1896 թվականից հետո Շուշում ներկայացումներ են տվել հայ բեմի հռչակավոր արտիստներ Սիրանույշը, Հովհաննես Աբելյանը, Պետրոսյանը, Հովհաննես Զարիֆյանը, Գրիգոր Ավետյանը, Արուս Ոսկանյանը, Օլգա Գուլազյանը եւ ուրիշներ, որոնք իրենց փայլուն խաղով հիացրել են Շուշվա հանդիսատեսներին եւ կրթել նրանց մտավոր, բարոյական եւ գեղարվեստական ճաշակը։ Շուշի քաղաքում է ծնվել կոմիկական դերերի աննման արտիստ Գրիգոր Ավետյանը, ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը։ Շուշին տվել է նաեւ Ադրբեջանի թատրոնի երաժշտության մի շարք նշանավոր ներկայացուցիչներ, որոնց մասին հարկ է առանձին խոսել։
====Գրադարաններ, ընթերցարաններ, պարբերական մամուլ====
XIX դարի ընթացքում Շուշին ունեցել է գրադարաններ, ընթերցարաններ, ակումբներ։ Դեռեւս 1859 թվականին Շուշում հիմնվում է այսպես կոչված <i>հասարակ գրադարան</i>, որը գոյություն է ունենում մինչեւ 1867 թվականը, երբ նա փակվում է, վարչությունը գրադարանի գույքը նվիրում է Շուշու թեմական դպրոցին։ Թեմական դպրոցը ստանում է բավականին մեծ թվով հայերեն, ռուսերեն եւ այլ լեզուներով գրքեր ու պարբերական հրատարակություններ։ 1869 թ․ նոյեմբերի 1֊ին Շուշու թեմականում գրադարանի հիմք է դրվում<ref><i>Լեո</i> «Պատմություն Ղարաբաղի հայոց հոգեւոր դպրոցի», էջ 353, Թիֆլիս, 1914 թ․։</ref>։ Այս գրադարանը շարունակում է իր գոյությունը մինչեւ 1920 թ․ դպրոցական շենքի ավերումը, կատարելով իր որոշակի դերը Շուշու ընթերցող հասարակության (գլխավորապես թեմականի աշակերտության եւ ուսուցչական կազմի) համար։
1889 թվականի մարտի 10֊ին բարեգործական ընկերության Շուշու ճյուղը քաղաքում հիմնում է առանձին գրադարան, որն ուներ եւ ընթերցարան։ Այս գրադարան֊ընթերցարանը նույնպես աշխատում է տասնյակ տարիներ<ref>Տե՛ս «Ազգագրական հանդես», 1897, Բ․ գիրք, 2֊րդ տարի, էջ 103—104։ Այս գրադարան֊ընթերցարանում երկար տարիներ գրադարանապետի պաշտոն է վարել համեստ եւ անխոնջ աշխատող Պողոս Զաքարյանը, որի ավագ եղբայրը Շուշու մասին իր նվիրված հիշողություններն է թողել Աշոտ Հովհաննիսյանին։</ref>։
Բարեգործական ընկերության Շուշու մասնաճյուղի գրադարան֊ընթերցարանը ենթարկված էր հայ բարեգործական ընկերության Թիֆլիսի խորհրդին, ուներ 14 կետից բաղկացաթ կանոնադրություն եւ 1895 թ․ ուներ 4000 հայերեն եւ ռուսերեն գիրք (6000 ռուբլի արժողությամբ)։ 1889 թ․ մարտի 10֊ից մինչեւ 1896 թ․ հունվարի 1֊ը (7 տարվա ընթացքում) նրա տարեկան, ամսական եւ օրական անդամները օգտվել են 27,620 անգամ (4098 անդամ)։ Նույն տարվա ընթացքում օգտվողների 85 տոկոսը կազմում էին հայեր, 8 տոկոսը՝ ռուսներ, 4 տոկոսը՝ թուրքեր, 3 տոկոսը՝ այլ ազգություններ։ Սովորողները կազմում են հաճախորդների 55 տոկոսը, առեւտրականները՝ 25 տոկոսը, աստիճանավորները՝ 10 տոկոսը, ուսուցիչներն ու վարժապետները՝ 7 տոկոսը, արհեստավորները՝ 3 տոկոսը։ Ավելի շատ կարդացվել են հայերեն՝ Րաֆֆի, Պռոշյան, Աբովյան, Շիրվանզադե, Ծերենց, Աղայան, Շեքսպիր, Էոժեն Սյու, Դյումա, Ժյուլ Վեռն, Շիլլեր, Պարոնյան, Սունդուկյան, Խրիմյան, Մոլիեր, Շահազիզյան, Գամառ֊Քաթիպա եւ Լեո։
Ռուսերեն՝ Տուրգենեւ, Տոլստոյ, Ժյուլ Վեռն, Գոգոլ, Լերմոնտով, Պուշկին, Դիկկենս, Դոստոեւսկի, Շպիլգագեն, Գոնչարով, Հյուգո, Գարշին, Զոլա, Օստրովսկի, Դոդե, Բելինսկի, Բայրոն, Մոլիեր, Շեքսպիր, Շիլլեր, Գյոթե, Սենկեւիչ, Չեխով եւ այլն<ref>«Ազգագրական հանդես»֊1897 թ․, էջ 105, Թումյանի ստորագրությամբ գրված հոդվածը գրադարանների մասին։</ref>։
Պարբերական հրատարակություններից (ամսագրերից) առավելապես կարդացվել են՝
Հայերեն՝ «Մուրճ», «Փորձ», «Արաքս», «Տարազ», Հանդես գրական եւ պատմական»։
Ռուսերեն՝ "Вестник Европы", "Артист", "Северный Вестник", "Русская мысль", "Книжки недели", "Мир Божий", "Русское богатство".
1896—97 թվականներից հետո բարեգործական ընկերության Շուշու մասնաճյուղի գրադարան֊ընթերցարանը ավելի է ծավալում իր աշխատանքը, ավելացնելով իր գրքաքանակը, ստացվող հանդեսների եւ օրաթերթերի թիվը ու ընթերցանությունների քանակը, շարունակելով իր գոյությունը մինչեւ 1920 թվականը։
Բացի թեմականի եւ բարեգործական ընկերության գրադարան֊ընթերցարաններից, XIX դարի վերջերից Շուշում գոյություն ունեին եւս մի քանի այլ գրադարան֊ընթերցարաններ․
1. <i>Կլուբի</i> գրադարան֊ընթերցարանը Շուշու քաղաքային վարչության նախ ձմեռային, ապա ամառային (ծաղկանոցի) շենքում, որը բավականին հարուստ էր եւ որից օգտվում էին թե՛ հայերը, թե՛ ռուսներն ու ադրբեջանցիները։
2. Շուշու ռեալական դպրոցը, որը XX դարի սկզբներին ուներ բազմաթիվ գրքեր ռուսերեն լեզվով եւ մանավանդ շատ հարուստ ֆունդամենտալ գրադարան։
3. Շուշու աշակերտական միության գրադարանը, որ ընդհատակյա գրադարան էր եւ ստեղծվել էր 1905 թվականի հեղափոխությունից հետո<ref>Այս գրադարանում ես աշխատել եմ որպես գրադարանապետ 1907—08 թվականներին։ Աշխատանքն առանց վարձատրության էր, հասարակական հիմունքներով։ Ես այս գրադարանում (ռեալականի վերնահարկում՝ կտրի տակ) գտա շատ հարուստ գրականություն մասնավորապես պատմությունից Լավրիս եւ Ռամբոյի բազմահատոր գրքերը։ Պավլով֊Սիլվանսկու գիրքը՝ ֆեոդալական շրջանին վերաբերող եւ շատ ուրիշներ։</ref>։
Շուշում գրադարաններ ունեին նաեւ Շուշու քաղաքային դպրոցը, Մարինսկի դպրոցը, Մարիամյան օրիորդաց դպրոցը, Ղուկասյան օրիորդաց միջնակարգ դպրոցը եւ այլն։ Կային եւ մի շարք մասնավոր գրադարաններ, որոնք պատկանում էին առանձին անձանց, գլխավորապես՝ տեղական ուսուցիչներին։
Այստեղ տեղին է մի քանի խոսք ասել այն մասին, թե ո՞ր պարբերական հրատարակություններից էին օգտվում Շուշու բնակիչները մասնավոր կարգով, ո՞ր ամսաթերթերին եւ օրաթերթերին էին նրանք բաժանորդագրվում XIX դարում եւ ի՞նչ քանակությամբ։ Այս հարցին հաստատ պատասխան տալու համար մենք չունենք քիչ թե շատ ճշգրիտ տեղեկություններ, մանավանդ որ ընթերցասեր շուշեցիների համոզմունքները, տրամադրությունները եւ այս կամ այն թերթին առաջնություն տալու հակումները տարբեր են եղել եւ փոփոխական՝ տարբեր ժամանակների եւ հասարակական տարբեր շարժումների գերակշռության շրջաններում։
Ռուսահայերի առաջին պարբերական հայերեն հայերե հրատարակություններն էին՝ 1847—48 թվականներին «Кавказ» ռուսերեն պաշտոնական թերթի հայերեն թարգմանությունները, 1850 թվականին՝ «Արարատ» շաբաթաթերթը (աշխարհաբար եւ գրաբար), 1858 թ․՝ «Հյուսիսափայլը» Մոսկվայում, 1853 թ․՝ «Ճռաքաղը», 1858 թ․՝ «Մեղու Հայաստանին» Թիֆլիսում, 1860 թ․՝ «Կռունկ Հայաստանի» Թիֆլիսում, 1960 թ․՝ «Մասյաց Աղավնի» Թեոդոսիայում, 1860 թ․՝ «Ծիածան Հայաստանյաց», 1861—67 թթ․՝ «Վաճառական», «Գարուն», «Հայկական աշխարհ»։
«Հյուսիսափայլը» 1858 թ․ ուներ 262 բաժանորդ (Թիֆլիսում՝ 48, Շամախում՝ 12, Շուշում՝ 1)։ 1859 թ․ նա ուներ 350 բաժանորդ (Թիֆլիսում՝ 60, Շամախում՝ 30, Շուշում՝ 24, Երեւանում՝ 7 եւ այլն)։
«Ճռաքաղը» 1859 թ․ ուներ 372 բաժանորդ (Թիֆլիսում՝ 68, Էջմիածնում՝ 22, Շուշում՝ 19, Երեւանում՝ 18, Շամախում՝ 16)։
«Մեղու Հայաստանին» 1861 թ․ պտագրական 350 օրինակ, 1866 թ․՝ 450 օրինակ։
«Կռունկ Հայոց աշխարհի» 1862 թ․՝ 800 օրինակ, 1865 թ․՝ 400 օրինակ։
«Վաճառականը» 1866 թ․՝ 450 օրինակ։
Ովքե՞ր էին «Հյուսիսափայլի» բաժանորդները։ Մեծ մասամբ հայ վաճառականներ։ Նա հոգեւորական բաժանորդ համարյա չուներ, նկատելի չափով զուրկ էր նաեւ ազնվական եւ աստիճանավոր բաժանորդներից։ «Բայց հայ վաճառականությունը նույն եռանդով եւ նույնպես գերազանց ջերմությամբ նաեւ հակառակորդ բանակի սպառողն է»<ref><i>Դ․ Անանուն</i>, «Ռուսահայերի հասարակական զարգացումը XIX դարում», հատոր առաջին, էջ 313 եւ հետեւյալները։</ref>։
«Ազգագրական հանդես»֊ը (1897 թ․փ Բ գիրք, էջ 106) XIX դարի իննսունական թվականների Շուշու բաժանորդների մասին տալիս է հետեւյալ թվերը։ Շուշում 1894, 1895 եւ 1896 թվականներին 3 տարվա ընթացքում միջին հաշվով բաժանորդագրված էին տարեկան «Նոր դարին»՝ 80 հոգի, «Մշակին»՝ 60 հոգի, «Արձագանքին»՝ 32 հոգի, «Տարազին»՝ 18 հոգի, «Մուրճին»՝ 6 հոգի, բոլոր հայերեն հանդեսներին եւ օրաթերթերին՝ 179 հոգի<ref>Տե՛ս «Ազգագրական հանդեսի», 1897 թ․ 106 էջում աղյուսակը։ Այստեղ հայերեն թերթերի հանրագումարը ճիշտ է բերված։</ref>, իսկ բոլոր ռուսերեն թերթերին ու հանդեսներին՝ 470 հոգի։
Այս թվերից հետեւում է, որ Շուշում ամենից շատ 1894—96 թթ․ բաժանորդագրված էին «Նոր դար» օրաթերծին, ապա «Մշակ»֊ին։
XX դարի սկզբներից, մանավանդ 1905 թվականի եւ 1907 թվականի հեղափոխությունից հետո, շուշեցիների բաժանորդագրման պատկերը, իհարկե, բոլորովին փոխվում է։ Առաջ են գալիս նոր առաջադիմական եւ հեղափոխական թերթեր եւ հանդեսներ, որոնց բաժանորդների թիվը խիստ ավելանում է։
<references />