Վերջին թարմացում 4 Օգոստոսի 2015, 20:19

Խաղը (Ալբերտ Մալց)

Խաղը

հեղինակ՝ Ալբերտ Մալց
թարգմանիչ՝ Ռոբերտ Տեր-Մերգերյան
աղբյուր՝ «Դեպք փողոցի անկյունում»

— Հետո ցատկում եմ ֆուրգոնի վրա։

― Մի բան մոռացար։

― Ի՞նչ։ Չէ, չեմ մոռացել։

― Չէ, մոռացել ես,— ասաց մարդը,— քեզ ի՞նչ է պատահել։

Տղան հոնքերը կիտեց։ Նա դեռ փոքր էր, հազիվ տասը տարեկան։ Նրա փոքրիկ, սուր դեմքը թեթևակի կապտել էր ցրտից։ Նա անընդհատ թարթում էր աչքերը, որպեսզի քունը փախցնի։

― Իսկ հետո՞։

― Չեմ հիշում։

― Հո հիմար չե՞ս։ Ինչ է, բռնվե՞լ ես ուզում։

― Այդ էր պակաս։ Չե՛մ բռնվի։ Այսպիսի խաղեր շատ եմ խաղացել։ Այս մեկն էլ կանեմ։

― Բայց ինչպե՞ս։ Դու նույնիսկ չգիտես, թե Ոչ ես անելու հետո։

― Դե, դու միայն հետևիր ինձ։

― Իսկի էլ չեմ հետևի։ Մենք հիմա տուն կգնանք և վերջ։

― Թյու, գրողը տանի։

― Ինչո՞ւ ես հայհոյում։ Մեկ է, դա քեզ չի օգնի։ Հազար անգամ ասել եմ, որ չհայհոյես։ Մեծանաս, խուլիգան կդառնաս, այ թե ինչ։

Նրանք մի պահ լռեցին։

Մարդը հառաչեց։ «Սովորաբար այս ժամին էի վեր կենում,— մտածեց նա,— հագնվում էի, իսկ սեղանի վրա ինձ սպասում էր տաք նախաճաշը։ Իսկ հետո ուտելիքի կապոցը ձեռքիս գնում էի տրամվայի կանգառը»։

Նա իր հաստ սև բեղերի վրայից թափ տվեց ձյոլնր. «Խե՜ղճ մանչուկ,— մտածեց նա,— քեզ համար դեռ շատ շուտ է այս ժամին վեր կենալ։ Դու պետք է դեռ անկողնում լինեիր»։

― Դե,— ասաց նա տղային,— դեռ չհիշեցի՞ր։

Տղան բացասաբար շարժեց գլուխը։ Նրա դեմքը դժգոհությունից կնճռոտվեց ու կարծես մի փոքրիկ կետ դարձավ։

― Չլինի՞ հիմա էլ ուզում ես լաց լինել։

― Լաց չեմ լինի,— ասաց տղան,— ինձ երեխայի տե՞ղ ես դնում, ի՞նչ է։

― Բայց դու քեզ երեխայի պես ես պահում։ Չես կարողանում իմ ասածները հիշել։

― Ախր ես...

Տղան դուրս եկավ շքամուտքից և մի բուռ ձյուն վերցրեց։

― Հիմա՞ ինչ փչեց խելքիդ։

― Ես ձյուն վերցրի։

― Կույր չեմ, առանց քո ասելու էլ տեսնում եմ: Ինչո՞ւ վերցրիր։

― Ուզում էի ձնագնդիկ շինել։

― Էլ ուրիշ բան չունե՞ս մտածելու: Իսկ ես կարծում էի, որ ուզում ես քրոջդ օգնել։

― Դե ուզում եմ, էլի՛։

― Չէ, չես ուզում։ Դու ամեն ինչի մասին էլ մտածում ես, բացի օգնելու։ Շո՛ւտ, ներս մտիր։

Նա կոպիտ բռնեց տղայի թևից ու շքամուտքից ներս քաշեց։

― Դու մոռացար տոպրակր։ Դու մոռացար ամենակարևորը։ Ինչպե՞ս կարող եմ քեզ վստահել, եթե նույնիսկ տոպրակն ես մոռանում։

― Չեմ մոռացել, պա,— ասաց տղան,— գրպանումս է, տե՛ս։ Մտքովս չանցավ, որ տոպրակի մասին էիր հարցնում։

― Դու պետք է ինձ ամե՛ն ինչ ասես։ Ես պետք է վստահ լինեմ, որ դու ամե՛ն ինչ գիտես։ Հանիր տոպրակը և պատրաստ պահիր ձեռքիդ։

Տղան գրպանից մի ճմրթված թղթե տոպրակ հանեց։ Նա փչելով բաց արեց այն։

― Հետո ի՞նչ ես անում։

― Հետո սպասում եմ․ մինչև որ կաթնավաճառն անցնի տան հետևը։

― Ո՞ր տան։

― Այ, այն։

― Կանա՞չ։

― Չէ, հաջորդ։

― Իսկ ինչու ոչ կանաչ։

― Է՜, պա, ես այդ բոլորը գիտեմ,— ասաց տղան,— ի՞նչ կարիք կա նորից կրկնելու։

― Եթե չասես, մենք անմիջապես տուն կգնանք։

― Դե, որովհետև կանաչ տան դուռը փողոցի վրա է, իսկ մյուսի դուռը շենքի հետևումն է, և կաթնավաճառն ստիպված պիտի շրջանցի այն։ Տեսա՞ր որ կարող եմ, պա, էլ ինչո՞ւ ես վախենում ։

― Գիտեմ որ կարող ես,— պատասխանեց մարդը,— բայց մենք պետք է հնարավորին չափ վստահ լինենք։ Ձեռքերդ չե՞ն սառել։

― Քիչ։

― Տոպրակը թևիդ տակ պահիր։

Մարդը իր կոշտ ու կարմրած ձեռքերի մեջ վերցրեց տղայի փոքրիկ, ցրտից սպիտակած ձեռքերը և սկսեց դանդաղ շփել։

― Հետո ի՞նչ ես անում։

― Հենց որ կաթնավաճառը թեքվում է տան պատի հետևը, ես դուրս եմ վազում ու մի շիշ թռցնում։ Հետո անմիջապես դնում եմ տոպրակի մեջ և քայլում հակառակ ուղղությամբ։

― Վազո՞ւմ ես։

― Չէ, հանգիստ քայլում եմ։

— Իսկ եթե տեսնի ու հետևիցդ վազի, դու էլ ես վազում, այնպես չէ՞։

— Չէ՛, շարունակում եմ քայլել։ Թողնում եմ, որ բռնի ինձ ու հետո սկսում եմ լաց լինել։

— Վստա՞հ ես, որ կկարողանաս լաց լինել։

— Իհարկե, շատ եմ փորձել։ Ջենին նույնիսկ կարծեց, որ իսկականից եմ լաց լինում,— ծիծաղեց տղան,— ես նրան հավատացրի, որ ծեծել են ինձ։

― Ս ս ս... ցածր խոսիր։

― Ձեռքերս էլ չեն մրսում, պա՛։

― Ձեռքերդ գրպանդ դիր։ Տոպրակը ես կբռնեմ։ Հետո ի՞նչ ես անում, եթե բռնվես։

― Շարունակում եմ լաց լինել, դու մոտենում ես և ասում որ ճանաչում ես ինձ, որ ես խեղճ տղա եմ...

― Ս ս ս․․․

Նա ձեռքով փակեց տղայի բերանը։

― Մարդ է գալիս։ Ձևացրու, որ աչքդ բան է ընկել։

Տղան մի աչքը փակեց, իսկ մյուսը լայն բաց արեց։ Մարդը ձևացրեց, թե զննում է։

Ինչ֊որ թափառաշրջիկ, որ կուրորեն քայլում էր առատորեն թափվող ձյան փաթիլների տակ, ոտքերը քարշ տալով, անցավ նրանց կողքով։ Նրա գլուխը փաթաթված էր քաթանե պարկով։ «Մենք ավելի հարուստ ենք, քան նա»,— մտածեց մարդը։ Նրանք հայացքով հետևեցին թափառաշրջիկին, մինչև որ նա անհետացավ ձյան մեջ։

— Ձյունն ուժեղացավ,— շշնջաց տղան։— Կաթնավաճառը ինձ չի նկատի փողոցի այն կողմից։ Ես կարող եմ մեկ շշից ավելի վերցնել.

— Մեկը բավական է։ Իսկ հետո ի՞նչ ենք անում, երբ նրան ասում եմ, որ ճանաչում եմ քեզ։

― Հետո դու ասում ես, որ ես խեղճ տղա եմ, որ մայրս հիվանդ է, որ կաթը նրա համար եմ վերցրել և եթե նա ինձ բաց թողնի՝ ես այլևս չեմ անի այդ բանր․․․ և վերջ, այսպես չէ՞։

― Այո, վերջ,— հառաչեց մարդը և ուղղեց բեղերը։

― Սովա՞ծ ես...

― Մի քիչ։

Մարդը սեղմեց տղայի թևը։

― Ոչինչ, ես էլ եմ սոված։ Այսպիսի դեպքում թքում են ու ստամոքսը շփում։

Նա թքեց ձյան վրա և շփեց ստամոքսը։

― Դու էլ արա։

Տղան հետևեց նրա օրինակին։ Նրանք ծիծաղեցին։

― Սա նշանակում է, որ հենց նոր ես վերջացրել ճաշդ և փորդ կուշտ է,— ասաց մարդը։

― Իհարկե, ես հենց նոր երկու ձու և մի կարկանդակ կերա,— ասաց տղան։

Նրանք նորից ծիծաղեցին։

― Ոչինչ, երբ տուն հասնենք, մի բան կուտենք։

Հանկարծ մարդը անշարժացավ։ Նրա հսկա մարմինը կծկվեց։

― Ֆուրգո՛նը։ Վերցրո՛ւ տոպրակը: Մինչև չասեմ, դուրս չգաս։

― Դուրս չեմ գա։

Տղայի դեմքը հուզմունքից կարմրեց։

― Այ, կտեսնես։ Ամեն ինչ ոնց որ պետքն է կանեմ։ Ես արդեն խնձոր էլ եմ թռցրել։

― Մի բ ան էլ չմոռանաս։ Եթե բան պատահի, ես ձայն կտամ։ Եթե գոռամ՝ վազիր, կվազես։ Կվազես անկախ նրանից, թե ես ինչ եմ անում, լսո՞ւմ ես։

― Լավ։

― Խոստանո՞ւմ ես։

― Խոստանում եմ։

― Չմոռանաս, անկախ նրանից, թե ինձ ինչ կպատահի։

― Լա՛վ։

Կաթնավաճառի կառքը դանդաղ շարժվում էր ճանապարհն ի վեր։ Մարդն ու տղան կծկվեցին շքամուտքում։

― Սպասիր։ Թող կառքը մոտենա աղբյուրին։ Մի՛ հուզվիր։ Բան չկա, բան չկա։ Դե՛, ժամանա՛կն է։

Տղան դուրս եկավ շքամուտքից։ Նա դանդաղ քայլում էր և ամեն քայլափոխին ոտքերն այնպես բարձրացնում, որ ձյունը չմտնի կոշիկների մեջ։ «Ես նրան պետք է ասեի, որ գլխարկը ճակատին քաշի, թե չէ ձյունն աչքերը կլցվի»,— մտածեր մարդը։ Նա շնչում էր բերանը լայն բաց արած, և ամեն անգամ շունչ քաշելիս, կուրծքը ելնում֊իջնում էր ու տարօրինակ ցավ պատճառում։

Կաթնավաճառն անհետացավ տան հետևում։ Թվում էր, որ տղան ոչ թե քայքում, այլ թռչկոտում էր։ Նա ցատկեց կառքի վրա։

«Ի՜նչ երկար է տևում,— մտածում էր մարդը,— աստված իմ, շա՜տ երկար է տևում»։

Տղան ցատկեց փափուկ ձյան վրա. նա կաթի շիշը դրեց տոպրակի մեջ և արագ֊արագ քայլեց փողոցով։ Հենց նույն պահին նրբանցքից երևաց կաթնավաճառը։ Մարդը ուշադիր հետևում էր նրան։ Կաթնավաճառը թեքվեց հաջորդ տան կողմը։ Վերջապե՜ս։ Ամեն ինչ լավ էր։ Վտանգն անցել էր։

Մարդը ձեռքը քսեց բեղերին։ Նա կուլ տվեց թուքը, ապա խորը շունչ քաշեց և գնաց տղայի հետևից։

Տղան սպասում էր նրան հաջորդ թաղում։ Նրա փոքրիկ դեմքը փայլում էր ուրախությունից։

― Տեսա՞ր որ արեցի։ Տեսա՞ր որ ամեն ինչ լավ էր,— ասաց նա։

― Ճիշտ է, տղաս, լավ էր, շատ լավ էր,— ասաց մարդը։

Նա խառնեց տղայի մազերը։

― Ես կտանեմ։

— Ինքս էլ կարող եմ,— պատասխանեց տղան։

― Լավ։

― Պա, հեշտ էր, հա։ Կարող էի հանգիստ մի շիշ էլ վերցնել։

Մերթ վազելով, մերթ փափուկ ձյան վրա սղալով, նա գնում էր հոր հետևից։

― Պա, ի՞նչ կասես, արի վաղը երկու հատ վերցնեմ, հը՞։

Մարդը չպատասխանեց։

― Հը՞, պա։

Տղան քաշեց նրա վերարկուն։

― Ի՞նչ։

― Կարո՞ղ եմ։

― Ի՞նչ՝ կարող ես։

― Հենց նոր ասացի։

― Չլսեցի։

― Վաղը կարո՞ղ եմ երկու հատ վերցնել։ Ախր դա շատ հեշտ բան է։ Ես կարող եմ թռցնել։

― Չէ՛։

― Ճիշտ եմ ասում, կարող եմ։

― Չէ՛։

Նրանք լուռ քայլում էին։

― Այ թե ընկերներիս պատմեի՜,— ասաց տղան։

Մարդը կանգ առավ։

― Եթե մեկին պատմել ես, գլուխդ կթռցնե՛մ։ Վիզդ կկտրե՛մ։

― Գիտե՛մ, գիտե՛մ։ Չեմ պատմի։ Հենց այնպես, մի բան էր ասացի։

― Սա գողություն է,— ասաց մարդը,— գողությո՛ւն։

― Գիտեմ։ Դե լավ, գնանք, պա՛, մրսում եմ։

Նրանք նորից քայլեցին։ Քայլեցին գլուխները կախ, որպեսզի պաշտպանվեն ձյունից։

― Կոշիկներդ թրջվե՞լ են։

― Մի քիչ։

― Հենց որ աշխատանք ճարեցի, քեզ համար կրկնակոշիկներ կառնեմ, երկարաճիտ կոշիկներ էլ կառնեմ, որոնցով ճահճի մեջ են քայլում։ Այն ժամանակ ինչքան ուզում ես քայլիր ձյան մեջ, չես թրջվի։

― Գուցե բարեգործական ընկերությունի՞ց տան,— ասաց տղան։

― Գուցե։ Ես արդեն խնդրել եմ նրանց։ Էլի կխնդրեմ։ Մարդը նորից կանգ առավ։— Դու գիտես, որ գողությունը վատ բան է, չէ՞։

― Իհարկե, գիտեմ, պա։

― Գիտես, որ քրոջդ համար ենք անում։

― Իհարկե, գիտեմ։

― Ես երբեք գողություն չեմ արել,— ասաց մարդը,— իմ ամբողջ կյանքում աշխատել եմ։ Ես լավ բանվոր եմ։ Իմ ընտանիքը երբեք կարիքի մեջ չի եղել։ Ուզո՞ւմ ես մորդ հարցրու։

― Դե լավ, պա,— ասաց տղան,— մի՛ մտածիր: Երբ մեծանամ գողություն չեմ անի։ Գիտեմ, որ գողությունը վատ բան է։

― Բա ասացիր, խնձոր ես փախցրել։

― Դե լա՜վ, պա՛, տղաներն այդպիսի բան շատ են անում:

― Գիտեմ,— ասաց մարդը։

― Ես գողություն չեմ անի։ Քեզ պես ուժեղ կդառնամ և աշխատանքի կմտնեմ։ Ազնիվ խոսք, պա։

Մարդը նայեց ցած՝ որդու դեմքին։ «Չէ մի՜,― մտածեց նա,— քո տարիքին ես մի գլխով բարձր էի քեզնից։ Խե՜ղճ մանչուկ, թողնո՞ւմ են, որ մեծանաս»։

― Պա, մրսում եմ,— ասաց տղան։

Նրանք դանդաղ քայլում էին թարմ, սպիտակ ձյան վրայով։