— Հայելու լճից մինչև Արծաթաջրի և Սպիտակբաշի միացման տեղը տասը լիգ կլինի,— պատմում էր Արագորնը,— և այնտեղ անտառում մենք կգիշերենք: Այս ուղին մեզ համար նշել է Գանդալֆը, որ հետո դորս գանք դեպի Մեծ Գետը: Արծաթաջրի ու Սպիտակբաշի միացումից գոյանում է Ոսկե Կախարդուհի հորդառատ գետը, որը թափվում է Անդուին Մեծի մեջ:
— Դրանք միանում են Լոթլորիենի մոտ,— ուրախ հուզմունքով ընդմիջեց Լեգոլասը,— էլֆերի ամենասքանչելի բնակավայրի մոտ, որը գտնվում է Ոսկե Անտառում: Լոթլորիենի արծաթագույն ծառերը (որոնց կեղևը մոխրա-արծաթավուն է) ածնանը խիտ սաղարթից չեն զրկվում, այն դառնում է վառ ոսկեգույն և մնում է ճյուղերի վրա մինչև գարնան գալը: Գարնանը նախորդ տարվա տերևը թափվում է, անտառի բացատները ոսկով ծածկելով, իսկ ճյուղերին նոր տերևների հետ միասին բացվում են ոսկեդեղին ծաղիկներրը՝ օդը լցնելով մեղրի բուրավետությամբ: Այդպես են պատմում հինավուրց առասպելները՝ ինքս ոչ մի անգամ չեմ եղել Լորիենում:
— Այնտեղ ձմռանն էլ վատ չէ,— նկատեց Արագորնը: — Բայց Լորիենը հեռու է: Իսկ հիմա մենք պետք է հեռանանք Մորիայից, դրա համար էլ քայլերն արագացրեք, բարեկամներ:
Արագորնը մեծ-մեծ քայլերով առաջ գնաց, ր Սամն ու Ֆրոդոն սկսեցին հետ մնալ: Նրանք ամբողջ օրը ոչինչ չէին կերել: Յաթաղանի հարվածից Սամի ջերմությունը բարձրացել էր ու գլուխը պտտվում էր, իսկ շոգ Մորիայից հետո նա քամուց դողացնում էր: Զուր էր երկնքում փայլում արևը: Ֆրոդոն հևոցով ու արագացած էր շնչում, ամեն մի քայլը դժվարությամբ էր գցում:
Կես ժամ հետո Լեգոլասը հետ նայեց ու տեսնելով, որ հոբիթները շատ են հետ մնացել, անհանգստացած ձայն տվեց Արագորնին: Նա ևս շրջվեց ու վազեց հետ մնացողների մոտ: Նրան հետևեց Բորոմիրը: Մնացած Պահապաններն իսկույն կանգ առան:
— Ներեցե՛ք, բարեկամներ,— ասաց Արագորնը,— այսօր այնքան շատ բան տեղի ունեցավ, և ես այնպես եմ շտապում ձեզ հեռու տանել Մորիայից, որ ձեր վերքերի մասին բոլորովին մոռացել եմ: Դե դուք էլ պակասը չեք, խոսք չկա՝ չեք հիշեցրել... Իհարկե, մենք պետք է դադար առնեինք և առաջին հերթին ձեր վերքերը նայեինք... Դե, իսկ հիմա մի քիչ համբերեք: Առջևում հանգստի հարմար տեղ կա և այնտեղ արդեն ես կանեմ, ինչ կարող եմ: Բորոմիր, եկ գրկած տանենք նրանց:
Շուտով ճամփորդները մի վտակ տեսան, որը մեղմ քչքչոցով թափվում էր Արծաթաջրի մեջ: Իսկ Արծաթաջուրը, վերջին սահանքն անցնելով, լցվում էր լայն գետախորշը, որը ծածկում էին բրգաձև ճյուղաշատ սոճիներն ու մոշի փշոտ, խիտ թփուտները:
Արագորնը ծակող թփուտներից դուրս եկավ մի փոքրիկ բացատ, որը պատված էր կապույտ հապալասով ու ստվերված բրգաձև սոճիներով: Այստեղ կարճատև հանգիստ առան: Արևն սկսում էր թեքվել դեպի արևմուտք, իսկ նրանք միայն մի քանի լիգ էին հեռացել, և օրքերը առանց դժվարության կարող էին հասնել նրանց: Մինչ Պահապանները ցախ էին հավաքում, խարույկ վառում ու ջուր եփում, Արագորնը զննեց հոբիթների վերքերը: Սամի վերքը թեև խոր չէր, բայց, չգիտես ինչու, մինչև հիմա արյունահոսում էր, և Արագորնը անհանգստությամբ խոնարհվեց Սամի վրա: Սակայն զննումն ակնհայտորեն ուրախացրեց նրան:
— Բախտդ բերել է, ասան նա Սամին: — Շատերն ավելի լուրջ են հատուցել իրենց սպանած առաջին օրքի համար: Դու մաքուր դաշույնով ես վիրավորվել: Իսկ օրքեր հաճախ յաթաղաններին ուժեղ թույներ են քսում: Այս վերքն արագ կբուժենք: — Արագորնը խառնշտեց ուսապարկը