Այն ժամանակ Սկոֆիլդ Թեյերի հրատարակած «Դայլ» ամերիկյան գրական հանդեսը իր հեղինակներին կարծեմ հազար դոլլարի ամենամյա պարգեւ էր շնորհում գրական բարձր վարպետության համար։ Այն տարիներին դա նշանակալից գումար էր յուրաքանչյուր պրոֆեսիոնալ գրողի համար, էլ չխոսելով հեղինակության մասին, եւ մի քանի հոգի, միանգամայն արժանի կերպով, արդեն ստացել էին այդ պարգեւը։ Եվրոպայում այն տարիներին երկուսով կարելի էր օրական հինգ դոլլարով լավ ապրել եւ նույնիսկ ճանապարհորդել։
Հանդեսը, որի խմբագիրներից մեկը պետք է դառնար Ուոլշը, իբր մտադիր էր խիստ նշանակալից պարգեւ սահմանել այն հեղինակի համար, որի ստեղծագործությունը լավագույնը կճանաչվի չորս համարներում։
Դժվար է ասել, դա բամբասա՞նք էր, լո՞ւր, թե՞ որեւէ մեկը այդ մասին գաղտնի ասել էր մեկ ուրիշի։ Հուսանք ու հավատանք, որ այդ ամենի հետեւում չար նպատակ չէր թաքնված։ Բոլոր դեպքերում Ուոլշի հարակից խմբագիրը եղել ու մնում է ամեն տեսակի կասկածից դուրս։
Այդ պարգեւի վերաբերյալ լուրերը ինձ հասնելուց քիչ անց, Ուոլշը ինձ հրավիրեց իր հետ միասին ճաշելու Սեն֊Միշել բուլվարի շրջանի ամենալավագույն ու թանկարժեք ռեստորանում, եւ ոստրեներից, թանկարժեք, տափակ marennes֊ներից հետո (դարչնագույն երանգաշողով, սովորական ուռուցիկ եւ էժանագին portugaises֊ի փոխարեն), ինչպես եւ մի շիշ «պույի ֆյուիզե»֊ից հետո, նա զրույցը հմտորեն դարձրեց այդ թեմայի շուրջը։ Նա ասես մշակում էր ինձ, ինչպես նավում խաղանենգների խմբի այն աղջիկներին է մշակել,— հասկանալի է, եթե նրանք խաղանենգների խմբից են եղել եւ եթե նա նրանց մշակել է,— եւ երբ հարցրեց, թե չէի՞ ցանկանա արդյոք մի դյուժին, ինչպես ինքն ասաց, տափակ ոստրե եւս ուտել, ես սիրով համաձայնեցի։ Իմ ներկայությամբ նա չէր հետեւում, որպեսզի իր ճակատին երեւար մահվան կնիքը, եւ ես թեթեւություն էի զգում դրանից։ Ինձ հայտնի էր, եւ նա այդ մասին գիտեր, որ նա հիվանդ է թոքախտով ու այն էլ ոչ թե երեւակայական,այլ ամենաիսկական թոքախտով, որից այն ժամանակ մահանում էին։ Ես գիտեի նաեւ, թե նրա հիվանդությունը որ փուլում է գտնվում։ Ուստի նա այստեղ, սեղանի շուրջը, յոլա գնաց առանց հազի նոպայի, եւ ես դրա համար շնորհակալ էի նրան։ Ես մտածեցի, թե նա այդ տափակ ոստրեները այն նույն պատճառով չէ՞ արդյոք կուլ տալիս, ինչ պատճառով որ Կանզաս֊Սիթիի՝ մահվան կնիքով եւ էլի շատ բանով նշված պոռնիկներն են խժռում ամեն տեսակի աղտոտություն։ Բայց նրան չհարցրի այդ մասին։ Ես սկսեցի ուտել տափակ ոստրեների երկրորդ դյուժինը։ Դրանք վերցնում էի արծաթե ամանում մանրած սառցակտորների միջից, հետո նայում, թե դրանց անսահման նուրբ, դարչնագույն ծայրերը ինչպես էին ցնցվում ու կծկվում, երբ լիմոն էի քամում նրանց վրա, այնուհետեւ անջատում էի խեցիից ու երկար֊երկար ծամում։
— Էզրան մեծ է, մեծ բանաստեղծ,— ասաց Ուոլշը, ինձ նայելով իր պոետական մութ աչքերով։
— Այո,— ասացի ես։— Եվ հիանալի մարդ։
— Ազդնիվ,— ասաց Ուոլշը,— հիրավի ազնիվ մարդ։
Որոշ ժամանակ մենք լուռ ուտում֊խմում էինք, հարգանքի տուրք մատուցելով Էզրայի ազնվությանը։ Ես հանկարծ զգացի, որ կարոտել եմ Էզրային եւ ափսոսացի, որ նա այստեղ չէ։ Marennes֊ները ինչպես նրա, այնպես էլ իմ գրպանի չափով չէին։
— Ջոյսը մեծ գրող է,— ասաց Ուոլշը։— Մեծ է։ Մեծ։
— Այո, մեծ է,— ասացի ես,— եւ լավ ընկեր։— Մենք բարեկամացել էինք նրա կյանքի այն հրաշալի շրջանում, երբ նա ավարտել էր «Ուլիս»֊ը եւ դեռ չէր սկսել այն, ինչ երկար ժամանակ կոչվում էր «Աշխատանք զարգացման մեջ»։ Ես մտածեցի Ջոյսի մասին եւ շատ բան հիշեցի։
— Ափսոս, որ նրա տեսողությունը թուլանում է,— ասաց Ուոլշը։
— Նա ինքն էլ է ափսոսում,— ասացի ես։
— Դա մեր ժամանակների ողբերգությունն է,— հաղորդեց Ուոլշը։
— Ամեն մարդ իր վիշտն ունի,— ասացի ես, փորձելով սեղանի շուրջը աշխուժացնել զրույցը։
— Միայն թե ո՛չ դուք,— նա իր ամբողջ հմայքը թափեց ինձ վրա եւ նրա դեմքին երեւաց մահվան կնիքը։
— Դուք ուզում եք ասել, որ ես նշված չե՞մ մահվան կնիքով,— չզսպելով ինձ, հարցրի։
— Ոչ։ Դուք նշված եք Կյանքի կնիքով,— «Կյանքը» նա գլխատառով արտասանեց։
— Միայն ժամանակ տվեք ինձ,— ասացի ես։
Նա արյունոտ լավ բիֆշտեքս ցանկացավ, եւ ես պատվիրեցի երկու տուրնեդո բեառնյան սոուսով։ Ես մտածեցի, որ յուղը նրա համար օգտակար է։
— Գուցե կարմիր գինի՞,— հարցրեց նա։
Մոտեցավ sommelier<ref>Գինիների գծով մետր֊դոտելը ռեստորանում (ֆրանս․)։</ref>֊ը, եւ ես պատվիրեցի «շատոնեֆ դյու պապ», որը ցերեկը չեն խմում։
— Ի՞նչ միտք ունի սար ու ձոր ընկնել,— ասաց նա,— դուք գիտե՞ք, որ մեր մրցանակը դուք եք ստանալու։
— Մի՞թե,— հարցրի ես,— ինչի՞ համար։
— Այն դուք եք ստանալու,— ասաց նա եւ սկսեց խոսել իմ գրածների մասին, եւ ես դադարեցի նրան լսել։ Երբ ինձ առերես գովում են, սիրտս խառնում է։ Ես նայում էի նրան, մահվան կնիքով նշված նրա դեմքին եւ մտածում․ «Խաբեբա, ուզում ես ինձ հիմարացնել քո թոքախտով։ Ես փոշոտ ճանապարհին մի գումարտակ զինվորներ եմ տեսել, եւ նրանցից յուրաքանչյուր երրորդը դատապարտված է եղել մահվան կամ մահվանից վատթարագույն բանի եւ նրանց դեմքին ոչ մի կնիք էլ չի եղել, միայն փոշի է եղել։ Լսո՞ւմ ես դու, քո այդ կնիքով, դու, խաբեբա, որ վաստակում ես քո մահով։ Իսկ հիմա ինձ ես ուզում հիմարացնել։ Մի՛ հիմարացրու եւ հիմարացված չես լինի»։ Միայն մահն էր, որ նրան չէր հիմարացնում։ Այն, իրոք մոտ էր։
— Ինձ թվում է, ես արժանի չեմ դրան, Էռնեստ,— ասացի ես, նրան սիրով կոչելով իմ անունով, որ ես ատում էի,— բացի այդ, Էռնեստ, դա անհարմար կլիներ։
— Տարօրինակ է, չէ՞, որ մենք ձեզ հետ անվանակիցներ ենք։
— Այո, Էռնեստ,— ասացի,— մենք երկուսս էլ պետք է արժանի լինենք այդ անվանը։ Ձեզ պարզ է, թե ինչը նկատի ունեմ, այդպես չէ՞, Էռնեստ<ref>Անգլերենում այդ անունը համահնչյուն է այն բառին, որ նշանակում է համոզված, ազնիվ մարդ։</ref>։
— Այո, Էռնեստ,— ասաց նա եւ ինձ լիուլի պարգեւեց իր իռլանդական տխուր թովչանքը։
Հետագայում եւս ես սիրալիր էի նրա ու իր հանդեսի նկատմամբ, իսկ երբ նրա մոտ արյունհոսություն սկսվեց, եւ նա Փարիզից մեկնեց, ինձ խնդրելով, որ տպարանում, որտեղ անգլերեն չէին կարողանում կարդալ, հետեւեմ հանդեսի շարվածքին, ես կատարեցի նրա խնդրանքը։ Մի անգամ ես ներկա էի նրա արյունահոսության պահին։ Այդտեղ ոչ մի կեղծիք չկար, եւ ես հասկացա, որ նա իրոք շուտով մեռնելու է, եւ իմ կյանքի այն ծանր տարիներին ես ուրախ էի նրա հետ առանձնապես սիրալիր լինելուս, ինչպես եւ նրան Էռնեստ անվանելու համար։ Բացի այդ, ես զմայլված էի նրա հարակից խմբագրով եւ հարգում էի նրան։ Նա ինձ ոչ մի պարգեւ չէր խոստանում։ Նա միայն ցանկանում էր լավ հանդես ստեղծել եւ ինչպես հարկն է, վճարել իր հեղինակներին։
Մի անգամ, շատ ավելի ուշ, ես հանդիպեցի Ջոյսին, որը ցերեկային ներկայացումից հետո մենակ քայլում էր Սեն֊Ժերմենի բուլվարով։ Նա սիրում էր լսել դերասաններին, թեեւ չէր տեսնում նրանց։ Նա ինձ հրավիրեց խմելու, եւ մենք մտանք «Դյո Մագո», պատվիրեցինք սեղանի խերես, թեեւ Ջոյսի մասին գրողները պնդում են, թե նա շվեյցարական սպիտակ գինիներից բացի ուրիշ բան չէր խմում։
— Ի՞նչ լուր ունեք Ուոլշից,— հարցրեց Ջոյսը։
— Սրիկա եղել է, սրիկա էլ մնում է,— ասացի ես։
— Նա այդ մրցանակը ձե՞զ էր խոստացել,— հարցրեց Ջոյսը։
— Այո։
— Ես այդպես էլ կարծում էի,— ասաց Ջոյսը։
— Նա ձեզ է՞լ էր խոստացել։
— Այո,— ասաց Ջոյսը։ Հետո նա հարցրեց։— Ինչպե՞ս եք կարծում, նա Պաունդի՞ն էլ է խոստացել։
— Չգիտեմ։
— Լավ է նրան չհարցնել,— ասաց Ջոյսը։
Մենք այլեւս այդ մասին չխոսեցինք։ Եվ Ջոյսին պատմեցի, թե ինպչես էի Ուոլշին առաջին անգամ տեսել Էզրայի ստուդիայում, մորթե երկար թիկնոց հագած երկու աղջկա հետ, եւ այդ պատմությունը նրան հաճույք պատճառեց։