Changes

Խամսայի Մելիքությունները

Ավելացվել է 106 437 բայտ, 19:10, 17 Փետրվարի 2016
===XXI===
Իբրահիմ-խանը Իսրայել կաթողիկոսի ուղարկած թղթերը ստանալուց հետո լուռ մնաց, այնպես ձևացնելով, թե ինքը մելիքների գործողություններից ամենևին տեղեկություն չունի։ Հետո բարեկամաբար հրավիրեց իր մոտ Մելիք-Մեջլումին, Մելիք-Աբովին և Մելիք-Բախտամին, իբր թե երկրի կառավարության գործերի վերաբերությամբ նրանց հետ կարևոր խորհելիքներ ունի։ Երբ նրանք եկան, Մելիք-Մեջլումին և Մելիք-Աբովին կալանավորեց Շուշի բերդում, իսկ Մելիք-Բախտամին, որի հետ ավելի մեծ թշնամություն ուներ, մատնեց պարսից կառավարությանը, իբրև քաղաքական հանցավոր, որ ձգտում էր պարսից երկրների մեջ մտցնել ռուսներին։ Մելիք-Բախտամին տարան Պարսկաստան և բանտարկեցին Արդավիլի բերդում։ Պետք է ի նկատի առնել, որ այդ բերդում, պարսից վաղեմի սովորությունների համեմատ, բանտարկվում էին ոչ թե հասարակ հանցավորները, այլ միայն նշանավոր քաղաքական հանցավորները իշխանական բարձր տոհմերից։ Մելիք-Բախտամը Մելիք-Ավան-խանի թոռը, նույնպես փոքր մարդ չէր։ Նրա ազգատոհմը ծանոթ էր Պարսկաստանին սկսյալ Ննադիր-շահի օրերից։ Մելիք-Բախտամի կալանավորությունից հետո նրա երկիրը (Տիզակը) պարսկական գավառ դարձավ։ Մելիքներին իր ճանկերի մեջ պահելուց հետո նա մի խումբ ձիավորներ ուղարկեց, Գանձասարի հարուստ վանքը կողոպտեցին. կայքերի մի մասը միայն կարողացան առաջուց թաքցնել։ Հետո Հովհաննես կաթողիկոսին բռնելով, իր հինգ եղբայրների հետ<ref>Հովհաննես կաթողիկոսը յոթ եղբայրներ ուներ, դրանցից մեկն էր Սարգիս եպիսկոպոսը, որ հետո կաթողիկոս դարձավ. մյուս վեց եղբայրները դրանք էին՝ Գաբրիհլ-բեկ, Դանիել-բեկ, Իսրայել-բեկ, Միսայել-բեկ, Ջալալ-բեկ և Ալլահ-Ղուլի-բեկ դավաճանը, որ մատնեց բոլորին։</ref> բերեցին Շուշի բերդը։ Բոլորը բանտարկվեցան։ Այնուհետև սկսեց զանազան բարբարոսական տանջանքներով չարչարել նրանց։ Հովհաննես կաթողիկոսին թունավորելով, բանտի մեջ սպանեց (1786). իսկ նրա եղբայրներին և մյուս ազգականներին ամբողջ ինն ամիս բանտի մեջ մաշեց։ Քսան օր շարունակ Սարգիս եպիսկոպոսի ոտները փայտով ծեծել էր տալիս, որ նա ցույց տա ռուսաց կառավարությունից ստացած թղթերը։ Բայց թղթերը առաջուց կրակի մեջ ձգելով այրել էին։ Վերջը Գանձասարի վանքը ութն հազար թուման<ref>Մի ձեռագրի պատմության մեջ գրված է 56 հազար թուման։</ref> տուգանքի ենթարկելով, Սարգիս եպիսկոպոսից ստացավ այդ գումարը, հետո նրան իր եղբայրների հետ արձակեց բանտից։ Բայց Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը երկար չմնացին բանտում։ Նրանք կալանավորված էին առանձին տեղում։ Հենց որ կալանավորությունը լսեց Մելիք-Մեջլումի քաջ զորապետ Արզումանը, նա իր հետ առեց իր երկու աներկյուղ ընկերներին,— Դալի Մահրասային (Ավագ վարդապետին) և զարգար Մելքումին, գիշերով մտան Շուշի բերդը և բանտի դռները խորտակելով, ազատեցին մելիքներին։ Իսրայել կաթողիկոսը իր մատուցած ծառայությունների համար ստացավ Իբրահիմ-խանից Աղվանից կաթողիկոսական աթոռը, այն աթոռը, որի գրավելու համար նա սպանել տվեց Հովհաննեսին։ Բայց նրան թույլ տվեցին նստել Ամարասա վանքում, որ ավելի մոտ լինի խանին և մնա նրա ձեռքի տակ։ Գանձասարի վանքում այդ ժամանակ նստած էր նահատակված Հովհաննես կաթողիկոսի եղբայր Սարգիս եպիսկոպոսը։ Եվ այսպես, Խամսայի հինգ տիրապետող մելիքներից մնաց երկուսը՝ Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբովը և Մելիք-Իսրայհլյան Մելիք-Մեջլումը։ Մյուս երեքը համարյա թե ոչնչացան։ Տիզակի Մելիք-Ավանյան Մելիք-Բախտամը աքսորվեցավ Պարսկաստան և որպես Արշակ Երկրորդը պահվում էր Անուշ բերդում, դա էլ նույնպես պահվում էր Արդավիլի բերդում։ Խաչենի Հասան-Ջալալյան մելիքները, որպես հետո կտեսնենք, Հովհաննես կաթողիկոսի մահից հետո, բոլորը ցրիվ եկան, տարագրվեցան։ Խաչենում տիրում էին Իբրահիմ-խանից կարգված մելիքները։ Մնում էր Վարանդայի իշխողը — Մելիք-Շահնազարը, Բոլոր չարիքների հորինողը, Իբրահիմ-խանի սիրելին։ 1787 թվին գեներալ Բուրնաշովը վրաց Հերակլ իշխանի հետ ռուսաց զորքերով մոտեցան Գանձակին։ Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը Շուշի բերդից փախչելուց հետո անմիջապես գնացին Հերակլի և Բուրնաշովի մոտ։ Նրանք հույս ունեին, որ իրանց շատ անգամ հաղորդված խոստմունքների համեմատ, օգնական զորք կստանային, որ գան Իբրահիմ-խանի հետ պատերազմեն և իրանց հպատակներին կրկին տիրեն։ Եվ իրավ, նրանց խոստացան տալ չորս հազար զինվորներ իշ. Օրբելյանիի հրամանատարության ներքո։ Բայց միևնույն ժամանակ (1787) ծագեց ռուսաց երկրորդ պատերազմը օսմանցիների հետ. գեներալ Բուրնաշովը անսպասելի հրաման ստացավ, որ իր գունդերով վերադառնա Ռուսաստան։ Այդ պատճառով Բուրնաշովը և Հերակլը չկարողացան կատարել իրանց խոստմունքը։ Հերակլը ռուսաց զորքերի հետ գնաց Թիֆլիս, իսկ Մելիք-Մեջլումը և Մելիք- Աբովը, զրկված օգնությունից, գնացին նրա հետ։ Այդ տեսնելով, Իբրահիմ-խանը ավելի վստահություն ստացավ, ավելի կատաղի դարձավ։ Մինչև այնօր նա երկյուղ ուներ ռուսներից, բայց ռուսները հայտնվեցան և երազի նման դարձյալ աներևութացան։ Այնուհետև այլևս ի՞նչը կարող էր նրան զսպել։ Մելիքների միաբանությունը քայքայված էր. հայոց կաթողիկոսն անգամ նրա ձեռքում մի անարգ գործիք էր դարձել իր հայրենիքի կործանման համար։ Մնացել էին երկու մելիքներ միայն,— Աբովը և Մեջլումը,— ճշմարիտ հայրենասերներ, պատվի և զգացմունքի տեր տղամարդիկ,— դրանք ևս օտարների դռներում օգնություն էին մուրում,— այն մարդիկը, որոնց զորությունից սարսափում էր Իբրահիմ-խանը։ Իբրահիմ-խանը, երբ լսեց, որ երկու մելիքները ռուսաց զորքերի հետ գնացել էին Թիֆլիս, Մելիք-Մեջլումի մորը և Մելիք-Աբովի ընտանիքից մի քանի հոգի բռնել տվեց և բերելով Շուշի բերդը, այնտեղ պահեց իբրև պատանդ։ Հետո Մելիք-Մեջլումի երկիրը կողոպտեց, ավերակ դարձրեց. նրա տեղը կարգեց Գյուլ-Յաթաղ գյուղի Ռուստամ-բեկին<ref>Այդ Ռուստամ-բեկը Միսայել-բեկի եղբայրն էր. մեր պատմության մեջ տեսանք, որ Միսայել-բեկը, կաշառված Իբրահիմ-խանից, կամենում էր Մելիք-Մեջլումին սպանել, որ Ջրաբերդի մելիքությունը ինքն ստանա։ Այժմ ստացավ նրա եղբայրը, անպատիվ հպատակություն խոստանալով մահմեդական խանին։</ref>, որը խանի սիրելի Իսրայել կաթողիկոսի քրոջ ամուսինն էր։ Մելիք-Աբովի տեղը նույնպես ուրիշին կարգեց։ Իբրահիմ-խանը այժմ հասավ իր նպատակին. նա իրան ամբողջ Ղարաբաղի տերն էր համարում։ Այնտեղ մնացած մելիքները, թեև վայելում էին իրանց վաղեմի արտոնությունները, բայց բացի Վարանղայի Մելիք-Շահնազարից, մյուսները խանի ստորադրյալներն էին համարվում։ Բայց Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը հանգիստ չմնացին. նրանք չէին կարող անպատիժ թողնել մահմեդական խանին, որ իրանց հայրենիքը ավեյակ դարձրեց... ===XXII=== Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը Թիֆլիսում երկար չմնացին։ Այնքան զոհողություններ կրելուց հետո, հայրենիքը, ընտանիքը թշնամու ձեռքում թողնելուց հետո, մեծ հույսերով Թիֆլիս գալուց և այնտեղ հուսահատ մնալուց հետո, երկու մելիքները՝ Մեջլում և Աբով, դարձյալ իրանց երեսները հետ չէին դարձնում Ռուսաստանից, դարձյալ մեծ ակնկալություններ ունեին նրա պաշտպանության վրա։ Նրանք նամակով դիմեցին գեներալ-անշեֆ Տեկելլուն, նկարագրելով այն բոլոր դժբախտությունները, որ կրեցին իրանք, սկսյալ այն օրից, երբ, գեներալ-պորուչիկ Պոտյոմկինի խոստմունքներից հրապուրված, անձնատուր եղան Ռուսաստանին, սկսեցին պատերազմել Իբլաահիմ-խանի հետ, նկարագրեցին այն բոլոր բարբարոսությունները, nր կատարեց այդ խանը։ Նրանք դարձյալ խնդրում էին կայսրուհու պաշտպանությունը՝ հետևյալ պայմաններով. 1) Բարբարոսների լուծը իրանքից հեռացնելու համար տալ իրանց '''իսկությամբ''' օգնություն զորքերով, թեև փոքր թվով։ Որովհետև նրանք, միացնելով իրանց ուժերը ռուսաց զորքերի հետ, կարող էին միայն իրանց ահարկու անունով ոչնչացնել պարսից զորությունը և ճնշել Շուշվա խանի իշխանությունը։ Միևնույն ժամանակ խնդրում էին տալ իրանց մի գլխավոր հրամանատար, որ իր արժանավորություններով և հատկություններով ընդունակ լիներ գործին։ 2) Եթե իրանք հիշյալ պաշտպանությունը ստանալ չէին կարող, խնդրում էին, որ թույլ տրվի իրանց տեղափոխվել Կասպից ծովի ափերի մոտ, Դերբենդի շրջակայքում, այնտեղ նոր գաղթականություն հիմնելու համար։ Իսկ իրանց տրվելիք նոր երկրները պիտի համարվին իրանց '''սեփականություն''', տալով մելիքներին և նրանց ժառանգներին '''լիակատար իշխանություն''' իրանց հպատակների վրա տիրելու։ Միևնույն ժամանակ Ղարաբաղի մելիքների պատգամավոր և ռուսաց գործակատար Ստեփան Դավթյանը խնդրում էր Պոտյոմկինից շուտափույթ օգնություն հասցնել մելիքներին։ Նա էլ խոստանում էր ուղարկել Դերբենդ վեց գունդ զորք, ցանկացողներին ռուսաց հովանավորության ներքո ընդունելու համար։ Հիշյալ գաղթականության մասին Ռուսաստանի Հայոց արքեպիսկոպոս Հովսեփը իր ընդարձակ տեղեկագրի մեջ, որը իշխան Գրիգոր Ալեքսանդրովիչ Պոտյոմկինի միջնորդությամբ ներկայացրեց Եկատերինա II կայսրուհուն, ի միջի այլոց գրում է հետևյալը. «Սեպտեմբերի 19-ին, 1789 ամի Ղարաբաղի մելիքները, իրանց ստացած '''մխիթարական''' թղթերի համար, հայտնեցին ինձ՝ հայոց արքեպիսկոպոսիս իրանց շնորհակալությունը, և իմացում են տալիս հետևյալի մասին.— թե իրանք, մելիքները, տեղեկություն են ստացել, իբր թե նորին պայծառափայլությունը, իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինը, հրամայել է գեներալ Պետր Աբրամովիչ Տեկելլուն, որ մելիքներին կանչե Ռուսաստան և թե հիշյալ գեներալ Տեկելլու կողմից այդ գործի մասին իրանց ոչինչ հաղորդված չէ։ Այդ պատճառով ինձանից (արքեպիսկոպոսից) հատկապես խնդրում են, որ նրանց ճիշտ տեղեկություն տամ։ Մելիքները հայտնում են ինձ իրանց մեջ վճռած բոլոր պայմանները իրանց պահանջների վերաբերությամբ և խնդրում են, որ նրանց իմացում տամ նորին պայծառափայլության բարի կարգադրության մասին։ Հիշելով այն խնդիրքները, որ իրանց նախնիքը մատուցել են Պետրոս Մեծին, և հիմնվելով կայսրի ողորմածության վրա, որ նա ցույց էր տվել նույն խնդիրքների առիթով,— մելիքները այժմ նույնպես խնդրում են, որ իրանց թույլ տրվի գաղթել Դերբենդի կողմերը, և այդ երկրները վավերացվեն նրանց անունով որպես '''մշտական ժառանգություն'''։ Իսկ եթե հարկ կհամարվի նրանց գաղթել Ռուսաստան, խնդրում են Վրաստանում գտնված ռուսաց զորքից օգնություն, որպեսզի իրանց ժողովրդի հետ միասին կարողանան անվտանգ կերպով հեռանալ Ղարաբաղի իշխանությունից։ Միևնույն ժամանակ հայտնում են, որ իրանց ամբողջ հասարակությունը, այդ երկու առաջարկության մեջ, համաձայնվելով մելիքների հետ, խնդրում են, որ նրանց տեղեկություն տան, թե արդյոք որտե՞ղ, ո՞ր երկրում նրանց հողեր կտան,— եթե Ռուսաստանում, ուրեմն, ի՞նչ պայմաններով։ Մելիքները պահանջում են, որ բարեհաճեն վերահաստատելու իրանց ունեցած '''վաղեմի արտոնությունները''', որ ամենահին ժամանակներից վայելում էին իրանք, և որը մինչև անգամ իրանց թշնամիները չեն կամեցել խափանել։ Այսինքն, որ նրանք իրավունք ունենան տիրելու իրանց հպատակների վրա, և իրանց հաջորդները նույնպես իրավունք ունենան ժառանգելու հոր իշխանությունը։ Նույնպես և, այն երկրները, որ կտրվեն նրանց բնակությանն համար, կարողանան սեփականացնել իրանց միևնույն իրավունքներով։ Հիշյալ երկու մելիքները, Մեջլում և Աբով, իրանց խնդիրքը մատուցանելուց հետո, հավատացնում են, որ մնացյալ երեք մելիքներն ևս, որ մնացել են Ղարաբաղում, համաձայն են իրանց հետ։ Այդ բոլորը հաղորդելով ի գիտություն ձերդ պայծառափպյլության, (Պոտյոմկինին) նորին կայսերական մեծությանը զեկուցանելու համար, հատկապես և ամենախոնարհաբար խնդրում եմ, որ շնորհվի նրանց բարձրագույն ողորմած հովանավորություն, որով նշանավոր օգուտ կլինի Ռուսաստանին։ Իսկ ինձ պետք է հրահանգ տալ, թե ի՛նչ կարող եմ հայտնել նրանց։ Որովհետև ես առանց աոանձին թույլտվության, առանց բարձրագույն բարեհաճության կամ ձեր պայծառափայլությունից տեղեկություն ստանալու, նրանց պատասխանել կարող չեմ։ Իսկ հիշյալ երկու մելիքների, Մեջլումի և Աբովի, նամակների իսկականը, իրանց թարգմանության հետ, ուղարկում եմ այդ թղթով»։ Թե ի՞նչ պատասխան ստացան մելիքները, մեզ հայտնի չէ, միայն այդքանը հայտնի է, որ ռուսները այդ միջոցներում զբաղված էին թուրքական պատերազմով և հազիվ թե ժամանակ ունեին մի հիմնավոր կարգադրություն անելու մելիքների ծանր դրությունը փոքր-ինչ հեշտացնելու համար։ Նրանք, առժամանակ միայն մնալով Հերակլ իշխանի, մոտ, առաջարկում էին նրան միանալ իրանց հետ և ոչնչացնել Իբրահիմ-խւսնի իշխանությունը, Հիշեցնում էին նրան այն բարբարոսական ասպատակությունները, որ մի քանի տարի առաջ Վրաստանում կատարեց Ավարիայի Օմար-խանը Իբրահիմ-խանի դրդելով։ Հերակլը խոստանում էր կատարել նրանց ցանկությունը, միայն խորհուրդ էր տալիս փոքր-ինչ սպասել։ Բայց մելիքները սպասելու համբերություն չունեին, նրանց հպատակները, նրանց ընտանիքը մինչև անգամ գտնվում էին Իբրահիմ-խանի ձեռքում։ Այդ միջոցներում Հերակլը նամակ է ստանում Ւբրահիմ-խանից։ Խանը գրում է նրան, որ Մելիք-Մեջլումին և Մելիք-Աբովին բռնե և իր մոտ ուղարկե։ Իսկ դրանց փոխարեն խոստանում էր խանը հետ ուղարկել այն 3000 թուրք ընտանիքներին, որոնք առաջ վրաց հպատակներ էին, բայց Բորչալուի կողմերից փախել էին Ղարաբաղ, բնակվում էին Ասկարանի բերդի մերձակայքում։ Վրաց իշխանը ոչ այնքան իր հպատակները հետ ստանալու ցանկությամբ, որքան երկյուղ կրելով Իբրահիմ-խանի վրեժխնդրությունից, մտածում է կատարել նրա հրամանը և իր մոտ ապաստանած հյուրերին վատությամբ կալանավորելով, ուղարկել դահճի մոտ: Նրա խորհուրդը հայտնվում է հայոց մելիքներին։ Հերակլի քարտուղարը, որը կոչվում էր Միրվա-Գիորգին, և գիտեր պարսկերեն ու արաբերեն, ազգով հայ էր։ Իբրահիմ-խանի նամակը կարդալուց հետո բովանդակությունը հայտնում է մելիքներին։ Որպես պատմում են, Հերակլը Թիֆլիսի Օրթա-ճալա կոչված այգիներում ճաշ է պատրաստում, այնտեղ հրավիրում է երկու մելիքներին, որ արբեցնե, այնուհետև իր սեղանի վրա կալանավորե հյուրերին։ Մելիքներին արդեն հայտնի էր նրա դիտավորությունը. դեռ ճաշից առաջ ձի են նստում, պատճառելով, թե կամենում են մերձակայքում որսորդություն անել իշխանի սեղանի համար: Նրանք այլևս չեն վերադառնում։ Երկու մելիքները ունեին իրանց մոտ հարյուր ձիավորներ միայն, թողնում են անհյուրընկալ Թիֆլիսը և ուղևորվում են դեպի Գանձակ։ Ճանապարհին հանդիպում են նրանց վրացի սայլապաններ, որ գնում էին դեպի քաղաքը. դրանց միջոցով Մելիք-Մեջլումը լուր է տալիս Հերակլին, ասելով, թե գնացեք հայտնեցեք ձեր իշխանին, որ Մելիք-Մեջլումը չի մոռանա նրա հյուրասիրությունը... Եվ իրավ, Մելիք-Աթամի պատվասեր որդին չմոռանալով վրեժխնդիր լինել վրաց իշխանի խաբեության համար, նրա սարքած ճաշը մի քանի տարուց հետո Թիֆլիսի կործանման պատճառը դարձավ... Վրաց իշխանի նենգավորությունը սաստիկ վիրավորեց Մելիք-Մեջլումի զգայուն սիրտը։ Ռուսաստանի հայոց Հովսեփ արքեպիսկոպոսը այնքան մեծ համարում ուներ Հերակլի վրա, որ մինչև անգամ մտածում էր, եթե չհաջողվի իշխան Պոտյոմկինին հայ-վրաց միացյալ իշխանության աթոռի վրա բազմեցնել, նրանից հետո ի նկատի ուներ միայն Հերակլին։ Իսկ այդ երկչոտը, սարսափած Իբրահիմ-խանի նամակից, կամենում էր նրա ձեռքը մատնել Ղարաբաղի երկու նշանավոր մելիքներին, որոնց նույն խանի դեմ օգնական զորք տալու հույսով հրավիրեց իր մոտ Թիֆլիս։ Երկու մելիքները Թիֆլիսից եկան Գանձակ, տեղային Ջավադ-խանը սիրով ընդունեց նրանց, բնակության տեղ տվեց իր քաղաքում և նրանց կեցության համար ռոճիկ նշանակեց։ Թեև Իբրահիմ-խանը մի քանի անգամ դիմեց Ջավադ-խանին և զանազան խոստմունքներում խնդրեց նրանից, որ մելիքներին իր ձեռքը տա, բայց Ջավադ-խանը ավելի մեծահոգի գտնվեցավ, քան թե վրաց իշխանը և մերժեց նրա խնդիրքը։ ===XXIII=== Երբ Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը հանգստություն գտան Գանձակ քաղաքում, այստեղ լսեցին այն բոլոր բարբարոսությունները, որ Իբրահիմ-խանը գործ էր դրել Հովհաննես կաթողիկոսի և առհասարակ Հասան-Ջալալյան տոհմի վրա,— լսեցին Գանձասարի հարուստ վանքի կողոպտվիլը և շարունակ հալածանքները, որ բռնակալը կատարում էր այդ վանքի միաբանության վրա, չարչարելով նրանց և պահանջելով, եթե այլևս վանքային թաքցրած կայքեր են մնացել, իրանց ցույց տան։ Մելիք-Մեջլումը, որպես գիտենք, նահատակված Հովհաննես կաթողիկոսի քրոջ որդին էր։ Նա Գանձակից ուղարկեց մի խումբ ձիավորներ Թյուլի-Արզումանի և զարգար Մելքումի առաջնորդությամբ, որ գնան Գանձասարի վանքը և Հովհաննես կաթողիկոսի եղբայր Սարգիս եպիսկոպոսին մյուս միաբանների հետ բերեն Գանձակ։ Արզումանի խումբը, գալով Խաչեն, թաքնվում են Գանձասարի վանքի մոտ, անտառի մեջ, Կրատափ կոչված տեղում, և իմացում են տալիս Սարգիս եպիսկոպոսին, որ պատրաստվի փախչելու։ Լրտեսների թիվը այդ ժամանակ այնքան բազմացել էր հայերի մեջ, որ Սարգիս եպիսկոպոսը ստիպված, է լինում սկզբից մի խորամանկություն գործ դնել, որպեսզի իրանց փախուստի մասին խանին չմատնեն։ նա հանկարծ լուր է տարածում, թե ասպատակներ են հայտնվել, պետք է հարձակում գործեն։ Այդ լսելով, շրջակա գյուղացիները հավաքվում են Գանձասարի վանքի, ամրության մեջ, որ այնտեղ պատսպարվեն։ Այդ ժամանակ եպիսկոպոսը նրանցից, որին որ կասկածավոր էր համարում, բռնել է տալիս և վանքում բանտարկում է։ Բայց չնայելով նրա գործ դրած նախազգուշությանը, թշնամու համար միշտ պատրաստ հայ լրտեսներից մեկը արդեն խանին իմացում էր տվել բոլորը, թե Սարգիս եպիսկոպոսը փախչելու է Գանձակ և վանքի մնացած հարստությունը տանելու է իր հետ։ Խանը ուղարկեց մի խումբ ձիավորներ, որ, փախստականներին կալանավորեն և վանքային բոլոր իրեղենները հափշտակեն։ Նրանք այնպես շուտափույթ կերպով վրա հասան, որ, փախստականները միջոց չունեցան իրանց հետ վեր առնել վանքային իրեղենները, որոնք մնացին իրանց թաքցրած տեղերում։ Թեև վանքային հարստությունը ազատվեցավ, այսուամենայնիվ, Մելիք-Մեջլումի ուղարկած մարդիկներին մեծ քաջություն էր հարկավոր, որ կարողանային եպիսկոպոսին և նրա ընկերներին ազատել խանի ձիավորների ձեռքից։ Այդ միջոցին օգնության հասավ ինքը բնությունը։ Մռավ լեռների վրա պատեց Ղարաբաղի այն սովորական թանձր մառախուղը, որ մի քայլ հեռավորության վրա ոչինչ չէ կարելի տեսնել։ Արզումանը իր խումբը երկու մասի բաժանեց, մի մասը հանձնեց զարգար Մելքումին և պատվիրեց նրան, որ եպիսկոպոսին մյուսների հետ առանձին ճանապարհով տանե դեպի Գանձակ, իսկ ինքը մնացած մասի հետ ետ մնաց և սկսեց կռվել խանի ձիավորների հետ։ Նրան հաջողվեցավ մեծ հաղթություն գործել մի քանի հարյուր, ձիավորների դեմ, որոնցից շատերին բռնելով, ականջները և քթները կտրեց և ետ ուղարկեց, ասելով. «Գնացեք ձեր խանին խաբար տարեք, որ Արզումանը հեշտ կուլ տալու պատառ չէ...»։ Սարգիս եպիսկոպոսը իր եղբայրների հետ եկան Գանձակ 1791 թվին, նրա հետ էր պատանի Բաղդասարը<ref>Բաղդասարը Սարգիս եպիսկոպոսի եղբայր Հասան-֊Ջալալյան Դանիել-բեկի որդին էր. նա եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո Ղարաբաղի միտրոպոլիտ նշանակվեցավ և շատ նշանավոր գործեր կատարեց։</ref>, որ այդ ժամանակ 22 տարեկան էր։ Ջավադ-խանը<ref>Ջավադ-խանը իր հոր՝ Շահ-Վերդի-խանի նման շատ հայասեր մարդ էր. նա շարունակ հայոց եկեղեցի էր գնում և ներկա էր գտնվում հայոց բոլոր կրոնական տոներին և հանդեսներին։ Գանձակի մայր եկեղեցու սյուներից մեկի վրա կա փոքրիկ արձանագրություն. «Ջավադ-խանի սյունը» — այդ սյունի մոտ էր կանգնում նա, երբ որ գալիս էր հայոց եկեղեցին։ Հին, ցեղական թշնամություն ունենալով Շուշիի խաների հետ, Ջավադ-խանը ավելի բարվոք էր համարում բարեկամություն պահպանել հայոց մելիքների հետ և Իբրահիմ-խանի հակառակ գործել։</ref> սիրով ընդունեց նրան, եպիսկոպոսին բնակության տեղ տվեց, ռոճիկ նշանակեց և այնուհետև Սարգիսը Գանձակի գավառի հայոց առաջնորդը դարձավ։ Գանձասարի վանքը մնաց ավերակ դրության մեջ, զուրկ հոգևոր միաբանությունից։ Միևնույն տարում (1791), երբ Հասան-Ջալալյան Սարգիս եպիսկոպոսը եկավ Գանձակ, իր երկու եղբայրներին՝ Դանիել-բեկին և Ջալալ-բեկին այնտեղից ուղարկեց Գանձասար, որ վանքի թաքցրած կայքերը դուրս հանեին և բերեին Գանձակ։ Այդ վանքի անբավ հարստությունը Իբրահիմ-խանը հափշտակելու ժամանակ՝ կարողացել էին մի մասը միայն թաքցնել, որովհետև Սարգիս եպիսկոպոսի փախուստը այն աստիճան շուտափույթ կատարվեցավ, որ նա ժամանակ չգտավ վանքի կայքերը իր հետ վեր առնելու։ Բայց նրա եղբայրներին նույնպես չհաջողվեցավ։ Դանիել-բեկը և Ջալալ-բեկը, թեև գաղտնի եկան Գանձասար, բայց իսկույն մատնվեցան։ Իբրահիմ-խանի մարդիկը բռնեցին նրանց, Ջալալ-բեկի գլուխը կտրեցին, իսկ Դանիել-բեկին կենդանի տարան խանի մոտ։ Խանը հրամայեց բանտարկել նրան, ասելով. «Գնա այնտեղ մնա՛, թող ռուսները գան և ազատեն քեզ...»։ Այդ խոսքերով գոռոզ խանը կամեցավ ծաղրել հայերի այն հույսերը, որ դրած էին ռուսների վրա։ Մի քանի օրից հետո նրան բանտից դուրս բերելով, հրամայեց մաս-մաս կտրատել... Նրա քույրը, տիկին Ղամար-սոլթանը (Մելիք-Մեջլումի մայրը) այդ ժամանակ պահված էր Շուշի բերդում իբրև պատանդ։ Նա հավաքեց եղբոր մարմնի կտորտանքը և թաղել տվեց տեղային գերեզմանատնում<ref>1851 թվին Դանիել-Բեկի որդի Բաղդասար միտրոպոլիտը մի արձան կանգնեցնելով հոր շիրիմի վրա, փորագրել տվեց հետևյալ տողերը. «Յարձանիս շիրմի ամփոփեալ դնի՝ մարմին իշխանին Խաչէն գավառի, վեհ իշխանազնեայ Դանիել-բեկի, որդւոյ Մէլիք-բէկ իշխանապետի, ի տանէ հայկազն մեծ Ջալալ-Դօլի, տեառն Արձախայ հայոց Աշխարհի, որ Ղարաբաղայ կամ Շուշւոյ նահանգ՝ նա սովորաբար արդ վերաձայնի։ Առ սուրբ հավատոյ սա լուսահոգին՝ նահատակի աստ յամրոցիս Շուշի, դառն տանջանոք Իբրահիմ-խանի, որ թշնամի էր խաչին Քրիստոսի։ Ի 1240 թուին հայոց (1791)։</ref>։ Մենք վերևում հիշեցինք, որ, Իբրահիմ-խանը դավաճան Իսրայել կաթողիկոսին մատուցած ծառայությունների համար, Մելիք-Շահնազարի խորհրդով, նրան տվեց Ամարասա վանքը և Ղարաբաղի վրա հովիվ կարգեց։ Այդ ժամանակ Երիցմանկանց վանքում նստած էր փոքր Սիմոն անունով մեկը կաթողիկոս։ Եվ այսպես, Ղարաբաղում երկու կաթողիկոսներ կային, Իբրահիմ-խանի հովանավորության ներքո։ Այդ տեսնելով Գանձակում գտնված հայոց մելիքները՝ Մեջլումը և Աբովը, Ջավադ-խանի հետ միաբանվելով, Իբրահիմ-խանի հակառակի Սարգիս եպիսկոպոսին Գանձակում կաթողիկոս օծել տվին (1794)։ Պատմում են, օծության խորհուրդը կատարելու ժամանակ եպիսկոպոսների թվից մեկը պակաս էր. այդ պակասը լրացնելու համար ինքը Ջավադ-խանը կանգնեց եպիսկոպոսների շարքում, ասելով՝ «Օծեցեք, թող մեկն էլ ես լինեմ»։ Գանձակի հայերը այնտեղ գտնված մելիքների հետ դիմեցին Էջմիածին, խնդրելով, որ Սարգսին հաստատեն Աղվանից կաթողիկոսության մեջ<ref>Պետք չէ մոռանալ, որ ոչ միայն Ղարաբաղը Աղվանից կաթողիկոսության թեմ էր համարվում, այլև Գանձակի գավառը, Շամախու, Նուխու, Դերբենդի և ուրիշ մի քանի գավառներ։</ref>։ Բայց Էջմիածինը մերժեց նրանց խնդիրքը, պատճառ բերելով, թե Ղարաբաղում կան արդեն երկու կաթողիկոսներ՝ Իսրայելը և Սիմոնը։ Թեև այդ երկու կաթողիկոսներն ավելի մահմեդականների հոգևորականներ էին, քան թե հայոց։ Եվ այսպես ծագեցան երկպառակություններ երեք միմյանց հակառակ կաթողիկոսների մեջ, որոնցից Սիմոնը նստած էր Երիցմանկանց վանքում, Իսրայելը նստած էր Ամարասա վանքում, իսկ Սարգիսը՝ Գանձակում։ Այդ երկպառակությունները երկար զբաղեցրին Ղարաբաղի և Գանձակի հայ հասարակություններին, մի այնպիսի ժամանակում, երբ Ղարաբաղի հայկական իշխանությունները Իբրահիմ-խանի ոտքերի տակ հետզհետե խորտակվում էին... և Հայերը պետք է լուծեին մի մեծ ազգային խնդիր... ===XXIV=== Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի Գանձակում գտնված ժամանակ Իբրահիմ-խանը իրան դեռևս այդ երկու մելիքների վտանգից ազատված չէր համարում, մանավանդ, երբ տեսնում էր, որ նրանք միացել են իր թշնամու՝ Ջավադ-խանի հետ: Նա նկատում էր, որ Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի Ղարաբաղում թողած ժողովրդի մեջ ինչ-որ գաղտնի շարժում կա։ Այդ ժողովուրդը չէր կարող մոռանալ իր սիրելի մելիքներին և հպատակել այնպիսի հայ դավաճանների, որոնք մահմեդական խանից կարգված և մահմեդականի հլու էին։ Մենք տեսանք, որ Մելիք-Մեջլումի և Մելիք-Աթովի Ղարաբաղից հեռանալուց հետո նրանց հպատակներին, Իբրահիմ-խանի օգնությամբ, սկսեցին տիրել նոր մելիքներ։ Այդ օտար և խորթ մելիքներն անտանելի էին ժողովրդին։ Այդ էր պատճառը, որ Իբրահիմ-խանը կասկածելով, թե Գյուլիստանի և Ջրաբերդի հայերը (այսինքն՝ Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի հպատակները) կարող են միանալ Գանձակի հայերի հետ և, մեծ ուժ կազմելով, կարող են իրան վտանգ սպառնալ, այդ մտքով սկսեց նրանց Գանձակի սահմանների մոտից տեղափոխել ուրիշ տեղ։ Գյուլիստանի բնակիչներին տարավ Խաչենի գավառը, իսկ Ջրաբերդի բնակիչներին տարավ Տիզակի գավառը<ref>Այդ տեղափոխություններին պետք է վերաբերել այն երևույթը, որ այսօր Ղարաբաղի զանազան վիճակներում հանդիպում ենք շատ միևնույն անունով գյուղերի, որպես են՝ Հին-Խնածակ, Նոր-Խնածակ, Հին-Զեյվա, Նոր-Զեյվա և այլն։</ref> և այսպես ցրեց նրանց դեպի ամեն կողմեր։ Այդ ժամանակներում էր (1788), որ Մելիք-Աբովի հպատակներից (Գյուլիստանից) 500 ընտանիք, չկարողանալով համբերել Իբրահիմ-խանի բռնությանը, թողեցին իրանց հայրենիքը և գաղթեցին Գանձակի գավառը։ Ջավադ-խանը նրանց բնակության տեղ տվեց Շամքորի մեջ, որը իր իշխանության տակ էր գտնվում։ Դարձյալ այդ ժամանակներում էր, որ Մելիք-Մեջլումի հպատակներից մոտ հազար ընտանիք թողեցին Ջրաբերդը, նույնպես գաղթեցին Գանձակի գավառը։ Ջավադ-խանը նրանց բնակության տեղ տվեց Շամշադինում։ Այդ գաղթականները, թեև անցան մի օտար հողի վրա, բայց դարձյալ գտնվում էին իրանց մելիքների հպատակության ներքո։ Ջավադ-խանը չէր իշխում նրանց վրա։ Մելիք-Մեջլումը տիրում էր իր ժողովրդին, իսկ Մելիք-Աբովը տիրում էր իր ժողովրդին։ Դրանք բնակվում էին Գանձակի գավառում որպես ժամանակավոր հյուրեր։ Այժմ ի դեպ է հիշել, որ ինչպես Ղարաբաղում կային հինգ հայկական մելիքություններ, այնպես էլ Գանձակի գավառում կային չորս հայկական մելիքություններ<ref>'''Բարսումի''' մելիքները, որպես էր Մելիք-Ռոստոմը և այյն։ 2) '''Խաչակապի''' մելիքները, որպես էր Մելիք-Մովսեսը և այլն։ 3) '''Ոսկանապատի''' մելիքների, որպես էր Մելիք Յուսուբը և այլն։ 4) '''Գետաշենի''' մելիքները, որպես էր Մելիք-Էդգարի որդի Մելիք-Մնացականը և այլն։ Այդ մելիքները նույնպես ժառանգաբար իշխում էին իրանց ժողովրդի վրա, միայն դրանց և Գանձակի խանի մեջ այն հակառակությունը չկար, որպես Ղարաբաղի մելիքների և Շուշիի խաների մեջ։ Այդ մելիքները միշտ հաշտ են եղել Գանձակի խաների հետ և համարվել են նրանց ստորադրյալներ։</ref>, որոնց մասին մեր պատմության մեջ ոչինչ չենք խոսացել։ Ղարաբաղի հայերի մի մասը, խմբվելով Գանձակի գավառում, իրանց վաղեմի մելիքների իշխանության ներքո, սկսեցին այստեղից արշավանքներ գործել Իբրահիմ-խանի վրա։ Նրանց երբեմն օգնում էին և Գանձակի գավառի հայ մելիքները Ջավադ-խանի դրդելով։ Այդ արշավանքները տևեցին մի քանի տարի։ Արշավանքները ոչ այնքան տիրապետական նպատակներով էին կատարվում, որքան ասպատակության և ավարառության նպատակներով։ Ամեն մի հարձակում վերջանում էր կոտորածով, հրդեհով, ավերածով և գերիվարությաբ։ Ղարաբաղի թուրքերը սկսեցին այդ ժամանակ հայի ձևով հագնվել, որ չճանաչվեն։ Ամեն մի թուրք, որ հայերի ձեռքն էր ընկնում, անխնա կերպով սպանվում էր։ Արշավանքներին առաջնորդում էին Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը), Թյուլի-Արզումանը և շուշեցի զարգար Մելքումը։ Նրանք այն աստիճան նեղի մեջ դրին Իբրահիմ-խանին, որ բոլորովին կտրեցին Թարթար գետի անցքը և ոչ մի մահմեդական չէր համարձակվում դեպի Գանձակի կողմերը անցկենալ։ Իբրահիմ-խանը հարկադրվեցավ մի քանի անգամ դիմել Ջավադ-խանին, խնդրելով նրա միջնորդությունը, որ իրան հաշտեցնե Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի հետ, որ նրանք դադարեցնեն իրանց թշնամական գործողությունները և, վերադառնալով իրանց հայրենիքը, վայելեն իրանց վաղեմի իրավունքները, տիրելով իրանց երկիներին։ Բայց մելիքները չէին հավատում խաբեբայի խոստմունքներին, առաջարկում էին, թե իրանց հաշտությունը կկայանա այն ժամանակ միայն, երբ Շուշի բերդը կքանդվի, և Իբրահիմ-խանը, դուրս գալով այդ որջից, կհեռանա Ղարաբաղից, հիմնելով իր համար նոր բնակություն Ջուանշիրի անապատներում, ուր ապրում էին նրա նախնիքը։ Այդ առաջարկությունը խիստ ծանր էր. զրկվել Շուշի բերդի ամրությունից, նշանակում էր զրկվել ամեն բանից։ Պետք է ասած, որ Ջավադ-խանը նույնպես համակրում էր այն մտքին, որ Շուշի բերդը դատարկված և քանդված լինի։ Նրան, անտանելի էր տեսնել իր հարևանության վրա մի նորաբուսիկ խանություն, ամրացած Շուշիի անմատչելի բարձրության վրա։ Նա անդադար կրկնում էր այդ խոսքը. «Նզովյալ լինի Մելիք-Շահնավարը, որ կյանք տվեց սառած օձին, իր կուրծքի վրա ջերմացնելով նրան։ Եթե չլիներ Շուշի բերդը, չէր լինի և ջուանշիրցիների խանությունը...»։ Եվ իրավ, այդ բերդը հիմնեց Մելիք-Շահնազարը և տվեց Փանահ-խանին։ Նա Ղարաբաղի կուրծքի վրա սկսեց զարգացնել մի նենգավոր, օձաբարո մահմեդական խանություն... Փանահ-խանը համեմատաբար ավելի լավ էր. նա փոքրիշատե պահպանել էր իր ցեղի պարզությունը, նա ազատ էր մահմեդական մոլեռանդությունից և հայոց մելիքների հետ վարվում էր ոչ իբրև իշխող, այլ որպես դաշնակից։ Բայց Իբրահիմ-խանը հոր նման չէր։ Մանկությունից կրթված լինելով Պարսկաստանում, սովորել էր նա մահմեդական կրոնի բոլոր մոլեռանդությունները։ Նա ոչ միայն հալածում էր քրիստոնեությունը, այլ բռնությամբ ստիպում էր շատերին ընդունել մահմեդականություն։ Մելիքների տիրապետության ժամանակներում Ղարաբաղում ոչ մի թուրք բնակիչ չկար։ Եթե այսօր հանդիպում ենք Ղարաբաղում ամբողջ գյուղերի հայ-մահմեդական բնակիչներով, եթե տեսնում ենք, հայոց գյուղերում թուրք ընտանիքներ, որոնք խոստովանվում են, թե իրանց նախնիքը հայեր են, եղել,— այդ բոլորը Իբրահիմ-խանի ժամանակների պտուղներն են։ Խանի այդ վարմունքը սաստիկ վիրավորում էր հայոց մելիքների կրոնական զգացմունքը։ Նրանք մի այլ հնար չէին գտնում կրոնափոխության առաջը առնելու, միայն պատահած ժամանակ սպանում էին Քրիստոսի հավատքը ուրացողներին։ Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) այլապես էր վարվում։ Նա երդվել էր, թե որքան թվով Իբրահիմ-խանը հայերից մահմեդական կդարձնե, ինքը նույնքան թվով թուրքեր պիտի կոտորե։ Իսկ Թյուլի-Արզումանը միսիոնարի դեր էր կատարում։ Նա իր ձեռքն ընկած մահմեդականներին ստիպում էր խոստովանել քրիստոնեական կրոնի ճշմարտությունը և մահմեդականությանն ստությունը, իհարկե, ոչ թե քարոզներով, այլ սրի ուժով։ Մի դեպք, որ Ղարաբաղի հայերի բերանում առակի ձև է ստացել, արտահայտում է այդ մարդու կրոնական նախանձախնդրության հատկանիշները։ Մի անգամ Արզումանը պատահում է մի բարձրաստիճան թուրք մոլլայի, որը իր ծառաների հետ գնում էր Շուշի բերդը։ Բռնում է մոլլային և, իր սուրը նրա պարանոցի վրա դնելով, ասում է. «Եթե կխոստովանվես, որ Քրիստոսն աստված է, ես քեզ չեմ սպանի»։ Մոլլան խոստովանվում է։ Արզումանը այդ խոստովանությունը երեք անգամ կրկնել է տալիս և ապա բաց է թողնում մոլլային։ Այդ անցքը իմացում են տալիս Իբրահիմ-խանին։ Խանը, մոլլային իր մոտ կանչելով, բարկությամբ հարցնում է. «Մի՞թե դու խոստովանվեցար, որ Քրիստոս աստված է։— «Այո՛, խոստովանվեցա,— պատասխանում է մոլլան։— Իսկ եթե դուք, վեհափառ խան, Արզումանի ձեռքը ընկնեիք, կասեիք, ոչ թե միայն Քրիստոսը աստված է, այլ և դու, ինքդ, Արզուման, աստվածների աստվածն ես...»։ ===XXV=== Մի քանի տարի Գանձակի գավառում մնալուց հետո Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի մեջ տիրող միաբանությունը սկսեց փոքր առ փոքր խախտվել։ Մելիք-Մեջլումը մի տղամարդ էր խոհեմ, զգաստ և սուր դատողությունով։ Իսկ Մելիք-Աբովը, թեև պատերազմների մեջ քաջ, աներկյուղ և անպարտելի էր, բայց, բնավորությամբ սաստիկ դյուրագրգիռ և անհեռատես էր։ Ջավադ-խանը ավելի հարգում էր Մելիք-Մեջլումին. այդ գրգռեց Մելիք-Աբովի նախանձը։ Նրանց հակառակությունը ավելի սաստկացավ այն պատճառով, որ Մելիք-Աբովը ցանկանում էր իր ժողովրդով թողնել Գանձակի գավառը և գաղթել Վրաստան և Բոլնիսում նոր գաղթաշենք հիմնել։ Բայց Մելիք-Մեջլումը չէր համաձայնում այդ մտքի Հետ։ Նա այժմ բոլորովին ցանկություն չուներ թողնել հայրենիքը և ապաստան գտնել մի նոր գաղթականության մեջ։ Նրանք առանց դրան ևս իրանց հայրենիքից դուրս էին ապրում։ Բայց Գանձակի գավառը, Մելիք-Մեջլումի մտածելով, ավելի մոտ էր Ղարաբաղին, այստեղից ավելի հեշտ կլիներ պատեհ ժամանակում կրկին անցնել Ղարաբաղ։ Բայց Վրաստան գնալ և վրաց իշխանի գործ դրած նենգավորություններից հետո վրացիների հետ դարձյալ գործ ունենալ, նա ամենևին չէր կամենում։ Ջավադ-խանի բոլոր ջանքերը իզուր անցան երկու մելիքներին հաշտեցնելու համար։ Մի անգամ ամենաչնչին առիթով Մելիք-Աբովը կռվեց Մելիք-Մեջլումի հետ։ Երկուսն էլ Ջավադ-խանի մոտ ճաշի էին հրավիրված. օրը պաս էր. Մելիք-Մեջլումը անխտիր ուտում էր բոլոր կերակուրներից, իսկ Մելիք-Աբովը հրաժարվում էր ասել ով, թե ինքը մեղք է համարում պասը լուծել։ Այդ առիթ տվեց վիճաբանության և Մելիք-Աբովը սկսեց սաստիկ նախատել Մելիք-Մեջլումին, թե նա մեղանչում է հայոց կրոնի դեմ և այլն։ Այդ օրից նա թողեց Գանձակը և իր ժողովուրդը վեր առնելով գնաց Բոլնիս։ Բոլնիսում ևս Մելիք-Աբովը հակառակություն ունեցավ վրաց իշխանների հետ, երկար այնտեղ մնալ չկարողացավ։ Հետո (1795) թողեց Բոլնիսը և, Իբրահիմ-խանի հետ հաշտվելով, վերադարձավ Ղարաբաղ, բնակվեցավ իր հայրենի երկրում, Գյուլիստանում։ Բայց հանգամանքները, որպես հետո կտեսնենք, կրկին ստիպեցին նրան թողնել հայրենիքը... ===XXVI=== 1791 թվին վախճանվեցավ Մելիք-Շահնազար II։ Ղարաբաղը ազատվեցավ իր կործանողից։ Բայց Խամսայի մելիքություններին հասցրած նրա հարվածը այն աստիճան մահացու էր, որ այլևս ոչնչով բժշկել չէր կարելի... Մահվան անկողնում զղջաց նա, կամեցավ հաշտվել իր խղճի և աստծո հետ։ Եվ որպես այդ տեսակ մարդիկ միշտ կրոնական բարեպաշտության մեջ են որոնում իրանց մեղքերի թողությունը, նա ևս շրջապատեց իրան աբեղաներով, բաց արեց հարստահարությամբ մթե- րած ցորենի ամբարները և մի սովի ժամանակ ձրի կերակրեց ժողովրդին իր հացով։ Մելիք-Շահնազարը շատ հարուստ մարդ էր։ Նա մտածեց ավելի նշանավոր գործերով քավել իր նշանավոր հանցանքները։ Ամարասա վանքը, որի մեջ ամփոմփված էին Լուսավորիչ թոռի՝ սուրբ Գրիգորիսի նշխարները, խիստ անշուք և կիսավեր դրության մեջ էր նրա ժամանակում։ Նա սկսեց այդ վանքի շինությունները վերանորոգել. շրջապատեց վանքը ամուր և բարձր պարիսպներով, աշտարակներով, միաբանության համար խուցեր, սենյակներ շինեց, վանքային տնտեսության համար ընդարձակ սեղանատուն, ամբարանոցներ և ախոռատուն հիմնեց, բոլորը սրբատաշ քարից, բոլորը մեծ և վայելուչ։ Բայց դեռ տաճարի կառուցմանը չձեռնարկած, մահը վրա հասավ, նրա բաղձանքը թողեց անկատար։ Հանգուցյալի արկղների մեջ գտան մի քանի քսակներ լիքը ոսկիներով, որ կտակել էր տաճարի շինվածքը ավարտելու համար։ Ժառանգները չկատարեցին կտակը։ Մելիք-Շահնազարը թողեց չորս որդի՝ Ջումշուդ, Հուսեին III, Ջհան-բախշ և Ջհանգիր։ Դեռ մեռնելուց առաջ նա կարգեց որդիների վրա հոգաբարձու իր բարեկամ Իբրահիմ-խանին, հանձնելով նրան, որ ժառանգներից որին որ հարմար կհամարե, կարգե իր փոխարեն հաջորդ։ Օրենքով պետք է հաջորդեր Ջումշուդը, որովհետև նա ծնված էր Մելիք-Շահնազարի օրինավոր ամուսնությունից։ Բայց Իբարահիմ-խանը իր կնոջ՝ Հուրի-զատ-խանումի ազդեցությամբ, ընտրեց նրա հարազատ եղբորը՝ Հուսեինին<ref>Մելիք-Շահնազարը ուներ մի քանի կնիկներ, '''Թագուհի-խանումից''' ծնվեց Մելիք-Ջումշուդը, '''Սոնա-խանումից''' ծնվեց Մելիք-Հուսեին III և մի աղջիկ՝ Հուրի-զատ անունով, որին հայրը կնության տվեց Իբրահիմ-խանին, իսկ '''Մալայիկ-խանումից''' ծնվեց Ջհան-բախշը, Ջհանգիրը և մի աղջիկ Հումայի անունով։</ref>։ Խանի կամայականությունը առիթ տվեց ժառանգների մեջ երկպառակության։ Ջհան-բախշը դիմեց պարսից շահին, նրանից ֆիրման ստացավ, աշխատում էր ինքը իշխել։ Բայց Մելիք-Հուսեինը, Իբրահիմ-խանի օգնությամբ, հարձակվեցավ Ջհան-բախշի տան վրա, նրա կայքը կողոպտեց և Ջհան-բախշը հազիվ կարողացավ իր կյանքը ազատել, իր եղբայր Ջհանգիրի հետ փախչելով Շամախի Մուստաֆա-խանի մոտ։ Ժառանգների մեջ այդ երկպառակությունները տևեցին մինչև Աղա-Մահմադ-խանի գալուստը, երբ ինքը՝ Իբրահիմ-խանը, իր կյանքը պարսից ներքինի շահի ձեռքից ազատելու համար, ստիպվեցավ փախչել Բալաքան։ ===XXVII=== Մելիք-Շահնազարի մեռնելուց հետո Իբրահիմ-խանի զորությունը թուլացավ։ Այդ մարդու ձեռքումն էր բռնված այն շղթայի մի ծայրը, որով հայոց մի քանի նորաբուսիկ մելիքն էր հնազանդվում էին թուրք խանին։ Այդ մելիքները, որոնք առաջ իշխանության և աստիճանի տեր լինելու բաղձանքով դիմեցին թուրք խանի օգնությանը և նրան անձնատուր եղան, Մելիք-Շահնազարի մահից հետո սկսեցին փոքր առ փոքր զգալ իրանց սխալը, սկսեցին վերջապես հասկանալ, որ իրանք իրանց ձեռքով քանդեցին իրանց տունը և մահմեդական բռնավորին բարձրացրին իրանց գլխի վրա։ Այդ ինքնաճանաչությունը առաջ եկավ զանազան հանգամանքներից, որոնց հարկավոր ենք համարում համառոտ կերպով անցնել, ցույց տալու համար, թե իսկապես ի՞նչ նշանակություն ունեին Շուշի բերդի խաները, և իրանց հարաբերությունների մեջ հայոց մելիքների հետ ո՛ր աստիճան իրավունքներ ունեին, և արդյոք կարելի՞ է համարել նրանց երկրի տերը կամ իշխանը։ Մենք գիտենք Փանահ-խանի ծագումը. մենք գիտենք և այն, որ Պարսկաստանը կառավարող զենդ-Քերիմ-խանը (որը թագավոր չէր, այլ Պարսկաստանի մի մասը բռնությամբ տիրացած մի, աննշան լոռեցի<ref>Դա մեր Լոռին չէ, հարավային Պարսկաստանում մի գավառ նույնպես կոչվում է Լոռի կամ Լոռիստան։</ref> Փանահ-խանին սպանել տալուց հետո, նրա որդի Իբրահիմին խանության աստիճան շնորհեց և կարգեց Շուշի բերդի կառավարիչ։ Ուրեմն, Իբրահիմ-խանը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ Պարսկաստանից կարգված, պարսից մի հասարակ խան, որը Պարսկաստանի նույն ժամանակվա երկպառակությունների և անիշխանության պատճառով կարողացավ երկար ժամանակ իր տեղում մնալ,— չկարողացավ հայոց անմիաբան մելիքների հաշվով նրանց գլխին նստել։ Բայց իսկապես նա երկրի-տերը կամ իշխանը չէր, նա մի ժամանակավոր կառավարիչ էր, որի նմաններին պարսից կառավարությունը անդադար փոփոխում էր։ Նա ինքը պարսից հարկատու էր, իր պաշտոնի մեջ մնալու համար ամեն տարի ահագին փեշքեշներ և ընծաներ էր ուղարկում Պարսկաստան։ Մելիքների անմիաբանության շնորհիվ նա կարողացավ և կարողանում էր իր դիրքը պահպանել։ Եթե մելիքներից մի քանիսը նրան թշնամի էին, ընդհակառակն, մի քանիսն էլ բարեկամներ էին, և այսպիսով, նրա կացության հավասարակշռությունը պահպանվում էր։ Իբրահիմ-խանը դեռ չէր դիպել հայոց մելիքների ուղղակի և զգալի շահերին։ Թեև նրա հայրը և ինքը, օրինակ, Խաչենում և Ջրաբերդում երկու նոր մելիքություններ վերականգնեցին, բայց այդ կատարեցին նրանք որպես օգնողներ և ոչ որպես կարգողներ կամ հիմնողներ։ Եվ այդ պատճառով խաների հարաբերությունները դեպի այդ մելիքները ավելի դաշնակցական էին, քան թե իշխողի և ստորադրյալի հարաբերության բնավորությունն ունեին։ Բայց Մելիք-Շահնազարի մահից հետո Իբրահիմ-խանը հետ քաշեց դիմակը և, օգուտ քաղելով հանգուցյալի դեպի ինքն ունեցած հավատարմությունից, որով իրան հոգաբարձու էր կարգել իր ժառանգների վրա,— նա բացարձակ իրավունք համարեց հաջորդ նշանակելու մելիքի որդիներից նրան, որ բոլորից անընդունակն էր, բայց որը, իր կնոջ եղբայրը լինելով, ավելի հավատարմությամբ կծառայեր իրան։ Այդ էր պատճառը, որ վրդովեցրեց ժառանգներին, որովհետև խանի միջամտությունը միանգամայն հակառակում էր նրանց ավանդական սովորություններին հաջորդության կարգերի վերաբերությամբ։ Բայց Իբրահիմ-խանը ավելի հեռու գնաց։ Նա դիպավ ժողովրդի և մելիքների ամենազգալի շահերին. նա սկսեց միջամտություն գործել երկրի հողային խնդիրների մեջ, որոնք մինչև այնօր թողված էին անձեռնմխելի և կառավարվում էին միմիայն հայոց վաղեմի սովորություններով, որոնք օրենքի ձև էին ստացել։ Մեր պատմության նպատակից դուրս է մանրամասնաբար բացատրել, թե ի՞նչ դրության մեջ էր հողային հարցը Ղարաբաղում, կամ ի՞նչ պարտավորություններ ունեին գյուղացիները մելիքների վերաբերությամբ ընդհանրապես, իսկ խանի վերաբերությամբ մասնավորապես<ref>Այդ հարցերը մենք դիտավորություն ունենք հրատարակել առանձին բրոշյուրով, որ կկրե այսպիսի վերնագիր. «Հողային հարցը Ղարաբաղում մելիքների տիրապետության ժամանակ»։<br>'''Այդ հարցերը մենք դիտավորություն ունենք հրատարակել առանձին բրոշյուրով, որ կկրի «Հողային հարցը Ղարաբաղում մելիքների տիրապետության ժամանակ»։'''— Րաֆֆին չի հասցրել ի կատար ածելու այս աշխատության գրությունը։</ref>։ Միայն այսքանը կասենք, այն աղետալի անցքերը, որ նկարագրեցինք մեր XXIV գլխում, միջոց տվին Իբրահիմ-խանի կամայականությանը բացարձակ կերպով հողային բաշխումներ և կարգադրություններ անելու, մի իրավունք, որից նա առաջ զուրկ էր։ Մենք տեսանք, որ Ջրաբերդի Մելիք-Մեջլումը և Գյուլիստանի Մելիք-Աբովը, իրանց ժողովրդի մի մասը առնելով, գաղթեցին Գանձակի գավառը։ Նրանց գյուղերը, նրանց հողերը մնացին անտեր, դատարկ։ Այդ ժամանակ խանը սկսեց նրանց հողերը բաժանել ում որ կամեցավ, նրանց տեղերում բնակեցրեց նոր գաղթականներ<ref>Խանի այդ բաշխումները այնքան անհիմն և անհաստատ էին, որ երբ հայոց գաղթականների մի մասը վերադարձավ, կրկին տեր դարձան իրանց հողերին, և արտաքսեցին խանի նոր բնակեցրած գյուղացիներին։</ref>։ Եվ այսպիսով, հանգամանքների շնորհիվ նա իրավունք գտավ հայոց հողերի վրա, որը մինչև, այնօր չուներ։ Այդ կամայականությունը վրդովեցրեց մինչև անգամ խանին անձնատուր եղած մելիքներին, առավել այն ժամանակ, երբ տեսան, որ խանը հայոց հողերի վրա բնակեցրեց և թուրք գաղթականներ, որպես էին գոլանիները, մի վայրենի և ավազակ ցեղ, որ թափառում էր Ջուանշիրի անապատներում։ Բոլորովին հայաբնակ Ղարաբաղում մտան թուրք բնակիչներ, որոնք առաջ չկային։ Խանի այդ վարմունքը հուզեց ընղհանուր դժգոհություն թե Ղարաբաղի հայ ժողովրդի և թե խանի բարեկամ մելիքների մեջ։ Բայց այդ մելիքները դեռևս ոչինչով չէին ցույց տալիս իրանց անբավականությունը, միայն իրանց սրտերում սնուցանում էին մի խուլ բողոք և սպասում էին հարմար ժամանակի։ Առաջին բողոքը բարձրացրեց Վարանդայի Մելիք-Շահնազարի որդի Մելիք-Ջոլմշուդը որը իր բոլոր եղբայրների մեջ ավելի հառաջադեմը և ավելի խելացին էր։ Նա արդեն հասկացել էր, թե որքան կորցրեց իր հայրը և որքան կորցնել տվեց Ղարաբաղի մյուս մելիքներին, բարեկամություն պահպանելով Շուշի բերդի խաների հետ։ Հասարակության վրա տարածված բռնությունը այնքան զգալի չէր լինում անհատներին, մինչև իրանց անձի վրա դեռ չեն փորձել նրա ճնշող ներգործությունը։ Մելիք-Ջումշուդը անձամբ նրա փորձը առեց։ Բռնավորը նրան զրկեց օրինավոր հաջորդությունից և նրա փոխարեն կարգեց անարժան եղբորը։ Նրա երկու մյուս եղբայրները՝ Ջհանգիրը և Ջհան-բախշը, հալածված նույն բռնավորից, փախան Մուստաֆա-խանի մոտ։ Ինքը մնաց միայնակ և անօգնական։ Նրա տոհմային հպարտությունը սաստիկ վիրավորված էր։ Նրա նախնիքը՝ Մելիք-Շահնազար մեծը, ամբողջ Գեղարքունյաց տերը, բարեկամություն ուներ Շահ-Աբասի հետ, որից սարսափում էր Արևելքը։ Նրա պապը՝ Մելիք-Հուսեին մեծը, հարաբերություն ուներ կայսրների հետ։ Իսկ այժմ այդ մեծ մարդկանց ավելի քան մի քանի հարյուր տարի գոյություն ունեցող հոյակապ տան մեջ կարգադրություններ էր անում մի նորելուկ ջուանշիրցի խան, որի իշխանության թվականը իր հասակի տարեթվից հեռու չէր անցնում։ Բայց ո՞վ բարձրացրեց ջուանշիրցուն, ո՞վ օգնեց նրա զորանալուն։ Դարձյալ մի հայ, մի անբարիշտ, և խռովարար հայ, որը հայրենիքի ազատությունը զոհեց իր մանր անձնական ջահերին և նրա ավերակների պատճառը դարձավ։ Մելիք-Ջումշուդը չէր կարող առանց վրդովմունքի հիշել, որ այդ հայը իր հայրն էր... Այդ բոլորը անվերադառնալի կորուստներ էին։ Բայց Մելիք-Ջումշուդը մտածում էր կարելվույն չափ կորուստը ետ դարձնել և դարման տանել հայրենիքի վերքերին։ Նա պարզ տեսնում էր, որ այդ վերքերը առաջ եկան անմիաբանությունից, երկպառակությունից և հային հատուկ օտարասիրությունից։ Մելիք-Ջումշուդը բավական կարդացած երիտասարդ էր։ Նա չէր զարմանում, երբ հիշում էր, որ մի ժամանակ հայոց նախարարները դիմեցին պարսից արքային, խնդրում էին նրանից, որ Հայաստանի հարազատ թագավորին վեր առնե և նրա տեղը պարսիկ մարզպան դնե։ Նա չէր զարմանում, նա միայն ցավում էր հայերի օտարասիրության վրա, նա միայն վրդովվում էր, երբ նույնը տեսնում էր կատարված իր ժամանակում, իր աչքերի առջև։ Նրա հայրը անմատչելի Ղարաբաղի մեջ մտցրեց մի օտար ցեց, որը ուտելով, մաշելով խախտեց տեղային բոլոր հայկական իշխանությունների հիմքը և վերջապես կործանեց այն հաստատուն շենքը, որ դարերով կառուցված էր։ Այդ ավերմունքին գլխավորապես նպաստեցին իրանց՝ հայերի գործակցությունները։ Մելիք-Ջումշուդը մտածում էր վերականգնել խորտակված շենքը։ Նա գիտեր, որ կործանման պատճառը եղավ նույն իսկ հայ մելիքների երկպառակությունը. ուրեմն շինությունը կարող էր հաջողվել դարձյալ նույն մելիքների միաբանությամբ։ Նա աշխատում էր կրկին նորոգել միաբանության խզված կապերը մելիքների մեջ։ Բայց որտե՞ղ էին մելիքները։ Մեկը, Տիզակի Մելիք-Բախտամը, շղթաների մեջ պահված էր։ Արդավիլի բերդում, երկուսը, Գյուլիստանի Մելիք-Աբովը և Ջրաբերդի Մելիք-Մեջլումը, գտնվում էին հայրենիքից դուրս, պանդխտության և գաղթականության մեջ ապահովություն էին որոնում։ Երկրի նշանավոր և հիմնակալ ուժերը ցրիվ էին եկած օտար աշխարհներում։ Իսկ հայրենիքի մեջ մնում էին դավաճանները, խանին անձնատուր եղած մելիքները։ Մելիք-Ջումշուդը մտածում էր այդ վերջիններին իր կողմը ձգել և նրանց բարեկամական հարաբերությունները անջատել խանից։ Մի դեպք նպաստեց նրա ցանկությանը։ Այդ դեպքը թեև ընտանեկան էր, բայց քաղաքական կերպարանք ստացավ։ Իբրահիմ-խանը սաստիկ անբարոյական մարդ էր. նրա հարեմը լի էր հայոց աղջիկներով, և ամեն տեղ, եթե գտնվում էր մի գեղեցիկ հայ աղջիկ, հազիվ թե կարող էր ազատ մնալ նրա կրքերից։ Մենք գիտենք, որ նրա հավատարիմ մելիքներից մեկը, Ռուստամը, ամուսնացած էր կսապատցի Ապրես-աղայի դստեր՝ Վարդ-խաթունի հետ։ Երբ Վարդ-խաթունը դեռ օրիորդ էր, Իբրահիմ-խանը ցանկացավ նրան իր կին ունենալ։ Օրիորդի հայրը աղջկան մահմեդական հարեմից ազատելու համար տվեց Մելիք-Ռուստամին, թեև աղջիկը դեռ փոքրիկ էր և կին լինելու հասակին չէր հասած։ Բայց դրանով Իբրահիմ-խանը չհանգստացավ. նա շատ բաներ էր լսած Վարդ-խաթունի գեղեցկության մասին, ցանկանում էր նրան իր մոտ ունենալ։ Մենք տեսանք, երբ Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը հեռացան Ղարաբաղից, Իբրահիմ-խանը նրանց ընտանիքներից մի քանի հոգի բերեց Շուշի բերդը, պահեց այնտեղ իբրև պատանդ։ Այդ ժամանակ պահանջեց նա Մելիք-Ռուստամից պատանդի անունով նրա կնոջը՝ Վարդ-խաթունին։ Մելիք-Ռուստամը անճարացած տվեց, թեև նրան լավ հայտնի էր, որ խանը ավելի իր համար սիրուհի է տանում, քան թե պատանդ, որովհետև իր հավատարմության վրա կասկածելու առիթ չուներ նա։ Մենք գիտենք և այն, որ Մելիք-Ռուստամը Խամսայի մելիքներից չէր, այլ Մելիք-Իսրայելյան Մելիք-Մեջլումի կյանքի դեմ դավադրություն սարքելու համար որպես վարձատրություն ստացավ խանից Ջրաբերդի իշխանությունը։ Իսկ այժմ հիշյալ ընտանեկան անպատվությունն այն աստիճան վիրավորեց նրան, որ նա թողեց Իբրահիմ-խանի ծառայությունը և իր մնացած ընտանիքով<ref>Ղարաբաղի մելիքներից շատերը բազմակնության սովորություն ունեին. Մելիք-Ռուստամը ուներ երկու կին, մեկը վերև հիշած Վարդ-Խաթունը, մյուսը՝ Մարիամ անունով մի կին։</ref> գնաց Նուխի, Սելիմ-խանի մոտ, որը այդ ժամանակ թշնամական հարաբերության մեջ էր Իբրահիմ-խանի հետ։ Սելիմ-խանը սիրով ընդունեց Մելիք-Ռուստւվմին և Դաշ բուլաղ անունով գյուղը ընծայեց նրա բնակության համար։ Այնտեղից Մելիք-Ռուստամը սկսեց հարձակումներ գործել Շուշի բերդի վրա և շատ վնասներ տալ Իբրահիմ-խանին։ Թեև մի առանձին մեծ նշանակություն չունեին նրա հարձակումները, որովհետև Իբրահիմ-խանին ոչնչացնելու համար հարկավոր էր, որ հայոց բոլոր մելիքները հավաքական ուժերով պատերազմեին։ Բայց այդ էլ բավական էր, որ խանի հավատարիմ մելիքներից մեկը ոչ միայն անջատվեցավ նրանից, այլև թշնամացավ նրա հետ։ Խանին բարեկամ մնացին միայն երկու մելիքներ՝ Խնզիրիստանի Մելիք-Միրզախանյան Մելիք-Ալլահվերդին և Վարանդայի Մելիք-Շահնազարյան Մելիք-Հուսհին III, որը Իբրահիմ-խանի կնոջ (Հուրի-զատ խանումի) հարազատ եղբայրն էր, և քրոջ ազդեցությամբ իր ձեռքը ձգեց Վարանդայի իշխանությունը։ Այդ անցքը, որպես վերևում ցույց տվեցինք, սաստիկ գրգռեց Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդի թշնամությունը, և նա սկսեց այնուհետև մտածել Իբրահիմ-խանի կործանման վրա, միայն սպասում էր մի հարմար ժամանակի։ Նա սկսեց գաղտնի թղթակցել Մելիք-Մեջլումի, Մելիք-Աբովի և Մելիք-Ռուստամի հետ, որոնք խանից հալածված նույնպես թշնամի էին խանին։ ===XXVIII=== Ռուս-տաճկական երկրորդ պատերազմի հետ (1787—1791) միևնույն ժամանակ ծագեք շվեդական պատերազմը։ Ռուսաց կառավարությունը այն աստիճան, զբաղված էր այդ պատերազմներով, որ ամենևին ժամանակ չուներ մտածելու, Անդրկովկասի քրիստոնյաների վրա, թեև այդ վերջինները անդադար տեղեկություններ էին տալիս իրանց աննախանձելի դրության մասին։ Իշխան Պոտյոմկինը և Հովսեփ արքեպիսկոպոսը մասնակցում էին ռուսաց արշավանքներին, դրանք ևս, որ խիստ հետաքրքրված, էին Անդրկովկասով, այդ ժամանակ հազիվ թե կարող էին իրանց ցանկությունները իրագործել։ Իսկ վերոհիշյալ պատերազմների ընթացքում, որպես տեսանք, Ղարաբաղում կատարվեցան մի շարք աղետալի անցքեր։ Իբրահիմ-խանը, ձեռք բերելով հայոց մելիքների ռուսաց հետ ունեցած թղթակցությունները, սկսեց հալածել նրանց։ Նույն խանի ձեռքով Հովհաննես կաթողիկոսը սպանվեցավ, Գանձասարի վանքը կողոպտվեցավ, Տիզակի Մելիք-Բախտամը աքսորվեցավ, Խաչենի Հասան-Ջալալյաններից երկու մելիքները սպանվեցան, և ամենացավալին այն էր, որ նշանավոր մելիքներից երկուսը, Մեջլումը և Աբովը, իրանց ժողովրդի հետ դուրս եկան Ղարաբաղից, այնտեղ մնացին կամ խանին համակրող, կամ նրանից վախեցող մելիքները։ Այդ բոլոր տխուր անցքերը առիթ տվին Հովսեփ արքեպիսկոպոսին շտապելու, կրկին ողորմած կայսրուհու ուշադրությունը դարձնելու հայերի վրա։ Այդ ժամանակ արքեպիսկոպոսը կազմեց իր նշանավոր պատմական տեղեկագիրը, որ բովանդակում էր իր մեջ Ղարաբաղի տիրապետող մելիքների հարաբերությունները ռուսաց կառավարության հետ, սկսյալ Պետրոս Մեծի օրերից, և նրանց մատուցած նշանավոր ծառայությունները Ռուսաստանին, և հասցրեց մինչև իր օրերը։ Հիշյալ տեղեկագիրը իշխան Պոտյոմկինի միջնորդությամբ ներկայացվեցավ կայսրուհուն 1790, 23 հունվարի։ Այդ տեղեկագիրը իր առանձին ազդեցությունն ունեցավ։ Օսմանցոց հետ ունեցած պատերազմը միայն արգելք էր լինում կայսրուհուն Անդրկովկասի քրիստոնյաների վերաբերությամբ մի վճռական գործ սկսելու։ Այդ պատճառով եռանդոտ արքեպիսկոպոսի խնդիրքները հետաձգվում էին, հուսադրելով նրան, թե իր բաղձանքները կկատարվեն, միայն հարկավոր էր փոքր-ինչ ևս համբերել։ Բայց մի ցավալի կորուստ թե արքեպիսկոպոսին և թե Ղարաբաղի մելիքներին սաստիկ հուսահատություն պատճառեց։ Թուրքաց պատերազմը վերջանալու վրա էր, երբ իշխան Պոտյոմկինը կռվի դաշտից կանչվեցավ Ս. Պետերբուրգ և ապա կրկին ետ ուղարկվեցավ (1791) թուրքերի հետ հաշտության պայմանների մասին բանակցելու համար։ Նույն տարվա աշնան սկզբումը իշխանը վախճանվեցավ։ Նրա մահը սուգի մեջ դրեց հանգուցյալի մտերիմ բարեկամ Հովսեփ արքեպիսկոպոսին։ Սրբազանը ոչինչով իրան մխիթարել չէր կարողանում, նա իր հիմնած մեծ շենքը բոլորովին կործանված էր համարում և նրա ավերակների տակ խորտակված էր տեսնում իր սրտին խիստ մոտ ցանկությունները... 1791 թվի դեկտեմբերի 29-ին հաշտության պայմանը ստորագրվեցավ Ռուսաստանի և Թուրքիայի մեջ։ Կայսրուհին կրկին ուշադրություն դարձրեց Անդրկովկասի վրա։ Այդ ժամանակ թե հայերը և թե վրացիները ավելի մեծ տագնապի մեջ էին։ Պարսկաստանում զորացել էր Աղա-Մամադ-խան ներքինին և մի քանի տարի անդադար արշավանքներ էր գործում դեպի Արարատյան նահանգը, վտանգ էր սպառնում Վրաստանին։ Վրաց Հերակլ իշխանը մի կողմից, Թիֆլիսի հայերը մյուս կողմից, սարսափած ներքինի խանի բարբարոսություններից, սկսեցին օգնություն խնդրել։ 1795, 4 սեպ. բարձրագույն հրովարտակով հրամայվեցավ կոմս Գուդովիչին, ռուսաց զորքով օգնության հասնել և պաշտպանել Վրաստանը։ Բայց նա ուշացավ... ===XXIX=== '''Աղա-Մամադ-խանի արշավանքները.''' Կուրացրած Շահ-Ռուխից հետո Պարսկաստանը ամբողջ ութն տարի խռովության մեջ էր, կեղեքվում էր զանազան ինքնիշխան տիրապետողների ձեռքում, որոնք շարունակ միմյանց հետ պատերազմելով, երկիրը դարձրել էին արյան ընդարձակ դաշտ։ Այդ տիրապետողներն էին՝ Ալի-Մուրադ-խանը, զենդ-Քերիմ-խանը, Ազատ-խանը, Մուհամեդ-Հասան-խանը և ուրիշ շատեր։ Վերջը հաղթող հանդիսացավ լորիստանցի զենդ-Քերիմ-խանը, նստեց Շիրազ քաղաքում, թեև ոչ իբրև թագավոր, բայց՝ Պարսկաստանի իշխող։ Այդ միջոցներում նրա մոտ իբրև պատանդ Շիրազ քաղաքում պահվում էր ներքինիացրած Աղա-Մամադ-խանը, որը վերոհիշյալ Մուհամեդ-Հասան-խանի որդին էր, ցեղով ղաջար, իսկ տեղով մազանդարանցի։ Քերիմ-խանի մահից հետո (1779) Աղա-Մամադ-խանը փախավ Շիրազից և, գալով Մազանդարանի կողմերը, հավաքեց իր շուրջը մեծ բազմություն, ապստամբվեցավ և, տիրելով Արաղստանին, իրան պարսից թագավոր հրատարակեց, Թեհրան քաղաքը իր համար աթոռանիստ ընտրելով<ref>Աղա-Մամադ-խանի տոհմից սկսվեցավ Պարսկաստանի այժմյան թագավորող տան գահակալությունը։</ref>։ 1795 թվի գարնանը Աղա-Մամադ-խանը Թեհրանից արշավանք գործեց դեպի Ատրպատական, նվաճեց այդ պարսկական ընդարձակ նահանգը, տիրեց Թավրիզը և ուրիշ շատ քաղաքներ, հետո իր եղբայր Ալի-ղուլի-խան սարդարին ուղարկեց դեպի Երևանի կողմը։ Այդ վերջինը, տիրելով Նախիջևանը, նույն տարվա հուլիս ամսում, բանակ դրեց Երևանի պարիսպների մոտ։ Էջմիածնի Ղուկաս կաթողիկոսը սարսափելով նրա մոտ եկավ և, ներկայացնելով ծանրագին ընծաներ, աղաչում էր խնայել իր վանքը։ Ներքինի շահի եղբայրը պատվով ընդունեց կաթողիկոսին, խոստանալով, թե ոչ հայերին և ոչ վանքին վնաս չի հասցնի, եթե հայերը հավատարիմ կմնան Պարսկաստանին, ինչպես միշտ եղել են։ Երևանը առանց պատերազմի անձնատուր եղավ. տեղային խանը իր կնոջը և որդիներին պատանդ տալով, հպատակություն խոստացավ։ Այդ միջոցին ինքը Աղա-Մամադ-խանը, ուրիշ ճանապարհով դիմում էր դեպի Ղարաբաղի կողմերը, որ այնտեղից անց կենա Թիֆլիս։ Նա Խուդափիրինի կամրջով անցավ Երասխ գետը և լուր տվեց եղբորը, որ դադարեցնե արշավանքը Երևանի կողմով և շտապե իր մոտ։Երկուսի նպատակն էլ այն էր, որ նվաճեին Վրաստանը, պատժեին Հերակլ իշխանին։ Պետք է ի նկատի ունենալ, որ Վրաստանը այն ժամանակ և նրանից առաջ, ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մի պարսկական նահանգ, որ հարկ էր վճարում Պարսկաստանին։ Նրա մի մասը օսմանցիների ձեռքումն էր և Ախալցխայի մեջ նստած էր թուրք փաշա։ Իսկ երբ Հերակլը, պարսիկներից ազատվելու համար, Վրաստանը դրեց ռուսների հովանավորության ներքո, նրա վարմունքը իհարկե, չէր կարող չգրգռել պարսից շահի բարկությունը, որը ճանաչում էր Վրաստանը իբրև, պարսից պետության մի մասը, իսկ վրաց իշխաններին՝ իբրև պարսից Դռնից նշանակված կառավարիչներ կամ վալիներ։ Աղա-Մամադ-խանը մտադիր էր անցկենալ դեպի Թիֆլիս, Ղարաբաղի և Գանձակի գավառների միջով։ Ահարկու ներքինիի արշավանքը մի նոր և ամենասաստիկ հարված պիտի տար Ղարաբաղի մելիքների նպատակներին և միանգամայն պիտի ոչնչացներ նրանց ունեցած հույսերը իրանց հայրենիքի ազատության մասին։ Նրանք վաղուց իմացում էին տվել ռուսաց կառավարությանը ներքինիի դեպի Հայաստան և դեպի Վրաստան կատարելիք արշավանքի մասին<ref>Աղա-Մամադ-խանը մի քանի անգամ պատրաստվեցավ արշավանք գործելու դեպի Հայաստան և Վրաստան, բայց ժամանակ չունեցավ անցնելու Երասխ գետը, որովհետև ամեն անգամ Պարսկաստանի խորքերում նորանոր ապստամբություններ էին ծագում, և նա ստիպված էր լինում հետ դառնալ, ապստամբությունները զսպելու համար։</ref>։ Թեև, կոմս Գուդովիչին հրամայված էր հայերին և վրացիներին օգնության հասնել, բայց Աղա-Մամադ-խանի բանակն արդեն դրած էր Շուշի բերդի մոտ, իսկ կոմսը տակավին չէր հայտնվել։ Պետք չէ մոռանալ, որ Աղա-Մամադ-խանը, թեև սիրում էր իր նախկին «խան» տիտղոսով կոչվել, բայց նա արդեն Պարսկաստանի ինքնակալ Շահն էր։ Նրան հայտնի էին Ղարաբաղի մելիքների ձգտումները, նրանց հարաբերությունները ռուսների հետ, և այդ վերջինների խոստմունքները հայերի վերաբերությամբ և այլն։ Նրան հայտնի էին նաև Իբրահիմ-խանի բռնակալությունը և նրա գործ դրած բարբարոսությունները հայերի դեմ։ Այդ էր պատճառը, որ դեռ Երասխ գետից չանցած, նա հրաման ուղարկեց Ղարաբաղի մելիքներին, հրավիրելով նրանց, որ խոնարհվեն իրան, խոստանալով, որ ինքը կվերահաստատե նրանց իրանց վաղեմի իշխանությունների և արտոնությունների մեջ, և կոչնչացնի Իբրահիմ-խանին։ Աղա-Մամադ-խանը թեև բարբարոս, բայց միևնույն ժամանակ խելացի և քաղաքագետ մարդ էր։ Նա շատ լավ հասկանում էր, որ հայերի առաջնորդությամբ ռուսները ավելի հեշտությամբ կարող էին մուտք գործել իր տերության մեջ,— ուրեմն, հայոց մելիքներին գոհացնելով, նա կփակեր ռուսների հառաջադիմության ճանապարհը դեպի Պարսկաստան։ Բայց հայոց մելիքները ավելի բարվոք համարեցին հավատարիմ մնալ ռուսներին, և Աղա-Մամադ-խանին ընդդիմադրելու համար միացան մինչև անգամ իրանց վաղեմի թշնամի Իբրահիմ-խանի հետ, մտածելով, որ նրան հետո հեշտ կլինի ոչնչացնել, բայց եթե մի անգամ հպատակվեցան Աղա-Մամադ-խանին, այնուհետև հայրենիքը պարսից լծից ազատելը անհնարին կլինի։ Միայն Մելիք-Իսրայելյան Մելիք-Մեջլումը չհամաձայնվեցավ մյուս մելիքների հետ։ Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը և Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբովը հայոց զորքերով ամրացան Շուշի բերդի մեջ և Իբրահիմ-խանի հետ միասին սկսեցին պաշտպանել բերդը։ Բերդի պաշարումը տևեց ամբողջ քառասուն օր։ Հայ և թուրք զորքերի քաջությունը, միացած բերդի բնական ամրությունների հետ, ի չիք դարձրին Աղա-Մամադ-խանի բոլոր ջանքերի բերդը գրավելու համար։ Այդ ժամանակ Աղա-Մամադ-խանի բանակի մեջ իր զորքերով գտնվում էր Մելիք-Իսրայելյան Մելիք-Մեջլհւմը և Գանձակի Ջավադ-խանը, որոնք երկուսն էլ Իբրահիմ-խանի թշնամիներն էին և միացած էին Աղա-Մամադ-խանի հետ։ Մելիք-Մեջլումի վարմունքը բացատրության կարոտ է։ Մելիք-Մեջլումը ազնիվ երիտասարդ էր, բայց չափազանց վրեժխնդիր, և ոչինչ միջոցների դեմ չդողացող՝ թշնամուն ոչնչացնելու համար։ Մենք հիշում ենք այն սպառնալիքը, երբ, Թիֆլիսից վիրավորված դուրս գալու ժամանակ, վրացի սայլապանների բերանով ուղարկեց նա Հերակլ իշխանին. «Ասացեք ձեր իշխանին, որ Մելիք-Մեջլումը չի մոռանա նրա հյուրասիրությունը...» Այդ երիտասարդը վշտացած էր, դառնացած էր անդադար իր բարեկամներից խաբված լինելուց։ Հոր մահից հետո նա տարիներով շարունակ պատերազմում էր Իբրահիմ-խանի հետ։ Նրան հույսեր էին տալիս, օգնություններ էին խոստանում, բայց խաբում էին... Վերջը դարձյալ մեծ խոստմունքներով նա հրավիրվեցավ Թիֆլիս, բայց Հերակլը փոխանակ իր խոստմունքները կատարելու, կամենում էր իր հյուրին կալանավորել և մատնել նրա թշնամու, Իբրահիմ-խանի ձեռքը... Մեր նախընթաց գլուխներում տեսանք, որ ամեն կողմից խաբված, ամեն տեղից հուսահատված, Մելիք-Մեջլումը ապաստան գտավ իր հոր վաղեմի բարեկամի՝ Գանձակի Ջավադ-խանի մոտ։ Նրա ժողովուրդը թողեց Ղարաբաղը և հյուրասիրվեցավ նույն խանի երկրում։ Ջրաբերդի հայրենազուրկ իշխանը իր ժողովրդի հետ օտար հողի վրա էր բնակվում և որպես մի ժամանակավոր հյուր, իսկ նրա հայրենի երկրին տիրել էր Իբրահիմ-խանը... Մելիք-Մեջլումը խելացի երիտասարդ էր։ Նա շատ լավ էր իմանում, եթե իրանց նախնիքը ունեցել են և պահպանել են Ղարաբաղի լեռների մեջ մի ինքնուրույն հայկական իշխանություն,— այդ եղել է ոչ թե քրիստոնյա թագավորների օգնությամբ, այլ պարսից շահերի շնորհիվ։ Այդ էր պատճառը, երբ Աղա-Մամադ-խանը անցավ Երասխ գետը և հրավեր կարդաց Ղարաբաղի մելիքներին, խոստանալով, եթե կմիանան իր հետ, նա կոչնչացնե Իբրահիմ-խանին և կհաստատե նրանց իրանց հայրենական իշխանությունների մեջ,— բոլոր մելիքները մերժեցին շահի հրավերը, միայն Մելիք-Մեջլումը միացավ նրա հետ։ Պետք է խոստովանել, որ, բացի ընդհանուր շահերից, Մելիք-Մեջլումը ուներ և իր նեղ անձնական հաշիվները ևս։ Նա հին թշնամի էր Իբրահիմ-խանի հետ. նա նոր թշնամացել էր Հերակլ իշխանի հետ. Աղա-Մամադ-խանի ձեռքով կամենում էր պատժել թե առաջինին և թե երկրորդին։ Բայց Շուշի բերդի պաշարումը երկար տևեց։ Այդ բերդը, որ Ղարաբաղի մելիքությունների քայքայմանը պատճառ դարձավ, այժմ նույն մելիքները նույն բերդի միջից պատերազմում էին պարսից շահի դեմ, որը խոստանում էր կրկին վերանորոգել նրանց վաղեմի իշխանությունը, եթե կթողնեն Իբրահիմ-խանին և կանցնեն իր կողմը։ Ժամանակ չկորցնելու համար, Մելիք-Մեջլումը խորհուրդ տվեց Շահին թողնել Շուշի բերդի պաշարումը, ասելով, թե ավելի նպատակահարմար կլինի նախ գնալ Թիֆլիսը գրավել, իսկ Շուշին այնուհետև ինքն իրան անձնատուր կլինի։ Աղա-Մամադ-խանին հավանական երևեցավ Մելիք-Մեջլումի խորհուրդը, նա իր զորքերի մի մասը թողեց Շուշի բերդի մոտ, իսկ մնացածը իր հետ առնելով, դիմեց դեպի Թիֆլիս։ Նրան առաջնորդում էին Մելիք-Մեջլումը և Գանձակի Ջավադ-խանը։ ===XXX=== Աղա-Մամադ-խանը դեռ Գանձակից չէր անցել, Թիֆլիսը արդեն սարսափի մեջ էր գտնվում։ Հերակլը հրավիրեց իր ազնվականներին, որ պատրաստվեն թշնամու առաջը առնելու։ Բայց նրա հրավերքին ոչ ոք ուշադրություն չդարձրեց։ Ազնվականները զբաղված էին իրանց քեֆերով։ Նրան օգնության հասավ միայն Իմերեթիայի Սոլոմոն իշխանը մի քանի հազար հոգով։ Բայց պետք է ասած, որ Հերակլի երկչոտությունը սաստիկ վհատեցրեց նրա զորքերին։ Նա իր ընտանիքը Թիֆլիսից տեղափոխեց Վրաստանի խորքերում։ Այդ տեսնելով, նրա զորապետները և զորքերը նույնը խնդրեցին, որ իրանց ընտանիքները հեռացնեն, հետո կգան պա- տերազմելու։ Բայց գնացողը այլևս հետ չդարձավ։ Եվ այսպես, դեռ թշնամուն չհանդիպած, զորքերի մեծ մասը ցրիվ եկավ։ Իր մոտ մնացած զորքերով Հերակլը դուրս եկավ Թիֆլիսից և, Ղազախի Ինջա կոչված գետի մոտ բանակ դնելով, սպասում էր թշնամուն։ Բայց երբ լսեց, որ Աղա-Մամադ-խանը արդեն անցավ Գանձակից, նա թողեց իր դիրքը և վերադառնալով կրկին մտավ քաղաքը։ Նա սկսեց կարելվույն չափ ամրացնել քաղաքը։ Այստեղ նրան օգնության եկած իմերելները քաղցածությունից սկսեցին, նախքան թշնամու ավարառությունը, իրանք կողոպտել քաղաքացիներին։ 1795 թ. սեպտեմբեր ամսի 12-ին Աղա-Մամադ-խանը հասավ Սողանլու գյուղի մոտ և, գիշերը այնտեղ բանակ դնելով, վաղ առավոտյան հարձակվեցավ Թիֆլիսի վրա։ Հերակլը դուրս եկավ նրա առաջ, բայց մի փոքրիկ ճակատամարտից հետո վրացիները ջարդվեցան և փախչելով մտան քաղաքը։ Այդ միջոցին պարսից զորքերի մի մասը Մելիք-Մեջլումի առաջնհորդությամբ Սոլոլակի կողմից, իսկ մյուս մասը իրա՝ Աղա-Մամադ-խանի առաջնորդությամբ բաղնիքների կողմից, նույնպես մտան քաղաքը։ Հերակլը Հավլաբարի կամուրջով մի ջորեպանի հետ փախավ դեպի Կախեթիայի կողմերը, թաքնվեցավ լեռների մեջ։ Իսկ նրա ավելի երկչոտ զորքերը բոլորը ցիրուցան եզան։ Անպաշտպան քաղաքը մնաց գազանաբարո պարսիկների ձեռքում։ Ամբողջ ութն օր շարունակվում էր կոտորածը և ավարառությունը։ Աղա-Մամադ-խանը, 12 Հազար գերիներ իր հետ առնելով, հեռացավ ավերակ քաղաքից։ Մելիք-Մեջլումը առեց իր վրեժը Հերակլ իշխանից, բայց նրա անգթությունը ոչինչով արդարացնել չէր կարելի։ Մինչև այսօր Հավլաբարի հին կանանց բերանում կարդացվում է մի այսպիսի անեծք.<poem> Մելիք-Մեջլումը շուն դառնա,Ջավադ-խանը պստիկ կուճի,Մելիք-Մեջլումի ազգեմենԹո՜ղ չմնա մեկը Շուշի...<poem> Որովհետև Աղա-Մամադ-խանը իր հաղթությունով առավել պարտական էր Մելիք-Մեջլումին, ճանապարհին, հենց առաջին իջևանում, հրամայեց իր զորապետներին, որ ավարից նրա մարդիկների համար բաժին հանեն, ասելով, «քրիստոնյային պատկանածը քրիստոնյային տվեցեք»։ Մելիք-Մեջլումի ձիավորները իրանց յափունջիները տարածեցին գետնի վրա և պարսից զորքերը որքան խաչեր, եկեղեցական անոթներ և զգեստներ կողոպտել էին Թիֆլիսի եկեղեցիներից, բոլորը թափեցին նրանց յափունջիների վրա։ Մելիք-Մեջլումը այս բոլորը հետ ուղարկեց Թիֆլիս, բայց դրանով չկարողացավ գրավել թիֆլիսցիների սիրտը... Շահը շնորհեց Մելիք-Մեջլումին այդ երեք արտոնությունները. 1. երբ և կամենա, կարող է անարգել կերպով ել և մուտ գործել իր մոտ. 2. ինչ որ խնդրելու լինի, նրա կամքը կկատարվի. 3. արքունի գանձարանը նրա տրամադրության ներքո կլինի։ Բայց Մելիք-Մեջլումը այն աստիճան հպարտ և անշահասեր երիտասարդ էր, որ շահից ուրիշ ոչինչ չպահանջեց, միայն Թիֆլիսը ավերակ դարձնելուց հետո խնդրեց նրա օգնությունը Շուշի բերդը նույնպես կործանել, Իբրահիմ-խանին ոչնչացնել և ավելի հաստատություն տալ Ղարաբաղի մելիքների իշխանությանը։ Շահը հոժարվեցավ ուղղակի գնալ Ղարաբաղ, Շուշին գրավելու և Մելիք-Մեջլումի ցանկությունները կատարելու համար։ Բայց դժբախտաբար այդ միջոցներում Ղանդահարի և Հերաթի կողմերում խռովություններ ծագեցան, և նա ստիպվեցավ շտապել դեպի Պարսկաստան ապստամբությունները զսպելու համար<ref>'''...այդ միջոցներում Ղանդահարի և Հերաթի կողմերում խռովություններ ծագեցան, և ստիպվեցավ շտապել դեպի Պարսկաստան ապստամբությունները զսպելու համար։'''— Մակար Բարխուդարյանի «Գաղտնիք Ղարաբաղի» գրքի առիթով հրատարակած գրախոսականի մեջ Րաֆֆին խոստովանում է, որ Աղա-Մահմադ-խանի վերադարձը Պարսկաստան՝ Հերաթում և Ղանդահարում ծագած ապստամբությունը ճնշելու համար, եղել է թյուրիմացության արդյունք (տե՛ս Րաֆֆի, «Երկերի ժողովածու», հ. 10, Ե., 1959, էջ 426)։ Րաֆֆին այս գրախոսականի մեջ շտկում է «Խամսայի մելիքություննհրի» մեջ թույլ տված սխալը։</ref>։ Նա հանձնեց Ջավադ-խանին և Մելիք-Մեջլումին սպասել, խոստանալով, որ շուտով կվերադառնա։ Ջավադ-խանը Մեչիք-Մեջլումի հետ գնացին Գանձակ, իսկ շահը ուրիշ ճանապարհով դիմեց դեպի Պարսկաստան։ Թիֆլիսը ավերակ դառնալուց 25 օրից հետո Հերակլը մտավ մոխիր դարձած քաղաքը։ ===XXXI=== Աղա-Մամադ-խանի հեռանալուց հետո Հերակլը իր դժբախտությունը հայտնելով Եկատերինա կայսրուհուն, սկսեց նրանից օգնություն խնդրել։ Բոլորը սարսափով սպասում էին, որ այդ գազանը կրկին պիտի վերադառնա։ Աղա-Մամադ-խանի արշավանքը մեծ հարված տվեց ռուսաց արևելյան շահերին։ Ռուսները աշխատում էին իրանց ազդեցությունը տարածել Անդրկովկասի ոչ միայն քրիստոնյաների, այլև մահմեդականների վրա։ Բայց Աղա-Մամադ-խանը բոլորովին վայր ձգեց նրանց վարկը։ Դեռ 1783 թվին, Եկատերինայի թագավորության հենց առաջին տարում, իշխան Պոտյոմկինի աշխատությամբ, Վրաստանն ընդունեց իր վրա Ռուսաստանի գերիշխանությունը և մտավ նրա հովանավորության ներքո։ Հասկանայի է, թե ռուսները որքան պիտի կորցնեին իրանց համարումը, որ չկարողացան պաշտպանել իրանց հոգաբարձության ներքո առած երկիրը, որին շատ բան էին խոստացել։
Վստահելի
1396
edits