=== IV։ Ակուլկայի ամուսինը (պատմվածք) ===
Ուշ գիշեր էր արդեն, ժամը տասներկուսի մոտ։ Այն է, պիտի քնեի, բայց հանկարծ սթափվեցի։ Հեռվում, գիշերաճրագի աղոտ, փոքր լույսը հազիվ լուսավորում էր հիվանդասենյակը... Համարյա բոլորն արդեն քնած էին։ Նույնիսկ Ուստյանցևը, և լռության մեջ լսվում էր, թե ինչքան ծանր է շնչում և ինչպես է կոկորդում խռխռում խորխը օդի ամեն ումպի հետ։ Հեռվից, հաշտի կողմից հանկարծ հնչեց մոտեցող պահախմբի հերթափոխի ծանր ոտնաձայնը։ Հատակին դխկաց հրացանի խզակոթը։ Բացվեց հիվանդասենյակի դուռը, զգույշ ոտնափոխով եֆրեյտորը հաշվեց հիվանդներին։ Մեկ րոպե անց կողպեցին հիվանդասենյակը, նոր ժամապահ կանգնեցրին, պահախումբը հեռացավ ու նորից՝ նախկին լռությունը։ Այստեղ միայն նկատեցի, որ ինձնից ոչ հեռու, ձախ կողմում, երկու հոգի քնած չեն ու կարծես փսփսում են իրար հետ։ Հիվանդասենյակներում դա լինում էր. երբեմն օրեր ու ամիսներ պառկած կողք֊կողքի, բառ անգամ չէին ասում իրար, և հանկարծ, տեսար, խոսքի բռնվեցին գիշերվա մի գրգռիչ պահի, և մեկը մյուսի առաջ շարում էր իր ամբողջ անցյալը։
Ըստ երևույթին, վաղուց էին խոսում։ Սկզբին չէի հասել, հիմա էլ ոչ ամեն ինչ կարողացա լսել, սակայն կամաց-կամաց վարժվեցի և սկսեցի ամեն ինչ հասկանալ։ Քունս չէր տանում, իսկ ի՞նչ անեի, եթե չլսեի... Մեկը պատմում էր տաքացած, մահճակալին կիսապառկած, գլուխը բարձրացրած և ընկերոջ կողմը ձգած վիզը։ Ըստ երևույթին, բորբոքված էր, գրգռված, ուզում էր պատմել։ Ունկնդիրը՝ մռայլ ու բոլորովին անտարբեր, նստած էր իր մահճակալին, ոտքերը պարզած երկայնքով, երբեմն ինչ֊որ բան էր մնչում ի պատասխան, ի նշան մասնակցության, բայց կարծես ավելի շատ քաղաքավարության համար, այլ ոչ իսկականից, րոպեն մեկ իր պոզիկից քթախոտ լցնելով քիթը։ Զինվոր Չերյովինն էր՝ ուղղիչ բաժանմունքից, մռայլադեմ, ճշտակատար, հիսնամյա, սառնարյուն խրատաբան և ինքնասեր մի հիմար։ Պատմողը՝ Շիշկովը, դեռևս երիտասարդ էր, երեսունին մոտ, մեր քաղաքացիական կալանավորը, կարի արհեստանոցում էր աշխատում։ Մինչ այդ քիչ ուշադրություն էի դարձրել նրա վրա, հետագայում էլ, իմ բանտային կյանքի ամբողջ ընթացքում, մի տեսակ ձգտում չկար նրանով զբաղվել։ Փուչ, խելառ մարդ էր։ Մեկ-մեկ կլռեր, կապրեր մռայլված, իրեն կոպիտ կպահեր, շաբաթով չէր խոսի։ Մեկ էլ հանկարծ կխրվեր ինչ-որ պատմության մեջ, կսկսեր բամբասել, դատարկ բաներից փրփրել, բանտասենյակից բանտասենյակ թափառել, լուրեր տանել-բերել, չարախոսել, ափերից դուրս դալ։ Կծեծեին, նորից կլռեր։ Վախլուկ ու ծանծաղ մարդ էր։ Բոլորը մի տեսակ արհամարհանքով էին վերաբերվում նրան։ Բարձրահասակ չէր, նիհարիկ, աչքերն էլ մի տեսակ խլվլան, մեկ-մեկ էլ՝ բթամիտ խոհուն։ Առիթ լիներ մի բան պատմեր՝ կսկսեր կրակոտ, խանդավառ, նույնիսկ ձեռքերը թափահարելով, ու հանկարծ կընդհատեր, կամ կանցներ ուրիշ բանի, կհրապուրվեր նոր մանրամասներով և կմոռանար, ինչի մասին է սկսել խոսել։ Հաճախ կհայհոյեր, հայհոյելիս էլ անպայման էլ կկշտամբեր մեկնումեկին՝ իր հանդեպ ինչ֊որ մեղքի համար, և զգացմունքով կխոսեր, համարյա թե լաց լինելով... Բալալայկա վատ չէր նվագում ու սիրում էր նվագել, իսկ տոն օրերին նույնիսկ կպարեր և լավ կպարեր, երբ մեկ֊մեկ ստիպեին... Նրան շատ շուտ կարելի էր ստիպել ինչ֊որ բան անել... Ոչ թե այնքան լսող էր, այլ սիրում էր շրթապատի մեջ խցկվել ու հաճոյանալ ընկերականությունից։
Երկար ժամանակ չէի կարողանում ընկալել, թե ինչի մասին է նա պատմում։ Սկզբում ինձ էլի թվաց, թե շարունակ շեղվում է նյութից ու կողմնակի բաներով հրապուրվում։ Գուցեև նկատում էր, որ Չերյավինը համարյա չի հետաքրքրվում իր պատմությամբ, բայց կարծես ուզում էր դիտավորյալ համոզել ինքն իրեն, որ ունկնդիրը համակ ուշադրություն է, և գուցե թե շատ ցավալի կլիներ նրա համար, եթե հակառակը համոզվեր։
― ... Մեկ֊մեկ, ասենք, շուկա կմտներ,— շարունակում էր նա,— բոլորը գլուխ կտային, պատիվ կտային, մի խոսքով՝ հարուստ մարդ էր։
― Առուտո՞ւր ուներ, ասում ես։
― Հա՛, առուտուր։ Էդ մեր՝ քաղքենիության մեջ է չքավորություն։ Տիփ֊տկլոր։ Կնանիք ջուրը գետից է՜, ուր են հասցնում՝ հրեն դարատափը, բանջարանոցները ջրելու։ Տանջվում, չարչարվում են, աշնանն էլ շչի եփելու բան մնաց֊չմնաց։ Կարիքի մեջ։ Ուրեմն, մեծ հողեր ուներ, գործավորներն էին վարում֊ցանում, երեք հոգի մշտական մոտն էին, դրան գումարած՝ իր մեղուն ուներ, մեղր էր ծախում, անասուն էլ, մեր կողմերում, ուրեմս, մեծ հարգանք ուներ։ Շատ էր տարիքով, յոթանասուն, ոսկորը ծանրացել էր, մազերը սպիտակած, խոշոր մարդ էր։ Որ դուրս գար շուկա՝ աղվեսամորթու քուրքով, ամենքը գլուխ կտային։ Ուրեմս, կզգային։ «Բարև ձեզ, հայրիկ, Անկուդիմ Տրոֆիմիչ».... « Քեզ էլ բարև, կասեր»։ Ասել է թե ոչ ոքի չէր նեղացնի։ «Երկար կյանք ունենաք, Անկուդիմ Տրոֆիմիչ»։ — «Քո գործե՞րը ոնց են»,— կհարցներ։ «Էհ մեր գործերը, վատից էլ վատ։ Դո՞ւք ինչպես եք, պատվելիս»։ Կասեր՝ «Մենք էլ՝ ոչինչ, մեր մեղքերի չափով, ապրում ենք, օդը փչացնում»։ — «Երկար կյանք ունենաք, Անկուդիմ Տրոֆիմիչ»։ Էդպես, ոչ մեկին չէր արհամարհի, իսկ կխոսեր էնպես, ասես ամեն բառը մի-մի ռուբլի արժենային։ Աստվածագետ էր, կարդացած, անընդհատ սուրբ գրքեր կկարդար։ Պառավին կնստեցներ դիմացն, ու «Դե լսիր, այ կնիկ, հասկացիր»,― ու կսկսեր բացատրել։ Պառավն էլ տարիքով չէր, երկրորդ անգամ էր նրա հետ պսակվել, երեխեքի համար, ուրեմս, առաջինից չուներ։ Ուրեմս, երկրորդից, ուրեմս, Մարյա Ստեպանովնայից երկու տղա կար, արդեն մեծ, փոքրին Վասյային, վաթսուն տարեկան էր ունեցել, Ակուլկան էլ, ուրեմս, աղջիկը բոլորից մեծն էր, տասնութը տարեկան էր։
― Էդ ուրեմս, քո կի՞նն էր։
― Համբերի։ Առաջուց էլ Ֆիլկա Մորոզովը բստրեց։ Դու, ասեց, ուրեմս, Ֆիլկան, ուրեմս Անկուդինին բաժին հանի։ Լրիվ չորս հարյուր մանեթս տուր, հո աշխատողդ չե՞մ, չեմ ուզում քեզ հետ առուտուր անեմ, ու քո Ակուլկային էլ չեմ ուզում, ասեց։ Հիմա, ասեց, ես պրծա։ Հիմի ծնողներս մեռել են, ասեց, ուրեմս, էդ փողերը կտամ խմելու, հետո էլ, ուրեմս, վարձու գինվոր կգրվեմ, մի տասը տարի հետո կդառնամ ֆելդմարշալ ու կգամ էստեղ, ձեզ մոտ։ Անկուդիմն էլ փողը տվեց, լրիվ հաշիվները փակեց, որովհետև Ֆիլկայի հերը հալիվորի հետ նույն առուտուրի վրա էին։ «Կորած մարդ ես դու, ասաց»։ Սա էլ թե՝ «Էհ, կորած եմ, կորած չեմ, իսկ քեզ հետ, հալիվոր, մախաթով կաթ խմել կսովորես։ Ասեց, դու գործն երկու գռոշով ես ուզում սարքես, ինչ զիբիլ ասես կհավաքես՝ մի բանի պետք կգա։ Ուրեմս, թքած ունենամ էդ տեսակ գործի վրա։ Կդիզես, կդիզես ու սատանի իզը կբռնես։ Ես իմ բնավորությունն ունեմ, ասեց։ Քո Ակուլկային էլ չեմ առնի, առանց դրա էլ հետը պառկել եմ...»։
― Էդ ո՞նց ես համարձակվում, ասեց Անկուդիմը, խայտառակես ազնիվ հորը, ազնիվ աղջկան։ Էդ ե՞րբ ես նրա հետ պառկել, օձի կծած, իժի ծնունդ, ինքն էլ ամբողջ մարմնով դողացրեց։ Ինքը՝ Ֆիլկան էր պատմում։
― Ոչ թե մենակ ինձ հետ, ասեց, էնպես կանեմ, որ ձեր Ակուլկան ոչ մեկի հետ չպսակվի, ոչ ոք չի ուզի, Միկիտա Գրիգորյիչն էլ հիմի չի ուզի, քանի որ աղջիկն անպատված է հիմի։ Աշնանից սկսած, մի տեղ ապրուստի ենք անցել, ես էլ հիմի հարյուր կարմրով չեմ համաձայնվի։ Փորձի համար հմի հարյուր կարմիր տուր՝ չեմ համաձայնվի...
Ու հո իրեն քեֆի չտվեց ջահելը մեզ մոտ։ Էնպես, որ հողը տնքում էր, քաղաքով մեկ թնդում։ Ընկեր֊մընկեր գտավ, լիքը փող ուներ, մի երեք ամիս քեֆ քաշեց, եղածը լրիվ մսխեց։ «Փողս որ պրծավ, ասում էր, տունը կծախեմ, եղած֊չեղածը կծախեմ, հետո էլ կամ վարձու գործ, կամ էլ՝ թափառելու»։ Ու հո չէին սիրում նրան կնանիք, ասելու չի։ Լավ տորբա էր նվագում։
― Ուրեմս, Ակուլկայի հետ մինչև է՞դ էր գործ ունեցել։
― Սպասի, համբերի։ Էն ժամանակ ես էլ ծնող հորս թաղեցի, մերըս էլ պրյանիկ էր թխում, ուրեմս, Անկուդիմի մոտ էր գործ անում, դրանով էլ ապրում էինք։ Վատ էինք ապրում։ Է, մի փոքր հողամաս կար անտառի տակ, ցորեն էինք ցանում, բայց հորիցս հետո ամեն ինչ քամուն տվեցինք, քանի որ ես էլ ինձ խփեցի խմիչքի, ախպորս ասեմ։ Մորիցս փող էի պոկում ծեծուջարդով...
― Էդ լավ չի, որ ծեծուջարդով։ Մեծ մեղք է։
― Ախպորս ասեմ, մեկ֊մեկ առավոտից գիշեր հարբած էի լինում։ Մեր տունը՝ հլա ոչինչ, չնայած փտած էր, բայց մերն էր, մեջն էլ՝ լենուբոլ, նապաստակ բռնել կլիներ։ Լինում էր, սոված էինք մնում, շաբաթով ուտելու բան չէր լինում։ Մերս էլ սկսում էր ինձ փնովել, փնովել... Էն ժամանակ Ֆիլկա Մորոզովից ձեռ չէի քաշում։ Առավոտից իրիկուն նրա հետ։ «Ինձ համար կիթառ, նվագի ու պար արի, ասում էր, ես էլ պառկած տեղից քեզ փող կգցեմ, քանի որ ամենահարուստ մարդն եմ»։ Ու ինչեր ասես, չէր անում։ Մենակ գողացած ապրանք չէր վերցնում։ «Ես գող չեմ, կասեր, ես ազնիվ մարդ եմ»։ «Եկեք գնանք, կասեր, Ակուլկայենց դարպասին ձյութ քսենք, քանի որ չեմ ուզում, որ Ակուլկան Միկիտա Գրիգորյիչի հետ պսակվի։ Ինձ համար շատ թանկ էր, է՜, ասում էր»։ Իսկ Միկիտա Գրիգորյիչի հետ ծերուկը դրանից առաջ էր ուզում աղջկան պսակի։ Միկիտան էլ էր տարիքով, անկնիկ, ակնոց էր դնում, առուտուր անում։ Հենց լսեց, որ Ակուլկալի մասին լուրեր են պտտվում, ետ քաշվեց։ «Անկուդիմ Տրոֆիմիչ, ինձ համար դա մեծ անպատվություն կըլնի, քանի որ տարիքս առած մարդ էլ եմ, չեմ ուզում պսակվեմ»։ Էդտեղ էլ մենք Ակուլկայի դարպասը ձյութեցինք։ Հո չէին քերում, չէին քերում հետո... Մարյա Ստեպանովնան գոռում էր. «Աշխարհիս երեսից կջնջեմ»։ Հալիվորն էլ, թե՝ «Առաջներում, ազնիվ պատրիարքերի ժամանակ, ես դրան խարույկի վրա կտոր֊կտոր կանեի, բայց հիմա, ասեց, աշխարհս խավար է ու փուչ»։ Մեկ֊մեկ հարևանները փողոցով մեկ կլսեին, ինչպես է Ակուլկան գոռում֊բղավում։ Առավոտից իրիկուն կճիպտեին։ Իսկ Ֆիլկան շուկայով մեկ կգոռար. «Փառավոր աղջիկ է, կասեր, Ակուլկան, բաժակի ընկեր։ Վրա֊գլուխդ մաքուր, հագածդ սիպտակ, ում ես սիրում երկնքի տակ։ Ես դրանց քիթ ու մռութին հասցրի, կասեր, թող հիշեն»։ Էդ ժամանակ ես էլ մի անգամ տեսա Ակուլկային, դույլերով ջուր էր կրում, ու ձեն տվի. «Բարև ձեզ, Ակուլկա Անկուդիմովնա։ Ողջություն եմ ցանկանում, սիպտակ հագած ման ես գալիս, թուղթ գրի տեսնեմ՝ ո՞ւմ հետ կապրես»։ Ասածս էդ էր, ու հո չնայեց վրաս, աչքերը՝ խոշոր֊խոշոր, ինքն էլ նիհարած, տաշեղ դառած։ Էն ո՜նց նայեց վրաս, մերն էլ կարծեց թե աղջիկը ծիծաղում է ինձ հետ, գոռաց դարպասատակից․ «Էդ ի՞նչ ես սեպերդ բացել, անամոթի մեկը», և ուրեմս էդ օրն էլ ճիպտեցին։ Մեկ֊մեկ լրիվ ժամով կճիպտեին։ «Ճիպտելու եմ, կասեր, քանի որ հիմի էլ աղջիկ չէ ինձ»։
― Ասել է, թե անառակ էր։
― Դու լսի, լսի, հորոխպեր։ Ուրեմս, էդ ամբողջ ժամանակ ես ու Ֆիլկան կերուխումի մեջ էինք, մերըս կգար մոտս, ես էլ՝ պառկած։ «Սրիկայի մեկը, էդ ինչի՞ ես շնթռել։ Ավազակ ես դու, կասեր»։ Կփնովեր, ուրեմս։ «Պսակվի, կասեր, հրեն, Ակուլկայի հետ պսակվի։ Նրանք հիմի քեզ նմանին տալուն էլ ուրախ կըլնեն, երեք հարյուր ռուբլի հետը կտան»։ Ես էլ, թե՝ «Ախր, հիմի նա աշխարհքով մեկ խայտառակ է եղել, ասի»։— «Ախմախ ես, ասեց, պսակն ամեն բան ծածկում է, քեզ համար էլ ավելի լավ կըլնի, որ կյանքովը մեկ մեղավոր կըլնի քո առաջ։ Մենք էլ նրանց փողերով կդրստվենք։ Ասեց, ես արդեն Մարյա Ստեպանովնայի հետ խոսել եմ։ Շատ էլ լավ լսեց»։ Ես էլ՝ «Փողն, ասի, քսան հատ տասնոց՝ սեղանին, էդ ժամանակ կպսակվեմ»։ Ու կհավատաս, թե չէ, մինչև հարսանիքիս օրը գիշեր֊ցերեկ խմած էի։ Էդտեղ էլ, ուրեմս, Ֆիլկա Մորոզովը սկսեց հաթաթա տալ. «Ակուլկայի մարդն ես, ինչ ես, կողերդ լրիվ կհամրեմ, կնկանդ հետ էլ, ուզեցա, ամեն գիշեր կպառկեմ»։ Ես էլ՝ «սուտ ես ասում, շան ցկնած»։ Էստեղ դա փողոցով մեկ խայտառակ արեց ինձ։ Ետ գնացի տուն. «Չեմ ուզում պսակվեմ, ասի, թե որ հենց հիմի հիցուն հատ տասանոց չդնեք սեղանին»։
― Ախր, քհ՞զ ինչի էին տալիս։
― Էդ ի՞նձ։ Ինչի որ չէ։ Մենք հո անպատիվ չէինք։ Իմ ծնող հերը մենակ վերջում սնանկացավ հրդեհից, թե չէ իրենցից էլ հարուստ էինք ապրում։ Անկուդիմն էլ բռնեց ու ասաց. «Դուք տիփ-տկլոր եք, ասեց»։ Ես էլ պատասխան տվի. «Ձեր դռանն էլ քիչ ձյութ չեն քսել»։ Նա էլ, թե՝ «Ի՞նչ ես ձևեր թափում մեզ վրա։ Գնա, ապացուցի, որ անպատիվ է, թե չէ ամենքի բերանը խցկել չիլնի։ Էս դու, էս՝ դռան շեմը, մի պսակվի։ Մենակ թե առածդ փողը բեր, ետ տուր»։ Ես ու Ֆիլկան էլ որոշեցինք՝ Միտրիյ Բըյկովին ղրկեցինք նրան ասի, որ հիմի աշխարհքով մեկ խաղք ու խայտառակ եմ անելու, ու մինչև հարսանիքի օրը, ախպորս ասեմ, առանց դադար տալու, խմած էի։ Մենակ պսակին ուշքի եկա։ Ու հենց բերեցին մեզ պսակից, նստեցրին, Միտրոֆան Ստեպանիչը՝ քեռին, ուրեմս, ասեց. «Չնայած արդար չէր, բայց, ասեց, գործը պինդ բռնեցինք ու պրծանք»։ Հալիվորն էլ, Անկուդիմը, ուրեմս, նմանապես խմած էր ու լաց եղավ, նստել ու արցունքները մորուքի վրայով գլորգլոր թափվում էին։ Էդ ժամանակ էլ, ախպերս, ինչ անեմ, որ լավ ըլնի հետս մի լավ ճիպոտ էի վերցրել, մինչև պսակն էի պահել ու էդպես էլ որոշել, որ հիմի Ակուլկայից մուռս կհանեմ, որ իմանա, թե ինչ ասել է անազնիվ խաբելով մարդու գնալը, մեկ էլ՝ մարդիկ կիմանան, որ ախմախ֊ախմախ չեմ պսակվել...
― Էդ է որ կա։ Ուրեմս, որ հետո էլ զգա...
― Չէ, հորոխպեր, գու նստի ու լսի։ Մեր կողմերում հենց պսակից հետո տանում են մութ սենյակ, մնացած հարսանքավորն էդ ժամանակ խմում է։ Ուրեմս, ինձ ու Ակուլկային թողեցին էդ սենյակում։ Ակուլկան նստած էր էդպես սպիտակած, երեսին գույն չկար։ Վախեցել էր, ուրեմս։ Մազերն էլ էին լրիվ վուշի նման, սպիտակ-սպիտակ։ Աչքերը՝ մեծ-մեծ։ Ու միշտ սուս, ձենը չէր լսվում, կարծես տանն անլեզու մարդ էր ապրում։ Շատ էր մի տեսակ։ Ու ի՞նչ կարող ես մտածես, ախպերս, ախպերս ես որ ղամշիս պատրաստ դրել եմ տեղաշորի կողքը, բայց նա, ախպերս որ դու ես, ոչ մի բանով մեղավոր դուրս չեկավ իմ առաջ։
— Չէ՛ հա՜։
― Ոչ մի բանով։ Արդար էր ու ազնիվ, արդար տնից։ Ու թե ինչի էր էդ տեսակ չարչարանք տարել։ Ինչի՞ համար էր Ֆիլկա Մորոզովն աշխարհքով մեկ խայտառակ արել նրան։
― Հա՛։
― Էդտեդ ես հենց տեղաշորից ծնկի իջա նրա առաջ, ձեռներս ծալեցի. «Հոգիս, ասեցի, Ակուլինա Անկուդիմովնա, ներող եղի ինձ նման ախմախին, որ քեզ էդ տեսակ էի կարծել։ Ներող եղի, ասեցի, ինձ պես սրիկային»։ Ու նստել էր առաջս, տեղաշորին, նայում էր երեսիս, երկու ձեռքն ուսերիս դրած, ծիծաղում էր, բայց արցունքները թափվում էին, լաց էր լինում ու ծիծաղում... Էդտեղ դուրս եկա բոլորի առաջ. «Էհ, ասի, Ֆիլկա Մորոզովին թե հանդիպեցի, էլ կյանք չի ունենա աշխարհքիս երեսին»։ Հալիվորներն էլ չեն իմանում, ում աղոթք անեն, մերը համարյա թե ոտքերն ընկավ, վնգում էր։ Հալիվոր հերն էլ էդտեղ ասեց. «Թե իմանայինք ու հավատային, մեր քաղցր աղջիկ, էս տեսակ մարդ չէ, որ քեզ համար կճարեինք»։ Ու առաջին կիրակին երկուսով ոնց գնացինք եկեղեղի, ես՝ գառան մորթու գլխարկով, բարակ մահուդից կաֆատնով, շալվարս՝ պլիսե, Ակուլինան էլ նապաստակի նոր մուշտակով, մետաքսե գլխաշորով՝ ասել է թե ես իրեն վայել, ինքն էլ՝ ինձ, էդպես էլ գնացինք։ Մարդիկ մեզ էին նայում սիրով, ես որ ինձ գիտեմ, Ակուլկային էլ չնայած ուրիշների առաջ գովաբանել չիլնի, բայց փնովել էլ՝ չէ, էնպես որ տասից մեկն ինքն է որ կա։
― Ուրեմս, լավ է։
― Ուրեմս, լսի։ Հարսանիքի հենց մեկել օրը, չնայած խմած էի, հարսանքավորից փախա, վազում էի. «Էստեղ բերեք էդ անբանուդործ Ֆիլկա Մորոզովին, էստեղ բերեք սրիկային»։ Գոռում էի բազարով մեկ։ Ես էլ՝ խմած֊հարբած, Վլասովների խանութի մոտ ինձ բոնեցին ու երեք հոգով զոռով տուն բերին։ Քաղաքով մեկ խոսք ու զրույց էր գնում։ Կնանիք բազարում իրար մեջ խոսում էին. «Աղջկերք, խելոքներ, իմացա՞ք բանը։ Ախր, Ակուլկան պատվով֊նամուսով է եղել»։ Ֆիլկան էլ, մի քանի օր անց, մարդկանց մեջ ինձ ասեց. «Կնկանդ ծախի, խմելու կտաս։ Հրեն, մեր զինվոր Յաշկան դրա համար էլ պսակվեց. կնկա հետ չէր քնում, երեք կլոր տարի խմած ման եկավ»։ Նրան ասի, թե՝ «Սրիկա մարդ ես»։ Դա էլ՝ թե «Դու էլ ախմախ ես։ Ախր, ասեց, քեզ խմած֊խմած են պսակել, ասեց, ի՞նչ էիր հասկանալու էդ գործից»։ Տուն եկա ու գոռացի. «Դուք ինձ խմած֊խմած եք պսակել, ասի»։ Էստեղ մերը կպավ բկիցս։ «Մերիկ, ասի, ականջներդ ոսկուց ծանրացել են։ Էստեղ բերեք Ակուլկալին»։ Է, սկսեցի Ակուլկային գզել։ Գզեցի, գզեցի, ախպերս, երկու ժամի չափ գզում էի, մինչև, որ հազիվ ոտի վրա էի մնում։ Ինքն էլ երեք շաբաթ տեղաշորից չելավ։
― Էդպես է,— սառնարյուն նշեց Չերյավինը,— որ չծեծես, դրանց... բայց դու նրան սիրածի հետ բռնացրե՞լ ես։
— Չէ, բռնացնելը՝ չեմ բռնացրել,— լռելուց հետո և մի տեսակ ճիգով նշեց Շիշկովը։— Ու շատ ցավալի դառավ ինձ համար, մարդիկ լրիվ կատաղեցին, ու էդ ամենի սարքողը Ֆիլկան էր։ «Կնիկդ, ասեց, նմուշի համար է, որ մարդիկ նայեն»։ Տուն կանչեց մեզ, ու բերանը հո չբացեց. «Նրա կնիկն, ասեց, բարիբարի հոգի է, ազնիվ, խոնարհ, մարդամոտ, ամեն ինչով լավն է, ասեց, հիմի նրա համար։ Բայց տղեն մոռացե՞լ է, թե ինքը ո՞նց էր ձութ քսում նրա դարպասին»։ Ես էլ խմած֊հարբած նստած եմ, ու հո չբռնեց մազերիցս, էն ժամանակ ունեի, բռնեց ու կզացրեց։ «Պար արի, ասեց, Ակուլկայի մարդ, մազերիցդ բռնած պահելու եմ, դու էլ պար կգաս, ինձ կուրախացնես»։ «Սրիկայի մեկը»,— գոռացի։ Նա էլ, թե՝ «Խմբով գալու ենք, մոտդ, ու Ակուլկային կնկանդ, աչքիդ առաջ ճիպտելու եմ, ինչքան քեֆս տա»։ Ես էլ, կհավատաս, թե՝ ոչ, դրանից հետո մի լրիվ ամիս վախում էի տնից դուրս գալ, մտածում էի, կգա, անպատիվ կանի։ Հենց դրա համար էլ սկսի Ակուլկային ծեծել...
― Իսկ ինչի՞ ծեծել։ Ձեռները կապեցիր, լեզվին կապ չկա։ Շատ ծեծելն էլ մի բան չէ։ Պատժի, սովորացրու, սիրով եղի։ Դրա համար էլ կնիկ է։
Շիշկովը որոշ ժամանակ լուռ էր։
― Շատ էի նեղված,— շարունակեց նորից,— էլի անցա էդ սովորությանր, օր էր լինում, առավոտից իրիկուն ծեծում էի՝ լավ չվերկացավ, լավ չքայլեց։ Որ չէի ծեծում, տխրում էի։ Նստում էր մեկ-մեկ սուսուփուս, պատուհանից նայում դուրս, լաց լինում... Մեկ-մեկ էլ միշտ էր լացում, մեղքս գալիս էր, բայց ծեծում էի։ Մերըս դրա համար փնովում ու փնովում էր. «Սրիկայի մեկն ես, ասում էր, բռնավորի հոգի ունես»։ — «Կսպանեմ, գոռում էի, թող ոչ ոք սիրտ չանի ինձ բան ասի, ինձ խաբելով եք պսակել»։ Սկզբից հալիվոր Անկուդիմն էր պաշտպան կանգնում, ինքն էր գալիս. «Աստված գիտե, ասում էր, թե ինչ պտուղ ես դու, հախիցդ գալու ձևը կգտնեմ»։ Հետո ձեռ քաշեց։ Մարյա Ստեպանովնան էլ կարծես լրիվ հաշտվել էր։ Մի անգամ եկավ, լացախառն աղաչեց. «Մի խնդիրք-աղաչանքով եմ եկել, Իվան Սեմյոնիչ, եղածը մի բան չէ, խնդրանքս է մեծ։ Թող լույս աշխարք տեսնենք, պատվելիս,— գլուխ էր տալիս,— հաշտվի, ների ադջկաս։ Չար լեզուներն են բամբասել, ինքդ գիտես, կույս ես առել»։ Ոտերս ընկավ, լաց եղավ։ Ես էլ ձևեր եմ թափում. «Հիմի ձեզ լսել էլ չեմ ուզում։ Ինչ ուզենամ, անելու եմ լրիվիդ գլխին, քանի որ ինքս իմ տերը չեմ, Ֆիլկա Մորոզովն էլ, ասի, ինձ բարեկամ է ու առաջին ընկեր...»։
― Ուրեմս, նորի՞ց իրար ընկաք։
― Էն էլ ո՜նց։ Ու բռնելու տեղ էլ չկար։ Լրիվ իրեն տվել էր խմելու։ Ունեցած֊չունեցածը ծախսեց ու վարձվոր մտավ մի քաղքենու մոտ՝ մեծ տղի փոխարեն բանակ գնալու։ Մեր կողմերում էլ թե մեկը վարձվոր դառավ, մինչև տանելու օրը տան մեջ ամեն ինչ նրա առաջ փռած պիտի լինի, ամենքի գլխին տերուտիրական կդառնա։ Փողը լրիվ կստանա, մինչև գնալը նրանց տանը կապրի, կես տարով կապրի, ու ինչեր ասես չի սարքի տանտերերի գլխին, դիմանալու բան չէ։ Իբր, ես քո տղի փոխարեն զինվոր եմ գնում, ուրեմս ձեր բարեգործն եմ, էնպես որ լրիվդ ինձ պտի հարգեք, թե չէ ձեռ կքաշեմ։ Էդպես Ֆիլկան քաղքենու տունը տակնուվրա արեց, աղջկա հետ քնում էր, ամեն օր ճաշից հետո տանտիրոջ մորուքը քաշքաշում, քեֆն ինչ տար, անում էր։ Ամեն օր նրա համար բաղնիս պիտի վառեին, և որ գոլորշին արաղով լիներ, և որ կնանիք տանեին բաղնիս՝ ձեռների վրա։ Կերուխումից կգար, կկանգներ փողոցում. «Դարպասով չեմ ուզում, ցանկապատը քանդեք», էդպես էլ նրա համար դարպասի կողքի տախտակ կհանեին, որ մտներ։ Վերջը պրծավ, տարան զինվորության, ուշքի բերեցին։ Ժողովուրդ հո չէր թափվել փողոցը. Ֆիլկա Մորոզովին տանում են զինվոր տալու։ Գլուխ էր տալիս բոլոր կողմերի վրա։ Ակուլկան էլ էդ ժամանակ բանջարանոցից էր գալիս, Ֆիլկան նրան տեսավ թե չէ, հենց մեր դարպասի մոտ, գոռաց՝ «Կանգնի», դուրս թռավ սելից ու միանգամից գետնահաս գլուխ տվեց նրան. «Հոգիս, ասեց, քաղցրս, երկու տարի սիրել եմ քեզ, հիմի էլ նվագով֊բանով զինվոր են տանում։ Կներես ինձ, ասեց, ազնիվ հոր ազնիվ աղջիկ, քանի որ սրիկայություն եմ արել քո առաջ, լրիվ մեղավոր եմ»։ Ու մի անգամ էլ գլուխ տվեց։ Ակուլկան կանգնեց, սկզբից ոնց որ վախեցավ, հետո ինքն էլ գոտկահաս գլուխ տվեց ու ասեց. «Դու էլ ինձ ների քաջ տղա, քեզ վրա ոչ մի չարություն չունեմ»։ Ակուլկայի ետեից մտա խրճիթ. «Էդ ի՞նչ ասիր նրան, շան ցնկնած»։ Կհավատաս, թե չէ, նայեց վրաս ու. «Ախր ես նրան, ասեց, հիմի աշխարհքի չափ եմ սիրում»։
― Տես է՜...
― Էդ լրիվ օրը ոչ մի խոսք չասի նրան։ Մենակ իրիկնադեմին. «Ակուլկա, հիմի ես քեզ կսպանեմ, ասի»։ Գիշերը քուն չեկավ աչքիս, ելա հաշտը՝ կվաս խմելու, տեսնեմ՝ լուսը բացվում է։ Ներս գնացի. «Ակուլկա, ասի, հավաքվի, գնանք հողամաս»։ Ես դրանից առաջ էի պատրաստվել, մայրիկն էլ գիտեր, որ գնալու ենք։ «Լավ գործ եք բռնել, ասեց, բերքի ժամանակ է, աշխատողն էլ, լսել եմ, պառկած է փորին»։ Սելը լծեցի, սուս էի։ Մեր քաղաքից որ դուրս ես գալիս, միանգամից անտառն է բացվում տասնհինգ վերստի վրա, դրանից դեն էլ մեր հողամասն է։ Երեք վերստ անտառով գնացինք, ձիանիք կանգնացրիք։ «Վեր կաց, ասի, Ակուլկա, վերջդ եկավ»։ Ինձ նայեց, վախեցավ, կանգնեց դեմս՝ սուսուփուս։ «Զզվացրիր ինձ, ասեցի, աղոթքդ արա»։ Ու հո չբռնեցի մազերից, հյուսքերը՝ հաստ֊հաստ, փաթաթի ձեռքիս, ետևից երկու կողմից ծնկներով հուպ տվի, դանակս հանեցի, գլուխն, ուրեմս ետ տարա ու հո չքաշեցի բկի վրա... Ուժեղ գռռաց, արյունը չռռում էր, դանակը շպրտեցի, դեմից երկու ձեռքով բռնեցի, ընկա հողին, գրկեցի նրան ու գոռացի, հո չէի գոռում, ինքն էլ էր գոռում, պոկվում ձեռներիցս, արյունն էլ՝ լրիվ վրաս, արյունն, ուրեմս, ձեռներին ու երեսին չռռալով թափվում էր։ Թողեցի նրան, վախս ուժեղացավ, ձին էլ թողեցի ու փախա, հետևներով հասա մեր տուն ու մտա բաղնիս, բաղնիսն էլ հին, անգործածելի էր, ելա առաստաղի տակ ու նստեցի, մնացի։ Մինչև գիշեր նստած էի։
― Բա Ակուլկա՞ն։
― Նա էլ ոնց որ թե ինձնից հետո վեր էր կացել ու ճամփա ընկել տուն։ Էդպես, հետո նրան էնտեղից հարյուր քայլի վրա գտել էին։
― Ուրեմս, լավ չես կտրել։
― Հա...— Շիշկովը մի րոպեի չափ դադար տվեց։
― Մի երակ կա,— խոսեց Չերյավինը,— թե որ էդ երակն առաջին անգամից չկտրեցիր, ուրեմս, մարդս կթփրտա ու ինչքան էլ արյուն թափվեց, չի մեռնի։
― Ախր, մեռավ նա։ Իրիկնադեմին մեռած էին գտել։ Իմաց տվին, սկսին ինձ ման գալ ու գիշերվա դեմ գտան բաղնիսում... Էս է, չորրորդ տարին հաշվի, էստեղ եմ ապրում,— ավելացրեց նա, լռելուց հետո։
― Հըմ... Էդպես է, որ չծեծես, գործը գլուխ չի գա,— սառնարյուն, մեթոդաբար նշեց Չերյավինը, նորից հանելով իր կոտոշը։ Սկսեց քաշել քիթը՝ երկար ու դադարներով։— Բայց քեզ ասեմ, մեր տղա,― շարունակեց նա,― շատ ախմախ գործ ես բռնել։ Ես էլ մի անգամ կնկանս բռնացրի սիրեկանի հետ։ Ուրեմս, կանչեցի մարագ, սանձն երկու տակ արեցի. «Ո՞ւմ ես երդվում, ասի, ո՞ւմ ես երդում տալի»։ Ու հո չծեծեցի սանձով։ Խփեցի, խփեցի, ժամ ու կես խփում էի, ուրեմս, նա էլ թե՝ «Ոտներդ կլվամ, գոռում էր, ջուրը կխմեմ»։ Անունն Ավդոտյա էր։
=== V։ Ամռան օրեր ===
=== VI։ Տաժանավայրի կենդանիները ===