Վերջին թարմացում 15 Հունվարի 2015, 15:52

Մօրս

Մօրս

հեղինակ՝ Գուրգէն Մահարի
աղբյուր՝ «Արդի հայ գրականութիւն Գ․ հատոր»

Մօրս

Մի ջինջ գիշեր է եղել,
Մի ջինջ գիշեր․
Մայրս ջահել մի եղէգ,
Հայրս ուժեղ։

Բարտիներն են երգել
Ջըրերի մօտ․
Ամէն ինչ խորն է եղել,
Ամէն ինչ յորդ։

Ու մօրս յուզել է
Բարտիների երգը․
Իսկ դաշտերում փերուզէ
Ծղրիթներն են եղել։

Ա՜խ ծղրիթներ շատախօս,
Լուսնկային հետ,
Ծնւեցի ձեր պատճառով
Այսպէս պօէտ։

***

Շամանդաղի կապոյտ թեւն, արեւի ոսկին,
Ձորում ջրերը հնչուն, շրշիւնը հասկի,
Եւ ուղիները ճերմակ, ուղիներն անծայր
Քո կարօտը երգեցին, բայց դու չդարձար։
Կախարդական, հին հովտում քեզ որոնեցի,
Կիսալուսինն էր կանգնել ոսկեղէն խեցի։
Միգում տխուր մի թռչուն ասաց․ — նա չկայ,
Զուր ես փնտռել անանուն բախտի աղջկան․
Թող գուրգուրի քո հոգին արեւի ոսկին,
Լսի՛ր երկրիդ հասկերին, հասկերի խօսքին…

Բարդիներ

1

Ես փոքր էի դեռ, փոքր էի ես,
Աչքեր ունէի բարի ու մեղմ,
Արտերի ճամբին տեսայ ես քե,
Դուն այնքան աղջիկ, այնքան անմեղ։

Առաջին հանդիպում… եւ ինձ թւաց,
Որ նման ես դու ճերմակ գառի,
Ուզեցի քեզ հետ դաշտը գնալ
Ու հասնել ճերմակ բարդի ծառին։

Ուզեցի, բայց դու գնացիր տուն,
Ու երազ դարձար, դարձար վերյուշ,
Փռւեց գորշագոյն մի իրիկուն,
Մի Բողար հաչեց հեռւից հեռու։

Յետոյ գիշերը, անհանգիստ քուն,
Լուսնկայ դաշտեր, դունչը գառիս,
Ես գնում էի մեր դաշտերով,
Ես հասնում էի բարդի ծառին…

2

Արագիլներ եկան ու գնացին,
Եւ գարուններ անցան, դարձան նորից,
Հասակդ ձգւեց, որպէս հացի,
Շուրթերդ կարմիր, կարմիր մորի։

Գնացքը սողաց մթին ձորից,
Ինձ էլ վերցրեց, ճչաց, գնաց․
Իմ աչքը մնաց կանաչ շորիդ
Եւ քո մազերին ոսկետրցակ։

Ախ, իմ դաշտերը լայն ու արձակ,
Եւ մեր խրճիթը, կալը, դղզը —
Երազի նման եկան, անցան, —
Սպիտակ իմ գառ, թողի քե՛զ էլ…

Եւ օրօրում էր իմ սիրտը թոյլ
Անուշ շըշիւնը հեռու արտի,
Ու գլխիս վրայ խշշում էր խուլ
Դաշտերում թողած ճերմա՜կ բարտին։

«Մրգահաս», 1926

Խոհ

Աշուն է դեղնապայծառ, ոսկեման ու ոսկեքող,
Աշուն է այգիներում, փողոցում եւ իմ սրտում,
Աշունը մի դեղնաթերթ ու տրտում գիրք է թերթում
Աշունը խշխշում է իմ սրտում վառ ու երգող,
Աշո՛ւն իմ դեղնապայծառ, ոսկեման ու ոսկեքող…

Ահա նա թօթափում է բաշերն իր վառ ու ոսկէ, —
Տեսնո՞ւմ ես, մեծացել եմ ու հասել են բերքերն իմ,
Ու խորքից է խշխշում ընթացքը իմ երգերի,
Էլ չկայ լաց ու երգում, էլ չկան զեզուն խօսքեր, —
Ահա նա թօթափում է բաշերն իր վառ ու ոսկէ…

Ողջո՜յն քեզ, հասած մրգի, հասկերի՜ իմաստութիւն,
Շուտ եկար, շտապ եկար, բայց եկար անվերադարձ,
Յուշ բերիր ու մշուշներ ու արեւ մի ոսկեթաս,
Բերիր բորբ բերքերը քո, վեհութի՛ւն, ու խո՛հ, ու թոյն…
Ողջո՜յն քեզ, հասած մրգի, հասկերի՜ իմաստութիւն…

«Մրգահաս», 1927

Հնձաններ

Շողշողում է քո բախտը իմ աչքերի դէմ խնդուն,
Դէմս ծփում է ահա ովկիանոսը քո բերքի,
Հարստութի՛ւն երկնային, երկրային նոր յարութիւն,
Օ՜, հնձաններ ոսկեգուռ, օ՜, հնձաններ իմ երկրի։

Դո՛ւք, մե՛ծ այգու մշակներ, դո՛ւք մեծ դաշտի հնձւորներ,
Ուղենիշներ կենդանի մեր անընդհատ վերելքի,
Ձեր քրտինքովն են շողում, ձեր քրտինքովն են ցնծում
Հնձանները ոսկեգուռ, հնձանները իմ երկրի։

…Օ՜, հնձաններ ոսկեգուռ, օ՜, հնձաններ իմ երկրի,
Որ որոտում էք այսօր նման անլուր մի երգի,
Դուք, անգրաւ ոստաններ առատութեան ու բերքի,
Որ բարձրացաք արիւնոտ հողի վրայ երէկի… —

Օ՜, հնձաններ ոսկեդուռ, օ՜, ոստաններ իմ երկրի…

Աբովեան փողոցի ծառերին

Տաստըվեցամեայ աղջիկների պէս
Նրանք պայծառ են, նրանք՝ անուշ,
Յաճախ նրանց հետ զրուցում եմ ես,
Լսում են նրանք ու գլխով անում։

Գիտէ՞ք, ասում եմ, ձեզ հետ միասին
Ես էլ տնկեցի իմ երգի ծառը,
Ձեզ հետ բարձրացաւ եւ իմ աքասին,
Ձեզ նման նա էլ թարմ ու պայծառ է։

Յետոյ ասում եմ, դուք դեռ կʼերկարէք,
Կը դառնաք վեհ ու սաղարախիտ,
Ձեր շուրջը ուրիշ ոտներ կը պարեն,
Ուրիշ սէր կը լինի, ուրիշ թախիծ։

Դուք դեռ այնքան շատ տարիներ ունէք…
Քամին կը տանի ձեր նոր հունտերը,
Կը փոխւի ջուրը, կը փոխւին հունտերն,
Բայց ձեզ կը սիրեն նոր սերունդները։

Ժպտում են նրանք թարմ ու լիասիրտ,
Ու ես, նրանց հետ, սրտով պայծառ եմ
— Գիտէ՞ք, անուշնե՛ր, ձեզ հետ միասին
Ես էլ տնկեցի երգերիս ծառը։

«Մրգահաս», 1926

Հողի երգը

Մեծ քաղաքների խօլ խուժը
Կանչում է նորից անհանգիստ,
Մշուշում թարթում է կամուրջը,
Հայեացքը յառած իմ յանդին։

Իսկ անդին գիւղերն իմ անթեւ,
Իսկ անդին հիւանդ մի տենդով
Հիւղերն են իմ ճամբան բանտել,
Հողերն են դժգոհ մրթմրթում։ —

— Բաւական է որքան շրջեցիր
Քաղաքից֊քաղաք երգելով․
Տե՛ս, ձէթի ծրագը շիջել է,
Սերմեր են մեռնու հերկերում։

Կոպերիդ տակ կապոյտ երիզ,
Մազերիդ՝ բոյրը գինետան,
Իմ կորած զաւա՛կ, էլ հերի՛ք
Մնաս քո երկրին օտար։

Դու այստեղ ուրի՜շ կը լինես,
Կը գտնես քո երգի հունը․
Կը սիրէ քո նոր երգերը
Բարձրացող զւարթ սերունդը։

Քեզ այստեղ ճանաչում են նրանք,
Երգում են քո նոր երգերը,
Իսկ դու թափառում ես մռայլ,
Ու նեղ է թւում երկիրըդ։

Միեւնոյն է՝ որքան էլ փախչես,
Ցնորես քաղաքներ հսկայ, —
Քեզ հո՛ղըդ պիտի ճանաչէ,
Քեզ հո՛ղըդ պիտի զգայ։

Եւ Հայաստանն է քո հերկը,
Ուր պիտի երգըդ զընգայ․
Դու երգի՛ր, պոէ՛տ, քո երգը,
Եւ պայծառ եղիր, եւ զգաստ։

«Մրգահաս», 1925