== IV ==
Ռասկոլնիկովը Սոնյայի գործունյա և աշխույժ փաստաբանն էբ ընդդեմ Լուժինի, չնայելով, որ այնքա՜ն սարսափելիորեն տանջվում էր հոգեպես։ Բայց առավոտյան այդչափ տանջվելով, նա կարծես ուրախ էր, որ առիթ կա իր տպավորությունները փոխելու, որոնք անտանելի էին դարձել, էլ չխոսենք այն մասին, թե ինչպիսի հաճույքով ու անկեղծությամբ էր նա ձգտում պաշտպանել Սոնյային։ Բացի դրանից, նրան սպասում ու երբեմն սարսափելի անհանգստացնոլմ էր առաջիկա տեսակցությունը Սոնյայի հետ, նա պեաք է հայտներ Սոնյային, թե ով էր սպանել Լիգավետային, նախազգում էր, որ խիստ տանջվելու է, ու կարծես դա վանում էր ձեռքերով։ Դրա համար էլ, երբ նա Կատերինա Իվանովնայի սենյակից հեռանալիս բացականչեց՝ «Հապա, Սոֆյա Սեմյոնովնա, տեսնենք հիմա դուք ինչ եք ասելու», ապա ակներևաբար դեռ գտնվում էր զվարթության, աշխուժության և քիչ առաջ Լուժինի դեմ տարած հաղթության բերկրանքի ինչ-որ առերևույթ հուզվածության վիճակում։ Բայց նրան տարօրինակ բան պատահեց։ Երբ նա հասավ Կապերնաումովի բնակարանը, հանկարծակի ուժասպառություն և վախ զգաց։ Նա մտազբաղ կանգ առավ դռան առաջ և ինքն իրեն տարօրինակ հարց տվեց՝ «Արդյո՞ք պետք է ասել, թե ով է սպանել Լիզավետա յին»։ Հարցը տարօրինակ էր, որովհետև նա հանկարծ, միաժամանակ զգաց, որ որ ոչ միայն չի կարելի չասել, այլև անկարելի է նույնիսկ կարճ ժամանակով հետաձգել այդ րոպեն։ Նա դեռ չգիտեր, թե ինչու է անկարելի, նա այդ միայն ''զգաց'', ու անհրաժեշտության հանդեպ իր անզորության տանջալից գիտակցությունը համարյա ճզմեց նրան։ Որպեսզի էլ դատողություններ չաներ և չտանջվեր, նա արագ բացեց դուռը և շեմքից նայեց Սոնյային։ Վերջինս նստել էր սեղանին կրթնած և դեմքը ձեռքերով ծածկած, սակայն տեսնելով Ռասկոլնիկովին, հապճեպ վեր կացավ ու գնաց նրան ընդառաջ, կարծես սպասում էր նրան։
— Առանց ձեզ ի՞նչ կլիներ իմ վիճակը,— իսկույն ասաց նա՝ սենյակի մեջտեղում կանգնելով Ռասկոլնիկովի առաջ։ Ակներև էր, որ հենց միայն այդ էր ուզում ասել նրան։ Այնուհետև գտնվում էր սպասողական վիճակում։
Ռասկոլնիկովը մոտեցավ սեղանին և նստեց այն աթոռին, որից Սոնյան հենց նոր էր վեր կացել։ Սոնյան կանգնեց նրա առջև, երկու քայլ հեռավորությամբ, ճիշտ այնպես, ինչպես նախորդ օրը։
— Ի՞նչ կասեք, Սոնյա,— հարցրեց Ռասկոլնիկովը ու հանկարծ զգաց, որ ձայնը դողում է,— ամբողջ գործը հո հանգում էր «հասարակական դիրքին ու դրա հետ կապված սովորություններին»։ Դուք այդ հասկացա՞ք։
Սոնյայի դեմքին տանջանք արտահայտվեց։
— Միայն թե ինձ հետ մի խոսեք այնպես, ինչպես երեկ,— ասաց նա,— էլի մի սկսեք։ Առանց այդ էլ քիչ չեն տանջանքները...
Սոնյան իսկույն ժպտաց, վախենալով, որ գուցե այդ կշտամբանքը դուր չգա Ռասկոլնիկովին։
— Ես հիմարություն արեցի, որ այնտեղից եկա։ Հիմա այնտեղ ի՞նչ է կատարվում։ Հիմա ուզում էի գնալ, բայց մտածում էի, որ... դուք կգաք։
Ռասկոլնիկովը նրան պատմեց, որ Ամալյա Իվանովնան նրանց դուրս է անում բնակարանից, ու Կատերինա Իվանովնան գնացել է ինչ-որ տեղեր, «արդարություն փնտրելու»։
— Ախ, աստված իմ,― բացականչեց Սոնյան,— գնանք այնտեղ, շուտ...
Եվ նա վերցրեց իր թիկնոցը։
— Միշտ միևնույն բա՜նը,— ջղայնացած գոչեց Ռասկոլնիկովը։— Ձեր մտքերում հենց նրանք են որ կան։ Եղե՛ք ինձ հետ։
— Հապա... Կատերինա Իվանովնա՞ն։
— Կատերինա Իվանովնան, իհարկե, ձեզ չի մոռանա, ինքը կգա ձեզ մոտ, քանի որ տանից դուրս է գնացել,— դժգոհությամբ ավելացրեց Ռասկոլնիկովը։— Եթե ձեզ այստեղ չգտնի, դուք դրա համար մեղավոր կլինեք...
Սոնյան տանջալից անվճռականությամբ նստեց աթոռին։ Ռասկոլնիկովը լռում էր, մտազբաղ նայում հատակին։
— Ըստ երևույթին Լուժինը չէր ուզում ձեզ չարչարել,— սկսեց նա առանց Սոնյային նայելու։— Իսկ եթե նա այդ ուզենար կամ դա որևէ կերպ նրան հարկավոր լիներ, նա ձեզ բանտ կնստեցներ, եթե չլինեինք ես ու Լեբեզյատնիկովը, այնպես չէ՞։
— Այո,— թույլ ձայնով ասաց Սոնյան,— այո,— մտացրիվ անհանգիստ կրկնեց նա։
— Բայց ես իրոք կարող էի և ներկա չլինել, իսկ Լեբեզյատնիկովը բոլորովին պատահմամբ վրա հասավ։
Սոնյան լուռ էր։
— Իսկ եթե բանտ ընկնեիք, ի՞նչ կլիներ։ Հիշո՞ւմ եք, թե ես երեկ ինչ էի ասում։
Սոնյան դարձյալ չպատասխանեք։ Ռասկոլնիկովը մի փոքր լռեց։
— Ես կարծում էի, թե դուք էլի կբղավեք՝ «ախ, մի խոսեք, վերջ տվեք»,— ծիծաղեց նա, բայց այդ ծիծաղը բռնազբոսիկ էր։— Հը՛, դարձյա՞լ լռություն,— մի րոպե անց հարցրեց նա։— Չէ՞ որ հարկավոր է խոսել որևէ բանի մասին։ Ինձ համար հետաքրքիր կլիներ իմանալ, թե դուք հիմա ինչպես կլուծեիք մի «հարց», ինչպես ասում է Լեբեզյատնիկովը։ (Ռասկոլնիկովը կարծես սկսում էր շփոթվել)։ Չէ, իսկապես, ես լուրջ բան եմ ասում։ Երևակայեցեք, Սոնյա, թե դուք նախապես գիտեիք Լուժինի բոլոր մտադրությունները, դիտեիք (այսինքն հաստատապես), որ դրանց պատճառով բոլորովին կկործանվեին Կատերինա Իվանովնան ու երեխաները, դուք նույնպես, իբրև հավելում (քանի որ դուք ձեզ ոչ մի բանի տեղ չեք դնում, ասում եմ՝ իբրև ''հավելում'')։ Պոլեչկան նույնպես... որովհետև նա նույն ճանապարհով է գնալու։ Դե ուրեմն ասացեք, եթե այդ ամենը հիմա ձեր լուծմանը թողնեին, այսինքն թե ովքեր պիտի ապրեին, Լուժի՞նը պետք է ապրեր և նողկալիություններ աներ, թե՞ Կատերինա Իվանովնան պետք է մեռներ, ապա դուք ի՞նչ լուծում կտայիք, հարցնում եմ ձեզ, նրանցից ո՞վ պետք է մեռներ։
Սոնյան անհանգստությամբ նայեց Ռասկոլնիկովին. նրան թվաց, թե մի ինչ֊որ առանձին իմաստ կա այդ անհաստատ և հեռվից մի ինչ-որ բանի մոտեցնող խոսքերում։
— Ես արդեն նախազգում էի, որ գուք որևէ այդպիսի հարց կտաք,— ասաց նա՝ զննողաբար նայելով Ռասկոլնիկովին։
— Լավ, թող այդպես լինի. բայց այնուամենայնիվ ինչպե՞ս կարելի է լուծել այդ հարցը։
— Ինչո՞ւ եք հարցնում այնպիսի բաների մասին, որոնք չեն կարող լինել,— զզվանքով ասաց Սոնյան։
— Ուրեմն ավելի լավ է, որ Լուժինը ապրի և նողկալիություննե՞ր անի։ Դուք այդ է՞լ չհամարձակվեցիք լուծել։
— Ես հո չե՞մ կարող աստծու կանխատեսումը իմանալ,... Եվ ինչո՞ւ եք դուք հարցնում այն, ինչ-որ չի կարելի հարցնել։ Ինչի՞ համար են այդպիսի դատարկ հարցերը։ Ինչպե՞ս կարող է պատահել, որ դա իմ վճռից կախված չինի։ Եվ ո՞վ է ինձ դատավոր կարգել, թե ով պետք է ապրի և ով չապրի։
— Դե որ աստծու կանխատեսումն է մեջտեղ գալիս, էլ այստեղ ոչինչ չես կարող անել,— մռայլ քրթմնջաց Ռասկոլնիկովը։
— Ավելի լավ է ուղղակի ասեք, թե ինչ եք ուզում,— տանջալից գոչեց Սոնյան,— դուք էլի ինչ-որ բան եք ակնարկում... Մի՞թե ինձ տանջելու համար եք եկել։
Սոնյան չկարողացավ իրեն զսպել ու հանկարծ դառն լացեց, Ռասկոլնիկովը մռայլ տխրությամբ նայում էր նրան։ Անցավ հինգ րոպե։
— Դու հո իրավացի ես, Սոնյա,— վերջապես, կամացուկ ասաց նա։ Հանկարծ նա փոխվեց, նրա շինծու֊լկտի և անզոր֊վրդովեցուցիչ տոնը չքացավ։ Նույնիսկ ձայնն էլ հանկարծ թուլացավ։— Հենց ինքս երեկ քեզ ասացի, թե ներողություն խնդրելու համար չեմ գա, բայց ահա բանը հենց նրանով սկսեցի, որ ներողություն եմ խնդրում... Լուժինի ու կանխատեսման մասին ես հենց այնպես էի խոսում... Ես ներողություն էի խնդրում, Սոնյա...
Ռասկոլնիկովը փորձեց ժպտալ, բայց նրա դալուկ ժպիտը ինչ-որ անզոր ու անավարտ բան արտահայտեց։ Նա թեքեց գլուխը և ձեռքերով ծածկեց դեմքը։
Ու հանկարծ նրա սրտում Սոնյայի նկատմամբ ինչ-որ դառն ատելության տարօրինակ, անակնկալ զգացում առաջացավ։ Ասես զարմանալով և ինքն էլ վախենալով այդ զգացումից, նա հանկարծ բարձրացրեց գլուխը և ակնապիշ նայեց Սոնյային. բայց տեսավ, որ վերջինս անհանգստությամբ և համարյա տանջալից հոգատարությամբ իրեն էր նայում, այստեղ սեր կար. իր ատելությունը չքացավ ինչպես ուրու։ Դա այլ բան էր. նա մի զգացմունքը մյուսի տեղ էր ընդունել։ Դա միայն նշանակում էր, որ եկել է ''այն'' րոպեն։
Դարձյալ ձեռքերով ծածկեց դեմքը և կախեց գլուխը։ Հանկարծ նա գունատվեց, աթոռից վեր կացավ, նայեց Սոնյային, ու ոչինչ չասելով, մեքենայաբար նստեց նրա անկողնին։
Նրա զգացմամբ այդ րոպեն զարհուրելի նման էր այն րոպեին, երբ ինքը օղակից հանելով կացինը, կանգնել էր պառավի ետևում և զգում էր, որ արդեն «էլ ոչ մի ակնթարթ չի կարելի կորցնել»։
— Ի՞նչ պատահեց ձեզ,— հարցրեց սարսափեի վախեցած Սոնյան։
Ռասկոլնիկովը ոչինչ չէր կարող ասել։ Նա ամենևին, ամենևին չէր ենթադրում այդ կերպ ''հայտնել'', ու ինքն էլ չէր հասկանում, թե հիմա իր հետ ինչ էր կատարվում։ Սոնյան կամացուկ, մոտեցավ նրան, նստեց անկողնին, նրա կողքին՝ շարունակ նայելով նրան։ Սոնյայի սիրտը խփում էր ու նվաղում։ Դրությունը անտանելի դարձավ. Ռասկոլնիկովը իսպառ գունատված իր դեմքը դարձրեց դեպի Սոնյան. նրա շուրթերը անզոր ծռմռվում էին՝ ջանալով ինչ֊որ բան ասել։ Սոնյայի սրտով սարսափ անցավ։
— Ի՞նչ պատահեց ձեզ,— հարցրեց նա՝ մի քիչ ետ քաշվելով Ռասկոլնիկովից։
— Ոչինչ, Սոնյա։ Մի՛ վախենա... Դատարկ բան է. ճիշտն ասած, դատարկ բան է,— փնթփնթաց Ռասկոլնիկովը իրեն կորցրած, զառանցող մարդու տեսքով։— Ինչո՞ւ եկա քեզ տանջելու,— ավելացրեց նա հանկարծ, նայելով Սոնյային։— Իսկապես, ինչո՞ւ։ Ես ինձ շարունակ տալիս եմ այս հարցը, Սոնյա...
Նա գուցե և այդ հարցը ինքն իրեն տալիս էր քառորդ ժամ առաջ, բայց հիմա այդ ասաց բոլորովին ուժասպառ, հազիվ գիտակցական վիճակում, զգալով իր ամբողջ մարմնի անընդհատ դողը։
— Ա՜խ, որքա՜ն եք դուք տանջվում,— կարեկցաբար ասաց Սոնյան, աչքերը նրան հառած։
— Այդ բոլորը դատարկ բան է... Ա՛յ թե ինչ, Սոնյա (չգիտես ինչու նա երկու վայրկյանի չափ թույլ ու անզոր ժպտաց), հիշո՞ւմ ես, թե ես երեկ ինչ էի ուզում ասել քեզ։
Սոնյան անհանգիստ սպասում էր։
— Գնալիս ես ասացի, որ գուցե առմիշտ հրաժեշտ եմ տալիս քեզ, բայց եթե այսօր գամ, քեզ կասեմ․․․ թե ով է սպանել Լիզավետային։
Սոնյան հանկարծ սկսեց դողալ ամբողջ մարմնով։
— Ահա և եկել եմ ասելու։
— Ուրեմն երեկ դուք այդ լո՞ւրջ էիք ասում...— դժվարությամբ շշնջաց Սոնյան,— իսկ որտեղի՞ց գիտեք,— կարծես հանկարծ ուշքի գալով, արագ հարցրեց նա։
Սոնյան սկսեց դժվարությամբ շնչել։ Նրա դեմքը ավելի ու ավելի էր գունատվում։
— Գիտեմ։
Սոնյան մի րոպեի չափ լուռ էր։
— Գտե՞լ են ''նրան'', թե ինչ,— երկչոտ հարցրեց նա։
— Ոչ, չեն գտել։
— Հապա ինչպե՞ս դուք ''այդ'' գիտեք,— դարձյալ հազիվ լսելի և դարձյալ գրեթե րոպեական լռությունից հետո հարցրեց Սոնյան։
Ռասկոլնիկովը դեմքը դարձրեց նրան և ակնապի՜շ, ակնապիշ նայեց նրա աչքերին։
— Գլխի՛ ընկիր,— ասաց նա նախորդ ծռմռվող ու անզոր ժպիտով։
Սոնյայի ամբողջ մարմնով ասես սահեց ջղաձգությունը։
— Ախր դուք․․․ ինձ․․․ ինչո՞ւ եք դուք ինձ այդպես... վախեցնում,— ասաց նա երեխայի պես ժպտալով։
— Ուրեմն ես ''նրա'' հետ մոտիկ ընկեր եմ․․․ եթե գիտեմ,— ասաց Ռասկոլնիկովը՝ շարունակեչով նայել նրա դեմքին, ասես անկարող էր աչք կտրել նրանից,— նա այդ Լիզավետային... սպանել չէր ուզում... նրան... անակնկալ սպանեց... նա ուզում էր պառավին սպանել... երբ ներս մտավ, պառավը մենակ էր... Հետո եկավ Լիզավետան․․․ Նա․․․ Լիզավետային էլ սպանեց։
Անցավ ևս մի զարհուրելի րոպե։ Երկուսն էլ շարունակ իրար էին նայում։
— Ուրեմն չե՞ս կարող գլխի ընկնել,— հարցրեց նա հանկարծ, այնպիսի զգացումով, որ կարծես թե զանգակատնից ներքև էր նետվում։
— Ո֊ո՛չ,— հազիվ լսելի շշնջաց Սոնյան։
— Հապա՛, լա՛վ նայիր։
Ու հենց որ նա այդ ասաց, դարձյալ առաջվա ծանոթ մի զգացում անակնկալ սառեցրեց նրա հոգին, նա նայում էր Սոնյային, ու հանկարծ վերջինիս դեմքի փոխարեն կարծես տեսավ Լիզավետայի դեմքը։ Նա պարզ հիշում էր Լիզավետայի դեմքի արտահայտությունը այն պահին, երբ ինքը կացինը ձեռքին մոտենում էր նրան, իսկ Լիզավետան նրանից ետ էր քաշվում դեպի պատը, ձեռքը դեպի առաջ պարզած, դեմքին բոլորովին մանկական վախ, իսկ և իսկ ինչպետ փոքրիկ երեխաները, երբ սրանք հանկարծ սկսում են վախենալ որևէ բանից, անշարժ ու անհանգիստ նայում են իրենց վախեցնող առարկային, ետ են քաշվում, թաթիկները դեպի առաջ պարզած, պատրաստվում են լաց լինելու։ Այժմ համարյա նույնը պատահեց նաև Սոնյային. նույն անզորությամբ, նույն վախով մի քանի վայրկյան նայում էր նա Ռասկոլնիկովին, ու հանկարծ ձախ ձեռքը դեպի առաջ պարզելով, թեթևակի, հազիվհազ մատները հենեց նրա կրծքին ու դանդաղ վեր կացավ մահճակալից, հետզհետե ավելի ետ քաշվելով Ռասկոլնիկովից և շարունակ անթարթ նայելով նրան։ Սոնյայի սարսափը հանկարծ անցավ նաև Ռասկոլնիկովին. ճիշտ նույնպիսի վախ երևաց նաև նրա դեմքին, ճիշտ նույնպես նա էլ սկսեց նայել Սոնյային, նույնիսկ համարյա նույնպիսի ''մանկական'' ժպիտը դեմքին։
— Գլխի ընկա՞ր,— վերջապես, շշնջաց Ռասկոլնիկովը։
«Տե՛ր ասաված»,— թռավ Սոնյայի կրծքից սարսափելի մի ճիչ։ Նա ուժասպառ ընկավ անկողնին, դեմքը բարձին։ Բայց մի ակնթարթից արագությամբ քիչ բարձրացավ, արագությամբ մաոտեցավ Ռասկոլնիկովին, վերցրեց նրա ձեռքերը, դրանք պինդ սեղմեց իր բարալիկ մատներով, սկսեց դարձյալ անշարժ, ասես անկողնին կպած, նայել նրա դեմքին։ Այդ վերջին, հուսահատական հայացքով նա ուզում էր իր համար գեթ մի որևէ վերջին հույս նշմարել ու որսալ։ Բայց հույս չկար, ոչ մի կասկած չէր մնում, ամեն ինչ ''այդպես'' էր, որ կար։ Նույնիսկ հետո էլ, հետագայում, երբ նա վերհիշում էր այդ րոպեն, նրան տարօրինակ ու զարմանալի էր թվում, թե ինչու հենց ինքը այդպես ''միանգամից'' տեսավ, որ արդեն ոչ մի կասկած չկա։ Չէ՞ որ նա, օրինակ, չէր կարող ասել, թե ինքը մի որևէ նման բան էր նախազգում։ Այնինչ հիմա, հենց որ Ռասկոլնիկովը այդ ասաց, նրան, Սոնյային թվաց, թե իսկապես ինքը կարծես թե նախազգում էր հենց ''այդ բանը''։
— Բավական է, Սոնյա, բավական է, մի տանջիր ինձ,— տառապալից խնդրեց Ռասկոլնիկովը։
Նա բոլորովին, բոլորովին չէր մտածում այդ կերպ խոստովանել իր արարքը, բայց ''այդպես'' դուրս եկավ։
Կարծես ինքն իրեն մոռանալով, Սոնյան վեր թռավ, ու հեծկլտալով հասավ սենյակի մեջտեղը. բայց արագ ետ դարձավ ու դարձյալ նստեց Ռասկոլնիկովի կողքին, ուսը համարյա հպելով նրա ուսին։ Հանկարծ, ասես խոցվելով, նա ցնցվեց, ճչաց ու նրա առջև ծունկ չոքեց, ինքն էլ չգիտենալով, թե ինչի համար է այդ անում։
— Այդ ի՞նչ, ի՞նչ փորձանք եք բերել ձեր գլխին,— հուսաբեկ ասաց նա, ու վեր կենալով, ընկավ Ռասկոլնիկովի վզովը, գրկեց նրան և պինդ, պինդ սեղմեց ձեռքերով։
Ռասկոլնիկովը ետ քաշվեց և տխուր ժպիտով նայեց նրան։
— Տարօրինակ ես դու, Սոնյա, գրկում ես ու համբուրում, երբ ես քեզ ասել եմ ''այդ բանը''։ Դու քեզ կորցրել ես։
— Հիմա արար֊աշխարհում քեզնից ավելի դժբախտ մարդ չկա,— մոլեգնաբար բացականչեց Սոնյան՝ չլսելով նրա դիտողությունը, ու կարծես հիստերիկայի մեջ ընկնելով, հանկարծ հոնկուր֊հոնկուր լաց եղավ։
Ռասկոլնիկովին վաղուց անծանոթ մի զգացում հորդեց նրա հոգու մեջ և միանգամից թեթևացրեց այն։ Նա չէր դիմադրում այդ զգացումին. նրա աչքերից , երկու արցունք դուրս եկան ու կախվեցին արտևանունքներից։
— Դու ինձ հո չե՞ս թողնի,— ասաց նա՝ համարյա հակադրված նայելով Սոնյային։
— Ոչ, ոչ, երբե՛ք և ոչ մի տեղ,— գոչեց Սոնյան,— քեզ հետ կգամ, ուր ասես կգամ։ Օ՛, տեր աստված,.. օ՛ֆ, ես դժբախտ եմ․․․ Ինչո՞ւ, ինչո՞ւ առաջ ես քեզ չէի ճանաչում։ Ինչո՞ւ դու առաջ չէիր գալիս։ Ա՛խ, տեր աստված։
— Ահա և եկել եմ։
— Հիմա՜։ Ի՜նչ անել հիմա... Լինենք միասին, միասին,— կրկնում էր Սոնյան կարծես կիսաուշագնաց վիճակում և նորից գրկելով նրան,— քեզ հետ միասին տաժանակիր աշխատանքի կգնամ։
Ռասկոլնիկովը հանկարծակի ցնցվեց ու նրա շուրթերին նշմարվեց ատելության և համարյա գոռոզության նախորդ ժպիտը։
— Ես, Սոնյա, գուցե և դեռ չեմ ուզում տաժանակիր աշխատանքի գնալ,— ասաց նա։
Սոնյան շեշտակի նայեց նրան։
Դժբախտի նկատմամբ առաջին, կաթոգին ու տանջող կարեկցանքից հետո դարձյալ նրան ապշեցրեց սպանության սարսափելի միտքը։ Ռասկոլնիկովի խոսքերի փոխված տոնի մեջ հանկարծակի նա զգաց, որ առկա է մարդասպանը։ Նա ապշած նայում էր վերջինիս։ Նրան դեռ ոչինչ հայտնի չէր, թե ինչու, ինչպես և ինչի համար էր այդ եղել։ Այժմ նրա գիտակցության մեջ միանգամից բռնկվեցին այդ բոլոր հարցերը։ Ու դարձյալ նա չհավատաց, «Սա, սա մարդասպա՞ն, մի՞թե այդ հնարավոր է»։
— Այս ի՞նչ է, որտե՞ղ եմ ես կանգնած,— ասաց նա խորին տարակուսանքով, կարծես դեռ ուշքի չեկած,— ախր ինչպե՞ս դուք, դուք, ''այդպիսի մարդ լինելով''... կարող էիք նման բան անել... Այս ի՞նչ բան է։
— Հա՛, էլի, կողոպտելու համար եմ արել։ Վերջ տուր, Սոնյա,— հոգնածորեն և նույնիսկ սրտնեղելով պատասխանեց Ռասկոլնիկովը։
Սոնյան կանգնել էր ասես շշմած, սակայն հանկարծ գոչեց․
— Դու քաղցա՞ծ էիր․․․ Դու․․․ ուզում էիր օգնե՞լ մորդ, հա՞։
— Ոչ, Սոնյա, ոչ,— քրթմնջաք Ռասկոլնիկովը՝ շուռ գալով ու կախելով գլուխը,— ես այնքան էլ քաղցած չէի... ես իսկապես ուզում էի օգնել մորս, բայց․․․ դա ևս այնքան էլ ճիշտ չէ․․․ Մի՛ տանջիր ինձ, Սոնյա։
Սոնյան ձեռքերն իրար զարկեց։
— Բայք մի՞թե, մի՞թե այդ ճշմարտություն է։ Տեր աստված, ախր դա ի՞նչ ճշմարտություն է։ Ո՞վ կարող է դրան հավատալ․․․ Եվ ինչպե՞ս է որ, ինչպե՞ս է որ դուք ինքներդ ձեր վերջին ունեցածը տալիս եք ուրիշին, բայք սպանել եք կողոպտելու համար։ Օ-օ՛ֆ,— հանկարծ գոչեց Սոնյան,— այն փողերը, որ տվիք Կատերինա Իվանովնային․․․ այն փողերը․․․ Տե՛ր աստված, մի՞թե այն փողերն էլ...
— Ոչ, Սոնյա,— հապճեպ ընդհատեց Ռասկոլնիկովը,— դա ուրիշ փող էր, հանգստացիր։ Այդ փողը մայրս էր ուղարկել մի վաճառականի միջոցով, ու ես ստացա հիվանդ վիճակում և հենց նույն օրը տվի Կատերինա Իվանովնային․․․ Ռազումիխինը տեսավ... հենց նա էլ ստացել էր ինձ հանձնելու համար... Այդ փողերը իմն էին, իմ սեփականը, իսկական իմն էին։
Սոնյան տարակուսանքով էր լսում նրան և ամեն կերպ ջանում էր որևէ բան հասկանալ։
— Իսկ ''այն'' փողերը... ասենք ես նույնիսկ չգիտեմ էլ, թե արդյոք այնտեղ փող կար,— կամացուկ և մի տեսակ մտազբաղ ավելացրեց Ռասկոլնիկովը,— ես այն ժամանակ պառավի վզից հանեցի զամշե մի քսակ... լիքը լցված, պինդ քսակ․․․ ու չբացեցի, չնայեցի, երևի ժամանակ չունեցա... իսկ իրերը, ինչ֊որ ճարմանդներ, շղթայիկներ,— այդ բոլոր իրերը և քսակը հենց մյուս օրվա առավոտյան թաքցրի Վ... պողոտայի մի բակում, քարի տակ․․․ Այդ ամենը հիմա էլ այնտեղ է գտնվում․․․
Սոնյան լսում էր բոլորովին լարված։
— Ինչո՞ւ այդպես․․․ դուք հո ասացիք, որ կողոպտելու համար էիք սպանել, հապա ինչո՞ւ ոչինչ չեք վերցրել,— զարմանքով հարցրեց նա։
— Չգիտեմ․․․ ես դեռ չեմ որոշել, թե արդյոք վերցնե՞մ, թե չվերցնեմ այդ փողերը,— դարձյալ մտախոհ պատասխանեց Ռասկոլնիկովը, ու հանկարծ ուշքի գալով, արագորեն ու կարճ քմծիծաղ տվեց։— Օ՛ֆ, ես հիմա ինչպիսի՛ հիմարություն դուրս տվի, հը՞։
«Հո խելագար չէ՞»,— անցավ Սոնյայի մտքով։ Բայց նա իսկույն վանեց այդ միտքը, ոչ, այստեղ ուրիշ բան կա։ Նա ոչինչ, ոչինչ չէր հասկանում։
— Գիտե՞ս, Սոնյա,—— հանկարծ ինչ֊որ ոգեշնչմամբ ասաց Ռասկոլնիկովը,— գիտե՞ս ինչ կասեմ քեզ. եթե ես սպանած լինեի քաղցածության պատճառով,— շարունակեց նա՝ շեշտելով յուրաքանչյուր բառը և խորհրդավոր, բայց շիտակությամբ նայելով Սոնյային,— ապա ես այժմ... ''երջանիկ կլինեի''։ Դու այդ լավ իմացիր։
— Քո ինչի՞ն է պետք,— մի ակնթարթից գոչեց նա նույնիսկ ինչ֊որ հուսալքմամբ,— քո ինչի՞ն է պետք, եթե ես այժմ խոստովանեի, որ վատ բան եմ արել։ Քո ինչի՞ն է պետք այդ հիմար մանրախնդրությունը իմ նկատմամբ։ Ա՛խ, Սոնյա, մի՞թե հիմա ես դրա համար եմ եկել քեզ մոտ։
Սոնյան էլի ուզում էր մի բան ասել, բայց լռեց։
— Երեկ ես նրա համար էի քեզ կանչում, որ ինձ համար միայն դու ես մնացել։
— Ո՞ւր էիր կանչում,— երկչոտ հարցրեց Սոնյան։
— Գողություն անելու և մարդ սպանելու համար չէի կանչում, մի անհանգստանա, այդպիսի բան չի լինի,— կծու քմծիծաղ տվեց Ռասկոլնիկովը,— մենք տարբեր մարդիկ ենք... Գիտե՞ս, Սոնյա, ես միայն հիմա, միայն այս րոպեիս հասկացա, թե երեկ քեզ ''ուր'' էի կանչում։ Իսկ երեկ ինքս էլ չէի հասկանում, թե ուր եմ կանչում։ Միայն մի բանի համար էի կանչում, միայն մի բանի համար էի եկել, այն է՝ որ դու չթողնես ինձ։ Չե՞ս թողնի, Սոնյա։
Սոնյան սեղմեց նրա ձեռքը։
— Ինչո՞ւ, ինչո՞ւ ես քեզ ''այդ'' ասացի, ինչո՞ւ հայտնեցի,— մի րոպե հետո հուսաբեկ բացականչեց Ռասկոլնիկովը անսահմանորեն տանջալից նայելով Սոնյային,— ահա դու ինձնից բացատրություններ ես սպասում, նստել ես ու սպասում ես, ես այդ տեսնում եմ. իսկ ես ի՞նչ ասեմ քեզ. դու ոչինչ չես էլ հասկանա, այլ միայն կտանջվես... իմ պատճառով։ Ա՛յ, դու լալիս ես և էլի գրկում ես ինձ, ինչի համար ես գրկում, նրա համա՞ր, որ ես չդիմացա տանջանքին ու եկա այն ուրիշի վրա գցելու որպես թե՝ «Դու էլ տանջվիր, իմ բեռը ավելի թեթև կլինի»։ Եվ մի՞թե դու կարող ես սիրել այսպիսի մարդուն։
— Բայց չէ՞ որ դու էլ ես տանջվում, — գոչեց Սոնյան։
Դարձյալ նույն զգացմունքը հորդեց Ռասկոլնիկովի հոգու մեջ և դարձյալ մի ակնթարթ ամոքեց այն։
— Սոնյա, իմ սիրտը չար է, դու այդ գիտցիր. դրանով կարելի է շատ բան բացատրել։ Ես հենց նրա համար եմ եկել, որ չար եմ։ Կան այնպիսիները, որոնք չէին գա։ Իսկ ես վախկոտ եմ և... ստոր։ Էլ, թող այդպես լինի... Այս ամենը այն չէ, ինչ որ պետք է լինի... Հիմա խոսել է հարկավոր, իսկ ես չեմ կարողանում սկսել...
Ռասկոլնիկովը լռեց և մտածմունքի մեջ ընկավ։
— Է՛-է՛-հե՛, մենք տարբեր մարդիկ ենք, չենք սազում իրար,— դարձյալ գոչեց նա։— Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ ես եկա։ Այս բանը ես ինձ երբեք չեմ ների։
— Ոչ, ոչ, այդ լավ է, որ եկար,— բացականչում էր Սոնյան,— լավ է, որ ես այդ գիտենամ, շատ ավելի լավ է։
Ռասկոլնիկովը տխուր նայեց նրան։
— Դե ինչ անենք որ,— ասաց նա մի փոքր մտածելուց հետո,— հենց այդպես է որ կա։ Ահա թե ինչ. ես ուզում էի Նապոլեոն դառնալ, դրա համար էլ սպանեցի... Հիմա հասկանալի՞ է։
— Ո-ո՛չ,― միամտաբար ու երկչոտ շշնջաց Սոնյան,— միայն թե... խոսիր, խոսիր։ Ես կհասկանամ, ''ես կմտածեմ'' և ամեն ինչ կհասկանամ,— ավելացրեց նա։
— Կհասկանա՞ս։ Լավ, կտեսնենք։
Ռասկոլնիկովը լռեց ու երկար մտածում էր։
— Բանը այ թե ինչումն է. մի անգամ ես ինձ այսպիսի հարց տվի. եթե, օրինակ, իմ տեղը Նապոլեոնը լիներ և իր կարիերան սկսելու համար չլիներ ոչ Տուլոնը, ոչ Եգիպտոսը, ոչ էլ Մոնբլանով անցնելը, այլ այդ բոլոր գեղեցիկ ու հոյակապ բաների փոխարեն լիներ մի որևէ ծիծաղելի պառվիկ, կոլեգիական ռեգիստրատորի այրի կին, որին պետք էր սպանել, որպեսզի նրա սնդուկից հաներ փողերը (կարիերայի համար, հասկանո՞ւմ ես), ապա նա արդյոք կանե՞ք այդ բանը, եթե ուրիշ ելք չլիներ։ Արդյոք նրան չէ՞ր կասեցնի այն, որ դա ամենևին էլ հոյակապ բան չէ և... մեղսագործություն է։ Ես քեզ ասում եմ, որ ես շատ երկար գլուխ կոտրեցի այդ «հարցի» վրա, այնպես որ սարսափելի ամոթահար եղա, երբ, վերջապես, կռահեցի (հանկարծակի), որ ոչ միայն չէր կասեցնի, այլև նրա մտքովն էլ չէր անցնի, որ դա հոյակապ բան չէ... և նույնիսկ ամենևին էլ չէր հասկանա, թե այստեղ ինչ կասեցում կարող է լինել։ Ու եթե նրա համար ուրիշ ճանապարհ չլիներ, ապա առանց երկար մտածելու այնպես կխեղդեր պառավին, որ սա ծպտուն հանել էլ չէր կարողանա... Դե ես էլ... ձեռք քաշեցի մտահոգությունից... խեղդեցի... ինչպես որ կաներ այն հեղինակավոր անձնավորությունը... Եվ դա ճիշտ այդպես էլ եղավ։ Դու ծիծաղո՞ւմ ես։ Այո, Սոնյա, այստեղ ամենից ծիծաղելին գուցե այն է, որ դա հենց այդպես էլ եղավ...
Սոնյան ամենևին էլ չէր ծիծաղում։
— Ավելի լավ է դուք այդ ամենը ասեք պարզապես... առանց օրինակների,— էլ ավելի երկչոտ և հազիվ լսելի խնդրեց նա։
Ռասկոլնիկովը դեմքը դարձրեց նրան, տխուր նայեց ու վերցրեց նրա ձեռքերը։
― Դու դարձյալ իրավացի ես, Սոնյա։ Այդ ամենը հո դատարկ բան է, համարյա միայն շաղակրատանք, տեսնում ես էլի. դու գիտես, որ մայրս համարյա ոչինչ չունի։ Քույրu պատահմամբ է կրթություն ստացել և ստիպված է այստեղ ու այնտեղ դաստիարակչուհի լինել։ Նրանք հենց միայն ինձ վրա էին հույս դրել։ Ես ուսանում էի, բայց միջոցներ չունենալու պատճառով ստիպված եղա համալսարանից դուրս գալ։ Եթե մի կերպ դիմանայի, կարող էի հուսալ, որ մի տասը-տասներկու տարի հետո (եթե բարենպաստ հանգամանքներ լինեին) կդառնամ որևէ ուսուցիչ կամ աստիճանավոր, տարեկան հազար ռուբլի ռոճիկով... (նա կարծես սերտած բան էր ասում)։ Իսկ այն ժամանակ մայրս հյուծված կլիներ հոգսերից ու վշտից, և ինձ այնուամենայնիվ չէր հաջողվի հանգստացնել նրան, իսկ քույրս... քույրս կարող էր է՛լ ավելի վատ վիճակում լինել... Եվ ի՞նչ հաճույք է ամբողջ կյանքումդ ամեն ինչ անտեսել և ամեն ինչից երես դարձնել, մորը մոռանալ և խոնարհությամբ տանել քրոջ աննախանձելի վիճակը։ Ինչի՞ համար։ Մի՞թե նրա համար, որ նրանց թաղելով, նոր հարազատներ՝ կին ու երեխա ունենաս ու հետո սրանց էլ առանց մի գրոշի և առանց մի պատառ հացի թողնես։ Եվ ահա ես որոշեցի տիրանալ պառավի փողերին, առանց մորս չարչարելու դրանք օգտագործել իմ առաջին տարիների համար, համալսարանում ինձ ապահովելու համար, ավարտելուց հետո իմ առաջին քայլերի համար, և այդ ամենը անել լայն չափով, արմատապես, այնպես, որ բոլորովին նոր կարիերա ստեղծեի և նոր, անկախ ճանապարհով ընթանայի... Դե... էլ ուրիշ ոչինչ... Դե իհարկե, ես վատ բան արեցի, որ սպանեցի պառավին․․․ Դե, բավական է։
Ինչ֊որ անզորությամբ նա վերջացրեց իր խոսքը ու կախեց գլուխը։
— Օֆ, բանը այդ չէ, այդ չէ,— տխուր բացականչում էր Սոնյան,— մի՞թե այդ հնարավոր է... ոչ, խնդիրը այդ չէ, այդ չէ...
— Ինքդ ես տեսնում, որ այդ չէ... բայց ես հո անկեղծորեն պատմեցի, ասացի ճշմարտությունը։
— Ախր դա ի՞նչ ճշմարտություն է, օֆ, տեր աստված։
― Չէ՞ որ ես ոջիլ եմ սպանել, Սոնյա, անօգտակար, գարշելի, վնասակար ոջիլ։
— Մարդը ոջի՞լ է։
— Ախր ես էլ գիտեմ, որ ոջիլ չէ,— պատասխանեց Ռասկոլնիկովը՝ տարօրինակ նայելով Սոնյային։— Ասենք, որ դատարկ բան եմ դուրս տալիս, Սոնյա, վաղուց եմ այսպեա անում...— ավելացրեց նա։— Այստեղ բոլորովին ուրիշ է բանը, դու ճշմարիտ ես ասում։ Այստեղ բոլորովին, բոլորովին այլ պատճառներ կան... Ես վաղուց ոչ ոքի հետ չեմ խոսել, Սոնյա... Հիմա գլուխս սաստիկ ցավում է...
Ռասկոլնիկովի աչքերը տենդային փայլ էին արձակում։ Նա գրեթե սկսում էր զառանցել, շուրթերին դողում էր անհանգիստ ժպիտը։ Խռովահույզ հոգեվիճակը արդեն նրան սարսափելի ուժասպառության էր հասցրել։ Սոնյան հասկացավ, թե նա ինչպես է տանջվում։ Նրա գլուխն էլ էր սկսում պտտվել։ Ու տարօրինակ էր խոսում Ռասկոլնիկովը, կարծես թե ինչ-որ բան էր հասկացվում, բայց... «բայց ախր ի՞նչ էր այդ, ի՞նչ էր, օֆ, տեր աստված»։ Ու Սոնյան վշտանում էր հուսաբեկ վիճակում։
— Ոչ, Սոնյա, այստեղ ուրիշ բան կա,— դարձյալ սկսեց Ռասկոլնիկովը, կարծես մտքերի անակնկալ մի շրջադարձ ապշեցրեց ու գրգռեց նրան,— այստեղ ուրիշ բան կա։ Ավելի լավ է... ենթադրիր (այո, այդ իրոք ավելի լավ է), որ ես ինքնասեր եմ, նախանձոտ, չար, նողկալի, վրիժառու և․․․ գուցե հակված եմ խելագարության։ (Թող այդպես լինի, խելագարության մասին առաջ խոսում էին, ես նկատել եմ)։ Քիչ առաչ ես քեզ ասացի, որ համալսարանում մնալու միջոցներ չունեի։ Բայց գիտե՞ս, գուցե և կարող էի մնալ։ Մայրս կուղարկեր ուսման վարձը, ինչ֊որ հարկավոր էր, իսկ կոշիկների, հագուստի, հացի փողը անշուշտ ինքս կվաստակեի։ Դասեր էին լինում, հիսունական կոպեկ էին առաջարկում։ Հո աշխատում է Ռազումիխինը։ Բայց ես չարացա ու չուզեցի։ Այո, ''չարացա'' (դա լավ բառ է)։ Ես այն ժամանակ սարդի պես քաշվեցի իմ անկյունը։ Դու հո եղել ես իմ որջում, տեսել ես այն... Գիտե՞ս արդյոք, Սոնյա, որ ցածր առաստաղները և նեղլիկ սենյակները հոգի ու միտք են ճնշում։ Օ, որքան էի ես ատում այդ որջը։ Բայց և այնպես, չէի ուզում այնտեղից դուրս գալ։ Դիտմամբ չէի ուզում։ Օրերով դուրս չէի զալիս և չէի ուզում աշխատել, նույնիսկ ուտել էլ չէի ուզում, շարունակ պառկած էի լինում։ Եթե Նաստասյան ուտելիք էր բերում, ուտում էի, իսկ եթե չէր բերում, օրը այդպես էլ անցնում էր։ Չարացած լինելով, դիտմամբ ուտելիք չէի խնդրում։ Գիշերը լույս չկա, պառկում եմ մթության մեջ ու չեմ ուզում մոմ գնելու փող վաստակել։ Հարկավոր էր սովորել, իսկ ես գրքերս ծախել էի. սեղանիս վրա, թղթերի, տետրակների վրա հիմա էլ մատի հաստությամբ փոշի է նստած։ Ես ավելի լավ էի համարում և սիրում էի պառկել ու մտածել։ Շարունակ մտածում էի․․․ Ու հաճախ տարօրինակ, զանազան երազներ էի տեսնում, կարիք չկա ասելու, թե ինչ երազներ էին։ Միայն թե երևակայությանս մեջ այնպիսի բաներ էին պատկերանում, որ... Չէ՛, բանը այդ չէ, ես դարձյալ այնպես չեմ պատմում, ինչպես պետք է։ Գիտե՞ս, ես այն ժամանակ հաճախ ինքս ինձ հարց էի տալիս՝ ինչո՞ւ այսպես հիմար եմ. եթե ուրիշները հիմար են, ու եթե ես հաստատ գիտեմ, որ հիմար են, ապա ինչո՞ւ ինքս չեմ ուզում խելոք լինել։ Հետո ես իմացա, Սոնյա, որ եթե սպասեմ, մինչև որ բոլորը խելոքանան, ապա դա շատ երկար կտևի... Հետո ես նաև իմացա, որ այդ երբեք էլ չի լինի, որ մարդիկ չեն փոխվի և ոչ ոք նրանց չի վերափոխի, ու չարժե դրա համար գլուխ ցավեցնել։ Այո, դա այդպես է։ Այդ նրանց օրենքն է... օրենքն է, Սոնյա։ Դա այդպես է... Ու հիմա ես գիտեմ, Սոնյա, որ ով ամուր և ուժեղ է մտքով ու ոգով, նա էլ իշխում է նրանց վրա։ Ով շատ համարձակ է, նա էլ իրավացի է նրանց աչքում։ Ով կարող է շատ բաների վրա թքել, նա էլ օրենսդիր է նրանg մոտ, իսկ ով բոլորից ավելի համարձակություն է ցուցաբերում, նա բոլորից ավելի իրավացի է։ Այդպես է եղել մինչև այժմ ու միշտ էլ այդպես կլինի։ Միայն կույրը այս չի տեսնի։
Այդ ասելով, Ռասկոլնիկովը թեպետև նայում էր Սոնյային, բայց արդեն էլ չէր մտահոգվում՝ արդյո՞ք նա կհասկանա, թե՞ ոչ։ Նա ամբողջովին բռնվել էր տենդով։ Նա ինչ-որ մռայլ հրճվանքով էր համակվել։ (Հիրավի, նա երկար ժամանակ ոչ ոքի հետ չէր խոսել)։ Սոնյան հասկացավ, որ այդ մռայլ կատեխիզիսը նրա համար հավատ ու օրենք է դարձել։
— Ես այն ժամանակ գլխի ընկա, Սոնյա, որ իշխանություն է տրվում միայն նրան, ով համարձակվում է կռանալ ու վերցնել այն։ Այստեղ միայն, միայն մի բան կա, բավական է սոսկ համարձակվել։ Ես այն ժամանակ կյանքումս մի միտք հղացա, որը ինձնից առաջ դեռ ոչ ոք ու երբեք չէր հղացել։ Ոչ ոք։ Հանկարծ ինձ արևի պես պարզ պատկերացավ այն, թե ինչպե՞ս է, որ մինչև այժմ ոչ մեկը, անցնելով այս ամբողջ անհեթեթության կողքից, չի համարձակվել և չի համարձակվում ուղղակի բռնել այդ ամենի պոչից ու շպրտել սատանայի ծոցը։ Ես... ես ուզեցի ''համարձակվել'', ու սպանեցի... Ես միայն համարձակվել ուզեցի, Սոնյա, ահա ամբողջ պատճառը։
— Օ, լռեցեք, լռեցեք,— գոչեց Սոնյան՝ ձեռքերն արագ զարկելով։— Դուք հեռացել եք աստծուց, և աստված հարվածել է ձեզ, մատնել սատանային...
— Ի դեպ, Սոնյա, երբ ես պառկած էի լինում մթության մեջ և ինձ այլևայլ բաներ էին պատկերանում, սատանան շփոթեցնում էր ինձ, հը՞։
— Լռեցեք, մի ծիծաղեք, աստծուն անարգող, դուք ոչինչ, ոչինչ չեք հասկանում։ Օ՜, տեր աստված, սա ոչինչ, ոչինչ չի հասկանա։
— Լսիր, Սոնյա, ես ամենևին էլ չեմ ծիծաղում. ես հո ինքս էլ գիտեմ, որ սատանան էր ինձ մոլորեցրել։ Լռիր, Սոնյա, լռիր,— մռայլ ու կտրուկ կրկնեց Ռասկոլնիկովը։— Ես ամեն ինչ գիտեմ։ Այդ ամենը ես կշռադատում, այդ ամենի մասին մտածում էի, երբ պառկած էի լինում մթության մեջ... Այդ ամենի մասին ինքս ինձ հետ վիճում էի, բաց չթողնելով անգամ վերջին, ամենաչնչին հանգամանքները, ես ամեն, ամեն ինչ գիտեմ։ Ու այն ժամանակ ինձ այնպես էր ձանձրացրել, այնպես էր ձանձրացրել այդ ամբողջ շաղակրատանքը։ Ես ուզում էի ամեն ինչ մոռանալ և ամեն ինչ նորից սկսել, Սոնյա, ու վերջ տալ շաղակրատանքին։ Եվ մի՞թե դու կարծում ես, թե ես այդ արել եմ հիմարաբար, առանց մտածելու։ Ես այդ արել եմ խելամտորեն, և հենց դա էլ կործանեց ինձ։ Եվ մի՞թե դու կարծում ես, թե ես չգիտեի, որ եթե սկսել էի ինքս ինձ հարցեր տալ և հարցաքննել արդյո՞ք իրավունք ունեմ իշխանություն ունենալու, ապա ուրեմն չունեմ այդ իրավունքը։ Կամ եթե հարց եմ տալիս՝ արդյո՞ք ոջիլ է մարդը, ապա ուրեմն մարդը ոջիլ չէ ''ինձ համար'', այլ ոջիլ է նրա համար, ում մտքով էլ այդ չի անցնում, ով առանց այդպիսի հարցեր տալու է ընթանում... Եթե ես օրերով գլուխ էի կոտրում, թե արդյո՞ք այդպիսի բան կաներ Նապոլեոնը, ապա պարզ զգում էի, որ Նապոլեոն չեմ... Ես դիմացա այդ ամբողջ շաղակրատանքի պատճառած ամբողջ, ամբողջ տանջանքին, Սոնյա, ու ցանկացա ուսերիցս բոլորովին թոթափել այն. Սոնյա, ես ուզեցի սպանել առանց կազուիստիկայի, սպանել ինձ համար, միայն ինձ համար։ Ես չէի ուզում ստել նույնիսկ ինքս ինձ, ես նրա համար չսպանեցի, որ օգնեի մորս, դա անհեթեթություն է. նրա համար չսպանեցի, որ միջոցներ և իշխանություն ստանալով, մարդկության բարերար դառնայի։ Այդ դատարկ բան է։ Ես սոսկ սպանեցի, սպանեցի ինձ համար, միայն ինձ համար, իսկ թե այնուհետև արդյո՞ք կդառնայի որևէ մեկի բարերարը, թե՞ ամբողջ կյանքումս սարդի պես բոլորին կորսայի իմ ոստայնով ու բոլորից կքամեի կենդանի հյութերը, դա պետք է որ ինձ համար միևնույն լիներ այն րոպեին... Ու գլխավորը փողերը չէին, որ հարկավոր էին ինձ, Սոնյա, երբ ես սպանեցի, ոչ այնքան փողեր էին հարկավոր, որքան մի ուրիշ բան... Ես հիմա գիտեմ այդ ամենը․․․ Հասկացիր ինձ․ գուցե գնալով նույն ճանապարհով, ես էլ երբեք սպանություն չէի կատարի։ Ինձ հարկավոր էր ուրիշ բան իմանալ, ուրիշ բան էր ինձ սպանության դրդում, այն ժամանակ ինձ հարկավոր էր իմանալ և շուտափույթ իմանալ, թե արդյո՞ք ես ոջիլ եմ, ինչպես բոլորը, թե՞ մարդ եմ, արդյո՞ք կարող եմ խախտում կատարել, թե՞ չեմ կարող։ Արդյո՞ք կարող եմ կռանալ ու վերցնել ինչ-որ հարկավոր է ինձ։ Արդյո՞ք իրավազուրկ արարած եմ, թե՞ ''իրավունք'' ունեմ...
— Իրավո՞ւնք, սպանելու իրավո՞ւնք ունեք,— ձեռքերն իրար զարկեց Սոնյան։
— Է՛֊է՛֊հե՛, Սոնյա,— ջղայնորեն գոչեց Ռասկոլնիկովը, ուզում էր ինչ-որ առարկել, բայց արհամարհանքով լռեց։— Մի ընդհատիր ինձ, Սոնյա։ Ես ուզում էի քեզ միայն մի բան ասել, սատանան ինձ դրդեց այդ անել, հետո էլ ինձ բացատրեց, որ ես այնտեղ գնալու իրավունք չունեի, որովհետև ես ճիշտ նույնպիսի ոջիլ եմ, ինչպես և բոլորը։ Նա ծիծաղեց ինձ վրա, ու ես էլ այժմ եկել եմ քեզ մոտ։ Ընդանիր հյուրին։ Եթե ես ոջիլ չլինեի, մի՞թե կգայի քեզ մոտ։ Լսիր․ այն ժամանակ, երբ ես գնում էի պառավի մոտ, ես միայն ''փորձ անելու'' համար էի գնում... Այդպես էլ գիտցիր։
— Ու սպանեցի՜ք, սպանեցի՜ք։
— Եվ ինչպե՞ս սպանեցի։ Մի՞թե այդպես են սպանում։ Մի՞թե այդպես են գնում սպանելու, ինչպես որ ես այն ժամանակ գնացի։ Ես քեզ երբևէ կպատմեմ, թե ինչպես գնացի․․․ Մի՞թե ես պառավին սպանեցի։ Ես ինձ սպանեցի և ոչ թե պառավին։ Հենց այնպես էլ ինձ ջախջախեցի առհավետ... Իսկ այն պառավին սատանան սպանեց և ոչ թե ես․․․ բավական է, բավական է, Սոնյա, բավական է, թող ինձ․․․ գոչեց նա հանկարծ ջղաձգական թախծով,— թող ինձ։
Նա արմունկները հենեց ծնկներին ու ձեռքերով, ասես աքցանով, սեղմեց գլուխը։
— Ինչպիսի՜ տանջանք,— ծանր հառաչեց Սոնյան։
— Հիմա ի՞նչ անեմ, ասա,— հարցրեց Ռասկոլնիկովը հանկարծ բարձրացնելով գլուխը ու հուսալքումից այլանդակորեն ծամածռված դեմքը դարձնելով ու նայելով նրան։
— Ինչ անե՞ս,— բացականչեց Սոնյան, հանկարծ վեր թռավ տեղից, ու մինչև այժմ արցունքներով լեցուն նրա աչքերը փայլեցին։— Վեր կաց։ (Նա բռնեց Ռասկոլնիկովի ուսից. վերջինս քիչ բարձրացավ՝ համարյա ապշած նայելով նրան)։— Հիմա, հենց այս րոպեիս գնա, կանգնիր մի որևէ տեղ, սկզբում երկրպագիր հողը, որ պղծել ես դու, հետո էլ երկրպագիր ամբողջ աշխարհին, դեպի բոլոր կողմերը, ու բարձրաձայն ասա բոլորին՝ «Ես մարդ եմ սպանել»։ Այդ դեպքում աստված քեզ դարձյալ կյանք կտա։ Կգնա՞ս, կգնա՞ս,— հարցնում էր Սոնյան ամբողջովին դողալով, ասես նոպայով բռնված, նրա ձեռքերից բռնած, ամուր սեղմելով դրանք, հրացայտ աչքերը նրան հառած։
Ռասկոլնիկովը զարմացավ և նույնիսկ ապշեց նրա հանկարծակի ոգևորությունից։
― Դու տաժանակիր աշխատա՞նքն ես ակնարկում, ինչ է։ Սոնյա։ Գնամ մատնե՞մ ինձ,— մռայլ հարցրեց նա։
— Տառապանք ընդունել և դրանով քավել հանցանքդ, ահա թե ինչ է հարկավոր։
— Ոչ, ես նրանց մոտ չեմ գնա, Սոնյա։
― Հապա ինչպե՞ս, ինչպե՞ս պիտի ապրես։ Ինչո՞վ պիտի ապրես,— բացականչում էր Սոնյան։— Մի՞թե հիմա այդ հնարավոր է։ Ինչպե՞ս պիտի խոսես մորդ հետ (օ, հիմա ի՛նչ է լինելու նրանց դրությունը)։ Բայց դու հո թողել ես մորդ ու քրոջդ։ Թողել ես, էլի, թողել ես։ Օ, տեր աստված,— գոչեց նա,— չէ՞ որ նա ինքը գիտե այդ ամենը։ Առանց հարազատների ինչպե՞ս կարելի է ապրել։ Հիմա ի՞նչ կլինի քո վիճակը։
— Երեխա մի լինի, Սոնյա,— մեղմ ասաց Ռասկոլնիկովը։— Ես ինչո՞վ եմ մեղավոր ինձ հետապնդողների հանդեպ։ Ինչո՞ւ գնամ և ի՞նչ ասեմ նրանց... Այդ բոլորը միայն պատրանք է... Նրանք միլիոնավոր մարդկանց հոգեհան են անում և դեռ այդ առաքինություն են համարում։ Նրանք ստոր ու սրիկա են, Սոնյա... Չեմ գնա։ Եվ ի՞նչ պիտի ասեմ. պիտի ասեմ, որ սպանեցի, իսկ փողերը վերցնել չհամարձակվեցի՞, հա՞, քարի տա՞կ թաքցրի,— կծու քմծիծաղելով ավելացրեց Ռասկոլնիկովը,— բայց չէ՞ որ նրանք կծիծաղեն ինձ վրա, կասեն՝ հիմար ես, որ չես վերցրել։ Վախկոտ ես ու հիմար։ Նրանք ոչինչ, ոչինչ չեն հասկանա, Սոնյա, և արժանի չեն հասկանալու։ Ինչո՞ւ գնամ։ Չեմ գնա, երեխա մի լինի, Սոնյա․․․
— Կտանջվես, կտանջվես,— կրկնում էր Սոնյան՝ հուսահատական աղերսանքով ձեռքերը մեկնելով նրան։
— Ես գուցե ''դեռ'' զրպարտել եմ ինքս ինձ,— մռայլադեմ, կարծես մտազբաղ ասաց Ռասկոլնիկովը,— գուցե ես ''դեռ'' մարդ եմ և ոչ թե ոջիլ, ու շտապել եմ ինքս ինձ մեղադրել... Ես ''դեռ'' կպայքարեմ։
Նրա շուրթերին գոռոզության ժպիտ երևաց։
— Շատ կտանջվես, այն էլ ամբողջ կյանքումդ։
— Կընտելանամ...— մռայլ ու մտախոհ ասաց Ռասկոլնիկովը։— Լսիր,— մի րոպե հետո ավելացրեց նա,— բավական է լաց լինել, ժամանակն է գործի մասին խոսել, ես եկել եմ քեզ ասելու, որ հիմա ինձ փնտրում են, որսում․․․
— Ախ,— վախեցած ճչաց Սոնյան։
— Էլ ինչ ես ճչում։ Ինքդ ես ցանկանում, որ ես տաժանակիր աշխատանքի դատապարտվեմ, իսկ հիմա վախեցա՞ր։ Միայն թե գիտցիր, ես նրանց չեմ հանձնվի։ Ես դեռ կմաքառեմ նրանց դեմ, ու ոչինչ էլ չեն անի։ Չունեն իսկական հանցանշաններ։ Երեկ ես մեծ վտանգի մեջ էի ու մտածում էի, որ արդեն կորած եմ. այսօր գործը շտկվեց։ Նրանց բոլոր հանցանշանները երկսայրի են, այսինքն՝ ես կարող եմ նրանց մեղադրանքները շուռ տալ հենց իմ օգտին, հասկանո՞ւմ ես, և այդպես էլ կանեմ, որովհետև ես հիմա խրատվել եմ... Բայց ինձ անշուշտ բանտ կնստեցնեն։ Եթե չլիներ մի դեպք, գուցե և այսօր նստեցնեին, երևի նույնիսկ ''դեռ'' այսօր էլ նստեցնեն... բայց ոչինչ, Սոնյա, կնստեմ, ու բաց կթողնեն... որովհետև չկա ոչ մի իսկական ապացույց և չի լինի, խոսք եմ տալիս։ Իսկ այն, ինչ որ ունեն, չի կարող մարդուն պատժելու հիմք լինել։ Էհ, բավական է... Ես միայն ուզում էի, որ դու գիտենաս... Ես կաշխատեմ մի կերպ այնպես անել, որ քույրս ու մայրս փոխեն իրենց կարծիքը իմ մասին և չվախենան... Ասենք, քույրս հիմա կարծեմ ապահովված է... ուրեմն և մայրս... էլ ուրիշ ոչինչ։ Սակայն դու զգույշ եղիր։ Երբ ես բանտարկված լինեմ, կգա՞ս ինձ տեսնելու։
— Օ, կգամ, կգամ։
նրանք նստել էին կողք-կոզքի, տխուր և ընկճված, ասես փոթորկից հետո երկուսն էլ ամայի ծովափ շպրտված։ Ռասկոլնիկովը նայում էր Սոնյային և զգում էր, թե ինքը որքա՛ն շատ է սիրված նրա կողմից, ու որքան էլ այդ տարօրինակ էր, հանկարծ նրան ծանր ու ցավագին թվաց այն, որ այդպես սիրում են իրեն։ Այո, դա տարօրինակ ու սարաափելի զգացում էր։ Գնալով Սոնյայի մոտ, նա զգում էր, որ վերջինս իր ամբողջ հույսն է, ամբողջ սփոփանքը. նա ուզում էր թոթափել իր տանջանքների գեթ մի մասը, ու հանկարծ հիմա, երբ Սոնյան ամբողջ սրտով նվիրվել էր իրեն, նա զգաց ու գիտակցեց, որ ինքը հիմա անհամեմատ ավելի դժբախտ է, քան եղել էր առաջ։
— Սոնյա,— ասաց նա,― ավելի լավ է մի՛ գա ինձ տեսնելու, երբ ես բանտում լինեմ։
Սոնյան չպատասխանեց, նա լալիս էր։ Անցավ մի քանի րոպե։
— Վզիդ խաչ կա՞,— ասես հանկարծ հիշելով, անակնկալ հարցրեց Սոնյան։
Ռասկոլնիկովը սկզբում չհասկացավ հարցը։
— Երևի չկա, չէ՞։ Առ, վերցրու այս կիպարիսե խաչը։ Ես մի ուրիշն ունեմ, պղնձից է, Լիզավետայինն է։ Ես ու Լիզավետան փոխանակություն էինք կատարել, նա ինձ տվել էր իր խաչը, իսկ ես նրան իմ մի փոքրիկ սրբապատկերը։ Ես հիմա Լիզավետայինը կկրեմ, իսկ սա՝ քեզ։ Վերցրու... Իմն է, հո իմն է,— խնդրում էր Սոնյան։ Չէ՞ որ միասին կգնանք տանջվելու, միասին էչ խաչ կկրենք...
— Տուր,— ասաց Ռասկոլնիկովը։ Նա չէր ուզում վշտացնել Սոնյային։ Բայց նա իսկույն ետ քաշեց խաչը վերցնելու համար մեկնած ձեռքը։
— Հիմա չէ՛, Սոնյա։ Ավելի լավ է հետո,— ավելացրեց նա, որպեսզի հանգստացներ Սոնյային։
— Այո, այո, այդպես ավելի լավ է,— սրտանց վրա բերեց Սոնյան,— երբ տանջվելու գնաս, այն ժամանակ էլ կվերցնես։ Կգաս ինձ մոտ, ես սա կախ կտամ վզիցդ, կաղոթենք ու կգնանք։
Այդ վայրկյանին մեկը երեք անգամ ծեծեց դուռը։
— Սոֆյա Սեմյոնովնա, կարելի՞ է մտնել,— լսվեց այդ մեկի խիստ ծանոթ, քաղաքավարի ձայնը։
Սոնյան վախեցած նետվեց դեպի դուռը։ Շեմքում երևաց պ. Լեբեզյատնիկովի շիկահեր կերպարանքը։
== V ==