հեղինակ՝ Ավետիս Հարությունյան |
Մարդկային այն խուրդան, որով շրջապատել է իրեն Քոչարյանը, այդ դասը մի սովորություն ունի՝ ծննդյան օրը կամ գործ կպցնելու առթիվ, կամ պարզապես կիրակի օրով աղջիկ մատուցել «մեծ ախպորը»՝ իբրեւ առանձնահատուկ տղամարդկային մտերմության նշան։ Թանկանոց՝ անշուշտ։ Ձեռքի տակ եղածի լավը։ Իսկ երբ երկրի ներսում սպառված է լավը, բերում են դրսից։ Իբր՝ պարելու են եկել, իբր՝ երգելու են եկել, իբր՝ ընդհանրապես, մասաժի քուրմ են․ այսինքն, մարմնից բացի գործ ունեն նաեւ տղամարդու հոգու հետ։ Եթե «մեծ ախպերը» շատ վախենալու չէ կամ առանձնապես բծախնդիր չէ մաքրակենցաղության հարցում, մատուցում են «ընկերական ստուգելուց» հետո։ Գիտեն, որ շեֆը ծայրահեղ դեպքում քնքշորեն մատ թափ կտա ու կհրաժարվի նվերից։ Այդքան բան։
Սուբորդինացիոն արգելքները չեն աշխատում, եթե «ազգի համար» ենք անում։ Նանարներին ավանդաբար բերում են Մոսկվայից։ Իսկ ինչ վերաբերվում է քաղաքական ղախպեքին, դրանք ներմուծվում են հիմնականում Լոսից։ Լոսից, Գլենդեյլից, Փարիզից։
Բերվում են ամռանն ու աշնանը, որ համ «աշխատեն», համ էժան ծիրան ու խաղող ուտեն՝ ձմեռնամտին Արեւմուտքի ձմեռանոցները վերադառնալուց առաջ։ Բայց նախընտրական տարին առանձնահատուկ տարի է, խախտվել է կյանքի ռիթմը, եւ վաղ աշնանից սկսվել է քաղաքական պուտանկեքի զանգվածային «հայրենադարձությունը» Լոսից֊մոսից։ Չի կարելի ասել, թե լրբերի հայաստանյան պաշարները սպառվել են նախկին գնդապետների, նախկին քարտուղարուհիների՝ հիմա խմբագիրների, նախկին պահեստապետների՝ հիմա մինիստրների, ԺԴԿ֊ԽՎԶ, ՃՎԶ֊ՊՊԶ տիպի կուսակցությունների պետերի պակասություն ամենեւին չկա, բայց դրանց էֆեկտը այն չէ, որովհետեւ գործածված են արդեն զզվելու աստիճան։
Համ էլ, սրանք կան ու կան եւ արդեն ծախս էլ չեն պահանջում։ Նաեւ ժամանակն է նախընտրական, եւ նոր կադրեր են պետք, որ լինեն եթե ոչ երկրորդ թարմության (թեեւ ղախպի թարմը ո՞րն է), բայց չլինեն նաեւ պետականամետ մամուլում ամենօրյա գործածության «պերերիվի պուտանկեքի» նման մանեթանոց։ Այս սեզոնի առանձնահատկությունն այն է, որ լրբերը աննախադեպ գրգռված ու կատաղած են եկել Հայաստան։ Բանն այն է, որ թե´ ժամանակն է նախընտրական եւ թե´ այս ձմեռը նրանք ստիպված անց են կացնելու հայրենիքում։ Այս ձմեռ նրանց դրսում կեր ու ծածկ տվող չի լինելու։ Քաղաքական լրբերի կոլեկտիվ սուտենյորի դերը վերջին տասը տարիներին ստանձնել են երկու «ազգային կուսակցություններ»։ Առանձնապես կեղեքիչ չէ նրանց շահագործումը։
«Հայ դատը հետապնդելու համար» հանգանակած փողերով վիզան առնում են, տարվա կեսը պահում են Հայաստանից տարագրվածների տներում, տարին մի «կաստյում֊շալվար» են առնում, ձմեռը փրկում են Հայաստանի ժողովրդին վիճակված սառնաշունչ ձմեռից եւ փոխարենը ընդամենը մեկ֊երկու բան են ուզում՝ ամիսը մեկ հոդված ՀՀՇ֊ի դեմ, ամիսը երկու ելույթ գաղութի խուժան ալիքով՝ դարձյալ նախկին իշխանության դեմ եւ չորս֊հինգ տարին մեկ անգամ էլ, որ խմբակային պառկեն Քոչարյանի տակ։ Այսքան բան։ Մեծ ծախս չէ Սփյուռքի համար։ Ո՞վ է ասում, որ Սփյուռքի ֆինանսական ռեսուրսները չեն ծառայում Հայրենիքին։ Լոսում մարդիկ իրենց տանը հացի են նստում, մի աման ճաշ էլ ավել են եփում «ազգի մտավորականի համար»։
Ամիսը մեկ կինո են գնում, մեկ տոմս ավել են առնում, մայովկի են դուրս գալիս, ամերիկյան լենուբոլ ավտոյում տեղ ճարվում է։ Փոքր էլ լինի ավտոն, հո չի՞ տրտնջալու «մեծապատիվ հյուրը»՝ ձրիակերի բողոքը ո՞րն է։ Տանիքը կա, լվացքի փողը վճարում են, հեռախոսից սահմանափակ, բայց օգտվում է, լույսի փող չի մուծում հայաստանցիների նման, ռոճիկի չի սպասում անհույս։ Բան է, թե հաջողեց վերջում մի ոսկե ապարանջան, մի «ցեփ» թռցնել տանտիրուհու գզրոցից, հավելյալ քյար է։ Կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ Ազգիս մտավորականը ե՞րբ տակ չի տվել, գրողը տանի։
Մի խոսքով, սուտենյորի պայմանները անկատարելի չեն։ Սեզոնին չորս֊հինգ հոդված կուսակցական պատի թերթում, ութ֊տասը ելույթ խուժան ալիքով՝ կախված է, իհարկե, Սովետական Հայաստանում ունեցածդ սոցիալական ստատուսից։ Եթե ակադեմիկոս ես, եթե դոկտոր ես կամ վեց գիրք ես տպել ժամանակին, եթե Լենինյան մրցանակ ունես․ մի խոսքով, ելույթների ու հոդվածների քանակը, եթե ալարում ես, կարող ես կրճատել, բայց մեկ պայմանով, որ մյուս կեսը իրագործում ես ՝ բերանդ առավելագույնս ճոռթած։ Այսինքն, վճարողին պիտի վարձահատույց լինել առավելապես արհեստավարժորեն, պարտաճանաչ ու ջանադիր, ինչպես գրին֊քարտ չունեցող չարքաշ բոզը։
Դա էլ, անշուշտ, մի կյանք չէ, բայց Հայաստանում ձմեռը անցկացնելուց, ինչ խոսք, որ լավ է։ Ձեռի հետ էլ «զբաղվում ես մասնագիտությամբ», մի երկու բերան երգում ես «Ադանայի ողբը»՝ շալախոյի հանգով, նարդու երկու երեսի չափով ոտանավոր ես տպում արեւմտահայ ուղղագրությամբ, պիես ես գրում ինքնագործ թատրոնի համար, նկարում ես խանութպանի կնոջը, ընդամենը ներկի փողն է տալիս, բայց նաեւ թույլ է տալիս, որ հայերի շրջանում ասես, որ նկարը առել է քսան հազարով․ ոնց որ ջահել օրերի Սովետում ապրես։ Հացը, լույսը, պլյուս՝ բանանը՝ կա, կաստյում֊շալվարը՝ ինքնարժեքով՝ կա, թշնամի կուսակցության դեմ գրելու (սովետի ժամանակ՝ Դաշնակցության դեմ) պահանջարկը՝ կա, ղեկավար կուսակցությունը (հիմա՝ Դաշնակցություն) կա, ուրիշ ի՞նչ է պետք ապուշի երջանկության համար։
Նախընտրական գրդոնի սեզոնը (ինչպես բուն լրբերի համար՝ ամառը) պատասխանատու լինելուց բացի, ներվային է լինելու, որովհետեւ մրցակցությունն է դաժանանում։ Ինչպես ամռան արձակուրդի օրերին սանձարձակված «նամուսով» կանայք են խփում պուտանկեքի գործին եւ գինը «քցում», այդպես էլ նախընտրական վայրահաչության ասպարեզը պարզապես պայթում է դեշովկեքի առատությունից։ Մուֆտա կամ էժանով առնվողների այդ գրոհի պայմաններում պիտի լինել առավելապես հնարամիտ եւ աշխատել գռքաշ։ Աշխատել քանակի վրա, որովհետեւ խոսքի֊բերանի գինը ընկած է լինելու։ Բայց ամենավիրավորականն այն է, որ այս ձմեռ իրենք հայրենիքում են մնալու։