== Գլուխ ութերորդ։ Անցողակի ==
Ութերորդ գլուխը չափազանց կարճ է և պատմում է, թե շրջանի բնասեր Գիբինզը, մինչ պառկել էր լայնարձակ սարահարթի վրա, վստահ թե առնվազն երկու մղոնի վրա մի հոգի իսկ չկա շուրջը, և համարյա մրափում էր, շատ մոտից լսեց ոտնաձայնը մի մարդու, որ հազում էր, փռշտում, և ապա ինքնիրեն՝ կատաղած հայհոյում։ Գիբինզը դիտեց չորս կողմը, բայց ոչ ոքի չտեսավ։ Սակայն պարզորոշ հնչում էր ձայնը և շարունակում էր հայհոյել այնպիսի ընտրովի և բազմազան լուտաքներով, որոնք բնորոշ են կրթված մարդկանց։ Ձայնը գագաթնակետին հասավ, ապա իջավ և ի վերջո հանգավ հեռվում, ըստ երևույթին ուղղվելով Էդըրդինի կողմը։ Հետո ջղաձգական մի փռշտոցի վերածվեց ու վերջ գտավ։ Գիբինզը ոչինչ չեր լսել առավոտյան պատահարների մասին, բայց այս երևույթն այնքան ցնցող ու վրդովեցուցիչ էր, որ իր փիլիսոփայական անդորրությունը չքացավ։
Աճապարանքով վեր կացավ նա, և ինչքան կարող էր արագ, դիք բլրով ցած՝ դեպի գյուղ շտապեց։
== Գլուխ իններորդ։ Պարոն Թոմաս Մարվըլը ==