հեղինակ՝ Կարել Չապեկ |
― Հավատացնում եմ ձեզ, պարոն դատախազ, ինձ խաբելն այնքան էլ հեշտ չէ, ― ասաց Յանովիցը։ ― Իզուր չէ, որ ես հրեա եմ, հը՞։ Բայց այն, ինչ անում է այդ մարդը, խելքից֊մտքից դուրս բան է։ Այստեղ խնդիրը գրաֆոլոգիան չի, այլ աստված գիտե, թե ինչը։ Պատկերացրեք, տալիս ես նրան ձեռագրի օրինակը փակ ծրարում։ Նույնիսկ չի նայում վրան, միայն մատներն է մտցնում ծրարի մեջ, շոշափում է թուղթը, և այդ ժամանակ բերանը մի փոքր ծռում է, ասես ցավ է զգում։ Եվ տեղնուտեղն սկսում է նկարագրել, արմանք֊զարմանք ես կտրում։ Տեսնում է ամբողջ ներքինը։ Ես տվի նրան ծերուկ Վայնբերգի նամակը ծրարի մեջ, և նա ասաց ամեն ինչ․ և այն, որ ծերունին շաքարախտ ունի, և այն, որ նա կանգնած է սնանկացման եզրին։ Ի՞նչ կասեք սրան։
― Ոչինչ, ― չոր֊չոր պատասխանեց դատախազը։ ― Միգուցե ծերուկ Վայնբերգին ճանաչում է։
― Բայց ախր նույնիսկ ձեռագիրը չտեսավ, ― աշխուժորեն առարկեց Յանովիցը։ ― Նա հավատացնում է, որ ամեն մի ձեռագիր ունի իր ներվային հոսանքը, որն զգացվում է միանգամայն պարզորոշ կերպով։ Ասում է՝ դա նույնիսկ ֆիզիկական երևույթ է, ինչպես ռադիոալիքները։ Պարոն դատախազ, այդտեղ խաբեություն չկա, այդ կնյազ Ղարադաղը նույնիսկ փող չի վերցնում․ ասում են, նա Բաքվում ապրող շատ հին ընտանիքից է, այդ բանը մի ռուս պատմեց ինձ։ Ասենք, ինչ եմ համոզում ձեզ, ավելի լավ է եկեք, ինքներդ ձեր աչքով տեսեք․ այսօր երեկոյան նա մեզ մոտ է լինելու։ Անպայման եկեք։
― Լսեք, պարոն Յանովից, ― պատասխանեց դատախազը, ― այդ ամենը շատ լավ է, բայց ես օտարերկրացիներին քիչ եմ հավատում, ամենաշատը՝ կիսով չափ, երբ հատկապես նրանց ապրուստի աղբյուրները անհայտ են ինձ։ Ռուսներին ավելի քիչ եմ հավատում, իսկ այդ ֆակիրներին արդեն բոլորովին քիչ։ Իսկ եթե հետն էլ կնյազ է, ապա բնավ չեմ հավատում։ Ասում եք, այդ արհեստը որտեղ է սովորե՞լ։ Ըհը՛, Պարսկաստանում։ Հանգիստ թողեք ինձ, պարոն Յանովից։ Արևելքը համատարած շառլատանություն է։
― Ի՜նչ եք ասում, պարոն դատախազ, ― առարկեց Յանովիցը։ ― Այդ երիտասարդը ամեն ինչ բացատրում է գիտական տեսակետից։ Ոչ մի կախարդանք կամ անդրկողմյան ուժեր։ Ասում եմ ձեզ, զուտ գիտական մեթոդ է։
― Ավելի ևս շառլատանություն, ― ասաց դատախազը։ ― Պարոն Յանովից, ես զարմանում եմ ձեզ վրա։ Ամբողջ կյանքում յոլա եք գնացել առանց «զուտ գիտնական մեթոդների», իսկ հիմա կառչել եք դրանից։ Ախր, եթե այդտեղ որևէ լուրջ բան լիներ, ինչ եք կարծում, մի՞թե հայտնի չէր լինի գիտությանը։
― Հըմ, ― բառաչեց Յանովիցը, թեթևակի տատանվելով։ ― Բայց ախր ես վկա էի, թե նա ոնց մերկացրեց ծերուկ Վայնբերգին։ Դա պարզապես հանճարեղ էր։ Գիտեք ինչ, պարոն դատախազ, այնուամենայնիվ եկեք նայելու։ Եթե դա խաբեություն է, դուք կնկատեք անմիջապես, հենց դրա համար էլ մասնագետ եք։ Ախր ոչ ոք չի կարող ձեզ խաբել, այնպես չէ՞։
― Այո, հազիվ թե, ― համեստորեն արձագանքեց դատախազը։ ― Լավ, պարոն Յանովից, ես կգամ։ Կգամ միայն նրա համար, որպեսզի ճանաչեմ ձեր այդ ֆենոմենին։ Պարզապես զարմանում ես, թե մեզանում մարդիկ որքան դյուրահավատ են։ Բայց դուք նրան չասեք, թե ես ով եմ։ Այ, սպասեցեք, ես նրան ցույց կտամ մի ձեռագիր, դա կլինի անսովոր մի դեպք։ Վստահեցնում եմ, որ ես նրան կմերկացնեմ խաբեության մեջ։
Անհրաժեշտ է ասել, որ դատախազը (կամ ավեի ճիշտ, պետական ավագ դատախազ, իրավագիտության դոկտոր պարոն Կլապկան) երդվյալների դատարանի առաջիկա սեսիայում պետք է հանդես գար իբրև մեղադրող՝ Հուգո Մյուլլերի գործում, որը մեղադրվում էր կանխավ մտածված սպանության մեջ։ Հարուստ գործարանատեր Հուգո Մյուլլերը մեղադրվում էր այն բանում, որ, վիթխարի գումարով ապահովագրելով իր կրտսեր եղբայր Օտտոյի կյանքը, հետո խեղդել էր նրան Դոկսանի լճակում։ Նրան կասկածում էին նաև, որ մի քանի տարի առաջ այն աշխարն էր ուղարկել իր սիրուհուն, բայց դա, իհարկե, չէր կարելի ապացուցել։ Մի խոսքով, դա խոշոր դատավարություն էր, և Կլապկան ուզում էր փայլել այնտեղ։ Մյուլլերի գործի վրա նա աշխատում էր իրեն հատուկ ողջ եռանդով ու խորաթափանցությամբ, որոնց շնորհիվ վաստակել էր ամենաահեղ դատախազներից մեկի համբավը։ Սակայն, գործը լիովին պարզ չէր, և դատախազն ինչ ասես կտար՝ թեկուզ մեկ հատիկ անվիճելի ապացույցի համար։ Բայց, որպեսզի Մյուլլերին ճամփեր դեպի կախաղան, մեղադրողը հույսն ավելի շատ պետք է դներ իր պերճախոսության, քան թե հետաքննության նյութերի վրա։ Թող հայտնի լինի ձեզ, որ մարդասպանի համար մահվան դատավճռի հասնելը ամեն մի դատախազի պատվի գործն է։
Այդ երեկո, պայծառատեսին դատախազին ներկայացնելիս, Յանովիցը նույնիսկ փոքր֊ինչ հուզվում էր։
― Կնյազ Ղարադաղ, ― ասաց նա մեղմ ձայնով։ ― Դոկտոր Կլապկա․․․ ― Թերևս կարելի է սկսել, այո՞։
Դատախազը խորազնին հայացքով դիտում էր այդ էկզոտիկ արարածին։ Նրա առջև կանգնած էր նիհարավուն, ակնոցավոր մի երիտասարդ․ դեմքով նման տիբեթյան կուսակրոնի։ Նրա մատները բարակ էին, գողային։ «Արկածախնդրի մեկն է», ― որոշեց դատախազը։
― Պարոն Ղարադաղ, ― բլբլացրեց Յանովիցը, ― համեցեք այստեղ, սեղանի մոտ։ Հանքային ջրի շիշն արդեն պատրաստ է։ Վառեք խնդրեմ տորշերը, իսկ ջահը կհանգցնենք, որպեսզի չխանգարի ձեզ։ Այսպես։ Պարոնայք, խնդրում եմ կամաց խոսեք։ Պարոն դատա․․․ ը՜մ֊մ, պարոն Կապկան ինչ֊որ նամակ է բերել։ Եթե պարոն Ղարադաղն այնքան սիրալիր կլինի, որ․․․
Դատախազը կոկորդը մաքրեց ու նստեց այնպես, որպեսզի ավելի լավ տեսնի պայծառատեսին։
― Ահա նամակը, ― ասաց նա ու գրպանից հանեց չփակված ծրարը։ ― Խնդրեմ։
― Շնորհակալություն, ― խուլ կերպով արձագանքեց պայծառատեսը, վերցրեց ծրարն ու, աչքերը փակելով, շուռումուռ տվեց ձեռքերում։ Հանկարծ նա ցնցվեց ու օրորեց գլուխը։ ― Տարօրինակ է, ― քրթմնջաց նա ու մի կում ջուր խմեց, ապա բարակ մատները մտցրեց ծրարի մեջ ու անշարժացավ։ Նրա թուխ դեմքը գունատվեց։
Սենյակում այնպիսի լռություն էր տիրում, որ լսելի էր շնչարգելությամբ տառապող Յանովիցի թեթև խզզոցը։
Ղարադաղի բարակ շրթունքները դողում էին ու ծռմռվում, ասես նա շիկացած երկաթ էր պահել ձեռքերի մեջ։ Ճակատին քրտինք դուրս տվեց։
― Անտանելի է, ― քրթմնաջաց նա, մատները հանեց ծրարից, սրբեց թաշկինակով ու մի րոպե տանում֊բերում էր սփռոցի վրա, ասես սրում էր, ինչպես դանակ։ Հետո ջղայնորեն մի կում ջուր խմեց և զգուշությամբ վերցրեց ծրարը։
― Այն մարդը, որ գրել է այս նամակը, ― չոր֊չոր սկսեց նա, ― օժտված է ներքին մեծ ուժով, բայց․․․ ― ինչպես երևում է, Ղարադաղը բառ էր որոնում, ― բայց այնպիսի ուժով, որը դարանակալում է․․․ Այդ զարհուրելի է, ― բացականչեց նա ու ծրարը ձեռքից բաց թողեց։ ― Ես չէի ուզենա, որ այդ մարդն իմ թշնամին լիներ։
― Ինչո՞ւ, ― չկարողացավ իրեն զսպել դատախազը։ ― Նա որևէ վատ բա՞ն է արել։
― Հարցեր մի՛ տաք, ― ասաց պայծառատեսը։ ― Յուրաքանչյուր հարցի մեջ թաքնված է իր պատասխանը։ Ես գիտեմ միայն, որ նա ընդունակ է ամեն ինչի․․․ մեծ ու սարսափելի արարքների։ Նա ունի հրեշավոր կամքի ուժ․․․ և հաջողություն․․․ հարստության ծարավ․․․ Մերձավորի կյանքը նրա համար խոչընդոտ չէ։ Ոչ, նա երևելի ոճրագործ է։ Ախր վագրը ոճրագործ չէ։ Վագրը տիրակալ է։ Այդ մարդն ընդունակ է ստորության․․․ բայց համոզված է, որ տնօրինում է մարդկանց ճակատագիրը։ Երբ նա դուրս է գալիս որսի, մարդիկ նրա համար լոկ ավար են։ Նա սպանում է նրանց։
― Նա կանգնած է բարու և չարի այն կողմը, ― մռմռաց դատախազը, ակնհայտորեն համաձայնելով պայծառատեսի հետ։
― Այդ բոլորը սոսկ բառեր են, ― պատասխանեց նա։ ― Ոչ ոք կանգնած չէ բարու և չարի այն կողմը։ Այդ մարդն ունի բարոյական իր խիստ օրենքները։ Նա ոչ ոքի ոչինչ պարտք չէ, նա չի գողանում ու չի խաբում։ Նրա համար սպանելը նույնն է, ինչ որ շախն ու մատը շախմատի խաղատախտակի վրա։ Այդ նրա խաղն է, և նա ազնվորեն պահպանում է դրա կանոնները։ ― Պայծառատեսը մտահոգությամբ ճակատը կնճռոտեց։ ― Չգիտեմ, թե այդ ինչ է նշանակում, բայց ես տեսնում եմ մի մեծ լճակ ու նրա վրա շարժիչավոր մի նավակ։
― Իսկ հետո՞ ինչ, ― շունչը պահելով, բացականչեց դատախազը։
― Այլևս ոչինչ չի երևում, ամեն ինչ ճապաղվում է։ Մի տեսակ տարօրինակ ձևով ճապաղվում է ու մշուշվում՝ որսը ճանկել պատրաստվող մարդու դաժան ու անողորմ կամքի գրոհից։ Սակայն, նրա մեջ որսորդական կիրք չկա, կան միայն բանականության փաստարկներ։ Ամեն մի մանրուքում բացարձակ խոհունակություն։ Ասես մաթեմատիկական խնդիր է լուծվում կամ տեխնիկական պրոբլեմ։ Այդ մարդը երբեք և ոչ մի բանում չի զղջում, նա վստահ է իր վրա ու չի վախենում սեփական խղճի կշտամբանքներից։ Ինձ թվում է, թե նա բոլորի վրա վերևից է նայում։ Խիստ բարձրամիտ է ու եսասեր։ Նրան դուր է գալիս, որ մարդիկ իրենից վախենում են։ ― Պայծառատեսն էլի մի կում ջուր խմեց։ ― Բայց դրա հետ մեկտեղ այդ մարդը դերասան է։ Ըստ էության նա փառամոլ է, որը սիրում է մարդկանց առաջ կեցվածք ընդունել։ Նա կուզենար աշխարհը զարմացնել իր արարքներով․․․ Բավական է, ես հոգնեցի։ Նա հակակրանք է հարուցում իմ մեջ։
― Լսեցեք, Յանովից, ― դիմեց տանտիրոջը հուզված դատախազը։ ― Ձեր պայծառատեսն իրոք որ ապշեցուցիչ մարդ է։ Նա գծագրեց ամենաճիշտ մի դիմանկար։ Ուժեղ ու դաժան մի անհատ, որի համար մարդիկ միայն որս են․ իր խաղի վարպետը․ խորհող մի բնավորություն, որը տրամաբանորեն հիմնավորում է իր արարքները ու երբեք չի զղջում, ջենտլմեն ու միաժանամակ կեցվածք ընդունող։ Պարոն Յանովից, այդ Ղարադաղը լիովին բացահայտեց նրան։
― Տեսնո՜ւմ եք, ― ուրախացավ շոյված Յանովիցը։ ― Ես ինչ էի ասում։ Դա լիբերեկցի Շլիֆենի նամակն էր, այո՞։
― Ի՜նչ եք ասում, ― բացականչեց դատախազը։ ― Պարոն Յանովից, դա մի մարդասպանի նամակ է։
― Մի՞թե, ― զարմացավ Յանովիցը։ ― Իսկ ես կարծում էի, թե տեքստիլագործ Շլիֆենի մասին էր։ Ախր այդ Շլիֆենը շատ մեծ ավազակ է։
― Ոչ։ Դա Հուգո Մյուլլերի նամակն էր, այդ եղբայրասպան Մյուլլերի։ Ուշադրություն դարձրի՞ք, որ պայծառատեսը հիշատակեց լճակն ու շարժիչավոր նավակը։ Մյուլլերն այդ նավակից է եղբորը նետել ջուրը։
― Չի կարող պատահել, ― զարմացավ Յանովիցը։ ― Այ տեսնում եք, պարոն դատախազ, թե ինչ զարմանալի տաղանդ է։
― Անվիճելիորեն, ― համաձայնեց նա։ ― Ինչպե՜ս վերլուծեց այդ Մյուլլերի բնավորությունն ու արարքների դրդապատճառները։ Դա պարզապես ֆենոմենալ երևույթ է։ Ամգամ ես չէի կարող այդպիսի խորությամբ վերլուծել։ Իսկ պայծառատեսը նամակը միայն շոշափեց, և խնդրեմ․․․ Պարոն Յանովիչ, այստեղ մի բան կա։ Ըստ երևույթին, մարդկային ձեռագիրն իսկապես որոշ ֆլյուիդներ է արձակում կամ դրա նման մի բան։
― Ախր ասում էի ձեզ, ― ցնծում է Յանովիցը։ ― Պարոն դատախազ, հապա ցույց տվեք այդ մարդասպանի ձեռագիրը։ Կյանքումս երբեք չեմ տեսել։
― Հաճույքով, ― ասաց դատախազն ու ներսի գրպանից հանեց այն նույն ծրարը։ ― Ի դեպ, նամակը ինքնին հետաքրքիր է, ― ավելացրեց նա, թերթիկը ծրարից հանելով։ Եվ հանկարծ նրա դեմքը փոխվեց։ ― Ավելի ճիշտ․․․ Իսկապես ասած, պարոն Յանովից, այդ նամակը դատական գործից հանած փաստաթուղթ է․․․ այնպես որ չեմ կարող ձեզ ցույց տալ։ Ներեցեք, խնդրում եմ․․․
Մի քանի րոպե հետո դատախազը վազում էր դեպի տուն, նույնիսկ չնկատելով, որ անձրև է գալիս։ «Ես ավանակ եմ, ― դառնությամբ կրկնում էր նա ինքն իրեն։ ― Ես ապուշ եմ։ Եվ ինչպես կարող էր նման բան պատահել։ Ապո՛ւշ։ Մյուլլերի նամակի փոխարեն շտապելուց գործի միջից հանել մեղադրական եզրակացության սեփական գրառումները ու խցկել ծրարի մեջ․․․ Դդո՛ւմ։ Ուրեմն այդ իմ ձեռագիրն է․․․ Խոնարհաբար շնորհակալ եմ։ Սպասիր դու, սրիկա, հիմա որ ես քեզ կհետամտեմ։
«Բայց և այնպես, ախր նա առանձնապես մի վատ բան չասաց։ ― Դատախազն սկսեց հանգստանալ։ Ուժեղ անձնավորություն, զարմանալի կամք, ընդունակ չէ ստորությունների․․․ Համաձայն եմ։ Բարոյական խիստ օրենսգիրք․․․ Մինչև իսկ չափազանց հաճելի է։ Երբեք և ոչ մի բանում չի զղջում․․․ Դե, և փառք աստծու, նշանակում է՝ զղջալու բան էլ չկա, ես կատարում եմ միայն իմ պարտքը։ Խորհող բնավորության մասին նույնպես ճիշտ ասաց։ Այ, միայն կեցվածք ընդունելու մասին շփոթում էր․․․ Չէ, բայց և այնպես շառլատան է»։
Հանկարծ դատախազը կանգ առավ․ «Դե պարզ է, ― ասաց ինքն իրեն։ ― Այն, ինչ որ այդ կնյազն ասաց, կիրառելի է համարյա ամեն մի մարդու նկատմամբ։ Այդ ամենը սոսկ ընդհանուր տեղիներ են։ Յուրաքանչյուր մարդ ինչ֊որ չափով կեցվածք ընդունող է ու փառամոլ։ Ահա և ամբողջ ֆոկուսը․ հարկավոր է խոսել այնպես, որ ամեն մեկը կարողանա ճանաչել իրեն։ Բանն էլ հենց այդ է», ― որոշեց դատախազը և, բացելով հովանոցը, քայլեց դեպի տուն իր սովորական եռանդուն քայլվածքով։
― Տե՜ր իմ աստված, ― վշտանում էր դատարանի նախագահը, դատավորական քղամիդը հանելով վրայից։ ― Արդեն ժամը յոթն է։ Այ թե նորից ձգձգեցինք։ Հարկավ, դատախազը ամբողջ երկու ժամ խոսեց։ Սակայն դատը շահեց։ Նման անզոր ապացույցներով հասնել մահվան դատավճռի՝ այ դա հաջողություն է։ Այո, անքննելի են երդվյալ ատենակալների ուղիները։ Բայց նա հանդես եկավ զորս դու պատվիրեցիր, ― շարունակեց նախագահը, ձեռքերը լվանալով։ ― Գլխավորը, ինչպե՜ս բնութագրեց այդ Մյուլլերին՝ հոգեբանական մի հոյակապ դիմանկար։ Մի տեսակ հրեշավոր, անմարդկային բնավորություն, լսում ես և ուղղակի ամբողջ մարմնով դողում։ Հիշո՞ւմ եք, կոլեգա, ինչպես ասաց․ «Դա երևելի ոճրագործ է։ Նա ընդունակ չէ ստորությունների, չի գողանում, չի խաբում։ Բայց, մարդուն սպանելիս, նա հանգիստ է, ասես խաղատախտակի վրա շախ և մատ է անում։ Նա սպանում է ոչ թե աֆֆեկտի վիճակում, այլ սառը, առողջ բանականությամբ ու ամուր հիշողությամբ, ասես խնդիր է լուծում կամ տեխնիկական պրոբլեմ․․․» Հոյակապ է ասված, կոլեգա։ Եվ հետո․ «Երբ նա դուրս է գալիս որսի, մարդը նրա համար լոկ ավար է․․․» Վագրի հետ համեմատությունը, թերևս, շատ էր թատերական, բայց երդվայլներին դուր եկավ։
― Կամ, օրինակ, երբ ասաց․ «Այդ մարդասպանը երբեք և ոչ մի բանի համար չի զղջում, ― շարունակեց դատարանի անդամը։ ― Նա միշտ վստահ է ինքն իր վրա ու չի վախենում սեփական խղճից․․․»
― Կամ վերցնենք թեկուզ հոգեբանական այսպիսի մի նրբերանգ, ― շարունակեց նախագահը, սրբիչով չորացնելով ձեռքերը։ ― Մեղադրյալը սիրում է կեցվածք ընդունել՝ աշխարհը զարմացնելու համար․․․
― Այո֊ոս, ― համաձայնեց դատարանի անդամը, ― Կլապկան վտանգավոր հակառակորդ է։
― «Հյուգո Մյուլլերը մեղավոր է», ― միաձայն որոշեցին տասներկու երդվյալները։ Ո՜ւմ մտքով կանցներ, ― զարմանում էր դատարանի նախագահը։ ― Բայց և այնպես, Կլապկան հասավ իր նպատակին։ Մեր դատական պրոցեսը նույնն է, թե որսը կամ շախմատի խաղը։ Նա ուղղակի ամուր կառչում է ամեն մի գործից․․․ Այո, կոլեգա, ես չէի ուզենա, որ նա իմ թշնամին լիներ։
― Իսկ նա սիրում է, որ մարդիկ իրենից վախենան, ― ավելացրեց դատարանի անդամը։
― Այո, խիստ հանձնապաստան է, ― մտքերի մեջ ընկավ հարգարժան նախագահը։ ― Բացի դրանից, կամքի զարմանալի ուժ ունի․․․ և հաջողության ծարավ։ Ուժեղ մարդ է, կոլեգա, բայց․․․ ― դատարանի նախագահը հարմար բառ չգտավ։ ― Գնանք ընթրելու։