հեղինակ՝ Մարկ Տվեն |
Մի քանի ամիս առաջ իմ թեկնածությունը անկախների կողմից առաջադրեցին Նյու֊Յորք մեծ նահանգի նահանգապետի պաշտոնի համար։ Երկու հիմնական կուսակցություններն առաջադրել էին միստր Ջոն Թ․ Սմիտի եւ միստր Բլենկ Ջ․ Բլենկի թեկնածությունները, սակայն ես հասկանում էի, որ մի կարեւոր առավելություն ունեմ այդ պարոնների հանդեպ, այն է՝ անբիծ անուն։ Բավական էր միայն թերթերն աչքի անցկացնել համոզվելու համար, որ եթե նրանք երբեւէ օրինավոր մարդիկ էլ եղել էին, ապա այդ ժամանակներն անցել էին անդառնալիորեն։ Միանգամայն ակնհայտ էր, որ վերջին տարիները նրանք թաղվել էին ամեն տեսակի ախտերի մեջ։ Ես հարբել էի նրանց նկատմամբ ունեցած իմ գերազանցությամբ եւ հոգուս խորքում ցնծում էի, բայց ջրի բարակ, պղտոր հոսանքի նման մի միտք մթագնում էր իմ երջանկության անխռով մակերեւույթը․ ախր այժմ իմ անունը բոլորի շրթունքներին կլինի այդ սրիկաների անունների հետ միասին։ Այդ բանն սկսեց ավելի ու ավելի անհանգստացնել ինձ։ Վերջիվերջո որոշեցի խորհրդակցել տատիկիս հետ։ Պառավը պատասխանեց շտապ ու վճռական։ Նա գրում էր․
«Ամբողջ կյանքումդ դու ոչ մի անազնիվ արարք թույլ չես տվել։ Ո՛չ մի։ Մինչդեռ եթե թերթերը միայն աչքի անցկացնես, կհասկանաս, թե ի՜նչ մարդիկ են միստր Սմիտը եւ միստր Բլենկը։ Ինքդ որոշիր՝ կարո՞ղ ես այնքան ստորանալ, որպեսզի քաղաքական պայքարի դուրս գաս նրանց դեմ»։
Հենց այդ էլ ինձ հանգիստ չի տալիս։ Ամբողջ գիշեր ես ոչ մի րոպե աչք չկպցրի։ Վերջապես որոշեցի, որ նահանջելն արդեն ուշ է։ Ես որոշակի պարտավորություններ էի ստանձնել եւ պետք է պայքարեի մինչեւ վերջ։ Նախաճաշի ժամին, անփութորեն աչքի անցկացնելով թերթերը, դեմ առա մի հոդվածի եւ, ճիշտն ասած, բոլորովին շշմեցի․
«Կեղծ վկայություն։ Այժմ, երբ միստր Մարկ Տվենը հանդես է գալիս ժողովրդի առաջ իբրեւ նահանգապետի թեկնածու, թերեւս կբարեհաճի՞ բացատրել, թե ինչ հանգամանքներում է Վակավակ քաղաքում (Կոխինխինա) 1863 թվականին երեսունչորս վկաների կողմից մերկացվել երդումը խախտելու մեջ։ Կեղծ վկայությունը կատարվել է՝ շորթելու նպատակով խեղճ բնիկ֊այրիի եւ նրա անպաշտպան երեխաների մի քանի բանանի ծառով հողակտորը— միակ բանը, որ նրանց փրկում էր սովից ու աղքատությունից։ Ելնելով հենց իր, այլեւ ընտրողների շահերից, որոնք, ինչպես հուսով է միստր տվենը, կքվեարկեն իր օգտին, նա պարտավոր է լուսաբանել այս պատմությունը։ Վճռականություն կունենա՞ արդյոք նա»։
Զարմանքից աչքերս պարզապես ճակատիկ թռան։ Ինչպիսի՜ կոպիտ, անխիղճ զրպարտություն։ Ես երբեք Կոխինխինում չեմ եղել։ Ես գաղափար չունեմ Վակավակի մասին։ Ես բանանի ծառը կենգուրուից տարբերել չեմ կարող։ Պարզապես չգիտեի՝ ինչ ասել։ Ես կատաղած էի, բայց բոլորովին անզոր։ Մի ամբողջ օր անցավ, իսկ ես անյպես էլ դեռ ոչինչ չէի ձեռնարկել։ Հետեւյալ առավոտյան նույն թերթում երեւակ եկան այսպիսի տողեր․ «Նշանակալի՜ց է։ Հարկ է նշել, որ միստր Մարկ Տվենը բազմանշանակ լռություն է պահպանում Կոխինխինում տված իր կեղծ վկայության առթիվ»։
(Այնուհետեւ, ընտրական ամբողջ կամպանիայի ընթացքում, այդ թերթն ինձ այլ կերպ չէր անվանում, բայց եթե «Նողկալի Ուխտադրուժ Տվեն»)։
Ապա մի այլ թերթում տպագրվեց այսպիսի մի հոդված․ «Ցանկալի է իմանալ, թե արդյոք նահանգապետի նոր թեկնածուն չի՞ բարեհաճի պարզաբանել մի հետաքրքրական հանգամանք իր այն համաքաղաքացիներին, որոնք խիզախում են նրա օգտին քվեարկել․ ճի՞շտ է արդյոք, որ Մոնտանում ապրելիս շարունակ կորչում էին բարաքի նրա ընկերների մանր֊մունր իրերը, որոնք անփոփոխ կերպով հայտնաբերվում էին միստր Տվենի գրպաններում կամ «ճամպրուկում» (հին թերթ, որի մեջ նա փաթաթում էր իր ունեցած֊չունեցածը)։ Ճշմարի՞տ է, որ ընկերներն ստիպված էին, վերջիվերջո, հենց իրեն՝ միստր Տվենի օգտի համար, բարեկամական զգուշացում անել, ձյութ քսել վրան, պառկեցնել բմբուլների մեջ եւ ձողին հեծած պտտեցնել փողոցներում, ապա խորհուրդ տալ շտապ կարգով մաքրել ճամբարում զբաղեցրած շենքը, ընդմիշտ մոռանալով նրա ճամփան։ Ի՞նչ կպատասխանի սրան միստր Մարկ Տվենը»։
Կարելի՞ էր դրանից ավելի զազրելի որեւէ բան հնարել։ Ախր ես կյանքումս երբեք Մոնտանում չէի եղել։
(Դրանից հետո այդ թերթն ինձ անվանում էր «Մոնտանի գող Տվեն»։)
Այժմ ես սկսեցի առավոտյան թերթերը բաց անել վեհերոտ զգուշությամբ․ այդպես, երեւի վերմակն է բարձրացնում այն մարդը, որը կասկածում է, թե ինչ֊որ տեղ իր անկողնում շառաչող օձ է թաքնվել։
Մի անգամ աչքիս ընկավ հետեւյալը․
«Զրպարտիչը մերկացված է։ Մայքլ ՕʼՖլանագանը՝ ֆայվ֊պոնտսից էսկվայր, միստր Սնաբ Ռաֆերտին եւ միստր Կետտի Մալլիգանը Ուոտերստրիտից, երդմամբ ցուցմունք տվին, որով հավաստում են, որ միստր Տվենի անպատկառ պնդումը, թե իբր մեր արժանավոր թեկնածու միստր Բլենկի հանգուցյալ պապը կախաղան է հանվել մեծ ճանապարհին կատարած թալանի համար, ստոր եւ անհեթեթ, ոչ մի հիմք չունեցող բամբասանք է։ Ամեն մի կարգին մարդու սիրտը համակվում է տխրությամբ, տեսնելով, թե ինչպես քաղաքական հաջողությունների հասնելու նպատակով, որոշ մարդիկ թույլ են տալիս ամեն տեսակ գարշելի հնարքներ, պղծում գերեզմաններն ու սեւացնում հանգուցյալների ազնիվ անունները։ Մտածելով այն վշտի մասին, որ այդ նողկալի սուտը պատճառել է հանգուցյալի բոլորովին անմեղ ազգականներին ու բարեկամներին, մենք համարյա պատրաստ ենք խորհուրդ տալու վիրավորված ու զայրացած հասարակությանը՝ անմիջապես ահեղ դատաստան տեսնելու զրպարտչի հետ։ Սակայն ո՛չ։ Թող նա տանջվի խղճի խայթից․ (Թեպետեւ, եթե մեր համաքաղաքացիները, զայրույթից կուրացած, բուռն ցասման պահին մարմնական վնասվածքներ պատճառեն նրան, միանգամայն պարզ է, որ ոչ մի երդվյալ չի համարձակվի պատժել այդ գործի մասնակիցներին։)»։
Եզրափակիչ ճարպիկ ֆրազը, ըստ երեւույթին, անհրաժեշտ տպավորություն թողեց հասարակության վրա․ նույն գիշերը ես ստիպված էի շտապով դուրս թռչել անկողնուց եւ հետնամուտքով փախչել տնից, իսկ «վիրավորված ու զայրացած հասարակությունը» ներխուժել էր շքամուտքից եւ արդարացի վրդովմունքով համակված սկսել էր ջարդել ոչ միայն պատուհաններն ու կահույքը, այլեւ, ի դեպ, իրերիցս որոշ բաներ տարել էր իր հետ։ Բայց եւ այնպես ես կարող եմ երդվել բոլոր սրբերով, որ երբեք չեմ բամբասել միստր Բլենկի պապին։ Ավելին՝ ես չեմ էլ կասկածել նրա գոյության մասին եւ երբեք չեմ լսել նրա անունը։
(Նկատեմ ի միջի այլոց, որ վերոհիշյալ թերթը այդ օրվանից սկսեց ինձ անվանել «Գերեզմանապիղծ Տվեն»)։
Շուտով իմ ուշադրությունը գրավեց հետեւյալ հոդվածը․
«Արդանավո՛ր թեկնածուն։ Միստր Մարկ Տվենը, որ պատրաստվում էր երեկ երեկոյան ամպագորգոռ ճառ արտասանել անկախների միտինգում, ժամանակին չներկայացավ։ Միստր Տվենի բժշկից ստացված հեռագրում ասվում էր, թե նա ցած է տապալվել թափով սլացող կառքից, թե նրա ոտքը երկու տեղից ջարդվել է, թե նա տանջվում է ցավերից եւ նման անմտություններ։ Անկախներն ամեն կերպ ջանում էին հավատալ սույն ողորմելի պատրվակին եւ ձեւացնում, իբր թե չգիտեն այդ թունդ սրիկայի բացակայության բուն պատճառը, սրիկա, որին նրանք ընտրել են իրենց թեկնածուն։ Սակայն հենց երեկ երեկոյան էլ մի թունդ հարբած անձնավորություն չորեքթաթ ներս է սողացել այն հյուրանոցը, ուր ապրում է միստր Մարկ Տվենը։ Թող այժմ անկախները փորձեն ապացուցել, թե այդ լակած անասունը Մարկ Տվենը չէր։ Վերջապես բռնվե՜ց։ Խորամանկությունները չե՜ն օգնի։ Ամբողջ ժողովուրդը բարձրաձայն հարցնում է․ «Ո՞վ էր այն մարդը»։
Աչքերիս չէի հավատում։ Չի կարող պատահել, որ իմ անունը կապվի նման հրեշավոր կասկածամտության հետ։ Արդեն ամբողջ երեք տարի է բերանս ոչ գարեջուր, ոչ գինի, ոչ էլ ընդհանրապես որեւէ այլ ոգելից ըմպելիք չեմ առել։
(Ըստ երեւույթին, ժամանակն իր ազդեցությունն ունենում էր․ ես սկսեցի կոփվել, որովհետեւ առանց որեւէ դառնության այդ թերթի հաջորդ համարում կարդացի իմ նոր մականունը․ «Տվեն, Սպիտակ Տենդ», չնայած գիտեի, որ այդ մականունը ինձ վրա կմնա մինչեւ ընտրական կամպանիայի վերջը։)
Այդ ժամանակամիջոցում սկսեցին բազմաթիվ նամակներ ստացվել իմ անունով։ Սովորաբար դրանք այսպիսի բովանդակության էին․
«Ի՞նչ կասեք այն խեղճ պառավի մասին, որը ձեր դուռը ծեծեց ողորմության հույսով, իսկ դուք քացով տվեցիք նրան։
- Պոլ Պրայ»։
Կամ․
«Ձեր որոշ մութ գործերը հայտնի են առայժմ միայն ինձ։ Հարկ կլինի մի քանի դոլաց ցնծալ, այլապես թերթերը որոշ բաներ կիմանան ձեր խոնարհ ծառայից։
- Հենդի Էնդի»։
Մնացած նամակներն էլ նույն բնույթի էին։ Կարող էի դրանք բերել այստեղ, բայց կարծում եմ, որ այսքանն էլ բավական է ընթերցողին։
Շուտով հանրապետական կուսակցության գլխավոր թերթը ինձ «մերկացրեց» ընտրողներին կաշառելու մեջ, իսկ դեմոկրատների կենտրոնական օրգանը ինձ «ջրի երեսը դուրս բերեց» հանցավոր կերպով դրամ շորթելու համար։
(Այսպիսով, ես էլի երկու մականուն ստացա․ «Տվեն, Կեղտոտ Խաբեբա» եւ «Տվեն, Ստոր Դրամաշորթ»)։
Մինչդեռ բոլոր թերթերն ահավոր աղաղակներով սկսեցին ինձ առաջադրված մեղադրանքների «պատասխանը» պահանջել, իսկ իմ կուսակցության ղեկավարները հայտարարեցին, որ հետագա լռությունը կկործանի իմ քաղաքական կարիերան։ Եվ կարծես այդ բանն ապացուցելու եւ ինձ մտրակելու համար հետեւյալ առավոտյան թերթերից մեկում երեւաց այսպիսի մի հոդված․
«Հիացե՜ք այս անձնավորությամբ։ Անկախների թեկնածուն շարունակում է համառորեն լռել։ Անշուշտ, նա չի համարձակվի ծպտուն անգամ հանել։ Նրան առաջադրված մեղադրանքները լիովին ստույգ դուրս եկան, որոնք ավելի եւս հաստատվում են նրա պերճախոս լռությամբ։ Այսուհետեւ նա խայտառակված է իր ողջ կյանքում։ Անկախնե՛ր, նայեցեք ձեր թեկնածուին։ Նայեցե՛ք այդ Նողկալի Ուխտադրուժին, Մոնտանի Գողին, Գերեզմանապիղծի։ Նայեցեք ձեր այդ մարմնացյալ Սպիտակ Տենդին, ձեր Կեղտոտ Խաբեբային, Ստոր Դրամաշորթին։ Նայեցեք նրան, դիտեցեք բոլոր կողմերից եւ ասացեք՝ սիրտ կանե՞ք ձեր ազնիվ ձայները տալ սրիկային, որն իր ծանրագույն հանցագործություններով արժանացել է այդքան նողկալի մականունների եւ չի հանդգնում բերանը բանալ, որպեսզի դրանցից գեթ մեկնումեկը հերքի»։
Ինչպես երեւում է, այլեւս խույս տալ անկարելի էր, եւ, խորապես ստորացված զգալով ինձ, նստեցի «պատասխան» գրելու այդ անարդարացի, կեղտոտ զրպարտությունների ամբողջ կույտին։ Բայց ինձ այնպես էլ չհաջողվեց վերջացնել իմ աշխատանքը, որովհետեւ հետեւյալ առավոտյան թերթերից մեկում երեւան եկավ մի նոր ահավոր ու չարամիտ զրպարտություն․ ինձ մեղադրում էին խելագարների տունը բոլոր բնակիչներով հանդերձ հրկիզելու մեջ, որովհետեւ նա փչացնում էր իմ պատուհաններից բացվող տեսարանը։ Այստեղ սարսափը համակեց ինձ։ Դրան հաջորդում էր մի հաղորդում, որ ես թունավորել եմ քեռուս՝ նրա ունեցվածքին տիրանալու համար։ Թերթը համառորեն պահանջում էր դիահերձում կատարել։ Վախենում էի խելքս թռցնեմ։ Բայց այդ քիչ է․ ինձ մեղադրում էին, որ, լինելով ընկեցիկների ապաստարանի հոգաբարձու, ես իմ ցնդած, անատամ ազգականներին հովանավորությամբ տեղավորել եմ ապաստարանում իբրեւ սաների համար սնունդ ծամողներ։ Գլուխս պտտվում էր։ Վերջապես անպատկառ հալածանքը, որին ենթարկում էին ինձ հակառակորդ կուսակցությունները, հավաս իր գագաթնակետին․ ինչ֊որ մեկի դրդմամբ նախընտրական ժողովի ժամանակ մաշկի բոլոր գույնի, ամենաայլազան ցնցոտիներ հագած ինը փոքրիկներ մագլցեցին ամբիոնի վրա եւ, կախվելով ոտքերիցս, սկսեցին բղավել․ «Հայրի՜կ»։
Այլեւս չդիմացա։ Իջեցրի դրոշակս եւ անձնատուր եղա։ Իբրեւ Նյու֊Յորք նահանգի նահանգապետ քվեարկվելն իմ ուժերից վեր դուրս եկավ։ Ես գրեցի, որ հանում եմ իմ թեկնածությունը, եւ կատաղության մոլուցքով ստորագրեցի։
«Կատարյալ հարգանքներով ձեր, երբեմնի ազնիվ մարդ, իսկ այժմ՝
Նողկալի Ուխտադրուժ, Մոնտանի Գող, Գերեզմանապիղծ, Սպիտակ Տգնդ, Կեղտոտ Խաբեբա, Ստոր Դրամաշորթ
- Մարկ Տվեն