Վերջին թարմացում 29 Հունիսի 2016, 20:58

Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ

Կարամազով եղբայրներ
◀ Կարամազով եղբայրներ։ Գիրք հինգերորդ Կարամազով եղբայրներ։ Գիրք յոթերորդ ▶


Գիրք վեցերորդ: Ռուս վանականը

I: Սրբահայր Զոսիման և իր հյուրերը

Երբ Ալյոշան տագնապած ու վշտալի սրտով մտավ սրբահոր խուցը, գրեթե ապշահար կանգ առավ հանկարծ, վախենում էր, որ նրան կգտնի մահամերձ և գուցե արդեն ուշակորույս հիվանդի վիճակում, բայց տեսավ, որ նա նստած է բազկաթոռին, թեև տկարությունից ուժասպառ, բայց առույգ ու զվարթ դեմքով, հյուրերով շրջապատված և նրանց հետ խաղաղ ու պայծառ խոսակցությամբ զբաղված։ Սակայն նա Ալյոշայի գալուց ընդամենը քառորդ ժամ առաջ էր անկողնից վերկացել. հյուրերն արդեն նախօրոք հավաքվել էին նրա խուցի մեջ և սպասել նրա զարթնելուն, անսալով հայր Պաիսիի հաստատ հավաստիացման, թե «ուսուցիչը պիտի վերկենա անտարակույս, որպեսզի մեկ անգամ ևս խոսակցի իր սրտի սիրեցյալների հետ, ինչպես ինքն ասաց և ինքը խոստացավ դեռ առավոտյան»։ Հայր Պաիսին անպայմանորեն հավատում էր այդ խոստման, ինչպես և վախճանվող սրբահոր յուրաքանչյուր խոսքին, և այնքան էր հավատում, որ եթե բոլորովին ուշակորույս ու նույնիսկ անշնչացած տեսներ նրան, բայց ստացած լիներ նրա խոստումը, թե մեկ անգամ ևս պիտի վերկենա և հրաժեշտ տա իրեն, ապա թերևս բուն իսկ մահվան էլ հավատք չընծայեր, այլ սպասեր շարունակ, որ մահացյալը զարթնի և կատարի խոստացվածը։ Իսկ սրբահայր Զոսիման հաստատապես ասել էր նրան առավոտյան, երբ քուն էր մտնում. «Չեմ մահանա, մինչև որ մեկ անգամ ևս արբենամ ձեզ հետ զրուցելով, սիրեցյալք իմ սրտի, նայեմ ձեր քաղցր երեսներին, կրկին անգամ զեղեմ իմ հոգին ձեր առաջ»։ Սրբահոր այս գուցե վերջին զրույցի համար հավաքված վանականները նրա անձնվիրագույն ու վաղեմի բարեկամներն էին։ Չորս հոգի էին նրանք. աբեղաներ հայր Իոսիֆն ու հայր Պաիսին, աբեղահայր Միխայիլը, որ մենաստանի ավագն էր՝ տակավին ոչ շատ ծեր մարդ, ամենևին ոչ այնքան գիտնական, ծագումով խոնարհ, բայց ոգով ամուր, անսասանորեն ու պարզորեն հավատացյալ, արտաքուստ խստաշունչ, բայց սիրտը խորունկ խանդաղատանքով տոգորված, թեև ակնհայտորեն քողարկում էր իր խանդաղատանքը՝ մինչև իսկ մի տեսակ ամաչելու աստիճան։ Չորրորդ հյուրը, եղբայր Անֆիմը, բոլորովին արդեն ծերուկ մի վանական էր, չքավորադույն գյուղացիների դասից, համարյա թե նույնիսկ կիսագրագետ. հեզաբարո և լռակյաց էր նա, շատ հազվադեպ էր խոսում որևէ մեկի հետ, ամենախոնարհն էր խոնարհագույնների մեջ և ուներ երևույթը մի մարդու, որ կարծես հավիտենապես վախեցել է վիթխարի և ահավոր, իր խելքից վեր մի բանից։ Սրբահայր Զոսիման շատ էր սիրում այս կարծես երկյուղահար մարդուն և միշտ էլ արտասովոր հարգանքով էր վերաբերվել նրան, թեև գուցե իր ամբողջ կյանքում ուրիշ ոչ ոքի հետ այնքան քիչ խոսք չէր փոխանակել, որքան նրա հետ, հակառակ որ ժամանակին երկար տարիներ նրա հետ միասին թափառել էր Ռուսաց ամբողջ սրբազան աշխարհում։ Շատ վաղուց էր այդ, քառասուն տարի առաջ, երբ սրբահայր Զոսիման նոր էր սկսել իր վանական սխրանքը Կոստրոմայի աղքատ, ոչ հանրածանոթ մի վանքում, և երբ, շատ չանցած, գնացել էր ուղեկցելու հայր Անֆիմին, որ ելել էր ուխտագնացության՝ նվիրատվություններ հանգանակելու հօգուտ իրենց փոքր ու աղքատ վանքի։

Բոլորը՝ տանտերն ու իր հյուրերը հավաքվել էին սրբահոր ննջասենյակում, որ, ինչպես ասել ենք արդեն, շատ փոքր էր, այնպես որ չորս վանականները (բացի հոտնկայս մնացած նորընծա Պորֆիրիից) հազիվ էին տեղավորվել սրբահոր բազկաթոռի շուրջ առաջին սենյակից բերված աթոռների վրա։ Մութն իջնում էր արդեն, սենյակը լուսավորվում էր կանթեղներով ու սրբապատկերների առաջ վառվող մեղրամոմերով։ Տեսնելով Ալյոշային, որ ներս մտնելուց հետո շփոթվել ու կանգնել էր դռան մոտ, սրբահայրն ուրախ ժպտաց նրան ու ձեռքը մեկնեց.

— Ողջույն, մեղմաբարո որդյակ, ողջույն, քաղցրիկդ իմ, ահա դու ևս եկար։ Ու գիտեի, որ կհասնես։

Ալյոշան մոտեցավ նրան, մինչև գետին խոնարհվեց նրա առաջ ու արտասվեց։ Մի բան հորդում էր նրա սրտից, թրթռում էր հոգին, ուզում էր հեկեկալ։

— Ի՞նչ է, համբերիր, դեռ մի՛ սգար,— ժպտաց սրբահայրը, իր աջ ձեռքը դնելով նրա գլխին,— տեսնում ես, նստած զրուցում եմ, թերևս քսան տարի ապրեմ տակավին, ինչպես մաղթեց ինձ երեկ այն բարի, սիրելի կինը, որ եկել էր Վիշեգորյեից՝ իր փոքրիկ Լիզավետային գրկած։ Հիշյա՛, տե՛ր, և ողորմյա մորն ու մանկիկն Լիզավետային,— խաչակնքեց սրբահայրը։― Պորֆիրի, նրա ընծան տարա՞ր իմ ասած տեղը։

Նա հիշեց այն վաթսուն կոպեկը, որ զվարթ ուխտավորուհին նվիրաբերել էր երեկ, որպեսզի սրբահայրը տա «ինձնից աղքատ մեկին»։ Այդպիսի նվիրատվությունները կատարվում են որպես ապաշխարանք, որին մարդիկ, ինչ-ինչ պատճառներով, կամավորաբար ենթարկում են իրենց անձը, և այդ դրամն անպայման սեփական աշխատանքով է վաստակված լինում։ Սրբահայրը երեկ իրիկուն Պորֆիրիին ուղարկել էր մի այրի կնոջ մոտ, որի տունը դեռ վերջերս այրվել էր, և որ, երեխաների տեր լինելով, հրդեհից հետո սկսել էր ողորմություն մուրալով ապրել։ Պորֆիրին շտապեց տեղեկացնել, որ գործն արդեն կատարված է, և որ նպաստը տվել է «անծանոթ բարերարուհու» կողմից, ինչպես պատվիրված էր իրեն։

— Վեր կաց, սիրելի որդյակ,— շարունակեց սրբահայրը, դառնալով Ալյոշային,— թող, որ նայեմ քեզ։ Եղա՞ր յուրայիններիդ մոտ ու տեսա՞ր եղբորդ։

Ալյոշային տարօրինակ թվաց, որ նա այդպես հաստատ ու որոշակի հարցնում է իր եղբայրներից միայն մեկի մասին, բայց ո՞ր մեկի։ Ուրեմն գուցե ա՛յդ եղբոր համար էր ուղարկել իրեն թե՛ երեկ, թե՛ այսօր։

— Եղբայրներիցս մեկին տեսա,— պատասխանեց Ալյոշան։

— Հարցնում եմ անդրանի՛կ եղբորդ մասին, որի առաջ մինչև գետին խոնարհվեցի երեկ։

— Նրան երեկ միայն տեսա, իսկ այսօր ոչ մի կերպ չկարողացա գտնել,— ասաց Ալյոշան։

— Աճապարիր գտնել, վաղը նորից գնա և աճապարիր, ամեն ինչ թող և աճապարիր։ Գուցե տակավին հասցնես մի ահավոր բան կանխել։ Երեկ ես խոնարհվեցի նրա ապագա մեծ տառապանքին։

Նա հանկարծ լռեց և կարծես մտածմունքի մեջ ընկավ։ Տարօրինակ էին խոսքերը։ Հայր Իոսիֆը, որ երեկ վկա էր եղել սրբահոր այդ երկրպագության, մի հայացք փոխանակեց հայր Պաիսիի հետ։ Ալյոշան չկարողացավ համբերել։

— Հայր և ուսուցի՛չ,— ասաց նա արտակարգորեն հուզված,— չափազանց մթին են ձեր խոսքերը... Ինչպիսի՞ տառապանք է սպասում նրան։

— Զսպիր հետաքրքրությունը քո։ Երեկ զարհուրելի մի բան երևաց աչքիս... կարծես նրա հայացքը ամբողջ նրա ճակատագիրն արտահայտեց երեկ։ Այդպիսի մի հայացք եկավ նրա աչքերի մեջ... այնպես որ վայրկենապես սարսափ զգացի իմ սրտում, տեսնելով, թե ի՜նչ բան է պատրաստում այդ մարդն իր գլխին։ Իմ կյանքում մեկ կամ երկու անգամ ոմանց դեմքին նույնպիսի արտահայտություն եմ տեսել... այդ մարդկանց ամբողջ ճակատագիրը ցույց տվող մի արտահայտություն, և նրանց ճակատագիրը, ավա՜ղ, ի կատար ածվեց։ Քեզ նրա մոտ ուղարկեցի, Ալեքսեյ, որովհետև մտածեցի, որ քո եղբայրական դեմքը կօգնի նրան։ Բայց ամեն ինչ հաստուծո է և նրա ձեռքն են մեր ճակատագրերը բոլոր։ «Եթե ցորենի հատիկը երկիր ընկնելով չմեռնի, ինքը միայն կմնա. իսկ եթե մեռնի, բազում արդյունք կբերի»։ Հիշի՛ր այս։ Իսկ քեզ, Ալեքսեյ, բազմիցս իմ կյանքում օրհնել եմ մտովին քո դեմքի համար, իմացի՛ր այս,— ասաց սրբահայրը մեղմ ժպիտով։— Քո մասին մտածում եմ այսպես. պիտի ելնես արտաքս այս պատերից, բայց աշխարհիկ կյանքում պիտի ապրես որպես վանական։ Հակառակորդներ շատ պիտի ունենաս, բայց և քո ոսոխներն իսկ պիտի սիրեն քեզ։ Շատ դժբախտություններ պիտի բերի քեզ կյանքը, բայց դրանցո՜վ է, որ դու երջանիկ պիտի լինես ու կյա՛նքը պիտի օրհնես, ուրիշներին ևս պիտի ստիպես օրհնել այն — և այս վերջինն է ամենեն կարևորը։ Ահա թե ինչպիսինն ես դու։ Հայրե՛ր և ուսուցիչնե՛ր իմ,— գորովագին ժպտալով դիմեց նա իր հյուրերին,— մինչ այս օրս երբեք չեմ ասել ձեզ և ոչ իսկ նրան, թե ինչու այնքան սիրելի է իմ հոգուն դեմքն այս պատանյակի։ Այժմ ասեմ ահա. նրա դեմքն ինձ համար հիշեցում ու մարգարեություն է մի տեսակ։ Իմ կյանքի արշալույսին, երբ տակավին մանուկ էի ես, ունեի ավագ մի եղբայր, որ իմ աչքերի առաջ մեռավ դեռ պատանի՝ ընդամենը տասնյոթ տարեկան։ Եվ այնուհետև, անցնելով իմ կյանքի ուղին, համոզվեցի աստիճանաբար, որ այդ իմ եղբայրն ի վերուստ հայտնված ուղեցույց ու նախանշան էր իմ ճակատագրում, որովհետև եթե չհայտնվեր նա կյանքիս մեջ, եթե չլիներ նա ամենևին, ապա թե գուցե, այդպես եմ կարծում, վանական կարգ չընդունեի երբեք և չընտրեի թանկագին այս ուղին։ Այդ առաջին հայտնությունն իմ մանկության օրերին եղավ, և ահա արդեն իմ ճամփու վերջալույսին նրա կրկնությունն է կարծես հայտնվել ինձ ակներևորեն։ Հրաշալի է սա, հայրեր և ուսուցիչներ. ոչ այնքան շատ, այլ փոքր ինչ նման լինելով նրան դեմքով, Ալեքսեյն իմ աչքին այնքա՜ն նման երևաց նրան հոգեպես, որ այս պատանյակին բազմիցս նկատել եմ որպես ուղղակի ա՛յն պատանյակը՝ որպես եղբայրն իմ, որ խորհրդավոր կերպով եկել է ինձ մոտ իմ ճամփու ավարտին՝ վասն հիշեցման ու ներհայեցման. այնպես որ ինքս իսկ զարմացել եմ իմ վրա և այդպիսի տարօրինակ իմ երազանքի վրա։ Լսո՞ւմ ես այս, Պորֆիրի,— դարձավ սրբահայրն իրեն սպասարկող նորընծային։— Բազմիցս կարծես դառնություն եմ տեսել քո դեմքին վասն այնորիկ, որ Ալեքսեյին սիրում եմ ավելի, քան քեզ։ Այժմ գիտես, թե ինչու էր այդպես, բայց ես սիրում եմ քեզ, գիտցի՛ր այդ, և վշտացել եմ բազմիցս, որ դառնանում ես դու։ Իսկ ձեզ, հյուրեր իմ սիրեցյալ, ուզում եմ պատմել այն պատանյակի՝ իմ եղբոր մասին, որովհետև իմ կյանքում չի եղել ավելի թանկագին, ավելի մարգարեական ու սրտահույզ երևույթ, քան այդ։ Խանդաղատանքով լի է սիրտն իմ այս րոպեիս, և դիտում եմ ամբողջ կյանքն իմ անցյալ, որպես թե վերստին ապրեի զայն լիովին...

Այստեղ պետք է նկատեմ, որ սրբահոր այս վերջին զրույցը՝ կյանքի վերջին օրն իրեն այցելած հյուրերի հետ ունեցած, մասամբ պահպանվել է գրավոր։ Գրի է առել Ալեքսեյ Ֆյոդորովիչ Կարամազովը, սրբահոր մահից որոշ ժամանակ հետո, հիշողությամբ։ Բայց ամբողջ գրվածքն այդ օրվա զրո՞ւյցն է լոկ, թե՞ նա իր գրառման մեջ բաներ է ավելացրել նաև իր ուսուցչի հետ ունեցած նախկին զրույցներից՝ այդ արդեն չեմ կարող որոշել, մանավանդ որ այս գրառման մեջ սրբահոր ամբողջ խոսքն ընթանում է մի տեսակ առանց ընդմիջման, կարծես թե նա, դիմելով իր բարեկամներին, իր կյանքը պատմել է վիպելու ձևով, այնինչ, ըստ հետագա տեղեկությունների, անտարակուսելի է, որ մի քիչ այլ կերպ է տեղի ունեցել իրականում, որովհետև այդ երեկո զրույցն ընդհանուր է եղել. ու թեև հյուրերը քիչ են ընդհատել տանտիրոջը, բայց այնուամենայնիվ իրենք էլ խոսել են, մասնակցել զրույցին, գուցե նույնիսկ իրենց կողմից պատմել են մի որևէ բան։ Բացի այդ, սրբահայրը չէր կարող այդպիսի անընդմեջ շարունակականությամբ պատմել, որովհետև մերթ ընդ մերթ շնչահեղձ էր լինում, ձայնը կտրվում էր, և նույնիսկ պառկում էր հանգստանալու իր անկողնի վրա, թեև չէր քնում։ Հյուրերն էլ չէին հեռանում իրենց տեղերից։ Մեկ կամ երկու անգամ զրույցն ընդհատվել է ավետարանի ընթերցմամբ, կարդացել է հայր Պաիսին։ Ուշագրավ է նաև այն, որ նրանցից ոչ ոք այդուհանդերձ չի ենթադրել, թե այդ նույն գիշերն իսկ կմահանա սրբահայրը, մանավանդ որ իր կյանքի այդ վերջին երեկոյին, ցերեկվա խորունկ քնից հետո, նա կարծես հանկարծ նոր ուժ էր գտել իր մեջ, և այդ ուժը զորավիգ էր եղել նրան բարեկամների հետ ունեցած այդ երկար զրույցի ընթացքում։ Դա կարծես գորովագին սիրո վերջին ալիքն էր, որ վերակենդանացման անհավատալի մի շունչ էր տվել նրան, բայց միայն կարճ ժամանակով, որովհետև նրա կյանքը դադարեց հանկարծ...

Բայց այդ մասին՝ հետո։ Իսկ այժմ ուզում եմ հայտնել, որ նախընտրեցի չվերարտադրել զրույցի բոլոր մանրամասնությունները, այլ լոկ սահմանափակվել սրբահոր այն պատմածով, որ շարադրված է Ալեքսեյ Ֆյոդորովիչ Կարամազովի ձեռագրում։ Դա ավելի կարճ կլինի և ոչ այնքան հոգնեցուցիչ, թեև անշուշտ, կրկնում եմ, Ալյոշան շատ բան վերցրել է նաև նախկին զրույցներից և ի մի բերել այստեղ։

II։ Էջեր տեր հանգուցյալ սքեմազգյաց աբեղա սրբահայր Զոսիմայի վարքից՝ կազմված յուր սեփական խոսքերից, երկասիրությամբ Ալեքսեյ Ֆյոդորովիչ Կարամազովի: Կենսագրական տեղեկություններ

ա) Սրբահայր Զոսիմայի պատանի եղբոր մասին

Սիրեցյալ հայրեր և ուսուցիչներ, ծնվել եմ հեռավոր մի նահանգում հյուսիսային, Վ. քաղաքում։ Ազնվական էր հայրս, բայց ոչ մեծազարմ և ոչ բարձրաստիճան։ Նա վախճանվեց, երբ ես ընդամենը երկու տարեկան էի, և չեմ հիշում նրան ամենևին։ Մի փոքր փայտաշեն տուն թողեց մորս և մի որոշ դրամագլուխ, որ մեծ չէր, սակայն բավարար էր՝ երեխաների հետ միասին բարեկեցիկ կյանք ապրելու։ Եվ ընդամենը երկու զավակ ուներ մայրս, ես էի (Զինովի էր անունս) և ավագ եղբայրն իմ՝ Մարկելը։ Ութ տարով մեծ էր նա ինձանից, տաքարյուն էր բնավորությամբ և դյուրաբորբոք, սակայն բարի, չէր հեգնում բնավ և տարօրինակորեն լռակյաց էր՝ հատկապես իր սեփական տանը, ինձ ու մորս և ծառաների հանդեպ։ Լավ էր սովորում գիմնազիայում, բայց չէր շփվում իր ընկերների հետ, թեև չէր էլ գժտվում, գոնե այդպես էր հիշում նրան մայրիկս։ Իր մահից կես տարի առաջ, երբ արդեն տասնյոթը բոլորել էր, սկսեց հաճախել մեր քաղաքում մեկուսի ապրող մի մարդու մոտ, որ քաղաքական աքսորյալ էր մի տեսակ՝ իր ազատամտության պատճառով Մոսկվայից մեր քաղաքն աքսորված։ Իսկ այդ աքսորյալը բավական մեծ գիտնական էր և ականավոր փիլիսոփա՝ համալսարանի դասախոս։ Չգիտես ինչու, նա սիրեց Մարկելին և սկսեց հաճախակի հյուրընկալել նրան։ Պատանին երեկոները շարունակ նստում էր նրա մոտ, և այդպես՝ ամբողջ ձմեռը, մինչև որ ետ կանչեցին աքսորյալին՝ Պետերբուրգում պետական ծառայության մտնելու համար, ըստ իր սեփական խնդրանքի, որովհետև հովանավորներ ուներ։ Մեծ պահքն էր սկսել, բայց Մարկելը ծոմ պահել չէր ուզում, նախատական խոսքեր էր ասում և ծիծաղում էր ծոմապահության վրա. «Այդ ամբողջը ցնդաբանություն է,— ասում էր,— և ոչ մի աստված էլ չկա», այնպես որ սոսկում պատճառեց թե մորս, թե՛ ծառաներին ու նաև ինձ՝ փոքրիկիս, որովհետև ես լոկ ինը տարեկան էի թեև, բայց լսելով խոսքերն այդ՝ մեծ երկյուղ կրեցի նույնպես։ Իսկ մենք չորս ծառա ունեինք, և ճորտ էին բոլորն էլ, մեզ ծանոթ մի կալվածատիրոջ անունով գնված։ Հիշում եմ տակավին, թե ինչպես իմ մայրիկը վաթսուն ռուբլի թղթադրամով ծախեց այդ չորս ծառաներից մեկին՝ խոհարարուհի Աֆիմյային, որ կաղ էր ու տարեց, և ազատ մի կնոջ վարձեց նրա փոխարեն։

Արդ ուրեմն, մեծ պահքի վեցերորդ շաբաթն էր, երբ հանկարծ եղբորս առողջությունը վատթարացավ։ Արդեն միշտ էլ վատառողջ էր նա, թուլակազմ, տկար էր կուրծքը և հյուծախտի հակամետ. բավական բարձրահասակ էր, սակայն նիհար և անուժ, իսկ դեմքը՝ հույժ գեղատեսիլ։ Մրսե՞լ էր թե ինչ, բայց համենայն դեպս բժիշկն եկավ ու շուտով շշնջաց մեր մայրիկի ականջին, որ սրընթաց թոքախտ է և գարունը չի հանի։ Սկսեց արտասվել մայրս և զգուշորեն, եղբորս վախ չպատճառելու մտահոգությամբ, խնդրեց, որ նա ապաշխարի և աստվածային սուրբ հաղորդության խորհուրդն ընդունի, վասնզի դեռ ոտքի վրա էր այն ժամանակ, կարող էր եկեղեցի գնալ։ Լսելով այդ, բարկացավ եղբայրս և նախատեց տաճարն աստծո, սակայն մտածմունքի մեջ ընկավ. կռահեց անմիջապես, որ վտանգավոր է իր հիվանդությունը և այդ իսկ պատճառով մայրն իրեն ուղարկում է ապաշխարանքի և հաղորդության, քանի դեռ ուժ ունի գնալու։ Համենայն դեպս ինքն էլ գիտեր, որ անառողջ է վաղուց, և արդեն մի անգամ, դեռ մեկ տարի առաջ, ճաշի վրա սառնասրտորեն ասել էր մորս ու ինձ. «Այս աշխարհում երկար չի լինելու իմ կյանքը ձեր մեջ, գուցե մեկ տարի էլ չապրեմ»։ Հիրավի, կարծես մարգարեացել էր այն ժամանակ։ Անցավ երեք օր, և հասավ չարչարանաց շաբաթը։ Եվ ահա, եղբայրս ավագ երեքշաբթի առավոտյան սկսեց եկեղեցի գնալ և ապաշխարել։ «Այս բանը, մայրիկ, հատկապես ձեզ համար եմ անում, որպեսզի ուրախացնեմ և հանգստացնեմ ձեզ»,— ասաց նա։ Արտասվեց մեր մայրիկն ուրախությունից ու նաև վշտից. «Ուրեմն մոտ է նրա վախճանը, եթե այդպիսի փոփոխություն կատարվեց նրա մեջ հանկարծ»։ Բայց նա քիչ անգամ կարողացավ եկեղեցի գնալ, անկողին ընկավ. այնպես որ ստիպված եղավ տանը խոստովանանք կատարել և հաղորդություն ընդունել։ Զատիկն ուշ եկավ այդ տարի, և պայծառ, վճիտ, բուրումնավետ օրեր էին։ Ամբողջ գիշերը, հիշում եմ, հազում էր նա, վատ էր քնում։ Բայց առավոտյան հագնվում էր միշտ և փորձում էր նստած մնալ փափուկ բազկաթոռի մեջ։ Այդպես և հիշում եմ նրան, խաղաղ նստած՝ ժպտում է հեզահամբույր, ինքը հիվանդ, բայց դեմքը զվարթ, ցնծագին։ Ներաշխարհն այլակերպվել էր լիովին՝ այնպիսի հրաշալի մի հոգեփոխություն էր սկսվել նրա մեջ։ Մտնում էր նրա սենյակը ծեր դայակն ու ասում. «Թույլ տուր, հոգյակս, քո սենյակում էլ վառեմ կանթեղը սրբապատկերի առաջ»։ Մինչ այդ նա թույլ չէր տալիս, փչում ու մարում էր նույնիսկ։ Իսկ հիմա՝ «Վառիր, սիրելիս, վառիր, ճիվաղ էի ես, որ թույլ չէի տալիս առաջ։ Կանթեղը վառելով, դու աղոթում ես աստուծո, իսկ ես քեզ նայելով և ուրախանալով է, որ աղոթում եմ» Ուրեմն աղոթում ենք միևնույն աստուծո»։ Տարօրինակ էին թվում այդ խոսքերը մեզ, իսկ մայրս գնում էր իր սենյակը և արտասվում շարունակ, միայն նրա մոտ մտնելու պահին էր սրբում արցունքը և զվարթ դեմք ընդունում։ «Մայրի՛կ, լաց մի՛ լինիր, հոգյակս,— ասում էր նա երբեմն,— դեռ շատ պիտի ապրեմ, շատ պիտի ուրախանամ ձեզ հետ, և կյա՜նքը, կյա՜նքը ուրախություն է, ցնծությո՜ւն»։— «Ա՜խ, անուշիկս, էլ ի՞նչ ուրախություն քեզ համար, երբ ամբողջ գիշերը վառվում ես ջերմության մեջ և այնպես ես հազում, որ քիչ է մնում կուրծքդ պատռվի»։— «Մայրի՜կ,— պատասխանում էր նա,— լաց մի՛ լինիր, դրախտ է կյանքը, և մենք բոլորս գտնվում ենք դրախտում, բայց չենք ուզում իմանալ այդ, իսկ եթե ուզեինք իմանալ, վաղն ևեթ դրախտ կդառնար ամբողջ աշխարհը»։ Եվ զարմանում էինք բոլորս նրա խոսքերի վրա, այնպե՜ս տարօրինակորեն և այնպե՜ս համոզված էր ասում նա. խանդաղատանքով էինք լցվում և արտասվում էինք։ Ծանոթներ էին այցելում մեզ։ «Սիրելինե՛ր,— ասում էր նա,— թանկագի՛ն բարեկամներ, ինչո՞վ եմ արժանի, որ դուք սիրում եք ինձ, վասն ի՞նչ բանի սիրում եք ինձ նման մեկին, և առաջ ինչպե՞ս չգիտեի այդ, ինչպե՞ս չէի գնահատում»։ Իր մոտ մտնող ծառաներին ասում էր ամեն րոպե. «Սիրելինե՛ր իմ, թանկագիննե՛ր։ ինչո՞ւ եք ծառայություն մատուցում ինձ, և արժանի՞ եմ արդյոք, որ ինձ ծառյություն մատուցեն։ Եթե շնորհ աներ աստված ու կենդանի թողներ ինձ, ի՛նքս կծառայեի ձեզ, որովհետև բոլորը պետք է ծառայեն իրար»։ Մեր մայրիկը, լսելով նրան, գլուխն էր շարժում. «Հիվանդությունից է, որ այդպես ես ասում, անուշիկ զավակս»։— «Մայրի՛կ,— ասում էր նա,— հոգեհատո՜ր մայրիկս, անհնար է, որ տերեր ու ծառաներ չլինեն, բայց թող ի՛նքս էլ ծառան լինեմ իմ ծառաների, ճիշտ այնպես, ինչպես նրանք են ինձ համար։ Եվ դեռ ասեմ քեզ, մայրի՛կ, մեզնից յուրաքանչյուրը մեղավոր է բոլորի առաջ և ամեն ինչի համար, և ես՝ բոլորից ավելի»։ Մեր մայրիկը նույնիսկ ժպտաց այդ խոսքի վրա, արտասվելով ժպտաց. «է՜հ, ինչո՞ւ ես դու բոլորից ավելի մեղավոր բոլորի առաջ։ Մարդասպաններ կան, ավազակներ, իսկ դու դեռ ի՞նչ մի այնպիսի մեղք ես գործել, որ բոլորից ավելի մեղավոր ես համարում քեզ»։— «Մայրի՛կ, դու իմ սրտի՜կ սիրասուն,— ասաց նա (այդ ժամանակ սկսել էր նման քնքշալի բառեր գործածել, անսպասելի բառեր),— իմ սրտի՜կ սիրասուն, ուրախությո՜ւն իմ մայրիկ, հավատա՛, որ իսկապես յուրաքանչյուր ոք մեղավոր է բոլորի առաջ՝ բոլորի և ամե՜ն ինչի համար։ Չգիտեմ, թե ինչպես բացատրեմ քեզ, բայց զգում եմ, որ այդ այդպես է՝ մինչև իսկ տանջելու չափ։ Եվ ինչպե՞ս է որ ապրում էինք ու բարկանում և ոչինչ չգիտեինք մինչև հիմա»։ Այդպես նա զարթնում էր քնից, ամեն օր ավելի ու ավելի գորովալից և ցնծագին, ամբողջովին սիրով թրթռուն։ Գալիս էր բժիշկը՝ Էյզենշմիդտ անունով մի ծեր գերմանացի, մեկ էլ եղբայրս կատակում էր. «Է՜հ դոկտո՛ր, դեռ մի հատիկ օր ևս կապրե՞մ այս աշխարհում»։― «Ոչ թե մեկ, այլ շատ օրեր կապրեք,— պատասխանում էր բժիշկը,— և դեռ ամիսներ, տարիներ կապրեք»։— «Տարինե՜րն ինչ, ամիսնե՜րն ինչ,― բացականչում էր նա,— կարիք կա՞ օրերը հաշվելու, մեկ օրն էլ բավական է մարդուն՝ ամբողջ երջանկությունը ճանաչելու համար։ Սիրելիներ իմ, ինչո՞ւ ենք կռվում իրար հետ, պարծենում միմյանց առաջ, քեն պահում մեկս մյուսի դեմ. գնանք ուղղակի պարտեզ, զբոսնենք ու խայտանք այնտեղ, սիրենք ու դրվատենք իրար, համբուրենք իրար և մեր կյանքն օրհներգենք»։— «Երկար չի ապրի ձեր որդին,— ասաց բժիշկը, երբ մայրիկն ուղեկցում էր նրան մինչև դրսի դուռը, հիվանդությունն արդեն խելացնորության է հասցնում նրան»։ Եղբորս սենյակի լուսամուտները պարտեզին էին նայում, իսկ մեր պարտեզն ստվերախիտ էր, հնամյա ծառերով, և ծառերի վրա գարնանային բողբոջներն էին բացվում, վերադարձել էին առաջին թռչնակները, ճռվողում էին, երգում նրա լուսամուտների առաջ։ Եվ եղբայրս, նայելով թռչնակներին ու սքանչանալով, հանկարծ սկսեց նրանցից ևս ներումն խնդրել. «Թռչնակնե՜ր աստուծո, թռչնակնե՜ր բերկրալի, դուք էլ ներեցեք ինձ, որովհետև ձեր դեմ նույնպես մեղանչել եմ ես»։ Այդ մեկն արդեն մեզանից ոչ ոք չէր կարող հասկանալ այն ժամանակ, իսկ նա արտասվում էր ուրախությունից. «Այո,— ասում էր,— աստուծո այսպիսի փառքն էր սփռված իմ շուրջ՝ թռչնակնե՜ր, ծառե՜ր, մարգագետիննե՜ր, երկնակամա՜ր, և միայն ե՛ս էի ամոթալի կյանք ապրում, միայն ե՛ս էի անարգում ամեն ինչ, իսկ այս բոլորի գեղեցկությունն ու փառքը չէի նկատում բնավ»։— «Է՜հ, շատ֊շատ մեղքեր ես վերցնում քեզ վրա»,— ասում էր մայրիկն արտասվելով։ «Մայրի՛կ, ուրախությո՜ւն իմ մայրիկ, ես խնդությունից եմ արցունք թափում, ոչ թե վշտից. չեմ կարողանում բացատրել քեզ, բայց ինքս եմ ուզում մեղավոր լինել նրանց առաջ, որովհետև չգիտեմ, թե ինչպես սիրեմ նրանց։ Թող մեղավոր լինեմ բոլորի առաջ, սակայն և բոլորը ներեն ինձ. ահա՛ դրախտը։ Միթե ես այժմ դրախտի մեջ չե՞մ»։

Եվ դեռ շատ բաներ կային, որ ի վիճակի չեմ հիշելու և արձանագրելու։ Հիշում եմ, մի անգամ առանձին մտա նրա սենյակը, երբ մոտը ոչ ոք չկար։ Պայծառ երեկո էր, արևը մայր էր մտնում և ամբողջ սենյակը լուսավորված էր իրիկնային շեղ ճառագայթներով։ Տեսնելով ինձ, կանչեց. մոտեցա նրան, երկու ձեռքերը դրեց ուսերիս, նայեց իմ դեմքին՝ գորովանքով, սիրով։ Ոչինչ չխոսեց, միայն նայեց այդպես մի րոպե։ «Դե՜հ,— ասաց,— գնա այժմ, խաղա՛, ապրիր իմ փոխարեն»։ Ու ես դուրս եկա հայնժամ, գնացի խաղալու։ Իսկ հետո իմ կյանքի ընթացքում արտասուքով եմ հիշել բազում ու բազում անգամներ, թե ինչպես նա ինձ պատվիրեց ապրել իր փոխարեն։ Դեռ շատ այդպիսի զարմանահրաշ ու գեղեցիկ խոսքեր էր ասում, թեև դրանք հասկանալի չէին մեզ այն ժամանակ։ Վախճանվեց զատիկին հաջորդող երրորդ շաբթու մեջ։ Գիտակցությունը տեղն էր, ու թեև դադարել էր արդեն խոսելուց, բայց հոգեպես չփոխվեց մինչև իր ժամը վերջին, նայում էր ուրախ, աչքերի մեջ խնդություն կար, հայացքներով մեզ էր փնտրում, ժպտում էր մեզ, մեզ էր կանչում։ Մինչև իսկ քաղաքում շատ խոսեցին նրա մահվան մասին։ Այն ժամանակ ցնցվեցի ես այդ բոլորից, բայց ոչ հույժ, թեև շատ արտասուք թափեցի, երբ թաղում էին նրան։ Մատղաշ էի, մանուկ, բայց այդ ամբողջն անջնջելիորեն մնաց իմ սրտում, անթեղվեց որպես զգացմունք։ Եվ երբ ժամանակը գար, պետք է զարթներ և արձագանք տար այդ զգացմունքը։ Այդպես և պատահեց արդարև։

բ) Սուրբ գրոց դերը սրբահայր Զոսիմայի կյանքում

Մնացինք մայրիկս ու ես։ Շուտով նրա բարյացակամ ծանոթները խորհուրդ տվեցին, ասելով, ահա մինուճար մի տղա մնաց ձեզ, և աղքատ չեք, դրամագլուխ ունեք, ուրեմն ինչո՞ւ ձեր տղային չտանեք Պետերբուրգ, հետևելով ուրիշների օրինակին, իսկ եթե այստեղ թողնեք, գուցե թե փայլուն մի ապագայից զրկած լինեք նրան։ Եվ հորդորեցին մայրիկիս, որ ինձ տանի Պետերբուրգ և տա կադետական դպրոց, որպեսզի հետագային կայսերական պահորդազոր մտնեմ։ Մայրիկս երկար ժամանակ տատանվում էր. ինչպե՞ս բաժանվեր իր վերջին մինուճար զավակից։ Բայց և վերջապես, առատ արտասուք թափելով հանդերձ, որոշում տվեց, մտածելով, թե այդպիսով նպաստած կլինի իմ երջանկության։ Տարավ ինձ Պետերբուրգ և տվեց կադետական դպրոց, և այնուհետև երբեք այլևս չտեսա նրան. վասնզի երեք տարի հետո ինքը ևս վախճանվեց, ամբողջ երեք տարի ողբում էր եղբորս ու դողում ինձ համար։ Թանկագին հիշատակներ լոկ մնացին ինձ ծնողական հարկից, քանզի մարդու համար չկան ավելի թանկագին հիշատակներ, քան առաջին մանկության օրերը ծնողական հարկի տակ, և այդ գրեթե միշտ այդպես է, եթե նույնիսկ ամենադույզն սերն ու միաբանությունը կա ընտանիքում։ Բայց և ամենավատթար ընտանիքից կարող են թանկագին հիշատակներ մնալ, միայն թե մարդու հոգին ընդունակ լինի փնտրելու և գտնելու թանկագինը։ Ընտանեկան հարկի իմ հուշերից եմ համարում նաև այն հիշատակները, որ ունեմ սուրբ գրոց մասին, թեև մանուկ էի, բայց դեռ ծնողական հարկի տակ մեծ հետաքրքրությամբ ուզում էի իմանալ սրբազան պատմությունը։ Այն ժամանակ սրբազան պատմության մի գիրք ունեի, որ սքանչելի պատկերներով էր նկարազարդված և կոչվում էր «Հարյուր չորս սրբազան պատումներ հին և նոր կտակարանից», և այդ գրքով է, որ կարդալ սովորեցի։ Ու մինչև այժմ էլ մոտս է այդ գիրքը, այստեղ՝ գրադարակի վրա, պահում եմ որպես թանկագին հիշատակ։ Բայց և նախքան կարդալ սովորելս, հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ բարեպաշտության ջերմեռանդ մի զգացում թափանցեց իմ հոգին, երբ դեռ ութ տարեկան էի։ Մայրիկս ինձ առանձին տարավ տաճարն աստուծո (չեմ հիշում թե որտեղ էր եղբայրս այդ ժամանակ), տարավ պատարագի՝ ավագ երկուշաբթի օր։ Պայծառ էր օրը, և ես, հիշելով այժմ, կարծես կրկին տեսնում եմ հականե, թե ինչպես է խունկի ծուխը ելնում բուրվառից ու մեղմածուփ բարձրանում դեպի վերք իսկ վերևից, գմբեթի նեղլիկ լուսամուտիը, երկնային լուսո ճառագայթներն ուղղակի մեր վրա են հոսում եկեղեցվո մեջ, և խունկի ծուխն, ամբառնալով ալիք առ ալիք, ծիրանի ճառագայթների մեջ անհայտանում է կարծես։ Նայում էի հուզված, և աշխարհ գալուց հետո առաջին անգամ այդ պահին ընկալեցի իմ հոգում աստվածային խոսքի առաջին սերմը՝ գիտակցելով։ Մի պատանյակ եկավ տաճարի մեջտեղ՝ խոշոր մի գիրք բռնած, այնքա՜ն խոշոր, որ այդ պահին ինձ թվաց, թե նա նույնիսկ դժվար էր բարձրացնում. դրեց գիրքը գրակալի վրա, բացեց ու սկսեց ընթերցել, և ես հանկարծ առաջին անգամ հասկացա մի բան, առաջին անգամ կյանքիս մեջ հասկացա, թե ինչ են ընթերցում աստուծո տաճարում։ Հուս երկրում ապրում էր այր մի արդար ու աստվածապաշտ, և նա ուներ շատ հարստություն՝ այսքան ուղտ, այսքան ոչխար և էշ մատակ, և զավակներն ուրախ կյանք էին վարում, և նա շատ էր սիրում իր զավակներին ու նրանց համար աղոթում էր առ աստված, ասելով՝ գուցե թե մեղանչել են նրանք իրենց զվարճությունների մեջ։ Եվ ահա, սատանան աստուծո հրեշտակների հետ բարձրանում է աստուծո մոտ և ասում է տիրոջ, որ անցել է ամբողջ երկրի երեսով ու երկրի ընդերքով։ «Իսկ տեսա՞ր իմ ծառա Հոբին»,— հարցնում է նրան աստված։ Եվ աստված պարծենում է սատանայի առաջ, մատնացույց անելով իր մեծ ու սուրբ ծառային։ Եվ սատանան ծիծաղում է աստուծո խոսքերի վրա. «Հանձնիր ինձ քո ծառային և կտեսնես, որ կտրտնջա նա քո դեմ և կանիծի անունը քո»։ Եվ աստված իր արդար մարդուն, որին այնքան էր սիրում, հանձնեց սատանային, և հարվածեց սատանան նրա զավակներին ու անասուններին, ցիրուցան արեց հարստությունը նրա՝ ամեն ինչ մեկեն, երկնային հանկարծահաս շանթի նման. և պատառոտեց Հոբն հանդերձները յուր, նետվեց գետին ու աղաղակեց. «Մերկ ելա որովայնից իմ մոր, մերկանդամ և վերադառնում եմ հողին, տերը տվեց, տերը և առավ։ Եղիցի՜ անուն տյառն օրհնյալ հայսմ հետե մինչև հավիտյան» հայրեր և ուսուցիչնե՜ր, ներողամիտ եղեք այժմու իմ արցունքների նկատմամբ, որովհետև ամբողջ իմ մանկությունն է կարծես հառնում իմ առաջ կրկին, և այժմ շնչում եմ այնպես, ինչպես շնչում էի այն ժամանակ ութամյա իմ մանկական կրծքով, և ինչպես այն ժամանակ՝ զգում եմ զարմանք ու խռովք և ուրախություն։ Ուղտերն ինչպե՜ս էին գրավել իմ երևակայությունն այդ պահին, և նույնպես սատանան, որ այդպես խոսում է աստուծո հետ, և աստված, որ լքեց իր ծառային ու հասցրեց կործանման, և ծառան նրա, որ բացականչում էր՝ «Օրհնյա՜լ եղիցի անուն քո, թեպետ և պատժում ես ինձ», և ապա մեղմ ու քաղցրաձայն երգեցողությունը տաճարում՝ «Ի կատար ածվի աղոթքն իմ», ու կրկին խունկի ծուխը քահանայի բուրվառից և աղոթասացությո՜ւնը ծնկադիր։ Այդ օրից ի վեր չեմ կարող առանց արտասուքի կարդալ պատմությունն այդ ամենասուրբ, ու դեռ երեկ իսկ կրկին կարդացի։ Եվ որքա՜ն վսեմ, խորհրդավոր ու անընդգրկելի բան կա այդ պատմության մեջ։ Հետագային հեգնանքի ու պարսավանքի խոսքեր եմ լսել մարդկանցից, հպարտ խոսքեր, թե ինչպե՞ս կարող էր աստված իր սուրբերից ամենասիրեցյալին հանձնել սատանայի զվարճությանը, խլել նրանից զավակներին, նրա անձը ևս այնպե՜ս խոցել հիվանդությամբ ու կեղերով, որ նա իր վերքերի թարախը խեցիով էր քերում,— և այդ բոլորն ինչո՞ւ համար. որպեսզի լոկ պարծենա սատանայի առաջ, այսինքն թե՝ «Ահա՛ իմ սուրբն ի՜նչ տանջանքներ կարող է կրել ի սեր ինձ»։ Բայց վսեմությունն էլ այն է, որ խորհուրդ կա այդ բոլորի մեջ՝ երկրային վաղանցուկ կերպարանքն ու հավիտենական ճշմարտությունը ի մի են բերված այստեղ։ Երկրային ճշմարտության հանդիման ի կատար է ածվում հավիտենական ճշմարտությունը։ Այստեղ արարիչը, ինչպես և իր արարչագործության առաջին օրերին, երբ յուրաքանչյուր օրն ավարտում էր գովաբանությամբ՝ «Լավ է այն, ինչ ստեղծեցի», նայում է Հոբին և կրկին պարծենում իր ստեղծագործությամբ։ Իսկ Հոբը, գովաբանելով արարչին, ծառայում է ոչ միայն նրան, այլև պիտի ծառայի ամբողջ ստեղծագործությանը նրա՝ ազգե-ազգ ու սերունդե-սերունդ և հավիտյանս հավիտենից, վասնզի ա՛յդ բանի համար էր նախասահմանված։ Աստվա՜ծ իմ, ի՜նչ գիրք է դա, և ի՜նչ դասեր կան նրա մեջ։ Ի՜նչ գիրք է այս սուրբ գիրքը, ի՛նչ հրաշք և ի՜նչ ուժ է տրված մարդուն այս գրքի հետ։ Կարծես քանդակն է աշխարհի ու մարդու և մարդկային բնավորությունների, և ամեն ինչ մատնանշված է, օրինագծված առհավետ։ Եվ որքա՜ն խորհուրդներ են լուծված ու բացահայտված. վերստին բարձրացնում է աստված Հոբին, վերստին հարստություն է տալիս նրան, բազում տարիներ են անցնում նորից, և արդեն նոր զավակներ է ունենում նա, ուրիշ զավակներ, ու սիրում է նրանց։ «Բայց տե՜ր աստված, ինչպե՞ս նա կարող էր սիրել այս նոր զավակներին, երբ նախկինները չկան, երբ զրկվեց նրանցից։ Հիշելով նրանց, կարելի՞ է արդյոք նոր զավակների հետ լիովին երջանիկ լինել, ինչպես առաջ, որքան էլ սիրելի լինեն այս նորերը»։ Բայց կարելի է, կարելի. մարդկային կյանքի մեծ խորհուրդն է այն, որ հին վիշտն աստիճանաբար դառնում է խաղաղ, գորովագին ուրախություն։ Պատանեկան եռուն արյունը տեղի է տալիս հեզաբարո և հստակատես ծերության, օրհնում եմ արևածագն հանապազօրյա, և սիրտն իմ երգում է ծագող արևի դիմաց, ինչպես և առաջ, սակայն այժմ ավելի ևս սիրում եմ մայրամուտը նրա, երկար ու շեղ ճառագայթները նրա, և դրանց հետ՝ մեղմ, հեզահամբույր, գորովագին հիշատակները, սիրելի պատկերներն իմ ամբողջ երկար ու օրհնաշատ կյանքի, իսկ այդ բոլորի վրա տարածվում է աստվածային ճշմարտությունը, որ գորովանքով է լցնում սիրտը, հաշտեցնում է և ամեն ինչ ներում։ Վերջանում է կյանքն իմ, գիտեմ և ընբռնում եմ այդ, սակայն ինձ մնացյալ յուրաքանչյուր օրվա մեջ զգում եմ, թե ինչպե՜ս իմ երկրային կյանքն արդեն շփման մեջ է մտնում մի նոր, անհուն, անծանոթ, բայց շուտով գալիք կյանքի հետ, որի նախազգացումից թրթռում է իմ հոգին ցնծությամբ, փայլում է միտքս և ուրախությամբ արտասվում է սիրտն իմ...

Բարեկամներ և ուսուցիչնե՛ր, շատ անգամ լսել եմ, իսկ վերջերս ավելի ևս հաճախակի է լսվում, թե ինչպես մեր քահանաները, և մանավանդ գյուղական երեցները, աղիողորմ գանգատվում են ամենուրեք իրենց անբավարար ապրուստից և իրենց նվաստացուցիչ վիճակից, և ուղղակի հավաստիացնում են, նույնիսկ տպագիր (ինքս եմ կարդացել այս բանը), որ իբր թե չեն կարող այլևս սուրբ գիրքը մեկնաբանել ժողովրդին, որովհետև անբավարար է իրենց ապրուստը, և եթե արդեն գալիս են լութերականներն ու հերետիկոսները և սկսում են խլել հավատացյալների հոտն իրենց ձեռքից, դե՛հ, ասում են նրանք, թո՛ղ խլեն, որովհետև անբավարար է մեր ապրուստը։ Աստվա՜ծ իմ. մտածում եմ՝ ամեն բանից ավելի տա՛ աստված այդ ապրուստը, որ այնքան թանկ է նրանց համար (որովհետև նրանց գանգատն ևս արդարացի է), բայց ճշմարիտ եմ ասում՝ եթե որևէ ոք մեղավոր է այստեղ, ապա մերն է մեղքի կեսը։ Որովհետև՝ դիցուք ժամանակ չունի քահանան, դիցուք իրավացիորեն ասում է նա, թե շարունակ ծանրաբեռնված է աշխատանքով ու ծիսակատարությամբ, բայց համենայն դեպս անընդհատ չէ, որ զբաղված է, ամբողջ շաբթու մեջ նա էլ ունի գեթ մի ժամ՝ աստուծո մասին ևս հիշելու համար։ Եվ վերջապես ամբողջ տարին չէ, որ աշխատում է նա։ Եթե շաբաթը մեկ անգամ, երեկոյան ժամին, սկըզբում գեթ միայն երեխաներին ժողովի իր տանը, հայրերը կլսեն այդ մասին, հայրերը ևս կսկսեն գալ։ Եվ պալատներ շինել պետք չէ այս գործի համար, այլ պարզապես հրավիրիր քեզ մոտ՝ քո խրճիթը. մի վախենար, չեն կեղտոտի խրճիթը քո՝ ընդամենը մեկ ժամվա համար ես ժողովում նրանց։ Բա՜ց այս գիրքը նրանց առաջ և սկսիր ընթերցել առանց մեծամեծ խոսքերի և առանց գոռոզության, առանց ինքդ քեզ վեր դասելու նրանցից, այլ գորովանքով ու հեզությամբ, ուրախանալով, որ ընթերցում ես նրանց համար և լսում են քեզ ու հասկանում են քեզ, ինքդ սիրելով խոսքերն այդ սուրբ, և լոկ մերթ ընդ մերթ կանգ առ ու բացատրիր այս կամ այն խոսքը, որ անհասկանալի է հասարակ մարդուն. մի՛ մտահոգվիր, ամեն ինչ կհասկանան, ամեն ինչ կհասկանա ուղղափառ սիրտը։ Կարդա՛ նրանց Աբրահամի ու Սառայի մասին, Իսահակի ու Ռեբեկայի մասին, կարդա , թե ինչպես Հակոբը գնաց Լաբանի մոտ և իր երազում մաքառեց աստուծո հետ ու ասաց՝ «Ահեղ է տեղն այս», և տպավորություն կգործես հասարակ մարդու բարեպաշտ մտքի վրա։ Կարդա՛ նրանց, և հատկապես մանուկներին, թե ինչպես եղբայրներն ստրկության վաճառեցին իրենց հարազատ եղբորը՝ քաղցրաբարո պատանյակ Հովսեփին, որ տեսանող էր ու մեծ մարգարե, իսկ իրենց հորն ասացին, թե մի վայրի գազան է նրան հոշոտել, և ցույց տվեցին արյունոտ պատմուճանը նրա։ Կարդա՛, թե ինչպես հետագայում եղբայրները Եգիպտոս եկան ցորեն ճարելու, և արդեն մեծ պալատական դարձած Հովսեփը, որին եղբայրները չկարողացան ճանաչել, տանջեց նրանց, մեղադրեց, իր մոտ պահեց Բենիամին եղբորը, և այդ բոլորն արեց սիրելով. «Սիրում եմ ձեզ ու սիրելով տանջում»։ Չէ՞ որ նա իր ամբողջ կյանքում հիշում էր անդադար, թե ինչպես վաճառեցին իրեն առևտրականներին՝ տոթակեզ անապատի մեջ մի տեղ, ջրհորի մոտ, և ինչպես ինքը, ծնկները ծեծելով, աղի արցունք էր թափում և աղաչում էր եղբայրներին, որ չվաճառեն իրեն օտար երկրում որպես ստրուկի. և ահա, տեսնելով նրանց այնքան տարիներ հետո, անչափորեն սիրեց նրանց կրկին, բայց նեղեց ու տանջեց՝ սիրելով շարունակ։ Վերջապես թողեց նրանց ու քաշվեց իր առանձնարանը, չդիմանալով իր սեփական սրտի տառապանքին, նետվեց իր մահճի վրա և արտասվեց, հետո սրբեց արցունքը, դուրս եկավ պայծառափայլ դեմքով և հայտնեց նրանց. «Եղբայրնե՛ր, Հովսեփն եմ ես, եղբայրը ձեր»։ Այնուհետև կարդա՛ այն մասին, թե ինչպես ուրախացավ Հակոբ ծերունին, երբ իմացավ, որ դեռ ողջ է իր քաղցրաբարո տղան, ու ճանապարհ ընկավ դեպի Եգիպտոս, լքելով նույնիսկ երկիրը հայրենի, և մեռավ օտար երկրում, գալիք դարերին կտակելով գերագույն խոսքը, որ նրա հեզ ու երկյուղած սրտում անիմանալիորեն տեղ էր գտել ամբողջ կյանքի ընթացքում, այն խոսքը, թե իր ազգից՝ Հուդայի ցեղից է դուրս գալու մեծ ակնկալությունն աշխարհի՝ հաշտարարն ու փրկիչը նրա։ Հայրեր և ուսուցիչնե՛ր, ներողամիտ եղեք ու մի՛ բարկանաք, որ փոքր մանկան նման խոսում եմ այն բաներից, որոնք արդեն վաղուց գիտեք և ինքներդ ինձ կարող եք ուսուցանել հարյուրապատիկ ավելի հմտորեն ու վայելուչ կերպով։ Ցնծությունն է լոկ մղում ինձ ասելու այս բաները, և ներեցեք արտասուքն իմ, քանզի սիրում եմ գիրքն այս սրբազան։ Թո՛ղ արտասվի և նա՝ քահանայն աստուծո, և կտեսնի, որ կցնցվեն իր ունկնդիրների սրտերն ի պատասխան։ Հարկավոր է լոկ փոքրիկ, մանրիկ մի սերմ. թո՛ղ նետի այդ սերմը հասարակ մարդու հոգու մեջ, և չի մեռնի դա, կապրի նրա հոգու մեջ ամբողջ կյանքում, պահված կմնա այնտեղ խավարի մեջ, նրա մեղքերի աղտեղության մեջ, լուսավոր կետի նման, որպես մի մեծ հիշեցում։ Եվ հարկ չկա, հարկ չկա շատ բացատրելու և ուսուցանելու, նա ամեն ինչ կհասկանա պարզորեն։ Կարծո՞ւմ եք արդյոք, թե չի հասկանա ռամիկ մարդը։ Փորձեցեք կարդալ նրան հուզիչ ու սրտառուչ պատմությունը գեղեցիկ Եսթերի և գոռոզ Ասթինեի մասին. և կամ հրաշալի պատումը՝ կետ ձկան փորի մեջ ընկած Հովնան մարգարեի մասին։ Մի մոռանաք նաև մեր փրկչի առակները՝ նախընտրաբար ըստ Ղուկասո ավետարանի (այդպես էի անում ես), և ապա «Գործք առաքելոցից՝ Սավուղի դարձը (այս մեկն անպայմա՛ն, անպայմա՛ն), ու վերջապես նաև «Վարք սրբոց»֊ից՝ գոնե աստուծո մարդ Ալեքսեյի վարքը, ինչպես և մեծամեծ ու բերկրաշատ մարտիրոսուհու, աստվածատես ու քրիստոսակիր մայր Մարիամ Եգիպտացու վարքը. և այս պարզ պատմություններով խորապես կհուզես սիրտը ռամիկ մարդու։ Մեկ ժամ ընդամենը շաբաթվա մեջ, լոկ մի փոքր ժամ՝ չնայած քո անբավարար ապրուստին։ Եվ ինքդ կտեսնես, որ գթառատ է ժողովուրդը մեր և երախտագետ, հարյուրապատիկ ավելի կփոխհատուցի շնորհակալությամբ. հիշելով ջերմեռանդ հոգատարությունն ու գորովալից խոսքերն իր քահանայի, կամավորաբար կօգնի նրան արտում, կօգնի նաև նրա տան աշխատանքներին, և հարգանքն էլ ավելի մեծ կլինի, քան առաջ, ահա և կբարգավաճի ապրուստը քահանայի։ Խնդիրն այնքան պարզունակ է, որ երբեմն վախենում ենք նույնիսկ արտահայտվել այդ մասին, որովհետև կծիծաղեն մե՜ր իսկ վրա, և սակայն որքա՜ն ճշմարիտ է այս բանը։ Ով չի հավատում աստուծո, նա չի հավատա նաև աստուծո ժովղովրդին։ Իսկ ով որ արդեն սկսել է հավատալ աստուծո ժողովրդին, նա կտեսնի նաև սրբությունն աստուծո, թեկուզ և մինչ այդ ինքն ամենևին հավատացած չլինի դրան։ Միայն ժողովուրդը և նրա ապագա հոգևոր ուժը դարձի կբերի մեր անաստվածներին, որոնք կտրվել են մայր հողից։

Եվ ի՞նչ Քրիստոսի խոսք, եթե օրինակ չես տալիս։ Կկործանվի ժողովուրդն առանց աստվածային խոսքի, վասնզի նրա հոգին ծարավի է խոսքի և որևէ գեղեցիկ ընկալման։ Իմ երիտասարդության օրերին, արդեն վաղուց, գրեթե քառասուն տարի առաջ, հայր Անֆիմի հետ թափառում էինք ամբողջ Ռուսաց աշխարհում, նվիրատվություններ հավաքելով մեր վանքի համար, և մի անգամ գիշերեցինք մեծ ու նավարկելի գետի ափին, ձկնորսների հետ. ու մեզ հետ նստեց վայելչատես մի պատանի մոտ տասնութ տարեկան մի գյուղացի, որ շտապում էր հաջորդ օրը հասնել իր տեղը՝ առևտրական պարանաքարշ մի լաստանավի լծվելու և քաշելու համար։ Տեսնում եմ՝ նա գորովագին ու վճիտ հայացքով նայում է իր առաջը։ Հուլիսյան լուսավոր, մեղմ, տաք գիշեր էր, գոլորշի էր բարձրանում լայնահուն գետից ու զովացնում մեզ, երբեմն թեթևակի ճողփում էր մի ձկնիկ, թռչունները լռել էին, ամեն ինչ խաղաղ էր, վեհաշունչ, ամեն ինչ աղոթում էր առ աստված։ Ու միայն մենք երկուքս չէինք քնում՝ այդ պատանին ու ես, տարվել էինք աստուծո այս աշխարհի գեղեցկության ու մեծ խորհուրդի մասին խոսելով։ Ամեն մի դալարիկ, ամեն մի բզեզ, մրջյուն ու ոսկեփայլ մեղվիկ, բոլո՜րը բոլորը զարմանալիորեն գիտեն իրենց ուղին, առանց խելք ունենալու, աստվածային խորհուրդն են վկայում և իրենք իսկ անընդհատ իրագործում են խորհուրդն այն։ Ու տեսա՝ բռնկվել է սիրտը բարեհամբույր պատանու։ Ասաց նա ինձ, թե սիրում է անտառը, թռչուններն անտառային. թռչնորս էր, հասկանում էր ամեն մի ճռվողյունը նրանց, կարող էր ամեն մի թռչուն հրապուրել իր ձայնով. չգիտեմ, ասաց, կա՞ ավելի լավ բան, քան անտառում լինելը, թեև ամեն ինչ լավ է։ «Ճշմարի՜տ է,— պատասխանեցի նրան,— ամեն ինչ լավ է ու հոյակապ, որովհետև ամեն ինչ ճշմարտություն է։ Նայի՛ր ձիուն,— ասացի,— խոշոր կենդանի է և մարդամոտ, կամ նայիր եզան՝ կորացած ու խոհուն այդ արարածին, որ սնում է մարդուն և աշխատում նրա համար, նայիր նրանց դեմքերին՝ ի՜նչ հեզություն, ի՜նչ նվիրվածություն մարդու նկատմամբ, որ հաճախ անգթորեն ծեծում է նրանց, տե՛ս, թե ի՜նչ անհիշաչարություն, ի՜նչ դյուրահավատություն և ի՜նչ գեղեցկություն կա նրանց դեմքին։ Մինչև իսկ հուզիչ է գիտենալ, թե նրանք զերծ են որևէ մեղքից, որովհետև, բացի մարդուց, ամե՜ն ինչ կատարյալ է, ամե՜ն ինչ անմեղ է, և դեռ մեզնից առաջ նրանց հետ է Քրիստոս»։— «Բայց միթե նրա՞նք էլ Քրիստոս ունեն»,— հարցրեց պատանին։ «Իսկ ինչպե՞ս կարող է լինել այլ կերպ,— ասացի նրան,— քանի որ աստուծո խոսքը բոլորի համար է, ամբո՜ղջ արարչությունը, ամբողջ կենդանի աշխարհը, ամե՜ն մի տերև ձգտում է խոսքին, փառք է երգում աստուծո, արտասվում է Քրիստոսին, և կատարում է այս բանն անգիտորեն, իր անմեղ կյանքի խորհուրդով։ Ահա այնտեղ, անտառում,— ասացի նրան,— թափառում է զարհուրելի արջը, վայրագ ու ահարկու, և ոչ մի կերպ մեղավոր չէ, որ այդպիսին է ինքը»։ Եվ պատմեցի նրան, թե ինչպես մի անգամ արջը եկել է մի մեծ սուրբի մոտ, որ ճգնում էր անտառում՝ փոքրիկ խուցի մեջ, ու մեծ սուրբը գթացել է արջին, անվախորեն ելել է նրան ընդառաջ և հաց է տվել մի կտոր, ասելով՝ «Գնա, Քրիստոս ընդ քեզ», և վայրագ գազանը հեռացել է հլու և հնազանդ, առանց վնաս տալու։ Եվ պատանին խանդաղատանքով լցվեց վասն այնորիկ, որ արջը հեռացել է առանց վնաս տալու, և որ Քրիստոս նրա հետ է նմանապես։ «Ա՜խ, ինչ լա՜վ է,— ասաց նա,— ի՜նչ լավ ու հրաշալի է ամեն ինչ, որ ստեղծել է աստված»։ Նստել էր մտասույզ մեղմանուշ խոհերով տարված։ Տեսա, որ հասկացել է։ Ու քնեց ինձ մոտ թեթև ու անմեղ քնով։ Օրհնյա՛, տե՛ր, զպատանեկություն։ Եվ ինքս, պառկելով քնելու, աղոթեցի նրա համար։ Տե՜ր, խաղաղություն ու լույս առաքիր քո մարդկանց։

գ) Հուշեր սրբահայր Զոսիմայի պատանեկութան ու երիտասարդության տարիներից, երբ դեռ ապրում էր աշխարհիկ կյանքով։ Մենամարտը

Երկար մնացի Պետերբուրգի կադետական դպրոցում, համարյա ութ տարի, և նոր դաստիարակությունը շատ բան մշուշապատեց իմ մանկական տպավորություններից, թեև ոչինչ չմոռացա։ Դրա փոխարեն բազում նոր սովորույթներ ու նույնիսկ կարծիքներ որդեգրեցի, և այնքան, որ դարձա գրեթե վայրի, դաժան ու անհեթեթ մի արարած։ Ֆրանսերենի հետ միասին ձեռք բերեցի նաև բարեկրթության ու բարձրաշխարհիկ վարվելակերպի արտաքին փայլը, սակայն բոլորս էլ կատարյալ անասուններ էինք համարում մեզ ծառայող զինվորներին, ու ես՝ նույնպես։ Ու գուցե ես անձամբ ամենից ավելի էի այդպես համարում, որովհետև իմ բոլոր մյուս ընկերներից ավելի շուտ էի ընկալում ամեն ինչ։ Երբ շրջանավարտ եղանք որպես սպաներ, պատրաստ էինք մեր արյունը թափելու մեր գնդի պատվին հասցված վիրավորանքի համար, բայց մեզնից գրեթե ոչ ոք չգիտեր, թե ինչ բան է իսկական պատիվը, իսկ եթե իմանար դիցուք, առաջինն ինքը իսկույն ծաղրանքի առարկա կդարձներ այդ բանը։ Հարբեցողությունը, ցոփ ու շվայտ կյանքը, կտրիճությունը հպարտության պես մի բան էին մեզ համար։ Չեմ ասի, թե վատ էինք մենք. բոլոր այդ երիտասարդները լավ մարդիկ էին, բայց վատ էին պահում իրենց, ու ես՝ բոլորից ավելի, մանավանդ որ իմ սեփական դրամագլուխն ունեցա, ուստի և սկսեցի ապրել իմ հաճույքի համար, պատանեկան ամբողջ թափով, անսանձորեն անձնատուր եղա այդ զեղխ կյանքի հոսանքին։ Արդ, զարմանալի բան, այն ժամանակ գրքեր էլ էի կարդում ու նույնիսկ մեծ հաճույքով, բայց Աստվածաշունչն այն միակ գիրքն էր, որ գրեթե երբեք չէի բացում, թեև երբեք չէի բաժանվում նրրանից, ամեն տեղ հետս էի տանում, արդարև, ինքս էլ չիմանալով, պահպանում էի այդ գիրքը՝ գալիք «օրվա և ժամի, ամսվա ու տարվա համար»։ Չորս տարի այդպես ծառայելուց հետո, վերջապես պատահեց, որ ընկա Կ. քաղաքը, ուր օթևանել էր մեր գունդն այն ժամանակ։ Քաղաքի հասարակությունը բազմամարդ էր ու այլազան, կենսուրախ, հյուրասեր ու հարուստ, իսկ ինձ ամենուրեք լավ էին ընդունում, որովհետև ի բնե օժտված էի ուրախ բնավորությամբ և, բացի այդ, ունևոր մարդ էի համարվում, մի հանգամանք, որ բավական կարևոր նշանակություն ունի բարձրաշխարհիկ կյանքում։ Եվ ահա պատահեց մի բան, որից և ծայր առավ ամեն ինչ։

Բարեկամացա մի երիտասարդ ու գեղեցիկ, խելացի ու արժանավոր օրիորդի հետ, որ պայծառ, ազնիվ նկարագրի տեր էր, պատվարժան ծնողների դուստր։ Ականավոր մադիկ էին՝ հարուստ, դիրքի տեր ու ազդեցիկ, ինձ ընդունում էին սիրալիր ու գրկաբաց։ Ու մեկ էլ ահա ինձ թվաց, թե օրիորդը սրտագին հակում ունի իմ նկատմամբ, և բռնկվեց սիրտն իմ այդպիսի ցնորքից։ Հետագայում, անշուշտ, ինքս վերահասու եղա ու լրիվ հասկացա, որ գուցե բնավ էլ այնքան ուժեղ չէի սիրում նրան, այլ լոկ մեծարում էի նրա վսեմ միտքն ու նկարագիրը, և արդարև՝ չէի կարող չմեծարել։ Անձնասիրությունը, սակայն, խանգարեց ինձ այն ժամանակ նրա ձեռքը խնդրելու, ծանր ու սարսափելի թվաց հրաժարվել ամուրի և ազատ, անառակ կյանքի գայթակղություններից՝ այդպիսի ծաղկուն տարիքում, երբ նաև փող ունեի ի լրումն ամենայնի։ Բայց և այնպես որոշ ակնարկություն արեցի։ Համենայն դեպս, առժամապես հետաձգեցի որևէ վճռական քայլի դիմելը։ Եվ այդ օրերին էլ հանկարծ այնպես պատահեց, որ ինձ մի ուրիշ գավառ գործուղեցին երկու ամսով։ Վերադառնում եմ երկու ամիս հետո և հանկարծ իմանում, որ օրիորդն արդեն ամուսնացել է քաղաքամերձ հարուստ մի կալվածատիրոջ հետ, այդ մարդը թեև ինձնից ավելի տարեց էր, բայց երիտասարդ էր տակավին, կապեր ուներ մայրաքաղաքում և լավագույն հասարակության մեջ, մի բան, որ ես չունեի, շատ սիրալիր ու առավել ևս զարգացած մարդ էր, իսկ զարգացում ասված բանը ես բոլորովին չունեի։ Այնպես էի ցնցվել այդ անակնկալ դեպքից, որ նույնիսկ գիտակցությունս մթագնեց։ Իսկ գլխավորն այն էր, որ, ինչպես հենց այն ժամանակ էլ իմացա, երիտասարդ կալվածատերն արդեն վաղուց օրիորդի նշանածն էր եղել, և որ ինքս նրան բազմիցս հանդիպել էի այդ տանը, բայց ոչինչ չէի նկատել, իմ սեփական արժանիքներով կուրացած։ Բայց ճիշտ ա՛յդ էր, որ ամենից ավելի վիրավորեց ինձ. ինչպե՜ս թե, համարյա բոլորը գիտեին, և միայն ե՞ս ոչինչ չգիտեի։ Ու հանկարծ անտանելի զայրույթ զգացի։ Կարմրած դեմքով սկսեցի հիշել, թե ինչպես շատ անգամ գրեթե իմ սերն էի արտահայտել օրիորդին, և քանի որ նա չէր կանգնեցրել ինձ ու չէր նախազգուշացրել, ուրեմն, եզրակացրի, ծիծաղում էր ինձ վրա։ Հետագայում, անշուշտ, կշռադատեցի և հիշեցի, որ նա բնավ երբեք չէր ծիծաղել, այլ ընդհակառակն՝ ինքն իսկ կատակով ընդհատում էր այդպիսի խոսակցություները և դրանց փոխարեն ուրիշ բաների մասին էր սկսում խոսել միշտ։ Բայց այդ պահին անկարող եղա կշռադատելու և սկսեցի վրիժառությամբ վառվել։ Զարմանքով եմ հիշում, որ իմ այդ վրիժառության զգացումն ու զայրույթը ինձ համար իսկ ծայր աստիճան տաժանելի էին ու նողկալի, որովհետև, անոխակալ բնավորություն ունենալով, ոչ ոքի վրա չէի կարող երկար ժամանակ բարկանալ, ուստի և ինքս էի կարծես արհեստականորեն բորբոքում ինձ և ի վերջո դարձա այլանդակ ու անհեթեթ։ Հարմար առիթի սպասեցի և մի անգամ, բազմամարդ հասարակության մեջ, կարողացա հանկարծ վիրավորանք հասցնել իմ «ախոյանին», իբրև թե բոլորովին կողմնակի մի պատճառով, ծիծաղեցի իր մի կարծիքի վրա, որ նա հայտնեց՝ այն ժամանակ կարևոր նշանակություն ունեցող մի իրադարձության մասին,— քսանվեց թվականին էր,— և կարողացա սրամիտ ու ճարտար ծաղրի ենթարկել նրան, այդպես էին ասում մարդիկ։ Ապա ստիպեցի, որ բացատրություն պահանջի ինձնից, և բացատրության ժամանակ արդեն այնքան կոպիտ վարվեցի, որ նա ընդունեց իմ մարտահրավերը, հակառակ մեր միջև եղած հսկայական տարբերության, քանզի թե՛ ավելի երիտասարդ էի, թե՛ ցածր աստիճան ունեցող աննշան մի մարդ։ Հետագայում արդեն հաստատ իմացա, որ նա մարտահրավերն իմ ընդունել էր նույնպես մի տեսակ խանդի զգացումից մղված, առաջ ևս փոքր ինչ խանդում էր ինձ իր կնոջ նկատմամբ, որ այն ժամանակ հարսնացուն էր տակավին, իսկ այս առթիվ մտածել էր, որ եթե ինձնից վիրավորանք կրելուց հետո սիրտ չանի մենամարտելու, ապա կինը կարող է իմանալ և ակամա կսկսի արհամարհել իրեն ու կխախտվի նրա սերն իր նկատմամբ։ Շուտով մարտավկա ճարեցի՝ մեր գնդի սպա էր, իմ ընկերը։ Թեև մենամարտերը խստագույնս հետապնդվում էին այն ժամանակ, բայց զինվորականների միջև կարծես նույնիսկ նորաձևություն էին դրանք. երբեմն ա՜յն աստիճան վայրենաբար ուռճանում ու զորանում են նախապաշարումները։ Հունիսի վերջն էր, և ահա պետք է հաջորդ օրը հանդիպեինք քաղաքից դուրս, առավոտյան ժամը յոթին, ու հիրավի, հանկարծ մի տեսակ ճակատագրական բան պատահեց ինձ այդ միջոցին։ Երեկոյան, կատաղած ու այլանդակ տրամադրությամբ տուն վերադառնալով, զայրացա իմ համհարզ Աֆանասիի վրա և ամբողջ ուժով հարվածեցի նրա դեմքին երկու անգամ, այնպես որ արյունաշաղախ արեցի դեմքը։ Վաղուց չէ, որ նա ծառայում էր ինձ, և առաջ էլ պատահել էր, որ հարվածել էի նրան, բայց երբեք այդպիսի գազանային դաժանությամբ։ Եվ կհավատա՞ք, սիրեցյալներ իմ, քառասուն տարի է անցել, բայց այժմ ևս ամոթով ու ցավով եմ հիշում այդ։ Պառկեցի ու քնեցի մոտ երեք Ժամ, և երբ զարթնեցի՝ լույսը բացվում էր արդեն։ Հանկարծ վերկացա, չուզեցի այլևս քնել, մոտեցա լուսամուտին, բացեցի՝ պարտեզն էր առաջըս. տեսնում եմ՝ ծագում է արևը, տաք է, գեղեցիկ, սկսել են ճռվողել թռչունները։ Բայց ի՞նչ է այս, մտածեցի, ինչո՞ւ ամոթալի և ստոր մի բան եմ զգում սրտիս մեջ։ Չլինի՞ այն պատճառով, որ գնում եմ արյուն թափելու։ Ոչ, մտածեցի, կարծես թե այդ չէ պատճառը։ Չլինի՞ թե մահից եմ վախենում, վախենում եմ, թե կսպանվեմ։ Ոչ, բոլորովին այդ չէ, բնավ էլ այդ չէ, բնավ... Եվ հանկարծ միանգամից հասկացա, թե ինչ էր. այն, որ երեկոյան ծեծել էի Աֆանասիին։ Ամեն ինչ վերստին պատկերացավ աչքիս, կարծես կրկնվեց նորից, կանգնել է նա իմ առաջ, ես թափով հարվածում եմ ուղղակի դեմքին, իսկ նա ձեռքերը պահել է կողերն ի վար, գլուխը բարձր, աչքերը չռած՝ ասես զգաստ կանգնել է շարքում, ցնցվում է ամեն մի հարվածի հետ և նույնիսկ չի համարձակվում ձեռքերը բարձրացնել պաշտպանվելու համար. և մա՜րդն է այդ վիճակին հասցված, և մա՜րդն է ծեծում մարդուն։ Ինչպիսի՜ հանցագործություն։ Կարծես մի սուր ասեղ մխրճվեց հոգվույս մեջ ու ծակեց անցավ։ Կանգնել էի ցնդածի նման, մինչ փայլում էր արևը, տերևները ցնծում էին, փայլում, իսկ թռչուննե՜րը, թռչունները գովքն էին երգում աստուծո... Երեսն իմ ծածկեցի երկու ափերով, ընկա իմ մահճին և աղի արցունք թափեցի։ Ու այդ պահին հիշեցի եղբորն իմ՝ Մարկելին, և այն խոսքերը, որ մահվան շեմին ասաց նա ծառաներին, «Սիրելինե՛ր իմ, թանկագիննե՛ր, ինչո՞ւ եք ծառայություն մատուցում ինձ, ինչո՞ւ եք ինձ սիրում, և արժանի՞ եմ արդյոք, որ ինձ ծառայություն մատուցեն»։— «Այո, արժանի՞ եմ արդյոք»,— փայլատակեց հանկարծ իմ մտքում։ Արդարև, ինչո՞վ եմ արժանի, որ ինձ նման մի ուրիշ մարդ, նույնպես աստուծո պատկերով ու նմանությամբ ստեղծված, ինձ ծառայի։ Եվ այդ հարցն ուղղակի մխվեց իմ ուղեղի մեջ այդ պահին՝ առաջին անգամ իմ կյանքում։ «Մայրի՛կ, դու իմ սրտի՜կ սիրասուն, իսկապես յուրաքանչյուր ոք մեղավոր է բոլորի առաջ բոլորի համար, միայն թե մարդիկ չգիտեն այդ, իսկ եթե իմանային՝ դրա՜խտ կլիներ իսկույն»։ Աստված իմ, միթե ա՞յս էլ կարող է սխալ լինել,— մտածում էի արտասվելով,— գուցե իրոք, ես բոլորից ավելի մեղավոր եմ բոլորի համար, և ավելի վատթար, քան աշխարհի բոլոր մարդիկ։ Եվ հանկարծ ամբողջ ճշմարտությունը երևաց ինձ՝ իր լրիվ պայծառությամբ. ի՞նչ եմ գնում անելու։ Գնում եմ սպանելու մի բարի, խելացի, ազնիվ մարդու, որ ոչ մի հանցանք չի գործել իմ դեմ, և այդպիսով նրա կնոջն ևս ընդմիշտ զրկած կլինեմ երջանկությունից, տանջանքների մատնած ու սպանած կլինեմ։ Այդպես մահճիս վրա պառկել էի երեսնիվայր, դեմքս բարձին, և չնկատեցի ամենևին, թե ինչպես անցավ ժամանակը։ Հանկարծ, ատրճանակը ձեռքին, ներս մտավ իմ ընկեր սպան՝ ինձ մենամարտի տանելու, «Ա՜յ, լավ է, որ արդեն վեր ես կացել,— ասաց,— ժամանակն է, գնա՛նք»։ Սկսեցի այս ու այն կողմ նետվել, գլուխս կորցրի բոլորովին, բայց և այնպես դուրս եկանք, որ կառք նստենք»։ «Սպասիր այստեղ մի քիչ,— ասացի նրան,— ներս վազեմ մի վայրկյան, դրամապանակս մոռացել եմ»։ Ու ետ վազեցի առանձին, ուղղակի Աֆանասիի նեղլիկ սենյակը։ «Աֆանասի,— ասացի,— երեկ ես երկու անգամ հարվածեցի քո դեմքին, ներիր ինձ»,— ասացի։ Ուղղակի ցնցվեց նա, կարծես վախեցավ, նայեց երեսիս, ու տեսա, որ քիչ է այդ, քիչ, և հանկարծ, տեղն ու տեղը, հենց սպայական համազգեստով և ուսադիրներով, շիփ-շիտակ ընկա ոտքերը, ճակատս գետնին։ «Ների՜ր ինձ»,— ասացի։ Այստեղ արդեն կատարելապես շշմեց նա. «Ձերդ ազնվություն, տե՜ր իմ, բայց ինչպե՞ս դուք... արժանի՞ եմ որ...», և հանկարծ նա փղձկաց ու սկսեց արտասվել ճիշտ այնպես, ինչպես ինքս էի աղի արցունք թափել մի ժամ առաջ, երկու ափերով ծածկեց դեմքը, դարձավ լուսամատին և ամբողջ մարմնով սկսեց ցնցվել հեծկլտանքներից, իսկ ես վազեցի ընկերոջս մոտ, ցատկեցի կառքը, «քշի՜ր» գոռացի։ «Տեսե՞լ ես հաղթական մարդու,— դիմեցի ընկերոջս գոռալով,— ահա՛ հիմա տեսնում ես քո առաջ»։ Այնպիսի՜ մի ցնծություն էր մեջս, ծիծաղում էի, խոսում ամբողջ ճանապարհին, էլ չեմ հիշում, թե ինչեր էի ասում։ Նայում էր նա ինձ ու «է՜հ, ախպերըս, ասաց,— ապրե՛ս, կտրիճ տղա ես. տեսնում եմ՝ բարձր կպահես համազգեստիդ պատիվը»։ Այդպես հասանք նշանակված տեղը, իսկ մյուսներն այնտեղ էին արդեն, մեզ էին սպասում։ Կանգնեցրին մեզ իրարից տասներկու քայլ հեռու, առաջին կրակոցը նրանն էր. ուրախ կանգնել էի նրա դիմաց, ուղղակի դեմառդեմ, հանգիստ ու սիրազեղ հայացքով նայում էի նրան, գիտեի, թե ինչ եմ անելու։ Կրակեց. դույզն ինչ քերծվեց այտս և մի քիչ էլ ականջիս դիպավ, ուրիշ ոչինչ։ «Փա՜ռք աստուծո,— գոռացի,— մարդ չսպանեցինք»։ Ու վերցրի իմ ատրճանակը, ետ դարձա, վեր շպրտելով նետեցի անտառի մեջ. «Ա՛յդ է քո տեղը»,— գոռացի։ Դարձա իմ հակառակորդին. «Մեծահարգ տիա՛ր,— ասացի,— ներեցե՛ք ինձ՝ հիմար երիտասարդիս, ներեցե՛ք, որ ինքս մեղավոր լինելով՝ ծանր վիրավորանք պատճառեցի ձեզ, իսկ այժմ էլ ստիպեցի, որ կրակեք ինձ վրա։ Ինքս տասնապատիկ վատթար եմ ձեզնից, գուցե և ավելի։ Հաղորդեցեք այս բանը այն անձնավորության, որին ամենից ավելի եք հարգում աշխարհիս երեսին»։ Հազիվ էի ասել այս խոսքը, իսկույն երեքը միասին սկսեցին գոռգոռալ։ «Բայց ներեցեք խնդրեմ,— ասաց հակառակորդն իմ ու բարկացավ նույնիսկ,— եթե չէիք ուզում մենամարտել, ինչո՞ւ ինձ անհանգստացրիք»։― «Երեկ հիմար էի տակավին,— ասացի նրան,— իսկ այսօր խելոքացա»։ Այդպես պատասխանեցի ուրախ սրտով։ «Երեկվա մասին հավատում եմ,— ասաց,— բայց այսօրվա մասին դժվար է ձեր կարծիքին հանգել»։— «Բռավո՜,— գոռացի ծափ զարնելով,— այդ բանում էլ համաձայն եմ ձեզ հետ, արժանի եմ դրան»։— «Կրակելո՞ւ եք թե չէ, հարգելի տիար»։— «Չեմ կրակելու,— ասացի,— իսկ դուք, եթե ուզում եք, նորից կրակեցեք, միայն թե ավելի լավ կլիներ, որ չկրակեիք»։ Գոռում էին նաև մարտավկաները, հատկապես իմը. «Այսպես խայտառակե՜լ մեր գունդը, պատնեշի՜ վրա ներողություն խնդրել. եթե սկզբից իմանայի՜»։ Լսելով այդ, արդեն առանց ծիծաղելու կանգնեցի բոլորի առաջ։ «Պարոնայք իմ,— ասացի,— միթե իրո՞ք մեր այս օրերին այնքան զարմանալի է հանդիպել մի մարդու, որ զղջում է իր հիմարության համար և հրապարակով խոստովանում է իր իսկ գործած հանցանքը»։— «Բայց ո՜չ թե պատնեշի վրա»,— գոռաց նորից իմ մարտավկան։ «Հենց այդ է ահա,— պատասխանեցի,— այդ է զարմանալին, որովհետև ես պետք է իմ հանցանքը խոստովանեի անմիջապես, որ եկանք այստեղ, դեռ նրա կրակելուց առաջ, ու պետք չէ նրան առիթ տայի մի մեծ ու մահացու մեղք գործելու. բայց մենք այնքա՛ն այլանդակ մի կյանք ենք ստեղծել մեզ համար, որ այդպես վարվելն անհնար էր գրեթե, որովհետև հիմա՛ միայն, տասներկու քայլից նրա կրակոցը դիմագրավելուց հետո, իմ խոսքերը կարող են արդեն որևէ նշանակություն ստանալ նրա համար, իսկ եթե կրակոցից առաջ խոսեի, երբ նոր էինք եկել այստեղ, նա պարզապես կասեր՝ վախկոտ է, ատրճանակից սոսկաց, չարժե նրան լսել։ Պարոնա՜յք,— բացականչեցի հանկարծ ի խորոց սրտի,— նայեցեք չորս կողմ՝ աստուծո բարիքներին. պայծառ երկինք, վճիտ օդ, քնքուշ խոտեր, թռչնակներ, գեղեցիկ ու անմեղ բնություն, և մենք, մե՛նք ենք միայն անաստված ու հիմար և չենք հասկանում, թե դրախտ է կյանքը, որովհետև բավական է, որ ուզենք հասկանալ, և իսկույն կտիրի դրախտն իր ամբողջ գեղեցկությամբ, կգրկենք իրար ու կարտասվենք...»։ Ուզում էի շարունակել տակավին, բայց չկարողացա, նույնիսկ շունչս կտրվեց այնպե՜ս քաղցրորեն, պատանեկան այնպիսի ավյունով, և սիրտն իմ լեցուն էր այնպիսի երջանկությամբ, որի նմանը երբեք չէի զգացել իմ ամբողջ կյանքում։ «Այս բոլորը ողջամիտ ու բարեպաշտ խոսքեր են,— ասաց հակառակորդն իմ, — և համենայն դեպս դուք ինքնատիպ մարդ եք»։— «Ծիծաղեցեք,— ասացի ես էլ ծիծաղելով,— իսկ հետո ինքներդ կգովեք»։— «Բայց ես հիմա էլ պատրաստ եմ գովելու,— ասում է,— համեցեք, ձեռքս եմ մեկնում ձեզ, որովհետև ինձ թվում է, թե դուք իսկապես անկեղծ մարդ եք»։— «Ոչ,— ասում եմ,— հիմա պետք չէ. երբ ավելի լավ մարդ դառնամ և արժանի լինեմ ձեր հարգանքին, այն ժամանակ կմեկնեք ձեր ձեռքը, և լավ կանեք»։ Վերադարձանք տուն, իմ մարտավկան ամբողջ ճանապարհին նախատում էր ինձ, իսկ ես համբուրում էի նրան։ Բոլոր ընկերներս իսկույն լսեցին պատահածը, նույն օրն իսկ հավաքվեցին իմ դատաստանը տեսնելու, այսինքն թե՝ «Համազգեստն է արատավորել, թող հրաժարական տա»։ Պաշտպանողներ էլ եղան. «Համենայն դեպս կանգնել է կրակոցի դեմ»,— ասացին նրանք։ «Այո, բայց վախեցել է հաջորդ կրակոցներից և պատնեշի վրա ներողություն է խնդրել»։— Եթե վախենար կրակոցներից,— առարկում էին պաշտպանողները,— ներողություն խնդրելուց առաջ նախ իր ատրճանակից կկրակեր, այնինչ նա անտառն է նետել իր լեցուն ատրճանակը. չէ՜, մի ուրիշ բան է եղել այստեղ, ինքնատիպ մի բան»։ Լսում էի և ուրախանում նրանց նայելով։ «Իմ շատ սիրելի բարեկամներ ու ընկերներ,— ասացի,— մի՛ անհանգստանաք իմ հրաժարական տալու առնչությամբ, որովհետև արել եմ արդեն այդ բանը, արդեն հրաժարական եմ տվել, այսօր իսկ առավոտյան, գրասենյակում, և երբ իմ հրաժարականն ստանամ, իսկույն ևեթ վանք եմ մտնելու, այդ պատճառով էլ հեռանում եմ զինվորական ծառայությունից»։ Հազիվ էի ասել այդ, բոլորը միանգամից քահ֊քահ ծիծաղեցին. «Դե հենց սկզբի՜ց ասեիր, հիմա ամեն ինչ պարզ եղավ, վանականին չի կարելի դատել»։ Ծիծաղում էին, չէին կարողանում զսպել, և բնավ հեգնական չէր նրանց ծիծաղը, այլ սիրալիր էր մի տեսակ, ուրախ, սիրեցին հանկարծ ինձ բոլորը, նույնիսկ ամենամոլի մեղադրողները, կարծես ձեռքի վրա էին պահում ինձ. «Ա՜յ դու վանական»,— ասում էին։ Եվ ամեն մեկը սիրալիր մի խոսք էր ասում ինձ, սկսեցին տարհամոզել, ափսոսալ նույնիսկ, «Ի՞նչ օրի ես մատնում ինքդ քեզ»։— «Չէ,— ասում էին,— նա քաջ տղա է, կրակոցի դեմ կանգնեց և իր ատրճանակից էլ կարող էր կրակել։ Բայց նախորդ գիշերը երազ է տեսել, որ վանական դառնա, ա՜յ թե ինչն է եղել պատճառը»։ Համարյա նույն բանը կատարվեց նաև քաղաքի հասարակության մեջ։ Առաջ հատուկ ուշադրություն չէին դարձնում ինձ, այլ պարզապես սրտաբաց ընդունում էին, իսկ այժմ հանկարծ բոլորը միանգամից նկատեցին ու սկսեցին իրար ձեռքից խլելով հրավիրել. ծիծաղում էին ինձ վրա, այլև սիրում էին ինձ։ Ասեմ իսկույն, որ թեև բոլորն այն ժամանակ բացեիբաց խոսում էին մեր մենամարտի մասին, բայց հրամանատարությունը կոծկեց այդ գործը, որովհետև իմ հակառակորդը մեր գեներալի մոտիկ ազգականն էր. ու քանի որ արյունահեղություն չէր եղել, այլ կատակի նման մի բան, և վերջապես ես էլ հրաժարական էի տվել, ուստի իրոք կատակի վերածեցին խնդիրը։ Այդ պարագային ես էլ սկսեցի խոսել բացեիբաց և աներկյուղ, չնայած նրանց ծիծաղին, որովհետև այդ ծիծաղը չարամիտ չէր այնուամենայնիվ, այլ բարի։ Իսկ այդ խոսակցությունները տեղի էին ունենում առավելապես երեկոյան, կանանց շրջանակում, կանայք ավելի էին սիրում լսել ինձ այն ժամանակ և տղամարդկանց ևս ստիպում էին լսել։ «Բայց ինչպե՞ս կարելի է, որ ես մեղավոր լինեմ բոլորի փոխարեն,— ծիծաղում էր ամեն ոք իմ երեսին,— ա՜յ, օրինակ, ձեր փոխարեն կարո՞ղ եմ մեղավոր լինելս։— «Բայց ինչպե՞ս կարող եք ըմբռնել այդ,— պատասխանում էի,— երբ վաղուց արդեն ամբողջ աշխարհը հակառակ ուղիով է ընթացել, և երբ իսկական սուտը ճշմարտություն ենք համարում ու դեռ ուրիշներից էլ նույնպիսի սուտ ենք պահանջում։ Ահա ես իմ կյանքում մեկ անգամ ելա ու անկեղծ վարվեցի, և ի՞նչ, կարծես աստուծո խենթը դարձա բոլորիդ համար, թեև սիրում եք ինձ, բայց այնուամենայնիվ ծիծաղում եք իմ վրա»։— «Բայց ինչպե՞ս կարելի է չսիրել ձեզ նման մարդուն»,— բարձրաձայն ծիծաղեց տանտիրուհին, և նրա տանը շատ մարդ էր հավաքվել այդ օրը։ Հանկարծ տեսնում եմ՝ տիկնանց շրջանակից ոտքի է ելնում այն նույն երիտասարդ տիկինը, որի պատճառով մենամարտի էի հրավիրել իմ ախոյանին, և որին դեռ վերջերս իմ հարսնացուն էի համարել. չէի էլ նկատել, որ նա եկել է այդ երեկոյին։ Ոտքի ելավ, մոտեցավ ինձ, ձեռքը մեկնեց. «Թույլ տվեք հայտնել ձեզ,— ասաց,— որ ես, ամենից առաջ ե՛ս չեմ ծիծաղում ձեզ վրա, այլ, ընդհակառակը, արցունքն աչքերիս շնորհակալություն եմ ասում և իմ հարգանքն եմ արտահայտում ձեզ՝ այդ օրվա ձեր արարքի համար»։ Նրա ամուսինը ևս մոտեցավ իսկույն, և հետո հանկարծ բոլորն էլ շրջապատեցին ինձ, համարյա համբուրում էին։ Այնպե՜ս ուրախ զգացի, բայց այդ բոլորի մեջ հանկարծ ամենից ավելի ուշադրությունս գրավեց մի պարոն՝ արդեն տարեց մի մարդ, որ նույնպես մոտեցել էր ինձ. թեև առաջ էլ գիտեի նրան անունով, բայց երբեք չէի ծանոթացել և մինչև այդ երեկո մի բառ անգամ չէի փոխանակել նրա հետ։

դ) Խորհրդավոր այցելուն

Նա արդեն վաղուց էր ծառայում մեր քաղաքում, ակնառու պաշտոն ուներ, բոլորի կողմից հարգված մարդ էր, հարուստ, հռչակված էր իր բարեգործությամբ, զգալիորեն մեծ գումարներ էր նվիրաբերել անկելանոցին ու որբանոցին և, բացի այդ, բազում այլ բարերարություններ էր կատարել գաղտնորեն, առանց հրապարակման, և այդ բոլորը հայտնի դարձան նրա մահից հետո։ Մոտ հիսուն տարեկան էր, գրեթե խստաբարո էր արտաքուստ, և սակավախոս. ընդամենը տասը տարի առաջ էր ամուսնացել, ու դեռ երիտասարդ իր կինը երեք զավակ էր պարգևել իրեն։ Արդ ուրեմն, հաջորդ իրիկուն նստած էի իմ տանը, երբ հանկարծ դուռը բացվեց ու այդ նույն պարոնը ներս մտավ։

Պետք է նշեմ, որ այն ժամանակ իմ նախկին բնակարանում չէի ապրում, այլ հրաժարական տալուց անմիջապես հետո սենյակ էի վարձել մի պառավ ու այրի տիկնոջ տանը և փոխադրվել էի այնտեղ, նրա ծառաներն էլ ինձ սպասարկում էին, որովհետև այս նոր բնակարանը տեղափոխվել էի պարզ այն պատճառով, որ հենց մենամարտի օրը, տուն վերադառնալուց հետո, Աֆանասիին ետ էի ուղարկել իր վաշտը. նրա հետ իմ վերջին հանդիպումից հետո ամաչում էի երեսին նայել... Հոգեպես անպատրաստ աշխարհիկ մարդն ա՜յն աստիճան ատակ է ամաչելու նույնիսկ իր որևէ արդարագույն արարքից։

«Ես,— ասաց ինձ ներս մտած պարոնը,— արդեն մի քանի օր է, ինչ մեծ հետաքրքրությամբ լսում եմ ձեզ տարբեր տներում, և վերջապես ցանկացա անձամբ ծանոթանալ, որպեսզի ավելի մանրամասն խոսեմ ձեզ հետ։ Կարո՞ղ եք, մեծահարգ տիար, այդպիսի մի մեծ ծառայություն մատուցել ինձ»։— «Կարող եմ,— ասացի,— մեծագույն հաճույքով, և հատուկ պատիվ կսեպեմ ինձ համար»։ Այդպես ասացի, բայց գրեթե վախեցել էի՝ այնքա՜ն էր ապշեցրել ինձ նրա այցելությունն առաջին րոպեին։ Որովհետև թեպետ լսում էին ինձ մարդիկ և հետաքրքրություն ցուցաբերում, բայց դեռ ոչ ոք այդպիսի ներհուն ու խստաշունչ լրջությամբ չէր մոտեցել ինձ։ Ու տակավին՝ այս մարդն անձամբ եկել էր իմ բնակարանը։ Նստեց։ «Նկարագրի մեծ ուժ եմ տեսնում ձեր մեջ,— շարունակեց նա,— որովհետև չեք վախեցել ճշմարտության ծառայել այնպիսի մի հարցում, ուր ձեր ճշմարտության համար ընդհանուր արհամարհանքի արժանանալու վտանգն էր սպառնում ձեզ»։— «Գուցե խիստ չափազանցյալ է ձեր գովեստը»,— ասացի նրան։ «Ոչ, չափազանցյալ չէ,— պատասխանեց,— հավատացեք, որ այդպիսի արարք գործելը շատ ավելի դժվար է, քան կարծում եք դուք։ Ճիշտն ասելով, այդ է միայն, որ մեծապես զարմացրել է ինձ,— շարունակեց նա,— և այդ հարցով է, որ եկել եմ ձեզ մոտ։ Եթե չեք խորշում իմ այս գուցե անպատշաճ հետաքրքրությունից, նկարագրեցեք խնդրեմ, թե հատկապես ի՞նչ էիք զգում այն րոպեին, երբ մենամարտի պատնեշի վրա վճռեցիք ներումն խնդրել, եթե, անշուշտ, հիշում եք ձեր զգացածը։ Թեթևամտություն մի՛ համարեք հարցս. ընդհակառակն, այսպիսի մի հարց տալով ձեզ՝ ունեմ իմ թաքուն շարժառիթը, որ հավանաբար կպարզեմ հետագայում, եթե կամոքն աստուծո մտերիմներ դառնանք»։

Երբ նա խոսում էր, ես շարունակ նայում էի ուղղակի նրա երեսին և հանկարծ բացարձակ վստահություն ունեցա նրա նկատմամբ, ու բացի այդ նաև արտասովոր մի հետաքրքրություն իմ կողմից էլ, որովհետև զգացի, թե նա յուրահատուկ մի գաղտնիք ունի իր հոգում։

— Հարցնում եք, թե հատկապես ինչ էի զգում այն րոպեին, երբ ներումն էի խնդրում հակառակորդից,— պատասխանեցի,— բայց ավելի լավ կլինի, որ բուն սկզբից պատմեմ ձեզ այն, ինչ ոչ ոքի չեմ պատմել տակավին։— Ու պատմեցի ամեն ինչ, որ տեղի էր ունեցել Աֆանասիի և իմ միջև, և թե ինչպես խոնարհվել էի նրա առաջ մինչև գետին։— Այս բանից,— եզրակացրի,— ինքներդ կարող եք տեսնել, թե մենամարտի ժամանակ ավելի հեշտ էր ինձ համար այդ արարքը, որովհետև դեռ տանն էի սկսել, և մի անգամ որ ոտք էի դրել այդ ուղին, այնուհետև ամեն ինչ ընթացավ բնականորեն, ոչ միայն դժվար չէր, այլև նույնիսկ բերկրալի էր ու հրճվագին։

Լսում էր նա և այնպիսի լա՜վ մի հայացքով նայում էր ինձ։ «Չափազանց հետաքրքրական է այդ ամբողջը,— ասաց,— ես կրկին ու կրկին կգամ ձեզ մոտ»։ Եվ այդ օրից սկսյալ գրեթե ամեն իրիկուն գալիս էր նա։ Ու մենք շատ մտերիմ բարեկամներ կլինեինք, եթե նա իր մասին ևս պատմեր ինձ։ Բայց իր մասին գրեթե ոչ մի բառ չէր ասում, այլ շարունակ ինձ հարցեր էր տալիս՝ իմ մասին։ Հակառակ այդ բանին, ես շատ սիրեցի նրան և կատարյալ վստահությամբ արտահայտեցի զգացմունքներն իմ բոլոր, որովհետև մտածեցի՝ ի՞նչ պետք ունեմ նրա գաղտնիքներին, առանց այն էլ տեսնում եմ, որ առաքինի է մարդը։ Առավել ևս՝ այնքան լուրջ մարդ լինելով, և ինձնից շատ ավելի տարեց, գալիս է ինձ նման մի պատանու մոտ և չի արհամարհում ինձ։ Ու բազում օգտակար բաներ սովորեցի նրանից, որովհետև բարձր մտքի տեր մարդ էր։ «Թե կյանքը դրախտ է,— ասաց նա հանկարծ,— վաղուց արդեն մտածում եմ այդ մասին», և անսպասելիորեն ավելացրեց. «Հենց միայն դրա՛ մասին եմ մտածում»։ Նայում ինձ ու ժպտում էր։ «Ես ավելի եմ համոզված այդ բանին, քան դուք,— ասաց նա,— հետո կիմանաք, թե ինչու»։ Լսում էի և մտածում. «Հավանաբար ուզում է մի բան հայտնել ինձ»։— «Դրախտը պահված է մեզնից յուրաքանչյուրի մեջ,— ասաց նա,— ահա իմ մեջ էլ պահված է հիմա, և եթե ուզեմ, վաղն ևեթ դրախտն իսկապես կբացվի ինձ համար, ու կբացվի ընդմիշտ՝ մինչև ավարտը կյանքիս»։ Տեսնում էի՝ հուզված է խոսում և խորհրդավոր կերպով նայում է ինձ, կարծես ինձ հարց է տալիս։ «Իսկ թե յուրաքանչյուր մարդ մեղավոր է բոլորի և ամեն ինչի համար, անկախ իր սեփական մեղքերից,— շարունակեց նա,— դուք կատարելապես ճիշտ եք դատում այդ մասին, և զարմանալի է, թե ինչպես կարող էիք մեկեն ընդգրկել այդ գաղափարն իր ամբողջ լիությամբ։ Ու ճշմարիտ է արդարև, որ եթե մարդիկ հասկանան այդ գաղափարը, երկնային թագավորությունն արդեն երազանք չի լինի նրանց համար, այլ կդառնա իրականություն»։— «Բայց ե՞րբ,— բացականչեցի ես վշտագին,— ե՞րբ պիտի կատարվի այդ, և պիտի կատարվի՞ արդյոք երբևիցե։ Սոսկ երազանք չէ՞ արդյոք այդ բանը»։― «Բայց ահա դուք էլ չեք հավատում,— ասաց նա,— քարոզում եք և ինքներդ չեք հավատում։ Իմացեք ուրեմն, որ այս երազանքը, ինչպես ասում եք, պիտի կատարվի անտարակույս, հավատացե՛ք դրան, բայց պիտի կատարվի ոչ այժմ, որովհետև յուբաքանչյուր լինելություն իր օրենքն ունի։ Այս լինելությունը հոգեկան է, հոգեբանական։ Աշխարհը վերափոխելու և նորակերտելու համար՝ պետք է, որ մարդիկ իրե՛նք հոգեպես շրջադարձ կատարեն դեպի մի այլ ճանապարհ։ Մինչև որ իսկապես եղբայր չդառնաս ամեն մի մարդու, եղբայրություն չի տիրի աշխարհում։ Մարդիկ երբեք չեն կարողանա որևէ գիտական ու որևէ օգտապաշտ մոտեցումով անվնասորեն բաժանել իրար միջև իրենց սեփականութլունը և իրավունքներն իրենց։ Միշտ յուրաքանչլուր ոք քիչ պիտի համարի իր բաժինը, և միշտ պիտի տրտնջան, նախանձեն ու պիտի ոչնչացնեն իրար։ Հարցնում եք, թե երբ է կատարվելու այդ։ Կատարվելու է, բայց նախ պետք է բոլորվի մարդկային մեկուսացման շրջանը»։— «Ի՞նչ մեկուսացման»,— հարցրի ես։ «Ճիշտ այն մեկուսացման, որ այժմ իշխում է ամենուրեք, և հատկապես մեր դարաշրջանում, բայց որ լրիվ չի բոլորվել տակավին, չի հասել վերջնաժամը դրա։ Քանզի յուրաքանչյուր ոք այժմ ձգտում է առավելագույնս սահմանազատել իր անձը, ուզում է ինքն իր մեջ զգալ լիությունը կյանքի, մինչդեռ նրա բոլոր ջանքերի արգասիքը լինում է ոչ թե կյանքի լիություն, այլ լիակատար անձնասպանություն, որովհետև իր սեփական էությունը լիովին ինքնորոշելու փոխարեն ընկնում է կատարյալ մեկուսացման մեջ։ Քանզի մեր դարաշրջանում մարդկությունը բաժանվել է միավորների, ամեն ոք մեկուսանում է իր պատյանի մեջ, ամեն ոք հեռու է պահում իրեն մյուսներից, թաքնվում է և իր ունեցածն ևս թաքցնում, ու հետևանքը լինում է այն, որ մարդիկ վանում են նրան, և ինքն ևս մարդկանց վանում է իրենից։ Հարստություն է դիզում մեկուսի և մտածում՝ որքա՜ն ուժեղ եմ հիմա և որքան ապահովված, սակայն չգիտե անմիտ արարածը, որ ինչքան ավելի է կուտակում, այնքան ավելի սուզվում է անձնակործան անզորության մեջ։ Քանզի սովորություն է դարձրել հույս դնել լոկ իր անձի վրա և ամբողջությունից անջատվել է որպես միավոր, իր հոգին վարժեցրել է չհավատալու մարդկային իրարօգնության, մարդկանց և առհասարակ մարդկության, ու միայն դողում է այն վախից, թե կկորցնի իր փողերը և իր ձեռք բերած իրավունքները։ Մարդկային միտքն այժմ ամենուրեք սկսում է ծիծաղելիորեն չհասկանալ, թե ճշմարիտ ապահովությունը պետք է փնտրել ո՛չ թե մարդու մեկուսի ջանքերի, այլ մարդկային համընդհանուր հավաքականության մեջ։ Բայց անպայման պիտի հասնի նաև վերջնաժամն այս ահավոր մեկուսացման, և բոլորը միանգամից պիտի հասկանան, թե որքա՜ն անբնականորեն տարանջատվում էին իրարից։ Այդպիսին պիտի լինի այլևս ժամանակի շունչը, և պիտի զարմանան, թե այնքան երկար նստել էին խավարի մեջ ու չէին տեսնում լույսը։ Եվ հայնժամ պիտի երևա հերկինս նշան որդվո մարդո... Բայց մինչ այդ պետք է այնուամենայնիվ պահպանել դրոշը, և եթե ոչինչ էլ չլինի, գոնե այս կամ այն եզակի մարդը պետք է հանկարծ օրինակ ցույց տա՝ հոգին դուրս բերի մեկուսացումից ու մարդկանց միջև եղբայրասիրական հարաբերման սխրանք կատարի, թեկուզ նույնիսկ աստուծո խենթ համարեն իրեն։ Այդպես է պետք, որպեսզի չմեռնի մեծ գաղափարը...»։

Ահա այսպիսի կաթոգին ու բերկրառիթ խոսակցությամբ էին անցնում մեր երեկոներն իրար ետևից։ Ես նույնիսկ դադարեցի հասարակության հետ շփվելուց և շատ հազվադեպ էի հյուր գնում. բացի այդ, սկսում էր անցնել նաև այն զգայացունց նորությունը, որ օրվա հերոս էր դարձրել ինձ։ Այս բանն ասում եմ ոչ իբրև մեղադրանք, որովհետև շարունակում էին սիրել ինձ և զվարթ վերաբերմունք ցուցաբերել. բայց պետք է խոստովանել այնուամենայնիվ, որ նորությունը հիրավի բավական զորեղ մի տիրակալ է հասարակության մեջ։ Վերջապես սկսեցի հիացմունքով նայել իմ խորհրդավոր այցելուին, որովհետև ոչ միայն իմացական վայելք էի ստանում նրա խելքից, այլև նախազգում էի, որ նա միշտ որոշ մտադրություն է փայփայում իր մեջ և պատրաստվում է գուցե մի մեծ սխրանքի։ Թերևս նրան հաճո էր և այն, որ ես արտաքուստ հետաքրքրություն չէի ցուցաբերում նրա գաղտնիքի նկատմամբ, հարցուփորձ չէի անում ոչ ուղղակիորեն, ոչ կողմնակի ակնարկներով։ Բայց վերջապես նկատեցի, որ արդեն ինքը ևս սկսել է կարծես վառվել՝ ինձ մի բան հայտնելու ցանկությամբ։ Համենայն դեպս դա շատ ակներև էր դարձել մոտավորապես մեկ ամիս հետո այն օրից, երբ նա սկսեց այցելել ինձ։ «Գիտե՞ք, որ քաղաքում շատ են հետաքրքրվում մեր երկուսով,— ասաց ինձ մի անգամ,— և զարմանում են, որ ես այսքան հաճախակի գալիս եմ ձեզ մոտ։ Բայց թող զարմանան, որովհետև շուտով ամեն ինչ կպազվի»։ Երբեմն հանկարծ արտակարգ մի հուզմունք էր տիրում նրան, և այդպիսի դեպքերում գրեթե միշտ ելնում ու գնում էր։ Իսկ երբեմն էլ երկար ու թափանցող մի հայացք էր սևեռում ինձ, և ես մտածում էի՝ «Ա՛յ հիմա մի բան կասի», բայց նա հանկարծ շեղում էր հայացքը և սկսում ծանոթ ու սովորական մի բանից խոսել։ Սկսեց նաև հաճախակի գանգատվել գլխացավից։ Եվ ահա մի անգամ, նույնիսկ բոլորովին անսպասելիորեն, տեսա, որ նա, երկար ու հրայրքով խոսելուց հետո, հանկարծ գունատվեց, դեմքն այլայլվեց կատարելապես, իսկ աչքերը խիստ սևեռուն նայում էին ինձ։

— Ի՞նչ պատահեց ձեզ,— ասացի,— գուցե վա՞տ եք զգում։

Իսկ նա հենց նոր գանգատվել էր գլխացավից։

— Ես... գիտե՞ք ինչ... ես... մարդ եմ սպանել։

Ասաց ու ժպտաց, իսկ դեմքը կավճի նման սպիտակ էր։ «Ինչո՞ւ է այդպես ժպտում»,— այս միտքը հանկարծ ծակեց սիրտն իմ, երբ դեռ ոչ մի բան չէի հասկացել։ Ես ինքս գունատվեցի։

— Ի՞նչ եք ասում,— գոռացի։

― Տեսնո՞ւմ եք,— պատասխանեց նույն գունատ ժպիտով,― որքան թանկ նստեց ինձ առաջին խոսքն ասելը։ Հիմա ասել եմ արդեն և, կարծում եմ, դա սկիզբն էր ճանապարհի։ Կընթանամ, այս ուղիով։

Երկար ժամանակ չէի հավատում նրան, և մեկ անգամից չէ, որ հավատացի, այլ միայն այն բանից հետո, երբ երեք օր շարունակ եկավ ինձ մոտ և ամեն ինչ պատմեց մանրամասնորեն։ Խելագար էի համարում նրան, բայց վերջ ի վերջո համոզվեցի ասածին հայտնապես՝ մեծագույն վիշտ ու զարմանք ապրելով։ Նա մի մեծ ու սարսափելի ոճիր էր գործել. տասնչորս տարի առաջ սպանել էր մի հարուստ, երիտասարդ ու գեղեցիկ տիկնոջ, որ այրի կալվածատիրուհի է եղել և մեր քաղաքում էլ սեփական տուն է ունեցել։ Մեծ սեր զգալով տիկնոջ նկատմամբ, բացատրում է իր սերը և սկսում համոզել նրան, որ ամուսնանա իր հետ։ Բայց այրի տիկինն արդեն իր սիրտը տվել էր ուրիշին՝ ազնվատոհմ ու բարձրաստիճան մի զինվորականի, որ այդ ժամանակ ռազմի դաշտում էր գտնվում, և որի մոտալուտ վերադարձին էր սպասում տիկինը։ Ուստի մերժում է առաջարկը և խնդրում, որ նա չայցելի իրեն։ Ու նա դադարում է այցելել, բայց, տեղյակ լինելով տիկնոջ տան ներքին դասավորութլան, մի գիշեր այգու կողմի տանիքից գաղտագողի մտնում է սիրեցյալ կնոջ մոտ՝ մեծագույն հանդգնությամբ դիմագրավելով հայտնաբերվելու վտանգը։ Սակայն, ինչպես պատահում է շատ հաճախ, արտասովոր հանդգնությամբ կատարված ոճիրներն ավելի հաջող ելք են ունենում։ Լուսանցույցից մտնելով տան ձեղնահարկը, այնտեղից էլ սանդուղքով իջնում է ներքև՝ բնակելի սենյակները, գիտենալով, որ սանդուղքի ստորոտին գտնվող դուռը երբեմն կողպված չէր լինում՝ ծառաների անփութության պատճառով։ Այս դեպքում ևս այդ անփութության վրա է դնում հույսը, ճիշտ այդպես էլ պատահում է։ Մուտք գործելով բնակելի հարկաբաժինը, մթան մեջ գտնում է տիկնոջ ննջասենյակը, ուր կանթեղ էր վառվում։ Եվ կարծես դիտմամբ՝ տիկնոջ երկու աղախիններն առանց իրավունք առնելու գնացել էին դրկից տունը, նույն փողոցի վրա՝ անվանակոչության խնջույքի։ Իսկ մնացլալ ծառաներն ու սպասուհիները քնել էին ներքնահարակում՝ ծառայանոցում ու խոհանոցում։ Երբ տեսնում է քնած կնոջ, կիրքն է բոցավառվում նրա մեջ, իսկ ապա վրեժխնդիր խանդի զայրույթն է բորբոքում հոգին նրա, ու խելակորույս, հարբածի նման մոտենում է և դանակը խրում ուղղակի կնոջ սիրտը, այնպես որ զոհը ճիչ անգամ չի արձակում։ Հետո դժոխային և ամենաոճրական հաշվենկատությամբ սարքում է այնպես, որ ծառաների վրա ընկնի կասկածը. առանց խորշելու առնում է դրամապանակը նրա, բարձի տակից հանում է բանալիները և բացում զարդասեղանը, մի քանի իր վերցնում այնտեղից, ճիշտ այնպես, ինչպես կաներ տգետ ծառան, այսինքն արժեթղթերը թողնում է և միայն փողերն է առնում, առնում է մի քանի խոշոր ոսկյա իրեր, իսկ փոքր, բայց տասնապատիկ ավելի թանկարժեք բաներին ուշադրություն չի դարձնում։ Բան ինչ վերցնում է նաև որպես հիշատակ, սակայն այդ մասին՝ հետո։ Կատարելով սույն զարհուրելի արարքը, նույն ճանապարհով դուրս է գնում։

Ոչ հաջորդ օրը, երբ տագնապ է հարուցվում, ոչ էլ հետագայում որևէ ժամանակ` ոչ ոքի մտքով անգամ չի անցնում, ոչ ոք չի կասկածում, թե նա է բուն չարագործը։ Ու հիրավի, ոչ ոք չգիտեր նրա սիրո մասին, վասնզի միշտ լռակյաց ու ինքնամփոփ է եղել բնավորությամբ ու չի ունեցել նաև մի բարեկամ, որին իր սիրտը բացած լիներ։ Սպանված տիկնոջ ծանոթն էին համարում նրան պարզապես, ու նույնիսկ ոչ այնքան մոտիկ ծանոթը, որովհետև վերջին երկու շաբաթվա ընթացքում չէր այցելում տիկնոջ տունը։ Անմիջապես կասկածում են Պյոտր անունով մի ճորտ ծառայի, և բոլոր հանգամանքները ճիշտ այնպես են զուգադիպում, որ հաստատվում է կասկածն այդ, քանի որ ծառան գիտեր, թե իր տիրուհին մտադիր է զինվոր ուղարկել իրեն՝ ի հաշիվ տիրապատկան գյուղացիներից պահանջվող նորակոչիկի, և հանգուցյալը չէր թաքցնում իր մտադրությունը, նկատի ունենալով, որ Պյոտրը միայնակ մարդ է ու նաև վատ վարքի տեր։ Լսել էին, թե ինչպես նա գինետանը, հարբած վիճակում, զայրալից սպառնացել էր սպանել իր տիրուհուն։ Տիկնոջ մահից երկու օր առաջ նա փախել էր և ապրում էր քաղաքում՝ հայտնի չէ որտեղ։ Իսկ սպանության հաջորդ օրը նրան գտնում են քաղաքից դուրս տանող ճանապարհի վրա՝ սաստիկ հարբած, գրպանում՝ դանակ, ու դեռ ավելին՝ աջ ձեռքի ափն էլ չգիտես ինչու արյունոտ։ Պնդում է, թե քթից է արյուն եկել, բայց չեն հավատում նրան։ Իսկ աղախինները խոստովանում են, որ իրենք խնջույքի էին գնացել, և թե շքամուտքի դուռը կողպված չի եղել մինչև իրենց վերադարձը։ Եվ ուրիշ բազմաթիվ նման նշաններ են երևան գալիս, հաստատելով անմեղ ծառայի վրա ընկնող կասկածը։ Ձերբակալում են նրան և սկսում դատավարությունը, բայց ձերբակալությունից մեկ շաբաթ հետո ջերմախտով է բռնվում նա և հիվանդանոցում մահանում է ուշակորույս։ Ու գործն ավարտում են այդպիսով, թողնում աստուծո կամքին, և բոլորը՝ թե՛ դատավորները, թեշ իշխանությունը, թե՛ ամբողջ հասարակությունը մնում են այն համոզման, թե ոճիրը գործել է ոչ այլ ոք, քան այդ մահացած ծառան։ Իսկ այնուհետև սկսվում է պատիժը։

Խորհրդավոր իմ հյուրը, իսկ այժմ արդեն բարեկամն իմ, պատմեց, թե սկզբում նույնիսկ բոլորովին չէր տանջվում խղճի խայթից։ Տառապում էր երկար ժամանակ, բայց ոչ թե դրանից, այլ պարզապես մորմոքելով, որ սպանեց սիրեցյալ կնոջ, որ չկա այլևս կինն այդ, և որ, սպանելով նրան, սերն իր սպանեց, մինչդեռ իր արյան մեջ մնում էր տակավին հուրը տենչանքի։ Սակայն թափված անմեղ արյան մասին, մարդ սպանած լինելու մասին հազիվ թե մտածում էր այն ժամանակ։ Անտանելի էր թվում այն միտքը, թե զոհը կարող էր ուրիշի կինը դառնալ, ուստի երկար ժամանակ համոզված էր խղճի մտոք, թե այլ կերպ չէր կարող վարվել։ Սկզբում նրան որոշ չափով տանջում էր ձերբակալությունը ծառայի, սակայն բանտարկյալի վերահաս հիվանդությունը և ապա մահը հանգստացնում են նրան, որովհետև, ամենայն հավանականությամբ (այդպես էր դատում նա այն ժամանակ), ծառան մահացել էր ոչ թե ձերբակալության կամ վախի հետևանքով, այլ պաղառության, որ ձեռք էր բերել փախուստի օրերին, երբ ամբողջ գիշերը, սաստիկ հարբած, թավալվում էր խոնավ գետնի վրա։ Իսկ գողացյալ իրերն ու դրամը սակավ էին խռովում նրան, որովհետև (դատում էր նմանապես) գողությունը կատարված է ոչ թե շահատենչությամբ, այլ կասկածներն ուրիշ կողմ շեղելու համար։ Աննշան մի գումար էր կազմում գողացյալը, և շուտով այդ գումարն ամբողջությամբ, նույնիսկ շատ ավելին, նվիրաբերում է մեր քաղաքում հաստատված անկելանոցին։ Դիտմամբ է անում այդ՝ հանգստացնելու համար իր խիղճը գողության վերաբերյալ, և ուշագրավ է այն, որ իսկապես խաղաղվում է մի որոշ ու նույնիսկ երկար ժամանակ. այս բանը ինքն է ասել ինձ։ Այնուհետև՝ նվիրվում է պաշտոնեական բուռն գործունեության, կամավորաբար ստանձնում է դժվարին ու հոգսաշատ մի հանձնարարություն, որ երկու տարի զբաղեցնում է նրան, և ուժեղ նկարագրի տեր լինելով՝ գրեթե մոռանում է կատարվածը. իսկ երբ հիշում է մերթ ընդ մերթ, աշխատում է բնավ չմտածել այդ մասին։ Նվիրվում է նաև բարեգործության, բազում հաստատություններ հիմնադրում և բազում նվիրատվություններ է անում մեր քաղաքում, երկու մայրաքաղաքներում ևս անում է նման գործեր, Մոսկվայում և Պետերբուրգում ընտրվում է տեղական բարեգործական ընկերությունների անդամ։ Բայց ի վերջո սկսում է այնուամենայնիվ մտատանջվել, և իր ուժերից վեր է լինում տանջանքն այդ։ Նույն միջոցին համակրում է մի գեղեցիկ ու խելամիտ օրիորդի և շուտով ամուսնանում նրա հետ, հուսալով, որ ամուսնությամբ կփարատի տրտմությունն իր ներանձնական, իսկ մի նոր կյանք սկսելով ու եռանդագին կատարելով իր պարտքը կնոջ ու զավակների նկատմամբ՝ բոլորովին կթոթափի հիշատակներն իր անցյալի։ Բայց տեղի է ունենում ճիշտ հակառակն այդ ակնկալության։ Ամուսնության դեռ առաջին ամսին մի անդադրում միտք սկսում է խռովել նրան. «Ահա կինս սիրում է ինձ, բայց եթե հանկարծ իմանա՞ր»։ Երբ կինը հղանում է իր առաջին երեխան և հայտնում այդ մասին, նա տագնապում է հանկարծ, «Կյանք եմ տալիս, բայց ինքս եմ կյանք խլել»։ Երեխաներ են աշխարհ գալիս. «Ինչպե՞ս հանդգնեմ սիրել, ուսուցանել ու դաստիարակել նրանց, ինչպե՞ս նրանց հետ խոսեմ առաքինության մասին. արյուն եմ թափել»։ Սքանչելի զավակներ են դառնում, ուզում է գգվել նրանց, «Բայց ես չեմ կարող նայել նրանց անմեղ, պայծառ դեմքերին, անարժան եմ դրան»։ Վերջապես ահեղ ու դառնագին հաճախանքով սկսում է հալածել նրան սպանված զոհի արյունը, երիտասարդ ու խորտակված կյանքը նրա, հատուցում աղաղակող արյունը նրա։ Սկսում է սարսափելի երազներ տեսնել։ Բայց հոգեպես տոկուն մարդ լինելով, երկար ժամանակ դիմանում է տանջանքին, «Ամեն ինչ կքավեմ այս իմ թաքուն տառապանքով»։ Բայց ունայն էր այդ հույսը ևս. հետզհետե ավելի ուժգին է դառնում տառապանքը։ Հասարակության մեջ սկսում են հարգել նրան իր կատարած բարեգործությունների համար, թեև բոլորը վախենում են նրա խիստ ու մռայլ բնավորությունից, սակայն որքան ավելի են հարգում, այնքան ավելի անտանելի է դառնում վիճակը նրա։ Խոստովանեց ինձ, որ մտածել է անձնասպան լինել։ Բայց դրա փոխարեն մի այլ ցանկություն սկսում է հաճախել նրան, մի ցանկություն, որ սկզբում անկարելի ու ցնորական էր համարում, բայց որ ի վերջո այնպիսի արմատներ է արձակում նրա սրտի մեջ, որ անհնարին էր պոկել։ Երազում էր այսպես. վեր կենալ, կանգնել բազմության առաջ ու հայտարարել բոլորին, որ ինքը մարդ է սպանել։ Երեք տարի անձնատուր է լինում այդ երազին, որ այլազան ձևերով հաճախում էր նրան շարունակ։ Վերջապես սկսում է հաստատորեն հավատալ ամբողջ սրտով, որ եթե հրապարակով հայտնի իր կատարած ոճիրը, անպայմանորեն կբուժի իր հոգին և կխաղաղվի առընդմիշտ։ Սակայն այդպես հավատալուց հետո սարսափով է լցվում սիրտը, որովհետև ինչպե՞ս կարող էր իրագործել։ Եվ ահա հանկարծ՝ իմ մենամարտի այդ դեպքը։

— Հետևելով ձեզ, տվեցի այժմ որոշումս։

Ես նայեցի նրան։

— Բայց մի՞թե,— բացականչեցի ձեռքերս զարկելով իրար,— այսպիսի փոքր դեպքը կարող էր նման մի վճռականության ծնունդ տալ ձեր մեջ։

— Երեք տարի է, ինչ ծնվում էր իմ վճռականությունը,— պատասխանեց,— իսկ ձեր դեպքը մղիչ ուժ եղավ միայն։ Ձեզ նայելով, հանդիմանեցի ինքս ինձ ու նախանձեցի ձեզ,— ասաց նա նույնիսկ խստությամբ։

— Բայց ձեզ չեն էլ հավատա,— նկատեցի ես,— տասնչորս տարի է անցել։

— Ապացույցներ ունեմ, մեծ ապացույցներ։ Կներկայացնեմ։

Ու ես արտասվեցի հայնժամ, համբուրեցի նրան։

— Մի հարց կա, մի հարց, ա՛յդ լուծեցեք,— ասաց նա ինձ (կարծես թե ամեն ինչ ինձնից էր կախված այլևս),— կի՜նս, զավակնե՜րս։ Կինս կարող է մեռնել վշտից, իսկ զավակներս թեև չեն կորցնի ազնվականության կոչումն ու կալվածները, բայց կալանավորի զավակներ կդառնան, և ընդմիշտ։ Իսկ իմ մասին ի՞նչ հիշատակ եմ թողնելու նրանց սրտերում, ի՜նչ հիշատակ։

Ես լուռ էի մնում։

— Եվ բաժանվե՞լ նրանցից, թողնե՞լ նրանց ընդմիշտ։ Այո, ընդմիշտ, ընդմի՜շտ։

Լուռ նստած՝ աղոթք էի մրմնջում։ Վեր կացա ի վերջո, սարսափ պատեց ինձ։

— Ի՞նչ անեմ ուրեմն։

Նա ինձ էր նայում։

— Գնացեք,— ասացի,— խոստովանեցեք մարդկանց։ Ամեն ինչ կանցնի, ճշմարտությունը միայն կմնա։ Երեխաները մեծանալուց հետո կհասկանան, թե որքան վեհանձնություն կար ձեր այս վսեմ արարքի մեջ։

Այդ օրը նա կարծես իրոք վճռականությամբ լի հեռացավ ինձնից։ Բայց և այնպես, ավելի քան երկու շաբաթ գալիս էր ինձ մոտ այնուհետև, ամեն իրիկուն, պատրաստվում էր շարունակ, չէր կարողանում վճռել տակավին։ Տանջեց նա սիրտն իմ։ Մերթ գալիս էր հաստատակամ և ասում էր խանդաղատալից.

— Գիտեմ, որ դրախտն է բացվելու ինձ համար, իսկույն բացվելու է դրախտը, երբ խոստովանեմ հրապարակով։ Տասնչորս տարի դժոխքի մեջ էի։ Չարչարվել եմ ուզում։ Կընդունեմ չարչարանքն իմ ուսերին և կսկսեմ ապրել։ Անիրավութլամբ կարող ես աշխարհն անցնել, բայց ետ դառնալ չես կարող։ Այժմ ոչ միայն իմ մերձավորին, այլև իմ զավակներին սիրել չեմ համարձակվում։ Աստվա՜ծ իմ, թերևս իրոք հասկանան զավակներս, թե ի՛նչ արժեց ինձ չարչարանքն իմ, ու չդատապարտե՜ն ինձ։ Աստված ոչ թե ուժի, այլ ճշմարտության մեջ է։

— Բոլորը կհասկանան սխրագործությունը ձեր,— ասում էի նրան,— եթե ոչ անմիջապես, գեթ հետագայում կհասկանան, որովհետև ճշմարտության ծառայած պիտի լինեք, գերագույն, աներկրային ճշմարտության...

Եվ գնում էր կարծես մխիթարված, սակայն հաջորդ օրը հանկարծ գալիս էր նորից՝ չարացած, գունատ, և ասում էր հեգնանքով.

— Ամեն անգամ որ գալիս եմ ձեզ մոտ, այնպիսի մի հետաքրքրությամբ եք նայում ինձ, այսինքն թե՝ «Ինչ է, դեռ չե՞ս խոստովանել»։ Սպասեցեք, շատ մի արհամարհեք։ Այնքան էլ հեշտ բան չէ այդ անելը, որքան կարծում եք։ Գուցե և բնավ չանեմ։ Այդ դեպքում չե՞ք գնա ինձ մատնելու, հա՞։

Իսկ ես ոչ միայն չէի նայում նրան անխոհեմ հետաքրքրությամբ, այլև երբեմն վախենում էի նույնիսկ հայացքս բարձրացնել նրա վրա։ Տանջվել էի հիվանդ զգալու չափ, և հոգիս լի էր արտասուքով։ Մինչև իսկ քունս կորցրի գիշերային։

— Հիմա կնոջս մոտից եմ գալիս,— շարունակեց նա։— Հասկանո՞ւմ եք արդյոք, թե ինչ բան է մարդուս կինը։ Երբ դուրս էի գալիս, երեխաները գոռացին իմ ետևից. «Ցտեսությո՜ւն, հայրիկ, շուտ եկեք, որ «հանդես մանկականը» կարդանք միասին»։ Ո՜չ, դուք չե՛ք հասկանում այս բանը։ Ուրիշի ցավից մարդու խելքը չի շատանա։

Աչքերը փայլատակում էին, շրթունքները դողդողում։ Հանկարծ բռունցքով հարվածեց սեղանին, այնպես որ իրերը սեղանից վեր թռան. այնքա՜ն հեզահամբույր մարդ՝ առաջին անգամն էր, որ նման բան էր անում։

— Բայց պե՞տք է որ,— բացականչեց,— կարիք կա՞ որ։ Չէ որ ոչ ոք չի դատապարտվել, ոչ ոքի տաժանավայր չեն աքսորել իմ երեսից, ծառան հիվանդությունից մեռավ։ Իսկ հեղված արյան համար ես պատժվել եմ իմ տանջանքներով։ Ու չեն էլ հավատա ինձ ամենևին, իմ ոչ մի ապացույցին չեն հավատա։ Ի՞նչ կարիք կա խոստովանելու, ի՞նչ կարիք կա։ Թափված արյան համար պատրաստ եմ դեռ իմ ամբողջ կյանքում տառապելու, միայն թե հարված չհասցնեմ իմ կնոջն ու երեխաներին։ Արդա՞ր կլինի արդյոք կործանել նրանց ինձ հետ։ Չե՞նք սխալվում արդյոք։ Ո՞րն է ճշմարտությունը այստեղ։ Եվ մարդիկ կհասկանա՞ն արդյոք այդ ճշմարտությունը, կգնահատե՞ն, կհարգե՞ն արդյոք։

«Աստվա՜ծ իմ,— ասացի իմ մտքում,— մարդկանց հարգանքի մասին է մտածում այսպիսի րոպեին»։ Եվ այնքան խղճացի նրան այդ պահին, որ կարծես ինքս պատրաստ էի բախտակից լինելու նրան, միայն թե թեթևացնեի վիճակը։ Տեսնում էի՝ մոլեգնահար էր կարծես։ Սոսկում զգացի, երբ արդեն ոչ միայն մտքով, այլև հոգվույս կենդանի էությամբ հասկացա, թե ինչ արժեր այդպիսի վճիռ ընդունելը։

— Դե՜հ, վճռեցե՛ք իմ ճակատագիրը,— բացականչեց նա կրկին։

— Գնացե՛ք ու խոստովանեցե՛ք,— շշնջացի ես նրան։ Ձայնս կարվում էր, բայց շշնջացի հաստատակամորեն։ Ու վերցրի սեղանից նոր կտակարանը, ռսւսերեն աշխարհաբար թարգմանությամբ, ցույց տվեցի նրան ավետարանն ըստ Հովհաննու գլ. ԺԲ, հմր. 24.

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատիկը երկիր ընկնելով չմեռնի, ինքը միայն կմնա. իսկ եթե մեռնի, բազում արդյունք կբերի»։ Դեռ նոր, նրա գալուց առաջ ընթերցել էի այդ համարը։

Կարդաց նա։

— Ճիշտ է,— ասաց, բայց ժպտաց դառնագին։— Այո, սոսկում տվող բաների ես հանդիպում այս գրքերի մեջ,— ասաց մի փոքր լռելուց հետո։— Բայց հեշտ է մարդու աչքը կոխել սրանք։ Եվ ո՞վ է գրել այս բաները, միթե մարդի՞կ։

— Սուրբ ոգին է գրել,— ասացի։

— Ձեզ համար հեշտ է շաղակրատելը,— ժպտաց նա նորից, բայց արդեն ատելությամբ համարյա։

Ես նորից վերցրի գիրքը, մի ուրիշ տեղ բացեցի և ցույց տվեցի նրան թուղթն «Առ եբրայեցիս», գլ. Ժ, հմր. 31։ Կարդաց.

«Սարսափելի է ընկնել կենդանի աստուծո ձեռքը»։

Կարդաց և ուղղակի դեն նետեց գիրքը։ Նույնիսկ սարսռաց ամբողջ մարմնով։

— Ահավոր բան է,— ասաց,— խոսք չկա, տեղին ընտրեցիք։— Վերկացավ աթոռից։— Դե՜հ,— ասաց,— ցտեսություն, գուցե չգամ այլևս... դրախտում կտեսնվենք։ Ուրեմն արդեն տասնչորս տարի է, ինչ «ընկել եմ կենդանի աստուծո ձեռքը», ահա թե ինչպես է կոչվում ուրեմն այդ տասնչորս տարին։ Վաղը կաղաչեմ այդ ձեռքին, որ ինձ ազատ արձակի...

Ուզում էի գրկել ու համբուրել նրան, բայց չհամարձակվեցի. այլայլված էր դեմքը, ծանր էր հայացքը։ Գնաց։ «Տե՜ր աստված,— մտածեցի,— ինչպիսի՜ փորձության է գնում մարդը»։ Ծնրադրեցի իսկույն սրբապատկերի առաջ և արտասվեցի նրա համար, աղաչելով ամենասուրբ աստվածածնին անմիջահաս բարեխոսին և օգնականին մեր։ Կես ժամ էր՝ աղոթքի էի կանգնել արտասվալից, և արդեն ուշ գիշեր էր, տասներկուքի մոտ։ Հանկարծ, տեսնում եմ, դուռը բացվեց ու նա կրկին ներս մտավ։ Ապշեցի։

— Ո՞ւր էիք գնացել,— հարցրի։

— Կարծեմ մի բան... մի բան եմ մոռացել,— ասաց,— կարծեմ թաշկինակս... է՜հ, թեկուզ ոչինչ չեմ մոռացել, թողե՛ք նստեմ մի քիչ...

Նստեց աթոռին։ Ես գլխին կանգնած մնացի։

— Դուք էլ նստեցեք,— ասաց։

Նստեցի։ Մոտ երկու րոպե նստած մնացինք, նա սևեռուն նայում էր ինձ և հանկարծ ժպտաց, հիշեցի ժպիտն այդ։ Ապա վերկացավ, գրկեց ինձ ուժգին և համբուրեց...

— Հիշի՛ր,— ասաց,— հիշի՛ր այս իմ երկրորդ անգամ գալը՝ քեզ մոտ։ Լսո՞ւմ ես, հիշի՜ր այս պահը։

Առաջին անգամն էր, որ ինձ «դու» ասաց։ Ու գնաց։ «Վաղը»,— մտածեցի ես։

Եվ այդպես էլ եղավ։ Ու ես չգիտեի այդ իրիկուն, որ հաջորդ օրը ծննդյան օրն էր նրա։ Վերջին օրերը տնից դուրս չէի եկել, ուստի և առիթ չէի ունեցել որևէ մեկից իմանալու այդ մասին։ Իսկ ամեն տարի այդ օրը մեծ ընդունելություն էր կատարվում նրա տանը, ամբողջ քաղաքն էր հավաքվում։ Այդ անգամ ևս հավաքվել էին։ Եվ ահա, ճաշկերույթից հետո, նա ելնում ու կանգնում է հյուրասրահի մեջտեղը, մի թուղթ ձեռքին՝ կատարյալ մի զեկուցագիր, իր պաշտոնապետին ուղղված։ Ու քանի որ պաշտոնապետն անձամբ ներկա էր երեկույթին, նրա և բոլորի առաջ բարձրաձայն կարդում է թուղթն այդ, ուր լիովին նկարագրված էր ամբողջ ոճրագործությունը՝ բոլոր մանրամասներով։ «Որպես ճիվաղի՝ արտաքսում եմ ինքս ինձ մարդկանց միջավայրից, աստված ինձ այցելեց,— ավարտում է նա թուղթը,— տառապել եմ ուզում»։։ Ապա իսկույն հանում ու սեղանի վրա է դնում բոլոր այն իրերը, որ պահել էր տասնչորս տարի, և որոնք, իր կարծիքով, պիտի իր գործած ոճիրն ապացուցեին— սպանված կնոջ ոսկեղեն զարդերը, որ գողացել էր՝ կասկածն իր անձից հեռացնելու մտքով, նրա վզից հանած մեդալիոնն ու խաչը, ընդ որում մեդալիոնի մեջ նրա փեսացուի դիմանկարը կար, նրա ծոցատետրը և վերջապես երկու նամակ, մեկը փեսացուի նամակն էր, որով վերջինս հայտնում էր իր մոտալուտ գալստյան մասին, իսկ մյուսն այդ նամակի պատասխանն էր, որ կինն սկսել էր գրել ու չէր ավարտել, թողել էր սեղանի վրա, որպեսզի հաջորդ օրն ուղարկի փոստատուն։ Այդ երկու նամակները վերցրել ու տարել էր իր հետ, ինչո՞ւ։ Ինչո՞ւ պահել էր դրանք տասնչորս տարի, փոխանակ ոչնչացնելու որպես հանցանշաններ։ Արդ ուրեմն, ահա թե ինչ է տեղի ունեցել, զարմանք ու սարսափ է պատել բոլորին, ոչ ոք չի ուզեցել հավատալ, ու թեև բոլորը լսել են ծայրահեղ հետաքրքրությամբ, բայց որպես հիվանդ մարդու զառանցանք, իսկ մի քանի օր հետո բոլոր տներում արդեն վերջնականապես որոշեցին ու վճռեցին, թե խելագարվել է դժբախտ մարդը։ Իշխանություններն ու դատարանը չէին կարող ընթացք չտալ գործին, բայց նրանք ևս սկսեցին ու կես թողեցին. թեև ներկայացված իրերն ու նամակները ստիպում էին մտածել, բայց այստեղ նույնպես եկան այն որոշման, որ եթե նույնիսկ պարզվեր իսկությունն այդ փաստանշանների, այնուամենայնիվ չէր կարելի վճռականորեն մեղադրանք առաջադրել լոկ այդ փաստանշանների հիման վրա։ Եվ վերջապես նա կարող էր բոլոր իրերը նախօրոք ստացած լինել հանգուցյալից, որպես ծանոթ ու վստահյալ անձ։ Հետագայում սակայն լսեցի, թե իրերի վավերականությունն ստուգել են սպանյալի բազմաթիվ ծանոթների ու հարազատների միջոցով, և թե տարակույս չի եղել այլևս այդ մասին։ Բայց այդ գործին դարձյալ վիճակված էր անավարտ մնալ։ Հինգ օր հետո բոլորն իմացան, որ տառապյալը հիվանդացել է և երկյուղ են կրում նրա կյանքի համար։ Ի՞նչ էր նրա հիվանդությունը՝ բացատրել չեմ կարող, ասում էին, թե սրտի բաբախյունն է խանգարվել, բայց հայտնի դարձավ, որ բժշկական խորհուրդը, նրա կնոջ պնդմամբ, հավաստագրել է նաև հոգեկան վիճակը և եզրակացրել, թե խելագարությունն առկա է արդեն։ Ես ոչինչ չհայտնեցի, թեպետ ամեն կողմից հարցուփորձ էին անում, բայց երբ ցանկացա այցելել նրան, երկար ժամանակ մերժում էին ինձ, մանավանդ նրա կինը։ «Դո՛ւք եք նրա հիվանդության պատճառը,— ասաց ինձ,— առաջ էլ մռայլ էր, իսկ վերջին տարին բոլորն էլ նկատում էին, որ արտասովոր հուզմունքի մեջ է և տարօրինակ բաներ է անում, մեկ էլ ահա դուք խորտակեցիք նրան, դուք էիք քարոզներ կարդում գլխին, մի ամբողջ ամիս ձեր տնից դուրս չէր գալիս»։ Եվ ի՞նչ, ոչ միայն նրա կինը, այլև ամբողջ քաղաքը թափվեց իմ գլխին և ինձ մեղադրեցին. «Ձեր երեսից է ամեն ինչ»,— ասում էին։ Ես լուռ էի մնում, և ուրախ էր սիրտն իմ արդարև, վասնզի տեսա աներկբայելի ողորմածությունն աստուծո՝ ինքն իր դեմ ելած և ինքն իրեն պատժած մարդու նկատմամբ։ Իսկ նրա խելագարությանը չէի կարող հավատալ անշուշտ։ Վերջապես ինձ ևս թույլատրեցին այցելել նրան, ինքն էր անպայմանորեն պահանջել այդ, որպեսզի հրաժեշտ տա ինձ։ Ներս մտա ու տեսա արդարև, որ հաշվված էին ոչ միայն օրերը, այլև ժամերը նրա։ Տկար էր, դեղնած, դողում էին ձեռքերը, շնչահեղձ էր լինում, բայց հայացքը գորովալից էր և ուրախ։

— Կատարվե՜ց,— ասաց նա ինձ,— վաղուց ծարավի եմ քեզ տեսնելու, ինչո՞ւ չէիր գալիս։

Ես չհայտնեցի նրան, թե ինձ թույլ չէին տալիս այցելել իրեն։

— Աստված գթաց ինձ և կանչում է իր մոտ։ Գիտեմ, որ մահանում եմ, բայց ուրախություն եմ զգում և խաղաղություն՝ առաջին անգամ այնքան տարիներից հետո։ Երբ կատարեցի այն, ինչ հարկավոր էր, իսկույն ևեթ դրախտն զգացի իմ հոգում։ Այժմ արդեն համարձակվում եմ սիրել իմ զավակներին և համբուրել նրանց։ Չեն հավատում ինձ. ոչ ոք չհավատաց, ոչ կինս, ոչ դատավորները։ Եվ զավակներս էլ երբեք չեն հավատա։ Դրա մեջ աստուծո ոզորմությունն եմ տեսնում իմ զավակների նկատմամբ։ Կմեռնեմ, և անունն իմ անբիծ կմնա նրանց համար։ Իսկ այժմ նախազգում եմ մերձավորությունն աստուծո, հրճվում է սիրտն իմ՝ ասես դրախտի մեջ... պարտականությունն իմ կատարեցի...

Չէր կարողանում խոսել, շունչը կտրվում էր, ջերմորեն սեղմում էր ձեռքս, կաթոգին նայում էր ինձ։ Սակայն երկար չխոսեցինք, կինն անընդհատ գալիս էր ու աչքը մեր վրա պահում։ Բայց և այնպես նա առիթ գտավ շշնջալու ինձ.

— Իսկ հիշո՞ւմ ես, թե ինչպես այն օրը երկրորդ անգամ եկա քեզ մոտ, կեսգիշերին։ Ու դեռ պատվիրեցի էլ, որ միտքդ պահես։ Գիտե՞ս ինչու էի եկել։ Եկել էի քեզ սպանելու։

Ուղղակի ցնցվեցի։

— Դուրս ելա քո տնից ու խավարի մեջ թափառեցի փողոցներով, պայքարելով ինքս իմ դեմ։ Եվ հանկարծ ատեցի քեզ այն աստիճան, որ սիրտս հազիվ դիմացավ։ «Հիմա նա միակն է, որ կապել է իմ հոգին,— մտածեցի,— և դատավորն է իմ, չեմ կարող արդեն հրաժարվել վաղվա իմ պատժից, որովհետև նա ամեն ինչ գիտե»։ Եվ ոչ թե վախենում էի, որ կմատնես ինձ (մտքովս իսկ չէր անցնում այդ բանը), այլ մտածում էի. «Ինչպես պետք է նայեմ նրա երեսին, եթե չխոստովանեմ հանցանքս»։ Ու թեկուզ դու աշխարհի մյուս ծայրին լինեիր, բայց կենդանի, միևնույն է՝ անտանելի էր այն միտքը, որ դու ապրում ես, ամեն ինչ գիտես ու մեղադրում ես ինձ։ Ատեցի քեզ, որպես թե դու լինեիր պատճառն ամեն ինչի, դու լինեիր մեղավոր ամեն ինչի համար։ Ու վերադարձա քեզ մոտ այնժամ, հիշում էի, թե քո սեղանի վրա դաշույն կար։ Նստեցի ու խնդրեցի, որ դու ևս նստես, ու մտածեցի մի ամբողջ րոպե։ Եթե սպանեի քեզ, միևնույն է՝ կկործանվեի ա՛յդ սպանության հետևանքով, թեկուզ և խոստովանած չլինեի նախորդ ոճիրը։ Բայց այդ մասին բնավ չէի մտածում և չէի էլ ուզում մտածել այդ պահին։ Քե՛զ էի ատում միայն և ամբողջ էությամբ ուզում էի վրեժս լուծել քեզնից՝ ամեն ինչի համար։ Բայց տերն իմ աստված հաղթեց իմ սրտում սատանային։ Իմացիր սակայն, որ դու երբեք այնքան մոտ չէիր եղել մահվան։

Մի շաբաթ հետո նա մեռավ։ Ամբողջ քաղաքը մինչև գերեզման հուղարկավորեց ննջեցյալին։ Ավագերեցը սրտառուչ ճառ արտասանեց։ Ողբում էին այն սոսկալի հիվանդության համար, որ ընդհատեց կյանքի օրերը նրա։ Բայց նրան թաղելուց հետո ամբողջ քաղաքն ընդվզեց իմ դեմ, նույնիսկ դադարեցին ինձ հյուր ընդունել։ Ճիշտ է, ոմանք, սկզբում սակավաթիվ, բայց հետո ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ, սկսեցին հավատալ, որ ճշմարիտ է խոստովանությունը նրա, և սկսեցին խիստ հաճախակի այցելել ինձ, հարցուփորձ անել մեծ հետաքրքրությամբ ու խնդությամբ, քանզի մարդիկ սիրում են տեսնել անկումն ու նշավակությունն արդարակյաց մարդու։ Բայց ես լուռ մնացի և շուտով հեռացա քաղաքից առընդմիշտ, իսկ հինգ ամիս հետո, շնորհոք տյառն աստուծո, կանգնեցի հաստատուն ու բարեզարդ ուղու վրա, օրհնելով մատն աներևույթ, որ այնքան հստակորեն ցույց տվեց ինձ այս ուղին։ Իսկ աստուծո բազմաչարչար ծառա Միխայիլին օր ավուր հիշատակում եմ իմ աղոթքներում մինչև այսօր։

III: Ծաղկաքաղ՝ սրբահայր Զոսիմայի զրուցատրություններից ու հորդորներից

ե) Բան ինչ՝ վասն ռուս վանականի և նրա հնարավոր նշանակության

Հայրեր և ուսուցիչնե՛ր, ի՞նչ բան է վանականը։ Լուսավորյալ աշխարհում այս բառն այժմ ոմանք հեգնանքով են արտասանում արդեն, իսկ ուրիշներ՝ որպես նախատական բառ նույնիսկ։ Ու հետզհետե ավելի ակնբախ է դառնում վերաբերմունքն այդ։ Ճիշտ է, օհ ճի՜շտ, վանականների մեջ ևս բազմաթիվ են մակաբույծները, որկրամոլները, հեշտասերներն ու աներես շրջմոլիկները։ Սրանց են մատնացույց անում աշխարհիկ ու զարգացած մարդիկ, ասելով՝ «Ծույլեր եք դուք և հասարակության անօգուտ անդամներ, ուրիշի աշխատանքով եք ապրում, անամոթ մուրացկանների։ Մինչդեռ որքա՜ն մեծ է թիվը խոնարհ ու հեզահամբույր վանականների, որոնք տենչում են մենանալ ու կաթոգին աղոթել լռության մեջ։ Այսպիսիներին նվազ ուշադրություն են դարձնում և նույնիսկ բնավ չեն խոսում նրանց մասին, և որքա՜ն պիտի զարմանային մարդիկ, եթե ասեի, որ թերևս ռուսաց աշխարհի փրկությունը մի անգամ ևս գա սույն հեզահամբույր վանականներից, որոնք ծարավի են մենավոր աղոթքի։ Քանզի նրանք լռության մեջ ճշմարտապես պատրաստվում են «վասն աւուրն այնորիկ և ժամու»։ Առայժմ իրենց մենության մեջ նրանք վեհաշուք և անաղարտ են պահում պատկերը Քրիստոսի, պահում են անարատությունն աստվածային ճշմարտության, ինչպես ավանդված է հնագույն հայրերից՝ առաքյալներից ու նահատակներից, և երբ անհրաժեշտ ժամանակը գա՝ պիտի պարզեն այդ պատկերն աշխարհի խախտված ճշմարտության առաջ։ Մեծ է գաղափարն այս։ Արևելքից պիտի այս աստղը շողա։

Այսպես եմ մտածում վանականի մասին, և սխա՞լ է միթե, գոռոզակա՞ն է միթե։ Նայեցեք աշխարհիկ մարդկանց և այն աշխարհին, որ ամեն բանում իրեն վեր է դասում աստուծո ժողովուրդից, արդյոք չի՞ խեղաթյուրվել նրանց մեջ պատկերն աստուծո և ճշմարտությունը նրա։ Գիտություն ունեն նրանք, բայց գիտությունը բովանդակում է լոկ այն, ինչ ենթակա է զգայարաններին։ Իսկ հոգեկան աշխարհը, մարդկային էության վերին կեսը բացասված է ամենևին, վտարված է մի տեսակ հանդիսավորությամբ, նույնիսկ ատելությամբ։ Ազատություն է հռչակել աշխարհը, վերջերս մանավանդ, և արդ՝ ի՞նչ ենք տեսնում նրանց այդ ազատության մեջ. ոչ այլ ինչ, քան ստրկություն և անձնասպանություն։ Վասնզի աշխարհն ասում է. «Պահանջներ ունես, ուրեմն և հագեցրու դրանք, որովհետև ունես նույն իրավունքները, որ ունեն մեծազարմ և ամենահարուստ մարդիկ։ Մի՛ վախենար հագեցնելու պահանջները քո, այլև նույնիսկ բազմացրու դրանք»։ Ահա այժմյան ուսմունքն աշխարհի։ Դրա մեջ են տեսնում ազատությունը։ Եվ ի՞նչ հետևանք է տալիս պահանջները բազմացնելու այդ իրավունքը։ Հարուստների մեջ՝ մեկուսացում և հոգեկան անձնասպանություն, իսկ աղքատների մեջ նախանձ և մարդասպանություն, որովհետև իրավունքները տվել են, բայց պահանջները հագեցնելու միջոցներ չեն մատնանշել տակավին։ Հավատացնում են, թե աշխարհն ավելի ու ավելի կմիավորվի հետզհետե, կսերտանան եղբայրական փոխհարաբերման կապերը, որովհետև տարածությունները կրճատվում են, օդի միջով մտքեր են հաղորդվում։ Ավա՜ղ, մի՛ հավատար մարդկանց այդպիսի միավորման։ Ազատությունը հասկանալով որպես պահանջների բազմացում և շուտափույթ հագեցում, մարդիկ աղավաղում են սեփական բնությունն իրենց, վասնզի բազում անիմաստ ու հիմար ցանկությունների, սովորությունների և անհեթեթ ցնորքների են ծնունդ տալիս իրենց մեջ։ Ապրում են լոկ փոխադարձ նախանձի, մարմնասիրության ու սնապարծության համար։ Ճաշկերույթներ, հյուրայցեր, շքակառքեր, բարձր կոչումներ և ծառայող ստրուկներ ունենալն արդեն համարվում է անհրաժեշտություն, որի գոհացման համար զոհում են նույնիսկ կյանքը, պատիվն ու մարդասիրությունը, և մինչև իսկ անձնասպան են լինում, եթե չեն կարողանում գոհացնել։ Հարուստ չեղողների մեջ նույն բանն ենք տեսնում, իսկ աղքատներն իրենց չգոհացված պահանջներն ու նախանձը հարբեցողությամբ են խեղդում առայժմ։ Բայց շուտով գինվո փոխարեն արյամբ են հարբելու, ահա թե ո՛ւր են տանում նրանց։ Հարց եմ տալիս ձեզ՝ ազա՞տ է արդյոք այդպիսի մարդը։ Ճանաչում էի «գաղափարի համար մարտնչող» մի մարդու, նա անձամբ պատմեց ինձ, թե երբ բանտում զրկել են իրեն ծխախոտից, այնքան է տանջվել այդ զրկանքով, որ քիչ է մնացել գնա ու մատնի իր «գաղափարը», որպեսզի պարզապես ծխախոտ տան իրեն։ Բայց չէ՞ որ այդպիսի մարդն ասում է, «Գնում եմ մարդկության համար պայքարելու»։ Է՜հ, ուրեմն, ի՞նչ պայքարի կարող է գնալ այդպիսին և ինչի՞ է նա ընդունակ, գուցե շուտափույթ կատարվելիք մի գործի, բայց չի կարող երկար դիմանալ։ Եվ զարմանալի չէ, որ ազատության փոխարեն ստրկության մեջ ընկան, իսկ եղբայրասիրության ու մարդկային միավորման ծառայելու փոխարեն, ընդհակառակն, տարանջատվեցին ու մեկուսացան, ինչպես իմ խորհրդավոր այցելուն և ուսուցիչն ասաց ինձ երիտասարդությանս օրերին։ Ուստի և աշխարհում ավելի ու ավելի է աղոտանում մարդկության ծառայելու, եղբայրական սիրո և մարդկանց միասնականության գաղափարը, և հիրավի՝ նույնիսկ ծաղրանքով են վերաբերվում արդեն այդ գաղափարին, որովհետև ինչպե՞ս կարող են հրաժարվել իրենց սովորություններից, ի՞նչ ընթացք կարող է բռնել ստրուկն այս, եթե այնքան սովոր է գոհացնելու իր անհաշիվ պահանջները, որ ինքն իսկ հնարել է իր համար։ Մեկուսացել է նա, և ի՞նչ գործ ունի ամբողջ մարդկության հետ։ Ու հասել են այն բանին, որ ավելի շատ իրեր են կուտակել, բայց նվազել է ուրախությունը։

Այլ բան է վանական ուղին։ Հնազանդության, ծոմապահության ու աղոթքի վրա ծիծաղում են նույնիսկ, մինչդեռ դրանց մեջ է լոկ այն ուղին, որ տանում է դեպի իսկական, արդեն ճշմարիտ ազատությունը. ավելորդ ու անհարկի պահանջները կտրում ու հեռացնում են ինձնից, անձնասեր ու հպարտ իմ կամքը սաստում ու ձաղկում եմ հնազանդության միջոցով, և այդպիսով, օգնությամբն աստուծո, հասնում եմ ոգու ազատության ու դրա հետ նաև հոգեկան ուրախություն եմ ձեռք բերում։ Իսկ ո՞վ ավելի ընդունակ է մեծ գաղափար կրելու և ծառայելու դրան՝ մեկուսացյալ հարո՞ւստը, թե ազատագրյալն այս, որ թոթափել է բռնությունն իրերի և սովորությունների։ Վանականին կշտամբում են մենության համար. «Առանձնացել ես դու, որպեսզի անձը քո փրկես վանքի պատերի մեջ փակված, և մոռացել ես եղբայրական ծառայություն մատուցել մարդկության»։ Բայց կաեսնե՜նք տակավին, թե ո՛վ է ավելի ջերմեռանդորեն նվիրվելու եղբայրասիրության գործին։ Քանզի ոչ թե մենք, այլ նրանք են մեկուսացել, բայց չեն տեսնում մեկուսացումն իրենց։ Իսկ մեր միջավայրից ժողովրդական գործիչներ են հայտնվել ի հնուց անտի, և ինչո՞ւ այժմ ևս չեն կարող հայտնվել նրանք։ Նույն այդ խոնարհ ու հեզաբարո ծոմապահներն ու լռակյացները ոտքի կելնեն ու կգնան ծառայելու մեծ գործին։ Ժողովուրդն է փրկությունը Ռուսաց աշխարհի։ Իսկ ռուսական վանքն ի հնուց անտի եղել է ժողովրդի հետ։ Եթե ժողովուրդն է մեկուսացել, ուրեմն մենք ևս մեկուսացման մեջ ենք։ Ժողովուրդը մեզ նման է հավատում, և անհավատ գործիչը Ռուսաստանում ոչինչ չի կարողանա անել, եթե նույնիսկ անկեղծ սիրտ ունենա և հանճարեղ միտք։ Հիշեցե՛ք այս բանը։ Ժողովուրդը կդիմագրավի անաստվածին ու կհաղթահարի նրան, և Ռուսաց աշխարհը կլինի միասնական, ուղղափառ։ Պահեցեք ու պահպանեցե՛ք ուրեմն ժողովուրդը և պաշտպանեցե՛ք սիրտը նրա։ Դաստիարակեցե՛ք նրան առանց աղմուկի։ Ահա՛ վանական սխրալի պարտքը ձեր, քանզի ասավածազգյաց է ժողովուրդն այս։

զ) Բան ինչ՝ վասն տերերի ու ծառաների և վասն այնորիկ, թե հնարավոր է արդյոք, որ տերերն ու ծառաները փոխադարձաբար եղբայրանան ոգեպես

Աստված իմ, ո՞վ է ժխտում, որ ժողովուրդը ևս մեղքեր ունի։ Եվ ապականության հրդեհը տարածվում է նույնիսկ տեսանելիորեն, ժամ առ ժամ, վերևից է իջնում ներքև։ Ժողովրդի մեջ ևս սկիզբ է առնում մեկուսացման ախտը, կուլակներ և ցեցեր են առաջ գալիս։ Վաճառականն ավելի ու ավելի է տենչում հարգանք ու պատիվ ձեռք բերել, ձգտում է կրթյալ ցույց տալ իրեն՝ դույզն ինչ կրթություն չունենալով հանդերձ, և այդ իսկ նպատակով զազրելիորեն արհամարհում է հնավանդ սովորությունները և նույնիսկ ամաչում է դավանել հավատքն իր հայրերի։ Այցելում է իշխաններին, թեև ինքն ապականյալ գյուղացի է պարզապես։ Ժողովուրդը նեխում է հարբեցողության մեջ և արդեն չի կարողանում ձերբազատվել դրանից։ Ու որքա՜ն դաժանություն ընտանիքի, սեփական կնոջ, նույնիսկ երեխաների նկատմամբ. և այդ ամբողջը՝ հարբեցողության հետևանքով։ Մինչև իսկ տասնամյա երեխաներ եմ տեսել գործարաններում՝ վտիտ, վատառողջ, կքած և արդեն ապականյալ։ Խեղդուկ աշխատանոց, մեքենաների ժխոր, օրնիբուն աշխատանք, անառակ խոսքեր ու խմիչք, խմիչք, իսկ ա՞յդ է պետք՝ դեռ այնքան փոքրի՜կ երեխայի հոգուն։ Արև է պետք նրան, մանկական խաղեր են պետք, պայծառ օրինակներ չորս կողմից և գոնե մի կաթիլ սեր նրա նկատմամբ։ Թող չլինի՛ այլևս այդ բանը, վանականնե՛ր, թող վե՛րջ գտնի տանջանքը երեխաների, ելեք ու քարոզեցե՛ք այդ, փութացե՛ք, փութացե՜ք։

Սակայն կփրկի առաված Ռուսաստանը, քանզի ապականյալ է թեև ռամիկը և չի կարող արդեն հրաժարվել ժանտահոտ մեղքից, բայց այնուամենայնիվ գիտե, որ իր ժանտահոտ մեղքն անիծել է աստված, և որ ինքը վատ է վարվում, երբ մեղանչում է։ Այնպես որ ժողովուրդը մեր անդուլ հավատում է տակավին ճշմարտության, հավատում է աստուծո, արտասվում է բարեպաշտ խանդաղատանքով։ Այդպես չեն բարձր դասի մարդիկ։ Հետևելով գիտության, նրանք ուզում են իրենց բանականությամբ միայն արդարություն ստեղծել, բայց այլևս առանց Քրիստոսի, ինչպես առաջ, և արդեն հայտարարել են, թե չկա հանցագործություն, չկա մեղսագործություն։ Եվ իրոք, դա ճիշտ է ըստ նրանց մտածելակերպի. քանզի եթե աստված չունես, այլևս ի՞նչ հանցագործություն։ Եվրոպայում ժողովուրդն արդեն բռնի ուժ գործադրելով է ապստամբում հարուստների դեմ, և ժողովրդի առաջնորդներն ամենուրեք տանում են նրան արյուն թափելու և ուսուցանում են, թե արդար է ցասումը նրա։ Սակայն «անիծյալ է ցասումը նրանց, վասնզի լի է դաժանությամբ»։ Իսկ աստված կփրկի Ռուսաստանը, ինչպես փրկել է բազում անգամներ։ Ժողովրդից պիտի գա փրկությունը, հավատքից նրա ու խոնարհությունից։ Հայրեր և ուսուցիչնե՛ր, պահպանեցե՛ք հավատքը Ժողովրդի, լոկ երազանք չէ այդ. ամբողջ իմ կյանքում զարմացրել է ինձ վեհաշունչ և ճշմարիտ արժանապատվությունը մեր մեծ ժողովրդի, ինքս եմ տեսել, անձամբ կարող եմ վկայել, տեսել եմ ու զարմացել, տեսել եմ՝ հակառակ նույնիսկ մեր ժողովրդի չքավոր երևույթին ու նրա մեղքերի ապականության։ Ստրկամիտ չէ նա, և այն էլ երկու դար տևած ստրկությունից հետո։ Համարձակ է իր տեսքով ու վարվելակերպով, բայց առանց չարամիտ լինելու։ Ու վրեժխնդիր չէ նա, ու նախանձոտ չէ. «Դու ազնվազարմ ես, հարուստ, դու խելացի ես ու տաղանդավոր. թո՛ղ այդպես լինի, աստված օրհնի քեզ։ Հարգում եմ քեզ, բայց գիտեմ, որ ե՛ս էլ մարդ եմ։ Քեզ հարգում եմ առանց նախանձի և հենց դրանով էլ իմ մարդկային արժանապատվությունն եմ ի հայտ բերում քո առաջ»։ Հիրավի, եթե չեն ասում այսպես (որովհետև անկարող են դեռ այս բանն ասելու), ապա վարվում են այս ոգով, ինքս եմ տեսել, ինքս եմ զգացել, և, կհավատա՞ք, ինչքան ավելի աղքատ ու ստորադաս է ռուս մարդը մեր, այնքան ավելի նկատելի է նրա մեջ ճշմարտությունն այս վեհաշունչ, քանզի ժողովրդից դուրս եկած հարուստ կուլակներն ու ցեցերը մեծավ մասամբ ապականված են արդեն, և այստեղ շատ բան, շատ բան հետևանքն է մեր անփութության և անտարբերության։ Բայց կփրկի աստված իր ժողովրդին, վասնզի մեծ է Ռուսաստանն իր խոնարհությամբ։ Երազում եմ տեսնել և կարծես հստակորեն տեսնում եմ արդեն մեր ապագան. վասնզի պիտի լինի այնպես, որ մինչև իսկ ամենից ավելի ապականյալ հարուստը մեր պիտի ամաչի ի վերջո աղքատների առաջ՝ իր հարստության համար, իսկ աղքատը, տեսնելով խոնարհությունն այդ պիտի հասկանա ու պիտի զիջի նրան ուրախությամբ և պիտի սիրալիր պատասխանի նրա բարեմույն ամոթահարության։ Հավատացեք, որ այդպես է լինելու վերջ ի վերջո. դեպի այդ բանն է տանում ընթացքն իրերի։ Մարդու հոգեկան արժանապատվության մեջ է լոկ հավասարությունը, և միայն մեզ մոտ պիտի այդքանը հասկանան։ Եթե եղբայրներ լինեն մարդիկ, կլինի նաև եղբայրություն, իսկ եղբայրության հաստատումից առաջ երբեք չեն կարող նրանք արդար բաժանում կատարել իրար միջև։ Պահպանենք պատկերը Քրիստոսի, և նա թանկագին ադամանդի նման պիտի փայլ արձակի համայն աշխարհին... Եղիցի՛, եղիցի՛։

Հայրեր և ուսուցիչնե՛ր, սրտաշարժ մի դեպք պատահեց ինձ տարիներ առաջ։ Իմ թափառումների ընթացքում, նահանգային Կ. քաղաքում հանկարծ հանդիպեցի իմ նախկին համհարզ Աֆանասիին, իսկ այն ժամանակ ութ տարի էր անցել արդեն մեր բաժանումից հետո։ Պատահաբար տեսավ նա ինձ շուկայում, ճանաչեց, վազելով մոտեցավ, և աստվա՛ծ իմ, որքա՛ն ուրախացավ, ուղղակի փարվեց ինձ. «Հա՛յր սուրբ, տե՛ր իմ, դո՞ւք եք, դո՞ւք։ Բայց իրո՞ք ձեզ եմ տեսնում»։ Իր տունը տարավ ինձ։ Բանակից հեռացել էր արդեն, ամուսնացել էր, և արդեն երկու փոքրիկ երեխա ուներ։ Կնոջ հետ իրենց ապրուստը ճարում էին մանրավաճառություն անելով շուկայում։ Աղքատիկ էր նրանց սենյակը, բայց կոկիկ ու զվարթ։ Նստեցրեց ինձ, ինքնաեռը դրեց, մարդ ուղարկեց կնոջը կանչելու, կարծես թե իմ հայտնվելը մի տեսակ տոն էր նրա համար։ Մոտս բերեց երեխաներին. «Օրհնեցե՛ք, հայր սուրբ»։— «Միթե ե՞ս պետք է օրհնեմ,— պատասխանեցի,— պարզ ու խոնարհ մի վանական եմ ես, նրանց համար կաղոթեմ առ աստված, իսկ քեզ համար, Աֆանասի Պավլովիչ, միշտ եմ աղոթում, այն օրից սկսյալ ամենայն օր, վասնզի քեզնից է, որ սկիզբ առավ այս ամբողջը»։ Եվ բացատրեցի նրան, որքան որ կարող էի։ Եվ ի՞նչ. մարդը նայում էր ինձ շարունակ ու չէր կարողանում պատկերացնել, որ ես, նախկին նրա տերը, սպա, այժմ այդպիսի տեսքով և այդպիսի հագուստով գտնվում եմ նրա առաջ. արտասվեց նույնիսկ։ «Ինչո՞ւ ես արտասվում,— ասացի նրան,— ավելի լավ է՝ ուրախացի՜ր ինձ համար սրտանց, սիրելի, անմոռանալի՛ բարեկամդ իմ, վասնզի բերկրալի ու պայծառ է իմ ուղին»։ Շատ բան չէր ասում, այլ շարունակ հառաչում էր և ինձ նայելով գլուխն էր շարժում գորովալից։ «Իսկ ո՞ւր ՝ ձեր հարստությունը»,— հարցրեց։ «Վանքին եմ նվիրել,— պատասխանեցի,— ու մենք ապրում ենք համակեցությամբ»։ Թեյից հետո սկսեցի հրաժեշտ տալ նրանց, և հանկարծ նա մի հիսուն կոպեկանոց հանձնեց ինձ որպես նվիրատվություն վանքի համար, իսկ մի ուրիշ հիսուն կոպեկանոց էլ, տեսնեմ, հապճեպորեն խցկում է ձեռքս, «Սա ձեզ,— ասում է, — ուխտավոր եք, ճամփա եք գնում, գուցե թե պետք լինի, հայր սուրբ»։ Ընդունեցի նրա հիսուն կոպեկը, խոնարհվեցի նրան ու կնոջը և դուրս եկա ուրախացած։ Ու մտածում էի ճանապարհին, «Ահա հիմա երկուքս էլ, թե՛ նա՝ իր տանը նստած, թե՛ ես՝ ճանապարհին քայլելով, հառաչում ենք անշուշտ և միաժամանակ ժպտում ուրախ, մեր սրտերը բերկրանքով լի, գլուխներս շարժելով ու հիշելով, թե ինչպես նորից հանդիպեցինք կամոքն աստուծո»։ Եվ այդ օրից հետո երբեք այլևս չեմ տեսել նրան։ Ես նրա տերն էի եղել, իսկ նա՝ իմ ծառան, իսկ այժմ, երբ մենք սիրով ու հոգեպարար խանդաղատանքով համբույր տվեցինք միմյանց, մարդկային մեծ միավորումը կատարվեց մեր միջև։ Շատ եմ խորհրդածել այս մասին, իսկ այժմ մտածում եմ այսպես, մի՞թե այնքան դժվար է ըմբռնել, թե այս մեծ ու պարզասիրտ միավորումը կարող է ամենուրեք ի կատար ածվել մեր ռուս մարդկանց միջև, երբ որ գա ժամանակը դրա։ Հավատում եմ, որ պիտի կատարվի այդ, և ժամանակը մոտ է։

Իսկ ծառաների վերաբերյալ ավելացնեմ հետևյալը, իմ երիտասարդության օրերին հաճախակի բարկանում էի ծառաների վրա՝ «Խոհարարուհին շատ տաք մատուցեց ճաշը, համհարզը հագուստս չի խոզանակել»։ Բայց հանկարծ լույսի նման ծագեց իմ մեջ սիրելի եղբորս այն միտքը, որ նրանից լսել էի իմ մանկության օրերին. «Իմ ամբողջ էությամբ արժանի՞ եմ արդյոք, որ ուրիշը ծառայի ինձ, իսկ ես, օգտվելով նրա աղքատ ու տգետ լինելուց, շարունակ հրամայեմ նրան»։ Եվ զարմանքով մտածեցի այդ նույն պահին, թե ամենապարզ ու ակնհայտ մտքերը որքա՜ն ուշ են հասնում մեր գիտակցության։ Անհնար է, որ ծառաներ չլինեն աշխարհում, բայց այնպես արա, որ քո ծառան ավելի ազատ լինի ոգեպես, քան եթե ծառա լիներ նա։ Եվ ինչո՞ւ չեմ կարող իմ ծառայի ծառան լինել և այնպես անել, որ նա նույնիսկ տեսնի այդ բանը՝ առանց իմ կողմից որևէ հպարտության և նրա կողմից անվստահության։ Ինչո՞ւ իմ ծառան հարազատի պես չլինի ինձ համար, այնպես որ ի վերջո նրան ընդունեմ իմ ընտանիքի մեջ և ուրախանամ այդպես անելով։ Մինչև իսկ այժմ իրագործելի է այս բանը, բայց այսօր դա կծառայի մարդկանց ապագա հոյակապ միավորման, երբ մարդն այլևս ոչ թե ծառա պիտի փնտրի իր համար և ոչ թե պիտի ցանկանա ծառա դարձնել իր նման մարդկանց, ինչպես այժմ, այլ ընդհակառակն՝ ինքը իր ամբողջ էությամբ պիտի ձգտի ծառա դառնալ բոլորին, կատարելով պատվիրանն ավետարանի։ Ու մի՞թե երազ է այն, որ ի վերջո մարդն իր ուրախությունը գտնի լուսավորման ու գթասրտության արի գործեր կատարելու մեջ, և ոչ թե դաժան հաճույքների՝ որկրամոլության, անառակության, գոռոզության, սնապարծության և նախանձամտորեն իրար գերազանցելու, ինչպես այժմ։ Հաստատապես հավատում եմ, որ երազ չէ այդ, և որ մոտ է ժամանակը։ Ծիծաղում են ու հարցնում՝ ե՞րբ է գալու ժամանակն այդ և գալո՞ւ է արդյոք։ Իսկ ես մտածում եմ, որ մենք, օգնությամբ Քրիստոսի, ի կատար կածենք գործն այդ վսեմ։ Եվ որքա՜ն գաղափարներ են եղել երկրի վրա, մարդկային պատմության մեջ, գաղափարներ, որոնք մինչև իսկ տասը տարի առաջ աներևակայելի լինելով՝ հանկարծ ի հայտ են եկել, երբ հասել է խորհրդավոր ժամանակը դրանց, ու տարածվել են ամբողջ երկրի երեսին։ Այդպես և պիտի լինի մեզ մոտ, ու պիտի ճառագե աշխարհին ժողովուրդը մեր, և պիտի ասեն մարդիկ, «Քարն այն, որ մերժել էին հիմնադիրները, դարձավ անկյունաքարը կառույցի»։ Իսկ հեգնողներին կարող ենք հարց տալ. եթե երազ է ձգտումը մեր, ապա դուք ինքներդ ե՞րբ պիտի բարձրացնեք ձեր կառույցը և արդար գոյավիճակ ստեղծեք՝ լոկ բանականությամբ ձեր, առանց Քրիստոսի։ Եվ եթե պնդում էլ են նրանք, թե իրենք են, որ առաջ են գնում դեպի միավորումը մարդկանց, ապա նրանցից լոկ ամենապարզամիտներն են, որ ճշմարտապես հավատում են այդ բանին, այնպես որ նույնիսկ կարելի է զարմանալ այդ պարզամտության վրա։ Հիրավի, նրանք ավելի են հրապուրվում ցնորական երազանքներով, քան մենք։ Մտածում են արդար գոյավիճակ ստեղծել, բայց, մերժելով Քրիստոսին, ի վերջո արյամբ են ողողելու աշխարհը, վասնզի արյունն արյուն է բերում, և սուր բարձրացնողը սրով պիտի ընկնի։ Եվ եթե չլիներ խոստումը Քրիստոսի, այդպես էլ կբնաջնջեին իրար՝ մինչև վերջին երկու մարդն ի վերա երկրի։ Այս վերջին երկու մարդն ևս, անսալով իրենց հպարտության, չէին կարողանա զսպել միմյանց, այնպես որ վերջինը կոչնչացներ վերջընթերին, ապա և ինքնիրեն։ Եվ կկատարվեր այդպես, եթե չլիներ խոստումը Քրիստոսի, թե ի սեր խոնարհների ու հեզերի պիտի կարճեցվեն օրերն այդ։

Դեռ այն օրերին, երբ սպայական համազգեստը շարունակում էի հագնել իմ մենամարտից հետո, ծառաների մասին խոսեցի բարձրաշխարհիկ հասարակության մեջ, և հիշում եմ, որ բոլորը զարմացան իմ խոսքերի վրա. «Ինչ է,— ասացին,— բազմոցի վրա՞ նստեցնենք ծառային և թե՞յ մատուցենք նրան»։ Ու ես պատասխանեցի նրանց. «Իսկ ինչո՞ւ չանել և այդպես, թեկուզ երբեմն միայն»։ Բոլորը ծիծաղեցին հայնժամ։ Թեթևամիտ էր հարցը նրանց, իսկ պատասխանն իմ՝ տարտամ, բայց մտածում եմ, որ դրա մեջ որոշ ճշմարտություն կար։

է) Վասն աղոթքի, սիրո և այլ աշխարհների հետ հաղորդակցության

Պատանյա՛կ, մի՛ մոռանար աղոթել։ Ամեն անգամ աղոթքի մեջ քո, եթե անկեղծ է, պիտի մի նոր զգացում առկայծի, իսկ այդ զգացման մեջ մի նոր միտք, որ չգիտեիր առաջ, և որ պիտի վերստին քաջալերի քեզ. ու պիտի հասկանաս, որ աղոթքը դաստիարակություն է։ Հիշիր նաև այս. ամեն օր և երբ որ կարող ես՝ կրկնիր մտքի մեջ քո. «Ողորմյա, տե՜ր, բոլոր նրանց, որոնք կանգնում են այժմ քո առաջ»։ Վասնզի ամեն ժամ և ամեն վայրկյան այս երկրի վրա հազարավոր մարդիկ հեռանում են կյանքից, և հոգիները նրանց կանգնում են աստուծո առաջ. ու նրանցից քանի՜-քանիներն են առանձնության մեջ հրաժեշտ տալիս երկրին, մնալով անհայտ, տխուր ու վշտացած, որ ոչ ոք չի գթում իրենց և նույնիսկ ոչ ոք չգիտե ամենևին, թե ապրե՞լ են իրենք կամ ոչ։ Եվ ահա, թերևս երկրի մյուս ծայրից բարձրանա առ աստված աղոթքը քո՝ վասն խաղաղության նրա հոգու, թեպետ և ամենևին չէիր ճանաչում դու հանգուցյալին, իսկ նա՝ քեզ։ Աստուծո առաջ երկյուղահար կանգնած նրա հոգին ինչպիսի խանդաղատանքով կլեցվի այդ վայկյանին, երբ զգա, թե իր համար ևս կա մի աղոթող, թե իրեն ևս սիրող մի մարդկային էակ է մնացել երկրի վրա։ Եվ աստված ավելի ողորմածորեն կնայի ձեզ երկուսիդ, վասնզի եթե դո՛ւ ես այնքան գթացել հանգուցյալի հոգուն, ապա որքա՜ն ևս առավել պիտի գթա աստված, որ անհունորեն ավելի ողորմած է ու սիրազեղ, քան դու։ Ու կների նրան քո սիրույն։

Եղբայրնե՛ր, մի՛ վախենաք մարդկանց մեղքերից, սիրեցեք մարդուն՝ իր մեղքերով իսկ, վասնզի սերն այդ նման է աստվածային սիրո և գերագույն սերն է ի վերա երկրի։ Սիրեցեք համայն ստեղծագործությունն աստուծո, թե՛ ամբողջությունը, թե յուրաքանչյուր ավազահատիկը նրա։ Սիրեցե՛ք աստուծո ստեղծած ամեն մի տերև, ամեն մի ճառագայթ։ Սիրեցե՛ք կենդանիներին, սիրեցե՛ք բույսերին, սիրեցե՛ք ամեն բան։ Սիրելով ամեն բան՝ իրերի մեջ կըմբռնես խորհուրդն աստվածային։ Ըմբռնելով մի անգամ՝ կսկսես առավել ու առավել իմանալ խորհուրդն այդ հետզհետե, անդադար, օր ավուր։ Եվ ի վերջո կսիրես աշխարհն ամբողջ՝ արդեն համայնական, համասփյուռ սիրով։ Սիրեցե՛ք կենդանիներին, մտածման սկզբնատարրերը և անվրդով ուրախություն է տվել նրանց աստված։ Մի՛ վրդովեք ուրախությունն այդ, մի՛ տանջեք նրանց, մի՛ զրկեք նրանց երջանկությունից, մի՛ հակառակվեք մտածմանն աստուծո։ Մա՛րդ, մի՛ գոռոզանար կենդանիների հանդեպ, անմեղ են նրանք, իսկ դու, քո մեծությամբ հանդերձ, նեխոտում ես երկիրը քո երևմամբ և քեզնից հետո թողնում ես շարավոտ հետքը քո. այդպես է գրեթե յուրաքանչյուր ոք մեզնից, ավա՜ղ։ Մանուկներին հատկապե՛ս սիրեցեք, զի նրանք ևս անմեղ են հրեշտակաց նման, և ապրում են՝ խանդաղատանքով լեցնելու և մաքրազարդելու համար սրտերը մեր, մի տեսակ ուղեցույց ծառայելու մեզ։ Վա՜յ նրան, որ վիրավորում է հոգին մանկան։ Իսկ ինձ հայր Անֆիմն է սովորեցրել սիրել փոքրիկներին. մեր թափառումների ժամանակ պատահում էր հաճախ, որ նա, ընդհանրապես հեզահամբույր ու սակավախոս մարդ, քաղցրաբլիթ ու շաքարեղեն էր գնում մեր հանգանակած դահեկաններով ու բաժանում էր նրանց։ Չէր կարող առանց խոր հուզմունքի անցնել երեխաների մոտով, այդպիսին էր մարդը։

Լինում են մտքեր, որոնց առաջ մնում ես տարակուսած. հատկապես երբ տեսնում ես մեղքերը մարդկանց, և հարց ես տալիս դու քեզ, «Ուժո՞վ հաղթահարեմ, թե խոնարհ սիրով»։ Միշտ որոշիր, «Խոնարհ սիրով հաղթահարեմ»։ Եթե մի անգամ ընդմիշտ վճռես այդպես, աշխարհն ամբողջ կարող ես նվաճել։ Սիրազեղ խոնարհությունը ահռելի ուժ է, բոլոր ուժերից հզորագույնը, որի նման ոչինչ չկա։ Ամեն օր ու ամեն ժամ, ամեն րոպե շրջահայաց եղիր անձիդ նկատմամբ ու հսկիր քեզ, որ բարեվայելուչ լինի կերպարը քո։ Ահա անցնում ես փոքրիկ երեխայի մոտից, անցնում չարացած, գեշ խոսքեր ասելով, հոգիդ ցասմամբ լեցուն, գուցե չես էլ նկատում երեխային, բայց նա տեսնում է քեզ, և ողորմելի ու անշնորհ կերպարը քո մնում է գուցե փոքրիկ ու անպաշտպան սրտում։ Դու չգիտես այդ, բայց գուցե դրանով իսկ մի չարաղետ սերմ նետեցիր արդեն նրա մեջ, իսկ սերմն այդ գուցե ծլի ու մեծանա, և ամբողջ այն պատճառով, որ դու չզգուշացար երեխայի առաջ, որովհետև շրջահայաց ու գործունյա սիրո ոգով չես դաստիարակել դու քեզ։ Եղբայրնե՛ր, սերն ուսուցիչ է, բայց պետք է գիտենալ, թե ինչպե՛ս կարելի է ձեռք բերել այն, վասնզի դժվար է ձեռք բերվում սերը, թանկ է գինը նրա, երկար աշխատանք ու երկար ժամանակ է պետք վաստակելու համար։ Զի պետք է սիրել ոչ թե պատահաբար ու մի ակնթարթ, այլ առընդմիշտ։ Իսկ պատահաբար սիրել՝ կարող է ամեն ոք, չարագործն անգամ կսիրի։ Պատանի եղբայրն իմ ներումն էր խնդրում թռչնակներից, կարծես թե անիմաստ է այդ, բայց ճշմարիտ է արդարև, քանզի աշխարհն օվկիանոսի է նման, ամեն ինչ հոսում է և շփվում մեկը մյուսին, այստեղ կատարված հպումն արձագանք է տալիս աշխարհի մյուս ծայրում։ Թեկուզ և խենթություն լինի ներումն խնդրել թռչնակներից, բայց չէ՞ որ թռչնակներն էլ, երեխան էլ ու ամեն մի կենդանի արարած ավելի ուրախ կզգար քո շուրջ, գոնե դույզն ինչ ավելի ուրախ, եթե դու ինքդ ավելի բարեզարդ լինեիր, քան այժմ։ Աշխարհն օվկիանոսի է նման, ասում եմ ձեզ։ Հայնժամ թռչնակներին ևս կուղղեիր աղոթքը քո, համայնական սիրով տենչավառ, մի տեսակ հափշտակությամբ ցնծուն, և կաղաչեիր, որ նրանք ևս թողություն շնորհեն քո մեղքերին։ Ուրեմն թանկ գնահատիր հափշտակությունն այդ ցնծագին, որքան էլ դա անիմաստ թվա մարդկանց։

Բարեկամնե՛ր իմ, խնդրեցեք, որ ուրախություն տա աստված ձեզ։ Ուրախ եղեք մանուկների նման, թռչունների նման երկնային։ Ու թող ձեր գործունեության մեջ չխռովի ձեզ մեղքը մարդկանց, մի՛ վախենաք, որ մեղքն այդ կխափանի գործը ձեր և արգելք կլինի դրա կատարման, մի՛ ասեք՝ «Հզոր է մեղքը, հզոր է պղծությունը, հզոր է գեշ միջավայրը, իսկ մենք միայնակ ենք ու անզոր, գեշ միջավայրը կխափանի մեզ և արգելք կլինի բարի գործերի կատարման»։ Խույս տվեք այդ վհատությունից, մանկտի՛ք։ Մեկ փրկություն միայն ունես այդ պարագային. վերցրու ինքդ քեզ ու քե՛զ իսկ պատասխանատու նկատիր մարդկային բոլոր մեղքերի համար։ Բարեկա՛մդ իմ, չէ՞ որ այդպես է հիրավի, քանզի բավավական է միայն, որ ինքդ քեզ անկեղծորեն պատասխանատու նկատես ամեն ինչի և բոլորի համար, իսկույն ևեթ կտեսնես, որ այդ այդպես է արդարև, և որ դու ինքդ մեղավոր ես բոլորի և ամեն ինչի համար։ Իսկ սեփական ծուլությունդ ու անզորությունդ ուրիշ մարդկանց վրա նետելով, վերջ ի վերջո հաղորդակից կլինես սատանայական հպարտության և կտրտնջաս աստուծո դեմ։ Ապա և սատանայական հպարտության մասին մտածում եմ այսպես, երկրի վրա մեզ համար դժվար է իսկ ըմբռնել այն, ուստի որքան հեշտ է ընկնել սխալի մեջ և հաղորդակից լինել նրրան, ու տակավին կարծել նաև, թե վսեմ ու գեղեցիկ մի բան ենք անում։ Ու հիրավի, մեր մարդկային բնության ուժեղագույն զգացումներից ու շարժումներից շատերն առայժմ չենք կարող ըմբռնել երկրի վրա. այս ևս թող չգայթակղեցնի քեզ, և մի՛ մտածիր, թե այս կարող է իբրև արդարացում ծառայել քեզ որևէ բանի համար, քանզի դատավորն հավիտենական քեզնից կպահանջի այն, ինչ կարող էիր ըմբռնել, և ոչ թե այն, ինչ չէիր կարող. ինքդ կհամոզվես այն ժամանակ, որովհետև ամեն ինչ կտեսնես ճշտորեն ու չես վիճարկի այլևս։ Իսկ երկրի վրա կարծես թե խարխափում ենք արդարև, ու եթե չլիներ մեր առաջ թանկագին պատկերը Քրիստոսի, ապա բոլորովին կմոլորվեինք ու կկործանվեինք իսպառ, ինչպես մարդկային ցեղը ջրհղեղից առաջ։ Երկրի վրա շատ բան գաղտնիք է մեզ համար, բայց դրա փոխարեն շնորհված է մեզ այն զգացողությունը խորախորհուրդ, որով զգում ենք մեր կենդանի կապը մյուս աշխարհի հետ. երկնային ու բարձրագույն աշխարհի, ու նաև արմատները մեր մտքերի ու զգացումների ոչ թե այստեղ են, այլ ուրիշ աշխարհներում։ Ահա թե ինչու փիլիսոփաներն ասում են, թե մեր երկրի վրա հնարավոր չէ ըմբռնել էությունն իրերի։ Աստված սերմեր է վերցրել այլ աշխարհներից, ցանել է այս երկրի վրա և իր պարտեզն աճեցրել. ու բողբոջել է ամեն ինչ, որ կարող էր բողբոջել, սակայն աճածն ապրում է ու կենդանի մնում՝ ուրիշ խորհրդավոր աշխարհների հետ իր հաղորդակցության զգացմամբ միայն։ Եթե զգացումն այդ թուլանա կամ ոչնչանա քո մեջ, ապա կմահանա և այն, որ աճեցրել էր քո մեջ աստված։ Հայնժամ անտարբեր կդառնաս կյանքի նկատմամբ ու նույնիսկ կատես կյանքը։ Այսպես եմ մտածում։

ը) Հնարավոր է արդյոք, որ մարդ մարդու դատավորը լինի։ Մինչև վերջ աներեր հավատքի մասին

Հիշի՛ր մանավանդ, որ ոչ ոքի դատավորը չես կարող լինել։ Քանզի երկրի վրա ոչ մի մարդ չի կարող դատել հանցագործին, մինչև որ դատավորն ինքը չգիտակցի, որ ինքը ճիշտ նույնպիսի հանցագործ է, ինչպես իր առջև կանգնած մարդը, և որ այդ մարդու կատարած հանցանքի համար գուցե ինքն է մեղավոր բոլորից ավելի։ Իսկ երբ ըմբռնի այս բանը, հայնժամ կարող է և դատավոր լինել։ Որքան էլ անմիտ թվա երևութապես, բայց ճշմարիտ է այս։ Քանզի եթե ինքս արդար մարդ լինեի, թերևս հանցագործ չլիներ նա, որ կանգնած է իմ առջև։ Եթե կարող ես ինքդ քո վրա վերցնել հանցանքն այն հանցագործի, որ կանգնած է քո առջև ու ենթակա է քո սրտի՛ դատին, վերցուր անմիջապես և ի՛նքդ տուժիր նրա փոխարեն, իսկ նրան ազատ արձակիր առանց կշտամբելու։ Եվ եթե մինչև իսկ օրենքն է քեզ դատավոր կացուցանել նրա վրա, այդ պարագային ևս, որքան որ հնարավոր է քեզ համար, գործիր այս նույն ոգով, վասնզի հանցագործը կգնա և ավելի դառնորեն կդատապարտի ինքնիրեն։ Իսկ եթե քո համբույրին անզգա մնալով հեռանա ու քեզ իսկ ծաղրի, այդ ևս թող չգայթակղեցնի քեզ. նշանակում է՝ չի եկել դեռ ժամանակը նրա, բայց պիտի գա պատշաճ պահին։ Իսկ թե չգա, փույթ չէ. եթե ոչ նա, ապա ուրիշ մեկը պիտի հասկանա նրա փոխարեն ու պիտի տառապի, պիտի դատապարտի ու մեղադրի ինքնիրեն, և ճշմարտությունը պիտի չբացվի։ Հավատա՛ այս բանին, աներկբայորեն հավատա, վասնզի այս բանի վրա է հիմնված ամբողջ հույսն ու հավատքը սրբերի։

Գործի՛ր անդուլ, անդադար։ Եթե հիշես ի գիշերի, քուն մտնելու պահին՝ «Չեմ կատարել այն, ինչ պետք է կատարեի», վեր կաց իսկույն և կատարի՛ր։ Եթե չարակամ ու անզգա են մարդիկ քո շուրջ և չեն ուզում լսել քեզ, ընկի՛ր նրանց ոտքերը ու ներումն խնդրիր նրանցից, վասնզի դու ևս մեղավոր ես հիրավի, որ չեն ուզում լսել քեզ։ Իսկ եթե չես կարող այլևս խոսել գազազած մարդկանց հետ, ապա լռելյայն ծառայիր նրանց քո նվաստացման մեջ, երբեք չկորցնելով հույսը քո։ Այլ եթե լքեն քեզ բոլորը, նույնիսկ վռնդեն բռնի ուժով ու մնաս առանձին, ապա նետվիր գետին ու համբուրի՜ր երկիրը, թրջիր քո արցունքներով, և պտուղ կտա երկիրը քո արցունքներից, թեկուզ ոչ ոք տեսած ու լսած չլինի քեզ առանձնության մեջ քո։ Հավատա մինչև՜ վերջ, եթե նույնիսկ պատահի, որ բոլորը մոլորվեն երկրի վրա և դու միակը մնաս հավատարիմ. այդ պարագային ևս, ո՜վ միակ մնացյալ, մատուցիր զոհաբերությունդ և գովաբանիր զաստված։ Իսկ եթե քեզ նման երկու հոգի հանդիպեն միմյանց, ահա արդեն մի ամբողջ աշխարհ, կենդանի սիրո մի աշխարհ. Գրկեցեք իրար գորովալից ու գովաբանեցեք բարձրյալին, վասնզի՝ թեկուզ ձեր երկուսի մեջ միայն, բայց ամբողջացել է արդարև ճշմարտությունը նրա։

Եթե ինքդ մեղանչես ու նույնիսկ մահու չափ տրտմես քո մեղքերի համար և կամ անակնկալ մի մեղքի համար քո, ապա ուրախացիր վասն ուրիշի, ուրախացիր վասն արդար մարդու, ուրախացիր վասն այնորիկ, որ եթե դու մեղանչել ես, ապա նա՛ արդար է ու չի մեղանչել։

Իսկ եթե մարդկանց չարագործությունն այնքան վրդովի քեզ, որ այլևս անդիմադրելի զայրույթ ու տրտմություն զգաս, մինչև իսկ չարագործներից վրեժ լուծելու աստիճան, ապա ամենից ավելի սոսկա ա՛յդ զգացումից. իսկույն ևեթ գնա ու քեզ համար տառապանք որոնիր այնպես, որ իբրև թե ինքդ մեղավոր լինեիր մարդկանց այդ չարագործության համար։ Ընդունիր տառապանքն այդ ու կրիր, և կամոքվի սիրտը քո, ու կհասկանաս, որ ինքդ ևս մեղավոր ես, քանզի կարող էիր լույս տալ չարագործներին՝ որպես միակ անմեղը մինչև իսկ, և լույս չտվեցիր։ Եթե լույս տայիր, ապա ուրիշների համար ևս կլուսավորեիր ճանապարհը քո լույսով, և չարագործություն կատարողը չէր ընկնի թերևս այդ մեղքի մեջ՝ քո լույսի՛ շնորհիվ։ Եվ նույնիսկ եթե լույս ես տվել, բայց տեսնում ես, որ մարդիկ չեն փրկվում մինչև իսկ քո լույսի շնորհիվ, հաստատ մնա և մի տարակուսիր երկնային լուսո զորության վրա. հավատա՛, որ եթե այժմ չեն փրկվել, պիտի փրկվեն հետագայում։ Իսկ եթե հետագայում ևս չփրկվեն, որդիները նրանց փրկվեն պիտի, քանզի չի մեռնի լույսը քո, թեկուզ և դու մեռած լինես արդեն։ Արդար մարդը գնում է, բայց մնում է լույսը նրա։ Իսկ փրկչի մահից հետո միշտ էլ փրկվում են մարդիկ։ Չի ընդունում մարդկային ցեղն իր մարգարեներին ու խոշտանգում է նրանց, բայց մարդիկ սիրում են իրենց նահատակներին ու մեծարում այն մարդկանց, որոնց խոշտանգել են իրենք։ Իսկ դու աշխատում ես ընդհանուրի համար, գործում ես վասն ապագայի։ Ու երբեք վարձատրություն մի՛ փնտրիր, քանզի առանց այդ էլ մեծ է քո վարձատրությունն այս երկրի վրա. հոգեկան ուրախությունն է այդ, որ միայն արդար մարդուն է շնորհվում։ Մի՛ երկնչիր ոչ մեծավորներից, ոչ էլ հզորներից, այլ եղիր իմաստուն և միշտ բարեզարդ։ Չափն ու սահմանը գիտցիր, պայմանաժամերը գիտցիր, սովորիր իմանալ դրանք։ Իսկ երբ մենության մեջ լինես, աղոթի՛ր։ Սիրիր ծնկի իջնել ու գետնատարած համբուրե՜լ երկիրը։ Համբուրի՛ր երկիրը և սիրի՜ր անդադար, անհագորե՜ն սիրիր բոլորի՜ն սիրիր, ամե՜ն ինչ սիրիր, ձգտիր այդ սիրազեղ ցնծության ու հափշտակության։ Թրջիր երկիրն արցունքներով քո ուրախության ու սիրիր այդ արցունքները քո։ Եվ մի՛ ամաչիր այդ ցնծագին հափշտակությունից, թանկ գնահատիր, վասնզի աստվածային շնորհ է դա, մե՜ծ շնորհ, և տրվում է ոչ թե բազմաց, այլ ընտրյալներին։

թ) Վասն դժոխից և դժոխային հրո, միստիկ դատողություն

Հայրեր և ուսուցիչներ. մտածում եմ՝ «ի՞նչ բան է ղժոխքը»։ Դատում եմ այսպես. «Դա այն տառապանքն է, որով տվայտում է մարդ, երբ այլևս չի կարող սիրել»։ Անհուն գոյության մեջ, որ ոչ ժամանակով է չափվում, ոչ էլ տարածությամբ, հոգեղեն մի արարած, հայտնվելով երկրի վրա, լոկ մեկ անգամ կարողությունն է ստանում ասելու ինքն իրեն. «Ես կամ, ու ես սիրում եմ»։ Մեկ անգամ, մեկ անգամ միայն տրվում է նրան գործունյա, կենդանի սիրո ակնթարթը, դրա համար և երկրային կյանքն է տրվում, տրվում են կյանքի շրջաններն ու պայմանաժամերը։ Եվ ի՞նչ. այդ երջանիկ արարածը մերժել է շնորհն անգին, չի գնահատել այն, չի սիրել, հեգնանքով է նայել ու մնացել է անզգա։ Այդպիսի մեկը, հեռացած լինելով այլևս երկրային կյանքից, տեսնում է գոգն Աբրահամի, նաև խոսում է Աբրահամի հետ, ինչպես ասված է մեզ մեծատան ու Ղազարոսի առակում, ու նաև դրախտն է դիտում և կարող է բարձրանալ աստուծո մոտ. բայց տանջվում է ճիշտ այն պատճառով, որ կարող է աստուծո մոտ բարձրանալ առանց սիրած լինելու, կարող է հաղորդակցել նրանց հետ, ովքեր սիրել են, մինչդեռ ինքն արհամարհել է սերը նրանց։ Վասնզի տեսնում է հստակորեն և այլևս ինքն է ասում իրեն. «Այժմ արդեն իմացություն ունեմ ու թեև ծարավի եմ սիրո, բայց այլևս սխրանքի վսեմությունը չի լինելու իմ սիրո մեջ, չի լինելու նաև զոհաբերություն, քանզի վերջացավ կյանքն իմ երկրային, և հայր Աբրահամն այլևս չի գա գեթ մի կաթիլ կենարար ջուր տալու (այսինքն կրկին երկրային կյանք շնորհելու նախկինի նման, գործունյա մի կյանք), չի զովացնի հոգեկան սիրո ծարավն հրակեզ, որով այրվում եմ հիմա, մինչդեռ արհամարհել եմ այդ սերը երկրի վրա. ինձ համար չկա այլևս կյանք, ու ժամանակը ևս գոյություն չի ունենալու։ Թեկուզ նույնիսկ ուրախությամբ ուզեի կյանքս տալ ուրիշների համար, բայց անհնար է արդեն, որովհետև անցավ այն կյանքը, որ կարելի էր զոհաբերել վասն սիրո, և այժմ անդունդ կա այս կյանքի և այս գոյության միջև»։ Խոսում են դժոխային նյութական հրո մասին, չեմ քննում խորհուրդն այդ և սոսկում եմ դրանից, բայց մտածում եմ, որ եթե նույնիսկ գոյություն ունենար հուրն այդ նյութական, ապա պիտի ուրախանային արդարև դրա համար, վասնզի, երևակայում եմ, նյութական տանջանքի մեջ պիտի մի վայրկյա՜ն գոնե մոռանային հոգեկան տանջանքը, որ ավելի սարսափելի է։ Այլև անհնար է վերացնել նրանցից այդ տանջանքը հոգեկան, վասնզի տանջանքն այդ ոչ թե արտաքին է, այլ նրանց մե՛ջ է։ Եվ եթե նույնիսկ հնարավոր լիներ վերացնել, ապա մտածում եմ, որ դա ավելի ևս կդառնացներ դժբախտությունը նրանց։ Քանզի եթե դրախտի արդարները, դիտելով տանջանքները նրանց, թեկուզ ներեին և անհուն սիրով կանչեին իրենց մոտ, դրանով իսկ բազմապատկած կլինեին տանջանքները նրանց, որովհետև առավել ևս ուժգնորեն բոցավառած կլինեին նրանց մեջ ծարավը փոխադարձ սիրո, գործունյա ու երախտապարտ սիրո, որ անհնար է արդեն։ Բայց և այնպես, սրտի երկյուղով մտածում եմ, որ այդ անկարելիության գիտակցությունն իսկ ի վերջո մխիթարություն կլինի նրանց համար, վասնզի ընդունելով արդարների սերը և փոխադարձելու անկարելիությունը, այդ համակերպության շնորհիվ և այդ խոնարհության ներգործմամբ վերջապես ձեռք կբերեն մի տեսակ նմանակն այն գործունյա սիրո, որ արհամարհել էին երկրի վրա, ու ձեռք կբերեն նաև գործելու մի եղանակ, որ նման կլինի այդ սիրո... Ցավում եմ, եղբայրներ ու բարեկամներ իմ, որ չեմ կարող հստակորեն արտահայտել այս բանը։ Բայց վա՜յ նրանց, որ իրե՛նք իսկ իրենց են ոչնչացրել երկրի վրա, վա՜յ անձնասպաններին։ Մտածում եմ, որ այլևս ոչ ոք չի կարող ավելի դժբախտ լինել, քան նրանք։ Մեզ ասում են, թե մեղսական է նրանց համար աղոթել աստուծո, և եկեղեցին կարծես թե մերժում է նրանց երևութապես, բայց մտածում եմ ի խորոց սրտի, որ կարելի է նրանց համար ևս աղոթել։ Չէ՞ որ սերը երբեք այնպանելի չէ հաչս Քրիստոսի։ Այդպիսիների համար ես ներքուստ աղոթել եմ իմ ամբողջ կյանքում, խոստովանում եմ այս բանը ձեզ, հայրեր և ուսուցիչներ, և այժմ ևս աղոթում եմ ամենայն օր։

Օ՜, կան և այնպիսիք, որոնք դժոխքում անգամ մնում են հպարտ ու մոլեգին, հակառակ որ աներկբայելի իմացություն են ձեռք բերել և տեսնում են ճշմարտությունն անհեղլի. կան զարհուրելի ոմանք, որ լիովին անձնատուր են եղել սատանային ու հպարտ ոգուն նրա։ Սրանց համար դժոխքն արդեն կամովին է և հավերժատանջ. հոժարակամորեն չարչարվում են նրանք։ Վասնզի իրենք իսկ անիծել են իրենց, անիծելով կյանքն ու զաստված։ Սնվում են իրենց քինախնդիր հպարտությամբ, ինչպես եթե սովահարն անապատում սկսեր իր սեփական արյունը ծծել իր իսկ մարմնից։ Սակայն անհագ են մնում հավիտյանս հավիտենից և մերժում են ներումն աստուծո, անիծում են բարձրյալին, որ կանչում է նրանց։ Չեն կարող առանց ատելության նայել կենդանի աստուծո և պահանջում են, որ ի չիք դառնա աստվածն կյանքի, որ աստված ոչնչացնի ինքնիրեն և իր ստեղծագործությունն ամբողջ։ Ու նրանք պիտի հավերժորեն վառվեն իրենց ցասման հրո մեջ, պիտի մահ ու չգոյություն տենչան։ Բայց մահը չի տրվելու նրանց...

Այստեղ ավարտվում է Ալեքսեյ Ֆյողորովիչ Կարամազովի ձեռագիրը։ Կրկնում եմ՝ այս գրվածքը թերի է և հատուկտոր։ Կենսագրական տեղեկությունները, օրինակ, սրբահոր կյանքի վաղ շրջանն են ընդգրկում միայն։ Իսկ նրա հորդորներից ու կարծիքներից ի մի են բերվել ու մի տեսակ ամբողջություն են կազմել զանազան ասույթներ, որոնք հավանաբար տարբեր ժամանակներում են ասվել՝ այլազան շարժառիթներով։ Համենայն դեպս, որոշակիորեն չի սահմանազատված այն, ինչ սրբահայրն ասել է իր կյանքի վերջին ժամերին, այլ շարադրված է այնպես, որ կարելի է լոկ գաղափար կազմել նաև այդ զրուցատրության ոգու և բնույթի մասին, եթե համեմատենք այն նախկին հորդորների հետ, որոնք բերված են Ալեքսեյ Ֆյոդորովիչի ձեռագրում։ Իսկ սրբահոր մահը բոլորովին անսպասելիորեն տեղի ունեցավ արդարև։ Թեև այդ վերջին իրիկունը նրա մոտ հավաքվածները հասկանում էին լիովին, որ մոտալուտ է նրա վախճանը, բայց այնուամենայնիվ չէր կարելի պատկերացնել, թե մահն այնքան հանկարծակի է վրա հասնելու։ Ընդհակառակը, ինչպես ասել եմ արդեն, բարեկամներն այդ գիշեր երևութապես այնքան առույգ ու զրուցասեր տեսնելով նրան՝ մինչև իսկ համոզվել էին, թե սրբահոր առողջական վիճակում նկատելի բարելավում է կատարվել, թեկուզ և կարճ ժամանակով միայն։ Նույնիսկ մահից հինգ րոպե առաջ, ինչպես ասում էին հետո զարմանքով, դեռ ոչինչ չէր կարելի նախատեսել։ Ասես հանկարծ մի շատ ուժեղ ցավ զգաց կրծքի մեջ, գունատվեց և ձեռքերն ամուր սեղմեց սրտին։ Բոլորը վերկացան իրենց տեղերից ու փութացին նրա մոտ։ Բայց նա, թեև տառապելով, բայց դեռ շարունակելով ժպտագին նայեց նրանց, բազկաթոռից իջավ մեղմորեն, ծնկի եկավ, ապա երեսը խոնարհեց դեպի երկիր, թևերը տարածեց ու կարծես ցնծագին հափշտակությամբ, համբուրելով երկիրը և աղոթելով (ինչպես ինքն էր ուսուցանում), հանդարտորեն ու բերկրալից ավանդեց իր հոգին աստուծո։ Նրա վախճանման լուրն անմիջապես տարածվեց մենաստանում և հասավ վանք։ Հանգուցյալի մերձավորագույն բարեկամները և այն անձինք, որոնք պարտավոր էին ըստ եկեղեցական կարգի, սկսեցին հանդերձել նրա մարմինը հնավանդ ծիսակատարությամբ, իսկ ամբողջ միաբանությունը հավաքվեց մայր եկեղեցվո մեջ։ Եվ դեռ լույսը չբացված, ինչպես պատմում էին հետագայում, սրբահոր վախճանման լուրը հասավ քաղաք։ Առավոտյան դեմ գրեթե ամբողջ քաղաքը խոսում էր դեպքի մասին, և բազմության հոսանքը ծայր առավ դեպի վանք։ Բայց դրա մասին կպատմենք հաջորդ գրքում, իսկ այժմ, կանխելով, պարզապես ավելացնենք, որ դեռ մեկ օր էլ չէր անցել, երբ անսպասելի մի բան կատարվեց, այնքա՜ն անսպասելի բոլորի համար, և վանքում ու քաղաքում գործած տպավորությամբ այնքա՜ն տարօրինակ, տագնապալից ու խառնաշփոթ, որ մինչև այսօր էլ, այնքան տարիներ հետո, մեր քաղաքում ամենակենդանի հիշատակներ են մնացել այդպիսի ընդհանուր տագնապ պատճառած օրվա մասին...