատեց Ֆրանսիայի հարավում։ Այդ բոլորը տեղի ունեցավ բոլորովին վերջերս, իսկ երեխայի որդիական զգացմունքները, ինչպես հայտնի դարձավ մեզ, ամբողջապես հակված էին դեպի մայրը։ Երեխան մոր՝ Հոլդերնես֊հոլլից հեռանալուց հետո, սկսեց կարոտից թախծել, և այդ ժամանակ հերցոգը որոշեց նրան հանձնել իմ ինտերնատը։ Երկու շաբաթից հետո փոքրիկ լորդ Սոլտայրը ընտելացավ մեզ և, դատելով ամեն ինչից, իրեն անսահման լավ էր զգում։

Վերջին անգամ նրան տեսել են մայիսի տասներեքին, այսինքն՝ երկուշաբթի օրը։ Նրա համար առանձնացրած սենյակը երկրորդ հարկում էր, իսկ կից մեծ սենյակում քնում էին երկու այլ տղա։ Այդ երեխաները գիշերը ոչինչ ոչ տեսել էին և ոչ էլ լսել, հետևաբար, լորդ Սոլտայրը իր սենյակից դուրս է եկել ոչ դռնով։ Նրա լուսամուտը բաց էր, իսկ պատը այդ տեղում ցանկապատված է շատ հաստ ճյուղեր ունեցող բաղերով։ Մենք գետնին հետքեր չգտանք, բայց որ նա լուսամուտից է դուրս եկել այդ մասին կարելի է չկասկածել։

Նրա փախուստի մասին մենք իմացանք երկուշաբթի օրը առավոտյան ժամը յոթին։ Նրա մահճակալը ծածկված չէր։ Գնալուց առաջ նա հասցրել էր հագնել դպրոցական համազգեստը՝ իտոնական սև կուրտկան և մոխրագույն վարտիքը։ Գիշերը նրա սենյակը ոչ ոք չի մտել, իսկ եթե այնտեղից լսվեին գոռգոռոց կամ ըմբշամարտի աղմուկ, Կոնտերը՝ կից ննջարանում քնող երեխաներից ավագը, իհարկե, ձայն կլսեր, քանի որ նա շատ զգայուն է քնում։

Հենց որ լորդ Սոլտայրի անհետանալը հայտնի դարձավ, ես հավաքեցի ամբողջ ինտերնատը՝ երեխաներին, ուսուցիչներին, ծառաներին։ Եվ այդտեղ մենք համոզվեցինք, որ լորդ Սոլտայրը մենակ չի փախել։ Բացակայում էր Հայդեգհերը՝ գերմաներենի դասատուն։ Հայդեգհերի սենյակը երկրորդ հարկի հակառակ ծայրին էր, բայց լուսամուտներով նույնպես նայում էր փոքրիկ մարգագետնի կողմը։ Նրա մահճակալը նույնպես հավաքված չէր, բայց հագնվել ինչպես հարկն է, ըստ երևույթին, նա չէր կարողացել, որովհետև վերնաշապիկն ու նասկիները ընկած էին հատակին։ Նա դուրս էր եկել լուսամուտից և ցած իջել, կախվելով բաղեղի ճյուղերից, որի մասին վկայում էին գետնին մնացած հետքերը։ Նրա հեծանիվը, որ սովորաբար լինում էր մարգագետնի վերջում գտնվող մի փոքրիկ սարայում, պարզվեց որ տեղում չէ։

Հայդհեգհերը ամենալավ հանձնարարականներով երկու տարի առաջ եկավ ինձ մոտ դպրոցում աշխատելու, բայց որպես մարդ նա լռակյաց էր, և առանձնապես չէր վայելում ոչ աշակերտների և ոչ էլ ոսուցիչների սերը։

Այսօր չորեքշաբթի է, և երկուշաբթի օրվանից մենք փախստականի մասին ոչ մի նոր բան չենք իմացել։ Իհարկե, առաջին բանը, ինչ ես արի դա Հոլդերնեսհոլլի հետ իմ կապվելն էր։ Հերցոգի դաստակերտը մեր դպրոցից ընդամենը մի քանի միլ հեռավորության վրա է, և մենք հույս ունեինք, որ կարոտելով տունը, լորդ Սոլտայրը վերադարձած կլինի հոր մոտ, բայց պարզվեց, որ նա այնտեղ չէ։ Հերցոգը սոսկալի հուզված է, իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա դուք ինքներդ կարող եք համոզվել, թե մինչև ուր են հասցնում մարդուն տագնապն ու պատասխանատվության զգացումը՝ իր սանի համար։ Միստր Հոլմս, աղաչում եմ ձեզ, մի՛ խնայեք ձեր ուժերը։ Այդ գործը արժանի է, որ դուք ամբողջապես նվիրվեք նրան։

Շերլոկ Հոլմսը ուշադիր լսեց չարաբախտ դիրեկտորի պատմածը։ Կիտած հոնքերը և նրանց միջև ընկած խոր ծալքը վկայում էին այն մասին, որ նա խնդրանքի կարիք չի զգում և բոլոր ուժերը կներդնի այդ գործի հետախուզության համար, որը, բացի իր լրջությունից, Հոլմսի մեջ արթնացրել էր նրա մշտական սերը դեպի արտասովոր և խճճված խնդիրները։ Նա գրպանից հանեց բլոկնոտը և նրա մեջ ինչ֊որ բան գրեց հիշողության համար։

― Դուք մեծ սխալ եք գործել, որ անմիջապես ինձ չեք դիմել, ― խստորեն ասաց իմ բարեկամը։ ― Դա շատ կբարդացնի հետախուզությունը։ Ես, օրինակ, համոզված եմ, որ և՛ փոքրիկ մարգագետինը, և՛ պատին հյուսված բաղեղը շատ բան կարող էին ասել փորձված աչքին։

― Ես այդ բանում մեղավոր չեմ, միստր Հոլմս։ Նորին պայծառափայլությունը ամեն կերպ աշխատում էր խուսափել հրապարակումից։ Նա երկյուղ էր կրում, թե չլինի հանկարծ իր ընտանեկան տհաճությունները դառնան բամբասանքի առարկա։ Այդ հանգամանքը միշտ խոչընդոտում էր նրան։

― Իսկ տեղական իշխանությունները զբաղվո՞ւմ էին լորդ Սոլտայրի փախուստի հետաքննությամբ։

― Այո՛, սըր, բայց ավաղ, դա ոչ մի բանի չհանգեցրեց։ Սկզբում մենք կարծես թե փախստականների հետքերը գտանք․ մեզ հաղորդեցին, որ մեր կայարանից առավոտյան գնացքով դուրս է եկել ինչ֊որ մի երիտասարդ՝ հետը մի երեխա։ Բայց երեկ երեկոյան նրանց բռնել են Լիվերպուլում, և սխալը անմիջապես պարզվեց։ Ահա հենց այդ ժամանակ էլ ես ամբողջապես հուսահատվեցի և գիշերը անքուն անցկացնելուց հետո, առաջին իսկ գնացքով եկա ձեզ մոտ։

― Հենց որ ոստիկանությունը գնաց կեղծ հետքերով, գործի տեղում կատարվող հետաքննությունը, հավանական է, տարվեց արդեն ոչ այնպես եռանդուն կերպով, հա՞։

― Հետաքննությունը պարզապես դադարեցրին։

― Նշանակում է երեք օր անցել է իզուր։ Դա զայրացուցիչ է։

― Այո՛, զղջում եմ, դուք իրավացի եք։

― Մինչդեռ առեղծվածը կարելի էր գտնել։ Ասացեք, ձեզ հաջողվե՞ց որևէ կապ գտնել անհետացած երեխայի և գերմաներեն լեզվի ուսուցչի միջև։

― Նրանց միջև ոչ մի կապ չի եղել։

― Ուսուցիչը նրա դասարանո՞ւմ էր դասավանդում։

― Ոչ, և, որքան ինձ հայտնի է, ոչ մի անգամ նրա հետ չի խոսել։

― Տարօրինակ է, շատ տարօրինակ է։ Երեխայի մոտ հեծանիվ կա՞ր։

― Ո՛չ։

― Իսկ մյուս հեծանիվները իրենց տեղերո՞ւմ են։

― Իրենց տեղերում։

― Դուք դրանում համոզվա՞ծ եք։

― Միանգամայն համոզված։

― Հուսով եմ, դուք չեք կարծում, որ կես֊գիշերին գերմանացին գնացել է հեծանիվ նստած և երեխային գրկած, չէ՞։

― Իհարկե, ո՛չ։

― Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք այդ ամենը։

― Գուցե նրանք հեծանիվը վերցրել են ուշադրություն շեղելու համար, հետո որևէ տեղ թաքցրել ու իրենք գնացել են ոտքով։

― Կարող է պատահել։ Բայց համաձայնվեք ինքներդ, որ դա ուշադրություն շեղելու տարօրինակ ձև է։ Չէ՞ որ սարայում կային և ուրիշ հեծանիվներ։

― Այո՛։

― Նրա համար ավելի լավ չէ՞ր լինի թաքնվել երկու հեծանիվով, եթե նա ուզում էր ձեզ մոտ կարծիք ստեղծել, որ իրենք հեծանիվներով են գնացել և ոչ թե ոտքով։

― Այո, դուք իրավացի եք։

― Հենց այդպես էլ կա։ Ոչ, այդ տեսությունը բանի պետք չէ։ Բայց հենց իր, հեծանիվի կորուստը կարող է ելակետ հանդիսանալ՝ հետագա քննության համար։ Վերջ ի վերջո դա այնպիսի բան չէ, որ հնարավոր լինի հեշտությամբ թաքցնել կամ ոչնչացնել։ Եվս մի հարց․ այցելե՞լ է արդյոք որևէ մեկը երեխային՝ նրա փախուստից առաջ։

― Ո՛չ։

― Գուցե նրա անունով նամակնե՞ր են եղել։

― Այո՛, մի նամակ է եղել։

― Ումի՞ց։

― Նրա հորից։

― Դուք ձեր աշակերտների փոստը բացո՞ւմ եք։

― Ո՛չ։

― Իսկ ինչի՞ց եք ենթադրում, որ նամակը հորից է եղել։

― Ծրարի վրա գերբ կար, և հասցեն գրված էր հերցոգի անճոռնի ձեռագրով։ Բացի դրանից, հերցոգն ինքը հիշեց, որ տղային նամակ է գրել։

― Երեխան դրանից առաջ ե՞րբ է նամակներ ստացել։

― Վերջին օրերը նրա անունով ոչինչ չի եղել։

― Իսկ Ֆրանսիայից նրան գրո՞ւմ էին։

― Ոչ մի անգամ։

― Դուք, իհարկե, հասկանում եք թե ասելս ինչ է։ Կամ լորդ Սոլտայրին զոռով են տարել, կամ նա փախել է սեփական ցանկությամբ։ Վերջին հիպոթեզը հուշում է մեզ, որ երեխան առանց կողմնակի ազդեցության չէր հանդգնի այդպիսի արարք կատարել։ Եթե նրա մոտ ոչ ոք չի եկել, ապա այցելությունը տեղի է ունեցել նամակի միջոցով։ Ահա թե ինչու է ինձ կարևոր իմանալ, թե ովքեր են նրան նամակ գրողները։

― Հազիվ թե ես կարողանամ այդտեղ որևէ բանով օգնել ձեզ։ Որքան հայտնի է, նրան գրում էր միայն հայրը։

― Եվ հայրական նամակը ստացվել է փախուստի օրը։ Ինչպիսի՞ հարաբերության մեջ էին հայրն ու որդին, լա՞վ, բարեկամակա՞ն։

― Նորին պայծառափայլությունը ոչ ոքի չի արժանացնում իր բարեկամությանը, նա կլանված է պետական կարևոր գործերով։ Հազիվ թե նրան մատչելի լինեն սովորական մարդկային զգացմունքները։ Բայց յուրովի նա որդու հետ վատ չէր վարվում։

― Այնուամենայնիվ, երեխան սրտով ամբողջապես մոր կո՞ղմն է։

― Այո՛։

― Նա ի՞նքն էր ասում։

― Ո՛չ։

― Ապա ո՞վ։ Հերցո՞գը։

― Չէ՛, ի՞նչ եք ասում։ Իհարկե, ո՛չ։

― Այդ դեպքում դուք որտեղի՞ց գիտեք։

― Ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել զրուցելու նորին պայծառափայլության քարտուղարի՝ միստր Ջեյմս Ուայլդըրի հետ։ Հենց նա էլ ինձ գաղտնաբար հաղորդել է Լորդ Սոլտայրի տրամադրությունները։

― Հասկանալի է։ Ի դեպ, հերցոգի վերջին նամակը գտա՞ք երեխայի սենյակում նրա փախուստից հետո։

― Ո՛չ, նամակը նա վերցրել էր իր հետ․․․ միստր Հոլմս, ժամանակը չի՞ արդյոք կայարան գնալու։

― Հիմա ես կկարգադրեմ կեբ կանչել։ Մի քառորդ ժամից հետո մենք ձեր խոնարհ ծառան կլինենք։ Եթե դուք ուզում եք հեռագրել տուն, միստր Հակսթեյբլ, ապա թող այնպես լինի, որ այնտեղ ձեզ մոտ կարծեն, թե հետախությունը դեռ մինչև հիմա կատարվում է Լիվերպուլում։ Կարծեմ, այնտեղ են թափել ձեր քերծեների ոհմակը, չէ՞։ Իսկ ես այդ ժամանակ հանգիստ կերպով, առանց խանգարիչ հանգամանքների, կաշխատեմ ուղղակի ձեր դպրոցի դռների մոտ և, գուցե հոտառությունը չդավաճանի երկու այնպիսի ծեր խուզարկուների, ինչպիսին ձեր խոնարհ ծառան է և Ուոտսընը, ու մենք հնարը կգտնենք որոշ բաներ տեղում հոտոտելու։

Երեկոյան մեր դեմքին փչեց Դերբի կոմսության թարմացուցիչ, սառը օդը, ուր գտնվում էր դոկտոր Հասկթեյբլի հայտնի դպրոցը։ Երբ մենք մոտեցանք, արդեն մութն էր։ Նախասենյակում, սեղանի վրա, դրված էր այցետոմսը։ Սպասավորը ինչ֊որ բան շշնջաց դիրեկտորին, և սա հուզված շրջվեց դեպի մեզ։

― Հերցոգն այստեղ է, ― ասաց նա։ ― Հերցոգն ու միստր Ուայլդըրը առանձնասենյակում սպասում են ինձ։ Գնանք, ջենտլմեններ, ես ձեզ ներկայացնեմ։

― Ես, իհարկե, լուսանկարներով ճանաչում էի այդ նշանավոր պետական գործչին, բայց պարզվեց, որ նա բոլորովին այնպիսին չէ, ինչպես պորտրեներում։ Բուխարիկի մոտ, խալու վրա, մեր առջև կանգնած էր շքեղ հագնված, վեհակեցվածք, նիհար, նեղ դեմքով և անմտորեն ցցված երկար կեռավուն քթով մի մարդ։ Նա մահվան պես դժգույն էր, և այդ դժգունությունը առանձնապես ընդգծում էր նրա երկար, վառ շիկակարմիր մորուքը, որի արանքից սպիտակ ժիլետի վրա փայլփլում էր ժամացույցի ոսկյա շղթան։ Նախկին մինիստրը մեզ նայում էր սառած հայացքով։ Նրա կողքին կանգնած էր ոչ բարձրահասակ, շարժուն, ներվային դեմքով և խելացի երկնագույն աչքերով մի տակավին երիտասարդ մարդ, որը, ինչպես ես կռահեցի, նրա անձնական քարտուղար Ուայլդըն էր։ Խոսակցությունն սկսեց նա, և սկսեց անմիջապես, միանգամայն որոշակի և նույնիսկ կծու տոնով։

― Դոկտոր Հակսթեյբլ, ես այսօր առավոտյան եղա ձեզ մոտ, բայց, դժբախտաբար, ուշացա և չկարողացա խոչընդոտել Լոնդոն կատարած ձեր ուղևորությանը։ Ինչպես ինձ ասացին, դուք ուղևորվել եք միստր Շերլոկ Հոլմսի մոտ՝ այս գործի հետաքննությունը նրան հանձնարարելու համար։ Նորին պայծառափայլությունը զարմացած է, դոկտոր Հակստեյբլ, որ դուք առանց նախապես նրա հետ խորհրդակցելու այդպիսի քայլի եք դիմել։

― Երբ ես իմացա, որ ոստիկանական հետախուզությունները ոչ մի բանի չհանգեցրին․․․

― Նորին պայծառափայլությունը միանգամայն համոզված չէ դրանում։

― Բայց, միստր Ուայլդըր․․․

― Ինչպես ձեզ հայտնի է, դոկտոր Հակսթեյբլ, նորին պայծառափայլությունը չի ուզում, որ այդ գործը հրապարակվի։ Նա կգերադասեր ավելորդ մարդկանց տեղյակ չպահել այդ մասին։

― Դրա շտկելը շատ հեշտ է, ― փնթփնթաց վախեցած դոկտորը։ ― Միստր Շերլոկ Հոլմսը կարող է առավոտյան գնացքով վերադառնալ Լոնդոն։

― Ես միտք չունեմ, դոկտոր, միտք չունեմ, ― քաղաքավարի ժպտալով ասաց Հոլմսը։ ― Հյուսիսային օդը այնքան հաճելի է և այնքան բարերար առողջության համար, որ ես որոշել եմ մի քանի շաբաթ անցկացնել այստեղ, հարթավայրերում, իսկ զվարճանալու եմ ինչպես կարողանամ։ Ձե՞ր հարկի տակ կգտնեմ ապաստարան, թե՞ գյուղական հյուրանոցում, դա իհարկե, կախված է միայն ձեզանից։

Դժբախտ դոկոտորը ամբողջապես իրեն կորցրել էր, բայց այդտեղ նրան օգնության շտապեց կարմրաշեկ մորուքով հերցոգի բարձրաձայն բասը, որն հնչեց ճաշի պահն ահազանգող գոնգի նման․

― Միստր Ուայլդըրը իրավացի է, դոկտոր Հակսթեյբլ, դուք պետք է խորհրդակցեիք ինձ հետ։ Բայց քանի որ դուք հայտնել եք միստր Հոլմսին այդ գործի մասին, մեր կողմից անմտություն կլիներ հրաժարվել նրա օգնությունից։ Դուք ոչ մի կարիք չունեք գյուղական հյուրանոց գնալու, միստր Հոլմս, ես ուրախ կլինեմ ընդունելու ձեզ ինձ մոտ, Հոլդերնես֊հոլլում։

― Չափազանց զգացված եմ, ձերդ պայծառափայլություն։ Այնուամենայնիվ, մեր գործի շահերի համար, ես պետք է մնամ այստեղ, դեպքի վայրում։

― Ես չեմ ուզում ձեզ հարկադրել, միստր Հոլմս։ Բայց եթե ձեզ պետք լինեն որևէ տեղեկություններ ինձնից կամ միստր Ուայլդրից, մենք ձեր խոնարհ ծառան ենք։

― Ես, հավանական է, ստիպված կլինեմ լինել Հոլդերնես֊հոլլում, ― ասաց Հոլմսը։ ― Իսկ այժմ, սըր, միայն կուզեի իմանալ, թե դուք ինչպես եք բացատրում ձեր որդու խորհրդավոր անհայտացումը։

― Դժվարանում եմ ձեզ պատասխանել, սըր։

― Ներեցեք, եթե ես շոշափեմ ձեզ համար տհաճ թեմա, բայց առանց դրան չի կարելի։ Դուք չե՞ք կարծում արդյոք, որ հերցոգուհու մատն այս գործի մեջ է։

Միստրը ձգձգեց պատասխանը։

― Ոչ, չեմ կարծում, ― ասաց նա վերջապես։

― Այդ դեպքում ընքնըստինքյան մի ուրիշ բացատրություն է ծագում, գուցե երեխային առևանգել են՝ նրա դիմաց փրկանք պահանջելու համա՞ր։ Այդպիսի պահանջներ չե՞ն եղել։

― Ո՛չ, սըր։

― Եվս մի հարց, ձերդ պայծառափայլություն։ Ինձ հայտնի է, որ դուք ձեր որդուն նամակ եք գրել նրա անհետացման օրը։

― Այո՛։

― Այդ նամակում արդյոք այնպիսի բան չկա՞ր, որ կարող էր հուզել նրան կամ թե չէ փախուստի միտք առաջացնել նրա մեջ։

― Իհարկե ո՛չ, սըր։

― Նամակը դուք ինքնե՞րդ ուղարկեցիք։

Հերցոգի փոխարեն գրգռված պատասխանեց քարտուղարը։

― Նորին պայծառափայլությունը սովորություն չունի իր թղթակցություններն ուղարկել անձամբ։ Այդ նամակը մյուսների հետ թողնված էր առանձնասենյակի սեղանին, և ես դրանք բոլորն էլ դրի պայուսակի մեջ՝ փոստի համար։

― Դուք համոզվա՞ծ եք, որ մյուս նամակների մեջ գտնվում էր և այդ նամակը։

― Այո՛, ես տեսա։

― Քանի՞ նամակ գրեցիք այդ օրը, ձերդ պայծառափայլություն։

― Քսան թե երեսուն։ Ես շատ ընդարձակ նամակագրություն ունեմ։ Բայց իմ կարծիքով, մենք մի փոքր շեղվեցինք գործի էությունից։

― Ոչ, ինչո՞ւ, ― ասաց Հոլմսը։

― Ես ինքս խորհուրդ տվի ոստիկանությանը հետախուզություններ կատարել Ֆրանսիայի հարավում, ― շարունակեց հերցոգը։ Կրկնում եմ, ես չեմ կարծում, որ հերցոգուհին ընդունակ լինի հրահրել որդուն այդպիսի հրեշավոր արարքի, բայց երեխան իր համառության դեպքում ավելի շուտ կարող էր փախչել մոր մոտ, մանավանդ, որ բանը չի վերջացել առանց այդ գերմանացու դրդման և օժանդակության։ Իսկ այժմ, դոկտոր Հակսթեյբլ, թույլ տվեք շեղվել։

Ես զգում էի, թե դեռ ինչքան հարցեր ունի Հոլմսը, բայց հերցոգն անմիջապես վերջ տվեց խոսակցությանը։ Այդ ազնվատոհմ իշխանի նուրբ արիստոկրատիզմը նրան թույլ չէր տալիս կողմնակի մարդու հետ մտնել ընտանեկան հարցերի քննարկմանն մեջ, և նա ըստ երևույթին վախենում էր, որ յուրաքանչյուր նոր հարցը անողորմ լույս կսփռի նրա կյանքի՝ փութաջանորեն քողարկված անկյունների վրա։

Հերցոգի և միստր Ուայդըրի գնալուց անմիջապես հետո իմ բարեկամը իր սովորական եռանդով կպավ աշխատանքի։

Երեխայի սենյակի ուշի֊ուշով զննումը ոչինչ չտվեց, բացի այն վերջնական համոզմունքից, որ նա կարող էր փախչել միայն լուսամուտից։ Գերմանացի ուսուցչի սենյակում գտնվող իրերի մեջ նույնպես նոր հանցանշաններ չգտնվեցին։ Նրա լուսամուտի տակ գտնվող բաղեղը չէր դիմացել նրա ծանրությանը, և, լապտերով լուսավորելով փոքրիկ մարգագետինը, մենք տեսանք այնտեղ կրունկների խոր հետքերը։ Տրորված խոտը այն միակ բանն էր, որը վկայում էր գիշերային այդ անբացատրելի փախուստի մասին։

― Շերլոկ Հոլմսը գնաց, թողնելով ինձ մենակ, և վերադարձավ միայն գիշերվա ժամը տասներկուսին։ Ինչ֊որ տեղից նա գտել էր այս վայրերի մի մեծ քարտեզ, որը իմ սենյակում բացեց մահճակալի վրա և մեջտեղը դրեց լամպը։ Այնուհետև վառեց ծխամորճը և սկսեց կենտրոնացած զննել այն, ծխացող ծխամորճի սաթե մունդշտուկով մերթ ընդ մերթ ցույց տալով ինձ իրեն հետաքրքրող կետերը։


Internat dasht .jpg


― Այս գործը գնալով ինձ ավելի ու ավելի է հափշտակում, Ուոտսըն, ― ասում էր իմ բարեկամը։ ― Հետաքրքիր գործ է, շատ հետաքրքիր․․․ Բայց այժմ, երբ ես նոր եմ միայն ձեռնամուխ լինում նրան, կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի աշխարհագրական մանրամասնությունների վրա, որոնք կարող են անկարևոր չլինել գործի հետաքննության ընթացքում։ Նայեցեք այս քարտեզին։ Ահա այս շտիխավորված քառակուսին դպրոցն է։ Հիմա այստեղ քորոց կխրենք։ Ահա խճուղին։ Սա անցնում է դպրոցի կողքով՝ արևելքից արևմուտք։ Այս խճուղուց մի ամբողջ միլ տարածության վրա այս կամ այն կողմը թեքվող ճյուղավորվածություն չկա։ Եթե մեր փախստականները գնացել են խճուղով՝ նրանց համար ուրիշ ճանապարհ լինել չէր կարող։

― Ճիշտ է։

― Հանգամանքների բարեբախտ բերումով, մենք կարող ենք ստուգել, թե ինչ էր կատարվում այն գիշեր խճուղում։ Ահա այստեղ, որտեղ իմ ծխամորճն է, ժամը տասներկուսից մինչև առավոտյան վեցը հերթապահել է պոլիսմենը։ Ինչպես տեսնում եք, սա առաջին խաչուղին է՝ խճուղու արևելյան մասում։ Պոլիսմենը ոչ մի րոպե չի հեռացել իր պոստից, և նա հաստատում է, որ անպայման կնկատեր երեխայի հետ գնացող հասունացած մարդուն, եթե նրանք այնտեղով անցած լինեին։ Ես նրա հետ խոսել եմ այսօր երեկոյան, և իմ կարծիքով, նրան կարելի է հավատ ընծայել։ Կնշանակի, խճուղու այդ մասը բացառվում է։ Հիմա տեսնենք, թե գործը ինչպես է նրա արևմտյան մասում։ Այնտեղ «Կարմրաշեկ ցուլ» անունով մի հյուրանոց կա, որի տիրուհին հիվանդ պառկած է։ Այդ կինը մարդ է ուղարկել Մեկլտոն՝ բժիշկ բերելու համար, բայց սա եղել է ուրիշ հիվանդի մոտ և այս կնոջ մոտ է եկել միայն վաղ առավոտյան։ Բժշկին սպասելու պատճառով հյուրանոցում ամբողջ գիշեր չեն քնել և անընդհատ խճուղուն են նայել՝ տեսնելու համար, թե չի՞ գալիս արդյոք։ Այդ մարդկանց ասելով, հյուրանոցի կողքով ոչ ոք չի անցել։ Եթե հավատալ նրանց, դուրս է գալիս, որ խճուղու արևմտայն մասը նույնպես մեզ մոտ ոչ մի կասկած չի թողնում։ Հետևաբար, փախստականները ընտրել են ինչ֊որ մի ուրիշ ուղի։

― Իսկ հեծանի՞վը, ― ասացի ես։

― Այո՛, հեծանիվը։ Այժմ մենք նրանով կզբաղվենք։ Եվ այսպես, շարունակենք մեր դատողությունները։ Եթե փախստականները դուրս չեն եկել խճուղի, ուրեմն գնացել են դպրոցից կամ դեպի հյուսիս, կամ դեպի հարավ, դա անվիճելի է։ Եկեք կշռադատենք այդ երկու ենթադրությունները։ Դպրոցից դեպի հարավ ընկած է մի ընդարձակ դաշտ, որը բաժանված է մանր հողաբաժինների․ նրանցից ամեն մեկը մյուսից առանձնանում է ցանկապատով։ Հեծանիվով այդտեղից գնալը հնարավոր չէ։ Հետևաբար, նաև այդ ենթադրությունը պետք է թողնել։ Այժմ մեր հայացքները դարձնենք դեպի հյուսիս։ Այնտեղ մենք մի պուրակ ենք տեսնում, որի անունը Շեղ սեպ է, իսկ նրանից այն կողմ, տասը միլ դեպի խորքը, տարածվում է ճահճային մի հարթություն, որը ինչքան հյուսիս է գնում, այնքան ավելի է բլրաշատ դառնում։ Դրա ձախ կողմը գտնվում է Հոլդերնես֊հոլլը, մինչև ուր խճուղով տասը միլ է, իսկ կարճ ճանապարհով ընդամենը վեց։ Այդ հարթությունը տրտում է, անմարդաբնակ։ Նրա մեջ ցաքուցրիվ ընկած են մի քանի փոքրիկ անասնաբուծական ֆերմաներ։ Ոչխարներ, կովեր, ճահճային թռչուններ ― ահա այդ վայրերի միակ բնակիչները։ Ավելի հեռվում, ինչպես դուք ինքներդ եք տեսնում, անցնում է Չեստերֆիլդյան խճուղին։ Նրա երկարությամբ կանգնած են երկու֊երեք կոտտեջ, եկեղեցին և հյուրանոցը։ Հետևի կողմից՝ բլուրներ են, բարձր, զառիթափեր։ Ես համոզված եմ, որ մեր հետախուզություններին ուղղություն պետք է տալ դեպի այս կողմը, հյուսիս։

― Բայց հեծանի՜վը, ― կրկնեցի ես։

― Հեծանիվն ի՞նչ գործ ունի այստեղ, ― անհամբերությամբ ասաց Հոլմսը։ ― Լավ հեծանվորդները արշավում են ոչ միայն խճուղիներով։ Հարթավայրը արահետներով ծածկված է։ Բացի դա, այն գիշերը լուսինը պայծառ լուսավորում էր․․․ Սպասեք։ Սա ի՞նչ է։

Դռանը հասցվեց մի տագնապալի հարված, և իսկույն ևեթ մեր սենյակը մտավ դոկտոր Հակսթեյբլը։ Նա ձեռքին բռնել էր մի գլխարկ, որի հովարը սպիտակ վրակար ուներ։

― Գյուտ, ― բացականչեց նա։ ― Փառք աստծո։ Վերջապես մենք գտանք երեխայի հետքը։ Սա նրա գլխարկն է։

― Որտեղի՞ց գտաք այդ։

― Գնչուների ֆուրգոնից, որոնց թափառախումբը կանգնած էր հարթավայրում։ Նրանք այնտեղից հեռացել են երեքշաբթի օրը։ Այսօր ոստիկանությունը հանկարծ նրանց վրա է հարձակվել և խուզարկել ֆուրգոնը Ահա թե ինչ է գտնվել։

― Դա ինչպե՞ս է նրանց մոտ ընկել։ Նրանք ի՞նչ են ասում։

― Խուսափում են, կեղծում են։ Երդվում են, իբր թե գլխարկը գտել են հարթավայրում, երկուշաբթի օրը առավոտյան։ Ո՛չ, այդ սրիկաները երեխայի տեղը գիտեն։ Բարեբախտաբար, նրանց բոլորին էլ ծակն են խրել։ Օրենքի սարսափը նրանց լեզուները բաց կանի։ Իսկ, գուցե, ոչ միայն սարսափը, այլև հերցոգի քսակը։

― Ի՞նչ կա որ, ավելի լավ, ― ասաց Հոլմսը, երբ դոկտորը դուրս եկավ սենյակից։ ― Համենայն դեպս, դա հաստատում է իմ տեսությունը, որ միայն հարթավայրում կատարած որոնումները կտան որևէ արդյունք։ Ոստիկանությունն այստեղ ոչինչ չի արել, եթե հաշվի չառնենք գնչուներին բանտարկելը։ Նայեք քարտեզին, Ուոտսըն։ Հարթավայրով մի վտակ է հոսում։ Դպրոցի և Հոլդերնես֊հոլլի միջև նա որոշ տեղերում ճահճանում է։ Եղանակը հիմա այնքան չորային է, որ այդ տեղերում հետքեր որոնելը անօգուտ է, իսկ ճահիճների միջև գուցե որոշ բաներ մնացել են։ Վաղը ես մի քիչ ավելի շուտ կգամ ձեր հետևից, և մենք կփորձենք լույս սփռել այդ խորհրդավոր պատմության վրա։

Հաջորդ օրը, վաղորդյան աղջամուղջին արթնանալով, ես իմ մահճակալի մոտ տեսա Հոլմսի բարձրահասակ, նիհար կերպարանքը։ Նա հագնված էր և, դատելով ամեն ինչից, արդեն հասցրել էր զբոսանք կատարել։

― Ես հետազոտեցի փոքրիկ մարգագետինը ու հեծանիվներով սարայը, ― ասաց իմ բարեկամը, ― հետո զբոսնեցի Շեղ սեպում։ Վեր կացեք, Ուոտսըն, հարևան սենյակում կակաոն մատուցված է։ Ես ձեզ խնդրում եմ մի փոքր շտապել, որովհետև մենք այսօր շատ բան ունենք անելու։

― Իմ բարեկամի երեսը կարմրել էր, աչքերը փայլում էին, ինչպես այն մարդունը, որը անհամբերությամբ շտապում է ստանձնել իր սիրած գործը։ Դա ուրիշ Հոլմս էր ― աշխուժացած, եռանդուն, որը երբեք նման չէր իր մեջ խորասուզված Բեյքր֊ստրիտի գունատ երազկոտին։ Եվ, նայելով նրա ձգված, ուժով լի կերպարանքին, ես հասկացա, որ մեզ հոգսերով լեցուն օր է սպասում։

Բայց այն սկսեց ամենադառն հիասթափությունից։ Հույսերով լցված, մենք ճանապարհ ընկանք տորֆային գորշ հարթավայրով, որը հատվում էր ոչխարների տրորած բազմաթիվ արահետներով և շուտով դուրս եկանք բաց֊կանաչ ճահճացած մարգագետնի մոտ, որը ընկած էր մեր և Հոլդերնես֊հոլլի միջև։ Եթե երեխան տուն է փախել, նա չէր կարող չանցնել այս տեղով, և այստեղ պետք է մնային կամ նրա հետքերը, կամ գերմանացի ուսուցչի։ Բայց նման ոչ մի բան մենք չգտանք։ Իմ բարեկամը ընթանում էր այդ կանաչ մարգագետնի եզրի երկարությամբ և, հոնքերը կիտած, ուշադիր հայացքով զննում նրա մամռոտ մակերեսի յուրաքանչյուր մութ բիծը։ Այստեղ ոչխարների բազմաթիվ հետքեր կային, իսկ մի քանի միլ ավելի հեռուն գնալուց հետո, մենք տեսանք կովերի պճեղների հետքեր։ Ահա այն ամենը, ինչ կարելի էր այնտեղ տեսնել։

― Փո՛ւստ, ― ասաց Հոլմսը, նայելով իր առաջ փռված հարթավայրին կիսամութ հայացքով։ ― Ա՜յ այնտեղ էլ ճահիճներ կան, և նրանց միջև ընկած է մի նեղ անցուղի։ Նայե՜ք։ Սա ի՞նչ է։

Մենք բռնեցինք եև ժապավենի պես ոլորուն արահետը։ Նրա մեջտեղով, խոնավ հողի մեջ, պարզորոշ երևում էին հեծանիվի հետքեր։

― Ուռա՜, ― գոչեցի ես։ ― Ահա և հեծանիվը։

Բայց Հոլմսը գլուխը օրորեց, և նրա դեմքը արտահայտում էր, ոչ այնքան ուրախություն, որքան զարմանք և զգուշություն։

― Հեծանիվը՝ հեծանիվ է, բայց ոչ մեր ուզածը, ― ասաց նա։ ― Ինձ հայտնի են քառասուներկու տարբեր տեսակի հեծանվային դողեր։ Սրանք, ինչպես տեսնում եք, պատկանում են «Դանլոպ» ֆիրմային, դեռ կարկատանն էլ հետը։ Հայդեգհերինը պալմերյան էր, երկար զոլերով։ Դա ինձ ասաց մաթեմատիկայի ուսուցիչ Էվելինգը։ Հետևաբար այստեղից անցել է ոչ թե Հայդեգհերը, այլ ինչ֊որ մի ուրիշը։

― Նշանակում է երեխա՞ն։

― Ախ, եթե մենք կարողանայինք ապացուցել, որ նրա մոտ հեծանիվ է եղել։ Այդ հետքերը, ինչպես դուք ինքներդ կարող եք համոզվել, դպրոցի մոտից են գալիս։

― Կամ տանում են դեպի դպրոց։

― Ո՛չ, իմ սիրելի Ուոտսըն։ Հետևի անիվի թողած հետքը ավելի խոր է, որովհետև նրա վրա ավելի շատ է ծանրություն ընկնում։ Ահա, տեսնո՞ւմ եք։ Մի քանի տեղերում նա համընկել է առաջին անիվի թողած ավելի թույլ հետքին, և ոչնչացրել այն։ Ո՛չ, հեծանիվը, անկասկած, դպրոցի կողմից է եկել։ Գուցե նա ոչ մի առնչություն չունի մեր հետախոզության հետ, բայց, այնուամենայնիվ, մինչև այս ուղին շարունակելը, եկեք այս հետքով ետ դառնանք։

Այդպես էլ արինք․ և երկու֊երեք հարյուր յարդից հետո, այնտեղ, ուր արահետը ճահճոտված մասից թեքվում էր, հեծանիվի հետքը անհետացավ։ Բայց դրանից այն կողմը արահետը հատվում էր առվակով, որից հետո հետքերը նորից հայտնվեցին, թեև կովերը արդեն հասցրել էին տրորել։ Այնուհետև արահետը խորանում էր դեպի Շեղ սեպ պուրակը, որը գրեթե կպչում էր դպրոցի շենքին։ Հեծանվորդը, հավանական է, դուրս է եկել այդ պուրակից։ Հոլմսը նստեց մի կլոր ողորկ քարի վրա և կզակը հենեց ձեռքերին։ Մինչ նա նստել էր այդպես՝ բոլորովին անշարժ՝ ես հասցրի երկու սիգարետ ծխել։

― Է՛, ինչ կա որ, ― ասաց բարեկամս, ― կանխատես մարդը, իհարկե, կարող է փոխել իր հեծանվի դողերը՝ հետքերը կորցնելու համար։ Բայց գործ ունենալ մի հանցագործի հետ, որը օժտված է կանխատեսության այդպիսի շնորհքով, ինձ համար մեծ պատիվ կլիներ։ Եկեք այդ թողնենք առանց լուծելու, և վերադառնանք դեպի ճահիճը, որովհետև այնտեղ դեռ ոչ բոլորն է հետազոտված։

Մենք շարունակեցինք հարթավայրի ճահճոտված մասի մեր ուշադիր զննումը և շուտով վարձատրվեցինք ըստ արժանվույն։ Հոլմսը մի ցեխոտ արահետ էլ տեսավ և, մոտենալով նրան, բերկրությամբ բացականչեց։ Արահետի ուղիղ մեջտեղով ձգվում էին հեռագրի լարերի նման բարակ զոլեր։ Դրանք պալմերյան տիպի հեծանվի դողահետքեր էին։

― Ահա թե որտեղով է անցել հեր[5] Հայդհեգերը, ― հուզված ասաց Հոլմսը։ ― Իմ եզրակացությունները այնքան էլ վատ չէին, Ուոտսըն։

― Որի համար էլ ձեզ շնորհավորում եմ։

― Բայց վերջը դեռ հեռու է։ Խնդրում եմ ոտք չդնել արահետին։ Գնանք այս հետքով։ Նա երևի շուտով կվերջանա։

Բայց հարթավայրի այդ մասում անընդհատ ճահճոտ տեղեր էին հանդիպում, ու թեև հեծանվի հետքը հաճախ կորչում էր, այնուամենայնիվ, դարձյալ գտնում էինք։

― Դուք նկատո՞ւմ եք, ― ասաց Հոլմսը, ― որ հեծանվորդը այստեղ սեղմել է պեդալին։ Դա միանգամայն ակներև է։ Նայեցեք ահա այստեղ, որտեղ պահպանվել է և՛ առաջին, և՛ վերջին անիվների հետքերը։ Դրանք երկուսն էլ իրար նման պարզ են։ Իսկ դա կարելի է բացատրել միայն նրանով, որ հեծանվորդը ծանրության կենտրոնը տեղափոխել է ղեկի վրա, ինչպես արվում է արագ ընթացքի ժամանակ։ Այստված իմ, նա վայր է ընկել։

Ցեխոտ արահետում մի լայն ու երկար տափակված տեղ էր մնացել։ Դրանից այն կողմ նկատվում էին մաշիկների հետքեր, իսկ հետո նորից հայտնվեց հեծանիվի հետքը։

― Անիվնե՞րն են սայթաքել, ― հարցրի ես։

Հոլմսը գետնից վերցրեց դրոկի ջարդված թուփը։ Ի սարսափ իմ, դեղին ծաղիկները ցողվել էին կարմիր գույնով։ Արահետում ու դրոկի թփուտների միջև սևին էին տալիս մակարդված արյան մուգ֊դարչնագույն բծերը։

― Գործը վատ է, ― ասաց Հոլմսը։ ― Բոլորովին վատ է։ Մի՛ եկեք այստեղ, Ուոտսըն, հեռու գնացեք։ Այսպես, ի՞նչ կարելի է կարդալ այստեղ։ Նա վիրավորված ընկել է․․․ վեր է կացել․․․ Նորից հեծանիվ նստել․․․ շարունակել ճանապարհը։ Արահետով նախիր է անցել։ Հո եզը չի պոզահարել նրան։ Բայց ուրիշ հետքեր այստեղ չկան։ Առաջ, առաջ Ուոտսըն։ Արյան բծեր, հեծանիվի հետքեր, այս հետքով մենք արդեն որոշակիորեն նրան կգտնենք։

Մեր որոնումները երկար չձգձգվեցին։ Հեծանիվի հետքը խոնավ պսպղացող արահետում սկսեց ջղաձգորեն օղակավորվել։ Ես առաջ նայեցի, և հանկարծ իմ աչքերի դիմաց ինչ֊որ բան շողշողաց մետաղյա փայլով։ Մենք դրոկի թփուտներից դուրս քաշեցինք պալմերյան դողերով մի հեծանիվ։ Նրա մի պեդալը ծռված էր, ղեկն ու առաջին անիվը ողողված էին արյունով։ Փոքր֊ինչ այն կողմը, խոտերի մեջ ցցվել էր մի մաշիկ։ Մենք նետվեցինք այն կողմը և տեսանք չարաբախտ հեծանվորդին։ Դա բարձրահասակ, մորուքով և ակնոցի աջ աչքի ապակին կոտրված մի մարդ էր։ Նրա մահվան պատճառը եղել էր գանգը ճեղքող կործանիչ մի հարված։ Այն հանգամանքը, որ նա կարողացել էր այդպես վիրավորված լինելուց հետո դեռ մի քանի մետր հեծանվով գնալ, վկայում էր նրա ապշեցուցիչ դիմացկունության և ոգու ուժի մասին։ Նա մաշիկները հագել էր բոբիկ ոտին, իսկ պիջակի տակից երևում էր գիշերային շապիկը։ Կասկածելու հիմք չկար՝ մեր առաջ պառկած է գերմանացի ուսուցիչը։

Հոլմսը զգուշությամբ շրջեց դիակը և զննեց այն, հետո նստեց և խորասուզվեց մտքերի մեջ։ Եվ, նայելով բարեկամիս տագնապած դեմքին, ես հասկացա, որ այդ սարսափելի գյուտը առանձնապես առաջ չմղեց մեր հետաքննությունը։

― Պարզապես չգիտեմ, թե ինչ անենք, Ուոտսըն, ― վերջապես ասաց Հոլմսը։ ― Ես հակված եմ առաջ գնալուն։ Մեր որոնումներն այնքան ձգձգվեցին, որ այլևս ոչ մի ժամ կորցնել չենք կարող։ Մյուս կողմից, պետք է հայտնել ոստիկանությանը։ Մի՞թե կարելի է թողնել այստեղ այս խեղճի դիակը։

― Ինձ հետ գրություն ուղարկեք։

― Բայց առանց ձեզ և առանց ձեր օգնության ես չեմ կարող յոլա գնալ։ Սպասեք, ահա այնտեղ ինչ֊որ մեկը տորֆ է կտրում։ Կանչեք այդ մարդուն, թող գնա ոստիկանությանը բերի այստեղ։

Ես կատարեցի Հոլմսի խնդրանքը, և նա մահու չափ վախեցած ֆերմերին գրությամբ ուղարկեց դոկտոր Հոկսթեյբլի մոտ։

― Եվ այսպես, Ուոտսըն, ― նորից սկսեց խոսել իմ բարեկամը, ― այսօր առավոտյան մենք երկու հետք գտանք։ Առաջին հետքը թողել էր պալմերյան դողեր ունեցող հեծանիվը, և դուք տեսնում եք, թե նա մեզ ուր բերեց։ Երկրորդ մեր գյուտը՝ կարկատած դանլոպյան դողերով հեծանիվի հետքն է։ Մինչ այս երկրորդ հետքով գնալը, եկեք պարզենք մեզ համար այն, ինչ արդեն հայտնի է, և անջատենք էականը անէականից․․․ Ամենից առաջ ես ուզում եմ ընդգծել, որ երեխան փախել է իր սեփական կամքով։ Նա դուրս է եկել լուսամուտից և ծլկել մենակ կամ ընկերակցությամբ։ Դա կասկածից վեր է։

Ես գլխով հաստատեցի։

― Այդպես։ Այժմ եկեք զբաղվենք դժբախտ գերմանացիով։ Երեխան հասցրել է հագնվել, հետևաբար, նա պատրաստվել է փախուստի։ Բայց գերմանացին, ըստ երևույթին, հագնվել է շտապելով և այդ պատճառով էլ փախել է առանց գուլպաների։

― Անկասկած է։

― Ի՞նչն է ստիպել նրան դուրս թռչել լուսամուտից։ Այն, որ նա տեսել է փախչող երեխային։ Նա ուզեցել է հասնել և վերադարձնել նրան։ Նա վերցնում է իր հեծանիվը, ընկնում փախստականի հետևից և զոհվում ճահիճների մեջ։

― Այո՛, կարծես թե այդպես է։

― Այժմ ես մոտենում եմ իմ դատողությունների ամենավիճելի մասին։ Հետապնդելով երեխային, հասունացած մարդը պետք է ուղղակի վազեր նրա հետևից։ Չէ՞ որ երեխային հասնելու մեջ ոչ մի դժվարություն չկա։ Բայց գերմանացին, որը, դոկտոր Հասկթեյբլի ասելով հրաշալի հեծանվորդ է, վարվում է այլ կերպ․ այսինքն՝ շտապում է սարայ իր հեծանիվը վերցնելու։ Այստեղից եզրակացություն․ նա տեսել էր, որ երեխան օգտվել է տեղափոխման ավելի կատարելագործված միջոցից, քան իր ոտքերն են։

― Այլ խոսքով, վերցրել է ինչ֊որ մեկի հեծանի՞վը։

― Եկեք վերականգնենք փախուստի պատկերը մինչև վերջը։ Գերմանացին մահանում է դպրոցից հինգ միլ հեռավորության վրա, և մահանում է, նկատի ունեցեք, ոչ թե գնդակից, որով նրան կարող էր խփել և երեխան, այլ ուժեղ մարդու կողմից նրա գլխին հասցրած դաժան հարվածից։ Նշանակում է, երեխայի հետ ուղեկից է եղել, և նրանք այնքան արագ են հեռացել, որ լավ հեծանվորդը միայն հինգերորդ միլում է հասել նրանց։ Ողբերգական դեպքի տեղը զննելիս, մենք հայտնաբերեցինք միմիայն կովի ոտքերի հետքեր։ Ես կատարեցի ավելի լայն շրջանագիծ, մոտ հիսուն քայլ հեռավորությամբ, ոչ մի արահետ չտեսա։ Երկրորդ հեծանվորդը ոչ մի առնչություն չուներ սպանության հետ, իսկ մարդկային հետքեր չկային։

― Հոլմս, ― բացականչեցի ես։ ― Սա անհավատալի է։

― Կեցցե՜ս, ― ասաց նա։ ― Եզրակացությունն սպառիչ է։ Դեպքերի իմ շարադրության մեջ ինչ֊որ մի անհավատալի բան կա, հետևաբար, ես սխալ եմ թույլ տվել։ Բայց դուք անընդհատ ինձ հետ էիք և ամեն ինչ տեսել եք ինքներդ։ Որտե՞ղ է արդյոք, որ ես սխալվում եմ։

― Գուցե նա գլուխը ջարդել է ընկնելի՞ս։

― Ճահճո՞ւմ, Ուոտսըն։

― Ես կորցնում եմ ինձ, Հոլմս։

― Բավական է, բավական է, մենք լուծել ենք նույնիսկ ավելի դժվարին առեղծվածներ։ Խորհրդածությունների համար մենք բավականին նյութ ունենք, պետք է միայն խելացի օգտագործել այն․․․ Եվ այսպես, առաջ գնանք, Ուոտսըն։ Պալմերյան հեծանվադողերը մեզ ասացին այն ամենը, ինչ կարող էին։ Այժմ տեսնենք, թե մեզ ուր կտանի կարկատանով դանլոպյան դողը։

Մենք գնացինք այդ հետքով, բայց շուտով մեր առաջ ձգվեցին զառիվեր, հավամրգիներով պատված բլրակներ, վտակը մնաց հետևում։ Առաջ գնալը անմտություն էր, քանի որ դանլոպյան հեծանվադողերի հետքերը մեզ կարող էին տանել կամ դեպի Հոլդերնես֊հոլլ, որի վեհ աշտարակները ձախ կողմից վեր էին խոյացել, կամ դեպի ցածլիկ, գորշոգույն տնակները, որոնց հետևի կողմից, համաձայն քարտեզի, անցնում էր Չեստերֆիլդյան խճուղին։

Երբ մենք ընդամենը մի քանի քայլի վրա էինք գտնվում հնամյա և տեսքով բոլորովին անշուք մի հյուրանոցից, որի ցուցանակի վրա աքաղաղ էր նկարված, Հոլմսը հանկարծ մի ախ արձակեց ու բռնեց իմ ուսից, որպեսզի վայր չընկնի։ Նրա ոտքը ոլորվեց իսկ, ինչպես հայտնի է, այդպիսի դեպքերում մարդն բոլորովին անօգնական է դառնում։ Նա կաղեկաղ մի կերպ հասավ հյուրանոցի դռանը, որտեղ ծխամորճը բերնին նստել էր թիկնավետ, միջին տարիքի մի մարդ։

― Բարև ձեզ, միստր Ռյուբեն Հեյզ, ― ասաց Հոլմսը։

― Իսկ դուք ո՞վ եք և որտեղից գիտեք իմ անունը, ― հարցրեց այդ մարդը, կասկածոտ և ոչ բարի հայացքով չափելով Հոլմսին։

― Ձեր անունը գրված է ձեր գլխավերևը գտնվող ցուցանակի վրա։ Իսկ տերը միշտ էլ ճանաչվում է։ Ասացեք, ձեր կառեթանոցում չկա՞ արդյոք որևէ տարատայկա։

― Ո՛չ։

― Ես աջ ոտքս չեմ կարողանում գետնին դնել։

― Չեք կարողանում, մի դրեք։

― Իսկ ինչպե՞ս գնամ։

― Մի կերպ մի ոտքի վրա ցատկոտելով տեղ կհասնեք։

Միստր Ռյուբեն Հեյզի պատասխանները աչքի չէին ընկնում չափազանց սիրալիրությամբ, բայց Հոլմսը նրա կոպտությունը հանդուրժում էր զարմանալի բարեհոգությամբ։

― Լսեցեք, սիրելիս, ― ասաց նա, ― չէ՞ որ տեսնում եք, թե ինչ դժբախտություն է պատահել ինձ։ Մեզ հետաքրքրում է մի կերպ տեղ հասնել, իսկ թե ոնց կամ ինչով, ինձ համար միևնույն է։

― Որ ձեզ համար միևնույնն է, ինձ համար վաղուց է միևնույնը, ― պատասխանեց այդ մռայլ անձնավորությունը։

― Ես կարևոր գործով եմ եկել այստեղ։ Տվեք ինձ ձեր հեծանիվը և կստանաք մի սովերեն ծառայության համար։

Հյուրանոցատերը ականջները սրեց։

― Ո՞ւր եք գնալու։

― Հոլդերնես֊հոլլ։

― Չլինի՞ թե հենց իրեն՝ հերցոգի մոտ եք հյուր գնում, ― ասաց հյուրանոցատերը, ծաղրաբար նայելով ցեխից կեղտոտված մեր հագուստին։

Հոլմսը բարեհոգորեն ծիծաղեց։

― Հերցոգը մեզ գրկաբաց կընդունի։

― Իսկ ինչո՞ւ։

― Որովհետև մենք նրա կորած որդու մասին լավ լուր ենք տանում։

Միստր Հեյզը ցնցվեց։

― Մի՞թե հետքերը գտել եք։

― Լիվերպուլից տեղեկացրել են, որ այնտեղ է։ Շուտով նրան կգտնեն։

Ստվերի պես ինչ֊որ մի բան անցավ այդ կոպիտ չսափրած մազերով դեմքի վրայից։ Միստր Հեյզը հանկարծ բարիացավ։

― Ես նրա վրա ատամ ունեմ, ― ասաց նա, ― որովհետև ես նրա մոտ կառապան էի աշխատում, իսկ նա ինձ հետ շատ վատ վարվեց։ Խոտի մատակարարը նրան իմ մասին այնքան էր ստեր ասել, որ ինձ աշխատանքից հեռացրեց, և ձեռքս նույնիսկ մի հանձնարարական թուղթ էլ չտվին։ Բայց այնուամենայնիվ, ես ուրախ եմ, որ պատանի լորդը Լիվերպուլում գտնվել է։ Թող այդպես լինի, ես ձեզ կօգնեմ Հոլդերնես֊հոլլ հասցնել այդ բարի լուրը։

― Շնորհակալ ենք, ― ասաց Հոլմսը։ ― Բայց մենք սկզբից կընթրենք, իսկ հետո դուք ձեր հեծանիվը կտաք ինձ։

― Ես հեծանիվ չունեմ։

Հոլմսը ցույց տվեց սովերենը։

― Ձեզ ասում եմ, ես հեծանիվ չունեմ։ Ձիով կգնաք։

― Լավ, ― ասաց Հոլմսը։ ― Մեզ կերակրեցեք, իսկ հետո կխոսենք այդ մասին։

Երբ սալարկած խոհանոցում մենք մնացինք մենակ, Հոլմսի ոտքը հանկարծ ոչ այս, ոչ այն, դադարեց ցավելուց։ Օրն իրիկնանում էր։ Մենք շատ քաղցած էինք և չէինք շտապում սեղանից վեր կենալ։ Խորասուզված իր մտքերի մեջ, Հոլմսը մի քանի անգամ, առանց լռությունն ընդհատելու մոտեցավ լուսամուտին։ Նա նայում էր աղբով լեցուն բակին։ Բակի մի անկյունում, գտնվում էր դարբնոցը, որտեղ աշխատում էր մի կեղտոտված, փնթի դեռահաս տղա, իսկ մյուս անկյունում՝ ախոռը։ Այդպիսի էքսկուրսիաներից հետո Հոլմսը նորից նստեց սեղանի մոտ և հանկարծ տեղից ցատկեց, բարձրաձայն գոռալով։

― Գտա՛, Ուոտսըն։ Գտա՛, ― ասաց նա։ ― Այժմ ամեն ինչ պարզ է։ Ուոտսըն, դուք այսօր առավոտյան կովի ոտնահետքեր տեսա՞ք։

― Տեսա։

― Որտե՞ղ։

― Որտեղ ասես։ Եվ ճահճուտներում, և արահետում, և այնտեղ, որտեղ խեղճ Հայդհեգերը կյանքի հետ հաշիվները մաքրել էր։

― Ճիշտ է։ Իսկ այժմ, Ուոտսըն, ասացեք արդյոք շա՞տ կովեր ընկան ձեր աչքով։

― Ես կով չեմ տեսել։

― Տարօրինակ է, Ուոտսըն, չորս կողմը կովի ոտնահետքեր են, իսկ կովեր ոչ մի տեղ չեն երևում։ Ճիշտ որ տարօրինակ է, չէ՞։

― Այո՛, իսկապես։

― Այժմ, Ուոտսըն, լարեք ձեր հիշողությունը և աշխատեք պատկերացնել, թե ինչ տեսք ունեին այդ հետքերը արահետում։

― Պատկերացնում եմ։

― Հիշո՞ւմ եք, երբեմն նրանք այն ձևի էին․․․ ― Նա սկսեց սեղանի վրա հացի կտորներ դարսել․ ― իսկ մեկ֊մեկ էլ այսպես էին․ ― իսկ որոշ տեղեր ահա այսպես․․․

― Հիշո՞ւմ եք։

― Ո՛չ։

― Իսկ ես հիշում եմ և պատրաստ եմ հաստատել երդմամբ։ Ինչևիցե, մենք դեռ կվերադառնանք այնտեղ և ամեն ինչ տեղում կստուգենք։ Ուղեղս մթնել էր, ինչ էր, որ ես դրանցից համապատասխան եզրակացություններ չարի։

― Ի՞նչ եզրակացություններ։

― Ահա թե ինչ․ զարմանալի են այն կովերը, որոնց կարելի է ուզածդ քայլքով քշել․ և՛ վարգով, և՛ քառատրոփ, և՛ քայլով։ Հիշեք իմ խոսքը, Ուոտսըն, այդպիսի խորամանկ հնարամտությունը գյուղական ճաշարանի տիրոջ խելքի բան չէ։ Բակում ոչ ոք չկա, բացի դարբնոցում գտնվող այդ մանչուկից։ Եկեք մի դուրս գանք և տեսնենք, թե գործերն այնտեղ ինչպես են։

Կիսափլած ախոռում երկու գզգզված մազերով, չմաքրած ձիեր էին կանգնած։ Հոլմսը նրանցից մեկի հետին ոտքը բարձրացրեց և բարձրաձայն ծիծաղեց։

― Պայտերը հին են, մինչդեռ պայտել են բոլորովին վերջերս։ Պայտերը հին են, իսկ մեխը՝ նոր։ Այս գործը կարելի է դնել կլասիկ գործերի կողքին, սա միանգամայն արժանի է դրան։ Հիմա եկեք դարբնոցը նայենք։

Պատանին զբաղված իր գործով, ոչ մի ուշադրություն չդարձրեց մեզ վրա։ Ես տեսա, թե Հոլմսը ինչպիսի արագությամբ զննեց ամբողջ դարբնոցը, որը լեփ֊լեցուն էր երկաթի լոմով ու տաշեղներով։ Հանկարծ հետևից ոտնաձայներ լսվեցին, և մենք տեսանք տանտիրոջը։ Նրա հոնքերը կատաղորեն փայլատակող աչքերի վրա մի գիծ էին կազմել։ Թուխ դեմքը ջղաձգորեն ցնցվում էր։ Նա ձեռքին բռնել էր մի կարճ, երկաթով պատած փայտ և մեր վրա էր գալիս այնպիսի մի սպառնագին տեսքով, որ ես ուրախացա, երբ շոշափեցի և տեսա, որ ատրճանակը գրպանումս է։

― Ոստիկանական խուզարկունե՛ր, ― բղավեց նա։ ― Դուք ի՞նչ գործ ունեք այստեղ։

― Միստր Ռյուբեն Հեյզ, ի սեր աստծո, ― բոլորովին հանգիստ ասաց Հոլմսը։ ― Կարելի է կարծել, թե դուք վախենում եք, որ մենք իսկապես այստեղ որևէ բան գտնենք։

Կամքի հսկայական ճիգով Հեյզը տիրապետեց իրեն և շուրթերին տվեց կեղծ ժպիտ, որն ինձ ավելի սոսկալի թվաց, քան նրա ահեղ տեսքը։

― Խնդրեմ, որոնեցեք։ Ինչ գտնեք, բոլորը ձեզ լինի, ― ասաց նա։ ― Բայց ես չեմ սիրում, երբ կողմնակի մարդիկ առանց հարցնելու իմ բակում վխտում են։ Այդ պատճառով էլ, միստր, որքան շուտ վճարեք հաշիվը և գնաք այստեղից, այնքան ավելի լավ կլինի։

― Մի՛ բարկանաք մեզ վրա, միստր Հյուզ, ― ասաց Հոլմսը։ Մենք պարզապես ուզեցինք նայել ձեր ձիերին, բայց ես, կարծում եմ ոտքով էլ տեղ կհասնեմ։ Չէ՞որ մինչև Հոլդերնես֊հոլլը հեռու չէ։

― Այստեղից մինչև ուղղակի նրա դարբասները երկու միլ է և ոչ ավելի։ Ահա այն ձախ կողմի ճանապարհով։

Բակից նա մեզ ճանապարհ դրեց մռայլ հայացքով։

Մենք ճանապարհով հեռու չգնացինք, քանի որ Հոլմսը կանգ առավ առաջին ոլորանի մոտ, համոզված լինելով, որ այժմ մեզ ոչ ոք չի տեսնի։

― Տաք֊տաք էր դեռ, պետք է մնայինք, ― ասաց նա։ ― Եվ որքան շատ եմ հեռանում հյուրանոցից, այնքան ավելի շատ եմ հեռանում գործից։ Ոչ, այստեղից գնալը դեռ շատ շուտ է։

― Ես համոզված եմ, որ այդ Ռյուբեն Հեյզը ամեն ինչ գիտե։ Ավելի տիպիկ չարագործի կերպարանք ես կյանքումս չեմ տեսել։

― Ճիշտ է, չէ՞։ Իսկական չարագործ է։ Իսկ ձիերը, իսկ դարբնո՞ցը։ Հը՛մ, հետաքրքրաշարժ տեղ է այդ «Մարտական աքաղաղը»։ Ապա մի եկեք դիտենք, թե ինչ են անում այնտեղ, միայն թե զգույշ, գաղտնաբար։

Մեր թիկունքում գորշ, հարթ ու կլոր քարերով ծածկված զառիվեր բլուր էր։ Երբ մենք սկսեցինք բարձրանալ նրա լանջն ի վեր, ես նայեցի Հոլդերնես֊հոլլի կողմը և տեսա ճանապարհով արագ սլացող մի հեծանվորդի։

― Կռացեք, Ուոտսըն, ― գոռաց Հոլմսը, իր ծանր ձեռքը իջեցնելով ուսիս։

Մենք հազիվ հասցրինք թաքնվել կլոր ու ողորկ քարի հետևն, երբ այդ մարդը մեր կողքով սլացավ։ Հեծանվի բարձրացրած փոշու մեջ իմ առաջ հայտնվեց ու անհայտացավ մի գունատ, հուզված դեմք, մի դեմք, որի յուրաքանչյուր գծիկի մեջ սոսկում էր զգացվում․ բերանը բաց էր, հայացքը սառած էր վայրենաբար չռված աչքերում։ Դա պճնագեղ, ձգված Ջեյմս Ուայդըրի՝ մեր երեկվա ծանոթի, ինչ֊որ անհեթեթ ծաղրանկարն էր։

― Հերցոգի քարտուղարը, ― բացականչեց Հոլմսը։ ― Շո՛ւտ արա, Ուոտսըն։ Տեսնենք ի՞նչ գործ ունի նա այնտեղ։ Քարերի վրայից թռչելով, մենք թեքությունով վեր բարձրացանք և այդտեղից տեսանք հյուրանոցի դուռը։ Ուայդըրի հեծանիվը դրված էր պատի մոտ։ Տանը ոչ մի շարժում չէր երևում, լուսամուտներից ոչ ոք դուրս չէր նայում։

Արևը մտնում էր Հոլդերնես֊հոլլի բարձր աշտարակների հետևը, և հարթավայրի վրա դանդաղորեն իջնում աղջամուղջը։ Շուտով թանձրացող մթի մեջ հյուրանոցին կից ախոռից դուրս եկավ կողքերին վառած լապտերներով մի երկանիվ, և մի երկու րոպեից հետո ամբողջ ուժով սլացավ այն մեր կողքով՝ Չեստերֆիլդի ուղղությամբ։

― Ինչպե՞ս հասկանալ այս, Ուոտսըն, ― շշնջաց Հոլմսը։

― Փախուստի է նման։

― Երկանիվ և մեջը ընդամենը մի մարդ, որքան ինձ հաջողվեց տեսնել։ Բայց դա միստր Ջեյմս Ուայդըրը չէր, որովհետև, նայեցեք, ահա նա կանգնած է։

Դռան պայծառ լուսավորված քառակուսու մեջտեղը սևին էր տալիս քարտուղարի կերպարանքը։ Վիզը երկարացրած, նա նայում էր մթության մեջ, անկասկած սպասելով ինչ֊որ մեկին։ Անցավ մի քանի րոպե, և վերջապես ճանապարհին քայլերի ձայներ լսվեցին։ Դռներից ընկնող լույսի մեջ հայտնվեց ու անհետացավ ևս ինչ֊որ մեկի ստվերը, դուռը փակեցին, և հյուրանոցը նորից թաղվեց խավարի մեջ։ Հետո նրա վերևի լուսամուտներից մեկում մի լույս վառվեց։

― Տարօրինակ այցելուներ են մտնում «Մարտական աքաղաղը», ― ասաց Հոլմսը։

― Գինետնակի մուտքը մյուս կողմից է։

― Ճիշտ է։ Այդ երկուսը, հավանական է, ոչ թե սովորական այցելուներ են, այլ տանտիրոջ հյուրերը։ Բայց ի՞նչ պետք ուներ այդ որջում միստր Ջեյմս Ուայդըրը, այն էլ այսպիսի ուշ ժամի։ Եվ ո՞ւմ հետ է նա այդտեղ տեսակցություն նշանակել։ Եկեք ռիսկ անենք, Ուոտսըն, նրանց մոտիկից նայենք։

Մենք իջանք ճանապարհը և գողեգող մոտեցանք հյուրանոցի դռներին։ Ուայդըրի հեծանիվը առաջվա պես դրված էր պատի մոտ։ Հոլմսը լուցկին քաշեց, մոտեցրեց հեծանիվի հետևի ակին, և ես լսեցի, թե նա ինչպես «հըմ» արեց, երբ լուցկին լուսավորեց դանլոպյան դողի վրա գտնվող կարկատանը։ Այն պատուհանը, որտեղ լույս էր վառվում, գտնվում էր ուղղակի մեր վերևը։

― Անհրաժեշտ է մի թեթև ներս նայել։ Ուոտսըն, եթե դուք հենվեք պատին ու թույլ տաք, որ բարձրանամ ձեր մեջքին, ես մի կերպ հնար կգտնեմ այդ անելու։

Մի վայրկյան հետո Հոլմսը ոտքերով կանգնեց ուսերիս և իսկույն ևեթ ցած թռավ։

― Գնանք, բարեկամս, ― ասաց նա։ ― Այսօր այսքանը բավական է։ Մենք արինք այն ամենը, ինչ կարող էինք։ Եկեք ժամանակ չկորցնենք, չէ՞ որ մինչև դպրոցը ճանապարհը բավականին հեռու է։

Մինչ մենք հոգնած դանդաղորեն քայլում էինք հարթավայրով, Հոլմսը գրեթե ոչ մի անգամ բերանը չբացեց և, չմտնելով դպրոցը, գնաց կայարան՝ հեռագիր ուղարկելու։ Հետո ես լսեցի, թե նա ինչպես էր մխիթարում ուսուցչի ողբերգական մահով խոցված Հակսթեյբլին, և արդեն բոլորովին ուշ գիշերին նրան տեսա իմ սենյակում, դարձյալ կայտառ և լցված ուժով, ինչպես անցած առավոտյան։

― Գոծերը ընթանում են հրաշալի, բարեկամս, ― ասաց նա։ ― Խոստանում եմ ձեզ, որ մինչև վաղը երեկոյան մենք կհասնենք այդ առեղծվածի լուծմանը։


Հաջորդ օրը առավոտյան ժամը տասնմեկին Հոլմսի հետ մենք գնում էինք Հոլդերնես֊հոլլի գեղծիների[6] նշանավոր ծառուղիով։ Սպասավորը մեզ դիմավորեց շքեղ պորտալի[7] մոտ և առաջնորդեց նորին պայծառափայլության առանձնասենյակը։ Այնտեղ մեզ ներկայացավ միստր Ջեյմս Ուայդըրը։ Նա իրեն պահում էր համեստ, քաղաքավարի, բայց ջղաձգվող դեմքի վրա, այս ու այն կողմը փախչող աչքերի մեջ տակավին սոսկում էր զգացվում։

― Դուք հերցոգի՞ն եք ուզում տեսնել։ Ավա՜ղ, նորին պայծառափայլությունը իրեն վատ է զգում։ Նրան պարզապես սպանել է այն ողբերգությունը, որի մասին դոկտոր Հակսթեյբլը երեկ հեռագրով հայտնեց։

― Ինձ անհրաժեշտ է հերցոգին տեսնել, միստր Ուայդըր։

― Բայց նա իր սենյակից դուրս չի գալիս։

― Այդ դեպքում ես կգնամ նրա մոտ։

― Նա անկողնում պառկած է։

― Այնուամենայնիվ, ես պետք է տեսակցեմ։

Հոլմսի սառն, առարկություն թույլ չտվող տոնը համոզեց քարտուղարին, որ այդ մարդու հետ վիճելն անօգուտ է։

― Շատ լավ, միստր Հոլմս, ես ձեր մասին կզեկուցեմ։

Անցավ մոտ մի ժամ, մինչ հերցոգը հայտնվեց առանձնասենյակում։ Նրա աչքերը խորն էին ընկել ավելի շատ, ուսերը կամքից անկախ կախվել էին, կարծես թե մի օրվա մեջ ծերացել էր։ Նրբին քաղաքավարությամբ նա գլուխ տվեց մեզ, նստեց բազկաթոռին։

― Ես ձեզ լսում եմ, միստր Հոլմս։

Բայց իմ բարեկամը հայացքը սևեռել ու նայում էր քարտուղարին, որը կանգել էր իր պատրոնի մոտ։

― Ձերդ պայծառափայլություն, միստր Ուայդըրի ներկայությունը որոշ չափով ինձ կաշկանդում է։

Քարտուղարը գունատվեց և կատաղի հայացք գցեց Հոլմսի վրա։

― Եթե ձերդ պայծառափայլությանը անհրաժեշտ է․․․

― Այո՛, այո՛, մեզ թողեք․․․ Եվ այսպես, միստր Հոլմս, ի՞նչ ունեք ինձ ասելու։

Իմ բարեկամը սպասեց, մինչև որ դուռը փակվեց քարտուղարի հետևից։

― Ձերդ պայծառափայլություն, ― սկսեց նա, ― ես և իմ կոլեգան՝ դոկտոր Ուոտսընը, գիտենք, այդ մասին մեզ հայտնել է դոկտոր Հակսթեյբըլը, որ դուք դրամական վարձատրություն եք խոստացել՝ ձեզ հետաքրքրող գործի հետախուզության համար։ Ես կուզեի այդ լսել ձեր սեփական շուրթերից։

― Խնդրեմ, միստր Հոլմս։

― Եթե ինձ ճիշտ են ասել, դուք հինգ հազար ֆունտ եք նշանակել նրան, ով ցույց կտա ձեզ, որտեղ է գտնվում ձեր որդին։

― Միանգամայն ճիշտ է։

― Եվ հազար էլ նրան, ով կասի այն անձի կամ այն անձանց անունները, ովքեր նրան կալանքի տակ են պահում։

― Միանգամայն ճիշտ է։

― Այստեղ, իհարկե, նկատի են առնվում ոչ միայն առևանգողները, այլև նրանք, ովքեր նյութել են այդ առևանգումը։

― Այո՛, այո՛, ― անհամբերությամբ բացականչեց հերցոգը։ ― Եթե դուք գտնեք այդ գաղտնիքը, միստր Շերլոկ Հոլմս, երբեք իմ ժլատությունից չեք դժգոհի։ ― Իմ բարեկամը ագահությամբ շփեց ձեռքերը, որով ինձ զարմացրեց, քանի որ ես մինչև այժմ՝ նրան գիտեի որպես ամենահամեստ պահանջների տեր մարդու։

― Դա ձեր չեկերի գրքո՞ւյկն է սեղանի վրա, ― հարցրեց նա։ ― Խնդրեմ, ձերդ պայծառափայլություն, դուրս գրեք ինձ հինգ հազար ֆունտի չեկ։ Փոխանցման չեկ բանկի Օքսֆոորդ֊ստրիտում գտնվող այն բաժանմունքի վրա, որտեղ ես բացված ընթացիկ հաշիվ ունեմ։

Հերցոգը բազկաթոռում ուղղվեց և ասռն հայացքով չափեց բարեկամիս։

― Դուք կատա՞կ եք անում, միստր Հոլմս։ Մի՞թե դա հարմար թեմա է սրախոսությունների համար։

― Ի՜նչ եք ասում, ձերդ պայծառափայլություն։ Ես լուրջ եմ, քան երբեք։

― Ուրեմն ի՞նչ է նշանակում այս։

― Դա նշանակում է, որ ես իմ ծառայությունների համեմատ վարձատրություն կստանամ։ Ինձ հայտնի է, թե որտեղ է գտնվում ձեր որդին, և գիտեմ այն մարդկանց, ավելի ճիշտ, մարդուն, որը նրան պահում է իր մոտ։

Հերցոգի շիկակարմիր մորուքը կարծես թե կրակի պես բոցավառվեց նրա դեմքի դժգունության վրա։

― Որտե՞ղ է որդիս, ― հազիվ արտասանեց նա։

― «Մարտական աքաղաղ» հյուրանոցում, ձեր պարտեզի դարբասներից երկու մղոն հեռավորության վրա։ Համենայն դեպս, նա երեկ այնտեղ էր։

Հերցոգը հենվեց բազկաթոռի թիկնատեղին։

― Ո՞ւմ եք մեղադրում։

Շերլոկ Հոլմսի պատասխանը ապշեցրեց ինձ։ Նա թափով առաջ անցավ և ձեռքով հպվեց հերցոգի ուսին․

― Մեղադրում եմ ձեզ։ Իսկ այժմ, ձերդ պայծառափայլություն, բարի եղեք դուրս գրել ինձ վեց հազար ֆունտի չեկ։

Ես երբեք չեմ կարող մոռանալ, թե հերցոգն ինչպես ցատկեց բազկաթոռից և ջղայնորեն թափահարեց ձեռքը, կարծես ճիգ գործ դնելով մնալ անդունդի եզրին։ Հետո կամքի անմարդկային ճիգով օգնության կոչելով իր արիստոկրատական տոկունությունը, նա նորից նստեց սեղանի մոտ և ձեռքերով ծածկեց երեսը։ Անցավ մի րոպե, երկու րոպե․․․

― Կարճ ասած, ձեզ ի՞նչ է հայտնի, ― հարցրեց դժբախտը, առանց գլուխը բարձրացնելու։

― Երեկ երեկոյան ես ձեզ նրա հետ միասին տեսա։

― Էլ ո՞վ գիտե այդ մասին, բացի ձեր բարեկամից։

― Ես ոչ ոքի ոչինչ չեմ ասել։

Հերցոգը դողդողացող մատներով վերցրեց գրիչը և բացեց չեկի գրքույկը։

― Ես չեմ դրժի իմ խոսքը, միստր Հոլմս։ Դուք կստանաք խոստացած չեկը, թեև այդ դրամները գնալու են որպես վարձատրություն այն տեղեկությունների համար, որոնք, բացի վշտից, ոչինչ ինձ չբերին։ Բայց կարո՞ղ էի արդյոք ես վարձատրություն խոստանալիս մտածել, որ դեպքը այդպիսի ընթացք կստանա։ Ինչևիցե, հուսո՞վ լինեմ, միստր Հոլմս, որ և՛ դուք, և՛ ձեր բարեկամը ողջամիտ մարդիկ եք։

― Ես չեմ հասկանում, դրանով ի՞նչ եք ուզում ասել, ձերդ պայծառափայլություն։

― Շատ լավ, եկեք անկեղծ խոսենք, միստր Հոլմս։ Եթե այդ գործի մանրամասնությունները ոչ ոքի, բացի ձեր երկուսից, հայտնի չեն, գործին կարելի է ընթացք չտալ։ Ես ձեզ պարտ եմ տասներկու հազար ֆունտ, ճիշտ չէ՞։

Բայց Հոլմսը ժպտաց և օրորեց գլուխը․

― Ավա՜ղ, ձերդ պայծառափայլություն։ Այդ ամենը դրստելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես այդ կարող է թվալ առաջին հայացքից։ Մեկն ու մեկը պետք է պատասխան տա ուսուցչի սպանության համար։

― Բայց Ջեյմսը այստեղ մեղք չունի։ Չի կարելի ամբողջ մեղքը բարդել նրա վրա։ Սպանությունը այդ գազանի ձեռքի գործն է, այդ սրիկայի, որի ծառայությունից նա դժբախտություն ուներ օգտվելու։

― Իսկ ես այն կարծիքին եմ, ձերդ պայծառափայլություն, որ երբ մարդը կանգնում է հանցագործության ուղու վրա, նա պետք է բարոյական պատասխանատվություն կրի իր արարքի բոլոր հետևանքների համար։

― Բարոյական՝ այո։ Բայց մի ստիպեք նրան պատասխանատվություն կրել օրենքի առաջ։ Մարդուն չի կարելի մեղադրել այն սպանության համար, որի ժամանակ նա նույնիսկ ներկա չի գտնվել, այն սպանության համար, որը նրան ավելի քիչ չէ զայրույթ պատճառել, քան ձեզ։ Լսելով սպանության մասին, նա չկարողացավ տանել խղճի խայթողները և ամեն բան խոստովանեց։ Հետո, առանց ժամանակ կորցնելու, հարաբերությունները խզեց մարդասպանի հետ։ Միստր Հոլմս, փրկեցեք նրան, փրկեցե՛ք։ Աղաչում եմ ձեզ, փրկեցեք նրան։

Ուր կորավ հերցոգի արիստոկրատական զսպվածությունը։ Այդ ազնվատոհմ իշխանը ծամածռված դեմքով առանձնասենյակում այս ու այն կողմ էր նետվում, ջղաձգորեն թափահարելով ձեռքերը։ Վերջապես նա տիրապետեց իրեն, նորից նստեց սեղանի մոտ և ասաց․

― Ես գնահատում եմ, որ դուք ինձ մոտ եք եկել առաջինը։ Եկեք, գոնե, քննարկենք, թե ի՛նչ միջոցներ պետք է ձեռք առնել ինձ խայտառակությունից փրկելու համար։

― Եկեք, ― ասաց Հոլմսը։ ― Բայց այդ դեպքում, ձերդ պայծառափայլություն, մենք պետք է միմյանց հետ մինչև վերջը անկեղծ լինենք։ Ես կանեմ այն ամենը, ինչ իմ ուժերը ներեն, եթե իմանամ այդ գործի իսկական հանգամանքները։ Որքան ինձ հաջողվեց հասկանալ, ձեր խոսքերը վերաբերում էին միստր Ջեյմս Ուայդըրին, հետևաբար, դուք պնդո՞ւմ եք, որ մարդասպանը նա չի։

― Այո՛, մարդասպանին հաջողվեց թաքնվել։

Հոլմսը զսպվածությամբ ժպտաց․

― Ձերդ պայծառափայլություն, դուք, ինչպես երևում է, տեղեկություն չունեք այդ բնագավառում կատարված իմ համեստ ծառայությունների մասին, այլապես չէիք կարծի, թե ինձանից թաքնվելը այդքան հեշտ է։ Երեկ երեկոյան ժամը տասնմեկին, միստր Ռյուբեն Հեյզը Չեստերֆիլդում իմ ցուցմունքով ձերբակալվել է։ Այնտեղի ոստիկանատան պետը այդ մասին ինձ հայտնեց այսօր առավոտյան։ Ես նրա հեռագիրը ստացա դպրոցից դուրս գալուց մի քանի րոպե առաջ։

― Հերցոգը հենվեց բազկաթոռի թիկնաատեղին և զարմացած նայեց բարեկամիս։

― Մի՞թե ձեր հնարավորությունները սահման չունեն, միստր Հոլմս, ― բացականչեց նա։ ― Նշանակում է, Ռյուբեն Հեյզը ձերբակաալվա՞ծ է։ Ի՞նչ կա որ, դրա համար կարելի է միայն ուրախանալ։ Բայց չի՞ անդրադառնա արդյոք նրա ձերբակալությունը Ջեյմսի ճակատագրի վրա։

― Ձեր քարտուղարի՞։

― Ո՛չ, սըր, իմ որդու։

Այս անգամ Հոլմսը ստիպված եղավ զարմանալ։

― Ես ձեզ պետք է ասեմ, ձերդ պայծառափայլություն, որ նման ոչ մի բան ես չեմ ենթադրել։ Գուցե դուք ամեն ինչ մանրամասնորե՞ն բացատրեք։

― Ես ոչինչ չեմ թաքցնի։ Դուք իրավացի եք․ միայն լրիվ անկեղծությունը, թեև դա ինձ համար շատ տանջալից կլինի, կարող է թեթևացնել այն սոսկալի դրությունը, որի մեջ մեզ երկուսին գցել է նախանձից խելակորույս Ջեյմսը։ Երիտասարդ տարիներս, միստր Հոլմս, ես սիրում էի այնպես, ինչպես սիրում են լոկ մեկ անգամ կյանքում։ Ես առաջարկեցի ձեռքս ինձ սիրելի մի կնոջ, բայց նա մերժեց իմ առաջարկությունը, երկյուղելով, որ այդպիսի ամուսնությունը կփչացնի իմ կարիերան։ Եթե նա կենդանի լիներ, ես ուրիշ ոչ ոքի հետ չէի ամուսնանա։ Բայց նա մահացավ, թողնելով ինձ մի երեխա, և ես գուրգուրում էի այդ երեխային, հոգում ամեն ինչ, ի հիշատակ այդ կնոջը։ Ես չէի կարող բացեիբաց ընդունել իմ հայրությունը, բայց իմ որդին ստացավ ամենալավ կրթությունը և, երբ մեծացավ, միշտ ապրում էր ինձ հետ։ Նա պատահաբար իմացավ իմ գաղտնիքը և այն ժամանակից ի վեր ամեն կերպ աշխատում էր օգտագործել իր որդիական իրավունքները, պահելով ինձ մերկացման սարսափի առաջ։ Նրա ներկայությունը Հոլդերնես֊հոլլում որոշ չափով եղավ կնոջս հետ իմ հարաբերությունները խզելու պատճառը։ Եվ, որ ամենածանրն է, նա առաջին իսկ օրից կատաղի ատելությամբ լցվեց դեպի իմ փոքրիկ որդին, դեպի իմ օրինական ժառանգորդը։

Դուք կհարցնեք, թե ես ինչո՞ւ, չնայած այդ բոլորին, շարունակում էի Ջեյմսին պահել իմ տանը։ Իմ պատասխանը այսպիսին է լինելու․ որովհետև ես նրա մեջ տեսում էի նրա մորը և հանդուրժում իր մոր սիրույն։ Ոչ միայն դիմագծերով, այլև շարժուձևերով նա ամեն րոպե իմ հիշողության մեջ վերակենդանացնում էր իր մոր սիրելի կերպարը։ Ես ուժ չունեի նրանից բաժանվելու։ Բայց վերջում սկսեցի վախենալ, թե չլինի՞ հանկարծ նա որևէ փորձանք բերի Արթուրի՝ լորդ Սոլտայրի գլխին, և երեխային տվի դոկտոր Հակսթեյբլի ինտերնատը։

Ջեյմսը ինձ մոտ իմ կալվածքի գործերն էր կառավարում և այսպիսով ճանաչեց Հեյզին, որը իմ վարձակալներից մեկն էր։ Ի՞նչ կարող էր ունենալ նա ընդհանուր այդ հանրահայտ սրիկայի հետ, չեմ կարող ասել, բայց նրանք բարեկամներ դարձան։ Ի միջի այլոց, ես միշտ նկատում էի, որ Ջեյմսը անընդհատ ձգտում է դեպի վատ միջավայրը։ Որոշելով առևանգել լորդ Սոլտայրին, նա այդ մարդուն դարձրեց իր գործակիցը։

Դուք հիշո՞ւմ եք, ես Արթուրին նամակ էի գրել նրա փախուստի նախօրեին։ Եվ ահա, Ջեյմսը բացել էր ծրարը և այնտեղ մի գրություն դրել, որի մեջ նա խնդրել էր Արթուրին իր հետ հանդիպել դպրոցից ոչ հեռու գտնվող Շեղ սեպ պուրակում։ Երեխան եկել է տեսակցության, որովհետև գրությունն ուղարկված է եղել իբր թե հերցոգուհու խնդրանքով։ Ջեյմսը պուրակ է գնում հեծանիվ նստած, որի մասին ինքը հետագայում խոստովանեց ինձ, և հավատացնում է Արթուրին, որ մայրը թախծում է նրա համար, որ նա այստեղից հեռու չէ և որ եթե նա գա պուրակ կես֊գիշերին, այնտեղ նրան սպասելու է մի ձիավոր ուղեկցորդ։ Դժբախտ երեխան ընկնում է այդ թակարդը։ Նա նշանակված ժամին գալիս է այդ պուրակը և այնտեղ տեսնում Հեյզին, որը նստած է լինում ձիու վրա և բռնած պոնիի սանձը։ Արթուրը նստում է թամբին, և նրանք ճանապարհ են ընկնում։ Ինչպես հետագայում պարզվեց, նրանց հետապնդել են, որի մասին Ջեյմսը իմացել է միայն երեկ։ Հեյզը մի քանի անգամ մահակով խփել է հետապնդողի գլխին, և վերջինս մահացել է ստացած վերքից։ Հեյզը Արթուրին բերել է հյուրանոց, և փակել վերևում, ստիպելով միսսիս Հեյզին, որը մի բարի, բայց իր կատաղի ամուսնուն հլու հպատակ կին է, ուշադրություն դարձնել նրան։

Ահա, միստր Հոլմս, գործերն ինչպես էին երկու օր առաջ, երբ մենք ձեզ հետ հանդիպեցինք։ Ես այդ ամենի մասին ավելի շատ չգիտեի, քան դուք։ Եթե դուք հարցնեք ինձ, թե ի՞նչը հրահրեց Ջեյմսին դիմել այդպիսի արարքի, ես ձեզ կպատասխանեմ, որ նրա դեպի լորդ Սոլտայրը տածած ատելության մեջ ինչ֊որ մի կույր, ֆանատիկոսային բան կար։ Ջեյմսը համարում էր, որ իմ բոլոր կալվածքները պետք է անցնեն իրեն, և հանգիստ չէր կարողանում խոսել մեզ մոտ գոյություն ունեցող ժառանգական օրենքների մասին։ Կարճ ասած, նրան ղեկավարում էր ոչ միայն խենթ ատելությունը, այլև նուրբ հաշիվները։ Նա պահանջում էր, որ ես հակառակ մայորատի[8] կտակով իրեն ժառանգեմ իմ կալվածքները, իսկ ինքն ինձ վերադարձնի Արթուրին։ Նա շատ լավ գիտեր, որ ես երբեք իրեն ոստիկանությանը չեմ հանձնի։ Այդպիսիք էին Ջեյմսի նկատառումները, բայց նրանք լոկ այդպես էլ մնացին որպես նկատառումներ, քանի որ իրադարձությունները զարգացան այնպիսի արագությամբ, որ նրան չհաջողվեց իրականացնել իր պլանը։

Դուք հայտնաբերեցիք սպանված Հայդհեգերի դիակը և այսպիսով անմիջապես վերջ դրիք այդ չարագործ դիտավորությանը։ Ջեյմսը սարսափեց, լսելով ուսուցչի մահվան մասին։ Մենք այդ մասին իմացանք երեկ, հենց այստեղ, առանձնասենյակում նստած, որտեղ մեզ բերին դոկտոր Հակսթեյբլի հեռագիրը։ Դա Ջեյմսին այնպիսի շփոթության մեջ գցեց, նա այնպես մորմոքվեց, որ ինձ տանջող աղոտ կռահումը դարձավ համոզվածություն, և ես մեղադրանքը նետեցի նրա երեսին։ Նա ամեն բան անկեղծորեն զղջաց, բայց նույն վայրկյանին սկսեց ինձ աղաչել՝ համբերեմ մի քիչ, որպեսզի իր նողկալի հանցակիցը կարողանա փրկվել։ Ես զիջեցի նրան ինչպես զիջում էի միշտ և ամեն բանում և այնժամ Ջեյմսը նետվեց դեպի հյուրանոցը, որպեսզի նախազգուշացնի Հեյզին և օգնի նրան փախչել։ Ցերեկով այնտեղ գնալը ինձ համար անհնար էր, քանի որ դա խոսակցություն կառաջացներ։ Ես սպասեցի մինչև մութն ընկնելը և շտապեցի իմ սիրելի Արթուրի մոտ։ Նա ողջ և առողջ էր, բայց դուք չեք կարող պատկերացնել թե ինչ սարսափելի տպավորություն էր թողել երեխայի վրա նրա աչքերի առաջ կատարած սպանությունը։ Հիշելով տված խոսքս, ես Արթուրին էլի երեք օրով դժկամությամբ թողի հյուրանոցում՝ միսսիս Հեյզի խնամակալության տակ։ Չէ՞որ այդ ամենի մասին ոստիկանություն հաղորդելը, առանց մարդասպանին մատնելու հնարավոր չէր, իսկ Հեյզի ձերբակալությունը կկործաներ իմ դժբախտ Ջեյմիսն։

Դուք պահանջում էիք, որ մեր միջև լինի փոխադարձ անկեղծություն, միստր Հոլմս, և թույլ տվեք ինձ ձեր ասած խոսքի վրա ձեզ բռնել։ Ես ձեզ բոլորը պատմեցի, առանց որևէ բան թաքցնելու և մեղմացնելու։ Եղեք և դուք անկեղծ մինչև վերջը։

― Շատ լավ, ձերդ պայծառափայլություն, ― պատասխամեց Հոլմսը։ ― Ամենից առաջ ես ձեզ պետք է ասեմ, որ օրենքի համար ձեր դրությունը շատ լուրջ է։ Դուք թաքցրել եք քրեական հանցագործությունը, դուք օգնել եք մարդասպանին փախչելու, քանի որ, ամենայն հավանականությամբ, նրա փախուստի համար անհրաժեշտ դրամը Ջեյմս Ուայդըրը վերցրե է ձեր գրպանից։

Հերցոգը լուռ թեքեց գլուխը։

― Այո, գործը խիստ լուրջ է։ Բայց իմ կարծիքով, ձեր վարմունքը ձեր կրտսեր որդու հետ, ձեռդ պայծառափայլությանը արժանի է դարձնում ավելի մեծ դատապարտման։ Թոնե՜լ նրան երեք օրով այդ որջում։

― Ինձ երդմամբ հավատացրին․․․

― Մի՞թե կարելի է հույս դնել այդ մարդկանց երդման վրա։ Դուք համոզվա՞ծ եք, որ նրան չեն թաքցնի որևէ այլ տեղ։ Ի հաճույս ձեր հանցագործ ավագ որդու, դուք առանց որևէ կարիքի վտանգի եք ենթարկում անմեղ երեխային։ Ոչ, ձեր արարքը չի կարելի արդարացնել։

Հպարտ, ազնվատոհմ իշխանը սովոր չէր լսելու այդպիսի առարկություններ այն էլ որտե՞ղ, իր իսկ սեփական ապարանքում։ Արյունը խփեց նրա գլուխը, բայց խիղճը ստիպեց նրան լռել։

― Ես ձեզ կօգնեմ, բայց միայն մի պայմանով․ կանչեք ծառային, և թող նա կատարի իմ կարգադրությունը։

Առանց որևէ բան արտասանելու, հերցոգը սեղմեց էլեկտրական զանգի կոճակը։ Սենյակ մտավ լակեյը։

― Ձեզ համար, հավանական է, հաճելի կլինի լսել, ― ասաց Հոլմսը, ― որ լորդ Սոլտայրը գտնվել է։ Հերցոգը հրամայում է անհապաղ կառք ուղարկել «Մարտական աքաղաղ» հյուրանոցը նրան բերելու․․․ Իսկ այժմ, ― ասաց Հոլմսը, երբ ուրախությունից ցոլացող լակեյը դուրս վազեց առանձնասենյակից, ― ապահովելով ամենամոտ ապագան, մենք կարող ենք ավելի ներողամտորեն վերաբերվել ոչ հեռավոր անցյալին։ Քանի որ արդարությունը վերականգնված է, ես, որպես ոչ պաշտոնական անձ, անհրաժեշտություն չեմ տեսնում օրենքին տեղյակ պահել այն ամենի մասին, ինչ ինձ հայտնի է։ Ինչ վերաբերում է Հեյզին, դա ուրիշ բան է։ Նրան կախաղան է սպասում, և ես մատս մատին չեմ խփի՝ նրա կյանքը փրկելու համար։ Նա հրապարակ կհանի ձեր գաղտնիքը թե չէ՝ ես չգիտեմ, չեմ կարող կանխագուշակել, բայց դուք, անկասկած կարող եք ներշնչել նրան, որ ավելորդ բան ասելը օգուտ չէ նրա շահերին։ Ոստիկանությունը Հեյզին կմեղադրի երեխայի առևանգման մեջ, որը կատարվել է փրկագին ստանալու հաշվով։ Եթե այնտեղ ավելի խորը չփորփրեն, իմ կարծիքով կարիք չկա այդ մասին նրանց գլխի գցելու։ Այնուամենայնիվ, ես կուզեի ձերդ պայծառափայլությանն ասել, որ միստր Ջեյմս Ուայդըրի հետագայում ձեր տանը մնալը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։

― Այդ ես ինքս գիտեմ, միստր Հոլմս, և մենք նրա հետ որոշել ենք, որ նա մեկ ընդմիշտ կթողնի Հոլդերնես֊հոլլը և կգնա երջանկություն որոնելու Ավստրալիայում։

― Ձերդ պայծառափայլություն, դուք ասում եք, որ Ջեյմս Ուայդըրը ձեր և ձեր կնոջ միջև կռվախնձոր էր։ Իսկ այժմ դուք չե՞ք կարող փորձել միանալու հերցոգուհու հետ և նորից կարգավորելու ձեր ընտանեկան կյանքը։

― Այդ մասին ես նույնպես մտածել եմ, միստր Հոլմս, և այսօր առավոտյան գրեցի հերցոգուհուն։

― Այդ դեպքում, ― ասաց Հոլմսը տեղից կանգնելով ― և՛ ես, և՛ իմ բարեկամը կարող ենք ուրախ լինել այն բանի համար, որ մեր ոչ երկարատև ձեր կողմերում գտնվելը վատ պտուղներ չտվեց։ Ինձ մնում է պարզել միայն մի հարց։ Հեյզի ձիերը այնպես էին պայտած, որ նրանց հետքերը կարելի էր ընդունել կովի պճեղների տեղ։ Ո՞վ էր այդ սովորեցրել նրան․ չլինի միստր Ուայդըրն է եղել։

Մտասույզ կիտելով հոնքերը, հերցոգը մի պահ լռեց։ Հետո նա բացեց մի դուռ դեպի հարևան սենյակը, որը կատարյալ թանգարան էր, մեզ տարավ դեպի հեռավոր անկյունում գտնվող ցուցափեղկը և ցույց տվեց ապակու տակ գտնվող մակագրությունը։ «Այս պայտերը, ― կարդացինք մենք, ― գտնված են Հոլդերնես֊հոլլում բերդի խանդակում պեղումներ կատարելու ժամանակ։ Դրանք ձիերի համար էին, բայց պատրաստված են կրկնակի պճեղի ձևով։ Ըստ երևույթին, Հոլդերնես֊հոլլի մագնատները, որոնք միջին դարերում զբաղվել են թալանով, այդ միջոցը կիրառել են՝ հետապնդողների մեջ շփոթմունք առաջացնելու համար։

Հոլմսը բարձրացրեց ապակյա կափույրը և, թքոտելով մատը քսեց պայտերից մեկին։ Մատի վրա սև հետք մնաց․ ճահճային տիղմը ինչպես պետք է դեռ չէր չորացել։

― Շատ շնորհակալ եմ, ― ասաց իմ բարեկամը։ ― Ահա երկրորդ բանը, որ ինձ ձեր կողմերում չափազանց շատ էր հետաքրքրում։

― Իսկ առաջի՞նը։

Հոլմսը չեկը ծալեց և խնամքով դրեց ծոցատետրի մեջ։

― Ես հարուստ մարդ չեմ, ― ասաց նա և տետրը դրեց պիջակի ծոցագրպանը։








  1. Ինտերնատ — փակ ուսումնական հաստատություն, որտեղ դպրոցականները ե՛ւ սովորում են, ե՛ւ ապրում։
  2. Մագիստր, դոկտոր — գիտական աստիճաններ (կոչումներ)։
  3. Ծովային վարչության լորդ ― ծովային մինիստր։
  4. Հորացիոս ― հին հռոմեական բանաստեղծ։ Կոմենտարներ Հորացիոսի մասին ― բացատրություններ նրա բանաստեղծությունների մասին։
  5. Հեր ― պարոն (գերմ․)։
  6. Գեղծի ― ծառի տեսակ։
  7. Պորտալ ― մուտք։
  8. Մայորատ ― ժառանգորդման սիստեմ, որի ժամաակ ողջ ունեցվածքը անցնում է ավագ որդուն։