ՄՈՒՆՋ
Հը՜շշ… հո՜ւֆֆ… շրթներովը շշնջաց հարսը՝ գլխովը երդըբնակը ցույց տալով: Կեսուրը, որ նստած էր քյուրսիին վերի եզերքը ու կտաքնար, նույնպես նայեցավ ձեղունին կեդրոնի լուսամուտին ու հարցուց. - Դուրսը՞ ըսել կուզես, օդը ավրվեցա՞վ նորեն: - Ը՜ֆֆ… - շշնջաց հարսը: Այո՝ ըսել կուզեր: Ու բուրդմանիկին թելը ուսին նետելով, ձեռքովը հաստ հողպատին մյուս կողմը ցույց տվավ,ուր պարտեզն էր: Հետո մատներովը արագորեն կարգ մը ձևեր գծեց օդին մեջ, ու երկու ձեռքերը իրարու միացնելով կրկին ու կրկին շարժեց։ - Բարտիներուն վրա ագռավները թառեր են. շա՞տ են. մեկ ձայն կկանչե՞ն,— հարցուց նորեն կեսուրը։ - Ը՜ֆֆ… - Որ այդպես ագռավները թառեր են ու մեկ ձայն կկանչեն, ըսել է թե նորեն ձյուն պիտի գա,– եզրակացուց պառավը: Լռությունը վերսկսավ: Ստվերները տակավ թանձրացան թոնրատան մեջ, պառավը գլուխը կախեց քյուրսիին մթելին վրա, մրափելու համար, ու աղջնակ մը, որ նույնպես նստած էր ոտքերը թոնիրին մեջ, սկսավ խաղալ տիկնիկի մը հետ։ Հարսը նայեցավ լաչակներուն ներքևեն կեսրոջը ու շարունակեց մանելը։ Ան կայնած էր քյուրսիին վարի եզերքը քուրջե ներքնակի մը վրա ու երկու կծիկներու թելերը իրարու կմիացներ, զույգ թել կըներ։ Ամեն անգամուն երկայն բուրդմանիկը կքսեր կուշտին սեկե փոքր գոգնոցին, հետո կբարձրացներ օդին մեջ, որ թափ առնելով, զարմանալի արագությունով կսկսեր դառնալ, տակավ երկարելով ու իջնալով գետին: Մանածը կփաթթեր, հետո նորեն կշարունակեր։ — Ալութային գոմը ավըլեցի՞ր,— խոսեցավ կեսուրը դադարե մը հետո,— մաքիներուն առաջքը ցախ դրի՞ր, որ ուտեն։ Հարսը գլուխը շարժեց, ու աղջնակին ականջին հակելով չլսելու աստիճան ցած ձայնով մը, հասկցուց, թե ըրած էր։ - Խաթումամ, ըրի՝ կըսե, ավլեցի, կերերնին տվի, - հայտնեց փոքրիկը մամուն, խաղալով միաժամանակ իր տիկնիկին հետ: - Ան տղա՞ն ինչ եղավ, մտիկ չըրավ ու ասանկ օդով՝ ելավ գնաց, - շարունակեց պառավը իր տղուն՝ հարսին ամուսնին ակնարկելով: - Խաթումամ, հայրիկս աս գիշեր պիտի գա,— պատասխանեց աղջնակը, մորը կողմե խոսելով։ - Աղջի, օտար տան ցախավել, ջրի վար տամ քեզ, ըսե թե այս գիշեր պիտի չգա,— հծծեց հարսը իր աղջկանը ,— խո՞ւլ ես, ինչ ես։ Փոքրիկը ուղղեց, ըսավ թե՝ այս գիշեր պիտի չդառնա իր հայրիկը, հոն պիտի պառկի։ Պառավը սկսավ մտահոգվիլ։ Բարով չըլլար այդ աղվեսի որսորդությունը… Գիշերը պիտի լուսցընե ձորերուն մեջ, ձյուներուն վրա, ակռան ակռային պիտի զարնե, դողա, ինչո՞ւ. լուսունկի լուսուն աղվեսները պիտի գան, որ զարնե։ Կրնա՞ որ պաղ առնե, հիվանդանա, ճամբաներն ալ ձյունը պիտի գոցե, վաղը ինչպե՞ս պիտի դառնա: — Ի՜ֆֆ… ի՜շշ… — շշնջաց հարսը, ձեռքը շարժելով, ուզելով հանդարտեցնել կեսուրը։ — Կուգա… հո՞գդ է որ,— պատասխանեց կեսուրը,— ցա՞վն ես քաշեր, մա՞յրն ես, որ սիրտդ ցավի, օտար աղջիկ չե՞ս, աղբարը պազիրկյան ըլլա՝ յարն ուրախանա, աղբարն աղքատանա քույրը տերտովն ըլլա։ — Ըհը… ֆո՛ւ… — ըսավ հարսը, վշտանալով կեսրոջ խոսքերեն, ու դեմքը դարձնելով։ Թոնրատունը ա՛լ ավելի մթնեց։ Նայն պահուն կովու մը բառաչյունը լսվեցավ, հեղ մը դադրեցավ, հետո նորեն սկսավ: Տանը կից գոմեն կուգար ձայնը։ — Կերևա թե՝ կովուն ցավերը շատցան,— ըսավ կեսուրը, հարսին հասակին նայելով,— մինչև իրիկուն կըլլա որ՝ կծնի, իրիկվընե աղեկ մը ուրը իջեցուցեր էր, բերեր ու ազատեր հեղ մը, անասուն է, մեղք է, անլեզու է… Առտուն ջուրը չտանեիր՝ աղեկ կըլլար, պաղ ջուրը կդպի, պիտի ըսեի իսկ, անցավ, մռոցա։ — Խաթումամ, առտուն Խորո աղբորս հետ ջուրը տարինք, ալութան խմեց, էշը խմեց, մոզիները խմեցին, ան չխմեց. կայնեցավ, կայնեցավ գուռին վրա, ետ դարձավ,— հարեց փոքրիկը։ — Աղեկ որ չխմեց,— պատասխանեց պառավը, ու խոսքը հարսին ուղղելով, — բղուկին մեջ ալ ջուր չկար, կովն որ ծնի՝ ի՞նչ պիտի տաս, քիչ մը տաք ապուր եփե, որ խմցնես, մենք ալ խմելու ջուր չունինք. երդայիր կթոց մը ձյուն բերեիր, հալեցնեիր, անուշ ջուր ըլլար։ — Ը՜ֆֆ… ի՜ս… — շշնջաց հարսը գլուխը շարժելով ու ձեռքովը զինքը ցուցնելով, ուզելով հասկացնել, թե ինք գիտե, միտքն է, պիտի երթա, կծիկներուն լմննալուն կսպասե: - Մինա՞կդ պիտի երթաս,— հարցրուց պառավը,— ո՞ւր է, Խորո՞ն ուր է։ — Խաթումամ, Խորո աղբարս Սերոյենց կալին տակը ճնճղուկ բռնել գնաց,— ըսավ աղջնակը, տիկնիկին երկու թևիկներեն բռնած՝ օդին մեջ շարժելով: Խորոն հարսին անդրանիկն էր, որ տասը տարեկան մը կար։ — Ալ ի՞նչ հոգ ունինք որ,— հարեց պառավը,— ոտքերը չարոխ չկա, գուլպայով մը, ձյուներուն ու ջրերան մեջ, գիշերը մինչև լուս բըհո՜ւ-բըհո՜ւ կհազա, հիմա ալ ելեր՝ ճնճուղ բռնել կերթա… ամռան ետին աշուն է, աս փոկն ալ ան կաշուն է, հայրը աղվես պիտի բռնե, տղան ալ ճնճուղ… մեկն ալ տալդ է, առտուն գացեր, օրհարսակը անցավ, օրը կկործի, համարե իրիկուն կըլլա, չէ եկեր. խենթն է գացեր հարսնետունը, ըսեր է՝ աս աղեկ է, քան զմեր տունը… աղջղջի անանկ աղջիկը, ջրի վար տամ ու ջրի վեր ժուռ, գամ, վաղը հարս որ ըլլա՝ կտեսնեմ պոյը։ Ու նայելով հարսին փորին, որ կգոգանար կարմիր գծավոր էնթարիին ներքև, շարունակեց. — Մինակդ չես կրնար, ձյունով լեցուն կթոցը ի՞նչպես պիտի վերցնես ու շալկես, ծոցվոր ես, ետքի շաբաթներդ է, կրնա՞ս որ՝ գլուխդ փորձանք մը բերես։ — Խաթումամ, ես երթա՞մ հարսիկիս հետ,— ընդմիջեց աղջնակը. — Դուն չես կրնար, ձագուկս, քոլա ըլլա մամը քեզի,— պատասխանեց պառավը,— մեծերը, մեծ քարն ի վար իյնան, անոնք չեն երթար, դուն երթաս՝ ի՞նչ ընես։ Բայց հարսը, որ բուրդմանիկը քյուրսիին վրա դրավ՝ — Ի՞շշ… ֆյո՜ւ… ըրավ կեսրոջը, հասկցնելով, թե ինք մինակը կրնար վերցնել ու շալկել, օգնության կարոտ չէր։ Ու օճախին անկյունի ոզոռիե հյուսված կողովը կժչվանով մը շալկեց, թին առավ ու դուրս ելավ:
Լռությունը նորեն տիրեց տան մեջ։ Փոքրիկը շարունակեց իր խաղը. ան մերկացուցեր էր, ու կրկին կհագցներ իր տիկնիկը, իսկ պառավը քնացավ։ Քիչ հետո հարսը ձյունով լեցուն կողովը շալակը, թին ձեոքը՝ մտավ ներս։ Չնայած շալակին ծանրությանը՝ ան ուժեղ, հաստատ քայլերով կհառաջանար։ Ձեռքերն ու այտերը կարմրեր էին ցուրտեն։ Կովը այլևս չէր բառաչեր։ — Աղջի հարսնուկ,— ձայնեց կեսուրը, որ արթնցավ,— կովը ա՜լ չպոռչեր, հեղ մը երթայիր, նայեիր՝ ի՞նչ եղավ։ Ձյունով լի կողովը օճախին առաջքը դրավ հարսը ու անհայտացավ։ Փոքրիկն ալ տեղեն ցատկեց ու հետևեցավ իրեն։ — Խաթումա՛մ, Խաթումա՛մ,— քանի մը րոպե հետո վազելով ետ դարձավ աղջնակը ու կայնեցավ մամուն առաջքը,— հորթուկ մը ունեցանք, կովը հորթուկ մըն է բերեր, տեսնե՜ս, քթիկ ունի, դունչիկ ունի, տոտիկ ունի, Խաթումամ, պոչի՜կ ալ ունի, կովը կլզե վրան, հարսիկս կայներ է քովը. Խաթումամ, եկուր երթանք, որ տեսնես։ Ու երախան հիացումի ճիչեր կարձակեր ու կպատմեր մամուն։ Հարսը, հորթը գրկած, հայտնվեցավ դարձյալ ու կայնեցուց սրունքներուն վրա: Դեռ թաց էր, կդողար, կմսեր։ — Որձ ալ է եղեր։ Աստված պահե՝ եզ մը կըլլա,— հարեց պառավը, նայելով հորթին վրա,— աղջի հարսնուկ, կդողա, բեր կոխե թոնիրը, որ տաքնա: Հարսը մթելը վերցուց, կոխեց թոնիրը ու ծածկեց դարձյալ:
Օճախին մեջ փայտերը ճարճատելով կվառեին՝ հալեցնելու համար ձյունը։ Աղբյուրները սառած էին, խմելու ջուր չունեին։ Աղջնակը նստավ իր տեղը ու տիկնիկը կրկին ձեռը առավ, պառավը սկսավ մրափել թոնիրին գոլեն, հորթը կտաքնար, լսվեցավ կովուն բառաչյունը, որ իր հորթը կփնտրեր, հարսը եկավ, կայնեցավ ներքնակին վրա, ու շուրթները փակ, ու մունջ շարունակեց մանելը, մինչ դուրսը վերսկսավ ձյունը: