}}
<center>'(''Ֆ.Մ. Դոստոևսկու կյանքն ու ստեղծագործությունը''')</center>
«Ձեր առաջ, որպես գրողի, ճշմարտությունն է բացահայտված, տրված է ձեզ ճշմարտությունն իբրև շնորհ. գնահատեցեք, ուրեմն, ձեր այդ շնորհը, հավատարիմ մնացեք նրան, և մեծ գրող կդաոնաք»։ Այսպես ասաց Բելինսկին քսանչորսամյա Դոստոևսկուն, 1845-ի մայիսին, նրա առաջին վիպակի ձեռագիրը կարդալուց հետո։ Գրականության պատմության բացառիկ դեպքերից էր դա. հեղինակավոր քննադատը «հանճար» էր կոչում մի սկսնակ գրողի, որի առաջին երկը տակավին չէր էլ լույս տեսել։ Եվ նա չէր սխալվում։ Չսխալվեց նաև ընթերցող հասարակությունը, երբ «Խեղճ մարդիկ» վիպակը կարդալով զգաց, որ երիտասարդ հեղինակը մի նոր ու հզոր շունչ է բերում ռուս գրականության մեջ։ Իրոք, Դոստոեսկին դարձավ ոչ միայն ռուս, այլև համաշխարհային գրականության տիտաններից մեկը, կանգնեց մարդկային ոգու պատմության մեծագույն դեմքերի շարքին։ Անշուշտ, յուրաքանչյուր մեծ արվեստագետ մի ուրույն աշխարհ է ստեղծում։ Իսկ Դոստոևսկու աշխարհը ոչ թե պարզապես ուրույն է, այլև աննախընթաց մի տեսանկյունից դիտված. ասես նա հոգեբանության մեջ ստեղծեց ու կիրառեց «հարաբերականության տեսությունը», ճանապարհ բանալով դեպի մարդկային հոդու անհունը, այնպես, ինչպես Էյնշտեյնը բնագիտության մեջ արեց այդ հեղաշրջող գյուտը և անհունորեն ընդլայնեց մարդու պատկերացումները՝ իրենից դուրս գտնվող բնության, տիեզերքի մասին։