✻✻✻
Վանքում չորս ամսից աւելի մնալով, կարգին ծանօթացայ մասնաւորապէս փոխադրութեան գործի մանրամասնութիւններին՝ ձեւերի, փոխադրող անձերի եւ յարակից բոլոր խնդիրների վերաբերեալ։ Որպէսզի հասկանալի լինի վանքի բացառիկ դիրքը եւ նրա կատարած մեծ դերը, պէտք է բացատրել մի զուտ տեղական հանգամանք։
Վանքը, ինչպէս ասացի, գտնւում է Մակուի խանութեան մէջ, Կարանի մեծ եւ կեդրոնական գիւղից մի երկու ժամի հեռաւորութեան վրայ։ Կարանին քարւանային հաղորդակցութեան մեծ ճանապարհի վրայ— Տրապիզոն, Կարին, Ալաշկերտ, Բայազիտ, Աւաճուղ,— մի կարեւոր առեւտրական կեդրոն է։ Այստեղով էր Ատրպատականը հաղորդակցում Թուրքիոյ եւ Եւրոպայի հետ՝ հին ժամանակներից սկսած, մինչեւ որ շինուեց Բաթում֊Ջուլֆա գիծը, երբ այս ճանապարհը կորցրեց իր մեծ նշանակութիւնը։
Կարանին նշանաւոր էր եւ նրանով, որ Աբաղայի, Արճէշի եւ Նոշարի շրջանի քրդերի առեւտրական շուկան էր։ Այդ բոլոր շրջանների քրդերը— իրենց մանուֆակտուրան, շաքարը, նաւթը եւ այլ մանր֊մունր բաները գնում էին Կարանիի շուկայից, իբրեւ մօտիկ եւ աժան։
Ամբողջ պարսկաթուրք սահմանագլխի վրայ յատուկ սահմանապահ գնդեր չկան։ Այդ պաշտօնը կամ պարտականութիւնը թողնուած է սահմանագլխի Համիտիէ քիւրդ գնդերին, որոնք այդ գործը տանում էին շատ իւրայատուկ ձեւով,— թալանելով, կողոպտելով եւ աւերելով պարսկական սահմանակից բոլոր քիւրդ եւ թուրք գիւղերը։ Եւ այս էր պատճառը, որ Մակոււի ամբողջ սահմանը՝ Կարադէրից մինչեւ Սավալի, որ 200 քիլոմեթրից շատ աւելի կը լինի, ամբողջ երկարութեան վրայ, (30 քմ․ պարսից եւ 30 քմ․ թուրքաց կողմից, ուրեմն 69 քմ․ լայնութեամբ) համարեա ո՛չ մի գիւղ ու բնակութիւն չկայ տեւական։ Միայն ամառներն է, որ այս եւ այն կողմի քիւրդերը սար են բարձրանում մի քանի ամսով։ Հաւասարակշռութիւնը պահւում էր նրանով միայն, որ Մակուի քրդերը, որ երկու գլխաւոր ցեղերից են՝ Արուսանցի եւ Հայտարանցի, բարեկամ եւ ցեղակից էին թուրքաց սահմանի քրդերին։
Արուսանցիք, որ սար էին ելնում Սարայի գծի վրայ, Նոշարից֊Կոտուր, ցեղակից էին Մլանցի աշիբաթին, որի հիւղերը Սարայի շրջանն են։
Իսկ Հայտարանցիք, որ թուով աւելի քիչ էին Մաւուի մէջ, քան Արուսանցիք, բնակւում էին Կարանիի դաշտը եւ սար էին ելնում Ալագեանի լեռնաշղթայի վրայ՝ սահմանակից Աբաղային։
Աբաղայի հայտարանցի նշանաւոր բէյերն ու աղաները միշտ տիրել են Կարանիին եւ իր շրջանին, առարկելով, որ այդ իրենց պապենական հողերն են։
Աբաղայի հայտարանցի Հիւսէին փաշան, իր տղայ Մահմէ աղան, Նազարավայի Մուստաֆա բէյը, Խաչանի Կոպ Մահմադ Սըդըք բէյը, նոյն իսկ Արճէշի շրջանի հայտարանցիներից Ալի բէյը փոխն ի փոխ երկար տարիներով ամբողջ աշիրաթով քոչել են Կարանի եւ տիրել այդ շրջանին։
Քրդերի այս մակընթացութիւնն ու տեղատուութիւնը կախուած էր թուրք կառավարութեան կամ, աւելի ճիշդ, Վանի ու Էրզրումի վալիների քաղաքականութիւնից եւ Մակուի Սարդարի վերաբերմունքից։ Երբ թուրքերից էին դժգոհ, անցնում էին Մակու, փոխն ի փոխ․ որովհետեւ թուրք կառավարութիւնը երբ հովանաւորում է նոյն ցեղի որե՛ւէ աղայի, միւս աղաները դժգոհ էին մնում, ենթարկւում էին հալածանքի թուրքերի կողմից ու անցնում Մակու։
Իսկ երբ Մակուի սարդարի հետ էին կռւում, արուսանցիք անցնում էին Աբաղայի շրջանի թուրքական հողերը, իսկ հայտարանցիք Կարանից Աբաղայի շրջանը, իրենց ցեղակիցների մօտ։ Շատ քիչ անգամ էր պատահում, որ Մակու անցնող աշիբաթն իր ամբողջ ցեղով անցնի, միշտ պահեստի համար մնում էր Մակու ապաւինող աղայի տղան կամ եղբայրը, իբրեւ դժգոհ հօրից կամ եղբօրից։ Թուրքերը այդպիսի դէպքերում առանձին վերաբերմունք ցոյց չէին տալիս, որովհետեւ թէ՛ կաշառքը եւ թէ, մանաւանդ, անգիտութիւնը, անձանօթութիւնը թոյլ չէին տալիս խնդրի էութիւնն ըմբռնելու։
Եւ այս է պատճառը, որ Կարանի նստած քիւրդերը— բացի աչքի ընկնող աղաներից— ազատօրէն օրը ցերեկով երթեւեկում էին Աբաղա, ինչպէս եւ Աբաղայի քրդերն ու հայերը անվախօրէն գալիս էին Մակու, իրենց գործերով, առեւտուրով։
Պատկերը լրիւ դարձնելու համար մի քանի խօսք էլ ասենք Աբաղայի հայերի մասին։
Աբաղայի հայերը բնիկ չեն, այլ եկուոր, վերջին 40֊50 տարոաւյ ընթացքում գաղթած՝ մեծ մասամբ Նորդուզի եւ քիչ էլ Սարայի շրջանից։
Նորդուզից հայերը փախել են Աբաղա երկու պատճառով․— Նախ՝ որ գրաւցի քիւրդերը հարաւից եկել եւ նրանց հալածել են․ երկրորդ՝ հայերն, իբրեւ երկրագործ ժողովուրդ, չէին կարող լեռնային Նորդուզում հողագործութեամբ ապրիլ, իսկ ոչխարապահութիւնը նրանց համար ձեռնտու չէր, որովհետեւ դա նախ քրդերի ձեռքն էր եւ, երկրորդ, որ ամենագլխաւորն է, հեշտութեամբ թալանի եւ կողոպուտի ենթակայ էր․ իսկ հայերը, զինուած չլինելով՝ անկարող էին պաշտպանել իրենց տաւարը։
Ահա՛ այս կրկնակի պատճառներով Նորդուզի հայերը հետզհետէ գաղթեցին դէպի հարուստ Աբաղան։ 1859ին Նորդուզ կար 16 հայ գիւղ 380 տնով․ 1897ի կէսերին այս թիւն իջաւ 277, 1899ին՝ 168տունի։ Աբաղայում նրանց դիւրութիւն էր տրւում մեծապէս զբաղուելու երկրագործութեամբ, մասամբ էլ անասնապահութեամբ։ Աբաղայում հայերը մրիբաներ էին քիւրդ աղաների մօտ։ Մրիբայութեան պայմաններն էին․— աղան տալիս էր իր հողը եւ սերմացուն․ իսկ հայ գիւղացին՝ իր տաւարով, մարդով, գութանով եւ «դազգահով» վարում էր, ցանում, հնձում ու կալսում, եւ արդիւնքը կիսում աղայի հետ։
Պէտք է ասել, որ երկու կողմերն էլ գոհ էին։ Հովիւ քիւրդին եւ աշիրաթապետ աղային համար, որոնք ունէին հողի անհուն տարածութիւն եւ չգիտէին երկրագործութիւն, հայ աշխատասէր երկրագործը հարստութեան անսպառ աղբիւր էր։ Քիւրդը որս էր անում կամ կռիւ․ իսկ հայը նրա համար հաց էր վաստակում, տան ծառայութիւն էր անում ձրիաբար, աղայի տան ամէն պէտքները հոգում անվարձ, աղայի համար գնում էր Վան կամ Կարանի՝ գնումներ անելու, նրա համար սուրհանդակութիւն էր անում, տօն օրերին աղային նուէրներ էր տանում եւն․ եւն․։
Հայն էլ գոհ էր, որովհետեւ աղայի հովանու տակ նա պաշտպանուած էր քիւրդ աւազակներից, ազատ էր թուրք կառավարութեան տուրքերից եւ ոստիկանների շահատակութիւններից։ Այդ շրջանի հայերը համարեա կիսազատ էին քրդերի չափ, «<i>բէդէլ ասքէրիյէ</i>» (զինուորական տուրք) չէին տալիս․ աշար չկար, որովհետեւ գիւղը միշտ տղան էր գնում․ աղնամը (ոչխարի տուրք) շատ քիչ էր լինում, որովհետեւ աղայի վախից պաշտօնեաները չէին համարձակւում գիւղի ոչխարներն անձամբ հաշուել, միայն գոհանում էին ցոյց տրուած թուի վրայ տուրք գրելով եւ առնելով։
Ահաւասիկ այս ազատ պայմանների հետեւանքով էր, որ հայերն էլ ազատ երթեւեկում էին Կարանի եւ այնտեղից էլ Թադէի վանքը։
Չպէտք է մոռնալ եւ այն, որ վանք նստող գործիչներն ու վանահայրերը, որոնք մեծ մասամբ եղել են թուրքահայեր, լաւ կապեր էին պահում Կարանի նստող քիւրդ աղաների հետ։ Այդ տեսակէտից ամենափայլուն շրջանը եղել է մոկացի Ախպօր շրջանը, որի ժամանակ թէ ինքը Ախպէրը եւ թէ, մանաւանդ, Սլաքը՝ Արմենակ Օխիկեանը, շատ մտերիմ ու բարեկամական կապեր են ունեցել Կոպ Մահմեդի եւ Մուստաֆա բէյի հետ, եւ այն աստիճան, որ, երբ Արմենակը Միրզաջան բռնուեց իբրեւ յեղափոխական եւ Վանի բանտն էր ու դատի տակ, Մուստաֆա բէյը եկաւ վկայութիւն տուաւ, թէ նա պարսկաստանցի է եւ բժիշկ, այն ինչ նա լա՛ւ գիտէր, որ Սլաքը բիթլիսցի է։
Պէտք է ասել, որ այս երկու հայտարանցի բէյերը համարեա մինչեւ վերջ լաւ յարաբերութեան մէջ էին մեզ հետ եւ ամէն դիւրութիւն տուին մեր երթեւեկութեան եւ փոխադրութեան համար։ Այսպիսով Աբաղայի հայերն իրենց տղաների կողմից <i>քարդ պլանշ</i> ունէին Կարանի գալու եւ օժանդակելու մեր գործին։
Ի հարկէ, այս բոլորը կատարւում էր խիստ գաղտնի, ինչպէս կը տեսնենք իր ժամանակին, եւ այն աստիճան գաղտնի, որ իրենք աղաներն էլ չէին իմանում, թէ ե՞րբ, ի՞նչ կամ ովքե՞ր են անցնում։
Երկրի մեր յեղափոխական գործունէութեան գլխաւոր մասը զէնքի եւ ռազմամթերքի հայթայթումն էր՝ ժողովրդին զինելու եւ ապագայ ձեռնարկների համար զէնք ունենալու։
Զէնքը Երկրի մէջ, մանաւանդ առաջին շրջանում, անհնարին էր հայթայթել, իսկ վերջերը կապուած էր շատ դժուարութիւնների,— վտանգի եւ թանկութեան հետ։ Ուստի, հէնց յեղափոխական գործունէութեան արշալոյսին, Երկիրը զինելու միակ կամ գրեթէ միակ միջոցը համարուել է արտասահմանից զէնք ներմուծելու սիստեմը։
Մինչեւ 1900 թիւը, Երկիրը զէնք մուծելու ամենահնարաւոր ձեւը համարուել է զինատար խմբերի դրութիւնը։ Այսինքն՝ մի փորձ խմբապետի հրամանատարութեան տակ<ref>Օրինակ, Սերոբ Փաշան, Նիկոլը, Վարդանը, Սաքոն, Ախպէրը, Վազգէնը, Խանը, Կայծակ֊Վաղարչակը, Գայլ Վահանը, Աշոտ Երկաթը, Թոխմախեանը, Տուրբախը, Մուրատը, Սեպուհը, եւայլն, եւայլն, սկիզբները յայտնի են դարձել զինատար խմբերով։</ref> մի քանի մարդիկ ․—ամենաբազմաթիւը, կարծեմ, եղել է Նեվրուզի խումբը՝ 90 հոգի, ապա Խաստուրի խումբը՝ 60 հոգի․ ամենաքիչը 5 հոգի,— ինչքան կարող են, վերցնում են զէնք ու ռազմամթերք, մեծ մասամբ մի֊մի հրացան, շատ յաճախ երկուական, բայց միշտ փամփուշտներ, —առաւելագոյնը՝ 1000 եւ նուազագոյնը՝ 200 հատ, —ի հարկէ, միշտ ոտով, լաւ առաջնորդ սուրհանդակներով, աննկատելի դառնալու համար։ Ի հարկտէ մի քանի օրուայ պաշար ամէն զինուոր վերցնում էր իր հետ․ եւ այսպէս գիշերներով գաղտնի ճանապարհ ընկնում, պարսկական կամ ռուսական սահմանագլխից․ գիշերները քայլում էին, իսկ ցերեկը պահւում սարերի ծերպերում եւ ձորերի անդունդներում՝ աննկատելի դառնալու համար։
Այս խումբերը մեծ մասամբ կռուի էին հանդիպում սահմանագլուխներում, թէեւ առհասարակ ջարդւում էին եւ զէնքերի մեծ մասը ոչնչացւում էր, ընկնելով քրդերի ձեռքը կամ կոտրատուելով մերոնց կողմից։ Այս ձեւով տեղ հասած ամէն մի զէնք միջին հաշուով միշտ մէկից աւելի մարդու կեանքի գնով էր պայմանաւորուած։
Ժամանակի ընթացքում պարզուեց, որ զինատար խմբերով Երկրի Ժողովուրդը զինել անկարելի է, եւ որ դա նախ՝ քիչ արդիւնք է տալիս եւ յետոյ՝ մեծ աղմուկ է ձգում կառավարութեան եւ քիւրտ աղաների մէջ։
Բայց երբ, հէնց մեծ մասամբ շնորհիւ այդ զինատար խմբերի փայլուն կռիւներին, կազմակերպութիւնը մի քիչ ուժեղանում է ու քրդերի հետ որոշ կապ է ստեղծում, սկսւում է զէնքերի փոխադրութիւնը նաեւ քրդերի միջոցով։
Քրդերը մեզ համար զէնքի տեղափոխութեան, խմբերի առաջնորդութեան, նամակային սուրհանդակութեան, փախստական փոխադրելու եւ ուրիշ նման ծառայութիւններ արել են մեծ մասամբ (յարգելի բացառութեամբ) բացառապէս շահադիտական նկատումներով։
<references/>