հեղինակ՝ Թ․ Ս․ Էլիոթ |
1
Արծիւը ճախրում է երկնքի բարձունքում,
որսորդն իր շներով հետեւում է նրա շրջապտոյտին։
Օ՜, յաւերժական պտոյտ համադրուած աստղերի,
Օ՜, յաւերժական կրկնութիւն տարուայ եղանակների,
Օ՜, աշխարհ գարնան ու աշնան, ծննդեան ու մահուան։
Մտքի ու գործի յաւերժական հերթափոխութիւնը,
Յաւերժական գիւտարարութիւնն ու փորձարարութիւնը
տալիս են գիտելիք շարժման, բայց ոչ հանդարտութեան,
գիտելիք խօսքի, բայց ոչ լռութեան,
գիտելիք բառերի եւ անգիտութիւն Բանի։
Մեր ողջ գիտելիքը մեզ աւելի է մօտեցնում անգիտութեանը,
Մեր ողջ անգիտութիւնը մեզ աւելի է մօտեցնում մահուան,
Բայց մահուան մօտիկութիւնը չի մօտեցնում Աստծուն։
Որտե՞ղ է Կեանքը, որ կորցրել ենք ապրելով։
Որտե՞ղ է իմաստութիւնը, որ կորցրել ենք գիտութեան մէջ։
Որտե՞ղ է գիտելիքը, որ կորցրել ենք տեղեկատուութեան մէջ։
Երկնային շրջապտոյտը քսան դարերում
մեզ է հեռացրել Աստծուց, մօտեցրել՝ Հողին։
Ես գնացի Լոնդոն, դէպի հինաւուրց Քաղաք,
որի միջով հոսում է գետը՝ օտարերկրեայ նաւերով լի։
Այնտեղ ինձ ասացին. «Մենք չափից շատ եկեղեցիներ ունենք,
բայց չափից քիչ էժան խորտկարաններ»։ Այնտեղ ինձ ասացին.
«Թող երէցները հանգստի կոչուեն։ Մարդիկ եկեղեցու կարիք չունեն
այնտեղ, որտեղ աշխատում են։ Եկեղեցու կարիք ունեն այնտեղ,
որտեղ կիրակիներն են անցկացնում։
Քաղաքում մեզ պէտք չեն զանգեր.
թող դրանք արթնացնեն արուարձանները»։
Ես ուղեւորուեցի արուարձան, եւ այնտեղ ինձ ասացին.
«Մենք աշխատում ենք վեց օր, եօթերորդ օրը գնում ենք
դէպի Հինդհեդ կամ Մեյդենհեդ։
Եթէ վատ եղանակ է, մենք տանն ենք մնում, թերթ կարդում»։
Արդիւնաբերական թաղամասերում ինձ բացատրեցին
տնտեսական օրէնքները։
Գեղատեսիլ գիւղում թւում է, թէ
գիւղն այժմ յարմար է միայն զբօսախնջոյքների համար։
Պարզուեց, որ եկեղեցին պէտք չի
ոչ գիւղում, ոչ էլ արուարձաններում, իսկ քաղաքում՝
միայն կարեւոր մարդկանց հարսանիքների համար։
Խմբերգի ղեկավարը.
Լռութիւ՛ն, պահէք պատշաճ հեռաւորութիւն։
քանզի զգում եմ, Վէմը մօտենում է,
որը գուցէ փարատի մեր կասկածները։
Վէմը։ Պահապանը։ Օտարականը։
Նա, ով տեսել է, թէ ինչ է եղել,
եւ ով տեսնում է, թէ ինչ է լինելու։
Ականատեսը։ Քննադատը։ Օտարականը։
Աստուծուց ցնցուածը, որի մէջ ճշմարտութիւնը բնատուր է։
Վէմի մուտքը Տղայի առաջնորդութեամբ։
Վէմը.
Մարդկանց մեծ մասի ճակատագիրն է անդադար աշխատանք,
կամ մշտական պարապութիւն, որն աւելի ծանր է,
կամ անկանոն աշխատանք, որը տհաճ է։
Ես մենակ եմ աշխատացրել գինու ճմլիչը, եւ գիտեմ,
որ դժուար է լինել իսկապէս օգտակար, հրաժարուելով
այն ամէնից, ինչ մարդիկ համարում են երջանկութիւն, փնտրելով
բարի արարքներ, որոնք տանում են դէպի մոռացութիւն,
ընդունելով նաեւ այն ինչ որ անարգանք է բերում,
բոլորից փառաբանութիւն, կամ ոչ մէկից սէր։
Բոլոր մարդիկ պատրաստ են ներդնել իրենց փողերը,
Բայց մեծամասնութիւնը շահութաբաժին է սպասում։
Ես ձեզ ասում եմ՝ կատարելագործէք ձեր կամքը։
Ասում եմ՝ մի´ մտածէք հունձքի մասին,
Մտածէք միայն ճիշտ ցանելու մասին։
Աշխարհը պտտւում է ու փոփոխւում,
բայց մի բան չի փոխւում։
Իմ ողջ կեանքում մի բան չի փոխւում,
որքան էլ թաքցնէք, այդ բանը չի փոխւում.
Բարու եւ Չարի յաւերժական պայքարը։
Մոռացկոտներ, դուք անտեսում էք ձեր սրբավայրերն ու եկեղեցիները։
Դուք, որ ներկայ ժամանակների սերունդն էք, ծաղրում էք
անցեալում կատարած բարի գործերը, յօրինելով
ձեր բանական խելքը եւ լուսաւորուած մտքերը բաւարարող բացատրութիւններ՝
Երկրորդ, դուք անտեսում ու թերագնահատում էք անապատը։
Անապատը ոչ թէ հեռաւոր հարաւային արեւադարձում է,
Անապատը ոչ միայն քո մօտակայ անկիւնում է։
Անապատը սեղմուած է մետրոյի գնացքում։
Անապատը քո եղբօր սրտում է։
Լաւ մարդը կառուցողն է, եթէ լաւ բան է կառուցում։
Ես ձեզ կը ներկայացնեմ այն բաները, որոնք հիմա են արւում,
Եւ որոշ բաներ, որոնք վաղուց են արուել,
որ դուք քաջալերուէք, կատարելագործէք ձեր կամքը։
Թոյլ տուէք ձեզ ներկայացնեմ խոնարհների աշխատանքը։ Լսեք։
Լոյսերը մարում են։ Աղջամուղջում լսւում է բանուորների երգը.
Ազատ տարածքներում
Մենք կը շինենք նոր աղիւսով։
Մենք ունենք ձեռքեր ու գործիքներ,
Եւ կաւ՝ նոր աղիւսի համար,
Եւ կիր՝ նոր շաղախի համար։
Որտեղ աղիւսներն ընկնեն,
Այնտեղ նոր քարով կը շինենք։
Որտեղ հեծանները թուլանան,
Այնտեղ նոր փայտով կը շինենք։
Որտեղ բառը չասուի,
Այնտեղ նոր խօսքով կը շինենք։
Անընդհատ կայ աշխատանք,
Եկեղեցի՝ բոլորի համար,
Գործ՝ իւրաքանչիւրի համար,
Ամէն մարդ՝ իր աշխատանքին։
Այժմ բանուորների մի խումբ է ուրուագծւում մշուշոտ երկնքի տեսարանին։ Ի պատասխան նրանց երգի՝ հեռուից լսւում են գործազուրկների ձայները.
Ոչ ոք մեզ չի վարձում։
Մեր ձեռքերը գրպաններում
Ու ամաչկոտ դէմքերով
Պարապ կանգնում ենք փողոցների անկիւնում,
Դողում ենք անլոյս սենեակներում։
Միայն քամին է շարժւում
Դատարկ դաշտերի վրայով, անմշակ՝
Որտեղ գութանն է կանգ առել,
Ակօսին ուղղահայեաց։ Այս երկրում
Մէկ ծխախոտ է հասնում երկու տղամարդուն,
Կէս լիտր դառը գարեջուր՝ երկու կնոջը։
Այս երկրում
Ոչ ոք մեզ չի վարձում։
Մեր կեանքն անցանկալի է, մեր մահը
Չի յիշատակւում «Թայմզ»_ում։
Կրկին Բանուորների երգը.
Գետը հոսում է, եղանակները՝ փոխւում,
Ճնճղուկն ու սարեակը ժամանակ չունեն վատնելու։
Եթէ մարդիկ չկառուցեն,
Ինչպէ՞ս են ապրելու։
Եթէ դաշտը հերկւում է
Եւ ցորենից հաց են թխում,
Նրանք չեն մահանայ կարճ մահճակալում
Եւ նեղ սաւանում։ Այս փողոցում
Չկայ ոչ սկիզբ, ոչ շարժում, ոչ անդորր, ոչ վերջ,
Միայն կայ աղմուկ առանց խօսքի, կերակուր՝ առանց համի։
Առանց ուշացնելու, առանց շտապելու
Մենք կը կառուցենք այս փողոցի սկիզբն ու վերջը։
Մենք կառուցում ենք այս իմաստը.
Եկեղեցի բոլորի համար,
Գործ իւրաքանչիւրի համար,
Ամէն մարդ՝ իր աշխատանքին։
2
Այսպիսով, ձեր հայրերը դարձան
սրբերի եղբայրակից քաղաքացիներ եւ առաքեալների եւ մարգարէների հիմքով կառուցուած Աստծոյ տան՝, որի անկիւնաքարը հէնց Յիսուս Քրիստոսն է։
Բայց դուք արդեօք լաւ՞ էք կառուցել, որ այժմ անօգնական նստել էք աւերուած տան մէջ,
Որտեղ շատերը ծնւում են ձանձրոյթի, վատնուած կեանքի, թշուառ մահուան՝ դառնացած, արհամարուած, փեթակների մէջ։
Իսկ ովքեր կառուցելու են եւ վերականգնելու, նրանք շրջում են իրենց ձեռքերի ափերը կամ ի զուր նայում են օտար երկրներին՝ ողորմութիւն ստանալու կամ սափորը լցնելու համար։
Ձեր շինութիւնը պատշաճ չի կառուցուած որպէս միասնութիւն։ Դուք նստում էք ամօթահար եւ զարմանում էք, թէ արդեօք հնարաւո՞ր է եւ ինչպէ՞ս է հնարաւոր ինքդ քեզ ձեւաւորես, որպէսզի Աստուածն ու Ոգին միասին բնակուեն քո մէջ, այն Ոգին, որը սաւառնեց ջրի մակերեսին, ինչպէս լապտերը ՝ կրիայի մէջքին։
Իսկ ոմանք ասում են. «Ինչպէ՞ս կարող ենք մենք սիրել մեր հարեւանին։ Չէ՞ որ սէրը պէտք է իրականացուի գործողութեան մէջ, ինչպէս ցանկութիւնը միանում է ցանկալիի հետ։ մենք կարող ենք տալ լոկ մեր աշխատուժը, բայց այն ոչ մէկին պետք չէ։
Մենք սպասում ենք փողոցի խաչմերուկներում ոչինչ չունենալով առաջարկելու, բացի մեր գիտցած երգերից, բայց ոչ ոք չի ուզում լսել։
Սպասում ենք, որ վերջում մեզ շպրտեն մի կոյտի վրայ, որպէս գոմաղբից էլ քիչ արժէք ունեցող մի բան։
Դուք լաւ՞ էք կառուցել, դուք չէ՞ք մոռացել հիմնաքարը։
Խօսում էք մարդ-մարդու ճիշտ յարաբերութիւնների մասին, բայց ոչ մարդ-Աստուծոյ յարաբերութիւնների մասին։
ՙՄենք երկնքի քաղաքացի ենք», ասում ենք, ճիշտ է, բայց դա երկրի վրայ ձեր քաղաքացիութեան նախատիպն է ու կերպարը։
Երբ ձեր հայրերը սահմանեցին Աստուծոյ դիրքը,
Եւ մարդկութեանը անհանգստացնող բոլոր սրբերին
Առաքեալներին, նահատակներին տեղաւորեցին
մի կենդանաբանութեան այգում Վիպսնեյդի նման,
Յետոյ նրանք կարողացան ձեռնարկել կայսրութեան ընդարձակում,
Որն ուղեկցւում էր արդիւնաբերութեան զարգացմամբ՝
Արտահանելով երկաթ, ածուխ եւ բամբակէ մանուածք,
Եւ մտաւոր կրթուածութիւն,
Եւ ամէն ինչ, այդ թւում կապիտալ,
Եւ Աստուածաշունչը մի քանի տարբերակներով.
Բրիտանական ցեղը ինքնավստահութեամբ
Կատարեց իր առաքելութիւնը , բայց հայրենիքում շատ բան խախուտ թողեց։
Անցեալում կատարուած այս բոլորի պտուղը, դուք ճաշակում էք, լինի փտած, թէ հասած։
Իսկ եկեղեցին մշտապէս կառուցւում է՝ միշտ աւիրւում ու մշտապէս վերականգնւում։
Անցեալում կատարած իւրաքանչիւր չարիքի հետեւանքերը կրում ենք։
Ծուլութեան, ագահութեան, որկրամոլութեան համար,
Աստուծոյ խօսքը արհամարհելու համար,
Հպարտութեան, բղջախոհութեան, դաւաճանութեան, իւրաքանչիւր գործած մեղքի համար։
Իսկ բոլոր արուած բարի գործերը, դուք ժառանգութիւն էք ստացել։
Որովհետեւ բարիքն ու չարիքը լոկ մարդկութեանն են, երբ նա մենակ կանգնում է մահուան միւս կողմում։
Բայց այստեղ՝ երկրի վրայ, դուք ունէք հատուցումը ձեր նախնիների բարիքների եւ չարիքերի
Եւ այն ամէնը, որ չար է, դուք կարող էք ուղղել, եթէ միասին քայլէք խոնարհ զղջմամբ՝ քաւելով ձեր հայրերի մեղքերը։
Իսկ այն ամէնը, որ բարի է, դուք պէտք է պահպանէք ձեր հայրերի հաւատարիմ անձնուէր սրտով, որով կռուել են բարու յաղթանակի համար։
Եկեղեցին մշտապէս կառուցւում է, քանզի ներսից մշտապէս փլւում է, եւ դրսից յարձակւում։
Որովհետեւ սա է կեանքի օրէնքը։ Եւ պարտաւոր էք յիշել քանի դեռ բարգաւաճման ժամանակ է,
Մարդիկ կ'արհամարհեն Տաճարը, իսկ թշուառ տարիներին այն կը պարսաւեն։
Ին՞չ կեանքի մասին էք խօսում, եթէ միասին չէք ապրում։
Չկայ կեանք համայնքից դուրս,
Եւ չկայ համայնք, եթէ այն չի ապրում Աստուծոյ փառքի համար։
Նոյնիսկ ճգնաւորը, որը խորհում է միայնակ,
Որի օրերն ու գիշերները անցնում են անընդհատ Աստուած (Աստծուն) փառաբանելով,
Աղօթում է Եկեղեցու համար, Քրիստոսի մարմնացած մարմնի համար։ ։
Եւ դուք հիմա ապրում էք՝ սփռուած ժապաւէնի նման ոլորուող ճանապարհներին։
Ու ոչ ոք չգիտի եւ չի էլ հետաքրքրւում, թէ ով է իր դրացին,
Մինչեւ որ այդ դրացին չափից շատ չի անհանգստացնում։
Եւ բոլորը աւտոմեքենաներով սլանում են այս ու այն կողմ՝
Քաջածանօթ ճանապարհներին, բայց ոչ մի տեղ չհաստատուած։
Նոյնիսկ ընտանիքը միասին չի ճանապարհորդում։
Որդիներն ունեն իրենց մոտոցիկլետները,
Իսկ դուստրերը հեծած մոտոցիկլետների ետեւում։
Քանդելու, կառուցեու, վերականգնելու շատ բան կայ։
Թող աշխատանքը չուշանայ, ժամանակը, ձեռքը չխնայենք։
Թող կաւը փորուի, թող քարը տաշուի,
Թող կրակը չմարի դարբնոցում։
3
Աստուծոյ խօսքը հասաւ ինձ, ասելով.
՜Օ, խորամանկ մարդկանց թշուառ քաղաքներ ,
՜Օ, լուսաւորուած մարդկանց դժբախտ սերունդ ՝
Խաբուած ձեր հնարամտութեան լաբիրինթոսներում,
Ծախուած ձեր սեփական գիւտերի եկամուտով։
Ես ձեզ տուել եմ ձեռքեր, բայց ձեռ քաշեցիք պաշտամունքից,
Ես ձեզ տուել եմ խօսելու ունակութիւն անվերջ շաղակրատելու համար,
Ես ձեզ տուել եմ Օրէնքը, իսկ դուք հիմնեցիք յանձնաժողովներ,
Ես ձեզ տուել եմ շուրթեր արտայայտելու ընկերային ընկերական սիրալիրութիւններ,
Ես ձեզ տուել եմ սրտեր փոխադարձ անվստահութեան համար։
Ես ձեզ տուել եմ ազատ կամք, իսկ դուք վարանում էք
անօգուտ խորհրդածութեան եւ անխոհեմութեան միջեւ։
Շատերը զբաղուած են գրքեր գրելով եւ տպագրելով։
Շատերը երազում են տեսնել իրնց անունը տպագրուած։
Շատերը ոչինչ չեն կարդում, բացի ձիարշաւի արդիւնքներից։
Շատ էք կարդում, բայց ոչ Աստուծոյ խօսքը,
Շատ էք կառուցում, բայց ոչ Աստուծոյ տունը։
Դուք ինձ համար կը կառուցէ՞ք գաջից տուն՝ ալիքաձեւ տանիքով,
Որը կը լցուի շպրտուած կիրակնօրեայ թերթերով։
Առաջին տղամարդու ձայնը. Աղաղակ արեւելքից.
Ին՞չ պէտք է արուի ծուխ արձակող նաւերի ափին։
Դու կը լքե՞ս իմ ժողովրդին՝ մոռացած, դատապարտուած
Ծուլութեան, աշխատանքի եւ ցնորուած թմրութեան։
Կը մնա փլուած օջախ,
Նաւի ճաքճքած կմախքը, մի կոյտ ժանգոտուած երկաթ
Աղիւսով թափթփուած փողոցում, որտեղ այծն է արածում,
Որտեղ Իմ Բանը չի խօսւում։
Երկրորդ տղամարդու ձայնը. Աղաղակ հիւսիսից, արեւմուտքից եւ հարաւից.
Որտեղից ամէն օր հազարաւոր մարդիկ ուղեւորւում են դէպի հինաւորց քաղաք,
Որտեղ Իմ Բանը չի խօսւում։
Լոբելիաների եւ թենիսի ֆլանելների երկրում
Ճագարը անցք կը փորի, եւ փուշը կը տարածուի կրկին,
Եղինջը կը ծածկի մանրախճով զարդարուած բակը,
Եւ քամին կ'ասի. «Այստեղ քաղաքավարի, անաստուած մարդիկ են եղել։
Նրանց միակ կոթողը ասֆալտէ ճանապարհն է
Եւ հազարաւոր կորած գոլֆի գնդակները»։
Երգչախումբ.
Մենք զուր ենք կառուցում, եթէ Աստուած մեզ հետ չի կառուցում։
Դուք կարո՞ղ էք պահպանել Քաղաքը, եթէ Աստուած այն չի պահպանում ձեզ հետ։
Երթեւեկութիւնը կարգաւորող հազարաւոր ոստիկաններ
Չեն կարող ձեզ ասել, թէ ինչու էք եկել կամ ուր էք գնում։
Քարանձաւաբնակների գաղութը կամ եռանդուն արջամկների հորդան
Աւելի լաւ են կառուցում, քան նրանք, որ կառուցում են առանց Աստուծոյ։
Արդեօ՞ք ոտք կը դնենք յաւերժական աւերակների մէջ։
Ես սիրել եմ քո Տան գեղեցկութիւնը, քո տաճարի խաղաղութիւնը։
Ես աւլել եմ յատակը եւ զարդարել եմ խորանը։
Որտեղ չկայ տաճար, այնտեղ չպէտք է լինեն տներ։
Թէեւ ունէք ապաստարաններ եւ հաստատութիւններ,
Պատահական կացարաններ, քանի դեռ վարձը վճարւում է,
Օժանդակ ներքնայարկեր, որտեղ առնէտն է բազմանում,
Կամ մաքուր բնակարաններ համարակալուած դռներով,
Կամ տուն, որ մի փոքր աւելի լաւն է, քան հարեւանինը։
Երբ Օտարականը հարցնի. «Որ՞ն է այս քաղաքի իմաստը։
Դուք իրար գլխի էք հաւաքւում, որովհետեւ սիրու՞մ էք միմեանց»։
Ին՞չ էք պատասխանելու։ «Մենք բոլորս ապրում ենք միասին,
Որ փո՞ղ աշխատենք միմեանցից» կամ «Սա համա՞յնք է»։
Եւ Օտարականը կը հեռանայ ու կը վերադառնայ անապատ։
՜Օ, հոգի իմ, եղիր պատրաստ Օտարականի գալստեան,
Եղիր պատրաստ նրա համար, ով գիտի, թէ ինչ հարցեր տա։
՜Օ, ձանձրոյթ մարդկանց, որոնք շրջուել են Աստծուց
Դէպի իրենց մտքի վեհութիւնն ու փառքն իրենց գործի,
Դէպի արուեստներն ու գիւտերը եւ համարձակ նախաձեռնութիւնները,
Դէպի մարդկային մեծութեան տեսութիւնները ՝ լիովին վարկաբեկուած։
Ենթարկելով հողն ու ջուրը ձեր պահանջներին,
Շահագործելով ծովերն ու լեռները,
Բաժանելով աստղերը սովորականի եւ նախընտրելիի։
Զբաղուած կատարեալ սառնարան հնարելով,
Զբաղուած խելացի բարոյագիտութիւն մշակելով,
Զբաղուած որքան հնարաւոր է շատ գրքեր տպագրելով,
Ծրագրելով երջանկութիւն եւ շպրտելով դատարկ շշեր,
Անցնելով ձեր անտարբերութիւնից դէպի տենդագին խանդավառութիւն
Ձեր ազգի կամ ցեղի հանդէպ, կամ ինչպէս դուք էք կոչում մարդկութիւնը։
Թէեւ դուք մոռացել էք դէպի Տաճար տանող ճանապարհը,
Բայց կայ մէկը, որը յիշում է ձեր դռան մօտ բերող ճանապարհը.
Կեանքը կարող էք անտեսել, բայց Մահը՝ ոչ։
Դուք չէք կարող մերժել Օտարականին։
4
Կան մարդիկ, որոնք կառուցելու են Տաճար,
Եւ կան մարդիկ, որոնք գերադասում են որ տաճարներ չկառուցուեն։
Նէեմի մարգարէի օրերը
Չէր բացառութիւն ընդհանուր կանոնից։
Շուշան պալատում Նիսան ամսին
Նա գինի էր մատուցում Արտաշէս թագաւորին
Եւ ողբում էր քանդուած Երուսաղեմի համար։
Եւ թագաւորը նրան թոյլ տուեց մեկնել,
Որպէսզի նա վերականգնի քաղաքը։
Այդպիսով, նա մի քանիսի հետ մեկնեց Երուսաղէմ։
Եւ այնտեղ, վիշապի աղբիւրի մօտ, գոմաղբի դարբասի մօտ,
ցայտաղբիւրի դարբասի մօտ, թագաւորի աւազանի մօտ
Երուսաղէմն ամայացել էր, կլանուել էր կրակով։
Կենդանու համար անցնելու տեղ չէր։
Դրսում թշնամիները նրան ուզում էին վնասել։
Իսկ ներսում լրտեսներ ու շահամոլներ,
Բայց նա եւ իր հետեւորդները ձեռք ձեռքի տուեցին, որ վերականգնեն պատը։
Եւ այսպէս, նրանք կառուցեցին, ինչպէս մարդիկ պէտք է կառուցեն ՝
Թուրը մի ձեռքում, իսկ ծեփիչը միւսին։
5
՜Օ, Աստուած, ազատիր ինձ այն մարդկանցից՝ որոնք ունեն գերազանց մտադրութիւններ եւ անազնիւ սրտեր, քանզի սիրտը ամենանենգ է ու սոսկալի չար։
Սանաբալատ Որոնացին, Տուբիա Ամոննացին եւ Գեսամ Արաբացին, անկասակած, ժողովրդական ոգով ու եռանդով լի անձնաւորութիւններ էին։
Պաշտպանիր ինձ թշնամուց, որը շահելու բան ունի, եւ ընկերոջից, որը կորցնելու բան ունի։
Յիշում եմ ՆԷեմի Մարգարէի խօսքերը. «Ծեփիչը մի ձեռքում է եւ զէնքը միւս ձեռքում»։[1]
Մարդիկ, որոնք նստում են մի տան մէջ, որի իմաստը մոռացուել է, նման են օձերի, որոնք պառկում են բորբոսնած աստիճանին ու վայելում են արեւի լոյսը։
Իսկ միւսները վազում են շների պէս, նախաձեռնութեամբ լի, փնչացնելով ու հաչելով։ Նրանք ասում են. Այս տունը օձերի բուն է, եկէք քանդենք։։
Ազատուենք այս քարշութիւնից՝ քրիստոնեաների անառակութիւնից։ Ոչ սրանք են արդարացուած, ոչ էլ միւսները։
Եւ նրանք գրում են անհամար գրքեր, լինելով չափազանց սնապանծ եւ մտացրիւ լռութեան համար, իւրաքանչիւրը փնտրելով իր փառքը, խոյս տալով իր դատարկութիւնից։
Եթէ համեստութիւն ու մաքրութիւն չկայ սրտում, ուրեմն դրանք չեն լինի տան մէջ։ Իսկ եթէ նրանք տան մէջ չկան, ապա նրանք քաղաքում չկան։
Մարդը, որ ցերեկը կառուցել է, գիշերամուտին կը վերադառնայ իր օջախը՝ օրհնուելով լռութեան նուէրով ու նիրհելով նախքան քնելը։
Բայց մենք շրջապատուել ենք օձերով ու շներով, ուստի ոմանք պէտք է աշխատեն, իսկ միւսները՝ նիզակ բռնեն։
6
Նրանց համար, ովքեր երբեք չեն հալածուել,
Եւ ովքեր երբեք չեն ճանաչել քրիստոնեայի
Դժուար է հաւատալ երբ պատմում են քրիստոնեաների հալածանքի մասին։
Նրանց համար, ովքեր ապրում են բանկի մօտ ։
Դժուար է չվստահել իրենց փողի ապահովութեանը
Նրանց համար, ովքեր ապրում են ոստիկանութեան բաժանմունքի մօտ
Դժուար է հաւատալ բռնի ուժի յաղթանակին։
Դուք կարծում էք, թէ Հաւատքը նուաճել է աշխարհը,
Եւ առիւծներն այլեւս կարիք չունե՞ն պահապանի։
Կարիք կա՞յ ձեզ ասելու, որ ինչ եղել է, կարող է նորից լինել։
Կարիք կա՞յ ձեզ ասելու, որ նոյնիսկ համեստ նուաճումները,
Որոնցով կարող էք հպարտանալ կիրթ մարդկանց յատուկ ձեւով,
Դժուար թէ գոյատեւեն աւելի քան այն Հաւատը, որից ստանում են իրենց նշանակութիւնը։
Տղամարդիկ, փայլեցրէք ձեր ատամները առաւօտեան վեր կենալիս ու երեկոյեան պառկելիս։
Կանայք, փայլեցրէք ձեր եղունգները.
Դուք փայլեցնում էք շան ատամը եւ կատուի ճանկը։
Մարդիկ ինչու՞ պիտի սիրեն եկեղեցին։ Ինչու՞ պիտի սիրեն եկեղեցու օրէնքները։
Եկեղեցին նրանց պատմում է կեանքի ու մահուան մասին, եւ այն ամէնի մասին, ինչը նրանք մոռանալու են։
Եկեղեցին մեղմ է, երբ նրանք խստասիրտ են, եւ խիստ է, երբ նրանք մեղմ են։
Եկեղեցին նրանց պատմում է Չարի ու Մեղքի մասին, եւ այլ անհաճոյ ճշմարտութիւններ։
Նրանք մշտապէս փորձում են փախչել
Դրսի եւ ներսի Խաւարից ՝
Երազելով այնպիսի կատարեալ համակարգերի մասին, որոնք բարութիւն չեն պահանջում։
Բայց մարդը, որպիսին կայ, ստուեր կը գցի
Այն մարդու վրայ, որին ձգտում է հասնել։
Իսկ Մարդու Որդին մէկընդմիշտ չի խաչուել։
Նահատակների արիւնը մէկընդմիշտ չի թափուել,
Սրբերի կեանքը մէկընդմիշտ չի զոհաբերուել.
Մարդու Որդին խաչւում է միշտ,
Եւ լինելու են Նահատակներ ու Սրբեր։
Եւ եթէ Նահատակների արիւնը հոսելու է աստիճանների վրայ,
Մենք նախ եւ առաջ պէտք է կառուցենք աստիճաններ,
Եւ եթէ Տաճարը տապալուելու է,
Մենք նախ եւ առաջ պէտք է կառուցենք Տաճար։
7
Սկզբում Աստուածը ստեղծեց աշխարհը։ Ամայութիւն եւ դատարկութիւն։ Ամայութիւն եւ դատարկութիւն։ Եւ խաւար էր անդունդի վրայ։
Ու երբ մարդիկ եղան իրենց զանազան ձեւերով, նրանք տառապելով պայքարեցին Աստծու համար,
Կուրօրէն եւ ի զուր, որովհետեւ մարդը դատարկ արարած է, եւ մարդն առանց Աստծու՝ սերմ է քամու առաջ, որ ասդին-անդին քշւում է եւ չի գտնում տեղ հանգչելու եւ ծլարձակելու համար։
Նրանք գնում են լոյսի ու ստուերի ետեւից, եւ լոյսը նրանց առաջնորդում է դէպի լոյս, իսկ ստուերը նրանց տանում է դէպի խաւար՝
Գերադասելով երկրպագել օձեր կամ ծառեր, երկրպագել դեւեր, քան ոչինչ, աղերսելով կեանք հանդերձեալ աշխարհում, քանզի երանութիւնը մարմնական չէ։
Ամայութիւն եւ դատարկութիւն։ Ամայութիւն եւ դատարկութիւն։ Եւ խաւար՝ անդունդի վրայ։
Եւ Հոգին շարժուեց ջրի վրայով։
Եւ մարդիկ, որոնք շրջուեցին դէպի լոյսը եւ ճանաչուեցին լոյսի կողմից,
Հնարեցին Բարձրագոյն Կրօններ, իսկ Բարձրագոյն Կրօնները բարի էին
Եւ առաջնորդեցին մարդկանց լոյսից դէպի լոյս, դէպի Բարու ու Չարի իմացութիւնը։
Բայց նրանց լոյսը միշտ շրջապատուած էր ու խոցուած խաւարով,
Ինչպէս բարեխառն գօտու ծովերի մթնոլորտն է ճեղքւում արկտիկական հոսանքի մեռեալ շնչով։
Եւ նրանք եկան հասան մի հանգրուանի, մի փակուղու ՝ հազիւ կեանքի կայծ մնացած։
Եւ նրանք եղան ծերացած թոռոմած երեխայի տեսքով, որը մահացել էր սովից։
Աղօթքի անիւներ, մեռեալների պաշտամունքը, աշխարհից հրաժարումը, մոռացուած իմաստներով ծէսերի հաստատումը՝
Անդադար քամուց մտրակուող աւազի վրայ կամ բլուրներին, որտեղ քամին չի թողնում, որ ձիւն նստի։
Ամայութիւն եւ դատարկութիւն։ Ամայութիւն եւ դատարկութիւն։ Եւ խաւար՝ անդունդի վրայ։
Յետոյ եկաւ, նախասահմանուած պահին՝ պահը, որ ժամանակի մէջ էր եւ ժամանակից էր։
Պահը ոչ թէ ժամանակից դուրս, այլ ժամանակի մէջ, որն անուանում ենք պատմութիւն՝ ժամանակի աշխարհը լայնակի կտրող եւ երկու մասի բաժանող, պահը ժամանակի մէջ, բայց ժամանակի պահին աննման։
Պահ, որը ժամանակի մէջ է, բայց ժամանակը ստեղծուեց այդ պահից, քանի որ առանց իմաստի չկայ ժամանակ, եւ այդ պահը ժամանակին տուեց իմաստ։
Յետոյ թուաց, թէ մարդիկ պէտք է անցնեն լոյսից դէպի լոյս, Բանի լոյսի ներքոյ,
Կրքի ու Զոհաբերութեան միջով, փրկուելով՝ իրենց բացասական էութեանը հակառակ.
Վայրենի, ինչպէս նախկինում, նիւթապաշտ, շահամոլ, ինչպէս նախկինում, եսասէր ու կոյր, ինչպէս նախկինում։
Սակայն, միշտ պայքարելով, միշտ հաստատելով, միշտ վերսկսելով իրենց երթը այն ճանապարհով, որը լուսաւորւում էր Լոյսով։
Յաճախ վարանելով, դանդաղելով, ճանապարհից շեղուելով, ուշանալով, վերադառնալով, սակայն չհետեւելով մէկ այլ ճանապարհի։
Բայց թւում է, թէ մի բան է պատահել, որը երբեք չի եղել նախկինում, թէեւ մենք չգիտենք, թէ երբ կամ ինչու, կամ ինչպէս, կամ որտեղ։
Մարդիկ մերժել են Աստծուն, իրենց ասելով, ոչ թէ յանուն ուրիշ աստուածների, այլ յանուն ոչ մի աստծու։ Իսկ նման բան երբեք չի եղել նախկինում,
Որ մարդիկ միաժամանակ եւ´ ժխտեն աստուածներին, եւ´ երկրպագեն աստուածներին, ընդունելով սկզբում իրենց Միտքը,
Իսկ յետոյ Փողը եւ Իշխանութիւնը, եւ այն, ինչը նրանք կոչում են Կեանք կամ Մարդկութիւն, կամ Դիալեկտիկա։
Եկեղեցին մերժուեց, աշտարակը տապալուեց, զանգերը դէն գցուեցին, ի՞նչ պէտք է անենք,
Եթէ չկանգնենք դատարկ ձեռքերով՝ ափերըս վեր շրջած,
Մի ժամանակաշրջանում, որը գնալով ետ է ընթանում։
Գործազուրկների ձայնը (հեռուից).
Այս երկրում
Մէկ ծխախոտ է հասնում երկու տղամարդուն,
Կէս լիտր դառը գարեջուր՝ երկու կնոջը։
Երգչախումբ.
Աշխարհն ին՞չ է ասում, ամբողջ աշխա՞րհն է արագ մեքենաներով շեղւում շրջանցիկ ճանապարհով։
Գործազուրկների ձայնը (աւելի թոյլ).
այս երկրում
Ոչ ոք մեզ չի վարձում…
Երգչախումբ.
Ամայութիւն եւ դատարկութիւն։ Ամայութիւն եւ դատարկութիւն։ Եւ խաւար անդունդի վրա։
Արդեօք եկեղեցին չբաւարարեց մարդկութեան կարիքները, կամ մարդկութիւնը՞ չբաւարարեց եկեղեցունը։
Երբ Եկեղեցուն այլեւս ուշադրութիւն չի դարձւում, չի հակադրւում անգամ, եւ մարդիկ մոռացել են
Բոլոր Աստուածներին, բացի Վաշխառութիւնից, Տարփանքից եւ Իշխանութիւնից։
8
՜Օ, Հայր, մենք ողջունում ենք քո խօսքերը։
Եւ մենք քաջալերւում ենք ապագայի համար՝
Յիշելով անցեալը։
Հեթանոսները մօտեցել են քո թողած ժառանգութեանը
Եւ պղծել են քո տաճարը։
Ո՞վ է նա, որ եկել է Եդեմից։
Նա մենակ է աշխատեցրել գինու ճմլիչը։
Եկաւ մէկը, որը խօսեց Երուսաղէմի ամօթանքի
Եւ սուրբ վայրերի ապականման մասին.
Ճգնաւոր Պետրոսը՝ խարազանիչ բառերով ։
Իսկ նրա ունկնդիրների մէջ կային
մի քանի բարի մարդիկ,
Շատերը, որոնք չար էին,
Եւ մեծամասնութիւնը, որոնք ոչ բարի էին, ոչ էլ չար,
բոլոր մարդկանց նման բոլոր տեղերում։
Ոմանք գնացին՝ փառքի սիրուց,
Ոմանք գնացին, որովհետեւ անհանգիստ էին ու հետաքրքրասէր,
Ոմանք ագահ էին ու խանդոտ։
Շատերը թողեցին իրենց մարմինները Սիրիայի ուրուրներին
Կամ ցիրուցան եղան ծովում՝ ճանապարհի երկայնքով։
Շատերը թողեցին իրենց հոգիները Սիրիայում,
Ապրելով՝ անբարոյականութեան մէջ ընկղմուած։
Շատերը վերադարձան բոլորովին կործանուած,
Հիւանդ ու աղքատ, դիմաւորուելով տան շէմին,
իրենց տան տէր դարձած օտարականի կողմից.
Եկան տուն՝ խելագարուած Արեւելքի արեւից
Եւ Սիրիայի եօթ մահացու մեղքերից։
Բայց մեր Թագաւորը յաջողել է Ակրէում։
Եւ չնայած ամբողջ անպատւութեանը,
Ջարդած արժէքներին, ջարդած կեանքերին,
Ջարդած հաւատին այս կամ այն տեղում,
Մնացել էր մի բան, որը աւելի կարեւոր է քան
Ձմռան երեկոներին ծերունիների պատմած հեքիաթները։
Դա միայն կարելի է վերագրել հաւատին։
Մի քանիսի ամբողջական հաւատը,
Շատերի մասնակի հաւատը,
Ոչ թէ ագահութիւնը, անբարոյականութիւնը, դաւաճանութիւնը,
Նախանձը, ծուլութիւնը, շատակերութիւնը, խանդը, հպարտութիւնը.
Սրանցով չեղան խաչակրաց արշաւանքները,
Այլ, սրանցով խորտակուեցին։
Յիշէ´ք, որ հաւատը մարդկանց քաշեց իրենց տնից՝
Թափառող քարոզչի կոչով։
Մեր ժամանակաշրջանը չափաւոր պարկեշտութեան
Եւ չափաւոր անբարոյականութեան ժամանակաշրջան է,
Երբ մարդիկ չեն հրաժարուի Խաչից,
Որովհետեւ նրանք երբեք չեն ստանձնի դա։
Բայց եւ այնպէս, ոչինչ անհնարին չէ
Հաւատի ու համոզմունքի տէր մարդկանց համար։
Ուրեմն կատարելագործենք մեր կամքը։
՜Ո՜վ, Աստուած, օգնիր մեզ։
9
Մարդու Որդի, նայիր քո աչքերով եւ լսիր քո ականջներով,
Եւ սրտանց ընդունիր այն ամէնը, որ ես ցոյց կը տամ քեզ։
Այդ ո՞վ է, որ ասել է. Աստծու Տունը Վշտի Տուն է։
Մենք պէտք է քայլենք սեւ հագուստով եւ գնանք տխուր, մռայլ դէմքերով։
Մենք պէտք է անցնենք դատարկ պատերի միջով՝ խօսելով դողդոջուն, ցածր ձայնով, թոյլ շշնջալով,
Մի քանի երերացող, ցիրուցան լոյսերի միջով»։
Նրանք Աստծու վրայ են բարձել իրենց վիշտը, թախիծը, որ նրանք պիտի զգան իրենց գործած մեղքերի ու սխալների համար՝ ամենօրյա գործերն անելիս։
Բայց եւ այնպէս, նրանք քայլում են փողոցում հպարտ կեցուածքով, ինչպէս ազնուացեղ ձիեր որոնք պատրաստ են մրցավազքի,
Իրենք իրենց պաշտելով, զբաղուած լինելով շուկայում, ժողովարանում, Եւ աշխարհիկ այլ հաւաքոյթներում։
Իրենք իրենց բարձր գնահատելով, պատրաստ ցանկացած տօնակատարութեան,
Ամեն ինիչից լաւ օգտուելով իրենք իրենց համար։
Եկէք սգանք առանձին սենեակում՝ սովորելով ապաշխարանքի ուղին,
Եւ խոնարհութեամբ եկէք սովորենք սրբերի ուրախ շրջանակը։
Մարդու հոգին պէտք է ձգտի արարչութեան։
Անձեւ քարից, երբ քանդակագործը միանում է քարի հետ,
Բխում են միշտ կեանքի նոր ձեւեր՝ շնորհիւ մարդու հոգու, որ միացել է քարի հոգուն.
Կենդանի կամ անկենդան անիմաստ իրական ձեւերից,
Միանալով ստեղծագործողի հայեացքին՝ բերում է նոր կեանք, նոր ձեւ, նոր գոյն։
Ծովի հնչիւններից բխում է երաժշտութեան կեանքը։
Բառերի լպրծուն տիղմից, խօսքի անճշտութիւնների մանրակարկուտից ու կարկուտից,
Մօտաւոր մտքերից եւ զգացմունքներից, բառերից, որ գրաւել են մտքերի եւ զգացմունքների տեղը,
Սրանցից բխում են խօսքի կատարեալ կանոնաւորութիւնն ու կախարդական երգի գեղեցկութիւնը։
Տէր, մի՞թէ Քեզ չենք ծառայեցնելու մեր բոլոր կարողութիւնները,
Կեանքի համար, արժանապատւութեան համար, բարեհաճութեան եւ կարգ ու կանոնի համար։
Իսկ զգայարանների ցանկութիւնները՞։
Տէրը, որն արարել է, պէտք է ցանկանայ, որ մենք արարենք
Եւ գործադրի մեր ստեղծածը կրկին ի ծառայութիւն Իրեն,
Որն իսկ Իր արարչութեան արդիւնքն է։
Քանի որ Մարդը հոգու եւ մարմնի միասնութիւն է,
Ուստի նա պէտք է ծառայի հոգւով եւ մարմնով։
Տեսանելի եւ անտեսանելի այս երկու աշխարհները հանդիպում են մարդու մէջ՝։
Տեսանելին եւ անտեսանելին պէտք է հանդիպեն Նրա Տաճարում.
Դուք չպէտք է մերժէք մարմինը։
Այժմ կը տեսնէք Տաճարը լիաւարտ,
Շատ ջանքերից, շատ խոչընդոտներց յետոյ,
Որովհետեւ արարչութեան գործը երբեք չի կատարւում առանց ծանր երկունքի.
Տաշած քարը, տեսանելի խաչը,
Զարդարուած խորանը, բարձրացող լուսաւորութիւնը,
Լոյս
Լոյս
Տեսանելի յիշեցումը Անտեսանելի Լոյսի։
10
Դուք տեսել էք կառուցուած տունը, տեսել էք այն զարդարուած
Մէկի կողմից, որը եկաւ գիշերը. արդ այն նուիրւած է Աստծուն։
Այժմ տեսանելի եկեղեցի է, եւս մի լոյս դրուած բլրի վրայ՝
Խառնաշփոթ ու մութ աշխարհում եւ խռովուած վախի նախանշաններով։
Իսկ ի՞նչ ենք ասելու ապագայի մասին։ Արդեօ՞ք մեր ոյժերը սպառւում են մէկ կառուցելով,
Թէ՞ Տեսանելի Եկեղեցին պէտք է շարունակի նուաճել Աշխարհը։
Հսկայ օձը պառկում է միշտ կիսարթուն երկրի խոր անդունդում,
կծկուած իր ծալքերով, մինչեւ որ սովից արթնանում է եւ, գլուխը շարժելով աջ ու ձախ, պատրաստւում է կերակրուելու իր ժամին։
Բայց Ոճրի Գաղտնիքը չափազանց խորունկ է մարդու աչքերով թափանցելու համար։
Դուրս եկէք նրանց միջից, ովքեր հմայուել են օձի ոսկէ աչքերով՝
Երկրպագուները, որոնք անձնատուր են եղել, օձին։
Գնա քո ճանապարհով եւ անկախացիր դրանցից։
Շատ մի՛ հետաքրքրուիր Բարով ու Չարով։
Փորձիր չհաշուել Ժամանակի ապագայ ալիքները։
Բայց գոհ եղիր քո ունեցած այն լոյսից,
Որը կը բաւականացնի, որ քո քայլերն անես ու գտնես քո յենակէտը։
՜Օ, Անտեսանելի Լոյս, գովում ենք Քեզ,
Չափազանց պայծառ՝ մարդու աչքերի համար։
՜Օ, Մեծագոյն Լոյս, գովում ենք Քեզ՝ այն նուազ լոյսի համար։
Որը արեւելքից սփռւում է մեր եկեղեցիների զանգակատնների վրայով առաւօտեան,
Այն լոյսը, որը թեքւում է մեր եկեղեցիների արեւմտեան դռների վրայ երեկոյեան,
Աղջամուղջը, որը տարածւում է լճակների վրայ չղջիկների թռիչքի ժամին,
Լուսնի լոյսը եւ աստղերի լոյսը, բուի եւ թիթեռի լոյսը,
Կայծոռիկի պայծառ լոյսը խոտի տերեւների վրա։
՜Օ, Անտեսանելի Լոյս, մենք պաշտում ենք Քեզ։
Մենք շնորհակալ ենք Քեզ այն լոյսերի համար, որ մենք վառել ենք.
Խորանի լոյսը եւ սրբարանի լոյսը,
Այն փոքր լոյսերը նրանց, ովքեր կէսգիշերին աղօթում են,
Եւ այն լոյսերը, որ անցնում են գունաւոր փեղկերով,
Եւ այն լոյսը, որ փայլում է ողորկ քարից,
Ոսկեզօծ քանդակուած փայտից, գոյնզգոյն որմնանկարից։
Մեր հայեացքը ծովի խորքն է ուղուած է, մեր աչքերը նայում են վեր
Եւ տեսնում են լոյսը, որը ճեղքւում է ալեկոծ ջրի միջով։
Մենք տեսնում ենք լոյսը, բայց չենք տեսնում, թէ ուստի է գալիս։
՜Ո՜վ, Անտեսանելի Լոյս, մենք փառաբանում ենք Քեզ։
Մեր երկրային կեանքի եռուզեռում մենք յոգնում ենք լոյսից։ Մենք ուրախ ենք, երբ օրն աւարտւում է, երբ շարժումն աւարտւում է, եւ երջանկութիւնը ցաւ է պատճառում։
Մենք արագ յոգնող երեխաներ ենք։ Երեխաներ, որոնք արթնանում են գիշերը եւ քնում են, երբ հրթիռ է արձակւում։ Եւ օրը երկար է աշխատանքի կամ խաղի համար։
Մենք յոգնում ենք ցրուածութիւնից կամ կենտրոնացումից, մենք քնում ենք եւ ուրախ ենք, որ քնում ենք՝
Ղեկավարուելով արեան զարկերով, եւ օրուայ, գիշերուայ ու եղանակների կողմից։
Եւ մենք պէտք է հանգցնենք մոմը, լոյսը մարենք ու նորից վառենք.
Միշտ հանգցնենք ու միշտ վառենք հուրը։
Ուստի մենք գոհաբանում ենք Քեզ մեր փոքր լոյսի համար, որը ստուերի հետ դառնում է բծաւոր։
Մենք գոհաբանում ենք Քեզ, որ ներշնչեցիր մեզ կառուցել, յայտնագործել, ձեւաւորուել մեր մատների ծայրով եւ մեր աչքերի փայլով։
Եւ երբ մենք կառուցեցինք եկեղեցու խորանը Անտեսանելի Լուսոյն, մենք կարող ենք այնտեղ տեղադրել փոքր լոյսեր, որի համար ստեղծուած է մեր մարմնական տեսողութիւնը։
Եւ մենք գոհաբանում ենք Քեզ, որ խավարը յիշեցնում է մեզ լոյսի մասին։
՜Օ, Անտեսանելի Լոյս, մենք Քեզ գոհաբանում ենք Քո մեծ փառքի համար։
[1] Նէեմի 4։17.