Ֆիլոմենան, ավարտելով իր պատմությունը, արդեն լռել էր, երբ նրա կողքին նստած Դիոնեոն, թագուհու հատուկ հրամանին չսպասելով, որովհետև գիտեր, որ ըստ սահմանյալ կարգի՝ խոսելու հերթն իրենն է, սկսեց այսպես խոսել․— Սիրելի՛ դամաներ, եթե ես ճիշտ եմ հասկացել մեր ընդհանուր մտադրությունը, ապա մեր այստեղ ժողովվելու նպատակն է պատմություններ անելով զվարճացնել միմյանց։ Ուստի ես գտնում եմ, որ մեզնից յուրաքանչյուրին,— եթե միայն նան այդ կանոնին դեմ չգնա,— թույլատրված է (իսկ որ դա այդպես է, քիչ առաջ ասաց ինքը՝ թագուհին) պատմել այնպիսի նովել, որը իր կարծիքով կպատճառի առավել բավականություն։ Մենք լսեցինք, թե ինչպես Ջիանոտո դի Չիվինիի բարի խորհուրդների շնորհիվ Աբրահամը փրկեց իր հոգին, թե ինչպես Մելքիսեդեկը հնարամտությամբ իր հարստությունը պաշտպանեց Սալադինի որոգայթից․ այդ պատճառով էլ, ձեր կողմից կշտամբանքների չսպասելով, ես մտադիր եմ համառոտակի պատմել, թե ինչպիսի խորամանկությամբ մի վանական ազատվեց ծանր պատժից։
Այստեղից ոչ շատ հեռու՝ Լուիջիանա գավառում, կար մի վանք, որը մի ժամանակ իր սրբությամբ ավելի էր հռչակված և ուներ ավելի շատ վանականներ, քան այժմ։ Ի թիվս այլոց՝ այնտեղ կար մի ջահել վանական, որի մարմնական ուժերին ու թարմությանը չթին կարողացել վնասել ո՛չ ծոմերը, ո՛չ էլ հսկումները։ Մի անգամ կեսօրին, որն մնացած բոլոր վանականները քնած էին, իսկ նա միայնակ թափառում էր իր եկեղեցու շուրջը, որը գտնվում էր մի խիստ առանձնացած վայրում, պատահմամբ նկատեց մի շատ գեղեցիկ աղջկա, որը հավանաբար որևէ գյուղացու դուստր էր և դաշտում շրջելով՝ խոտեր էր հավաքում։ Աղջկան տեսած-չտեսած՝ վանականը մարմնական խիստ ցանկություն զգաց, ուստի մոտենալով նրան՝ զրույցի բռնվեց նրա հետ, և գործն այնպիսի ընթացք ընդունեց, որ նա աղջկա համաձայնությունն առնելով՝ նրան տարավ իր խուցը այնպես, որ ոչ ոք չնկատեց։ Եվ մինչդեռ չափազանց ուժգին տռփանքով համակված, այնքան էլ չզգուշանալով՝ նա քեֆ էր քաշում նրա հետ, եղավ, որ վանահայրը, քնից ելնելով և անցնելով նրա խցի մոտով, լսեց այն աղմուկը, որ առաջացրել էին նրանք երկուսով։ Որպեսզի կարողանար ավելի լավ որոշել ձայները, նա ականջ դնելու նպատակով զգույշ մոտեցավ դռանը և հաստատ իմացավ, որ ներսում կին կա, և մի պահ գայթակղություն ունեցավ հրամայելու, որ դուռը բանան, բայց հետո միտքը փոխեց ու որոշեց այլ կերպ վարվել և, վերադառնալով իր սենյակը, սկսեց սպասել, մինչև որ վանականը դուրս գար խցից։ Վանականն էլ, թեպետև այն կնոջ հետ մեծագույն բավականության ու վայելքի էր տրված, այնուամենայնիվ կասկածը սրտումն էր, և քանի որ նրան թվաց, թե դռան մոտից ոտքերի քստքստոց է լսվում, աչքը դեմ արավ նեղլիկ ճեղքին և չափազանց պարզ ու որոշ տեսավ, որ վանահայրը ականջ է դնում, և շատ լավ հասկացավ, որ նա չի կարող կռահած չլինել աղջկա ներկայությունն իր խցում։ Լավ իմանալով, որ դրա համար իրեն ծանր պատիժ է սպասում, նա խիստ վշտացավ, բայց և այնպես, աղջկան բնավ ցույց չտալով իր վիշտը, մտքում ծանր ու թեթև արեց բազում հնարներ, որպեսզի տեսներ, թե դրանցից որը կարող էր փրկարար լինել։Եվ նրա մտքով անցավ չտեսնված մի խորամանկություն, որը և նրան հասցրեց իր խորհած վախճանին։ Այնպես ցույց տալով, թե արդեն սրտի ուզածին չափ եղել է աղջկա հետ՝ նա վերջինիս ասաց․ «Ես մի գնամ ու տեսնեմ, թե դու այստեղից ինչպես պիտի դուրս գաս առանց նկատվելու, ուստի հանգիստ նստիր, քանի դեռ չեմ վերադարձել»։ Դուրս գալով խցից և դուռը ամուր կողպելով՝ նա գնաց ուղիղ բանահոր սենյակը և բանալին հանձնելով նրան, ինչպես վանքից հեռանալիս անում էին բոլոր վանականները, հանգիստ ու անայլայլ դեմքով ասաց․ «Մեսսերե, այս առավոտ ես ազատ ժամանակ չունեցա բերել տալու այն վառելափայտը, որ հատել եմ տվել։ Ուստի , թույլ տվեք գնամ անտառ ու պատվիրեմ ցախը բելեր»։ Վանահայրը, ցանկանալով ստույգն իմանալ վանականի հանցանքը և ենթադրելով, որ նա չի կռահել, որ ինքը տեսել է նրա արածը, ուրախացավ այդ պատեհ առիթի համար, սիրով վերցրեց բանալին ու նրան թույլ տվեց գնալ։ Տեսնելով, որ վանականը գնաց, նա սկսեց խորհել, թե ինչ կերպ վարվի, որ ավելի լավ լինի․ արդյոք բոլոր միաբանների ներկայությամբ բանա՞ խցի դուռն ու ափաշկարա դարձնի հանցանքը, որպեսզի նրանք պատճառ չունենան տրտնջալու, երբ ինքը պատժելու լինի վանականին, թե՞ նախապես աղջկանից իմանա՝ ինչպես էր եղել բանը։ Միտք անելով, որ նա կարող է այնպիսի կին կամ այնպիսի մարդու աղջիկ լինել, որ թերևս ինքը չէր ցանկանա նրան խայտառակել բոլոր վանականների առաջ, նա որոշեց նախ և առաջ իմանալ՝ ով է նա, և նոր միայն որևէ միջոցի դիմել։ Սուսիկ-փուսիկ մոտենալով խցին՝ նա բաց արեց դուռը և ներս մտնելով՝ փակեց ներսից։ Տեսնելով վանահորը՝ աղջիկը, ինքն իրեն բոլորովին կորցրած, վախենալով խայտառակվելուց, սկսեց լաց լինել, իսկ վանահայրը, մի լավ աչքելով նրան և տեսնելով, որ սիրուն է ու ջահել, հանկարծ, թեպետև ծեր էր, երիտասարդ վանականից ոչ պակաս զգալով ցանկությունը մարմնական, սկսեց ինքն իր մեջ այսպես խորհել․ «Ինչու՞ պիտի ես հաճույք չճաշակեմ, երբ կարող եմ այդ անել, իսկ տհաճություններն ու ցավերը միշտ էլ անպակաս են մեր գլխից։ Նա սիրուն աղջիկ է, իսկ որ այստեղ է՝ ոչ ոք չգիտի։ Եթե ես հաջողեմ նրան համոզել, որ ցանկությունս կատարի, ապա չեմ հասկանում՝ ինչու պիտի սրտիս ուզածը չանեմ։ Ո՞վ պիտի իմանա։ Ոչ ոք էլ չի իմանա, իսկ ծածուկ արված մեղքը կիսով չափ ներված է։ Այսպիսի առիթ թերևս երբեք չներկայանա, և եթե Աստված որևէ մեկին բարիք է տալիս, ապա դրանից օգտվելը ես համարում եմ մեծ իմաստություն»։ Այսպես խորհելով և բոլորովին փոխելով այն մտադրությունը, որով եկել էր, նա մոտեցավ աղջկան, սկսեց մեղմաբար մխիթարել՝ խնդրելով, որ լաց չլինի։ Եվ այդպես խոսելով՝ կամաց-կամաց խոսքն այնտեղ բերեց, որ աղջկան հայտնեց իր փափագը։ Աղջիկն էլ, դե, երկաթից ու ադամանդից չէր շինված և շատ հեշտ համաձայնեց կատարել վանահոր ցանկությունը։ Գրկելով նրան և համբուրելով շատ ու շատ անգամ՝ վանահայրը բարձրացավ վանականի անկողնու վրա և նկատի առնելով իր արժանապատվության պատկառելի կշիռը և աղջկա երիտասարդ հասակը կամ թերևս վախենալով նրան վնաս պատճառել իր չափազանց ծանրությամբ՝ չպառկեց նրա վրա, այլ նրան պառկեցրեց յուր անձի վրա և այդպես երկար ժամանակ զվարճացավ հետը։ Իսկ վանականը, որ իբր թե գնացել էր անտառ, թաքնվեց դորմիտորիայում և հենց որ տեսավ, որ վանահայրը մենակ մտավ խուցը, միանգամից հանգստացավ՝ մտածելով, որ իր խորհածը գլուխ պիտի գա։ Տեսնելով, որ վանահայրը դուռը ներսից փակեց, նա արդեն գործը գլուխ եկած հաշվեց։ Դուրս գալով իր թաքստոցից՝ նա կամացուկ մոտեցավ դռան ճեղքին, որի միջից լսեց ու տեսավ այն ամենը, ինչ ասում կամ անում էր վանահայրը։ Երբ վանահորը թվաց, որ աղջկա հետ արդեն բավականաչափ եղել է, առաջվա պես նրա վրա կողպեց խցի դուռը և վերադարձավ իր սենյակը։ Պահ մի անց լսելով վանականի ոտքերի ձայնը և ենթադրելով, որ նա անտառից է վերադարձել, որոշեց մի թունդ շշպռել նրան և արգելարան դնելու հրաման տալ, որպեսզի կարողանար մենակ վայելել ձեռն ընկած որսը։ Կանչել տալով վանականին՝ նա ամենայն խստությամբ և դեմքի ահասաստ արտահայտությամբ նախատեց նրան և կարգադրեց փակել արգելարանում։ Սակայն վանականը անմիջապես առարկեց նրան․«Մեսսերե,— ասաց նա,— վաղուց չէ, ինչ ես հարում եմ սբ․ Բենեդիկտի ուխտին և դեռևս չեմ կարողացել յուրացնել նրա բոլոր առանձնահատկությունները, իսկ դուք դեռևս ժամանակ չեք ունեցել ինձ հրահանգելու, որ վանականները պարտավոր են կանանց տակ էլ մտնել, ինչպես ծոմերի և հսկումների ծանրության տակ։ Այժմ երբ դուք արդեն այդ ցույց եք տվել ինձ, ես ձեզ խոսք եմ տալիս, եթե այս անգամ ինձ ներելու լինեք, այլևս երբեք չմեղանչել այդ պատվիրանը չկատարելով, այլ միշտ անել այնպես, ինչպես որ տեսա՝ անում էիք դուք»։ Վանահայրը, որ հասկացող մարդ էր, իսկույն գլխի ընկավ, որ վանականը ոչ միայն իր գործից շատ ավելի է հասկանում, այլև տեսել է այն ամենը, ինչ արել էր ինքը։ Ուստի սեփական հանցանքի գիտակցումից խայթված՝ նա ամաչեց վանականին տալ այն պատիժը, որին նրա հետ միասին արժանի էր և ինքը։ Ներելով նրան և պատվիրելով տեսածի մասին լռել, վանահայրը նրա հետ միասին զգուշաբար խցից հանեց ու ճամփու դրեց աղջկան, և պետք է ենթադրել, որ նրանք դեռ շատ ու շատ անգամ նրան բերեցին այնտեղ։ ==='''ՆՈՎԵԼ ՀԻՆԳԵՐՈՐԴ'''=== ''Մոնֆերանտոյի դքսուհին հավի մսին պատրաստված ճաշով և մի քանի սիրալիր խոսքով փարատում է այն խելացնոր ցանկությունը, որ նրա նկատմամբ տածում էր Ֆրանսիայի թագավորը''