:Բայց արդեն փողոցում էր, մնում էր միայն նեղլիկ նրբանցքն անցնի... այնտեղ արդեն հազիվ թե մեկին հանդիպես...
:Եվ չհանդիպեց։
:Նա քայլում էր Նևսկու պողոտայով և լավ էր զգում։ Արև էր։ Օդը հազվագյուտ թափանցիկ էր։ Դա հենց նույն աշնանային Նևսկին էր, թեպետ այն մասում, որով նա գնում էր, նույնիսկ ծառեր չկային։ Բայց Նևսկին աշնանային էր։ Գնում էր նա այդպես և որոշ ժամանակ դեռ մտածում՝ ինչո՞ւ և ինչպե՞ս եղավ, որ ինքը շարունակում է ահա ապրել և ունենում է այնպիսի տարբեր զգացումներ, ինչպես միջանցքում, սանդուղքի վրա և նրբանցքում... Բայց եղանակն այնպիսին չէր, որ երկար մտածես այդ մասին։ Նրա մտքով անցավ, թե տարօրինակ է, որ զգացումների այդպիսի մեքենայացում է առաջանում։
:Հիմա արդեն մնում էր միայն սիրելի աշնանային Նևսկին եւ կողքով անցնում էին անցորդները, որոնց կարելի էր նայել, շենքերը ծանոթ էին, եւ զվարթությունն էլ չէր անհետանամ։
:Բայց այդպես երկար չես քայլի։ Շատ֊շատ՝ կես ժամ։ Որևէ կերպ պիտի մսխել ժամանակը։ Ընդ որում, գնալու տեղ էլ չկա։ Եվ տանն էլ ոչ մարդ կա, ոչ էլ իմաստ ունի գնալ։ Ի՞նչ կարող ես անել տանը։ Ու քանի որ այդպիսի եղանակին մտածելչի լինում, ապա աչքովդ ընկնում Է հետևյալ ցուցանակը՝ Կոլիզեյ. լայնէկրան կինոնկար... Ցուցադրում են «Ոդիսևսը»։ Այդ Ոդիսևսի ճանապարհորդությունը, ուրեմն։ Հոմերոս «Իլիական»։ Երբեք չի կարդացել։ Սոֆոկլես, Եվրիպիդես, Հերակլի – տես, Հերոդոտոս, Դեմոսթենես, Տակառ, Ջովանյոլիի «Սպարտակը»։ Հռոմուլուս և Հռոմ։ Հանճարեղ մարդիկ։ Անուններ։ Կարդալը՝ չենք կարդացել, իսկ անունն ամեն մեկն էլ գիտե։ Լինում է նաև, որ կարդացել ենք, բայց անունը չենք իմանում։ Հանճարեղ մարդիկ չեն։ Իսկ հանճարներին մենք չենք կարդում։ Այդ ամենի մասին նույնպես կարելի է մտածել՝ անցողակի։
:Իսկ այդ ընթացքում Լոբիշևն այդեն հասցրել էր տոմս վերցնել։ Մենակ։ Դա, ախր, սատանայական հաճույք է՝ տոմս առնել հիմար կինոնկարի համար՝ աշխատանքային օրն ու աշխատանքի ժամանակ։
:Վերջիվերջո, մեկ է, կինո էր մտնելու։ Եվ միևնույն է, բավականություն է ստանալու, ինչպես էլ որ դժգոհի հետո։
:Որովհետև այդ սրիկաները կարողանում են ինչ-որ կերպ այնպիսի մի բան շարժել հոգուդ խորքում, որ դու ձևի համար միայն կդժգոհես՝ ճաշակդ չփչացնելու պատրվակով, իսկ իրականում բավականություն կստանաս։ Որովհետև, այնուամենայնիվ, չէ՞ որ կա այդ ստոր բանը, որին նրանք, սրիկաները, նշան են բռնում։ Կա յուրաքանչյուրիս մեջ։ Ամենից որոշակի նա մտածում էր հենց դրա մասին։
:Եվ ահա նա մտնում է կինոթատրոնի մութ ետնաբակը։ Ու դա պատմվածքի գրեթե առաջին արտահայտությունն է, որ ես պատրաստվում եմ գրել։ Եվ այժմ, վերջապես ես սկսում եմ դրանից՝ հանուն էլի մի ուրիշի, միակի, որը գիտեմ, և որը պիտի լինի գուցեև ամենից վերջում։ Ահա ես սկսում եմ պատմվածքը և եթե արդեն այդքան հանդգնություն ունեմ, ապա ուրեմն ինձ դող է բռնում, որովհետև սկսում եմ։ Նա անցնում է ու ոչ մի բանի մասին չի մտածում, որովհետև այգու մասին կարծես թե չէր մտածում, իսկ նկարի մասին արդեն ամեն ինչ մտածել֊պրծել էր։