ԽԱՌՆԱՐԱՆ
Հեղ.` ՏԻԳՐԱՆ ՍՏԵՓԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ /ծնվ. 06.մայիս.1985թ./իրավաբան/փաստաբան Աջակիցներ. սրբագրման` Նառա Խոստեղյան խմբագրման և տպագրման` Անուշիկ Հարությունյան
Գրիգորյան Տիգրան Ստեփանի Գ 888 Խառնարան / Տ. Ս. Գրիգորյան. – Եր.: Ասողիկ, 2015. - , էջ: Գրքույկի մասին` Սեր առ իմաստնություն / ինչը նաև կենսակերպ է, գուցե միայն ու ինքնին հենց դա է և ուրիշ ոչինչ/: ՀՏԴ 1/14 ԳՄԴ 87 ISBN 978-9939-50-301-1 © Տ. Գրիգորյան, 2015
http://upub.am/books/kharnaran/
1 Մեր կողքին են, բայց չենք նկատում ՆՐԱՆՑ...
...ում ամեն ինչ ստիպում է, որ չարանան, բայց փոխարենն ավելի բարի են դառնում,- մեղավոր չեն, բայց առաջինն են ներողություն խնդրում,- արդար են, բայց արժանապատվորեն մեղադրանք են լսում,- կարիքի մեջ են, բայց օգնություն չեն աղերսում ու անգամ հաճույք են ստանում, երբ մերժվում են ստիպված արված խնդրանքում,- այլոց դարդերին սրտակից են լինում, սեփականն էլ` լուռ կրում,- հույս են տալիս` իրենք դրա կարիքում,- լուսավորում այլոց ճամփան` իրենք խավարի մեջ մնում ... Նրանց համեստությունը խեղճություն ենք համարում, անկեղծությունը` միամտություն,- արհամարհում ենք, իսկ հարկ եղած դեպքում` նրանցով ինքնահաստատվում, բայց նրանք չեն դժգոհում, անգամ դա են արդարացնում,- տառապանքին էլ հարգանքով են վերաբերվում, ու այն բացառիկ տեսակին են պատկանում, որ անգամ ճաղերի ետևում ԱԶԱՏ ԵՆ մնում,- ՍԻՐՈՒՄ ԵՆ և ՈՉ ՆՄԱՆԱԿՈՒՄ...
2 Մեղադրելն ու նեղանալը` որպես ինքնաներման միջոց, իսկ առանց դրա` ինքնախարազանում.
Ցանկացած բացասականի դեպքում ինքներս ենք մեղավոր. մի դեպքում սխալը հեղինակելու, մյուս դեպքում` մեր հանդեպ այդպիսին թույլ տալու /հիմարանալու/ , բայց սա հասկանալով հանդերձ հակված ենք ավելի շատ մեղադրել ուրիշներին և/կամ նեղանալ նրանցից, որովհետև /և փաստորեն/ դա օգնում է, որ նախ ինքներս մեզ կարողանանք ներել. արդարացնելով սեփական սխալը կամ մոլորեցումը: Հետևաբար, մեղադրանքի բնույթից և չափից նաև կարելի է հասկանալ, թե մարդիկ ինչում են փորձում իրենք իրենց ներել և ինչքան հեշտ կամ դժվար է այն ստացվում իրենց մոտ: Իսկ նրանք, ովքեր զերծ են ինքնաներման այս միջոցից և ընտրել են ճշմարտության հետ առերեսված գոյաձևը, անխնա են իրենք իրենց հանդեպ՝ մշտական և շարունակական ինքնախարազանման մեջ են:
3 Նկատի ունեցիր, երբ ցանկանում ես թեթևացնել սիրտդ.
Չի լսում քեզ, եթե խոսքդ ընդհատում է հարցով, չի էլ փորձում հասկանալ, եթե բացատրություն է պահանջում, ունակ չէ երբևէ զգալու քեզ, եթե հետևում է դատապարտում: Այլ կերպ ասած, մոռացիր նման ցանկության մասին:
4 «Կղանքն» այնչափ վտանգավոր չէ (գուցե նաև պիտանի է որոշ նպատակների համար), որքան դրանց վրա հավաքվող, համաճարակ հարուցող և տարածող, «ճանճերը», որոնք այնքան շատ են, որ դրանց դեմ անմիջական պայքարն անիմաստ է. միակ միջոցը շարունակում է մնալ «նորմալ կոյուղային համակարգը և բացառապես պետքարաններում կարիքը հոգալու մշակույթը»: Իսկ քանի դեռ այդպես չէ, ստիպված ենք գոյատևել համատարած «գարշահոտության» մեջ` «օծանելիքով» մեղմելով նողկանքը:
5 Երբ որևէ մեկը քեզ չի մատնում, դա դեռ չի նշանակում, որ արժանի ես հավատարմության, քանզի հուսալիությունը նախ անհատի ներքին որակ է, նոր միայն` հարաբերության մակարդակ: 6 «Ոչ ոք ինձ չի հասկանում» կամ «ուզում եմ հասկացված լինել» պրոբլեմի մասին.
Ամեն ոք հասկանում է այն, ինչին ունակ է և այնքան, ինչքան կարող է (բնականաբար նաև ինչ և ինչքան ուզում է կամ պետք է), և ճշգրիտ հասկանալ հնարավոր է բացառապես «նմանակ գիտակցությունների» դեպքում /չլինելու բան/, հետևաբար չկա և չի կարող լինել՝ «ոչ ոք ինձ չի հասկանում» կամ «ուզում եմ հասկացված լինել» պրոբլեմ. դրանում քողարկված է իր նման ընկալելու և մտածելու (նմանակներին տեսնելու) ցանկությունը /ինքնահավանության դրսևորում/, իսկ ոմանք ընդհանրապես տենչում, անգամ պարտադրում են, որ բոլորը հասկանան իրենց նման /մոլեգին եսասիրություն/: Այդ իսկ պատճառով հաճոյանալու, շողոքորթելու, քծնելու, ... լավագույն ձևերից են համակարծիք ձևանալը, նմանակելը, անվերապահորեն համաձայնելը ...
7 Ներողությունը, որն ասվում է լոկ պատժից խուսափելու համար, հիմնավորում է պատժելու անհրաժեշտությունը:
8 ԵՐԱՆԻ. Նրան երանի, ով իր տունն ունի, էլ ավելի` ով նաև հույսին չի ոտնամանի, հազար երանի, ով ամենի հետ մեկտեղ, տարին գոնե մեկ, մարդավայել հանգիստ ունի, … Նրան ո՛չ երանի, ով ամբողջն այդ ունի, բայց դեռ ուրիշին ասում է երանի: Հուսամ` շատ «դժբախտներ» ուրախացան` բավարարում զգացին գիտակցումից ունեցածի … Մենք էլ հուսանք, որ երբևէ մեզ էլ կասեն ԵՐԱՆԻ, ԷԼ ԱՎԵԼԻ, ՀԱԶԱՐ ԵՐԱՆԻ …
9 Երբ միայնակ հայտնվում են մթության մեջ և գոռում` այդ ո՞վ է.
Ոմանք մթության մեջ կորցնում են անգամ իրենք իրենց, երբ սեփական արտաքին որոշիչները չեն երևում ու բարձրաձայնելուց սարսափում են իրենց իսկ ձայնից, որովհետև այնքան երկար չեն լսել այն, որ թվում է, թե օտար մեկը կա մոտակայքում, իսկ ինքնաշոշափումը համարում են այդ օտարի կողմից իրենց բռնաբարելու փորձ /օգնեցե՜ք/:
10 Ամեն գնով խուսափել միայնակությունից, նշանակում է ամեն գնով մնալ ստի մեջ.
Միամտաբար փրկություն, պաշտպանվածություն և ողորմածություն ես փնտրում ընկերության, բարեկամության, ընտանիքի, կուսակցության կամ կրոնի մե՞ջ. - հաշվի նստիր և ընդունիր սեփական ինքնության միայնակությունը, հասկացիր և զգա՛ դրա ինքնին կատարելությունը /այլ կերպ ներդաշնակության չես հասնի/:
11 Մարդկային բացարձակ անհատականություն տեսնում եմ առավելապես երեխայի մեջ, տեսնում եմ նաև ծնողի, հասարակության և պետության բռնությունն ուղղված այդ անհատականությանը` դաստիարակությամբ, կրթությամբ, կրոնով, քարոզով և տնտեսական ճնշմամբ: Եվ ցավոք, շատ քիչ եմ տեսնում կամք` ազատվելու տարիներով շարունակաբար կառուցվող այդ «գաղութից»:
12 Երբեմն, թվացյալ ինքնավստահությունը քողարկված չարախնդրությունն է` որպես արհամարհվածի:
13 Տղամարդիկ դեռ չեն հաղթահարել վախը` իրենց կողքին ազատ կին տեսնելու.
Մեր և համանման հասարակություններում կնոջ ազատությունը բաժանվում է երկու շրջանի` նախակուսական և հետկուսական, բայց երկու դեպքում էլ այն մնում է անազատություն: Առավել հաճախ ազատ կին հանդիպում է ամուսնալուծվածների, կամ այլ կերպ տղամարդուց «խերված»-ների մեջ /պարտադրված ազատություն/: Ցավալի իրականություն, առավելևս, երբ այն շոշափում է նաև հակառակ սեռի որպիսությունը:
14 Երբ ամեն ինչ թվում է այնքան վատ, որ մտքերդ ծանրանում են, նյարդերդ` տեղի տալիս, ու պատահաբար հայտնաբերած ծխախոտի մեկ գլանակը պարգևում է այնպիսի բավականության զգացում, որը չէիր ստացել նույնիսկ ամենաթանկ գնումից, իսկ հետո «խենթանում ես», երբ հիշում ես, որ դեռ մի ամբողջ տուփ ծխախոտ էլ ունես պահարանում, ու այդ պահին զգացողությունդ քսանապատկվում է:
15 Չի վաճառվում միայն տառապանքը` միակ բացարձակ և չօտարվող սեփականությունը, որից, սակայն, ամենաշատն ենք շտապում ազատվել ..., իսկ գուցե նա էլ գնահատման արժանի է, և գուցե ամենաբարձր գնահատանքի:
16 Լռության պակաս.
Ընկերությա՞ն – ո՛չ, բարեկամությա՞ն – ո՛չ, սիրո՞ - ո՛չ, հույսի՞, հավատի՞, փառքի՞… ո՛չ, ո՛չ, ո՛չ… երկխոսության, որ ստացվում է բացարձակ լռությամբ` լռության պակաս:
17 Ամեն բան և ամեն ոք գեղեցիկ է, երբ դիտում ես ճիշտ հեռավորությունից:
18 Կարևոր է սովորել լսել «ՈՉ»-ը.
Նա, ով, ի պատասխան իր ցանկությունների գոհացման, սովոր է լսել միայն «ԱՅՈ»-ն, աստիճանաբար վերածվում է մարդու, ով, ի պատասխան «արժանի՞ է հարգանքի» հարցի, առավելապես ստանում է «ՈՉ»-ը:
19 Ուզում եմ բոլոր գրադարաններն ու գրապահարանները վերանան.
Ձեռք բերած գիրքը կարդացեք ու նվիրեք միմյանց, կարդացեք ու նվիրեք և թող, որ այդ շղթան չկտրվի որևէ մեկի դարակում կամ որևէ գրադարանում գրքի հայտնվելով: Մի սպանեք գիրքը ու դրանով մի զրկեք ուրիշներին այն ապրեցնելու հնարավորությունից: Հպարտանում ես քո գրադարանո՞վ, իսկ ես քեզ կոչում եմ վայրագ բռնակալ ու կապ չունի, թե որքան հոգատար ես դու գրքի հանդեպ. կալանավայրի գեղեցիկը ո՞րն է:
20 Երբ հեռու եք եղել այնքան ժամանակ, որ այլևս անհնար է դառնում իրար պատմել տարիներով եղածը և զգում եք միայն գրկախառնվելու տենչանքը, նշանակում է` կարոտը հասել է այն բարձրակետին, որից սկսվում է, իրար համար ավելորդ դառնալու, հետընթաց հաշվարկը: 21 Ոչ, իմաստուն չեմ, երբ իմ հետ շփվելով քեզ լավ ես զգում. պարզապես ես խավար եմ այնչափ, որում անգամ լուցկու կրակը զգում ու հիանում է իր վեհությամբ: 22 Անառակ հրեշտակի մասին.
Հաճախ քարկոծում, պարսավանքի են ենթարկում նրան, ում մեջ տեսնում են սեփական մեղքերը` դրանով փորձելով ինքնարդարացվել, ինքնամաքրվել: Այստեղ գործում է ինքնաբացահայտման ուղիղ, իսկ ճանաչման` հակադարձ համեմատականի կանոնը. որքան շատ ես քարկոծում, այնքան շատ են մեղքերդ, ձևանում ես առաքինի` երևում ես արատավոր: Այլ կերպ ասած, վատաբանող հրեշտակը դա մի այլ տեսակի անառակ է:
23 Ինչու՞ Է ամենահեշտն անհնար.
Ինչու՞ հնարավոր չէ լինել բառացի անկեղծ, խոսքի մեջ ազատ, պարզ ու հստակ: Ինչու՞ է հիմնական պատճառն ու պատասխանը միշտ գտնվում մի շարք պատճառների ու պատասխանների վերջում ... Վերջապես, ինչու՞ է նմանակերպ ապրողն արժանանում կասկածի, մեղադրանքի և չհասկացվածության. դատապարտվելով մենակության: Ես չգիտեմ ինչու, բայց, գրողը տանի, այդպես ապրելն էլ մի ուրիշ «կայֆ է»: 24 Երեկոն բուժում է իմ հոգին օրվա ստացած վերքերից, իսկ գիշերը` վիրահատությունից հետո հանգիստ:
25 Համեստ, խեղճ, անհամեստ և լկտի լինելու մասին.
-Համեստ է նա, ով ապրում է չիմացության անսահմանության, բայց և իմացության հնարավորության գիտակցումով: -Խեղճ է նա, ով ապրում է գիտակցումով, որ իմացությունն իր համար անհնար է: -Անհամեստ է նա, ով ապրում է գիտակցումով, թե իբր գիտի անհրաժեշտ իմացյալը: -Լկտի է նա, ում համար չիմացությունը միակ իմացյալն է:
26 Նույնը` նաև առանց չակերտների.
Եթե հասարակության մեջ իշխեր Կինը, ապա «մարմնավաճառության» մեջ կգերիշխեր Տղամարդը (համենայն դեպս, անվանարկման հասցեատեր առավելապես հենց նա կդառնար):
27 Ինքդ քեզ աստվածացնելուց հիշի, որ ինքնին նաև հումուս ես.
Պետք ես, քանի դեռ տալիս ես: Սա բնության կանոնն է, որը չի կարող փոխել ոչ մի քաղաքակրթություն, ու դեռ հարց է` առհասարակ բնության ո՞ր կանոնն է փոխվել քաղաքակրթությամբ: «Մարդակերությունը» երբեք չի վերանա, կփոխվեն միայն միջոցները, որոնք կամրագրվեն իրավական, բարոյական, սովորութային, անգամ կրոնական նորմերում ... ու մենք դա կհամարենք զարգացում, բարեփոխում, անվերապահորեն կկիրառենք, նաև կպաշտենք: Խնայիր քեզ, քո փոխարեն դա չի անի ոչ ոք, բացարձակ ոչ ոք, չնայած միևնույն է, վերջում հումուս ես` գուցե միշտ էլ այդ ես` շնչավոր, թե անշունչ:
28 Հոգեվիճակ, երբ անտարբեր ես ամեն լավ ու վատի, ժպտում ես ի պատասխան ապտակի և շոյանքի, լռում` ի պատասխան մեղադրանքի և գովքի, պարզապես կանգնում ես, երբ քեզանից ակնկալում են փախուստ կամ հարձակում, ու միայն մեկը գիտի, որ դու անզգայացած չես` ճիշտ հակառակի կատարելության մեջ ես, և այդ մեկը նա է, ով նայում է քեզ հայելու միջից: Երբեմն գինի և տրանս ... 29 Բամբասել, այլ կերպ ասած՝ թքել քամուն հակառակ:
30 Ցերեկը քուն մտած մարդուն մի շտապեք անբան կոչել.
Երբեմն օրն ավարտվում է արևածագով, լուսաբացը բռնանում է այն անքնությամբ հավերժացնելու կամքին և ոչինչ չի մնում, քան այդ օրվա շարունակությունը երազում ապրելու հույսով քուն մտնել ցերեկը:
31 Կյանքն էլ սեռ ունի.
Կյանքը կին է. այն գուցե հասկացվում է, բայց չի սահմանվում, ճանաչման էլ չի ենթարկվում, նրա հանդեպ սերը զգայաբար ընկալվում է, բայց չի բացատրվում: Նա ինքնին հրաշք է, երջանկություն ու միաժամանակ տառապանք է, որքան էլ դաժան է, միևնույն է ցանկալի է, կիրք է ու միշտ գեղեցիկ է ... Կյանքը կորցնելուց սարսափում ենք, բայց, ունենալով, պատշաճ չենք գնահատում, ու ոչ նրա համար, որ չենք ուզում, ուղղակի կյանքը Կին է ...
32 Հետևորդ, առաջնորդ, թե՞...
Գլխիկոր հետևորդները պարբերաբար առիթ են ունենում առջևից գնացողի հետույքին բախվել, քանի դեռ այլևս ետ քաշվելն էլ դառնում է անհնար և դեռ լավ է, որ այդքանով սահմանափակվում է՝ իսկ եթե առաջնորդը հանկարծ կտրուկ շրջվի՞: Զավեշտալին այն է, որ հետևորդի այլ տեսակ չի էլ լինում: Թող չշտապեն հրճվել առաջնորդները. նրանք էլ ապրում են միշտ հետույքում օտար մարմին կրելով ու հաշվի առնելով այն, որ հետևորդները մշտապես բազմություն են, զրոյական է դառնում հնարավորությունը` գոնե ժամանակ առ ժամանակ շրջվել կարողանալու՝ ցավը մեղմելու: Եթե քո թիկունքում և առջևում բացարձակ դատարկություն է, չկա անգամ մեկ հետևորդ, իսկ առջևում բազում անակնկալներ, ապա ողջունում եմ քեզ. դու ունես հնարավորություն ապրել մաքուր երեսով և արժանապատիվ` լինել բացառիկ տեսակով երրորդը:
33 Թե իմ հետ ունեցած ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ քեզ վատ ես զգում, վիրավորված, հիասթափված, անգամ նվաստացած, ապա մի շտապիր մեղադրել ինձ. չէ՞ որ հայելին պատասխանատու չէ նրա համար, ինչ արտացոլում է: 34 Հորս տված խրատներից՝ իմաստուն սկզբունք ինձ համար.
«Ինչ ուզում ես արա՝ քեզ բացարձակ ազատություն, բայց իմ դուռը չթակեն ո՛չ շտապ օգնությունից և ոչ էլ ոստիկանությունից»: Մեծագույն ժառանգություն:
35 Զրույց ծխախոտի հետ, այլ կերպ` մահաբեր երկխոսություն.
Քեզ էլ սարքել են անազատ` ցանել, քաղել, մշակել ու փաթեթավորել են կամքիդ հակառակ: Դու էլ անհամբեր սպասում ես քո պահին` ընտրության ձեռքին, փոքր կրակին ու անհրաժեշտ շուրթերին, որ լինես ազատ: Տամ քեզ ցանկալին` դիմաց զրույցի` լուռ, առանց հարցի, առանց գովքի ու պարսավանքի, թող, որ առանց արդարացման, բայց և առանց մեղադրանքի: Արի մխանք բոլորի համար անդուր հոտով ազատության, հերն էլ անիծած, որ սպառնում ես դու իմ կյանքին քո գոյությամբ:
36 «Զվարճալի է», երբ մարդիկ քեզանում հավանում են այն, ինչը հետևանքն է նրանց կողմից արհամարհվող պատճառի:
37 Մարդկային չարություն.
Քանի դեռ երջանիկ ես ու հաջողակ, այդժամ գտնում ես ավելի շատ մարդկանց լի ցանկությամբ հաղորդակցվելու քո դժբախտության հետ և անգամ պատրաստակամ «անկեղծ» աջակցելու խնդիրներիդ լուծմանը:
38 Կուրացնելը` որպես քննության վերջնափուլ.
Դատավորի և հոգևորականի համազգեստի նմանությունը խորիմաստ է` ոչ պատահական, բայց և նույն չափ պղծված: Ու այդպես լինելու է միշտ, քանի դեռ նրանց ընտրության կամ նշանակման համար չի ավելացել ԱՉՔԵՐԸ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ պահանջը:
39 Երանելի է հանդիպել այն անկեղծի բացարձակը, երբ լսում ես ան չասվածը, որը սեր է քեզ ուղղված, է՛լ ավելի երանելի՝ վստահության բացարձակը, երբ լսում են քո սերը չասված, բայց և որքան երանելի, այնքան էլ եզակի է՝ առավել ևս է՛լ ավելին:
40 Երբ իշխում է նպատակահարմարությունը.
Օրենքն ու բարոյական նորմը վիճեցին, թե ով պետք է իշխի, ու քանի որ վեճը երկար լուծում չգտավ, համաձայնեցին ընտրության իրավունքը թողնել հասարակությանը: Հասարակությունն էլ հաշվի առնելով նախկինում լավ հարաբերությունները բարոյականի և սպասվելիք անխուսափելի շփումը օրենքի հետ, որոշեց չնեղացնել որևէ մեկին և ընտրեց ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ: Ահա, թե ինչու են մարդիկ բաժանվում «բարոյական հանցագործների» և «անբարո-օրինապաշտների»:
Հնարավոր է նաև երկուսը մեկում՝ երկատված անձիք:
41 Մշտապես մեր կողքին գտնվող մարդկանց արժեքը հասկանալու համար պակասում է զգացողությունը, որ կառաջանար նրանց բացակայությամբ:
42 Որքան շատանում են բամբասասերները, այնքան փոքրանում է միջավայրը, ու կապ չունի, թե ինչքան մեծ և/կամ բազմամարդ է բնակավայրը:
43 Հարաբերությունների և դրանք վերնագրելու ձգտման մասին. Հարաբերության անունը տալիս է որոշակիություն` կայունության զգացողություն, բայց ոչ երբեք երաշխիք դրա հավերժության, ու նման խոստումը մի օր անպայման վերածվում է դատապարտելու գործիքի: Որոշակիությունն ինքնին սահմանների որոշում է, որում երբեք չի կարող տեղավորվել անորոշության յուրօրինակ այն ԿԻՐՔԸ, որով ի սկզբանե ձգտում ենք ճանաչել, և որի գոյության միջավայրը անսահմանությունն է: Ու կապ չունի, թե ինչպես կկառուցենք սահմանները և որքան ընդարձակ ու ճկուն կլինեն նրանք, այդ ԿԻՐՔԸ դատապարտված է մարել հենց հարաբերության վերնագրման պահից: Ինչու՞, որովհետև ազատությունը, ԿՐՔԻՆ զուգահեռ, և գուցե անգամ նրան սերտաճած, ծնում է ՎԱԽ, որին առաջնահերթ է արձագանքում մեր բնազդը. արդյունքում շտապում ենք որոշակիության` կայունության զգացողության` հարաբերության վերնագրման` ապահով անազատության: Սա էլ կանոն է, որ հնարավոր չէ բեկանել` ցանկացած հարաբերություն վաղ թե ուշ ստանում է անուն: Ահա թե ինչու է բացարձակ ազատությունը ենթադրում մենակություն, իսկ նրան հասած իմաստունին ԱՍՏՎԱԾԱՑՆՈՒՄ կամ համարում ենք ԱՆԱՍՈՒՆ` նրանց մոտ ԿԻՐՔԸ (ԿԱՄՔԸ) իշխում է ՎԱԽԻՆ: 44 Գայլերի երկխոսությունից /հայր և որդի/.
Որդի - Հայրիկ, ինչու՞ են մարդիկ ատում մեզ: Հայր - Որովհետև մենք միակն ենք բնության մեջ, որ նրանց հիշեցնում ենք իրենց անազատության մասին: Որդի - Թող պարզապես հեռու մնան, ինչու՞ են մեզ սպանում` մեղադրելով գողության մեջ: Հայր – Մենք ամենացավոտ ձևով ենք նրանց հիշեցնում բնության հանդեպ իրենց հանցագործությունների մասին: Ահա այն երկու պատճառները, որոնց համար նրանք մեզ չեն ներում:
45 Վախկոտությունն ուղիղ համեմատական է եսասիրությանը և հակադարձ համեմատական` ինքնասիրությանը: Հավելում. Վախկոտությունը նույնական չէ վախի զգացողության հետ` վերջինիս հետ ներդաշնակության հասնելով կարող ենք ձեռք բերել հոգատար ընկերոջ:
46 Խնդրելը գեղեցիկ է միայն որպես էթիկայի տարր, այլ կերպ այն «թշնամի է» քո ազատությանը: 47 Երբ խնդրանքդ մերժվում է, մի տխրի ու նվաստացած քեզ մի զգա, անգամ ուրախացիր` գուցե այդ կերպ խուսափեցիր անազատության թակարդում հայտնվելուց:
48 Կանանց.
Արթնանալուց հետո «լվացեք» բերանը հակաժարգոն «մածուկով», ապա «լոգանք ընդունեք» կիրք «շամպունով», «հագեք» ինքնավստահություն «ներքնազգեստը»` խիղճ «կրծքկալով», ապա` համեստություն «զգեստը» և ճախրանք «կոշիկները», «օծվեք» անուշահոտ ամաչկոտությամբ, բայց չափի մեջ խիստ նրբանկատ, շուրթերը «ներկեք» գրական խոսք «շրթներկով», աչքերը` խոհեմությամբ, իսկ մնացածն` ըստ ճաշակի, ու անպայման կհանդիպեք նրան, ով «կկերակրի» Ձեզ ՍԵՐ «նախաճաշով», «ճաշով» և «ընթրիքով», իսկ գիշերային շարունակությունն էլի` ըստ ճաշակի, բայց միշտ խենթացնող: Նույնը նաև տղամարդկանց, բայց, իհարկե, զուգահեռների այլ անվանումներով:
49 Քեզանից դուրս քեզ չես գտնի, կամ մարդն ինքնին կատարյալ է.
Ոչ ոք կատարյալ չէ. համընդունված մոլորություն, մեծագույն սուտ, որն ունի բացառապես սոցիալական ծագում և նպատակային մեթոդ` անհատականությունները ոչնչացնելով կառավարելի ամբոխներ ու զանգվածներ ստեղծել: Քո լինելու համար անհրաժեշտ է այն ամենն, ինչից որ կազմված ես՝ կաս կոնկրետ պահի ու տարածության մեջ` հենց նման համադրությամբ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԵՍ: Հաջորդ ակնթարթին այլ ես, մյուսին` ուրիշ, … փոփոխական ես, բայց միշտ ԿԱՏԱՐՅԱԼ ԵՍ: Բոլորը համատարած զոմբիացվում ու հեռացվում են սեփական ԵՍ-ի ինքնին կատարյալ լինելու բնածին զգացողությունից, որ ավելի սուր արտահայտված է երեխաների մոտ ու, որի դեմ անգիտակից գործում ենք դաստիարակությամբ, քարոզով, տնտեսական ու քաղաքական ճնշմամբ, …: Սա համաշխարհային «աղանդի» գործիք է ու, որքան էլ տարօրինակ թվա, առաջին «ներարկումը» անում են ծնողները: Եվ, փաստորեն, մոլորվում ենք մոլորությունից դուրս գալու ճամփին, դառնում անկատար` կատարելության ձգտելով: Մարդն ինքնին կատարյալ է. անկատար է գիտակցությունը, որ շեղում է այդ զգացողությունից: 50 Պարզապես ԿԻՆ Է.
Նյութապես ապահովված և սիրեկան ունեցող մի կին սիրահարվում է աղքատ ու իմաստուն երիտասարդի ու վստահեցնում նրան, որ հոգևորը առաջնային է` երաշխավորում երդումով, բայց երբ բանը հասնում է ընտրությանը, ընտրում է ապահովը: Հիմա կմտածեք նա եռակի անառակ է. նախ սիրեկան ունի, երկրորդ` սիրահարվում է նորից, երրորդ` ընտրում է նյութականը, բայց՝ ոչ, նա անառակ չէ. նա պարզապես ԿԻՆ Է /նրա համար ապահովը առաջին կենսական անհրաժեշտն է/:
51 Ընտրությունս ՄԱՐԴ մնալն է.
Թե ներշնչվեի միայն գովքով, ապա նվազագույնը պետք է հավակնեի մրցել աստվածների հետ` նրանց նման արհամարհելով բոլորին և ամենքին, իսկ թե՝ միայն պարսավանքով, ապա վաղուց պետք է արժանապատվորեն բոլորին և ամենքին ազատած լինեի «նեռի» նման գոյությունիցս: Երկու դեպքում էլ ընդհանուր է ԱՆգոյությունը: Անհասցե ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բոլորին և ամենքին` ՄԱՐԴ գոյությանս համար:
52 «Ամեն ոք անհատականություն է» միտքը` որպես մարդկանց նույնացման միջոց.
Ամեն ոք անհատականություն է. համընդունված «ճշմարտություն», որի ստուգաբանությամբ չի զբաղվում գրեթե ոչ ոք, քանզի բնական է, որ ոչ ոք չի կամենա իրեն զրկել այդպիսին լինելու մտքից ու նույնացվել բոլորի հետ. և հենց սա է այս սուտը չբացահայտելու երաշխիքը: Իսկ իրականությունն այլ է. մարդիկ շատ ավելի նման են իրար, քան կարելի է պատկերացնել: Համոզվելու համար բավական է ինքդ քեզ իմանաս տարբեր իրավիճակներում ու այդ կերպ գրեթե անսխալ կամ չնչին շեղումով իմանում ես այլոց վարքագիծն ու անգամ միտքը` համանման իրադրություններում, իսկ շեղումը փորձի պակասից է կախված: Սա ապացուցված է «անհատականություններից» տարաբնույթ «մարդակույտեր» ստեղծելու փաստով, որը հրաշալի կիրառվում է «տեխնոլոգների» կողմից, այլ կերպ ասած` այն «առանձնահատուկների», ովքեր ճանաչում, համակարգում և օգտագործում են մարդկանց նույնությունը:
53 Արդարությունը երբեմն չի արտահայտվում, երբ բախվում են ճշմարտությունն ու բարոյականությունը: 54 Բանականության նկատմամբ վերաբերմունքի մասին.
Մարդկանց մեծամասնությունը վերաբերվում է սեփական բանականությանը այնպես, ինչպես հայերս Արևմտյան և Արևելյան Հայաստաններին. մի դեպքում հանձնում են ուրիշին (պարտադրված, թե սեփական ցանկությամբ. սա չէ հարցը), ապա ճանաչելու համար գնում որպես զբոսաշրջիկ` լրացուցիչ հարստացնելով այդ ուրիշին, մյուս դեպքում` պահպանում են, բայց սպառում եղած ռեսուրսները` զարգացնելու փոխարեն:
55 Երբեմն երջանկության համար ինչ որ բան պակասում է, երբեմն էլ՝ ավելորդ է, իսկ ավելի հաճախ՝ ընդամենն անհրաժեշտ է եղածը ճիշտ դասավորել:
56 Երեխայի ծնունդը` որպես կրթության սկիզբ.
Ծնող դառնում են երեխայի ծնվելու պահից և սովորում լինել մայր կամ հայր` երեխայի մեծանալուն զուգահեռ` նրա հետ և նրանով:
57 Փողկապի սահմանումը կամ դրա իրական խորհուրդը.
Այն դողիկը (ошейник), որը նախատեսված է սրտի ձայնը /անկեղծությունը, սեփական կարծիքը, խոսքի ազատությունը, …/ լռեցնելու և ուրիշի /համակարգի, խմբի, անձի, նորմերի, ...) թելադրանքով առաջնորդվելն ապահովելուն, կոչվում է փողկապ: Իսկ թե ամեն դեպքում սրտի ձայնը լսելի է դառնում մեկ այլ` խոսքի համար չնախատեսված տեղից, ապա այս դեպքում այն միաժամանակ հարմար է որպես ըմբոստին խեղդելու միջոց:
58 Էությամբ Ուսուցիչ.
Նա չի դադարում սովորեցնել «թռչել»` իմանալով օրինաչափությունը, որ առաջինը հենց իրեն են լքելու, քանզի գիտակցում է ճշմարտությունը, որ «բանտարկված» չկա տարբերություն` «թռչուն ես» , թե` «սողուն», «բանտապահը» հարգում է, թե` անարգում, ու աշակերտի «ճախրանքին» հետևելն է իր ուրախությունը, երջանկությունը` նրա երախտագիտությունը:
59 Կանանց վերաբերվում ենք այնպես, ինչպես ծաղիկներին.
Մենք, ինչպես և կանայք իրենք իրենց և միմյանց, ընկալում ենք որպես մայր, քույր, ամուսին, դուստր, անգամ սիրուհի ..., բայց անտեսելով բոլորի համար ընդհանուրն ու հիմնարարը` ԿԻՆ ասվածը: Երևույթը նման է նրան, երբ ծաղիկը պոկում և վերցնում ենք` անջատելով արմատից, որն արդեն ինչ պայմաններում էլ պահես միևնույն է դատապարտված է վաղաժամ թոշնելուն: Ահա թե ինչու են շատ, ՈՐՊԵՍ ԿԻՆ ՈՉ ԵՐՋԱՆԻԿ, սուրբ մայրերը, քնքուշ քույրերը, հրաշալի ամուսինները, հրաշք դուստրերը, անգամ կայֆ սիրուհիները, ...: Մեր այս անգիտությունից էլ շրջանառության մեջ են մտել արհեստական ծաղիկները ...
60 Իսկ դու կարծում էիր խի՞ղճն է ծանրանում.
Ի՞նչ է զգում այն «ուղիղ աղիքավորը», երբ իր ոսկեզոծ զուգարանակոնքին տնքալուց հանկարծ ականջն է ընկնում հրանոթներից հերթական կրակի մասին լուրը` ոչինչ. ընդհամենը մեծանում է տնքոցը, կրկնապատկվում` «արարումը»:
61 Նեղանալուց կամ մեղադրելուց առաջ նկատի ունեցիր.
- Հայելին նախատեսված է ոչ թե սեփական գեղեցկությամբ հիանալու, այլ թերությունները տեսնելու և շտկելու համար: - Եթե կարծում ես հայելին է անորակ, ապա դա էլ վկայում է ընտրության հարցում քո անգիտության մասին: Թե վերոգրյալ երկու նկատառումներից հետո դեռ մնում է հայելին կոտրելու ցանկությունը, ապա արա դա` առանց հապաղելու:
62 Պատահականություն չկա՝ կա անհրաժեշտության անգիտություն.
Պատահականություն ենք համարում, երբ չենք գիտակցում անհրաժեշտությունը, անհրաժեշտություն՝ երբ գիտակցում ենք օրինաչափությունը, իսկ գիտակցումից անդին բացառված է պատահականության գոյությունը՝ բացարձակ է անխուսափելիությունը, որին ենթակա է նաև գիտակցությունը:
63 Փառք Ձեզ «խենթեր».
Անկախ նրանից, թե ինչից սկսվեց, ինչպես ընթացավ և ինչու դեռ չի ավարտվում արցախյան պատերազմը, եղել ու միշտ լինելու են «խենթեր», ովքեր ԿՌՎԵԼՈՒ ԵՆ: Եվ ինչ ուզում եք ասեք, սա զուտ և միայն հայրենասիրություն չէ. նրանցից յուրաքանչյուրի մեջ կա մահվան աչքերին նայելու սուբյեկտիվ, շատերիս համար ոչ հասու, շարժող ուժ: Ու մենք շատ «փոքր ենք» բացառապես նրանց բնորոշ այդ փիլիսոփայությունը հասկանալու, ինչն, ըստ իս, հնարավոր է միայն զգայական ընկալմամբ:
64 Սիրո իդեալական դրսևորման երկու ձև.
Տալիս ես նաև լրացնելով այն ամենը, ինչից զրկվում է քոնը լինելու համար, ԿԱՄ Տալիս ես ու ոչնչից չես զրկում` պարտադիր չես համարում, որ լինի քոնը: Երկրորդը միակողմանի սիրելու իդեալականության գաղափարից տարբերվում է նրանով, որ կարող է դրսևորվել նաև փոխադարձության դեպքում:
65 Երբ երեխաներդ տեսնում են, որ ծնող դառնալով չես մոռացել զավակ լինելդ. ահա լավագույն և երաշխավորված «կուտակային /կենսաթոշակային/ համակարգը»:
66 Որոշ տեսակ հարաբերությունների ճշմարտության որոշիչ.
Հարաբերությունները հաճախ /եթե ոչ միշտ/ դադարում կամ «հարկադրաբար» շարունակությամբ այլանդակվում են, երբ սահմանափակվում են միայն միմյանց ճանաչելու ձգտումով: Ճշմարիտ է այն հարաբերությունը, որտեղ իրար ճանաչելու ձգտումը վերաճում է միասին ճանաչելու ձգտման: Այս որոշիչը կիրառելի է ընկերության, մտերմության և համանման այլ հարաբերություններում:
67 Բարեգործությունն օբյեկտիվ-անհրաժեշտից ինքնակամ տալն է, այլ կերպ ասած` երբ տալիս ես, ինքդ զգալով դրա կարիքը:
68 Գնահատականս երկուս.
Դպրոցում իմ շարադրությունները գրեթե միշտ գնահատվել են 5/2. երկուսն ուղղագրության համար (մինչ օրս էլ այդպես է), հիմա էլ ման եմ գալիս պատռված կոշիկով, բայց ոտքերիցս գարշահոտությամբ չի «բուրում». այլ կերպ ասած` միշտ էլ թքած եմ ունեցել ձևի վրա, երբ այն հակադրելով փորձել են նվաստացնել բովանդակությունը: Եվ Դուք ճիշտ եք` «ախմախը» ես եմ, գնահատականս էլ` երկուսը:
69 Իմաստնության ու անգիտության նույնական հետևանքը.
Մանրադիտակով կողմնորոշվելը նույն չափ դժվար է, որքան փակ աչքերով, ու երկու դեպքում էլ ոչինչ գեղեցիկ չի երևում. մի դեպքում տեսնում ես անճոռնի մասնիկների քաոս, մյուս դեպքում ընդհանրապես ոչինչ չես տեսնում, մի դեպքում միշտ կասկածում, մյուս դեպքում` միայն հավատում:
70 Գիտակ VS հիմար.
Հիմարների ժողովներին բնորոշ է միաբանությունը, որոշումներ ընդունելու արագությունը և դրանց հետևելու կարգապահությունը, իսկ գիտակների ժողովներին` ճիշտ հակառակը: Եվ սա այն դեպքում, երբ անհատապես գիտակները հիացմունքի են արժանի իրենց իմացությամբ և ընդօրինակելի` իրենց կարգապահությամբ, իսկ հիմարները` ճիշտ հակառակը:
71 «Տվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ Երկիրը».
Արքիմեդի արտահայտած այս տեսականորեն-հնարավոր միտքը լայն տարածում է գտել քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ (եթե ոչ բոլոր) ոլորտներում՝ հեղաՇՐՋԵԼՈՒ անհրաժեշտություն հայտնող «խելոքների» մոտ, ինչն այս դեպքում էլ անիրագործելի է, բայց այն տարբերությամբ, որ այդ «խելոքներից» ոչ մեկ չի ուզում ինքը լինել հենման կետը, լքել շրջելու ենթակա օբյեկտում իր տեղը, ու բոլորը երազում են միայն ձողը քաշելու հաճույքի մասին:
72 «Խենթեր» նկատի ունեցեք կամ արեք այնպես, որ այս բանաձևի վերջնամասը աշխարհում առաջին անգամ չգործի.
Հեղափոխություն պլանավորում են «խենթերը» (հանուն ազգային շահի), կամ սրիկաները (հանուն սեփական շահի, բայց էլի քողարկված ազգային շահով), այն իրագործում են հերոսները, բայց արդյունքը միշտ վայելում խուլիգանները. այն նույն կամ նորահայտ սրիկաները:
73 Գաղտնիք չէ, որ կենդանի օրգանիզմների մոտ առավել զարգանում են գոյության համար առաջնային անհրաժեշտության (կենսական) հատկանիշները, և այս իմաստով զարմանալի չէ, որ ստախոսների մոտ առավելապես պետք է զարգանա հիշողությունը:
74 Սիրո մեջ երրորդն ավելորդ է.
Քաղաքականության մեջ այդ երրորդը ժողովուրդն է` դիմության և ընդդիմության «սիրո» մեջ:
75 Իմաստնության դպրոց.
Ամուսնանալ և շարունակել ապրել ծնողների հետ, ծնող դառնալով շարունակաբար զգալ ընտանիքում զավակ լինելդ, անցնել իմաստնության փորձը` ստանձնելով սերունդների ներդաշնակ համակեցությունն ապահովելու առանցքային և պատասխանատու դերը, ու համոզվել հաջողության մեջ` տեսնելով, որ բացակայությունդ չի խարխլում ստացված ներդաշնակությունը:
76 Եթե միայն.
Երեկվա ճիշտն ու սխալը հասկանում ենք այսօր, այսօրվանն էլ՝ կհասկանանք վաղը, որովհետև պատճառը միշտ որակվում է հետևանքով, ու սա կարգ է անփոփոխ, որի դեմ անզոր է ցանկացած իմաստնություն և երաշխիք չէ ո՛չ մի հաշվարկ:
Ու թեև սրանում է նաև հրապուրանքն ապրելու, բայց երբեմն շատ ես ուզում ու մտածում. «եթե միայն ճշմարիտը հասկանայի արդի օրը ` վաղը չզղջայի, չապաշխարեի ինչպես այսօր»:
77 Թշնամին` որպես կենսական անհրաժեշտություն.
Միավորվում ենք ֆիզիկական ոչնչացումից խուսափելու և մասնատվում` բարեկեցության համար պայքարում, իսկ վերջինն էլ, որպես կանոն, հանգում է առաջինին: Ու, կարծես թե, արտաքին թշնամի ունենալը վերածվում է /եթե ոչ արդեն/ տեսակի պահպանման կենսական անհրաժեշտության:
78 ...ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Որտե՞ղ ես ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ` հիմք ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ, բայց վաղուց չքացող այնչափ ստի ու ենթադրությունների մեջ, որ եթե անգամ երբևէ արտահայտվում ես, ապա այլևս հավատ չես ներշնչում: Որտե՞ղ ես ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ` հիմք ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, որ, փաստորեն, քո գոյությունն էլ այլևս կասկածելի է մնում: Որտե՞ղ ես ...
79 Առանց «հանդիսատես» ո՞վ ենք մնում.
Հանդիսատեսի համար ուրախանում ու տխրում, բարին գործում և չարանում, ցավակցում, նաև ցավեցնում, ծիծաղում ու զայրանում, ժպտադեմ դառնում կամ խոժոռ դեմք ընդունում, անգամ սիրում և ատում, արարում ու ավերում ..., ծափերով կյանքի ուղի որոշում, դրանց քանակով վհատվում և ոգեշնչվում, մեղադրում կամ արդարացնում` ըստ անհրաժեշտության ծափ պատվիրում, առանց հանդիսատես մոլորվում ենք, դերերում շփոթվում, առանց հանդիսատես ո՞վ ենք մնում. արդյո՞ք այդժամ ինքներս մեզ հավանում ենք, երբ դիմակաթափվում ենք (եթե...):
80 Ետևից արված չարախոսությանն արձագանքելու համար կարիք չկա շրջվելու. լավագույն պատասխանը տալիս է հետույքը` իրեն բնորոշ անտարբեր /խոսուն/ լռությամբ:
81 Երբ քեզ դիմավորում են, չկա տեղ հասնելուց բացի ուրիշ տարբերակ, ու չի ներվի անգամ դժբախտ պատահար. ուստի ստիպված ես զսպել նաև ժայռից գահավիժելու կիրքդ, որին երբեմն ուզում ես տրվել ճանաչելու համար: 82 ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ.
Մենք «բջիջն» ենք այն կենսաբանական օրգանիզմի/մարմնի, որ կոչվում է ՏԻԵԶԵՐՔ, ստեղծվում ենք` ապահովելու վերջինիս ԿՅԱՆՔԸ ու դրանով արդեն իսկ իմաստավորված է մեր գոյությունը, և վերանում ենք` էլի ի նպաստ այդ ԿՅԱՆՔԻ: Բայց մենք ծնվում ենք ոչ մեր ընտրությամբ, ապա ի՞նչ իրավունքով ենք մահվան կապակցությամբ կարծիք պահանջում: «Կյանքի միջին տևողություն» ասվածն էլ այն պարտադիր չափը չէ, որ անհրաժեշտաբար պետք է ապրի ամեն ոք, և չկա վաղաժամ մահ: Իսկ ՏԻԵԶԵՐՔԻ վերաբերմունքը մեր որպիսությանը ճիշտ այնպիսինն է, ինչպիսին մերը սեփական մարմնի բջիջներին, սրանցն էլ մեկը մյուսին:
83 Բացարձակը սկսվում է այնտեղ, որտեղ կանգ է առնում գիտակցությունը, իսկ, մինչ այդ, հարաբերականում հարաբերվում ենք հարաբերաբար` կիսատ-պռատ` անկատար:
84 Հայրենիք` նյութական հիմք ինքնության,
առանց որի անդեմ է ցանկացած ազգ ու անհատ` անկախ մարդկությանը հայտնի հնարավոր բոլոր ձեռքբերումներից, ինքնասիրությունն էլ վերածվում է մորթապաշտության: Այդպիսիք իրենց կենսակերպով նման են մոլախոտի, ու բացարձակ նշանակություն չունեն հայրենիքից զրկվելու կամ նրանից երես թեքելու պատճառները` հետևությունը նույնն է - անինքնասեր գոյություն:
85 Ընտանիքում տղամարդու ագրեսիվությունը վկայում է դրսում նրա թույլ լինելու մասին, ու այստեղ գործում է չափման ուղիղ համեմատականի կանոնը:
86 Իսկ անզգայականի հոմանիշ է նաև անգիտակցականությունը.
Լռությունը համաձայնության նշան է. սա նաև անզգայականի «փաստարկն է» ընդդեմ զգայականի՝ երբ վերջինս լռում է ի պատասխան տրամաբանության ընդդիմախոսության:
87 Մի կին դիմում է իմաստունին.
Կին - Ամուսինս այսօր առաջին անգամ ձեռք բարձրացրեց վրաս, բայց ներողություն խնդրեց, ի՞նչ անեմ Իմաստուն - Ձեռք է բարձրացրել անհրաժեշտ պաշտպանությունից դրդվա՞ծ Կին – Ոչ Իմաստուն - Անելուց հետո ինքն իր ձեռքը անդամահատե՞ց Կին –Ոչ Իմաստուն - Փաստորեն նրա արարքը չունի ո՛չ արդարացում և ո՛չ էլ ենթակա է ներման. գնա և ուղարկի նրան գրողի ծոցը` միանգամից և ընդմիշտ:
88 Այնտեղ, ուր արդեն ընդունված է անգամ ծնող-զավակ հարաբերությունները պարզել օրենքի ուժով, կոչվում է ՕՐԻՆԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ երկիր: Բայց սա քաղաքակրթության բարձրակետը չէ և ոչ էլ դրական ցուցիչը. սա սկիզբն է ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅԱՆ` նոր ձևի մեջ, ու կգա ժամանակ, երբ ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ երկրները կդառնան տուրիզմի ամենապահանջված վայրերը:
Հավելում.
Հայաստանն ունի հնարավորությունն ապագայի այս «բիզնեսի», կամ գուցե էլ չունի: 89 Սոֆրոսինե-ից.
1. Այն, ինչ ունես, միայն քո շնորհիվ չէ, ինչ տալիս ես` դրանում է քո արժանիքը: 2. Վերցրածի դիմաց համաչափ հատուցելու արժանապատվությունն է ձևավորում չափի զգացում:
90 Գիտեմ, որ ոչինչ չգիտեմ.
Ինչքան ճանաչում ես, այնքան մեծ մակերեսով ես հարաբերվում անհայտի հետ, հետևաբար այդչափ լավ պատկերացնում վերջինիս անսահմանությունը` շարունակաբար հասունանալով ճշմարտության, որ ՈՉԻՆՉ ՉԳԻՏԵՍ, ու համոզմունքը փոխակերպվում է հավատի, արդյունքում մնում է հույս:
91 Նարգիտ.
Զգայական հարաբերությունների ամբողջություն, որը կազմում է մարդու հասարակական կեցության միջուկը` կենտրոնում անհատը («ԵՍ»-ը): Այդ հարաբերություններից յուրաքանչյուրում կողմի բացակայությունը ենթադրում է Նարգիտից մասնիկի անջատում, որն առաջացնում է դատարկության և այն լրացնելու զգայական ձգտում` ԿԱՐՈՏ: Առավել պատկերավոր` Նարգիտը նման է շրջանակի, իսկ կարոտը` դրանից մասնիկ պոկելուն: Բայց Նարգիտը, կենդանի օրգանիզմի նման, ունի վերականգնվելու հատկություն. վնասված շրջանակը (միջուկը) կրկին ստանում է իր ձևը` 1.անջատված մասնիկի միավորումից, 2. նոր մասնիկով փոխարինվելով, կամ 3. սեփական մակերեսի փոքրացման հաշվին, ու երբեք վնասված չի մնում հավերժ: Սրանով է նաև բացատրվում երևույթը, երբ կարոտով երկար սպասված մարդը վերադառնում ու հանկարծ հասկանում ես, որ քեզ համար արդեն օտար է կամ ոչ իր տեղում, քան եղել էր՝ կախված նրանից, թե որքան է հասցրել վերականգնվել շրջանակը (Նարգիտը)` որքան է լցվել կամ փակվել բացը: Ուղղակի, հաճախ նաև շփոթում ենք մեր գիտակցության մեջ կարոտի մասին ապրող հիշողությունն իրական զգացողության հետ, որը գուցե արդեն վաղուց էլ չկա: Եվ ընդհակառակը՝ Նարգիտը կարող է մեծանալ նոր զգայական հարաբերություններով: Ամեն ոք (ԵՍ), որպես վերոգրյալ շրջանակի կենտրոն, ունի իր ինդիվիդուալ Նարգիտը` զգայական հարաբերությունների ամբողջությունը:
92 Շունը մարդուն հավատարիմ ընկեր դարձավ, բայց ինքն այդպես էլ ընկեր չունեցավ, և դրանից ճիշտ հետևություն արեց միայն ԳԱՅԼԸ:
93 Երկու թագավոր պատրաստվում էին պատերազմել միմյանց դեմ ու մարտից առաջ երկուսն էլ, ավանդույթի համաձայն, օրհնություն ստացան աստծուց /զավեշտ/, և դրանից ճիշտ հետևություն արեց միայն աթեիստը:
94 Ճշմարտախոսությունն ուղիղ ճանապարհ է դեպի մենակյացություն.
Մարդիկ ոչինչ այնքան դժվար չեն հանդուրժում, որքան իրենց հակադրվող ճշմարտությունը, և անգամ հրեշտակներն ունակ չեն շարունակաբար ներել` չլքել: Բացարձակ արդարաբանությունը թողնելով «աստվածներին»` հարաբերականով ստանում ենք չափման մի պարզ բանաձև, համաձայն որի` շրջապատի մեծությունն էլ ուղիղ կախման մեջ է ստախոսության և/կամ կեղծ լինելու չափից, վերջիններս զգալի տեղ ունեն նաև ցանկացած հարաբերության մեջ:
95 Ուղիղ և փոխաբերական իմաստով.
Բարձր հարկերում բնակվող որոշ մարդիկ իրենց տուն մտնում են մաքուր ոտքերով, որովհետև բարձրանալուց կոշիկները մաքրում են ներքևի հարևանների դռան շեմի շորերին, և, փաստորեն, վերջիններս, իրենց տան մաքրությունն ապահովելու համար, մաքրում են նաև այլոց թողած կեղտերը:
96 Լեզու Մայրենի,
առանց որի մարդ դառնում է ինքնությունից վտարանդի:
Ո՛չ պետություն, ո՛չ էլ եկեղեցի. նախ Լեզուն է պահպանության երաշխիքը ամեն ազգի:
97 ... միայն դու և «նրանք».
Ցավից սեղմված ատամներով ժպիտ` ի պատասխան, «գլխագարությունից» անքուն մնացած աչքերի համար, «կայֆու՞մ ես» հարցի, իսկ թե ամբողջ գիշեր ինչու էիր գալարվում` կիսվելը չի օգնի, եթե անգամ հարցն է անկեղծ կարեկցողի. ժամեր անց «թափառումը» պետք է կրկնվի, ու ոչ ոք չի լինի ...
98 Սլացք առ անսահման անազատության /կամ/ ձանձրալի ճշմարտության.
ՄԱՐԴՈՒ ցանկությունները վաղուց դուրս են բնության սահմանած օբյեկտիվ անհրաժեշտի /կենսական պահանջմունքի/ սահմաններից, ու հաճախ նաև հակադրվող դրանց: Մեր անազատության պատճառը ոչ թե հնարավորությունների սահմանափակման մեջ է միայն, այլ, նախ և առաջ, մեր ցանկասիրության, և արդյունքում այլևս առաջարկն է իշխում պահանջարկին: Ցանկալին ստեղծվում է մեզանից դուրս ու պարտադրվում` մեր իսկ կամքով, մեր նյութապաշտությամբ: Հենց այստեղից է սկսվում անհատի, նաև ամբողջի, ինքնակառավարման (ազատության) կորուստը: Այլևս «ոճաբաններն են» հռչակվում մարգարեներ, իսկական հավատացյալները մնացել են եկեղեցուց դուրս, հայրենասերները` պետությունից, առաջնորդին պարտադրվել է մնալ հետևորդ ..., թերևս այդպես եղել է միշտ, իսկ «հոգևորները» (իմաստուններ, բանաստեղծներ, արվեստագետներ, ...) հիշվում են իրենց ստեղծագործություններով միայն տառապանքի պահին` որպես ցավը թմրեցնող հաբեր: «Ցանկանալ հնարավորի սահմաններում օբյեկտիվ անհրաժեշտը». ահա միակ այն միջոցը, որ մարդուն կվերադարձնի բնության նախասահմանած շրջանակին, որում կլինի հնարավոր առավելագույն ազատությունը (այն էլ միայն սուբյեկտիվ): Բայց սա այլևս ընկալելի սահմանում չէ մարդկության համար` ձաձրալի, անգամ ծաղրելի և արհամարհելի է մեծամասնության (եթե ոչ բոլորի) կողմից, ու ետդարձի ճամփա չկա. ազատություն տենչալով ՄԱՐԴԸ շարունակաբար դառնում է ավելի ու ավելի անազատ, ու երբեմն թվում է, թե բացարձակ ազատությունից անվերջ սլանում ենք դեպի ԱՆՍԱՀՄԱՆ ԱՆԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ:
99 Անտարբերությունը` որպես արհամարհվելուց խուսափելու միջոց.
Հաճախ /եթե ոչ միշտ/ արհամարհվում ես նրա կողմից, ում հանդեպ դադարում ես անտարբեր լինել: Սա յուրովի ինքնաբավարարումն է խանդության, որ առաջանում է նրա հանդեպ, ում ի սկզբանե ձգտում են` համարելով իրենցից ավելին /ձգտումի այլ պատճառ գուցե չի էլ լինում/: Եվ շտկելու միակ միջոցն արհամարհողին սկզբնական զգացողությանը վերադարձնելն է:
100 Սուտ է,
թե իբր սահմանին պատանու զոհվելը, որևէ ընտանիքում մանկասպանությունն ու պղծությունը, չքնաղ պարմանուհու ինքնասպանությունը, մի ամբողջ գերդասանի արտագաղթը, ... հուզում է սրտեր և/կամ ալեկոծում հոգիներ, ու՝ թե անգամ թափվում են արցունքներ, ապա դրանով էլ, ուրիշի վշտի քողի տակ, սեփականն են ողբում ...:
Օրվա անհաջող ծախսած դրամը կամ այն շահավետ ծախսելու հնարավորության բացթողումն է մարդկանց անքնության իրական պատճառը, իսկ համամարդկային արժեքների մասին «մտորումների փորձերը» արվում են բնազդների բավարարումին հետևող ձանձրույթից:
101 Վախկոտի (ստրկամտի) հոգեբանություն.
Քանի դեռ կորցնելու բան կա` վճռակամություն չկա, քանի դեռ նահանջելու տեղ կա` հակահարվածի համարձակություն չկա:
102 Ամենքս մի ԳԻՐՔ,
որ սկսում ենք գրվել առաջին մաքուր էջից` առանց նախապես որոշված քանակի ու վերջաբանի` ներառելով գրական բոլոր ժանրերը, որոնցից առավելապես վառ արտահայտվում են յուրաքանչյուրիս ընտրած և/կամ ստիպված ընդունած տեսակն ու ոճը: Ոչ բոլոր էջերում ենք վառ հետաքրքրությամբ արտահայտվում, իմաստալից լինում, և հազվադեպ չէ, երբ գրքի նման, ընդամենը մեկ դրվագի, մեկ մտքի, մեկ իմաստի և գաղափարի համար ենք գրվում` մնացած էջերում ձանձրալի մնում, և, ոչ հազվադեպ նաև, միայն վերջաբանում է մեր գոյությունն արդարացվում: Գրքի նման մենք էլ ենք մշտապես ընթերցվել տենչում. դրանում ենք մեր հավերժական գոյության միջոցն ու երաշխիքը գտնում, բայց և ոչ բոլորիս է բազմացվելու, գրադարան կամ գրախանութ զարդարելու բախտ վիճակվելու, իսկ մեզանից առավել դժբախտները էլի վառարանի կպչան, կահավորման բաղադրիչ են դառնալու, ... կամ այրվելու են խարույկներում:
103 Լքելու մեջ էլ կա մեծահոգություն.
Սովորաբար, երբ որևէ հարաբերություն հասնում է իր տրամաբանական կամ զգայական ավարտին, կողմերից յուրաքանչյուրը /կամ հեռանալ կամեցողը/ հոգու խորքում եսասիրաբար ձգտում է հայտնվել լքվողի դերում` դրանից ստանալով, որպես լքված, մեղադրելու իրավունքի առավելության, տառապյալի և/կամ դավաճանվածի ինքնավեհացման զգացողություն:
104 Լեզուն` որպես քաղաքականության գործիք.
Լեզուն` որպես մտածողության (լ.ի.) հետևանք, վաղուց փոխել է իր դերն ու նշանակությունը այդ հարաբերակցության մեջ: Հաշվի առնելով փաստը, որ մարդիկ /մեծամասամբ/ ունեն բառային մտածողություն, լեզուն, վերջինիս համար «ներարկման» և տարածման միջոցից, վերաճել է որպես դրա ձևավորման, ուղղորդման, հետևաբար նաև կառավարման գործիքի: Լեզվի իշխանությունն, ի տարբերություն փողի, նավթի և զենքի, ավելի կայուն և երկարաժամկետ է, ինչում կարելի է համոզվել պատմական կարճ էքսկուրս անելով: Եվ գերտերությունների կողմից բնավ անիմաստ կամ զուտ բարեգործաբար չեն ծախսվում այն հսկայական միջոցները, որոնք ուղղված են այլ երկրներում իրենց լեզվի տարածմանը, իրենց լեզվով կրթության ապահովմանը և այլն: Մարդիկ հոգեբանորեն հակված են լինել նրա հետ, ում լեզուն հասկանում են, ու սա նաև հասարակությունների մասին: Ինչ վերաբերվում է հայերենին, ապա եթե ոչ իշխելու, բայց գոնե և պարտադրաբար այն պետք է լինի մեր դիվանագիտության կարևոր գործիքը` իր փիլիսոփայությամբ, ճկունությամբ, բառերի բազմանշանակ և, բոլոր դեպքերում, ցանկալի մեկնաբանության հնարավորության շնորհիվ: Ի վերջո, նաև պատահական չէ, որ խելացի դիվանագետները հաճախ ողջունում են հյուրընկալող, բայց շարունակում խոսել` իրենց պետության լեզվով: 105 Մի մարդ դիմում է իմաստունին.
Մ - ԽՈՐՀՈՒՐԴ տվեք, ինչպե՞ս գտնեմ ճիշտ պատասխանը խնդրիս Ի - Սխալ հասցեով ես եկել, այդ ԱՆՊԵՏՔ բանը անվճար կարող ես ստանալ մերձավորներից կամ գնել հոգեբաններից ու քահանաներից: Մ - Փաստորեն ինձ ոչնչով չե՞ք օգնի Ի - Բնականաբար ոչ , ես կարող եմ միայն ընկերակցել քեզ ճշմարտության որոնման ճանապարհիդ: 106 Գայլերն էլ ասացին` մենք քիչ ենք, բայց մեզ գայլ են ասում.
ՄԱՐԴԸ, որ կազմված է կենդանիների հավաքական կերպարներից, իր մեջ էլ կարողացավ հնազանդեցնել և, ըստ միջավայրի անհրաժեշտության, օգտագործել նրանց բոլորին, բացի ԳԱՅԼԻՑ, ու այստեղ էլ գործի դրեց «հրացանը»` ինչպես նրանց դեմ իրական պայքարում: Բայց գայլերը դեռ կան ու արժանապատիվ են իրենց կեցությամբ, ու քանի դեռ կան, մարդիկ հնարավորություն ունեն ՄԱՐԴ մնալու:
107 Սնափառությունը` որպես սխալը կրկնելու պատճառ.
«Այն, ինչ չի սպանում մեզ, ավելի ուժեղ է դարձնում» (Նիցշե), ասում են նաև. «ցավը վեհացնում է, երբ հաղթահարում կամ ներդաշնակության ես հասնում նրա հետ», ու, փաստորեն, անտրամաբանական չէ հետևությունը, որ մարդիկ ներքուստ հակում ունեն կրկնելու վերապրած սխալը /ՍՆԱՓԱՌՈՒԹՅԱՆ ՅՈՒՐՈՎԻ ՄՂՈՒՄ/:
108 Պատերազմը դեմ է բնության ՕՐԵՆՔԻՆ /կամ/ դրա միակ արդարացումը.
Պատերազմ` մարդածին երևույթ, որ ծագման հիմքում կրելով բնության «գոյության պայքար» ինքնամաքրման և առողջացման օրենքը, միաժամանակ դուրս է դրա սահմաններից և հակադրվում է նպատակին: Ի տարբերություն բնության այդ օրենքի` պատերազմում, նախ և նաև, ԱՌՈՂՋ մարմիններն են վերածվում դիակի, որոնցով սնվում և բարգավաճում են ՈՐԴԵՐԸ: Բայց սա մորթապաշտության կոչ չէ՛, ճիշտ հակառակը` թքած, թե որ մի «որդը» կուտի «մարմինդ», ինքնության համար ՀՈԳԻ ՏԱԼԸ (մեռնել ու ապրելը) արժանապատիվ և հավերժական գոյության միակ ձևն է, և միակ արդարացումը պատերազմի մասնակցության:
109 «Կիրք».
Կրքի բացակայությունից «ծերանում են», ապա` «մահանում», զսպումից «թունավորվում են», ապա` «մեռնում», ու միայն կրքի ազատ գոյությունն է ապրեցնում:
110 Դիմակահանդեսի հաճույքը /կամ/ զվարճալի «ինքնասպանություններ».
Զվարճալի բան կա անհատականության կատարելության ձգտման մեջ. հավաքական կերպարներից ԵՍ-ի ինքնամաքրման շարունակական այդ պրոցեսը նման է իրար հաջորդող «ինքնասպանությունների», որի միջոցով, մեկը մյուսի ետևից, ազատվում ես կուտակած անթիվ դիմակներից` սպանելով նրանց քո մեջ: Իհարկե, կատարյալ անհատականություն կլինի այն դեպքում, երբ արդեն քեզանից դուրս էլ երևաս այն, ինչ կաս քո միայնակությամբ /չլինելու բան/, բայց ընթացքն իսկապես զվարճալի է` նման դիմակահանդեսային խրախճանքի:
111 Շեքսպիրի «Լինել, թե չլինել» խնդիրն այլևս արդիական չէ /չի էլ եղել/, «անմեղ» մահանալ, թե «մեղավոր» ապրել. ահա՛ որն է կեցության արդիական հարցը /մշտնջենական/:
112 Երբեք ուշ չէ.
Եթե այսօր ասում ես արդեն ուշ է, վաղը ստիպված ես լինելու ցավով ասել` երեկ հնարավոր էր: 113 Անտրամաբանական տրամաբանություններից.
Զարմանալի է տղամարդկանց տրամաբանությունը, որ դեռ կանանց բարեմասնությունները «գովերգելով են» փորձում հարաբերություններ ստեղծել: Եթե կինն իսկապես գեղեցիկ է, նշանակում է վաղուց նման գովքը պետք է որ արդեն լիներ ձանձրացնող, հետևաբար` ապարդյուն: Բայց, ա՛յ, կանանց տրամաբանությունը զարմանալի չէ, որ դեռ կուլ են տալիս այդ խայծը: Փաստորեն, տղամարդիկ ճիշտ են տրամաբանում:
114 Կանանց.
Հատկապես զգուշացեք այն տղամարդկանցից, ովքեր նվաստացնում և բռնանում են մարմնավաճառներին. նա, ով անխնա է վերաբերվում այն ամենին, ինչի համար վճարում է, չի խնայի նաև անվճարը:
115 «Մեղքի» տեսակ.
Արդարաբանությունը ստիպում է խորշել դատարաններից և աղոթատեղիներից, նաև՝ դրանց օժանդակ հաստատություններից: 116 Մի շտապիր ուրախանալ, երբ ասում են, որ հավատում են քեզ. այն իր մեջ ևս երկու կարևոր բաղադրիչ ունի.
- դրանով մշտապես ցանկալի-սպասելին է պարտադրվում` սխալվելու հնարավորությունն էլ չի ընդունվում (անգամ ֆորս-մաժորի պարագայում), - որի չլինելու դեպքում` նեղանում, վատաբանում կամ մեղադրում են, անգամ դատապարտում և, որպես կանոն, չեն ներում: Ստացվում է` առ աստված հավատն էլ, մի տեսակ, զավեշտալի սիրո խոստովանության է նմանվում:
117 Տղամարդիկ, ի տարբերություն կանանց, փոխարինող ունեն բնության մեջ` կանայք շատ հանգիստ կհարմարվեն նաև կապիկներին, ու, թերևս, շատերը կնկատեն միայն գրպանների բացակայությունը, իսկ այն քչերն էլ` պոչի առկայությունը: Երկու դեպքում էլ համակեցության եզրեր կգտնեն, եթե տղամարդկանց հետ մինչ օրս հաջողացրել են: Այլ է վիճակն առանց կանանց. հեչ վիճակ չի:
118 Պատմությունը փաստարկեց. Թեպետ «կարևորը գործն է, ոչ թե խոսքը», բայց հիշողության մեջ «հաղթում է խոսքը, ոչ թե գործը»:
119 Ծնողի խրատը` որպես ժառանգություն,
որի նկատմամբ իրավունքը լսելու պահից է ծագում, թեպետ շատ ավելի ուշ է գիտակցվում,- Ստացման համար նոտարին դիմելու հարկ չի լինում ու վեճի առարկա չի հանդիսանում,- Անսահման թվով ժառանգների մեջ բաժանվում ու չի փոքրանում, անգամ թոռներին է բաժին հասնում,- Միշտ քո հետ է լինում ու առուծախի չի ենթարկվում,- ի տարբերություն գույքի, այն հավերժ է մնում: Ծնողի խրատն ամենաթանկ ժառանգությունն է համարվում:
120 Բոլոր դեպքերում, երբ հակադիր կարծիքների բախումը վերաճում է ճանաչողական երկխոսության, դրա կողմերը դառնում են իրար արժանի արժանավորներ, իսկ երբ այն վերածվում է փոխադարձ վիրավորանքներով վեճի, նրանք դառնում են իրար արժանի անարժաններ, ու երկու դեպքում էլ էական չէ, թե ով է ավելի մոտ ճշմարտությանը: 121 Շնորհակալություն.
ի պատասխան ինքնաբուխ արարքի. առանց հաշվարկի, խնդրանքի ու պարտքի զգացումի, հենց այնպես` ուղղակի: Ու այլ է օրդ, թե դարձել ես հասցեատեր մարդասիրական այդ հրաշք խոսքի, կամ զգացել ես վերաբերմունք երախտիքի արժանի: Բայց փոխվել է ընկալումը հումանիզմի, շնորհակալությունն էլ վերափոխվել է էթիկայի էժան տարրի` բոլորիս հայտնի ֆրանսերեն «մերսի»-ի:
122 Ու այլ տարբերակ չկա.
Երբ ոչ մեկին չես «շղթայում», վտանգ կա, որ ոչ ոք մոտդ չի մնա, նաև հավանական է, որ կհնչի անտարբերության մեղադրանք, բայց, միաժամանակ, դրանում իրական հավատարմությունը ճանաչելու հնարավորություն կա. ով կմնա:
123
Սերունդներին կտակելու մեծագույն արժեքն ապրելու ժամանակն է:
124 «ՆԱՀԱՊԵՏԻ» կարիքում ենք.
Ցանկացած հասարակություն դառնում է ավելի խոցելի, ու նրանում աննշան կոնֆլիկտը կարող է վերաճել աղետի, երբ չկա այն ՄԵԿԸ /փիլիսոփան, իմաստասերը, ուսուցիչը, .../, ով իր առաքինությամբ, իմաստությամբ և արդարաբանությամբ լինի ընդունելի, վստահելի ու լսելի բոլորի կողմից` անկախ դասի պատկանելությունից, ով, որպես ժամանակի և հանրակարգի զարկերակ, անհրաժեշտության դեպքում կստանձնի «համակարգի» սնուցման և/կամ ազգային նպատակի շուրջ խավերի հաշտեցման դերը: Թերևս, «հոգեփրկության» փոխարեն, գոնե այդպիսին պետք է լիներ եկեղեցու առաքելությունը, բայց ..., ու ներկան վտանգավոր է, չափազանց վտանգավոր:
125 Ամենքիս երջանկությունն ուրիշի մոտ է.
Եթե անգամ աշխարհի բոլոր բարիքները պատկանեն քեզ, միևնույն է, այն, ինչ պակասում է քո լիարժեք երջանկության համար, միշտ գտնվում է ուրիշի /ների/ մոտ, ինչը կարող ես ստանալ բացառապես նրա /նրանց/ սրտաբուխ կամքով ու գոյությամբ: 126 Երբ ներսից փոխում ես դուրսը.
- Երբ սեփական կամքով ընդունում ես պատիժդ, այդ կերպ ուրիշներին զրկում ես քեզ պատժելու հնարավորությունից: - Քանի դեռ ինքդ չես ցանկանում դուրս գալ առանձնարանից, ոչ ոք չի կարող համարել քեզ ազատազրկված: - Անգամ հարկադրանքը հնարավոր է վերափոխել սեփական ցանկության` ինքնակառավարումով և ինքնահաղթահարումով, նույնն է, թե հաղթանակով՝ ամենքի և բոլորի հանդեպ:
127 Հաճախ գովքից ու պարսավանքից համապատասխանաբար հասկանում ես, թե դիմացինն ինչն է սիրում ինքն իր մեջ և ինչ է նախանձագին ցանկանում ունենալ:
128 Թող յուրաքանչյուրն ինքնուրույն ճանաչի սխալն ու ճիշտը. Երբեք մի ձգտիր լինել հեղինակություն զանգվածների համար, քանզի հնարավոր սխալդ կստանա զանգվածային կիրառություն, և նույն հիմնավորմամբ բացառիր այն թեկուզ մեկի, ու ուրիշի հեղինակությունը` քո համար: 129 Կանացի «խորամանկություն».
Կինն ունի հրապուրելու երկու սկզբունքային եղանակ` ՄԱՐՄԻՆ և ՄԻՏՔ: Որքան շատ է կիրառում ՄԱՐՄԻՆԸ, այնքան պակաս է ՄԻՏՔԸ. ընդ որում, ինչքան պակաս է ՄԻՏՔԸ, այնքան դյուրահաս է ՄԱՐՄԻՆԸ: Ըստ այդմ, որոշ կանայք խելացի /դժվարահաս/ երևալու համար սահմանում, ապա, ըստ անհրաժեշտության, փոփոխում են իրենց սակագինը /որպես կանոն` թանկացնում/:
130 Կանանց աստվածանման զվարճասիրությունը.
Աստվածային հաճույք է զգացումը, որ հանուն քեզ պատրաստ են սպանության, ու, թերևս, աստվածներին բնորոշ զվարճասիրություն է հետևել հանուն իրենց զոհաբերված կյանքերի դանդաղ վախճանին. ընդ որում, ինչքան գեղեցիկ, երիտասարդ ու շատ են այդ կյանքերը, այնքան մեծ է բերկրանքը:
Ահա, թե ինչու են կանայք սիրում ծաղիկներ ստանալ` նրանց էությունն է աստվածային, զվարճասիրությունն էլ` նույնական:
131 Հոգևորի և նյութականի վեճը.
ՀՈԳԵՎՈՐԸ նյութականին. - Ես առաջնայինն եմ ու կարևորագույնը, որովհետև ես ճանաչում եմ, սիրում ու կարեկցում եմ, միտք ու իմաստնություն եմ, վեհ ու անսահմանություն եմ ... Եվ այս ինքնափառաբանումը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև միջամտեցին մարմնի մասերը` Ստամոքս.- Մի բան գնիր ուտելու, քանի ուղեղդ չի մահացել, Ոտքեր.- Գոնե երթուղային նստիր, քանի չենք կոտրվել, Ձեռքեր - Գրպանդ դատարկ է` կարիքավորին շրջանցիր` ամոթ է, Սիրտ. - Այն գեղեցկուհուն մի տեղ հրավիրիր. քո սերը ցանկանում է…: Եվ խոսեց ՆՅՈՒԹԱԿԱՆԸ - Հիմա բերանդ փակի՛ր ու նստիր քո խցում, քանի դեռ ես թույլ չեմ տվել խոսել և մարդամիջում հայտնվել, այ տխմար «փիլիսոփա»:
132 Էշը գիտի, որ դա նուշ չի.
Տգետին գիրք են նվիրում` նեղանում է` ընդունելով որպես աղքատ լինելու մաղթանք:
133 Ամենակարողի իրավաբանական հնարքը.
Մարդիկ դիմում են աստծուն և առանց նրա պատասխանը լսելու ասում` «Ամեն», իսկ նա հաճախ պատասխանում է՝ «քեզ չի հասնում», ու ստացվում է, որ դիմողներն իրենք են համաձայնում իրենց ցանկությունների մերժմանը. պատասխանատվության բեռի փոխանցում:
134 Ամենածախսատար զբաղմունքը պարապությունն է, ամենաեկամտաբերը` բարեգործությունը:
135 Աղքատներիս հոգին էլ մաքուր չի.
Մենք` աղքատներս, ավելի շատ ենք խոսում փողի բացասականության մասին, քան որևէ այլ դասի ներկայացուցիչ, ու պարզ հարց է առաջանում` ինչպե՞ս է հնարավոր ճշմարիտ դատողություններ անել մի բանի մասին, ինչը չունենք, չենք զգացել, տեսել ու շոշափել, և արդյո՞ք մեր հետևություններում չի գերիշխում նախանձագին ցանկության անբավարարվածությունը: Գուցե մենք այսքան «լավն ենք», որովհետև վատը ցույց տալու հնարավորությու՞ն չունենք:
136 Գիտելիքը ձեռք են բերում սովորելով, զարգացնում` փորձով, ամրապնդում` սովորեցնելով /ուրիշներին փոխանցելով/: 137 Կրակից վերցնում ենք լույսն ու ջերմությունը, վանում` ծուխը.
Կրակով ջերմանում ու ճանապարհ ենք լուսավորում, նրանով կարող ենք դառնում ու սրտեր ենք գերում, գիշերներ գեղեցկացնում ու լույսի ներքո սեր ենք անում, և, դրան զուգահեռ, նրա ծուխը վանում` անդուր ենք համարում ու կուրացումից խուսափում, իսկ երբ էլ պետք չէ, ջրով մարում /անգամ վրան միզում/: Այդպես էլ, որպես կանոն, նրանց գոյությանն ենք վերաբերվում, ում մտորումներին հաճույքով ականջ ենք դնում, մտքերն ըստ պահանջի կիրառում, հաճախ ընդօրինակում և/կամ արժանիքն այդ մեզ ենք վերագրում` նրանց սիրով սեր խաղում, տառապանքով իմաստուն ենք ներկայանում, և, դրան զուգահեռ, նրանց էությունն արհամարհում, իսկ երբ մեր մասին են ճշմարիտն ասում, նրանց վրա թքած ենք ունենում` ՆՐԱՆՑ ՀՈԳԻՆԵՐԸ ԿՐԱԿԻ ԾԽԻ ՆՄԱՆ ԵՆ ՀԵՌԱՆՈՒՄ:
138 Ազատական տգետների, անազատ գիտակների և բացառիկ տեսակով երրորդների մասին.
Գիտելիքը որևէ բնագավառի վերաբերյալ իմացությունների, իսկ փորձը՝ այդ իմացությունների կիրառությամբ սերտած հմտությունների և ունակությունների ամբողջությունն է: Լ.ի.-ով կարելի է ասել, որ գիտելիքն ու փորձը մտածողության հետևանքն են: Բայց ինչպես յուրաքանչյուր ամբողջության, դրանց ևս բնորոշ է որոշակիությունն ու սահմանափակվածությունը, և ստացվում է, որ մտածողության ազատության չափը հակադարձ համեմատական է գիտելիքների չափին. որքան քիչ է գիտելիքը, այնքան գործելու ազատ տարածություն ունի մտածողությունը, բացի այդ, որքան ամրապնդված է գիտելիքը, այնքան դժվար է նրա սահմաններից դուրս գալը, հետևաբար, դրան զուգահեռ, դժվարանում է նաև նորի հայտնաբերումը և/կամ դրա ընդունումը: Մյուս կողմից, ի սկզբանե մտածողության հետևանք լինելով` գիտելիքն ու փորձը աստիճանաբար վերածվում են դրա պատճառի, և նկատի ունենալով, որ յուրաքանչյուրը մտածում է գիտեցածի միջոցով և չափով, որպես կանոն, համոզմունքով իր իմացության ճշմարտությանը` արդյունքում ստացվում է ԱԶԱՏԱԿԱՆ ՏԳԵՏՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ և ԱՆԱԶԱՏ ԳԻՏԱԿՆԵՐԻ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ, բայց կան բացառիկ տեսակով ԵՐՐՈՐԴՆԵՐԸ, ովքեր, անկախ գիտելիքի և փորձի չափից, դատողությունները մեկնարկում են «ԵՍ ՉԳԻՏԵՄ»-ից:
139 Ցանկություն, որ ցանկանան կանայք.
Այն, որ տղամարդիկ պատրաստ են իրագործել կանանց յուրաքանչյուր հնարավոր ցանկություն, լոկ խոսքեր չեն, այլև բնության օրինաչափությամբ պայմանավորված փաստ /մղում/, ու, թերևս, կնոջ նվաճումը տղամարդու համար բուռն ձգտումի առաջնային նպատակներից մեկն է /եթե ոչ առաջինը/: Ուստի, հարգելի՛ կանայք, մեզանից ցանկացեք շարունակական ինքնակրթություն, համոզված եմ` դրա իրագործումն անհնար չէ, ու ձեր ցանկության պարագայում` անխուսափելի, ինչի արդյունքում աստիճանաբար կձևավորեք ձեր նրբագեղությանն արժանի միջավայր: Թեպետ համաձայն եմ` ցանկանալուց առաջ նախ անհրաժեշտ է ունենալ ցանկալիի կարիքը, մյուս կողմից էլ` լրիվ այլ է բանը, եթե կիրթ լինելը համարվում է շահավետության ո՛չ առաջնային բաղադրիչը:
140 Ապրելու «կաշառք».
Մեզ պարտադրվել է ապրել, իսկ ՍԵՐՆ ու ԿԻՐՔԸ տրվել որպես «կաշառք», որ վաղաժամ չօգտվենք չլինելու մեր իրավունքից, քանի դեռ չենք վաստակել այն:
141 Հանրայնացված ամեն բան պարունակում է գարշելի հոտ.
Նույնիսկ սրբերն են մտածում, որ եթե շատերը դառնային առաքինի, ապա իրենք կնախընտրեին վերածվել անառակի:
142 Կարոտ երկխոսության.
Հաճախ խոսում ես մեկի հետ, բայց լսում ես մի քանիսի ձայն` երբեմն, անգամ, ամբողջ բազմության կամ հասարակության, և շատ քիչ է պատահում, որ մեկ բերանից հնչի մեկ ձայն, ու այսպես առաջանում է կարոտ երկխոսության /ճանաչողության և անկեղծության, զգացողության և հասկացվածության ... ` առանց «դատավարության»/:
143 ՆՈՐ «ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ» ՆՈՐ «ԱՍՏՎԱԾՆԵՐԻ» համար. Աղանդավորներ` լվացած, ապա հատուկ ներդրված ծրագրով, այլ կերպ`բթությամբ մեզ ծանոթ ուղեղները, որոնք առերևույթ համեստ են, հաճախ` ձևացող խեղճ և համբերատար անգամ իրենց ուղղված ծաղրին ու նվաստացումներին, անհատապես, իհարկե, անվնաս են` ճիշտ այնքան, որքան և անպետք, բայց նրանց հավաքական ուժը նման է դանդաղ գործարկման ռումբի` կհասնի ժամանակը, կամ կլինի համապատասխան ազդակը և նրանք կպայթեցնեն ցանկացած հասարակություն, կվերածվեն ամենադաժան արնախումների: Այդպիսի մարդիկ շատ նման են զոմբիների, որպիսիք վերածվում են հատուկ «լաբորատորիաներում» և հանուն հատուկ նպատակի` ՆՈՐ «ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ» ՆՈՐ «ԱՍՏՎԱԾՆԵՐԻ» համար:
144 Ամենքիս երջանկությունն ուրիշի մոտ է. Եթե անգամ աշխարհի բոլոր բարիքները պատկանեն քեզ, միևնույն է, այն, ինչ պակասում է քո լիարժեք երջանկության համար, միշտ գտնվում է ուրիշի /ների/ մոտ, ինչը կարող ես ստանալ բացառապես նրա /նրանց/ սրտաբուխ կամքով ու գոյությամբ:
145 Պատասխան գտնելու ունակությունն ավելի արժեքավոր է, քան կոնկրետ գիտելիքը.
Մարդու կողմից տիրապետվող իմացությունների ամբողջություն /գիտելիք/, որը կախվածության մեջ է օբյեկտիվ իրականությունից, իսկ նրա չափը` հիշողությունից: Իրականության փոփոխությունը, ինչն արագ է տեղի ունենում, անպետք է դարձնում իմացյալը, իսկ հիշողությունն էլ անսահման չէ, և հաշվի առնելով նաև «պատմաբանների» գործոնը, արդյունքում գիտակցության մեջ զգալի տեղ զբաղեցնում է անպետք «արխիվը», որը, շարունակաբար մեծանալով, դժվարացնում է նորի ընկալումը: Դրանից խուսափելու և հիշողությունն էլ առավել արդյունավետ օգտագործելու համար պետք է ոչ թե անընդհատ կուտակել գիտելիք, այլև զարգացնել պատասխան գտնելու ունակությունը, ինչն ապահովում է ժամանակին համահունչ նորի ընկալումը, հետևաբար, նաև՝ գիտակցության պիտանելիությունը: Հավելում. Պետք կգա կրթօջախներում և երեխաների դաստիարակության գործում:
146 Սպասումը հաճախ տալիս է յուրահատուկ և երկարատև բավականություն /երբեմն առավել, քան սպասելիի ստացումը/. անգամ ակնթարթում լավ զգացողություն ապրելու իրական ակնկալիքը մի ամբողջ ամիս կարող է ապահովել հրաշալի տրամադրություն: 147 Տղամարդու «աղակալված» հոգին.
Տղամարդկանց հեկեկալով լացին սովորաբար կարելի է ականատես լինել հարազատի մահվան դեպքում: Նրանց լացը յուրօրինակ տեսարան է և պայմանավորված ոչ նրանով, որ արտասովոր է լացող տղամարդ տեսնելը և ոչ էլ` հարազատի մահվան փաստով: Դա այն եզակի թույլատրելի հնարավորությունն է, որի ժամանակ ազատություն է տրվում տարիներով պարտադրված զսպումի բռնությունից հետո, երբ կոտրվում է մանկուց «չի կարելի»-ից կուտակված արցունքների նստվածքը` հոգու «աղակալված» պատերը /սեռի մի ամբողջ տրագեդիկ տեսարան/: Իսկ ոմանց համար նույնիսկ մահն էլ այլևս հնարավորություն չէ /արդեն ուշ է/:
Եվ սա բազմաթիվ հետևանքների պատճառ` հոգևոր-ստեղծագործականից մինչև անգամ առողջական ...
Անգամ ծխելն այդչափ վնասակար չէ: 148 ԾՆՈՂՆԵՐ.
Տալիս են միայն ծնողները. մնացած բոլոր հարաբերություններում տալ չկա, կա միայն վերցնել` իրարից կամ միակողմ: Դրա համար, անկախ նրանից, թե որ տարիքում են, մարդիկ որբանում են ծնողների չլինելով:
149 Ավագ սերունդների դերը կյանքի հանդեպ մեր գիտակցության վրա.
- Քանի կան նրանք, ում համար ծոռ ենք, թվում է, թե կյանքը հավերժական է, մենք էլ` անմահ, - երբ մնում են նրանք, ում համար թոռ ենք, հասկանում ենք, որ կյանքը հավերժական չէ, բայց թվում է, թե բացառության կարգով մենք ենք անմահ, - երբ մնում են նրանք, ում համար զավակ ենք, հասկանում ենք, որ կյանքը սահմանափակ է, մենք էլ` մահկանացու, - երբ այլևս չկան մեր ավագները, զգում ենք, որ ահա և մոտ է վերջը: Ու գիտակցության նման հասունացմանը զուգահեռ փոխվում է մեր վերաբերմունքը կյանքի, նաև սերունդների հանդեպ /անտարբերությունից սրտացավություն` որպես կանոն ուշացած/:
150 Սիրտը պարտվեց դատարանում.
ՍԻՐՏԸ հայցով դիմեց առաջին ատյանի դատարան ընդդեմ ՈՒՂԵՂԻ` ազատ, իր ցանկությամբ ապրելուն խոչընդոտելը վերացնելու պահանջով: Դատավոր ԽԻՂՃԸ հայցը բավարարեց, ուղեղը բողոքեց վերաքննիչ դատարան, վերաքննիչը, ՍՏԱՄՈՔՍ և ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆ դատավորների կազմով, վճիռը փոխեց ի օգուտ ուղեղի: Սիրտը բողոքեց վճռաբեկ, վերջինս, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ կազմով, վարույթ էլ չընդունեց:
151 Ինչպես դիմացինին մեկ բառով զրկել ձեր որպիսության հաշվին «կայֆ» ստանալու հնարավորությունից.
Երբ մարդ լավ է լինում, ցանկանում է դրանով կիսվել հնարավորինս շատ մարդկանց հետ` դա այդ լավը վերապրելու յուրովի միջոց է: Վատ լինելու դեպքում յուրաքանչյուրը գիտի հատկապես ում հետ կիսվել, իսկ եթե չկա նման մեկը, ապա սպասում և/կամ փնտրում է համապատասխան այդ մեկին: Այլ կերպ ասած, մարդիկ իրականում չեն սպասում, որ հարցնեն «ոնց ես», նրանք կամ պատմում են ում պատահի, կամ գիտեն հատկապես ում պատմել: Այդ դեպքում ինչու՞ է այդ հարցը համատարած դարձել բարևին հաջորդող երկրորդ «ախմախությունը», ու պարզվում է, որ «ոնց ես» հարցը մեծամասամբ չի տրվում դիմացինի լավն ու վատը իմանալու և նրան կարեկցելու համար. այն հաճախ դիմացինի որպիսության հաշվին սեփական որպիսությունը բարելավելու միջոց է: Դրա համար, երբ հնչում է «լավ եմ» պատասխանը, էլ հարցեր չեն առաջանում. կարծես դիմացինդ պապանձվում է ու մի տեսակ հեգնանքով ասում.«դե լավա, կամ` ուրախ եմ քո համար»: Իսկ, ա՛յ, երբ հնչում է՝ «վատ եմ» պատասխանը, սկսվում է սղոցող հարցերի շարանը. պահը բռնում են սեփական որպիսության համեմատաբար լավ լինելու վայելքը զգալու, և ինչքան մեծ է «վատ եմ»-ը, այնքան մեծ է նրանց հաճույքն ու հարցերի ինտենսիվությունը: Դրա համար, եթե ուզում եք զրկել դիմացինին ձեր որպիսության հաշվին կայֆ ստանալու հնարավորությունից, մտքում ասեք՝ «գնա գրողի ծոցը» ու միշտ պատասխանեք՝ «լավ եմ», միևնույն է, ցավակցությունը միֆ է:
152 Երբ ցանկանում ես ամեն ինչ, դառնում ես ինչ որ «ինչ», ու քեզ իշխում են` տալով մի քիչ, իսկ երբ ընդունում ես գոյդ` որպես «ոչինչ», անզոր է դառնում ստրկացնող ցանկացած «ինչ»:
153 Մամայի «ջան»-ը.
Մի անգամ, մի երիտասարդ երկարատև գործուղումից հետո վերադառնում է տուն: Նրա համար ճանապարհը սկսվում ու ընթանում է, սովորական դարձած, ծանրացած մտքերով` կյանքի, իրականության, սոցիալական հազար ու մի չլուծված հարցերի, ... կարճ` ուսերին դրված անհամաչափ բեռի ու սեփական գոյի մասին: Ճանապարհային դադարի ժամանակ որոշում է զանգել տուն ու նախապես ասել, որ ձախողվել է և, երբ իր՝ «ալո»-ին լսում է մոր՝ «ջան» պատասխանը, կտրուկ փոխվում է ամեն ինչ. սիրտը լցվում է ճիշտ հակառակ զգացողությամբ, ու նոր միայն նկատում է, որ արևը շողում էր առավոտից, այն դեպքում, երբ արդեն մայրամուտն է մոտենում: Դրանից հետո հասկանում է` մամայի «ջանը» ու մեր, անգամ հասկանալու դեպքում ՝ տհաս գիտակցությունը»:
154 Խրախուսանքը փորձություն է համեստության, զրպարտությունը` համբերատարության համար, և դրանցից յուրաքանչյուրում ձախողումը բացառում է արժանիքը նաև մյուսում. դրանք առանց մեկը մյուսի չեն լինում:
155 Անծանոթ միջավայրի առավելությունը հարազատից.
Անծանոթ միջավայրում մարդկանց անտարբերությունն ունի օբյեկտիվ պատճառ. այնտեղ օտար ես, ու վերանում է միայնակ չլինելու միֆը: Ահա թե ինչու ենք «փախչում» տանից, երկրից, երբեմն նաև ինքներս մեզանից, երբ ցանկանում ենք խաղաղվել:
156 Թեպետ, նայած ում համար ոնց.
Հարկադրված քաղցն ավելի տանելի է, քան հարկադրված սնվելը /անգամ մարսողության իմաստով/:
157 Մահաբեր երկխոսություն.
Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում թողնել ծխելը ո՛չ թե թմրանյութի կախվածությունից ազատվելու դժվարության, այլև առաջացող «երկխոսության կարոտի» պատճառով /այլ կերպ ու, փաստորեն, ՄԱՀԱԲԵՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ/:
158 «Տարօրինակ զվարճասերներ».
Կա ՄՏԱԾՈՂՆԵՐԻ տեսակ, ովքեր իրենց հոգու ողբերգությունը դարձնում են հանրության սեփականությունը ոչ թե փառավորվելու կամ ցավակցություն գտնելու, այլև մարդկանց կողմից այն կատակերգության վերածելու ընթացքով զվարճանալու համար /«ինքնահալածումի հաճույք»/:
159 Ախ այդ «վատ» հայելիները.
Երբեմն ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ կողմը դիմացինից հիասթափվում, ձանձրանում կամ նույնիսկ նողկանք է զգում, երբ այդ դիմացինը վերածվում է հայելու նրա համար: 160 Ասում են տգեղ կրծքեր չե՞ն լինում.
Կրծքերը նաև խղճի սնուցման և խաղաղեցման աղբյուր են /կենսական անհրաժեշտություն/, դրա համար գեղեցիկ չեն այն կանանց կրծքերը, ովքեր գթասիրտ չեն, ու, փաստորեն, ահա, թե ինչն է նաև դրանց տենչագին ցանկալիության պատճառն ու գեղեցկության որոշիչը: Որպես մարմնի բաղադրիչ` սիրուն են բոլոր դեպքերում: 161 Սիրուց առավել` վստահությունն է.
Արժանապատվությունն այն սյունն է, որի վրա կառուցվում և պահպանվում է մարդու անհատականությունը. միակ այն բացարձակ սեփականը, առանց որի վերանում կամ այլանդակվում է ԵՍ-ը: Դրա ցանկացած ձևի օտարում` աճուրդում, թե ուղղակի, և անկախ գնից, անգամ հանուն հայրենիքի կամ սիրո նվիրաբերումն ենթադրում է ԱՆԻՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ինչն էլ այլևս բացառում է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ: Անիքնասերին գուցե հնարավոր է անգամ սիրել որևէ այլ հատկանիշների համար, բայց վստահել` երբեք, և ոչ նրա համար, որ նրանք պոտենցիալ դավաճաններ են, ուղղակի նրանք բավարար կամք չունեն արժանապատվության պահպանման համար: Ու զարմանալի չէ, որ սերն ու վստահությունը միաձույլ չեն միշտ, օր.` ծնողները չեն դադարում սիրել իրենց զավակներին, երբ նրանք դառնում են խաղա կամ թմրամոլ, բայց այլևս դադարում են վստահել: Ի դեպ, գուցե առանց վստահության մնում է միայն խղճահարությու՞նը. չէ որ այն շփոթության աստիճան նման է սիրուն:
162 Ձուկը ջրից դուրս` սատկած ձուկ է. Պատահականությունների և անհրաժեշտությունների կոնտեքստից դուրս /բախտ/ կամքը անզոր է և արժեզուրկ:
163 Երեք բան.
- Ցույց տուր դիմացինին, որ նա կարող է քեզ խրատել և նա ավելի շատ կխոսի իր արժանիքների մասին: - Երբ սկսում է արհամարհել, նշանակում է չափից ավել ես ձգտել. ետ քաշվիր և առաջացող դատարկության զգացողությունը նրան կստիպի գալ դեպի քեզ. այդ պահից «խաղացողն» արդեն դու ես:
164 Նիրվանա.
Երբեմն, ներքին խաղաղության հասնելու համար, անհրաժեշտ է ԵՍ-ի նարգիտը /զգայական հարաբերությունների ամբողջություն/ մաքրել այն կազմող, բայց արդեն փչացած կամ ավարտված հարաբերություններից և/կամ դրանց մնացորդներից: Պրոցեսը մի քիչ հուզական է, երբեմն` ցավոտ ու բացարձակ դատարկության վտանգով, բայց փոխարենն ապահովում է նիրվանա:
165 «Աստծո» փառասիրության մասին.
Երբ մարդը ստեղծեց աստծուն, վերջինս ուրախացավ, ապա ինքն էլ չզգաց, թե ինչպես մարդն արյունոտեց իր ձեռքերը, իսկ երբ հասկացավ ու փորձեց ընդդիմանալ, մարդը նրան կաշառեց փառասիրության շոյանքով` Աղոթքով: Իսկ ո՞վ կդիմանար նման մեծարմանը:
166 Հաճախ ենք խճճվում սեփական «ես»-ի որոնումներում, երբ այն չենք կարողանում զատել ընդօրինակած կերպարներից:
167
Բախտն այն պատահականությունների և անհրաժեշտությունների կոնտեքստն է, որին և որում հարաբերվում է անձը` որպես կենտրոնական «դերակատար»:
168 Իմաստունն առաջնորդվում է արդարամտությամբ` հաճախ հաղթահարելով նաև բարոյականությունը:
169
Ատու՞մ ես քաղաքականությունը` ստիպված ես առաջնահերթ արհամարհել կրոնը:
170
Չափազանց արժանապատիվ եմ նեղանալու համար` ինձ ծանոթ է միայն հիասթափության զգացումը, և նախ` ինքս ինձանից:
171
Ես բացառում եմ ցանկացած հեղինակություն. հարգում եմ, կամ մնում անտարբեր:
172
Ամբողջի մեջ եմ, բայց միշտ միայնակ, և դրանով իսկ զգում եմ գոյությունս` շարունակում եմ ճանաչել :
173 Օգնությունն առանց հատուցման հնարավորության` բռնություն է ուղղված այն ընդունողի արժանապատվությանը:
174 Ճանաչողություն, գիտելիք և հիշողություն, որոնց համար վճարում եմ մեծագույն շահումի զգացումով:
175 Ինձ հաճախ չեն հասկանում նրանք, ովքեր ընկալում են միայն փաստարկված հետևանքը:
176 Մեկ գլանակ ծխախոտն ինձ համար ավելի հետաքրքիր զրուցակից է, քան հանդիպած մարդկանցից շատերը, և հաճախ` առավել անհրաժեշտ:
177 Ճիշտ ինքնարժեքավորման համար գոնե մեկ անգամ պետք է առիթ ունենաս ինքդ քեզ արհամարհելու. մի բան, որ ոչ բոլորին է բնորոշ` դրա համար էլ շրջապատված ենք մեծամիտ տխմարներով, կամ առավել անվտանգ` համեստ խրթվիլակներով:
178 Բնությունն ասաց.
Ճիշտ ու սխալ մի´ որոնիր, քանզի յուրաքանչյուրն իրավացի է նպատակին հասնելու միջոցների ընտրության հարցում: Դու էլ ազատ ես քո ընտրության մեջ` ընդունել, կամ՝ ոչ, հարգել, կամ՝ ոչ …: Հիասթափվիր միայն ինքդ քեզանից` հավատալու և վստահելու համար, բնության օրենքները փոխելու քո` խղճուկ էակիդ, փորձերի համար:
179 Մեծահոգություն չէ, երբ որևէ մեկին իր արարքի համար նախապատրաստում ես ապտակելուն, բայց չես ապտակում /նվաստացնելու յուրատեսակ հաճույք/:
180 Երաժշտությունը հույզերի միակ հուսալի պահոցն է.
Հույզերի միակ հուսալի պահոցն երաժշտությունն է, որի պարունակությունը հասանելի է միայն նրան, ով լսելով նրանում ներբեռնում է իր զգացմունքները, ապա վերապրում դրանց մասին հիշողությունները` յուրաքանչյուր հերթական կատարման ժամանակ: Սա, ինքնին, նաև սահմանումն է երաժշտության, որպիսին, փաստորեն, կարող է լինել ցանկացած ձայն /ներ/ և դրանց համադրություն, որում «կերաժշտագրվի» մեր հույզերը:
181 Անանուն գայլը.
Անտառից բերված մի գայլ, որ չէր հարմարվում գազանանոցի անազատությանը և անդադար վազքի մեջ էր, այսինքն վազքը ո՞րն է` վանդակն այնքան փոքր էր, որ նրա շարժումն ավելի շատ նման էր տեղում պտտվելու, գրավեց հերթական մի այցելուի ուշադրությունը, ով ժամերով նայելուց հետո ասաց. «չհանձնվես եղբայր» ու հեռացավ: Եկավ էլի շատ անգամներ` հետևելու այդ գայլի «կռվին», տեսնելու վերջը, որ արդեն կանխատեսել էր և ներքուստ ցանկանում էր, որ այն շուտ վրա հասնի ու իրականում գնում էր միայն համոզվելու, ինքն էլ` խաղաղվելու: Այո, հաղթական մահն էր վերջը, որ դարձավ սկիզբը նորի` հավերժի, գայլի կենդանության մի նոր իրականության մեջ. այցելուի հիշողության, որ երբեք չի մոռանա ու պատմելով կապրեցնի նրան: Ու, փաստորեն, գայլն անմահացավ նրա կողմից, ում նայել էր ինչպես բոլոր այցելուներին` ատելությամբ, գուցե երբեմն խնդրելով օգնել, բայց ընդհանուր առմամբ` արհամարհաբար: Հիմա երբեմն միտք է գալիս` գուցե մեզ անմահացնողներն էլ աննկատ են մեր համար, գուցե նրանք են, ում նայում ենք արհամարհաբար` նաև ատելությամբ, գուցե փնտրելով անտեսում ենք նրանց, կամ, գուցե, մեզ չի էլ հանդիպի նման գեթ մեկ այցելու: Իսկ գազանանոց` այլևս երբեք ...
182 Ինչու է լավ մարդկանց հետ ավելի վատը պատահում.
Բարեսրտությունը մարդուն զրկում է իրեն ուղղված չարամտությունը ժամանակին նկատելու հնարավորությունից, որի պատճառով այդպիսիք դառնում են ավելի անպաշտպան, իսկ իրենց չկամներին հաճախ իմանում են խոցվելուց հետո միայն, ու, ցավոք, հաճախ էլ անդառնալի ուշացած:
183 Ո՞վ գիտի իր տեղը հարաբերության մեջ` ոչ ոք, իսկ ո՞վ է պատկերացնում դիմացինի դերն ու պարտականությունների ծավալը` բոլորը: Դրա համար հարաբերություններում բոլորը դժգոհ են, բայց ոչ ոք մեղավոր չէ:
184 Նրանք իրենց արյամբ մեզ համար խնայել և դեռ այդ կերպ խնայում են ապրելու ժամանակ, իսկ ինչպե՞ս ենք մենք տնօրինում այն` մեծամասամբ ինքնաոչնչացման և իրար հոշոտելու համար:
185 Ատելություն.
Մեզ միշտ խրատում են, որ պետք է զերծ մնանք ատելությունից ու հնարավորինս միայն սիրենք: Երբ ապտակում են, պահենք երկրորդ այտը, միայն սիրենք մերձավորին, որ ինքնին նաև պոտենցիալ ամենամեծ վտանգն է` որպես մեզ ավելին իմացող, հետևաբար, ավելի ցավոտ հարվածի ունակ, ասում են, թե հենց ատեցիր, ապա արդեն պարտված ես, և շատ այլ բարոյախրատական աղբեր, որ թուլացնում են մեզ: Հակառակվում եմ` պետք է ատել իմանալ ճիշտ այնպես, ինչպես սիրել, իսկ երբեմն ավելի շատ, քան ..., և սա՛ է ճշմարիտ ապրելու միջոցը: Թե՝ սերն ամբողջանալու և այն պահելու, ապա՝ ատելությունն էլ ամբողջությունը մասնատելու կամ այն արգելելու ձգտում է, ու ինչքա՜ն ամբողջություններ կան, որոնցում ոչնչացվում, խժռվում է մեր ԵՍ-ը: Սիրել արդարը, թե՞ ատել անարդարը, էությամբ նույնն են ու երկու դեպքում էլ միջոցը ճանաչողությունն է, իսկ տարբերությունը նրանում, որ սերը հաճախ ստիպում է հարմարվել, լռել, ենթարկվել, ... հոշոտվել /1,5 միլիոն և ավել/: Բոլորն էլ ատում են, անգամ մեծն «արարիչը», ուղղակի ոմանք բաց են անգամ պատերազմում` արժանապատիվ են, կամ, գուցե, ընդամենը ծայրահեղ միամիտ /«ապուշ»/: 186 Չկա ավելի զվարճալի տեսարան, քան քեզ ուղղված ցավակցող հայացքներ տեսնելը, այն դեպքում, երբ դու ծիծաղում ես սեփական ձախորդության վրա:
187 Ճիշտը մեկ հատ չէ ու բազմաշերտ է.
Մի շտապեք մարդկանց մեղադրել սխալի համար. երբեմն /եթե ոչ միշտ/ մեկ ճիշտը խախտվում է մեկ այլ ճշտով, իսկ համակեցությունից դուրս, առհասարակ, վերանում է ճիշտ ու սխալի տարանջատումը:
188 Չորս բան. - խաչաձև առարկաներից ամենապիտանին ու անհրաժեշտը թուրն է, - աստծո դիրքորոշումը հստակ է իրական հավատացողների և անհավատների հանդեպ, ու խիստ անորոշ` աղոթատեղի գնացողների /ներառյալ եկեղեցի/, եթե իհարկե լիներ աստված, - մարդիկ ավելի դաժան դարձան, երբ ներմուծվեց «մեղքերի թողություն» ինստիտուտը, - աղոթելու օգտակարությունը դիրքի մեջ է և այն էլ թշնամու համար. այդպես հարմար է գլուխ կտրելը:
189 Ո՞վ ենք մենք.
Միշտ մտածում էի, որ պատերազմ ապրած /ապրող/ ժողովուրդների մոտ պետք է ավելանա մարդասիրությունը և նվազի նյութապաշտությունը, քանի դեռ կյանքը «ապտակով» չհասկացրեց հակառակը, ու, փաստորեն, այնտեղով, որտեղով անցել է պատերազմը, մարդիկ դարձել են ավելի սեփականամոլ, ու այդ մոլուցքը վարակի նման համակել է բոլորիս և այնքան, որ այլևս էական չէ որտեղով է անցել և որտեղ` շոշափել, ով է հիվանդացել, և ում վարակել: «Գրողը տանի մեզ բոլորիս», մինչև ե՞րբ, չէ՞ որ մենք այնքան քիչ ենք, չէ՞ որ մենք այնքան շատ ունենք, չէ՞ որ մենք իրավունք չունենք, պարտավոր ենք, կարող ենք, չէ՞ որ մենք, ..., լավ, վերջը ո՞վ ենք մենք: Ու սա այլևս հարց չէ, պատասխան է, բայց և հուսահատություն չէ` դրանից կառչելու փորձ է` մեր ուժը մարդասիրությունն է:
190 Բանականությունն արական սեռի է, խիղճը` իգական. առաջինն առանց երկրորդի վայրագանում է, երկրորդն առանց առաջինի` խեղճանում, ու միայն նրանց «կենակցությամբ է» ձևավորվում հոգու ներդաշնակություն, որից առողջ գաղափարներ են ծնվում: 191 Չի կարելի համբերատարությունը շփոթել խեղճ լինելու հետ.
Համբերատար մարդը նման է նռնակի` կարող ես պատեպատ տալ ու ոչինչ չի լինի, բայց հանկարծ քաշեցիր օղակը` հետևանքը կարող է լինել աղետալի: Իսկ պայթունի ուժգնության չափը պայմանավորված է լիցքից` նրանից, թե ինչքան է նա համբերել:
192 Երկու բան հայրենասիրության մասին, և ոչ միայն.
- հիստերիկությունը ոչ միայն տգեղ է, այլև անվստահության խոսուն պատճառ, եթե անգամ այդ կերպ հայրենասիրություն է քարոզվում կամ արտահայտվում, - երբ հայրենիք և պետություն հասկացությունները նույնաբար են ընկալվում, հայրենասիրությունն էլ է բաժանվում դիմության և ընդդիմության, ու էլ կարևոր չէ, թե ով որ ճամբարից է. երկուսն էլ էժան են, քանզի իրարափոխ և ժամանակավոր են:
193 Նա, ով վարժվում է մեծ «կռիվներին», չի հասցնում սովորել փոքր «վեճերին», «լուսնից» հետո` քայլել «երկրին»: 194 Արժանապատիվ գոյություն.
- Երբ զրկվում ես նպատակիդ համար ապրելու հնարավորությունից, ապա պետք է մեռնես հանուն դրա /շարունակես պայքարել/, ու սա կոչվում է արժանապատիվ գոյություն: - Նպատակը փոխելու, կամ հանձնվելու ոչ մի արդարացված փաստարկ չկա` գոյությունդ արժեզրկվում է բոլոր դեպքերում: Երբ զինվորն ինքն իրեն պայթեցրեց մի քանի թշնամու կյանք խլելով, հենց այս խորհուրդը հաղորդեց մեզ:
195 Թեպետ, նայած ում համար ոնց.
Հետույքի կուսությունն է հպարտանալու առիթ, և ոչ դրա պատռումով հարցերի լուծումը, իսկ լեզուն իր բնական գործառույթով է գեղեցիկ, և ոչ առաջինի հետ շոշափելի շփումով, եթե անգամ դա գրավականն է մի ամբողջ կարողության:
196 Հիմարին կոչում ես իմաստուն ու նա սկսում է արհամարհել քեզ` որպես արդեն իր մակարդակից ցածրի: /անգամ զվարճանք կա սրանում/ 197 Կանացի «զվարճալի» տրամաբանություն /հումորով, բայց ոչ անլուրջ/.
- երբ կինը տղամարդուն ասում է գնա գրողի ծոցը, նշանակում է ուղարկում է այլ կնոջ գիրկը /զիջման ձև/ - ասում ես՝ «ես քեզ արժանի չեմ» և կինը գնահատում է համեստությունդ, անգամ այն դեպքում, երբ ասում ես ճիշտը, իսկ երբ համոզվում է, մեղադրում է իրեն խաբելու համար, - կանայք խուսափում են ամուսնացած տղամարդկանցից, որովհետև նրանցից այլ կնոջ բույր են զգում /ներսեռային կոնֆլիկտի քողարկված դրսևորում/, - կանայք ընդունում են միայն մեկ սուտ` երբ հարուստ լինելով, ասում ես աղքատ եմ:
198 Եթե մտքերը նյութականանալու հատկություն ունեն, ապա
հայեր, վերջ տվեք արտերկրներում և նրանց ներկայացուցիչներին ասել՝ «ցավդ տանեմ», գուցե դրանից է, որ ամենատարբեր հասարակություններին բնորոշ «հիվանդություններով» վարակում ենք մերը:
199 Մարդիկ բավականություն են ստանում իրենցից խելացիի սխալ, և չարանում` հիմարի ճիշտ արարքից:
Առաջին դեպքում լինում է այն, ինչ ներքուստ սպասում էին, երկրորդ դեպքում այն` ինչ արհամարհաբար անհավանական էին համարում: Իսկ մինչ այդ, զվարճանում են հիմարի շարունակական սխալ և չարանում` խելացիի ճիշտ արարքներով:
200
Փալանով մարդը.
Մի մարդ էշին մարդատեղ դրեց, ու վերջինս երախտագիտորեն նրան զիջեց իր փալանը:
201 Մի այլանդակեք հոգին.
Մի հարաբերության կարիքը պետք չէ գոհացնել այլ բնույթի մեկ ուրիշով կամ նրա հաշվին. ավելի լավ է դատարկ պարզություն, քան հագեցած խառնաշփոթ, ավելի լավ է կարիքի կուտակում, քան անպետքի ավելցուկ:
202 Պատահում է և այնպես, որ սիրելուց մնում է սերն առ քարն ու ծառը, գետն ու անտառը ... /ԲՆՈՒԹՅՈՒՆԸ/, որից, սակայն, ամենաշատն ենք հեռացել` անդառնալի հեռու:
203 Հեռավորության ազդեցությունը խղճին.
Որքան մեծ է հեռավորությունը, այնքան նվազում է խիղճը, ահա թե ինչու է ավելի հեշտ սպանել դիպուկահարով, անտարբերության չափ տանելի այլ երկրում մի ամբողջ ինքնաթիռի կործանման փաստը` ի տարբերություն մեզ մոտ գտնվող ցանկացած մեկի սովորական գլխացավի, որի համար կարող ենք անգամ անքնություն ստանալ: Եվ այսպես, ցանկացած իրողության, կամ երևույթի կապակցությամբ` վիրավորանքից մինչև պատերազմ /անգամ աղետ և ցեղասպանություն/:
204 Երբ «խելոքները» շատանում են, արդեն դիտավորյալ ես ուզում հիմարություն անել` միայն թե չխառնվես այդ ամբոխին /նույնը, գուցե, նաև առանց չակերտների/:
205 Քարեր. Երբեմն մեզ հանդիպող մարդիկ նման են ճանապարհին ընկած քարերի` ոմանք այնքան մեծ, որ ստիպում են շեղվել ուղուց, իսկ շատերն այնքան փոքր, որ ընդամենը դանդաղեցնում են ընթացքդ: Հակված եմ հարգելու մեծերին, եթե անգամ նրանք ստիպում են գահավիժել ձորը, թեպետ կախված տեղանքից` այդ շեղումը կարող է լինել նաև հրաշալի նորի ճանաչման պատճառ: Եվ, ցավոք, քիչ են նրանք, ում կարող ես չհամեմատել քարերի հետ ու, կարծես, սկզբի «երբեմն»-ը ավելորդ է /կան արդյոք «ճանապարհի ընկերներ»/:
206 Սիրունը նույն գեղեցիկը չէ.
Արտաքին հմայքից ստացվող կիրքը միայն վայելքով, կամ մերժումով չէ, որ կարող է հանդարտվել. այն ավելի հաճախ մարում է հմայքը կրողին ճանաչելով, ու զարմանալի չէ, որ երբեմն սիրունը նաև տհաճ է, իսկ հակառակը` երանելի: Ճանաչողությունը սեր անելու պես մի բան է և ֆիզիկական անձեռնմխելիությունն անարատության երաշխիք չէ:
207 Ամեն ոք, բայց ոչ միասին, հետևաբար բոլորս. Բոլորը մասնակից են, բայց ոչ ոք մեղավոր չէ, բոլորը՝ հանցակից, բայց ամենքն՝ արդարացված, անթիվ դատավորներ, բայց ոչ մի ամբաստանյալ, ու հայտնի չէ «սկիզբը» /մեղավոր-հանցագործ/: Գուցե այն վաղուց այլևս չկա, կամ գուցե չի էլ եղել, ճիշտ այնպես, ինչպես հայտնի չէ «վերջը», որ գուցե դեռ կլինի, կամ չի լինի երբեք: Ու այսպես ուզում ենք, բայց ոչ ոք չի կարող, կամ գուցե ճիշտ հակառակն է` կարող ենք ամենքս, բայց չենք ուզում միասին: 208 Երբ կարևորը կոչումն է, ոչ` բովանդակությունը.
Օգնող է կոչվում նաև նա, ով աջակցում է ձախողումդ ավարտին հասցնելուն: Խանգարողից տարբերվում է նրանով, որ նախընտրում է գաղտնի գործել` իբրև «իրական բարերար»:
209 Այս իրականությունից անդին գոյության շարունակության լավագույն փաստարկն երաժշտությունն է, ու կարևոր չէ գոյաձևի իմացությունը. բավական է այն, որ գնացողները չեն շտապում վերադառնալ, ինչը վկայում է այնտեղի հրաշալի «երաժշտության» մասին /հույս ունեմ` նաև առանց չակերտների/: 210 Դանդաղ առաջընթաց, թե արագ տեղապտույտ.
- ներդաշնակ շարժումը խցանումներից խուսափելու և, այդպիսին առաջանալու դեպքում, ընթացքն արագ կարգավորելու միջոց է /դանդաղ առաջընթաց, թե արագ տեղապտույտ/, - մի հասարակությունում աստիճանական զարգացման շնորհիվ ստացվածը չի կարելի վերցնել ու կիրառել մեկ այլ հասարակությունում` որպես պատրաստի արդյունք. ստացվում է ճիշտ հակառակ էֆեկտը /հետընթաց/, - միևնույն է, գալիս է պահ, երբ անհատական զարգացումը ստիպված է կանգնել և սպասել ընդհանուրի զարգացմանը:
211 Մեկը դիմեց հոգեբանին, հոգևորականին և իմաստունին. - ինձ համար անհեթեթ են մարդկանց ուրախության և զվարճալի` տխրության շատ պատճառներ, ու չգիտեմ` բոլո՞րն են համատարած տխմարացել, թե ես. հոգեբան - Դա ձեր անհատականության ներքին ... հոգևորական - Աղոթի՛ր ... իմաստուն - Դա այլևս կարևոր չէ. նրանք շատ են, նշանակում է` բոլոր դեպքերում տխմարի կարգավիճակում կլինես դու: 212 Երբ հույսն ապրում է լռությամբ, մարում` արտահայտվելով.
Բառերն ինքնին սահմանափակ են, ամենքի համար ունեն յուրատեսակ զգայական իմաստ և տարբեր է յուրաքանչյուրի իմացության պաշարը, բացի այդ, սովորաբար մարդիկ լսում և տեսնում են այն, ինչ ուզում են, հասկանում այնքան, ինչքան կարող են և ընդունում այն, ինչ պետք է: Այդքանից հետո էլ հաճախ բացատրություն են պահանջում, բայց ոչ հասկանալու փորձի, այլ իրենց պետքին ներդաշնակեցնելու լրացուցիչ հնարավորության համար, որի չստացվելու դեպքում «դատապարտում են» /մարում է հասկացվելու հույսը/, բայց ոչ ոք մեղավոր չէ. այս մի բանն էլ այսպես է ստացվել:
213 Ծայրահեղության մեջ հակադիր երևույթները նույնանում են, ուստի, եթե մի բան չի ստացվում փոխել դեպի լավը, ապա պետք է վատը հասցնել բարձրակետին և վայելել:
Ու սրանում համոզվելու առիթ ունենում ենք յուրաքանչյուրս. երբ ամեն ինչ այնքան վատ է, որ ուղղակի ուզում ես զվարճանալ, և իսկապես զվարճանում ես, մի այլ տեսակ ես զվարճանում, ու լա՜վ է:
214 Ամենքս ապրում ենք ուրիշի չապրելու հաշվին.
Ամբոխի մեջ լինելու հակումը պայմանավորված չէ միասնականի անվտանգությամբ /փոխհոգածությամբ/` ուղղակի նրանում հավանականությունն է մեծ, որ «կհոշոտվեն» ուրիշները, բայց ոչ դու, կամ դա կլինի ուշ ու կհասցնես ապրել ավելի երկար: Ու ամբոխի յուրաքանչյուր անդամ նրանում է հենց այս զգացողությամբ, իսկ հանրային համակեցությունը /հասարակությունն առհասարակ/ նույն երևույթի քաղաքակիրթ անվանումն է լոկ /ոչինչ չի փոխվել ու չի փոխվելու` ամենքս ապրում ենք ուրիշների չապրելու հաշվին/:
215 Մեղադրելը` որպես ինքնասփոփանք և չափիչ.
Քո հանդեպ սխալ են գործել, և դու արդարացիորեն մեղադրում ես մեղսագործի՞ն /ներին/, դե լա՜վ, խոստովանիր, որ այդ կերպ ավելի շատ սփոփվում և քողարկում ես սեփական տգիտությունը` հավատալով հիմարանալու, ստին անպատրաստ լինելու : Եվ, փաստորեն, ինչքան մեղադրում ես, այնքան հիմարացել ես, հետևաբար` այդչափ էլ տգետ ես /նաև/:
216 Ներելը պատժելու միջոց.
Մի տեսակ չի ստացվում ասել «ներում եմ» նրանց, ում սիրում կամ այլ կերպ արժևորու՞մ ես` ուղղակի նրանց արհամարհել չես ուզում, ու հեչ չի լինում ներողություն խնդրել ուրիշների՞ց` ուղղակի քեզ արհամարհելու հնարավորություն չես ուզում տալ նրանց /արժանապատիվ է/: Եթե հնարավոր է, ապա կրկին ընդունել` չմոռանալով սխալը, ու նաև ինքդ տրվել սեփական սխալի նման գիտակցումով. ահա միջոցը շեղումից հետո հարաբերությունը ճիշտ ուղի վերադարձնելու և կարևորը` այն այդպիսին պահելու /զգոնությունը չենք կորցնում ո՛չ մի դեպքում ու բառախաղի չենք տրվում/: Ամեն դեպքում, ներելը արհամարհելու հաճելի զգացողություն է տալիս:
217 Բայց հո կյանքը լի է չէ՞ անակնկալներով. Քվազիմոդոյի առավելությունը նրանում է, որ արհամարհանքը նրա համար սովորական սպասելին է /նրա համար միջավայրի բաղադրիչ է/, իսկ հակառակը` հաճելի անակնկալ /էսմերալդա/, իսկ ինքնահավանի մոտ ճիշտ հակառակն է. նա երբեք չի սպասում արհամարհանքի ու դա նրա համար տհաճ անակնկալ է, որին պատրաստ չէ: 218 Ճանաչողության հանդեպ արհամարհանքի պատճառներից.
Շատերը չեն սիրում ճանաչողությունը` որպես իրենց սպառնացող վտանգի, քանզի այն շրջանցում է տպավորությունը և մերկացնում` էությունը, ու հաճախ, կանանց պարագայում, սիրամարգից մնում է պճնված հավ, իսկ տղամարդկանց դեպքում էլ բացահայտվում է, որ առյուծ չէ, այլ լամպի լույսի առաջ սեփական շողքով զվարճացող կատու:
219 Առերևույթ հակասական, բայց ոչ իրարամերժ.
Տխուր-լավ, ուրախ-վատ` առերևույթ հակասական համադրություն, բայց իրականում ոչ իրարամերժ, քանզի տրամադրությունը հոգու համար նույնն է, ինչ եղանակը մարմնի, ու բոլորը չէ, որ անձրևի ժամանակ հոդացավեր են ունենում: Եվ բացի այդ, սերն առ մառախլապատ գիշեր, ոչնչով չի զիջում սիրուն առ արևաշատ առավոտ:
220 Հաճախ անխելքների գործողություններից խելամիտ հետևություններ են անում խելացիները, օգուտը ստանում` ճարպիկները, ովքեր երբեմն լավ մարդիկ են: 221 Եվ այս իմաստով արևմուտքը ուժեղ է արևելքից և մնացածից.
Համակարգային կառավարում ունեցող պետությունները քաղաքական առումով ավելի պաշտպանված են, քան անոնք, որոնց կառավարումը կենտրոնացված է անհատների ձեռքերում: Ու այս դեպքում պաշտպանվածությունը որոշվում է ոչ թե հզորությամբ, այլ խոցելիությամբ: Բնականաբար համակարգի պարագայում խոցելի տեղը հայտնաբերելը և այն շարքից հանելը շատ ավելի բարդ է /եթե ոչ անհնար/, քան անհատի, ով ինքնին հայտնի է որպես միակ թիրախ և միանգամայն խոցելի` որպես այդպիսին, իսկ հետևանքը` պարտություն պետության համար /նաև կործանարար/: Ընդ որում, ֆինանսական, տնտեսական և ռազմական հզորությունը, որին հնարավոր է հասնել նաև անհատի կառավարմամբ, այս դեպքում բացարձակ նշանակություն չունի. նման պետությունները շարունակում են մնալ ավելի խոցելի /անգամ ատոմային զենքի առկայությունն ապահովություն չէ` «այդ ձեռքերը երբեք չեն հասցնի սեղմել կոճակը»/: Հիմնավորումը պատմության մեջ է:
222 Հեքիաթների իրական խորհուրդը.
Լինում է, չի լինում ..., /ու վերջում բարին հաղթեց, ապրեցին երկար, երջանիկ և հարուստ/, այսինքն` իրականում այդպես չի լինում ՓՈՔՐԻԿՍ:
223 Ճշմարտության արժեքն իմացվում է միայն սեփական սխալով.
Ուրիշի սխալից հետևություն անելով հնարավոր է իմանալ ճշմարտությունը, բայց նրա արժեքը` ոչ, հետևաբար այն կրկնելը պարտադիր չէ, որ որակվի հիմարություն. գուցե փորձ է արվում հասկանալ ավելին և ամբողջականը /սեր առ իմաստնություն/: Իսկ հակումն առաջնորդվել ուրիշի ստացած հետևություններով, նման է երևույթի, երբ սովոր են ուտել հացը` չմտածելով այն ինքնուրույն վաստակելու մասին /ձրիակերություն, որպես կանոն` անշնորհակալներին բնորոշ բան/:
224 Համբերության դերը ճանաչողության մեջ. Եթե չի երևում գետի հատակը, դա դեռ չի նշանակում, որ այն խորն է` գուցե ուղղակի և ընդամենը պղտորված է /սպասումը կբացահայտի իրականությունը/: 225 Հայհոյանքի /օր.` դավաճանի պիտակի/ ավելի շատ արժանի է ոչ թե նա, ով սիրում է շատերին, այլ նա, ում սիրում են շատերը, բայց ինքը` ոչ մեկին: Աստվածավախները թող զերծ մնան սրան ձայնակցելուց` անզգուշաբար կվերածվեն սրբապղծի, իսկ քարկոծելուց հիշում ենք, որ մեղքի չափն ուղիղ համեմատական է նետած քարերի քանակին:
226 Արդարաբանությունն էլ երբեմն հերոսություն է.
Երբեմն ճիշտն ասելու համար ավելի շատ համարձակություն է պահանջվում, քան մեռնելու, քանզի առաջին դեպքում դեռ պետք է շարունակես ապրել` կրելով ճիշտն ասելու հետևանքները:
227 Երբ քեզ ներդաշնակ չես զգում հասարակության մեջ,
հագիր երկու համար փոքր կոշիկ ու եղիր ոչ հարազատ միջավայրում` այն, ինչ կլինի ընթացքում, կտա կարևոր հարցերի պատասխանները, ու նախ` քո մասին:
228 Հայտնի տաֆտոլոգիա և անհեթեթություն.
Տղան աղջկան առաջարկեց ընկերություն, վերջինս մերժեց, ասելով. «ոչ, արի մնանք ընկերներ» /անհնարինությունը դեռ մի կողմ, հնչում է որպես տաֆտոլոգիա, այդպես չէ՞/ ու, առավել ևս, չի կարելի ասել. «եղիր ինձ համար ինչպես եղբայր»` դա էլ արդեն նման է ինցեստի: Եթե մերժում, ապա՝ կամ «գրողի ծոցը», կամ` ոչինչ /լավագույն դեպքում միայն ծանոթներ/, միջանկյալ ցանկացած «ինչ» կարող է լինել միայն «սեր անելուց հետո»:
229 Երբ պատճառը վերածվում է առիթի.
Քննադատության պատճառը հաճախ փոխվում է գովեստի, իսկ մի քիչ համեստների դեպքում` արդարացման առիթի, երբ քննադատողը հայտնվում է քննադատվողի տեղը, ու գրեթե չի վերածվում ինքնաքննադատության:
230 Ինչպես հանդիսատեսից դարձավ դիտորդ.
Ինքնասպանություն գործելու նպատակով տանիք բարձրացած մեկն իր շուրջն էր հավաքել հոծ բազմություն, որը հետևում ու սպասում էր ինչպես հանդիսատես: Բոլորը խոսում էին փրկության ամենատարբեր մեթոդների և միջոցների մասին, քննարկում` հնարավոր դրդապատճառներն ու արտահայտում` ափսոսանք: Բայց ամբոխի մեջ կանգնած մի երիտասարդ ինքն իրեն հանկարծ բռնեց մտքի վրա` ինչ որ անհասկանալի, բայց հաճելի բավարարում ստանալու տենչով ներքուստ ցանկանում է, որ տանիքին կանգնած մարդը ցած նետվի և անգամ աչքերը չի թարթում, որ ոչ մի դրվագ բաց չթողնի: Շփոթությունն արագ վերաճեց սթափեցնող սարսափի, երբ նա հասկացավ, որ իրականում դա հանդիսատեսներից յուրաքանչյուրի ցանկությունն է, ու նրա լսողությանը հասու դարձավ ամբոխի ներքին-իրական և գրեթե աղերսի նմանվող գոչյունը. «ցատկիր, ցատկիր, ցատկի՜ր` բավարարի, գոհացրու, ազատի ՜ մեզ այս տենչից»: Ամբոխի մեջից դուրս գալով` երիտասարդը զգաց, որ որքան հեռանում է նրանից, գոչյունի անլսելի դառնալուն զուգահեռ, մարում է այդ տարօրինակ ցանկությունը ու արթնանում է մահվան գիրկը նետվողի նկատմամբ անկեղծ կարեկցանքը: Նա խաղաղվեց, հասկանալով, որ, փաստորեն, դա ոչ թե իր, այլ ամբոխի ներսում ծնվող ցանկություն է, ու նրանում ներկա ամեն մեկն էլ իր պես անմեղ է, թեև «հանցակից է» այդ «մարդակերությանը»: Դրանից հետո նա որոշեց այլևս հանդիսատես չլինել` չտրվել «իրենից դուրսի» կառավարմանը ու վերածվեց դիտորդի /երբեմն, նման տանիքին կանգնած այն մեկին/:
231 Կուշտ փորի հետևանքը.
Կատուն, որը միանգամից է սպանում իր զոհին /սովորաբար մկանը/, ավելի հումանիստ է, քան նա, որ անում է նույնը խաղալով` նույնիսկ եթե վերջում բաց է թողնում /դաժան զվարճասիրություն/: Չնայած սրանում իր դերն ունի նաև փորի կշտությունը, որը կատվին երբեմն դարձնում է նաև ծույլ ու անպետք: Բայց սրանում ավելի մեծ զավեշտ կա և այն մեզանում է ու ոչ` կատվի կենսակերպու. մենք շարունակում ենք խաբվել նրանց նրբությանը, մլավոցին, փամփլիկությանը, ... ինչով էլ և կուլ ենք տալիս խայծը, ու ձրի կերակրելով` նրանց դարձնում ավելի անպետք մեր, և դաժան` այլոց համար /հիմարացվում ենք/:
232 Ու առհասարակ պետք չէ շտապել.
Անտարբերության մեջ մի շտապեք մեղադրել նրան, ով կարիքավորի կողքով անցնում ու նրա կողմը չի նայում. գուցե նա ամաչում է, որ օգնել չի կարողանում, ու նաև չի բացառվում, որ ինքն էլ նրա նման մեկն է, ով, սակայն, դեռ փորձում է ծնկի չգալ` ոտքերի վրա մնալ ու քայլել... կամ, գուցե, ընդամենն այն մեկը, ով չի համարձակվում խոստովանել` գլուխը կախել ու ձեռքը պարզել /չի հավատում, որ դատարկ ափին կարող են կարեկցանք դնել և թքամանի հետ չշփոթել/:
233 Դիմորդներ եղան միայն 5-րդ օրը և այն էլ հոծ բազմություն,
երբ, հաշվի առնելով հարցումների արդյունքները, որտեղ, որպես ցանկալի անհրաժեշտություն, առաջին տեղում էր սիրո կարիքը, ապա` 2. ընկերության, 3. հավատարմության, 4. խաղաղության, 5. փողի, բարեգործական ընկերությունը հայտարարեց դրանց մեծ քանակությամբ պահեստավորման և, ըստ առաջնահերթության, հաջորդական օրերում անվճար բաժանելու մասին:
234 Եվս մեկ դառնահամ ճշմարտություն.
Մեղքերը մարմնին վերագրելը մեծագույն ստերից մեկն ու հոգու արդարացումն է: Անգամ ցանկասիրությունը հոգու զվարճանքն է և ոչ մարմնի, վերջինս, բոլոր դեպքերում, նրա կամքի կատարողն է, որ ծերանալով ազատվում է անառակ տիրոջ շահագործումից և մահանալով` հանգստություն գտնում բնության գրկում: Ոմանք հրեշտակ են, որովհետև և պարզապես իմպոտենտ են և ոչ սրբահոգի: Ու դեռ հարց է` աղոթելուց ով է ումից փրկություն խնդրում և/կամ ով ում մեղքերի համար է ներում հայցում` հոգին մարմնի, թե՞ մարմինը հոգու:
235 Առայժմ այսպես է.
Պատմություն կարդալով իմանում ես անցյալի իրողությունները, ներկայում` հասկանում դրանց պատճառները, ու վախենում, որ անցյալը կկրկնվի ապագայում:
236 Պարտադրված առաքինության մասին.
Շատերս /եթե ոչ բոլորս/ երբեմն զարմանում ենք երևույթից, երբ օրենքին հետևում է նա, ով հնարավորություն ունի այն խախտելու: Բայց զարմանքն այդ պայմանավորված չէ միայն երևույթի հազվադեպությամբ, այլ, գուցե, ավելի շատ նրանով, որ ինքներս նրա փոխարեն կանեինք հակառակը` հնարավորությունը բաց չէինք թողնի ի շահ մեզ օրենքը շրջանցելու, այլապես զարմանալու փոխարեն կընդունեինք որպես սովորական սպասելի: Եվ այստեղից կասկած է առաջանում նաև շատերիս օրինապաշտության, բարոյականության, անգամ հավատքի և այլ առաքինությունների կապակցությամբ. գուցե ուղղակի հնարավորություն չունենք ցույց տալու հակառակ-իրականը /այն, ինչ կանք/, ու սա կոչվում է պարտադրված առաքինություն, ինչը կեղծաբար ներկայացնում ենք իբրև մեր կամք և ընտրություն:
237 Երբ ազգը զրկվում է պետությունից, վաղ թե ուշ, վերածվում է ցեղախմբի և այդ կերպ դառնում հումուս` այլ ազգերի համար:
238 Երբ «ներսից» փոխում ես «դուրսը». Եղիր ինքդ քեզ ամենախիստ պատժողը, ու քեզ ուղղված այլոց հարվածները կլինեն ավելի հեշտ տանելի /անգամ զվարճալի/, բայց մի եղիր ինքդ քեզ ամենաշատ սիրողը, որ քեզ ուղղված այլոց սիրուց հաճույք ստանաս /չձանձրանաս/: Եվ սրանք որպես օրինակներ միջոցի, թե ինչպես Ես-ի հանդեպ սեփական վերաբերմունքով կարելի է կառավարել արտաքին ազդեցությունը նրա վրա` առանց միջավայրի փոփոխության:
239 «Գազանը». Ամբոխ` մարդկային բութ ամբողջություն /«գազան»/, որտեղ բացակայում է գիտակցությունը և կամքը միայն բնազդային քաղցի հագեցումն է, որ ստիպում է նրան բացված ու լոզոտ երախով հետևել տիրոջ կերակրող ձեռքի շարժումին, ով մատի ցուցումով հրահանգում է. «ահա՛ նրանք. անհատականությունները, նրանք են քո սնունդը, հոշոտի՛ր»: Քաղցի բավարարումից հետո առաջացող մեղքի զգացումը գազանին ստիպում է վազել աղոթատեղի, որտեղ նրան սպասում է հագևորսը` բնազդի այն նույն, բայց կերպարանափոխված տիրակալը, ով նպաստում է մարսողությանը և կրկին բացում ախորժակը` նույն հրահանգը նորից կատարելու համար /անվերջ/:
240 Հրապարակային պատժի կիրառումը չի վերացել, փոխվել է ձևը. ուղղակի հիմա հոգին են /էություն/ հալածում հրապարակային, իսկ մարմինը` գաղտնի /մեկուսարանում/: Ու փոփոխությունը միայն կիրառողի քմահաճույքից չէ. փոխվել է նաև ամբոխի զվարճասիրությունը:
241 Բայց սա հուսադրվելու առիթ չէ, նրանք իսկապես շատ են.
Սովորաբար հիմարների թիվն իրական քանակի համեմատ բազմապատիկ շատ է թվում` ամեն տեղ և ամեն ինչում երևալու նրանց ձգտման պատճառով /հիմարությանը բնորոշ ներքին մղում/, և ուշադրությունը բացահայտում է այդ դեմքերի կրկնությունը:
242 Իսկ հաջողակ մարդիկ ամեն դեպքում կան.
Ցինիկության ձև է նաև, երբ հաջողակ մարդկանց կողմից ուրիշներին այդպիսին լինելու դասեր են տրվում` բախտի բարեհաճությունը վերագրելով իրենց «իմաստնությանը» /անշնորհակալության յուրատեսակ դրսևորում/, ու դեռ հարց է` դրական արդյունքն ավելի շատ սեփական հաջողության, թե ուրիշի անհաջողության հետևանքն է, վաստակ է, թե` հափշտակություն: Իսկ թե իսկապես լիներ հաջողակ լինելու բանաձև և/կամ դրա ուսումնառության հնարավորություն, ապա մնացած կրթօջախների դռները պետք է վաղուց փակ լինեին` անպետքության պատճառով:
243 Ցերեկային լուսնոտություն.
Պատահում է և այնպես, երբ ուզում ես գիշերները չքնել /նրանում է ստացվում սրտանց ապրել/, իսկ առավոտները պարտավոր ես արթուն լինել, ու աստիճանաբար քնարբեցողից սկսում ես ցերեկային լուսնոտի վերածվել, երբ գիշերային քնովսպանի բռնությանը շարունակում ես հակառակվել:
244 Փառատենչիկ «համեստության» մասին.
Երբ որևէ մեկը, ի պատասխան իրեն ասված գովեստի խոսքերի, արձագանքում է` «ես արժանի չեմ նման մեծարման», կամ համանման «համեստությամբ», դա ավելի շատ ակնարկ է դրանք կրկին ու է՛լ ավելի «համոզիչ» լսելու ցանկության: Շրխկացրեք երեսին հակառակ կարծիքը և տեսեք, թե ինչ արագությամբ կընդունի առաջինում իր արժանիքը /համոզիչ ձև է/:
245 Ինչքա՞ն անկեղծասերներ են մնում այս չափումից հետո.
Սեր առ անկեղծություն նախ նշանակում է` սիրել սեփական թերությունների մասին իմանալ և/կամ լսել ուրիշի շուրթերից, հակառակ դեպքում այն շփոթում ենք հաճոյասիրության` իր մասին դրական և համախոհների հավաքագրման` այլի վերաբերյալ կարծիքներում: Սովորաբար մարդիկ դժվար են մարսում անգամ՝ «բերանիցդ տհաճ հոտ է գալիս» պրիմիտիվ անկեղծը, ուր մնաց էության մասին ...:
246 «Ուրիշի ձեռքով ինքնասպանություն». Հանկարծ որոշեց հենց այդ գիշեր զբոսնել, հանկարծ որոշեց երբևէ չեղած փողոցով քայլել ու հանկարծ չուզեց ամբոխը շրջանցել. ուզեց լսվող վեճին ականջ դնել: Վեճում հանկարծ զենք կրակեց ու «լուսնոտի» ճակատը ճեղքեց, արթմնությամբ տառապող գիտակցությունը մարեց /խաղաղվեց/: Քննությամբ կատարվածն անզգուշաբար մահ որակվեց ու «մեղավորը» պատժի դատապարտվեց, բայց իրականում միայն նա գիտեր, որ մեղքն ու մեղավորը սխալ որոշվեց` անզգուշություն չէր դա, ոչ էլ` պատահականություն, դա կոչվում է` ուրիշի ձեռքով ինքնասպանություն:
247
Հա՛նգամանքները, պարոնայք, հանգամանքնե՜րը. Մի օր աստվածն ու սատանան որոշեցին փնտրել աշխարհի ամենասուրբ և ամենապիղծ մարդկանց, ու կանգնեցին զվարճալի փաստի առաջ, երբ պարզվեց, որ երկուսն էլ ընտրել են նույն մարդուն, ով, ի պատասխան նրանց հարցական հայացքների, ասաց` «հա՛նգամանքները, պարոնայք, հանգամանքնե՜րը»: 248 Շատերին, և հատկապես դրամապանակի հաստությամբ ներշնչվածներին.
Ցանկացած վարձու աշխատանք և/կամ ուրիշից խիստ կախված վաստակ` ստրկություն է, տարբերությամբ, որ այս դեպքում երբեմն կարողանում ես ընտրել ում ստրուկը լինել և ինչի դիմաց, իսկ սերն առ աշխատանք ոչինչ չի փոխում ասվածում, քանզի դասական իմաստով ստրուկների մեջ էլ եղել են այնպիսինները, ովքեր սիրել են այն, ինչով զբաղվել են /անգամ սիրել են իրենց ստրկատերերին/: Եվ ինչքան էլ հակասական թվա, բայց աշխատասիրության ու վաստակի չափով էլ իմաստը մնում է անփոփոխ. շատ ստրկությունն էլ երբեմն ենթադրում է շատ վաստակ, իսկ հանրագումարը նույնն է /ստրուկ/, ու աշխատասիրության քարոզը, որպես «առաքինություն», բխում է բացառապես ստրկատերերի շահերից, դրա համար ամենաշատը հենց նրանք են խոսում այդ մասին` իրենք մնալով ճիշտ հակառակ կեցութաձևի մեջ: Այնպես որ, և հատկապես դրամապանակի հաստությամբ ներշնչված ստրուկներ, շքեղությունը դեռ պայման չէ էության փոփոխության `շատերը նույն կաստայից են, իսկ ոմանք ստրկացել են այնքան, ինչքան ունեն: /կամ էլ գուցե հակառակը` ճիշտը դուք եք/ 249 Կեցությունն է որոշում գիտակցությունը` դա է ճշմարտությունը.
Շատերը ստիպված մի կողմ դնելով իրենց նախասիրությունները (հոգևորը) բթանում են, երբ արթուն ժամանակ պարտադրված մտածում են միայն քաղցած չմնալու, երբեմն նորը հագնելու /կամ գոնե ուրիշինը մաշելու/ և կացարան ունենալու /կամ դրանից չզրկվելու/ մասին, իսկ այն քչերը, ովքեր փորձում են հոգևորի պահանջը հագեցնել իրենց նորմալ քնի հաշվին, կարճ ժամանակ անց խելագարվում են: Եզակի «հատուկների» մասին խոսելն ավելորդ է, իսկ նրանց «խրատները» զուտ դեմագոգիա, քանզի ինչպիսինն էլ լինեն` մեծամասնությունից կտրված են, հետևաբար նրա համար անպետք են, եթե անգամ հոգևոր գերարժեքների կրող են /չնայած այդ եզակիներից շատերն էլ «դասականի» տակ քողարկված մսագնդեր են/:
250 Երբեմն, հարուստ անգրագետները վրեժխնդիր են լինում ուսյալների հանդեպ` ժամանակին նրանց կողմից ստացած արհամարհանքի համար, ու սա՛ էլ այն դեպքերից է, երբ պետք է արդարաբար ասել` արդարությունը վերականգնվեց:
251 Դիակը պատրաստ է, և ամբոխը հավաքվեց, ամենքը ներս մտան խիստ մռայլ դեմքով, բայց ոչ վշտից, այլ` շփոթության զգացումից, որ կենդանության օրոք այդ տան տեղը չգիտեին, հանգուցյալն էլ էնքան էր փոխվել, որ կասկածելի էր անգամ` արդյոք ճիշտ ե՞ն եկել, բայց այդ զգացումն էլ մինչև առաջին բաժակը տևեց. դրանից հետո զրույցի թեման առուծախի փոխվեց, ու հաջորդ հանդիպումը մյուս հուղարկավորությանը նշանակվեց:
252 Երկու բան հայերիս համար և ոչ միայն.
- Սրբադասման ենթակա են ոչ թե անմեղ զոհերը, այլև ազգի ու հայրենիքի համար կռվողներն ու կռվածները /ողջ, թե զոհված/: - Նրանք, ովքեր հայրենասիրությունը, առաքինությունն ու օրինապահությունը պայմանավորում են միայն հավատքով, ամենաքիչն են վստահություն ներշնչում, ու այդ արժեքների պահպանման գործում` խիստ վտանգավոր են համարվում:
253 Ժխտում.
Մարդկությունը մի բանում հստակ մնացել է անփոփոխ պարզամիտ` հավատքում առ արարչական հեքիաթ, ընդ որում, պրիմիտիվ հեքիաթ, ինչն էլ գուցե դրա կայունության առանցքային պատճառներից մեկն է, ու այդ մոլորությունն այնքան է արմատացած, որ մինչ օրս ո՛չ միայն չեն ժխտվում հոգևորս կրոնները /այդպիսինն են բոլորը/, այլև ձևավորվում են բազմատեսակ ու մեկը մյուսից է՛լ ավելի այլանդակ ճտաճյուղեր (աղանդներ), որոնք մարդկանց գիտակցությունը քամելով սնվելու, ապա` որպես բթածած զանգված, կառավարելու միջոցներ են: Իսկ «իրական հավատքը կրոնների կամ աղոթատեղիների հետ կապ չունի» սուտն էլ ինքնին մի նոր աղանդի հիմքն է: Աստված գոյություն չունի, բայց որպես քաղաքականության գործիք` հանճարեղ գաղափար է:
254 Մոնթեի «Եթե կորցնենք Արցախը, մենք կփակենք մեր պատմության վերջին էջը» խոսքի մեկնություն, կամ` երանի գիտակցեինք բոլորս.
Հայերիս ցեղասպանությունը նախաձեռնեց և իրագործեց թուրքը, շարունակողը դարձավ ժամանակը, համակատարողներ` բոլոր ազգերը, բայց արդեն մեր ընտրությամբ /ձուլում/: Ոչնչացման այս ընթացքը կանխվեց Հայաստանի անկախությամբ` որպես աշխարհասփյուռ հայությանը միավորող հանգույց (ինքնության հիմք), «վերակենդանացումը» ապահովվեց Արցախի ազատագրմամբ` որպես այդ հանգույցի ամրապնդում (արժանապատվություն): Հետևաբար առանց Արցախի կթուլանա, ապա կբացվի այդ հանգույցը և կվերսկսի հայերիս ցեղասպանության ընթացքը, բայց այլևս անդառնալի ընթացքը: Ահա որտեղ է բոլոր հարցերի լուծման սկիզբն ու միջոցը` ԱՄՈՒՐ ՀԱՆԳՈՒՅՑ:
255 Այն, ինչով խունկն է վարակում օդը, ախտահանում է վառոդի հոտը:
256 Ինչը «ոչինչն է».
Ինչու՞, ի՞նչ է պատահել, ... հարցերի ու, դեռ չլսած պատասխանը, անհեթեթ խորհուրդների ու խրատների շարան, երբ հանկարծ մենակությունդ ուրիշներին դառնում է նկատելի: «Կարեկցող» այդ հայացքներում առավելապես միայնակության հանդեպ նրանց իսկ սեփական սարսափն է դառնում տեսանելի, ու առաջացող ժպիտդ ամբողջական է դարձնում կարծիքը քո մասին, որ նման ես խելագարի, բայց անիմաստ է բացատրել խաղաղության մասին, որ զգում ես այդ պահին (փորձում ես զգալ), քանզի պատրաստ չեն հասկանալ, իսկ հասկանալուց ընդունել, իսկ ընդունելուց հաշտվել իրականության հետ, որ «ոչինչ ենք» ամենքս ու մոտ ապագայում` ընդամենը փոշու մասնիկ, որ, օրինակ, մեկը թափ է տալու իր փեշից կամ փողկից, մեկ ուրիշը` ջրով թրջելու, որ ծանրանալով կպչենք հատակին ու մաքուր օդը չաղտոտենք, ինչպես անում ենք ինքներս ու երբևէ չենք մտածում. իսկ գուցե դա հե՛նց Սոկրա՛տն է, Մակեդոնացի՛ն, կամ Տիգրան Մե՛ծն է, Նարեկացի՛ն, կամ Սևա՛կն է … մեկը մյուսից պաշտելի կարծես և այո` միայն կարծես … Սարսափելի է մենակության զգացողությունը մինչ այն պահը, երբ նրանում ճանաչում ես խաղաղության միակ բացարձակը, ու հետո է՛լ ավելի սարսափելի` պարտադրված վերադարձը համակեցություն, և միակ սփոփանքը հավատն է, որ անխուսափելիորեն կա իրավունքը. չլինելով տրվելու հողին, ջրին, քամիներին ու թափառելու` երբեմն հայտնվելով մեկի փեշին, մյուսի փողկին, ոտնամանին, ծառին ու ծաղկին, ... լինելու մեկ այս, մեկ էլ ուրիշ մայրցամաքում, մեկ էլ` հանկարծ տիեզերքում …
257 Սա՛ էլ նկատի ունենանք.
Երբ ցանկանում ես ճանաչել մարդուն, անհրաժեշտ է նկատի ունենալ. մակերեսը կոշտ ու ցավեցնող է, թե նուրբ ու հաճելի, պայմանավորված է նաև նրանից, թե ինչ ճնշմամբ ես այն շոշափում, որից կախված` քարը կարող է «դառնալ» բամբակ, բամբակը` քար:
Իսկ կանանց, առհասարակ, անհրաժեշտ է վերաբերվել ինչպես ածելու. շոշափելուց պետք է բացառես ճնշումը, եթե, իհարկե, չես որոշել ստուգել սայրի սրությունը, թեպետ կան տխմարներ, ովքեր սրա փոխարեն նախընտրում են դրա բթացումը: Ու վերջինից պետք է հետևություն անեն հատկապես կանայք. Էությամբ մուրճը` մնում է մուրճ:
258 Մարդու խլացված ճիչը.
Մարդու հոգում մշտապես առկա է այն ճիչը, որը սկսվում է ծնվելու պահից ու երբեք չի դադարում, այլև խլացվում է նախ ծնողական քնքշությամբ, ապա նաև գիտակցաբար պահվում համակեցության այլ միավորներում (ընկերություն, բարեկամություն, ընտանիք, անգամ եկեղեցի ու կուսակցություն ...): Այդ ճիչը բնավ քաղցից կամ որևէ այլ պահանջմունքից չէ. դա արձագանքն է իրականության մեջ միայնակ հայտնվելու և այդպիսին մշտապես լինելու, ու երբեմն գոռալը միջոցն է խաղաղվելու, համարձակություն ձեռք բերելու կամ, գուցե, կարեկցանք աղերսելու: Սա բնորոշ է բացառապես բոլորին, տարբերությունը միայն «պահոցի» խորության մեջ է, որը լսելու համար անհրաժեշտ է նախ բավարար մոտենալ, ապա` լռել /զգայական ճանաչողություն/, իսկ միասին գոռալով լիաթոք ծիծաղել խեղկատակ կյանքի ճակատին: Բայց ..., ու բոլորս գոռում ենք. հաճախ միաժամանակ, սակայն իրարից թաքուն և ոչ միասին: Բացառություն երևի միայն Սոկրատն էր, որ ծնվելուց ժպտաց. «խորամանկը» նախապես էր իմացել ուր է գալիս:
259 Երաժշտություն, որը կոչվում է տրանս.
Մայրամուտին միայնակ կանգնում ես ժայռի եզրին, որտեղից նայելուց հայացքդ չի արգելակվում որևէ այլ բարձունքով. ամբողջ լայնությամբ տեսնում ես երկրի ու երկնքի շփման գիծը` հորիզոնը: Հայացքով հեռվում ստեղծում ես ալիք, որն արագ ստանում է քեզանից անկախ գոյություն ու, նկատելով իր արարչին, սկսում է սլանալ դեպի իր ակունքը` դեպի քեզ: Ինչքան մոտենում է, այնքան կուրծքդ լցվում է հուզմունքով. նա հպվում է առջևից, մեկ էլ հանկարծ թիկունքից, մեկ գրկում է, մեկ էլ` թողնում, շոյում ու շոշափում, ապա էլեկտրական հոսանքի նման հարվածում. թափանցում ոտքերում ու սլանում դեպի վեր. թևերդ ինքնաբերաբար բացվում են, որ կուրծքդ ընդարձակվի ու լարումից չտրաքվի, ապա պարանոցով դեպի գիտակցությունը ընթացող հոսանքը բարձրացնում է գլուխդ առ երկինք ու փակվում են աչքերդ, պայթունից ակնթարթ առաջ արտաշնչում ես, որ չտրվես նետվելու գայթակղությանն ու .... ու գնա՜ց. դող, թուլություն, ճախրանք. ձուլվում ես տարածությանը. դու՝ նա ես, նա` դու … ոչինչ չկա, բայց կա ամեն ինչ, յուրաքանչյուր ինչ ամբողջացվում է որպես ոչինչ, ու լսվում է հոգուդ նվագող երաժշտությունը, որը կոչվում է ՏՐԱՆՍ: Այն ձայնագրում ես հիշողության մեջ և միացնում ցանկացած այն իրավիճակում, երբ ուզում ես դժգոհել կյանքից, կամ կրկին բարձրանում ես ժայռը ու ձայնագրում` նորը: Իհարկե շատերը կհամարեն քեզ հիվանդ և անգամ կառաջարկեն հոգեհաբ, բայց թքած, քանզի դու արդեն գիտես, որ ապրելն ու կյանքը հարաբերվում են այնպես, ինչպես ակնթարթն ու հավերժը, մասնիկն ու ամբողջը, և զգացել ես, որ, ճիշտ է, ապրելը հեշտ չէ, բայց, «գրողը տանի», այդ կայֆի համար պետք է, արժե, ինքնին հրաշք է և, իսկապես, կյանքը հաստատ «ԿԻՆ է»:
260 Իսկ գայլերը հաստատ մեղավոր չեն.
Հոտը սարսափի մեջ է. վախենում է առաջ շարժվել և նոր մարգագետիններում թարմ կանաչ արածել, ամենքը ձգտում են լինել մեջտեղում. այդպես ավելի ապահով է և ոչինչ, որ մեկը մյուսի տրորած խոտով պետք է սնվի, իսկ եզրերում ստիպված հայտնվածները ամեն պահ սպասում են հոշոտվելու իրենց անխուսափելի հերթին, ու այս ամբողջի պատճառն այն է, որ հովիվը շների հարցում սխալվել է. նրանք «գործարքի» մեջ են մտել գայլերի հետ, որ կշտանան նրանց թերմացքով: Իսկ հովիվն այլևս անզոր է և չի կարող ազատվել դավաճան շներից, քանզի նրանք ապահովում են նաև իր անվտանգությունը գայլերի հարձակումներից ու, փաստորեն, նա էլ ուզած-չուզած «եռակողմ գործարքի» մասնակից է, և հոտի սպառվելուց, հետևաբար նաև հովվի իր «թագը» կորցնելուց, խուսափելու միակ միջոցը մնում է ծնելիության խրախուսումը: Կարգն այն է, որ հոտը պետք է առաջնորդվի իր տեսակով և բնությունը կապահովի հավասարակշռությունն այլ տեսակների հետ գոյակցության մեջ, հակառակ դեպքում` սպասի, որ բախտը նրան պարգևի լավ հովիվ, քանզի, որպես անբեկանելի կանոն, հոտը երբեք չի ընտրում իր հովվին, միշտ հովիվն է ընտրում իր հոտին, իսկ գայլերը հաստատ մեղավոր չեն:
261 «Ճանապարհի» ընկեր.
Սարն ու ձորը որքան բաժանման, նույնչափ էլ միացման բնագիծ են ու առաջինը նրանց արդարացումն է, ովքեր վախենում են բարձրանալ և/կամ իջնել, իսկ հարթավայրն անցնելը որքան հեշտ, նույնչափ էլ ձանձրալի է, ու միայն այն ընտրողների հավատարմությունը միշտ կասկածելի է:
262 Նրանք ստվերում են.
Մարդը հակված է ամեն տեղ ցուցադրել իր իմացությունը (նաև «զգացումը»), երբ այն նրա համար ներկայանալի երևալու միջոց է լոկ, ինչպես նոր գնած հագուստը կամ այլ իրը, ու, հետևաբար, հակված է նաև արագ մոռանալ կամ փոխարինել այն հաջորդ «գնումից» կամ «նվերից» հետո` նորաձևությանը համահունչ: Իսկ նա, ով, սովորաբար, իմացությունը (զգացումը) ստանում է սեփական ապրումի (արարման) հետևանքով, այն համարում է այնքան «հին», բայց թանկ, որ կրում է առանց ցուցամոլության և համեստ լռությամբ /իմաստուններ/: Վերջիններս բնավ մեծամիտ չեն, ուղղակի նրանք երկխոսում են, երբ նրանց իսկապես լսում են, ու երբեմն մենախոսում են. գուցե «կարիքավո՞ր» կա, որին շատ պետք կգա, իսկ համատարած անտարբերության ժամանակ լռում են ու, որպես կանոն, ստվերում են:
263 Երբեմն, նա, ով կրակը հանգցնում է /թեկուզ վրան միզելով/, ավելի բարեգութ է, քան նա, ով ամեն գնով փորձում է պահել և տարածել այն, քանզի, երբեմն, կրակը վառվում է տենչալով մարել` ընդամենը մարել: 264 Նախընտրում եմ «ձանձրալին». Բոլոր կրոնների, դրանց ճտաճյուղերի ու, առհասարակ, ցանկացած բնորոշումով հավատքն առ աստված ժխտումը, մարդկությանը «սպառնում է» մոտեցնել խաղաղության, անհատին` ինքնաճանաչման: Իսկ քանի դեռ ՄԱՐԴՈՒ համար «ձանձրալի է» ինքնաճանաչումն ու խաղաղությունը, ապա ես հակված եմ հարգել միայն այն եկեղեցին, որի գմբեթն, ըստ անհրաժեշտության, բացվում և մեջից բարձրանում է դեպի թշնամին նշանառված հրանոթը /այդպիսին դեռ չկա/:
265 Աղքատության հետևանքը.
Աղքատությունը հասարակության բարոյահոգեբանության վրա ազդում է ճիշտ այնպես, ինչպես երկարատև քաղցը, կամ թերսնումը մարդու օրգանիզմի, ու շարունակության դեպքում գալիս է պահը, երբ համամարդկային բարձր արժեքները (հոգևոր-մշակութային, իրավա-քաղաքական, ...) այլևս դառնում են նրա մարսողության համար չափազանց «կոշտ սնունդ» և, անգամ, վտանգավոր կյանքի համար, երբ ընդունվում են կտրուկ, իսկ մինչ «բուժական» միջամտությունը հասարակությունը շարունակում է գոյատևել ունեցած պաշարները (ազգային արժեքները) սպառելու հաշվին: 266 Հերոսության բացասական կողմի մասին.
Երբ հերոսները նվիրումով մարտնչում և, որպես կանոն, կամ մեծամասամբ, զոհվում են հակառակորդի դեմ պայքարում, այդ կերպ միաժամանակ վերանում է թիկունքում թաքնված սրիկաների առաջխաղացման արգելքը: Այլ կերպ ասած, հերոսների ինքնազոհությամբ հարթվում է սրիկաների «հերոսանալու» ճանապարհը:
267 Զգալ չկա.
Զավեշտալի է մարդկանց, հասկացված լինելու, համատարած և ողբանման տենչը: Գրողը տանի, չէ որ դա այնքան հեշտ է. նույնիսկ ամենահիմարին պատմում ես ամենամեծ խնդրի մասին ու նա էլ ասում է, որ հասկանում է, ու չի ստում: Զգալ, զգայական ընկալում չկա. պահի, կամ ժամանակի մեջ դիմացինի հետ նույնացվելով նրա զգայական բեռը կիսել չկա: Ու այսպես լինելու է միշտ, քանի դեռ ճանաչողությունը շփոթում ենք հասակի, քաշի, գրպանի պարունակության, … մասին իմացության հետ:
268 Ամբողջից դուրս` ինքնամբողջացում.
Միայնակությունը երևույթ է /սուբյեկտիվ զգայական/, որի գոյության համար ևս անհրաժեշտ է հարաբերություն, հարաբերակցություն և հարաբերականություն, որոնցից դուրս այն դադարում է գոյություն ունենալ. քանզի, երբ չկա ոչինչ, ապա ինքդ դառնում ես եզակի «ինչը» և դրանով իսկ միակ ինքնին ամբողջը: Ահա, թե ինչու է միայնակության զգացողությունը վերանում մենակության մեջ, որին երբեմն ձգտում ենք անհրաժեշտաբար, և առաջանում` հակառակում, ու սա կոչվում է ամբողջից դուրս ինքնամբողջացում: Այլ կերպ ասած` մարդկանց մեջ մենակ չես, բայց միայնակ ես, նրանցից դուրս մենակ ես, բայց ոչ միայնակ:
269 Մեծահոգի մարդիկ ավելի խոցելի են, քանզի թիրախն ավելի տեսանելի է, խոցման մակերեսը` մեծ:
270 Նրանք լսում են նաև «ջանի» մեջի «չոռը».
Ոմանք այնքան նրբազգաց են, որ դժվարությամբ, կամ, առհասարակ, չեն համակերպվում համակեցությանը ու նրանում ապրում են մշտապես խռովված հոգով, քանզի նրանք տեսնում են անգամ մարդկանց հոգու խորքում քողարկված և շատերի աչքերի համար անտեսանելի երանգով արտահայտվող, բոլորի և ամենքի` միմյանց հանդեպ ունեցած անտարբերությունը, նրանք հաճախ իրենց ուղղված «ջանում» միաժամանակ լսում են առկա, բայց հետո և թիկունքում ասվելիք «չոռը», ու դա նրանց վանում է ի սկզբանե, վիրավորում ու ցավեցնում է (մեկուսացնում է):
Եվ սա բնավ առավելություն չէ. սա լուրջ «թերություն է», համենայն դեպս, հենց նրանց իսկ առողջ և/կամ բարեկեցիկ գոյության համար:
271 ֆանտաստիկան մոռացված անցյալի վերհիշումն է, ինչին ձգտում է բանականությունը /մարդը/, ու սկիզբը ճանաչվելու է վերջում, որ չհիշվի ու սկսվի վերստին:
272 Հակաիրավական քաղաքականության հետևանքի մասին.
Քաղաքականության բարոյականության երաշխիքն իրավունքն է (լ.ի.), որից ցանկացած շեղում (նույնիսկ հանուն վեհ նպատակի) ճանապարհ է բացում նրանում անբարոյականության թափանցման ու տարածման համար, և հակաիրավական շարունակությամբ այն աստիճանաբար վերածվում է երևույթի /«միջավայրի»/, որում, մեծամասամբ, կենսունակ են դառնում անբարոյականները: Եվ, քանի որ այն ամբողջ հասարակությանն ու բոլոր հասարակական երևույթները /«արժեքները»/` ընտանիք, մշակույթ, տնտեսություն, … ընդգրկող միակ համընդհանուր ոլորտն է, ուստի, ազդում ու իր արժեհամակարգով «վարակում» է նաև դրանց:
273 Հաճախ քթի պատճառով է ամենամոտը մնում աննկատ ու, երբեմն, ամենամոտը հենց ամենակարևորն է, իսկ մենք անպատվություն ենք համարում խոնարհումը, և բաց ենք թողնում կարևորը գտնելու հնարավորությունը:
274 … «դատապարտվել ենք» ծնվելու.
Ծնվել ենք` հաղթելով այն միլիոնավորներին, որոնցից յուրաքանչյուրը հնարավորություն ուներ ծնվելու մեր փոխարեն, ու դա մեր մեջ ներարկել է փառասիրություն, որից մեզանից ոչ ոք և երբեք ինքնակամ չի հրաժարվում, բացառությամբ նրանց, ովքեր գիտակցում են, որ այն ամբողջին պարտության մատնելով /«կյանքից զրկելով»/ միաժամանակ «դատապարտվել ենք» պատժի. ծնվել միայնակ և մնալ այդպիսին մինչև … /ազատություն/: Բացի այդ և, փաստորեն, պատիժ կրելն էլ պարտականություն է, և ոչ` իրավունք:
Բայց արդյոք երբևէ լիարժեք գիտակցում ենք, որ …
275 Խորհուրդներին շատ լուրջ չվերաբերվելու ծանրակշիռ փաստարկ. Սովորաբար, մարդիկ անհամեմատ ավելի ինքնավստահ են ուրիշին տված խորհուրդներում, քան իրենց իսկ կյանքում, ու դա, նրանց համար, սեփական երկչոտությունից սփոփվելու միջոց է /նաև/:
276 Երբեմն բոլորը «գիտեն», բայց հե՛նց դու` «ոչ».
Բոլորն ու ամենքը գիտեն, թե դու ինչ կարող ես անել, բացի քեզանից: Նրանք շռայլ են խորհուրդներում, բայց միայն «պետքա»-ով սկսվող, ասում են` եթե, ապա ..., բայց, որպես կանոն, միշտ՝ առռա հա: Կիսում են ապրումդ ու քո հետ են, քանի դեռ չեն հասկացել, որ հույսդ հե՛նց իրենք են, և/կամ այդպիսին լինել կարող են: Քեզ արժևորում են, բայց իրենց պետքում հարմար չեն գտնում: Անգամ երբ իսկապես ճար չկա, նրանցից ոչ ոք չի ասում` չէ, այս դեպքում ելք չկա (իսկ երբեմն, խաղաղեցնելու համար, հենց դա է պետք ասել, և ոչ` կրակին յուղ լցնել): Ու մտածում ես. միակ տգետը դու ես, թե՞ անտարբերությունը ոչ միայն համատարած, այլ նաև հավաքական ձևով կարող է դրսևորվել: Համաձայն դեմոկրատական սկզբունքի դու տգետ ես, որովհետև շատը նրանք են ու միասնական են: Եվ, փաստորեն, դու կարող ես, մենակ չես, արժեքավոր ես, ելքեր շատ կան. բոլորը դա գիտեն, բացի հե՛նց քեզանից, ու նրանցից յուրաքանչյուրը քո փոխարեն լավ կլիներ, ի տարբերություն քեզ, որ՝ վատ ես:
277 Ցավոք, սրա մասին գիտեն նաև հոգեորսներն ու հոգեվաճառները.
Բարեգործությունը «գործարք է», որով նյութական կապիտալը փոխանակվում է ոչ նյութականի հետ, ժամանակավորը` անժամկետի, հարաբերական սեփականությունը` բացարձակ սեփականության. այլ կերպ ասած` տալիս ես գույք, փոխարենը ստանում երախտագիտություն: Բայց սրա մասին գիտեն նաև հոգեորսներն ու հոգեվաճառները (շահամոլները), որոնք այնքան են պղծել այս առաքինությունը, որ այլևս թերահավատ ես վերաբերվում քեզ ուղղված ուրիշի աջակցությանը ու նաև՝ կարիքավորի անկեղծությանը: 278 «Գիշերասեր».
Թախիծը սիրում է մեզ, մենք` Ուրախությանը, իսկ ոմանքս երախտազգաց ենք այնքան, որ չենք վանում անգամ ա՛յդ սերը. ինչպես Ուրախությունն է հաճախ արհամարհում մերը: Եվ, աստիճանաբար, ծնվում է փոխադարձ մի սեր, որում գտնում ենք շատերին խորթ ուրախությունը մեր, ու դառնում ենք «գիշերասեր»:
279 Կիրք. Հոգևոր իմպոտենտներն այն մեկնաբանեցին առանց առանցքային բաղադրիչի՝ զգայական ճանաչողության, և, նույնացնելով բնազդային քաղցի հետ, դասեցին արգելքների շարքում, ու տարածվեց մեծագույն ստերից մեկը. «ամենքս ի ծնե մեղավոր ենք»: Իսկ մարդիկ դա ընկալեցին որպես «ճշմարտություն»` բացառապես ենթակա լինելով քարոզողների հեղինակությանը, ինչը ստեղծվել ու ուղիղ համեմատականով շարունակում է մեծանալ այն ընդունողների, ապա նաև տարածողների տգիտությանը համապատասխան: Արդյունքում, Կիրքը, որպես կյանքը սնուցող անհրաժեշտ «երակ», մարդկանց գիտակցության մեջ փոխակերպվեց մեղքի, ու համադրությամբ ստացվեց ապրելու համար «կենսական մեղք», և, ըստ գիտակցման, մարդիկ բաժանվեցին երկու հիմնական խմբի` «սխալ ապրողներ», և «ճիշտ մեռնողներ»: Առաջիններն իրենց գոյությամբ մեղանչում են հասարակության առջև, երկրորդները` սեփական բնության, առաջիններն ապրում են մերժված անկեղծությամբ, երկրորդները` ընդունված կեղծավորությամբ: Ու այս բաժանումը լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ հասարակությանը չեն հանել սեփական «անկողնուց», ու, փաստորեն, երբեք այլ կերպ չի էլ լինելու: 280 Երբ երկու դեպքում էլ մեղավոր են տղամարդիկ.
Կանայք դադարում են ԿԻՆ լինել, երբ նրանց մեջ «մահանում է» «աղջնակը», իսկ տղամարդիկ չեն դառնում ՏՂԱՄԱՐԴ, քանի դեռ նրանց մեջ չի հասունացել «մանչը»: Ընդ որում, «աղջնակը» կարող է «հարություն առնել» ցանկացած տարիքում, իսկ «մանչը» հնարավոր է` երբեք էլ չհասունանա: Ե՛վ «աղջնակի» «մահվան», և՛ «մանչի» տհասության դեպքում էլ առավելապես մեղավոր են տղամարդիկ:
281 «Հականեխիչ օպերացիա».
Քեզ ի սկզբանե պարտադրել են, թե ինչպիսի՞ն պետք է լինես, իսկ երբ ընդդիմացել ես, քեզ պատժե՞լ են, կամ խրախուսելով համոզե՞լ են, նաև քո փոխարեն կահավորել, դասավորել, ամեն ինչի տեղը ներաշխարհում որոշե՞լ են. նշանակում է այս օրն է պակասում քո խաղաղվելուն. «վերցրու մեկ շիշ գինի ու մտիր ներս, մեկ շնչում այն դատարկիր մեջդ, վառիր ծխախոտդ ու միացրու այն երաժշտությունը, որն ամեն ինչ գիտի քո երազանքների մասին: Մի փոքր սպասի ու զգա, թե ինչ դիմակաթափման խնջույք են նրանք քո համար կազմակերպում. այսօր դու ես ռեժիսորն ու սցենարիստը, իսկ հանդիսատեսը` ոչինչը: Ու գնա՜ց, հեղափոխության մեկնարկը տրված է.
- Վերցրու փայտը ու ջարդիր հայելին, որը քեզ չի գովում, քանի դեռ կոկիկ չես հագնվում,
- ապա գետնով տուր այն ծաղկամանը, որն, ըստ նշանակության, տարին մեկ անգամ է օգտագործվում,
- հանգցրու ծխախոտը դեմքին, որ նայում է քեզ պատից կախված նկարում, որին միշտ մեծարում, ինչպես կուռքի էիր վերաբերվում, իսկ նա իր լռությամբ միշտ քեզ արհամարհում. դիպուկ եղիր, կրակը պետք է հայտնվի ուղիղ աչքամիջում, - պատառոտիր գիրքը, որում լավն ու վատը, ճիշտն ու սխալն էր քարոզվում, իսկ հակառակվելու դեպքում` դատապարտում, - առանց պատուհանը բացելու, ապակին կոտրելով, դուրս շպրտիր հեռուստացույցը, որի միջից քեզ միշտ համակեցությունն էր բթացնում` իր կարիքին հարմարեցնում, - կտրատիր այն միակ կոստյումդ, որը կրելուց են միայն պետքդ զգում. այսուհետ դու ես նորաձևությունը որոշում, ու քանի դեռ գինին իր սերն է քո հետ անում, ու երաժշտությունը Ձեր համար նվագում, շարունակաբար ջարդում, պատառոտում, կտրատում ու դուրս ես նետում. «վրեժդ» վերջին ես հասցնում, ու վաղը նոր օր ես սկսում` արդեն դու ես քո որպիսությունը որոշում»: ԵՐԲԵՄՆ ԳԻՆԻ ՈՒ ՌՈՔ … 282 Արդարադատության ծնունդը` որպես արդարության վախճան, կամ, արդարությունը վաղուց դասվել է հավատալիքների շարքին.
Ի սկզբանե չկար ճիշտ ու սխալ, լավ ու վատ ..., քանի դեռ մարդը ՄԵՆԱԿ ԷՐ. կար, ինչ-որ կար` սեփական գոյության համոզմունք: Հետո հանդիպեց ԵՐԿՐՈՐԴԸ, ով ևս ուներ իր համոզմունքը, ու համոզմունքների անհամադրելիության պատճառով` չստացվեց նրանց ներդաշնակ համակեցությունը: Առաջացած վեճում նրանցից առավել ճարպիկը հանկարծ ասաց՝ «պետք է ապրենք իմ համոզմունքով, որովհետև ես ճիշտ եմ, դու` սխալ», ինչը մյուսն ընդունեց առանց հակառակվելու, քանզի արտաբերված հասկացությունը նոր ու անհասկանալի էր նրա համար` ինչով էլ թվաց համոզիչ: Որոշ ժամանակ անց հայտնվեց ԵՐՐՈՐԴ մարդը, ով տեսնելով ձևավորված համակեցությունը հարցրեց՝ «իսկ ո՞վ է որոշել, որ ճիշտը առաջինն է, սխալը` երկրորդը, ինչո՞վ է դա հիմնավորված, իսկ գուցե հակառակն է. այդպես անարդար է»,- ու այստեղից էլ առաջացավ ՃԻՇՏ ու ՍԽԱԼԻ վեճը, որի լուծման իրավունքն այն երկուսը տվեցին նորահայտ երրորդին` որպես երկրորդ անհասկանալի հասկացությունն արտաբերածի, ով էլ որոշեց, որ ով լինի առավել համոզիչ /իրեն նպատակահարմար/, նա էլ ճիշտ է, իսկ այդ մրցակցության ընթացակարգը կոչեցին ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, որով դրվեց վերջը ԻՐԱԿԱՆ /բնական/ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ: Արդարադատության զարգացմանը զուգահեռ առաջացան ու շարունակաբար ստեղծվում, փոփոխվում են բազմաթիվ չափորոշիչներ, որոնցով որոշվում է «ճիշտն» ու «սխալը». երկուսն էլ հաղթելու հավասար իրավունքով և հնարավորությամբ, ու, փաստորեն, անկախ նրանից սխալն է հաղթում, թե ճիշտը, կամ նրանց միջև կնքվում է հաշտություն, միևնույն է, բոլոր դեպքերում արդյունքն արդարացված է ՎՃՌՈՎ: Հետևություն. այն պահից, երբ ի հայտ եկավ արդարադատությունը, վերջ դրվեց իրական արդարությանը, իսկ ստեղծված նմանակը դասվեց հավատալիքների շարքը, որում չեն շահում ո՛չ հավատացյալները, և ո՛չ էլ անհավատները, ճիշտ այնպես, ինչպես բոլոր հավատալիքներում. այստեղ էլ շահում են միայն «պատմուճան կրող դատավորները»` «անհավատներ», ովքեր առաջնորդում են «հավատացյալներին», իսկ մնացած բոլորը ունենում են հարաբերական և իրարափոխ հաղթանակներ, բայց մնում` բացարձակ և մշտապես պարտվողներ:
283 Երբեմն հավատարմությունը վերածվում է ստրկության.
«Եթե շունը կծեր տիրոջ ձեռքը, ով չոր հացի կտոր էր պարզել երկարատև քաղցի մեջ թողելուց հետո, գուցե այդ պահից ծնվեր նրանց իսկական ընկերությունը, բայց, ցավոք, նա ոչ միայն վերցրեց, այլև երախտագիտությամբ թավալվեց տիրոջ ոտքերի տակ, ով էլ հասկացավ, որ, փաստորեն, շան ստրկությունն ավելի շահավետ է, քան նրա հետ ընկերությունը:
Ու զավեշտալին այն է, որ դա մինչ օրս կոչվում է հավատարիմ և լավագույն ընկերություն, որին, սակայն, հավատում է միայն շունը».
այսպիսի դիտարկում արեց գայլը, ու նախընտրեց մնալ վայրի:
284 Աղոթողներին թերահավատորեն վերաբերվելու փաստարկ.
Եթե խելամիտ է զուգահեռը, որ աղոթքը հոգու համար նաև այն է, ինչ լողանալն է մարմնի համար, ուստի անտրամաբանական չէ հետևությունը, որ մարդիկ կարող են աղոթել ոչ միայն մեղքերից մաքրվելու, այլև` մեղք գործելուն նախապատրաստվելու համար: 285 Հավերժությունն ակնթարթում է.
Միտքն առավելապես հիշում է կամ երազում, ու ակնթարթը (ներկան) ընկալումից դուրս է մնում, որն ինքնին հենց հավերժությունն է հանդիսանում, իսկ մենք այն այլ տեղ ենք փնտրում` անցյալում կամ ապագայում: Այն, ինչը ժամանակով չի չափվում, չի երաշխավորվում ու խոստումով չի հաստատվում, չենք ընդունում. անգամ սերն ենք արհամարհում` պատճառաբանությամբ, որ ակնթարթում չի լինում: Ու այսպես բոլոր դեպքերում, բացառությամբ երևույթի, երբ «աչքդ սառչում» ու շրջապատող քաոսն ես տեսնում, որը մինչ այդ, քո մասնակցության պատճառով, չէիր նկատում, ու հարց է առաջանում. «ու՞ր են բոլորը շտապում այս հավերժությունում, և մի՞թե իրականում մենք սահմանափակն ենք սիրում, սիրո մասին տենչանքը սիրելուց գերադասում, սահմանների մեջ վստահություն ձեռք բերում, իսկ դրանից դուրս` սարսափում, անազատության մեջ ապահով զգում, ազատությունից վախենում ... », ու սրան հատուկ փաստարկում չի պահանջվում` շատ պարզ երևում է մարդկանց աչքերում, ու ահա՛ նաև, ինչու են հոգիներ սպանելով հոգեփրկության կոթողներ կառուցում, որոնցում իրենց մեղքերն են սրբադասում, իրենց արձանը սեփական արժանապատվությունից արժևորում, ու շարունակաբար տգետ մնում այս կարևորում. ժամանակը հավերժության հետ չի հարաբերվում ու նրա մասը չի կազմում: 286 Երբ նախընտրում են մենությունը «կուսանոցում», քան հակառակը «հասարակաց տնում».
Երբեմն մեզ չեն ընդունում նրա համար, որ մեր արժանապատվությունը ամենաշատն ենք սիրում, ու քողարկված հարգանքով արհամարհում են, երբ կոտրել չեն կարողանում, ինչից մեր ինքնասիրությունն ավելի է մեծանում, այդ սիրո մեջ էլ ենք ծայրահեղ դառնում, ու, որպես կանոն, միշտ անդունդի եզրով ենք քայլում` երկու կամ-երն էլ գրկաբաց ենք ընդունում, այլընտրանքների վրա թքած ունենում` ապրում ենք, կամ մեռնում, ու երբեք չենք մահանում: «Ներեցեք» ու մի զարմացեք, կա՛ն մարդիկ, ովքեր արժանապատվություն չեն վաճառում, ու «վայրենին» «քաղաքակրթությունից» ավելի են գերադասում` լեզուն ու հետույքն ըստ նշանակության են օգտագործում, ու երբեք չեն շփոթում` նախընտրում են մենությունը «կուսանոցում», քան հակառակը «հասարակաց տնում»:
287 Հուղարկավորության մասնակից` որպես ննջեցյալ.
«Համամարդկային աղբից մաքրվելու միջոցներից մեկը (կամ միակը) բանականության վերածնունդն է, որի համար, նախ, եղածի ոչնչացում է պետք, և նա, ով կգտնի միջոցը, կհամարվի մարդկության նորագույն «Աստվածը» (թերևս միակ իսկականը մինչ այս եղածներում), իսկ մինչ հայտնությունը, ամենքս համակատարն ենք այդ աղբում տեղի ունեցող զանգվածային սպանդի, ու նաև մասնակիցը` դրան հետևող հուղարկավորության` ննջեցյալի կարգավիճակում»:
288 Երաժշտության միակ թերությունը.
Երաժշտությունն ամենասիրելի և անհրաժեշտ «փոխադրամիջոցն է», ու երանի այն միաժամանակ կարողանար նաև մարմինը տեղափոխել այնտեղ, ուր տեղափոխում է միտքը /հոգին/. այդպես գոնե մեկ անգամ` մեկ անգամ ապրել ազատության բացարձակը, թեկուզ փոխարենը տալով տևող հարաբերականը:
289 «Սեր», որն ազատազրկում է ու սպանում /եսասիրություն/.
Կենդանիների հանդեպ սիրուց նրանց ազատազրկում են, ծաղիկների հանդեպ սիրուց` պոկում, իրար նվիրում, բնության հանդեպ սիրուց` որսի գնում, ... ու դրանք էլ են «սեր» կոչում, որտեղ բառի ԵՍ մասնիկն է աննկատ մնում, ու, փաստորեն, իրական բառն է` եսասեր, երևույթը` եսասիրություն, որից, հաճախ, մարդասիրությունն էլ չի տարբերվում /«մարդասպանության» հանճարեղ քողարկում/: Եվ, ցավոք, հազվադեպ է սեր հանդիպում, որն ապրեցնում է ու տալիս ազատություն` ծնվող երևույթից, որը կոչվում է ինքնասիրություն:
290 Երբ սիրտդ ուզում է բերանովդ դուրս թռչել, խորը շունչ քաշելով ետ հրի ու ատամներդ իրար սեղմելով ճամփան փակի. ուրիշ ոչինչ և ոչ ոք չի օգնի: Ճիշտ է, վտանգ կա, որ կպայթի, բայց փոխարենը ոտնատակ չի լինի: Թեպետ ոմանց համար մենակ թե սիրտը աշխատի` թե ում և/կամ ինչի տակ դա կլինի, կարևոր չի /մեղադրելու բան էլ չի/:
291 Թագավորն ապրած կենա.
Երբ լուր ստացվեց, որ թշնամին հարձակվում է, թագավորը սարսափից սկսեց դողալ իր գահին նստած, իսկ երբ ժողովուրդը ինքնազոհաբար դիմակայեց ու հաղթեց, նա ասաց. «Այդքան նախազգուշացրել էի հակառակորդին, որ ինձ չզայրացնի, տեսեք ո՛նց է մարմինս ցնցում բարկությունից», ու արքայի վախը իրենց ներկայությամբ նվիրաբար կիսող «ազնվականները» շտապեցին նրան սփոփել ծափերով և բացականչություններով. «կեցցե՜ հաղթանակած թագավորը, փա՜ռք մեր ամենայն փրկչին»: Իսկ երբ ավարտվեց «արիստոկրատական» խրախճանքը, թագավորն արձակեց հետպատերազմյան հրամանը. «սահմանների վերականգնման համար կրկնապատկել հասարակությունից գանձվող հարկերը», ու «ազնվականները» շտապեցին ի կատար ածել «հաղթանակած» արքայի «իմաստուն» որոշումը: Իհարկե, անմասն չէր նաև հոգևոր առաջնորդը և այս ողջ ընթացքում հնչում էր նրա օրհնությունը. պատերազմի ժամանակ պալատի ներսում, պատերազմից հետո` դրանից դուրս: Հորինված պատմություն, կամ, գուցե, պատմության մեջ հաճախ կրկնվող իրականություն:
292 Երանի «երկխոսությանը», որը զարգանում է դեպի լռություն.
Քանի դեռ անորոշ է հարաբերությունը, չկան «սղոցող» հարցեր, կարծես հասկացվում է նաև կես խոսքը` անգամ լռությունը, իսկ հենց այն դառնում է որոշակի և ստանում անվանում, սկսվում է «հոգեաղացը». հարցեր, բացատրություններ, պարզաբանումներ, ու, որպես կանոն, մեղադրանքներ, իսկ լռությունն ընկալելու մասին այլևս անհույս է անգամ երազելը, ու, փաստորեն, ստացվում է, որ ոչ մի դեպքում ոչինչ էլ չի հասկացվում, կարծես անհամբեր սպասվում է այդ «անվանակոչմանը», որ տրվի մեկնարկը կասկածի, անվստահության, դատապարտման ..., ընդ որում, սա այն դեպքում, երբ ոչինչ չի փոխվում, միայն անվանումն է ավելանում: Հավանաբար սա հասկանալով են երբեմն մարդիկ խուսափում նույնիսկ իրենց համար ամենաանհրաժեշտ հարաբերությունը վերնագրելուց և նախընտրում են դրա անորոշ /անանուն/ ձևաչափը. ամեն դեպքում զգայաբար ընկալվելու հույսը գերադասելի է դրա անհնարինության մեջ լրացուցիչ համոզվելուց:
293 Ինքնախոստովանություն.
«Ոչ ոք ինձ պարտական չէ».- ամենաքիչ հանդիպող ինքնախոստովանություններից մեկը, ճշմարտություն, որից ամենաշատն ենք խուսափում, քանզի դժվար է ապրել առանց պահանջելու և նեղանալու, ուրիշի վրա մեղքը բարդելու և արդարանալու, մեղադրելու և դատապարտելու ...: Ու սրանում ոչինչ չի փոխվում, եթե անգամ ինքդ շռայլ ես «նվիրատվության» մեջ. եթե սիրում ես, պարտադիր չէ, որ այն լինի փոխադարձ և համատարած` այն ինքնին է «հատուցված»:
294 Երբեմն խնդրանքի մերժումը վերածվում է շնորհակալության առիթի, իսկ մերժողը հասկանում է, որ կորցրել է, և ոչ` խնայել:
295 Երբեմն լռությունն ինքնազոհության նշան է.
Մի՛ շտապեք անիքնասեր և/կամ վախկոտ համարել նրան, ով լռում է ի պատասխան իրեն ուղղված վիրավորանքի. գուցե նա նրբազգաց է այնչափ, որ նկատում է վիրավորողի` ուրիշներից կրած և հոգու խորքում առկա նվաստացումը` որպես պատճառ անարգանքի, ու առաջացող խղճահարությունը ստիպում է ներել, արհամարհել և ոչինչ չասել: Այդպիսիք սովորաբար հեռանում են անխոս, կամ ժամանակավոր մնում դրդված հանգամանքներից, որոնք, այդ դեպքում, նրանց ցավեցնող միակ հարկադրանքն են, որպիսիք կրում են բացառապես պայմանավորված իրենց սիրելիների կենսական շահով, և ոչ երբեք սուբյեկտիվ գոյության, ու սա՛ էլ է կոչվում ինքնազոհություն:
296 Բարոյականություն, որում արդարացվում է անիրավությունը. Երբ անմեղները պատժվում են, այդ կերպ ձեռք են բերում ապագայում մեղք գործելու բարոյապես արդարացված իրավունք: Երբ մեղավորները չեն պատժվում, այդ կերպ ձեռք են բերում մեղքը կրկնելու լկտիություն:
Ու համակեցությամբ ձևավորվում է հասարակական բարոյականություն, որում արդարացվում է անիրավությունը և դրա լկտի դրսևորումը:
297 Երբ ինքդ քո հանդեպ օբյեկտիվ ես, մարդիկ թվում են ավելի համակրելի, նրանց մեջ հաճախ ես գտնում գեղեցիկը, անգամ` հրեշտակայինը, ու հասկանում ես, որ ամենաանառակ «երևույթներն» առաքյալներն են: 298 Մարդիկս.
Երևակայությամբ հակադրվել ենք օրինաչափությանը, կամայականությամբ` անհրաժեշտությանը, օրենքով` իրավունքին, կեցությամբ` բնության կարգին ..., ու հայտնվել ենք մեր գիտակցումից դուրս գտնվող իրական ճշմարտությունից անդին, որի գոյության մասին իմանում ենք, երբ հանդիպում ենք «Մեծն խրատիչ» աղետին:
299 Պատմությունն է փաստարկում.
Ազգերը, որոնք չեն ապրում հանուն պետականության խաղաղ պայմաններում, դատապարտված են պարբերաբար մեռնել հանուն հայրենիքի պատերազմներում և/կամ փրկվել գաղթավայրերում: Եվ սա շարունակությամբ նրանց մոտ ձևավորում է ազգային հոգեբանություն, որում գերակշռում է երկու ծայրահեղություն` հայրենասիրություն և պետական դավաճանություն: Անգամ չի բացառվում այդ երկուսի առկայությունը նույն անձում:
300 Քծնողների և տգետների սիրախաղ.
Շողոքորթների պատճառով են փող ունեցող տգետներն իրենց ամենակարող և իմաստուն զգում, ինչը, նրանց բնորոշ մեծամտությամբ, աստիճանաբար լկտիության է վերաճում, ու արդյունքում համակեցության այլանդակ կարգ է ձևավորվում, որում խոհեմությունն է արհամարհվում:
301 Իրականությունը դրսում է, ու ռեալիստներն ընտրում են սեփական աչքերով այն տեսնելու, անձամբ առերեսվելու տարբերակը:
302 Ապահով անազատությունը գերադասող մարդիկ հոգու խորքում ամաչում են ազատության համար վտանգավոր պայքարից ձեռնպահ մնալու համար, ինչը մի մասի մոտ դառնում է համեստանալու, մյուսների մոտ` չարանալու պատճառ:
303 Զրպարտության, բամբասանքի, չարախոսության, ... նպատակին հասնելու ամենակարճ ուղին «թիրախի» ինքնարդարացումն ու հակամեղադրանքն է, իսկ անհաղթահարելի խոչընդոտը` անտարբերությունը: 304 Երբեմն, հաղթանակի գրավականը ճիշտ ժամանակին կատարած ինքնազսպումն է.
Գաղափարի ազնիվ մարտիկները միշտ գտնվում են պայքարի առաջնագծում. դա նրանց բնորոշ ներքին մղում է /ինքնազոհություն/, ինչի մասին քաջատեղյակ են նաև սրիկաները, ում ձեռնտու է այդ մարտիկների ոչնչացումը` որպես իրենց առաջխաղացման արգելքի, կամ զբաղեցրած դիրքին սպառնացող վտանգի վերացում: Ահա ֆիզիկական պայքար հրահրելու ևս մեկ շարժառիթ:
305 Հերոսության նվաճումներին խորամանկությամբ տիրել է մորթապաշտությունը և տգիտության ստրուկ է դարձել խելամտությունը, իսկ շողոքորթությունը շարունակաբար չեզոքացնում է առաքինության ընդդիմանալու փորձերը, ու, այլևս, անառակությունն է բարեկեցության որոշիչն ու նախապայմանը, իսկ սկզբունքայինները, ովքեր չեն հարմարվում անարգված ապրելուն, մեկուսանում և իրենց բախտն են փորձում արժանապատիվ «մեռնելու» /նաև առանց չակերտներ/:
306 Երբ սիրո խոստովանությունը տխրեցնում է.
Ավելի շատ տխրեցնում է սիրո խոստովանությունը, քան անարգանքը, երբ գիտես, որ մարդիկ քեզ ընկալում են ըստ իրենց կարողության, ունակության և/կամ ցանկության, ինչը, հազվադեպ չէ, որ էապես տարբեր է իրականությունից, ու թե չես կարող կեղծաբար նմանակել ուրիշի կողմից ընկալված կերպարը, հավանական է դառնում հիասթափությունը, որ կարող է զգալ «քեզ» սիրողը` ում, երախտագիտաբար, ամենաշատն ես ուզում խնայել վնասվելուց, եթե, իհարկե, խուսափում ես եսասիրությունից:
307 Հրեշտակների սարսափի մասին.
Երբ հրեշտակներին կասկածում ես, նրանց սպիտակ թևերը չարությունից սկսում են սևանալ, քանզի գիտեն` համոզելու փորձի ժամանակ անառակների մասին իրենց իսկ կարծիքը վերածվելու է ինքնախոստովանության, իսկ չփարատված կասկածը բացառելու է նրանց հանդեպ հավատը, հետևաբար նաև գոյությունը` որպես այդպիսիք:
308 Ուրախությունն ինչքան էլ թանկ ու սպասված լինի, միևնույն է հյուր է և, որպես այդպիսին, ժամանակավոր, ուստի, չարժե նրա ներկայությամբ վատաբանել տխրությանը, որը միշտ պատրաստ է սիրով մնալ մեզ հետ:
309 Հոտ vs ոհմակ.
- Հոտը գոյատևում է անդամների զոհաբերության հաշվին, իսկ ոհմակը` անդամների համատեղ պայքարի: - Հոտի առաջնորդ է դառնում միայն խմբի ամենաուժեղը, իսկ ոհմակում՝ նա, ով նաև առաջինն է պայքարում հանուն խմբի: - Հոտի առաջնորդին և՛ս բնորոշ է առջևից գնալը, բայց միայն խաղաղ պայմաններում, և այն էլ՝ թարմ կանաչն առաջինը ստանալու միտումով, իսկ ոհմակի առաջնորդը` նա՛խ ու նա՛և հանուն խմբի գոյատևման կռիվներում: - Հոտի առաջնորդը վտանգի դեպքում, որպես կանոն, որոշում է միայն փախուստի ուղղությունը և նախ սեփական հետույքն է հոշոտումից փրկում` այլլոց հետույքների ետևում, իսկ ոհմակի առաջնորդը որոշում է պաշտպանվելու մարտավարությունը և առաջինն իր վրա կրում պարտության հետևանքը: - Հոտին սովորաբար բնորոշ չէ հարձակվելը, բայց, երբեմն, երբ փախչելու տեղ չկա, դա ստացվում է ինքնաբուխ, ինչը ավարտվում է հաղթանակի արդյունքի բաժանման գզվրտոցով, կամ փախուստով` ինքնաջախջախում կամ ջախջախում հակառակորդի կողմից: Իսկ ոհմակը հարձակվում է նպատակային կամ նահանջում կազմակերպված. երկու դեպքում էլ հանուն խմբի շահի, իսկ հետևանքը՝ անկախ բնույթից՝ բաժանում ըստ օրինաչափ կարգի: Մարդկանց պարագայում տարբերությունը միայն անվանումների մեջ է. ամբոխ՝ հոտ և կազմակերպված համակեցություն՝ ոհմակ:
310 «Դիագնոզ».
Եթե զարմանում ես հանդիպելով քծնանքի, շողոքորթության, կեղծավորության ... նշանակում է` դեռ չես սովորել մարդկանց մեջ ապրելու «արվեստը», եթե դրանք անտանելի են քո համար, նշանակում է` դուրս ես մնացել համակեցությունից, իսկ թե հավատում ես, որ կարող է լինել այլ կերպ, նշանակում է` այս մոլորակից չես: Ի դեպ, վերջին դեպքում լուրջ մտորելու առիթ ունես, բայց հոգեբաններն ու քահանաները այստեղ քեզ չեն օգնի:
311 Առավելապես թուլանում ու սպանվում ենք նրանով, ինչ սիրում ենք.
Օգտագործելով մեր փառասիրությունն ու զվարճասիրությունը` իրենց հոմանիշների բազմությամբ, մեզ պարտադրվում է սեր առ թուլացնող և սպանող բազմաթիվ երևույթներ /առարկաներ/, իսկ մենք, միամտաբար, հավատում ենք դրանում մեր կամքի և ընտրության անկախությանը:
312 Ավելի շատ զարմացել եմ նրանում, որ ինձ սիրել են, քանզի ինքնադիտարկումը մշտապես ճիշտ հակառակն է կանխատեսել, իսկ արդարաբանությունը, ինչը նաև այդ կանխատեսման առանցքային պատճառներից է, թույլ չի տվել վայելելու /շահագործելու/ այդ սերը:
313 Համեստությունը վարվելակարգի տարր չէ, որ ձեռք բերվի վարժեցմամբ. այլ որակ է, որին հասնում են խոհեմությամբ և/կամ ունենում բնատուր:
Այն իր մեջ կրում է թախիծ` արտահայտվող մեղմ երանգով:
314 Լույս vs խավար.
Այո, խավարը լույսի բացակայությունն է, լույսն էլ ճանաչողության միջոց է, բայց սրանով ավարտվում է լուսասերների մեծամտության փաստարկը: Լույսը, որպես այդպիսին, ժամանակավոր, սահմանափակ, հարաբերական ու նաև ուղղորդվող է. այդ կերպ տեսնում ես այն, ինչ լուսավորվել է, այնքան, որքան լուսավորվել է և այն կողմից, որ կողմից լուսավորվել է դիտավորյալ կամ պատահաբար, իսկ շատ ավելին ու իրականը շարունակում է մնալ խավարի մեջ` ինքնին օբյեկտիվի, անսահմանափակի, բացարձակի ու մշտնջենականի: Ահա, թե ինչու է իմաստնությունը սիրում, ձգտում և իրեն ներդաշնակ զգում խավարի մեջ ու զերծ մնում միայն աչքերով ճանաչողությունից. չէ որ, նաև, աչքերը փակելով է վերանում հորիզոնի սահմանափակվածությունը մեր տեսադաշտից: Այստեղ այլ կերպ հնարավոր չէ, քան շատերին սարսափեցնող միայնակությամբ և ինքնուրույնությամբ. խավարում ոչ ոք չի կարող ասել՝ «ահա, տե՛ս այս կամ այն». խավարում ինքդ պետք է գտնես, խավարում նյութապես անտես ես. էությա՛մբ պետք է նկատելի լինես, ... :
315 Մարդկային քողարկված նախանձախնդրություն.
Շատերին զվարճացնող երևույթներից մեկն էլ այն է, երբ թերություններ են գտնում նրանում, ում մեջ ի սկզբանե տեսել են գովելին /գեղեցիկը/, ընդ որում, նրանք խիստ հուսախաբվում են, երբ նրանց զրկում ես այդ հնարավորությունից` ինքդ դրանց մասին ուղղախոսելով:
316 Մոտ չթողնելու պատճառ.
Մարդը նույնիսկ ամենավսեմ գոյերին, անհատներին, երևույթներին, առարկաներին, գաղափարներին ..., որոնց ի սկզբանե տենչում է ու համարում անհասանելի իր ճանաչողությանը, սկսում է վերաբերվել հասարակ` իրեն համարելով դրանց հավասարարժեք, ապա արհամարհում է` որպես արդեն իրենից ցածրարժեքի, երբ հաղորդակից է լինում դրանց, կամ թվում է, թե լինում է, ու այսպես, շարունակաբար, արժեզրկում է ամենքին և ամեն ինչ, նույնիսկ բնությանը, «աստվածներին», սերը, ... ինքն իրեն:
317 Տարիքը չէ, որ իմաստություն է բերում, այլ ապրումով ճանաչողությունը, ինչը նույնական չէ տարիներով շնչել-արտաշնչելու հետ:
318 Կասկածամիտներին առավելապես չեն սիրում ստախոսները: 319 Ինձ հայտնի ամենամեծ առաքինությունը գաղտնապահությունն է, իսկ ոչ մեկին չասելու պայմանով ուրիշի գաղտնիքը պատմելը` ամենանենգ դրսևորմամբ անառակությունը:
320 Հարթակն այն տեղն է, որտեղ ամբոխը բտում է իր զոհին.
Փառասիրությունը հարթակին կանգնածին թույլ չի տալիս հասկանալ, որ իրականում ոչ թե իշխում է ամբոխին, այլ նրա կողմից բտվում` որպես մորթելու ենթակա կենդանի ու բավական է ձեռքից բաց թողնի բարձրախոսը, միանգամից կհայտնվի նրա երախում, արագ կմարսվի, ապա կհանգրվանի պետքարանում կամ, լավագույն դեպքում, կանտեսվի` որպես անհամ ուտեստ, որի դեպքում էլ փառասիրության հաճույքին կհաջորդի հոտելու պրոցեսը: Ու սրանում բացառություններ չեն լինում: 321 Իրավունքի փիլիսոփայություն.
Միայն իրավունքն է, որ ունի սուբյեկտիվ ծագում և բովանդակություն. հատուկ է անձին և բխում է անհատական շահից, ինչի համար էլ այն ամենաշատ ոտնահարվողն է (ի տարբերություն հասարակական հարաբերությունները կարգավորող այլ նորմերի` սովորույթից մինչև օրենք), ու սա էլ է դասվում անհատ-հասարակություն կոնֆլիկտի արդյունքին, ինչի հետևանքով բացարձակ արդարությունը նախ վերածվել է հարաբերականի, ապա` նպատակահարմարության: Ընդ որում, իրավունքի արժեզրկումը սկսվում է նրա օբյեկտիվացման (հանրայնացման) պահից` անկախ ամրագրման իրավական ուժից:
322 Երբ առաջնորդվում են՝ «առաջինը, ու երբեք ոչ վերջինը» սկզբունքով, ձևավորվում է նույն ուղղությամբ գնացող շարք. համակեցություն, որտեղ միմյանց հիմնականում ճանաչում են «հետույքով»: Ուստի, ոչ թե «առաջինը, ու երբեք ոչ վերջինը», այլ` միակը:
323 Անհատ-հասարակություն կոնֆլիկտն ավարտվում է այնտեղ, որտեղ սկիզբ է առնում երեսպաշտությունը:
324 Եթե սերը կառավարվեր բանականությամբ, միևնույն է, չէինք դադարի սիրել, չնայած նրան, որ առաջին փորձից հետո այն համարվելու էր գիտակցվա՛ծ հիմարություն, առանց որի կյանքում կգերակշռեր ձանձրալի խելամտությունը:
325 Որդուս իմաստուն պատասխանը` մտորելու առիթ.
Մեծանալով չենք դառնում, այլ մնում ենք «ինչ որ բան»` շարունակաբար սպառելով այն ամբողջականը, որ ունեցել ենք ի ծնե, ու, սա գիտակցելով հանդերձ, ոչ մի կերպ չենք կարող արգելակել այդ օրինաչափ ընթացքը մեր երեխաների համար` ինքներս ենք ակտիվ մասնակիցը նրանց «ինչ որ բան դառնալու /մնալու/»: /ցավեցնող գիտակցում/: Այսպիսի հետևություն, երբ որդիս, մեծանաս` «ի՞նչ ես դառնալու» ավանդական տխմարությանը, ընդդիմաբար պատասխանեց՝. «ոչ մի բան»:
326 Եթե ատելությունից փոխակերպված կամ այն վերապրած չէ, ապա մշտապես առկա է կասկածը` սեր, թե հոմանիշ զգացողություն է:
327 Ահա և ամբողջ ճշմարտությունը ժամանակակից կյանքի.
Փորձը փոխարինվում է լրատվությամբ, իմաստությունը` տեղեկացվածությամբ, ու մարդու սահմանումը ամբողջանում է մեկ բառում` «լրագրող», իսկ առանց չակերտների այդպիսինները վերածվում են «ուսուցիչների», ովքեր իրենց «տեսախցիկի» սահմանափակ օբյեկտիվով ձևավորում են մնացածի աշխարհընկալումը:
328 Անառակներն են մնում տերն իրադրության.
«Խենթությունը» պոռթկումն է /կիրքը/ իմացության համոզմունքի և/կամ դրա ձգտումի, և ոչ` չարաճճիությունը կամ այլանդակությունը, ինչպես ընկալում են տգետները` այն վերածելով մոդայիկ զվարճասիրության, ինչի համար էլ անառակներն են մնում տերն իրադրության:
329 Աղքատությունն արժեզրկում է, հարստությունն` այլանդակում, իսկ «ոսկե միջինում» հայտնվում են իրենց կամքից անկախ: Սրանից հնարավոր շեղումները բնորոշ են բացառապես «աննորմալներին»:
330 Սերն առանց սիրելիի հանգում է եսասիրության. Սերն առկա է ինքնին` անկախ նրանից կա սիրելի, թե ոչ, և շարունակաբար կուտակվում է, ու սիրելիի չլինելու դեպքում` հանգում եսասիրության. հետևաբար, եթե հանդիպում ենք եսասեր մարդու, չշտապենք պարսավանքի ենթարկել նրան. գուցե նա ընդամենը դժբախտներից է, ով շատ ուզել, բայց չի հավատացել, որովհետև չի սիրվել, իսկ սերը կուտակվել ու չի ուղղորդվել: Իսկ այդ դժբախտությունից խուսափելու համար սիրել է պետք, երբեմն թեկուզ տխմար մեկին, թեկուզ ինքնահամոզումով. չէ որ, վերջին հաշվով, ամենքիս համար սիրելն ավելի հավանական է, քան սիրվելը կամ, գոնե, կասկածելի չէ:
331 Մարդու ցանկացած նկար յուրահատուկ բովանդակություն է ստանում, երբ նայում ես որպես մահից ակնթարթ առաջ արվածի, ու, այս իմաստով, չկան չհաջողված նկարներ: 332 Տգետներն են քաղաքականությունը համարում անբարոյականություն.
Պետությունը հասարակության զարգացման աստիճանն է, քաղաքականությունը` դրա բարոյականության. դրանք զարգացման վերջնակետ չեն, բայց մարդկության մինչ օրս ունեցած ձեռքբերման բարձրակետն են, և, որպես այդպիսին, նաև կոնկրետ հասարակության արժեհամակարգի որոշիչն են: Ուստի, քաղաքականությունն անբարոյականություն չի կարող համարվել, ուղղակի նրանում կարող են այդպիսիք հայտնվել:
Հ.Գ.` Երբ անառակն աղոթում է, ոչ ոք կրոնն անբարոյականություն չի համարում:
333 Ցավին դիմակայելու մեծամտություն.
Չէ՞ որ հրելով հնարավոր է ոչ միայն վնասել, այլև վտանգից հեռացնել` անգամ կյանք փրկել, ուստի, երբ հանկարծակի ու առանց բացառության արհամարհում է ամենքին, անտարբեր մնում բոլորի կարեկցանքին` հավանաբար մեկուսանում է, որ դիմակայի ուժգին ցավին: Այդպես նաև կորցնում է, որովհետև անտարբերությունը նեղացնում է` հատկապես նրանց, ում սիրում է, և թեպետ նման դիտավորություն չունի, բայց … ու միայն ինքը գիտի, որ, ուղղակի, սովոր չէ ապրումի այլ ձևի` չգիտի և չկա էլ այդպիսին, ու հենց ցավում է, կրկին «մեծամտանում է», որ ուրիշին չվնասի /իսկ չակերտները` … դա՛ էլ միայն ինքը գիտի, բոլորին երևում է առանց չակերտների/:
334 Խոսուն են նրանց աչքերը, ում ճանաչում ենք.
Աչքերը հոգու հայելին չեն, այլ ճանաչելու միջոցներից մեկը, ու, որպես այդպիսին, ամենակիրառելին: Ահա թե ինչու, կույրի և տեսնողի երկխոսության ժամանակ անհարմարություն է զգում հենց տեսնողը. հենց նա է հայտնվում կույրի «տեսադաշտում» և, չկարողանալով կանխատեսել թե նա որ կողմից է դիտում իրեն, դառնում է ավելի խոցելի: Իսկ թե դեռ համառորեն պետք է համարենք, որ աչքերը հոգու հայելին են, ապա ստիպված ենք ընդունել նաև, որ մարդիկս կույր ենք մեկս մյուսի հանդեպ, քանզի ոչ ոք երբեք ոչ մեկին չի ճանաչել աչքերին նայելով:
335 Վերջին հաշվով կյանքում չկա այլ պայքար, քան սեփական վախի հաղթահարումն է. ինչը, բնականաբար, բացառապես սուբյեկտիվ զգացողություն է, հետևաբար, նաև, պայքարն էլ սուբյեկտիվ է, ինչով պայմանավորված կարող է փոխվել նաև վախի պատճառի ընկալումը. մեկի համար դինոզավր է, մեկ ուրիշի համար` սատկած մուկ, կամ` հակառակը:
336 Օրորոցային.
Երբ ցավում է` ժպտա, երբ շատ է ցավում` սեղմված ատամներով ժպտա, իսկ երբ ցավը դառնում է անտանելի` ատամները սեղմված ժպիտով օրորոցային լսի: Հասկացա՞ր բանն աշխարհի. որ չկա երջանկություն ավելի, քան թմրեցումն է ցավի, իսկ միակ միջոցը` ակունք տանող երգն օրորոցի:
337 Վառոդը մեր մեջ է, կայծը` մեզանից դուրս, ուստի, եթե վախենում ես պայթյունից, խոնավ պահի, բայց նկատի ունեցիր, որ այդպես էլ կնեխվի: Հրավառությամբ պայթել, թե` անվնաս հոտել. ինքդ ընտրի:
338 Իրականում ինչն ինչից ենք պաշտպանում.
Մարդու կողմից կառուցված /ստեղծված/ գրեթե բոլոր վեհաշուք կառույցները, որոնք մենք պաշտում ենք, դրանցով հիանում ու մարդկության ձեռքբերումներ ենք համարում, հնարավոր են եղել շատերի արյան, արցունքի, ցավի, մեռնելու , ...` ընդհանրացված` չարի շնորհիվ, իսկ բարին «ընդամենը» այն կանաչները, ծաղիկները, փշերն են, ... որ, ամեն տեսակ տրորումից հետո, չեն դադարում ծլել պատերին, քարերին, ... սրտերում, որոնք պոկում ենք, հնձում ենք, տարաբնույթ թունանյութերով դրանց դեմ պայքարում ենք, որ, փաստորեն, այդ չարածինները փլուզումից պաշտպանենք:
339 Քանի դեռ չես նահանջում վախից դրդված, չկա պարտություն. կա անհաջողություն, ու, որպեսզի մեծամիտ չհնչի, ասեմ անկեղծ` այս ճշմարտությունը ճանաչել եմ ո՛չ թե հաղթանակով կամ անհաջողությամբ, այլ` պարտությամբ ու հանգել եմ հետևության, որ էլ երբեք չի լինելու պարտություն:
340 Մոռանում են այն, ինչ պետք չէ, իսկ մնացած պատճառները զուտ արդարացումներ են` /զբաղվածությունից մինչև հիշողության կորուստ/,
հետևաբար հիշեցումը նույնն է, թե հայտնել անպետք մի բան, ու այստեղ արժեզրկվում է միայն մի կողմը` հիշեցնողը:
341 Եվս երկու բան կարոտի մասին.
- Ցանկացած զգայական հարաբերության մեկ որոշիչը կարոտն է /եթե, իհարկե, կան այլ որոշիչներ/: - Այս կամ այն զգացումը ճանաչում ենք ինչ որ մեկով ու այն ասոցացնում այդ մեկի հետ այնքան ժամանակ, քանի դեռ այն չի փոխարինվել ավելի բուռն մեկ ուրիշով ու, այս իմաստով, ախպերս ծանոթացրեց ինձ կարոտին, ապա` կարոտը դարձավ ինձ ախպեր /այո, ոչ եղբայրս, այլ հենց Ախպերս/:
342 Եթե միայն լիներ այլ կերպ, …, բայց …, ու.
Ծնողներն ավելի են արժևորում մեր կյանքը, քան մենք ինքներս, մենք էլ արժևորում ենք մեր երեխաներինն ավելի, քան իրենք իրենցը, ու այսպես ոչ ոք ամբողջական չի գիտակցում սեփական կյանքի արժեքը, քանզի ոչ ոք չի կրում իր ծնվելու ցավը, մեծանալու` հոգսը: Թերևս բացառություն են նրանք, ովքեր առիթ են ունենում վերապրելու փորձություն, որտեղ նժարներին դրված է ապրել կամ մեռնելը, ու երանի նրանց, եթե դրանից հետո դեռ մնում է ապրելու ժամանակ:
343 Այլ գրավչություն ունի կանանց բնորոշ յուրատիպ «երեսառվածությունը»` հաճախ հանդիպող պարմանուհիների մոտ, ինչը, բայց, հաճախ էլ կորցնում են` «որձին» տված առաջին իսկ «հա»-ից հետո /ցավոք/:
344 Երբ կասկածը միջոց չէ, այլ` նպատակ, դրա դեմ անզոր է ցանկացած փաստարկ:
345 Խորհրդատուների առաջ պայման դիր, որ քո հետ կիսելու են հետևանքը ու նրանցից կլսես ավելի ծանրակշիռ խորհուրդներ /եթե, իհարկե, չպապանձվեն/:
346 Զվարճալի տեսարան է,
երբ մարդու մեջ տեսնում ես այն, ինչը նա սոսկ խրատներով ցանկանում է փոխել ուրիշների մեջ, ապա, անհաջողության դեպքում, անարգում նրանց` որպես անհասկացողների:
347 Մեր այսօրվա հասարակության մասին. Միայնակության մրմուռով մեկուսացած մարդկանց միավորում:
348 Լավություն չէ և ոչ էլ մեծահոգություն «կատվին» ներշնչելը, որ նա «առյուծ է», եթե անգամ արվում է բարեկամաբար, քանզի մի օր նա անխուսափելիորեն առերեսվելու է իրականության հետ, ու ցավը, որ զգալու է, առաջնահերթ հիշեցնելու է հենց ներշնչողին, բայց արդեն որպես ցավեցնող:
349 Ցավին հարմարվելը վտանգավոր է նրանով, որ երբ հանկարծ վերանում է, ի հայտ է գալիս անհարմարություն, որին հարմարվելը ծնում է մի նոր անհանգստություն, բայց և այստեղ է, որ հասկանում ես` գոռալը չունի բուժիչ ազդեցություն և սովորում ես պահպանել լռություն` անկախ նրանից, թե ինչքան է ցավում:
350 Ինքնախոսություն.
Մենք շատ երկար միայնակ մնացինք նույն «խցում» ու, անկեղծ ասած, ես հոգնել եմ նաև քեզանից /գուցե ամենաշատը հենց քեզանից/, բայց ի՞նչ անել, երբ ընդհանուր է ամեն բան, բաժանումն էլ` անհամատեղելի կյանքի համար:
…
Ցանկ. 1. Մեր կողքին են, բայց չենք նկատում Նրանց. 2. Մեղադրելն ու նեղանալը` որպես ինքնաներման միջոց. 3. Նկատի ունեցիր, երբ ցանկանում ես թեթևացնել սիրտդ. 4. «Կղանքն» այնչափ վտանգավոր չէ… 5. Երբ որևէ մեկը քեզ չի մատնում… 6. «Ոչ ոք ինձ չի հասկանում»… 7. Ներողությունը, որն ասվում է լոկ պատժից … 8. ԵՐԱՆԻ. 9. Երբ միայնակ հայտնվում եմ մթության մեջ և հոռում` այդ ո՞վ է. 10. Ամեն գնով խուսափել միայնակությունից. 11. Մարդկային բացարձակ անհատականություն… 12. Երբեմն, թվացյալ ինքնավստահությունը… 13. Տղամարդիկ դեռ չեն հաղթահարել վախը. 14. Երբ ամեն ինչ թվում է այնքան վատ… 15. Չի վաճառվում միայն տառապանքը… 16. Լռության պակաս. 17. Ամեն բան և ամեն ոք գեղեցիկ է… 18. Կարևոր է լսել սովորել լսել «ՈՉ»-ը. 19. Ուզում եմ բոլոր գրադարաններն ու գրապահարանները վերանան. 20. Երբ հեռու եք եղել այնքան ժամանակ… 21. Ո՛չ, իմաստուն չեմ… 22. Անառակ հրեշտակի մասին. 23. Ինչու՞ է ամենահեշտն անհնար. 24. Երեկոն բուժում է իմ հոգին… 25. Համեստ, խեղճ, անհամեստ և լկտի լինելու մասին. 26. Նույնը` նաև առանց չակերտների. 27. Ինքդ քեզ աստվածացնելուց հիշի. 28. Հոգևիճակ, երբ անտարբեր ես ամեն… 29. Բամբասել, այլ կերպ ասած` թքել քամուն հակառակ… 30. Ցերեկը քուն մտած մարդուն մի շտապեք անբան կոչել. 31. Կյանքն էլ սեռ ունի. 32. Հետևորդ, առաջնորդ, թե՞. 33. Թե իմ հետ ունեցած ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ քեզ վատ ես զգում... 34. Հորս տված խրատներից... 35. Զրույց ծխախոտի հետ... 36. «Զվարճալի է»... 37. Մարդկային չարություն. 38. Կուրացնելը` որպես քննության վերջնափուլ. 39. Երանելի է հանդիպել անկեղծի բացարձակը… 40. Երբ իշխում է նպատակահարմարությունը. 41. Մշտապես մեր կողքին … 42. Որքան շատանում են… 43. Հարաբերությունների և դրանք վերնագրելու ձգտման մասին. 44. Գայլերի երկխոսությունից /հայր և որդի/. 45. Վախկոտությունն ուղիղ համեմատական է… 46. Խնդրելը գեղեցիկ է … 47. Երբ խնդրանք մերժվում է… 48. Կանանց. 49. Քեզանից դուրս քեզ չես գտնի, կամ մարդն ինքնին կատարյալ է. 50. Պարզապես ԿԻՆ է. 51. Ընտրությունս ՄԱՐԴ մնալն է. 52. «Ամենք ոք անհատականություն է»… 53. Արդարությունը երբեմն չի արտահայտվում… 54. Բանականության նկատմամբ վերաբերմունքի մասի. 55. Երբեմն երջանկության համար ինչ որ բան պակասում է… 56. Երեխայի ծնունդը` որպես կրթության սկիզբ. 57. Փողկապի սահմանումը կամ դրա իրական խորհուրդը. 58. Էությամբ ուսուցիչ. 59. Կանանց վերաբերվում ենք այնպես, ինչպես ծաղիկներին. 60. Իսկ դու կարծում էիր խի՞ղճն է ծանրանում. 61. Նեղանալուց կամ մեղադրելուց առաջ նկատի ունեցիր. 62. Պատահականություն չկա… 63. Փառք Ձեզ «խենթեր». 64. Սիրո իդեալական դրսևորման երկու ձև. 65. Երբ երեխաներդ տեսնում են… 66. Որոշ տեսակ հարաբերությունների ճշմարտության որոշիչ. 67. Բարեգործությունն օբյեկտիվ-անհրաժեշտից… 68. Գնահատականս երկուս. 69. Իմաստնության և անգիտության նույնական հետևանքը. 70. Գիտակ VS հիմար. 71. «Տվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ Երկիրը». 72. «Խենթեր» նկատի ունեցեք կամ արեք այնպես… 73. Գաղտնիք չէ… 74. Սիրո մեջ երրորդն ավելորդ է. 75. Իմաստնության դպրոց. 76. Եթե միայն. 77. Թշնամին` որպես կենսական անհրաժեշտություն. 78. ... ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. 79. Առանց «հանդիսատես» ո՞վ ենք մնում. 80. Ետևից արված ճարախոսությանն… 81. Երբ քեզ դիմավորում են… 82. ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ. 83. Բացարձակը սկսվում է այնտեղ… 84. Հայրենիք` նյութական հիմք ինքնության. 85. Ընտանիքում տղամարդու ագրեսիվություն… 86. Իսկ անզգայականի հոմանիշ է նաև անգիտակցականությունը. 87. Մի կին դիմում է իմաստունին. 88. Այնտեղ, ուր արդեն ընդունված է… 89. Սոֆրոսինե-ից. 90. Գիտեմ, որ ոչինչ չգիտեմ. 91. Նարգիտ. 92. Շունը մարդուն հավատարիմ ընկեր դարձավ… 93. Երկու թագավոր պատրաստվում էին պատերազմել... 94. Ճշմարտախոսությունն ուղիղ ճանապարհ է… 95. Ուղիղ և փոխաբերական իմաստով. 96. Լեզու Մայրենի. 97. … միայն դու և «նրանք». 98. Սլացք առ անսահման անազատություն… 99. Անտարբերությունը` որպես արհամարհվելուց… 100. Սուտ է. 101. Վախկոտի (ստրկամտի) հոգեբանություն. 102. Ամենքս մի ԳԻՐՔ. 103. Լքելու մեջ էլ կա մեծահոգություն. 104. Լեզուն` որպես քաղաքականության գործիք. 105. Մի մարդ դիմում է իմաստունին. 106. Գայլերն էլ ասացին` մենք քիչ ենք, բայց մեզ գայլ են ասում. 107. Սնափառությունը` որպես սխալը կրկնելու պատճառ. 108. Պատերազմը դեմ է բնության ՕՐԵՆՔԻ 109. «Կիրք» 110. Դիմակահանդեսի հաճույքը… 111. Շեքսպիրի «Լինել, թե չլինել» խնդիրն այլևս արդիական չէ… 112. Երբեք ուշ չէ. 113. Անտրամաբանական տրամաբանություններից. 114. Կանանց. 115. «Մեղքի» տեսակ. 116. Մի շտապիր ուրախանալ, երբ ասում են, որ հավատում են քեզ… 117. Տղամարդիկ, ի տարբերություն կանանց… 118. Պատմությունը փաստարկեց. 119. Ծնողի խրատը` որպես ժառանգություն. 120. Բոլոր դեպքերում, երբ հակադիր կարծիքների բախումը… 121. Շնորհակալություն. 122. Ու այլ տարբերակ չկա. 123. Սերունդներին կտակելու մեծագույն արժեքն… 124. «ՆԱՀԱՊԵՏԻ» կարիքում ենք. 125. Ամենքիս երջանկությունն ուրիշի մոտ է. 126. Երբ ներսից փոխում ես դուրսը. 127. Հաճախ գովքից ու պարսավանքից… 128. Թող յուրաքանչյուրն ինքնուրույն ճանաչի սխալն ու ճիշտը. 129. Կանացի «խորամանկություն». 130. Կանանց աստվածանման զվարճասիրությունը. 131. Հոգևորի և նյութականի վեճը. 132. Էշը գիտի, որ դա նուշ չի. 133. Ամենակարողի իրավաբանական հնարքը. 134. Ամենածախսատար զբաղմունքը պարապությունն է... 135. Աղքատներիս հոգին էլ մաքուր չի. 136. Գիտելիքը ձեռք են բերում սովորելով… 137. Կրակից վերցնում ենք լույսն… 138. Ազատական տգետների… 139. Ցանկություն, որ ցանկանան կանայք. 140. Ապրելու «կաշառք». 141. Հանրայնացված ամեն բան… 142. Կարոտ երկխոսության. 143. ՆՈՐ «ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ» ՆՈՐ «ԱՍՏՎԱԾՆԵՐԻ» համար. 144. Ամենքիս երջանկությունն ուրիշի մոտ է. 145. Պատասխան գտնելու ունակությունն… 146. Սպասումը հաճախ տալիս է… 147. Տղամարդու «աղակալված» հոգին. 148. ԾՆՈՂՆԵՐ. 149. Ավագ սերունդների դերը… 150. Սիրտը պարտվեց դատարանում. 151. Ինչպես դիմացինին մեկ բառով զրկել… 152. Երբ ցանկանում ես ամեն ինչ, դառնում ես ինչ որ «ինչ»… 153. Մամայի «ջան»-ը. 154. Խրախուսանքը փորձություն է համեստության … 155. Անծանոթ միջավայրի առավելությունը հարազատից. 156. Թեպետ, նայած ում համար ոնց. 157. Մահաբեր երկխոսություն. 158. «Տարօրինակ զվարճասերներ». 159. Ախ այդ «վատ» հայելիները. 160. Ասում են տգեղ կրծքեր չե՞ն լինում. 161. Սիրուց առավել` վստահությունն է. 162. Ձուկը ջրից դուրս` սատկած ձուկ է. 163. Երեք բան. 164. Նիրվանա. 165. «Աստծո» փառասիրության մասին. 166. Հաճախ ենք խճճվում սեփական «ես»-ի որոնումներում… 167. Բախտն այն պատահականությունների… 168. Իմաստունն առաջնորդվում է արդարամտությամբ… 169. Ատու՞մ ես քաղաքականություն… 170. Չափազանց արժանապատիվ եմ նեղանալու համար… 171. Ես բացառում եմ ցանկացած հեղինակություն… 172. Ամբողջի մեջ եմ… 173. Օգնությունն առանց հատուցման… 174. Ճանաչողություն… 175. Ինձ հաճա չեն հասկանում նրանք… 176. Մեկ գլանակ ծխախոտն ինձ համար… 177. Ճիշտ ինքնարժեքավորման համար… 178. Բնությունն ասաց. 179. Մեծահոգություն չէ… 180. Երաժշտությունը հույզերիմիակ հուսալի պահոցն է. 181. Անանուն գայլը. 182. Ինչու է լավ մարդկանց հետ ավելի վատը պատահում. 183. Ո՞վ գիտի իր տեղը հարաբերության մեջ… 184. Նրանք իրենց արյամբ… 185. Ատելություն. 186. Չկա ավելի զվարճալի տեսարան… 187. Ճիշտը մեկ հատ չէ ու բազմաշերտ է. 188. Չորս բան. 189. Ո՞վ ենք մենք. 190. Բանականությունն արական սեռի է… 191. Չի կարելի համբերատարությունը շփոթել խեղճ լինելու հետ 192. Երկու բան հայրենասիրության մասին, և ոչ միայն. 193. Նա, ով վարժվում է մեծ «կռիվներին»… 194. Արժանապատիվ գոյություն. 195. Թեպետ, նայած ում համար ոնց. 196. Հիմարին կոչում ես իմաստուն ու նա սկսում է արհամարհել քեզ… 197. Կանացի «զվարճալի» տրամաբանություն… 198. Եթե մտքերը նյութականանալու հատկություն ունեն, ապա. 199. Մարդիկ բավականություն են ստանում… 200. Փալանով մարդը. 201. Մի այլանդակեք հոգին. 202. Պատահում է և այնպես… 203. Հեռավորություն ազդեցությունը խղճին. 204. Երբ «խելոքները» շատանում են… 205. Քարեր. 206. Սիրունը նույն գեղեցիկը չէ. 207. Ամեն ոք, բայց ոչ միասին, հետևաբար բոլորս. 208. Երբ կարևորը կոչումն է, ոչ` բովանդակությունը. 209. Այս իրականությունից… 210. Դանդաղ առաջընթաց, թե արագ տեղապտույտ. 211. Մեկը դիմեց հոգեբանին… 212. Երբ հույսն ապրում է… 213. Ծայրահեղության մեջ… 214. Ամենքս ապրում ենք ուրիշի չապրելու հաշվին. 215. Մեղադրելը` որպես ինքնասփոփանք և չափիչ. 216. Ներելը պատժելու միջոց. 217. Բայց հո կյանքը լի է չէ՞ անակնկալներով. 218. Ճանաչողության հանդեպ… 219. Առերևույթ հակասական, բայց ոչ իրարամերժ. 220. Հաճախ անխելքների գործողություններից… 221. Եվ այս իմաստով արևմուտքը… 222. Հեքիաթների իրական խորհուրդը. 223. Ճշմարտության արժեքն… 224. Համբերության դերը ճանաչողության մեջ. 225. Հայհոյանքի… 226. Արդարաբանությունն էլ երբեմն հերոսություն է. 227. Երբ քեզ ներդաշնակ չես զգում հասարակության մեջ. 228. Հայտնի տաֆտոլոգիա և անհեթեթություն. 229. Երբ պատճառը վերածվում է առիթի. 230. Ինչպես հանդիսատեսից դարձավ դիտորդ. 231. Կուշտ փորի հետևանքը. 232. Ու առհասարակ պետք չէ շտապել. 233. Դիմորդներ եղան միայն 5-րդ օրը և այն էլ հոծ բազմություն. 234. Եվս մեկ դառնահամ ճշմարտություն. 235. Առայժմ այսպես է. 236. Պարտադրված առաքինության մասին. 237. Երբ ազգը զրկվում է պետությունից… 238. Երբ «ներսից» փոխում ես «դուրսը». 239. «Գազանը». 240. Հրապարակային պատժի կիրառումը չի վերացել. 241. Բայց սա հուսադրվելու առիթ չէ, նրանք իսկապես շատ են. 242. Իսկ հաջողակ մարդիկ ամեն դեպքում կան. 243. Ցերեկային լուսնոտություն. 244. Փառատենչիկ «համեստության» մասին. 245. Ինչքան անկեղծասերներ են մնում այս չափումից հետո. 246. «Ուրիշի ձեռքով ինքնասպանություն». 247. Հանգամանքները, պարոնայք, հանգամանքնե՜րը. 248. Շատերին… 249. Կեցությունն է որոշում գիտակցությունը… 250. Երբեմն, հարուստ անգրագետները… 251. Դիակը պատրաստ է… 252. Երկու բան հայերիս համար և ոչ միայն. 253. Ժխտում. 254. Մոնթեի «Եթե կորցնենք Արցախը. 255. Այն, ինչով խունկն է վարակում օդը. 256. Ինչը «ոչինչն է». 257. Սա՛ էլ նկատի ունենանք. 258. Մարդու խլացված ճիչը. 259. Երաժշտություն, որը կոչվում է տրանս. 260. Իսկ գայլերը հաստատ մեղավոր չեն. 261. «Ճանապարհի» ընկեր. 262. Նրանք ստվերում են. 263. Երբեմն, նա, ով կրակը հանգցնում է… 264. Նախընտրում եմ «ձանձրալին». 265. Աղքատության հետևանքը. 266. Հերոսության բացասական կողմի մասին. 267. Զգալ չկա. 268. Ամբողջից դուրս ինքնամբողջացում. 269. Մեծահոգի մարդիկ ավելի խոցելի են… 270. Նրանք լսում են նաև «ջանի» մեջի «չոռը». 271. Ֆանտաստիկան մոռացված անցյալի վերհիշումն է… 272. Հակաիրավական քաղաքականության հետևանքի մասին. 273. Հաճախ քթի պատճառով է ամենամոտւ մնում աննկատ… 274. … «դատապարտվել ենք» ծնվելու. 275. Խորհուրդներին շատ լուրջ չվերաբերվելու… 276. Երբեմն բոլորը «գիտեն», բայց հե՛նց դու` «ոչ» . 277. Ցավոք, սրա մասին գիտեն նաև… 278. «Գիշերասեր». 279. Կիրք. 280. Երբ երկու դեպքում էլ մեղավոր են տղամարդիկ. 281. «Հականեխիչ օպերացիա». 282. Արադատության ծնունդը`… 283. Երբեմն հավատարմությունը վերածվում է ստրկության. 284. Աղոթողներին թերահավատորեն վերաբերվելու փաստարկ. 285. Հավերժությունն ակնթարթում է. 286. Երբ նախընտրում են մենությունը… 287. Հուղարկավորության մասնակից`որպես ննջեցյալ. 288. Երաժշտության միակ թերությունը. 289. «Սեր», որն ազատազրկում է ու սպանում /եսասիրություն/. 290. Երբ սիրտդ ուզում է բերանովդ դուրս թռչի… 291. Թագավորն ապրած կենա. 292. Երանի «երկխոսությանը», որը զարգանում է դեպի լռություն 293. Ինքնախոստովանություն. 294. Երբեմն խնդրանքի մերժումը. 295. Երբեմն լռությունն ինքնազոհության նշան է. 296. Բարոյականություն, որում արդարացվում է անիրավությունը. 297. Երբ ինքդ քո հանդեպ օբյեկտիվ ես… 298. Մարդիկս. 299. Պատմությունն է փաստարկում. 300. Քծնոնղերի և տգետների սիրախաղ. 301. Իրականությունը դրսում է… 302. Ապահով անազատությունը գերադասող մարդիկ… 303. Զրպարտության. Բամբասանքի, չարախոսության… 304. Երբեմն, հաղթանակի գրավականը… 305. Հերոսության նվաճումներին… 306. Երբ սիրո խոստովանությունը տխրեցնում է. 307. Հրեշտակների սարսափի մասին. 308. Ուրախությունն ինչքան էլ թանկ ու սպասված… 309. Հոտ vs ոհմակ. 310. «Դիագնոզ». 311. Առավելապես թուլանում ու սպանվում ենք… 312. Ավելի շատ զարմացել եմ նրանում, որ ինձ սիրել են… 313. Համեստությունը վարվելակարգի տարր չէ… 314. Լույս vs խավար. 315. Մարդկային քողարկված նախանձախնդրություն. 316. Մոտ չթողնելու պատճառ. 317. Տարիքը չէ, որ իմաստնություն է բերում… 318. Կասկածամիտներին առավելապես… 319. Ինձ հայտնի ամենամեծ առաքինությունը… 320. Հարթակն այն տեղն է… 321. Իրավունքի փիլիսոփայություն. 322. Երբ առաջնորդվում են… 323. Անհատ-հասարակություն… 324. Եթե սերը կառավարվեր բանականությամբ… 325. Որդուս իմաստուն պատասխանը` մտորելու առիթ. 326. Եթե ատելությունից փոխակերպված… 327. Ահա և ամբողջ ճշմարտությունը ժամանակակից կյանքի. 328. Անառակներն են մնում տերն իրադրության. 329. Աղքատությունն արժեզրկում է… 330. Սերն առանց սիրելիի հանգում է եսասիրության. 331. Մարդու ցանկացած նկար… 332. Տգետներն են քաղականությունը… 333. Ցավին դիմակայելու մեծամտություն. 334. Խոսուն են նրանց աչքերը, ում ճանաչում ենք. 335. Վերջին հաշվով կյանքում չկա… 336. Օրորոցային. 337. Վառոդը մեր մեջ է… 338. Իրականում ինչն ինչից ենք պաշտպանում. 339. Քանի դեռ չես նահանջում վախից դրդված… 340. Մոռանում են այն, ինչ պետք չէ… 341. Եվս երկու բան կարոտի մասին. 342. Եթե միայն լիներ այլ կերպ, …, բայց…, ու. 343. Այլ գրավչություն ունի կանանց բնորոշ… 344. Երբ կասկածը միջոց չէ, այլ` նպատակ… 345. Խորհրդատուների առաջ պայման դիր… 346. Զվարճալի տեսարան է. 347. Մեր այսօրվա հասարակության մասին. 348. Լավություն չէ և ոչ էլ մեծահոգություն… 349. Ցավին հարմարվելը վտանգավոր է… 350. Ինքնախոսություն.