== V ==
Ռասկոլնիկովը քայլեց նրա ետևից։
— Այդ ի՞նչ է,— ետ նայելով գոչեց Սվիդրիգայլովը,— ես հո կարծեմ ձեզ ասացի․․․
— Սա նշանակում է, որ ես հիմա ձեզնից չեմ անջատվի։
— Ի-ի-ի՞նչ։
Երկուսն էլ կանգ առան ու երկուսն էլ մի րոպե նայում, ասես հայացքով չափում էին միմյանց։
— Ձեր կիսահարբած վիճակում ձեր բոլոր պատմածներից ես ''դրականապես'' եզրակացրի, որ դուք ոչ միայն չեք թողել ձեր ամենաստոր դիտավորությունները իմ քրոջ նկատմամբ, այլև դրանով ավելի շատ եք զբաղված, քան երբևէ,— կտրուկ ասաց Ռասկոլնիկովը։— Ինձ հայտնի է, որ այսօր առավոտյան քույրս ինչ-որ նամակ է ստացել։ Դուք ամբողջ ժամանակ չէիք կարողանում հանգիստ նստել ձեր տեղում․․․ Դուք, իհարկե, կարող էիք որտեղից որտեղ ինչ-որ կին ճարել, բայց դա ոչինչ չի նշանակում։ Ես ցանկանում եմ անձամբ հավաստիանալ...
Ռասկոլնիկովը հազիվ թե ինքն էլ կարողանար որոշել, թե հիմա ինչ էր ուզում և ինչումն էր անձամբ հավաստիանալ ցանկանում։
— Ահա թե ի՜նչ։ Ուզում եք, որ ես հիմա ոստիկանո՞ւթյուն կանչեմ։
— Կանչիր։
Նրանք դարձյալ մի րոպեի չափ կանգնեցին իրար դեմ։ Վերջապես, Սվիդրիգայլովի դեմքը փոխվեց։ Հավաստիանալով, որ Ռասկոլնիկովը սպառնալիքից չի վախեցել, նա հանկարծ բոլորովին ուրախ և բարեկամական տեսք ընդունեց։
— Ի՛նչ մարդ ե՛ք, է՛։ Ես դիտմամբ ձեր գործի մասին չէի խոսում ձեզ հետ, թեև, իհարկե, ինձ տանջում է հետաքրքրությունը։ Ֆանտաստիկ գործ է։ Ուզում էի առայժմ հետաձգել, բայց իրոք դուք ընդունակ եք մեռելին էլ ջղայնացնելու... Դե, գնանք, միայն թե նախապես կասեմ, ես միայն մի րոպեով տուն կմտնեմ փող վհրցնելու. հետո կփակեմ բնակարանս, կառք կվերցնեմ ու կգնամ ամբողջ օրը կղզիներում անցկացնելու։ Էլ ինչպե՞ս կարող եք իմ ետևից գալ։
— Ես էլ առայժմ կգնամ, և ոչ թե ձեր բնակարանը, այլ Սոֆյա Սեմյոնովնայի մոտ, ներողություն խնդրելու, որ թաղմանը չեմ եղել։
— Ինչպես որ կամենաք, բայց Սոֆյա Սեմյոնովնան տանը չէ։ Նա բոլոր երեխաներին տարել է մի կնոջ մոտ, մի ազնվական պառավ կնոջ մոտ, որը իմ առաջվա, վաղուցվա ծանոթուհին է և տնօրեն է ինչ֊որ որբանոցներում։ Ես հիացրել եմ այդ կնոջը՝ փող մուծելով Կատերինա Իվանովնայի երեք ճուտիկների համար, բացի դրանից, նաև որբանոցների համար, վերջապես, բոլոր մանրամասնություններով, նույնիսկ առանց որևէ բան թաքցնելու նրան պատմել եմ Սոֆյա Սեմյոնովնայի պատմությունը։ Տպավորությունը աննկարագրելի էր։ Ահա թե ինչու Սոֆյա Սեմյոնովնան հենց այսօր կանչված էր ուղղակի № հյուրանոցը, որտեղ ժամանակավորապես, ամառանոցից վերադառնալուց հետո, ներկա է այդ տիրուհին։
— Ոչինչ, ես այնուամենայնիվ կգնամ։
— Ինչպես կուզեք, միայն թե ես ձեզ հետ չեմ լինի, ի՛նձ ինչ։ Ահա և մենք տուն հասանք։ Ասացեք, դուք հո ինձ կասկածանքով եք նայում, որովհետև ես այնքան քաղաքավարի եմ եղել, որ մինչև այժմ ձեզ չեմ անհանգստացրել հարցուփորձով... հասկանո՞ւմ եք։ Դա ձեզ արտասովոր բան է թվացել, գրազ եմ գալիս, որ այդպես է։ Դե արի ու սրանից հետո քաղաքավարի եղիր։
― Ու դռան ետևից ականջ դիր։
— Հը՛մ, դուք ա՞յդ եք ակնարկում,— ծիծաղեց Սվիդրիգայլովը,— այո, ես կզարմանայի, եթե ի վերջո այդ մասին դիտողություն չանեիք, քա՛հ֊քա՛հ։ Ես թեև որոշ բան, հասկացել էի այն ամենից, ինչ-որ դուք այնտեղ... դուրս էիք տալիս և ինքներդ պատմում էիք Սոֆյա Սեմյոնովնային, բայց և այնպես, ի՞նչ է դա. ես գուցե բոլորովին հետամնաց մարդ եմ և արդեն ոչինչ չեմ կարողանում հասկանալ։ Ի սեր աստծո, բացատրեցեք, սիրելիս, լուսաբանեցեք նորագույն սկզբունքներով։
— Դուք ոչինչ չէիք կարող լսել, էլի՛ ստում եք։
— Ես այդ մասին չեմ խոսում (թեև ես, այնուամենայնիվ, որոշ բան լսում էի), ոչ, ես ասում եմ, որ դուք շարունակ ախ ու վախ եք անում։ Ձեր մեջ Շիլլերն է րոպե առ րպե շփոթվում։ Դե, արի ու ականջ մի դնի դռան ետևից։ Եթե այդպես է, ապա գնացեք ու հայտարարեցեք իշխանավորներին, թե այսպես ու այսպես, ինձ հետ արտասովոր բան է պատահել, թեորիայում մի փոքրիկ սխալ է եղել։ Իսկ եթե համոզված եք, որ չի կարելի դռան ետևից ականջ դնել, իսկ պառավներին կարելի է սղկել ինչով ասես, սեփական հաճույքի համար, ապա շուտափույթ մեկնեցեք որևէ տեղ, Ամերիկա։ Փախեք, երիտասարդ։ Գուցե դեռ ժամանակ կա։ Ես անկեղծորեն եմ ասում։ Փող չկա՞, ինչ։ Ես ճանապարհի փող կտամ։
― Ես այդ մասին բոլորովին չեմ մտածում,— զզվանքով ընդհատեց Ռասկոլնիկովը։
— Հասկանում եմ (դուք, սակայն նեղություն մի քաշեք․ եթե ուզում եք, շատ էլ մի խոսեք), հասկանում եմ, թե ինչ հարցեր են ձեզ զբաղեցնում, բարոյակա՞ն, թե ինչ. քաղաքացու և մարդու հարցե՞րը։ Դուք այդ մի կողմ թողեք. հիմա, դրանք ձեր ինչի՞ն են պետք, քա՛հ-քա՛հ։ Նրա համար, որ դեռևս և քաղաքացի եք և մա՞րդ։ Եթե այդպես է, ապա հարկավոր չէր քիթ խոթել․ չէ՞ որ դա ձեր գործը չէր։ Դե ուրեմն ինքնասպանություն գործեքեք։ Չե՞ք ուզում, հա՞։
— Երևի դուք ուզում եք դիամամբ ինձ ջղայնացնել, որ ես այժմ հեռանամ ձեզնից...
— Ա՛յ քեզ տարօրինակ մարդ, մենք հո արդեն տեղ հաաանք, համեցեք, բարձրանանք սանդուղքով։ Տեսեք, ահա Սոֆյա Սեմյոնովնայի բնակարանի մուտքը, նայեցեք, ոչ ոք չկա... Չե՞ք հավատում, հարցրեք Կապերնաումովին, Սոֆյա Սեմյոնովնան բանալին նրանց է տալիս։ Ահա և ինքը, madame de Կապերնաումովը, հը՞։ Ի՞նչ է (նա մի քիչ խոզ է), գնացե՞լ է, ո՞ւր։ Այ, լսեցի՞ք։ Նա տանը չէ և գուցե մինչև ուշ երեկո չի չինի։ Դե հիմա գնանք ինձ մոտ, Չէ՞ որ դուք ուզում էիք ինձ մոտ գալ։ Ահա և իմ բնակարանը, Madame Ռեսսլիխը տանը չէ։ Այդ կինը շարունակ հոգսերով է զբաղված, լավ կին է, հավատացնում եմ ձեզ․․․ գուցե նա ձեզ հարկավոր չիներ, եթե դուք մի քիչ ավելի խելոք լինեիք։ Դե հիմա հաճեցեք տեսնել, ես բյուրոյից վերցնում եմ այս հինգ տոկոոանոց տոմսը (ինձ մոտ դրանք շատ են), իսկ սա այսօր դրամի կփոխվի։ Տեսա՞ք, էլ ի՞նչ հարկ կա, որ ես ժամանակ կորցնեմ։ Բյուրոն փակվում է, բնակարանը փակվում է, ու մենք դարձյալ իջնում ենք սանդուղքով։ Ուզո՞ւմ եք կառք վարձենք։ Ես գնալու եմ կղզիները։ Չէի՞ք ուզենա գալ։ Ահա ես կառք եմ վերցնում Ելագին կղզին գնալու համար։ Ի՞նչ, հրաժարվո՞ւմ եք, սիրտ չե՞ք անում։ Ոչինչ, կգնանք, էլի։ Կարձեմ անձրև է գալու, ոչինչ, կիջեցնենք կառքի ծածկը...
Սվիդրիգայլովը արդեն կառք էր նստել, Ռասկոլնիկովը մտածեց, որ իր կասկածանքները գոնե այդ պահին անարդարացի են։ Ոչ մի բառ չպատասխանելով, նա շուռ եկավ ու ետ գնաց դեպի Սեննայա հրապարակը։ Եթե նա ճանապարհին գեթ մի անգամ ետ նայեր, կտեսներ, թե ինչպես Սվիդրիգայլովը կառքով ընդամենը մի հարյուր քայլ անցնելով, վճարեց կառապանին, իջավ և արդեն մայթի վրա էր։ Ռասկոլնիկովը էլ ոչինչ չէր կարող տեսնել և շուռ էր եկել փողոցի անկյունից։ Խորին զզվանքը նրան հեռացրեց Սվիդրիգայլովից։ «Մի՞թե ես կարող էի թեկուզ մի ակնթարթ որևէ բան սպասել այդ կոպիտ չարագործից, այդ վավաշոտ անառակից ու սրիկայից», ակամա գոչեց նա։ Ճշմարիտ է, որ Ռասկոլնիկովը չափազանց հապճեպորեն ու թեթևամտությամբ արտահայտեց իր դատողությունը։ Սվիդրիգայլովի մեջ ինչ֊որ մի բան կար, որը նրան տալիս էր գոնե ինքնօրինակություն, եթե ոչ խորհրդավորություն։ Իսկ ինչ որ այդ ամենի մեջ վերաբերում էր քրոջը, ապա Ռասկոլնիկովը այնուամենայնիվ մնում էր այն հաստատ համոզմունքին, որ Սվիդրիգայլովը նրան հանգիստ չէր թողնի։ Բայց արդեն խիստ ծանր ու անտանելի էր մտածել և գլուխ կոտրել այդ ամենի մասին։
Ըստ իր սովորության, մնալով մենակ, դեռ քսան քայլ էլ չանցած, նա խոր մտածմունքի մեջ ընկավ։ Բարձրանալով ջրանցքի կամրջի վրա, նա կանգ առավ բազրիքի կողքին ու սկսեց նայել ջրին։ Այնինչ նրանից քիչ հեռու կանգնած էր Ավդոտյա Ռոմանովնան։
Ռասկոլնիկավը նրան հանդիպեց այն պահին, երբ բարձրանում էր կամրջի վրա, բայց նրան չնկատեց և մի կողմ անցավ։ Դունեչկան դեռ երբեք փողոցում նրան չէր տեսել այդպիսի վիճակում և վախենալու չափ ապշեց։ Նա կանգ առավ ու չգիտեր՝ կանչի՞ նրան, թե ոչ։ Հանկարծ նա նկատեց Սեննայա հրապարակի կողմից հապճեպ մոտեցող Սվիդրիգայլովին։
Բայց Սվիդրիգայլովը կարծես թե գաղտագողի և զգուշությամբ էր մոտենում։ Նա չբարձրացավ կամուրջը, այլ կանգ առավ քիչ հեռու, մայթի վրա, ամեն կերպ աշխատելով, որ Ռասկոլնիկովը իրեն չտեսնի։ Դունյային վաղուց էր նկատել և նրան նշաններ էր անում։ Դունյային թվաց, որ նա այդ նշաններով խնդրում էր չկանչել եղբորը ու նրան հանգիստ թողնել, ու իրեն, Դունյային իր մոտ էր կանչում։ Դունյան այդպես էլ արեց։ Նա կամացուկ շրջանցեց եղբորը և մոտեցավ Սվիդրիգայլովին։
— Շո՛ւտ գնանք,— շշնջաց Սվիդրիգայլովը,— ես չեմ ցանկանում, որ Ռոդիոն Ռոմանիչը իմանա մեր տեսակցության մասին։ Նախազգուշացնում եմ ձեզ, որ ես նստած էի այստեղից մոտ գտնվող մի պանդոկում, ուր նա ինքն էր եկել ինձ գտնելու, և ես հազիվ պոկվեցի նրանից։ Նա գիտե, որ ես ձեզ նամակ եմ ուղարկել, ու ինչ֊որ բան է կասկածում։ Դե իհարկե, դուք այդ չեք ասել նրան։ Իսկ եթե ոչ դուք, հապա ո՞վ է ասել։
— Ահա մենք արդեն շուռ եկանք փողոցի անկյունից,— ընդհատեց Դունյան,— հիմա եղբայրս մեզ չի տեսնի, հայտարարում եմ ձեզ, որ ես ձեզ հետ ավելի հեռու չեմ գնա։ Ամեն ինչ ինձ այստեղ ասացեք, այդ ամենը կարելի է փողոցում էլ ասել։
— Նախ՝ դա ոչ մի կերպ չի կարելի ասել փողոցում, երկրորդ՝ դուք պետք է լսեք նաև Սոֆյա Սեմյոնովնային, երրորդ, ես ձեզ ուրիշ բաներ եմ ցույց տալու․․․ Հա՛, վերջապես, եթե դուք չհամաձայնեք ինձ մոտ գալ, ապա ես հրաժարվում եմ ամեն մի բացատրությունից և անմիջապես հեռանում եմ։ Ընդսմին, ձեզ խնդրում եմ չմոռանալ, ոը ձեր սիրելի եղբոր խիստ հետաքրքիր գաղտնիքը ամբողջովին իմ ձեռքում է գտնվում։
Դունյան տատանվելով կանգ առավ և խոցող հայացքով նայում էր Սվիդրիգայլովին։
— Ինչի՞ց եք վախենում,— հանգիստ ասաց Սվիդրիգայլովը,— քաղաքը գյուղ չէ։ Գյուղում էլ դուք ավելի շատ եք վնասել ինձ, քան թե ես ձեզ, իսկ այստեղ,..
― Սոֆյա Սեմյոնովնային նախազգուշացրե՞լ եք։
— Ոչ, ես նրան ոչ մի բառ չեմ ասել և նույնիսկ այնքան էլ հավատացած չեմ, թե նա այժմ տանը կլինի։ Ասենք, հավանորեն տանն է։ Նա այսօր թաղել է իր ազգականալհուն, այնպիսի օր չէ, որ հյուր գնա։ Առայժմ ես չեմ ուզում որևէ մեկին ասել հիշատակածս գաղտնիքը և նույնիսկ մասամբ զղջում եմ, որ ձեզ հաղորդեցի։ Այստեղ ամենաչնչին անզգուշությունը մատնության է հավասար։ Ես ապրում եմ այստեղ, այս տանը, ահա մենք մոտենում ենք։ Հրե՛ն մեր տան դռնապանը, նա ինձ շատ լավ է ճանաչում, ահա բարևում է. նա տեսնում է, որ ես կնոջ հետ եմ գալիս և, իհարկե, արդեն նկատեց ձեր դեմքը, իսկ դա ձեզ հարկավոր կլինի, եթե դուք շատ եք վախենում և ինձ վրա կասկածում։ Ներեցեք, որ ես այսպես կոպիտ եմ խոսում։ Ապրում եմ տնվորներից վարձած բնակարանում։ Սոֆյա Սեմյոնովնան ապրում է հենց իմ կողքին, նույնպես տնվորներից վարձած բնակարանում։ Ամբողջ հարկում տնվորներ են ապրում։ Էլ ինչի՞ց եք վախենում երեխայի պես։ Թե՞ ես այդքան սարսափելի եմ։
Սվյիդրիգայլովի դեմքը ծամածռվեց ներողամտության ժպիտից, բայց նա արդեն տրամադիր չէր ժպտալու։ Նրա սիրտը տրոփում էր ու շունչը բռնվում։ Նա դիտմամբ բարձր էր խոսում, որպեսզի թաքցներ իր աճող հուզմունքը, բայց Դունյան չկարողացավ նկատել այդ առանձնահատուկ հուզմունքը. նրան սաստիկ ջղայնացրեց այն դիտողությունը, թե ինքը երեխայի պես վախենում է Սվիդրիգայլովից, թե վերջինս սարսափելի է իր համար։
— Թեև ես գիտեմ, որ դուք... անազնիվ մարդ եք, բայց ես ձեզնից ամենևին չեմ վախենում։ Անցեք առաջ,— ասաց նա ըստ երևույթին հանգիստ, բայց նրա դեմքը խիստ գունատ էր։
Սվիդրիգայլովը կանգ առավ Սոնյայի բնակարանի առաջ։
— Թույլ տվեք իմանալ, տա՞նն է նա։ Ո՛չ։ Անհաջողություն։ Բայց ես գիտեմ, որ նա շատ շուտով կարող է գալ։ Հավանորեն՝ նա գնացել է մի տիկնոջ մոտ, իր որբերի գործով։ Դրանց մայրը մեռել է։ Ես այստեղ էլ եմ մեջ ընկել և տնօրինություն արել։ Եթե Սոֆյա Սեմյոնովնան տասը րոպեից չվերադառնա, ապա հենց այսօր ես նրան կուղարկեմ ձեզ մոտ, եթե ուզում եք։ Ահա և իմ բնակարանը։ Ահա իմ երկու սենյակը։ Դռան մյուս կողմում իմ տանտիրուհու, տիկին Ռեսսլիխի բնակարանն է։ Հիմա նայեցեք այստեղ, ես ձեզ ահա թե ինչ ցույց կտամ, իմ ննջարանից ահա այս դուռը բացվում է դեպի երկու բոլորովին դատարկ սենյակ, որոնք վարձով են տրվում։ Ահա դրանք... Դուք պետք է դրանց մի քիչ ավելի ուշադիր նայեք...
Սվիդրիգայլովը երկու կահավորված, բավական ընդարձակ սենյակ էր գրավում։ Դունեչկան անվստահորեն նայում էր շռւրջը, բայց առանձին ոչինչ չնկատեց սենյակների ոչ կահավորման, ոչ էլ դասավորության մեջ, թեև կարելի էր որոշ բան նկատել, օրինակ, Սվիդրիգայլովի բնակարանը գտնվում էր համարյա անբնակ երկու բնակարանների միջև։ Նրա սենյակների մուտքը ոչ թե ուղղակի միջանցքից էր, այլ տանտիրուհու երկու սենյակների միջից, որոնք համարյա դատարկ էին։ Սվիդրիգայլովը բանալով ննջարանի դուռը, որ փակված էր բանալիով, Դունեչկային ցույց տվեց վարձով տրվող, նույնպես դատարկ բնակարանը։ Դունեչկան կանգ առավ շեմքին, չհասկանալով, թե ինչու են իրեն հրավիրում նայելու, բայց Սվիդրիգայլովը շտապեց բացատրրւթյուններ տալ։
— Նայեցեք այստեղ, այս երկրորդ, մեծ սենյակը։ Տեսեք այս դուռը, բանալիով է փակված։ Դռան մոտ աթոռ է դրված, ընդամենը մի աթոռ երկու սենյակում։ Ես սա բերել էի իմ բնակարանից, որ նստեի ու ականջ դնեի։ Այնտեղ, դռան ետևում դրված է Սոֆյա Սեմյոնովնայի սեղանը. այնտեղ նստած էր նա և խոսում էր Ռոդիոն Ռոմանիչի հետ։ Իսկ ես իրար ետևից երկու երեկո, ամեն անգամ երկու ժամ այս աթոռին նստած, ականջ էի դնում, և իհարկե կարող էի որևէ բան իմանալ, ի՞նչ եք կարծում։
— Դուք ակա՞նջ էիք դնում։
— Այո, ականջ էի դնում, հիմա գնանք ինձ մոտ, այստեղ նստելու տեղ էլ չկա։
Նա Ավդոտյա Ռոմանովնային նորից տարավ իր առաջին սենյակը, որ իբրև դահլիճ էր ծառայում, ու հրավիրեց նստել աթոռին։ Ինքը նստեց սեղանի մյուս կողմում, նրանից առնվազն մի սաժեն հեռու, բայց հավանորեն նրա աչքերում բռնկվել էր հենց այն բոցը, որը մի ժամանակ խիստ վախեցնում էր Դունեչկային։ Վերջինս ցնցվեց ու մի անգամ էլ անվստահորեն նայեց շուրջը։ Նրա շարժումը ակամայից էր, ըստ երևույթին նա չէր ուզում անվստահություն ցույց տալ։ Բայց Սվիդրիգայլովի բնակարանի առանձնացած դիրքը ի վերջո շփոթեցրեց նրան։ Նա ուզում էր հարցնել, թե արդյոք տա՞նն է գոնե տանտիրուհին, բայց չհարցրեց... հպարտությունից դրդված։ Բացի դրանից, նրան մի ուրիշ, անհամեմատ ավելի ահավոր միտք էր տանջում, քան սոսկ վախը։ Նրա հոգեվիճակը անտանելի տառապալից էր։
— Ահա ձեր նամակը,— ասաց նա՝ նամակը դնելով սեղանին։— Մի՞թե հնարավոր է այն, ինչ որ դուք գրում եք։ Դուք ակնարկում եք ինչ-որ ոճիր, որ իբր թե եղբայրս է կատարել։ Դուք շատ պարզ եք ակնարկում, դուք հիմա չեք համարձակվի դրանից հրաժարվել։ Գիացեք, որ ես առաջ էլ եմ լսել այդ հիմար հեքիաթը և դրա ոչ մի բառին չեմ հավատում։ Դա գարշելի ու ծիծաղելի կասկածանք է։ Ես գիտեմ այդ պատմությունը, գիտեմ, թե դա ինչպես և ինչից է մոգոնվել։ Դուք ոչ մի ապացույց չեք կարող ունենալ։ Դուք խոստացել եք ապացուցել, դե ուրեմն խոսեցեք։ Բայց նախապես գիտցեք, որ ես ձեզ չե՛մ հավատում, չե՛մ հավատում...
Դունեչկան այդ ասաց արագ-արագ, շտապելով, ու նրա դեմքը մի ակնթարթ շիկնեց։
— Եթե դուք չհավատայիք, ինչպե՞ս կարող էր պատահել, որ մենակ ինձ մոտ գալու ռիսկ անեիք։ Հապա ինչո՞ւ եկաք, հենց միայն հետաքրքրությունից դրդվա՞ծ։
— Մի տանջեք ինձ, խոսեք, խոսեք։
— Ի՛նլ ասել կուզի, դուք քաջարի աղջիկ եք։ Աստված վկա ես կարծում էի, թե դուք պարոն Ռազումիխինին կխնդրեք ձեզ ուղեկցել այստեղ։ Բայց նա ոչ ձեզ հետ էր, ոչ էլ ձեր շուրջը. ես այդ տեսա, դա խիզախություն է. ուրեմն ուզում էիք, որ Ռոդիոն Ռոմանիչը չիմանա՞։ Հը՛մ, ձեր մեջ ամեն ինչ աստվածային է։ Ինչ վերաբերում է ձեր եղբորը, ապա ես ձեզ ի՞նչ ասեմ։ Դուք ինքներդ հիմա նրան տեսաք։ Ինչպիսի՞ն է նա։
— Դուք հո միայն դրա վրա չե՞ք հիմնվում։
— Ոչ, հիմնվում եմ հենց իր խոսքերի վրա։ Իրաը ետևից երկու երեկո նա գալիս էր այստեղ, Սոֆյա Սեմյոնովնայի մոտ։ Ես ձեզ ցույց տվի, թե նրանք որտեղ էին նստում։ Նա Սոֆյա Սեմյոնովնային լրիվ հաղորդեց իր կատարած ոճիրը։ Նա մարդասպան է։ Նա սպանել է աստիճանավորի վաշխառու կնոջը, որի մոտ ինքն էլ իրեր էր գրավ դնում, սպանել է նաև նրա քրոջը, Լիզավետա անունով առևտրական կնոջը, որը քրոջ սպանության ժամանակ անսպասելի ներս էր մտել։ Երկուսին էլ սպանել էր իր տարած կացնով։ Սպանել էր կողոպտելու համար և կողոպտել էր. վերցրել էր փող և ինչ-որ իրեր... Այս ամենը նա բառ առ բառ հաղորդեց Սոֆյա Սեմյոնովնային, որը գիտե գաղտնիքը, բայց սպանությանը չի մասնակցել ոչ խոսքով, ոչ էլ գործով, այլ ընդհակառակը, այնպես է սարսափել, ինչպես հիմա դուք սարսափեցիք։ Հանգիստ եղեք, նա Ռոդիոն Ռոմանիչին չի մատնի։
— Այդ անկարելի է,— դալուկ, մեռելագույն շուրթերով քրթմնջաց Դունեչկան. նա շնչասպառ էր լինում,— չի կարող պատահել, դրա համար չկա ոչ մի պատճառ, ոչ մի առիթ... Դա սուտ է, սուտ է։
— Նա կողոպտել է, ահա և ամբողջ պատճառը։ Նա փող և իրեր է վերցրել։ Ճշմարիտ է, հենց իր խոստովանությամբ նա չի օգտվել ոչ փողերից, ոչ էլ իրերից, այլ տարել է ինչ֊որ տեղ և պահել քարի տակ, ուր դրանք հիմա էլ գտնվում են։ Բայց դա այն պատճառով է, որ նա չի համարձակվել դրանք օգտագործել։
― Մի՞թե կարելի է հավատալ, որ նա կարող է գողանալ, կողոպտել, թեկուզ միայն մտածել այդ մասին,— գոչեց Դունյան և աթոռից վեր թռավ։— Չէ՞ որ դուք նրան ճանաչում եք, տեսել եք, մի՞թե նա կարող է գող լինել։
Նա ասես նվաստացնում էր Սվիդրիգայլովին. նա մոռացավ իր ամբողջ վախը։
— Ավդոտյա Ռոմանովնա, այստեղ հազարավոր ու միլիոնավոր կոմբինացիաներ ու հանգամանքներ կան։ Գողը գողանում է, բայց գիտե, որ ինքը ստոր մարդ է. ես լսել էի մի ազնիվ մարդու մասին, թե փոստ է կողոպտել. ով գիտե, գուցե նա իրոք մտածում էր, թե կարգին գործ է արել։ Հասկանալի է, որ ես, ինչպես և դուք, չէի հավատա, եթե ինձ կողմնակի կերպով հաղորդեին։ Բայց ես հավատացի իմ սեփական ականջներին։ Սոֆյա Սեմյոնովնային նա բացատրում էր բոլոր պատճառները․ բայց սա սկզբում իր ականջներին էլ չհավատաց, իսկ աչքերին, իր իսկ աչքերին ի վերջո հավատաց։ Չէ՞ որ Ռադիոն Ռոմանիչը նրան անձամբ էր հաղորդում։
— Այդ ի՞նչ... պատճառներ են։
— Երկար բան է, Ավդոտյա Ռոմանովնա։ Դե ինչպես ասեմ ձեզ, այստեղ կա յուրատեսակ թեորիա, այն հասկացողությունը, որի համաձայն ես, օրինակ, գտնում եմ, որ եզակի չարագործությունը թույլատրելի է, եթե գլխավար նպատակը լավ է։ Եզակի չարիք և հարյուր բարի գործ։ Արժանիքներ և անչափ ինքնասիրություն ունեցող երիաասարդի համար, իհարկե, վիրավորական է գիտենալ, որ եթե լիներ, օրինակ, ընդամենը մի երեք հազար ռուբլի, նրա ամբողջ կարիերան, ամբողջ ապագան ու կյանքի նպատակը այլ կերպ կձևավորվեին, այնինչ չկա այդ երեք հազարը։ Դրան ավելացրեց հուզմունքը քաղցից, նեղլիկ բնակարանից, ցնցոտիից, իր սոցիալական անհրապույր դրությունը և դրա հետ մեկտեղ քրոջ և մոր դրությունը պարզ գիտակցելուց։ Առավել ևս այստեղ դեր են խաղում սնափառությունը, հպարտությունը և սնափառությունը, սակայն, ով գիտե, գուցե և առկա են լավ հակումները... Ես հո նրան չեմ մեղադրում, խնդրեմ այդ չմտածեք, և դա իմ գործն էլ չէ։ Այստեղ եղել է սեփական, յուրօրինակ թեորիա, որի համաձայն իբր թե մարդիկ բաժանվում են երկու կարգի, նյութ և առանձնահատուկ մարդիկ, այսինքն՝ այնպիսի մարդիկ, որոնց համար, ըստ իրենց բարձր դիրքի, օրենք չի գրված, այլ ընդհակառակը, նրանք իրենք են օրենքներ հորինում մնացած մարդկանց, նյութի, նվաստների համար։ Ա՜յ քեզ թեորիա. une théorie comme une autre<ref>Թեորիա է ինչպես ամեն մի թեորիա (ֆրանս․)։</ref>։ Նապոլեոնը խիստ գրավել էր նրան, այսինքն՝ նրան հատկապես գրավել էր այն, որ հանճարեղ շատ մարդիկ ուշադրություն չէին դարձնում եզակի չարիքին և դա անտեսում էին առանց երկար մտածելու։ Թվում է, որ նա երևակայել էր, թե ինքն էլ հանճարեղ մարդ է, այսինքն՝ որոշ ժամանակ դրանում հավատացած էր եղել։ Նա շաա է տանջվել և հիմա էլ տանջվում է այն մտքից, որ ինքը կարողացել է հորինել թեորիա, բայց ի վիճակի չի եղել առանց երկար մտածելու անտեսել եզակի չարիքը, ուրեմն և հանճարեղ մարդ չէ։ Դե իհարկե, ինքնասիրություն ունեցող երիտասարդի համար դա ստորացուցիչ է, մանավանդ մեր դարում...
— Հապա խղճի խա՞յթը։ Ուրեմն դուք ժխտո՞ւմ եք նրա ամեն մի բարոյական զգացմունքը։ Մի՞թե նա այդպես է։
— Ախ, Ավդոտյա Ռոմանովնա, հիմա ամեն ինչ պղտորվել է, ասենք երբեք էլ առանձնապես կարգին չի եղել։ Ռուս մարդիկ առհասարակ լայնաթափ մարդիկ են, Ավդոտյա Ռոմանովնա, լայն են, ինչպես իրենց երկիրը, ու չափազանց հակված են դեպի ֆանտաստիկականը, խառնաշփոթը. բայց առանց հատուկ հանճարեղության լայնաթափ լինելը փորձանք է։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես ես և դուք երկուսով երեկոները այգում, հողաթմբին նստած, ամեն անգամ ընթրիքից հետո որքան շատ էինք խոսում հենց այսպես, այս թեմայի շուրջը։ Դուք դեռ ինձ կշտամբում էիք հենց այդ լայնաթափ խառնվածքի համար։ Ո՛վ գիտե, գուցե հենց այն ժամանակ էինք խոսում, երբ նա այստեղ պառկած էր լինում և իր մտքերով տարվում։ Մեզնում, կրթված հասարակության մեջ առանձնապես սրբազան ավանդություններ չկան, Ավդոտյա Ռոմանովնա. թերևս որևէ մեկը գրքերից մի կերպ այդ ուղղությամբ գաղափար կազմի կամ տարեգրություններից մի բան դուրս բերի։ Բայց դրանք հո առավելապես ուսյալներ են, և գիտեք, բոլորն էլ յուրատեսակ սահմանափակ մարդիկ են, այնպես որ դա նույնիսկ վայել չէ նրբակիրթ մարդուն։ Սակայն դուք ընդհանրապես գիտեք իմ կարծիքները. ես բնավ ոչ ոքի չեմ մեղադրում։ Ես ինքս փափկակյաց եմ և ինձ այդպես էլ պահում եմ։ Դե, մենք այդ մասին հաճախ ենք խոսել։ Ես նույնիսկ բախտ եմ ունեցել ձեզ հետաքրքրելու իմ դատողություններով․․․ Դուք շատ գունատ եք, Ավդոտյա Ռոմանովնա։
— Ես գիտեմ նրա այդ թեորիան։ Ես ժուռնալում կարդացել եմ նրա հոդվածը այն մարդկանց մասին, որոնց ամեն ինչ թույլատրվում է... Ռազումիխինն էր բերել...
— Պարան Ռազումիխի՞նը։ Ձեր եղբոր հոդվա՞ծը։ Ժուռնալո՞ւմ։ Այդպիսի հոդված կա՞։ Ես չգիտեի։ Երևի հետաքրքիր է։ Բայց դուք ո՞ւր եք շտապում, Ավդոտյա Ռոմանովնա։
— Ես ուզում եմ տեսնել Սոֆյա Սեմյոնովնային,— թույլ ձայնով ասաց Դունեչկան։— Որտեղի՞ք անցնեմ նրա մոտ։ Գուցե նա եկել է. ես հիմա ուզում եմ անպայման տեսնել նրան։ Թող նա...
Ավդոտյա Ռոմանովնան չկարողացավ խոսքը վերջացնել. նրա շունչը ուղղակի կարվեց։
— Սոֆյա Սեմյոնովնան մինչև երեկո չի վերադառնա։ Ես այդպես եմ ենթադրում։ Նա պետք է շատ շուտ գար, եթե չի եկել, ուրեմն շատ ուշ կգա...
— Հը՛մ, ուրեմն դու ստում ես։ Ես տեսնում եմ այդ... դու ստում էիր... դու շարունակ ստում էիր... Ես քեզ չեմ հավատում, չեմ հավատում, չեմ հավատում,— կատաղի, մոլեգնաբար բղավում էր Դունեչկան՝ բոլորովին կորցնելով գլուխը։
Նա համարյա ուշաթափ ընկավ աթոռին, որ Սվիդրիգայլովը հապճեպորեն մոտեցրեց նրան։
— Ավդոտյա Ռոմանովնա, ի՞նչ պատահեց ձեզ, ուշքի եկեք։ Ահա ջուր։ Խմեցեք, մի կում...
Նա Դունյայի վրա ջուր շաղ տվեց։ Դունյան ցնցվեց և ուշքի եկավ։
— Սաստիկ հուզվել է,— հոնքերը կիտելով քրթմնջաց Սվիդրիգայլովը։— Ավդոտյա Ռոմանովնա, հանգստացեք։ Իմացեք, որ նա բարեկամներ ունի։ Մենք նրան կփրկենք, կազատենք։ Ուզո՞ւմ եք, ես նրան արտասահման տանեմ։ Ես փող ունեմ, ես երեք օրում տոմս կճարեմ։ Ինչ վերաբերում է նրա կատարած սպանության, ապա նա դեռ շատ բարի գործեր կանի, այնպես որ այդ բոլորը կհարթվի, հանգստացեք։ Դե ի՞նչ պատահեց, ինչպե՞ս եք ձեզ զգում։
— Չա՛ր մարդ, դեռ ծաղրում էլ է ինձ։ Թողեք գնամ։
— Ո՞ւր, ո՞ւր գնաք։
— Ռոդյայի մոտ։ Որտե՞ղ է նա։ Դուք գիտե՞ք։ Դուռը ինչո՞ւ է փակված։ Մենք ներս մտանք այս դռնից, իսկ այժմ դա փակված է բանալիով։ Դուք ե՞րբ կարողացաք բանալիով փակել։
— Հո չէ՛ր կարելի բոլոր սենյակներով մեկ բղավել այն, ինչ որ մենք այստեղ խոսում էինք։ Ես բնավ չեմ ծաղրում, այդ լեզվով խոսելը ձանձրացրել է ինձ։ Ո՞ւր պետք է գնաք այդ վիճակում։ Թե՞ ուզում եք մատնել նրան։ Դուք նրան կատաղության կհասցնեք, և նա կմատնի ինքն իրեն։ Գիտցեք, որ նրան հետամտում են, արդեն գտել են հետքը։ Դուք միայն կմատնեք նրան։ Սպասեցեք. ես նրան տեսել եմ ու հետը խոսել․ նրան դեռ կարելի է փրկել։ Սպասեցեք, նստեցեք, մեկտեղ մտածենք այդ մասին։ Ես հենց նրա համար եմ ձեզ կանչել, որ երկուսով խոսենք դրա մասին, կշռադատենք այդ բանը։ Դե նստեցեք։
— Դուք ի՞նչ կերպ կարող եք փրկել նրան։ Մի՞թե կարելի է նրան փրկել։
Դունյան նստեց։ Սվիդրիգայլովը նստեց նրա կողքին։
— Այդ բոլորը ձեզնից է կախված, ձեզնից և միայն ձեզնից,— ասաց նա համարյա շշնջալով, շփոթվելով, հուզմունքից նույնիսկ չկարողանալով պարզ արտասանել որոշ բառեր։ Նրա աչքերը առկայծում էին։
Դունյան վախեցած ետ քաշվեց նրանից։ Սվիդրիգայլովը նույնպես ամբողջ մարմնով դողում էր։
— Դուք... բավական է ձեր միայն մի խոսքը, և նա փրկված է... Ես... ես նրան կփրկեմ։ Ես փող ու բարեկամներ ունեմ։ Ես անձնագիր կվերցնեմ, երկու անձնագիր, ու կճանապարհեմ նրան։ Մի անձնագիրը նրան, մյուսը՝ ինձ։ Ես ունեմ բարեկամներ, ունեմ գործարար մարդիկ․․․ Ուզո՞ւմ եք։ Ես ձեզ համար էլ... ձեր մոր համար էլ անձնագիր կվերցնեմ... Ռազումիխինը ձեր ինչի՞ն է պետք։ Ես էլ եմ ձեզ սիրում... Ես անսահման սիրում եմ ձեզ։ Թողեք համբուրեմ ձեր շրջազգեստի ծայրը, թողեք, թողեք։ Ես անկարող եմ լսել դրա շրշյունը։ Ասացեք ինձ՝ արա այդ բանը, ու ես կանեմ։ Ես ամեն ինչ կանեմ։ Ես կանեմ անկարելին։ Ինչին որ դուք հավատում եք, ես էլ կհավատամ։ Ես ամեն, ամեն ինչ կանեմ։ Այդպես մի նայեք ինձ, մի նայեք։ Գիտեք, որ դրանով սպանում եք ինձ...
Սվիդրիգայլովը նույնիսկ սկսում էր զառանցել։ Նա մի տեսակ շշմեց, ասես հանկարծ խփեցին գլխին։ Դունյան վեր թռավ ու նետվեց դեպի դուռը։
— Բաց արեք, բաց արեք,— բղավում էր նա դռան միջով, կանչում որևէ մեկին և քաշքշում դուռը։— Բաց արեք, մի՞թե ոչ ոք չկա։
Սվիդրիգայլովը վեր կաքավ և ուշքի եկավ։ Դեռ դողացող շրթունքներին թույլ, նենգավոր ու հեգնոտ ժպիտ երևաց։
— Այնտեղ ոչ ոք տանը չէ,— կամացուկ և բառերը շեշտելով ասաց նա,― տանտիրուհին գնացել է, իզուր եք նեղություն քաշում, բղավում, իզուր տեղը ձեզ հուզմունք եք պատճառում։
— Որտե՞ղ է բանալին։ Իսկույն բաց արա դուռը, շուտ, ստոր մարդ։
— Ես բանալին կորցրել եմ, չեմ կարողանում գտնել։
— Հա֊ա՞։ Ուրեմն դա բռնությո՞ւն է,— գոչեց Դունյան, գունատվեց մեռելի պես, նետվեց սենյակի մի անկյունը ու պատսպարվեց այնտեղ դրված սեղանի ետևում։ Նա չէր բղավում, նա ակնապիշ նայում էր իրեն տանջողին ու աչալուրջ հետևում նրա յուրաքանչյուր շարժման։ Սվիդրիգայլովն էլ տեղից չէր շարժվում, ու կանգնել էր նրա դիմաց, սենյակի մյուս ծայրում։ Գոնե արտաքուստ նա հանգիստ էր։ Բայց դեմքը դարձյալ գունատ էր։ Հեգնական ժպիտը չէր չքանում նրա դեմքից։
— Դուք հիմա ասացիք «բռնություն» բառը, Ավդոտյա Ռոմանովնա։ Եթե բռնություն է, ապա ինքներդ կարող եք դատել, որ ես միջոցներ եմ ձեռնարկել։ Սոֆյա Սեմյոնովնան տանը չէ, Կապերնաումովները շատ հեռու են, մինչև նրանց բնակարանը կա հինգ փակված սենյակ։ Վերջապես, ես առնվազն երկու անգամ ուժեղ եմ ձեզնից, ու բացի այդ, բնավ չեմ վախենում, որովհետև դուք հետո չեք կարող գանգատվել։ Հո չե՞ք ուզենա մատնել ձեր եղբորը։ Ձեզ ոչ ոք էլ չի հավատա, կասեն՝ աղջիկը ինչի՞ համար է մենակ գնացել մենակ մարդու բնակարանը։ Այնպես որ, եթե անգամ զոհաբերեք ձեր եղբորը, ապա այս դեպքում էլ ոչինչ չեք ապացուցի, բռնությունն ապացուցելը խիստ դժվար է, Ավդոտյա Ռոմանովնա։
— Ստո՛ր մարդ,— զայրույթով շշնջաց Դունյան։
— Ինչպես կուզեք, բայց նկատի առեք, որ ես դեռ միայն ենթադրաբար եմ խոսել։ Իսկ իմ անձնական համոզմունքով դուք միանգամայն իրավացի եք, բռնությունը գարշելիություն է։ Ես ուզում էի ասել, որ ձեր խղճի վրա բնավ ոչինչ չի ծանրանա, եթե նույնիսկ․․․ եթե նույնիսկ դուք ուզենայիք ձեր եղբորը փրկել կամավոր կերպով, այնպես, ինչպես ես եմ առաջարկում։ Դուք, ուրեմն, ուղղակի ենթարկվել եք հանգամանքներին, դե վերջապես, ուժին, եթե անպայման պետք է ասել այդ բառը։ Մտածեցեք այդ մասին. ձեր եղբոր և ձեր բախտը ձեր ձեռքումն է։ Իսկ ես ամբողջ կյանքումս․․․ կլինեմ ձեր ստրուկը․․․ ես կսպասեմ այստեղ...
Սվիդրիգայլովը նստեց բազմոցին, Դունյայից ութ քայլ հեռավորությամբ։ Դունյան արդեն բոլորովին չէր կասկածում, որ նա վճռել է անպայման գլուխ բերել իր դիտավորությունը։ Չէ՞ որ ճանաչում էր նրան...
Հանկարծ նա գրպանից ատրճանակ հանեց, բարձրացրեց հրահանը, ու ատրճանակը բռնած, ձեռքը դրեց սեղանին։ Սվիդրիգայլովը տեղից վեր թռավ։
— Օ֊հո՞, ահա թե ի՜նչ,— գոչեց նա զարմացած, բայց ցասկոտ քմծիծաղ տալով,— դա բոլորովին փոխում է գործի ընթացքը։ Դուք ինքներդ ինձ համար չափազանց հեշտացնում եք գործը, Ավդոտյա Ռոմանովնա։ Այդ որտեղի՞g եք ատրճանակ ճարել։ Հո պարոն Ռազումիխինը չի՞ տվել։ Վա՛հ, ատրճանակը իմն է, վաղուց ծանոթ է։ Այն ժամանակ ես որքան էի դա փնտրում... Գյուղում հրաձգության դասերը, որ ես պատիվ ունեի ձեզ տալ, ապարդյուն չեն անցել։
— Ատրճանակը ոչ թե քոնն է, այլ Մարֆա Պետրովնայինն է, որին դու սպանեցիր, չարագործ։ Նրա տանը դու անձնապես ոչինչ չունեիր։ Ես սա վերցրի, երբ հասկացա, թե դու ինչի ես ընդունակ։ Երդվում եմ, որ ես քեզ կսպանեմ, եթե համարձակվես թեկուզ մի քայլ անել։
Դունյան սարսափելի զայրացած էր։ Ատրճանակը նա պատրաստ էր պահում։
— Հապա եղբա՞յրդ։ Հետաքրքրությունից եմ հարցնում,— ասաց Սվիդրիգայլովը՝ դեռ նույն տեղում կանգնած։
— Մատնիը, եթե ուզում ես։ Չշարժվես տեղիցդ։ Կկրակեմ։ Դու կնոջդ թունավորել էիր, ես այդ գիտեմ, դու ինքդ ես մարդասպանը...
— Իսկ դուք հաստատ հավատացա՞ծ էիր, որ ես թունավորել էի Մարֆա Պետրովնային։
— Դու, դու ինքդ էիր ակնարկում, դու ինձ ասում էիր թույնի մասին․․․ Ես գիտեմ, դու մեկնել էիր թույն բերելու․․․ դա պատրաստ էիր պահում․․․ Դու, անպայման դու թունավորեցիր․․․ ստոր մարդ։
— Եթե դա նույնիսկ ճշմարիտ լիներ, ապա քեզ համար կկատարվեր․․․ այնուամենայնիվ պատճառը դու կլինեիր։
— Ստում ես։ Քեզ միշտ, միշտ ատել եմ...
— Հըմ, Ավդոտյա Ռոմանովնա, երևի մոռացել եք, թե ինչպես խրատներ տալով, հակվում էիք իմ կողմը ու նվաղում... Ես դա աչքերիցդ էի տեսնում, հիշո՞ւմ եք այն երեկոն, լուսինը, սոխակի երգը։
— Ստում ես (Դունյայի աչքերը փայլեցին կատաղությունից), ստում ես, զրպարտիչ։
— Ստո՞ւմ եմ։ Էհ, թերևս ստում եմ։ Սուտ ասացի։ Կանայք չպիտի հիշեն այդ բաները (Սվիդրիգայլովը քմծիծաղ տվեց)։ Գիտեմ, որ կկրակես, գազանի ճուտ։ Դե, կրակիր, էլի։
Դունյան բարձրացրեց ատրճանակը։ Նա մեռելի պես էր։ Խամրած, ստորին շրթունքը դողում էր։ Կրակի նման առկայծող, մեծ, սև աչքերով նա նայում էր Սվիդրիգայլովին, սրտապնդվում, չափ ու ձև անում, սպասում նրա հենց առաջին շարժման։ Սվիդրիգայլովը դեռ երբեք նրան այդչափ գեղեցիկ չէր տեսել։ Ատրճանակը բարձրացնելու րոպեին Դունյայի աչքերից ճառագայթող հուրը ասես վառեց նրան, ու նրա սիրտը ցավագին ճմլվեց։ Նա մի քայլ արեց, ու ճայթքեց կրակոցը։ Դնդակը թռավ նրա մազերի վրայով ու խփեց պատին։ Նա կանգ առավ ու կամացուկ ծիծաղեց։
— Պիծակը կծեց։ Ուղղակի գլխիս է նշան բռնում... Այս ի՞նչ է։ Արյո՜ւն։— Սվիդրիգայլովը հանեց թաշկինակը,― որպեսզի սրբեր արյունը, որ բարալիկ շիթով հոսում էր նրա աջ քունքից. հավանորեն գնդակը մի քիչ քերել էր գանգի մաշկը։ Դունյան իջեցրեց ատրճանակը ու նայեց Սվիդրիգայլովին ոչ թե վախով, այլ ինչ-որ անհեթեթ տարակուսանքով։ Նա կարծես ինքն էլ չէր հասկանում, թե ինչ էր արել և ինչ էր կատարվում։
— Հը՛, վրիպեցիք։ Դե էլի կրակեցեք, ես սպասում եմ,— կամացուկ ասաց Սվիդրիգայլովը՝ դեռ էլի քմծիծաղ տալով, բայց արդեն մռայլ տեսքով,— ես կկարողանամ բռնել ձեզ, նախքան դուք կբարձրացնեք հրահանը։
Դունեչկան ցնցվեց, արագ բարձրացրեց հրահանը և դարձյալ ատրճանակը ուղղեց Սվիդրիգայլովի վրա։
— Թողեք ինձ,— հուսաբեկ ասաց նա,— երդվում եմ, որ նորից կկրակեմ... Ես... Կսպանեմ․․․
— Դե ինչ արած... երեք քայլ հեռավորությունից չի է՛լ կարելի չսպանել։ Իսկ եթե չսպանեք... ապա...— Սվիդրիգայլովի աչքերը փայլեցին, և նա էլի երկու քայլ առաջ անցավ։
Դունեչկան իջեցրեց հրահանը, բայց ատրճանակը չբացվեց։
— Ատրճանակը անկանոն եք լցրել։ Ոչինչ, դուք դեռ հրապատիճ ունեք։ Ուղղեցեք, ես կսպասեմ։
Նա Դունյայի առաջ կանգնած էր երկու քայլ հեռավորությամբ, սպասում էր ու նայում նրան մոլի վճռականությամբ, բորբոք ու կրքոտ, ծանր հայացքով։ Դունյան հասկացավ, որ նա ավելի շուտ կմեռնի, քան իրեն բաց կթողնի։ «Եվ... և, իհարկե, ինքը նրան կսպանի երկու քայլի վրա․․․»։
Հանկարծ նա դեն գցեց ատրճանակը։
— Գցե՛ց,— զարմանքով ասաց Սվիդրիգայլովը և խոր շունչ առավ։ Ինչ-որ մի ծանրություն անմիջապես ընկավ նրա սրտից, և գուցե դա միայն մահվան սարսափի ծանրությունը չէր. այդ րոպեին նա հազիվ թե զգար այդ սարսափը։ Դա փրկություն էր մի ուրիշ, ավելի տխուր ու մռայլ զգացումից, որի ամբողջ ուժը ինքն էլ անկարող կլիներ որոշել։
Նա մոտեցավ Դունյային ու մեղմիկ գրկեց նրա մեջքը։ Դունյան չէր դիմադրում, բայց ամբողջ մարմնով տերևի պես դողալով, աղերսագին նայում էր նրան։ Սվիդրիգայլովը ուզում էր մի բան ասել, բայց նրա շրթունքները ծռմռվում էին, և նա չէր կարողանում բառերը արտասանել։
— Բաց թող ինձ,— աղերսեց Դունյան։
Սվիդրիգայլովը ցնցվեց, այդ ''դու''֊ն արդեն այնպես չէր ասված, ինչպես քիչ առաջ։
— Ուրեմն չե՞ս սիրում,— կամացուկ հարցրեց նա։
Դունյան բացասաբար գլխով արեց։
— Եվ... չե՞ս կարող... երբե՞ք,— հուսաբեկ շշնջաց Սվիդրիգայլովը։
— Երբեք,— շշնշաց Դունյան։
Անցավ մի ակնթարթ։ Սվիդրիգայլովի հոգու մեջ այդ ակնթարթում զարհուրելի, համր պայքար էր տեղի ունենում։ Անասելի հայացքով նայում էր նա Դունյային։ Հանկարծ նա ետ տարավ ձեռքը, շուռ եկավ, արագ մոտեցավ պատուհանին ու կանգնեց դրա առաջ։
Անցավ էլի մի ակնթարթ։
— Ահա բանալին։— (Uվիդրիգայլովը դա հանեց վերարկուի ձախ գրպանից և առանց շուռ գալու, առանց Դունյային նայելու դրեց սեղանին)։— Վերցրեք, շուտ հեռացեք...
Նա պատուհանից համառորեն դուրս էր նայում։
Դունյան մոտեցավ սեղանին, բանալին վերցնելու։
— Շուտ, շուտ,— կրկնեց Սվիդրիգայլովը դեռ էլի առանց շարժվելու և ետ նայելու։ Այդ բառը ակներևաբար ինչ-որ սարսափելի բան էր արտահայտում։
Դունյան այդ հասկացավ, վերցրեց բանալին, նետվեց դեպի դուռը, արագ բացեց ու դուրս թռավ սենյակից։ Մի րոպեից խելահեղորեն, ինքն իրեն կորցրած, աճապարեց դեպի ջրանցքը ու վազ տվեց գեպի № կամուրջը։
Սվիդրիգայլովը էլի երեք րոպե կանգնած էր պատուհանի մոտ. վերջապես, դանդաղ շուռ եկավ, նայեց շուրջը ու ձեռքը դանդաղ տարավ ճակատով մեկ։ Նրա դեմքը ծռմռվեց տարօրինակ ժպիտից, ողորմելի, տխուր, թույլ ժպիտից, հուսալքման ժպիտից։ Արյունը, որ արդեն չորացել էր, աղտեղել էր նրա ձեռքի ափը. նա չարացած նայեց արյունին, հետո թրջեց երեսսրբիչը և սրբեց քունքը։ Հանկարծ նրա աչքովն ընկավ ատրճանակը, որ Դունյան շպրտել էր դռան կողմը։ Նա վերցրեց ու զննեց այն։ Դա գրպանի մի փոքրիկ, երեք փամփուշտ տանող, հին կառուցվածքի ատրճանակ էր։ Մեջը դեռ մնում էր երկու լիցք և մի հրապատիճ։ Կարելի էր կրակել մի անգամ։ Սվիդրիգայլովը մի փոքր մտածեց, ատրճանակը դրեց գրպանը և դուրս ելավ։
== VI ==