Ընթրիքից հետո մենք որպես ուղեկցող ընտրեցինք մի հրաշալի և ամենաբարձր որակի Լապտեր, և, թագուհուն շնորհակալություն հայտնելով, շարունակեցինք մեր ճանապարհը։
==Գլուխ XLVI==
Այն մասին, թե ինչպես եկանք կախարդական Շշի պատգամախոսի մոտ
Մեր իմաստուն Լապտերի օգնությամբ վերջապես հասանք վաղուց ցանկացած կախարդական Շշի կղզին։ Երբ ափ դուրս եկանք, Պանուրգը, թռչկոտելով մի ոտքի վրա, Պանտագրյուելին ասաց․
― Վերջապես վերջացան մեր հոգսերը, այսօր մենք գտանք այն, ինչ որոնում էինք, ենթարկելով մեզ հազար ու մի վտանգի։
Այդ ժամանակ առաջ անցավ Լապտերը և մեզ տարավ մի հրաշալի այգու միջով։ Ավելի գեղեցիկ այգի կյանքումս չէի տեսել։ Այստեղ կային ամեն տեսակի խաղողի վազեր՝ Մուսկատի, Ֆալերնի, Անժուի, Կորսիկայի․․․ Լապտերը մեզ հրամայեց խաղողի երեքական հատիկ ուտել և մի֊մի կանաչ ոստ առնել ձեռքներս։
Այգին վերջանում էր մի բարձր ու գեղեցիկ կամարով։ Դրանից հետո ճանապարհը տանում էր դեպի ստորերկրյա տաճարը։ Տաճարի դռան մոտ մեզ հանդիպեց պարոն Թունդին, որ կախարդական Շշի նահանգապետն էր և շրջապատված էր մեծ պահակախմբով։ Պահակախումբը կազմված էր ֆրանսիական փոքրիկ շշերից։ Երբ նահանգապետը նկատեց, որ ձեռքներումս բռնած ունենք մի֊մի կանաչ ոստ, հրամայեց մեզ տանել իշխանուհի Բակբյուկի մոտ, որ այստեղի կառավարչուհին էր և կախարդական Շշի պալատական տիկինը։
Եվ ահա մենք մի շքեղ սանդուղքով իջանք գետնի տակ։ Եթե չլիներ մեր հրաշալի Լապտերը, մենք անշուշտ կկորցնեինք ճանապարհը։ Բայց Լապտերի պայծառ լույսը օգնում էր մեզ իջնել սանդուղքի աստիճաններով և անցնել սանդուղքի բազմաթիվ պտույտներով։
Երբ հասանք յոթանասուներորդ աստիճանին, Պանուրգը հանկարծ սաստիկ վախեցավ։
― Տիկին, ― ասաց նա դառնալով դեպի Լապտերը, ― ավելի լավ չէր լինի արդյոք, որ ետ գնայիք, աստված վկա, վախից քիչ է մնում սիրտս ճաքի։ Համաձայն եմ երբեք չամուսնանալ։ Դուք շատ չարչարանք կրեցիք իմ պատճառով, աստված ձեզ փոխարենը կհատուցի։ Ես էլ ապերախտ չեմ լինի, եթե միայն ողջ֊առողջ դուրս գամ այս անիծված քարանձավից։ Շատ եմ խնդրում, ետ գնանք։ Ինձ այնպես է թվում, որ դժոխքը երախը բաց է արել, ուզում է ինձ կուլ տալ։ Շուտով սատանաներն էլ կերևան։ Ժան վարդապետ, որտե՞ղ ես դու, սիրելիս։ Սիրելիս, հաստափորիկս, մի հեռացիր ինձնից։ Վերցրե՞լ ես սուրդ, թե ոչ։ Հակառակի պես հետս ոչ մի զենք չեմ վերցրել։ Ետ դառնանք։
― Մի վախեցիր, ես այստեղ եմ, ― ասաց Ժան վարդապետը։ ― Ես քո օձիքից այնպես պինդ եմ բռնել, որ քսան սատանա էլ գան, քեզ իմ ձեռքից խլել չեն կարող։ Ճիշտ է, զենք չեմ վերցրել հետս, բայց ի՞նչ կարիք կա զենքի։ Մենք հո դժոխք չենք իջնում։ Էշի գլուխ, մենք քեզ ամուսնացնել ենք ուզում։
― Դու ինքդ կարող ես ամուսնանալ դողէրոցքի հետ, ― պատասխանեց Պանուրգը։ ― Մռռան Կատուն վաղուց արդեն քեզ համար հարսնացու է գտել։
Բայց այդ միջոցին ուղեցույց Լապտերը հրամայեց մեզ լռել։
― Դուք այնտեղ միանգամայն ապահով եք, ― ասաց նա, ― զուր չէ, որ ձեր ձեռքին մի֊մի կանաչ ոստ կա։<ref>Կանառ ճյուղերը խաղաղ դիտավորությունների նշան էին, այդ պատճառով երկու պատերազմող կողմերի միջև խաղաղության բանակցություններ վարողները միշտ գնում էին թշնամու բանակը՝ ձեռքներին կանաչ ոստեր նռնած։</ref>
― Որ այդպես է, առաջ գնանք, ― ասաց Պանուրգը։ ― Առանց երկար ու բարակ մտածելու մտնենք այս դժոխքը։ Երկու մահ չկա, մեկից էլ փրկություն չկա։ Ճիշտն ասած, վաղուց է, ինչ երազում եմ կռվի մասին։ Խփիր, առաջ գնա, քաջությամբ ոչ ոքից պակաս չեմ։ Ճշմարիտ է, սիրտս մի քիչ թուլանում է, բայց դրա պատճառը երևի հեղձուկ օդն է, ոչ թե երկյուղը։ Խփիր, հարձակվիր, մի վախենա, ինձ Պանուրգ կասեն, քաջ Պանուրգ։
Պանուրգի վրա ծիծաղելով մենք ցած իջանք սանդուղքով և կանգ առանք մի փակ դռան առաջ։ Դռները շինված էին հաստ պղնձից և զարդարված էմալե փոքրիկ նկարներով։ Ոչ մի կողպեք ու փականք չկար, միայն մեջտեղում, որտեղ կպած էին դռան երկու փեղկերը, կախված էր մի գեղեցիկ, բակլայի մեծությամբ հնդկական ադամանդ, որ ամրացրած էր վեցանկյունանի ոսկե շրջանակի մեջ։
Այստեղ մեր գեղեցկուհի ուղեկցուհին մեզ ասաց, որ ինքն այլևս առաջ չի գնա, որովհետև մենք այժմ ոտք ենք դնում կախարդուհի Բակբյուկի թագավորությունը և պետք է հպատակվենք միայն նրան։ Դրանից հետո նա վերցրեց շղթային ամրացրած ադամանդը, դրեց արծաթե մի փոսորակի մեջ, որ շինված էր դռան աջ կողմում, և մի կողմ քաշվեց։
Դռան երկու փեղկերն իրենք իրենց բացվեցին, թեև նրանց ոչ ոք չէր դիպել։ Սովորաբար ծանր դռները բացվելիս ճռռում և անախորժ ձայն են հանում, իսկ այժմ նման բան չեղավ։ Դուռը բացվեց հեշտ ու հանգիստ և բացվելիս քնքուշ ձայն հանեց, որ տարածվեց ամբողջ տաճարում և բարձրանալով մինչև բարձր կամարները, կամաց֊կամաց նվազեց։ Պանտագրյուելն իսկույն հասկացավ, թե ինչու է այդպես լինում։ Դռան փեղկերը բացվելիս սահում էին փոքրիկ և լավ հղկած գլանակների վրայով, որոնք ամրացված էին փեղկերի ներքին մասում։ Այդ գլանակները հարթ ու հավասար մարմարե հատակի վրա գլորվելիս հանում էին այն մեղ ձայնը, որը և զարմացրեց մեզ։
Բայց ինձ ամենից շատ զարմացրեց այն, որ դռները բացվեցին իրենք իրենց, առանց որևէ հպման։ Իմանալու համար, թե ինչու է այդպես լինում, ես ուշադրությամբ տնտղեցի դռան երկու փեղկերը։ Փեղկերի այն մասում, որտեղ նրանք ծածկվելիս կպչում են իրար, ես նկատեցի պողպատե երկու բարակ թիթեղներ, որոնք պարփակված էին կորնթական բրոնզի մեջ։ Իսկ դռան դրանդիի վրա, այնտեղ, որտեղ դռան փեղկերը բացված ժամանակ հենվում են, կպցված էին երկու մեծ ու լավ հղկված հնդկական մագնիսի կտորներ՝ ձեռնափի հաստությամբ։ Հետևապես, երբ մեր գեղեցկուհի Լապտերը վերցրել է ադամանդը, որը փոխարինում է փականքին, մագնիսը ձգել է դեպի ինքը պողպատե թիթեղները, և դուռն ինքն իրեն բացվել է։
Թիթեղներից մեկի վրա հին լատինական տառերով փորագրված էր հետևայլ մակագրությունը՝
::::::::::Վախճանը պսակում է գործը։
==Գլուխ XLVII==
Այն մասին, թե ինչպես է կառուցվել ստորերկրյա տաճարը
Մեկ էլ տեսանք, որ մենք գտնվում ենք մի հոյակապ ստորերկրյա տաճարում։ Այդպիսի տաճար, ես ոչ մի տեղ չէի տեսել։ Ինձ առանձնապես զարմացրեց տաճարի հատակը։ Արվեստի և ոչ մի գործ չէր կարող հավասարվել այդ հատակին։ Ամբողջ հատակը խճանկար էր և կազմված էր փոքրիկ թանկագին քարերից, որոնք քառակուսու ձև ունեին։ Քարերը լավ հղկված էին, և նրանցից յուրաքանչյուրը փայլում էր իրեն հատուկ փայլով՝ մեկը կարմրագույն հասպիս էր, մյուսը երփներանգ մարմար, երրորդը՝ ծիրանաքար, չորրորդը՝ գայլի աչք՝ ոսկեփայլ կայծակներով կամ ագաթ կաթնագույն երանգով, հինգերորդը շատ փայլուն քաղկեդոնաքար էր, վեցերորդը՝ կանաչագույն հասպիս, կարմիր ու դեղին երակներով։
Եվ այնպես վարպետորեն էին զուգակցված իրար այդ քարերը, որ կարծես մի ահագին խտիտ կանաչ տերևներ էին թափվել հատակի վրա։ Այդ տերևների մեջ զանազան տեղերում երևում էին խխունջներ, մի ուրիշ տեղ աչքի էր ընկնում մի մողես, մի քանի տեղերում էլ կարծես կույտ֊կույտ պտուղներ ու հատապտուղներ են շաղ տվել։ Եվ այս բոլորը կատարված էր այնպիսի վարպետությամբ, որ մենք ակամա բարձրացնում էինք մեր ոտքերը, որպեսզի դեմ չառնեն ոստերի կույտերին, որոնք իրոք հարթ և հղկված նկարներ էին միայն։
Տաճարի պատերն ու կամարները ծածկված էին խճանկարներով։ Կային այդտեղ ուրախ պարերի, արյունահեղ կռիվների, հաղթական թափորների և շատ ուրիշ նկարներ։ Եվ չնայած նրան, որ տաճարը ստորերկրյա էր ու առանց պատուհանների, նկարները պայծառ լուսավորված էին։ Դահլիճը լուսավորողը մի հրաշալի ջահ էր, որ կախված էր նրա մեջտեղում և իր շոյող լույսը տարածում էր ամբողջ շենքով մեկ։
Այդ ջահի կառուցվածքն ինձ այնքան զարմացրեց, որ մանրամասնորեն պիտի պատմեմ նրա մասին։ Ինչպես ասված է, ջահը կախված էր տաճարի մեջտեղում։ Այնտեղ, բարձր կամարի մեջտեղում ամրացված էր գունդ ոսկուց շինված մի օղակ՝ բռունցքի հաստությամբ։ Այդ օղակից երեք ոսկե շղթաներով կախված էր մի կլոր ոսկե թիթեղ։ Այդ թիթեղի մեջ չորս անցք էր բացված և յուրաքանչյուր անցքի մեջ մտցված էր մի֊մի սնամեջ, բայց վերևի կողմից բաց գունդ՝ փոքրիկ լամպի պես մի բան։ Այդ լամպերը շինված էին թանկագին քարերից․ մեկը՝ մեղեսիկից, մյուսը՝ կարկեհանից, երրորդը՝ արևաքարից, չորրորդը՝ տպազիոնից։ Նրանք բոլորը լիքն էին մի տեսակ կախարդական ջրով և պայծառ լույս էին արձակում։
Ոսկե թիթեղից երեք ուրիշ շղթաներով կախված էր մի այլ ահագին լամպ, որ շինված էր ամենամաքուր բյուրեղից։ Նրա մեջ դրված էր մի բյուրեղյա սկուտեղ՝ մեջը լիքը նույն այրվող ջրով։ Լույսն անցնում էր բյուրեղի միջով, և այդ մեծ լամպն այնպես էր շողշողում, որ անհնար էր նրան նայել։
Դա մի զարմանալի գյուտ էր, բայց ավելի զարմանալին այն էր, որ բյուրեղյա լամպի վրա քանդակագործը քանդակել էր փայլուն ձիերի վրա նստած մերկ երեխաներ, որոնք կարծես կենդանի լինեին, որովհետև լույսն անցնում էր նրանց միջով ներսի կողմից և փայլփլում ու փողփողում էր բյուրեղյա նկարների մեջ։
==Գլուխ XLVIII==
Այն մասին, թե ինչպես էինք խմում կախարդական շատրվանի ջուրը
Այն ժամանակ, երբ մենք դիտում էինք այդ հրաշալի տաճարը, մեր առաջ դուրս եկավ կախարդուհի Բակբյուկն իր շքախմբով։ Սիրալիր ժպտալով՝ նա հրավիրեց մեզ տաճարի միջին մասը, որտեղ կար մի բարձր շատրվան, որ շինված էր թափանցիկ ալեբաստրից։ Շատրվանի շուրջը յոթ սյուն կար։ Առաջին սյունը շինված էր երկնագույն շափյուղից։ Սյան գագաթին դրված էր Սատուրն աստծու արձանը՝ ձեռքին բռնած մի գերանդի։<ref>Սատուրնը անտիկ դիցաբանության մեջ ցանքի և հնձի աստվածն է։ Նրան ներկայացնում էին գերանդին ձեռքին բռնած։</ref> Սատուրնի ոտքերի մոտ կանգնած էր ոսկե կռունկ՝ հիանալի էմալով զարդարված։ Երկրորդ սյունը շինված էր հակինթից և նրա վրա կանգնել էր Յուպիտերը՝ կրծքին մի ոսկե արծիվ,<ref>Լույսի, երկնքի և որոտի գերագույն աստված Յուպիտերի խորհրդանիշն արծիվն էր, որին սովորաբար ներկայացնում էին շանթը կտուցում բռնած։</ref> երրորդ սյունը շինված էր ադամանդից։ Նա այնպես էր շողշողում, որ դժվար էր նրան նայել։ Նրա վրա դրված էր Ֆեբ֊Ապոլոնը՝ ամբողջապես ոսկուց ձուլած։<ref>Ֆեբ֊Ապոլոնը արեգակի և արվեստների աստվածն էր։ Նրա խորհրդանիշն էր «արշալույսի երգիչ» աքաղաղը, որը երգով էր դիմավորում արեգակի ծագումը։</ref> Աջ ձեռքում Ֆեբը բռնած ուներ սպիտակ աքլոր։ Չորրորդ՝ վառ կարմիր սուտակե սյան վրա կանգնած էր Մարսը, պատերազմի աստվածը՝ ոտքերի մոտ մի առյուծ։ Հինգերորդ՝ զմրուխտե սյան վրա կանգնած էր Վեներան, և նրա ոտքերի մոտ նստել էր մի գեղեցիկ աղավնի։<ref>Վեներան սիրո և գեղեցկության աստվածուհին էր։ Նրա խորհրդանիշը սպիտակ աղավնին էր։</ref> Վեցերորդ ագաթե սյունը պսակում էր Մերկուրիոսը։<ref>Մերկուրիոսը անձրևի և առևտրի աստվածն էր, ինչպես և խաբեության ու գողության աստվածը, որը սուրհանդակի պաշտոն էր կատարում աստվածների մոտ։ Նրա խորհրդանիշն էր արագիլը։</ref> Նրա ոտքերի մոտ նստած էր մի արագիլ։ Յոթերորդ սյունը շինված էր թափանցիկ լուսնաքարից և նրա գագաթին դրված էր Լուսնի աստվածուհու արծաթե արձանը։
Այս յոթ սյուները, որոնք նվիրված էին յոթ երկնային մոլորակներին, միացած էին միմյանց հետ գեղեցիկ կամարներով։ Կամարների վրա էր հենվում հոյակապ բյուրեղյա գմբեթը, որ ծառայում էր որպես տանիք շատրվանի համար։ Գրեթե այնքան մաքուր և թափանցիկ էր, որ ես չնկատեցի նրա վրա ոչ մի խորդուբորդություն, ոչ մի միջներակ և ոչ մի բիծ։ Նրա գագաթին, ուղիղ այն ջահի տակ, որ ես նկարագրել եմ, ամրացված էին երեք տանձաձև մարգարիտներ՝ ձեռնափի մեծությամբ։ Մարգարիտները միացրած էին միմյանց շուշան ծաղկի նման։ Այդ շուշանաձև մարգարիտների միջից դուրս էր եկել ջայլամի ձվի չափ կարկեհան, այնքան հրաշալի և այնքան պայծառ, որ նայել չէր լինում։
Շատրվանից ջուրը խփում էր երեք շիթով։ Սադափե փողրակները, որոնց միջով հոսում էր ջուրը, պարուրաձև էին ու նման ահագին խխունջների և գտնվում էին ավազանի խորքում։ Լսվում էր նրանց միջից, որպես երկրի խորքերից եկող ջրի հրաշալի ու միաժամանակ խուլ և ընդհատուն խոխոջյունը։
Այդ միջոցին Բակբյուկը հրամայեց բերել սկահակներ, թասեր ու գավաթներ և առաջարկեց մեզ ճաշակել այդ հրաշալի շատրվանի ջուրը։ Պետք է ասել, որ մենք այնքան էլ տխմար չէինք, որ հրաժարվեինք սիրալիր առաջարկից։ Ուստի մենք չթողեցինք, որ մեզ երկար ու բարակ խնդրեն, ու իսկույնևեթ մի֊մի մեծ գավաթ խմեցինք այդ ջրից։ Եվ մի րոպե չանցած զգացինք, որ մի զարմանալի փոփոխություն է կատարվել մեր մեջ։ Մեր հոգնածությունն իսկույն անցավ, արագացավ մեր արյան շրջանառությունը, մեր այտերի վրա կարմրություն եկավ, մենք մեզ զգացինք առույգ, առողջ և առնվազն մի տասը տարով ջահելացած։
― Հավանո՞ւմ եք մեր կախարդական խմիչքը, ― հարցրեց Բակբյուկը։
― Սա հրաշալի աղբյուրի ջուր է, ― ասաց Պանտագրյուելը, ― կյանքումս սրա նման զարմանալի ջուր խմած չկամ։ Պետք է ասեմ, որ ոչ մի ջուր այնպես չի թարմացնում մարդուն, ինչպես այս ջուրը։
― Այժմ մի֊մի գավաթ էլ խմեցեք, ― ժպտալով ասաց Բակբյուկը, ― և երևակայեցեք, որ խմում եք այն գինին, որ ձեզ ամենից շատ է դուր գալիս։
Մենք դարձյալ խմեցինք։
― Աստված վկա, ― գոչեց Պանուրգը, ― սա կամ Բոննի աննման գինի է, կամ թե ես ոչինչ չեմ հասկանում։
― Ազնիվ խոսք, ― ասաց Ժան վարդապետը, ― սա Գրավ տեսակի գինի է, ուրախացնող և պճպճան։ Ի սեր աստծո, սովորեցրեք մեզ, ինչպես եք պատրաստում այս գինին։
― Ինձ թվում է, ― ասաց Պանտագրյուելը, ― սա Միրվոսի գինու տեսակիցն է։ Ես հենց այդ գինու մասին էի մտածում խմելուց առաջ։
==Գլուխ XLIX==
Այն մասին, թե ինչպես էր խոսում Պանուրգը կախարդական Շշի պատգամախոսի հետ
― Ուրեմն դուք տեսնում եք ինչպիսի հրաշալի հատկություններ ունի այս ջուրը, ― ասաց Բակբյուկը։ ― Ո՞վ է ձեզանից ուզում լսել կախարդական Շշի պատգամախոսին։
― Ես, ձեր խոնարհ սափորս, ― պատասխանեց Պանուրգը։
― Սիրելի բարեկամ, ― պատասխանեց կախարդուհին, ― ես միայն մի խրատ ունեմ ձեզ տալու՝ պատգամախոսին մոտենալիս մի ականջով միայն լսեք նրան։
Այնուհետև Բակբյուկը Պանուրգի վրա մի կանաչ գույնի վերարկու գցեց, գլխին գեղեցիկ սպիտակ գլխարկ դրեց, երեք անգամ նրա երեսը լվաց շատրվանի ջրով և ստիպեց երեք ոստյուն կատարել։ Հետո ոսկե դռների միջով տարավ նրան մի շրջանաձև մատուռ, որ շինված էր փայլարից և զանազան թափանցիկ քարերից։ Մատուռը պատուհաններ չուներ, բայց լուսավորված էր արևի պայծառ լույսով, որ թափանցում էր մատուռի կտուրի վերևում գտնվող ժայռի մեջ շինված բացվածքից։ Մատուռի մեջտեղում կար մի յոթկողանի ավազան՝ լիքը մաքուր ու վճիտ ջրով։ Ավազանի մեջտեղում կիսով չափ ջրի մեջ դրված էր մի ահագին Շիշ, որ ձվաձև էր և շինված գեղեցիկ ու մաքուր բյուրեղապակուց։
Բակբյուկն ստիպեց Պանուրգին համբուրել ավազանի եզրը և երեք սրբազան պար պարել։ Հետո Պանուրգին նստեցրեց հատակին, բաց արեց ու դրեց իր առաջ մի հաստ գիրք և ստիպեց երգել հետևյալ երգը՝
<poem>
Ով դու շիշ,
Որ ծայրեծայր
Լի՛ քն ես գաղտնիքով,
Ունկնդրում եմ
Մի ականջով
Եվ լսում եմ քեզ։
Քո վճիտ ջրերի մեջ
Չկա ոչ մի ոխ և ոչ սուտ,
Քեզ եմ կանչում ես փորձանքի ժամին,
Ձայն տուր ինձ շատրվանից։
Ո՜վ դու շիշ,
Որ ծայրեծայր
Լի՜քն ես գաղտնիքով։
Զգայուն ականջով
Ունկնդրում եմ
Եվ լսում քեզ։
</poem>
Երբ երգը վերջացավ, Բակբյուկը չգիտեմ ինչ գցեց ավազանի մեջ, և հանկարծ ջուրը ծածկվեց պղպջակներով ու եռաց։ Պանուրգը լուռ լսում էր մի ականջով։ Բակբյուկը ծունկ էր չոքել նրա մոտ։ Հանկարծ Շշի միջից լսվեց մի աղմուկ, որ նման էր հորդ անձրևի ձայնին։ Աղմուկը գնալով սաստկանում էր։ Ահա աղմուկը բռնեց ամբողջ մատուռը, և Շշից դուրս թռավ «Տրինկ» խոսքը և միանգամից լռություն տիրեց։
― Շիշը ճաքել է, ― գոչեց Պանուրգը, ― աստվա՜ծ վկա՝ ճաքել է։ Այդպես ճաքում են բյուրեղյա շշերը, երբ դնում են կրակի վրա։
― Սիրելի բարեկամ, ― ասաց Բակբյուկը, ― շնորհակալ եղեք բախտից, դուք ստացել եք կախարդական Շշի խոսքը։ Դա ամենից ճիշտ խոսքն է, որ ես երբևիցե լսել եմ։ Վեր կացեք ուրեմն, գնանք տաճար, նայենք գրքերի մեջ, տեսնենք ինչ է նշանակում այդ խոսքը։
― Գնանք, ― ասաց Պանուրգը, ― շարժվեցեք։ Որտե՞ղ է դուռը։ Որտե՞ղ է գիրքը։ Տեսնենք, ինչպես են մեկնաբանում այդ կախարդական խոսքը։
==Գլուխ L==
Այն մասին, թե ինչպես է Բակբյուկը մեկնաբանում կախարդական Շշի պատասխանը
Բակբյուկը բերեց Պանուրգին գլխավոր տաճարը և պահարանից հանեց մի մեծ արծաթե գիրք։ Բաց արեց գիրքը, գտավ նրա մեջ իրեն հարկավոր գլուխը և ասաց․
― Լսեցեք ճանապարհորդներ, և լավ ուշք դարձրեք, թե ինչ եմ ասում։ «Տրինկ» խոսքը մեծ խոսք է։ Նա հայտնի է շատ ժողովուրդների և նշանակում է «Խմեցեք»։ Ես, իհարկե, չեմ խոսում ընդհանրապես խմելու մասին, որովհետև առանց խմելու չի կարող ապրել ոչ մարդ և ոչ անասուն։ Իմ խոսքը ուրիշ խմելու մասին է, այն խմիչքի մասին, որ մենք պետք է ներծծենք յուրաքանչյուր օր և յուրաքանչյուր ժամ, որին պետք է ձգտենք անդադար և որը պետք է աշխատենք ձեռք բերել, որպեսզի նրանով կարողանանք թարմացնել մեր սիրտն ու մեր ուղեղը, նրանով դառնանք ուժեղ, հզոր, արդար և գործունյա։ Դուք անշուշտ գուշակած կլինեք արդեն, թե ինչ խմիչքի մասին է իմ խոսքը։ Ես խոսում եմ աշխարհումս գոյություն ունեցող բոլոր իրերի ամենաստույգ գիտության մասին։ Միայն այդպիսի գիտությունը ձեզ լույս աշխարհ կհանի տգիտության անդունդից, կազատի ձեզ նախապաշարումներից ու սնապարծությունից, բաց կանի ձեր աչքերը, և դուք կվերածվեք մի նոր ու զարմանալի կյանք վարելու համար։ Ինչպես այն կախարդական ջուրը, որ դուք խմեցիք մեր շատրվանից, ճշմարիտ գիտությունը կդարձնի ձեզ առույգ և առողջ, դուրս կվանի ձեզանից հոգնածությունն ու տաղտկությունը, դուրս կքշի հիվանդությունները և կսովորեցնի ձեզ իշխել բնության խորհրդավոր և անըմբռնելի ուժերի վրա։
Բայց չկարծեք, դուք, օտարականներ, որ ճշմարիտ գիտության ուղին դյուրին է և անվտանգ։ Ինչպես նախքան կախարդական Շշին հասնելը դուք պետք է երկար թափառեիք անեզր ծովերում, այնպես էլ երկար ժամանակ ահագին աշխատանք պետք է թափեք, որպեսզի հասնեք ճշմարիտ գիտության ափերին։ Դուք դարձյալ պետք է ձեզ համար ուղեցույց ունենաք լուսատու լապտերը՝ սքանչելի ու բարի գիտությունը, որը կփարատի ձեզ շրջապատող խավարը և ցույց կտա ուղիղ ճանապարհը։ Ինչպես դուք այժմ իջել եք մեր ստորերկրյա խորհրդավոր աշխարհը, նույնպես և պետք է իջնեք դուք ձեզ համար անհասկանալի ու անհայտ իրերի աշխարհը, իրեր, որոնց իսկական իմաստը դեռ երկար ժամանակ հասկանալի չի լինի ձեզ։ Չափազանց սխալվում են ձեր փիլիսոփաները, երբ գանգատվում են, թե հին մարդիկ ամեն բանի մասին արդեն գրել վերջացրել են և իրենց համար ասելու այլևս ոչինչ չի մնացել։ Այն, ինչ որ երկրի ընդերքում է, այն, ինչ որ գոյություն ունի ծովերում ու գետերում, ինչ որ դուք տեսնում եք երկնքում, ― այդ բոլորի մասին դուք դեռ՝ շատ քիչ բան գիտեք, այդ բոլորը դեռ մշուշի մեջ է ձեզ համար, որովհետև ճշմարիտ գիտությունը դեռ շատ հեռու է ձեզնից։
― Իսկ ի՞նչ կասեք դուք իմ ամուսնության մասին, ― հարցրեց Պանուրգը, ― իմ կինը ինձ կծեծի՞ թե ոչ։
― Սիրելի բարեկամ, ― ասաց ժպտալով Բակբյուկը, ― երբ դուք կանգնած լինեք ճշմարիտ, այլ ոչ սուտ գիտության ճանապարհի վրա, այն ժամանակ դուք հեշտությամբ կկարողանաք տարբերել վատ մարդուն լավ մարդուց։ Հուսով եմ, որ այն ժամանակ էլ դուք կկարողանաք կին ընտրել ձեզ համար ձեր ճաշակի համաձայն։
― Դժվար թե կարելի լինի ավելին ասել, քան ասաց այս բարի կախարդուհին, ― ասաց Պանտագրյուելը, ― ես էլ ձեզ նույն էի ասում, երբ դուք առաջին անգամ խոսեցիք ինձ հետ այդ հարցի մասին։
― Տրինկ, ― ասաց Ժան վարդապետը, ― տրինկ։ Իսկ այժմ խոսենք այն բանի մասին, թե ինչպես շնորհակալ լինենք տանտերերին։
― Հանգիստ եղեք այդ մասին, ― ասաց Բակբյուկը, ― բավական է, որ դուք մեզանից գոհ եք։ Կխնդրեի միայն, որ ձեր անունները գրեք այս գրքում։
Այս խոսքերն ասելիս մի գեղեցիկ գիրք բաց արեց նա։ Մենք թելադրեցինք, և իմաստուններից մեկը ինչ֊որ բան գրեց ոսկե գրիչով։ Հենց այդ ժամանակ Բակբյուկը երեք մեծ տիկ լցրեց կախարդական ջրով և մեր ձեռքը տալով ասաց․
― Վերադարձեք ձեր երկիրը, բարեկամներ, և վկայեցեք, որ գետնի ընդերքում բավական հարստություններ և զարմանալի իրեր կան թաքնված։ Երբ նավ նստեք, այս տիկերից քիչ֊քիչ ջուր բաց թողեք։ Այդ ջուրը գոլորշիանալով, կդառնա թեթև համընթաց քամի, որի օգնությամբ դուք ուղիղ գծով կդառնաք մինչև Տալմոնդուայի Օլոն նավահանգիստը։ Չմոռանաք միայն այդ քամին ուղղել ձեր առագաստների վրա ոսկե փուքսի միջոցով, որը սրինգի ձև ունի և դրված է տիկերի հետ միասին։ Այն ժամանակ դուք միշտ ապահով կլինեք, և ոչ մի փոթորիկ ձեզ չի սպառնա։ Ձեր նավերը կգտնեք բոլորովին պատրաստ։ Նրանց վրա բեռնված է այն ամենը, ինչ որ ձեզ անհրաժեշտ է ձեր վերադարձի համար։ Ձեր այստեղ եղած ժամանակ ես այդ բոլորի մասին հոգացել եմ։ Գնացեք ուրեմն, բարեկամներ, ուրախ սրտով և տարեք այս նամակն ու հանձնեք ձեր տիրոջը՝ Գարգանտյուային, հայտնեք մեր ողջույնը նրան, նույնպես և նրա մերձավորներին ու հպատակներին։
Այս խոսքերն ասելիս Բակբյուկը հանձնեց մեզ կնքված նամակը և, մեր հավերժ երախտագիտության հավաստիացումները լսելուց հետո, մեզ առաջնորդեց դեպի վեր։ Անցնելով այդ ծաղկալից, պտղավետ ու սքանչելի կղզու միջով, ինչպիսին է և մեր հայրենի Տուրենը, մենք դուրս եկանք վերջապես ծովափ։ Արեգակն արդեն բարձրանում էր հորիզոնում և սփռում իր ոսկեշող լույսը մեր նավերի վրա։