== III ==
Նա շտապում էր գնալ Սվիդրիգայլովի մոտ։ Թե ինչ կարող էր հուսալ այդ մարդուց, նա ինքն էլ չգիտեր։ Բայց այդ մարդը մի ինչ-որ ազդեցություն ուներ նրա վրա։ Մի անգամ այդ գիտակցելով, նա այլևս չէր կարողանում հանգստանալ, ու հիմա հասել էր այդ ամենը պարզելու ժամանակը։
Ճանապարհին նրան առանձնապես տանջում էր մի հարց․ արդյոք Սվիդրիգայլովը եղե՞լ էր Պորֆիրիի մոտ։
Նա կարծում էր և լիովին հավատացած էր, որ չէր եղել։ Նա նորից ու նորից մտածեց, հիշեց Պորֆիրիի ամբողջ այցելությունը և հասկացավ, որ չէր եղել, իհարկե, չէր եղել։
Բայց եթե դեռ չի եղել, արդյոք կգնա՞, թե չի գնա Պորֆիրիի մոտ։
Հիմա նրան առայժմ թվում էր, թե չի գնա։ Ինչո՞ւ։ Նա այդ էլ չէր կարողանա բացատրել, բայց եթե կարողանար էլ բացատրել, հիմա դրա վրա առանձնապես գլուխ չէր կոտրի։ Այդ ամենը նրան տանջում էր, ու միևնույն ժամանակ նա գլուխ չուներ դրա հետ։ Տարօրինակ էր, գուցե ոչ ոք դրան չհավատար, բայց նա իր այժմյան անխուսափելի ճակատագրի մասին մի տեսակ թույլ, ցրվածորեն էր հոգում։ Նրան տանջում էր ինչ֊որ մի ուրիշ բան, շատ ավելի կարևոր, արտակարգ, հենց իրեն և ոչ թե ուրիշին վերաբերող ինչ֊որ մի ուրիշ, գլխավոր բան։ Այն էլ ասած, նա բարոյական անչափ հոգնածություն էր զգում, թեև նրա բանականությունը այդ առավոտյան ավելի լավ էր աշխատում, քան այդ բոլոր վերջին օրերում։
Եվ արդյոք արժե՞ր հիմա, այն ամենից հետո, ինչ որ եղել էր, ջանք թափել հաղթահարելու այդ բոլոր նոր, չնչին դժվարությունները։ Օրինակ, արդյո՞ք արժեր խարդավանեք, որ Սվիդրիգայլովը չգնար Պորֆիրիի մոտ, հետամուտ լինել, իմանալ, ժամանակ կորցնել մի ինչ-որ Սվիդրիգայլովի վրա։
Եվ այդ ամենը որքա՜ն ձանձրացրել էր նրան։
Մինչդեռ նա այնուամենայնիվ հապճեպ գնում էր Սվիդրիգայլովի մոտ. գուքե նրանից որևէ ''նոր բան'', ցուցումներ, ե՞լք էր սպասում։ Խեղդվողը հո ծղոտից էլ է բռնում։ Արդյո՞ք ճակատագիրը չէ, բնազդը չէ, որ հանդիպեցնում է նրանց. գուցե և այդ միայն հոգնածություն, հուսալքում էր․ գուցե նրան հարկավոր էր ոչ թե Սվիդրիգայլովը, այլ որևէ մեկ ուրիշը, իսկ Սվիդրիդայլովը մեջտեղ էր եկել հենց այնպես, պատահականորեն։ Սոնյա՞ն։ Բայց ինչո՞ւ հիմա ինքը գնար Սոնյայի մոտ։ Դարձյալ նրա արցունքնե՞րը տեսներ։ Սոնյան սարսափելի էր նրա համար։ Սոնյան իրենից ներկայացնում էր անողոք դատավճիռ, անփոփոխ վճիռ, նրանք չէին կարող միևնույն ճանապարհով գնալ։ Առանձնապես այդ րոպեին նա ի վիճակի չէր տեսնել Սոնյային։ Ոչ, արդյո՞ք ավելի լավ չէ նախընտրել Սվիդրիգայլովին, տեսնել, թե ինչ դուրս կգա։ Եվ Ռասկոլնիկովը չէր կարող չգիտակքել, որ Սվիդրիդայլովը արդեն վաղուց կարծես թե իրեն հարկավոր է մի ինչ֊որ բանի համար։
Սակայն նրանք իրար հետ ի՞նչ առնչություն կարող են ունենալ։ Նույնիսկ նրանց չարագործություններն էլ չեն կարող միանման լինել։ Բացի դրանից, այդ մարդը խիստ տհաճ էր, ակներևաբար չափազանց փչացած, անպայման խորամանկ ու խաբեբա, գուցե շատ չար։ Նրա մասին այդպիսի լուրեր են պտտվում։ Ճշմարիտ է, նա հոգում էր Կատերինա Իվանովնայի երեխաների մասին, բայց ո՞վ գիտե ինչի համար և ինչ է այդ նշանակում։ Այդ մարդը շարունակ ինչ-որ դիտավորություններ ու ծրագրեր ունի։
Այդ բոլոր օրերին Ռասկոլնիկովին էլի մի միտք էր զբաղեցնում և խիստ անհանգստացնում, թեև նա նույնիսկ աշխատում էր վանել այն, որովհետև դա ծանր էր իր համար նա երբեմն մտածում էր՝ Սվիդրիգայլովը շարունակ պարտվում էր իր՝ Ռասկոլնիկովի, շուրջը, ու հիմա էլ է պտտվում․ Սվիդրիգայլովը իմացել է նրա գաղտնիքը. Սվիդրիգայլովը դավեր ուներ Դունյայի դեմ։ Իսկ եթե հիմա էլ ունի՞։ Գրեթե հաստատապես կարելի է ասել ''այո''։ Իսկ եթե հիմա, գիտենալով իր, Ռասկոլնիկովի, գաղտնիքը և այդ կերպ ուժ ունենալով իր վրա, նա ուզենա այն օգտագործել իբրև զենք Դունյայի դե՞մ։
Այս միտքը երբեմն, նույնիսկ երազում էլ տանջում էր նրան։ Դեռ առաջին անգամ էլ դա այնպես վառ էր նրա գիտակցության մեջ, ինչպես հիմա, երբ նա գնում էր Սվիդրիգայլովի մոտ։ Հենց միայն այս միտքը նրան մռայլ կատաղության էր հասցնում։ Նախ՝ այդ դեպքում կփոխվի ամեն ինչ, նույնիսկ իր վիճակը, հարկավոր կլինի անմիջապես գաղտնիքը հայտնել Դունեչկային։ Թերևս հարկավոր կլինի մատնել ինքն իրեն, որպեսզի Դունեչկան որևէ անզգույշ քայլ չանի։ Նամա՞կը։ Այդ առավոտ Դունյան ինչ֊որ նամակ է ստացել։ Պետերբուրգում նա ումի՞ց կարող էր նամակ ստանալ (գուցե Լուժինի՞ց)։ Ճշմարիտ է, այնտեղ հսկում է Ռազումիխինը. բայց Ռազումիխինը ոչինչ չգիտեր։ Գուցե հարկավոր է Ռազումիխինին է՞լ հայտնել գաղտնիքը։ Ռասկոլնիկովը նողկանքով մտածեց այդ մասին։
Համենայն դեպս հարկավոր է Սվիդրիգայլովին տեսնել որքան կարելի է շուտ, վերջնականապես որոշեց նա։ Փառք աստծու, այստեղ հարկավոր են ոչ այնքան գործի մանրամասնությունները, որքան դրա էությունը, բայց եթե, եթե Սվիդրիգայլովը որևէ վատ բան անի, եթե նա ինչ֊որ դավեր է լարում Դունյայի դեմ, ապա...
Ռասկոլնիկովը այդ ամբողջ ժամանակվա ընթացքում, այդ ամբողջ ամսում այնքան էր հոգնել, որ հիմա արդեն անկարող էր նման հարցերը լուծել այլ կերպ, քան այսպիսի ձևով, «ես կսպանեմ նրան, Սվիդրիգայլովին»։ Այսպես էր մտածում նա սառը հուսալքման վիճակում։ Ծանր զգացումը մաշում էր նրա սիրտը, նա կանգ առավ փողոցի մեջտեղում ու նայեց իր շուրջը. ո՞ր ճանապարհով է գնում և որտե՞ղ է հասել։ Նա գտնվում էր № պողոտայում, երեսուն կամ քառասուն քայլ հեռու Սեննայա հրապարակից, որտեղից անցել էր։ Ձախ կողմի տան ամբողջ երկրորդ հարկը պանդոկ էր։ Բոլոր պատուհանները լայն բացված էին. դատելով ըստ պատուհաններից երևացող, շարժվող կերպարանքների, պանդոկը լեփ-լեցուն էր։ Դահլիճում երգում էին երգիչները, հնչում էր կլառնետը, ջութակը, ու թնդում թուրքական թմբուկը։ Կանացի ճղճղոցներ էին լսվում։ Տարակուսելով, թե ինչու էր հասել № պողոտան, Ռասկոլնիկովը ուզեց ետ դառնալ, երբ հանկարծ պանդոկի ծայրի բաց պատուհաններից մեկում տեսավ Սվիդրիգայլովին, որը նստել էր թեյի սեղանի առաջ, ծխամորճը բերանին։ Դա չափազանց, սարսափեցնելու չափ ապշեցրեց նրան։ Սվիդրիգայլովը լուռ հետամտում, նայում էր նրան։ Ռասկոլնիկովին իսկույն զարմացրեց նաև այն, որ Սվիդրիգայլովը կարծես ուզում էր վեր կենալ և կամացուկ չքանալ, քանի դեռ իրեն չէին նկատել։ Ռասկոլնիկովը անմիջապես ձևացրեց, թե ինքը չի նկատել նրան և մտազբաղ մի այլ կողմ է նայում, բայց շարունակեց աչքի տակով հետամտել նրան։ Ռասկոլնիկովի սիրտը անհանգիստ տրոփում էր։ Հենց այդպես է որ կա, Սվիդրիգայլովը ակներևաբար չի ուզում, որ իրեն տեսնեն։ Նա բերանից վերցրեց ծխամորճը և արդեն ուզում էր թաքնվել, բայց վեր կենալով և աթոռը ետ քաշելով, հավանորեն հանկարծ նկատեց, որ Ռասկոլնիկովը իրեն տեսնում է ու հետամտում։ Նրանց միջև տեղի ունեցավ մի բան, որ հիշեցնում էր նրանց առաջին տեսակցությունը Ռասկոլնիկովի խցիկում, ուր վերջինս քնած էր։ Նենգավոր ժպիտ երևաց Սվիդրիգայովի դեմքին ու հետզհետե լայնացավ։ Թե մեկը և թե մյուսը գիտեին, որ տեսնում և հետամտում են միմյանց։ Վերջապես, Սվիդրիգայլովը բարձր քրքջաց։
— Դե ներս եկեք, էլի, եթե ուզում եք. ես այստեղ եմ,— գոչեց նա պատուհանից։
Ռասկոլնիկովը մտավ պանդոկ։
Նա Սվիդրիգայլովին գտավ մի պատուհան ունեցող, շատ փոքր, ետին սենյակում, որը կից էր մեծ դահլիճին, ուր քսան փոքրիկ սեղանների շուրջը նստած էին վաճառականներ, աստիճանավորներ և բազմաթիվ ամեն տեսակ մադիկ, ու երգչախմբի հուժկու երգեցողության ներքո թեյ էին խմում։ Մի տեղից լսվում էր բիլիարդի գնդակների թխկոցը։ Սվիդրիգայլովի սեղանին դրված էր մի կիսատ շիշ շամպայն և կիսով չափ գինի լցրած մի բաժակ։ Սենյակում գտնվում էին նաև երգեհոնահար մի տղա, ձեռքի փոքրիկ երգեհոնով, ու ամրակազմ, կարմրաթուշ մի աղջիկ՝ զոլավոր, քշտած շրջազգեստով և տիրոլյան ժապավենազարդ գլխարկով, մոտ տասնութ տարեկան մի երգչուհի, որը չնայած դահլիճում թնդող խմբերգին, երգեհոնահարի նվագակցությամբ, բավական խռպոտ կոնտրալտոյով ինչ-որ լակեյական երգ էր երգում։
— Լավ, բավական է,— ընդհատեց նրան Սվիդրիգայլովը, երբ ներս մտավ Ռասկոլնիկովը։
Աղջիկը իսկույն լռեց ու կանգ առավ, հարգալից տեսքով, սպասողական վիճակում։ Նա իր հանգավորված, լակեյական երգը երգելիս նույնպես հարգալից և մի տեսակ լուրջ դեմք էր ընդունել։
— Էյ, Ֆիլիպ, բաժակ բեր,― բղավեց Սվիդրիգայլովը։
— Ես գինի չեմ խմի,— ասաց Ռասկոլնիկովը։
— Ինչպես կուզեք, բաժակը ձեզ համար չէ։ Խմիր, Կատյա։ Այսօր այլևս ոչինչ հարկավոր չէ, գնա։— Սվիդրիգայլովը աղջկա համար մի ամբողջ բաժակ գինի լցրեց և գրպանից մի դեղնավուն թղթադրամ հանեց։ Կատյան խմեց գինին, ինչպես խմում են կանայք, այսինքն՝ իրար ետևից անընդհատ քսան կում, ապա վերցրեց թղթադրամը, համբուրեց Սվիդրիգայլովի ձեռքը, որ վերջինս միանգամայն լրջորեն թույլ տվեց համբուրել, ու դուրս ելավ սենյակից, նրան հետևեց տղան իր երգեհոնով։ Նրանք երկուսով փողոցից էին բերված։ Սվիդրիգայլովը մի շաբաթ էլ չէր ապրում Պետերբուրգում, բայց արդեն նրա շուրջը ամեն բան ինչ֊որ նահապետական ձևով էր կատարվում։ Պանդոկի սպասավորը, Ֆիլիպը, նույնպես արդեն «ծանոթ» էր և ստորաքարշություն է անում։ Դահլիճը տանող դուռը փակվում էր, Սվիդրիգայլովը այդ սենյակում իրեն զգում էր ինչպես իր տանը և այնտեղ գուցե ամբողջ օրեր էր անցկացնում։ Պանդոկը կեղտոտ էր, քոսոտ և նույնիսկ միջին կարգի էլ չէր։
— Ես գնում էի ձեզ մոտ և ձեզ էի փնտրում,— ասաց Ռասկոլնիկովը,— բայց ինչո՞ւ հիմա Սեննայա հրապարակից անցա № պողոտան։ Ես երբեք այս կողմը չեմ դառնում և այստեղ չեմ մտնում։ Ես Սեննայա հրապարակից դեպի աջ եմ դառնում։ Ձեր ապրելավայրի ճանապարհն էլ այս կողմով չի անցնում։ Հենց որ շուռ եկա, ձեզ տեսա։ Տարօրինակ է։
— Ինչո՞ւ դուք ուղղակի չեք ասում՝ հրաշք է։
— Որովհետև սա գուցե միայն պատահականություն է։
— Այ թե ինչ տեսակ են այս բոլոր մարդիկ,— քրքջաց Սվիդրիգայլովը,— չեն խոստովանում, թեկուզև նույնիսկ ներքուստ հավատան հրաշքին։ Դուք հո ինքներդ եք ասում, որ «գուցե» միայն պատահականություն է։ Թե որքան են այստեղ բոլորն էլ վախենում իրենց սեփական կարծիքն ունենալուց, դուք այդ չեք կարող պատկերացնել, Ռոդիոն Ռոմանիչ։ Ես ձեր մասին չեմ խոսում։ Դուք սեփական կարծիք ունեք և չեք վախեցել այն ունենալուց։ Հենց դրանով էլ դուք գրավել եք իմ հետաքրքրությունը։
— Էլ ուրիշ ոչնչո՞վ։
— Այդ էլ հո բավական է։
Սվիդրիգայլովը ըստ երևույթին քեֆով էր, բայց միայն չնչին չափով․ նա ընդամենը կես բաժակ գինի էր խմել։
— Ինձ թվում է, որ դուք ինձ մոտ ավելի շուտ էիք եկել, քան իմացել էիք, որ ես ընդունակ եմ ունենալու ձեր ասած սեփական կարծիքը,— ասաց Ռասկոլնիկովը։
— Այն ժամանակ բանն ուրիշ էր։ Ամեն մեկն իր ուզածն է անում։ Իսկ հրաշքի վերաբերյալ ես ձեզ կասեմ, որ դուք կարծես թե այս վերջին երկու-երեք օրում քնած եք եղել։ Ես ինքս էի ձեզ ասել, որ կհանդիպենք այս պանդոկում, ու այստեղ ոչ մի հրաշք չկա, որ դուք եկաք, ինքս էի ցույց տվել ամբողջ ճանապարհը, պատմել էի, թե պանդոկը որտեղ է գտնվում և որ ժամերին կարելի է ինձ այստեղ գտնել։ Հիշո՞ւմ եք։
— Մոռացել եմ,— զարմանքով պատասխանեց Ռասկոլնիկովը։
— Հավատում եմ։ Երկու անգամ ես ձեզ ասել էի։ Ձեր հիշողության մեջ հասցեն մեխանիկորեն էր դրոշմվել։ Դուք այս կողմն էլ մեխանիկորեն եք եկել, թեև ճիշտ հասցեով, ինքներդ էլ այդ չգիտենալով։ Այն ժամանակ ձեզ ասելով հասցեն, ես հույս չունեի, թե դուք ինձ հասկացաք։ Դուք շատ եք ձեզ մատնում, Ռոդիոն Ռոմանիչ։ Մի բան ևս. ես համոզված եմ, որ Պետերբուրգում շատ մարդիկ շրջելիս իրենք իրենց հետ են խոսում։ Սա կիսախելագարների քաղաք է։ Եթե մեզնում գիտություններ չինեին, ապա բժիշկները, իրավաբանները և փիլիսոփաները կարող էին Պետերբուրգում արժեքավոր հետազոտություններ կատարել, յուրաքանչյուրն ըստ իր մասնագիտության։ Հազիվ թե որևէ այլ վայրում մարդու հոգու վրա այնքան մռայլ, խիստ ու տարօրինակ ազդեցություններ լինեն, որքան Պետերբուրգում։ Այստեղ քիչ դեր չեն խաղում հենց միայն կլիմայական ազդեցությունները։ Այնինչ սա ամբողջ Ռուսաստանի վարչական կենտրոնն է, ու սրա բնույթը պետք է անդրադառնա ամեն բանի վրա։ Բայց հիմա բանը այդ չէ, այլ այն է, որ ես մի քանի անգամ կողքանց եմ նայել ձեզ։ Դուք տանից դուրս եք գալիս գլուխդ ուղիղ պահած։ Անցնելով մի քսան քայլ, դուք այն կախում եք, ձեռքերդ դնում մեջքիդ։ Դուք նայում եք ու ձեր առջև, ձեր կողքերին ոչինչ չեք տեսնում։ Վերջապես, սկսում եք շարժել շրթունքներդ ու խոսել ինքներդ ձեզ հետ, երբեմն էլ իջեցնում եք ձեռքերդ և փքուն խոսում, վերջապես, կանգ եք առնում ճանապարհի մեջտեղում, այն էլ երկար ժամանակով։ Դա շատ վատ է։ Գուցե ինձնից բացի ուրիշներն էլ են այղ նկատում, իսկ դա անշահավետ է։ Ինձ համար հո այդ միևնույն է, ես չեմ կարող ձեզ բուժել, և դուք, իհարկե, հասկանում եք ինձ։
— Իսկ դուք գիտե՞ք, որ հետևում են ինձ,— հարցրեց Ռասկոլնիկովը՝ աչքերը հառելով նրան։
— Ոչ, ոչինչ չգիտեմ,— ասես զարմանքով պատասխանեց Սվիդրիգայլովը։
— Դե ուրեմն ինձ հանգիստ թողնենք,— նոթոտ փնթփնթաց Ռասկոլնիկովը։
— Լավ, ձեզ հանգիստ թողնենք։
— Ավելի լավ է ասեք, եթե դուք այստեղ գալիս եք խմելու և ինձ երկու անգամ ասել եք, որ ես էլ այստեղ գամ ձեզ հետ տեսնվելու, հապա ինչո՞ւ հիմա, երբ ես նայում էի փողոցից, թաքնվում էիք և ուզում էիք այստեղից հեռանալ։ Ես դա շատ լավ նկատեցի։
— Քա՛հ-քա՛հ։ Իսկ այն ժամանակ, երբ ես կանգնած էի ձեր շեմքին, և դուք էլ փակած աչքերով պառկած էիք ձեր բազմոցի վրա, ինչո՞ւ էիք քնած ձևանում, թեև ամենևին էլ քնած չէիք։ Ես դա շատ լավ նկատեցի։
— Ես կարող էի․․․ պատճառներ ունենալ․․․ Դուք ինքներդ այդ գիտեք։
— Ես էլ կարող էի իմ պատճառները ունենալ, թեև դուք դրանք չեք էլ իմանա։
Ռասկոլնիկովը աջ արմունկը դրեց սեղանին, կզակը հենեց աջ ձեռքի մատներին և աչքերը հառեց Սվիդրիգայլովին։ Մի րոպեի չափ զննեց նրա դեմքը, որը առաջ էլ միշտ ապշեցնում էր նրան։ Այդ մի ինչ-որ տարօրինակ դեմք էր, ասես դիմակ լիներ, սպիտակ էր, կարմրաթուշ։ Սվիդրիգայլովի մորուքը բաց-շիկավուն էր, շեկ մազերը դեռ բավական խիտ էին։ Աչքերը խիստ լուրթ էին, դրանց նայվածքը շատ ծանր էր ու անշարժ։ Ինչ-որ չափազանց տհաճ բան կար այդ գեղեցիկ և նրա տարիքին անհամապատասխան ջահելություն արտահայտող դեմքին։ Սվիդրիգայլովի հագուստը պճնագեղ էր, ամառային, թեթև, առանձնապես փայլուն էր սպիտակեղենը։ Մատին կար թանկագին քարով մի մեծ մատանի։
— Մի՞թե ես պետք է ձեզնով էլ զբաղվեմ,— հանկարծ ասաց Ռասկոլնիկովը՝ ջղաձգական անհամբերությամբ ուղղակի դիմելով սրտաբացության,— թեև դուք գուցե ամենավտանգավոր մարդն եք, եթե ուզենաք վնաս հասցնել, սակայն ես չեմ ուզում այլևս որևէ բան թաքցնել։ Ես հիմա ձեզ ցույց կտամ, որ կյանքը ինձ համար այնքան էլ թանկ չէ, ինչպես հավանորեն մտածում եք դուք։ Իմացեք, ես եկել եմ ձեզ ուղղակի ասելու, որ եթե դուք առաջվա պես ինչ-որ դիտավորություն ունեք իմ քրոջ նկատմամբ և եթե դրա համար մտածում եք որևէ բան օգտագործել այն ամենից, ինչ որ բացահայտվել է վերջին ժամանակներում, ապա ես ձեզ կսպանեմ, նախքան դուք ինձ բանտ կնստեցնեք։ Իմ խոսքը հաստատ է, դուք գիտեք, որ ես կկարողանամ կատարել այն։ Երկրորդ, այս ամբողջ ժամանակվա ընթացքում ինձ թվում էր, որ կարծես թե դուք ուզում եք ինձ ինչ-որ բան ասել, եթե այդպես է, ապա ուրեմն շուտ ասացեք, որովհետև ժամանակը թանկ է և գուցե շատ շուտով արդեն ուշ լինի։
— Ո՞ւր եք այդպես շտապում,— հարցրեց Սվիդրիգայլովը՝ հետաքրքրությամբ նայելով նրան։
— Ամեն մեկն իր ուզածն է անում,— մռայլ ու անհամբեր ասաց Ռասկոլնիկովը։
— Դուք ինքներդ հիմա սրտաբացության էիք կոչում, բայց հրաժարվում եք պատասխանել հենց առաջին հարցիս,— ժպտալով ասաց Սվիդրիգայլովը։— Ձեզ շարունակ թվում է, թե ես ինչ-որ նպատակներ ունեմ, դրա համար էլ կասկածանքով եք ինձ նայում։ Ի՛նչ արած, դա միանգամայն հասկանալի է ձեր վիճակում։ Բայց որքան էլ ես ուզում եմ մտերմանալ ձեզ հետ, այնուամենայնիվ ջանք չեմ թափի ձեզ հակառակը համոզելու։ Աստված վկա, չարժե գյուխ ցավեցնել, ու ես չէի էլ մտադրվում ձեզ հետ խոսել մի որևէ լուրջ բանի մասին։
— Հապա ինչո՞ւ եմ ես ձեզ այդպես հարկավոր եղել։ Չէ՞ որ դուք պտտվում էիք իմ շուրջը։
— Որովհետև դիտողության համար դուք հետաքրքիր անձնավորություն եք։ Դուք ինձ դուր եկաք ձեր վիճակի ֆանտաստիկությամբ, ահա թե ինչով։ Բացի դրանից, դուք այն անձնավորության եղբայրն եք, որն ինձ շատ էր հետաքրքրում, և վերջապես, հենց այդ անձնավորությունից իր ժամանակին ես հաճախ շատ բաներ էի լսում ձեր մասին և դրանից եզրակացրել էի, որ դուք նրա վրա մեծ ազդեցություն ունեք, մի՞թե սա քիչ է, քա՛հ-քա՛հ֊քա՛հ։ Սակայն խոստովանում եմ, որ ձեր հարցը շատ բարդ է ինձ համար ու ես դժվարանում եմ դրան պատասխանել։ Ահա, օրինակ, դուք ինձ մոտ եք եկել ու միայն գործով, այլև մի որևէ նոր բան իմանալու։ Այդպե՞ս է, հո այդպե՞ս է,— նենգ ժպիտով վրա էր տալիս Սվիդրիգայլովը,— դե ուրեմն դրանից հեաո պատկերացրեք, որ ես ինքս էլ դեռ ճանապարհին, վագոնում հույս էի դնում ձեր վրա, որ դուք էլ ինձ որևէ ''նոր'' բան կասեք, որ ինձ կհաջողվի ձեզնից մի որևէ օգուտ տեսնել։ Ահա թե մենք ինչով ենք հարուստ։
— Ի՞նչ օգուտ տեսնել։
— Ի՞նչ ասեմ ձեզ։ Մի՞թե ես այդ գիտեմ։ Տեսնում եք, էլի, թե ինչպիսի պանդոկում եմ շարունակ նստում, և սա ինձ հաճելի է, այսինքն՝ ոչ թե հաճելի է, այլ այնպես, էլի, հո հարկավո՞ր է մի տեղ նստել։ Այստեղ այդ խեղճ Կատյան էլ է լինում, տեսա՞ք... Գոնե ես լինեի լավ ուտող-խմող, ակումբային խորտկասեր, թե չէ ա՛յ ինչ կարող եմ ուտել (նա մատով ցույց տվեց սենյակի մի անկյունը, որտեղ մի փոքրիկ սեղանի վրա թիթեղյա ափսեով դրված էր կարտոֆիլով, վատ որակի բիֆշտեքս)։ Հա, դուք ճաշե՞լ եք։ Ես կերել եմ ու էլ չեմ ուզում։ Գինի բոլորովին չեմ խմում։ Բացի շամպայնից, ուրիշ ոչ մի գինի չեմ խմում։ Ամբողջ երեկոյան մի բաժակ շամպայն եմ խմում, այն էլ գլուխս ցավում է։ Պատվիրել էի դա մատուցել, որպեսզի ուժ առնեմ, որովհետև մի տեղ եմ գնալու, և դուք տեսնում եք, որ տրամադրությունս առանձնապես լավ է։ Երբ դուք ինձ այստեղ տեսաք, ես աշակերտի պես թաքնվեցի այն պատճառով, որ կարծում էի, թե ինձ կխանգարեք, բայց կարծեմ (նա նայեց ժամացույցին) մի ժամ կարող եմ լինել ձեզ հետ, հիմա հինգի կեսն է։ Կհավատա՞ք արդյոք, որ կյանքումս դատարկություն է. լինեի գոնե կալվածատեր, հայր, ուլան, լուսանկարիչ, ժուռնալիստ... Ոչինչ, ոչ մի մասնագիտություն։ Երբեմն նույնիսկ ձանձրալի է։ Հիրավի, կարծում էի, թե դուք ինձ որևէ նոր բան կասեք։
― Բայց ո՞վ եք դուք և ինչո՞ւ եք այստեղ ժամանել։
— Ով եմ ե՞ս։ Գիտե՞ք, ազնվական եմ, երկու տարի ծառայել եմ հեծելազորում, հետո հենց այնպես թրևում էի այստեղ, Պետերբուրգում, հետո էլ ամուսնացա Մարֆա Պետրովնայի հետ ու ապրում էի գյուղում։ Ահա իմ կենսագրությունը։
— Դուք կարծեմ թուղթ խաղացո՞ղ եք։
— Ոչ, ի՛նչ խաղացող։ Շուլերը խաղացող չէ։
— Իսկ դուք շուլեր եղե՞լ եք։
— Այո, շուլեր էլ եմ եղել։
— Եվ ի՞նչ, ձեզ խփո՞ւմ էին։
— Պատահում էր։ Ի՞նչ կա որ։
— Դե ուրեմն կարող էին մենամարտի կանչել... Եվ առհասարակ, դա թարմացուցիչ է։
— Չեմ հակաճառի ձեզ և այն էլ ասած՝ փիլիսոփայելու վարպետ չեմ։ Խոստովանում եմ ձեզ, որ այստեղ եմ ժամանել ավելի շուտ կանանց առնչությամբ։
— Հենց Մարֆա Պետրովնային թաղելուց անմիջապես հետո՞։
— Հա՛, էլի,— հրճվագին շիտակությամբ ժպտաց Սվիդրիգայլովը։— Ի՞նչ կա որ։ Դուք կարծես ինչ-որ վատ բան եք համարում այն, որ ես այսպես եմ խոսում կանանց մասին։
— Այսինքն՝ ցոփությունն եմ վատ բան համարում, այնպես չէ՞։
— Ցոփությո՞ւնը։ Այ թե որտեղից բսնեցիք։ Սակայն նախ և առաջ ձեզ ըստ կարգի կպատասխանեմ առհասարակ կանանց վերաբերյալ, գիտե՞ք, ես տրամադիր եմ շաղակրատելու։ Ասացեք, ես ինչի՞ համար պիտի ժուժկալ չլինեմ։ Ինչո՞ւ ձեռք քաշեմ կանանցից, եթե նրանց սիրահար եմ։ Դա գոնե զբաղմունք է։
— Ուրեմն դուք այստեղ հենց միայն ցոփության վրա՞ եք հույս դնում։
— Դե ի՞նչ կա որ, թեկուզ ցոփության վրա։ Ցոփությունից եք կպել։ Ես գոնե սիրում եմ հարցը ուղղակի դնել, Այդ ցոփության մեջ գոնե կա մի ինչ-որ մշտնջենականություն, որը նույնիսկ հիմնված է բնության վրա ու ենթակա չէ ֆանտազիային, մշտավառ ածխակտորի պես մի ինչ֊որ բան, որ գտնվում է արյան մեջ և գուցե դեռ երկար ժամանակ, տարիներ անցնելուց հետո այնքան էլ շուտ չի մարի։ Ինքներդ համաձայնեցեք, մի՞թե դա յուրատեսակ զբաղմունք չէ։
— Այստեղ ի՞նչ կա ուրախանալու։ Դա հիվանդություն է, վտանգավոր հիվանդություն։
— Բա՜ն ասացիք, էլի՛։ Ես համաձայն եմ, որ դա հիվանդություն է, ինչպես և ամեն ինչ, որ անցնում է չափից. այստեղ էլ անպայման հարկ կլինի անցնել չափից, բայց չէ՞ որ նախ՝ դա մեկի մոտ այսպես է լինում, մյուսի մոտ՝ այնպես, և երկրորդ, հասկանալի է, ամեն ինչում պահպանիր չափը, հաշվենկատությունը, որ թեև ստոր է, բայց ի՞նչ արած։ Եթե այդ չլիներ, թերևս մարդ ինքնասպանություն գործեր։ Ես համաձայն եմ, որ կարգին մարդը պարտավոր է տանջվել, բայց և այնպես...
— Իսկ դուք կկարողանայի՞ք ինքնասպանություն գործել։
— Ա՜յ քեզ բան,— տհաճությամբ վրա բերեց Ավիդրիգայլովը,― բարի եղեք, մի խոսեք այդ մասին,— ավելացրեց նա հապճեպորեն և նույնիսկ առանց որևէ սնապարծության, որ արտահայտվում էր առաջվա իր բոլոր խոսքերում։ Նրա դեմքը կարծես նույնիսկ փոխվեց։— Դե ինչ արած, խոստովանում եմ աններելի թուլությունս,— վախենում եմ մահից և չեմ սիրում, երբ խոսում են դրա մասին։ Գիտե՞ք, ես մասամբ միստիկ եմ։
— Հը՛մ, Մարֆա Պետրովնայի ուրվակա՜նը։ Ի՛նչ է, շարունակում է երևա՞լ։
— Այդ մի հիշեցնեք. Պետերբուրգում դեռ չի երևացել. էհ, թող գնա գրողի ծոցը,— ինչ֊որ ջղայնոտ տեսքով գոչեց Սվիդրիգայլովը։— Ոչ, ավելի լավ է չխոսենք այդ մասին... Ի միջի այլոց... Հը՛մ, ժամանակը քիչ է, ես չեմ կարող երկպր մնալ ձեզ հետ, ափսոս, ձեզ հաղորդելու շատ բաներ կան։
— Կնոջ մո՞տ եք գնալու։
― Այո, կեոջ մոտ, այնպես, էլի՛, պատահական առիթ է․․․ ոչ, ես ուրիշ բաների մասին էի խոսելու։
— Լավ, իսկ նողկալիությունը, այդ ամբողջ իրադրության նողկալիությունը ձեր վրա արդեն չի՞ ազդում, դուք ուժ չունե՞ք ձեզ զսպելու։
— Դուք ուժի հավակնություն է՞լ ունեք, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Դուք հիմա ինձ զարմացրիք, Ռոդիոն Ռոմանիչ, թեև ես նախապես գիտեի, որ այդպես կլինի։ Դուք ինձ հետ ցոփության և էսթետիկայի մասին եք խոսում։ Դուք Շիլլեր եք։ Դուք իդեալիստ եք։ Այդ բոլորը, իհարկե, այդպես էլ պետք է լինի և պետք էր զարմանալ, եթե այդպես չլիներ, բայց և այնպես իրականում դա մի տեսակ տարօրինակ է... Ա՛խ, ափսոս որ ժամանակը քիչ է։ Դուք ամենահետաքրքիր անձնավորությունն եք։ Ի դեպ, դուք սիրո՞ւմ եք Շիլլերին։ Ես շատ եմ սիրում։
— Բայց և այնպես, դուք որքա՜ն պոռոտախոս եք,— մի քիչ զզվելով ասաց Ռասկոլնիկովը։
— Աստված վկա ոչ,— քրքջալով պատասխանեց Սվիդրիգայլովը,— սակայն, չեմ վիճում, թող պոռոտախոս լինեմ. բայց ինչո՞ւ չպոռոտախոսել, երբ դա անվնաս է։ Ես յոթ տարի ապրել եմ գյուղում, Մարֆա Պետրովնայի մոտ, և հիմա հանդիպելով ձեզ պես խելացի մարդուն, խելոք և վերին աստիճանի հետաքրքիր մարդուն, ուղղակի ուրախությամբ եմ զրուցում, մանավանդ որ կես բաժակ գինի եմ խմել և արդեն գլխիս է խփել։ Գլխավորն այն է, որ գոյություն ունի մի հանգամանք, որ ինձ շատ է զբաղեցրել, բայց այդ մասին ես... կլռեմ։ Ո՞ւր եք շտապում,— հանկարծ վախով հարցրեց Սվիդրիգայլովը։
Ռասկոլնիկովը վեր էր կացել։ Նրա տրամադրությունը ծանր էր, նա նեղվում էր, իրեն անհարմար էր զգում, որ այստեղ էր եկել։ Նա համոզվեց, որ Սվիդրիգայլովը ամենադատարկ, ամենանվաստ չարագործն է աշխարհում։
— Դե նստեցեք, էլի, մնացեք,— խնդրում էր Սվիդրիգայլովը,― հրամայեցեք, որ ձեզ գոնե թեյ բերեն։ Դե, նստեցեք, հա դատարկ բաներ չեմ դուրս տա, այսինքն՝ չեմ խոսի իմ մասին։ Ես ձեզ մի որևէ բան կպատմեմ։ Ուզում եք ձեզ պատմեմ, թե ինչպես մի կին, ձեր ոճով ասած, «փրկեց» ինձ։ Դա նույնիսկ պատասխան կլինի ձեր առաջին հարցին, որովհետև այդ անձնավորությունը ձեր քույրն է։ Կարելի՞ է պատմել։ Ժամանակ կանցկացնեք, էլի՛։
— Պատմեցեք, բայց ես հուսով եմ, որ դուք...
— Օ, մի անհանգստանաք։ Այն էլ ասեմ, Ավդոտյա Ռոմանովնան կարող է միայն ամենախոր հարգանք ներշնչել նույնիսկ մի այնպիսի վատթար ու դատարկ մարդուն, ինչպիսին ես եմ։
== IV ==