=== X։ Ելք տաժանակրությունից ===
Այդ ամենը կատարվեց իմ տաժանակրության արդեն վերջին տարում։ Վերջին այդ տարին համարյա թե նույնչափ արժանահիշատակ էր ինձ համար, ինչպես առաջինը, հատկապես վերջին օրերը բանտում։ Բայց ինչ խոսել մանրամասների մասին։ Հիշում եմ սոսկ, որ այդ տարին, չնայած պատժաժամկետն ավարտելու իմ համակ անհամբերությանը, ինձ համար ավելի դյուրին եղավ ապրելը, քան աքսորի նախորդ բոլոր տարիներին։ Նախ ե առաջ, կալանավորների մեջ արդեն շատ բարեկամներ ու մտերիմներ ունեի, որոնք վերջնականապես վճռել էին, որ լավ մարդ եմ։ Նրանցից շատերն ինձ նվիրված էին և անկեղծորեն սիրում էին։ Ինժեներական մասի զինվորը քիչ էր մնացել արտասվեր ինձ և ընկերոջս բանտից ուղեկցելիս, և երբ հետագայում, արդեն ազատված, մեկ լրիվ ամիս ապրում էինք այդ քաղաքում, պետական մի շենքում, համարյա ամեն օր գալիս էր մեզ մոտ, հենց այնպես, միայն մեզ տեսնելու։ Կային սակայն մինչև վերջ խստահայաց և անբարեհամբույր անձինք, ում համար կարծես գժվար էր բառ իսկ փոխանակել հետս՝ Աստված գիտե, թե ինչու։ Թվում էր մեր արանքում ինչ֊որ միջնորմ կա։ Վերջին շրջանում ես ընգհանրապես ավելի արտոնություններ ունեի, քան տաժանակրության ամբողջ ընթացքում։ Այդ քաղաքում զինվորական ծառայողների մեջ կային ինձ ծանոթներ և նույնիսկ դպրոցական վաղեմի ընկերներ։ Ես վերականգնել էի նրանց հետ իմ հարաբերությունները։ Նրանց միջոցով կարող էի ավելի շատ փող ունենալ, կարող էի նամակ գրել տուն և նույնիսկ գրքեր ունենալ։ Արդեն քանի տարի ես ոչ մի գիրք չէի կարդացել, և դժվար է նկարագրել այն տարօրինակ, միևնույն ժամանակ հուզառատ տպավորությունը, որ ինձ վրա թողեց բանտում կարդացած առաջին գիրքը։ Հիշում եմ, սկսեցի կարդալ երեկոյից, երբ կողպեցին բանտասենյակը, և կարդացի ամբողք գիշեր, մինչև այգաբաց։ Ամսագրի մի պրակ էր դա։ Ասես լուր հասավ ինձ այն աշխարհից, նախորդ կյանքս՝ ամբողջովին վառ ու լուսավոր, հառնեց իմ առաջև և ես ջանացի ընթերցածից կռահել. արդյո՞ք շատ եմ ետ մնացել այն կյանքից, շատ բա՞ն են ապրել նրանք այնտեղ, առանց ինձ, հիմա ի՞նչ է հուզում նրանց, ի՞նչ հարցեր են հիմա զբաղեցնում։ Ես կպչում էի բառերից, կարդում տողերի արանքը, ջանալով գտնել խորհրդավոր իմաստ, ակնարկումներ նախկինի վերաբերյալ, որոնում այն ամենի հետքերն, ինչ նախկինում, իմ ժամանակ, հուզում էր մարդկանց, և հիմա ինչքան տխրալի էր ինձ համար, գործնականորեն գիտենալ, ինչ աստիճանի խորթ եմ նոր կյանքի համար, դարձել եմ կտրված շերտիկ։ Հարկ էր ընտելանալ նորին, ծանոթանալ նոր սերնդին։ Հատկապես վրա պրծա մի հոդվածի, որի տակ գտա ծանոթ, նախկինում մոտ մարդու անունը... Բայց արդեն զրնգում էին նոր անուններ, ի հայտ էին եկել նոր գործիչներ, և ես անհագորեն շտապում էի նրանց հետ ծանոթանալ և բարկանում, որ այնքան քիչ գիրք ունեմ, և որ այնքան դժվար է լինելու հասնել նրանց։ Իսկ նախկինում, նախորդ պլաց-մայորի օրոք, նույնիսկ վտանգավոր էր գիրք մտցնել տաժանավայր։ Խուզարկության դեպքում անպայման հարցեր կլինեին. «Որտեղի՞ց են գրքերը, որտեղի՞ց ես վերցրել։ Նշանակում է, կապե՞ր ունես...»։ Իսկ ի՞նչ կարող էիր պատասխանել նման հարցերին։ Այդ պատճառով էլ, ապրելով առանց գրքի, ակամա խորանում էի ինքս իմ մեջ, ինքս ինձ հարցեր տալիս, երբեմն չարչարվում դրանց վրա... Սակայն այդ ամենը վերապատմել չի լինի...
Ես բանտ էի մտել ձմռանը, դրա համար էլ ձմռանը պիտի ազատվեի նույն ամսաթվին, որին եկել էի։ Ի՜նչ անհամբերությամբ էի սպասում ձմռանը, ի՜նչ հաճույքով էի նայում ամռան վերջին, թե ինչպես է թոշնում տերևը ծառի վրա և խունանում խոտը տափաստանում։ Բայց ահա, ամառն էլ անցավ արդեն, ոռնաց աշնան քամին, ահա արդեն օդում սկսեց ճախրել առաջին ձյունը... Վերջապես, հասավ այդ ձմեռը, վաղուց սպասված ձմեռը։ Սիրտս երբեմն սկսում էր խուլ և պինդ բաբախել ազատության վիթխարի կանխազգացումից։ Բայց տարօրինակ բան. ինչքան ավելի ժամանակ էր անցնում, ինչքան ավելի էր մոտենում ավարտը, այնքան ավելի ու ավելի համբերատար էի դառնում։ Ամենավերջին օրերին նույնիսկ զարմացա և կշտամբեցի ինքս ինձ. թվաց, թե դարձել եմ կատարելապես սառնարյուն և անտարբեր։ Ազատ ժամանակը բակում զբոսնող կալանավորները հանդիպելիս խոսքի էին բռնվում հետս, շնորհավորում։
― Ահա և կաղատվեք, պատվելի Ալեքսանդր Պետրովիչ, շուտով, շուտով կազատվենք։ Մեզ մենակ կթողնեք, անտեր։
― Իսկ ի՞նչ, Մարտինով, ձե՞զ ինչքան է մնացել,— կպատասխանեի։
― Էդ ի՜նձ, է ինչ ասեմ։ Մի յոթը տարի կա չարչարվելու...
Եվ հոգոց կհաներ, կանգ կառներ, նայելով ցրված, ճիշտ կարծես ապագայի խորքը նայելով... Այո, շատերն էին անկեղծաբար և ուրախությամբ շնորհավորում։ Ինձ թվաց, թե կարծես բոլորն էլ ավելի բարեհամբույր են սկսվել վարվել հետս։ Երևում էր, նրանց համար դառնում էի արդեն ոչ յուրային, նրանք արդեն հրաժեշտ էին տալիս ինձ։ Լեհ ազնվականներից Կ.֊չինսկին, հեզաբարո և մեղմ մի երիտասարդ, ինձ պես սիրում էր ազատ ժամանակ շատ քայլել բակում։ Մտածում էր, որ մաքուր օդով և զբոսանքով կպահպանի առողջությունը և բանտասենյակի գիշերների հեղձուկի ամբողջ վնասի տեղը կհանի։ «Ես անհամբեր սպասում եմ ձեր դուրս գալուն,— ասաց նա մի անգամ, հանդիպելով ինձ զբոսանքին,— դուք դուրս կգաք, ես էլ ''այդ ժամանակ կիմանամ'', որ ճիշտ մի տարի է մնացել ինձ՝ մինչև դուրս գալս»։
Հպանցիկ նշեմ այստեղ, որ ըղձականությունից և տևական ետ վարժվելուց, ազատությունը մեր բանտում թվում էր մի տեսակ ավելին իսկական ազատությունից, այսինքն՝ նրանից, ինչ կա իսկապես, իրականության մեջ։ Բանտարկյալները չափազանցնում էին ըմբռնումն իսկական ազատության մասին, և դա այնքան էր բնական, այնպես էր բնորոշ ամեն կալանավորի։ Սպայական ամեն մի գջլոտ սպասյակ մեզ մոտ համարյա թագավոր էր համարվում, համարյա թե ազատ մարդու իդեալ՝ համեմատած կալանավորների հետ, այն պատճառով, որ նա ման էր գալիս չխուզված, առանց կալանդների և առանց պահախմբի զինվորի։
Ամենավերջին օրվա նախօրեին, մթնշաղին, ես ''վերջին անգամ'' շրջեցի պարսպի բոլորքով մեր ամբողջ բանտը։ Քանի հազար անգամ էի շրջել պարիսպների մոտով այս ամբողջ տարիների ընթացքում։ Այստեղ, բանտասենյակների ետևում էի թափառում իմ տաժանակրության առաջին տարում որբացած, սպանված։ Հիշում եմ, ինչպես էի այն ժամանակ հաշվում, քանի հազար օր է մնացել։ Տեր Աստված, ինչքա՜ն վաղուց էր դա։ Ահա այստեղ, այս անկյունում էր ապրում մեր արծիվը՝ գերության մեջ, ահա այստեղ էր ինձ հաճախ հանդիպում Պետրովը։ Նա հիմա էլ ետ չէր մնա ինձանից։ Մոտ կվազեր և մի եղանակով կռահելով մտքերս, կքայլեր կողքիցս և ճիշտ կարծես ինքն իր ներսում կզարմանար։ Մտովի հրաժեշտ էի տալիս մեր բանտասենյակների այդ սևացած, գերանակապ խրճիթներին։ Ինչքա՜ն անբարեհամբույր՝ ապշեցրին ''այն ժամանակ'', առաջին շրջանում։ Պետք է որ դրանք հիմա հնացած լինեն, այն ժամանակվա համեմատությամբ, բայց ինձ դա նկատելի չէր։ Եվ այս պատերի մեջ ինչքա՜ն երիտասարդություն է թաղված զուր տեղր։ Չէ որ պետք է արդեն ամեն ինչ ասել, չէ որ այդ ժողովուրդն անսովոր ժողովուրդ է։ Զէ որ գուցեև մեր ժողովրդի ամենաշնորհալի, ամենաուժեղ հատվածը։ Բայց ապարդյուն զոհ գնացին հուժկու ուժեր, զոհվեցին անբնականորեն, ապօրինի, անդարձ։ Իսկ ո՞վ է մեղավոր։
Հենց դա է որ կա՝ ո՞վ է մեղավոր։
Հաջորդ օրը, վաղ առավոտյան, դեռ գործի գնալուց առաջ, հենց սկսեց լուսանալ, շրջեցի բոլոր բանտասենյակներում, բոլոր կալանավորներին հրաժեշտ տալու։ Բազում կոշտուկապատ, հուժկու ձեռքեր պարզվեցին ինձ՝ բարեկամաբար։ Ոմանք սեղմում էին լրիվ ընկերավարի, սակայն քիչ էին նրանք։ Մյուսները շատ լավ հասկանում էին արդեն, որ հիմա բոլորովին ուրիշ մարդ կդառնամ, քան իրենք են։ Գիտեին, որ քաղաքում ծանոթություններ ունեմ, որ այստեղից անմիջապես կգնամ ''պարոնների'' մոտ և կնստեմ նրանց կողքին՝ հավասարի պես։ Նրանք դա հասկանում էին և հրաժեշտ տալիս թեև հաճույքով, թեև սիրալիր, բայց ամենևին ոչ ընկերոջ պես, այլ ասես մի պարոնի։ Ոմանք էլ երես էին դարձնում ու խստահայաց չէին պատասխանում իմ հրաժեշտին։ Ոմանք էլ նայում էին նույնիսկ մե տեսակ ատելությամբ։
Զարկեց թմբուկը և բոլորը գնացին գործատեղ, իսկ ես մնացի տանը։ Սուշիլովն այդ առավոտ արթնացել էր համարյա բոլորից շուտ և ամբողջ ուժով բնբնում էր, որ հասցնի թեյ պատրաստել ինձ համար։ Խե՜ղճ Սուշիլով, նա լաց եղավ, երբ իրեն իմ կալանավորական հնոտիքը, շապիկները, կալանդի տակդիրները և մի քիչ փող։ «Ինձ էդ չի, էդ չի պետք,― ասում էր, հազիվ զսպելով թրթռացող շրթունքը,— ձեզ ինչպես կորցնեմ, Ալեքսանդր Պետրովիչ, ում հույսին եմ մնալու էստեղ, առանց ձեզ»։ Վերջին անգամ հրաժեշտ տվեցի Ակիմ Ակիմիչին։
― Շուտով՝ դուք էլ,— ասացի նրան։
― Ինձ դեռ շ-շատ կա, դեռ շ-շատ երկար պիտի մնամ,— մրմնջում էր նա, ձեռքս սեղմելով։ Ես նետվեցի՝ նրա վիզը գրկելու, մենք համբուրվեցինք։
Կալանավորների դուրս գալուց տասը րոպե անց մենք էլ ելանք բանտից, որ էլ երբեք չվերադառնանք ես և ընկերս, ում հետ եկել էինք։ Հարկ էր գնալ ուղիղ դարբնոց, որ կալանդները հանեին։ Բայց արդեն հրացանով զինվոր չէր ուղեկցում մեզ՝ գնացինք ենթասպայի հետ։ Մեզ շղթայազերծ արեցին հենց մեր կալանավորները, ինժեներական արհեստանոցում։ Ես սպասեցի, մինչև կշղթայազերծեին ընկերոջս, հետո ինքս էլ մոտեցա զնդանին։ Դարբիններն ինձ գլորեցին՝ մեջքով իրենց կողմը, ետևից բարձրացրին ոտքս, դրեցին զնդանին... Նրանք իրար էին անցել, ուզում էին ավելի հարմար ու լավ անել գործը։
― Դուրգամը, առաջուց դուրգամը թուլացրու աջուձախ պտտի,— հրամայեց ավագը,— էդպես դիր, այ էդպես, լավ է... Հիմա մուրճով խփի...
Կալանդներն ընկան։ Ես վերցրի... Ուզեցա ձեռքումս պահել, վերջին անգամ նայել դրանց։ Ճիշտ կարծես զարմացել էի, որ դրանք հենց նոր ոտքերիս վրա էին։
― Դե, Աստված քեզ հետ, Աստված քեզ հետ,— ասացին կալանավորներն ընդհատ, կոպիտ, բայց կարծես ինչ-որ բանից գոհ ձայներով։
Այո, Աստված մեզ հետ։ Ազատություն, նոր կյանք, հարություն մեռելներից․․․ Ինչ փառավոր պահ էր։
'''Վերջ երկրորդ մասի'''
== Ծանոթագրություններ ==
<references/>