== V ==
Լեբեզյատնիկովը անհանգիստ տեսք ուներ։
— Ես ձեզ մոտ եմ եկել, Սոֆյա Սեմյոնովնա։ Ներեցեք ... Ես այդպես էլ կարծում էի, որ դուք այստեղ կլինեք,— հանկարծ դիմեց նա Ռասկոլնիկովին,— այսինքն ես... նման բան չէի կարծում... բայց գիտեի, էլի՛... Ը֊ը... գիտե՞ք, Կատերինա Իվանովնան խելագարվեց,— թողնելով Ռասկոլնիկովին, հանկարծ ասաց նա Սոնյային։ Սոնյան կաց։
— Այսինքն՝ դա գոնե այդպես է թվում։ Ի միջի այլոց... Մենք չգիտենք այնտեղ ինչ անենք, ա՛յ թե ինչ։ Կատերինա Իվանովնան վերադարձավ, կարծեմ նրան ինչ֊որ տեղից վռնդել էին, գուցե և խփել... Գոնե այդպես է թվում... Նա գնացել էր Սեմյոն Զախարիչի պետի մոտ, սա տանը չէր եղել, ճաշում էր մի ինչ֊որ ուրիշ գեներալի մոտ... Երևակայեցեք, Կատերինա Իվանովնան գնում է այնտեղ, այդ մյուս գեներալի մոտ, ուր ճաշում էին... և, երևակայեցեք, այնպես էլ համառում է, դուրս է կանչում Սեմյոն Ջախարիչի պետին, այն էլ կարծեմ հենց ճաշասեղանից։ Կարող եք պատկերացնել, թե այնտեղ ինչ կատարվեց։ Իհարկե, Կատերինա Իվանովնային դուրս արեցին. նա պատմում է, որ հենց ինքը հայհոյեց պետին և ինչ-որ մի բան շպրտեց նրա վրա։ Այդ կարելի է նույնիսկ ենթադրել... Զարմանալի է, որ նրան չեն բռնել։ Հիմա նա այդ պատմում է բոլորին, նաև Ամալյա Իվանովնային, միայն թե դժվար է հասկանալ, ճղճղում է ու ծեծկվում... Ա՛խ, հա՛, նա ասում է, ճչում, թե որովհետև հիմա բոլորը ձեռք են քաշել իրենից, ուստի ինքը կվերցնի երեխաներին ու կգնա փողոց, երգեհոն կտանի. երեխաները կերգեն ու կպարեն, ինքը նույնպես, ու փող կհավաքի, ամեն օր այդպես կանի գեներալի պատուհանի տակ... «Թող տեսնեն,— ասում է,— թե ինչպես աստիճանավոր հոր երեխաները իբրև մուրացկաններ թրևում են փողոցներում»։ Բոլոր երեխաներին ծեծում է, նրանք լալիս են։ Լյոնյային սովորեցնում է «Խուտորոկ» երգը, տղային էլ սովորեցնում է պարել։ Պոլինա Միխայլովնային՝ նույնպես։ Պատառոտում է բոլոր շորերը, նրանց համար իբր թե դերասանական գդակներ է պատրաստում. ինքը ուզում է վերցնել լագանը ու զարկել դրան, երաժշտության փոխարեն... Ոչինչ չի ուզում լսել... Երևակայեցեք, ի՞նչ կլինի։ Դա ուղղակի խելքի մոտիկ բան չէ։
Լեբեզյատնիկովը էլի կշարունակեր պատմել, բայց Սոնյան, լսելով նրան, հազիվ շունչ առնելով, հանկարծ վերցրեց թիկնոցը, գլխարկը, հապճեպ հագնելով, դուրս վազեց։ Ռասկոլնիկովն ու Լեբեզյատնիկովը հետևեցին նրան։
— Անպայման խելագարվել է,— ասում էր նա Ռասկոլնիկովին՝ նրա հետ դուրս գալով փողոց,— ես չէի ուզում վախեցնել Սոֆյա Սեմյոնովնային, դրա համար էլ ասացի՝ «այդպես է թվում», բայց դա անկասկած է։ Ասում են, դա նրանից է, որ թոքախտավորի ուղեղի վրա ինչ֊որ բշտիկներ են դուրս տալիս, ափսոս, որ ես թժշկություն չգիտեմ։ Ես փորձեցի նրան հորդորել, բայց նա ոչինչ չի ուզում լսել։
— Դուք նրան բշտիկների մասին բա՞ն ասացիք։
— Այսինքն՝ ոչ այնքան բշտիկների մասին։ Այն էլ ասած՝ նա դրանից ոչինչ չէր հասկանում։ Ես ահա թե ինչ եմ ասում, եթե մարդուն տրամաբանորեն համոզես, որ էապես նա ոչ մի բանի համար չպետք է սուգ անի, ապա նա սուգ չի անի։ Դա պարզ է։ Իսկ դուք համոզված եք, թե սո՞ւգ կանի։
— Այդ դեպքում ապրելը շատ հեշտ կլիներ,— պատասխանեց Ռասկոլնիկովը։
— Ներեցեք, ներեցեք. իհարկե, Կատերինա Իվանովնայի համար բավական դժվար է այդ հասկանալ. բայց արդյոք հայտնի՞ է ձեզ, որ Փարիզում արդեն լուրջ փորձեր են կատարվել, թե արդյոք հնարավո՞ր է բուժել խելագարներին՝ գործելով միայն տրամաբանական համոզմամբ։ Այնտեղ մի պրոֆեսոր, վերջերս մեռած մի լուրջ գիտնական, երևակայել է, որ այդպես կարելի է բուժել։ Նրա հիմնական միտքն այն է, որ խելագարների օրգանիզմում առանձին խանգարումներ չկան, որ խելագարությունը, այսպես ասած, տրամաբանական սխալ է, դատողության սխալ, իրերի նկատմամբ սխալ հայացք։ Նա աստիճանաբար հերքում էր հիվանդին ու երևակայեցեք, ասում են, որ դրական հետևանքների էր հասնում։ Բայց որովհետև նա այնուհանդերձ դուշեր էր օգտագործում, ուստի այդ բուժման հետևանքները, իհարկե, կասկածի են ենթարկվում... Գոնե այդպես է թվում...
Ռասկոլնիկովը արդեն վաղուց չէր լսում։ Հասնելով իր տունը, նա գլխով արեց Լեբեզյատնիկովին ու դարձավ դեպի դարպասը։ Լեբեզյատնիկովը սթափվեց, նայեց շուրջը ու հեռացավ։
Ռասկոլնիկովը մտավ իր խցիկը և կանգ առավ մեջտեղում։ «Ինչո՞ւ ես վերադարձա այստեղ»։ Նա դիտեց դեղնավուն, քրքրված պաստառներր, փոշին, իր բազմոցը․․․ բակից ինչ֊որ հատու, անընդհատ թխկոց էր լսվում, երևի մի տեղ մեխ էին խփում․․․ Նա մոտեցավ պատուհանին, բարձրացավ ոտնաթաթերի վրա ու լարված ուշադրությամբ երկար դիտեց բակը։ Սակայն բակը դատարկ էր, թխկացնողները չէին երևում։ Ձախ կողմում կից շենքի մի շարք պատուհանները բաց էին. դրանց գոգերին վտիտ խորդենու ծաղկամաններ էին դրված։ Սենյակներում սպիտակեղեն էր կախված... Այդ ամենը ծանոթ էր նրան։ Նա ետ դարձավ նստեց բազմոցին։
Դեռ երբեք, երբեք նա իրեն այդպես սարսափելի մենակ չէր զգացել։
Այո, նա մի անգամ էլ զգաց, որ գուցե իսկապես ատի Սոնյային, ու հենց այժմ, երբ նրան է՛լ ավելի դժբախտ է դարձրել։ «Ինչո՞ւ ես գնացի նրա մոտ, նրան տխրեցնելովս, Ինչո՞ւ ինձ այդպես անհրաժեշտ է մաշել նրա կյանքը, օ՛, ստորությո՛ւն»։
— Ես մենակ կմնամ,— հանկարծ ասաց նա վճռականապես,— և նա չպիտի գա բանտ, ինձ տեսնելու։
Հինգ րոպե հետո նա բարձրացրեց գլուխը և տարօրինակ ժպտաց։ Տարօրինակ մի միտք հղացավ. «Գուցե տաժանակրության մեջ իրոք ավելի լավ կլինի», հանկարծ մտածեց նա։
Նա չէր հիշում, թե որքան էր նստել իր խցիկում, գլխի մեջ խռնվող անորոշ մտքերով։ Հանկարծ դուռը բացվեց ու ներս մտավ Ավդոտյա Ռոմանովնան։ Նա սկզբում կանգ առավ շեմքին ու նայեց եղբորը, ինչպես ժամ առաջ վերջինս կանգ էր առել ու նայել Սոնյային։ Հետո Ավդոտյա Ռոմանովնան ներս մտավ ու նստեց եղբոր դիմաց, աթոռին, նախորդ օրվա իր տեղում։ Ռասկոլնիկովը լուռ և կարծես առանց որևէ բան մտծելու նայեց նրան։
— Մի բարկանա, եղբայրս, ես միայն մի րոպեով եկա,— ասաց Դունյան։ Նրա դեմքի արտահայտությունը խոհուն էր, բայց ոչ խիստ։ Հայացքը պայծառ էր ու մեղմ։ Ռասկոլնիկովը տեսնում էր, որ նա սիրելուց է եկել իր մոտ։
— Եղբայրս, ես հիմա ամեն, ''ամեն ինչ'' գիտեմ։ Դմիտրի Պրոկոֆիչը ինձ ամեն ինչ բացատրել է ու պատմել։ Քեզ հետապնդում ու տանջում են հիմար ու նողկալի կասկածանքից դրդված... Դմիտրի Պրոկոֆիչը ինձ ասել է, որ ոչ մի վտանգ չկա, որ դու իզուր ես դա այդպիսի սարսափով ընդունում։ Ես այլ կերպ եմ մտածում և ''լիովին հասկանում'' եմ, որ դու չափազանց զայրացած ես և այդ զայրույթը կարող է առմիշտ հետքեր թողնել։ Ես վախենում եմ դրանից։ Ես քեզ չեմ պարսավում և չեմ համարձակվում պարսավել, որ դու թողիր մեզ, ու ներիր ինձ, որ օր առաջ կշտամբել էի քեզ։ Ես ինքս զգում եմ, որ եթե այդպիսի մեծ վիշտ ունենայի, նույնպես կհեռանայի բոլորից։ Ես ''այդ մասին'' ոչինչ չեմ ասի մայրիկին, բայց շարունակ կխոսեմ քո մասին և քո անունից կասեմ, որ դու շատ շուտով կգաս։ Նրա մասին մի մտատանջվիր. ես նրան կհանգստացնեմ. բայց դու էլ մի տանջիր նրան, գոնե մի անգամ եկ. հիշիր, որ նա մայր է։ Իսկ հիմա ես եկել եմ ասելու (Դունյան վեր կացավ), որ եթե ես քեզ երբևիցե հարկավոր լինեմ, կամ քեզ հարկավոր լինի... իմ ամբողջ կյանքը, թե ինչ... ապա կանչիր ինձ, ես կգամ։ Ցտեսություն։
Դունյան կտրուկ շուռ եկավ ու քայլեց դեպի դուռը։
— Դո՛ւնյա,— նրան կանգնեցրեց Ռասկոլնիկովը, վեր կացավ ու մոտեցավ նրան,— այդ Ռազումիխինը, Դմիտրի Պրոկոֆիչը, շատ լավ մարդ է։
Դունյան մի քիչ շիկնեց։
— Մի՞թե,— հարցրեց նա՝ մի րոպե սպասելով։
— Նա գործունյա, աշխատասեր, ազնիվ և ուժեղ սիրելու ընդունակ մարդ է... Գնաս բարով։ Դունյա։
Դունյան թունդ կարմրեց, հեաո հանկարծ անհանգիստ հարցրեց.
— Այդ ի՞նչ է, եղբայրս, մի՞թե մենք առմիշտ բաժանվում ենք, որ դու ինձ... այդպիսի բաներ ես ասում։
— Միևնույն է... գնաս բարով...
Ռասկոլնիկովը ետ դարձավ ու մոտեցավ պատուհանին։ Դունյան մի փոքր կանգնեց, անհանգիստ նայեց նրան ու գնաց տագնապալից վիճակում։
Ոչ, Ռասկոլնիկովը սառը չէր վերաբերվում նրան։ Եղավ մի ակնթարթ (ամենավերջինը), երբ նա շատ ուզեց պինդ գրկել քրոջը և նրան ''հրաժեշտ տալ'', նույնիսկ ''ասել ամեն ինչ'', բայց սիրտ չարեց նույնիսկ ձեռք տալ նրան։
«Հետո թերևս ցնցվի, հիշելով, որ ես հիմա իրեն գրկեցի, կասի, թե ես գողացա իր համբույրը»։
«Իսկ ''սա'' արդյո՞ք կդիմանա, թե՞ չի դիմանա»,— մի քանի րոպե հետո մտքում ավելացրեց նա։— «Ոչ, չի դիմանա. ''այդպիսիները'' չեն կարող դիմանալ։ Նրանք երբեք չեն դիմանում»։
Եվ նա մտածեց Սոնյայի մասին։
Պատուհանից հով փչեց։ Դրսոuմ լույսը արդեն աղոտանում էր։ Նա հանկարծ վերցրեց գլխարկը ու խցիկից դուրս գնաց։
Նա, իհարկե, չէր կարող և չէր էլ ուզում հոգալ իր հիվանդագին վիճակի մասին։ Բայց այդ ամբողջ անընդհատ տագնապը և այդ ամբողջ հոգեկան զարհուրանքը չէին կարող անհետևանք մնալ։ Ու եթե նա դեռ չէր տառապում իսկական ջերմախտով, ապա գուցե հենց այն պատճառով, որ այդ ներքին, անընդհատ տագնապը նրան դեռ պահում էր ոտքերի վրա և գիտակցության մեջ, բայց մի տեսակ արհեստականորեն, առժամապես։
Նա թափառում էր աննպատակ։ Արևը մայր էր մտնում։ Վերջին ժամանակներում նա մի ինչ֊որ առանձնահատուկ թախիծ էր զգում։ Դրա մեջ չկար առանձնապես մաշող, այրող մի բան. բայց կար ինչ֊որ մշտական, հավերժական բան, նախազգացվում էին այդ պաղ, մեռցնող թախծի անե՛լք տարիներ, նախազգացվում էր ինչ֊որ մի մշտնջենականոլթյուն «մի արշին տարածության» վրա։ Իրիկնաժամերին այդ զգացումը սովորաբար սկսում էր ավելի շատ տանջել նրան։
— Դե արի ու այսպիսի հիմար, զուտ ֆիզիկական, իրիկնաժամերին զգացվող տկարությամբ ձեռնպահ մնա հիմարություն անելուց։ Չէ՛ թե Սոնյայի, այլ Դունյայի մոտ էլ կգնաս,— սրտնեղելով մրթմրթում էր նա։
Նրան կանչեցին։ Նա նայեց շուրջը․ Լեբեզյատնիկովը աճապարանքով մոտեցավ նրան։
— Երևակայեցեք, ես եղա ձեզ մոտ, փնտրում եմ ձեզ։ Երևակայեցեք, Կատերինա Իվանովնան կատարել է իր մտադրությունը ու տարել երեխաներին։ Ես ու Սոֆյա Սեմյոնովնան հազիվ գտանք նրանց։ Ինքը զարկում է թավային, երեխաներին ստիպում է երգել ու պարել։ Երեխաները լալիս են։ Կանգ է առնում փողոցների խաչմերուկներում և խանութների առաջ։ Հիմար ամբոխը ընկել է նրանց ետևից։ Գնանք։
— Հապա Սոնյա՞ն,— անհանգիստ հարցրեց Ռասկոլնիկովը՝ հապճեպ հետևելով Լեբեզյատնիկովին։
— Ուղղակի կորցրել է իրեն։ Այսինքն՝ ոչ թե Սոֆյա Սեմյոնովնան, այլ Կատերինա Իվանովնան է իրեն կորցրել. ասենք, Սոֆյա Սեմյոնովնան էլ է գլուխը կորցրել։ Իսկ Կատերինա Իվանովնան բոլորովին կատաղել է։ Ասում եմ ձեզ, վերջնականապես թռցրել է խելքը։ Նրանց ոստիկանատուն կտանեն։ Կարող եք պատկերացնել, թե դա ինչ ազդեցություն կունենա։ Հիմա նրանք ջրանցքի ափին են, ու կամրջի մոտ, Սոֆյա Սեմյոնովնայի բնակարանից հեռու չեն։ Հիմա կհասնենք։
Ջրանցքի ափին, կամրջի մոտակայքում, Սոնյայի ապրած տանից երկու տուն այն կողմ մի խումբ մարդիկ էին հավաքվել։ Շատ էին մանավանդ փոքրիկ տղաներն ու աղջիկները։ Դեռ կամրջից լսվում էր Կատերինա Իվանովնայի խռպոտ, կերկերուն ձայնը։ Եվ իսկապես, այդ մի տարօրինակ տեսարան էր, որը կարող էր հետաքրքրել փողոցային հասարակությանը։ Կատերինա Իվանովնան իր հնամաշ շրջազգեսաով էր, դրադեդամե շալով, ծղնոտե ճմռթված գլխարկով, որը մասամբ այլանդակորեն գնդվել ու մի կողմ էր ծռվել, իրոք որ նա իսկական կատաղության էր հասել։ Նա հոգնած էր ու շնչասպառ էր լինում։ Նրա հոգնատանջ, թոքախտային դեմքը է՛լ ավելի տանջալից էր, քան երբևէ (այն էլ ասած՝ փողոցում, արևի տակ թոքախտավորը միշտ ավելի հիվանդ ու այլանդակ է թվում, քան տանը), բայց նրա խռովահույզ վիճակը շարունակվում էր և նա յուրաքանչյուր րոպե էլ ավելի ջղագրգիռ էր դառնում։ Նա հարձակվում էր երեխաների վրա, բղավում էր, տեղնուտեղը, հենց մարդկանց ներկայությամբ համոզում, սովորեցնում էր նրանց, թե ինչպես պետք է պարել և ինչ երգել, սկսում էր նրանց բացատրել, թե այդ ինչի համար է հարկավոր, հուսալքվում էր նրանց անհասկացողությունից, ծեծում էր նրանց... Հետո էլ, այդ ամենը չվերջացնելով, դիմում էր հավաքվածներին, եթե նկատվում էր դիտելու համար կանգ առած, մի քիչ լավ հագնված մարդ, իսկույն սկսում էր նրան բացատրել, թե ահա ինչ դրության են հասել «ազնվական, նույնիսկ կարելի է ասել արիստոկրատական տան երեխաները»։ Եթե ամբոխի միջից ծիծաղ կամ մի որևէ վիրավորական խոսք էր լսում, անմիջապես հարձակվում էր այդ հանդուգն մարդկանց վրա ու սկսում էր հայհոյել նրանց։ Ոմանք իրոք ծիծաղում էին, ոմանք էլ օրորում գլուխները. առհասարակ բոլորի համար հետաքրքիր էր նայել խելագարված կնոջը ու սարսափահար երեխաներին։ Լեբեզյատնիկովի հիշատակած թավան չկար. գոնե Ռասկոլնիկովը այդ չտեսավ, բայց թավա զարկելու փոխարեն Կատերինա Իվանովնան սկսում էր երգի տակտով ծափ տալ իր վտիտ ձեռքերով, երբ Պոլեչկային ստիպում էր երգել, իսկ Լյոնյալին և Կոլյային՝ պարել, նույնիսկ ինքն էլ էր սկսում ձայնակցել, բայց ամեն անգամ ձայնը խզվում էր տանջալից հագից, նա կրկին հուսալքվում էր դրանից, անիծում իր հազը և նույնիսկ լալիս էր։ Նրան առավելապես զայրացնում էին Կոլյայի և Լյոնյայի լացն ու վախը։ Նա փորձել էր երեխաներին այնպես հագցնել, ինչպես հագնվում են փողոցային երգիչներին ու երգչուհիները։ Տղայի գլխին դրել էր ինչ֊որ կարմիր ու սպիտակ լաթերից կարած չալմա, որով նա պետք է թուրքի նմանվեր։ Լյոնյայի համար պատշաճ կոստյում չէր գտնվել, նրա գլխին դրված էր հանգուցյալ Սեմյոն Զախարիչի կարմիր, գարուսից գործված գդակը (կամ ավելի լավ է ասել թասակը), իսկ գդակին կպցրած էր ջայլամի մի կտոր սպիտակ փետուր, որը պատկանել էր դեռ Կատերինա Իվանովնայի տատին ու մինչև այժմ սնդուկում պահպանվել իբրև տոհմական հազվագյուտ առարկա։ Պոլեչկան իր սովորական շրջազգեստով էր։ Նա վախով ու շփոթված նայում էր մորը, նրանից չէր հեռանում, թաքցնում էր իր արցունքները, կռահում էր մոր խելագարությունը և անհանգիստ նայում շուրջը։ Փողոցն ու ամբոխը սարսափելի վախեցնում էին նրան։ Սոնյան կրնկակոխ գնում էր Կատերինա Իվանովնայի ետևից, լալիս էր և ամեն րոպե աղերսում նրան տուն վերադառնալ։ Կատերինա Իվանովնան անողոք էր։
— Բավական է, Սոնյա, բավական է,— արագ-արագ ասում էր նա՝ հազիվ շնչասպառ լինելով։— Ինքդ էլ չգիտես, թե ինչ ես խնդրում, կարծես երեխա լինես։ Ես արդեն քեզ ասացի, որ չեմ վերադառնա այն հարբեցող գերմանուհու մոտ։ Թող ամբողջ Պետերբուրգը, բոլորը տեսնեն, թե ինչպես ողորմություն են խնդրում այն ազնիվ հոր երեխաները, որը իր ամբողջ կյանքում ծառայում էր հավատարմությամբ և բարեխղճությամբ և կարելի է ասել, որ մեռավ ծառայության մեջ։ (Կատերինա Իվանովնան արդեն մոգոնել էր այդ ֆանտազիան և կուրորեն հավատում էր դրան)։ Թող, թող սա տեսնի այն անպիտան գեներալը։ Դու հիմար ես, Սոնյա, հիմա ի՞նչ պիտի ուտենք, ասա։ Մենք քեզ շատ ենք պլոկել, ես այդ այլևս չեմ ուզում։ Ախ, Ռոդիոն Ռոմանովիչ, այդ դո՞ւք եք,— գոչեց նա՝ տեսնելով Ռասկոլնիկովին ու մոտենալով նրան,— խնդրում եմ այս հիմարին բացատրեք, որ սրանից ավելի խելացի բան չի կարելի անել։ Մինչև իսկ երգեհոնով թրևողներն էլ են վաստակում, իսկ մեզ բոլորը նրանցից կտարբերեն, կիմանան, որ մենք մուրացկանության հասցրած որբերի աղքատ, ազնվական ընտանիք ենք, իսկ այն գեներալը կկորցնի պաշտոնը, կտեսնեք։ Մենք ամեն օր կգնանք ու կերգենք նրա պատուհանի տակ, իսկ երբ թագավորը անցնի, ես ծունկ կչոքեմ, սրանց բոլորին կկանգնեցնեմ իմ առջև, ցույց կտամ նրանց ու կասեմ՝ «Պաշտպանիր, հայր»։ Նա որբերի հայր է, նա գթառատ է, կպաշտպանի, այ, կտեսնեք, իսկ այն գեներալին... Լյոնյա, tenez-vous droite<ref>Ուղիղ կանգնեցեք (ֆրանս․)։</ref>։ Դու, Կոլյա, հիմա էլի պիտի պարես։ Ի՞նչ ես տզզում։ Էլի տզզում է։ Ախր ինչի՞ց ես վախենում, հիմար։ Տեր աստված, ինչպե՞ս վարվեմ սրանց հետ, Ռոդիոն Ռոմանիչ։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե որքան անհասկացող են սրանք։ Ախր սրանց հետ ի՞նչ կարող ես անել․․․․
Եվ նա գրեթե լալով (այդ չէր խանգարում նրա անընդհատ, անլռելի, արագ-արագ խոսելուն), Ռասկոլնիկովին ցույց էր տալիս լացող երեխաներին։ Ռասկոլնիկովը փորձեց համոզել, որ նա տուն վերադառնա, ու կարծելով, որ կազդի նրա ինքնասիրության վրա, ասաց, որ նրան վայել չէ թափառիկ երգեհոնահարների պես շրջել փողոցներում, որովհետև նա պատրաստվում է ազնվական աղջիկների պանսիոնի դիրեկտոր լինել։
— Պանսիոնի՞, քա՛հ-քա՛հ-քա՛հ։ Որտեղից հասնես դրան,— գոչեց Կատերինա Իվանովնան՝ ծիծաղից անմիջապես հետո սկսելով հազալ,— ոչ, Ռոդիոն Ռոմանիչ, անցել է երազանքը, բոլորը թողել են մեզ... Իսկ այն գեներալը... Գիտե՞ք, Ռոդիոն Ռոմանիչ, ես նրա վրա թանաքաման շպրտեցի. սպասավորների սենյակում թուղթ ու թանաք էի դրված հյուրերի ստորագրության համար. ես էլ ստորագրեցի, հետո թանաքամանը շպրտեցի նրա վրա ու փախա։ Օ, ստոր մարդիկ։ Է՛հ, թքած նրանց վրա. հիմա սրանց ես ինքս կկերակրեմ, ոչ ոքից օգնություն չեմ խնդրի։ Բավական է տանջենք սրան (նա մատնանշեց Սոնյային)։ Պոլեչկա, ինչքա՞ն ենք հավաքել, ցույց տուր. ինչպե՞ս, ընդամենը միայն երկու կոպե՞կ։ Օ, զզվելի մարդիկ։ Ոչինչ չեն տալիս, միայն ետևներիցս են վազում լեզուները հանած։ Հը՛, ինչո՞ւ է ծիծաղում այն տխմարը (նա մատնացույց արեց ամրոխի մեջ գտնվող մի մարդու)։ Այդ ամենը նրանից է, որ Կոլյան այսպես անհասկացող է։ Ուղղակի գլխացավանք է սա։ Ի՞նչ ես ուզում, Պոլեչկա, ինձ հետ ֆրանսերեն խոսիր parlez-moi francais<ref>Ինձ հետ ֆրանսերեն խոսիր (ֆրանս․)։</ref>։ Չէ՞ որ ես քեզ սովորեցրել եմ, դու հո գիտես մի քանի ֆրազ... Այլապես ո՞վ կիմանա, որ դուք ազնվական ընտանիքից եք, դաստիարակված երեխաներ եք և ամենևին էլ այնպես չեք, ինչպես բոլոր թափառաշրջիկ երգեհոնահարները։ Մենք հո մի որևէ «Պետրուշկա» (տիկնիկ) չե՞նք ներկայացնում փողոցներում, այլ ազնվականական ռոմանս ենք երգում... Ա՛խ, հա՛, ի՜նչ պիտի երգենք։ Դուք շարունակ ընդհատում ենք ինձ, իսկ մենք... Գիտե՞ք, Ռոդիոն Ռոմանիչ, մենք այստեղ կանգ ենք առել, որ երգ ընտրենք, այնպիսի մի բան, որ Կոլյան կարողանա պարել․․․ որովհետև այս բոլորը մենք չենք նախապատրաստել, կարող եք պատկերացնել հետևանքը. հարկավոր է առաջուց պայմանավորվել, փորձեր անել, իսկ հետո կգնանք Նևսկի, ուր բարձր հասարակության ավելի շատ մարդիկ են լինում և մեզ իսկույն կնկատեն։ Լյոնյան գիտե «Խուտորոկ» երգը... Բոլորն էլ հենց միայն այդ «Խուտորոկն» են երգում։ Մենք պետք է շատ ավելի ազնվական մի որևէ բան երգենք... Հը՛։ Պոլյա, ի՞նչ հիշեցիր, գոնե դու մորդ օգնեիր։ Օֆ, հիշողությունս թույլ է, թույլ, թե չէ ես մի որևէ բան կհիշեի։ Իսկապես, հո չե՞նք երգելու «Հուսարը թրին հենվելով» երգը։ Ախ, եկեք երգենք ֆրանսերեն «Cing sous»<ref>Հինգ գրոշ (ֆրանս․)։</ref>֊ը։ Ես հո ձեզ սովորեցրել եմ, սովորեցրել։ Գլխավորն այն է, որ դա ֆրանսերեն է, ուրեմն իսկույն կտեսնեն, որ դուք ազնվական երեխաներ եք, և դա շատ ավելի հուզիչ կլինի... Կարելի է նույնիսկ երգել «Malborough s’en va-t֊en guerre», որովհետև դա բոլորովին մանկական, բոլորովին մանկական երգ է ու երգվում է բոլոր արիստոկրատական տներում, երբ օրոր են ասում երեխաներին.
Malborough s’en va-t-en guerre <br/>
Ne sait quand reviendra<ref>Մայլբրուդը գնում է պատերազմ, չգիտե երբ կվերադառնա (ֆրանս․)։</ref>... <br/>
սկսեց նա երգել... բայց ոչ, ավելի լավ է «Cing sous»-ը։ Դեհ, Կոլյա, ձեռքերդ դիր կողքերիդ, շուտ, իսկ դու, Լյոնյա, նույնպես պտտվիր հակառակ կողմը, իսկ ես ու Պոլեչկան կերգենք ու ծափ կտանք։
Cing sous, ring sous, <br/>
Pour monter notre manage<ref>Հինգ գրոշ, հինգ գրոշ մեր տնտեսության կառուցման համար․․․ (ֆրանս․)։</ref>... <br/>
Քխա՛֊քխա՛֊քխա՛ (և նա նվաղեց հազից)։ Շտկիր շորդ, Պոլեչկա, ուսերիցդ ընկնում է,— ասաց նա հազալով, շունչ առնելով։— Հիմա առանձնապես հարկավոր է, որ դուք ձեզ վայելուչ և նրբավարի պահեք, որպեսզի բոլորը տեսնեն, որ դուք ազնվական երեխաներ եք։ Ես ասել էի, որ հարկավոր է լիֆչիկը ավելի երկար, այն էլ երկտակ անել։ Դու, Սոնյա, այն ժամանակ խորհուրդ էիր տալիս՝ «կարճ, հա՛ կարճ կարել», ահա և բանից դուրս եկավ, որ երեխային իսպառ այլանդակեցինք... Հը՛, էլի՛ դուք բոլորդ լալիս եք։ Ախր ինչո՞ւ, հիմարներ։ Դե, Կոլյա, շուտ, շուտ, շուտ սկսիր, ա՛խ, սա ինչ անտանելի երեխա է...
Cing sous, cing sous—
Էլի՛ սոլդա՛թ։ Հը՛, ի՞նչ ես ուզում։
Հիրավի, ամբոխի միջով առաջ եկավ մի քաղաքապահ։ Բայց միևնույն ժամանակ մոտեցավ համազգեստով ու շինելով մի պարոն, մոտ հիսուն տարեկան, պատկառելի մի աստիճանավոր, կրծքին շքանշան (վերջինը խիստ հաճելի էր Կատերինա Իվանովնային և ազդեց քաղաքապահի վրա)։ Նա առանց որևէ բան ասելու, մի երեք ռուբլիանոց, կանաչավուն թղթադրամ տվեց Կատերինա Իվանովնային։ Նրա դեմքը անկեղծ կարեկցություն էր արտահայտում, Կատերինա Իվանովնան ընդունեց թղթադրամը և քաղաքավարությամբ, նույնիսկ հանդիսավորությամբ դլուխ տվեց նրան։
— Շնորհակալ եմ ձեզնից, հարգելի պարոն,— գոռոզաբար ասաց նա,— այն պատճառները, որոնք մեզ դրդեցին․․․ վերցրու փողը, Պոլեչկա։ Տեսնո՞ւմ ես, հո կան ազնիվ ու մեծահոգի մարդիկ, որոնք իսկույն պատրաստ են օգնել դժբախտության մատնված, աղքատ ազնվականուհուն։ Հարգելի պարոն, դուք հո տեսնում եք ազնվական որբերին, կարելի է նույնիսկ ասել հենց արիստոկրատական կապեր ունեցողներին։ Իսկ այն գեներալը նստել էր ու անտառակաքավներ էր ուտում... սկսեց ոտքերը հատակին խփել, որ ես իրեն անհանգստացրի... «Ձերդ գերազանցություն,— ասում եմ ես,— պաշտպանեցեք որբերին, դուք հո լավ եք ճանաչում հանգուցյալ Սեմյոն Զախարիչին,— ասում եմ նրան,— ու քանի որ նրա մահվան օրը ստորներից ամենաստոր մեկը զրպարտեց նրա աղջկան...», էլի՛ այդ սոլդաթը. պաշտպանեցեք,— դիմեց նա աստիճանավորին,— այդ սոլդաթը ի՞նչ գործ ունի ինձ հետ։ Մենք արդեն մի ուրիշ սոլդաթից, Մեշչանսկայա փողոցից փախանք այստեղ... Հը՛, ուզածդ ի՞նչ է, հիմար։
— Այն է, որ արգելված է փողոցներում անկարգություն անել։
— Անկարգը դու ինքդ ես։ Միևնույն է, թե ես երգեհոնով եմ ման գալիս, քո ի՞նչ գործն է։
— Երգեհոնի համար պետք է թույլտվություն ունենալ, իսկ դուք ինքնագլուխ եք վարվում և այդպիսով շփոթեցնում ժողովրդին։ Որտե՞ղ եք բարեհաճում ապրել։
— Ինչպե՛ս թե թույլտվություն,— գոչեց Կատերինա Իվանովնան։— Ես այսօր ամուսնուս եմ թաղել, այստեղ ի՞նչ թույլտվոլթյուն կարող է լինել։
— Տիկին, տիկին, հանգստացեք,— միջամտեց աստիճանավորը,— գնանք, ես ձեզ տուն կհասցնեմ... այստեղ, ամբոխի մեջ այդ վայել չէ... Դուք անառողջ եք...
— Հարգելի պարոն, հարգելի պարոն, դուք ոչինչ չգիտեք,— ճղճղաց Կատերինա Իվանովնան,— մենք պետք է նևսկի պողոտա գնանք։ Սոնյա, Սոնյա։ Որտե՞ղ է նա։ Նույնպես լալիս է։ Ախր ի՞նչ է պատահել ձեզ բոլորիդ։ Կոլյա, Լյոնյա, ո՞ւր եք փախչում,— հանկարծ վախվխելով ճչաց նա,— ա՛խ, հիմա՛ր երեխաներ։ Կո՛լյա, Լյո՛նյա, ո՞ւր եք վազում, է՞...
Այնպես պատահեց, որ Կոլյան ու Լյոնյան չափազանց վախենալով փողոցի ամբոխից և խելագարված մոր արարքներից, վերջապես, տեսնելով քաղաքապահին, որը ուզում էր նրանց բռնել և ինչ-որ տեղ տանել, հանկարծ, ասես պայմանավորված լինելով, բռնեցին իրար ձեռքից ու փախան։ Խեղճ Կատերինա Իվանովնան ճչալով ու լալով ընկավ նրանց ետևից։ Այլանդակ ու ողորմելի աեսք ուներ այդ վազող, լացող, շնչասպառ կինը։ Սոնյան ու Պոլեչկան վազեցին նրա ետևից։
— Ետ բեր նրանց, Սոնյա, ետ բեր։ Օ, հիմար ապերախտ երեխաներ... Պոլյա, բռնի՛ր նրանց... Չէ՞ որ ձեզ համար ես...
Ամբողջ թափով վազելիս նա սայթաքեց ու ընկավ։
— Վնասվեց, արյուն է գալիս։ Ա՛խ, տեր աստված,― ճչաց Սոնյան՝ թեքվելով նրա վրա։
Բոլորը վրա հասան, շրջապաաեցին նրան։ Ռասկոլնիկովը և Լեբեզյատնիկովը առաջին մոտ վազողներից էին. վրա հասավ նաև աստիճանավորը, հետո էլ քաղաքապահը, որը փնթփնթաց՝ «այ քեզ բան», ու ձեռքը թափ տվեց, զգալով, որ գլխացավանք է լինելու։
— Հեռացե՛ք, հեռացե՛ք,— դիմում էր նա շուրջը խռնվող մարդկանց։
— Մեռնում է,— գոչեց մեկը։
— Խելագարվել է,— ասաց մի ուրիշը։
— Տեր աստված, պահպանիր,— խաչակնքելով ասաց մի կին։— Աղջկան ու տղային բռնեցի՞ն։ Հրե՛ն, բերում են, մեծ աղջիկն է բռնել... ա՛յ քեզ գժեր։
Երբ լավ զննեցին Կատերինա Իվանովնային, տեսան, որ նա ամենևին էլ քարի չի զարկվել ու վիրավորվել, ինչպես կարծում էր Սոնյան, այլ սալահատակին թափված արյունը նրա կրծքից, կոկորդից է հոսել։
— Ես այդ բանը գիտեմ, տեսել եմ,— ասաց աստիճանավորը Ռասկոլնիկովին ու Լեբեզյատնիկովին,— դա թոքախտ է. այդպես ժայթքում է արյունը և խեղդում հիվանդին։ Դեռ վերջերս ես տեսա, թե ինչպես իմ ազգականուհու կոկորդից հանկարծակի... մեկ ու կե՜ս բաժակ արյուն հոսեց... Սակայն ի՞նչ պիտի անել, հիմա կմեռնի։
— Նրան ինձ մոտ, ինձ մոտ բերեք,— աղերսում էր Սոնյան,— ես մոտիկ եմ ապրում... հրե՛ն այն տանը, այստեղից երկրորդ տանը... Շուտ, շուտ բերեք ինձ մոա...— դիմում էր նա բոլորին։— Բժիշկ կանչեցեք... Ա՛խ, տեր աստված։
Աստիճանավորի ջանքերով այդ գործը կարգավորվեց, նույնիսկ քաղաքապահն էլ էր օգնում Կատերինա Իվանովնային տանելուն։ Համարյա մեռած վիճակում նրան տարան Սոնյայի սենյակը ու պառկեցրին անկողնին։ Արյունահոսությունը դեռ շարունակվում էր, բայց նա կարծես թե սկսում էր ուշքի գալ։ Բացի Սոնյայից, իսկույն սենյակ մտան Ռասկոլնիկովն ու Լեբեզյատնիկովը, աստիճանավորն ու քաղաքապահը, որը մինչ այդ քշել-հեռացրել էր ամբոխին, թեև մի քանիսը նրանց ուղեկցեցին մինչև սենյակի դուռը։ Պոլեչկան ձեռքերից բռնած ներս բերեց Կոլյային ու Լյոնյային, որոնք դողում ու լալիս էին։ Ներս եկան նաև Կապերնաումովները, ինքը Կապերնաումովը, կաղ և մի աչքը կույր, տարօրինակ տեսքով մի մարդ՝ կոշտ ու բիզ-բիզ մազերով ու այտամորուքով, նրա կինը, ինչ֊որ առմիշտ վախեցած տեսքով, ու նրանց մի քանի երեխաները՝ մշտական զարմանքից ընդարմացած դեմքերով ու բաց բերաններով։ Բոլորի մեջ հանկարծ հայտնվեց նաև Սվիդրիգայլովը։ Ռասկոլնիկովը զարմացած նայեց նրան, չհասկանալով, թե նա որտեղից բուսավ. ամբոխի մեջ նրան չէր տեսել։
Խոսեցին բժշկի ու քահանայի մասին։ Աստիճանավորը թեպետև շշնջաց Ռասկոլնիկովի ականջին, որ բժիշկը հիմա կարծես թե ավելորդ է, բայց կարգադրեց կանչել։ Գնաց ինքը՝ Կապերնաումովը։
Մինչ այս, մինչ այն, Կատերինա Իվանովնան շունչ էր առնում, արյունահոսությունը առժամ դադարեց։ Նա հիվանդագին, բայց սևեռուն և խորաթափանց հայացքով նայում էր դալկադեմ ու դողդող Սոնյային, որը նրա ճակատից թաշկինակով սրբում էր քրտնքի կաթիլները, վերջապես, Կատերինա Իվանովնան խնդրեց քիչ բարձրացնել իրեն։ Նրան նստեցրին անկողնին՝ բռնելով երկու կողմից։
— Երեխաները ո՞ւր են,— հարցրեց նա թույլ ձայնով։— Դու նրանց բերի՞ր, Պոլյա։ Օ, հիմարներ... ինչո՞ւ փախաք... օ՛ֆ։
Նրա չորացած շրթունքները դեռ արյունոտ էին։ Նա այս ու այն կողմ նայեց։
— Այ թե դու ինչպես ես ապրում, Սոնյա։ Քեզ մոտ ես ոչ մի անգամ չէի եղել... Հիմա եղա...
Նա տանջալից նայեց Սոնյային։
— Մենք քեզ հալումաշ արեցինք, Սոնյա․․․ Պոլյա, Լյոնյա, Կոլյա, եկեք այստեղ... Ահա և սրանք բոլորը, Սոնյա, վերցրու սրանց... իմ ձեռքից... բավական է ես տանջվեմ... Ամեն ինչ վերջացավ։ Ը֊ը՛մ... պառկեցրեք ինձ, թողեք գոնե հանգիստ մեռնեմ...
Նրա գլուխը դարձյալ իջեցրին բարձին։
— Ի՞նչ, քահանա՞.., հարկավոր չէ... Դուք ո՞րտեղից մի ավելորդ ռուբլի ունենաք... Ես մեղքեր չունեմ․․․ Ասաված առանց այդ էլ պետք է ների․․․ Ինքը գիտե, թե ես ինչպես էի տանջվում․․․ Իսկ եթե չների, հարկավոր էլ չէ․․․
Նա ավելի ու ավեչի էր բռնվում ուժեղ զառանցանքով։ Երբեմն ցնցվում էր, նայում շուրջը, մի րոպե ճանաչում էր բոլորին, բայց իսկույն գիտակցությունը փոխարինվում էր զառանցանքով։ Նա խռպոտ ու դժվար էր շնչում, կոկորդում կարծես ինչ-որ բան էր խլթխլթում։
— Ես նրան ասում եմ՝ «ձերգ գերազանցություն․․․»,— թոթովում էր նա՝ յուրաքանչյուր բառից հետո շունչ առնելով,— այդ Ամալյա Լյուդվիգովնան... ա՛խ, Լյոնյա, Կոլյա, ձեռքերդ դրեք կողքերիդ, շուտ, շուտ, պարեցեք, գլիսսե, պա-դը֊բասկ։ Դոփիր տոտիկներովդ․․․ սիրունիկ երեխա եղիր։
Du hast Diamanten und Perlen<ref>Դու ունես ալմաստներ և մարգարիտ (գերմ․)։</ref>․․․․․
Հետո ո՞նց է. այ, երգեինք...
Du hast die schdnsten Augen. <br/>
Madchen, was willst du mehr<ref>Դու ունես չքնաղագեղ աչքեր, Աղջիկ, էլ ինչ ես ուզում (գերմ․)։</ref> <br/>
Հա՛, էլի՛, ոնց չէ, was willst du mehr, գլխից բան է հանում ապուշը... Ա՛խ, հա՛, էլի մի ռոմանս,
Միջօրեի տապին, Դաղստանի հովտում․․․
Ախ, որքան էի սիրում... Ես պաշտելու չափ սիրում էի այս ռոմանսը, Պոլեչկա... Գիտե՞ս, հայրդ... դեռ փեսացու էր, երբ այդ երգում էր... Է՜յ օրեր... Ա՛յ, մենք երգեցինք։ Հա՛, ինչպե՞ս է, ինչպե՞ս է... Ես մոռացել եմ, դե հիշեցրեք, ինչպե՞ս է, — նա չափազանց հուզված էր և ճգնում էր բարձրանալ տեղից։ Վերջապես, սարսափելի, խռպոտ, կերկերող ձայնով, ճղճղալով ու յուրաքանչյուր բառի վրա շնչասպառ լինելով, ինչ-որ սաստկացած վախը դեմքին նա սկսեց․
Միջօրեի տապին․․․ Դաղստանի... հովտում․․․ <br/>
Գնդակը կրծքումս․․․ <br/>
Ձերդ գերազանցություն,— հանկարծ ճչաց նա սրտաճմլիկ ձայնով ու արտասվելով,— պաշտպանեցեք որբերին։ Ճաշակելով հանգուցյալ Սեմյոն Ջախարիչի աղուհացը․․․ Կարելի է նույնիսկ ասել՝ արիստոկրատական աղուհացը․․․ Պա՛հ,— ցնցվեց նա՝ հանկարծ սթափվելով և սարսափահար նայելով բոլորին, բայց իսկույն ճանաչեց Սոնյային։— Սոնյա, Սոնյա,— ասաց նա հեզ ու փաղաքուշ, կարծես զարմանալով, որ նրան տեսնում էր իր առջև,— Սոնյա, սիրելիս, դու է՞լ ես այստեղ։
Նրան դարձյալ մի քիչ բարձրացրին։
— Բավական է... ժամը հասավ․․․ մնաս բարով, դժբախտ աղջիկ... յաբույին հալից գցեցինք․․․ ուժասպառ եղավ,— հուսաբեկ ու զայրագին գոչեց նա ու գլուխը գցեց բարձին։
Նա կրկին անզգայացավ, բայք այդ վերջին անզգայացումը երկար չտևեց։ Նրա դեղնադալուկ, գոսացած դեմքը ետ ընկավ, բերանը բացվեց, ոտքերը ջղաձգաբար ձգվեցին։ Նա խոր, խոր շունչ առավ ու մեռավ։
Սոնյան ընկավ նրա դիակին, գրկեց նրան ու այդպես էլ անշարժացավ՝ գլուխը հպելով հանգուցյալի չորացած կրծքին։ Պոլեչկան ընկավ մոր ոտքերին, սկսեց համբուրել դրանք և հոնկուր֊հոնկուր լաց լինել։ Կոլյան ու Լյոնյան դեռ, չհասկանալով պատահածը, բայց ինչ֊որ շատ սարսափելի բան նախազգալով, գրկվեցին, ու նայելով իրար, հանկարծ միասին, միանգամից բացեցին բերանները ու սկսեցին ճչալ և լաց լինել։ Երկուսն էլ դեռ նույն տարազով էին. մեկի գլխին՝ չալմա, մյուսի գլխին թասակ՝ ջայլամի փետուրով։
Եվ ի՞նչ կերպ էր եղել, որ այն է գովասանաթերթը» ընկել էր անկողնի վրա, Կատերինա Իվանովնայի կողքին։ «Գովասանաթերթը» հենց այդտեղ էր, բարձի մոտ։ Ռասկոլնիկովը տեսավ այն։
Նա անցավ դեպի պատուհանը։ Լեբեզյատնիկովը մոտեցավ նրան։
— Մեռավ,— ասաց Լեբեզյատնիկովը։
— Ռոդիոն Ռոմանիչ, ուզում եմ ձեզ երկու կարևոր խոսք ասել,― մոտենալով ասաց Սվիդրիգայլովը։ Լեբեզյատնիկովը նրան անմիջապես տեղ զիջեց և քաղաքավարությամբ մի կողմ քաշվեց։ Սվիդրիգայլովը զարմացած Ռասկոլնիկովին տարավ ավելի հեռու, մինչև անկյունը։
— Ամբողջ գլխացավանքը, այսինքն՝ թաղումը և այլ բաները ես վերցնում եմ ինձ վրա։ Գիտե՞ք, միայն թե փող լինի, իսկ ես հո ձեզ ասել եմ, որ ավելորդ փող ունեմ։ Այդ երկու ճուտիկներին և այդ Պոլեչկային ես կտեղավորեմ որևէ որբախնամ լավ հիմնարկներում և մինչև նրանց չափահասությունը յուրաքանչյուրին կհատկացնեմ հազար հինգ հարյուր ռուբլի կապիտալ, որպեսզի Սոֆյա Սեմյոնովնան բոլորովին հանգիստ լինի։ Նրան էլ կազատեմ իր այժմյան վիճակից, որովհետև լավ աղջիկ է, այնպես չէ՞։ Դե ուրեմն այդպես էլ հաղորդեցեք Ավդոտյա Ռոմանովնային, որ նրա տասը հազարը ես հենց այդ նպատակով էլ կօգտագործեմ։
— Իսկ ի՞նչ նպատակներով եք այդպիսի առատաձեռնությամբ բարեգործություն անում,— հարցրեք Ռասկոլնիկովը։
— Հը՛մ, կասկածոտ մարդ եք, էլի,— ծիծաղեց Սվիդրիգայլովը։— Ես հո ասացի, որ իմ այդ փողերը ավելորդ են։ Ես այդ մարդասիրաբար եմ անում, մի՞թե դա հնարավոր չեք համարում։ Չէ՞ որ նա «ոջիլ» չէր (Սվիդրիգայլովը մատնացույց արեց անկյունը, ուր գտնվում էր հանգուցյալը), նման չէր մի որևէ վաշխառու պառավի։ Համաձայնեցեք, որ այդպես է։ «Արդյո՞ք իսկապես Լուժինը պետք է ապրի ու նողկալիություններ անի, թե՞ Կատերինա Իվանովնան պետք է մեռնի»։ Ու եթե ես չօգնեմ, հո «Պոլեչկան էլ, զորօրինակ, նույն ուղղությամբ, հենց Սոնյայի ճամփով կգնա»․․․
Սվիդրիգայլովը այդ ասաց ինչ֊որ ''նենգամտությամբ'', հրճվալից խարդախություն արտահայտող տեսքով, աչքերը Ռասկոլնիկովին հառած։ Ռասկոլնիկովը գունատվեց ու սարսռեց՝ լսելով Սոնյային հենց իր ասած խոսքերը։ Նա արագ ետ քաշվեց և ապշած նայեց Սվիդրիգայլովին։
— Դուք այդ... որտեղի՞ց եք լսել,— հազիվ շունչ առնելով, շշնշաց նա։
— Ես հո ապրում եմ այստեղ, այս պատի ետևում, մադամ Ռեսսլիխի բնակարանում։ Այստեղ Կապերնաումովն է, իսկ այնտեղ մադամ Ռեսսլիխը, իմ հին ու հավատարիմ բարեկամուհին։ Հարևան եմ։
— Դո՞ւք։
— Ես,— ծիծաղից երերալով շարունակեց Սվիդրիգայլովը,— ու կարող եմ ձեզ ազնվաբար հավատացնել, հաճելի Ռոդիոն Ռոմանիչ, որ դուք չափազանց հետաքրքրել եք ինձ։ Ես հո ասել էի, որ մենք կհանդիպենք, նախագուշակել էի այդ, և ահա հանդիպեցինք։ Ու կտեսնեք, թե ես որքան լավ մարդ եմ։ Կտեսնեք, որ դեռ կարելի է ապրել ինձ հետ․․․
----
<references/>