հեղինակ՝ Վանո Սիրադեղյան |
Տարվա այդ եղանակին, երբ վաղուց տապալված էր տան պատերի տակ ու գոմի կտուրին աճող մարդահասակ եղինջը, չորացել կամ անասունի կեր էր դարձել պատշգամբին խճճվող ծաղկալոբին, երբ ծերունական կմախքի ողջ անճոռնիությամբ բակում տարածվել էր հսկա ընկուզենին,— ոչինչ չկար, որ քողարկեր գորշ մանրաքարով շարված պատերը, մառանահարկի վրա կախ ընկած, լողակագայն ներկաբծերով պատշգամբը և պատշգամբ տանող սանդուղքի ոստոտ֊անտաշ բազրիքը, որը մետաղալարով պատշգամբի սյունին կլպած հացենու մի ձող էր։
Այդ խեղճության կնճռոտ ճակատին այս առավոտ դրոշմվել էր նաև անտերության կնիքը։
Կողապատի ներկաթափ շրջանակով քառակուսի պատուհանից կանացի մարմանդ լացի ձայն էր գալիս։ Ողբը կցկտուր էր, ամեն ներս մտնողի հետ սաստկանում֊մարում էր և ողբերգական բան չկար մեջը։ Ծերունիները, որոնց ծանրացած ականջները արտակարգ սուր են ընկալում մահվան ձայնը, այս տան առաջին այցելուներն էին։ Նրանք մեկիկ֊մեկիկ բացում էին ցանկապատի դուռը, անձայն բարևում էին կանուխ եկողներին, սգավոր֊դանդաղ բարձրանում էին ննջեցյալի մոտ, կանգնում սգացող կանանց մեջ ըստ պատշաճի, ապա նույնքան անշտապ իջնում էին ճռնչացող սանդուղքով, նույն միանշանակ հոգոցով տեղավորվում հաճարենու գերանին, որի վրա դրացու ձեռնահաս հարսը թաղիք ու կարպետ էր փռել։
Ձմռան ճնճուղների նման գերանին շարված, թիկունքները հորիզոնից չբարձրացող ուշ աշնան արևին հարմարեցնելով, ծերերը պատրաստվում էին տեղին ու իրավիճակին վայել զրույցի։
— Թանդ ձմեռ կլինի։
— Հաա՜, գարունքը կուշանա…
Կցկտուր բառերը լողում էին մակերեսին, իսկ խորքում ամեն մեկը իր մտքերի հետ էր, իր հիվանդության ու առողջության, իր ապրած կյանքի հետ էր։ Նրանցից ո՞վ կարժանանա գարնան արևկողի բախտին, ձմեռը ո՞ւմ կտանի, Վարոսից հետո հաջորդը ո՞վ է լինելու… Քրքրում էին հիշողությունները, քննում տոհմագրությունները, տալիս֊առնում… Այ, այսինչը արդեն հոտաղ էր, իսկ ինքը վարտիքով էր ման գալիս։ Այնինչին ինքն է ձի նստել սովորեցրել, ջահել է, բայց նրանց ցեղում երկար ապրող չի եղել։ Այս մեկն էլ հարյուրի մոտ է, բայց դա ոչ մի նշանակություն չունի, նրա հայրն էլ ու պապն էլ հարյուրից ավելի ապրեցին… Ուրեմն, հաջորդը ո՞վ է լինելու։ Այսինքն, ի՞նչ նշանակություն ունի, մի տարի ուշ, մի տարի շուտ՝ բոլորն էլ հերթով գնալու են… Բայց գտնում էին։ Այնուամենայնիվ, ամենքը մեկին գտնում, իրենից առաջ էր գցում և հաջորդը չլինելու հույսից ուշ աշնան արևը դիպչում էր նրանց թիկունքին։ Եվ յուրաքանչյուրի հույսը մահվան դատավճիռ էր ինչ֊որ մեկի համար։
Ողբը նախկին հանգով ելևէջում էր, սանդուղքը յուրովի ցավով ճռնչում էր ելումուտ անողների ոտքերի տակ, տարեցները գանգատվում էին անքուն անցկացրած գիշերից, սրունքների, կոնքի, հազար ու մի ցավից, խոսում էին ճակատագրի կամ աստծու քմահաճություններից… Բայց տանը ննջեցյալ կար՝ պիտի ննջեցյալի մասին խոսեին։
Արտեմը՝ տարեցներից ուսյալն ու հարգվածը, առաջին ձայնի իրավունքով, այդ իրավունքով դատապարտվածի կնիքը դեմքին, հազաց, կոկորդը մաքրեց ու թիկունքը շտկել ջանալով՝ սկսեց ծխամորճը լցնել։ Մյուսները դեմքներին ծանր լսողի արտահայտություն տվեցին և Արտեմը ասաց․
— Ոսկի մարդ էր ողորմած հոգին։
«Հա, հըմ»,— պատրաստակամ քրթմնջացին ունկնդիրները, բայց նա չշարունակեց։ Պատշաճ դադարի վայրկյանները անցան, լռությունը սաստկանում էր, այնինչ Արտեմը մտախոհ ծխում էր ու մտածում, որ պատշգամբի սյունն ի վար կախած տաքդեղի շարոցը ցուրտը կտանի։
Անհարմար լռությունը լցնելու համար մեկը սկսում է մի միջադեպ պատմել իր ու Վարոսի մանկությունից, ինչ֊որ էշի, էշի պոչից գերան կապելու, զառիթափից էշի գլորվելու մասին պատմություն, բայց սաստող հայացքների տակ անպատեհ պատմությունը ընդհատում է։
— Խոտհարքի էինք, Միջահանդում,— վերջապես Արտեմը բան է մտաբերում։— Հունիսն էր, շո՜գ, քրտինքը փողքներից կաթում էր։ Ողորմած հոգին, մեկ էլ տեսնենք, կուլեն առած՝ աղբյուրից բարձրանում է։ Ձեն տվինք՝ Վա՛րոս, Վա՛րաս, Վա՛րոս, ծարավ ենք, ծարա՜վ… Ողորմած հոգին ճամփեն ծռեց, եկավ կուլեն դրեց գերանդիների առաջ, թե՝ խմեք…
«Հա, հըմ»— արեցին լսողները ու սրտնեղությունից սկսեցին անհանգիստ շուռումուռ գալ, ձեռքները ծխախոտին գցել,․․ Մեծացան, գլխներին խելք չմնաց։ Հանգուցյալը տանը դրած, իրենք նրա կյանքից մի լավ բան չունեն հիշելու։ Մի կյանք նույն գյուղում են ապրել ու հիշելու բան չունեն։ Գյուղն էլ գյուղ լինի՝ ութսուն֊իննսուն տուն, կարելի է ասել դուռ֊դռան են ապրել։
Խեթ հայացքները ծակծկում էին Վարոսի դրկից Ասատուրին — խոսել չի՞ ուղում։ Թշնամություն֊բան չեն ունեցել, ինչո՞ւ չպիաի խոսի։ Հիսուն տարվա հարևան են եղել, ասելու բան կունենա։ Անկապ բաներ էին ասում ու խեթում Ասատուրին, հազում՝ խեթում էին, տնքում խեթում էին, ծածուկ հայացքները բացվում, դառնում էին համառ, դառնում էին պահանջկոտ֊աղաչական, իսկ Ասատուրը նստած տեղը երկտակվել, «տեր֊ողորմյան» խոթել էր աչքերը, նեղ ճակատից քունքերով քթարմատները իջնող կնճիռները մտքի լարումից սեղմվել, պաշարել էին ջրակալած աչքերը։ Այդ տամուկ աչքերի մեջ անցյալի հեղհեղուկ պատկերներ էին լողում, կայծկլտում֊մարում էին տպավորիչ օրերի, տպավորիչ պահերի ուրվագծերը և հանկարծ հստակ դեմքեր էին ցոլանում… Բայց այդ դեմքերի մեջ չկար Վարոսի դեմքը։
Այդպես էլ երկտակված, անտեղի բան ասելը գիտակցողի խոնարհությամբ Ասատուրը սկսեց․
— Միտներդ է՞, մի տարի ուժեղ սելավ արավ,— ու քանի որ ասելիքը դատարկ բան էր, դադար չտվեց, որ հաստատեն,— ուրեմն, էդ սելավը սրբեց տարավ մեր ներքի արտը։ Սելավը Վարոսի տան պատն էլ քանդեց… Հրեն էդ պատը։— Ու մինչ ցավակից հայացքները թափառում էին նորոգված պատին, Ասատուրն ամփոփեց։— Ի՞նչ տանջանք քաշեց ողորմած հոգին էդ պատի վրա…
Կեսօրն անց էր, երբ չներկած, թարմ սոճու բույրով դագաղը բակ բերին։ Կափարիչը հենեցին լուսամուտի տակի պատին և պատի տակ պպզած ջահելները խուճապահար երամով վեր թռան։ Ինչ֊որ մեկը հիշեց մայրաքաղաքում վախճանված համագյուղացու դագաղը՝ սեփ֊սև լաքապատ, կարմիր շերտերով, կափարիչին՝ դեղին ժապավենից հսկայական վարդ, իսկ բռնակները՝ ողորկ ու փայլուն, որ դագաղը իջեցնելիս պտտելով հանեցին, ոչ թե սրա նման, որ քարով ջարդես։
Դե, որ անցողաց մասին խոսք գնաց, խոսեցին տարիներ առաջ մեռածներից, նրանց կենսագրության մեջ սխրալի էջեր գտան, մարդասիրությո՜ւն, մեծահոգաթյո՜ւն, նեղ օրին հասնելու շնորհք ու սիրտ… Միայն թե հանգուցյալը կողքներին էր և զեղումները կարճ կապեցին…
Լեռնապարի ատամնաշարին քսվելով՝ արևը մոտենում էր մայրամուտին։ Արևի սփրթնած սկավառակից ցուրտ էր փչում։ Ցուրտը խաղում էր փչված ոսկորների մեջ, հաճարենու գերանից մեկ֊մեկ պոկում էր կորամեջք կերպարանքները և քշում գյուղի փողոցներով դեպի վառարանների տաքությունը՝ փափուկ անկողինների ու կոշտ անքնության խոստումով։
Տաքդեղի շարոցը խշխշում էր մայրամուտի շնչից։
Իսկ քառակուսի պատուհանից լսվում էր ողբասացի խռպոտած ձայնը․
— Տան հացը պակաս չես արել, Վարոս ջան… Կրակը թեժ ես պահել, Վարոս ջան… Կտուրը չի կաթել, Վարոս ջան…
Հանգուցյալի կինը կարճ դադարներ էր տալիս և փոքրաթիվ կանանց խումբը չոր, համառոտ հեկեկոցով հավաստում էր հանգուցյալի առաքինությունները։