== I ==
Դունեչկայի ու Պույլխերիա Ալեքսանդրովնայի հեա Պյոտր Պետրովիչի ճակատագրական բացատրությանը հաջորդած առավոտը իր զգաստացուցիչ ազդեցությունն ունեցավ նաև Պյոտր Պետրովիչի վրա։ Նա մեծագույն անախորժությամբ ստիպված եղավ հետզհետե իբրև կատարված և անդառնալի փաստ ընդունել այն, ինչ որ դեռ նախորդ օրը նրան համարյա ֆանտաստիկ դեպք էր թվում, ու թեև կատարվել էր, բայց և այնպես կարծես թե անհնարին էր։ Խայթված ինքնասիրության սև օձը ամբողջ գիշեր կրծում էր նրա սիրտը։ Անկողնից վեր կենալով, Պյոտր Պետրովիչը իսկույն նայեց հայելուն։ Նա վախենում էր, թե չլինի՞ գիշերվա ընթացքում մաղձը տարածվել է մարմնով մեկ։ Սակայն այդ կողմից առայժմ ամեն ինչ բարեհաջող էր, ու դիտելով իր նրբին, սպիտակ և վերջին ժամանակներում մի քիչ ճարպակալած դեմքը, Պյոտր Պետրովիչը մի ակնթարթ նույնիսկ սփոփվեց, լիովին համոզված լինելով, որ կարող է իր համար հարսնացու գտնել որևէ ուրիշ տեղ, թերևս ավելի լավը, բայց իսկույն ուշքի եկավ և ուժեղ թքեց մի կողմ, որով լռին, բայց սարկաստիկ ժպիտ առաջացրեց իր երիտասարդ բարեկամ ու բնակակից Անդրեյ Սեմյոնովիչ Լեբեզյատնիկովի դեմքին։ Պյոտր Պետրովիչը նկատեց այդ ժպիտը և մտքում իսկույն կշտամբեց իր երիտասարդ բարեկամին։ Վերջին ժամանակներում նա շատ անգամ էր մտքում կշտամբել Լեբեզյատնիկովին։ Նրա բարկությունը կրկնապատկվեց, երբ նա հանկարծ մտածեց, որ հարկավոր չէր նախորդ օրվա դեպքը հաղորդել Անդրեյ Սեմյոնովիչին։ Դա երեկվա երկրորդ սխալն էր, որ նա կատարել էր բորբոքված, ջղայնացած վիճակում, ավելորդ սրտաբացություն էր ցուցաբերել... Այնուհետև այդ ամբողջ առավոտը հակառակի պես մի անախորժությունը հաջորդում էր մյուսին։ Նույնիսկ սենատում նրան ինչ֊որ անհաջողություն էր սպասում մի գործի վերաբերյալ, որի մասին հոգում էր ինքը։ Նրան առանձնապես ջղայնացրել էր շուտափույթ ամուսնության նկատառումով իր վարձած և իր հաշվով նորոգված բնակարանի տերը. այս բնակարանատերը, ինչ֊որ հարստացած գերմանացի արհեստավոր, ոչ մի կերպ չէր համաձայնում խախտել հենց նոր կնքված պայմանագիրը և պահանջում էր պայմանագրում հիշատակված ամբողջ տուժանքը, չնայելով, որ Պյոտր Պետրովիչը համարյա բոլորովին նորոգված բնակարանը վերադարձնում էր նրան։ Ճիշտ նույնպես կահույքի խանութում ոչ մի կերպ չէին ուզում վերադարձնել թեկուզ մի ռուբլի, արդեն գնված, բայց բնակարան չտեղափոխած կահույքի գրավականից։ «Հո կահույքի համար չե՞մ ամուսնանալու», բարկությամբ մտածում էր Պյոտր Պետրովիչը, ու միևնույն ժամանակ նրա մեջ հեռավոր մի հույս էր առկայծում. «Մի՞թե իսկապես այս ամենը անդարձ կորավ ու վերջացավ, մի՞թե չի կարելի նորից հաշտվելու փորձ անել»։ Դունեչկայի վերաբերյալ միտքը մի անգամ էլ գայթակղիչ կերպով ճմլեց նրա սիրտը։ Նա տանջանքով անցկացրեց այդ րոպեն, և, իհարկե, եթե կարելի լիներ այժմ հենց միայն ցանկությամբ ոչնչացնել Ռասկոլնիկովին, ապա Պյոտր Պետրովիչը անհապաղ կհայտներ այդ ցանկությունը։
«Բացի դրանից, սխալ էր նաև այն, որ ես նրանց բոլորովին փող չէի տալիս», մտածում էր նա՝ տխուր վերադառնալով Լեբեզյատնիկովի խցիկը, «գրողը տանի, ինչու էի այդպես ժլատացել։ Այստեղ նույնիսկ ոչ մի հաշվենկատություն էլ չկար։ Ես մտածում էի նրանց խեղճ վիճակում պահել, համբերությունից հանել, որպեսզի ինձ վրա նայեին իբրև նախախնամության վրա, իսկ նրանք ա՛յ թե ինչ արեցին... Թյո՛ւ.. Ոչ, եթե այս ամբողջ ժամանակ նրանց տայի, զորօրինակ, մի հազար հինգ հարյուր ռուբլի, օժիտի համար, ու առնեի նվերներ, զանազան զարդատուփեր, մատանիներ, գործվածքներ և այլ բաներ Կնոպի կամ անգլիական խանութից, գործը ավելի լավ կգնար և... հաստատուն կլիներ։ Հիմա այդպես հեշտությամբ ինձ չէին մերժի։ Դրանք այնպիսի մարդիկ են, որ անպայման պարտականություն կհամարեին մերժման դեպքում վերադարձնել թե նվերները և թե փողը. վերադարձնելն էլ հեշտ չէր լինի, կափսոսեին, խղճի կգային, կասեին՝ ինչպե՞ս կարելի է հանկարծ վռնդել մի մարդու, որը մինչև հիմա այդպես առատաձեռն ու քաղաքավարի է եղել․․․ հը՛մ, վրիպել եմ»։ Ու նորից ջղայնանալով, Պյոտր Պետրովիչը իրեն հիմար անվանեց, իհարկե, մտքում։
Հանգելով այդ եզրակացության, նա տուն էր վերադարձել երկու անգամ ավելի չարացած ու ջղայնացած, քան դուրս էր եկել։ Կատերինա Իվանովնայի սենյակում հոգեհացի համար կատարվող պատրաստությունը մասամբ նրան էլ էր հետաքրքրել։ Նա դեռ երեկ էլ էր լսել այդ հոգեհացի մասին. նույնիսկ հիշում էր, որ կարծես իրեն էլ էին հրավիրել. բայց, իր հոգսերով զբաղված, նա այդ ամենը անուշադրությունից էր դուրս թողել։ Շտապելով այդ մասին տեղեկանալ տիկին Լիպպևեխզելից, որը Կատերինա Իվանովնայի բացակայությամբ (սա գերեզմանոցումն էր) սեղան սարքելով էր զբաղված, Պյոտր Պետրովիչը իմացավ, որ հոգեհացը հանդիսավոր է լինելու, որ հրավիրված են այդ տան համարյա բոլոր բնակիչները, նույնիսկ այնպիսիները, որոնց հետ հանգուցյալը ծանոթ չէր, որ հրավիրված է նույնիսկ Անդրեյ Սեմյոնովիչ Լեբեզյատնիկովը, չնայելով, որ նա գժտված էր եղել Կատերինա Իվանովնայի հետ, և վերջապես, հրավիրված է նաև ինքը՝ Պյոտր Պետրովիչը, և ոչ միայն հրավիրված է, այլև սպասվում է նույնիսկ մեծ անհամբերությամբ, որովհետև բոլոր հյուրերից նա գրեթե ամենակարևորն է։ Ինքը՝ Ամալյա Իվանովնան մեծ հարգանքով էր հրավիրված, չնայելով եղած բոլոր անախորժություններին, դրա համար էլ այժմ զբաղված էր սեղանի պատրաստությամբ, որը նրան հաճույք էր պատճառում, նա զուգվել-զարդարվել էր, հագածը թեև սգաշոր էր, բայց բոլորովին նոր էր, մետաքսից կարված, և նա հպարտանում էր դրանով։ Այդ բոլոր փաստերն ու տեղեկությունները Պյոտր Պետրովիչին մտածելու որոշ առիթ տվին, և նա այդպես մտազբաղ անցավ իր սենյակը, այսինքն՝ Անդրեյ Սեմյոնովիչ Լեբեզյատնիկովի սենյակը։ Բանն այն է, որ նա նաև իմացել էր, որ Ռասկոլնիկովն էլ է հրավիրված։
Անդրեյ Սեմյոնովիչը չգիտես ինչու այդ ամբողջ առավոտը նստած էր տանը։ Այդ պարոնի և Պյոտր Պետրովիչի միջև ինչ֊որ տարօրինակ, բայց և մասամբ բնական հարաբերություններ էին առաջացել։ Պյոտր Պետրովիչը նույնիսկ չափից դուրս արհամարհում և ատում էր նրան համարյա հենց այն օրվանից, երբ տեղավորվեց նրա մոտ, բայց միևնույն ժամանակ կարծես թե մի քիչ վախենում էր նրանից։ Պյոտր Պետրովիչը Պետերբուրգ ժամանելուն պես նրա մոտ իջևանել էր ոչ միայն ժլատորեն խնայողություն անելու միտումով, թեև դա համարյա գլխավոր պատճառն էր, այլև այստեղ ուրիշ պատճառ էլ կար։ Դեռ գավառում նա լսել էր, որ Անդրեյ Սեմյոնովիչը, իր նախկին սանը, ամենաառաջավոր երիտասարդ պրոգրեսիստներից է և նույնիսկ զգալի դեր է խաղում որոշ հետաքրքրական և արտառոց խմբակներում։ Դա ապշեցրեց Պյոտր Պետրովիչին։ Ահա հենց այդ զորեղ, ամեն ինչ գիտեցող, բոլորին արհամարհող և բոլորին մերկացնող խմբակները Պյոտր Պետրովիչին ինչ-որ մի առանձին վախ էին պատճառում, որը, սակայն, բոլորովին անորոշ էր։ Իհարկե, նա ինքը, այն էլ գավառում, չէր կարող այդ տեսակ բաների մասին թեկուզև մոտավորապես ճիշտ գաղափար կազմել։ Նա, ինչպես և բոլորը, լսել էր, որ առանձնապես Պետերբուրգում գոյություն ունեն ինչ֊որ պրոգրեսիստներ, նիհիլիստներ, անարդարությունները մերկացնողներ և այլն, և այլն, բայց, ինչպես և շատերը, անհեթեթության չափ աղճատում և չափազանցնում էր այդ անունների իմաստն ու նշանակությունը։ Արդեն մի քանի տարի էր, որ նա ամենից շատ վախենում էր մերկացումից, և այդ նրա մշտական, չափազանցրած անհանգստության ամենագլխավոր հիմքն էր, մանավանդ երբ նա երազում էր իր գործունեությունը փոխադրել Պետերբուրգ։ Այս առումով նա, ինչպես ասվում է, ''վախեցած էր'', ինչպես երբեմն ''վախեցած են'' լինում փոքրիկ երեխաները։ Մի քանի տարի առաջ գավառում, դեռ նոր սկսելով իր գործունեությունը, նա իմացավ, թե ինչպես չարաչար մերկացվեցին բավական նշանավոր նահանգական երկու գործիչներ, որոնցից մինչ այդ նա կառչում էր և որոնք նրան հովանավորում էին։ Մերկացվածներից մեկի գործը ուղղակի խայտառակ վերջավորություն ունեցավ, իսկ մյուսի գործը քիչ մնաց նույնիսկ մեծ գլխացավանքի պատճառ դառնար։ Ահա թե ինչու Պյոտր Պետրովիչը Պետերբուրգ ժամանելուն պես որոշեց անմիջապես տեղեկանալ, թե ինչումն է բանը, ու եթե հարկավոր է, ապա համենայն դեպս առաջ վազել և հաճոյանալ «մեր երիտասարդ սերունդներին»։ Այս դեպքում նա հույս էր դնում Անդրեյ Սեմյոնովիչի վրա, ու այցելելով, օրինակ, Ռասկոլնիկովին, արդեն սովորել էր մի կերպ կլորացնել ուրիշից լսած մի քանի ֆրազներ...
Իհարկե, նա կարողացավ արագությամբ գլխի ընկնել, որ Անդրեյ Սեմյոնովիչը չափազանց գռեհիկ ու ցանցառամիտ մարդ է։ Բայց դա բնավ չփոխեց Պյոտր Պետրովիչի համոզմունքը և չքաջալերեց նրան։ Եթե նա նույնիսկ հավատացած լիներ, որ բոլոր պրոգրեսիստներն էլ նույնպիսի հիմարներ են, ապա այդ դեպքում էլ չէր անցնի նրա անհանգստությունը։ Իսկապես ասած, նա ամենևին էլ գլուխ չուներ այդ բոլոր ուսմունքների, մտքերի, սիստեմների հետ (որոնցով Անդրեյ Սեմյոնովիչը հարձակվում էր նրա վրա)։ Նա իր սեփական նպատակն ուներ։ Նրան հարկավոր էր շուտափույթ և անհապաղ տեղեկանալ, թե ''այստեղ'' ի՞նչ է պատահել և ինչպես է պատահել, ''այդ մարդիկ'' ուժ ունե՞ն, թե՞ ոչ, ինքը վախենալո՞ւ է որևէ բանից, թե՞ ոչ։ Եթե ինքը այսինչ գործը ձեռնարկի, իրեն կմերկացնե՞ն, թե՞ չեն մերկացնի։ Իսկ եթե կմերկացնեն, ապա ինչի՞ համար և առհասարակ հիմա ինչի՞ համար են մերկացնում։ Դեռ ավելին, արդյոք չի՞ կարելի որևէ կերպ հաճոյանալ նրանց և իսկույն խաբել, եթե նրանք իսկապես ուժեղ են։ Հարկավո՞ր է դա, թե՞ հարկավոր չէ։ Արդյո՞ք չի կարելի, զորօրինակ, հենց նրանց միջոցով որևէ բան սարքել իր կարիերայի օգտին։ Մի խոսքով, հարկավոր էր հարյուրավոր հարցեր լուծել։
Այդ Անդրեյ Սեմյոնովիչը նիհար և գեղձախտավոր, կարճահասակ մի մարդ էր, ծառայել էր ինչ-որ մի տեղ, տարօրինակության չափ բաց-շիկահեր էր, կոտլետի ձևի այտամորուքով, որով շատ էր հպարտանում։ Բացի դրանից, նրա աչքերը համարյա միշտ ցավում էին։ Նա բավական փափկասիրտ էր, բայց խոսում էր միանգամայն ինքնավստահորեն և երբեմն էլ նույնիսկ խիստ գոռոզաբար, որ իր կերպարանքի համեմատությամբ համարյա միշտ ծիծաղելի էր դուրս գալիս։ Ամալյա Իվանովնայի աչքում նա բավական պատվավոր հյուրերից մեկն էր համարվում, այսինքն՝ հարբեցողություն չէր անում և բնակարանավարձը կանոնավոր էր վճարում։ Չնայած այդ բոլոր հատկություններին, Անդրեյ Սեմյոնովիչը իրոք մի քիչ թեթևամիտ էր։ Նա սիրով էր հարել պրոգրեսին և «մեր երիտասարդ սերունդներին»։ Նա մեկն էր գռեհիկների անթիվ ու այլադեմ լեգիոնից, տկար օրապակասներից և ոչ մի բան լրիվ չսովորած խևերից, որոնք անպայման, վայրկենապես հարում են ամենամոդայական, բերնեբերան անցնող գաղափարին, որպեսզի անմիջապես գռեհկացնեն այն, որպեսզի իսկույն ծաղրանկարի վերածեն այն ամենը, ինչին հենց իրենք երբեմն միանգամայն անկեղծորեն են ծառայում։
Չնայելով, որ Լեբեզյատնիկովը նույնիսկ շատ բարի էր, այնուամենայնիվ նույնպես սկսել էր մասամբ չհանդուրժել իր բնակակից և նախկին խնամակալ Պյոտր Պետրովիչին։ Երկուստեք այդ եղավ մի տեսակ պատահականորեն և փոխադարձաբար։ Որքան էլ ցանցառամիտ էր Անդրեյ Սեմյոնովիչը, այնուամենայնիվ սկսեց հետզհետե նկատել, որ Պյոտր Պետրովիչը նրան խաբում է և ծածուկ արհամարհում, և «բոլորովին ուրիշ տեսակի է այդ մարդը»։ Անդրեյ Սեմյոնովիչը փորձեց նրա առջև շարադրել Ֆուրյեի սիստեմը և Դարվինի թեորիան, բայց Պյոտր Պետրովիչը, մանավանդ վերջին ժամանակներում, սկսեց մի տեսակ ծաղրանքով լսել նրան, իսկ ամենավերջին օրերում նույնիսկ նախատինք էր կարդում նրա հասցեին։ Բան այն է, որ նա բնազդաբար սկսում էր հասկանալ, որ Լեբեզյատնիկովը ոչ միայն գռեհիկ է ու ցանցառամիտ, այլև գուցե ստախոս է, որ նա ամենևին էլ կարևոր կապեր չունի նույնիսկ իր խմբակում, ու հենց միայն ուրիշներից լսած խոսքերն է մեջտեղ բերում։ Ավելին, իր ''պրոպագանդային'' գործն էլ թերևս կարգին չգիտե, որովհետև ինչ-որ չափից դուրս շշկլվում է, ուրեմն էլ որտեղի՜ց կարող է մերկացնող լինել։ Ի դեպ, անցողակի հիշատակենք, որ Պյոտր Պետրովիչը այդ մեկ ու կես շաբաթում (մանավանդ սկզբում) Անդրեյ Սեմյոնովիչից նույնիսկ խիստ տարօրինակ գովասանքներ էր ընդունում, օրինակ, չէր առարկում և լռում էր, երբ Անդրեյ Սեմյոնովիչը ակնարկում էր, որ իբր թե նա պատրաստ է օժանդակելու հետագայում Մեշչանսկայա փողոցում արագորեն նոր «''Կոմունա''» կազմակերպելու գործին. կամ, օրինակ, չի խանգարի Դունեչկային, եթե սա ամուսնության հենց առաջին ամսում սիրեկան գտնի, կամ չի մկրտի իր ապագա երեխաներին և այլն, և այլն՝ հար և նման բաներ։ Պյոտր Պետրովիչը ըստ իր սովորության չէր առարկում իրեն վերագրվող նման հատկությունների դեմ և թույլ էր տալիս նույնիսկ այդ կերպ էլ իրեն գովաբանել, այնքա՜ն հաճելի էր նրան ամեն տեսակ գովասանքը։
Պյոտր Պետրովիչը, որ այդ առավոտ ինչ-որ պատճառներով մի քանի հինգ տոկոսանոց բանկնոտներ էր մանրել, նստած էր սեղանի առաջ և թղթադրամների ու գանձարանային տոմսերի կապոցներ էր հաշվում։ Անդրեյ Սեմյոնովիչը, որ համարյա երբեք փող չէր ունենում, քայլում էր սենյակում և այնպես էր ձևացնում, թե անտարբերությամբ և նույնիսկ արհամարհանքով է նայում այդ բոլոր կապոցներին։ Պյոտր Պետրովիչը ոչ մի կերպ չէր հավատա թե Անդրեյ Սեմյոնովիչը իսկապես կարող է անտարբերությամբ նայել այդ փողերին, իսկ Անդրեյ Սեմյոնովիչը իր հերթին դառնությամբ մտածում էր, թե Պյոտր Պետրովիչը թերևս իրոք ընդունակ է այդ կերպ մտածելու իր մասին, ու թերևս ուրախ է, որ կարող է թղթադրամների դարսված կապոցներով ջղայնացնել ու ձեռ առնել իր երիտասարդ բարեկամին՝ հիշեցնելով նրա ոչնչությունը և իբր թե նրանց երկուսի միջև գոյություն ունեցող ամբողջ տարբերությունը։
Նա տեսնում էր, որ այս անգամ Անդրեյ Սեմյոնովիչը չափազանց ջղայնացած է և անուշադիր, չնայելով, որ սկսել է նրա առջև շարադրել իր սիրած թեման նոր, առանձին «Կոմունա» հիմնելու մասին։ Կարճ առարկությունները և դիտողությունները, որ Պյոտր Պետրովիչը անում էր համրիչի չխկչխկոցի ընդմիջումներին, բոլորովին բացահայտ ծաղրանք էին արտահայտում, այն էլ դիտավորյալ անքաղաքավարությամբ։ Բայց «մարդասեր» Անդրեյ Սեմյոնովիչը Պյոտր Պետրովիչի այդ տրամադրությունը վերագրում էր նախորդ օրը Դունեչկայի հետ գժտվելու տպավորությանը և մեծ ցանկություն ուներ շուտափույթ խոսք բացել այդ թեմայի շուրջ, նա այդ առթիվ առաջադիմական և պրոպագանդայի բնույթի որոշ բաներ ուներ ասելու, որ կարող էր սփոփել իր հարգելի բարեկամին և «անկասկած» օգուտ բերել նրա հետագա գործունեությանը։
— Ի՞նչ հոգեհաց է կազմակերպվում այդ․․․ այրիացած կնոջ մոտ,— հանկարծ հարցրեց Պյոտր Պետրովիչը՝ Անդրեյ Սեմյոնովիչին, ընդհատելով նրա ճառի ամենահետաքրքիր տեղում։
— Իբր թե չգիտեք, ես հո երեկ էի ձեզ հետ խոսում հենց այդ թեմայի շուրջ և արտահայտվում էի այդ բոլոր ծեսերի մասին։ Ես լսել եմ, որ նա ձեզ էլ է հրավիրել։ Դուք ինքներդ երեկ խոսում էիք նրա հետ․․․
— Ես ոչ մի կերպ չէի սպասում, որ այդ աղքատ, հիմար կինը քելեխի համար կծախսի ամբողջ փողը, որ ստացել էր այն մյուս հիմարից․․․ Ռասկոլնիկովից։ Անցնելիս նույնիսկ զարմացա, մեծ պատրաստություն է տեսել, գինի ինչքան ուզես, կանչված է մի քանի մարդ, սատանան գիտե, թե ինչ է դա,— շարունակեց Պյոտր Պետրովիչը՝ հարցուփորձ անելով իր բարեկամին։ Ինչ-որ նպատակով նա ձգտում էր իր բարեկամին խոսեցնել այդ ուղղությամբ։— Ի՞նչ, դուք ասում եք, որ ի՞նձ էլ է հրավիրել,— հանկարծ ավելացրեց նա՝ բարձրացնելով գլուխը։— Այդ ե՞րբ է եղել։ Չեմ հիշում։ Սակայն ես չեմ գնա։ Ի՞նչ գործ ունեմ այնտեղ։ Ի միջի այլոց, երեկ ես այդ կնոջը ասացի, որ նա, որպես աստիճանավորի աղքատ այրի կին, թերևս կարող է նրա տարեկան ոռճիկի չափ փող ստանալ իբրև միանվագ նպաստ։ Հա դրա համար չէ՞, որ նա հրավիրում է ինձ, քա՛հ֊քա՛հ։
— Ես էլ մտադիր չեմ գնալ,— ասաց Լեբեզյատնիկովը։
— Էլ ինչպե՞ս գնալ, ձեր սեփական ձեռքերով եք դնքսել նրան։ Իհարկե, անհարմար է, քա՛հ֊քա՛հ-քա՛հ։
— Ո՞վ է դնքսել, ո՞ւմ,— հանկարծ շփոթվեց և նույնիսկ կարմրեց Լեբեզյատնիկովը։
— Դե դուք, էլի, Կատերինա Իվանովնային, մի ամիս առաջ, թե ինչ։ Երեկ լսեցի... Ահա քեզ և համոզմունքներ... Կանանց հարցն էլ ձախողվեց։ Քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։
Ոչ Պյոտր Պետրովիչը կարծես սփոփվողով, դարձյալ սկսեց չխկացնել համրիչի հատերը։
— Այդ բոլորր դատարկ բան է և զրպարտություն է,— տաքացավ Լեբեզյատնիկովը, որը մշտապես վախենում էր այդ պատմությունը հիշեցնելուց,— բանը ամենևին էլ այդպես չի եղել։ Ուրիշ կերպ է եղել... Դուք սխալ եք լսել, դա բամբասանք է։ Այն ժամանակ ես միայն պաշտպանվում էի։ Նա առաջինը իր ճանկերով հարձակվեց ինձ վրա... Նա պոկեց ամբողջ այտամորուքս։ Ամեն մարդու էլ թույլատրվում է պաշտպանել իր անձնավորությունը։ Այն էլ ասած, ես ոչ ոքի թույլ չեմ տա բռնանալ ինձ վրա... Սկզբունքով թույլ չեմ տա, որովհետև այդ արդեն համարյա բռնակալություն է։ Ի՞նչ անեի ես, անշարժ կանգնեի՞ նրա առաջ։ Ես նրան միայն ետ հրեցի։
— Քա՛հ-քա՛հ֊քա՛հ,— Լուժինը շարունակում էր ծիծաղել չարախնդությամբ։
— Դուք այդ մեջտեղ եք բերում, որովհետև ինքներդ վրդովված եք ու չարացած... Իսկ դա հիմար բան է և ամենևին, ամենևին չի վերաբերում կանանց հարցին։ Դուք այդ սխալ եք հասկանում։ Ես նույնիսկ մտածում էի՝ եթե ընդունված է, որ կինը տղամարդուն հավասար է ամեն ինչով, նույնիսկ ուժով (այդ արդեն ապացուցում են), ապա ուրեմն այստեղ էլ պետք է հավասարություն լինի։ Իհարկե, հետո ես մտածեցի, որ էապես այդպիսի հարց չպետք է լինի, որովհետև տուրուդմբոց էլ չպետք է լինի, ապագա հասարակության մեջ աներևակայելի են տուրուդմբոցի դեպքերը... Իհարկե, տարօրինակ կլիներ տուրուդմբոցի մեջ էլ հավասարություն փնտրել։ Ես այնքան էլ հիմար չեմ․․․ Թեև ի միջի այլոց տուրուդմբոցը կա... այսինքն՝ հետո չի լինի, իսկ հիմա դեռ կա... Թյո՜ւ, գրողը տանի, ձեզ հետ մարդ շշկլվում է։ Այդ անախորժության պատճառով չէ, որ ես քելեխի չեմ գնա։ Ես ուղղակի սկզբունքով չեմ գնա, որպեսզի չենթարկվեմ քելեխների գարշ նախապաշարմունքին, այ թե ինչ։ Ասենք, գուցե և կարելի է գնալ հենց այնպես, ծիծաղելու համար... Ափսոս որ տերտերներ չեն լինի։ Եթե լինեին, անպայման կգնայի։
— Այսինքն՝ նստել ուրիշի աղուհացին ու հենց տեղնուտեղը թքե՞լ դրա վրա, այսինքն՝ նաև ձեզ հրավիրողների վրա... Այդպե՞ս է, թե ինչ։
— Ամենևին էլ չթքել, այլ բողոքել։ Ես օգտակար նպատակ եմ հետապնդում։ Ես կար՞ող եմ անուղղակի կերպով օժանդակել մարդկանց զարգացմանը և պրոպագանդային։ Ամեն մարդ պարտավոր է մարդկանց զարգացնել և պրոպագանդել, ու թերևս որքան դա խիստ լինի, այնքան լավ։ Ես կարող եմ գաղափար, հատիկ սերմանել․․․ Այդ հատիկից կաճի փաստը։ Ինչո՞վ եմ ես նրանց վիրավորում։ Սկզբում կվիրավորվեն, իսկ հետո իրենք էլ կտեսնեն, որ ես իրենց օգուտ եմ բերել։ Մեզանում մեղադրում էին Տերեբևային (որը հիմա կոմունայում է), թե նա հեռացավ ընտանիքից և... տղամարդու հանձնվեց, ապա մորն ու հորը գրեց, որ չի ուզում նախապաշարմունքների ենթարկվել և քաղաքացիական ամուսնության է դիմում, և իբր թե դա չափազանց կոպիտ վերաբերմունք է դեպի ծնողները, կարելի էր խնայել նրանց, ավելի մեղմ գրել։ Իմ կարծիքով այդ բոլորը դատարկ բան է, ամենևին էլ հարկավոր չէր մեղմ գրել, ընդհակառակը, ընդհակառակը, հենց այդպես էլ պետք էր վարվել։ Հրե՛ն, Վարենցը յոթ տարի ապրեց ամուսնու հետ, թողեց նրան ու երկու երեխաներին և ամուսնուն իսկույն գրեց՝ «Ես գիտակցեցի, որ չեմ կարող ձեզ հետ երջանիկ լինել։ Երբեք չեմ ների ձեզ, որ դուք ինձ խաբում էիք, ինձնից թաքցնում էիք, որ գոյություն ունի հասարակության ուրիշ կառուցվածք՝ կոմունաների միջոցով։ Ես վերջերս այդ բոլորը իմացա մի մեծահոգի մարդուց, որին հանձնվեցի և նրա հետ մեկտեղ կոմունա եմ հիմնում։ Շիտակ եմ ասում, որովհետև ձեզ խաբելը անպատվաբեր եմ համարում։ Ապրեցեք ինչպես որ ձեզ հաճելի է։ Ինձ վերադարձնելու հույս մի ունենաք, դուք շատ եք ուշացել։ Ձեզ երջանկություն եմ ցանկանում»։ Ահա թե ինչպես են գրվում այսպիսի նամակները։
— Դա հենց այն Տերեբևա՞ն է, որի մասին դուք ասում էիք, թե երրորդ անգամ է ամուսնացել քաղաքացիական կարգով։
— Ընդամենը միայն երկրորդ անգամ, եթե դատենք ինչպես հարկն է՝ թեկուզև չորրորդ, տասնհինգերորդ անգամ լիներ, այդ բոլորը դատարկ բան է։ Ավելի քան երբևէ, ես այժմ ցավում եմ, որ հայրս ու մայրս մեռել են։ Ես մի քանի անգամ նույնիսկ երազում էի, որ եթե նրանք դեռ կենդանի լինեին, ես նրանց կդաղեի իմ հակաճառություններով։ Հենց այդպես էլ կվարվեի... Ես հո ինքնուրույնացած մարդ էի։ Ես նրանց ցո՛ւյց կտայի, ես նրանց կզարմացննի, ափսոս որ ոչ ոք չկա։
— Որպեսզի զարմացնե՞ք, քա՛հ-քա՛հ։ Էհ, թող դա այնպես լինի, ինչպես որ դուք եք ցանկանում,— ընդհատեց Պյոտր Պետրովիչը,— իսկ դուք ա՛յ թե ինչ ասեք, դուք հո ճանաչում եք հանգուցյալի այդ լղարիկ աղջկան։ Ճի՞շտ է այն, ինչ որ ասում են նրա մասին, հը՞։
— Ի՛նչ կա որ։ Ըստ իս, այսինքն՝ իմ անձնական համոզմամբ, դա կնոջ ամենանորմալ վիճակն է որ կա։ Ինչո՞ւ չի կարելի այդպես լինել։ Այսինքն distinguons<ref>Տարբերենք (ֆրանս․)։</ref>։ Այժմյան հասարակության մեջ, իհարկե, դա այնքան էլ նորմալ չէ, որովհետև ստիպողական է, իսկ ապագա հասարակության մեջ միանգամայն նորմալ կլինի, որովհետև ազատ կլինի։ Հիմա էլ նա դրա համար իրավունք ուներ, նա տառապում էր, իսկ դա նրա ֆոնդն էր, այսպես ասած՝ կապիտալը, և նա լիակատար իրավունք աներ տնօրինելու այդ կապիտալը։ Հասկանալի է, որ ապագա հասարակության մեջ ֆոնդերի կարիք չի լինի, բայց նրանց դերը այլ նշանակություն կունենա, պայմանավորված կլինի ներդաշնակորեն ու նպատակահարմար ձևով։ Ինչ վերաբերում է անձնապես Սոֆյա Սեմյոնովնային, ապա ներկայումս ես նրա արարմունքները համարում եմ եռանդուն և կտրական բողոք հասարակության կառուցվածքի ղեմ և դրա համար խորապես հարգում եմ նրան, նույնիսկ ուրախանում եմ նրան նայելիս։
— Իսկ ինձ պատմել են, որ հենց դուք նրան դուրս էիք արել այստեղից, բնակարանից։
Լեբեզյատնիկովյը նույնիսկ կատաղեց.
— Այդ էլ ուրիշ բամբասանք է,— բղավեց նա։— Ամենևին, ամենևին այդպիսի բան չի եղել։ Դա բոլորովին սուտ է։ Դա այն ժամանակ Կատերինա Իվանովնան էր մոգոնել, որովհետև ոչինչ չէր հասկացել։ Ես բնավ չեմ նեղել Սոֆյա Սեմյոնովնային։ Ես աշխատում էի առանց որևէ շահախնդրության զարգացնել նրան, իր մեջ բողոք հարուցել... Ինձ միայն բողոքն էր հարկավոր, իսկ Սոֆյա Սեմյոնովնան ինքնին չէր կարող մնալ այստեղի բնակարաններում։
— Կոմունա՞ էիք կանչում, ինչ է։
— Գուք շարունակ ծիծաղում եք և շատ անհաջող, թույլ տվեք սա ասել ձեզ։ Գուք ոչինչ չեք հասկանում։ Կոմունայում այդպիսի դերեր չկան։ Կոմունան հենց նրա համար է կազմակերպվում, որ այդպիսի դերեր չլինեն։ Կոմունայում այդ դերը կփոխի այժմյան իր ամբողջ էությունը, ու ինչ-որ այստեղ հիմար բան է, այնտեղ խելացի կլինի, ինչ-որ այստեղ, ներկա հանգամանքներում, անբնական է, այնտեղ բոլորովին բնական կլինի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի պայմաններում և ինչպիսի միջավայրում է գտնվում մարդը։ Ամեն ինչ միջավայրից է, իսկ մարդը ինքը ոչինչ է։ Սոֆյա Սեմյոնովնայի հետ ես հիմա էլ համերաշխ եմ, դա կարող է ձեզ համար ապացույց լինել, նա ինձ երբեք չի համարել իր թշնամին և իրեն վիրավորող։ Այո, հիմա ես նրան կոմունա եմ կանչում, միայն թե բոլորովին, բոլորովին այլ հիմունքներով։ Ի՞նչ եք ծիծաղում։ Մենք ուզում ենք հիմնել մեր, առանձին կոմունան, միայն թե ավելի լայն հիմունքներով, քան առաջվա կոմունաները։ Մենք մեր համոզմունքներով ավելի հեռու ենք գնացել։ Մենք ավելի շաա բան ենք ժխտում։ Եթե Դոբրոլյուբովը գերեզմանից դուրս գար, ես կվիճեի նրա հետ։ Իսկ Բելինսկուն հո կգլորեի։ Իսկ առայժմ ես շարունակում եմ զարգացնել Սոֆյա Սեմյոնովնային։ Նա հիանալի, հիանալի բնավորություն ունի։
— Եվ դուք օգտվում եք հիանալի բնավորությունից, չէ՞։ Քա՛հ-քա՛հ։
— Ո՛չ, ո՛չ, օ՛, ո՛չ, ընդհակառակը։
— Հիմա է՜լ ընդհակառակը։ Քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Բա՛ն ասացիք, էլի։
— Հավատացեք, ախր ի՞նչ պատճառներով ես այդ պետք է թաքցնեի ձեզնից, ասացեք խնդրեմ։ Ընդհակառակը, նույնիսկ ինձ էլ տարօրինակ է թվում, որ նա իմ առջև խիստ քաշվում, ինչ֊որ երկչոտությամբ ողջախոհ և ամոթխած է լինում։
— Եվ դուք, իհարկե, զարգացնում եք նրան... քա՛հ-քա՛հ-քա՛հ, ապացուցում եք, որ այդ բոլոր ամոթխածությունները դատարկ բաներ են, այնպես չէ՞․․․
— Բնավ ոչ, բնավ ոչ։ Օ՛, որքա՜ն դուք կոպիտ կերպով, նույնիսկ հիմարաբար եք հասկանում «զարգացում» բառը, ներեցեք ինձ։ Դուք ոչինչ չեք հասկանում։ Աստված իմ, որքա՜ն դուք... ետ եք մնում։ Մենք կնոջ ազատություն ենք փնտրում, իսկ դուք այ թե ինչեր եք մտածում... բոլորովին մի կողմ թողնելով ողջախոհության և կանացի ամոթխածության հարցը, որպես ինքնին անօգուտ և նույնիսկ նախապաշարմունքային բաներ, ես միանգամայն, միանգամայն հնարավոր եմ համարում նրա ողջախոհությունը իմ հանդեպ, որովհետև այդ է նրա ամբողջ կամքը, նրա ամբողջ իրավունքը։ Հասկանալի է, որ եթե նա ինքը ինձ ասեր՝ «ես ուզում եմ ունենալ քեզ», ապա ես իմ գործը հաջողված կհամարեի, որովհետև այդ աղջիկը ինձ շատ է դուր գալիս, նրա հետ, իհարկե, ոչ ոք ու երբեք այնպես քաղաքավարի ու բարեկիրթ ձևով չի վարվել, ինչպես ես, այնպես հարգանքով չի վերաբերվել դեպի նրա արժանիքը, ինչպես ես․․․ Ես սպասում եմ ու հույսով սփոփվում, ուրիշ ոչինչ։
— Ավելի լավ է դուք նրան մի որևէ թան նվիրեցեք։ Գրազ եմ գալիս, որ դուք այդ մասին չեք էլ մտածել։
— Ոչ-ի՜նչ չեք հասկանում, էլի եմ ասում ձեզ։ Դե իհարկե, նրա վիճակն այդպես է, բայց այստեղ մի ուրիշ հարց կա, բոլորովին ուրիշ։ Դուք պարզապես արհամարհում եք նրան։ Տեսնելով փաստը, որը ձեր սխալ կարծիքով արժանի է արհամարհման, դուք արդեն հրաժարվում եք մարդկային արարածին մարդասիրաբար նայելուց։ Դուք դեռ չգիտեք, թե նա ինչպիսի բնավորություն ունի։ Ես շաա եմ ցավում, որ նա վերջին ժամանակներս վերջ է տվել ընթերցանության ու այլևս ինձնից գրքեր չի վերցնում։ Իսկ առաջ վերցնում էր։ Ցավում եմ նույնպես, որ իր ամբողջ էներգիայով և բողոքելու վճռականությամբ հանդերձ, որը նա մի անգամ արդեն ապացուցել է, նրա մեջ կարծես դեռ քիչ է ինքնուրույնությունը, այսպես ասած՝ անկախությունը, քիչ է ժխտողականությունը, որոնցով կարողանար բոլորովին կտրվել որոշ նախապաշարմունքներից և... հիմարություններից։ Չնայած դրան, մի շարք հարցեր նա շատ լավ է հասկանում։ Օրինակ, նա հիանալի հասկացավ ձեռքը համբուրելու հարցը, այսինքն այն, որ եթե տղամարդը համբուրում է կնոջ ձեռքը, դրանով վիրավորում և իրեն հավասար չի համարում նրան։ Այս հարցը քննարկվեց մեզ մոտ ու ես դա իսկույն հաղորդեցի նրան։ Ֆրանսիական բանվորների ասոցիացիայի մասին նա նույնպես ուշադրությամբ լսեց։ Հիմա ես նրան բացատրում եմ ապագա հասարակության մեջ ազատորեն սենյակները մտնելու հարցը։
— Իսկ դա ի՞նչ բան է։
— Վերջին ժամանակներս քննարկվեց այն հարցը, թե արդյոք կոմունայի անդամը իրավունք ունի՞ ամեն ժամանակ մտնել մյուս անդամի, տղամարդու կամ կնոջ սենյակը... ու որոշվեց, որ ունի...
— Լավ, իսկ եթե մեկը կամ մյուսը այդ րոպեին անհրաժեշտ պահանջներով է զբաղվա՞ծ, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։
Անդրեյ Սեմյոնովիչը նույնիսկ բարկացավ։
— Դուք էլի այդ մասին եք խոսում... Դուք ուզում եք հենց միայն այդ անիծված «պահանջները» մեջտեղ բերել,— ատելությամբ գոչեց նա,— թյո՛ւ, որքա՜ն եմ ես վրդովվում և սրտնեղում, որ շարադրելով սիստեմը, ձեղ վաղաժամ եմ հիշեցրել այդ անիծված պահանջները։ Գրողը տանի։ Դա փորձաքար է ձեզ նման բոլոր մարդկանց համար, որոնք նախքան գործի էությունն իմանալը դա ծաղրի առարկա են դարձնում։ Եվ իբր թե իրավացի են։ Չգիտես ինչով են հպարտանում։ Թյո՛ւ։ Ես մի քանի անգամ պնդում էի, որ նորեկներին այդ ամբողջ հարցը կարելի է բացատրել ոչ այլ կերպ, քան վերջում, երբ նրանք արդեն յուրացրել են մեր սիստեմը, երբ մարդը արդեն զարգացած է և նրան ուղղություն է տրված։ Ասացեք խնդրեմ, դուք ի՞նչ, ի՞նչ արհամարհելի բան եք գտնում թեկուզ հենց աղբահորերը մաքրելու մեջ։ Ես առաջինը պատրաստ եմ մաքրելու ամեն տեսակ աղբահորեր։ Այստեղ նույնիսկ ոչ մի ինքնազոհություն էլ չկա։ Այստեղ կա սոսկ աշխատանք, հասարակությանը օգտակար ազնիվ գործունեություն, որը արժե ուրիշ ամեն մի գործունեության և շատ ավելի բարձր է, օրինակ, մի որևէ Ռաֆայելի կամ Պուշկինի գործունեությունից, որովհետև օգտակար է։
— Եվ ավելի ազնիվ է, ավելի ազնիվ, քա՛հ-քա՛հ-քա՛հ։
— Ի՞նչ ասել է ավելի ազնիվ։ Ես այդպիսի արտահայտությունները չեմ հասկանում մարդկային գործունեությունը որոշելու իմաստով։ «Ավելի ազնիվ», «ավելի մեծահոգի», այդ ամենը դատարկ բան է, անհեթեթություն, հին, նախապաշարմունքային խոսքեր, որոնք ես բացասում եմ։ Ազնիվ է այն ամենը, ինչ որ ''օգտակար'' է մարդկությանը։ Ես հասկանում եմ միայն մի բառ՝ ''օգտակար'' է։ Ինչքան կուզեք քրքջացեք, դա այդպես է։
Պյոտր Պետրովիչը շատ էր ծիծաղում։ Նա արդեն վերջացրեց հաշվելը և փողը դրեց գրպանը։ Սակայն դրա մի մասը չգիտես ինչու դեռ մնում էր սեղանի վրա։ Այդ «աղբահորերի հարցը», չնայած իր ողջ գռեհկության, արդեն մի քանի անգամ Պյոտր Պետրովիչի և նրա երիտասարդ բարեկամի միջև պառակտման ու անհամերաշխության առիթ էր դարձել։ Ամբողջ անմտությունն այն էր, որ Անդրեյ Սեմյոնովիչը իրոք բարկանում էր։ Լուժինը զվարճանում էր դրանով, իսկ տվյալ րոպեին նա աոանձնապես ուղում էր մի քիչ չարացնել Լեբեզյատնիկովին։
— Դուք երեկվա ձեր անհաջողության պատճառով եք այդպես նենգում և ինձ ձեռ առնում,— վերջապես ասաց Լեբեզյատնիկովը։ Չնայած իր ողջ «անկախության» և բոլոր «բողոքներին», նա ընդհանրապես չէր համարձակվում հակաճառել Պյոտր Պետրովիչին և առհասարակ նրա հանդեպ ինչ-որ հարգանք էր տածում, որը դեռ անցած տարիներից իր համար սովորական էր դարձել։
— Ավելի լավ է դուք այ թե ինչ ասեք,— գոռոզաբար և սրտնեղելով նրան ընդհատեց Պյոտր Պետրովիչը,— արդյոք դուք կարո՞ղ եք... կամ ավելի լավ է ասել՝ արդյո՞ք դուք իսկապես այնքան մոտիկ եք այդ դեռահաս անձնավորությանը, որպեսզի նրան խնդրեք հենց հիմա մի րոպեով գալ այստեղ, այս սենյակը։ Կարծեմ բոլորն էլ վերադարձել են գերեզմանոցից... Ես լսում եմ նրանց ոտնաձայները... Ինձ հարկավոր է տեսնել նրան, այդ աղջկան։
— Դա ձեր ինչի՞ն է պետք,— զարմանքով հարցրեց Լեբեզյատնիկովը։
— Այնպես, էլի, հարկավոր է։ Այսօր֊վաղը ես կմեկնեմ այստեղից, դրա համար էլ կցանկանայի նրան մի բան հաղորդել... Մեր խոսակցության ժամանակ դուք էլ կարող եք այստեղ լինել։ Դա նույնիսկ ավելի լավ է։ Թե չէ աստված գիտե, թե ինչ կմտածեք։
— Ես ոչինչ էլ չեմ մտածի... Ես հենց այնպես հարցրի, ու եթե դուք գործ ունեք, ապա չկա ավելի հեշտ բան, քան նրան կանչելը։ Հիմա կգնամ։ Հավատացած եղեք, որ ես ձեզ չեմ խանգարի։
Իսկապես, հինգ րոպե հետո Լեբեզյատնիկովը վերադարձավ Սոնեչկայի հետ։ Վերջինս ներս մտավ չափազանց զարմացած և ըստ իր սովորության, երկչոտելով։ Նա միշտ երկչոտում էր նման դեպքերում և խիստ վախենում էր նոր անձնավորություններից ու նոր ծանոթություններից, վախենում էր առաջ էլ, դեռ մանկությունից, իսկ հիմա է՛լ ավելի էր վախենում... Պյոտր Պետրովիչը նրան դիմավորեց «սիրալիր ու քաղաքավարի», սակայն ինչ-որ ուրախ մտերմավարությամբ, որը Պյոտր Պետրովիչի կարծիքով, վայել էր այնպիսի հարգևոր ու պատկառելի մարդուն, ինչպես ինքը, մի այնպիսի դեռահաս ու որոշ իմաստով ''հետաքրքիր'' էակի նկատմամբ, ինչպես Սոնյան։ Պյոտր Պետրովիչը շտապեց «քաջալերել» նրան ու նստեցրեց սեղանի մոտ, իր դիմաց։ Սոնյան նստեց, նայեց շուրքը, նայեց Լեբեզյատնիկովին, սեղանին դրված փողերին, հետո հանկարծ էլի Պյոտր Պետրովիչին ու այլևս աչքը չկտրեց նրանից, կարծես գամվեց նրան։ Լեբեզյատնիկովը քայլեց դեպի դուռը։ Պյոտր Պետրովիչը վեր կացավ, Սոնյային նշան արեց, որ մնա նստած, ու դռան մոտ կանգնեցրեց Լեբեզյատնիկովին։
— Այդ Ռասկոլնիկովը այնտե՞ղ է, եկե՞լ է,— շշնջալով հարցրեց նրան։
— Ռասկոլնիկո՞վը։ Այնտեղ է։ Ի՞նչ կա որ։ Այո, այնտեղ է... Հենց հիմա եկավ, ես տեսա․․․ Ի՞նչ կա որ։
— Ես ձեզ առանձնապես խնդրում եմ մնալ այստեղ, մեզ հետ, ինձ մենակ չթողնել այդ... աղջկա հետ։ Դատարկ բան է, բայց աստված գիտե ինչեր կասեն։ Ես չեմ ուզում, ոո Ռասկոլնիկովը ''այնտեղ'' բան ասի... Հասկանո՞ւմ եք, թե ես ինչի մասին եմ խոսում։
— Հասկանում եմ, հասկանում եմ,— հանկարծ գլխի ընկավ Լեբեզյատնիկովը։— Այո, դուք իրավացի եք... Իմ անձնական համոզմունքով դուք, իհարկե, ավելորդ երկյուղ եք զգում, բայց և այնպես... դուք իրավացի եք։ Խնդրեմ, ես կմնամ։ Ես կկանգնեմ լուսամուաի մոտ և ձեզ չեմ խանգարի... Ըստ իս, դուք դրա համար իրավունք ունեք...
Պյոտր Պետրովիչը ետ դարձավ, նստեց բազմոցին, Սոնյայի դիմաց, ուշադիր նայեց նրան և հանկարծ խիստ պատկառելի, նույնիսկ մի փոքր խիստ տեսք ընդունեց։ Որպես թե՝ «դու ինքդ ուրիշ բաներ չմտածես, ա՛յ աղջիկ»։ Սոնյան վերջնականապես շփոթվեց։
— Նախ և առաջ խնդրում եմ ձեզ, Սոֆյա Սեմյոնովնա, իմ կողմից ներողություն խնդրեք ձեր շատ հարգելի մայրիկից... Կարծեմ այդպես է, չէ՞ ձեզ մոր տեղ է գալիս Կատերինա Իվանովնան,— ասաց Պյոտր Պետրովիչը խիսա լուրջ տոնով, բայց և բավական սիրալիր։ Երևում էր, որ նա միանգամայն բարեկամական դիտավորություններ ունի։
— Ճիշտ այդպես է, այո, մոր տեղ է գալիս,— հապճեպ ու երկչոտ պատասխանեց Սոնյան։
— Հա՛, դե ուրեմն իմ կողմից ներողություն խնդրեցեք, որ ես ինձնից անկախ պատճառներով ստիպված եմ բացակայել, ներկա չլինել ձեր հացկերույթին... այսինքն հոգեհացին, չնայած ձեր մայրիկի սիրալիր հրավերին։
— Լավ, կասեմ, հենց հիմա,— ու Սոնյան հապճեպ վեր թռավ աթոռից։
— Այդ ''դեռ'' բոլորը չէ,— կանգնեցրեց նրան Պյոտր Պետրովիչը՝ ժպտալով նրա պարզամտության և պատշաճությունները չգիտենալու վրա,— դուք ինձ քիչ եք ճանաչում, ամենասիրելի Սոֆյա Սեմյոնովնա, եթե մտածեցիք, թե ես միայն ինձ վերաբերող, աննշան այդ պատճառով կանհանգստացնեի և ինձ մոտ կկանչեի մի այնպիսի անձնավորության, ինչպիսին դուք եք։ Ես ուրիշ նպատակ ունեմ։
Սոնյան հապճեպ նստեց։ Սեղանից չհավաքած գորշ ու ծիածանագույն թղթադրամները դարձյալ երևացին նրա աչքերին, բայց նա իսկույն դեմքը շուռ տվեց դրանցից ու դարձրեց դեպի Պյոտր Պետրովիչը։ Ուրիշի փողերին նայելը հանկարծ սարսափելի անվայել թվաց նրան, մանավանդ ''նրան''։ Նա հայացքը հառեց Պյոտր Պետրովիչի ոսկե լոռնետին, որ վերջինիս ձախ ձեռքին էր, և ապա մեծ, մասսիվ, դեղին քարով ու չափազանց գեղեցիկ մատանուն, որ այդ ձեռքի միջամատին էր, ու հանկարծ էլի շուռ տվեց հայացքը, ու չգիտենալով ինչ անել, դարձյալ ուղիղ նայեց Պյոտր Պետրովիչի աչքերին։ Աոաջվանից է՛լ ավելի լուրջ տեսք ընդունելով, Պյոտր Պետրովիչը շարունակեց իր խոսքը։
— Երեկ այնպես պատահեց, որ ես հարևանցիորեն մի երկու խոսք փոխանակեցի դժբախտ Կատերինա Իվանովնայի հետ։ Այդ բավական էր իմանալու համար, որ նա, եթե կարելի է այսպես արտահայտվել, գտնվում է հակաբնական վիճակում...
— Այո... հակաբնական վիճակում,— իսկույն վրա բերեց Սոնյան։
— Կամ ավելի պարզ ու հասկանալի կլինի ասել՝ հիվանդ վիճակում։
— Այո, պարզ ու հասկ... այո, հիվանդ է։
— Այդպես։ Եվ ահա մարդասիրական զգացմունքիք և֊և֊և, այսպես ասած, կարեկցությունից դրդված, ես կցանկանայի իմ կողմից որևէ բանով օգտակար լինել՝ նախատեսելով նրա անխուսափելիորեն դժբախտ ճակատագիրը։ Կարծեմ այդ ամբողջ աղքատ ընտանիքը հիմա միայն ձեր խնամքին է մնացել։
— Թույլ տվեք հարցնել,— հանկարծ վեր կացավ Սոնյան,— երեկ դուք ի՞նչ եք բարեհաճել նրան ասել թոշակ ստանալու հնարավորության մասին։ Դեռ երեկ նա ինձ ասել է, որ դուք հանձն եք առել նրա համար թոշակ հաջողացնել։ Դա ճի՞շտ է։
— Ամենևին ոչ, որոշ իմաստով դա նույնիսկ անհեթեթություն է։ Ես միայն ակնարկել էի, որ ծառայության մեջ մեռած աստիճանավորի այրին կարող է ժամանակավոր օգնություն ստանալ, եթե միայն միջնորդություն լինի։ Բայց կարծեմ ձեր հանգուցյալ ծնողը ոչ միայն չի ծառայել սահմանված ժամկետում, այլև վերջին ժամանակներում բոլորովին չի ծառայել։ Մի խոսքով, թեպետև կարող էր հույս լինել, բայց այդ հույսը անհաստատ կլիներ, որովհետև սույն դեպքում էապես օգնության ոչ մի իրավունք գոյություն չունի, նույնիսկ ընդհակառակը... Իսկ նա արդեն սկսել է թոշակի մասին մտածել, քա՛հ-քա՛հ։ Աշխույժ տիկին է։
— Այո, թոշակի մասին... որովհետև նա դյուրահավատ է ու բարի և բարությունից ամեն բանի հավատում է և... և... այդպիսի խելքի է... Այո, դե, ներեցեք,— ասաց Սոնյան և դարձյալ վեր կացավ, որ գնա։
— Ներեցեք, դուք դեռ բոլորը չեք լսել։
— Այո, չեմ լսել,— քրթմնջաց Սոնյան։
— Դե ուրեմն նստեցեք։
Սոնյան սարսափելի շփոթվեց ու նստեց նորից, երրորդ անգամ։
— Տեսնելով նրա այդ վիճակը, դժբախտ, փոքրահասակ երեխաներով ծանրաբեռնված լինելը, ինչպես ես արդեն ասել եմ, կցանկանալի որևէ բանով, ուժերիս ներածին չափ օգտակար լինել, այսինքն, ինչպես ասում են, ուժերիս ներածին չափ, ոչ ավելի։ Զորօրինակ, կարելի էր նրա օգտին բաժանորդագրություն, կամ, այսպես ասած, վիճակախաղ կազմակերպել... կամ որևէ նման մի բան, ինչպես և այդպիսի դեպքերում կազմակերպում են մերձավորները կամ թեկուզ և կողմնակիները, ովքեր ցանկանում են օգնություն ցույց տալ։ Ես մտադիր էի հենց սա հաղորդել ձեզ։ Դա թերևս հնարավոր է։
— Այո, լավ... Դրա համար աստված ձեզ...— թոթովում էր Սոնյան՝ ակնապիշ նայելով Պյոտր Պետրովիչին։
— Հնարավոր է, բայց... մենք այդ հետո կանենք, այսինքն՝ կարելի էր այսօր էլ սկսել։ Երեկոյան կտեսնվենք, կպայմանավորվենք և, այսպես ասած, հիմք կդնենք։ Եկեք ինձ մոտ ժամը յոթին։ Հուսով եմ, որ Անդրեյ Սեմյոնովիչը նույնպես կմասնակցի... Բայց... այստեղ կա մի հանգամանք, որը պետք է նախապես և մանրակրկիտորեն հիշատակել։ Հենց դրա համար էլ ես ձեզ անհանգստացրի, Սոֆյա Սեմյոնովնա, ու այստեղ կանչեցի։ Եմ կարծիքն այն է, որ չի հարելի փողը տալ անձամբ Կատերինա Իվանովնային, դա վտանգավոր է. դրա ապացույցը հենց այսօրվա հոգեհացն է։ Վաղվան օրվա համար չունենալով, այսպես ասած, մի պատառ ուտելիք և... ոտնաման ու այլ բաներ, այսօր գտնվում է Յամայկայի ռոմ ու կարծեմ նույնիսկ մադերա և սուրճ։ Անցնելիս ես տեսա։ Հենց վաղը դարձյալ ձեր վզին կընկնի ամեն ինչ, մինչև վերջին պատառ հացը, դա արդեն անհեթեթություն է։ Դրա համար էլ բաժանորդագրությունը, ըստ իմ անձնական կարծիքի, պետք է այնպես կատարվի, որ դժբախտ այրին, այսպես ասած, ոչինչ չիմանա փողերի մասին, այլ գիտենայիք, զորօրինակ, միայն դուք։ Ճիշտ չե՞մ ասում։
— Ես չգիտեմ։ Նա այդ անում է միայն այսօր... Կյանքումը մի անգամ... Նա շատ էր ուզում հոգեհաց տալ, պատիվ անել, հարգել հանգուցյալի հիշատակը... Նա շատ խելացի է։ Սակայն ինչպես որ դուք կամենաք, ես շատ, շատ շնորհակալ կլինեմ ձեզնից... ու նրանք բոլորն էլ, որբերն էլ շնորհակալ կլինեն... աստված ձեզ հաջողություն կտա...
Սոնյան չվերջացրեց խոսքը և լացեց։
— Այդպես։ Ուրեմն դա նկատի ունեցեք, իսկ հիմա բարի եղեք ձեր ազգականուհու շահերի համար առայժմ ուժերիս ներածին չափ մի գումար ընդունել անձամբ ինձնից։ Շատ և շատ եմ ցանկանում, որ իմ անունը ընդսմին չհիշատակվի։ Ահա... այս պես ասած... Ինքս հոգսեր ունենալով, չեմ կարող ավելին տալ...
Ու Պյոտր Պետրովիչը խնամքով բացեց և Սոնյային մեկնեց տասը ռուբլիանոց մի թղթադրամ։ Սոնյան վերցրեց, շիկնեց, վեր թռավ, ինչ֊որ փնթփնթաց ու շտապեց հրաժեշտ տալ։ Պյոտր Պետրովիչը քաղաքավարությամբ նրան ուղեկցեց մինչև դուռը։ Վերջապես, Սոնյան հուզված ու տանջված դուրս թռավ սենյակից և Կատերինա Իվանովնայի մոտ վերադարձավ չափից դուրս շփոթված։
Այդ տեսարանի ամբողջ ընթացքում Անդրեյ Սեմյոնովիչը մերթ կանգնած էր լինում պատուհանի մոտ, մերթ քայլում էր սենյակով մեկ՝ չցանկանալով ընդհատել խոսակցությունը. իսկ երբ Սոնյան գնաց, նա հանկարծ մոտեցավ Պյոտր Պետրովիչին ու ձեռքը ցնծությամբ մեկնեց նրան.
— Ես ամեն ինչ լսեցի և ամեն ինչ ''տեսա'',— ասաց նա՝ առանձնապես շեշտելով վերջին բառը։— Դա ազնվություն է, այսինքն՝ ես ուզում էի ասել՝ մարդասիրություն է։ Դուք ցանկանում էիք խուսափել շնորհակալությունից, ես այդ տեսա։ Խոստովանում եմ ձեզ, սկզբունքով ես չեմ կարող համակրել մասնավոր բարեգործությունը, որովհետև դա ոչ միայն բոլորովին էլ արմատախիլ չի անում չարիքը, այլ նույնիսկ է՛լ ավելի է սնում այն։ Բայց և այնպես չեմ կարող չխոստովանել, որ հաճույքով էի նայում ձեր վարմունքին, այո, այո, այդ ինձ դուր է գալիս։
— Էհ, այդ բոլորը դատարկ բան է,— փնթփնթաց Պյոտր Պետրովիչը՝ մի փոքր հուզվելով և ուշադիր նայելով Լեբեզյաանիկովին։
— Ոչ, դատարկ բան չէ։ Այն մարդը, որ վիրավորված է ու վրդովված, ինչպես դուք երեկվա դեպքի պատճառով, ու միևնույն ժամանակ ընդունակ է մտածելու ուրիշների դժբախտության մասին, այդ մարդը․․․ արժանի է հարգանքի, թեև իր վարմունքով սոցիալական սխալ է կատարում․․․ Ես այդ նույնիսկ չէի սպասում ձեզնից, Պյոտր Պետրովիչ, մանավանդ նկատի առնելով ձեր հասկացողությունները, օ՜, որքա՜ն են ձեզ խանգարում ձեր հասկացողությունները, որքա՜ն է ձեզ հուզում, օրինակ, երեկվա անհաջողությունը,— բացականչում էր բարեսիրտ Անդրեյ Սեմյոնովիչը դարձյաչ զգալով խիստ համակրանք դեպի Պյոտր Պետրովիչը,— ամենաազնիվ, ամենասիրելի Պյոտր Պետրովիչ, ախր ձեր ինչի՞ն, ինչի՞ն է պետք, որ անպայման լինի այդ ամուսնությունը, այդ ''օրինական'' ամուսնությունը։ Ձեր ինչի՞ն է պետք ամուսնության այդ ''օրինականությունը''։ Եթե կուզեք, խփեցեք ինձ, ես ուրախ եմ, ուրախ եմ, որ դա չհաջողվեց, որ դուք ազաա եք, որ դուք այնքան էլ կորած չեք մարդկության համար, ուրախ եմ․․․ Տեսնո՞ւմ եք, ես այդ չեմ թաքցնում։
— Այդ ինձ հարկավոր է, որովհետև ես չեմ ուզում ձեր քաղաքացիական ամուսնությամբ կնոջ դավաճանության զոհ լինել և ուրիշների երեխաներին խնամել, ահա թե ինձ ինչի համար է հարկավոր օրինական ամուսնությունը,— ասաց Լուժինը՝ որևէ բան պատասխանելու համար։ Նա առանձնապես մտազբաղ էր։
— Երեխաների՞ն, դուք հիշեցիք երեխաների՞ն,— ցնցվեց Անդրեյ Սեմյոնովիչը ինչպես ռազմական շեփորը լսած մարտական նժույգ,— երեխաները, դա սոցիալական հարց է, առաջին կարևորության հարց է, ես համաձայն եմ, բայց երեխաների հարցը այլ կերպ կլուծվի։ Ոմանք նույնիսկ բոլորովին բացասում են երեխաներին, ինչպես և ամեն ակնարկ ընտանիքի վերաբերյալ։ Երեխաների մասին մենք հետո կխոսենք, իսկ հիմա զբաղվենք դավաճանության հարցով։ Խոստովանում եմ ձեզ, որ դա իմ թույլ տեղն է։ Այդ վատթար, հուսարական, պուշկինյան արտահայտությունը նույնիսկ աներևակայելի է ապագա բառապաշարում։ Եվ ի՞նչ է դավաճանությունը։ Օ՛, ինչպիսի՜ մոլորություն։ Ի՞նչ դավաճանություն, ի՞նչ բան, ա՛յ քեզ դատարկ բան։ Ընդհակառակը, քաղաքացիական ամուսնության դեպքում, դա չի էլ լինի։ Դավաճանությունը, դա միայն բնական հետևանք է ամեն մի օրինական ամուսնության, այսպես ասած՝ դրա ուղղումն է, բողոք է, այնպես որ տվյալ իմաստով նույնիսկ ամենևին էլ ստորացուցիչ չէ։ Ու եթե ես երբևէ օրինական կարգով ամուսնանամ, մի բան, որ անհեթեթություն է, ապա ես նույնիսկ ուրախ կլինեմ ձեր հիշտակած, երիցս անիծված այդ դավաճանության համար, այդ դեպքում ես կասեմ իմ կնոջը՝ «Ընկերս, մինչև այժմ ես միայն սիրում էի քեզ, իսկ հիմա քեզ հարգում եմ, որովհետև դու կարողացար բողոքել»։ Դուք ծիծաղո՞ւմ եք։ Այդ նրանից է, որ դուք անզոր եք նախապաշարմունքներից ձեռք քաշելու։ Գրո՛ղը տանի, ես հո հասկանում եմ, թե ինչպիսի անախորժություն է լինում, երբ օրինական ամուսնությամբ կապվածները խաբում են միմյանց, բայց չէ՞ որ դա անարգ փաստի անարգ հետևանք է, երբ ստորացրած են լինում թե՛ մեկը և թե՛ մյուսը։ Իսկ երբ դավաճանությունը բացահայտ է լինում, ինչպես քաղաքացիական ամուսնության դեպքում, այն ժամանակ, էապես գոյություն էլ չի ունենում, աներևակայելի է և նույնիսկ վերանում է այդ անունը։ Ընդհակառակը, ձեր կինը միայն կապացուցի, թե ինչպես հենց ինքը հարգում է ձեզ, գտնելով, որ դուք ընդունակ չեք խանգարելու նրա երջանկությունը և այնքան եք զարգացած, որ նրանից վրեժ չեք առնի նոր ամուսնու համար։ Գրողը տանի, ես երբեմն երազում եմ, որ եթե ինձ մարդու տան, թո՛ւ, եթե ես ամուսնանամ (լինի դա քաղաքացիական թե օրինական ամուսնություն, այդ միևնույն է), ես ինքս կարծես թե սիրեկան կբերեի կնոջս մոտ, եթե նա երկար ժամանակ սիրեկան չգտներ. «Ընկերս,— կասեի ես իմ կնոջը,— ես քեզ սիրում եմ, բայց նաև ցանկանում եմ, որ դու ինձ հարգես», ա՛յ թե ինչ...
Պյոտր Պետրովիչը քրքջում էր, բայց առանց որևէ հափշտակության։ Նա նույնիսկ քիչ էր լսում։ Նա իրոք ինչ-որ ուրիշ բան էր մտածում և նույնիսկ Լեբեզյատնիկովն էլ ի վերջո այդ նկատեց։ Պյոտր Պետրովիչը նույնիսկ հուզված էր, շփում էր ձեռքերը, մտածմունքի մեջ ընկնում։ Անդրեյ Սեմյոնովիչը հետո վերհիշեց ու հասկացավ այդ ամենը...
== II ==