Չգիտեմ, այս կրկնակի ամուսնութեա՞ն, թէ այլ պատճառով «Բրախոլամ»ը բաժանուած էր մեծ որդիներից՝ Գրիգորից եւ Կնեազից, որոնք ամուսնացած էին եւ որոնց հետ էր ապրում նաեւ իրանց մայրը։ Տան պակասութի՞ւն էր, թէ մի այլ բան, այս երկու բաժանուած եւ հակընդդէմ ընտանիքները ապրում էին միեւնոյն բնակարանում։
Իսկոյն «անկողին» են շինում մեզ համար։ Անկողին եմ ասում չակերտելով, որովհետեւ դա բաղկացած էր ներքնակի տեղ մի թաղիքից, վերմակի տեղ՝ նոյնպէս թաղիքից, իսկ բարձի տեղ՝ մի խոտով լեցուած գունդից…
Առհասարակ Վասպուրականի գիւղացիք այլ տեսակի անկողնի մասին գաղափար չունէին։ Այս չի էլ կարելի բացատրել աղքատութեամբ միայն, որովհետեւ ուրիշ անգամ հէնց Աբաղայում եղել եմ հարուստ տների մէջ, որոնք նոյն կերպ են եղել համարեա։ Համարեա եմ ասում, որովհետեւ վերմակ թաղիքի տեղ այդպէս հարուստ տներում լինում է երկար թելերով <i>փրջոտ</i>, ինչպէս իրենք են ասում, ջուլ (կապերտ) վերմակներ։ Այսպէս են եւ քրդերի տները։ Բացառութիւն են կազմում միայն աղաների տները, ուր քաղաքի անկողինը մտած է արդէն։
Միւս առաւօտ շատ վաղ ճանապարհւում ենք դէպի Բերկրի։ «Բրախոլամը» այլեւս չի գալիս մեզ հետ․ հիւանդ է․ խոստանում է քանի մը օրից յետոյ ապրանքներով գալ ուղղակի քաղաք։
Առաջնորդում են Ջաֆարը, Կնեազը, Բերկրիի փոսի տղաները եւ մեզ Աբաղայից միացած նոր հայերը, որոնք եկել էին այնտեղ զանազան գործերով։ Մի երկուսը «Բրախոլամի» տանն էին, թել էին բերել ներկել տալու համար․ մէկը անցեալ տարի Խաչան վարժապետ էր եղել, եկել էր իր վարձքը ստանալու․ փոխարէնը իւղ էին տուել տանելու։
Այսպէս բազմաթիւ անձերի հետ մենք կամաց֊կամաց պտոյտներ անելով՝ առաջանում ենք դէպի Բերկրի․ ճանապարհը շարունակ օձապտոյտ զիկզակներ է անում ձեան պատճառով, մեծ մասամբ անցնում է քիւրդ գիւղերի միջով, որովհետեւ գիւղէ գիւղ եկողները ճանապարհ էին շինել․ իսկ դրսից քայլել անկարելի էր։ Մենք էլ ստիպուած էինք բազմաթիւ գիւղեր մտնել, որ շատ վտանգաւոր էր եւ շատ էլ ժամանակ էր խլում։ Առաւօտները եւ երեկոները գիւղերի մէջ՝ դուրսը շատ մարդ չէինք տեսնում ցրտի եւ բուքի երեսից, իսկ կէսօրներին, երբ արեւը սկսում էր օդը տաքացնել, գիւղացիք դուրս էին թափւում եւ դիտում անցորդներին։ Շատ անգամ կանգնեցնում էին ժամերով, հարց ու փորձ անում նորութիւնների մասին։ Քիւրդերի լրագիրները այս անցորդներն էին, որոնք անդադար անցնելով զանազան վայրերից՝ նորութիւններ էին պատմում։
Մեր Ջաֆարին էլ Աստուած տուել էր․ թէ՛ շատախօս էր, թէ՛ շատ լուր գիտէր եւ թէ՛ մանաւանդ, շատ էր սիրում դատարկախօսութիւն անել։ Երբ որեւէ գիւղ էինք հասնում, սկսում էր զգայացունց լուրեր պատմել եւ հրամայել, որ մենք անցնենք, որպէսզի ես փորձանքի չենթարկուեմ՝ քրդերէն չգիտնալուս համար։ Բայց այդ վարպետութիւնը շատ անգամ ժամանակի ի զուր վատնումի պատճառ էր դառնում։ Կնեազը բողոքում էր, որ լեզուից (ամէն աշիրէթ խօսակցութեան յատուկ եղանակ ունի) կարող են ճանաչել, թէ նա կասկածելի է, «ղաչաղ», փախստական։
Որպէսզի ճանապարհին աննկան մնամ, շալակս տուել էին նոր ներկուած թելի մի մեծ խուրձ, իսկ երբ Բերկրիին սկսեցինք մօտենալ, վարժապետի իւղի տիկը շալակս տուին…
Արդէն սկսել էի ուժասպառ լինել։ Կեանքիս մէջ առաջին անգամն էր, որ ձմրան օրերին այսպէս բացառիկ պայմաններով՝ ոտով ճանապարհ էի գնում։
Դրութիւնը աւելի ծանր էր այն պատճառով, որ տակից ֆանէլաներ էի հագել եւ հագուստս էլ, բացի ժակէտիցս, վրաս էր չմսելու համար։ Եւ այդ եղաւ ինձ պատիժ․ ամբողջ մարմինս հարուեց ու ուռեց։ Իսկ ոտներիս հալը Աստուած հեռու տանի։ Չարուխի անսովոր էի․ մանաւանդ չգիտէի նրա անտէր թելերը կապելու ձեւը․ միշտ կապում էին ուրիշները, իսկ նրանք էլ, ամէն անգամ նեղութիւն չքաշելու համար, այնքան խիստ էին հուպ տալիս, որ թելը մտել էր մսիս մէջ եւ կապոյտ փոս արել։ Բերկրի մտնելու ժամանակ կատարեալ բնական կաղ էի, այն անտէր իւղի տիկն էլ կաթում էր եւ կամաց֊կամաց ծծւում մէջքս ի վար…
Բերկրիի մէջ պէտք է անցնէինք ուղիղ կառավարութեան տան առջեւից։ Թէեւ այն ժամանակ Բերկրին <i>մուտուրլըղ</i> էր, բայց բաւականաչափ զօրք կար այնտեղ նստած, իբրեւ սահմանին մօտ տեղ։
Արեւ օր էր։ Ասկարները՝ կառավարութեան եւ իրենց զօրանոցի բնակարանի դրան մօտ պատի տակ պպզած՝ զրոյց էին անում։
Երբ մեզ տեսան, սկսեցին կատակ անել։ Մէկը, նկատելով իմ մեծ բեռը, նրա վրայ դարսուած ներկուած թելերը եւ, մանաւանդ, կաղ ոտս, խնդաց եւ ցոյց տուաւ ընկերոջը, ասելով․— «<i>Բու թօփալ հարիֆա բակընըզ, կեօր նա կատար իւք կալտըրմըշ</i>»… (Այս կաղ մարդուն նայեցէք, որքան բեռ է վերցրել)։
Սիրտս կտրաւ փորս ընկաւ։ Ասացի՝ ահա պիտի մօտենան ինձ։ Բայց Ջաֆարը սկսեց իր կատակները, եւ ես վերջին ճիգն արի ու անցայ։
Համարեա շնչասպառ հասայ բերկրեցի մեր հին սուրհանդակներից Սրգոյի տունը։
Սրգոն ինձ հանգստացնում էր, որ վտանգը անցաւ, ոտնամաններս էր հանում եւ աղաջրով լուանում։
Նոր նկատեցի, որ ոտքերիս տակը ի սպառ սեւացել է եւ առհասարակ խիստ ուռել։
Սրգոն հիւրասիրում է մեզ թէյով։ Պէտք է նկատել, որ Պարսկաստան եւ Տաճկաստան շաքարը խիստ աժան էր, աւելի աժան, քան Կովկաս։ Ուստի ամէն գիւղում միշտ կարելի էր թէյ գտնել, մանաւանդ Բերկրիի նման կարեւոր գիւղում։
Երեկոյեան դէմ ուղեւորւում ենք դէպի մօտիկ գիւղը, որ կէս ժամ հազիւ հեռու է Բերկրիից։ Այնտեղ, իբրեւ զուտ հայաբնակ գիւղ, աւելի ապահով է, քան հազիւ մի քանի հայ տուն ունեցող եւ պաշտօնեաներով, ժանդարմներով եւ զինուորներով լեցուն քրդական Բերկրին։
Պստիկ գիւղի մէջ մեզ հիւրասիրում է գիւղի <i>շմբապետ Սարգիսը</i> իր տան մէջ։ Այս գիւղից սկսած արդէն կազմակերպութիւններ կային գիւղերի մէջ։
Պստիկ գիւղի տղաներից այն գիշեր ես ծանօթացայ համեմատաբար աչքի ընկնող բոլոր տղաների հետ, որոնք մինչեւ վերջը մնացին գործի գլուխ եւ մեծ ծառայութիւն մատուցին։
Սարգիսը, ինչպէս ասացի, այս գիւղի կազմակերպութեան ներկայացուցիչն էր կամ, ինչպէս իրենք էին ասում «<i>Գործադիրը</i>»։ Կիսագրագէտ մի հասարակ գիւղացի էր։ Դեռ որեւէ անցեալ չունէր․ զբաղւում էր փոխադրութեան գործի ղեկավարութեանբ։ Արդէն վերն ասացի, որ Աբաղայի հայերը ապրանքները փոխադրում էին մինչեւ Բերկրիի փոսը, մեծ մասամբ Պստիկ գիւղը։ Այս գիւղը, շնորհիւ իր զուտ հայ բնակչութեան եւ լերան անմիջական ստորոտը լինելուն, ունէր լաւ, փորձուած եւ հայրենասէր երիտասարդութիւն, որ ապրանքները ամենայն ապահովութեամբ պահում էր գիւղից դուրս շինուած շատ ապահով եւ չոր պահարանների մէջ եւ մաս մաս փոխադրում մինչեւ Թիմար… Սարգսի գործն էր հսկել փոխադրութեան վրայ։
Արտաքուստ, ինչպէս յետոյ տեսայ, եւ ներքուստ, Սարգիսը համակրելի մէկը չէր։ Կարծես աւելի շահասիրութեան եւ դիրքի համար էր (իսկ այդ դիրքը, շնորհիւ կազմակերպութեան մեծ հեղինակութեան, աւելի մեծ էր, քան ռէսի դերը) մօտեցել կազմակերպութեան։ Սարգիսը նոյն տարին էլ բանտարկուեց եւ երեք տարի Վանի բանտը նստեց։ Յետոյ, Ազատութեան տարիներին արդէն ռէս էր դարձել։ Շատ էին գանգատւում, որ կառավարութեան կոմղն անցած՝ գիւղացիներին կողոպտում է, մանաւանդ պատերազմի տարիներին։
Ռուս֊թրքական պատերազմին եկաւ քաղաք՝ Վան եւ իր ծառայութիւնը առաջարկեց, ասելով, թէ ինքը լաւ քրդեր ունի, կարող է նամակ ճամբել Սուրէնին (Դրոյին)։ Մի նամակ գրեցի, տուի մի քանի ոսկի էլ սկզբնական ծախսերի համար։ Այն գնալն էր, որ գնաց։ Չգիտեմ նամակս ճամբեց թէ ոչ, բայց ինքը սպաննուեց կոտորածների ժամանակ։
<i>Ղուկաս</i> կամ <i>Կակոս</i>․— Սա Պստիկ գիւղի ամենաշատ կրթութիւն ունեցող երիտասարդ գիւղացին էր, կարծեմ հարուստի որդի էր, գիւղի «քեաթիպ»ն էր, ինչպէս եւ մեր գործադիր մարմնի գրագիրը։ Վատ մարդ չէր, սիրում էր կարդալ, մանաւանդ վիճել։ Աշխատել է 1903֊14 թուին։ Մասնակցել է ապրիլեան կռիւներին։ Կռիւներից վերջ Մոկացի Օհանէսի, Շատախցի Աւոյի եւ ընկերների հետ մեկնեց իրենց գաւառը եւ սպաննուեց ընկերների հետ Խաչանի մօտ անհաւասար կռւում։
<i>Յարութիւնը</i> Պստիկ գիւղի մեր հին եւ լաւ զինուոր սուրհանդակներից մէկն էր, որ շատ անգամ Վանից մինչեւ Վանքն էր գնում եւ Վանքից՝ Վան։ Բոլոր կարեւոր խմբերը եւ ընկերները, ինչպէս եւ մեծ կապոցներով ապրանքները պահող եւ փոխադրող ինքն էր Գէորգի հետ։ Սրան եւ Գէորգին դեռ կը հանդիպենք մեր պատմութեան ընթացքում։
<i>Գէորգը</i> մեր հին զինուորներից մէկն էր, մասնակցած էր Խանասորի արշաւանքին եւ Վանքից անցնող շատ զինատար խմբերին, իբրեւ զինուոր֊սուրհանդակ։ Պստիկ գիւղի մեր կազմակերպութեան ոգին էր, ամենաանձնուէր աշխատողը։ Աղքատ մարդ էր․ իր ընտանիքը պահում էր ջրաղացպանութեամբ․ սրա մօտ մի կազմակերպական մօսին հրացան կար Խանասորի զէնքերից։
Պստիկ գիւղում ամբողջ գիշերը չքնեցինք։ Երիտասարդները հաւաքուած՝ խոսում, վիճում, նորութիւններ էին հարցնում, մանաւանդ իրենք էին պատմում հին դէպքերի եւ կռուիների մասին։ Կարդում էին, ի մեծ զարմանս իմ, Նարեկացի։ Կարծեմ, մեծ պասն էր։ Իմ հարցին, թէ նոր գրքեր չունէ՞ք, գնացին բերին «<i>Դրօշակ</i>»ի եւ «<i>Հայրենիք</i>»ի ամբողջ հրատարակութիւնները, հին եւ նոր «Դրօշակ»ներ եւ զանազան արտասահմանեան թերթեր։ Իբրեւ սուրհանդակային վայրի գիւղ, ամէն անգամ իրենց բաժին գիրքն ու թերթը վերցնում էին եւ ապա ճամբում Վան։ Նոր գիրքերը ամբողջապէս կարդացել էին, այժմ նորից դարձել էին Նարեկին, որը չգիտեմ հասկանո՞ւմ էին, թէ ոչ, բայց շատ աշխոյժով կարդում էր Ղուկասը, եւ միւսները մեծ ուշադրութեամբ լսում էին։
Միւս օրը առաւօտեան մեկնեցինք Պստիկ գիւղից, Կնեազը այնտեղ թողնելով։ Ինձ ուղեկցելու են գալիս Պստիկ գիւղացի Յարութիւնը, Գէորգը եւ Անձաւցի Մելոն։
<i>Մելոն</i> Բերկրիի շրջանի մեր ամենահին, նուիրուած եւ երախտաւոր գործիչն էր։ 1894էն սկսած, կատարել է սուրհանդակութիւն, զինուորութիւն, փոխադրութիւն եւ ամէն բան։ Եղել է Վազգէնի այն խմբին մէջ, որ Խանասորի կռուից առաջ Սալմաստից մեկնել էր Վան, ուր եղել է եւ Անդրանիկը։ Մի քանի անգամ փախստական է եղել, անցել է Պարսկաստան, միաժամանակ ապրել է Բերկրի։ Նրա տան մէջ բռնուել է 1902ին Սարգիս Օհանջանեանը․ այդ առթիւ էլ փախստական է դարձել, բայց նորից կարողացել է վերադառնալ եւ գործը շարունակել։
Մելոյի տունը Դաշնակցութեան խանն է եղել։ Դաշնակցական բոլոր հայ, քիւրդ, եզիտի եւ այլ սուրհանդակներն այդ գծով անցնելիս՝ կազմակերպական թէ անձնական գործով՝ պիտի հիւրընկալուէին Մելոյի տանը։ Եւ այդ էր պատճառը, որ չնայած նրա եւ եղբայրների չափազանց աշխատասիրութեան, երբեք չկարողացան փոքր ի շատէ տանելի կեանք ունենալ, նոյն իսկ «Հիւրիաթ»ի ժամանակ։
Վերջին անգամ «Պարապ»ը (այսպէս էր Մելոյի կեղծ անունը), ռուս֊թրքական պատերազմի ժամանակ նամակ տանելով Դրոյին բանակը, Վանի ողբերգական վիճակի մասին, մնացել էր այնտեղ եւ կամաւորների հետ առաջին անգամ Վան էր մտել։ Մելոյի տարիների բեռան տակ ճնշուած եւ կորացած մէջքն ու նահատակի բարի դէմքը պարզուել էր։ Նա հպարտ էր․— «<i>Պարոն, ես իմ պարտքը կատարեցի, մնացածը ձեր մարիֆաթին կը թողում</i>»,— ասած եո ւպւնա ճանապարհուեց իր աւերակ տունը շինելու համար։ Այնուհետեւ չիմացայ, թէ ինչ եղաւ մեր սիրելի Մելոն։
✻✻✻
Բերկրիի դաշտին մէջ, մեր ժապաւինաձեւ ճանապարհը անդադար զիկզակներ էր անում բազմաթիւ քիւրդ գիւղերի միջեւ։ Օրը մեր բախտից շատ ցուրտ էր, եւ քիչ մարդու էինք հանդիպում։ Բայց քանի առաջանում էինք, մարդիկ այնքան շատանում էին։ Ջաֆարը յետոյ բացատրեց, որ Բանդի֊Մահուի կամուրջով Արճէշի քարւանային ճանապարհը միանում է Բերկրիի ճանապարհի հետ դէպի Վան գնալու համար։ Այստեղ էր անցնում ե՛ւ ձիաւոր փոստը։
Իրօք, շուտով մենք տեսանք ձիաւորների հետքեր։
Ձիերի երթեւեկելը ճանապարհի նեղ ժապաւէնի վրայ խորունկ փոս էր շինել, շատ անգամ կէս արշինից խորունկ, իսկ այդ ծակերի կողմը սառել քարի պէս կարծրացել էր։
<references/>